PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեքիաթներ



Vive L'Armenie
23.05.2007, 01:00
Հեքիաթներ:) Հենց գրքի բառբառով էլ ներկայացնում եմ ;)

ՉԽՈՍԿԱՆ ԱՂՋԿԱ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի թագավոր ա լինում, ունենում ա մինուճար մի տղա։ Էս տղի տարիքը հասնում ա, թամամում, համա ինչ աղջիկ որ ջոկում են սրա համար, չի ուզում պսակվի հետը։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա հորը,— ես լսած կամ, որ էն ֆլան երկրումը, էն ֆլան թագավորը մի չխոսկան աղջիկ ունի։ Ով որ կարենա խոսացնի նրան, մարդու կգնա, թե հո չէ, գլուխը կտրիլ ա տալիս։ Պետք ա գնամ,— ասում ա,— իմ բախտը փորձեմ։
— Այ որդի,— ասում ա թագավորը,— աշխարքի աղջիկը կտրվել ա՞, որ դու գնում ես սարեսար-չոլեչոլ ընկնես, թե ինչ ա մի չխոսկան աղջիկ ես խոսացնում, որ նոր նրան կնիկ առնես։ Անշառ գլուխդ շառի մեջ մի գցի,— ասում ա,— ձեռ քաշիր դրանից։
— Չէ, որ չէ,— ասում ա որդին։ — Որ ասել եմ, պետք ա անեմ։ Ես իմ թքածը լիզողը չեմ։
Թագավորը տեսնում ա ճար չկա, ուրդու ճակատը պաչում, ճամփու ա դնում։
Առավոտ լույսը որ բացվում ա, բարին բացվի ձեր վրա, ձեր որդկերանց վրա,— էս թագավորի տղեն ձին նստում ա, ճամփա ընկնում դեպի չխոսկան աղջկա երկիրը։ Դե, աստված նրան բարի ճամփա տա, թող գնա։
Գնում ա, գնում, գնում, շատ ու քիչը աստված ա իմանում, գնում ա ցերեկով, գնում ա գիշերով, մի օր, երկու օր, իրեք օր, մի շաբաթ, երկու շաբաթ, մախլաս, մի ամիս, երեք ամիս,— հասնում ա էն երկիրը, մի ախպրի մռտ վեր ա գալիս, տեսնում, հրես իրեք հատ սիրուն աղջիկ եկան։
— Ախպեր ջան, դու ո՞ր թագավորի տղեն ես,— հարցնում են։
— Թե՝ Արևշատ թագավորի տղեն եմ։
— Բա ո՞ւր ես գնում, աստված հաջողա։
— Թե՝ եկել եմ ձեր թագավորի աղջկան խոսացնեմ, առնեմ ինձ կնիկ։
— Մենք որ կանք,– ասում են աղջիկները, — էդ թագավորի աղջկա աղախիններն ենք։ Մենք քեզ կտանենք նրա մոտ, համա մինչև էդ, քեզ հետ նարդի պիտի խաղանք, ով որ տանուլ տա,— ունեցածը տա։
— Լավ, ի՜նչ եմ ասել, դե բերեք խաղանք։
Նարդին բերին դրին առաջները, տղեն ձիու ճիպոտը դրեց կողքը։
— Դե գցեցինք— ասեց։ Գցեցին, տղեն մնին տարավ։
— Աղջկերք,— ասեց,— էս մի՞ն։
— Մին։
Մեկ էլ խաղաց, էլի տարավ։ Ասեց.— իմացա՞ք, աղջկերք, էս էլ երկուսիդ տարա։
Մինը մնին թե.
— Տնավեր, տարավ, խայտառակ կլինենք, փեշդ մի քիչ ետ քաշիր, թող աչքը գցի, բալքի տարվի։
Աղջիկը որ փեշը ետ քաշեց խաղալու վախտը, տղեն ձիու ճիպոտով տվուց դրա ոտին, թե.
— Տո լաչառ, էս խաղ ա՞, թե լրբություն ա։
Սրան էլ տարավ։
— Դե, որ էդպես էլավ,— ասին աղջկերքը,— մեզ տարար։ Մեր ունեցածը քո ինչի՞ն ա պետք, լավն էն ա, ամեն մինս մի առակ ասենք, որ բալի չխոսկանին խոսացնենք, քեզ կնիկ առնես։ Դե վեր, գնանք։
էկան թագավորի մոտ,՝ տղեն թե՝
— Թագավորն ապրած կենա, եկել եմ աղջկանդ խոսացնեմ՝ ինձ կնիկ առնեմ։
—- Այ, որդի,— ասեց թագավորը,— էնքանն եկան, ի՞նչ շահեցին, որ դու ինչ շահես։ Էս աղջիկս՝ աստծու պատիժ ա իմ գլխին։ Ոչ մարդ ա հավանում, ոչ մեկի հետ խոսում, ոչ էլ ուզում ա պսակվի։ Ով էլ գալիս ա, իրեք հետ, իրար վրա պետք ա խոսացնի, թե հո չէ՝ գլուխը կարիլ ա տալիս։ Մեղք ես, ձեռ քաշի դրանից։
Տղեն թե՝
— Թագավորն ապրած կենա, ճակատի վրա գրածը մարդի ձեռով չի ջնջվի։ Թե գլուխս կտրվելու ա՝ թող կտրվի։ Իմ արինը հո մեկելներիցը կարմիր չի՞։
— Դե, մեղքը քու վիզը,— ասեց թագավորը, գնաց վերև, թախտին նստեց տասներկու սինոդապետների հետ, ասեց.
— Կանչեք իմ չխոսկան աղջկան։
Աղջիկը տուն մտավ իրա իրեք աղախինների հետ։ Ի՜նչ աղջիկ, էնքան սիրուն, էնքան նախշուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես հենց նրա շենք ու շնորհքին թամաշ անես, մի խոսքով՝ արեգակի կտոր, մի հրեշտակ, մի մարալ, մի ջեյրան, մի հուրի-մալաք, որ արևին ասում ա՝ դուրս մի արի, ես դուրս եմ եկել։ Էնքան սիրուն էր։
