PDA

Դիտել ողջ տարբերակը : Սպարտակ Բակունց - Հայացքների Պայքար



Լեռնցի
22.02.2010, 20:58
Հարգելի ընկերներ, Ձեզ եմ ներկայացնում Գորիսեցի բանաստեղծ Սպարտակ Բակունցի տարբեր ստեղծագործություններ:

Սպարտակ Բակունցը ծնվել է 1955թ. Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսություն ինստիտուտը: Աշխատում էր գյուղվարչությունում որպես գլխավոր տնտեսագետ: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Ստեղծագործել սկսել է պատանեկան տարիներից, սակայն իր կենդանության օրոք չի թակել թերթերի, ամսագրերի, հրատարակչությունների դռները և չի տեսել իր բանաստեղծություններից գոնե մեկը տպագրված:
Ժողովածուն ի մի է բերում զոհված բանաստեղծի ստեղծագործության հիմնական կողմերը և գեղեցիկ հուշարձան է նրա հիշատակին:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունները շարունակելու են իրենց երկրային կյանքը, որի համար կոչված էին, և դրանով շարունակելու է մեզ ապրել և նրանց հեղինակը:

Երկու խոսք

Սեղանիս վրա Սպարտակ Բակունցի 20-ամյա ստեղծագործությունների անտիպ ժողովածուն է... Անհունորեն ցավալի և հաճելի անակնկալ: Ցավալի է, որ հեղինակն արդեն չկա և չի տեսնելու իր գիրքը: Եվ հաճելի է, որ նոր բանաստեղծի նոր ձայն ես լսում, մտնում ես բանաստեղծական մի նոր աշխարհ... Եվ այդ աշխարհում գտնում ես քո ապրած կյանքի, քո մտքերի և զգացմունքների փնտրված բանաձևումները:
Սպարտակ Բակունցի անունը առաջին անգամ լսել եմ ռադիոյով` ամիսներ առաջ: Կարդում էին նրա ռուսերեն բանաստեղծությունները: Այդ հաղորդումից հետո իմացա, որ հեղինակը զոհվել է Գորիսի շրջանի Վերիշեն գյուղում, թշնամու արկի բեկորից: Երբ ստացա այս ժողովածուն, պարզվեց, որ նա հիմնականում ստեղծագործել է հայերեն... Եվ զարմանում ես, որ նա իր կենդանության օրոք ոչ մի տող չի տպագրել: Մինչդեռ տպագրության արժանի շատ գործեր ուներ, որ կարող էին պատիվ բերել ոչ միայն հեղինակին, այլև գրական 60-ականներից հետո հրապարակ եկած բանաստեղծական ամբողջ սերնդին: Երևի ինքն իր նկատմամբ շատ պահանջկոտ է եղել և եղել է երիտասարդական փառասիրություններից հեռու:
Կամ էլ, ի՞նչ իմանաս, կյանում եղել է տաղանդավոր մարդ, կարողացել է իրեն այնպես դրսևորել, որ օգնել է մարդկանց, թեթևացրել նրանց կյանքը և ստեղծագործությունը համարել է հավելյալ մի բան: Այս է հաստատում նրա կենսագրությունը: Կարևորը նրա համար եղել է լինելը, քան երևալը:

Նա՞ է շունչը ժամանակի,
Ով, ընկնելով մարտի դաշտում,
Պատմությունն է կերտում ազգի,
Պատմության մեջ հիշվելով լոկ որպես զինվոր,
Թե՞ նա, որ իր տաքուկ բնում`
Ազգի շահը դրոշ արած,
Կործանման է տանում ազգին`
Հանուն շահի:

