PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Սերխիոյի, Kuk-ի և Ուրվականի համատեղ պատմվածքը



Chuk
13.02.2010, 21:17
Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Սերխիո (http://www.akumb.am/member.php/4733-%D5%8D%D5%A5%D6%80%D5%AD%D5%AB%D5%B8)ն սկսում է, Kuk (http://www.akumb.am/member.php/11745-Kuk)-ը շարունակում է, Ուրվական (http://www.akumb.am/member.php/2473-%D5%88%D6%82%D6%80%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)ն ավարտում:

Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ), նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/33221-%C2%AB%D5%84%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A8%C2%BB-%D5%BA%D6%80%D5%B8%D5%B5%D5%A5%D5%AF%D5%BF-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6):

Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:
Առաջին մասնակիցն ունի երեք օր՝ իր հատվածը տեղադրելու համար:
Հաջորդ մասնակիցներից ամեն մեկը նախորդ հատվածի տեղադրումից հետո ունի երեք օր ժամանակ՝ շարունակելու համար:
Այդ ընթացքում չգրելու դեպքում ինձ իրավունք եմ վերապահելու փոխել մասնակցին: Սա անում եմ՝ հաշվի առնելով նախորդ փորձը: Եթե այս կանոնի հետ անհամաձայնություններ կան, գրեք այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php/701-Մեր-համատեղ-պատմվածքը-քննարկումներ):

Սերխիո
15.02.2010, 03:30
Մինչ թուրքերը 1453թ. մայիսի 30-ին կգրավեին Կոստանդնուպոլիսը, այն չքնաղ քաղաք էր ` աշխարհի մշակույթի և առևտրի կենտրոն, ուր բացի բյուզանդացիներից ,ապրում էին հայեր, հույներ, ասորիներ,վրացիներ և այլ ազգեր...Այս գունեղ բնակչության մեջ էին մարդասպաններ, պոռնիկներ, պոետներ, փիլիսոփաներ ... Իսկ այժմ երբեմնի քրիստոնեության կենտրոնի վրա տարածվել է մուսուլմանական Ստամբուլը , իր հակասական թաղամասերով: Ստամբուլը այժմ էլ Եվրոպայի խոշոր քաղաքներից է, բայց բացի իր զարգացած հատվածից, ունի նաև ասիական ծայրամասերը ,որոնք նման են հետնախորշերի, և այս թաղամասերից մեկում էլ ապրում է Սուլեյմանը` իր բազմանդամ ընտանիքով `վեց երեխխաների և կնոջ հետ: Սուլեյմանը բեռնակիր էր աշխատում Ստամբուլի նավահանգիստներից մեկում ,իսկ իր օրավարձ անչափ քիչ էր ընտանեկան հոգսերի համար, որոնք ավելի ծանր էին, քան իր մեջքին դրված ցորենի պարկերը, որոնք բեռնաթափում էր նավերից:
Մի գիշեր չկարողանալով մտածմունքներից քնել, դուրս եկավ իր հողաշեն տան բակը, երբ լսեց մանկան խուլ ծիծաղ, որը գալիս էր բակի խորքից: Ու քանի նա մոտենում էր իր բանջարանոցին ,որտեղ աճեցնում էր կարմիր պղպեղները, մանկան քրքիջը սկսեցի ավելի հաստակ լսելի լինել,բայց արդեն ավելի նման լացի: Շփոթված այս ամենից, Սուլեյմանը վառեց ծխախոտը և վերադարձավ տուն` ինքն իրեն ենթադրելով , որ հարևանի երեխաներից մեկը կլինի: Մի քանի անգամ ագահորեն ծուխը քաշելով թոքերը , նա մտավ անկողին , հավանաբար նոր էր քունն իջել աչքերին ,երբ այս անգամ ,կարծես, գլխի մեջ սկսեց լսվել մանկան ձայնը, բայց արդեն դրանք հասկանալի բառեր էին .<< Խեղդվում եմ...Հայրի~կ, մի ' արա..>>
Սուլեյմանը վեր թռավ անկողնուց, ու շտապեց երեխաների սենյակը,որն ավելի նման էր մանկատան ննջասենյակի: Սուլեյմանը ինքն էր ուրագով ու սղոցով պատրաստել նրանց մահճակալները երկու հարկով, ու քանի որ իր հողե աղյուսներով շարված ու կավից ու եղեգնից կտուրով խրճիթը ուներ երկու ննջասենյակ, այս մեկում կար նմանատիպ երեք մահճակալ : Համոզվելով , որ երեխաները խոր քնի մեջ են` հրաշտակային ժպիտներով, նա վերադարձավ ննջասենյակ: Պառկելով և համոզվելով ,որ դա ուղղակի ծանրաբեռնված օրվա արգասիքն էր` քնեց:
Մեկ շաբաթ էր անցել այդ դեպքից. գիշերվա երեքին Սուլեյմանը իր անքուն գիշերներից մեկում լսեց այս անգամ մի խռպոտ տղամարդկային ձայն. <<Ոսկի~...Մե~ծ ոսկի >>: Սուլեյմանը գնաց խոհանոց, որ ջուր խմի, հասկան ,թե ինչ է կատարվում, ու խոհանոցի պատուհանին տեսավ մի կատվի, որի աչքեր փայլում էին ֆոսֆորի պես: Տեսնելով մարդուն` կատուն փախավ`իր հետ տանելով գառան դմակը, որն առել էր Սուլեյմանը իր ողջ օրվա աշխատավարձով: Սուլեյմանը չէր կարող այդպես հեշտությամբ բաժանվել դժվարությամբ տրված սննդից ու կատվի հետևից վազեց բակ ու հասավ միչև պղպեղի մարգերը: Ի զարմանս Սուլեյմանի` կատուն համառ ու վստահ ծառս էր եղել և ագրեսիվ , շանթող հայացքը գցել էր նրա վրա, դա ինչ-որ չափող սաստեց Սուլեյմանին ու նա էլ մի պահ կանգ առավ :
-Փորիր այստեղ `պղպեղների տակ ,դա լավ գործարք է,- ասաց կատուն ու անհետացավ դմակի հետ:

Սուլեյմանը ապշել էր :Սարսուռը պատեց նրա ոսկրոտ մարմինը, երկար ,ցցված ծնոտ կախ էր ընկել, աչքերը դուրս էին գալիս ակնակապիճներից: Նա դողացող մատներով վառեց ծխախոտը, բայց առաջին իսկ ծխի կլանումից հետ շպրտեց այն ու վազեց տուն , բայց չարթնացրեց, ոչինչ չասեց կնոջը, ու կծկվելով վերմակի մեջ` խորը քուն մտավ:
Առավոտյան, առաջին բանը, որ մտաբերեց ` կատուն էր, խոսացող կատուն , և նրա բառերը ` << Փորիր պղպեղների տակ...>> : Վերցնելով բահը `շտապեց այգի, ու ժրաջանորեն փորեց 1-1,5 մետր ,մինչ հասավ մի կարասի : Կարսաը լայն էր ու կարճ , բերանը փաթաթված էր արդեն փտած լաթի կտորներով : Անհամբերաբար պոկռտելով լաթի մի քանի շերտ, մաքրեց կարաս պռունկները,բայց այն խցանված էր մի մեծ խցանով,այն էլ քրքրելով իր գրպանի դանակով `բացեց կարասը: Կարասի մեջ խցկված էին նորից կտորներ, բայց արդեն գույները պահպանած մետաքս էր ,որից մի քանի հատ դուրս բերելով, տեսավ վրան ասեղնագործած խաչերի մի շրջան , իսկ շրջանի ներսում ,ինչ-որ էակ էր գործված: Մի քանի տարբեր գույներով նման կտորներ դուրս բերելուց հետո, Սուլեյմանը էլեկտրահարվածի նման հետ ընկավ մեջք վրա գետնին , ապա չոքեչոք մոտեցավ կարասին` համոզվելու իր տեսածին...
Ներսում մանկահասակի կմախք էր: Մի քիչ համարձակություն ձեռք բերելով , և ակամա հետաքրքրասիրությունից դրդված ,նայեց կարասի խորքը և տեսավ ոսկյա մի մեծ խաչ, որը կկշռեր 400-450 գրամ: Մոռանալով կմախքը , նա ձեռքը գցեց ոսկուն , և դուրս բերելով ,զգաց ծարությունը... Դա բավական էր, որ ընտանիքի հոգսերը թոթափվեին, միգուցե կարողանար նաև տունը վերանորոգեր կամ ընդարձակեր,ավելացներ սենյակները: Հրճվելով այդ մտքերից ` նա արդեն անփութորեն կարասը իր գետնափորը ուղարկեց, և ծածկեց հողով:
Երեկոյան ոսկի արդեն իրացրել էր շուկայում , և ուտելիքի առատ պաշարներով վերադարձել էր տուն: Բոլորը ուրախ էին Սուլեյմանի գտածոյի համար, Ալլահին էին փառաբանում`իր ողորմածության համար, լուրջ և անտարբեր էր այդ ամենին միայն Սուլեյմանի կրտսեր որդին ` Շենոլը...

