PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Խխունջապատում



խխունջ«»
08.02.2010, 16:40
Տղամարդը շաղափով պատին անցքեր էր անում՝դարակների համար,երբ տան նեքևի հարկում զնգաց հեռախոսը:
«Էլի մոռացա սրան անջատել»,-փնթփնթաց քթի տակ ու գործիքն աթոռին դնելով,արագ իջավ ոլորանաձև աստիճաններով:
«Եթե ֆիրմայից լինի,պայմանավորվել ենք,որ երեքի մոտերքն եմ գծագրերը տանելու,իսկ թե եղբայրս է,նա էլ հո գիտի,որ զբաղված եմ,ինչու՞ ձեռքիս հեռախոսին չի՞ զանգում»,-շարունակում էր մտքում դժգոհել,մինչև լսափողն ականջին դնելը:
-Բարև:
Կանացի անծանոթ ձայն էր՝աշխույժ ու խորհրդավոր:Լևոնը մտքում կայծակնորեն քրքրեց սակավ ծանոթուհիների ձայների հիշադարանը:Չէ,այսպիսի ձայն չի ճանաչում:Լսափողից ձայնը շարունակեց.
-Անուշն է:Երևանում եմ մի քանի օրով,եթե ուզու՞մ ես, ժամանակ ունե՞ս՝ կարող ենք հանդիպել...
Լևոնի սրտի միջով ասես մի ճեպընթաց սուրար:Զգում էր,ինչպե՞ս է այդ ճեպընթացի սուլոցն արագորեն լցնում կուրծքը,հասնում կոկորդին,ականջները մի վայրկյանում սկսեցին ծովախեցիների պես խշշալ:Նա ճիգ արեց պատասխանելու.
-Այո',իհարկե...
Զրուցակիցը նույն անբռնազբոս տոնով շարունակեց.
-Եթե այդպես է,կհանդիպենք հրապարակի սրճարանում,լա՞վ,ես էլի գործեր ունեմ,ինձ երեքին է հարմար...
-Եղա'վ,կգա'մ...երեքին:
Լևոնը վախենում էր լսափողը լծակին դնել:Թվում էր,եթե դնի,նույն պահին կցնդի հենց նոր լսածը,կխառնվի այն միլիոնավոր անմիտ-դատարկ խոսակցությունների ժխորին,որ եռում են հաղորդալարերում:Իսկ ինքը չէր ուզում,դրա համար էլ նույնիսկ երկու ափերի մեջ առավ հեռախոսի փողը:
Միջահասակ,քառասունին մոտ ամուրի էր:Բարձրաճակատ,մի քիչ սրաքիթ,բարակ շրթունքներով ու օրեցօր նոսրացող մազերով:Նրա հայացքում նույնիսկ որոշ խորամանկություն կարելի էր նկատել,բայց ճանաչողները գիտեին իր անձնվեր ընկերասիրության ու ազնվության մասին:Քիչ ընկերներ ուներ,ծանոթները բազմաթիվ էին:Նաև այն պատճառով,որ իր ընտանիքը չէր կազմել,(ապրում էր մոր ու ուսանողուհի քրոջ հետ),նրան դիմողները համոզված էին.պատրաստակամ է ու հնարավոր ամեն ինչ կանի օգնելու համար:Մասնագիտությամբ ճարտարապետ էր:Ծանոթներն էլ նրան ինչ-որ կերպ վարձահատույց էին լինում՝տների նախագծման կամ ներքին հարդարանքի համար պատվիրատուներ գտնելով:Վաստակից դժգոհ չէր:Մի բանի համար էր նեղվում.անդառնալիորեն բաց էր թողել ջահել տարիքում ամուսնանալու հնարավորությունը:Իսկ հիմա չէր ստացվում:Մայրը ամենօրյա հորդորներով,հաճախ էլ լաց լինելով,իրենն էր խնդրում.
-Այ բալա,քանի ոտ ու ձեռից չեմ ընկել,ինչ կլինի ,որ ես էլ տեսնեմ թոռան քաղցրությունը,կնոջդ օգնեմ,երեխաներիդ դպրոց տանեմ-բերեմ...Էս ծով աղջիների մեջ մեկը չեղա՞վ՝հավանես...
Բայց Լևոնի աչքը միշտ սրտից առաջ էր ընկնում:Սիրուն հարսնացուներն իսկապես շատ են:Ու ամեն օր նրանց թիվն ավելանում է:Նույնիսկ մի երկուսի հետ փորձել էր շփվել,բայց մանրուք թվացող աննշան բաներից՝ասենք մեկը հանդիպման էր եկել ծամոն ծամելով,մյուսը աչքատակերի եզրագիծն այնքան հաստ էր քսել,որ սարսափ էր ազդում,այսպիսի մանրուքները խրտնեցրել էին Լևոնին,ու նա այլևս չէր զանգել նրանց:
Անուշը...Անուշը...ուսանողության վերջին տարվա սերն էր:Խոշորաչ,նրբիրան, ժպտադեմ աղջիկ էր,առաջին անգամ նրան իրենց մասնաշենքի աստիճաններին տեսավ.վազում էր՝դասից ուշացել էր կարծես:Իսկ ինքը,ավարտական կուրսում էր,եկել էր դեկանատ՝մի երկու բան ուներ պարզելու:Հենց նույն օրն էլ իմացավ աղջկա ով լինելը:Առաջին կուրսից էր,դիլիջանցի,Ավանում ընկերուհիների հետ վարձու բնակարանում էր ապրում:Իր բնավորության համաձայն մի երկու շաբաթ ծանրութեթև արեց,մի օր էլ հավաքեց ողջ համարձակությունն ու դասից դուրս եկած Անուշին առաջարկեց տուն ուղեկցել:Ծանոթացան:Սկսեցին հանդիպել:Հաճելի էր նրա հետ զրուցելը,կողքով քայլելը,մի քանի անգամ նույնիսկ ձեռքն էր բռնել փողոցն անցնելիս:Սիրո մասին որևէ բան չէր շտապում ասել,որովհետև դեռ համոզված չէր,նա՞ է այն միակը,ում պիտի պատմի զգացմունքների մասին:Այսպես մի յոթ-ութ ամիս,մինչև մի օր Անուշը հուզախռով ասաց.
-Ինձ ուզում են ամուսնացնել:Փեսացուն հորս սրտով է,Ռուսաստանում տուն-տեղ ունի,կահույքի ցեխ...
-Իսկ դու՞,դու համաձա՞յն ես,ուսումդ կիսա՞տ ես թողնելու:
-Չգիտեմ,խոստացել է,թե ամուսնանալուց հետո թղթերս էլ կտեղափոխի,ուսման վճարն էլ կտա...
-Այո՜...,-Լևոնը մտատանջության մեջ ընկավ:
-Իսկ դու ինձ ոչինչ չունե՞ս ասելու:
Լևոնը շարունակում էր լռել:Անիծյալ բնավորությունը թույլ չէր տալիս,որ պատմի՝ինչքան հաճելի է Անուշի բույրը,հուզմունքից դողացող ձայնը,ուսերին թափած մազերի խուրձը:
-Ամեն ինչ լավ կլինի,-ասես վանեց իրենից հարցի ծանրությունը:
Դա իրենց վերջին հանդիպումն էր,հաջորդ ամսին Անուշն ամուսնացավ ու մեկնեց Հայաստանից:Միայն նրան կորցնելուց հետո Լևոնը հասկացավ մենակության գինը:Հիշողությունն սկսեց որդի նման ուտել իրեն:Ընկերների հետ ավելի ու ավելի հաճախ տրվեց գինարբուքներին,մի երկու անգամ կազինոյում թողեց պատվիրատուից հենց նոր ստացած ողջ գումարը:Լավ էր գոնե,որ ինքն իր մազերից քաշելով,իրեն հանեց այդ ճահճից:Անուշը կարծես սրտի դռնապանը դարձած լիներ՝ընդմիշտ կողպել էր դուռն ու բանալին հետը տարել:Ուրի՞շ կանայք...կանայք իհարկե եղել էին,առավել կամ պակաս հմայիչ,Ռուսաստանում աշխատելու տարիներին հեշտ էր ոչինչ չպարտավորեցնող ծանոթություն հաստատելը:Ֆլիրտն ու բազմանշանակ ակնարկները կանայք էին սկսում ,իրեն մնում էր ընդառաջ մի կես քայլ անել միայն:Հեշտ գալիս էին,հեշտ էլ գնում:Տարիներն էլ էին անցնում:Մտքում հազար անգամ պատկերացրել էր,թե մի հրաշքով կհանդիպի Անուշին,երևակայությունը գծում էր սիրելի դեմքը՝մերթ ծիծաղկոտ,մերթ լուրջ,բայց միշտ այն հուզումնախռով պահն էր երազների հորիզոնը փակում:Երբ Անուշն իր խոսքին էր սպասում,իսկ ինքը մունջ կենդանու պես չասաց ամենակարևորը:
Մինչ երեքը դեռ չորս ժամ կար:Որոշեց շարունակել գործն ու այդ ընթացքում նաև մի քիչ սիրտը հանգստացնել,որ մոտալուտ հանդիպման սպասումից այնքան արագ էր խփում,ասես հիմա կրծքից դուրս է թռչելու:Բայց ձեռքերը դժկամորեն էին ենթարկվում իրեն:Ափերը քրտնել էին ու պտուտակահանը կարգին չէր բռնվում:Արագ-արագ հավաքեց դեսուդեն ցրված գործիքները,աչքն անընդհատ ժամացույցին էր:Գնաց լոգարան,հայելու առաջ խնամքով օճառեց դեմքն ու սկսեց սափրվել:Բազմաթիվ հարցերը փոքրիկ,տձև կենդանիների նման վիճում էին՝գլխում տեղավորվելու համար:«Անուշը...ինչու՞ է զանգել,ի՞նչ է ուզում իմանալ,իսկ ամուսի՞նը,սիրու՞մ է նրան,որտեղի՞ց գտավ իր համարը...»:
Այսքան անպատասխան հարցերի դեմ Լևոնն ինքն էլ էր ճկվում՝հարցականի նման:Սափրվելուց հետո բացեց ցնցուղն ու առաջինը մտքերից թշշացող գլուխը տվեց գոլ ջրին,հետո երկար-երկար կանգնեց ջրի շիթերի տակ:Լոգարանից դուրս գալուց նորից անհամբերությամբ նայեց ժամացույցին:Երկուսուկես ժամ էր մնում:Զգեստապահարանից վերցրեց իր սիրած ջինսը,բայց մի րոպե հետո նորից տեղը դրեց:Չէ',այսպիսի հանդիպմանը ամենօրյա հագուստով չպիտի գնալ:Հանեց կախիչից մոխրագույն,իտալական անդրավարտիքն ու նույն երանգի,մանր վանդակավոր վերնաշապիկը:Սրանցով մի անգամ ընկերոջ հարսանիքին էր եղել:Հայելու մեջ մի անգամ էլ հայացք ձգեց իրեն ու դուրս եկավ:Լավ էր,որ մայրն ու քույրը տանը չէին,թե չէ ստիպված էր լինելու նրանց հարցերի համար էլ որևէ սուտ հնարել:

խխունջ«»
10.02.2010, 18:18
Օգոստոսի արևը թրծում էր քաղաքը:Կանգառում սպասող մարդիկ հավաքվել էին ծառաբների մոտ՝փորձելով սաղարթների ստվերում պաշտպանվել անխնա ճառագայթներից:Պատերի տակ նստոտած միրգ ու ձուկ վաճառողները ձեռքների ստվարաթուղթը փութով թափահարում էին կաս-կարմիր կտրած երեսների առաջ,ձուկ ծախողը դրանով նաև ճանճերն էր քշում:Ապարդյուն:Երևանյան արևից ու ճանճերից փրկություն չկա:Թերևս միայն մետրոյում:Խորշերից փչող հաճելի սառնությունը կարծես սթափեցրեց Լևոնին:Նա դանդաղ քայլերով հասավ մինչև կառամատույցի ծայրն ու նստեց վերջին նստարանին:Դեռ ժամանակ կար,կարելի էր մտքերն ի մի բերել:Վերջապես,ինքն ի՞նչ ակնկալիք ունի,ինչու՞ է գնում վաղուց իրեն լքած այդ կնոջ հետ հանդիպելու:Չէ որ ինքն այնքան մանրախնդիր ու ծանրաշարժ է եղել կանանց հարցում,իսկ հիմա վազում է ու՞ր,ինչի՞...Այդպես էլ չգտնելով իրեն տանջող հարցերի պատասխանը,դանդաղ ելավ տեղից,ու ընդառաջ գնաց մոտեցող գնացքին:
. . .
Բացօթյա սրճարանը գրեթե դատարկ էր:Սեղաններից մեկի մոտ մի տարեց զույգ էր նստած,ամուսինը թերթից ինչ-որ բան էր կարդում կնոջը,վերջիս՝ քիչ-քիչ խմելով նարնջի հյութից,գլխով հավանության նշաններ էր անում:Մեկ էլ մի կին էր նստած սյան կողքի աթոռին,նա էլ պաղպաղակի ամանի մեջ դանդաղ պտտեցնում էր ձեռքի գդալը:Մտախոհ էր:Լևոնն ուզում էր անցնել նրա կողքից,երբ կինը կարծես հանկարծակիի գալով,բարձրացրեց հայացքը.
-Լևո'ն...
Անուշն էր:Լևոնի մեջ նիրհող շոգեքարշը նորից արթնացավ ու սկսեց սուլել:Իրեն թվաց,թե հիմա այդ շոգեքարշի ծուխը կփակի աչքերն ու չի կարողանա կարգին նայել,իմացած բոլոր բառերը մի րոպեում իմաստազրկվեցին:Մտքի քաոսից գտավ հարկավորն ու շշնջաց.
-Բարև...
Կինը տեղից վեր կացավ,մի քայլ արեց դեպի Լևոնն ու մեկնեց ձեռքը՝ողջունելու համար:Նույնն էր,բայց մինչ գոտին հասնող վարսերի ջրվեժը չկար,ու մեկ էլ աչքերի մեջ տխրությունն էր շատացել:Ուսանողական տարիների այտերի վառ թարմությունն էլ փոխվել էր մի նուրբ դալկության:Հագին մուգ կապույտ,կիսաթափանց գործվածքից շրջազգեստ էր,բայց այնպիսի հմտությամբ կարված,որ որոնող աչքն ինչքան էլ զններ,չէր տեսնի «անկարելին».միայն բազուկների ու ազդրերի սահուն գծերն էին ուրվագծվում:Մարմարե ոտքերը եզրափակվում էին մուգ,ամառային բարձրակրունկների անթիվ քուղերի խաչուկների մեջ:Ականջներին ու միջնամատին միանման զարդեր էին՝երևի ադամանդներով դրվագած:
«Մարդը լավ է պահում»,-անցավ Լևոնի մտքով:
Նստեցին:Մատուցողը կանգնեց կողքներին:
-Ի՞նչ կուզես պատվիրեմ քեզ համար:
-Ոչինչ,կամ էլ՝...ասա՝թող սուրճ բերեն՝շոկոլադով:
Լևոնն իր համար էլ սառը գարեջուր պատվիրեց:Որոշ ժամանակ լուռ զննում էին իրար:Հետո Լևոնը որոշեց ինքն անի առաջին,ծանր քայլը:
-Դեհ պատմի'ր,ո՞նց եք ապրում,ի՞նչ երեխաներ ունե՞ս,ամուսինդ ինչո՞վ է զբաղվում...
-Տղաս տասներկու տարեկան է,ամուսինս էլ կահույքի արտադրամասը մեծացրեց ,ուրիշ քաղաքներում էլ են վաճառում իրենց սարքածը:Ե՞ս,ես էլ տնային տնտեսուհի եմ,ամուսինս կատարեց խոստումը,ավարտեցի ուսումս,բայց այդ կրթությունը միայն մի անգամ պետք եկավ.երբ նոր տուն գնեցինք,միջնապատերի տեղափոխության ու ներքին հարդարանքի գծագրերն արեցի:Միայն այսքանը:Դու աշխատու՞մ ես...
-Մշտական աշխատանքի տեղ չունեմ,բայց անհատական պատվերներ են լինում,մի քանի անգամ էլ Մոսկվա եմ մեկնել,ընկերներս , լավ գործ լինելուց ,կանչում են:
-Իսկ ինչու՞ չես ամուսնացել այսքան ժամանակ:Ես մերթ ընդ մերթ մեր ընդհանուր ծանոթներից հետաքրքրվում էի քո մասին,նրանցից էլ վերցրի հեռախոսիդ համարը:Ինձ թվում էր,որ տասներեք տարի առաջ դու ինձ ամենակարևորը չասացիր:
-Դա շատ վաղուց էր,-կմկմաց Լևոնը:-Այսքան տարինեը տեսքդ միայն լավացրել են,չկարծես,թե այն ժամանակ լավը չէիր...
-Շնորհակալություն հաճոյախոսության համար,տարիները քո լեզուն էլ կարծես մի քիչ բացել են:
Մատուցողը սեղանին դրեց պատվիրվածն ու հեռացավ:Անուշը վերցրեց շոկոլադի սալիկն ու կոտրեց մի կտոր,հետո շուրթերին տարավ սուրճի բաժակը:Լևոնը շշի գարեջուրը դատարկեց գավաթը:Ճնշող լռություն էր:
-Ինչու՞ ինձ կանչեցիր այստեղ:
-Այդպես էլ անցած ողջ տարիների ընթացքում կարծում էի,թե ինձ բան ունես ասելու:
-Չես սխալվել,բայց հիմա դա անելը լրիվ ավելորդ է:
-Ինչու՞ է ավելորդ,երբ ինքս եմ այս հանդիպումը նշանակել,ես ունեմ դրանց կարիքը...
Լևոնը չէր հավատում,ավելի ճիշտ՝հրաժարվում էր հավատալ ականջներին:Մի՞թե նա՝ վաղուց ուրիշին պատկանող էակը,մայրը,բարեխնամ կյանքին սովորած այս թռչնակն էլ չի կարողացել մոռանալ իրեն:Ինչու՞...
-Ամուսնուդ հետ հարաբերություններդ լա՞վ չի...
-Ամեն ինչ հիանալի է՝կողքից նայողի համար:Բայց նրա կյանքում ամեն ինչ ճիշտ է,ու կանոնավոր:Ինչպես իր փայտամշակման հաստոցների աշխատանքը:Եթե դրանց մեջ որևէ դետալ փչանում է,անմիջապես փոխում են,մեքենան յուղում ու նորից գործի գցում:Իսկ ես այդ «պարզ մեխանիզմներից» չեմ,ինձ դժվար է գոհացնելը:
-Երբ տղամարդիկ ձեզ այնքան լավ են պահում,զուգում-զարդարում,որ ինքներդ ոչ մի հոգս չունենաք,ձեր մտքում անիրականանալի երազանքներ եք գծում,որ ձեզ տանջեք:Մի բանով պիտի զբաղվե՞ք,թե՝չէ:
-Գուցե:Բայց ամեն ինչ ասածիդ պես միանշանակ չի:Ես չեմ կարող այնքան անկեղծանալ,որ կյանքիս մանրամասները քեզ պատմեմ:
-Դրա կարիքը չկա էլ:Իմիջիայլոց,ճատարապետների տանը հետաքրիր ցուցահանդես կա,կուզե՞ս,գնանք՝նայենք:
-Ոչ,չեմ ուզում:ոՈւզում եմ քեզ հետ մենակ մնալ:
-Արի կինո գնանք:
-Դա էլ պետք չի:Մոտերքում հյուրանոցի տեղ գիտե՞ս:
Իրադարձությունները զարգանում էին սրնթաց ու անկառավարելի:Միայն ամենահամարձակ երազանքներում Լևոնը կհամարձակվեր Անուշին իրար հետ առանձնանալու առաջարկ անել:Ուրիշի կնոջ հետ՝մենա՞կ:Բայց թե բախտի անիվն այնպես պտտվեց,որ իրեն մնում է միայն «այո» կամ «ոչ» ասելը:Իսկ ինչու՞ պիտի ոչ ասի,երբ իրականում չի մոռացել նրան,հիշողության մեջ դրոշմել է անջնջելի կնիքով, վերջիվերջո,ինքն ի՞նչ ունի կորցնելու.
-Մի փողոց ներքև,իրար մոտ երկու հյուրանոց կա՝«Սևանն» ու «Շիրակը»:
Անուշը ոտքի կանգնեց:Սիրունիկ դեմքը այլայլվել էր հուզմունքից:Լևոնը վճարեց պատվերի համար ու ելան սրճարանից:Լևոնի գլխում ամենը խառնվել էր,նա զգում էր,որ ինքն իրեն չի պատկանում,ոտքերն էլ իրենը չեն,որ տանում են մարմինը մայթի սալահատակների վրայով,ձայնն էլ իրենը չի,որով ուզում է ջարդված,անմիտ խոսակցության թելը պահել՝օրեցօր գեղեցկացող Երևանի մասին:«Ինքը երազի մեջ է,ա'յ հիմա կարթնանա ու ողջ տեսիլքը կցնդի,էդպես էլ կա,զարթուցիչի զանգն է...»:Ավաղ:Հեռախոսն էր.Ֆիրմայից հիշեցնում էին,որ արդեն կես ժամից ավելի սպասում են իրեն.
«Ներեցեք,հիմա չեմ կարող խոսել,շատ զբաղված եմ»ասելով՝անջատեց հեռախոսը:
«Շիրակի» նախասրահում այցելուներին ընդունող գործավարուհին, գործից հասկացող մարդու նման, թափանցող հայացքով նախ ոտքից գլուխ զննեց նրանց,ապա.
-Մեզ մոտ նույնիսկ մի քանի ժամով համարն զբաղեցնելու համար ողջ օրվա գինը պիտի վճարեք:
-Այո,իհարկե,-շտապեց համաձայնել Անուշը:Զգացվում էր,որ նրա հոգում էլ կռիվ էր գնում՝իր համարձակ արարքի ու դրա անկարելի,անթույլատրելի լինելու գիտակցությունից:Ուզում էր վայրկյան առաջ պահվել իրեն պախարակող հազարավոր հայացքներից,կարծում էր,բոլորը,ով տեսնում է իրեն,գիտեն,թե հիմա ինքը ուր է գնալու,գիտեն իր ով լինելը,ու այս տղամարդու ով լինելը,ու այն ,ինչ պատրաստվում է անել,երիցս պախարակելի է ու աններելի:
-Անձնագիր տվեք,-շարունակեց գործավարուհին:
Անուշը աղաչական հայացքով նայեց Լևոնին:Վերջինս,որ շատ հազվադեպ էր տնից դուրս գալիս հետը փաստաթուղթ վերցնում,այսօր մի անհասկանալի մղումով անձնագիրը գրպանն էր դրել:«Սա նախախնամության կամքն է»,-մտածեց ու սեղանին դրեց կապույտ գրքույկը:
-Մառա,ուղեկցիր երրորդ հարկի 361 համարը,-գործավարուհին դարձավ կողքին կանգնած միջահասակ կնոջն ու դարակում թաքցրեց անձնագիրը:
Լևոնն ու Անուշը լռությամբ հետևեցին Մառային:


Շարունակելի...

խխունջ«»
12.02.2010, 14:20
361-ը փոքր,լուսավոր սենյակ էր՝երկտեղանոց մահճակալով,հեռուստացույցով, կանաչավուն,հնաոճ բազկաթոռների արանքի սեղանիկին դրված դատարկ ծաղկամանով:Անուշը դրեց ձեռքի պայուսակը,նստեց բազկաթոռին ու գլուխն առավ ափերի մեջ.«Այս ի՞նչ եմ անում»,-ձայնը դողաց,խզվեց կոկորդում:Հուզմունքից այտերը վառվում էին հիվանդագին կարմրությամբ,աչքերը պատմում էին թակարդն ընկած գազանի խեղճությունն ու վախը:Այլևս փախչելու տեղ չուներ:
Լևոնը շրջանցեց մահճակալը, «շոգ է» ՝ ասելով,բացեց պատշգամբի դուռը:Հետո շրջվեց , դռան կողափայտին հենված, մի քանի վայրկյան անթարթ նայում էր Անուշին:Ինքն այլևս անզոր էր որևէ բան որոշելու,իր փոխարեն ամեն ինչ կանխորոշել է բազկաթոռին կծկված,իրեն այնքան օտար և միաժամանակ նույնքան հարազատ այս կինը:Մոտեցավ,բռնելով դաստակներից,հեռացրեց ափերը դեմքից ու համբուրեց այտը:Անուշը մի տեսակ ընկրկեց ու վախեցած նայեց նրան.
-Ու՞ր կորավ համարձակությունդ:Թե միայն ինձ այստեղ բերելուն հերիքե՞ց...
Անուշը լուռ էր:Լևոնը մի բազկով ոտքերը,մյուսով իրանը գրկելով,բարձրացրեց նրան բազկաթոռից, բազուկների մեջ մի անգամ էլ համբուրեց վախվորած շուրթերն ու քայլ անելով՝մահճակալին պառկեցրեց կնոջը:Անուշը չէր շարժվում:Լևոնն սկսեց արձակել կոշիկների ճարմանդները, խնամքով հանեց ու դրեց մահճակալի կողքին,հետո գրկեց ոտքերն ու ծնկները համբուրելով՝դանդաղ բարձրացնում էր մուգ կապույտ փեշն ու համբուրում ճերմակ ազդրերը նույնպես.
-Մարմարի նման ողորկ ու ձիգ ես դու...
Անուշը նստեց մահաճակալին,ու քնքշորեն հեռացրեց տղամարդու ձեռքերը.
-Սպասիր,ես ինքս...
Հետո վեր կացավ,մի քանի րոպե լոգասենյակում չքանալուց հետո,ետ եկավ սպիտակ խավոտ սրբիչի մեջ փաթաթված,շրջազգեստը փռեց բազկաթոռին,ու արագորեն սավանի տակ սողոսկելով,սրբիչը մեկնեց Լևոնին.
-Հիմա էլ դու', կսպասեմ:
Լևոնն իրեն երկար սպասեցնել չտվեց:Պառկեց կնոջ կողքին,կրքով դեպի իրեն քաշեց դեռ խոնավ մարմինն ու այս անգամ Անուշի շուրթերը պատասխանեցին հոգեպարար,երկարուձիգ համբույրով:
Լևոնի մեջ նորից սկսեցին շոգեքարշներ սուրալ:Նա համբուրում էր վաղեմի սիրելիի աչքերն ու այտերը,պարանոցն ու կուրծքը,ու մեջը կուտակված կարոտը նորովի էր վերածնվում,ողողում հոգին:Իր երազածը մարմնական սիրո կենսափորձով հարուստ այս կինը չէր,որ այնպես հմտորեն ու ներդաշնակ պատասխանում է գուրգուրանքներին:Ինքը գրկում էր ա'յն,առաջին կուրսի ուսանողուհու'ն,որ տարել էր սրտի բանալիները,ում մազերը ջրվեժի նման հոսում էին ուսերին և որին այդպես էլ չհամարձակվեց ասել ամենակարևորը:Բայց սրա մեջ էլ մի անկասելի,անկրկնելի հմայք կար,թանկարժեք գինու տտիպ,դառնավուն համ՝այն բանի գիտակցումից,որ իր արածը այնքան էլ օրինավոր արարք չի:Չէր ուզում սթափվել,այլ կամենում էր,որ այս գինարբուքը երբեք չընդհատվի:
-Դու շատ համով ես,սիրունս,- ու շարունակում էր համբուրել կարոտով ուսերն ու մատների ծայրերը,ափերը սահում էին ձիգ կրծքի վրայով ու կնոջ մարմնի դողը էլեկտրական հոսանքի նման նման փոխանցվում էր իր սրտին:Այլևս անհնարին էր զսպել ներսում ահագնացող,իրեն լափող ցանկության հորձանքը:Մի փոքր հետ քաշվեց,իրարից հեռացրեց կնոջ ծնկներն ու բութ մատը սահեցնելով փոքրիկ,կապտավարդագույն բրակի վրայով,հասկացավ.այլևս կարիք չկա համբերելու:Տեղավորվեց ոտքերի արանքում,մատների աքցանի մեջ առավ Անուշի բարալիկ մատները:Վերջինս աչքերը չէր բացում,միայն գլուխն էր մերթ-մերթ աջուձախ տարուբերում,ու յուրաքանչյուր ցնցումից Լևոնի սիրտը ձայնագրում էր նրա խուլ հևոցները:Հետո հևքը հեռացող երաժշտության նման մարեց,փոխվեց մեղմ,անլսելի շնչառության:
Ինքնագոհ ,ժպտախառն հոգոցով փլվեց Անուշի կողքին, ականջի բլթակը համբուրելով,շշուկով հայտնեց.
-Աշխարհում քեզանից լավը չկա...
-Ու քանիսի՞ն ես այս նույն խոսքերն ասել,-հեգնանքով ու դառնությամբ արտաբերեց կինը:
-Հավատա՛,ոչ մեկին,երևի հասկացել ես,որ ես չեմ շռայլում բառերը:
-Ոնց տեսնում եմ՝ժլատությունդ չի օգնել կյանքդ դասավորելուն:
-Քո կյանքն էլ երևի այնքան հաջող չի ստացվել,այլապես հիմա դու իմ գրկում չէիր լինի:
Անուշի աչքերն ակնթարթորեն ջրակալեցին,ու երկու կաթիլ արցունք՝վզափոկից ազատված շնիկների նման վազեցին տարբեր ուղղություններով:
-Դեհ,ներիր,ինչի՞ համար,չէի ուզում քեզ ցավ պատճառել,-նեղսրտեց Լևոնը,գրկեց կնոջ գլուխն ու համբուրեց աչքերը,հետո երկար վարսերն էր շոյում,կամենում էր մեղմել ասածի տպավորությունը:«Ուրեմն իսկապես հաջող չի,որ այսքան ցավալի արձագանքեց խոսքերիս:Ախր,իմ ի՞նչ գործն է նրա կյանքը քչփորելը:Իմաստությունն ասում է՝ ուրիշի ընտանիքը մութ անտառ է:Գուցե ամուսինը ման է գալիս:Ու ինքն էլ որոշել է նույն մանրադրամով վարձահատույց լինել նրան:Իսկ թե իսկապես այսքան ժամանակ շարունակել է սիրե՞լ ինձ...Մի բան հաստատ է՝երջանիկ չի»:Այս տխուր մտորումներից ետ,Լևոնն ավելի ամուր սեղմեց Անուշի մարմինն իրեն,կարծես պիտի կիսեր նրանում թաքնված ցավը:Բայց կինն ազատվեց գրկից,ելավ,վերցրեց բազկաթոռին նետված սրբիչն ու անցավ լոգարան տանող միջնորմի ետևը:
-Մազերդ ինչու՞ կտրեցիր,-հարցրեց տղամարդը,երբ կինը վարսերը հարդարելով,նորից թաքնվեց սավանի տակ:
-Հոգնել էի,տանն էլ անընդհատ պոչ էի կապում:Երկար մազերը ջահել,վառվռուն այտերը շրջանակելիս են գեղեցիկ նայվում:Հետո,տարիներն անցնելու հետ,դրանցով կամաց կամաց վերածվում ես ծերացած ջրահարսի:Ծիծաղելի է:
-Դու ծերացա՞ծ...
-Եթե մազերս ուսերիս փռած գայի,դու էլ կնկատեիր,-Անուշը ժպտաց ու շարունակեց.-Գիտե՞ս,ուզում եմ քեզնից երեխա ունենալ:
Լևոնին այս բառերն սկզբում չինարենի նման հնչեցին,այնքան անսպասելի էին ու ահարկու,հետո դրանք մի կերպ թարգմանեց,ասաց միակ հնարավորը.
-Դու խելագար ես,ի՞նչ երեխայի մասին կարող է խոսք լինել...
-Ինչու չե՞ս կարողանում ազատվել քո անիծյալ կապանքներից,չէ՞ որ գիտեմ՝ հոգուդ խորքում սիրում ես ինձ,ինչու՞ ոչ այն ժամանակ՝տասներեք տարի առաջ,ոչ էլ հիմա,չես կարողանում դա խոստովանել:
-Իմ խոստովանությունը ի՞նչ պիտի փոխի քո կյանքում:Ավելի պիտի դժվարացնի այն:
-Թող դժվար լինի,-Անուշը խեղդվում էր հուզմունքից,-թող դժվար լինի,բայց ոչ այս անորոշ սպասումն ու փնտրտուքը:Ողջ ժամանակ թվում է,թե մի բան եմ կորցրել,մի շատ թանկարժեք բան,որն իրականում իմը չի էլ եղել:Համոզված էի,թե շտապել եմ այն հեռավոր տարում՝ Ռուսաստան մեկնելուց առաջ,հարկավոր էր սպասել,էլի սպասել...գուցե մի օր կհասունանայիր...
Անուշը քիչ հեռու քաշվեց ու ծածկեց դեմքը սավանով:

Շարունակելի...

Mark Pauler
12.02.2010, 16:07
:ok
Շատ հետաքրքիր լեզու ունես !!!
Հաճույքով կարդացի 3 մասն էլ !!!
Կսպասեմ շարունակությանը !!! :)

խխունջ«»
14.02.2010, 19:31
Պատշգամբի բաց դռնից փչող մարմանդ հովը խաղում էր շղարշե վարագույրի հետ:Դեպի մայրամուտ գլորվող արևի ճառագայթները ողողել էին սենյակն ու դանդաղ սահում էին մահճակալի վրայով:Լույսի փունջը, բազմաթիվ մանրիկ ծիածաններով, բեկվում էր բյուրեղապակե ծաղկամանին:
Լևոնը կամացուկ մոտեցավ, Անուշի գլուխը հենեց իր կրծքին,ու սկսեց մեղմորեն շոյել կնոջ լերկ ուսը:Հանկարծ մտածեց,որ երևի այսպիսի պահերին ծխողները սիգարետ են վառում,դա նրանց ապահովագրում է,իսկ ինքը,ա'յ,չի ծխում,դրա համար էլ ստիպված է ուղեղը մոխրացնել:Որոշեց՝. «Կսկսեմ ծխել»: Վերջին մի քանի ժամում այնքան նոր իրադարձություն եղավ, որ դրանք վերլուծելու և իմաստավորելու համար ամիսներ են պետք: Իսկ մինչ այդ՝ կողքին պառկած այս քնքուշ էակը իր խոսքին է սպասում:Ինչ կարո՞ղ է ասել,ճշմարտությունը հաստատ հարկավոր չի: Իր սիրո ու սպասումների խոստովանությունն ավելի կխճճի նրա կյանքը: Համ էլ ինքը համոզված է,որ յուրաքանչյուր խոստովանություն պատասխանատվության մի յուրատեսակ բեռ է: Իսկ իրեն պե՞տք է այդ բեռը՝ դեռ չգիտի: «Առավել ևս՝երեխա': Օտարի ընտանիքում: Բա սա՞ էր խեղճ մորս երազանքը: Զգույշ կլինե'մ »:
-Ուզում եմ ինձ մի բան նվիրես,-Անուշն էր:
-Պերեդվիժնիկների գործերի վերատպությունների հավաքածուն շատ վաղուց գնել էի քեզ համար...
-Գիրք չեմ ուզում,այնպիսի մի բան,որ կրել կարողանամ: Ականջօղեր,կամ վզնոց:
Լևոնը նորից չպատասխանեց:Անուշն իրենն էր շարունակում.
-Միայն մի բառ,ու կթողնեմ ամենը,կվերադառնամ Երևան...
-Դու արդեն սովորել ես ապահով կյանքին,իսկ ես գուցե չկարողանամ քեզ տալ այն ամենը,ինչին սովոր ես: Մշտական աշխատանք չունեմ,բացի դրանից քրոջս ուսման վարձն էլ ես եմ վճարում...
-Ինչու՞ այդքան վախեցար,-քամարհանքով նետեց Անուշը,-կվերադառնամ,չի նշանակում թե կգամ ձեր տուն՝ապրելու:Ապրուստիս հոգսը դու չես քաշի,մի անհանգստացիր:
-Եթե լքես ամուսնուդ՝ կյանքիդ ամենամեծ սխալն արած կլինես...Որդուդ համար էլ դժվար կլինի առանց հոր մեծանալը:Լավ մտածի'ր,խելոքս:
-Սրանք չի,որ ուզում էի քեզնից լսած լինել,-Անուշը խռոված երեխայի նման,թիկունքը շրջեց Լևոնին ու սսկվեց:
Մարմարե մաշկի տակից հեշտությաբ կարելի էր համրել բոլոր ողերը: Լևոնը մտքում այդպես էլ արեց,հետո ափը սահեցնելով ելունդների ողջ երկայնքով, համբույրների դրոշմն սկսեց շարել:Կնոջ մաշկի բույրը խտղտացնում էր ռունգերն ու աչքերը:Բերանում զգացվեց տտիպ դառնությունը:Փորատակին արթնացող պարոնն սկսեց անհանգստացնել իրեն:Որոշեց ուշադրություն չդարձնել,շարունակում էր շուրթերով «հետազոտել» իրեն նվիրաբերված կանացի բարեմասնությունները:Անուշն այս անգամ չէր արձագանքում փաղաքշանքներին: Լևոնը տեղից վեր կացավ,չոքեց մահճակալի մոտ,ազդրերը գրկելով կտրուկ դեպի իրեն քաշեց կնոջն ու, աջով ետ տալով բաժակաթերթերը, լեզուն մխրճեց նրա դափնեհամ կոկոնի մեջ:Կինը մի թեթև թպրտաց,սակայն շարունակում էր անհաղորդ մնալ տեղի ունեցողին:«Ոչինչ, գիտե'մ, քեզպեսերին հենց սա' է պետք» , - մտածում էր Լևոնն ու ամանից կաթ խմող կատվի նման շարունակում լպստել թաքուն խորշերի խոնավությունն ու դափնեհամը: Խելահեղ,կենդանական կիրքը մահացու թույնի նման հոսում էր յուրաքանչյուր բջիջով ,Լևոնն էլ այն լեզվի ծայրով կաթ- կաթ ներարկում էր սիրելիին,մինչև կնոջ ձեռքերը ջղաձգորեն ճմլեցին սավանը,հետո գրկեցին Լևոնի շիկացած գլուխն ու սկսեցին տենդորեն խաղալ մազերի հետ:Կամաց-կամաց հաճույքի ալիքն ահագնացավ,վերածվեց քրտնած մաշկի ռիթմի ու դողի հեշտալից մակնթացության,որ բերեց հասցրեց Անուշի արնավառ շուրթերն իր շուրթերին,հետո էլ տարավ՝ նրա համբույրների պարանը փորատակի անհնազանդի վիզը ձգելու:Լևոնը տենչում էր այս տեսակ մահը ամենից առավել,ու դա դրախտի նեղլիկ դուռը,թե դժոխքի դարպասներն էր առաջը բացելու՝լրիվ միևնույնն էր արդեն:
Անուշի վարսերի փափուկ շիթերը մատներով սանրելով,Լևոնը համեմատում էր նոր զգացածն այն ապրումներին,որ երբևէ եղել էին կյանքում:Պատահական կանայք,որ տրվել էին իրեն՝առանց սիրտն անհանգստացնելու,ում սիրելը սպորտով զբաղվելու նման մի բան էր եղել ու սա՝որ անտես դաշույնի նման ճեղքում է սիրտը՝ցանկության ու այն իրագործելու անկարելիության գիտակցությունից:Հազիվ էր զսպում իրեն,որ չպատմի,թե ինչքան դատարկ է եղել կյանքն առանց Անուշի,թե ինչպես նրա հուշն իրեն չի թողել այսքան ժամանակ ընտանիք կազմել,որովհետև երբ նա շատ հեռու էր ու իր համար անդառնալիորեն կորած,երևակայությունը նկարել էր նրան իդեալական ուրվագծերով:Իսկ իրեն հանդիպածները սովորական էին՝առավել կամ պակաս գեղեցիկ,ու ինքն այդ սովորականը չէր ուզում:Դժվար էր այս ամենը ներսում պահելը,բայց Լևոնը գիտեր՝Անուշի բարօրությունը հենց այդ բոլորին անտեղյակ մնալու մեջ է:«Ով գիտի՞,ընտանեկան կյանքում ինչ մանր ու մեծ խնդիրներ ասես չեն առաջանում,նա էլ,յուրաքանչյուր պահի,երբ գժտվել է ամուսնու հետ,երբ չեն հասկացել իրար՝մտովի իմ աներևույթ գիրկն է փախել:Չէ որ այնքան հեշտ է սիրել նրան,ով հեռու է,ով կենցաղային ոչ մի անհարմարություն չի ստեղծում,ոչինչ չի պահանջում իր համար:Չէ',չի կարելի մանրախնդրորեն թույլ տալ,որ ընտանեկան կյանքը վտանգի:Իսկ ամուսինը՞:Նա էլ,ոնց երևում է՝գործի մարդ է,գու՞ցե ժամանակ չունի այս թռչնակով երկար զբաղվելու »: Միտքը բարձրաձայն շարունակելով՝ հարցրեց Անուշին.