Այսպես է կյանքում: Մեկը ծնվում է շահի ու վայելքի համար, մյուսը` պարտքի և տառապանքի: Վայելողի ախորժակը բացվում է ներ վայելքների համար: Տառապողը մարկության հանդեպ կատարում է իր պարտքը, և այդ կատարումը դառնում է նոր պարտքի հրամայական: Եվ աշխարհն ապրում է երկրորդի հաշվին: Պատմությունը կերտում են երկրորդները:
Եթե խաղաղության ժամանակ սա մենք դժվար ենք նկատում, ապա կրիտիկական պահերին ամեն ինչ ցնցվում, սրվում և նկատելի է դառնում:
Սպարտակ Բակունցը վերջին պարտքը Հայրենիքին վճարեց իր հերոսական մահով: «Իսկ իր տաք բնում ազգի շահը դրոշ արածը» շարունակում է հանուն անձնական շահի` կործանման տանել ազգը:
Սպարտակ Բակունցի ստեղծագործությունը մի ամբողջ սերնդի հոգու կենսագրություն է... Ես չեմ ուզում խոսել հեղինակի ստեղծագործական առավելությունների և որոշ պակասավոր կողմերի մասին, որովհետև հավատում եմ ընթերցողի ճաշակին, ազնվությանը և զոհերի նկատմամբ նրա մեծ հարգանքին:
Կարդա՛ այս գիրքը, սիրելի՛ ընթերցող, այնտեղ կգտնես մեր օրերի ողբերգության, դժվարությունների, հիասթափությունների և այդ բոլորը հաղթահարելու մեր ժողովրդի պատրաստակամության բանաստեղծական պատկերը...
16.04.1993թ:
Համո Սահյան

Լեռնցի
22.02.2010, 21:00
Զարմանալ...

Զարմանալ պետք էր,
Երբ որ ստելը դեռ նորություն էր,
Երբ հարսի քողը
Թեև թափանցիկ, բայց զորություն էր...
Հիմա ինչու՞ և ինչի՞ց զարմանալ.
Նրանի՞ց արդյոք,
Որ ամեն քող էլ փողով բացվում է,
Թե՞, ամոթը սոսկ քողի մեջ է,
Այլ ո՛չ նրա տակ...
Բայց սուտ է, իբրև
Ստի ոտքերը կարճ են, երերուն,
Վերջը, գուցե մոտ,
Բայց մինչև օրս էլ դեռ չի երևում,
Այն թեև անհող`
Դեռ ահեղ ուժ է
Ու մենք նրանից դեռ պիտի տուժենք,
Քանզի շուրջը դեռ
Իրենց դարն ապրած կարգախոսներ են,
Ու մենք դեռ պիտի խոնարհվենք նրանց
Ներքինու մտքին,
Ձայնակցենք նրանց
Ու աքլորանանք մեր ամենամեծ...
-Ինչո՞վ...
-Երախով,
Ամենաերկար...
-Միգուցե լեզվո՞վ...
-Օ՜, ո՛չ, պարանով
(Թեև քաջ ենք շատ, բայց մեծ է վախը)...
"Ամենաարդար" դավ ու խորանով.
-Ինչո՞վ արդար չէ մեր դատարանը`
Ամենաանմեղ...
-Թերևս դահճո՞վ...
-Օ, ոչ, դահլիճով ամենախոնարհ...
-Ամենազորեղ ճահճով աշխարհի...
-Ու բարոյական...
-Հասկացա... Մահճով.
Ուրիշ էլ որտե՞ղ կարող են, ասե՛ք,
Իր իսկ խղճի հետ անգամ կենակցել,
Իսկ հետո... ճառեր... բառեր... կենացներ...
Այսքանից հետո ինչու՞ զարմանալ,
Որ մարդակերին սաստելու տեղակ
Լեղի թափեցին խեղճ զոհի վրա,
Ինչ է` թե դառն էր... ճշմարտությունը...
Իսկ ճշմարտությանն ո՞վ էր համ տվել,
Որ ստի հետ էլ դեռ համեմատվեր...
Խելքը հավի հետ կերե՞լ են, ի՞նչ է...
Ավելի լավ չէ՞ աստված ձևանալ,
Անտերի գլխին "տերություն" անել,
Իսկ, թե պետք լինի`
Եվ համը հանել,
Լրբին երես տալ,
Հետո "զարմանալ", թե սահմանն անցավ...
Ու մնալ նույն բռնակալը.
Բնից դուրս նետել իր բնակալը
(Իբրև թե դա է հենց բնականը)
Ու մի բան էլ` դեռ ճոճել մականը...
Պետք չէ զարմանալ...
Զայրանա՞լ...
Ասացեք, ու՞մ վրա...
Տեր աստծո՞, որ մեզ տեր չեղավ,
Թե` անտեր, միամիտ մեր գլխի...
Վերջապես ե՞րբ պիտի հասկանանք`
Տեր ունենք` գերին ենք հենց տիրոջ,
Անտեր ենք` գերին` պատահողի:
Ուրե՞մն...
Տեր լինենք ու մեր գերին
Միմիայն մեր անտեր հողի:

Փետրվար-մարտի 9, 1990թ

Լեռնցի
23.02.2010, 08:18
Աշխարհը...

