PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Yeghoyan-ի, Chuk-ի և Monk-ի համատեղ պատմվածքը



Chuk
28.02.2010, 03:05
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Yeghoyan (http://www.akumb.am/member.php/21360-Yeghoyan)-ը սկսում է, Chuk (http://www.akumb.am/member.php/1-Chuk)-ը շարունակում է, Monk (http://www.akumb.am/member.php/10433-Monk)-ն ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

Yeghoyan
28.02.2010, 16:57
-Դեռ երեկվանից զգում էի, որ ինչ-որ բան է լինելու,- նստած էր գետնին` բաց երկնքի տակ, ծանրացած գլուխն առած ձեռքերի մեջ, և լավ է գոնե կար մեկը ում հետ կարելի էր խոսել, ընկեր, որը միակն էր այս անիրավ ու փուչ աշխարհում, ում վստահում էր, ով գիտեր ամեն մի գաղտնիք, ամեն մի մանրուք, որ վերաբերում էր իր կյանքին:
-Հնարավոր է կարևոր բան է գրել կամ օգնություն է պետք:
-Մեզ օգնություն պետք չէ՞ր, որ թողեց ու գնաց, - նայելով ընկերոջ դեմքին, գոռաց Արմենը:
Ու ամեն անգամ ,,գնաց,, ասելով, դեմքի այնպիսի արտահայտություն էր ունենում, կարծես տակնուվրա էր լինում ուղեղը, թվում էր ուր որ է կխելագարվի այդ մտքից:
- Հասկանո՞ւմ ես իմ մայրը մեզ լքել է երբ փոքր երեխա էինք, ինձ ու նորածին,- և նորածին ասելուց աչքերը չռում էր ձեռքերին, նայում ցավից կարմրած աչքերով, - հասկանում ես նորածին երեխային թողել է բախտի քմահաճույքին ու հեռացել իր իսկ մայրը,- ու այդ պահին շատ զգույշ, նուրբ ու քնքուշ էր խոսում, չէ որ ինքն էր օգնել հորը խնամել փոքրիկին, ինքն էր անքուն գիշերներ անցկացրել օրորոցի մոտ, երբ հայրը ստիպված գիշերներն էլ էր աշխատում:
-Շատ տարիներ են անցել, հանգստացիր, մոռացիր, նրան էլ հասկացիր:
-Ոչ, ի՞նչ հասկանալու մասին կարող է խոսք լինել, ինչ էլ լիներ պատճառը նա չպետք է լքեր իր նորածին աղջկան, նա ներում չունի, ու չշարունակես պաշտպանել այդ …
-Չեմ շարունակում, արի գնանք այստեղից:
-Չեմ կարող, դու գնա, արդեն ուշ է, ես մի քիչ էլ կնստեմ:
Ու նստեց, բայց ոչ թե մի քիչ, այլ մինչև լուսաբաց: Մտածում էր իր, իր կյանքի, քրոջ մասին, ինչպիսի՞ն կլիներ իրենց կյանքը, եթե մայրը իրենց կողքին լիներ, եթե իրենք մեծանային մոր կողքին, զգային մայրական սիրո քաղցրությունը: Բայց նա չկար, նա իրենց կողքին չէր, ու իրենք մեծացել են նրանից հեռու: Եվ նորից այդ մտքից քիչ էր մնում խելագարվեր, ինչպե՞ս, ի՞նչ խղճով նա կարող էր թողնել ու հեռանալ: Հարցեր, որոնք չունեին պատասխաններ, հարցեր, որ անվերջ թափառում էին գլխում ու տարիների ընթացքում այդպես էլ պատասխան չստացան: Մտածել, ինչքա՞ն կարելի է մտածել, նորից հարց, որ էլի պատասխան չի ստանալու: Արդեն լուսանում է, անհրաժեշտ է տուն գնալ, լվացվել ու նորից աշխատանքի շտապել, - մտածեց ու տեղից վեր կացավ, վերջնականապես որոշելով, որ չպետք է թույլ տա նրան, որպես անկոչ հյուր ներխուժել իրենց կյանք, նա իրավունք չունի հայտնվել և անհետանալ իր ցանկության դեպքում:
Այսպես էլ անցավ ամբողջ օրը, չկարողացավ աշխատել, տնօրենն էլ սկսել է բողոքել, անցյալ ամիս էլ նորմալ չէր աշխատել, երբ խնամում էր հիվանդ հորը, ստիպված էր լինում օրվա կեսից տուն գնալ: Հիմա էլ այս նամակը` մոր անակնկալ հայտնվելը: Մտավ տուն ու սեղանին տեսավ այն նույն ծրարը, որ երեկ բերեցին, միայն նամակն ուղարկողի անունը կարդաց ու շպրտեց սեղանին, իրեն դա էլ էր բավական մոտակա փոթորիկը հասկանալու համար, հայրն էլ ձեռք չէր տվել, քրոջն էլ ինքն էր արգելել բացել ծրարը, այն մնացել էր ճիշտ նույն տեղում: Մի արհամարհական հայացք նետեց ծրարին ու գնաց դեպի իր սենյակը:
-Ի՞նչ է, չե՞ս կարդալու:
-Ոչ:
-Մորիցդ է:
-Այդպես չանվանես այդ կնոջը, նա իմ մայրը չի, հենց այն օրվանից, երբ թողեց քեզ, թողեց ինձ, քրոջս ու հեռացավ:
-Նա քո մայրն է անկախ ամեն ինչից:
-Ինձ համար մեկ է, ինձ համար նա չկա ու ոչ էլ Մարիի համար կա:
Մտավ սենյակ ու փակեց դուռը, հասկացնել տալով հորը, որ շարունակել տհաճ խոսակցությունը չի ցանկանում: Հայրը վերադարձավ հյուրասենյակ ու լավ ճանաչելով որդու համառությունը, համոզված լինելով, որ որդին իր որոշումը չի փոխի, բացեց ծրարը: Ընդամենը մեկ նախադասություն, որն ի վիճակի էր մեղմել այդքան տարիների ցավն ու վիրավորանքը: Հանկարծ մի սուր ծակոց զգաց կրծքի տակ, - անիծյալ սիրտ, հերթական նոպան է, - մտածեց հայրը և շտապեց խոհանոց:

Chuk
11.03.2010, 17:16
ներողություն եմ խնդրում սաստիկ ուշացնելու համար: Ժամանակ չէի գտնում զբաղվելու, վերջապես գտա կարճ ժամանակ ու արագ-արագ գրեցի:


* * *

- Օրիորդ, նստեք խնդրում եմ, - Գոհարն այս խոսքերը լսելով կարծես արթնացավ:
Արդեն մի ժամ է, ինչ նա միջանցքի մի ծայրից մյուս ծայրն էր քայլում ու սպասում, թե իրեն երբ են կանչելու:
- Ես... ես երկու երեխաների մայր եմ, - ինքն էլ չհասկացավ թե ինչու ասաց, երևի ուզում էր ցույց տար, որ վաղուց օրիորդ չի, տիկին է, չնայած որ այդքան փոքրիկ-մոքրիկ է: Բայց երեխաների մասին հիշելիս աչքերը նորից արցունքով լցվեցին:
- Տիկին, նստեք խնդրում եմ, մի անհանգստացեք, երեխաների հետ ամեն ինչ նորմալ կլինի: Պետք չէ այդքան անհանգստանալ:
- Երեխաներս.. նրանք.. ես եմ հիվանդ... - արցունքներն արդեն անարգել հոսում էին, - մահանում եմ... - ավելացրեց շշուկով:
Աթոռին նստած տղամարդը շփոթվեց:
Գոհարը նստեց և երեսն առավ ափերի մեջ:
- Տիկին Հայկազյան, բժիշկ Սաքունցը ձեզ է սպասում, - բուժքրոջ ձայնն էր:
Վեր կացավ ու վարարուն քայլերով սկսեց շարժվեց:
- Ամեն ինչ լավ է լինելու, - շշնջաց տղամարդը, իսկ Գոհարը չլսեց:

Բժիշկը Գոհարին դիմավորեց հենց դռան մոտ, բայց Գոհարը նկատեց, որ բժիշկն աչքերը փախցնում է, իրեն չի նայում: Հրավիրեց նստելու:
- Ձեր ամուսինը կարո՞ղ է գալ, - հարցրեց բժիշկը:
- Ինձ ասեք, բժիշկ, չեմ ուզում, որ դեռ իմանա:
Բժիշկը լռեց:
- Իսկ ծնողները, - հարցրեց քիչ անց:
- Իմ գերդաստանից մենակ ես եմ մնացել, բոլորը երկրաշարժից զոհվեցին, - Գոհարի աչքերը նորից լցվեցին: - Բժիշկ, երեխաներս ո՞րբ են մնալու:
- Դուք անբուժելի հիվանդ եք, Գոհար, բայց շուտ չեք մահանա: Ես կուզեի այդ մասին խոսել ձեր ամուսնու հետ...
- Ինձ ասեք, - պնդեց Գոհարը:
- Ձեր հիվանդությունը շատ ծանր ընթացք է ստանում, ցավոք այն ձեզ շատ է հյուծելու, բուժել չենք կարող: Դուք շուտով անկողնային կդառնաք: Հավանական է, որ երկար ապրեք, բայց անկողնուն գամված: Ձեզ պետք է խնամեն...
- Անկողնայի՞ն:
- Այո, - բժիշկն աչքերը նորից փախցրեց:
- Ու զավակներիս հիշողության մեջ միշտ այդպե՞ս եմ մնալու, անկողնուն գամված տկար մի կին: Ամուսինս էլ բացի երեխեքից պետք է նաև ի՞նձ պահի:
Բժիշկը չպատասխանեց:

* * *

«Ես չեմ կարող բեռ դառնալ նրանց համար», - այս միտքն էր պտտվում նրա գլխում, - «բայց Սարոն եթե իմանա, չի թողնի... ես... ես պիտի խաբեմ»:

* * *

Առավոտյան Սարոն զարթնեց նորածին աղջկա՝ Մարիի լացից ու զարմացավ, թե ինչու՞ Գոհարը չի հանգստացնում նրան: Շուռ եկավ. Գոհարը տեղում չէր: «Երևի զուգարան է գնացել», - մտածեց Սարոն ու վեր կացավ, փոխեց Մարիի բարուրը, օրորեց հանգստացրեց նրան, երբ աչքին ընկավ դարակին դրված նամակը: Բացեց.
«Սիրելի Սարո, դու հիշում ես, ես քեզ պատմել եմ իմ պատանի կյանքի սիրո՝ Ռուբենի մասին ու գիտես, թե որքան է վշտացել, որ նա էլ էր զոհվել երկրաշարժից: Ես քեզ նաև ասել էի, որ իմ զգացմունքներն իր նկատմամբ չեն սառել: Ռուբենը կենդանի է, նա փրկվել է, բուժվել է Ֆրանսիայում: Գտավ ինձ և առաջարկեց ամուսնանալ: Ես նրա հետ գնում եմ Ֆրանսիա: Ազնիվ չէր լինի, եթե երեխաներին հետս տանեի, նրանք նաև քոնն են ու ավելի շատ քոնն են, որովհետև պիտի քո գերդաստանը շարունակեն, չթողնեն կորել: Ներիր ինձ: Սիրում եմ ձեզ:»