Kuk
15.02.2010, 23:59
-Շենոլ, ինչո՞ւ ես տխուր,-հարցրեց մայրը, ով առանձնահատուկ ուշադրության էր արժանացնում Շենոլին դեռ մանկուց, քանի որ նրա հետ հաճախ էին տաօրինակ ու նույնիսկ սարսափելի դեպքեր պատահում:
-Ոչինչ, մայրիկ, ուղղակի միքիչ հոգնած եմ, այսօր շատ եմ վազել,-պատասխանեց, ինչպես միշտ էր պատասխանում՝ սառը հայացքով, որի հետ ոչ մի կերպ չէին կարողանում համակերպվել նույնիսկ հարազատ ծնողները: Անծանոթ մարդկանց մոտ այդ հայացքը սարսափ էր առաջացնում, դա դատարկ ու սառը այն հայացքն էր, որ Շենոլի դեմքից հազվադեպ էր վերանում:
Նա թեև զավակներից կրտսերն էր, բայց առանց բացառության՝ ամեն ինչով գերազանցում էր մյուսներին. բոլորից խելացի էր, բոլորից ճարպիկ, նույնիսկ ֆիզիկապես էր բոլորից ուժեղ, և այս ամենը նրան շնորհվել էր ի ծնե:
Երեկոյան, երբ պատրաստվում էին քնել, Շենոլն ասաց, որ գլխացավ ունի և ցանկություն հայտնեց քնել ծնողների սենյակում՝ պատճառաբանելով, որ ավագ եղբայրը քնած ժամանակ խոսում է և իրեն խանգարում, և քանի որ գլուխը ցավում է, այս գիշեր ուզում է հնարավորինս հանգիստ քնել: Ծնողներն, իհարկե, չառարկեցին, չնայած այնքան էլ գոհ չէին իրենց այդ որոշումից, երևի ցանկանում էին գիշերը «տոնել» իրենց ընտանիքի՝ վերջին տարիների միակ խոշոր նյութական ձեռքբերումը, իսկ Շենոլի ներկայությունն անպայման կխանգարեր նրանց, բայց միևնույնն է՝ կրտսեր որդուն նրանք չէին համարձակվում հակառակվել. դա, կարելի է ասել, հակացուցված էր:
Լուսաբացին երեխաների սենյակից հնչած տարօրինակ աղմուկի՝ բացականչությունների ձայնից արթնանալով՝ հայրը վեր ցատկեց մահճակալից և նետվեց դեպի դուռը՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում երեխաների հետ: Հոր ոտնաձայներից արթնացավ նաև մայրը, մի քանի վայրկյան անց նաև Շենոլը, և նրանք նույնպես վազեցին աղմուկի ուղղությամբ, որն արդեն շատ ավելի բարձր էր ու ավելի խառը, քանի որ այդ աղմուկին խառնվել էր նաև հոր ձայնը: Շենոլն ու մայրը մտնելով սենյակ՝ տեսան պատերի տակ կուչ եկած երեխաներին, նրանցից մեկը լացում էր, մյուսը՝ սարսափահար դողում, մյուսները հավաքված էին հոր շուրջը, ով հատակին կուչ եկած, գլուխը ներքև կախած՝ ուղղակի գոռում էր՝ առանց ինչ-որ բառ ասելու: Մայրը ապշած մնաց, իսկ Շենոլը միանգամից նետվեց հոր կողմը, մի կողմ հրեց ավագ քրոջը՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում: Եվ ահա նա քարացավ, ծնկի եկավ՝ ողջ մարմնի ծանրությամբ ընկնելով ծնկների վրա, որից հատակը դղրդաց նույնիսկ: Նրա դեմքի արտահայտությունը դիմացը կանգնած եղբորը ստիպեց մի քանի քայլ նահանջել, քանի որ այդ դեմքն առավել սարսափելի էր այդ պահին, քան այն, ինչ կատարվել էր: Վերջապես Շենոլը շարժվեց, նա գրկեց հոր ծնկներին ընկած քրոջ անկենդան, արնաշաղաղ մարմինը, կանգնեց ոտքի և գլուխը կախ մի քանի րոպե անձայն նայում էր քրոջ բաց աչքերին, որոնցից, թվում էր, թե դեռ արցունքներ են հոսում: Շենոլը երբեք չէր լացում, և այս դեպքը բացառություն չեղավ, միայն արցունքներ էին գլորվում նրա աչքերից, բայց դեմքի արտահայտությունը մնում էր անփոփոխ, և տպավորությունն այնպիսին էր, կարծես արցունքներն իրեն չէին պատկանում:
Աղջնակի մահից մեկ շաբաթ էր անցել, ծնողները դեռ ուշքի չէին գալիս, չէին կարողանում մտածել այդ ուղղությամբ, հասկանալ, թե ինչ կարող էր պատահած լինել, իսկ երեխաներն ինչ-որ տեսարաններ էին նկարագրում, որոնց միջից՝ երազն իրականությունից տարանջատելը, մեղմ ասած, հեշ գործ չէր: Սպանված աղջնակի ներքևում քնող քույրը պատմում էր, որ այդ օրը վատ երազ էր տեսնում, իբր անձրև էր գալիս, և ինքն անտառում միայնակ էր, և երբ անձրևն այնքան է ուժեղացել, որ այլևս անհնարին է եղել բաց երկնքի տակ կանգնելը, արթնացել է և նկատել, որ իրականում նույնպես ինչ-որ ջուր է կաթում իր վրա, նայելով շուրջը՝ տեսել է պատուհանի մոտ քնած եղբորը, ով մահճակալին նստած՝ շփոթված շուրջը նայելիս է եղել, իսկ սենյակի պատուհանը բաց է եղել, սենյակի լույսը վառել է և նրանք, ովքեր արթուն էին, սկսել են ճչալ՝ տեսնելով իրենց քրոջն արյան մեջ պառկած:
Գիշերը, երբ բոլորն արդեն քնած էին, հայրը դուրս էր եկել խրճիթից և դռան դիմացի փայտե նստարանին նստած, ծխամորճը ձեռքին, մտքերով տարված երկնքին էր նայում, երբ ինչ-որ խոսակցության ձայներ լսեց և մի քանի վայրկյան անց միայն գլխի ընկավ, որ ձայները տարօրինակ են. չէ՞ որ բոլորը քնած են: Միանգամից վազեց երեխաների սենյակի պատուհանի կողմ, և դեռ շատ չմոտեցած նկատեց, որ ինչ որ մեկը նայում է պատուհանից. «Եթե երեխաներից մեկն է, ապա Շենոլն է, բայց ո՞ւմ հետ է խոսում, այնտեղ ոչ ոք չկա»: Նա կռացավ այնքան, որ շարժվելու համար ստիպված էր սողալ. թփերի ետևով հնարավորինս մոտենալով պատուհանին՝ հայրը նկատեց պատուհանի տակ նստած կատվին, նա ճանաչեց կատվին, արդեն ճանաչեց նաև նրա ձայնը: Հայրը չէր սխալվում, պատուհանից նայողն իսկապես Շենոլն էր, ով զրուցում էր կատվի հետ…

