PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ռուզաննա Պետրոսյան. տպվածն ու անտիպը…



Էջեր : [1] 2

Արևածագ
22.01.2010, 12:16
Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
Ծաղիկների թավշե թերթիկներում պահած,
Քչքչացող առվի գալարների եռքում,
Կայծկլտում է հազիվ բախտիս աստղը սառած:

Ու այդ հովտում,որպես հալածական թռչուն,
Իր վայրենի ճիչով սավառնում է հոգիս,
Մերթ խելահեղ թափով ավազին է զարկվում,
Մերթ էլ իրեն հանձնում ալիքների եռքին:

Չի հանդարտվում երբեք,քույր է փնտրում իրեն,
Կակաչների բոսոր թերթիկների ներսում,
Նոճիների զմրուխտ,լուսե գանգուրներին,
Անպարագիծ քամուց մի ճամփա է ուզում:

Քույր է փնտրում իրեն ու գտնում է նորից
Մի հերարձակ կնոջ,մի անկործան էգի,
Որ հեշտաբորբ մտքով, իր ցանկության հրից
Ուզում է դիակն անթաղ դարձնել միս ու հոգի:

Շամիրամն է քեզ քույր, իմ վիրավոր տատրակ,
Տարփանքների գինոտ,արյունահամ ծովում,
Հրկեզ կրքի ոսկի ծիածանների տակ,
Ու բաժանման մթին անդունդների խորքում:

Քանզի մարմնով խելառ և ուղեղով հարբած,
Խուլ ու համրի նման,սոսկ զգացմունքի ուժով,
Որոնեցի լույսը՝սիրո բույլը անեղծ,
Եվ կամեցա վառվել արարչության հրով:

Մշտաբորբոք սիրո զոհարանին նետած,
Թպրտացող հոգիս հիվանդի պես հուսաց,
Հազար անգամ տրվեց երազներին հանգած
Որ նվաճի հոգի'դ,թանկս,անփուտ մի գանձ:

Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
Մեղավոր կրքի ոսկի կոհակներին,
Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ,
Գտա մարմինը քո, և ոչ երբե'ք հոգին:

Katka
22.01.2010, 12:24
Ճիշտն ասած ծանոթ չեմ ժամանակակից հայ գրականության մեջ Ռուզաննա Պետրոսյանի ստեղծագործություններին:oy: Այդ պատճառով կցանկանայի իմանալ՝ քանի՞ տարեկան է եւ որ՞ տարիքում է գրել այս բանաստեղծությունը:

Արևածագ
22.01.2010, 18:35
Բանաստեղծությունը գրելու պահին հեղինակը 27 տարեկան է եղել…

Աբելյան
22.01.2010, 22:39
Որ վերնագիրը տեսա մտածեցի Պուճուրը գրած կլնի::))

Արևածագ
23.01.2010, 19:52
Արեւս...
Իրականում՝սիրո մասին ոչ մի բառ
Չես շշնջացել,
Բայց մի գիշերում
Վառել ես հոգուս մարած ջահերը...
Ու թվում է,թե
Ուրախության այս հորձանքին տրված՝
Կանցնեմ
Աշխարհիս ցավի ծովերը:

Sphinx
23.01.2010, 22:34
Արևածագ ջան, ներկայացրեք, խնդրում եմ, հեղինակին (կենսագրությունը, ստեղծագործական ուղին) և տեղադրեք սիրուց բացի մարդկային այլ խնդիրներ, զգացումներ ևս շոշափող գրվածքներ, եթե կան այդպիսիք:

Արևածագ
24.01.2010, 21:11
Արևածագ ջան, ներկայացրեք, խնդրում եմ, հեղինակին (կենսագրությունը, ստեղծագործական ուղին) և տեղադրեք սիրուց բացի մարդկային այլ խնդիրներ, զգացումներ ևս շոշափող գրվածքներ, եթե կան այդպիսիք:

Ծնվել է Հայաստանում,ավարտել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:Արդեն 17 տարի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:Հայաստանի մամուլում հանդես է գալիս հրապարակախոսական հոդվածներով:2008-ին հրատարակել է բանաստեղծությունների առաջին գրքույկը՝«Արեւին» վերնագրով:

Արևածագ
25.01.2010, 09:36
Կյանքի բոլոր նրբերանգները,
Խաղաղ անցումներն անծայր գույների,
Խելամիտ ապրած բոլոր հույզերը,
Ու թաքուն պահած կարոտախտը վառ,
Լուսնյակ գիշերվա թախիծը ծորուն-
Դրանք իմը չեն, չեն եղել բնավ:
Իմը կրքերի անհուն օվկիանն է,
Վախ-տառապանքի խորխորատը մութ,
Անթաքույց սիրո ալվան գույները,
Երազանքներս՝ բիլ ու արևոտ:
Իմը սլացքն է՝ խոյընթաց ու վեհ,
Մերկ ու անկաշկանդ ճախրանքը հզոր…
Ու թե տեսնում եք դուք՝ երկրի վրա
Անձայն ման եկող մի համեստ կնոջ
Բարոյականության զսպաշապիկով՝
Դա իմ ստվերն է սոսկ ու իսկը ես չեմ:
Իրական տեսքով ես ձեզ մոտ չեմ գա,
Որ շռնդալից իմ վարք ու բարքով,
Արևամեծար իմ աղոթքներով
Ձեզ չվախեցնեմ:

Արևածագ
27.01.2010, 10:07
Այսօր բազում գրքերից տողեր կարդացի,
Ու նաեւ «Կրեյցերյան սոնատը»...
Այս սիրո վերջը ի՞նչ պիտի լինի.
Իրականում սա էր փնտրածս...
2008
. . .
Երբ որ հնչի իմ զանգն այս աշխարհում
Ես՝հիասքանչ,ամենազոր Աստծո
Տված հոգովն անհնազանդ,
Պիտի կանգնեմ այնպես հպարտ ու համրորեն
Դաժան կյանքի ամենամութ խաչմերուկում:

Յոթնապատիկ,սիրուց վառված սիրտս հիմա
Մխալուց զատ ուրիշ ոչ մի հնար չունի,
Բայց հավատիս հուրը խաղաղ ու մշտավառ
Ամենամութ խաչմերուկում ինձ կփրկի:
1993

Արևածագ
28.01.2010, 09:34
Մնաս բարո'վ,ամա'ռ...
Ես,որ վառվում էի տենչանքներով հրե,
Եւ արյան ու կրքի փոթորկալից ծովում
Ուզում էի մեռնել՝
Իմ երբեք չսիրած
Ցրտահարված,մելամաղձոտ երգով
Աշունը պիտ դիմավորեմ ու քեզ ասեմ,
Ամա'ռ,մնաս բարո'վ...
1990

Արևածագ
31.01.2010, 19:22
Մի լուռ գիշեր,լուսնոտ գիշեր,
Երազի պես այցի գայիր,
Ժպիտներիդ փնջերը վառ,
Շեմքիս վրա լուռ շաղ տայիր:

Մի մեղկ գիշեր,թավշե գիշեր,
Կրքի գետը թող վարարեր,
Համբույրներիդ սպեղանին
Սիրուդ տված ցավը հաներ:

Մի ձիգ գիշեր,ոսկի գիշեր,
Դրախտի դուռն ինձ բանայի'ր,
Ու քո կյանքի լույս ու մութում
Արևի պես ինձ սիրեիր:

Արևածագ
02.02.2010, 12:35
Որքան եմ ատել ես պահն այս անգո,
Երբ որ ստիպված եմ ձեռքովս կամկար,
Եւ խոլ զառանցանք բառերի կույտով
Տագնապով հայտնել,որ էլ...սեր չկա:

Այնժամ,երբ մի օր,գիշերում մի վառ,
Թվաց՝հեռու ես իմ սրտի դռնից,
Առանց թակելու՝ սերդ ներս եկավ,
Առանց հարցնելու՝գնում է ինձնից:

Արևածագ
02.02.2010, 13:28
Հետաքրքիր է,որ որ մի արձագանք չկա…Այս բանաստեղծությունների հեղինակը դեռ կենդանի է՝իր կարծիքով…Թե՞ սխալվում էhttp://www.akumb.am/images/smilies/smile.gif

CactuSoul
02.02.2010, 14:56
Իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ:). գրականությանը շատ մոտ չեմ կանգնած ու այն չափում եմ միայն զգայական մակարդակում:
Բանաստեղծությունը պիտի լինի կա՛մ շատ խիտ, կա՛մ փափուկ, որ սիրեմ: Ձեր բանաստեղծություններում չգտա խտության իմ սիրած չափաբաժինը, իսկ փափկություն ավելի շատ զգացի «Մի լուռ գիշեր,լուսնոտ գիշեր…» բանաստեղծության մեջ:

Ամեն դեպքում հետաքրքիր է, ամեն անգամ հետաքրքրությամբ եմ լցվում, երբ այս թեմայում որևէ նորություն է լինում:

CactuSoul
02.02.2010, 15:10
Կյանքի բոլոր նրբերանգները,
Խաղաղ անցումներն անծայր գույների,
Խելամիտ ապրած բոլոր հույզերը,
Ու թաքուն պահած կարոտախտը վառ,
Լուսնյակ գիշերվա թախիծը ծորուն-
Դրանք իմը չեն, չեն եղել բնավ:
Իմը կրքերի անհուն օվկիանն է,
Վախ-տառապանքի խորխորատը մութ,
Անթաքույց սիրո ալվան գույները,
Երազանքներս՝ բիլ ու արևոտ:
Իմը սլացքն է՝ խոյընթաց ու վեհ,
Մերկ ու անկաշկանդ ճախրանքը հզոր…
Ու թե տեսնում եք դուք՝ երկրի վրա
Անձայն ման եկող մի համեստ կնոջ
Բարոյականության զսպաշապիկով՝
Դա իմ ստվերն է սոսկ ու իսկը ես չեմ:
Իրական տեսքով ես ձեզ մոտ չեմ գա,
Որ շռնդալից իմ վարք ու բարքով,
Արևամեծար իմ աղոթքներով
Ձեզ չվախեցնեմ:
Այս բանաստեղծության միտքը լավն է, ինձ դուր է գալիս, իսկ այ բուն բանաստեղծության մեջ կարծես մի բան պակաս է… Չգիտեմ: Մի տեսակ սառն է… Հանգիստ ու սառը: Ու էն կիրքը, որի մասին խոսվում է, քիչ է:

Էլի եմ ասում, որ սա իմ անձնական կարծիքն է: Հուսով եմ՝ չեք նեղանա ասածներիցս: Նաև հուսով եմ՝ իմ կարծիքով չեմ ազդի մյուսների կարծիքների վրա:think:

Արևածագ
02.02.2010, 19:48
Շնորհակալություն գրառման համար:Ստեղծագործություն տեղադրելիս ակընկալել,թե բոլոր ընթերցողներին այն դուր է գալու,առնվազն մոլորություն է:Իսկ կշռադատված,գրագետ ու հիմնավորված կարծիք լսելը շատ հետաքրքիր է:Շնորհակալություն:

Արևածագ
03.02.2010, 19:20
Հայացքդ՝ մաքուր երկինք ինձ համար,
Որտեղ փնտրում եմ հույսի ծվեններ ,
Հայացքդ՝կողքիս աստղալից կամար,
Հեռվից ինձ մեկնած տաքուկ ժպիտներ:

Երկինքս անափ՝ամռան պարզությամբ,
Եւ հուզաթաթախ,և' տամուկ այնպես.
Հանելուկների,հարցերի տարափ
Անվերծանելի կարոտից բեհեզ:

Հայացքը քո տաք,և լուրթ,և' խռով,
Իմ գլխի վերև թող քիչ էլ շողա-
Թեկուզ չի լցված այն սիրո հույսով,
Երկուսիս մի լավ հեքիաթ կմնա:
1987

խխունջ«»
04.02.2010, 18:31
Էս ինչ բարի բանաստեղծություն էր:

Արևածագ
04.02.2010, 19:10
Նեղլիկ ու սուտ աշխարհում լիներ հեռու մի անկյուն,
Մի կղզու մեջ մենավոր,երազների բաց ծովի,
Ցերեկերում հրաշեկ,գիշերներում՝ վառ,անքուն,
Գալարվեի գրկիդ մեջ՝բոցում կրքի ու մեղքի:

Աստղաթափով համեմված մեր աղքատիկ սեղանին,
Երջանկության մանանան ավելանար,չհատներ,
Սոսկ քեզանով գինովցած՝խրախճանքի մի պահի,
Թևերիդ մեջ խելագար, իմ վերջին ժամը հասներ:
2008

Ուլուանա
04.02.2010, 20:00
Բանաստեղծություններն ընդհանուր առմամբ ինձ դուր են գալիս. կարելի է ասել՝ հեղինակը լիարժեք տիրապետում է բանաստեղծական գրագիտությանը. և՛ միտք կա, և՛ տեխնիկա։ Բայց, օրինակ, ինձ համար տեղ–տեղ մի քիչ շատ են պաճուճազարդ ածականները, իսկ դրանք մի տեսակ ծանրաբեռնում են բանաստեղծությունը։ Իհարկե, հասկանալի է, որ դա էլ հեղինակի ոճի մի մասն է, ուղղակի ինձ համար դա թերություն է, որովհետև պարզություն եմ նախընտրում։ Բայց ամեն դեպքում համարում եմ, որ բավական լավ է գրում Ռուզաննա Պետրոսյանը։ :)

Արևածագ
04.02.2010, 22:18
Սիրելի Ուլուանա:Շնորհակալ եմ գրառման համար:Ահա ինչ եմ ուզում ասել.Ողջ աշխարհում հետաքրքրությամբ կարդացվում են երկար պատմությունները:Ընթերցողն ուզում է «Հազար ու մի գիշերվա» տարբերակները՝վիպակի կամ վեպի տեսքով:Արձակ գրողի հնարավորություններն անհամեմատ մեծ են՝սյուժեի կառուցվածքի ու հետաքրքրաշարժ տեսարանների միջոցով ընթերցողին իր հետևից տանելու:Այլ է բանաստեղծի խնդիրը.սահմանափակ ձևի ու սակավաթիվ բառերի օգնությամբ լսարանին փոխանցել միտքը,զգացմունքը կամ հույզը:Համեմատությունների ու ածականների դերն այստեղ անփոխարինելի է:Արի ու տես,որ հայկական դարավոր պոեզիան (մյուս ազգային պոեզիաները նույնպես) արդեն օգտագործել է հնարավոր իմաստալից ածականային ու մակդիրային բառակապակցությունների գրեթե բոլոր տարբերակները:Շատ դժվար է նոր ձևով որևէ բան ասել:Իսկ նոր բան ասելը՝անհնար է: Եգիպտոսում քարակտորին փորագրված առաջին սիրային նամակից սկսած ու մինչ այս պահին ստեղծվող քառատողը ինչ էլ որ գրենք,նույնն ենք ասելու.«Սիրելիս,կարոտել եմ,շուտ արա,եկ',սպասում եմ քեզ»:Համաձայն չե՞ք...