Աշխարհը ուժեղներինն է.
Իսկ ուժեղներն, ասես, աշխարհին
չեն պատկանում
Նրանց հայացքաներն ուրիշ կողմ են դարձած.
Նրանք մտածում են այլ բանի մասին:
Իսկ աշխա՞րհը...
Իսկ աշխարհում ամեն ոք իր հոգսերն ունի,
Իսկ մեր հոգսերն, ասես մերն էլ չեն,
Մենք մեր մասին չէ, որ մտածում ենք,
Այլ` աշխարհի:
Զավեշտ է...
Մենք մեղավորներ ենք փնտրում
Եվ, կարծես, գտնում ենք.
Անշուշտ, մենք չենք:
Մենք աղոթում ենք նրանց մեղավոր հոգիների համար,
Իսկ մեզ համար ոչ ոք չի աղոթում.
Մինչև ե՞րբ:
Իսկ մինչ այդ` փթթում են ուժեղները:
Իսկ մենք թղթե նավակ ենք` ալեկոծված ծովում:

Ու՞ր ենք նավում,
Ինչպե՞ս,
Փորձվա՞ծ է, արդյոք, նավավարը...
Իսկ նավաստինե՞րը...

Նրանք պարզել են առագաստները.
Մինչդեռ ծովն ավելի է ալեկոծվում:

Լեռնցի
24.02.2010, 10:46
Էլ հերիք է...

Էլ հերիք է մենք մեզ օծենք
Մեր պապերի անանց փառքով.
Եկեք մենք էլ մերը ստեծենք`
Ոչ թե խոսքով
Ու կուրծք ծեծող մեր բռունցքով,
Այլ մեր, հենց մեր շենք շնորհքով...

Գիտի այսօր աշխարհն, այո՛,
Որ եղել ենք մենք ստեղծող
Ու կառուցող,
Եվ, որ շեն էր տունը հայոց.
Քաղաք ու գյուղ...
Վանք ու ամրոց...

Գիտի այսօր աշխարհն, այո՛,
Որ աշխարհում չկա այլ տեղ,
Որտեղ թափվեր
Այնքան...
Այնքան անմեղ արյուն,
Որքան այստեղ...


Ու նաև այն,
Որ, երբ մեր դեմ
Խարդավում էր մեր դրացին,
Մենք չենք եղել սրած կացին...
Որ Տիգրան Մեծ մենք ունեցանք
Ու մեծացանք,
Որ թշնամուն դավել ցույց տանք...
Ու, որ նաև չդիմացանք
Նվաճողի նիստուկացին`
Ավելի մեծ ոգի գտանք,
Որ օտարը օտարին տանք
Ու չափսոսանք...
Գիտի նաև, որ փոքրացանք
Ո՛չ մեր կամքով,
Որ մեծություն վաստակեցինք
Ապրած կյանքով...

Բայց հերիք է մենք մեզ օծենք
Մեր պապերի թափած արյամբ,
Նրանց կյանքով...
Նրանց փառքով...
Եկեք մենք էլ մերը ստեղծենք.
Ո՛չ թե լեզվի երկարությամբ,
Այլ` մայրենու իմացությամբ,
Ո՛չ թե մեր հին կոթողներով,
Այլ` նորերով,
Բայց հնի պես` ամուրներով...

