PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 1



Chuk
08.02.2010, 00:38
Հաշվի առնելով 16.01.2009թ.-ին Ուլուանայի առաջարկի («Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո) (http://www.akumb.am/showthread.php/41347-%D5%86%D5%B8%D6%80-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-%28%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%AE%D5%B8%29)») 3-րդ կետն ու Վարպետի 23.07.2009 թ.-ի նույն նախագծի վերաառաջարկը («Թարգմանչաց ՄՐՑՈՒՅԹ. Սոխածովի մոտ կանաչ մի կաղնի (http://www.akumb.am/showthread.php/46549-%D4%B9%D5%A1%D6%80%D5%A3%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D6%81-%D5%84%D5%90%D5%91%D5%88%D5%92%D5%85%D4%B9-%D5%8D%D5%B8%D5%AD%D5%A1%D5%AE%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%BF-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9-%D5%B4%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%B2%D5%B6%D5%AB-%29)»), ինչպես նաև այդ առաջարկների նկատմամբ հետաքրքրությունն ու քննարկումները, հայտարարում թարգմանչաց առաջին մրցույթի մեկնարկը:

Մրցույթի անցկացման կարգը.

Գրառման վերջում ներկայացնում եմ թարգմանության համար առաջարկվող ռուսերեն բանաստեղծություն,
Թեման բացելուց հետո 5 օրերի ընթացքում (մինչև 12.02.2010թ. ժամը 24:00) մրցույթին մասնակցել ցանկացողները նամակագրական համակարգով (http://www.akumb.am/private.php?do=newpm) ինձ ուղարկում են թարգմանության իրենց տարբերակը, նամակի վերնագրում գրելով «Թարգմանչաց մրցույթ. համար 1», իսկ գրառման դաշտում թարգմանության սեփական տարբերակը,
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ուղարկել մեկից ավելի թարգմանության տարբերակ,
Թարգմանության տարբերակների ստացվելու ժամկետի ավարտից հետո ես թեմայում տեղադրում եմ բոլոր թարգմանությունները, պայմանական համարակալած «Հեղինակ N - թարգմանություն» տեսքով, բացում եմ ըստ հեղինակների համարների հարցում՝ բազմակի ընտրության հնարավորությամբ՝ 5 օր ժամկետով,
Քվեարկության ավարտից հետո ըստ քվեարկության արդյունքների ճանաչում ենք հաղթողին,
Մինչև քվեարկության ավարտը քննարկումներն ու գրառումները թեմայում արգելվում են, առաջին հինգ օրերին, մինչև քվեարկության սկսվելը, թեման լինելու է փակ, ապա բացվելու է, ապա, տարբերակների տեղադրումից հետո թեման բացվելու է, բայց քննարկումները միևնույն է լինեն արգելված՝ մինչև քվեարկության ավարտը,
Քվեարկության ավարտից հետո հեղինակները «գաղտնազերծվելու» են, գրվի, թե որ համարին որ ակումբցին է համապատասխանում,
Մինչ տարբերակների տեղադրումը ամեն օր թեմայում գրառման տեսքով հիշեցնելու եմ մրցույթի մասին,
Ուղարկված բոլոր թարգմանությունները թեմայում տեղադրվելու են, քվեարկությանը մասնակցելու են, հեղինակի անունը քվեարկությունից հետո բացվելու է: Բոլոր նրանք, ովքեր վստահ չեն, որ ուզում են մասնակցել մրցույթին թող պարզապես տարբերակներ չուղարկեն: Ուղարկելուց հետո մրցույթին մասնակցել չուզելու բոլոր դիմումները ՄԵՐԺԵԼՈՒ ԵՄ:


Հաշվի առնելով քննարկումներում հնչած միտքը, որ գուցե ընթերցողին հետաքրքիր լինի թարգմանությունները կարդալ առանց բնօրինակին ծանոթ լինելու, թարգմանության համար առաջարկվող բանաստեղծությունը դնում եմ թաքնված տարբերակով, նման ընթերցողներին խորհուրդ տալով այն չկարդալ:

Բանաստեղծությունը տեսնելու համար մկնիկով կտտացրեք ստորև բերված դաշտի վրա.
Աննա Ախմատովա

* * *

Не будем пить из одного стакана
Ни воду мы, ни сладкое вино,
Не поцелуемся мы утром рано,
А ввечеру не поглядим в окно.
Ты дышишь солнцем, я дышу луною,
Но живы мы любовию одною.

Со мной всегда мой верный, нежный друг,
С тобой твоя веселая подруга.
Но мне понятен серых глаз испуг,
И ты виновник моего недуга.
Коротких мы не учащаем встреч.
Так наш покой нам суждено беречь.

Лишь голос твой поет в моих стихах,
В твоих стихах мое дыханье веет.
О, есть костер, которого не смеет
Коснуться ни забвение, ни страх.
И если б знал ты, как сейчас мне любы
Твои сухие, розовые губы!

1913 թ., աշուն

Chuk
08.02.2010, 21:22
Աննա Անդրեյի Ախմատովան (Գորենկո) ծնվել է Բոլշոյ Ֆոնտան քաղաքում, որը գտնվում է Օդեսայի մերձակայքում, ծովային ինժեների ընտանիքում: Բանաստեղծուհու մանկությունն ու դպրոցական տարիներն անցել են Լենինգրադի մերձակայքում գտնվող Ցարսկոյե Սելո գյուղում: Հետո ընտանիքը տեղափոխվել է Կիև, որտեղ Ախմատովան սովորել է Կիևյան բարձրագույն օրիորդաց կուրսերի իրավաբանական ֆակուլտետում, որից հետո փոխադրվել է Պետերբուրգի Ռաևի բարձրագույն պատմագրականագիտական կուրսեր: Տպագրվել սկսել է 1907 թվականից: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երեկոն», լույս է տեսել Պետերբուրգում՝ 1912 թվականին:


Հիշեցնեմ, որ թարգմանության տարբերակներն ուղարկելու համար մնացել է 4 օր:

Chuk
09.02.2010, 21:36
Աննա Ախմատովան՝ թարգմանության համար առաջարկված բանաստեղծությունը գրել է 1913 թ.-ի աշնանն ու նվիրել իր ընկերոջը՝ Միխայիլ Լեոնիդի Լոզինսկուն: Միխայիլ Լոզինսկին (1886-1955) պոետ և թարգմանիչ էր: Նա 1913-1917 թթ.-ին «Ապոլլոն» ամսագրի խմբագիրն էր, 1914-1937 թթ.-ին աշխատել է Հանրային գրադարանում՝ որպես գրադարանավար և խորհրդատու: 1916թ.-ին հրատարակել է բանաստեղծությունների «Լեռնային բանալի» ժողովածուն, որը վերահարատարակվել է 1919 թ.-ին: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է աշխատանքի «Համաշխարհային գրականություն» հրատարակչությունում, նրա թարգմանությամբ լույս են տեսել Վիլյամ Շեքսպիրի, Միգել դե Սերվանտեսի, Պիեռ Կոռնելի, Լոպե դե Վեգայի, Դանթեի և այլ դասականների ստեղծագործություններ, թարգմանել է նաև Ֆիրդուսուն, Նիկոլայ Բարատաշվիլուն և Սայաթ Նովային: Լոզինսկին «Հիպերբորեյա» ամսագրի գլխավոր խմբագիրն էր (1912 թ.-ի հոկտեմբերից մինչև 1913 թ. դեկտեմբերը), երբ Ախմատովան գրեց այս բանաստեղծությունը: Այդ ամսագրում հաճախ էին հրատարակվում նաև Ախմատովայի բանաստեղծությունները:

Հիշեցնեմ, որ թարգմանության տարբերակներն ուղարկելու համար մնացել է 3 օր:

Chuk
10.02.2010, 21:34
Աննա Ախմատովան հարում էր ակմեիստների գրական շարժմանը: Այս գրական հոսանքը առաջացել է Ռուսաստանում, XX դարի սկզբում: Ակմեիստ բառն առաջացել է հունարեն άκμη (ակմե) բառից, որը նշանակում է որևէ երևույթի բարձրագույն աստիճանը, բարգավաճող վիճակ: Ակմեիստներն հակադրվում էին սիմվոլիզմին և քարոզում էին նյութականությունը, թեմայի ու պատկերների առարկայությունը, խոսքի ճշտությունը: Ակմեիզմի կայացումը կապված է «Պոետների ցեխի» հետ, որում գլխավոր դերակատարումը ակմեիզմի կազմակերպիչ Նիկոլայ Գումլիյովինն էր: Ակմեիզմի հետևորդներն էին Նիկոլայ Գումիլյովը, Սերգեյ Գորոդեցկին, Աննա Ախմատովան, Օսիպ Մանդելշտամը, Միխայիլ Զենկևիչը և այլոք: Այս գրողները խմբավորվել էին «Ապոլլոն» (1909-1919) հանդեսի և «Հիպերբորեյա» հրատարակչության շուրջը: Լոզինսկին, ում նվիրված է թարգմանության համար առաջարկված բանաստեղծությունը, մտերիմ էր ակմեիստների հետ և նրա ստեղծած «Հիպերբորեայում» տպագրում էր նրանց:

Հիշեցնեմ, որ թարգմանության տարբերակներն ուղարկելու համար մնացել է 2 օր:

Chuk
11.02.2010, 23:37
1923-1935թթ. Աննա Ախմատովան գրեթե չի ստեղծագործել: Այդ ընթացքում քննադատները նրան սկսում են անվանել սալոնային բանաստեղծուհի, իսկ 1924 թ.-ից սկսած դադարում են նրան հրատարակել: Բանաստեղծուհին խորամուխ է լինում Պուշկինի ստեղծագործությունների ու Պետերբուրգի ճարտարապետության ուսումնասիրությանը, զբաղվում է թարգմանությամբ: Ախմատովան կատարել է թարգմանություններ մերձբալթյան, հրեա, արևմտաեվրոապական և արևելյան հեղինակներից: Նա թարգմանել է նաև հայ բանաստեղծներ Ավետիք Իսահակյանին, Դանիել Վարուժանին, Վահան Տերյանին, Եղիշե Չարենցին (http://ahmatova.ouc.ru/perevodi-s-armianskogo.html): Ախմատովայի ստեղծագործությունները հաճախ են թարգմանվել հայերեն:

Հիշեցնեմ, որ թարգմանության տարբերակներն ուղարկելու համար մնացել է 1 օր:

Chuk
12.02.2010, 21:06
http://ahmatova.niv.ru/images/tmpl/ahmatova.jpg

Հիշեցնեմ, որ թարգմանության տարբերակներն ուղարկելու համար մնացել է 3 ժամ: 3 ժամ և մի փոքր անց տեղադրելու եմ թարգմանության՝ մրցույթին մասնակցելու համար ուղարկված տարբերակները:

Chuk
13.02.2010, 00:08
Հաջորդ գրառման մեջ կտեղադրեմ թարգմանության բոլոր ուղարկված տարբերակները, հեղինակների անունների փոխարեն օգտագործելով պայմանական համարակալում (Հեղինակ 1, Հեղինակ 2, Հեղինակ 3 և այլն): Ապա կբացեմ հարցում՝ 5 օր ժամկետով, քվեարկության առաջարկելով բոլոր հեղինակներին:

Ուշադրություն.

