PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորխե Լուիս Բորխես



Հայկօ
26.01.2010, 19:04
Զարմանալի է. այսքա՜ն քննարկումներ կան Բորխեսի մասին, իսկ նրան նվիրված ոչ մի թեմա չկա: «Կոելիո և Բորխես (http://www.akumb.am/showthread.php/797-%D4%BF%D5%B8%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B8-%D6%87-%D4%B2%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5%D5%BD)» թեման, այն էլ անունների այդպիսի հերթականությամբ, հաշիվ չէ :): Դե ինչ, զրուցե՞նք Բորխեսի մասին այստեղ:

Հ.Գ. Ակումբի համեստ սահմաններում.


Ragnarök (http://www.akumb.am/showthread.php/47192-%D4%BD%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5-%D4%BC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD-%D4%B2%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5%D5%BD-Ragnar%C3%B6k)
Հուդայի մատնության երեք վարկածները (http://www.akumb.am/showthread.php/47215-%D4%BD%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5-%D4%BC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD-%D4%B2%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5%D5%BD-%D5%80%D5%B8%D6%82%D5%A4%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A5%D6%84-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)
Շրջանաձև ավերակներ (http://www.akumb.am/showthread.php/49045-%D4%BD%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5-%D4%BC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD-%D4%B2%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5%D5%BD-%D5%87%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D6%87-%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80)

Շինարար
26.01.2010, 22:21
Չգիտեմ՝ ինչու, կարծում եմ՝ դժվար այս թեման զարգացում ստանա, մեկը ես ինչ կարող էի, արդեն ասել եմ մյուս թեմայում Բորխեսի մասին, այսինքն՝ ոչինչ: Բայց ուրիշների կարծիքը, մեկը քո՝որպես կարդացած ու Բորխես սիրող մարդու, միշտ էլ հետաքրքիր կլինի տեսնել…

Sphinx
26.01.2010, 22:33
Հայկօ ջան, փորձիր ինքդ սկսել երկխոսությունը, կարծում եմ , միացողներ կլինեն:

Սերխիո
26.01.2010, 22:38
Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները

Վստահության արժանի մարդիկ են պատմում( թեև Ալլահն ավելի գիտե) ,թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր,որ կանչել էիր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները,իսկ մտնողները կորչում էին : այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են:
Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը ( ծաղրելով հյուրի միամտությունը ) նրան մտցրեց լաբիրինթոս,որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո : Այդ ժամանակ թագավոը աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը: Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա: Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին: Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ: Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց . «-Օ՜հ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ինձ ուզում կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր» :
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում:

Ռուֆուս
29.08.2012, 17:56
Բորխեսի «Լաբիրինթոսները» կարդացի անգլերեն լեզվով ու հիացած եմ: Իրոք հանճարեղ գրող է, ով փոքրիկ պատմվածքների մեջ էդքան փիլիսոփայություն, մտածելու նյութ ու աշխարհայացք է դրել: Կարդալուց անընդհատ զարմանում էի, թե ինչքան գիրք է Բորխեսը հասցրել կարդալ, ինչքան մեծ ինտելեկտ ունի ու ինչքան հեռու են մտքերը թռչում... Ամենահետաքրիրը Բորխեսի արխարհընկալումն էր, հատկապես եթե հաշվի առնենք, որ կյանքի ընթացքում ինքը կուրացել էր ու կույրի աչքերով ինչպես է աշխարհը տեսել: Պատմվածքները կարդալուց էնքան անալոգիաներ տարա, էլ վիրտուալ աշխարհի հետ, էլ ամենասիրածս ֆիլմերի ու գրքերի հետ, ոնց որ ամեն ինչին Բորխեսի մատը կպած լիներ:

Ամենաշատը «Շրջանաձև ավերակները» (http://www.akumb.am/showthread.php/49045-%D4%BD%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5-%D4%BC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD-%D4%B2%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5%D5%BD-%D5%87%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D6%87-%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80), «Անմահը», «Բաբելոնյան վիճակախաղը», «Բաբելոնյան գրադարանը», «Թրի տեսքը», «Մահն ու կողմնացույցը», «Գաղտնի հրաշքն» էլ էին շատ լավը...

Մենակ ափսոսում եմ, որ շատ վրա վրա կարդացի, շատ բաներ չմարսեցի: Բայց ոչինչ, ապագայում Բորխեսին էլի կվերադառնամ :)

Ռուֆուս
31.08.2012, 21:49
Էն որ ասում էի, թե Բորխես կարդալուցս հետո սիրածս բոլոր ֆիլմերի ու գրքերի մեջ սկսեցի Բորխես փնտրել ու գտնել, երեկ հանկարծ Քրիստոֆեր Նոլանը միտքս եկավ ու ոնց որ իր բոլոր ֆիլմերը Բորխեսի ազդեցության տակ նկարահանված լինեին: Երեկ նույնիսկ Inception-ը հերթական անգամ նայեցի, մեկ էլ բացում եմ վիկին, որ գրած ա, որ Նոլանը նշել է, որ Բորխեսից է ոգեշնչվել (ու թերևս ամենաշատը հենց «Շրջանաձև ավերակներ» պատմվածքից): Ու մենակ Inception-ը չէ, օրինակ Բեթմենի The Dark Knight-ում Հարվի Դենթի կերպարը (դավաճան, ում հետմահու հերոսացնում են) ծերից ծեր թխած էր Բորխեսի "Theme of the Traitor and the Hero" պատմվածքից: Պրեստիժն ու հատկապես Մեմենտոն էլ են շատ բորխեսյան:

Առանց Բորխեսի Նոլանը երևի թե Նոլան չէր լինի :))

Հ.Գ. Հարցազրույցներից մեկի ժամանակ Նոլանն ասել է, թե Բորխեսը Inception-ը մեծ հաճույքով կդիտեր :)

Անվերնագիր
30.04.2013, 10:41
Բոլոր ժամանակների ամենազարգացած գրողը
Հզոր միստիֆիկատոր (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D1%84%D0%B8%D0%BA%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F)
Նա միակն է ու անկրկնելին
Նա ուղղակի Բորխեսն է

Հ.Գ. Էս Բորխեսի թեմայով մի հատ անեկդոդ կա. ասում ա եթե ուզում ես թույն՝ ինտելեկտով զարգացված մարդու տպավորություն թողես, ասա՝ Բորխես ես սիրում :))