Տղեն սրան որ չի տեսնում, խելքամաղ ա լինում։
— Բարով քեզ, ասում ա, թագավորի աղջիկ։
Աղջիկը ձեն չի հանում։ Ուրիշ մի մարդ էլ ա չի խոսում։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ես Արևշատ թագավորի տղես, հրես եկել հասել եմ ձեր երկիրը։ Որ ետ դառնամ, տուն գնամ, հերս հարցնի թե՝ ի՞նչ լսեցիր, ես իմ հորը ի՞նչ պատասխան տամ։ Գոնե մի առակ ասող լինի, լսեմ։
— Ջահել թագավորի որդի,— ասեց աղախիններից մինը,— համբերի, ես մի շատ լավ առակ ասեմ, դու ականջ դիր։
Թե՝ ասա։
— Ժամանակով,— ասեց աղախինը,— իրեք ընկեր են լինում։ Մինը արագավազի աշակերտ, մինը՝ բժշկի, մինն էլ՝ աստղագետի։ Դու հիմի արի տես, որ իրեքն էլ մի աղջկա են ուզում, համա դեռ իրեք տարի էլ ունեն ծառայելու սովորելու։
Օրերի մի օրը, իրեք ընկերը եկան իրար մոտ, աստղագետի աշակերտն ասեց.
— Տղերք, իրիկվա աստղի ճառագայթելու ժամանակն ա, տենամ մեր ուզած աղջիկր ի՞նչ հալի ա։
Տեսավ ու.
— 0՜ֆ, օ՜ֆ, ասեց,— տղերք, շատ ծանր հիվանդ ա, հազար ափսոս, ի՜նչ աղջիկ էր...
— Ա՜խ,— ասեց բժշկի աշակերտը,— ես դրա դեղը գիտեմ, հասցնող լիներ՝ անտեղի չէր մեռնի։
Արագավազը ասավ.
— Տուր, ես կհասցնեմ։
Առավոտը շուտ վեր կացավ, դեղը հասցրուց աղջկան, աղջիկը դեղը խմեց թե չէ, տեղն ու տեղը լավացավ, ոտի կանգնեց, ոնց որ մորեն մեկ։
Աղջկա հերը ուրախացավ, ելավ աշխարհով մեկ, եդնա դառավ էն տղերանցը թե՝
— Էս աղջիկս ո՞րիդ տամ. հո իրեքիդ տվողը չե՞մ։
Հիմի արագավազն ասում ա.
— Իմն ա էդ աղջիկը, ես եմ դեղ բերել, լավացրել։ Բժշկի աշակերտն ասում ա.
— Իմն ա, ես եմ դեղը տվել, որ չտայի ո՞նց կլավանար էդ աղջիկը։
Աստղագետն էլ թե.
— Իմն ա, ես որ չիմանայի, թե հիվանդ ա, դուք ի՞նչ կարայիք անել։ Խառնվեցին իրար, ղալմաղալն ընկավ սինոդականների մեջ՝ մինն ասեց՝ արագավազինն ա, մինն ասեց բժշկինն ա, մինն ասեց աստղագետինն ա։
Էստեղ չխոսկան աղջիկը էլ չդիմացավ, էնտեղից ձեն տվեց.
— Իմ հոր հացը ձեր պնչերքովը թափի, որ կարում չեք մի աղջիկ մարդու տալ։ Էդ ի՞նչ ա, որ դուք էդքան քրքրում եք։ Աղջիկն արագավազին կհասնի։ Բաղդատ էլ մի երևելի բժիշկ կա քանի՞ կոպեկ արժի, որ իմ հիվանդն էստեղ մեռնում ա։
— Դե՜ որ աղջիկն արագավազին կհասնի,— ասում ա թագավորը,— դու էլ էս ջահել թագավորի տղին կհասնես, որ քեզ խոսացրեց։
Չխոսկան աղշիկը հո էնա ուզում էր իրան կտրատի, համա էլ ո՞ւր. խոսքը բերնիցը թռցրել էր։ Ասեց՝ «էս տղեն ինձ դեռ երկու հետ էլ պիտի խոսացնի, որ մեռնեմ էլ չեմ խոսալու»։
Սի վախտ էլ անց կացավ։ Որ ասես, մեկն է լա ձեն-ծպտուն չհանեց։
Տղեն էլ եդ թե.
— Թագավորն ապրած կենա, բա ես ի՞նչ պատասխան տամ հորս, թե ի՞նչ լավ բան լսեցի ձեր երկրումը։
— Թագավորի տղա,— ձեն տվեց էն մեկել աղախինը,— համբերի, մի առակ էլ ես ասեմ։
Թե՝ ասա։
-— Ժամանակով,— ասեց աղախինը, — երկու ախպեր շատ իրար սիրում էին, էնպես, որ մի րոպե մինը մնին չտեսներ՝ սիրտը կպատռեր։ Մեծը պսակված էր, պուճուրը ազապ էր։ Մի օր աներն եկավ, թե.
— Խնամի, էրեխանցը, իմ աղջկան, իմ փեսին իրեք օր ժամանակով տուր, տանեմ մեր տուն, զանքանչը տեսնի, մխիթարվի, էլ եդ բերեմ ձեր տուն։
Վեր կալավ աղջկան, փեսին, թոռներին՝ տարավ։ Ամա, իրեք օրը քաշեց տասն օր եկան ոչ։
Ազապ ախպերն ասեց,
— Կամ ախպորս ա բան պատահել, կամ ախպորս էրեխեքին, գնամ տեսնեմ՝ ի՞նչ ա էլել։
Ձին նստեց գնաց։ Ճամփին մի խոնարհված եկեղեցի կար։
— Ով սուրբ եկեղեցի,— ասեց,— գնամ տենամ իմ ախպերը, իմ հարսը, իմ ախպոր էրեխեքը ողջ-առողջ են, ես գամ էստեղ մատաղ լինեմ։
Մի քիչ էլ գնաց, տեսավ խնամին, ախպերը, հարսը, էրեխերքը, ողջ-առողջ գալիս են։