Քվեարկությունը լինելու է բաց, ինչը նշանակում է, որ բոլորը կարող են տեսնել, թե ով ում օգտին է քվեարկել,
Քվեարկությունը բազմակի ընտրության հնարավորությամբ է, ինչը նշանակում է, որ կարող եք քվեարկել ձեր հավանած բոլոր տարբերակների օգտին, այլ ոչ թե պարտադիր 1-ի,
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն բոլորը, այդ թվում թարգմանության տարբերակ ուղարկած անձինք,
Սեփական տարբերակի օգին քվեները չեն հաշվելու, թարգմանությանը մասնակցածներին խնդրում եմ քվեարկել մյուսների տարբերակների օգտին, կամ չքվեարկել:


Քննարկումներն արգելվում են, մինչ քվեարկության ավարտը: Սա արվում է նրա համար, որպեսզի քվեարկությունը լինի «ի սրտե», այլ ոչ թե ազդեցությունների տակ ընկնելով: Թեմայում թույլատրում եմ քննարկել այս կետը, և եթե համոզիչ պնդումներ լինեն, որ քննարկումը արժի թույլատրել, քննարկումը կթույլատրեմ:

Քվեարկության ավարտից հետո հրապարակվելու են բոլոր թարգմանիչների անունները, այսինքն թե որ համարի Հեղինակի անվան տակ որ ակումբցին էր թաքնված:

Սուբյեկտիվիզմից խուսափելու համար ինքս չեմ մասնակցելու քվեարկությանը, քանզի գիտեմ իրական հեղինակներին:

Դե ի՞նչ, քվեարկեք ձեր հավանած հեղինակի ստեղծագործության օգտին :)

Chuk
13.02.2010, 00:08
Հեղինակ 1

Այն նույն բաժակից չենք ըմպելու
Մենք ոչ ջուր, ոչ էլ՝ գինի անուշ,
Արևածագին չենք համբուրվելու,
Պատուհանից չենք նայլու շատ ուշ:
Դու արև ես շնչում, իսկ ես՝ լուսին,
Մեր կյանքը դրած մեր սիրո հույսին:

Հավատարիմ ես ինձ, ընկեր իմ բարի,
Քեզ հետ է ուրախ քո ընկերուհին:
Զգում եմ ահը քո գորշ աչքերի,
Պատճառը դու ես իմ ցավի այս հին:
Մենք չենք հանդիպի այլևս հաճախ,
Որոշված է պահել մեր նիհրը խաղաղ:

Քո ձանն է միայն իմ այս տողերում,
Քո երգերի մեջ իմ շունչն է նորեն:
Օ՜, կա մի կրակ, չեն կարող որին
Հպվել անգոն ու ահն իր դողերում:
Թե իմանաս ոնց են ցանկալի այսօր
Քո շուրթերը վարդագույն ու չոր:




Հեղինակ 2

Ո՛չ ջուր կխմենք մենք նույն բաժակից,
Ո՛չ էլ երբևէ գինի քաղցրահամ,
Ո՛չ դուրս կնայենք տան պատուհանից,
Ո՛չ կհամբուրվենք վաղ առավոտյան։
Ես արև եմ շնչում, դու՝ լուսին,
Բայց մեզ մի սեր է պահում միասին։

Ինձ հետ ընկերն է իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ զվարթ քո ընկերուհին։
Բայց հասկանում եմ երկյուղն աչքերիդ.
Դու ես մեղավորն իմ այս ցավերի։
Հանդիպումները մեր կարճ, գողունի,
Երկարաձգել չենք ջանում երբեք.
Եղած հանգիստը պահպանել է պետք։

Լոկ ձայնդ է հնչում իմ տաղերում,
Քո տաղերում իմ շունչն է թևածում։
Օ՜, այս խարույկը չի տեսնի երբեք
Ո՛չ վախ, ո՛չ մահ ու ո՛չ էլ մոռացում։

Եթե իմանայիր՝ որքան եմ կարոտում
Շուրթերը քո չոր ու վարդագույն...




Հեղինակ 3

Մենք չենք խմի նույն գավաթից այլևս
Ոչ ջուր և ոչ գինի անուշահոտ
էլ առավոտը չի բուրի մեր համբույրով
Ու երեկոն էլ չի կանչի իր մոտ
Քո սիրտն արևն Է, իմ հոգին` լուսինը
Սիրում ենք մենք ու ապրեցնում է սերը:

Կողքիս է միշտ անդավաճան ընկերս
Կողքիդ է միշտ ժպտուն ընկերուհիդ,
Բայց ինձ ծանոթ է վախը խորը աչքերիդ
Ու դու գիտես իմ թուլության պատճառը:
Մենք չենք կարող իրար հաճախ տեսնել
Մեզ վիճակվել է հոգիներ չփոթորկել:

Լոկ ձայնդ է իմ տողերում երգում
Քո տողերում ապրում է շունչը իմ:
Ո՛չ, չեն սպառնա անշեջ մեր կրակին
Ոչ վախը, ոչ էլ մոռացումը սին:
Թե իմանայիր որքան եմ ես սիրում
Շուրթերդ չոր, շուրթերդ վարդագույն:




Հեղինակ 4

Նույն բաժակից մենք չենք խմի
Ոչ ջուր, ոչ էլ քաղցր գինի,
Չենք համբուրվի լուսաբացին,
Ֆիլմ չենք դիտի մայրամուտին,
Քոնն արևն է, իմը՝ լուսին,
Լոկ սերն է մեզ կապում լույսին:

Ինձ հետ է միշտ
ընկերս նուրբ, հավատարիմ,
Իսկ քո կողքին՝ ընկերուհիդ զվարթ,
Բայց հասկանում եմ վախը աչքերիդ,
Ու համակում է ինձ կրկին տագնապ:
Հանդիպումները մեր կարճ են ու սակավ,
Բայց դա է պետք հանդարտ կյանքի համար :

Լոկ ձայնն է քո երգում իմ երգերում,
Քո տողերում իմ շունչն է ծվարած,
Ու կա կրակ, որին դիպչել անգամ
չեն հանդգնի ոչ մոռացում, ոչ վախ:

Թե իմանաս ինչքան եմ ես սիրում
Քո չորացած շուրթերը վարդագույն:




Հեղինակ 5

Նույն բաժակից մենք չենք խմի
Ոչ ջուր հասարակ ու ոչ էլ գինի,
Առավոտյան չենք համբուրվի,
Երեկոյան էլ ոչինչ չի լինի։
Դու արևի մարդ ես, ես՝ լուսնի,
Բայց նույն սիրով ենք մնում կենդանի։

Իմ կողքին է միշտ իմ հավատարիմ, անուշ ընկերը,
Իսկ դու քո կողքին ունես կենսուրախ մի ընկերուհի,
Բայց ես հո գիտեմ՝ ինչ վախ է պատել քո ջինջ աչքերը.
Դու ես մեղավորն ու պատճառը իմ տառապանքների։
Մենք մեր կարճատև հանդիպումները չենք հաճախացնում,
Քանզի այդպիսով մեզ բաժին հասած հանգիստն ենք պահում։

Ձայնդ է միայն հնչում անդադար իմ այս տաղերում,
Քո տաղերին էլ իմ շնչառությունն է միշտ կյանք տալիս։
Օ՜, խարույկին այս չի սարսափեցնում ոչինչ աշխարհում
Ու մինչև անգամ մոռացությունը մոտիկ չի գալիս։
Թե իմանայիր՝ ոնց եմ փափագում
Շուրթերը քո չորուկ ու վարդագույն։




Հեղինակ 6

Չենք խմի մենք ընդհանուր թասից,
Ոչ կարմիր գինի, ոչ էլ սառցե ջուր:
Չենք համբուրվի սկսած լուսաբացից
Եվ չենք սպասի անձրևին իզուր
Դու նայում ես արևին, իսկ ես լուսինն եմ սիրում.
Բայց ապրում ենք սիրելով՝ ես ու դու այս աշխարհում

Ինձ հետ է միշտ քո հարազատ ժպիտը,
Իսկ դու ունես ծիծաղս քո գրկում:
Բայց տեսնում եմ քո ներսի թախիծը,
Ու ես էլ քո սիրուց եմ լոկ տխրում:
Այնպես խեղդում ենք մեր միջի կիրքը
Ասես դրանում է կյանքի գաղտնիքը

Լոկ ձայնն է քո ապրում իմ տողերում
Քո հանգերից իմ ստվերն է անբաժան
Այո, կյանքում կա գիժ ու թեժ մի բան,
Որից որ ինքը մահն է վախենում:
Նույնիսկ չգիտես, ինչի եմ ես ունակ
Միայն թե զգաս իմ շունչը շնչիդ տակ:




Հեղինակ 7

Չենք խմելու էլ նույն բաժակից,
Ոչ ջուր, ոչ հուր, ոչ քաղցր այն գինին:
Առավոտյան համբույր չեմ նվիրի,
Չենք զմայլվի փայլով երեկոյի:
Դու այգաշունչ ես, ես` լուսնահոգի,
Բայց դեռ ապրում է մեր սիրո ոգին:

Ինձ հետ է միշտ հավատարիմ ընկերս,
Քեզ հետ` ուրախ ու հմայիչ գեղեցկուհիդ:
Իմ տխրության պատճառն են քո անցած մեղքերը,
Եվ ես զգում եմ վախը աչքերիդ:
Անտեսելով մեր թռուցիկ հանդիպումենրը`
Մենք պարգևում ենք մեր հոգուն հանգիստ:

Լոկ ձայնն է քո ապրում իմ երկերում,
Քո երկերում` լոկ սավառնում է շունչս:
Օ~, կենդանի է հուրը մեր սիրո,
Թե’ ահ, թե’ տխրությունն անզոր են:
Ա~խ, թե զգաիր որքան եմ ես կարոտ
Քո շուրթերի դրոշմին այն կրակոտ:




Հեղինակ 8

Մի բաժակից երբեք մենք չենք խմի,
թե ջուր ու թե կարմիր գինի,
Առավոտ կանուխ չենք համբուրվի,
Իրար հետ չենք նայի վերջալույսին...

Դու շնչում ես արևի լույսով,
ես ոգեշնչվում՝ լուսնի դալկությամբ,
Բայց ապրում ենք մենք միևնույն սիրով....

Ինձ հետ է միշտ իմ քնքուշ ընկերը,
քեզ հետ՝ ժպտուն քո ընկերուհին,
Ինձ համար պարզ է գորշ աչքերի վախը,
Դու ես պատճառն իմ բոլոր ցավերի։

Մենք չենք հանդիպում միմյանց շատ հաճախ,
Այդպես հանգիստ է երկուսիս համար...

Տողերում իմ՝ քո ձայնն է լոկ լսվում,
Քո տողերում՝ իմ շունչն է թևածում,
Կա մի կրակ, որին երբեք
չեն սպառնա ոչ վախ, ոչ մոռացություն։

… Քո այդ վարդագույն ու չոր շուրթերը,
Ա՜խ, թե իմանայիր ինչպես եմ պաշտում..




Հեղինակ 9

Մենք չենք ըմպի նույն գավաթից
Ո՛չ ջուր, ո՛չ քաղցրահամ գինի,
Այգաբացին տաք համբույրներ էլ չեն լինի,
Երեկոյան չենք հիանա տեսարանով պատուհանի:
Շնչում ես դու բարկ արևով, իսկ ես` լուսնով,
Բայց ապրում ենք մենք երկուսով միակ սիրով:

Ինձ հետ է միշտ իմ նվիրված, մեղմ ընկերը,
Քեզ հետ` քո կենսախինդ ընկերուհին:
Պարզ են հիմա քո վախվորած, գորշ աչքերը,
Մեղավորն ես հոգուս այսչափ ամայումի:
Չեն շատանա հանդիպումներն այս կարճատև,
Պիտի պահենք անդորրը մեր մենք հարատև:

Քաղցրահնչյուն ձայնդ է հնչել իմ երկերում,
Քո երկում միշտ ես եմ շնչել:
Օ՜, կա խարույկ, որին դիպչել
Չեն հանդգնում վախ, մոռացում:
Եթե միայն դու զգայիր տենչն իմ անտակ
Հանդեպ շուրթիդ վարդի գույնի ու այդքան տաք…




Հեղինակ 10

Ջուր չենք խմի նույն բաժակից,
Ոչ էլ, ի դեպ, քաղցր գինի,
Չենք արբենա մենք համբույրից,
Պատուհանից դուրս չենք նայի։
Դու արևով ես շնչում, ես՝ լուսնով,
Բայց կենդանի ենք մնում մի սիրով։

Ինձ հետ է ընկերն իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ ընկերուհիդ կենսուրախ,
Դու ես կյանք տվել իմ այս ցավերին,
Ու աչքերումդ ես տեսնում եմ վախ։
Բայց հանդիպումները մեր կարճ
Չենք էլ ձգտում ավելացնել,
Քանզի չնչին հանգիստը այս
Մեզ վիճակված է պահպանել։

Իմ տաղերում քո ձայնն է լոկ հնչում,
Իմ շնչով են բուրում քո տաղերը։
Օ՜, խարույկին այս բնավ չեն սպառնում
Ո՛չ մոռացությունը, ոչ էլ վախերը։
Ա՜խ, եթե իմանայիր, թե այս պահին
Որքան եմ տենչում քո չոր շուրթերը։

Chuk
18.02.2010, 00:44
Ուշադրություն

Քվեարկության կարգին վերաբերվող գրառումները տեղափոխվել են «Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո) (http://www.akumb.am/showthread.php/41347-%D5%86%D5%B8%D6%80-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE-%28%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%AE%D5%B8%29/page8)» թեմա:

Քվեարկությունն ավարտված է: Քվեարկությանը մասնակցել է 46 հոգի, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

1-ին տեղ. Հեղինակ 2 (27 քվե, 58.7%)
Հեղինակ 2

Ո՛չ ջուր կխմենք մենք նույն բաժակից,
Ո՛չ էլ երբևէ գինի քաղցրահամ,
Ո՛չ դուրս կնայենք տան պատուհանից,
Ո՛չ կհամբուրվենք վաղ առավոտյան։
Ես արև եմ շնչում, դու՝ լուսին,
Բայց մեզ մի սեր է պահում միասին։

Ինձ հետ ընկերն է իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ զվարթ քո ընկերուհին։
Բայց հասկանում եմ երկյուղն աչքերիդ.
Դու ես մեղավորն իմ այս ցավերի։
Հանդիպումները մեր կարճ, գողունի,
Երկարաձգել չենք ջանում երբեք.
Եղած հանգիստը պահպանել է պետք։

Լոկ ձայնդ է հնչում իմ տաղերում,
Քո տաղերում իմ շունչն է թևածում։
Օ՜, այս խարույկը չի տեսնի երբեք
Ո՛չ վախ, ո՛չ մահ ու ո՛չ էլ մոռացում։

Եթե իմանայիր՝ որքան եմ կարոտում
Շուրթերը քո չոր ու վարդագույն...
2-րդ տեղ. Հեղինակ 8 (10 քվե, 21.74%)
Հեղինակ 8

Մի բաժակից երբեք մենք չենք խմի,
թե ջուր ու թե կարմիր գինի,
Առավոտ կանուխ չենք համբուրվի,
Իրար հետ չենք նայի վերջալույսին...