Ու հիշելով,
Որ եկել են... Ավերել են...
Մերն էլ հիշենք`
Անուններով.
Քաղաք ու գյուղ...
Որ եղել են...
Ու էլ չկան
Հենց մեր մեղքով...
Հիշենք...
Հիշենք, թե մենք որքան
Մեր անցյալին ամուր կառչած,
Բարբառել ենք`
Մե՛նք ենք... Հա՛յ ենք...
Շինարա՛ր ենք...
Ա՛յս ենք... Ա՛յն ենք...
Աշխարհով մեկ գոռացել ենք,
Որ տուֆ ունենք,
Իսկ մենք...
Իսկ մենք
Մոռացել ենք, որ կա շաղախ...
Էլ ու՞մ դիմենք...
Էլ ու՞մ ապավինենք,
Երբ մեր ձեռքով...
Հենց մեր ձեռքով
Մենք եղել ենք արնաշաղախ...
Ու՞ր են, ու՞ր են
Մանուկները ժիր ու ժպտուն,
Ու՞ր են, ու՞ր են
Քաղաքները շեն ու ծաղկուն...
Ու թե մեկ-մեկ մենք մեզ ձաղկում,
Բայց դեռ հաճախ
Մեզ ներում ենք, ու քողարկում.
Մենք ենք... Հայ ենք...
Կարծես լոկ դա բավական է,
Որ մենք ապրենք
Մեր պապերի իրավունքով...
Իսկ ե՞րբ...
Իսկ ե՞ևբ մենք կունենանք
Ապրելու մեր իրավունքը...

Եկե՛ք, ոչ թե
Բավարարվենք մեր անցյալով,
Եկե՛ք, ոչ թե
Մխիթարվենք,
Որ դեռ կապրենք...
Եկե՛ք մենք մեզ հաղթահարենք,
Առևտուրը չնույնացնենք
Առուծախին...
"Բեր և տուր"-ին...
Եկեք նաև հավատ տածենք,
Որ կարող ենք...
Պարտավոր ենք հաղթահարել...
Եկեք նստենք,
Խորհրդածենք,
Թե անցյալի անունը մեր,
Որ ստացել ենք պապերից,
Ինչպե՞ս հանձնենք
Սերունդներին...

27-28.02.1989թ.
13.03.1989թ.
գ. Վերիշեն

Լեռնցի
08.03.2010, 16:47
Ծնվում ենք

Ծնվում ենք,
Ինչպես ամենքն են ծնվում:
Ապրում ենք,
Քանզի ծնվելուց հետո,
Թերևս, ոչինչ չի մնում անելու,
Քան ապրել:
Մեռնում ենք,
Որովհետև գալիս է մի պահ,
Երբ այլևս չենք կարող ապրել
Կամ էլ` պարզապես չեն թողնում...
Քթներս չկախենք...
Ոչինչ,
Որ ոչինչ մեր ուզելով չի լինում...
Սփոփվենք...
Ու սփոփվենք ոչ թե նրանով,
Որ մենակ մենք չենք,
Այլ նրանով,
Որ դա այդպես էլ պիտի լիներ...
Որ մեր կյանքը պարզապես
Ինքնահասկացման,
Ինքնահաստատման
Մի ակնթարթ է`
Մեր անցնելիք երկար ճանապարհից առաջ,
Որ գայթակղիչ կերպով հավերժություն է կոչվում
Ու այնքան անհրապույր անէություն:
Բառով եղել է...
Ու չկա` չի եղել...
Չմտածենք վերադարձի մասին`
Այդպես միայն հեքիաթներում է լինում,
Ու մեկ էլ աստվածներին է վիճակված
(Եթե ընդհանրապես վիճակված է
որևէ մեկին...):
Նաև պետք չէ բարեպաշտի դիմակ հագնել`
Անմիտ դրախտ ընկնելու հիմար ցանկությամբ...
Դեմք է պետք, գրո՛ղը տանի.
Մեռնենք` ինչպես կանք` առանց գրիմի,
Բայց մեռնենք ապրելուց հետո
Ու ապրենք ոչ մեռելի պես`
Ձեռքներս ծալած,
Հույսը դնելով միայն աստծո
ողորմածության վրա...
Ապրենք` կյանքից առնելով
Ամենը, ինչ հնարավոր է
Ու նրան տրվելով
Ամբողջովին, մաս առ մաս:
Այնժամ դժոխքն էլ մեզ համար
սարսափելի չի լինի...
Ավելի շատ էություն`
Եվ անէությունն էլ կդառնա շոշափելի...
Իսկ թե մեզանից մի բան մնա,
Լինի դա մեր գիտությամբ,
Թե առանց մեր գիտության,
Թող լինի ո՛չ պատահաբար,
Այլ մնա,
Եթե պետք է, որ մնա,
Եթե արժե, որ մնա...
Հավատանք, որ կմնա...