Vive L'Armenie
23.05.2007, 01:01
շարունակություն

Փաթաթվեցին իրար, ասեց՝
— Ա՛յ տնաշեն, ի՞նչ էլավ քեզ, ախր մեր սիրտը պատռվեց։
Վեր կացան եկան հասան էն խոնարհված եկեղեցուն։ Պուճուր ախպերը թե.
— Հարսի ջան, ձիս բռնի։ Ես մի մտնեմ եկեղեցին, աղոթք անեմ ու գամ։
Գնաց, թուրը գցեց, իրա գլուխը կտրեց։
Մեծ ախպերն ասեց.
— Այ կնիկ, մի ձիս բունի, տենամ էն տղեն ի՞նչ էլավ։
Մտավ եկեղեցին, ի՜նչ տեսնի, ախպերն իրա գլուխը մատաղ ա արել։
— Բահ,— ասեց,— իմ ազիզ ախպերը ինձ համար, իմ էրեխանց համար մատաղ էլավ։ Երանի գնացած չլինեի, օ՜ֆ, օ՜ֆ,— տվեց իրա վիզն էլ կտրեց։
— Այ հեր,— ասեց հարսը,–— մի էս ձիանը բռնի, տենամ էդ տղերքն ի նչ էլան, մտնողը էլ դուրս չի գալիս։
Հարսը մտավ եկեղեցին, ի՜նչ տեսնի՝ մարդու էլ, տեգոր էլ վիզը կտրված ա, ամա չի իմանում ո՞ր գլուխը ո՞ր մարմինն ա, տեգոր գլուխը դրեց մարդու գլխի տեղը, մարդու գլուխը՝ տեգոր գլխի տեղը։ Աղոթք արեց, աստծանից խնդրեց, դե որ աստծանից խնդրեց, տեղն ու տեղը երկուսն էլ սաղացան, դիք կանգնեցին։ Հիմի տեգրն ասում ա՝ էս իմ կնիկն ա, մարդն ասում ա՝ ի՛մ կնիկն ա, ջանմ։
— Թագավորն ապրած կենա,— հարցնում ա աղախինը,— էս կնիկը ո՞ւմ պետք ա հասնի։
Որ ղալմաղալն ընկավ սինոդականների մեջը, էստեղ թագավորի աղջիկն էլի չկարացավ իրան պահի։
— Դե էսա տրաքվեցի, հա՜,— ասաց,— դուք ի՛նչ սինոդականներ եք,— ասեց, որ կարում չեք մի կնիկ տեղավորեք։ Էդ կնիկը կհասնի գլխին, այ անխելքներ, չէ որ գլխի հետ ա պսակվել։
— Թե որ նա կհասնի գլխին,— ասեց թագավորը,— դու էլ կհասնես քեզ խոսացնող տղին։
Աղջիկը ուշը հավաքեց, տեսավ որ խոսք են քաշել բերնիցը, ոտները գետնովը տվեց, մտքումն ասեց, «թե մեկ էլ բերանս բաց անեմ՝ ես ինձ կսպանեմ»։
Ամենքը սուս ու փուս նստած էին, ասես պապանձված լինեին։ Էստեղ թագավորի տղեն նորից ասեց.
— Թագավորն ապրած կենա, ես խնդրում եմ, որ մի լավ առակ ասող լինի, ես ականջ դնեմ։
— Անհամբեր թագավորի տղա, համբերի,— ձեն տվեց երրորդ աղախինը,— ես մի առակ ասեմ, դու լսի, տես ինչ լավն ա։
— Լինում ա՝ չի լինում մի խառատ, մի դերձակ, մեկ էլ մի տերտեր։ Սրանք ախպեր են դառնում, գնում են ղարիբություն՝ աշխատանքի։ Գնում են, գնում, շատն ու քիչը աստված գիտի, մի մեշի ծայրին մութը վրա յա տալիս, էստեղ վեր են գալիս, որ գիշերը մնան, առավոտը էլի գնան իրանց ճամփեն։ Ասում են` «Եկեք գիշերը հերթով պահակություն անենք, որ մեզ հարամի բան չմոտենա»։
— Ուզո՞ւմ եք,— ասում ա խառատը,— հենց իրիկնեց ես պահակություն կանեմ, հետո դերձակին կարթնացնեմ, ես կքնեմ, լուսադեմին նա էլ թող տերտերին վերկացնի։
Ամենքն էլ համաձայնում են, ու առաջ խառատն ա պահակություն անում։
