PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. SSS-ի, impression-ի և Բարեկամի համատեղ պատմվածքը



Chuk
26.02.2010, 10:32
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. SSS (http://www.akumb.am/member.php/23120-SSS)-ն սկսում է, impression (http://www.akumb.am/member.php/5134-impression)-ը շարունակում է, Բարեկամ (http://www.akumb.am/member.php/1353-Բարեկամ)ն ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

SSS
26.02.2010, 13:16
Նա լարեց գրամոֆոնը,վրան դրեց քերծված սկավառակը:Անկրկնելի Ֆրեդ Աստերը սեր էր երգում իր Ռամոնային.
"Ramona the most true dream
about love"

Որքան ժամանակ էր անցել.հեքիաթային 20 ականներ,երբ անհոգ ջազը տանում էր քեզ իր թևերին....
Առաջին համդիպում,երբ նրա ձեռքը անվստահորեն սահեց ուսիդ վրայով(ահարկու դող,խորը շունչ,սրտի զարկեր'արագ,դանդաղ,գլխապտույտ...հոգոց)...Նա ձեռքը տարավ դեպի ուսը.մաշկը կնճռոտված էր և արդեն ամբողջովին կախ էր ընկել,իսկ կար ժամանակ երբ...
Հանկարծ նա հիշեց իր'վաղուց արդեն մոռացված հայելին:Դողացող ձեռքերով սրբեց փոշին և տեսավ իրեն անծանոթ ինչ որ մեկի դիմագծեր.երբեմնի գեղեցկությունից լոկ "կետ գծեր" էին մնացել...վերցրեց շրթներկն ու փորձեց ուրվագծել շրթունքները...չստացվեց,վաղուց արդեն ցամաքել էին...Հայելին լվացվեց ինչ որ մեկի արցունքներով...

"Ramona I'm happy to realize
somebody is living for me"
Ինչ է եղել նրա հետ...Նա մոտեցավ պատուհանին,աստղերը,աստված իմ կար ժամանակ երբ նրանք այնքան մոտ էին...

_Սիրում ես ինձ?
_Իբր չգիտես
_Կամուսնանաս ինձ հետ?
_Ոչ
_Ինչու?
Իսկապես ինչու?.........

impression
03.03.2010, 12:45
Նա այդպես էլ երբեք չիմացավ այդ հարցի պատասխանը: Չնայած եթե ինքն իր հետ որոշեր անկեղծանալ, կգտներ այն: Ամեն ինչ այնքան պարզ էր ու իր պարզության մեջ` բարդ: Ինքն ինչ մեղք ուներ, որ ժամանակը որոշել էր կատակել իր հետ, որ իրենք հանդիպեցին, երբ արդեն շատ ուշ էր: Ոչ ոք մեղավոր չէր:

Նա բացեց պատուհանն, ու գարնան թարմությունը ներս խուժեց սենյակ, որն այդպես էլ չէր կարողացել հարմարվել ժամանակի ընթացքին, ու մնացել էր անցյալում` իր հնաոճ պատերով, հսկայական հայելով, որի մոտով տանտիրուհին աշխատում էր հնարավորինս քիչ անցնել, հին ու մաշված բազմոցով ու աոթռներով, որոնք միայն անցյալի հուշերն էին պահպանում:

Փափուկ հողաթափերում թաքնված անուժ ոտքերը փորձում էին պարային շարժումներ անել, չորացած մատներն օդում որսալ էին փորձում ինչ-որ մեկի ուսը, գլուխը հակվում էր դեպի երևակայական զուգընկերը, ու նա պարում էր:

Հետո գնաց ննջասենյակ, դողդոջուն ձեռքով բացեց զգեստապահարանն, ու հանեց դեղնած մի զգեստ` հարսանեկան շոր, որ այդպես էլ չէր հագել...