-Սիրունս,աղախին ունե՞ք:
-Ոչ, ինչու՞ ես հարցնում:
-Մատներդ այնքան գեղեցիկ են,խնամված,որ դժվար է հավատալը՝թե դրանցով նաև փոշի ես սրբում կամ աման լվանում:
-Ասածներդ էլ եմ անում ,դեռ մի բան էլ ավելի՝ծաղկանոց ունեմ՝բազմագույն վարդերով:Դրանց էլ ես եմ խնամում:Ուղղակի՝ միշտ ռետինե ձեռնոցներով եմ աշխատում:
Հետո երկար խոսեցին վարդերից ու ավտոմեքենաներից,այցելած համերգներից ու Հայաստանի տնտեսական աճից,ընդհանուր ծանոթներից ու էլի բազմաթիվ,առօրյա թեմաներից այնպես,կարծես երեկ էին բաժանվել իրարից և արանքում չկար տասներեք տարվա անանցանելի անջրպետը: Մինչև սենյակի լույսը քչացավ-քչացավ,ու նրան փոխարինելու եկավ տխրությունը՝հրաժեշտի սպառնալիքով:
-Երևի քեզ արդեն ժամանակն է տուն գնալու,որտե՞ղ ես ապրում Երևանում,-հարցրեց Լևոնը:
-Ամուսնուս հորեղբոր տանը,բայց չեմ ուզում գնալ:Արի միասին այստեղ գիշերենք,ամեն ինչ գրողի ծոցը կուղարկեմ...
-Դու լավ չես կշռադատել խոսքերդ,Անուշս,վեր կաց,վե'ր կաց հագնվիր, խելոքս,պետք չի,որ տնեցիներն անհանգստանան քո ուշանալու պատճառով,-ասաց Լևոնն ու ինքն առաջինն սկսեց հագնվել:Անուշը դժկամությամբ հետևեց նրա օրինակին:Նախասենյակի հայելու առաջ մազերը հարդարեց,ուզում էր թարմացնել շրթներկը,երբ Լևոնի ձեռքերը ետևից գրկեցին գոտին, շրջեցին իրանն ու մոլագար համբույրների եռման տարափով ծածկեցին դեմքն ու շուրթերը:
-Ուշ է արդեն,հարկավոր է գնալ,հարկավոր է գնալ,-շշնջաց կինը,ազատվեց տղամարդու գրկից ու մի վերջին հայացք ձգելով մթության մեջ թաղվող սենյակի կահկարասուն ,դուրս ելան համարից:
Նախասրահի գործավարուհին վերցրեց գումարն ու վերադարձրեց անձնագիրը:
Իրիկնամուտի զովը թարմացրել էր քաղաքի շնչառությունը,անթիվ մեքենաների հոսքն էլ արդեն քչացել էր:Քամին թերթում էր Անուշի շրջազգեստի փեշն ու խառնում վարսերը:Նրանք քայլում էին՝ իրարից պատկառելի հեռավորություն պահելով,յուրաքանչյուրն իր մտքերի հետ էր:
-Կուզե՞ս,տաքսի կանգնեցնեմ:
-Կարիք չկա,մետրոն ինձ հարմար է,-պատասխանեց Անուշը դողդոջուն ձայնով:
-Մրսու՞մ ես,ի՞նչ է,-անհանգստացավ տղամարդը:
-Մի քիչ:Բայց ծարավ եմ,սոսկալի ծարավ:Ծարավ եկա քեզ հետ հանդիպման,ծարավս չհագեցրած՝ գնում եմ,-կնոջ խոսքերը հեկեկոցի նման էին:
-Կհասկանաս,որ սա էր ճիշտը՝ իմ լռությունը:Ես ընտանիք կործանել չեմ կարող, ու համոզված եմ,որ ուրիշի դժբախտության փլատակների վրա սեփական երջանկությունդ չես կառուցի:Դու միայն ասա՝ էլ ե՞րբ կհանդիպենք,վաղը կարո՞ղ ենք,գիրքդ էլ կբերեմ...
-Ո'չ,արդեն չենք կարող,վաղը մեկնում եմ...Թռիչքը ժամը տասներկուսին է...
-Վա՞ղը...Ինչու՞ հենց վաղը,-Լևոնի սրտի շոգեքարշն ռելսերից դուրս պրծավ ու գլորվեց անդունդը:Նա արդեն հաջորդ հանդիպման այնքան ցանկալի մանրամասներն էր սկսել ուրվագծել,մինչդեռ մի աներևույթ ու դաժան ձեռք մինգամից ջնջում էր բոլոր գծերն ու տեղը թողնում անելանելի դատարկությունը:Նա դեռ հույս ուներ...դեռ չէր ուզում հավատալ,որ այս երազն այդքան շուտ է վերջանալու:
-Վերադարձրու,հետաձգիր մեկնումդ,գոնե մի քանի օրով,-խնդրեց թախանձագին:
-Ինչի՞ համար,դրա կարիքը չկա,-սառն արձագանքեց Անուշը:
-Գոնե հեռախոսդ տուր,որ տոներին քեզ մեկ-մեկ շնորհավորել կարողանամ,-ավելի խեղճացավ տղամարդը:
Անուշը թելադրեց համարը,թեթևակի սեղմեց Լևոնի ձեռքն ու «մնաս բարով» ասելով՝վիթի նման արագաքայլ իջավ հրապարակի մետրո տանող աստիճաններով:
«Վերջացավ,կա'ր ու՝չկա,ինչու՞ այդպես արագ,անհասկանալի:Կայծակի նման հզոր ,ճաճանչափայլ,ու սրընթաց»:Լևոնն ակամայից հիշեց,թե ինչպես մանկության տարիներին լուսամուտից եղբոր հետ նայում էին անձրևն ու հիանում հեռվում փայլատակող կայծակներով.մինչև դրանցից մեկը, հեքիաթային վիշապի նման, հարվածեց տան դիմացի բարդուն ու մի ահագի ճյուղ՝ տաշեղի նման պոկեց,նետեց բարդենուց հեռու:Երբ անձրևը դադարեց,իրենք վազեցին՝մոտիկից նայելու . Ճյուղը կոտրած տեղը կարմիր էր,ալ կարմիր,ծառն ասես արնաքամ էր լինում: Բնի մոտ ցանուցիր եղած տաշեղներն էլ կարմիր էին:Հիմա ինքը մանկության այն բարդուն նմանվեց,սիրտը վիրավոր էր ու նվվում էր անողոք ցավից:« Չէ',բարդին չչորացավ կայծակից հետո, իմ ցավն էլ կմարի, հարկավոր է սթափվել...»,-հուսահատ խորհեց Լևոնն ու միացրեց հեռախոսը:
Օգոստոսի այն զով երեկոյան նա ենթադրել անգամ չէր կարող,որ կատարվածը ոչ թե Վերջը՝ ,այլ սոսկ Սկիզբն էր ամենի:

խխունջ«»
14.02.2010, 19:33
Շարունակելի...

Դեկադա
14.02.2010, 19:41
լավն էր...այնքան, որ բոլոր բջիջներով հերոսների դերում զգացի...

Mark Pauler
15.02.2010, 12:24
Հետաքրքիր նկարագրություններ ու համեմատւթյուններ ունես:
Կարծում եմ սեքսի տեսարանների մանր նկարագրությունները, գրվածքդ ավելի արժեքավոր չեն դարձնում:
Չնայած դրանք էլ, որպես նկարագրություններ լավն էին!!!
ՄԻ ԽՈՍՔՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ:
:hands
:B

Cassiopeia
15.02.2010, 15:19
Հետաքրքիր ես գրում, բայց մի խնդրանք ունեմ, խնդրում եմ պահպանի համակարգչային քերականության կանոնները. յուրաքանչյուր կետադրական նշանից հետո բացարկ դիր:

խխունջ«»
17.02.2010, 20:32
Լռում ես տխուր,
Երբ որ ասում եմ,
Թե քեզ չեմ ընտրում,
Այլ ճիշտ ապրելու
Անձուկ առօրյան...
Հենց այդ պատճառով
Համոզում եմ ինձ՝
Արեւից փախած,
Խոնավ հողի տակ
Էլ աչքեր պետք չեն
Խլուրդի կյանքով
Ապրելու համար...

Lion
17.02.2010, 21:07
Շարունակելի...

Գեղեցիկ պատմվածք էր, սիրո ու հավատարության, կորցրած տարիների ու բաց թողնված հնարավորությունների մասին: Խոհերի ու հուշերի տեղիք տվեց, ստիպեց մտածել - իսկ դա ինքին արդեն իսկ նշանակում է, որ պատմվածքը լավն է:

Անսովոր էին "էրոտիկ տեսարաններ"-ը ու, մի քիչ էլ երևի տեղին չէր այդքան մանրանալ, բայց դե դա հեղինակի կամքն է - նա այդ ամենն այդպես է տեսել: Ամեն դեպքում նույնիսկ այդ տեսարանները որոշակիորեն նորություն էին և վատ չէին նկարագրված...

Կյանք է, էհհհ... չնախանձեցի պատմվածքի այդ հերոսին, չնայած շատ բաներում եհնց ինքն էր մեղավոր ու իր անվճռականությունը...

Mark Pauler
28.02.2010, 01:44
Բա շարունակությունը երբ ես գրելու:read

խխունջ«»
01.03.2010, 08:58
Ճիշտն ասած՝ վերջին մասը տեղադրելիս տեքստը կրկնակի հայտնվեց էկրանին, այդ պատճառով երկրորդը խմբագրելիս, ստիպված գրեցի շարունակելի: Արձագանքներ ստացա, որ այս տեսքով էլ պատմվածքն ամբողջական է, ես էլ եմ այդպես կարծում: Չգիտեմ, միգուցե մի օր էլ չալարեմ շարունակությունը գրել:

խխունջ«»
06.03.2010, 22:13
Համբույրը
Չգիտեմ, կա՞ ավելի քնքուշ ու զգայուն մի արարողություն, որին մասնակցում են երկուսը՝ իրենց հոգու ողջ ջղաձգումներով, իրար տրվելու անկասելի ցանկությամբ: Սիրելիի շուրթերը փնտրելիս՝ մարդս նորածնի նման է, որ աչքերը փակ տարուբերում է գլուխն ու փոքրիկ բերանով որոնում մոր ստինքը: Գտնում է, ու ագահորեն, կենդանու և ապրելու բնազդով առնում այն: Սիրող շուրթերն այդպես են փնտրում սիրածի շուրթերը:
Համբու՜յր: Ի՞նչ կա դրանից ավելի քաղցր ու ինքնաբավ.Առնել սիրածիդ շուրթերն ու սիրուդ անհատակ օվկիանի ալիքներով ողողել նրան, տարուբերել քո ջրերում՝ զգալով իր մարմնի վախվորած դողն ու կավահոտ ջերմությունը, պարուրել նրան, կլանել ահագնացող կրքի հորձանքում: Առնել գրկի մեջ, համբուրել աչքերը, այտերով զգուշորեն հպվել այտերին: Ինչպես ծիտը ոստոստելով հատիկ է կտցում, այդպես համբույրի կենտ- կենտ երիցուկները շարել բերանի անկյուններում, դեռ փակ շուրթերին: Ու միայն այն ժամանակ, երբ գլխապտույտն ու թթվածնի պակասությունը շնչահեղձ են անում , միայն այդ պահին կիսաբաց շուրթերին դրոշմել խոնավ շուրթերի ու չարաճճի լեզվի շքեղ ու բոսոր վարդերը: Անթի'վ, անհատնու'մ, վայրի', խելահե'ղ:
Համբույրը երկաթի ու արյան համ ունի՝ էլեկտրականացնող ու կամազրկիչ, նաև երկնքի, խոտի, մաշկի խելացնոր մի բույր, որ արևներ է վառում ուղեղումդ և ուզում ես գրկել ... անընդգրկելին:
Ֆետն ասում է, թե համբույրը «....դա բանկի կողմից ստուգված ու կնքված պարտմուրհակն է, որով դու Ամբողջն ես ստանալու»: Ամբողջը... Համբույրով խոստանում եմ Ամբողջը: Այն Սեզամի դուռն է, սակայն ինքնին ամբողջական ու սքանչելի: Մի փորձիր նրանում գտնել տրամաբանության թելը, ինչպես անիմաստ է ջրվեժների գոյությունը: Բայց դրանց հմայքը կախարդական է ու թովիչ:
Չգիտեմ, կա՞ ավելի քնքուշ ու զգայուն մի արարողություն, որպիսին համբույրն է...