Բայց թող թույլ տրվի մեզ ասել,
Որ անդրաշխարհային կյանքը մեզ
Դեռևս չի հրապուրում...

Լեռնցի
18.03.2010, 14:02
Ստել, գուցե, կարելի է...
Սակայն պետք է
Հաշվի առնել լսարանը.
Եթե պիտի չհավատան`
Արժե՞, արդյոք, իզուր ճգնել,
Եթե պիտի իսկույն կուլ տան`
Ինչո՞ւ խաբել միամիտին:
Դե, իսկ եթե
Ոչ այս, ոչ այն
Եվ էլ դեմքիդ ոչ մի մկան
Չի շարժվելու`
Փորձիր ստել:

29.11.1991թ.

Լեռնցի
07.05.2010, 10:36
Լսո՞ւմ էք, լորդեր,
Կոմսեր, բարոններ,
Դուք, որ ճանկել էք
Մի կտոր օրէնք,
Մի՞թէ կարծում էք
Օրէնքն անտէր է,
Մի՞թէ կարծում էք,
Թէ ձեր դեմ արդեն
Օրէնքն անճար է.
Կամ թէ` բազմելով
Ձեր բազկաթոռին,
Դարձաք հանճարներ:
Հեռու չէ ժամը,
Ձեր հերթն էլ կգա.
Օրէնքը արդեն
Ինքն է իր տէրը:
Անտէրը դուք էք,
Դուք անճարներ էք.
Հանճարներ կգան:
Եթէ աթոռն էր
Գծում ձեր ուղին,
Նրանք աթոռին
Ուղի ցոյց կտան:

19.12.1987թ.

Լեռնցի
25.10.2010, 11:55
Չէ՛... Չպիտի՛... Չի՛ լինելու

Չէ՛...
Չպիտի՛...
Չի՛ լինելու
Մարող հաւատ, մեռնող քանքար...
Չէ՛...
Չպիտի՛...
Չի՛ լինելու
Բորբ արեւ՛ը կիսալուսին...
Չի՛ լինելու...
Չի խառնուելու
Այս աշխարհում մութը լոյսին...
Չէ՛...
Չպիտի՛...
Չի՛ մթնելու երկինքը լուրթ...
Չէ՛...
Չպիտի՛...
Չի՛ մեռնելու
Մեռնել չուզող մի ժողովուրդ:

Եթէ անգամ
Էլ աշխարհում
Ոչ խաչ լինի ու ոչ` խաչքար,
Եթէ անգամ
Լեռներն ամէն
Հառնեն, որպէս խաչ ու խաչքար,
Եթէ ամգամ
Լինելու են
Նոր ջրհեղեղ ու նոր տապան,
Եթէ անգամ
Լինելու է
Նորից Ադամ...
Ադամորդի...
Միւնոյնն է.
Արարատը
Չի՛ դառնալու տապանաքար
Արարատեան ժողովրդին...

18-19.02.1989թ. գ. Վերիշեն

Սպարտակ Բակունց

E-la Via
25.10.2010, 13:11
Լեռնցի շատ շնորհակալ եմ, որ մեզ հնարավորություն եք տալիս ծանոթանալ Սպարտակ Բակունցի ստեղծագործություններին: Կարդալուց հետո զարմանում եմ, որ նրա գործերը չեն տպագրվել ու արժանի գնահատանք չեն ստացել: Նա իրոք լավ է գրել: Ինձ հատկապես դուր եկավ «Ծնվում ենք»-ը, որի յուրաքանչյուր տող ներծված է իմաստությամբ ու ճշմարտությամբ: Այս մեկը շատ-շատ լավն է:):