Ուրվական
20.02.2010, 16:18
Կներեք, եթե փչացնում եմ պատմվածքը...

-Այո, Շենոլ,- խոսեց կատուն,- սա արյուն էր փողի դիմաց: Քո հայրը գնաց այդ քայլին: Սա քո հոր ընտրությունն էր: Եվ պատահական չէ, որ դու ինձ ճանաչում ես դեռ ծնվածդ ժամանակից: Այդպես էր պետք, ես պետք է քեզ ուղեկցեմ քո ամբողջ կյանքում, հուշեմ, թե ինչ ճանապարհ պետք է ընտրել կյանքում: Դու տարբեր ես բոլորից, դու չպետք է ապրես այս անիծված ընտանիքում: Դու գիտես, որ այս տունը քո հորը ժառանգվել է քո պապի հորից, որն ապրել է Բասենում, հայերի մեջ, և հայերի ցեղասպանությունից հետո տեղափոխվել այստեղ: Իսկ հիմա ժամանակն է, որ դու իմանաս, թե ով է եղել նա իրականում...
Սառը քրտինքը պատեց Սուլեյմանին... նա փորձեց առաջ գնալ, և սպանել կատվին, բայց ոտքերն իրեն չէին ենթարկվում: Մի քար վերցրեց, շպրտեց կատվի վրա, սակայն կատուն կարծես թե թափանցիկ էր, քարն անցավ նրա մեջով: Ականջին հասնում էին կատվի պատմությունները իր պապի մասին... Անապատում սպանություններ, կախաղաններ, ցցեր, թալաններ ու բռնաբարություններ, այդ ամենն իր պապի գլխավորությամբ. պատմություններ, որն այնքան խնամքով Սուլեյմանը թաքցնում էր իր երեխաներից: Հետո տեղափոխություն Ստամբուլ, հայի սպանություն, տան խլում:
-Եվ այդ ժամանակ այս տան տերը, իրական տերը, որի ամբողջ ընտանիքին անպատվություն էր սպառնում և ոչ մեկն ի զորու չէր օգնել նրան, սպանեց իր մանկահասակ երեխային և իր ունեցած ոսկյա խաչի հետ թաղեց այստեղ՝ անիծելով թուրքերին, իսկ դրանից հետո ինքն ինքնասպան եղավ: Եվ վայ այն մարդուն, ով կփորեր այս գերեզմանը և կհաներ խաչը: Պատիժը անխուսափելի էր այդ մարդու համար: Այժմ եկել է հատուցման պահը, և բոլորը, այդ թվում և քո հայրը, մայրը և քույր, եղբայրները պետք է մահանան:
Շենոլը լսում էր համակ ուշադրությամբ... նույնիսկ մի պահ Սուլեյմանին թվաց, որ Շենոլն արտասվում է:
–Շենոլ,- մի փոքր լռությունից հետո խոսեց կատուն,- գնա, գտիր այդ խաչը, մտիր եկեղեցի, աղոթիր այդ փոքրիկի համար և այդ խաչը թող այնտեղ: Հետո արի տուն և սպանիր քո հորը: Նա իր արյունով պետք է պատասխան տա պապի արածների համար: Այդ դեպքում գոնե միայն նա կմեռնի:
–Լավ, անվրդով ձայնով արտասանեց տղան և ուզում էր փակել լուսամուտը, երբ տեսավ անշնչացած հորը: Ուզեց մի քայլ անել, բայց կանգնեց: Կատուն շրջվեց, տեսավ Սուլեյմանին և ուզեց գնալ:
-Կանգնիր,- գոչեց Շենոլը,- ես չեմ հասկանում, իսկ դու ո՞վ ես, ինչու պետք է մենք պետք է պատասխան տանք մեր նախնիների արածների համար:
Կատուն մի պահ կանգնեց, այնուհետև անհետացավ: Նրա անհետացած տեղում այն ոսկյա խաչն էր: Շենոլը զգաց, որ իր ծնկները ծալվում են: Գնաց, վերցրեց խաչը, քանդեց հողը և նորից դրեց իր տեղում...
Անցավ մի քանի ամիս... բոլորին սարսափեցրել էր այս ընտանիքի հետ կատարված պատմությունը: Իսկ Շենոլն իր եղբոր հետ իրենց բակում կառուցում էր ինչ-որ մի բան: Մի օր բոլոր հարևանները զարմանքով քրիստոնեական մատուռ նկատեցին այդ բակում:
Շենոլն արդեն խորը ծերությունն էր ապրում: Նրա երեխաները հանգիստ խաղում էին հարևան հայ երեխաների հետ: Կատուները վազվզում էին և խաղում: Դրսում արև էր: Ցեղասպանություններ այլևս չկային...