Անվերնագիր
30.04.2013, 10:42
Աստվածաբանները: Պատմվածք


Ավերելով այգին, պղծելով շատրվանները և բեմերը, հեծյալ հոները ներխուժեցին մենաստանի գրադարան, պատառոտեցին իրենց անհասկանալի գրքերը և նզովքներով այրեցին դրանք, երևի վախենալով, որ բառերն ամփոփում են հայհոյանքներ իրենց Աստծուն՝ կեռ երկաթե թրին: Այրվեցին կրկնագրերը և օրենսգրքերը, սակայն խարույկի ներսում, մոխրի մեջ, գրեթե անվնաս մնաց «Civitas Dei»՝ «Աստծո քաղաքի» տասներկուերորդ գիրքը, որտեղ պատգամվում էր, որ Պլատոնը Աթենքում ուսուցանում էր, իբր դարերի վերջում ամեն ինչ կվերածնվի իր նախնական տեսքով, և ինքը կլինի այստեղ՝ Աթենքում, նույն այս լսարանի առաջ և կրկին կուսուցանի իր նախկին ուսմունքը: Բնագրին, որը խնայել էր կրակը, վերաբերում էին հատուկ ակնածանքով, և նրանք, ովքեր կարդացել էին այն հեռավոր այդ նահանգում, մոռացել էին մտածել այն մասին, որ հեղինակը նշել էր այդ ուսմունքի մասին, որպեսզի ավելի հիմնովին այն հերքվի: Մեկ դար անց Ավրելիանոսը՝ Աքվիլեայի կոադյուտորը իմացավ, որ Դանուբի ափերին վերջերս առաջացած մոնոտոնների կամ անուլյարների աղանդը հավատում է, որ պատմությունը շրջան է և չկա ոչինչ, որ չի եղել նախկինում և գոյություն չի ունենա ապագայում: Լեռնային շրջաններում Անիվը և Օձը փոխարինեցին Խաչին:Վախը համակեց բոլորին, սակայն մխիթարություն ծառայեց լուրն այն մասին, որ Հովհաննես Պաննոնացին, որը հայտնի էր դարձել Աստծո յոթերորդ պիտույքի մասին իր աշխատությամբ, պատրաստվում է ոչնչացնել զազրելի հերձվածողներին:Ավրելիանոսին այս լուրերը տխրեցրին, նամանավանդ վերջինը: Նա գիտեր, որ աստվածաբանական շրջանակներում ցանկացած նոր միտք արտաբերելը վտանգավոր է, սակայն հետո եզրակացրեց, որ շրջանաձև ժամանակի մասին տեսությունը չափազանց անսովոր է, չափազանց զարմանալի և այդ պատճառով վտանգն այստեղ այնքան էլ մեծ չէ: Զգուշանալ պետք է այն աղանդներից, որոնց կարող են շփոթել ուղղափառության հետ: Համենայն դեպս, նրան տհաճություն պատճառեց Հովհաննես Պաննոնացու գրեթե հանդուգն միջամտությունը: Երկու տարի առաջ այս մարդը «De septima affectione Dei sive de aeternitate»` «Աստծո յոթերորդ սիրո կամ հավերժության մասին» լայնածավալ շարադրանքը գրելիս ներխուժել էր Ավրելիանոսի ասպարեզ, իսկ այժմ, կարծես թե ժամանակի խնդիրը նրա իմացությանը հասկանալի էր, նա պատրաստվում է ճշմարիտ ուղու վրա դնել անուլյարներին, միգուցե Պրոկրուստոսի փաստարկներով, ավելի սարսափելի հակաթույնով, քան հենց Օձի թույնը:Այդ գիշեր Ավրելիանոսը, թերթելով Պլուտարքոսի հին երկխոսությունը օրակուլների անկման մասին, քսանիններորդ գլխում հայտնաբերեց ծաղր ստոիկների նկատմամբ, ինչը ենթադրում էր աշխարհների անվերջանալի բազմության գոյություն՝ անհաշիվ արևներով, լուսիններով, Ապոլլոններով, Դիանաներով և Պոսեյդոններով: Իր հայտնաբերած տողերը Ավրելիանոսը համարեց երջանիկ նախախնամություն. նա որոշեց առաջ անցնել Հովհաննես Պաննոնացուց և ոչնչացնել Անիվը պաշտող հերետիկոսներին:Երբեմն տղամարդը նվաճում է կնոջ սիրտը, որպեսզի մոռանա նրա մասին, որպեսզի այլևս չմտածի նրա մասին: Այդպես էլ Ավրելիանոսն էր ցանկանում առաջ անցնել Հովհաննես Պաննոնացուց, որպեսզի ազատվեր անբարյացկամությունից, որ տածում էր նրա նկատմամբ, սակայն ոչ նրա հանդեպ չարիք գործելու համար: Հենց աշխատանքը շարադրանքի վրա, սիլլոգիզմների կառուցումը և թունոտ հարձակումներ մտածելը, բոլոր այդ «nego», «autem» և «nequamquam» բառերը չափավորում էին գրգռվածությունը, օգնում էին մոռանալ անբարյացկամության մասին:Նա շարադրում էր երկար, խրթին նախադասություններ, որոնցում առկա վանկերը ասես քամահրանք էին արտահայտում: Անբարեհնչությունը նա իր զենքը դարձրեց: Կանխազգալով, որ Հովհաննես Պաննոնացին ջախջախելու է աննուլյարներին հանդիսավոր մարգարեական տոնով, Ավրելիանոսը, նմանությունից խուսափելով, ընտրեց ծաղրանքի տոնը: Ավգուստինոսը գրել էր, որ Հիսուսը ուղիղ ճանապարհ է, որը փրկում է մեզ լաբիրինթոսի ոլորաններից, որոնցում անաստվածներն են վխտում:Ավրելիանոսը, որպես ջանասեր սան, համեմատեց դրանք Իկսիոնոսի, Պրոմեթևսի լյարդի, Սիզիփոսի, երկու արեգակ տեսած թեբեյան արքայի, կակազության, սկյուռի, հայելիների, արձագանքի, նորիայի մոլլաների և երկեղջյուր սիլլոգիզմների հետ:Հեթանոսական առասպելները դեռ ապրում էին՝ իջեցված ոճաբանական զարդարանքների մակարդակի: Յուրաքանչյուր գրադարանի տիրոջ նման, Ավրելիանոսը մեղավորություն էր զգում, որ չգիտի բոլորը. այդ հակասական զգացումը նրան դրդեց օգտագործել շատ գրքեր, որոնք ասես կշտամբանք էին թաքցրել իրենց մեջ անուշադրության համար: Այդպես նա կարողացավ մի հատված արտագրել Օրիգենեսի «De principiis»՝ «Սկիզբների մասին» գրքից, որը ժխտում էր այն միտքը, իբր Հուդա Իսկարիովտացին կրկին կդավաճանի Աստծուն, իսկ Պողոսը Երուսաղեմում կրկին ականատես կլինի Ստեփանոսի նահատակմանը, մի հատված էլ վերցրեց Ցիցերոնի «Academica priora»՝ «Առաջին ակադեմիկոսներից», որտեղ ծաղրի են ենթարկվում մարդիկ, որոնք կարծում էին, իբր թե այն ժամին, երբ նա զրուցում է Լուկուլլոսի հետ, այլ Լուկուլլոսների և Ցիցերոնների անվերջ բազմություն ասում է նույն բանը մեր աշխարհին նման անհաշիվ այլ աշխարհներում:Ի լրումն դրան, Ավրելիանոսը մոնոտոնների վրա թափեց Պլուտարքոսի արդեն նշված աշխատությունը և իր վրդովմունքն այն պատճառով, որ իբր թե հեթանոսի վրա lumen naturae՝ բնության լույսն ավելի է ազդել, քան Աստծո խոսքը:Այս աշխատանքը նրանից խլեց տաս օր, տասներորդ օրը նրան հանձնեցին Հովհաննես Պաննոնացու հեղինակած հերքման թարգմանությունը: Այն ծիծաղելիորեն կարճ էր. Ավրելիանոսը նայեց դրան արհամարհանքով, այնուհետև վախով: Առաջին մասը ներառում էր հրեաներին ուղղված Պատգամի իններորդ գլուխն ավարտող տողերի մեկնությունը, որտեղ ասվում էր, որ Հիսուսը աշխարհի արարումից սկսած իրեն բազում անգամ չի զոհաբերել, այլ արել է դա մի անգամ դարերի վերջում: Երկրորդ մասում ներկայացված էր բիբլիական հիշեցումը հեթանոսների անիմաստ բազմախոսության մասին (Մատթեոս VI, 7) և այն հատվածը Պլինոսի իններորդ գլխից, որտեղ ասվում է, որ ողջ աշխարհում հնարավոր չէ գտնել միանման երկու դեմք: Նման կերպ էլ արտահայտվում էր Հովհաննես Պաննոնացին, ասելով, որ հնարավոր չէ գտնել երկու միանման հոգի, և ամենաստոր մեղսագործն անգամ այնքան թանկարժեք է, որքան արյունը, որը Հիսուս Քրիստոսը թափել է նրա համար: Մեկ մարդու արարքը, պնդում էր նա, ավելի կշիռ ունի, քան բոլոր ինը երկինքները, և ենթադրել, որ նա կարող է կորչել և հետո նորից հայտնվել, նշանակում է աչք ծակող թեթևամտություն արտահայտել: Ժամանակը չի վերականգնում մեր կորցրածը. հավերժությունն այն պահպանում է դրախտային երանության և դժոխային կրակի համար:Աշխատությունը գրված էր պարզ և համապարփակ, թվում էր, այն գրված է ոչ թե կոնկրետ մարդու կողմից, այլ «ամենայն մարդու» կամ, գուցե ողջ մարդկության կողմից:Ավրելիանոսը ստորացման սուր, գրեթե մարմնական զգացում ապրեց: Նա ցանկացավ ոչնչացնել կամ ձևափոխել իր աշխատությունը, սակայն հետո, առաջնորդվելով զայրացկոտ ազնվությամբ, նա ուղարկեց այն Հռոմ, առանց մի տառ իսկ փոխելու: Մի քանի ամիս անց, երբ հավաքվեց Պերգամումի ժողովը, մոնոտոնների մոլորությունները հերքումը, ինչպես և սպասվում էր, հանձնարարվեց Հովհաննես Պաննոնացուն. նրա հերքման գիտական, զուսպ տոնը բավարար թվաց, որպեսզի հերձվածող Էվֆորբիոսին դատապարտեն այրման: «Սա արդեն եղել է և նորից կլինի, – ասաց Էվֆորբիոսը, – դուք ոչ թե խարույկ եք վառում, այլ հրո լաբիրինթոս: Եթե այստեղ միանային բոլոր խարույկները, որոնց վրա բարձրացրել են ինձ, դրանք չէին տեղավորվի երկրի վրա և հրեշտակները կկուրանային. այս խոսքերն էլ ես ասել եմ բազմիցս»: Հետո նա սկսեց ճչալ, քանի որ կրակը հասավ նրան:Անիվը գահավիժեց՝ Խաչից հաղթված, սակայն Ավրելիանոսը և Հովհաննեսը շարունակեցին իրենց գաղտնի պատերազմը: Նրանք երկուսն էլ կռվում էին նույն գործի համար, երկուսն էլ տենչում էին նույն պարգևը, պատերազմում էին նույն թշնամու դեմ, սակայն Ավրելիանոսը չէր կարող գրել մի բառ անգամ, որի հետևում թաքնված չլիներ Հովհաննեսին գերազանցելու կույր միտումը: Նրա տանջանքները մնում էին անտեսանելի, եթե ձեռագրերն ինձ չեն խաբում, «ուրիշի» անունը ոչ մի անգամ չի հայտնվում Ավրելիանոսի բազում հատորներում, որոնք հավաքված են Մինոսի «Հայրաբանության» մեջ: Հովհաննեսի շարադրանքներից մեզ են հասել ընդամենը քսան բառ: Նրանք երկուսն էլ հավանություն չէին տալիս Կոնստանդնուպոլսի երկրորդ ժողովի հռչակած բանադրանքներին, երկուսն էլ դատապարտում էին արիոսականներին, որոնք մերժում էին Որդու աստվածային էությունը, երկուսն էլ հաստատում էին Կոսմայի «Քրիստոնեական տեղագրության» ուղղափառությունը, ինչն ուսուցանում էր, որ Երկիրը, հրեական խորանի նման, քառանկյան ձև ունի: Ի դժբախտություն, Երկրի բոլոր չորս կողմերում հայտնվեց այլ, արագ տարածվող աղանդ: Ծնունդ առնելով Եգիպտոսում կամ Ասիայում (վկայությունները այստեղ հակասական են, քանզի Բուսսեն չի ցանկանում ընդունել Գարնակի փաստարկները), այն վարակեց արևելյան գավառները և հիմնեց իր մեհյանները Մակեդոնիայում, Կարթագենում և Տրիրում: Թվում էր, թե այն մոլեգնում է ամենուր, ասում էին, թե Բրիտանական եպիսկոպոսությունում բոլոր խաչեկությունները գլխիվայր են կախել, իսկ Կեսարիայում Աստծո պատկերը փոխարինել են հայելիով: Նոր հերձվածողների խորհրդանշաններն էին հայելին և օբոլը:Պատմությանը նրանք հայտնի են տարբեր անուններով՝ սպեկուլյարներ, աբիսմալներ, կայենիտներ, սակայն համընդունելի էր ՙհիստրիոններ՚ անվանումը, որը տրվել էր Ավրելիանոսի կողմից և որը հանդգնաբար ընդունվել էր նրանց կողմից: Փռյուգիայում նրանց անվանում էին սիմուլյակրեր, նույն կերպ էին անվանում և Դարդանիայում, Հովհաննես Դամասկոսցին անվանեց նրանց ՙձևեր՚, սակայն հարկ է նշել, որ այս անվանումը չի ընդունվել Էրֆորդի կողմից: Չկա մի աստվածաբան, որը զարհուրանքով չհիշի նրանց գազանային սովորությունները:

Անվերնագիր
30.04.2013, 10:44
Շատ հիստրիոններ ճգնավորներ էին, ոմանք Օրիգենեսի նման վնասում էին իրենց, ոմանք ապրում էին գետնի տակ, ապականոցներում, ոմանք կուրացնում էին իրենց, իսկ նաբուգոդոնոսորները Նիտրիայից «ցլերի նման խոտ էին որոճում և նրանց մազերն աճում էին, ինչպես արծիվներինը»: Մարմինը մեռցնելուց և ինքնախարազանումից զատ նրանք հաճախ դիմում էին հանցագործության, որոշ համայնքներում ծաղկում էր ապրում գողությունը, մյուսներում՝ մարդասպանությունը, այլ համայնքներում՝ արվամոլությունը, արյունապղծությունը և անասնապղծությունը:Նրանք բոլորն էլ աստվածուրացներ էին, անարգում էին ոչ միայն քրիստոնեական Աստծուն, այլև իրենց դիցարանի խորհրդավոր կուռքերին: Նրանք շարադրում էին սուրբ գրքեր, որոնց կորուստն են ողբում գիտնականները: Սեր Թոմաս Բրաունը գրել էր 1658 թվականին. «Ժամանակը ոչնչացրել է հիստրիոնական ամբարտավան Ավետարանները, սակայն ոչ Անարգանքները, որոնց ենթարկվեց նրանց Սրբապղծությունը»: Էրֆորդը գտնում էր, որ հենց այդ «անարգանքներն» են կորուսյալ ավետարանները: Սա անհասկանալի կթվա, եթե չիմանաս հիստերիոնների տիեզերագիտությունը:Անթափանց գրքերում ասված է. այն, ինչ կա ներքևում, նման է նրան, ինչ կա վերևում, իսկ այն, ինչ կա վերևում, նման է նրան, ինչ կա ներքևում, «Զոհարում» ասվում է, որ ստորին աշխարհը վերին աշխարհի արտացոլումն է: Հիստրիոնները հիմնավորում էին իրենց ուսումնքն այդ մտքի այլասերման վրա: Նրանք մեջբերում էին Մատթեոսին՝ «և թող մեզ զպարտիցս մեր, որպես և մենք թողուք մերոց պարտապանաց» (Մատթեոս VI, 12) և «արքայությունն երկնային ուժով է առնվում» (Մատթեոս XI, 12), ի ապացույց առ այն, որ Երկիրը ազդում է Երկնքի վրա, ապա մեջբերում էին Կորնթացիներին ուղղված պատգամից. «Այժմ մենք տեսնում ենք կարծես փայլատ ապակու միջով» (Կորնթացիներին XIII,12) ի ապացույց առ այն, որ ամենայն տեսանելին սուտ է: Հավանական է, որ մոնոտոնների ազդեցության տակ նրանք ենթադրում էին, որ յուրաքանչյուր մարդ երկու մարդ է և նրանցից իրականը նա է, ով գտնվում է երկնքում: Նրանք նաև ենթադրում էին, որ մեր արարքները անպայմանորեն հակառակն են արտացոլվում, այսինքն, եթե մենք արթուն ենք, ապա նա՝ մյուսը, քնած է, եթե մենք մեղանչում ենք, մյուսը ճգնում է, եթե գողանում ենք, նա ազնիվ է: Մահից հետո մենք կմիանանք նրան և նա կլինենք: Այս ուսմունքի պատառիկներ հանդիպում են Բլուայի մոտ: Այլ հիստրիոններ կարծում էին, որ կգա աշխարհի վերջը, երբ կավարտվեն իրենց հնարավորությունները, և քանի որ կրկնություններ լինել չեն կարող, հավատացյալը պիտի բացառի, այսինքն, կատարի ամենաստոր արարքները, որպեսզի դրանք չարատավորեն իր ապագան և արագացվի Հիսուսի արքայության գալուստը: Այս դրույթը ժխտում էին մնացյալ աղանդները, որոնք պնդում էին, որ յուրաքանչյուր մարդու մեջ պիտի իրականանա ողջ աշխարհի պատմությունը: Մեծամասնությանը, ինչպիսին Պյութագորասն է, վիճակված է անցնել շատ վերամարմնավորումների միջով, մինչև ազատություն ստանալը, այլոք՝ պրոթեիկները «մի կյանքի ընթացքում առյուծներ են եղել, վիշապներ, վարազներ, ջուր և ծառ»:Դեմոսթենեսը տեղեկացնում է ցեխով մաքրվելու մասին, որոնց ենթարկում էին օրփեոսյան կաճառների օծյալներին. պրոթեիկներն էլ փնտրում էին չարով մաքրագործվելու ուղին: Ինչպես և Կարպոկրատոսը, նրանք ենթադրում էին, որ ոչ ոք դուրս չի գա բանտից, մինչև չտա վերջին գրոշը (Ղուկաս XII,59), և սովորաբար խրախուսում էին ապաշխարողներին մեկ այլ խոսքով. «Ես եկել եմ նրա համար, որ կյանք ունենաք և ունենաք շատ» (Հովհաննես XII,10): Նրանք նաև ասում էին, որ չարագործ չլինելը սատանայական հպարտություն է… Բազում առասպելաբանություններ են հորինել հիստրիոնները. ոմանք ճգնավորության կոչ էին անում, մյուսները՝ այլասերվածության, և բոլորն էլ սահմռկեցուցիչ էին մտքի համար: Թեոպոմպոսը՝ հիստրիոնը Բերենիկից, հերքում էր բոլոր առասպելները, նա պպնդում էր, որ ամեն մի մարդ օրգան է, որը արարվել է աստծո կողմից աշխարհը զգալու համար:Ավրելիանոսի առաջնորդության հերձվածողները պատկանում էին նրանց թվին, ովքեր հայտարարում էին, որ ժամանակի մեջ կրկնություններ չեն լինում, ոչ թե նրանց, ովքեր պնդում էին, որ յուրաքանչյուր արարք արտացոլվում է երկնքում: Այս տարբերությունն անսովոր էր, և Ավրելիանոսը նշեց դրա մասին հռոմեական իշխանություններին ուղղված զեկույցում: Պրելատը , որին նա ուղարկեց այդ զեկույցը, կայսրուհու հոգեհայրն էր. բոլորը գիտեին, որ նրա դժվարին պաշտոնը համակցված է աստվածաբանության «առօրյա ուրախություններին» հաղորդակից լինելու արգելքով: Սակայն պրելատի քարտուղարը՝ Հովհաննես Պաննոնացու նախկին ընկերը, ներկայումս էլ նրա հետ թշնամացած, ուներ աղանդների մանրախույզ ուսումնասիրողի համբավ. Ավրելիանոսը զեկույցին ավելացրեց հիստրիոնական հերձվածի մասին շարադրանքները, որոնք գտել էր Ջենովայի և Աքվիլեայի փոքր մենաստաններում: Մի քանի պարբերություն գրելով, նա պատրաստվեց շարադրել սարսափազդու տեսությունն այն մասին, որ չկան երկու միանման ակնթարթներ և այստեղ նրա փետուրը կանգ առավ: Նա չեր կարողանում գտնել ստույգ ձևակերպումը: Նոր հերձվածի խրատները՝ ՙՈւզու՞մ ես տեսնել այն, ինչ մարդկային աչքերը չեն տեսել: Նայիր լուսնին: Ուզու՞մ ես լսել այն, ինչ մարդկային ականջները չեն լսել: Ունկնդրիր թռչունների ձայնը: Ուզու՞մ ես շոշափել այն, ինչ չեն շոշափել մարդկային ձեռքերը: Ձեռք տուր հողին: Իրավ եմ ասում, Աստված դեռ չի ստեղծել երկիրը՚, չափից դուրս փքված և փոխաբերական էին վերապատմելու