Դու շնչում ես արևի լույսով,
ես ոգեշնչվում՝ լուսնի դալկությամբ,
Բայց ապրում ենք մենք միևնույն սիրով....

Ինձ հետ է միշտ իմ քնքուշ ընկերը,
քեզ հետ՝ ժպտուն քո ընկերուհին,
Ինձ համար պարզ է գորշ աչքերի վախը,
Դու ես պատճառն իմ բոլոր ցավերի։

Մենք չենք հանդիպում միմյանց շատ հաճախ,
Այդպես հանգիստ է երկուսիս համար...

Տողերում իմ՝ քո ձայնն է լոկ լսվում,
Քո տողերում՝ իմ շունչն է թևածում,
Կա մի կրակ, որին երբեք
չեն սպառնա ոչ վախ, ոչ մոռացություն։

… Քո այդ վարդագույն ու չոր շուրթերը,
Ա՜խ, թե իմանայիր ինչպես եմ պաշտում..
3-րդ և 4-րդ տեղեր. Հեղինակ 6 և Հեղինակ 9 (6-ական քվե, 13.04%)
Հեղինակ 6

Չենք խմի մենք ընդհանուր թասից,
Ոչ կարմիր գինի, ոչ էլ սառցե ջուր:
Չենք համբուրվի սկսած լուսաբացից
Եվ չենք սպասի անձրևին իզուր
Դու նայում ես արևին, իսկ ես լուսինն եմ սիրում.
Բայց ապրում ենք սիրելով՝ ես ու դու այս աշխարհում

Ինձ հետ է միշտ քո հարազատ ժպիտը,
Իսկ դու ունես ծիծաղս քո գրկում:
Բայց տեսնում եմ քո ներսի թախիծը,
Ու ես էլ քո սիրուց եմ լոկ տխրում:
Այնպես խեղդում ենք մեր միջի կիրքը
Ասես դրանում է կյանքի գաղտնիքը

Լոկ ձայնն է քո ապրում իմ տողերում
Քո հանգերից իմ ստվերն է անբաժան
Այո, կյանքում կա գիժ ու թեժ մի բան,
Որից որ ինքը մահն է վախենում:
Նույնիսկ չգիտես, ինչի եմ ես ունակ
Միայն թե զգաս իմ շունչը շնչիդ տակ:


Հեղինակ 9

Մենք չենք ըմպի նույն գավաթից
Ո՛չ ջուր, ո՛չ քաղցրահամ գինի,
Այգաբացին տաք համբույրներ էլ չեն լինի,
Երեկոյան չենք հիանա տեսարանով պատուհանի:
Շնչում ես դու բարկ արևով, իսկ ես` լուսնով,
Բայց ապրում ենք մենք երկուսով միակ սիրով:

Ինձ հետ է միշտ իմ նվիրված, մեղմ ընկերը,
Քեզ հետ` քո կենսախինդ ընկերուհին:
Պարզ են հիմա քո վախվորած, գորշ աչքերը,
Մեղավորն ես հոգուս այսչափ ամայումի:
Չեն շատանա հանդիպումներն այս կարճատև,
Պիտի պահենք անդորրը մեր մենք հարատև:

Քաղցրահնչյուն ձայնդ է հնչել իմ երկերում,
Քո երկում միշտ ես եմ շնչել:
Օ՜, կա խարույկ, որին դիպչել
Չեն հանդգնում վախ, մոռացում:
Եթե միայն դու զգայիր տենչն իմ անտակ
Հանդեպ շուրթիդ վարդի գույնի ու այդքան տաք…
5-րդ տեղ. Հեղինակ 1 (5 քվե, 10.87%)
Հեղինակ 1

Այն նույն բաժակից չենք ըմպելու
Մենք ոչ ջուր, ոչ էլ՝ գինի անուշ,
Արևածագին չենք համբուրվելու,
Պատուհանից չենք նայլու շատ ուշ:
Դու արև ես շնչում, իսկ ես՝ լուսին,
Մեր կյանքը դրած մեր սիրո հույսին:

Հավատարիմ ես ինձ, ընկեր իմ բարի,
Քեզ հետ է ուրախ քո ընկերուհին:
Զգում եմ ահը քո գորշ աչքերի,
Պատճառը դու ես իմ ցավի այս հին:
Մենք չենք հանդիպի այլևս հաճախ,
Որոշված է պահել մեր նիհրը խաղաղ:

Քո ձանն է միայն իմ այս տողերում,
Քո երգերի մեջ իմ շունչն է նորեն:
Օ՜, կա մի կրակ, չեն կարող որին
Հպվել անգոն ու ահն իր դողերում:
Թե իմանաս ոնց են ցանկալի այսօր
Քո շուրթերը վարդագույն ու չոր:
6-րդ և 7-րդ տեղեր. Հեղինակ 4 և Հեղինակ 7 (4-ական քվե, 8.7%)
Հեղինակ 4

Նույն բաժակից մենք չենք խմի
Ոչ ջուր, ոչ էլ քաղցր գինի,
Չենք համբուրվի լուսաբացին,
Ֆիլմ չենք դիտի մայրամուտին,
Քոնն արևն է, իմը՝ լուսին,
Լոկ սերն է մեզ կապում լույսին:

Ինձ հետ է միշտ
ընկերս նուրբ, հավատարիմ,
Իսկ քո կողքին՝ ընկերուհիդ զվարթ,
Բայց հասկանում եմ վախը աչքերիդ,
Ու համակում է ինձ կրկին տագնապ:
Հանդիպումները մեր կարճ են ու սակավ,
Բայց դա է պետք հանդարտ կյանքի համար :

Լոկ ձայնն է քո երգում իմ երգերում,
Քո տողերում իմ շունչն է ծվարած,
Ու կա կրակ, որին դիպչել անգամ
չեն հանդգնի ոչ մոռացում, ոչ վախ:

Թե իմանաս ինչքան եմ ես սիրում
Քո չորացած շուրթերը վարդագույն:


Հեղինակ 7

Չենք խմելու էլ նույն բաժակից,
Ոչ ջուր, ոչ հուր, ոչ քաղցր այն գինին:
Առավոտյան համբույր չեմ նվիրի,
Չենք զմայլվի փայլով երեկոյի:
Դու այգաշունչ ես, ես` լուսնահոգի,
Բայց դեռ ապրում է մեր սիրո ոգին:

Ինձ հետ է միշտ հավատարիմ ընկերս,
Քեզ հետ` ուրախ ու հմայիչ գեղեցկուհիդ:
Իմ տխրության պատճառն են քո անցած մեղքերը,
Եվ ես զգում եմ վախը աչքերիդ:
Անտեսելով մեր թռուցիկ հանդիպումենրը`
Մենք պարգևում ենք մեր հոգուն հանգիստ:

Լոկ ձայնն է քո ապրում իմ երկերում,
Քո երկերում` լոկ սավառնում է շունչս:
Օ~, կենդանի է հուրը մեր սիրո,
Թե’ ահ, թե’ տխրությունն անզոր են:
Ա~խ, թե զգաիր որքան եմ ես կարոտ
Քո շուրթերի դրոշմին այն կրակոտ:

8-րդ և 9-րդ տեղեր. Հեղինակ 3 և Հեղինակ 5 (3-ական քվե, 6.52%)
Հեղինակ 3

Մենք չենք խմի նույն գավաթից այլևս
Ոչ ջուր և ոչ գինի անուշահոտ
էլ առավոտը չի բուրի մեր համբույրով
Ու երեկոն էլ չի կանչի իր մոտ
Քո սիրտն արևն Է, իմ հոգին` լուսինը
Սիրում ենք մենք ու ապրեցնում է սերը:

Կողքիս է միշտ անդավաճան ընկերս
Կողքիդ է միշտ ժպտուն ընկերուհիդ,
Բայց ինձ ծանոթ է վախը խորը աչքերիդ
Ու դու գիտես իմ թուլության պատճառը:
Մենք չենք կարող իրար հաճախ տեսնել
Մեզ վիճակվել է հոգիներ չփոթորկել:

Լոկ ձայնդ է իմ տողերում երգում
Քո տողերում ապրում է շունչը իմ:
Ո՛չ, չեն սպառնա անշեջ մեր կրակին
Ոչ վախը, ոչ էլ մոռացումը սին:
Թե իմանայիր որքան եմ ես սիրում
Շուրթերդ չոր, շուրթերդ վարդագույն:

Հեղինակ 5

Նույն բաժակից մենք չենք խմի
Ոչ ջուր հասարակ ու ոչ էլ գինի,
Առավոտյան չենք համբուրվի,
Երեկոյան էլ ոչինչ չի լինի։
Դու արևի մարդ ես, ես՝ լուսնի,
Բայց նույն սիրով ենք մնում կենդանի։

Իմ կողքին է միշտ իմ հավատարիմ, անուշ ընկերը,
Իսկ դու քո կողքին ունես կենսուրախ մի ընկերուհի,
Բայց ես հո գիտեմ՝ ինչ վախ է պատել քո ջինջ աչքերը.
Դու ես մեղավորն ու պատճառը իմ տառապանքների։
Մենք մեր կարճատև հանդիպումները չենք հաճախացնում,
Քանզի այդպիսով մեզ բաժին հասած հանգիստն ենք պահում։

Ձայնդ է միայն հնչում անդադար իմ այս տաղերում,
Քո տաղերին էլ իմ շնչառությունն է միշտ կյանք տալիս։
Օ՜, խարույկին այս չի սարսափեցնում ոչինչ աշխարհում
Ու մինչև անգամ մոռացությունը մոտիկ չի գալիս։
Թե իմանայիր՝ ոնց եմ փափագում
Շուրթերը քո չորուկ ու վարդագույն։
10-րդ տեղ. Հեղինակ 10 (2 քվե, 4.35%)
Հեղինակ 10

Ջուր չենք խմի նույն բաժակից,
Ոչ էլ, ի դեպ, քաղցր գինի,
Չենք արբենա մենք համբույրից,
Պատուհանից դուրս չենք նայի։
Դու արևով ես շնչում, ես՝ լուսնով,
Բայց կենդանի ենք մնում մի սիրով։

Ինձ հետ է ընկերն իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ ընկերուհիդ կենսուրախ,
Դու ես կյանք տվել իմ այս ցավերին,
Ու աչքերումդ ես տեսնում եմ վախ։
Բայց հանդիպումները մեր կարճ
Չենք էլ ձգտում ավելացնել,
Քանզի չնչին հանգիստը այս
Մեզ վիճակված է պահպանել։

Իմ տաղերում քո ձայնն է լոկ հնչում,
Իմ շնչով են բուրում քո տաղերը։
Օ՜, խարույկին այս բնավ չեն սպառնում
Ո՛չ մոռացությունը, ոչ էլ վախերը։
Ա՜խ, եթե իմանայիր, թե այս պահին
Որքան եմ տենչում քո չոր շուրթերը։

Այսպիսով ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է Հեղինակ 2-ի ներկայացրած թարգմանությունը: Այժմ առաջարկում եմ քննարկել ներկայացված թարգմանությունները, հեղինակների իրական անունների հրապարակումը փոքր-ինչ հետաձգելով: Հետաքրքրքիր է լսել բոլորի կարծիքները, երբ չկա մտերմի ստեղծագործությունը քննադատելուց խուսափելու կամ հակառակը՝ մտերմի ստեղծագործություն գովաբանելու հարց:

Քննարկումն այսպես կընթանա երկու օր, որից հետո կհրապարակեմ Հեղինակներից յուրաքանչյուրի անունը:

Չեմ բացառում, որ կախված քննարկման ընթացքից, մասնավորապես պասիվությունից կամ ակտիվությունից, այդ օրերի քանակը պակասեցվի, կամ հակառակը՝ ավելացվի:

Մաղթում եմ հետաքրքիր ու կառուցողական քննարկում:

Շինարար
18.02.2010, 01:00
Առաջին կարդալով՝ ինձ ամենաշատը դուր եկան 8-րդ և 7-րդ թարգմանությունները, սակայն ութերորդը տաղաչափորեն ավելի լավ էր կառուցված, իսկ 7-ում անհարթություններ կային, դրա համար քվեարկեցի ութի օգտին, նույնիսկ հետագայում կասկածներ ունեցա 8-ի հեղինակի հարցում, ու մտածում էի, որ պատահական չի, որ հենց ակումբի իմ ամենահավանած բանաստեղծի թարգմանությունն ա դուրս եկել, բայց կասկածներս հերքվեցին: Երկրորդը հենց սկզբից շրջանցել էի տողերից մեկում "օ" բացականչությունը տեսնելով, որ տանել չեմ կարողանում: Հետո տեսնելով, որ շատերն են 2-րդի օգտին քվեարկել, կարդացի ուշադիր, իրոք, արժանի է, և լեզվի, և տաղաչափության առումով հաջող է ստացվել, բայց 8-րդը նախընտրում եմ, ավելի տաք է, իսկ 2-րդից սառնություն ա փչում: Չգիտեմ, Ախմատովային ով ա ավելի հարազատ մնացել, ես հասարակ ընթերցող լինելով եմ իմ ընտրությունը կատարել, իմ սրտի հետ 8-րդն ավելի ջերմ է խոսացել:

Rammstein
18.02.2010, 01:04
Ամենաշատ ավանեցի Հեղինակ 9-ին, ապրի ինքը: Չնայած դրան` քվեարկել էի նաեւ հաղթող` 2-րդի օգտին:

Չեմ կարողանում ընդունել թարգմանությունները, որոնց մեջ փոխվել է բնօրինակի էությունը: Կարող է լավ ստացվի, բայց համարում եմ, որ դա թարգմանություն անվանել չի կարելի: Ավելի կոնկրետ, խոսքս Հեղինակ 8-ի ու մասամբ էլ Հեղինակ 4-ի մասին է:
Հեղինակ 5-ի մոտ «Բայց ես հո գիտեմ»-ի պահը ինձ անհասկանալի թվաց:
Հեղինակ 10-ը վատը չէր, ու կարծում եմ արժանի չէր վերջին տեղին, բայց մի քիչ տպավորություն ստեղծվեց, որ թարգմանությունը արված է միայն թարգմանած լինելու համար:

Ամենաքիչը հավանեցի Հեղինակ 7-ի թարգմանությունը:

Sphinx
18.02.2010, 01:07
Ըստ իս , ելնելով ներկայացված տարբերակներից ՝ հարցը ոչ թե հավանել-չհավանելն է, այլ այն, թե որքանով են նրանք համապատասխանում թարգմանության կարգավիճակին:Կան տարբերակներ, որ կարելի է կոչել հետաքրքիր փոխադրություն(Հ2), բանաստեղծության մոտիվով գրված գործ(Հ4, հ6), բայց նրանցից և ոչ մեկը , ցավոք, թարգմանություն չեմ կարող համարել:
Թարգմանությունը պետք է լինի բնագրին համարժեք և ճիշտ, ինչը նշանակում է անպայման.
1.պահպանել բնագրի միտքը,այն ներկայացնել անսխալ, առանց աղավաղման(Օրինակ,
Со мной всегда мой верный, нежный друг,
С тобой твоя веселая подруга.
Հ1-ը թարգմանել է.
Հավատարիմ ես ինձ, ընկեր իմ բարի,
Քեզ հետ է ուրախ քո ընկերուհին:
Ինչպես տեսնում եք , առկա է իմաստային սխալ:
Հ6-այսպես է պատկերացնում երկտողի հայերեն համարժեքը.
Ինձ հետ է միշտ քո հարազատ ժպիտը,
Իսկ դու ունես ծիծաղս քո գրկում:

Не поцелуемся мы утром рано,
А ввечеру не поглядим в окно.
Առավոտյան չենք համբուրվի,
Երեկոյան էլ ոչինչ չի լինի։(հ5)
Չենք համբուրվի սկսած լուսաբացից
Եվ չենք սպասի անձրևին իզուր(հ6)
Իսկ հ4ի հերոսուհին ափսոսում է, որ այլևս ֆիլմ չեն դիտի
Չենք համբուրվի լուսաբացին,
Ֆիլմ չենք դիտի մայրամուտին,(հ4):

2.հնարավորինս հաշվի առնել բնագրի տաղաչափական համակարգը,հանգավորումը, հնչերանգը, հեղինակի ոճը, էմոցիոնալ արտահայտչականությունը(այս կամ այն չափով վերաբերում է բոլոր տարբերակներին. էլ չեմ ասում, որ հ10-ի երկրորդ տունը ներկայացել է 8 տողով, հ8-ը, հ2-ը նույնպես խախտել են տողերի թիվը, հ5-ն առհասարակ փորձել է պարզապես ազատ վերապատմել բանաստեղծությունը...
Հնչյունական կառուցվածքն անգամ ոճական նշանակություն ունի, Օրինակ .
Не будем пить из одного стакана
Ни воду мы, ни сладкое вино...
Ո՛չ ջուր կխմենք մենք նույն բաժակից,
Ո՛չ էլ երբևէ գինի քաղցրահամ...(հ2)
Ոչ –ը և не(ни)-ն տեսեք որքան տարբեր հնչողություն ունեն: ոչերով կառուցվածքը հայերեն տարբերակը զրկել է բնագրի հանգիստ տոնայնությունից, այն դարձրել ավելի կտրուկ, չոր,ինչպես տեսնում եք,շարահյուսական այս կառուցվածքը փոխել է բնագրի իմաստային շեշտադրությունը...
Երբ թարգմանիչը գերապատվությունը տալիս է թարգմանական գործի հաջողությունը պայմանավորող վերը թվարկված պայմաններից մեկին կամ մյուսին՝ արդյունքում կարող է ստացվել բոլորովին այլ բան,բայց ոչ թարգմանություն:Պետք է համակողմանի ուսումնասիրել բնագրի տեքստը:
Ընթերցողը պետք է համոզված լինի ,որ կարդում է Ախմատովա և միայն Ախմատովա.թարգմանությունը ընդամենը միջոց է բնագրին ծանոթանալու համար և շատ կարևոր է , թե որքանով է այդ միջոցը ներկայացնում բնագիրը:Ինչևէ, չափածո գործի թարգմանությունը, իրոք, առանձնանում է իր բարդությամբ և նույնիսկ մեր դասականներին միշտ չէ, որ հաջողվել է կարգին թարգմանություն ներկայացնել:Թարգմանությամբ զբաղվողներին խորհուրդ կտայի ուսումնասիրել ռուս և հայ պոեզիայի տաղաչափական համակարգերի վերաբերյալ որոշ տեսական նյութեր.կարծում եմ օգտակար կլինի:Ստեղծագործական հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին::)

Ուլուանա
18.02.2010, 01:08
Նախ ուզում եմ որոշ դիտարկումներ անել ընդհանրապես գեղարվեստական թարգմանությունների վերաբերյալ, հետո՝ կոնկրետ տվյալ բանաստեղծության ու դրա թարգմանության տարբերակների մասին։

Ընդհանրապես գեղարվեստական գործ թարգմանելիս շատ կարևոր է բնագրին հարազատ մնալը։ Ու նույնիսկ եթե, թարգմանչի կարծիքով, բնագիրը հաջող չէ, ապա, միևնույն է, նա՝ որպես թարգմանիչ, չպիտի իրեն իրավունք վերապահի բանաստեղծությունն իր թագմանության մեջ, իր կարծիքով, ավելի լավը դարձնելու։ Պարզապես պետք է գիտակցել, որ թարգմանության իմաստը ոչ թե վերջում ամեն գնով լավ բանաստեղծություն ստանալն է, այլ բնագիր–ստեղծագործությունը՝ ինչպիսին էլ որ այն լինի, այլ լեզվով հնարավորինս ճշգրիտ վերարտադրելը։ Ի վերջո, թարգմանության նպատակը ո՞րն է. բնագիրը կարդալու հնարավորություն չունեցողին ծանոթացնել տվյալ գրողի ստեղծագործությանը, չէ՞։ Իսկ եթե թարգմանիչն այն թարգմանում է իր ոճով, ու թարգմանության մեջ գերիշխում է ոչ թե հեղինակի, այլ թարգմանչի ոգին, ստացվում է, որ թարգմանությունը լիարժեք չի ծառայում իր բուն նպատակին, քանի որ այն արդեն ավելի շատ ներկայացնում է ոչ թե գրողին, այլ թարգմանչին։ Օրինակ, եթե ես կարդում եմ ինչ–որ արտասահմանյան հեղինակի, որին թարգմանել է, ասենք, Չարենցը, ես ակնկալում եմ կարդալ ոչ թե Չարենցի ոգով գրված բանաստեղծություն, այլ տվյալ հեղինակի։ Եթե ցանկանամ Չարենցի ոգով բանաստեղծություն կարդալ, Չարենց կկարդամ, ոչ թե արտասահմանյան հեղինակին։ Իհարկե, հասկանալի է, որ մարդն ամեն դեպքում անդեմ ռոբոտ չէ, որ կարողանա թարգմանությունը լրիվ զերծ պահել սեփական անհատականության ու ոճի միջամտությունից, բայց դա, կարծում եմ, պետք է նվազագույնի հասցնել, գոնե այնքան, որ դրա տակ չճնշվի հեղինակի անհատականությունը։ Հատկապես չափածոյի հարցն այս առումով առավել նուրբ է. հարկավոր է պահպանել և՛ իմաստային կողմը, և՛ հեղինակի ոճը, ոգին, և՛ բանաստեղծության ձևաչափը՝ հանգեր, հնչերանգ և այլն։ Օրինակ, իմ խորին համոզմամբ, եթե հեղինակն իր բանաստեղծության մեջ ճշգրտությամբ պահպանել է բոլոր հանգերը, ապա թարգմանիչն իրավունք չունի այդ հանգամանքին մատների արանքով նայելու ու ավելի ազատ թարգմանելու՝ ուշադրություն դարձնելով միայն իմաստային կողմի վրա, նա պետք է անպայման հնարավորինս պահպանի հեղինակի հանգավորումը։ Համենայնդեպս, եթե իմ գրած բանաստեղծությունը, որը հանգերի առումով ճշգրիտ է, ինչ–որ մեկը թարգմաներ՝ չպահպանելով հանգերը, ես թեկուզ միայն դրա պատճառով կհամարեի, որ թարգմանությունն անհաջող է։ Դե, իմաստային լուրջ փոփոխությունների մասին էլ չեմ խոսում, քանի որ ակնհայտ է։ Ճիշտ է, նաև հայտնի է, որ թարգմանություն երևույթն ինքնին ի սկզբանե բացառում է բացարձակ ճշգրտության ու բնագրին հարյուրտոկոսանոց համապատասխանության հնարավորությունը, բայց պետք է առնվազն ձգտել դրան։

Ուլուանա
18.02.2010, 01:12
Քանի որ, իմ շատ համեստ կարծիքով, բնագիրն էլ առանձնապես մի բան չէր, համենայնդեպս, ինձ այնքան էլ դուր չի եկել բանաստեղծությունը, անկեղծ ասած, թարգմանության տարբերակներից ոչ մեկն էլ առանձնապես չեմ հավանել։ Պարզապես չուզեցի գնահատման չափանիշներիս դավաճանելով՝ նշաձողն իջեցնել այնքան, որ ստիպված որևէ տարբերակ ընտրեմ։ Բնագրից իմաստային շեղումներ առկա էին գրեթե բոլոր տարբերակներում, իսկ տարբերակներից մի երկուսն ընդհանրապես շատ թույլ կապ ունեին բնագրի հետ (կոնկրետ տարբերակներ չեմ նշում, քանի որ ցանկության դեպքում բոլորն էլ կարող են տեսնել՝ համեմատելով թարգմանությունը բնագրի հետ). որոշ դեպքերում այնպիսի տպավորություն էր, որ թարգմանիչներն այնքան են տարվել սեփական երևակայության թռիչքներով, որ մոռացել են բնագրի մասին ու ընդամենը բնագրի թեմայի ընդհանուր հիմքի վրա սեփական բանաստեղծությունն են հորինել։ :)) Այսինքն՝ կարելի է ասել, որ, ըստ էության, ստացվել է ոչ թե թարգմանություն, այլ փոխադրություն, որն, իհարկե, վատ բան չէ, եթե հաշվի չառնենք, որ մեր մրցույթի նպատակը թարգմանությունն էր, ոչ թե փոխադրությունը։ Համենայնդեպս, բնագրից այդչափ հեռացած թարգմանությունն արդեն Ախմատովա կոչելը դժվար է։

Օրինակ, 4-րդ տարբերակը, որն, իմ կարծիքով, հաջողված մասեր ուներ, և որը ես ամենայն հավանականությամբ կընտրեի, եթե գնահատմանս չափանիշների նշաձողն իջեցնեի որոշ չափով, այնուամենայնիվ, մի լուրջ իմաստային սխալ է պարունակում, որն աչքի է զարնում ընդհանուր ֆոնի վրա։ Խոսքը ֆիլմ դիտելու վերաբերյալ արտահայտության մասին է։ Ընդհանրապես, ինչպես վերևում նշել էի, նմանատիպ իմաստային փոփոխություններն, իմ կարծիքով, շատ դեպքերում էական դեր չեն խաղում, ու գուցե այս թերության վրա էլ կարելի լիներ աչք փակել, եթե չլիներ մի կարևոր հանգամանք. հայտնի է, որ Ախմատովան տվյալ բանաստեղծությունը գրել է 1913 թվականին, ժամանակաշրջան, որում ֆիլմ դիտելու մասին պարզապես խոսք լինել չէր կարող։ Հետևաբար այդ՝ առաջին հայացքից փոքրիկ թերությունը տվյալ դեպքում, կարելի է ասել, ապատեղեկատվություն է դառնում տվյալ ժամանակաշրջանի մասին։