Ծնվում ենք

Ծնվում ենք,
Ինչպես ամենքն են ծնվում:
Ապրում ենք,
Քանզի ծնվելուց հետո,
Թերևս, ոչինչ չի մնում անելու,
Քան ապրել:
Մեռնում ենք,
Որովհետև գալիս է մի պահ,
Երբ այլևս չենք կարող ապրել
Կամ էլ` պարզապես չեն թողնում...
Քթներս չկախենք...
Ոչինչ,
Որ ոչինչ մեր ուզելով չի լինում...
Սփոփվենք...
Ու սփոփվենք ոչ թե նրանով,
Որ մենակ մենք չենք,
Այլ նրանով,
Որ դա այդպես էլ պիտի լիներ...
Որ մեր կյանքը պարզապես
Ինքնահասկացման,
Ինքնահաստատման
Մի ակնթարթ է`
Մեր անցնելիք երկար ճանապարհից առաջ,
Որ գայթակղիչ կերպով հավերժություն է կոչվում
Ու այնքան անհրապույր անէություն:
Բառով եղել է...
Ու չկա` չի եղել...
Չմտածենք վերադարձի մասին`
Այդպես միայն հեքիաթներում է լինում,
Ու մեկ էլ աստվածներին է վիճակված
(Եթե ընդհանրապես վիճակված է
որևէ մեկին...):
Նաև պետք չէ բարեպաշտի դիմակ հագնել`
Անմիտ դրախտ ընկնելու հիմար ցանկությամբ...
Դեմք է պետք, գրո՛ղը տանի.
Մեռնենք` ինչպես կանք` առանց գրիմի,
Բայց մեռնենք ապրելուց հետո
Ու ապրենք ոչ մեռելի պես`
Ձեռքներս ծալած,
Հույսը դնելով միայն աստծո
ողորմածության վրա...
Ապրենք` կյանքից առնելով
Ամենը, ինչ հնարավոր է
Ու նրան տրվելով
Ամբողջովին, մաս առ մաս:
Այնժամ դժոխքն էլ մեզ համար
սարսափելի չի լինի...
Ավելի շատ էություն`
Եվ անէությունն էլ կդառնա շոշափելի...
Իսկ թե մեզանից մի բան մնա,
Լինի դա մեր գիտությամբ,
Թե առանց մեր գիտության,
Թող լինի ո՛չ պատահաբար,
Այլ մնա,
Եթե պետք է, որ մնա,
Եթե արժե, որ մնա...
Հավատանք, որ կմնա...

Բայց թող թույլ տրվի մեզ ասել,
Որ անդրաշխարհային կյանքը մեզ
Դեռևս չի հրապուրում...

Լեռնցի
25.10.2010, 14:28
Լեռնցի շատ շնորհակալ եմ, որ մեզ հնարավորություն եք տալիս ծանոթանալ Սպարտակ Բակունցի ստեղծագործություններին: Կարդալուց հետո զարմանում եմ, որ նրա գործերը չեն տպագրվել ու արժանի գնահատանք չեն ստացել: Նա իրոք լավ է գրել: Ինձ հատկապես դուր եկավ «Ծնվում ենք»-ը, որի յուրաքանչյուր տող ներծված է իմաստությամբ ու ճշմարտությամբ: Այս մեկը շատ-շատ լավն է:):

Խնդրեմ way ջան:
Նրա գրքոյկը լոյս տեսել է, բայց վաճառքի չկայ: Իր եղբորից կարող ես վերցնել, եթէ Գորիսում լինես: :)
Ես ընթացքում կը տեղադրեմ տարբեր գործեր:

Լեռնցի
25.10.2010, 14:32
Ո՞վ է շունչը ժամանակի.
Այս հարցն այնքան տիրական է,
Որ, առօրյա իմ խոհերը
Մի կողմ թողած,
Հանդնգնում եմ փնտրել սրա պատասխանը:
Սակայն, ավա՜ղ,
Այս կյանքն այնքան վատ գիտեմ ես,
Որ չգիտեմ, կգտնե՞մ, թե՞
Մտքերի մեջ խորասուզված,
Չեմ նկատի հարմար պահը...
շունչ դառնալու:

Ո՞րն է շունչը ժամանակի.
Փոթորի՞կը, որի անգամ թեթև շնչից
Օվկիանոսը կփրփրի,
Թե՞ փրփուրը,
Որ թվում է, թե հեծել է խոլ ալիքին,
Բայց... փրփուր է,
Ինչպես կյանքում ամեն փրփուր
Մի քիչ օդ է ու մի քիչ ջուր:

Նա՞ է շունչը ժամանակի,
Ով, ընկնելով մարտի դաշտում,
Պատմությունն է կերտում ազգի`
Պատմության մեջ հիշվելով լոկ որպես զինվոր,
Թե՞ նա, որ իր տաքուկ բնում`
Ազգի շահը դրոշ արած,
Կործանման է տանում ազգին`
Հանուն շահի
.........................................................
Ո՞վ է շունչը ժամանակի,
Այս հարցն այնքան տիրական էր,
Որ, առօրյա իմ խոհերը մի կողմ թողած,
Փորձ արեցի գտնել դրա պատասխանը....
Սակայն, ավա՜ղ,
Իմ բնույթին հավատարիմ`
Մտքերիս մեջ մոլորվեցի
Ու կորցրի հարմար պահը շունչ դառնալու:

Լեռնցի
29.10.2010, 10:31
Հայ լինելն այսօր
Որքան պատիւ է, նոյնքան էլ` պատիժ.
Պատիւ է, քանզի
Այնքան որոշ է
Առաքինութեան դրոշմը
Նրա միշտ բաց ճակատին,
Առավել եւս,
Երբ շուրջն ամէն ինչ
Ծածկուած է ստի թանձր շղարշով:
Պատիժ` քանի որ
Դեռ ոչ մի օրէնք
Հաշուի չի նստել
Ճշմարտութեան հետ:

Ստացւում է այսպէս`
Սպանելը մեղք չէ,
Սպանուելն է հանցանք,
Ստելը մեղք չէ,
Բացայայտելն ու յայտնելն է հանցանք:

Lianik
29.10.2010, 11:05
մի հարց ունեմ...
Սպարտակ Բակունցը որևէ արյունակցական կապ ունի՞ Ակսել Բակունցի հետ..:think

ստեղծագործություններից մի երկուսը կարդացի...բավականին հաջող էին, ավելի համաքական պատկերացում կկազմեմ բոլորն ընթերցելուց հետո :)

Լեռնցի
29.10.2010, 16:56
մի հարց ունեմ...
Սպարտակ Բակունցը որևէ արյունակցական կապ ունի՞ Ակսել Բակունցի հետ..:think

ստեղծագործություններից մի երկուսը կարդացի...բավականին հաջող էին, ավելի համաքական պատկերացում կկազմեմ բոլորն ընթերցելուց հետո :)

Հա Բագուն ցեղն ա էլի, («ա»-ն կարդալ գորիսի բարբառին յատուկ), մի ցեղ են: Սովորաբար ունց-ով ու կրկնուող ազգանունները նոյն ցեղից են:

Լեռնցի
02.11.2010, 13:00
Ինձ որ մնա` որոշ բառեր բառարանից կը հանեմ,
Որովհետև եղած-չեղած, իզուր տեղ են գրաւում,
Բառերով ենք սնուել, սնւում, բառին մարմին ո՞վ կը տայ,
Գուցէ թէ մենք միայն գիտենք սնամէջ ճառն ի՞նչ արժէ:

Ինձ ով կասի` ձեռքի վրայ մարդու խիղճը ի՞նչ արժեր,
Սիրամարգի վառ գոյներով ագռաւ ներկելն ի՞նչ արժեր,
"Ազատութիւն" կոչուած դաժան ու մարդակեր փողոցում
Մի ազգ մորթելն ու անպատիժ հոխորտալը ի՞նչ արժեր:

Մարդ ենք, էլի, մենք էլ գիտենք խօսել, դատել, մտածել,
Ինչ-որ մի տեղ ինչ-որ բանի մենք էլ հաւատ ենք տածել,
Խօսքը մեր մէջ (թէև մէկ է), խօստովանիր ապերախտ,
Բարեկամի դիմակի տակ փոս փորելը ի՞նչ արժեր:

Շատ ենք լսել, թէ աշխարհում վատ հանրութիւն չի լինում,
Թէ այդպէս է` թող բարձրաձայն գոնէ մէկը ձեն հաներ,
Բերանները ջու՞ր են առել, թէ՞ բան չունեն ասելու/
Խօսք չես գտնում, օ՜, գերագո՛յն, քո լռութիւնն ի՞նչ արժեր:

Ինչ հոսում է քո երակում, կարծես ուրիշ գոյն ունի,
Քո հաւատը իմ հաւատից, կարծես, ուրիշ բոյր ունի,
Վե՛ր կաց, ժամն է, խօստովանի՛ր. ասա այսպէս ու այնպէս,
Նաեւ ասա՛, թէ անթափանց այս վարագոյրն ի՞նչ արժեր:

Ով չիմացաւ` ներկայացման շահող տոմսը ու մնաց,
Ով չիմացաւ, թէ ձեռնունայն վերադառնալն ում մնաց,
Հազար գոյն եմ տեսել դեմքիդ, իմ ուզածը չկար, չէ՛,
Ա՜խ, չիմացանք, թէ ամոթից շառագունելն ի՞նչ արժեր,

..............................................................................................