CactuSoul
06.03.2010, 22:23
Արձագանքներ ստացա, որ այս տեսքով էլ պատմվածքն ամբողջական է, ես էլ եմ այդպես կարծում:
Չեմ կարծում, թե պատմվածքն ամբողջական կարելի է համարել: Լավ էր շարադրված, սակայն եթե պիտի սահմանափակվի այսքանով, ուրեմն գրեթե ոչինչ չի ասում, ընթերցողին ոչինչ չի տալիս: Բացի գեղեցիկ շարադրանքից, իհարկե:
Նեղանալ չկա, սա իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն է:):

խխունջ«»
06.03.2010, 22:43
Չեմ կարծում, թե պատմվածքն ամբողջական կարելի է համարել: Լավ էր շարադրված, սակայն եթե պիտի սահմանափակվի այսքանով, ուրեմն գրեթե ոչինչ չի ասում, ընթերցողին ոչինչ չի տալիս: Բացի գեղեցիկ շարադրանքից, իհարկե:
Նեղանալ չկա, սա իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն է:):

Եկատերինբուրգցի գրող Վլադիմիր Բլինովը արժանացել է գրականության մրցանակի «Անանուն վեպ» գրքի համար։ Ուշագրավ է, որ վեպը բաղկացած է ընդամենը մեկ տողից՝ «Не надо! Я сама» («Պետք չէ. Ես ինքս»): Եթե փորձեմ Բլինովի հետ համեմատվել, իմ գրածը Սովետական Միության մեծ հանրագիտարանն է:)

CactuSoul
07.03.2010, 02:21
Եկատերինբուրգցի գրող Վլադիմիր Բլինովը արժանացել է գրականության մրցանակի «Անանուն վեպ» գրքի համար։ Ուշագրավ է, որ վեպը բաղկացած է ընդամենը մեկ տողից՝ «Не надо! Я сама» («Պետք չէ. Ես ինքս»): Եթե փորձեմ Բլինովի հետ համեմատվել, իմ գրածը Սովետական Միության մեծ հանրագիտարանն է:)

Իսկ ես չեմ սիրում համեմատել:): Ու մրցանակներն էլ ինձ չեն համոզի, եթե իրականում չտեսնեմ, չզգամ, որ ինձ ինչ-որ բան տվեց տվյալ ստեղծագործությունը (լինի դա գրականություն, կինո, երաժշտություն, կերպարվեստ…):

Եթե մրցանակներով դատեի, Արամ Սարոյան բանաստեղծն էլ պիտի աչքիս լույսը լիներ հիմա, հատկապես որ հորն ու նրա ստեղծագործությունը շա՜տ եմ սիրում: Իր հետ մի հարցազրույց էլ եմ կարդացել ու հիշում եմ, որ որպես մարդ նույնպես դուրս եկել էր: Բայց արի ու տես որ այդ գրողի տարած մի բառանոց բանաստեղծությունը ("lighght"), ինչքան էլ անմեղ համարեմ, միևնույն է, իմաստալից կամ, առավել ևս, գրական մրցանակի արժանի բան չեմ համարի:

Ամեն դեպքում, խորհուրդ չէի տա կարծիքս սրտին շատ մոտ ընդունել, ես նույնիսկ հայտնի ու իսկապես լավ (նույնիսկ իմ չափանիշներով:))) հեղինակների գրածների մեջ եմ ինձ դուր չեկող բաներ գտնում:

Գալաթեա
07.03.2010, 02:51
Համբույրը
Չգիտեմ, կա՞ ավելի քնքուշ ու զգայուն մի արարողություն, որին մասնակցում են երկուսը՝ իրենց հոգու ողջ ջղաձգումներով, իրար տրվելու անկասելի ցանկությամբ: Սիրելիի շուրթերը փնտրելիս՝ մարդս նորածնի նման է, որ աչքերը փակ տարուբերում է գլուխն ու փոքրիկ բերանով որոնում մոր ստինքը: Գտնում է, ու ագահորեն, կենդանու և ապրելու բնազդով առնում այն: Սիրող շուրթերն այդպես են փնտրում սիրածի շուրթերը:
Համբու՜յր: Ի՞նչ կա դրանից ավելի քաղցր ու ինքնաբավ.Առնել սիրածիդ շուրթերն ու սիրուդ անհատակ օվկիանի ալիքներով ողողել նրան, տարուբերել քո ջրերում՝ զգալով իր մարմնի վախվորած դողն ու կավահոտ ջերմությունը, պարուրել նրան, կլանել ահագնացող կրքի հորձանքում: Առնել գրկի մեջ, համբուրել աչքերը, այտերով զգուշորեն հպվել այտերին: Ինչպես ծիտը ոստոստելով հատիկ է կտցում, այդպես համբույրի կենտ- կենտ երիցուկները շարել բերանի անկյուններում, դեռ փակ շուրթերին: Ու միայն այն ժամանակ, երբ գլխապտույտն ու թթվածնի պակասությունը շնչահեղձ են անում , միայն այդ պահին կիսաբաց շուրթերին դրոշմել խոնավ շուրթերի ու չարաճճի լեզվի շքեղ ու բոսոր վարդերը: Անթի'վ, անհատնու'մ, վայրի', խելահե'ղ:
Համբույրը երկաթի ու արյան համ ունի՝ էլեկտրականացնող ու կամազրկիչ, նաև երկնքի, խոտի, մաշկի խելացնոր մի բույր, որ արևներ է վառում ուղեղումդ և ուզում ես գրկել ... անընդգրկելին:
Ֆետն ասում է, թե համբույրը «....դա բանկի կողմից ստուգված ու կնքված պարտմուրհակն է, որով դու Ամբողջն ես ստանալու»: Ամբողջը... Համբույրով խոստանում եմ Ամբողջը: Այն Սեզամի դուռն է, սակայն ինքնին ամբողջական ու սքանչելի: Մի փորձիր նրանում գտնել տրամաբանության թելը, ինչպես անիմաստ է ջրվեժների գոյությունը: Բայց դրանց հմայքը կախարդական է ու թովիչ:
Չգիտեմ, կա՞ ավելի քնքուշ ու զգայուն մի արարողություն, որպիսին համբույրն է...

Սիրուն էր:

Tig
09.03.2010, 10:48
Չեմ կարծում, թե պատմվածքն ամբողջական կարելի է համարել: Լավ էր շարադրված, սակայն եթե պիտի սահմանափակվի այսքանով, ուրեմն գրեթե ոչինչ չի ասում, ընթերցողին ոչինչ չի տալիս: Բացի գեղեցիկ շարադրանքից, իհարկե:
Նեղանալ չկա, սա իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն է:):

Իսկ ինձ շատ դուր եկավ: Ու նաև շատ բան էլ տվեց: Ու գործը ավարտուն համարողներից մեկն էլ ես եմ եղել:;) Համենայն դեպս սա էլ իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու սրտին շատ մոտ ընդունել պետք չի և եթե շարունակելու բան կա՝ անպայման պիտի շարունակվի;)

խխունջ«»
08.04.2010, 13:10
Հոբելյան
Ինձ թվում էր՝ ամեն ինչ ճիշտ եմ անում՝ քեզ մոռանալու համար: Կարծում էի, թե տարածությունն ու ժամանակը ամոքում են ամենացավոտ վերքերը: Բազմաթիվ նոր ծանոթություններ, նոր մարդիկ, իսկ ես էլի նկատում եմ՝ համեմատության չափանիշը նույնն է. Ինչքանո՞վ են նրանք քեզ նման: Ինձ ծիծաղելի էր Դանթեն՝ իր կյանքի միակ սիրելի Բեատրիչեով: Բայց ես էլ քառորդ դար միայն մի Բեատրիչե ունեցա, որ չերջանկացրեց ո'չ ինձ, ո'չ նրան:
Վախենում եմ գլուխս բարձին դնել, չեմ ուզում քնել: Երազներս նույնն են. Մի երկար ճանապարհով գալիս եմ դեպի քեզ, բայց տեղ չեմ հասնում, անծանոթներից հարցնում եմ չիմացածս հասցեդ, ժամադրություն ես նշանակում , բայց միևնույնն է. Նույնիսկ երազում հանդիպել չի ստացվում:
Գիտեմ, որ սպասում ես: Չգիտեմ, ի՞նչ բառերով քեզ մխիթարեմ: Երբ որդի նման, սիրտդ կրծոտելով, այնտեղ թունելներ եմ գցել՝ միայն ինձ համար: Սկզբում սիրտդ « կտցահարելու» ցավից էիր դժգոհում, հիմա, թախանձագին հայացքով, լուռ խնդրում ես, որ դատարկ չթողնեմ իմ փորած խոռոչները:
Գրքերում էլ այսքան երկար սիրավեպ չկա:
Արի խմենք, լցրու ինձ համար գնածդ գինուց, եթե մնացել է դեռ: Քսանհինգ տարի: Խոստանում եմ, (հերթական սուտ խոստումներիցս մեկը), այսօր լաց չեմ լինելու...