Տարբերակներից մի քանիսում կարելի է հանդիպել «գորշ աչքերի վախը» արտահայտությանը, որն, իմ կարծիքով, այնքան էլ հաջող չէ, բնագրում այն մի փոքր այլ կերպ է հնչում։ Серые глаза բառակապակցությունն, ըստ իս, հայերեն ավելի լավ կլիներ թարգմանել որպես «մոխրագույն աչքեր»։ Թեև բացատրական բառարանում «գորշ» բառի առաջին իմաստը հենց մոխրագույնն է, բայց, ի տարբերություն ռուսերեն серый–ի, հայերենում գորշն ավելի հաճախ գործածվում է բացասական երանգավորմամբ, օրինակ՝ գորշ մկնիկ (անհետաքրքիր, ձանձրալի, ոչնչով աչքի չընկնող անձնավորություն), գորշ առօրյա (տաղտկալի, միապաղաղ առօրյա), գորշ ամպեր (մռայլության, չարագուշակության իմաստով) և այլն։ Հասկանալի է, որ «մոխրագույն» բառի երկար ու այդպիսով բանաստեղծության մեջ հարմար չտեղավորվելու պատճառով թարգմանիչներից մի քանիսը գերադասել են այն փոխարինել «գորշով», բայց, կարծում եմ, այդ բառը բանաստեղծության մեջ այնքան կարևոր դեր չուներ, որ ամեն գնով պետք լիներ այն ներառել թարգմանության մեջ, կարելի էր պարզապես բաց թողնել այն կամ փոխարինել որևէ այլ բառով, որը, սակայն, ընդհանուր առմամբ նոր իմաստ չէր տա գրվածքին, էական բան չէր փոխի։

Համեմատաբար հաջողվածներից եմ համարում նաև 8–րդ տարբերակը։ Ու նշաձողն իջեցնելու դեպքում մեկ էլ այս տարբերակը կընտրեի, բացի չորրորդից։ Բայց այս տարբերակում էլ, չնայած որոշ՝ բավական հաջող ձևակերպումներին, հանգերը հիմնականում թերի էին, մեկ էլ աչքս ծակեց «գորշ աչքերի վախը» արտահայտությունը, որը տվյալ դեպքում, բացի «գորշ» բառի վերաբերյալ վերևում ասածիցս, նաև անհաջող է «աչքերի» անդեմությամբ. ռուսերենն այս առումով բավականաչափ ճկուն չէ, որ միայն գոյականի միջոցով նաև դեմքը ցույց տա, ու ռուսերենում դեմքը նման դեպքերում հաճախ ինքնին ենթադրվում է համատեքստից, բայց հայերենն էլ հո ունի այդ հնարավորությունը, ու հայերենում նման անդեմությունը մի տեսակ բնական չի հնչում, իմ կարծիքով։

Հենրիկ Բաբաջանյան
18.02.2010, 01:19
Ախմատովայի բանաստեծություն դա չափավորված ոճ է, իր հանգավորման խիստ օրենքներով, որ ոչ մեկը իրավունք չունի խախտելու… Դա հնարել է Ա. Պուշկինը


Мой дядя самых честных правил,
Когда не в шутку занемог,
Он уважать себя заставил
И лучше выдумать не мог.
Его пример другим наука;
Но, Боже мой, какая скука



Театр уж полон; ложи блещут;
Партер и кресла - все кипит;
В райке нетерпеливо плещут,
И, взвившись, занавес шумит.
Блистательна, полувоздушна,
Смычку волшебному послушна,

օգտագործելով «Եվգենի Օնեգին» չափածո վեպում… Այդ ոճն էլ հենց օգտագործիլ է Աննա Ախմատովան մեծ վարպետությամբ… Ես համոզված եմ, որ թարգմանությունները պիտի տատարվեր խստորեն պահպանելով բալոր օրենքները… Ես իմ ձայնը տվել եմ համար 10 ին, որովհերև նա տվյալ դեպքում չի տարբերվում նրանցից, ովքեր ստացել են ձայների մեծամասնությունը…

Հենրիկ Բաբաջանյան
18.02.2010, 01:34
Թարգմանիչներից ոմանք ավելացրել են տողերի քանակը, որը նույնպես անթույլատրելի է…

Chuk
18.02.2010, 01:51
Այսպես, զուտ տեսական դատողություններ, քանզի իրավունք չունեմ կոնկրետ գործերին անդրադառնալու (եթե այլոց առջև հեղինակներին դեռևս չճանաչելու սահմանափակում եմ դնում, ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում հեղինակներին իմանալով անդրադառնալ դրանց), հետևաբար կոնկրետ գործերին, եթե կարիքը լինի, կանդրադառնամ հեղինակների անունների հրապարակումից հետո:

Հիմա գանք թարգմանություններին:
Մի քանի հոգի բերեցին դասագրքային սահմանումներ: Այո՛, հենց դասագրքային:
Իսկ ես կարծում եմ, որ թարգմանությունները կարող են լինել ամենատարբեր ձևի ու թարգմանության մեջ ամենակարևորը՝ սրտից բխելն է (ինչպես և պարզապես ստեղծագործելիս):


Թարգմանիչը կարող է վերապատմել բանաստեղծությունը, խախտելով հանգային ու վանկային կառուցվածքը, բայց ընթերցողին այդ կերպ փոխանցելով հեղինակի խոսքը:
Թարգմանիչը կարող է պահպանել բանաստեղծության հնչողությունը, ընթերցողին փոխանցելով հեղինակի շունչը, փոքր ինչ փոխելով բովանդակությունը:
Թարգմանիչը կարող է տեղայնացնել կամ ժամանակակիցացնել բանաստեղծությունը՝ ներմուծելով տվյալ տեղանքին կամ ժամանակին բնութագրող էլեմենտներ:


Թարգմանչի, հեղինակ առջև լուրջ սահմանափակումներ դնելը սխալ է:
Եթե մեզ պետք է բնագրի տվյալ լեզվով պատճենը, ապա այն ստանալն ուղղակի անհնար է, հետևաբար մնացածը՝ ձև:

Պետք չէ սահմանափակել ինքներս մեզ դասագրքային զնդանում:

Rammstein
18.02.2010, 01:54
Թարգմանիչներից ոմանք ավելացրել են տողերի քանակը, որը նույնպես անթույլատրելի է…

Միայն մեկ տուն.

Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթե


Sah ein Knab ein Röslein stehn,
Röslein auf der Heiden,
War so jung und morgenschön,
Lief es schnell es nah zu sehn,
Sah's mit vielen Freuden
Röslein, Röslein, Röslein rot,
Röslein auf der Heiden.

Հովհաննես Թումանյան


Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:


Հիմա կխնդրեմ համեմատես տողերի քանակները, ու ասես` ընդունո՞մ ես Թումանյանի այս թարգմանությունը:

Ուլուանա
18.02.2010, 01:58
....Երկրորդը հենց սկզբից շրջանցել էի տողերից մեկում "օ" բացականչությունը տեսնելով, որ տանել չեմ կարողանում: Հետո տեսնելով, որ շատերն են 2-րդի օգտին քվեարկել, կարդացի ուշադիր, իրոք, արժանի է, և լեզվի, և տաղաչափության առումով հաջող է ստացվել, բայց 8-րդը նախընտրում եմ, ավելի տաք է, իսկ 2-րդից սառնություն ա փչում:
Շինարար ջան, սառնություն փչելու պահը հասկացանք, բայց «օ» բացականչությունն ախր բնագրում էլ կար :D, հետևաբար թարգմանության մեջ դրա առկայությունը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել որպես թերություն։ Նույնիսկ հակառակը՝ չլինելն է ավելի շուտ թերություն։ Դու բնագիրը կարդացե՞լ ես։ Ճիշտն ասած՝ ես էլ էդ բացականչությունը չեմ սիրում, բայց դա առավելագույնը կարող է պատճառ հանդիսանալ բանաստեղծությունը չհավանելու, ոչ թե թարգմանությունը։

Շինարար
18.02.2010, 02:07
Շինարար ջան, սառնություն փչելու պահը հասկացանք, բայց «օ» բացականչությունն ախր բնագրում էլ կար :D, հետևաբար թարգմանության մեջ դրա առկայությունը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել որպես թերություն։ Նույնիսկ հակառակը՝ չլինելն է ավելի շուտ թերություն։ Դու բնագիրը կարդացե՞լ ես։ Ճիշտն ասած՝ ես էլ էդ բացականչությունը չեմ սիրում, բայց դա առավելագույնը կարող է պատճառ հանդիսանալ բանաստեղծությունը չհավանելու, ոչ թե թարգմանությունը։

Բանաստեղծությունը իրոք չեմ հավանել, իսկ "օ"-ի պահը նշեցի` ասելու, թե ինչու սկզբում շրջանցել էի այդ թարգմանությունը, ճիշտն ասած` նոր նորից նայեցի, բանաստեղծության մեջ "օ"-ի գոյությունը մոռացել էի, ամեն դեպքում, երկրորդ թարգմանության մասին արդեն ասացի, որ իրականում այն հավանել եմ, ուղղակի ութը ավելի եմ հավանում, իսկ ընդհանուր առմամբ` բնագրին հավատարմության, բնագրի տաղաչափությանը հավատարիմ մնալու առումներով, ես չեմ խորացել, դատել եմ սրտով, ինչ-որ նշաձողեր իջեցնելու, հանկարծ անգրագետ կամ անճաշակ խնդիր չեմ ունեցել, ի վերջո, ընտրում ենք եղածի մեջից:))

Հենրիկ Բաբաջանյան
18.02.2010, 02:31
Միայն մեկ տուն.

Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթե



Հովհաննես Թումանյան




Հիմա կխնդրեմ համեմատես տողերի քանակները, ու ասես` ընդունո՞մ ես Թումանյանի այս թարգմանությունը:
Ա,դ հարցին ի՞նչ պատասխան կտա ինքը՝ Գյթեն…
Իհարկե Թումանյանը նույնպես խախտել է, եթե դա չափավորված ոճ է…

Rammstein
18.02.2010, 02:33
Ա,դ հարցին ի՞նչ պատասխան կտա ինքը՝ Գյթեն…
Իհարկե Թումանյանը նույնպես խախտել է, եթե դա չափավորված ոճ է…

Ցավոք, Գյոթեն հիմա ողջ չէ:

Թումանյանը չգիտեմ` խախտել է, թե չէ, բայց սա ապացույցն է նրա, որ խախտել-չխախտելը որեւէ կապ չունի թարգմանության որակի հետ:

Արևածագ
18.02.2010, 09:26
Սովորական ընթերցողի տեսանկյունից, որը բանաստեղծությունը կարդում է հաճույք ստանալու, ու ոչ թե թարգմանությունը բնագրի հետ տող առ տող համեմատելու և գնահատական տալու համար, ըստ իս ամենահաջողվածը 2-րդն է: Այնտեղ հնարավորինս պահպանված է բանաստեղծության միտքն ու երաժշտականությունը:

Էդուարդ_man
18.02.2010, 12:25
Ամեանաշտը հավանել էի 4րդ տարբերակը, բայց «ֆիլմ նայելու» իմպրովիզը խանգարեց, որ քվեարկեի հենց այդ տարբերակի օգտին: Ընտրեցի հաջորդ հավանածս 10րդը ու զարմացա ճիշտն ասած, որ ամենավերջին տեղում հայտնվեց:

Դեկադա
18.02.2010, 12:30
Ամենաշատը 6 -րդ տարբերակը հավանեցի: Ըստ իս ավելի լավ էր իմաստը բնութագրած և հանգերն էլ պահպանված էին:Բայց 2-րդ էլ դուրս եկավ:

Ռուֆուս
18.02.2010, 12:39
Անկեղծ ասած, տարբերակներից ոչ մեկը չեմ հավանել, մեջներից ամենասահունն ու նորմալը իմ կարծիքով երկրորդն էր, դրա համար եմ երկրորդ տարբերակին քվեարկել: Նաև մի քիչ դուր էին եկել 3-րդ, 7-րդ ու 8-րդ տարբերակները, բայց այսքանից մենակ 3-ին քվեարկեցի, չնայած որոշել էի 2-ից բացի ոչ մի տարբերակի օգտին չքվեարկել:

Իսկ ամենաքիչը 4-ն էր դուր եկել, ֆիլմ նայելն էր մեղավոր :))

Sphinx
18.02.2010, 15:18
Ա,դ հարցին ի՞նչ պատասխան կտա ինքը՝ Գյթեն…
Իհարկե Թումանյանը նույնպես խախտել է, եթե դա չափավորված ոճ է…

Հենրիկին լրացնելով՝ թույլ տվեք ասել հետևյալը.
Ժող ջան, մենք հիմա խոսում ենք 2 տարբեր որակների մասին. մի բան է գեղարվեստական թարգմանությունը,այլ բան է փոխադրությունը(ազատ թարգմանություն)
Փոխադրության /ազատ թարգմանության ժամանակ ,ի տարբերություն գեղարվեստական թարգմանության, թարգմանիչը վերարտադրում է այնպես , ինչպես ինքն է ընկալում առանց հաշվի առնելու բնագրի ոճաձևային առանձնահատկությունները. Բայց այդ գործերը ազատ և անկախ են լինում բնագրից ու ինքնուրույն կյանքի իրավունք են ստանում:Դա թարգմանչի հեղինակած գործն է դառնում:Խնկո-Ապոր «Ճպուռն ու մրջյունը»կամ «Գայլն ու գառը» տաղանդավոր փոխադրություններ են Կռիլովից .նրանք ,ըստ էության, ոչ թե Կռիլովինն են ,այլ Խնկո-Ապորը:ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՎԱՏ ՈՐԱԿ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ , ԱՅԼ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒՐԻՇ ՈՐԱԿ Է:

Գոհարիկ
18.02.2010, 16:37
Չգիտեմ՝ արդյո՞ք տեղին է, թե ոչ կամ կհետաքրքրի՞, բայց տեղադրում եմ նաև իմ տարբերակը:
Մրցույթի համար չհասցրեցի ուղարկել տեխնիկական պատճառներով.