Արդարութիւն կոչուած բառը թէ աշխարհում չլիներ
Անարդարի ձեռքն էլ, գուցէ, աշխարհին բեռ չլիներ:

7.10.1989թ.
Սպարտակ Բակունց

Լեռնցի
18.11.2010, 13:22
Իմ ուզածն ի՞նչ է.
Պարզապես, որ մեզ անմիտ չկոչեն,
Պարզապես, որ մենք անհետ չկորչենք…

Ամենքի շուրթին մի խոսք է այսօր,
Թե մենք անհաշտ ենք
Ու անմիաբան…
Եվ ինչի՞ համար.
Որ մենք ամենքս ու ամեն հարցում
Ունենք մեզ հատուկ սեփական կարծիք…
Երբ գլուխներդ կդնեք բարձին`
Մի պահ մտածեք,
Արդյո՞ք, ինքներս թշնամին չենք մեր`
Թե՛ մեր կարծիքին կառչելու համար,
Թե՛ այն համոզման,
Իբրև ուրիշն է ի վերուստ սխալ,
Մեր թերությունը
(Իսկ եթե իրավ միաբան չենք մենք)
Ի լուր աշխարհի հայտարարելու…
Արժե այս կետով մենք մեզ ուրանանք,
Որ պատմությանն էլ ուրացող չտանք…
Որ ինքներս մեզ արքա չթվանք
Եվ որ այսուհետ էլ աչք չտնկենք
Թեև ցանկալի,
Բայց… միակ թախտին:
Եկեք ազգովի նվիրվենք ազգին`
Ապավինելով ոչ մեր կարծիքին,
Այլ ամուր բազկին
Եվ գնանք միակ մի ճանապարհով,
Թող` տարակարծիք,
Սակայն` միասին,
Ոչ թե միաձայն,
Այլ լոկ` միաբան…
Այն համոզմունքով,
Որ լավ է զոհել կարծիքները բյուր,
Քան ազգը` բյուրեղ,
Որ լավ է լինել ազգով միաձույլ,
Քան ազգով` ձուլվել,
Եվ դրանով մենք դառնալու ենք ավելի զորեղ…
Ու թող, որ արքան ուրիշը լինի`
Շահողը մենք ենք:
Ինձ ճիշտ հասկացեք.
Ես ինքս էլ դեմ չեմ և արքա լինել,
Բայց արի ու տես`
Նախանձում եմ և զինվորի փառքին:
Իսկ մենք լծված ենք միևնույն կառքին.
Էլ չմտածենք,
Թե կառապանը ով է լինելու,
Այլ` թող ամեն ոք ինքն իրեն հանի…
Ես համոզված եմ,
Որ ճիշտ ընտրություն անելու համար
Մեզ խանգարում է սեփական “Ես”-ը`
Մեր ընդդիմախոս. փառասեր կեսը…
Չլսե՛ք նրան…
Որ դարեր հետո,
Երբ ուրիշ ազգեր լինեն-չլինեն`
Մեր մայրերն էլ երկնեն հայերեն,
Մեր մտքերն էլի մեկնեն հայերեն,
Մեր լեռներն էլի հայերեն հառնեն,
Որ մեր մեռնելն էլ հայերեն լինի:

Պարզապես, որ մենք անհետ չկորչենք,
Պարզապես, որ մեզ անմիտ չկոչեն:

25-26.26-11-1989թ.
06.08.1990թ.

Սպարտակ Բակունց

E-la Via
18.11.2010, 16:46
Լավն է :)…
Շատ լավ է բնութգրում մեզ հատուկ գծերը: Խոսքն ուժեղ ու տեղին է հնչում:
Ցույց է տալիս թերությունը, միևնույն ժամանակ՝ դրանք շտկելու ուղին:
Երանի թե նրա նման մտծաողեր շատ լիներին…