Սա ցախ ու մախ ա հավաքում կրակ անում, չունքի շատ ցուրտ էր։ Ուրագը գոտիկն ա խրում, մտնում մեշեն փետ կտրում, բերում էնպիսի մի փետե իսան շինում, որ գիշերը տեսնողը կասեր՝ «Էն ի՞նչ մարդ ա էնտեղ կանգնած», էնքան մարդի նման էր։
Էսպես շինում ա, դիք կանգնացնում, ինքը պառկում, դերձակի կողքը բոթում.
— Դերձակ ախպեր, վեր կաց, քու հերթն ա,— ասում ա՝ ինքը քնում։ Դերձակը վեր ա կենում, տեսնում ա՝ ի՜նչ, մի մարդ էնտեղ դիք կանգնած ա,— ասում ա, «կարող ա գող լինի», էլ ձեն-ծպտուն չի հանում, կամաց-կամաց մոտանում ա, թուրը քաշում՝ տալի վեր գցում, նոր տեսնում ա, որ փետից ա՝ «էս խառատի սատանությունն ա, բա ես չկարենա՞ մ,— ասում ա,— խառատի գլխին մի օյին բերեմ»։
Բերում ա հենց էդտեղ, մի ձեռք լավ շոր կարում, փետե մարդուն հագցնում, հետո պառկում, տերտերին բոթում.
— Տերտեր, տերտեր, Վեր կաց քու հերթն ա, մի քիչ էլ ես աչքս կպցնեմ։ Տերտերը վեր ա կենում, տենում ի՜նչ, մի մարդ էնտեղ կանգնած՝ թուքը-մուքը կպչում ա.
— Ո՞վ ես, ո՞վ ես, ո՞վ ես — պատասխան չկա։ Տանում ա բերում, որ չի տալիս՝ սա երեսարքի վրա փռկվում ա, վեր ընկնում։ Նոր հասկանում ա, որ դա խառատի ու դերձակի սատանությունն ա։
— Այ, հարա՜յ,— ասում ա,— նրանք էնքան էլան՝ էս թավուր իսան շինեցին, բա ես, սուրբ տերտեր, չկարենա՞մ սրան հոգի տամ։— էնքան աղոթք ա անում, որ աստված լսում ա նրա ձենը, տեղնուտեղը էդ փետի մարդին հոգի ա տալիս։ Ամա աստված շշկլվում ա, աղջիկ ա դարձնում։
Դու արի տես հիմի, էս իրեքով իրար հետ վիճում են։
Խառատն ասում ա՝ «էս աղջիկը ինձ կհասնի, չունքի ես փետից շինեցի»։ Դերձակն ասում ա՝ «Չէ՛, ինձ կհասնի, ես որ՝ շոր չէի կարել, հիմի ցրտիցը դիք չորացել էր»։ Տերտերն էլ ասում ա՝ «Հազիր ինձ կհասնի, ես որ աղոթք չէի արել, նրան ո վ հոգի կտար»։
— Թագավորն ապրած կենա,— հարցնում ա աղախինը,— հիմի էս աղջիկը ո՞րին կհասնի։
Էլի ղալմաղալը ընկավ սինոդականների մեջը` չկարացին տեղավորեն էն աղջկան։
— Հալբաթ որ՝ խառատին, նա յա փետից մարդ շինել։
— Չէ որ չէ, դերձակի՛ն, նա չա շոր հագցրել տաքացրել։ Չխոսկան աղջկա սիրտը էլ չի դիմանում, ձեն ա տալիս
— Տո, ձեր դատաստանը քանդվի, ո՞րդիան նրանց կհասնի։ Տերտերը, որ չլիներ, փետի կտորին ո՞վ հոգի կտար. հազիր տերտերին կհասնի։
— Դե, որ նա տերտերին կհասնի,— ասում ա թագավորը, դու էլ էս տղին կհասնես։ Այ տղա, նշանդ տուր։
Տղեն, էստեղ մատանիքը հանում ա, դնում աղջկա մատին։ Հետո, ականջին ասում՝ «Տեսա՞ր, ո՞նց խոսացրի քեզ»։
Աղջիկը թե` «Միամի՛տ, դու ինձ որ դուր չէիր էկել ձենս չէիր լսի։ Լավ իմացի՝ կամակոր կնկան հեչ մարդ չի կարա կոտրի»։
Նոր էստեղ հարսանիք են անում, նրանց պսակում։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ, թե որ կարոտ եք, հասնեք ձեր մուրազին։