համար: Եվ հանկարծ նրա մտքում առաջացավ քսան բառից կազմված մի նախադասություն: Նա ուրախացած գրանցեց այն, և իսկույն ևեթ նրան խոցեց կասկածը, որ այդ ձևակերպումն իրենը չէ: Մյուս օրը նա հիշեց, որ կարդացել էր այն շատ տարիներ առաջ «Adversus annulares»՝ («Անուլյարների դեմ») աշխատության մեջ, որի հեղինակն էր Հովհաննես Պաննոնացին: Նա ստուգեց այդ միտքը, այո, դա այնտեղից էր վերցված: Ավրելիանոսին տիրեցին տանջալից մտորումները: Փոխել կամ ջնջել այդ բառերը կնշանակեր թուլացնել արտահայտչականությունը, եթե թողներ դրանք, իրեն ատելի մարդուց արտագրություն կլիներ, իսկ աղբյուրը նշելը՝ մատնություն: Նա աղերսեց երկնքին: Հաջորդ օրվա երեկոյան նրա պահպանիչ հրեշտակը թելադրեց նրան փոխզիջումային լուծումը: Ավրելիանոսը պահպանեց այն բառերը, սակայն հետևյալ առաջաբանով. «Այն, ինչի մասին այժմ բարբաջում են հերձվածողները մեր հավատը սասանելու նպատակով, ասել է մեր դարի ոմն գիտուն այր, ավելի շատ անմտությունից դրդված, քան մեղավորությունից»: Հետո կատարվեց այն, ինչից նա վախենում էր, ինչին սպասում էր, ինչը հնարավոր չէր կանխարգելել:Ավրելիանոսը ստիպված էր ասել, թե ով էր այդ մարդը: Հովհաննես Պաննոնացին մեղադրվեց հերձվածին հարելու մեջ:Չորս ամիս հետո Ավենտինից մի դարբին, հիստիրոնների կեղծ հավաստումներով խաբված, իր մանուկ որդու ուսերին հսկայական երկաթե գունդ դրեց, որպեսզի նրա կրկնակը վեր թռչի: Երեխան մահացավ: Սարսափը, որն առաջացրել էր այս հանցագործությունը, ստիպեց Հովհաննեսի դատավորներին անբեկանելի խստասրտություն դրսևորել: Նա չէր ցանկանում հրաժարվել իր խոսքերից և կրկնում էր, որ իր մտքի հերքումը տանում է մոնոտոնների մահաբեր հերձվածին: Նա չէր հասկանում, կամ չէր ցանկանում հասկանալ, որ մոնոտոնների մասին խոսելն անիմաստ է, նրանց մասին վաղուց արդեն մոռացել են: Ծերունական համառությամբ նա իր նախկին բանավիճական աշխատությունից փայլուն հատվածներ էր ներկայացնում, սակայն դատավորները նույնիսկ չէին լսում այն, ինչով նախկինում զմայլված էին: Հովհաննեսը պիտի պաշտպանվեր իրեն առաջադրված հիստրիոնության մեղադրանքից, սակայն նա ապացուցում էր, որ միտքը, որի համար իրեն մեղադրում են, զուտ ուղղափառ է: Նա վիճում էր մարդկանց հետ, որոնց որոշումից էր կախված իր ճակատագիրը, և թույլ տվեց մեծագույն մի սխալ. նա վիճում էր փայլուն և ծաղրանքով: Հոկտեմբերի քսանվեցին, երեք օր և գիշեր տևած քննարկումից հետո նրան դատապարտեցին խարույկի վրա մահվան:Ավրելիանոսը ներկա էր մահապատժին. հրաժարվել՝ նշանակում էր իրեն մեղավոր ճանաչել: Մահապատժի վայրը բլուր էր, որի կանաչ գագաթին կանգնած էր հողում խորը թաղված սյունը՝ շրջապատված ցախի շեղջերով: Պաշտոնյան ընթերցեց դատարանի որոշումը: Կեսօրյան արևի շողերի տակ ընկած էր Հովհաննես Պաննոնացին՝ դեմքը փոշեթաթախ, գազանի նման ոռնալով: Նա ճանկռտում էր հողը, փորձելով բռնվել, սակայն դահիճները բռնեցին նրան, մերկացրին և վերջապես կապեցին սյանը: Նրա գլխին դրեցին ծծմբի մեջ թաթախված ծղոտե պսակ, կրծքից կախեցին «Adversus annulares» չարաբաստիկ գրքի մի օրինակ: Նախորդ գիշերն անձրև էր եկել և ցախը վատ էր այրվում: Հովհաննես Պաննոնացին աղոթում էր հունարեն, այնուհետև անծանոթ լեզվով: Խարույկի բոցերը արդեն պարուրում էին նրան, երբ Ավրելիանոսը որոշեց բարձրացնել աչքերը: Բոցի լեզուները մի ակնթարթ կանգ առան. Ավրելիանոսը առաջին և վերջին անգամ տեսավ ատելի մարդու դեմքը: Այն նրան ինչ որ մեկին էր հիշեցնում, սակայն նա չէր կարողանում հիշել, թե ում: Հետո կրակն ամեն ինչ ծածկեց, դատապարտվածը սկսեց գոռալ և թվում էր, թե գոռում է ինքը՝ խարույկը:Պլուտարքոսն ասում էր, որ Հուլիոս Կեսարը ողբում էր Պոմպեոսի մահը: Ավրելիանոսը չողբաց Հովհաննեսի մահը, սակայն այժմ հասկանում էր, թե ինչ է զգում անբուժելի հիվանդությունից բուժված մարդը, որը նրա կյանքի մաս էր դարձել: Աքվիլեայում, Եփեսոսում նա երկար տարիներ անց կացրեց: Նա մղվում էր դեպի կայսրության անհյուրընկալ սահմանները, խուլ ճահիճները և ճգնավորական անապատները, որպեսզի միայնությունը օգներ իրեն հասնել նետված վիճակին: Մի անգամ, մավրիտանական վրանի մեջ, առյուծի մռնչյունից դղրդացող գիշերը, նա մտքում արտասանում էր խրթին մեղադրանքը, որ առաջադրել էին Հովհաննես Պաննոնացուն և արդեն որերորդ անգամ համաձայնվում էր դատավճռի հետ: Սակայն արդարացնել իր ճղճիմ մատնությունը ավելի դժվար էր: Ռուս ադ Դիրում նա արտասանեց այժմ արդեն անհամատեղելի խոսքերը. «Կանթեղների կանթեղ, այրված ուրացողի մարմնում»: Հիբերնիայում, անտառներով շրջապատված մենաստանի խցում, երբ գիշերը մոտենում էր արևածագին, նա հանկարծ լսեց անձրևի ձայնը: Նա հիշեց այն գիշերը Հռոմում, երբ նա այնքան հանկարծակի լսեց կաթիլների տարափի աղմուկը: Կեսօրին կայծակն այրեց ծառերը և Ավրելիանոսը կարողացավ մահանալ նույն մահով, ինչ որ Հովհաննեսը:Այս պատմության վերջաբանը կարելի է պատմել միայն փոխաբերություններով, քանզի այն տեղի է ունենում երկնային արքայությունում, ուր ժամանակ գոյություն չունի: Միգուցե, պետք էր ասել, որ Ավրելիանոսը զրուցում էր Աստծո հետ և Աստված այնքան քիչ էր հետաքրքրվում կրոնական վեճերով, որ նրան Հովհաննես Պաննոնացու հետ էր շփոթել: Սակայն դա կնշանակեր ակնարկ առ շփոթության հնարավորություն աստվածային մտքում: Ճիշտ կլիներ ասել այլ կերպ. դրախտում Ավրելիանոսն իմացավ, որ անքննելի Աստծո համար ինքը և Հովհաննես Պաննոնացին՝ ուղղափառը և հերձվածողը, ատողը և նա, որին ատում էին, մեղադրողը և մեղադրյալը նույն անձն էին:

Թարգմանությունը՝ Պ. Ճաղարյանի:

impression
30.04.2013, 13:16
ուրեմն մի բան ասեմ, էն օրը զրուցում էինք թեմայի հեղինակի հետ, ու ինքը սենց ի միջի այլոց նշեց Բորխեսի պատմվածքներից մեկը, լրիվ համոզված, որ ես կարդացել եմ, բայց դե չէի կարդացել, գնացի տուն ու կարդացի, ու էդ պատմվածքը լրիվ-լրիվ, անվերջ ու անսկիզբ Բորխես ա
խոսքն Ալեֆ պատմվածքի մասին ա, կարդացեք, ժող

ivy
30.04.2013, 22:57
Էստեղ բացի ինձնից էլի մարդ կա՞, որ Բորխես չի սիրում:

Շինարար
30.04.2013, 23:09
Էստեղ բացի ինձնից էլի մարդ կա՞, որ Բորխես չի սիրում:

Իմ առաջին շփումն էլ Բորխեսի հետ ամենատպավորիչներից չէր, գուցե որովհետև կյանքի դժվարին պայմաններում էի էդ ժամանակ՝ բանակում :)) Բայց հետո էլի կարդացի ու ավելի շատ, հլա սա կարդա, Այվի ջան: Եսիմ, մինչև էսօր օր չկա էս մասին չմտածեմ, ու տենց էլ բան չեմ հասկանում, բայց որ էսքան ժամանակ դրա մասին եմ մտածում, ու լիքը ուրիշ բաներ էդ ընթացքում հասկացել եմ սրա մասին մտածելիս կամ գոնե ինձ թվում ա, թե հասկացել եմ, մի բան նշանակո՞ւմ ա, չէ՞, թե՞ չի նշանակում:


ARGUMENTUM ORNITLOGICUM (Ապացույցը զարդարում է ճշմարտությունը(լատ.))

Փակում եմ աչքերս և թռչունների մի երամ եմ տեսնում: Տեսիլքը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, գուցե և ավելի քիչ, չգիտեմ, թե քանի՞ թռչուն եմ տեսել: Նրանց քանակը որոշակի՞ է, թե անորոշ: Խնդիրը Աստծո գոյության հարցն է: Եթե Աստված գոյություն ունի, ուրեմն տեսածս թռչունների քանակը որոշակի է, որովհետև Աստված գիտի, թե ես քանի թռչուն եմ տեսել: Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն տեսածս թռչունների քանակն անորոշ է, որովհետև ոչ ոք չէր կարող հաշվել թռչունները: Այդ պարագային, (ասենք) ես տասից պակաս և մեկից ավել թռչուններ եմ տեսել, բայց չեմ տեսել ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք կամ երկու թռչուն: Տեսածս թռչունների քանակը տասի և մեկի միջև գտնվող մի թիվ է, որ ոչ ինն է, ոչ ութը, ոչ յոթը, ոչ վեցը, ոչ հինգը, և այլն: Ամբողջական այս թիվն անըմբռնելի է, ուստի, Աստված գոյություն ունի:

Ուլուանա
30.04.2013, 23:10
Էստեղ բացի ինձնից էլի մարդ կա՞, որ Բորխես չի սիրում:
Ես շատ չեմ կարդացել, մի քանի գործ, բայց ինչքան փորձեցի ինձ համոզել, որ դուր ա գալիս, չստացվեց տենց էլ...
Լիլի էս վերջին գրառմանը շնորհակալություն եմ տվել, որովհետև նենց էր գրել, որ հավեսս տվեց, իր նշած գործը կարդալու ցանկություն առաջացավ :))։ Երևի կարդամ, գուցե դեռ հաջողվի սիրել :))։

ivy
30.04.2013, 23:18
Իմ առաջին շփումն էլ Բորխեսի հետ ամենատպավորիչներից չէր, գուցե որովհետև կյանքի դժվարին պայմաններում էի էդ ժամանակ՝ բանակում :)) Բայց հետո էլի կարդացի ու ավելի շատ, հլա սա կարդա, Այվի ջան: Եսիմ, մինչև էսօր օր չկա էս մասին չմտածեմ, ու տենց էլ բան չեմ հասկանում, բայց որ էսքան ժամանակ դրա մասին եմ մտածում, ու լիքը ուրիշ բաներ էդ ընթացքում հասկացել եմ սրա մասին մտածելիս կամ գոնե ինձ թվում ա, թե հասկացել եմ, մի բան նշանակո՞ւմ ա, չէ՞, թե՞ չի նշանակում:

Ինքը խեղդում է իր գրածներով: Մի միտքը դեռ չես հասցնում մարսել, մյուսն է գալիս: Ու վրա-վրա, լրիվ սյուռ, տարած (գուցե շատ խորիմաստ) բաներ, խիտ նախադասություններով, որ հա պիտի բացես, վերլուծես: Ես ուզում եմ կարդալիս սահել, ոչ թե հա սարեր բարձրանալ ու ձորեր իջնել:
Բացի դրանից, իր ամեն տողի մեջ հաստ տառերով գրված մեսիջ է երևում՝«Տեսեք, ես ինչ դեմք եմ», ու էդ նյարդերիս ազդում է :pardon

impression
30.04.2013, 23:25
ինքը ահավոր ինտելեկտուալ դեմք ա, ու հա, էնքան բան գիտի, որ ուղղակի ապշում ես, մի աչքանի, կյանքի վերջում արդեն լրիվ կույր մարդը ոնց ա էդքան բան հասցրել կարդալ, հասկանալ, մարսել ու դեռ մի բան էլ՝ մեզ էլ փոխանցել

բայց ինքը միշտ ու բոլոր գործերում չի, որ խեղդում ա իր իմացությամբ /ու ընթերցողի չիմացությամբ/, ինքը շատ սիրուն գործեր ունի, մի քանի տողանոց, ու նենց ֆանտազիայի տեր ա, որ ուղղակի ապշում ես

ռիպոշկա ջան, ես քեզ մի քանի բան կտամ, եթե ուզենաս, ինքը շատ լավն ա :)

բայց հա, ինձ ինքը տանում ա իր հենց ինտելեկտով, ու ինքը ՄԻԱԿ գրողն ա ինձ համար, ում գրածը եթե չեմ հասկանում, ընդունում եմ, որ ես եմ դեբիլ, ոչ թե ինքն ա վատ գրող
թե չէ մնացած ում կարդացել եմ /շատ չեմ կարդացել ավաղ/, նենց ա էղել, որ էլի հասկացել եմ, ուղղակի ինձ չի կպել ընդհանրապես

Շինարար
30.04.2013, 23:28
Ինքը խեղդում է իր գրածներով: Մի միտքը դեռ չես հասցնում մարսել, մյուսն է գալիս: Ու վրա-վրա, լրիվ սյուռ, տարած (գուցե շատ խորիմաստ) բաներ, խիտ նախադասություններով, որ հա պիտի բացես, վերլուծես: Ես ուզում եմ կարդալիս սահել, ոչ թե հա սարեր բարձրանալ ու ձորեր իջնել:
Բացի դրանից, իր ամեն տողը կարդալիս մեջը հաստ տառերով գրած մեսիջ է երևում՝«Տեսեք, ես ինչ դեմք եմ», ու էդ նյարդերիս ազդում է :pardon
Հա՞, եսիմ, չէէէ-էէ: Ախր, եսիմ, մաթեմատիկա չի է, որ ի վերջո մինչև վերջ հասկանաս: Էսպես թե էնպես հասկանալն անհնար ա, նույնկերպ ոնց անհնար ա երևակայական թռչուններին հաշվելը, որովհետև միշտ յոթերորդի թե ութերորդի վրա կասկած ա առաջանում, թե հաշվից ընկել ես, իսկ վերստուգել չես կարող, որովհետև վստահ չես կարող լինել, որ նույն թռչուններին պատկերացրիր, ստիպված ես նորից փորձել, իմ փորձից եմ ասում: Ամբողջ հետաքրքրությունը ոչ թե հասկանալն ա, այլ փնտրելը, հասկանալ փորձելը: Գուցե ես սխալ եմ Բորխես կարդացել, օգտագործել եմ Կաֆկա կարդալու իմ փորձառությունը, բայց ինձ համար էդպես հետաքրքիր դառավ, ու հիմնականում վերընթերցելու կարիք էլ չկա, որովհետև շատ հարցեր անընդհատ ինձ հետ են, հա մտածում եմ, ու հա հետաքրքիր ա էդ մտածելը:

ivy
30.04.2013, 23:38
Շին, հասկանալ-չհասկանալու հարցը չի, այլ էն, որ ես չեմ ուզում ինձ գերծանրաբեռնված զգալ ընթերցելիս, իսկ իր գրածներից հենց էդ զգացողությունն է առաջանում:

Լիլ, արի համեմատության համար նայենք հենց թեկուզ Ջորջ Ռ.Ռ. Մարտինին, ինքն էլ է ֆենթեզի ժանրում գրում (ռեալիստական ֆենթեզի), դե հա, Բորխեսը նաև մոգական ռեալիզմ է, բայց դա մի կողմ թողնենք, վերցնենք միայն ֆենթեզին, որը նույնպես իր ժանրն է: Մարտինն էլ հաստատ ահավոր ինտելեկտուալ մարդ է ու էնպիսի ֆանտազիա ունի, որ գնա գալիս եմ: Բայց ինքը չի խեղդում: Ինքը ժամանակ է թողնում, որ մի բանը մարսես, անցնես մյուսին: Իսկ Բորխեսը մի բարդ նախադասության հետևից մյուսն է քշում՝ նոր մտքերով ու տեսարաններով: Ես դա ուղղակի չեմ սիրում, ինձ դա դուր չի գալիս: Հաճույք չեմ ստանում կարդալիս:

impression
30.04.2013, 23:43
ինձ համար Մարտինն ու Բորխեսը անհամեմատելի բաներ են, ոնց որ ասենք թանկ կոշիկն ու փափուկ բարձը
ամեն մեկն իր տեղն ունի, ու նույնիսկ ժանրային առումով են ուրիշ
գրելու ոճն ա ուրիշ, եսիմ, իմ ընկալումն ա
բայց ընդունում եմ, որ կարողա գերծանրաբեռնել

Հայկօ
01.05.2013, 03:07
ivy, Ուլուանա, սրանք ահագին թեթև են կարդացվում, ստեղ տենց շատ չի ծանրաբեռնում, էլի, իրա փիլիսոփայություններով ու հանելուկներով, փորձեք, կարող ա հավանեք ))



Խորհրդավոր հրաշքը
Բաբելոնյան վիճակախաղ
Ֆունես՝ հիշողության հրաշքը
Հայելին և դիմակը
Աստերիոնի տունը
Ալեֆը
Ավետարան ըստ Մարկոսի

Հայկօ
01.05.2013, 03:33
«Պարացելսուսի վարդն» էլ ա լավը ))

ivy
01.05.2013, 11:05
ivy, Ուլուանա, սրանք ահագին թեթև են կարդացվում, ստեղ տենց շատ չի ծանրաբեռնում, էլի, իրա փիլիսոփայություններով ու հանելուկներով, փորձեք, կարող ա հավանեք ))



Խորհրդավոր հրաշքը
Բաբելոնյան վիճակախաղ
Ֆունես՝ հիշողության հրաշքը
Հայելին և դիմակը
Աստերիոնի տունը
Ալեֆը
Ավետարան ըստ Մարկոսի


Ալեֆը չեմ հավանել, ոչ էլ Բաբելոնյան վիճակախաղը, մնացածը չեմ կարդացել ու արդեն դժվար էլ կարդամ:
Գրականությունն էլ ի վերջո ճաշակի հարց է. չի կպնում ինձ էդ գրողը:

StrangeLittleGirl
01.05.2013, 11:19
Էստեղ բացի ինձնից էլի մարդ կա՞, որ Բորխես չի սիրում:

:)) մեկ էլ ես: չեմ կարդացել, բայց գիտեմ, որ կարդամ, չեմ սիրելու: էն ա, Շինի դրած ծտերի տեքստը կարդացի: բառիս բուն իմաստով տուֆտել ա: պատճառահետևանքային կապերն իրար չեն բռնում, իրականում շատ պարզ ա գրված ամեն ինչ, բայց քանի որ տրամաբանորեն իրար չեն կապվում, հզոր ու անհասկանալի ա թվում: ինչ ուզում եք, ասեք, թեկուզ ասեք, որ ես եմ դեբիլ:

ivy
01.05.2013, 12:22
Բյուր, դե առանց կարդալու էդքան էլ հեշտ չի կարծիք կազմել :))

Ի դեպ, եթե սիրում եք ռուսերեն կարդալ, «Ալեֆը» կարող եք էստեղ (http://www.bookmate.com/r#d=LjM7INuM) ընթերցել:
Բորխեսի ուրիշ գործերը կարող եք էստեղ (http://lib.ru/BORHES/) կարդալ:

Կարդացեք, միացեք քննարկմանը ;)

ivy
01.05.2013, 12:29
Եթե ասեին՝ «Ալեֆը» Կոելիոն է գրել, հանգիստ կհավատայի:
Գիտեմ, որ Բորխես սիրողները վատանում են էդ համեմատությունից, բայց դե նման են, ինչ ուզում եք ասեք:

StrangeLittleGirl
01.05.2013, 12:45
Բյուր, դե առանց կարդալու էդքան էլ հեշտ չի կարծիք կազմել :))

Ի դեպ, եթե սիրում եք ռուսերեն կարդալ, «Ալեֆը» կարող եք էստեղ (http://www.bookmate.com/r#d=LjM7INuM) ընթերցել:
Բորխեսի ուրիշ գործերը կարող եք էստեղ (http://lib.ru/BORHES/) կարդալ:

Կարդացեք, միացեք քննարկմանը ;)

Ռիփ, դե մենակ ակումբում դրած էդ պստիկ-մստիկ բաներն եմ կարդացել: Բայց ախր որ տենց դնում, ասում են՝ էս կարդա, վերջն ա, ես էլ կարդում եմ ու տեսնում եմ, որ վերջը չի, էլ ուրիշ բան կարդալու ցանկություն չի առաջանում:

Վոլտերա
01.05.2013, 13:15
Կոպեկանոցը

Այդ խոնավ գիշերներին,
երբ Մոնտեվիդեոյից ծով դուրս եկանք,
չգիտեմ ինչու՝ տախտակամածից կոպեկանոցը
շպրտեցի ծով:
Այն փայլփլելով պղտոր ջրում սուզվեց.
լույսի մի բեկոր,
որ ժամանակն ու մութը կուլ տվին:
Եվ հասկացա մեկեն, որ անուղելի
մի բան եմ արել,
ես պարտադրել եմ տիեզերքի պատմությանը,
սեփական ճակատագրիցս բացի, որ հյուսված է
սիրուց, տագնապից, սին անկայունությունից,
նաև ճակատագիրը այդ մետաղյա դրամի,
որը հիմա, ուզեմ, թե չուզեմ ապրում է
ինձ հետ հավասարի իրավունքով:
Գուցե ալիքները հանգստացնեն նրան
կպչուն խութերում
ու տանեն գուցե ծովերին դարավոր,
որոնք լվանում են աճյունները
սաքսոնների ու վիկինգների:
Բայց ինչ էլ որ լինի այնտեղ, այս պահից
իմ ապրած ամեն ակնթարթի մեջ
զգում եմ պահը, որ ապրում է այդ կոպեկանոցը:
Մեկ-մեկ տանջում է խղճի խայթը ինձ:
Բայց ավելի հաճախ նախանձն է տանջում.
ես նախանձում եմ իմ պղնձե բախտակցին,
որ ինձ նման մոլորվել է ժամանակի բավիղներում,
Սակայն ինձ նման ինքն այդ չգիտե:

Վոլտերա
25.08.2013, 14:30
ՕԳՈՍՏՈՍԻ ՔՍԱՆՀԻՆԳ, 1983

Փոքր կայարանի ժամացույցին տեսա, որ գիշերվա տասնմեկն անցել է: Ոտքով գնացի իջևանատուն: Ինչպես սովորաբար լինում է, համակերպվածություն և թեթևացում զգացի, որ մեզ ներշնչում են լավ ծանոթ վայրերը: Լայն շքամուտքը բաց էր, շենքը մթության մեջ էր: Մտա նախասրահ, որի դժգույն հայելիները կրկնապատկում էին սրահի բույսերը: Հետաքրքիր էր, որ իջևանատերը չճանաչեց ինձ և մեկնեց մատյանը: Վերցրի սեղանին դրված փետուրը, թաթախեցի բրոնզե թանաքամանում և երբ խոնարհվեցի բաց գրքի վրա, պատահեց ինձ այդ գիշեր դարանող բազմաթիվ անակնկալներից առաջինը: Իմ անունը` Խորխե Լուիս Բորխես, արդեն գրված էր, իսկ թանաքը դեռ թարմ էր:

Իջևանատերն ասաց.