Այլևս չենք խմի միևնույն բաժակից
Ոչ ջուր, ոչ քաղցր գինի,
Չենք համբուրվի առավոտ ծեգին,
Չենք հանդիպի երեկոյին:
Դու արև ես շնչում, իմ շունչը լուսինն է,
Բայց մեզ ապրեցնողը միևնույն սերն է:

Ինձ հետ է միշտ իմ նուրբ, հավատարիմ ընկերը,
Քեզ հետ՝ քո զվարթ ընկերուհին,
Բայց ինձ հայտնի է մոխրագույն աչերի այդ վախը,
Եվ դու ես պատճառն իմ տառապանքի:
Հաճախ չեն այլևս կարճ պահերը հանդիպման.
Այդպես պիտի պահենք անդորրը հավիտյան:

Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
Քո տողերում է իմ շունչը փչում:
Օ՜, կա կրակ, որին ոչ մի դեպքում
Ոչ մոռացումը, ոչ վախը չեն դիպչում:
Միայն իմանայիր ինչպես եմ կարոտում
Շուրթերդ անհամբույր, շուրթերդ վարդագույն…

Ռուֆուս
18.02.2010, 17:00
Շատ լավն էր, բացի էս հատվածից.


Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
Քո տողերում է իմ շունչը փչում:

Ես ուրիշ բան է հասկացա :))

Katka
18.02.2010, 18:29
Հերթով կուզեի գրել՝ ինչ եմ զգում, բայց քանի որ հոգնում եմ, կգրեմ 2-3-ը, ընթացքում էլ՝ մնացածը:
Ես ընտրության ժամանակ առաջնորդվել եմ նույնիսկ մեկ բառի թարգմանության՝ Ախմատովայի ոճին ոչ համահունչ լինելով: Ասենք, օրինակ, առաջինի մեջ ինձ դուր չեկավ ընդամենը մի նախադասություն, որը, կարծում եմ, Ախմատովային շունչը չի`Մեր կյանքը դրած մեր սիրո հույսին::Մի փոքր հեռու է Ախմատովայից 1-ինի թարգմանությունը, կարծում եմ:
Երկրորդը էն գլխանց էլ դուրս չեկավ,


Հեղինակ 2

Ո՛չ ջուր կխմենք մենք նույն բաժակից,
Ո՛չ էլ երբևէ գինի քաղցրահամ,
Ո՛չ դուրս կնայենք տան պատուհանից,
Ո՛չ կհամբուրվենք վաղ առավոտյան։
Ես արև եմ շնչում, դու՝ լուսին,
Բայց մեզ մի սեր է պահում միասին։

Ինձ հետ ընկերն է իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ զվարթ քո ընկերուհին։
Բայց հասկանում եմ երկյուղն աչքերիդ.
Դու ես մեղավորն իմ այս ցավերի։
Հանդիպումները մեր կարճ, գողունի,
Երկարաձգել չենք ջանում երբեք.
Եղած հանգիստը պահպանել է պետք։

Լոկ ձայնդ է հնչում իմ տաղերում,
Քո տաղերում իմ շունչն է թևածում։
Օ՜, այս խարույկը չի տեսնի երբեք
Ո՛չ վախ, ո՛չ մահ ու ո՛չ էլ մոռացում։

Եթե իմանայիր՝ որքան եմ կարոտում
Շուրթերը քո չոր ու վարդագույն...

Առաջին ոչ-երը հեռու են Ախմատովայի նուրբ ոչերից, կարծում եմ:Բանաստեղծության օրիգինալը/ռուսերենով/ կարդալով`ես զգում եմ՝ նեղացած է, կոշտություն եմ զգում,բայց միաժամանակ խորը սեր ու թաքնված նրբություն, բայց ոչ չորություն: Այսինքն, այստեղ լավ թարգմանություն է, բայց, կարծում եմ, մի փոքր փոխվում է բանաստեղծության երանգը, Աննայի սիրո շունչը կորում է: Ի՞նչ երկյուղ, երկյուղը այլ բա՞ն չէ արտահայտում: Այս բառերը փոխում են բանաստեղծության շունչը:Սկզբում ես տեսնում եմ ինքնավստահ չոր ու կոպիտ, ապա ինչ-որ չհամապատասխանող նրբություն:Ես կասեի ավելորդ:

Հավանեցի Հեղինակ 9-ի թարգմանությունը: Նրբությունը, սերը պահպանվում է բոլոր մասերում:Իմաստային ու զգացմունքային թարգմանություն եմ տեսնում, ոչ թե բառացի, սակայն չեմ ասում, որ բառացի թարգմանությունը վատ է:

Հ.Գ. Գրականագետ չեմ, հիմնականում գրեցի այն, ինչ զգացել եմ:)Մնացածի մասին էլ մտածել եմ, ընթացքում կգրեմ:oy
Հա, բոլոր հեղինակներ, շատ շնորհակալ եմ:

Ուլուանա
18.02.2010, 18:43
Չգիտեմ՝ արդյո՞ք տեղին է, թե ոչ կամ կհետաքրքրի՞, բայց տեղադրում եմ նաև իմ տարբերակը:
Մրցույթի համար չհասցրեցի ուղարկել տեխնիկական պատճառներով.
Եթե տեղադրել ես, ուրեմն երևի կարծիքներ ու գնահատականներ էլ ես ակնկալում։ Ես էլ իմ կարծիքն ասեմ, երևի դեմ չես լինի.

Ընդգծածս տողերն, իմ կարծիքով, համեմատաբար հաջողված մասերն են.

Այլևս չենք խմի միևնույն բաժակից
Ոչ ջուր, ոչ քաղցր գինի,
Չենք համբուրվի առավոտ ծեգին,
Չենք հանդիպի երեկոյին:
Դու արև ես շնչում, իմ շունչը լուսինն է,
Բայց մեզ ապրեցնողը միևնույն սերն է:

Ինձ հետ է միշտ իմ նուրբ, հավատարիմ ընկերը,
Քեզ հետ՝ քո զվարթ ընկերուհին,
Բայց ինձ հայտնի է մոխրագույն աչերի այդ վախը,
Եվ դու ես պատճառն իմ տառապանքի:
Հաճախ չեն այլևս կարճ պահերը հանդիպման.
Այդպես պիտի պահենք անդորրը հավիտյան:

Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
Քո տողերում է իմ շունչը փչում:
Օ՜, կա կրակ, որին ոչ մի դեպքում
Ոչ մոռացումը, ոչ վախը չեն դիպչում:
Միայն իմանայիր ինչպես եմ կարոտում
Շուրթերդ անհամբույր, շուրթերդ վարդագույն…

Հիմա հիմնական թերությունների մասին։ Նախ հանգ, չափ ու ձև համարյա պահպանված չէ։

Չենք համբուրվի առավոտ ծեգին,
Չենք հանդիպի երեկոյին:
«Երեկոյին» ձևը քերականորեն սխալ է, «երեկոյան» պետք է լինի։ Ակնհայտ է, որ զոհաբերություն է արվել հանուն հանգի։


Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
Քո տողերում է իմ շունչը փչում:
Ռուսերենում "мое дыханье веет" ձևակերպումը միանգամայն նորմալ է ու ճիշտ, բայց բառացի թարգմանելու դեպքում հայերենում ստանում ենք բոլորովին այլ իմաստ. շունչը փչել, ինչպես գիտենք, հայերենում նշանակում է մեռնել։ Ստացվում է, որ հեղինակն իր մահկանացուն է կնքում սիրեցյալի տողերում։ :))
Հուսով եմ՝ դիտողություններս կընդունվեն առանց վիրավորանքի։

Էս մրցույթն ամեն դեպքում բոլորիս համար էլ մեծ փորձ էր, իմ կարծիքով, այսինքն՝ թե՛ մասնակիցների և թե՛ ընթերցողների։ Ու երևի արժե դասեր քաղել հետագայի համար։ :) Ես ինքս, օրինակ, որոշ բաներ բացահայտեցի ինձ համար, որոնց վրա նախկինում ուշադրություն չէի դարձրել։ Ու, կարծում եմ, լավ է, որ որոշ մարդիկ հանգամանալից դիտողություններ էին գրել։ Դրանք գեղարվեստական թարգմանությամբ քիչ թե շատ լրջորեն հետաքրքրվող մարդկանց համար պիտի որ օգտակար լինեն։ Հուսով եմ՝ բացահայտվելուց հետո հեղինակներն ամեն գնով սեփական տեսակետը կամ թարգմանությունը պաշտպանելու մղումով չեն առաջնորդվի ու կփորձեն առանց վրդովմունքի արձագանքել արված դիտողություններին ու նաև ընդունել որոշ բաներ։ Ամեն դեպքում պետք է գիտակցել, որ թարգմանությունը լուրջ գործ է, մասնագիտություն, ու եթե իսկապես լրջորեն ենք դրանով զբաղվում, ապա միայն «սրտից բխած» թարգմանությունը տվյալ դեպքում չի կարող լուրջ աշխատանքի հավակնել։ Իհարկե, շատերը կարող են ասել, որ մենք էստեղ լուրջ թարգմանիչներ չենք, ընդամենը զբաղվում ենք, ուրախանում ենք և այլն, բայց ինչու՞ հաճելի զբաղմունքը նաև օգտակար չդարձնել ու ավելի լուրջ մոտեցում չցուցաբերել, երբ որ դրա հնարավորությունը կա։

Լավ, մի տեսակ շատ ճառային ստացվեց :)), չէի ուզում, կներեք։ :oy

Ուլուանա
18.02.2010, 19:57
Կարծում եմ՝ հաշվի առնելով քննարկման ոչ այնքան ակտիվ ընթացքը՝ կարելի է հեղինակներին ավելի շուտ բացահայտել։ Ի դեպ, հիշեցնեմ, որ էդպիսի կրճատման հնարավորությունն ի սկզբանե նախատեսված էր, էնպես որ տվյալ դեպքում դա սկզբնական պայմանների խախտում չի լինի։

Ռուֆուս
18.02.2010, 21:10
Հմո եմ Անուկի հետ, ասեք էլի, ով ով ա :)

Համ էլ իմ կարծիքով քննարկումները պասիվ են ընթանում, որովհետև մասնակիցները օբյեկտիվ պատճառներով չեն ուզում նախքան իրենց բացահայտվելը որևէ կարծիք հայտնել, որ հետո դա սխալ չընկալվի :)

Chuk
18.02.2010, 21:25
Հաշվի առնելով քննարկման պասիվության ու բանավեճի, ըստ էության բացակայությունը, ինչպես նաև թեմայի վերջին գրառումներում հնչած առաջարկն ու դրանց արձագանքը, հրապարակում եմ մասնակիցների անունները.