Երբեք չկայացած ամուսնությունից միայն դա էր մնացել իրեն: Նա վերցրեց մկրտան ու սկսեց կտրտել, մանրացնել, ոչնչացնել զգեստը: Արցունքները հոսում էին այնպես, ինչպես հոսել էին քառասուն տարի առաջ:

Բարեկամ
15.03.2010, 09:40
Քառասուն տարի առաջ, ամառային մի երեկո, երբ օրվա տոթն ու լարվածությունը համառորեն չէին նահանջում քաղաքի մարդաշատ փողոցներից անգամ իրիկնադեմին, նրանք հանդիպեցին մի ինչ-որ խառն ու մարդաշատ խնջույքում: Այն խնջույքներից էր, որոնք չեն ունենում հեղինակ կամ կազմակերպիչ. պարզապես ինչ-որ առիթով ինչ-որ մարդիկ, միմյանց իմաց տալով կամ ինչ-որ տեղից իմանալով կամ իրենք էլ առանձնապես չմտաբերելով թե կոնկրետ ինչ ու ոնց, լցվում են ինչ-որ մի ակումբ ու սահուն խառնվելով ընդհանուր շաղակրատահոսքին, գարջրահոսքին, պարահոսքին, ծխահոսքին, լույսերի, գույների, դեմքերի խայտաբղետ փոփոխահոսքին` ազատ են արձակում ապրելու ամեն ճիգ ու երջանիկ են:
Մարդկանց մեծ մասը հիմնականում լինում են մեկը մյուսին անծանոթ կամ քիչ ծանոթ, բայց վարվում հարյուր տարվա պես անկաշկանդ ու մտերմիկ:

- Կարելի՞ է ձեզ սուրճ հյուրասիրել:
Նա հագել էր բաց ուսերով ամառային թեթև, նեղ զգեստ, որը գեղեցիկ մերկացնում էր անթերի ուսերը, հետո ներքև` ակնահաճո ընդգրկում կրծքի, իրանի ու կոնքերի համաչափ կորությունները, թերևս մի փոքր լայն տրամաչափով կոնքերի մասում, որը սակայն չէր փչացնում ընդհանուր պատկերը: Գլխին պուտավոր, կամիրը սպիտակի վրա գլխաշոր էր, որի արանքներից երիտասարդական համարձակ ու կանչող ալիքներով դուրս էին պրծել մուգ մազափնջերը` ներդաշնակելով մուգ աչքերի փայլին: Տղան այդ պահին առանց բառային ձևակերպման մտածեց, որ երբեմն կատարելությունն իջնում է երկնքից ու առնում մարդկային կերպարանք: Իսկ տարիներ հետո կասեր. «Ամբողջը քո գլխաշորն էր, քեզ ահավոր սազում էր, ու դու ինձ առար դրանով»: Կասեր… եթե:

Մարդու կեսերից մեկն, առհասարակ, լինում է դոմինանտ: Եթե այդ կեսը սեփականը չէ, ապա այն վերջնականապես անդամալուծում, անձնալուծում է սեփական կեսին: Ու դրանից փախչել չես կարող:
Փախչել որոշում էր ամեն անգամ, երբ վերադառնում էր տուն` դատարկ, սառը պատերով իր բնակարանը, որտեղ զգում էր իրեն ինչպես կրիան առանց պատյանի:
Ամենահուսահատ պահերին մի բան միջից ուզում էր գոռալ ամբողջ ուժով այնպես, որ ջարդվեին-փշրվեին տան, շենքի, խանութների բոլոր ապակիները, քարուքանդ լինեին բոլոր պատերն ու դրա հետ միասին ներկա աշխարհն` իր դրությամբ:
Այդ պահերին նա տենդային դողում էր ներսում ու մարմնի բոլոր բջիջներով զգում, թե ինչպես է գահավիժում հուսահատության խորխորատը:Մի քանի անգամ իրեն թվաց, թե ինչ-որ տեղ, մի քիչ հեռվում, տարտամ լույսի տակ տարբերակեց խելագարության շեմը:
Դրանից հետո վրա էր հասնում սառած անտարբերության մի վիճակ, որն այդ պահին թերևս լավագույնն էր: Թեև լավագույնը գուցե ապակիները ջարդելը կլիներ … մի օր:

Բայց այդ օրը հայտնի չէր, թե որտեղ էր պահված, քանի որ հուսահատության այդ վիճակներն ընդամենը մի փուլն էին այն սինուսոիդի, որով իրականում օրինաչափ անցնում էր իր կյանքը:
Այդ փուլին, ամեն անգամ, հաջորդում էր նիրվանային վերելք` ինչպես թմրանյութերից խթանված, դա հաջորդ փուլն էր, երբ ճիշտ պահին հայտնվում էր Նա` իր դոմինանտ կեսը, որի ներկայության մեջ իր սեփական կեսի տանջահար ավերակները հալվում-լուծվում էին անմնացորդ, ու նա ներում էր ամեն ինչ:
Թեև, անկեղծ ասած, ներելու բան էլ չուներ: Նա` տղան, իրավացի էր միշտ, ու ամեն անգամ ավելի փայլուն, վճռական ու ինքնավստահ, քան երբևէ: Նրա ուշադրությունն օրհնանք էր, սիրելը` լիարժեք, այն, թե ինչպես էր նա ապրում` անառարկելի: Երբ միասին էին, աղջիկը չէր ապրում, ճախրում էր բոլոր համարների երկինքներում` զգալով ու գիտակցելով իր սիրված լինելը սիրո այն ամենահզոր ալիքով, որին մարդկային տեսակը միայն ընդունակ է: Իսկ թե ինչի է ընդունակ մարդկային տեսա՜կը…

...
Մարդ ամենից շատ վախենում է կորցնելուց իր հենքը կյանքում: Եթե ներկայիս հենքը բանի պետք չէ, աղբյուր է տառապանքի ու պետք է լինում վերացնել, անմիջապես տվե’ք մի ուրիշը փոխարենը, որին հավատա ոչ պակաս, քան նախորդին: Հենքը հենց հավատն է: Ու հավատը, որ տան սպիտակ պատերի սառնությունը կկազմալուծվի ընդամենը, պարզապես ու լոկ միայն հարսանեկան զգեստի սպիտակ ժանյակների օսլայած շրշյունից, դարձել էր միակ հենքն իր սեփական խղճուկ, անդամալույծ ու հիվանդ կեսի գոյության:
- Դու գիտես որ սիրում եմ քեզ: Ու գիտես, թե ինչքան ու ոնց: Ամուսնություն, ինչու՞: Ինչու՞ ես ուզում զրկել քեզ ու ինձ: Դու ինձ տալիս են էն, ինչ ուրիշ ոչ մեկն ու ոչինչ աշխարհում: Դու իմ փախուստն ես իրականությունից: Ինչու՞ ես ուզում դառնալ դրա մի մասը: Իմ իրականությունը ստելն է` գործի մեջ, կենցաղում, շրջապատում: Կյանքում ես շախմատ ես խաղում, իմ բոլոր քայլերը մտածված են, իմ բոլոր ստերն ու ճշմարտությունները խելացի հաշվարկված, իսկ դու, դու դուրս ես էդ խաղատախտակից, դու միակ կենդանի էակն ես` տախտակից դուրս: Չեմ ուզում, չէ…, - ու նրան պինդ ներառում էր իր գրկի անհունում:


Մի անգամ հայելին ցույց տվեց առաջին նուրբ ցանցերն աչքերի անկյուններում: Կինն ամբողջ ուժով նետեց հայելին պատին, որը սակայն չջարդվեց, այլ միայն մի մեծ ճաք գոյացավ:
Ճաքը սրտի օրերի ցրտելու հետ ավելի խորն ակոս էր թողնում: Մի անգամ, մի այդպիսի մոխրագույն ու ցրտոտ առավոտ, փաթաթվեց վերարկուի մեջ ու առանց նայելու հայելուն` տեսքը շտկելու, դուրս եկավ տնից:
Գնաց հարսանեկան զգեստների քաղաքի թանկարժեք խանութը, ընտրեց ամենաշքեղ զգեստն ու առանց փորձելու խնդրեց փաթաթել: Մինչ վճարում էր, փորձասենյակից դուրս եկավ մի դեռատի կին` երկար հարսանեական զգեստով ու բարձրացնելով փեշերը` ժպտաց հարսանեական ամենաշլացուցիչ ժպիտով:
- Հը՞:
- Մմ… Նախորդը կարծես ավելի լավ էր: Բայց մի հատ էլ սա փորձի: Սրա մեջքի գիծը տես ինչ հետաքրքիր է: Ու տղամարդը կախիչից հանեց հաջորդ զգեստը:

- Տիկին, խնդրեմ ձեր մանրը, տիկին:
Կինը սթափվեց, մեխանիկորեն վերցրեց մանրն ու իր չփորձած զգեստի փաթեթը խցկելով ֆիրմային մեծ պայուսակի մեջ շտապ ու աննկատ փախավ խանութից:

Դա նրանց վերջին հանդիպումն էր:
Իհարկե ոչ:

Տղամարդը չէր վերջացրել իր պարտիան այս կյանքում: Երբեմն նրան կրկին անհրաժեշտ էր լինում դուրս գալ խաղատախտակից ու հայտնվել տախտակից դուրս միակ կենդանի էակի գրկում, ինչի համար նա այժմ ավելի ուշադիր ու խելացի ու հաշվարկված էր խաղում: Իսկ կինը, կինն այդպես էլ չգտավ ու չփորձեց էլ գտնել ուրիշ հենք, քանի որ սեփական իր թույլ ու խախուտ կեսը պատրաստ էր արդեն ամեն փրփուրի, ինչպես խրված թմրամոլը կներարկի ամեն ինչ, ինչը կսնի իր հիվանդ արյունն ու խաթարված ուղեղը:
Միակ, թերևս, ինքնագիտակցության կամ ինքնասիրության նշույլը հարսանեկան զգեստը խորը պահելն էր պահարանի խորքերում, որտեղ տղամարդը սովորություն չուներ քրքրելու, քանի որ հիմնականում շտապում էր…


Իսկ հետո: Չգիտեմ ինչ եղավ հետո: Երևի առանձնապես ոչինչ:

CactuSoul
16.03.2010, 15:31
Թեև, անկեղծ ասած, ներելու բան էլ չուներ: Նա` տղան, իրավացի էր միշտ, ու ամեն անգամ ավելի փայլուն, վճռական ու ինքնավստահ, քան երբևէ: Նրա ուշադրությունն օրհնանք էր, սիրելը` լիարժեք, այն, թե ինչպես էր նա ապրում` անառարկելի: Երբ միասին էին, աղջիկը չէր ապրում, ճախրում էր բոլոր համարների երկինքներում` զգալով ու գիտակցելով իր սիրված լինելը սիրո այն ամենահզոր ալիքով, որին մարդկային տեսակը միայն ընդունակ է: Իսկ թե ինչի է ընդունակ մարդկային տեսա՜կը…
.............................
Տղամարդը չէր վերջացրել իր պարտիան այս կյանքում: Երբեմն նրան կրկին անհրաժեշտ էր լինում դուրս գալ խաղատախտակից ու հայտնվել տախտակից դուրս միակ կենդանի էակի գրկում, ինչի համար նա այժմ ավելի ուշադիր ու խելացի ու հաշվարկված էր խաղում: Իսկ կինը, կինն այդպես էլ չգտավ ու չփորձեց էլ գտնել ուրիշ հենք, քանի որ սեփական իր թույլ ու խախուտ կեսը պատրաստ էր արդեն ամեն փրփուրի, ինչպես խրված թմրամոլը կներարկի ամեն ինչ, ինչը կսնի իր հիվանդ արյունն ու խաթարված ուղեղը:


Բարեկամ:love…
Արժեր էսքան սպասել: Հաստատ:):

ԻՀԿ, ամբողջ պատմվածքը հենց Բարեկամի հատվածում էր, նախորդ հատվածներն ընդամենը թեման էին ապահովել:

Ռուֆուս
16.03.2010, 15:43
Շատ լավն էր, հատկապես Բարեկամի հատվածը :love

Yellow Raven
16.03.2010, 16:01
Կարծում եմ միայն Բարեկամի հատվածը իրենից արդեն իսկ ներկայացնում է ավարտուն ստեղծագործություն,իսկ SSS-ի ու impression-ի հատվածները ակնհայտորեն դուրս են մնում պատմվածքի կոնտեքստից:)

Շինարար
16.03.2010, 16:01
Իսկ հետո: Չգիտեմ ինչ եղավ հետո: Երևի առանձնապես ոչինչ:

Չեմ ուզում ձանձրացնել բոլորին, թե որ մասը ինչքանով եմ հավանել կամ չեմ հավանել, բայց վերջին արտահայտությունը, որ մեջ եմ բերել, շատ դուրս եկավ:))

Բարեկամ
16.03.2010, 16:07
Չեմ ուզում ձանձրացնել բոլորին, թե որ մասը ինչքանով եմ հավանել կամ չեմ հավանել, բայց վերջին արտահայտությունը, որ մեջ եմ բերել, շատ դուրս եկավ:))
Հա? Վերջին արտահայտության հետ կապված մի վարկանիշային մեկնաբանություն էլի ա եղել :)

SSS
16.03.2010, 16:13
Փափուկ հողաթափերում թաքնված անուժ ոտքերը փորձում էին պարային շարժումներ անել, չորացած մատներն օդում որսալ էին փորձում ինչ-որ մեկի ուսը, գլուխը հակվում էր դեպի երևակայական զուգընկերը, ու նա պարում էր:

Այս մասն է դուրս եկել,իսկ ինչ վերաբերվում է Բարեկամին.առանձնացնելու ոչինչ չունեմ :hands

Ուլուանա
16.03.2010, 18:50
Առաջին երկու մասերն իրոք նախաբանային էին։ Կարծես թե առաջին անգամն է, որ պատմվածքի հիմնական մասը երկրորդ մասում չի զետեղված, այլ վերջում։ :)) Իսկ ավելի ճիշտ՝ սրանից կարելի է եզրակացնել, որ պատմվածքի հիմնական մասը սովորաբար լինում է էնտեղ, որտեղ Բարեկամն է։ :)) Բարեկամի գրած հատվածները կարծես ապացույցը լինեն նրա, որ ամեն սկզբի ու մեջտեղի համար էլ, թեկուզ դժվարությամբ, բայց կարելի է կարգին շարունակություն գրել։ :) Ինչպես միշտ, հմուտ նկարագրություններ էին Բարեկամի հատվածում։

Իսկ ընդհանուր պատմվածքի մասին... Ճիշտն ասած՝ կոնկրետ ես վաղուց արդեն հոգնել եմ անցյալահոտ ու դեպրեսահոտ պատմվածքներից։ Տվյալ դեպքում պատմվածքի սկիզբն էդպիսին էր, ու շարունակությունն էլ էդ առումով կարծես արդեն վճռված էր։ Չգիտեմ, կամ ինձ հետ մի բան էն չի, կամ էլ մարդկանց համար իրոք չափից դուրս գրավիչ է անցյալի մշուշի մեջ խարխափելը։ Հիշեցնեմ, որ սա ընդամենը իմ համեստ ու սուբյեկտիվ կարծիքն է, մի նեղացեք։