Ավելացվել է 2 րոպե անց
ԽԵԼՔ ԾԱԽՈՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Օրվա մի օրը, էս թագավորը դուրս ա գալիս ման գալու իր քաղաքումը, որ տեսնի, թե ինչ կա, ինչ չկա։ Մին էլ տեսնում ա, որ հրես, մի դուքանի ճակատին գրած ա՝ «Խելք եմ ծախու՜մ»։ Խելքը կծախվի՞։ Մտնում ա նեքսև:

— Այ դուքանչի,— ասում ա,— ղորթ որ խելք ե՞ս ծախում։

Թե՝

— Հա, թագավորն ապրած կենա, խելք եմ ծախում։

— Բա, ի՞նչ արժի։

Թե՝

— Հիսուն ոսկի։

— Առ քեզ հիսուն ոսկի,— ասում ա թագավորը,— դե տուր, տենամ, խելքը։

— Գնա,— ասում ա դուքանչին,— էգուց կգաս կտանես ապրանքդ։

Մեկել օրը թագավորը գալիս ա, որ իր առած ապրանքը տանի, դուքանչին ասում ա.
«Ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։

Թագավորը տեսնում ա, որ խաբվել ա, մի կուշտ ծիծաղում ա, թողնում ա գնում իրա պալատը։ Որ միտն ա ընկնում իր առած ապրանք-խելքը, թե՝ «ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։

Էդ օրվանից էս թագավորը սովորություն ա անում՝ նստեր, թե վեր կենար, ուտեր, թե խմեր՝ կասեր ու կծիծաղեր. «Ինչ որ անելու ես՝ մտածելով արա»։

Հմի սրան էստե թողենք, գանք խաբար տանք ումնի՞ց։ Գանք խաբարը տանք թագավորի կնկանիցը։ Արի տես, որ էս թագավորի կնիկը հարամ կաթնակեր ա լինում։ Դառնում ա վեզրի սիրեկանը։ Արանք խոսքը մեկ են անում՝ դալլաքին կաշառում են, որ թրաշվելու ժամանակը դալլաքը ածիլովը տա, թագավորի վիզը կտրի, վեզիրը դառնա թագավոր։

Թրաշվելու օրը դալլաքը գալիս ա, որ թագավորին թրաշի։ Թագավորի կնիկն ու վեզիրն էլ տապ են կենում փարդի ետևը, որ ինչ ա թագավորի վիզը կտրելու պահին նրան կորցնեն, վեզիրը տեղնուտեղը նստի թախտին՝ լինի թագավոր։

Դալլաքը ձեռն ա առնում ածելին, որ մոտենում ա թագավորին, թագավորը միամիտ, իր սիրած խոսքն ասում ա ու ծիծաղում. «Ինչ որ անելու ես, մտածելով արա»։

Էստեղ, դալլաքը ընկնում ա թագավորի ոտները, ձեն տալի.

— Ես մեղավոր չեմ։ Քու կնիկն ու վեզիրն են էդ խորհուրդը արել։ Ես մեղավոր չեմ, ես մեղավոր չեմ։

Թագավորի մարդիկը վրա են հասնում, բռնում են դալլաքին, թե՝ ի՞նչ ես ասում, ո՞վ ա մեղավոր՝, փարդեն ետ են քաշում, ի՞նչ տենան՝ հրեսիկ թագավորի կնիկը ու վեզիրը էնտեղ տապ կացած։

Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ՝ քննություն են անում, տեսնում են, թե ո՞վ ա խառը էս գործին, ո՞վ ա մեղավոր, էն րոպեին սրանց գլխները կտրում են։

Նոր էստեղ թագավորը վեր ա կենում, գնում խելք ծախողի մոտ, մի հարիր ոսկի էլ նորից ա տալիս՝

— Ղորթ որ,— ասում ա,— այ մարդ, խելք ես ծախում։ Քո ծախած խելքը շատ մարդու կօգնի, շատ մարդ կփրկվի: Թող մարդիկը սովորեն ու մտներին լավ պահեն քու խոսքերը՝ բան անելուց առաջ մտածիր՝ նոր արա։