Հեղինակ 1 - Հենրիկ Բաբաջանյան (http://www.akumb.am/member.php/22237-Հենրիկ-Բաբաջանյան)
Այն նույն բաժակից չենք ըմպելու
Մենք ոչ ջուր, ոչ էլ՝ գինի անուշ,
Արևածագին չենք համբուրվելու,
Պատուհանից չենք նայլու շատ ուշ:
Դու արև ես շնչում, իսկ ես՝ լուսին,
Մեր կյանքը դրած մեր սիրո հույսին:

Հավատարիմ ես ինձ, ընկեր իմ բարի,
Քեզ հետ է ուրախ քո ընկերուհին:
Զգում եմ ահը քո գորշ աչքերի,
Պատճառը դու ես իմ ցավի այս հին:
Մենք չենք հանդիպի այլևս հաճախ,
Որոշված է պահել մեր նիհրը խաղաղ:

Քո ձանն է միայն իմ այս տողերում,
Քո երգերի մեջ իմ շունչն է նորեն:
Օ՜, կա մի կրակ, չեն կարող որին
Հպվել անգոն ու ահն իր դողերում:
Թե իմանաս ոնց են ցանկալի այսօր
Քո շուրթերը վարդագույն ու չոր:
Հեղինակ 2 - Ուլուանա (http://www.akumb.am/member.php/6-Ուլուանա)
Ո՛չ ջուր կխմենք մենք նույն բաժակից,
Ո՛չ էլ երբևէ գինի քաղցրահամ,
Ո՛չ դուրս կնայենք տան պատուհանից,
Ո՛չ կհամբուրվենք վաղ առավոտյան։
Ես արև եմ շնչում, դու՝ լուսին,
Բայց մեզ մի սեր է պահում միասին։

Ինձ հետ ընկերն է իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ զվարթ քո ընկերուհին։
Բայց հասկանում եմ երկյուղն աչքերիդ.
Դու ես մեղավորն իմ այս ցավերի։
Հանդիպումները մեր կարճ, գողունի,
Երկարաձգել չենք ջանում երբեք.
Եղած հանգիստը պահպանել է պետք։

Լոկ ձայնդ է հնչում իմ տաղերում,
Քո տաղերում իմ շունչն է թևածում։
Օ՜, այս խարույկը չի տեսնի երբեք
Ո՛չ վախ, ո՛չ մահ ու ո՛չ էլ մոռացում։

Եթե իմանայիր՝ որքան եմ կարոտում
Շուրթերը քո չոր ու վարդագույն...
Հեղինակ 3 - Գալաթեա (http://www.akumb.am/member.php/10897-Գալաթեա)
Մենք չենք խմի նույն գավաթից այլևս
Ոչ ջուր և ոչ գինի անուշահոտ
էլ առավոտը չի բուրի մեր համբույրով
Ու երեկոն էլ չի կանչի իր մոտ
Քո սիրտն արևն Է, իմ հոգին` լուսինը
Սիրում ենք մենք ու ապրեցնում է սերը:

Կողքիս է միշտ անդավաճան ընկերս
Կողքիդ է միշտ ժպտուն ընկերուհիդ,
Բայց ինձ ծանոթ է վախը խորը աչքերիդ
Ու դու գիտես իմ թուլության պատճառը:
Մենք չենք կարող իրար հաճախ տեսնել
Մեզ վիճակվել է հոգիներ չփոթորկել:

Լոկ ձայնդ է իմ տողերում երգում
Քո տողերում ապրում է շունչը իմ:
Ո՛չ, չեն սպառնա անշեջ մեր կրակին
Ոչ վախը, ոչ էլ մոռացումը սին:
Թե իմանայիր որքան եմ ես սիրում
Շուրթերդ չոր, շուրթերդ վարդագույն:
Հեղինակ 4 - Բարեկամ (http://www.akumb.am/member.php/1353-Բարեկամ)
Նույն բաժակից մենք չենք խմի
Ոչ ջուր, ոչ էլ քաղցր գինի,
Չենք համբուրվի լուսաբացին,
Ֆիլմ չենք դիտի մայրամուտին,
Քոնն արևն է, իմը՝ լուսին,
Լոկ սերն է մեզ կապում լույսին:

Ինձ հետ է միշտ
ընկերս նուրբ, հավատարիմ,
Իսկ քո կողքին՝ ընկերուհիդ զվարթ,
Բայց հասկանում եմ վախը աչքերիդ,
Ու համակում է ինձ կրկին տագնապ:
Հանդիպումները մեր կարճ են ու սակավ,
Բայց դա է պետք հանդարտ կյանքի համար :

Լոկ ձայնն է քո երգում իմ երգերում,
Քո տողերում իմ շունչն է ծվարած,
Ու կա կրակ, որին դիպչել անգամ
չեն հանդգնի ոչ մոռացում, ոչ վախ:

Թե իմանաս ինչքան եմ ես սիրում
Քո չորացած շուրթերը վարդագույն:
Հեղինակ 5 - Ուլուանա (http://www.akumb.am/member.php/6-Ուլուանա)
Նույն բաժակից մենք չենք խմի
Ոչ ջուր հասարակ ու ոչ էլ գինի,
Առավոտյան չենք համբուրվի,
Երեկոյան էլ ոչինչ չի լինի։
Դու արևի մարդ ես, ես՝ լուսնի,
Բայց նույն սիրով ենք մնում կենդանի։

Իմ կողքին է միշտ իմ հավատարիմ, անուշ ընկերը,
Իսկ դու քո կողքին ունես կենսուրախ մի ընկերուհի,
Բայց ես հո գիտեմ՝ ինչ վախ է պատել քո ջինջ աչքերը.
Դու ես մեղավորն ու պատճառը իմ տառապանքների։
Մենք մեր կարճատև հանդիպումները չենք հաճախացնում,
Քանզի այդպիսով մեզ բաժին հասած հանգիստն ենք պահում։

Ձայնդ է միայն հնչում անդադար իմ այս տաղերում,
Քո տաղերին էլ իմ շնչառությունն է միշտ կյանք տալիս։
Օ՜, խարույկին այս չի սարսափեցնում ոչինչ աշխարհում
Ու մինչև անգամ մոռացությունը մոտիկ չի գալիս։
Թե իմանայիր՝ ոնց եմ փափագում
Շուրթերը քո չորուկ ու վարդագույն։
Հեղինակ 6 - Ձայնալար (http://www.akumb.am/member.php/5741-Ձայնալար)
Չենք խմի մենք ընդհանուր թասից,
Ոչ կարմիր գինի, ոչ էլ սառցե ջուր:
Չենք համբուրվի սկսած լուսաբացից
Եվ չենք սպասի անձրևին իզուր
Դու նայում ես արևին, իսկ ես լուսինն եմ սիրում.
Բայց ապրում ենք սիրելով՝ ես ու դու այս աշխարհում

Ինձ հետ է միշտ քո հարազատ ժպիտը,
Իսկ դու ունես ծիծաղս քո գրկում:
Բայց տեսնում եմ քո ներսի թախիծը,
Ու ես էլ քո սիրուց եմ լոկ տխրում:
Այնպես խեղդում ենք մեր միջի կիրքը
Ասես դրանում է կյանքի գաղտնիքը

Լոկ ձայնն է քո ապրում իմ տողերում
Քո հանգերից իմ ստվերն է անբաժան
Այո, կյանքում կա գիժ ու թեժ մի բան,
Որից որ ինքը մահն է վախենում:
Նույնիսկ չգիտես, ինչի եմ ես ունակ
Միայն թե զգաս իմ շունչը շնչիդ տակ:
Հեղինակ 7 - Tig (http://www.akumb.am/member.php/9113-Tig)
Չենք խմելու էլ նույն բաժակից,
Ոչ ջուր, ոչ հուր, ոչ քաղցր այն գինին:
Առավոտյան համբույր չեմ նվիրի,
Չենք զմայլվի փայլով երեկոյի:
Դու այգաշունչ ես, ես` լուսնահոգի,
Բայց դեռ ապրում է մեր սիրո ոգին:

Ինձ հետ է միշտ հավատարիմ ընկերս,
Քեզ հետ` ուրախ ու հմայիչ գեղեցկուհիդ:
Իմ տխրության պատճառն են քո անցած մեղքերը,
Եվ ես զգում եմ վախը աչքերիդ:
Անտեսելով մեր թռուցիկ հանդիպումենրը`
Մենք պարգևում ենք մեր հոգուն հանգիստ:

Լոկ ձայնն է քո ապրում իմ երկերում,
Քո երկերում` լոկ սավառնում է շունչս:
Օ~, կենդանի է հուրը մեր սիրո,
Թե’ ահ, թե’ տխրությունն անզոր են:
Ա~խ, թե զգաիր որքան եմ ես կարոտ
Քո շուրթերի դրոշմին այն կրակոտ:
Հեղինակ 8 - Ariadna (http://www.akumb.am/member.php/7101-Ariadna)
Մի բաժակից երբեք մենք չենք խմի,
թե ջուր ու թե կարմիր գինի,
Առավոտ կանուխ չենք համբուրվի,
Իրար հետ չենք նայի վերջալույսին...

Դու շնչում ես արևի լույսով,
ես ոգեշնչվում՝ լուսնի դալկությամբ,
Բայց ապրում ենք մենք միևնույն սիրով....

Ինձ հետ է միշտ իմ քնքուշ ընկերը,
քեզ հետ՝ ժպտուն քո ընկերուհին,
Ինձ համար պարզ է գորշ աչքերի վախը,
Դու ես պատճառն իմ բոլոր ցավերի։

Մենք չենք հանդիպում միմյանց շատ հաճախ,
Այդպես հանգիստ է երկուսիս համար...

Տողերում իմ՝ քո ձայնն է լոկ լսվում,
Քո տողերում՝ իմ շունչն է թևածում,
Կա մի կրակ, որին երբեք
չեն սպառնա ոչ վախ, ոչ մոռացություն։

… Քո այդ վարդագույն ու չոր շուրթերը,
Ա՜խ, թե իմանայիր ինչպես եմ պաշտում..
Հեղինակ 9 - Լեո (http://www.akumb.am/member.php/9149-Լեո)
Մենք չենք ըմպի նույն գավաթից
Ո՛չ ջուր, ո՛չ քաղցրահամ գինի,
Այգաբացին տաք համբույրներ էլ չեն լինի,
Երեկոյան չենք հիանա տեսարանով պատուհանի:
Շնչում ես դու բարկ արևով, իսկ ես` լուսնով,
Բայց ապրում ենք մենք երկուսով միակ սիրով:

Ինձ հետ է միշտ իմ նվիրված, մեղմ ընկերը,
Քեզ հետ` քո կենսախինդ ընկերուհին:
Պարզ են հիմա քո վախվորած, գորշ աչքերը,
Մեղավորն ես հոգուս այսչափ ամայումի:
Չեն շատանա հանդիպումներն այս կարճատև,
Պիտի պահենք անդորրը մեր մենք հարատև:

Քաղցրահնչյուն ձայնդ է հնչել իմ երկերում,
Քո երկում միշտ ես եմ շնչել:
Օ՜, կա խարույկ, որին դիպչել
Չեն հանդգնում վախ, մոռացում:
Եթե միայն դու զգայիր տենչն իմ անտակ
Հանդեպ շուրթիդ վարդի գույնի ու այդքան տաք…
Հեղինակ 10 - Ուլուանա (http://www.akumb.am/member.php/6-Ուլուանա)
Ջուր չենք խմի նույն բաժակից,
Ոչ էլ, ի դեպ, քաղցր գինի,
Չենք արբենա մենք համբույրից,
Պատուհանից դուրս չենք նայի։
Դու արևով ես շնչում, ես՝ լուսնով,
Բայց կենդանի ենք մնում մի սիրով։

Ինձ հետ է ընկերն իմ հավատարիմ,
Իսկ քեզ հետ՝ ընկերուհիդ կենսուրախ,
Դու ես կյանք տվել իմ այս ցավերին,
Ու աչքերումդ ես տեսնում եմ վախ։
Բայց հանդիպումները մեր կարճ
Չենք էլ ձգտում ավելացնել,
Քանզի չնչին հանգիստը այս
Մեզ վիճակված է պահպանել։

Իմ տաղերում քո ձայնն է լոկ հնչում,
Իմ շնչով են բուրում քո տաղերը։
Օ՜, խարույկին այս բնավ չեն սպառնում
Ո՛չ մոռացությունը, ոչ էլ վախերը։
Ա՜խ, եթե իմանայիր, թե այս պահին
Որքան եմ տենչում քո չոր շուրթերը։


Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցների մասնակցության, հետաքրքիր ու լավ թարգմանություններ առաջարկելու համար: Իմ համեստ կարծիքով ներկայացված բոլոր տարբերակներն ունեին արժանիքներ, հետաքրքիր էին, թեև յուրաքանչյուրն էլ, անշուշտ, ուներ մշակման կարիք: Նաև շնորհակալություն եմ հայտնում քննարկման ու քվեարկության բոլոր մասնակիցներից: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Գալաթեային, մրցույթի հայտարարումից հետո բազում ակումբցիների նամակագրական կապով մրցույթի մասին տեղեկացնելու համար:

Շնորհավորում եմ Ուլուանային հաղթանակի կապակցությամբ: Կեցցե՛ս :)

Ձայնալար
18.02.2010, 21:30
Աաաաա, Ուլուն դեմք ա` 3 տարբերակ :hands Շնորհավորում եմ :)

Ռուֆուս
18.02.2010, 21:30
Անուկ, ես կասկածում էի, որ կարող ա երկու տարբերակ ուղարկած լինեիր, բայց երեք հա՞տ :))

Շնորհավորում եմ :)