Սերխիո
20.02.2010, 21:33
Շնորհակալություն իմ լավ ընկերներ `Արթուրին ու Գոռին , որ հանձն առան շարունակել իմ պտամվածքը:
Համառոտ ընդհանուրի մասին: Իմ գրածի տրամաբանական ու սցենարային շարունակությունը Կուկը հիանալի էր կատարել ,քանի որ ես սկիզբը պատկերացնում էի այսպես` կարասի կմախքի երեխայի մեջ ` շատ դարեր առաջ, դեռ քրիստոնեական Բյուզանդիայում, եղել է չար ոգի ,որին խեղդել է հայրը ( ստեղ նմանացրել եմ << Հեռախոսազանգ>> ու << Գործ # 39>> կինոներից, ուր ծնողները փորձում են սպանել իրենց երեխային , որը ըստ էության արդեն սատանա է ): Այնուհետև նրա չար ոգին սանձել են խաչապատ մետաքսով ու Ոսկյա մեծ խաչով , որ ազատություն չստանա ու դուրս չգա երկրի երես, բայց սատանան գայթակղելով ոսկով Սուլեյմանին , ստիպեց նրան որ ազատություն տալ չարքին ... Ու Կուկը համապատասխանաբար շարունակեց, բայց Գոռը վարպետորեն շրջանցեց ու այլ , հայրենասիրական ու հումանիտարական ուղղությամբ տարավ: Շնորհակալություն ձեզ:)

Ուրվական
20.02.2010, 21:42
Շնորհակալություն իմ լավ ընկերներ `Արթուրին ու Գոռին , որ հանձն առան շարունակել իմ պտամվածքը:
Համառոտ ընդհանուրի մասին: Իմ գրածի տրամաբանական ու սցենարային շարունակությունը Կուկը հիանալի էր կատարել ,քանի որ ես սկիզբը պատկերացնում էի այսպես` կարասի կմախքի երեխայի մեջ ` շատ դարեր առաջ, դեռ քրիստոնեական Բյուզանդիայում, եղել է չար ոգի ,որին խեղդել է հայրը ( ստեղ նմանացրել եմ << Հեռախոսազանգ>> ու << Գործ # 39>> կինոներից, ուր ծնողները փորձում են սպանել իրենց երեխային , որը ըստ էության արդեն սատանա է ): Այնուհետև նրա չար ոգին սանձել են խաչապատ մետաքսով ու Ոսկյա մեծ խաչով , որ ազատություն չստանա ու դուրս չգա երկրի երես, բայց սատանան գայթակղելով ոսկով Սուլեյմանին , ստիպեց նրան որ ազատություն տալ չարքին ... Ու Կուկը համապատասխանաբար շարունակեց, բայց Գոռը վարպետորեն շրջանցեց ու այլ , հայրենասիրական ու հումանիտարական ուղղությամբ տարավ: Շնորհակալություն ձեզ:)
Պյոտր, ախր ես էս ոճից էնքան հեռու եմ, որ մի քանի օր մտածում էի, թե ոնց շարունակեմ, որովհետև Արթը քո ասածը տրամաբանորեն շարունակել էր, իսկ ինձ նեղն էիք գցել: Չգիտեմ, ինչքանով ստացվեց իմ գրածը, բայց սրա կայֆն էս ա, որ չգիտես, թե մյուսն ինչ կգրի: Օրինակ, քո մտքով կանցներ, որ կատուն հեչ էլ քո մտածած կատուն չի:D: Լավն էր, հետաքրքիր էր:
Ապրեք, տղեք:

Սերխիո
20.02.2010, 21:47
որովհետև Արթը քո ասածը տրամաբանորեն շարունակել էր, իսկ ինձ նեղն էիք գցել:

Էսի ամենաբոց պահն ա, որովետև ես ու Կուկը փի-էմով գրվանք ու էլ էս կարծիքին էինք ու բացել էր:D:D

Գոռ ջան , էլի եմ ասում մեր միստիկայի մեջ ճիշտ , բարոյախրատական ու խոհափիլիսոփայական բան էս մտցրել :ok

ars83
20.02.2010, 22:11
Հետաքրքիր եք գրել, շնորհակալություն տեղադրելու համար: :)

Էս ի՞նչ եք լսել բոլոր ստեղծագործողներդ, միստիկական բաներ եք գրում միայն: :think (որոնք վերջում բավականին սթափ կերպով ավարտվում են ;) )

Ambrosine
20.02.2010, 22:36
Որ Պետրոսը չասեր պատմվածքի մասին, չէի կարդալու: Շատ հետաքրքրիր եք գրել: Պետրոսը սկսեց պատմաբանի նման՝ թվականով, տեղանունով, Կուկը պատմվածքը շաղախեց արյամբ:D, իսկ Գոռը բերեց-հանգեցրեց այսօրվա խնդիրներից մեկին՝ ցեղասպանությունների դադարեցմանը: Ապրեք:)

Սերխիո
20.02.2010, 23:06
Պետրոսը սկսեց պատմաբանի նման՝ թվականով, տեղանունով,
ընդամենը բակալավրի աստիճանով :oy

Ինչու՞ Ստամբուլ- մույս շաբաթ օրը գնալու եմ Ստամբուլ:D բացի դա քաղաքակրթության նախկին կետրոն ա:
Ինչու՞ սև կատու-Դուրս եկա մեր տան բակը ծխելու ,տեսա հարևանի կատուն եկել ա մեր հայաթ, ստեղից էլ միտք:8
Ինչու՞ կարաս-Պապսը մեր տունը,որ սարքելա 50-ականներին , եղել ա ժամանակին պարսկական գերեզմանոցի տարածքի վրա՝խոսքը Ղռերի մասին ա, ու երբ տան հիմքը սարքելուց ա եղել , տեսել ա լաթով փաթաթված կարասներ հողի տակ , բայց տատուս հետ որոշել են չբացել ,քանի որ 98 տոկոսով մեռել ա եղել մեջը,իսկ միգուցե՞ ոսկի:think:o Ամեն դեպքում ,ետ տարածքում 2 տարի առաջ տուն սարքեցի, բայց էլի չբացեցի կարասը:)

Սերխիո
23.02.2010, 23:39
Ինչու՞ կարաս-Պապսը մեր տունը,որ սարքելա 50-ականներին , եղել ա ժամանակին պարսկական գերեզմանոցի տարածքի վրա՝խոսքը Ղռերի մասին ա, ու երբ տան հիմքը սարքելուց ա եղել , տեսել ա լաթով փաթաթված կարասներ հողի տակ , բայց տատուս հետ որոշել են չբացել ,քանի որ 98 տոկոսով մեռել ա եղել մեջը,իսկ միգուցե՞ ոսկի:think:o Ամեն դեպքում ,ետ տարածքում 2 տարի առաջ տուն սարքեցի, բայց էլի չբացեցի կարասը:)

2 օր առաջ, նոր շինարարական գործ էի ձեռնարկել մեր տան հայաթում , ու ֆունդամենդ քանդելուց հայտնաբերեցի գանգ:scare
Ուղղակի լապատիով մի քիչ տաշեցի գլուխը:think
http://i45.tinypic.com/2wdaah4_th.jpg