Vive L'Armenie
23.05.2007, 01:10
ԱՇՈԻՂԻ ՍԵՐԸ :love

Մի ջահել-ջիվան, ամա շատ աղքատ տղա յա լինում։ Էս տղեն սիրահարվում ա մի հարուստ մարդու աղջկա։ Աղջիկն էլ ա սիրահարվում էս տղին։ Ամա աղջկա հերը ոտը գետնովն ա տալիս, թե էդ աղքատ տղին ես աղջիկ չեմ տա։

— Ախր ի՞նչի չես տա,— ասում ա կնիկը,— որ իրար սիրել են, թող առնեն իրար, ինչի՞ ես հոգուդ մեղք անում։

— Չէ որ չէ,— ասում ա մարդը,— իմ խոսքը խոսք ա։ Կնիկը ձենը փորն ա գցում, տազ անում։

Տղեն, որ իմանում ա աղջկա հոր ասածը, հենց իմանում ա գլխին կրակ վառվեց։ Ւնչ անում ա, չի անում՝ բան չի դառնում։ Մին ուզում ա իրա գլուխը մահի տա, մին ուզում ա աղջկա հորը տա՝ սպանի, ամա ձեռիցը ինչ կգար։ Զոռը հարստի կողմն էր։ Սերը սիրտն ընկած՝ հալվում մաշվում ա։ Ուզում ա, թե գժվի։ Օրվա մի օր ալևոր աշուղ ա գալիս դրանց կողմերը։ Շատ անուշ երգեր ու խաղեր ա ասում, լսողին խելքից հանում։
էս տղեն ընկնում ա աշուղի ոտը, թե.

— Աշուղ պապի, ես վառվեցի-խորովվեցի, ինձ սազ ածել սովորացրու, որ գնամ սազ ածեմ, խաղ ասեմ, դարդս լամ ու գլուխս վայ տամ։

— Լավ,— ասում ա ալևոր աշուղը,— համա պետք ա իմանամ դարդդ ի՞նչ ա։

Էդ ջահել տղեն սիրտը բաց ա անում աշուղին, մին-մին պատմում, ոնց որ ես ձեզ պատմեցի։

Ալևոր աշուղը մի խոր ախ ա քաշում, իր ջահելությունը միտը բերում։

— Լավ,— ասում ա,— որդի, որ էտենց ա, արի՝ սովորացնեմ։

Անց ա կենում մի ամիս, մի տարի, էս ջահելը էնպես սազ ածել ու երգել ա սովորում, որ նրան լսելիս, չէ թե մարդիկ՝ քարերն էլ են լաց լինում։

Էս տղեն ա՝ հեռանալ կա, մոռանալ չէ, սազը թևին գցած, ընկնում ա գեղե-գեղ, քաղքե-քաղաք, ամեն տեղ իրա սերը երգում, սազ ածելով իրա դարդը մարդկանց պատմում։

Վերջը, հեռու-մոտիկ, գալիս ա հասնում թագավորանիստ քաղաքը։ Թագավորը տեսնում ա՝ հրես մի ջահել-ջիվան տղա էկավ, սազը ձեռն առավ, էնպես մի ածեց ու խաղ ասեց, որ լսողի սիրտը մղկտացրեց։

Թագավորը ղրկում ա նազիր-վեզիրին, սրան բերել ա տալիս իր պալատը.

— Այ տղա,— ասում ա,— ասա մի տեսնենք, ի՞նչ ա քու դարդը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— Ի՞նչ ասեմ քեզ, իմ դարդը՝ սարերից ծանդր ա, ծովերից խոր։ Դու ինչ կարաս անես։

Թագավորը ունքերը կիտում ա, միրուքը ձեռն առնում, ոտից գլուխ չափում էս ջահել տղին, թե,

— Այ տղա, թագավորը որ չկարենա, ո՞վ կկարենա։ Ասա, տեսնենք դարդդ ի նչ ա։

Էստեղ թագավորի հրամանով տղեն պատմում ա իրա դարդը։

— Նազիր,— ասում ա թագավորը,— մարդ ղրկեք, բերեք էդ աղջկան, տեսնենք էդ ի՞նչ աղջիկ ա, որ էս տղեն էսպես յարա-փարա գովում ա աղջկան։ Տեսնենք դրո՞ւստ ա ասածը։

Աղջկան բերում են... Թագավորը սրան որ տեսնում ա, մտքումն ասում ա՝ «Բա, էս տեսակ սիրուն, ջահել-ջիվան տղեն սիրահարվի էս աղջկա՞ն»։

— Այ տղա,— ասում ա ,— է՞ս ա քու սիրած աղջիկը։

— Հա, թագավորն ապրած կենա, հենց էդ ա։

— Այ աղա,— ասում ա թագավորը,— տո տնաքանդ, ի՞նչ ես գտել էդ աղջկա մեջ, որ գիշեր-ցերեկ էրվում վառվում ես սիրուց։ Էդ աղջիկը, որ ինձ հարցնես, մի բուռ ալիր չարժի։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— արի մեր աչքերը հանենք, իմ աչքերը դնենք քու աչքերի տեղը, էն վախտը կտեսնես, որ էդ աղջիկը քեզ կերևա աշխարհի ամենասիրուն աղջիկը։

Թագավորը շատ զարմանում ա պատասխանի վրա։ Խորը մտածմունքի մեջ ա ընկնում։ Վերջը տեսնում ա, որ տղի ասածը խելոք ու ճշմարիտ ա։

Նոր էստեղ սրանց առոք֊փառոք պսակում ա, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում, ջահելներին իրենց մուրազին հասցնում, ինքն էլ նրանց հետ ուրախանում, աշխարքով մին լինում...