_ Ինձ թվաց` արդեն բարձրացել եք:

Հետո ուշադիր նայեց ինձ և ուղղեց իրեն.

_Ներեցե՛ք, պարո՛ն: Այն մյուսը Ձեզ շատ նման է, բայց Դուք ավելի երիտասարդ եք:

Հարցրի.

_Ո՞ր սենյակում է:

_19-րդ համարը խնդրեց,_եղավ պատասխանը:

Ես դրանից էի վախենում:

Բաց թողեցի փետուրն ու վազելով բարձրացա աստիճանները: 19-րդ սենյակը երկրորդ հարկում էր և նայում էր մի աղքատիկ լքված բակի, որտեղ ցանկապատ կար և, հիշում եմ, այգու նստարան: Դա հյուրանոցի ամենաբարձր սենյակն էր: Բացեցի դուռը, այն տեղի տվեց: Ջահը չէին հանգցրել: Անխիղճ լույսի տակ ճանաչեցի ինձ: Մեջքի վրա պառկած երկաթե նեղ մահճակալին, ավելի ծեր, նիհար ու արտակարգ գունատ` ես էի` աչքերս կորած գիպսե բարձր շրջանակներում: Լսվեց ձայնը: Ոչ թե հենց իմն էր, այլ այն չոր ու անգույն ձայնը, որ սովորաբար լսում եմ իմ ձայնագրություններում:

_Զարմանալի է,_ասաց,_երկուսն ենք և նույնն ենք: Բայց երազներում ոչինչ զարմանալի չէ:

Վախեցած հարցրի.

_Ուրեմն այս ամենը երա՞զ է:

_Սա, վստահ եմ, իմ վերջին երազն է:

Ձեռքով ցույց տվեց գիշերային սեղանի մարմարին դրված դատարկ սրվակը:

_Այնուամենայնիվ, դու դեռ շատ երազներ պետք է տեսնես մինչև այս գիշերվան հասնելը: Ամսի քանի՞սն է:

_Հաստատ չգիտեմ,_ասացի ցնցված:_Բայց երեկ լրացավ վաթսունմեկ տարիս:

_Երբ քո գիտակցությունը հասնի այս գիշերվան, նախորդ օրը լրացած կլինի ութսունչորսդ: Այսօր 1983-ի օգոստոսի 25-ն է:

_Այդքա¯ն տարի պետք է սպասել,_ շշնջացի:

_Ինձ արդեն ոչինչ չի մնում,_ ասաց կտրուկ:_ Ամեն վայրկյան կարող եմ մեռնել, կարող եմ մոլորվել ինչ-որ տեղ, որ չեմ ճանաչում, իսկ ես շարունակում եմ երազում տեսնել կրկնակիս: Սա հոգնեցնող պատմություն է, որն ինձ տվել են հայելիներն ու Սթիվենսոնը:

Զգացի, որ Սթիվենսոնի հիշատակությունը հրաժեշտ է և ոչ թե սնապարծության նշան: Ես նա էի և հասկանում էի: Ամենադրամատիկ պահերը բավական չեն Շեքսպիր լինելու և հիշարժան արտահայտություններ գտնելու համար: Նրան ցրելու համար ասացի.

_Գիտեի, որ սա քեզ պատահելու է: Տարիներ առաջ հենց այստեղ` ներքևի սենյակներից մեկում, սկսեցինք այս ինքնասպանության պատմության սևագիրը:

_Այո՛,_ պատասխանեց ինձ դանդաղ, ասես իրար վրա բերեր հուշերը:_ Բայց կապը չեմ տեսնում: Այդ սևագրի մեջ ես Ադրոգեի տոմս ձեռք բերեցի, հետո Լաս Դելիսիաս հյուրանոցում բարձրացա բոլոր սենյակներից ամենամեկուսացածը` 19-րդը: Այնտեղ վերջ էի տալու կյանքիս:

_Դրա համար էլ այստեղ եմ,_ասացի:

_Այստե՞ղ: Միշտ էլ այստեղ ենք: Իմ երազում դու ասյտեղ ես` Մայպու փողոցի շենքում: Ես հեռանում եմ այստեղ` մայրիկի սենյակում:

_Մայրիկի սենյակում,_ կրկնեցի առանց հասկանալու ցանկության: _Դու իմ երազի մեջ ես` վերևի բակի 19-րդ սենյակում:

_Ո՞վ է ում երազի մեջ: Ես գիտեմ, որ դու իմ երազի մեջ ես, բայց չգիտեմ` արդյոք ես քո երազի մեջ եմ: Ադրոգե հյուրանոցն այնքան վաղուց է ոչնչացել, քսան, գուցե երեսուն տարի առաջ: Ո¯վ գիտի:

_Երազ տեսնողը ես եմ,_ առարկեցի որոշակի մարտահրավերով:

_Գլխի չես ընկնում, որ կարևորը պարզելն է` արդյոք միայն մեկն է երազ տեսնում, թե երազ տեսնողները երկուսն են:

_Ես Բորխեսն եմ` նա, ով տեսավ քո անունը մատյանում և բարձրացավ:

_Բորխեսը ես եմ` նա, ով մահանում է Մայպու փողոցում:

Լռություն տիրեց, մյուսն ասաց.

_Փորձենք: Ո՞րն է եղել մեր կյանքի ամենաահավոր ակնթարթը:

Խոնարհվեցի նրա վրա, և միաժամանակ խոսեցինք: Գիտեմ, որ երկուսս էլ ստեցինք:

Թույլ ժպիտը լուսավորեց ծեր դեմքը: Զգացի, որ այդ ժպիտն ինչ-որ ձևով արտացոլում է իմը:

_Ստեցինք իրար,_ ասաց,_ որովհետև մեզ երկուս ենք զգում, ոչ թե մեկ: Իրականությունն այն է, որ թե՛ երկուսն ենք, թե՛ մեկը:

Այդ խոսակցությունն ինձ զայրացնում էր: Այդպես էլ ասացի նրան:

Ավելացրի.

_Իսկ դու 1983-ին ինձ ոչինչ չե՞ս պատմի ինձ մնացող տարիների մասին:

_Ի՞նչ կարող եմ ասել քեզ, խե՛ղճ Բորխես: Կկրկնվեն այն դժբախտությունները, որոնց արդեն սովոր ես: Մենակ կմնաս այս տանը: Կշոշափես առանց տառերի գրքերը, Սվեդենբորգի շքանշանն ու Դաշնության խաչի արծաթե մատուցարանը: Կուրությունը մշուշ չէ, այլ մենության տեսակ: Կվերադառնաս Իսլանդիա:

_Իսլա¯նդիա: Ծովերի¯ Իսլանդիան:

_Հռոմում կկրկնես Քիթսի տողերը, ում անունը, ինչպես բոլորինը, այնքան անհարատև է:

_Երբեք Հռոմում չեմ եղել:

_Ուրիշ բաներ էլ կլինեն: Կգրես մեր լավագույն բանաստեղծությունը. դա էլէգիա կլինի:

_Ի հիշատակ…_ ասացի: Չհամարձակվեցի ասել անունը:

_Ոչ: Նա քեզնից երկար կապրի:

Լռեցինք: Հետո շարունակեց:

_Կգրես այն գիրքը, որ այնքան ժամանակ երազել ենք: Մոտ 1979-ին կհասկանաս, որ քո ենթադրյալ ստեղծագործությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սևագրերի, տարատեսակ սևագրերի մի շարք, և կզիջես քո մեծ գիրքը գրելու փուչ ու սնահավատ գայթակղությանը: Սնահավատություն, որ մեզ ազդել են Գյոթեի Ֆաուստը, Սալամբոն և Ուլիսեսը: Ես անհավատալիորեն շատ էջեր եմ լցրել:

_Եվ վերջում հասկացար, որ ձախողել ես:

_Ավելի վատ: Հասկացա, որ դա գլուխգործոց է` բառի ամենաձանձրալի իմաստով: Իմ բարի մտադրությունն առաջին էջերից առաջ չէր անցել, մյուսներում լաբիրինթոսներ էին, դանակներ, մարդ, ով իրեն պատկեր է կարծում, արտացոլանք, որն իրեն իրական է կարծում, գիշերային վագր, մարտեր, որոնք մնում են արյան մեջ, կույր ու ճակատագրական Խուան Մուրանյան, Մասեդոնիոյի ձայնը, մեռյալների եղունգներից պատրաստված նավ, երեկոները կրկնվող հին անգլերենի դասեր:

_Այդ թանգարանն ինձ ծանոթ է,_նկատեցի հեգնանքով:

_Բացի դրանից` կեղծ հուշեր, խորհրդանիշերի կրկնակի խաղ, երկար թվարկումներ, պրոզաիզմի լավ կիրառում, անկատար համաչափություններ, որ ցնծությամբ ի հայտ են բերում քննադատները, ոչ միշտ անիսկական հղումներ:

_Հրատարակեցի՞ր այդ գիրքը:

_Համոզված չլինելով` ինձ այցելում էր այն ոչնչացնելու, հնարավոր է, կրակի տալու մելոդրամատիկ նպատակը: Ի վերջո կեղծանունով հրատարակեցի Մադրիդում: Խոսակցություն եղավ Բորխեսի բութ նմանակողի մասին, որն ուներ Բորխես չլինելու և նմուշի արտաքին կողմը կրկնելու թերությունը:

_Չեմ զարմանում,_ասացի:_Ամեն մի գրող ի վերջո դառնում է իր նվազ խելոք աշակերտը:

_Այդ գիրքն այն ճանապարհներից մեկն է, որ ինձ հասցրին այս գիշերվան: Ինչ վերաբերում է մյուսներին… Ծերության ստորացումը, արդեն յուրաքանչյուր օրն ապրած լինելու համոզմունքը…

_Ես այդ գիրքը չեմ գրի,_ասացի:

_Կգրես: Իմ բառերը, որ հիմա ներկա են, հազիվ երազի հուշ են լինելու:

Ինձ դուր չեկավ նրա դոգմատիկ տոնը, որը, անկասկած, օգտագործում եմ իմ դասերին: Ինձ դուր չեկավ, որ այդքան նման ենք, և որ նա օգտվում է մահվան մերձության տված անպատժելիությունից: Փոխը հանելու համար ասացի.

_Այդքան վստա՞հ ես, որ մահանալու ես:

_Այո՛,- պատասխանեց:_Մի տեսակ մեղմություն ու թեթևություն եմ զգում, որ երբեք չեմ զգացել: Չեմ կարող բացատրել: Բառերը միշտ համատեղ վերապրում են պահանջում: Ինչու՞ է թվում, որ ասածս քեզ այդքան դուր չի գալիս:

_Որովհետև չափազանց նման ենք: Ատում եմ քո դեմքը, որն իմ ծաղրանկարն է, ատում եմ քո ձայնը, որն իմ նմանակումն է, ատում եմ քո պաթետիկ շարադասությունը, որն իմն է:

_Ես նույնպես,_ ասաց մյուսը: _Դրա համար որոշեցի ինքնասպան լինել:

Շենքում մի թռչուն երգեց:

_Սա վերջինն է, _ասաց մյուսը:

Շարժումով ինձ իր կողմ կանչեց: Նրա ձեռքը փնտրեց իմը: Ետ քաշվեցի, վախեցա, որ երկուսը կխառնվեն:

Նա ասաց.

_Ստոիկներն ուսուցանում են, որ չպետք է գանգատվենք կյանքից. բանտի դուռը բաց է: Միշտ հասկացել եմ դա, բայց ծուլությունն ու վախկոտությունն ինձ ետ են պահել: Մի տասներկու օր առաջ Լա Պլատայում դասախոսություն էի կարդում Էնեականի 6-րդ Գրքի մասին: Հանկարծ մի հեկզամետր վանկարկելիս հասկացա` որն է իմ ճանապարհը: Կայացրի այս որոշումը: Այդ պահից ինձ անդրդվելի զգացի: Իմ ճակատագիրը կլինի քոնը, դու էլ կստանաս կտրուկ բացահայտումը լատիներենի ու Վիրգիլիուսի միջև, և արդեն լիովին մոռացած կլինես այս հետաքրքիր մարգարեական երկխոսությունը, որը տեղի է ունենում երկու ժամանակում և երկու վայրում: Երբ նորից տեսնես այս երազը, կլինես նա, ով ես եմ, և դու կլինես իմ երազը:

_Ես սա չեմ մոռանա և վաղը գրի կառնեմ:

_Սա կմնա քո հիշողության խորքում ` երազների մակընթացության տակ: Երբ գրես, քեզ կթվա, որ ֆանտաստիկ պատմվածք ես հորինում: Դա վաղը չի լինի, քեզ դեռ շատ տարիներ են մնում:

Խոսքն ավարտեց, հասկացա, որ մահացել է: Ինչ-որ չափով ես մահանում էի նրա հետ, վշտացած խոնարհվեցի բարձի վրա, և արդեն ոչ ոք չկար:

Փախա սենյակից: Դրսում ո՛չ բակը կար, ո՛չ մարմարե աստիճանները, ո՛չ մեծ լուռ շենքը, ո՛չ նվենիները, ո՛չ քանդակները, ո՛չ տաղավարը, ո՛չ շատրվանները, ո՛չ Ադրոգե գյուղի իջևանատան ճաղապատ դուռը:

Դրսում ինձ ուրիշ երազներ էին սպասում: (http://armspanish.wordpress.com/2013/08/24/%D6%85%D5%A3%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BD%D5%AB-%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3-1983-%D5%AD%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5-%D5%AC%D5%B8%D6%82%D5%AB%D5%BD-%D5%A2%D5%B8%D6%80%D5%AD%D5%A5/)

Վոլտերա
12.09.2013, 11:50
Թշնամու դեմքը

Սպասելով ու խուսափելով քանի տարի. և հիմա թշնամին իմ տանն էր: Պատուհանից տեսա` դժվարությամբ բարձրանում էր լանջի անհարթ ճանապարհով: Ձեռնափայտով էր, մի դողդոջուն ձեռնափայտ, որը նրա պառաված ձեռքերում գայիսոն մնալով` չէր կարող զենք դառնալ: Սպասածս` դռան մեղմ թակոցը, դժվար ընկալեցի: Սրսում հայացք նետեցի ձեռագրերիս, անավարտ սևագրությանն ու Արտեմիդորոյի երազների մասին տրակտատին, որն այդտեղ բավական անհեթեթ էր, եթե նկատի առնենք, որ ես հունարեն չգիտեմ:
Մտածեցի` ևս մի կորած օր: Բանալին չարչարեց ինձ: Վախենում էի, թե կընկներ, բայց մի քանի անվստահ քայլ անելով` թողեց գայիսոնը, որը ես այլևս չտեսա, և ուժասպառ ընկավ իմ անկողնուն: Քա՜նի անգամ էի տագնապներիս մեջ երևակայել նրա դեմքը, բայց միայն հիմա նկատեցի, որ շատ նման էր Լինկոլնի վերջին դիմանկարին: Մոտավորապես երեկոյան ժամը չորսն էր:
Դեմքը մոտեցրի, որ կարողանար ինձ լսել:
-Ամեն մեկս կարծում ենք, թե միայն մեզ համար են տարիներն անցնում, բայց ուրիշների համարել են անցնում,- ասացի: -Վերջապես այստեղ հանդիպեցինք, և անցյալում պատահածն իմաստ չունի:
Մինչ ես խոսում էի, նա արձակել էր վերարկուի կոճակները: Աջ ձեռքը բաճկոնի գրպանում էր: Մի բան էր ինձ ցույց տալիս, և ես հասկացա, որ ատրճանակ է:
Այդ ժամանակ հաստատուն ձայնով ասաց.
-Տուն մտնելու համար եմ Ձեր խղճին դիմել. Իսկ հիմա իմն եք, և գթասիրտ չեմ լինի:
Փորձեցի մեկ-երկու բառ ասել: Ուժեղ մարդ չեմ, և ինձ կարող էին փրկել միայն բառերը: Ասացի.
-Երբևէ մի երեխայի եմ ծեծել, բայց Դուք հիմա այդ երեխան չեք, ոչ էլ ես եմ այն անմիտը: Բացի այդ, վրեժը ոչ պակաս անիմաստություն ու հպարտություն է, քան ներումը:
-Հենց դրա համար էլ,- պատասխանեց նա,- որ ես այլևս այն երեխան չեմ, պետք է Ձեզ սպանեմ: Դա ոչ թե վրեժ է, այլ` արդարություն: Ձեր պատճառաբանությունները, Բորխես, Ձեր սարսափի արտահայտություններն են, Դուք այլևս ոչինչ չեք կարող անել:
-Այնուամենայնիվ,մի բան կարող եմ անել,-պատասխանեցի ես:
-Ի՞նչ,- հարցրեց նա:
-Զարթնել:
Ես այդպես էլ արեցի:

Sambitbaba
13.10.2013, 03:23
Եթե ասեին՝ «Ալեֆը» Կոելիոն է գրել, հանգիստ կհավատայի:

Այդ "Ալեֆը" չէ, բայց մի "Ալեֆ" էլ Կոելիոն է գրել:;)
Չգիտեմ, ձեզ ինչպես, բայց ինձ լավ էլ դուր եկավ:

Անվերնագիր
05.01.2014, 01:18
Աուդիոգրքերի սիրահարներին․

Լավ հավաքածու: Շատ լավ կատարում (Ռուսերեն)

հղում (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=4004344)