Շինարար
18.02.2010, 21:38
Ariadna ջան, շատ լավ թարգմանություն էիր արել, մերսի:)) Ուլուանա ջան, քո թարգմանությունն էլ շատ լավն էր, իրոք արժանի էր, իմ ամենաառաջին գրառման մեջ էլ եմ դա ասել, շնորհավորում եմ, էդ "օ"-ն սաղ համը հանեց ուղղակի, բայց մեղավորը փաստորեն Ախմատովան էր:))

Rammstein
19.02.2010, 00:31
Շնորհակալ եմ Լեոյից լավագույն թարգմանության համար: :)

Ուլուանա ջան, դու էլ շատ ապրես: :)

Հ.Գ. Ի դեպ Հեղինակ 5-ը համարյա համոզված էի, որ Ուլուանան է:

Tig
19.02.2010, 10:31
Միանում եմ շնորհավորանքներին: Կեցցես Ուլուանա ջան:hands

Ariadna
19.02.2010, 11:02
Ան ջան, շնորհավորում եմ, ամենադժվար գործը դու ես արել ՝ 3 իրարից լրիվ տարբեր թարգմանություն։ :hands

Գալաթեա
19.02.2010, 15:06
Անուլ, շնորհավորանքներս :) ... ոնց մտքովս չանցավ, է որ կարելի ա երեք տարբերակ ուղարկել ... գոնե մեկնումեկը դիմացից երկրորդ տեղը կգրավեր, ոչ թե վերջից :D

Իսկ եթե ավելի լուրջ, էդքան խոսվեց բառացի թարգմանության ու ազատ թարգմանության մասին:
Համակարծիք եմ այն մարդկանց հետ, որ հաղթող տարբերակը Ախմատովայի համար չոր ու անարտահայտիչ էր: Ուլուի թարգմանած մյուս տարբերակներն ավելի շատ հավանեցի:

Ընդհանրապես Արծաթե դարաշրջանի ռուս պոետներին՝ Ախմատովա, Ցվետաեվա, Գումիլյով, Սերեբրյանին և այլն, շատ դժվար է առանց որևէ կորուստի թարգմանել: Իրենց արտահայտչամիջոցը շատ վառ էր ու միաժամանակ փափուկ ու ջերմ: Կարողանում էին ստիպել, որ իսկապես զգաս իրենց հետ միասին, այն ինչ ապրել են բանաստեղծությունը գրելիս:
Իսկ երբ այդ ամենը բառացի թարգմանում ես հայերեն՝ առանց որևէ փոփոխության, ստացվում է բանաստեղծության հայերեն քսերոքսը, բայց անկենդան, մի տեսակ կայծ չի լինում մեջը: Ու ես նկատել եմ, որ ուրիշ ռուս բանաստեղծներ թարգմանելիս տենց չի...

Ես օրինակ պարզապես չուզեցի բառացի թարգմանել, որովհետև դուրս չէր գալիս արածս: Նույն էդ չորության պատճառով:

Շնորհակալ եմ բոլոր հեղինակներին, Բարեկամ, Արիադնա, ձերն իսկապես ամենաշատն էի հավանել... բա էն ֆիլմի պահը :)

Նաև շնորհակալ եմ իմ համեստ տարբերակին ձայն տվողներին, պաչ :)

Katka
19.02.2010, 19:39
Ընդհանրապես Արծաթե դարաշրջանի ռուս պոետներին՝ Ախմատովա, Ցվետաեվա, Գումիլյով, Սերեբրյանին և այլն, շատ դժվար է առանց որևէ կորուստի թարգմանել: Իրենց արտահայտչամիջոցը շատ վառ էր ու միաժամանակ փափուկ ու ջերմ: Կարողանում էին ստիպել, որ իսկապես զգաս իրենց հետ միասին, այն ինչ ապրել են բանաստեղծությունը գրելիս:
Իսկ երբ այդ ամենը բառացի թարգմանում ես հայերեն՝ առանց որևէ փոփոխության, ստացվում է բանաստեղծության հայերեն քսերոքսը, բայց անկենդան, մի տեսակ կայծ չի լինում մեջը: Ու ես նկատել եմ, որ ուրիշ ռուս բանաստեղծներ թարգմանելիս տենց չի...
Համամիտ եմ ու շատ ճիշտ էր բառացի թարգմանությունից շեղումը: Օրինակ, ես էս բանաստեղծությունը լրիվ սրտի ու բանականության պայքար համարեցի: Ու այ կարևորը, կարծում եմ, Ախմատովայի ափսոսանքի արտահայտումն էր, այն, որ բանականությամբ ամեն ինչ ճիշտ է, բայց միևնույն է, սրտով շուրթերն է կարոտում, բայց պայքարը չոր ու կոշտ չի: Իմ մոտ չստացվեց թարգմանել, թեև խզբզեցի:oy


Ես օրինակ պարզապես չուզեցի բառացի թարգմանել, որովհետև դուրս չէր գալիս արածս: Նույն էդ չորության պատճառով:
Գալ, մի պահ երկրորդը քո վրա կասկածեցի:this, հետո մտածեցի, որ դժվար էէէէ:oy Երրորդն էլ հավանեցի, բայց Ախմատովային չտեսա, կարծում եմ պակասում էր պայքարը, ավելի շատ էր համեկրպումը:oy

Հ.Գ. Ապրեք դուք հա, էսքան եռանդով ակումբ մտած չկայի:P;)

Ուլուանա
20.02.2010, 02:18
Շնորհավորում եմ Ուլուանային հաղթանակի կապակցությամբ: Կեցցե՛ս :)


Աաաաա, Ուլուն դեմք ա` 3 տարբերակ :hands Շնորհավորում եմ :)


Անուկ, ես կասկածում էի, որ կարող ա երկու տարբերակ ուղարկած լինեիր, բայց երեք հա՞տ :))

Շնորհավորում եմ :)


Ուլուանա ջան, քո թարգմանությունն էլ շատ լավն էր, իրոք արժանի էր, իմ ամենաառաջին գրառման մեջ էլ եմ դա ասել, շնորհավորում եմ, էդ "օ"-ն սաղ համը հանեց ուղղակի, բայց մեղավորը փաստորեն Ախմատովան էր:))


Ուլուանա ջան, դու էլ շատ ապրես: :)

Հ.Գ. Ի դեպ Հեղինակ 5-ը համարյա համոզված էի, որ Ուլուանան է:


Միանում եմ շնորհավորանքներին: Կեցցես Ուլուանա ջան:hands


Ան ջան, շնորհավորում եմ, ամենադժվար գործը դու ես արել ՝ 3 իրարից լրիվ տարբեր թարգմանություն։ :hands


Անուլ, շնորհավորանքներս :)
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների, ինչպես նաև կարծիքների ու դիտողությունների համար։ :)

Ընդհանուր առմամբ Ախմատովայի ոճն ու շունչը չպահելու մասին դիտողությունը լրիվ ընդունում եմ։ Թարգմանելիս դրա վրա հատուկ ուշադրություն չէի դարձրել ու, փաստորեն, դա իրոք բացթողում էր։ «Ո՛չ»–երով ձևակերպումների կտրուկությունն ու դրանով Ախմատովայի ոճը չպահելու մասին դիտողությունն էլ լրիվ տեղին եմ համարում։ «Երկյուղ» բառի անհամապատասխան լինելը չեմ ընդունում։ :oy Չեմ ընդունում նաև թարգմանելիս տողերի քանակն անպայման պահպանելու վերաբերյալ դիտողությունը, քանի որ դա ոչնչով չի ազդում բանաստեղծության ո՛չ իմաստի, ո՛չ էլ հնչողության վրա։ Օրինակ՝ հանգերը պահպանելը կարևոր գործոն եմ համարում, քանի որ այն մեծապես ազդում է բանաստեղծության ընդհանուր հնչողության վրա, իսկ մեկ–երկու տողի տարբերությունը, եթե մնացած ամեն ինչը նորմալ է, կարելի է նկատել միայն տողերը հատուկ հաշվելու դեպքում։

Ի դեպ, երեք տարբերակ գրելը հետաքրքիր փորձ էր։ Հասցրի համոզվել դրա անիմաստության ու սխալականության մեջ։ Աշխատել էի հնարավորինս տարբեր գրել, ու ինձ համար շատ հետաքրքիր էր, թե որ տարբերակն ավելի շատ ձայն կհավաքի, բայց միաժամանակ ես ինքս ամենահաջողը համարում էի գրածս առաջին տարբերակը, որն էլ, փաստորեն, հաղթեց։ Դա հենց առաջինն էի գրել, կարելի է ասել, հիմնական «ռեսուրսներս» դրա մեջ էի ներդրել ու հիմնական հույսս էլ դրա վրա էր։ :)) Ու եթե միայն մի տարբերակ ուղարկելու լինեի, հաստատ դա էի ուղարկելու։ Մյուս երկուսը գրել եմ ինչ–որ առումով երևակայությանս «մնացորդներով», ինքս էլ զգում էի, որ ավելի անհաջող են՝ հաշվի առնելով և՛ հնչողության սահունությունը, և՛ կառուցվածքը և՛ բնագրին մոտ լինելը։ Համենայնդեպս, զգացի, որ երևի անհնար է նույն բանաստեղծությունը թարգմանել մեկից ավելի տարբերակով այնպես, որ բոլորն էլ հաջող լինեն, որովհետև նախ մի մարդու միտքը դժվար թե ի վիճակի լինի միաժամանակ իրարից զգալիորեն տարբեր, բայց «ճիշտ» ուղղություններով զարգանալու, բացի դրանից, նման դեպքերում մարդ կամա թե ակամա շեշտը դնում է տարբերակներից մեկի վրա, այսպես ասած՝ մեկը լինում է սիրելի տարբերակ, ու դրանից, կարծում եմ, չեն կարող չտուժել մյուս տարբերակները։ Այնպես որ երևի ավելի լավ է կենտրոնանալ մեկ տարբերակի վրա։ :)

Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր իմ օգտին էին քվեարկել, ինչպես նաև Չուկից՝ առաջարկածս նախագիծը հաջողությամբ իրականացնելու ու կազմակերպելու համար։ Սպասենք հաջորդին։ :)

Բարեկամ
20.02.2010, 11:39
Անուլ, շնորհավորանքներս :) ... ոնց մտքովս չանցավ, է որ կարելի ա երեք տարբերակ ուղարկել ... գոնե մեկնումեկը դիմացից երկրորդ տեղը կգրավեր, ոչ թե վերջից :D

Իսկ եթե ավելի լուրջ, էդքան խոսվեց բառացի թարգմանության ու ազատ թարգմանության մասին:
Համակարծիք եմ այն մարդկանց հետ, որ հաղթող տարբերակը Ախմատովայի համար չոր ու անարտահայտիչ էր: Ուլուի թարգմանած մյուս տարբերակներն ավելի շատ հավանեցի:

Ընդհանրապես Արծաթե դարաշրջանի ռուս պոետներին՝ Ախմատովա, Ցվետաեվա, Գումիլյով, Սերեբրյանին և այլն, շատ դժվար է առանց որևէ կորուստի թարգմանել: Իրենց արտահայտչամիջոցը շատ վառ էր ու միաժամանակ փափուկ ու ջերմ: Կարողանում էին ստիպել, որ իսկապես զգաս իրենց հետ միասին, այն ինչ ապրել են բանաստեղծությունը գրելիս:
Իսկ երբ այդ ամենը բառացի թարգմանում ես հայերեն՝ առանց որևէ փոփոխության, ստացվում է բանաստեղծության հայերեն քսերոքսը, բայց անկենդան, մի տեսակ կայծ չի լինում մեջը: Ու ես նկատել եմ, որ ուրիշ ռուս բանաստեղծներ թարգմանելիս տենց չի...

Ես օրինակ պարզապես չուզեցի բառացի թարգմանել, որովհետև դուրս չէր գալիս արածս: Նույն էդ չորության պատճառով:

Շնորհակալ եմ բոլոր հեղինակներին, Բարեկամ, Արիադնա, ձերն իսկապես ամենաշատն էի հավանել... բա էն ֆիլմի պահը :)

Նաև շնորհակալ եմ իմ համեստ տարբերակին ձայն տվողներին, պաչ :)



Մերսի, Գալ: Էդ ֆիլմի պահը ասեմ. պարզապես ակնոն կինո էի կարդացել :))

Գալաթեա
20.02.2010, 15:10
Մերսի, Գալ: Էդ ֆիլմի պահը ասեմ. պարզապես ակնոն կինո էի կարդացել :))

Որ տեսա քոնն ա էդ տարբերակը, մտքովս անցավ, գիտե՞ս :D

Մանուլ
20.02.2010, 15:33
Շնորհավորում եմ, Ուլուանա, լավն էր :):
Թարգմանությունների մեջ ինձ համար ամենահետքրքիր մասը առաջին տան վերջին երկու տողերն էին (արևի ու լուսնի մասին):

Մեկ էլ Արիադնայի ու Ձայնալարի թարգմանությունները շատ հավանեցի :):