Սրա վրա յա ասած էլի, մեր պապենական խոսքը, թե,

«Աչքը կտեսնի՝ սիրտը կսիրի»։

Ավելացվել է 2 րոպե անց
ՄԱՀԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԼԻՆԻ :P

Լինում ա լի լինում մի գեղացի մարդ ա լինում։ Էս գեղացին տարին տասներկու ամիս արին քրտինք ա թափում, օր ու գիշեր աշխատում, ամա իրա օրումը մի կուշտ փոր հաց կերած չի լինում` դատածը տանող-տանողի ա լինում։ Ինքը սոված, էրեխեքը սոված։

Ձեռները մեկնում ա երկինք, թե.

— Այ աստված, բա մի կուշտ փորով հաց ե՞րբ պետք ա ուտեմ։

Էհ, աստծու շատ պետքն ա՞, թե էդ խեղճ մարդը տանով-տեղով հացի կարոտ ա։

Էս մարդը տեսնում ա, որ ասածներից խեր չկա, ճարը կտրում ա, հարուստի մառանիցը մի շալակ հաց ա գողանում, մտնում մի էրի մեջ, որ մի կուշտ հաց ուտի։ Էն ա բրդուճը տանում ա բերնին, մին էլ, ըհը՛, մի մարդ ա մտնում էրը։ Գեղացին վռազ հացը պահում ա մեջքի ետևը։

— Բարի օր,— ասում ա անծանոթը։

— Բարին վրեդ,— ասում ա գեղացին։

— Բա, էստեղ ի՞նչ բանի ես։ Թե.

— Հեչ, հով տեղ ա, ասի՝ մի քիչ դինջանամ։

— Ուտելու բան-ման կա՞։

— Չէ, ղուրբան, չկա։

— Բա էդ ձեռիդ բրդուճն ի՞նչ ա:

Մարդու սուտը բռնվում ա։

— Ճիշտ ա,— ասում ա,— կա, համա մի կուշտ փոր պետք ա ուտեմ, համ էլ էրեխանցս պետք ա տանեմ։ Քեզ ինչի՞ եմ տալի։

— Հանի մի բրդուճ։

— Չեմ տա։

— Որ ասեմ թե ով եմ՝ կտաս։

— Լավ, հալա մի ասա տեսնեմ ո՞վ ես։

— Ես քու ստեղծող աստվածն եմ։

— Վայ քու տունը քանդվի հա՜, աստվա՞ծն ես։ Դու էն չե՞ս, որ հարուստ ու աղքատ ես ստեղծել։ Դու էն չե՞ս, որ հարուստներին օղորմում, աղքատներին իսկի մտիկ չես անում։ Դու էն չե՞ս, որ ինձպեսներին մինչև օրս մի կուշտ փոր հաց չես տվել։ Էկել ես, հերիք չի, հլա զոռ էլ ես բանեցնում, ինձ վախեցնո՞ւմ։ Որ մեռնեմ՝ չեմ տա։

Աստված տեսնում ա, որ էս գեղացին քարից էլ պինդ ա, սրանից մի շան մազ էլ չի կարա պոկի, թողնում ա՝ գնում։

Մարդը նոր շունչ ա քաշում, ուզում ա բրդուճը բերանը տանի, մին էլ, ըհը՛, մի ուրիշը մտավ էրը։

— Բարի օր,— ասում ա անծանոթը։

— Աստծու խերն ու բարին։

— Ճամփորդ եմ,— ասում ա եկվորը,— սարի գելի պես սոված եմ, ուտելու բան-ման կա՞ կշտիդ։

— Կար, համա կերա՝ պրծա։

— Բա էն բրդուճը, որ ձեռքիդ ա՞։

— Հենց էն ա ու էն։

— Սուտ ես ասում, որ իմանաս ո՞վ եմ, կտաս։

— Դե ասա տեսնեմ ո՞վ ես։

— Ես Քրիստոսն եմ։

— Վայ քու տունը քանդվի հա՜։ Ես աստվածից չվախեցա, քեզանից պետք ա վախենա՞մ։ Դու, որ լավ, կարգին մարդ լինեիր, քեզ չէին բռնի, չէին խաչի ու չարչարի։ Որ ճամփովն էկար, էն ճամփավն էլ ետ գնա։ Տեղովդ մեկ սուտ ես։ Էնքան բան խոստացար քյասիբ-քյուսուբին, մինն էլա չկատարեցիր։

Քրիստոսը տեսնում ա, որ էս անհավատիցը օգուտ չկա, թողնում ա, գնում։ Էս խեղճ գեղացին սոված, թուքը կուլ տալով, բրդուճը բերանն ա կոխում, մին էլ, ըհը մի ուրիշն էլա գալի։