խխունջ«»
07.06.2010, 16:16
Բժշկի օրագրից
-Բժիշկ, նայեք սրան, նա լիովին խելքը թռցրել է...
-Ի՞նչ է պատահել:
- Կտրտել է հարյուր դոլարանոց վերնաշապիկս, որ դրանից թիթեռ ու չգիտեմ էլ ինչ զահարումար սարքի: Բա դա խելքը գլխի՞ն մարդու արարք է:
- Տիկի'ն, ինչու՞ կտրտեցիք վերնաշապիկը: Չէիք կարո՞ղ կտոր առնել ու դրանից ի՞նչ ուզենաք՝ կարել:
-Ոչ, չէի կարող: Էս մարդ էի ուզում սպանել, ավելի ճիշտ՝ ինձ, բայց հետո համարձակությունս չհերիքեց: Գիտե՞ք, ես թուլամորթ մեկն եմ, ուրիշի սպանել չեմ կարողանա, միայն ինձ... Բայց...ինձ էլ չեմ կարողանում:
- Տեսնու՞մ եք, բժիշկ, ասա ի՞նչդ է պակաս... Քաղցած ե՞ս մնացել, կամ ուզածդ շորը չե՞ս հագել: Թե քեզ վա՞տ եմ վերաբերվել: Միասին ապրելու առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ ինքը ոչ մի բանի պակասություն չքաշի: Մեկ է, չի հասկացել...
- Այն ինչ ինձ պետք էր, դա ես երբևէ չեմ ստացել:
- Ախր ինքդ էլ չգիտես, քեզ ի՞նչ է պետք: Ասի, ուզու՞մ ես, ավտո առնեմ քեզ համար: Էդ էլ չուզեցիր:
- Ինձ քնքշանք է հարկավոր...
-Կարո՞ղ է՝ քեզ մի օր մատով կպել եմ: Չնայած, դա իմ սխալն է եղել: Որ մի քանի անգամ կարգին ծեծած լինեի, հիմա հոգեբույժի դուռը չէինք հասնի:
- Երիտասարդ, ինչե՞ր եք խոսում, ընտանեկան հարաբերություններում ծեծն անթույլատրելի է:
Կինը՝ կամացուկ.
- Ավելի լավ էր՝ ծեծած լինեիր, բայց ես դրա առիթը չեմ տվել: Ամենաշատը՝ տարին մեկ- երկու անգամ բողոքել եմ, որ չեմ կարենում հետդ ապրել, դու էլ .«Չես կարում՝ կախվիր» կամ էլ՝ «էդ քամիները գլխիցդ հան, մե'կ է, ուրիշ ելք չունես», ու դրանով ողջ խոսակցությունը փակվել է:
-Իսկ ինչու՞ էիք Ձեր կնոջն առաջարկում կախվել, դուք իրեն չե՞ք սիրում:
- Որ իրեն չեմ սիրում, էլ ու՞մ եմ սիրում: Աշխատավարձս մինչև վերջին կոպեկն իրեն եմ տալիս, ոչ մի անգամ առանց իրեն որևէ տեղ չեմ գնացել:
-Վերջին անգամ ե՞րբ եք նրան ասել, որ սիրում եք իրեն:
-Ես էդպիսի թիթիզ բաներով չեմ զբաղվում, առանց ասելու էլ կարո՞ղ է պարզ չի:
- Ոչ, կնոջն անընդհատ պիտի հիշեցնել այդ մասին: Նրան պիտի հաճոյախոսություններ անել: Նրանք առանց դրա կորցնում են ինքնավստահությունը, դառնում են նյարդային ու անկառավարելի:
- Բժիշկ, ես շատ զբաղված մարդ եմ, պատասխանատու աշխատանքի: Աշխատանքից հետո սիրաբանելու ոչ հավես ունեմ, ոչ էլ բնավորությանս մեջ կա էդ քաղցր- մեղցրությունը:
- Իսկ Դուք Ձեր կնոջը ծաղիկներ նվիրու՞մ եք:
-Նորից եմ կրկնում: Ողջ աշխատավարձս իրեն եմ տալիս, ուզում է, թող վերցնի՝ իր համար ծաղիկներ գնի:
- Տիկին, իսկ ի՞նչու ամուսնացաք հենց այս մարդու հետ: Դուք նրան ճանաչու՞մ էիք:
- Հայրս ասել էր, որ նա լավ ընտանիքի զավակ է, իսկ իմ ամուսնանալու ժամանակն էլ արդեն հասել էր:
- Եվ դուք չէիք շփվել մինչ ամուսնանալը:
-Զրուցել էինք... մի քանի անգամ:
- Իսկ Դուք մասնագիտություն ունե՞ք:
- Նկարչության ուսուցչուհի եմ:
- Նրա մասնագիտությունն ինձ պետք է այնքանով, որ տանը նստի ու երեխաներիս դաստիարակի: Էդ էր մնացել՝ գնա աշխատելու,որ բերի, ինձ պահի:
-Իսկ Դուք իրեն հարցրել եք՝ ուզու՞մ է աշխատել, թե՞ ոչ:
- Ինչու՞ պիտի հարցնեի, մեկ է՝ չէր աշխատելու:
Կինը.
- Բժիշկ, ես հոգնել եմ, այլևս ուժ չունեմ մենակ պայքարելու, որ դեպրեսիայի ճահիճն ինձ կուլ չտա:
- Իսկ Դուք գոնե մեկ- մեկ նկարու՞մ եք:
- Նկարում եմ, շատ մռայլ են ստացվում պատկերներս: Համ էլ ինքն ասում է, որ արածս հիմարություն է:
- Ու ճիշտ եմ անում: Ես նկարչությունից բան չեմ հասկանում, բայց որ խզբզոցն իսկի մարդու նման չի, դրա անունը ո՞նց են դնում «դիմանկար»: Տեսնողը պիտի մտածի, որ կինս ցնդած է:
- Երիտասարդ, իսկ Դուք ինչու՞ եք ամուսնացել այս կնոջ հետ:
- Ավարտել էի ինստիտուտը, աշխատում էի, մեկի հետ պիտի ամուսնանայի...
- Իսկ ինչու՞ հենց իրեն ընտրեցիք:
- Համեստ աղջիկ էր՝ երկար, սիրուն մազերով:
-Իսկ ձեր սեռական կյանքում ամեն ինչ հաջո՞ղ է:
- Ոնց կարո՞ղ է հաջող չլինել, ես անհաջողակի տեսք ունե՞մ:
- Ես ուզում եմ, որ Ձեր կինն էլ պատասխանի:
- Չեմ կարող, վախենում եմ:
- Տիկին, երբևէ չե՞ք կամեցել բաժանվել Ձեր ամուսնուց:
- Հլա թող մի փորձի: Ոտքերը կջարդե'մ: Էդ էր պակաս, որ ես խայտառակ լինեմ: Ինձ հետ նման կատակները չեն անցնի:
- Երիտասարդ, չնայած Ձեր կինն է վերնաշապիկը կտրտել, բայց տեսնում եմ, որ հենց Դուք բուժման կարիք ունեք:
- Ե՞ս... Դու գիտե՞ս ես ով եմ...Ես ամեն տարի բուժզննում եմ անցնում, դեռ ոչ մեկն ինձ չէր ասել՝ թե խնդիրներ ունեմ: Հիվանդանոցի գլխավոր բժշկի անունն ասա... Վաղը, երբ քեզ այստեղից դուրս կշպրտեն, արդեն կհասկանաս իմ ով լինելը:
Կնոջը դառնալով.
-Առաջ ընկի'ր: Այդպես էլ գիտեի, որ քո գտած բժիշկը քեզ նման խելապակաս պիտի լինի:

Dayana
07.06.2010, 16:27
Շատ ներողություն արտահայտության համար, բայց հետո՞ :unsure Իմ աչքին ա կիսատ մնացել, թե՞ հիստերիկ տղամարդու և նրան գերի դարձած կնոջ ողջ պատմությունը պիտի ավարտվեր հենց էստեղ, հոգեբուժի "կոբինետի" դռան մոտ: Փոխել է պետք մի բան, էսպես կիսատ, չլուծված արդեն իսկ կյանքում շատ կա, իսկ դուք ունեք գիրչ ու թուղթ/կամ դատարկ պիքսելներ/ ու ձեր ձեռքում է փոխել, երանգավորել թե կնոջ, թե տղամարդու, թե բժշկի, թե հասարակության "հոգեվիճակը": Մի բան արեք... :unsure

Tig
07.06.2010, 16:53
Շատ ներողություն արտահայտության համար, բայց հետո՞ :unsure Իմ աչքին ա կիսատ մնացել, թե՞ հիստերիկ տղամարդու և նրան գերի դարձած կնոջ ողջ պատմությունը պիտի ավարտվեր հենց էստեղ, հոգեբուժի "կոբինետի" դռան մոտ: Փոխել է պետք մի բան, էսպես կիսատ, չլուծված արդեն իսկ կյանքում շատ կա, իսկ դուք ունեք գիրչ ու թուղթ/կամ դատարկ պիքսելներ/ ու ձեր ձեռքում է փոխել, երանգավորել թե կնոջ, թե տղամարդու, թե բժշկի, թե հասարակության "հոգեվիճակը": Մի բան արեք... :unsure

Իսկ ինձ հենց սենց կիսատ դուր եկավ…

խխունջ«»
07.06.2010, 17:11
Շատ ներողություն արտահայտության համար, բայց հետո՞ Իմ աչքին ա կիսատ մնացել, թե՞ հիստերիկ տղամարդու և նրան գերի դարձած կնոջ ողջ պատմությունը պիտի ավարտվեր հենց էստեղ, հոգեբուժի "կոբինետի" դռան մոտ: Փոխել է պետք մի բան, էսպես կիսատ, չլուծված արդեն իսկ կյանքում շատ կա, իսկ դուք ունեք գիրչ ու թուղթ/կամ դատարկ պիքսելներ/ ու ձեր ձեռքում է փոխել, երանգավորել թե կնոջ, թե տղամարդու, թե բժշկի, թե հասարակության "հոգեվիճակը": Մի բան արեք...
Անկեղծորեն՝ չգիտեմ, թե ի՞նչ պիտի անել...:(

Dayana
07.06.2010, 17:24
Իսկ ինձ հենց սենց կիսատ դուր եկավ…
Տիկ, ես չասացի թե դուր չեկավ :P բայց էսպես թողնելը ճիշտ չի :)

Անկեղծորեն՝ չգիտեմ, թե ի՞նչ պիտի անել...:(
Փախել ;) գրածը չէ, վերաբերմունքը :)