— Բարի օր։

— Թող բարի լինի, թե որ կարենամ էս մի թիքեն կուլ տամ։ Տո, ձեր տունը քանդվի, դուք, ինչ ա, ոչ խիղճ ունեք, ոչ նամո՞ւս։ Հրես սովիցը մեռնում եմ, գողություն եմ արել, թե ինչ ա կյանքումս մի հետ էլա կուշտ փոր հաց ուտեմ, էս մի թիքեն էլ եք հարամ անում գլխիս։

— Շատ լիզվիդ մի տա,— ասում ա անծանոթը, գիտեմ, որ հաց ունես, տուր։

— Միանգամից ասա տեսնենք ո՞վ ես, ինչի՞ տամ։

— Ինձ Մահ կասեն,— ասում ա անծանոթը։

— Հա, որ դու Մահն ես, ի՞նչ եմ ասել, հիմի որ կտամ։ Դու աստծանից էլ զորավոր ես, Քրիստոսից էլ։ Քեզանից արդարը չկա։ Քու աչքին մեկ են հարուստն ու աղքատը, ջահելն ու պառավը, տեղացին ու էկվորը։ Դու մարդկանց մեջ խտրություն չես դնում։ Առ, ախպեր, թող քեզ հալալ լինի քու բաժինը։ Առ, համեցեք։

— Հացը ինձ պետք չի,— ասում ա Մահը,— ես կուշտ եմ, ես միշտ կուշտ եմ, պատահում ա, որ շատ կերածից տանջվում եմ, ամա ի՞նչ արած, գործիս անունն էդ ա։ Ես ուզում էի քեզ փորձեմ։ Հիմի տեսնում եմ, որ մինչև կյանքիդ վերջը անարատ ու արդար ես մնացել։ Էլ ապրելու ու տանջվելու ուժ չի մնացել ջանումդ։ Հասել ա քու վերջին օրը։ Հիմի ես քեզ կքնացնեմ ու էդպես, առանց մահվան տանջանքի, քաղցր էրազների մեջ ճամփու կգցեմ արքայություն։ Գնա, ախպեր, բարի ճամփա քեզ։

terev
03.04.2010, 20:19
Ժողովուրդ, իսկ կարող՞ է իմանաք, որտեղից՞ կարելի է ներբեռնել աուդիո - հեքիաթներ ( հայերեն ), mp3 կամ այլ ֆորմատով:

Դատարկություն
03.04.2010, 20:43
Ժողովուրդ, իսկ կարող՞ է իմանաք, որտեղից՞ կարելի է ներբեռնել աուդիո - հեքիաթներ ( հայերեն ), mp3 կամ այլ ֆորմատով:
terev ջան էստեղ կան մի քանի հատ`
http://www.mankutianmolorak.com/main.php?page=download&lang=arm
:)

ԿԳԴ
23.05.2010, 10:15
Հայկական ժողովրդական հեքիաթ,:) նախանցած տարի առաջին տեղը գրավեց հեքիաթասացների մրցույթում, կարդում է Սասուն Մուրադյանը:

http://www.youtube.com/watch?v=w5QXKx5gSn4

http://www.youtube.com/watch?v=YsRWheXq_e0

ars83
23.05.2010, 23:49
Հայկական ժողովրդական հեքիաթ,:) նախանցած տարի առաջին տեղը գրավեց հեքիաթասացների մրցույթում, կարդում է Սասուն Մուրադյանը:


Լավն էր :D Հատկապես սյուժեն :)) Շատ շնորհակալություն, Սաթ ջան:

Շինարար
01.06.2010, 02:35
Ընդհանրապես, հեքիաթը ժողովրդական բանահյուսության ամենահետաքրքիր ժանրերից է: Հեքիաթների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներից հատկապես հավանում եմ Վլադիմիր Պրոպպի «Կախարդական հեքիաթի մորֆոլոգիան» (http://www.gumer.info/bibliotek_Buks/Linguist/Propp/index.php) և «Կախարդական հեքիաթի պատմական արմատները» (http://www.gumer.info/bibliotek_Buks/Linguist/Propp_2/index.php) մենագրությունները: Գրքերի վերնագրերը նաև հղումներ են տվյալ գրքերի ինտերնետային հասցեներին: Դրանց ընթերցումը կարող է օգտակար լինել ինչպես ընդհանրապես հեքիաթի ընկալման, այլև հեքիաթ գրելու համար: Խորհուրդ եմ տալիս կարդալ հեքիաթասեր և ստեղծագործող այն ակումբցիներին, ովքեր հեքիաթներ են գրում: Գրել ստեղծագործություն և այն անվանել հեքիաթ, դեռ բավարար չէ, որ այդ ստեղծագործությունը հեքիաթ դառնա: Ժողովրդական բանահյուսությունը իր քաոսայնությամբ, իր անհամակարգությամբ հանդերձ ունի իր օրինաչափությունները այնպես, ինչպես աշխարհում, իմա՝ տիեզերքում, ամեն ինչ:)