Արևածագ
04.02.2010, 22:26
Չգիտեմ ինչպե՞ս են անձնապես շնորհակալություններ գրում:Բոլոր նրանց,ում շնորհիվ վարկանիշիս թվերն ավելանում են՝շնորհակալություն:

Ուլուանա
04.02.2010, 22:29
Սիրելի Ուլուանա:Շնորհակալ եմ գրառման համար:Ահա ինչ եմ ուզում ասել.Ողջ աշխարհում հետաքրքրությամբ կարդացվում են երկար պատմությունները:Ընթերցողն ուզում է «Հազար ու մի գիշերվա» տարբերակները՝վիպակի կամ վեպի տեսքով:Արձակ գրողի հնարավորություններն անհամեմատ մեծ են՝սյուժեի կառուցվածքի ու հետաքրքրաշարժ տեսարանների միջոցով ընթերցողին իր հետևից տանելու:Այլ է բանաստեղծի խնդիրը.սահմանափակ ձևի ու սակավաթիվ բառերի օգնությամբ լսարանին փոխանցել միտքը,զգացմունքը կամ հույզը:Համեմատությունների ու ածականների դերն այստեղ անփոխարինելի է:Արի ու տես,որ հայկական դարավոր պոեզիան (մյուս ազգային պոեզիաները նույնպես) արդեն օգտագործել է հնարավոր իմաստալից ածականային ու մակդիրային բառակապակցությունների գրեթե բոլոր տարբերակները:Շատ դժվար է նոր ձևով որևէ բան ասել:Իսկ նոր բան ասելը՝անհնար է: Եգիպտոսում քարակտորին փորագրված առաջին սիրային նամակից սկսած ու մինչ այս պահին ստեղծվող քառատողը ինչ էլ որ գրենք,նույնն ենք ասելու.«Սիրելիս,կարոտել եմ,շուտ արա,եկ',սպասում եմ քեզ»: Համաձայն չե՞ք...
Համաձայն եմ, իհարկե, ու չեմ կարող ժխտել, որ մեր դասականներից շատերն են էդպես գրել, նկատի ունեմ՝ պաճուճազարդ ածականներով ու մակդիրներով։ Ու հնարավոր է, որ ժամանակին ինձ դա դուր է եկել, բայց հիմա զգում եմ, որ ավելի պարզ, բայց միաժամանակ պատկերավոր ու դիպուկ ձևակերպումներն եմ ավելի շատ հավանում։ Դուք էլ համաձայնեք, որ հնարավոր է իսկապես գեղեցիկ, դիպուկ ու պատկերավոր գրել՝ առանց շատ պաճուճանքի։ Ի դեպ, ձեր բանաստեղծությունների մեջ էլ (ենթադրում եմ, որ հեղինակը Դուք եք) կան ավելի պարզ գրվածքներ, որոնք ամենևին չեն տուժել պարզության պատճառով։ :)

Արևածագ
04.02.2010, 23:48
Բանաստեղծությունները դնելիս դիտմամբ հերթագայեցի «պարզն» ու «պաճուճազարդը»:«Պարզերը» վաղ տարիքի գործերն են:Երբ մտքերն էլ են պարզ.բարին՝բարի է,սևը՝սև:Վաղուց արդեն ինձ համար բացարձակ ճշմարտություններ չկան:Այդ պատճառով էլ բանաստեղծություններն էլ «բարդացան»:Համենայն դեպս,հենց Ձեզ նման գրագետ ընթերցողի ուշադրությունն եմ ակնկալում:

Արևածագ
06.02.2010, 18:40
Մութը ծանոթ հյուրի նման
Դռան ճեղքից սահում է ներս,
Մինչ վանում է հոգիս նրան
Ինքս անկամ,համր եմ այնպես:

Մի պայծառ օր,օր արևոտ,
Ես մարեցի պատկերդ թանկ,
Եւ անդարձի խորքում աղոտ
Հուշը թաքցրի շուրթերիդ տաք:

Բայց ո'չ ամառն արևավոր,
Ոչ աշունը ՝սրտակեղեք,
Ինձ չբերին շունչը սիրո,
Վառ չշողաց աստղս երբեք:

Ինչքան օրերն անդառնալի
Հեռացնում են մեզ իրարից
Խեղդվողի պես՝ անհուսալի,
Կախ եմ մնում իմ հուշերից:

Կարոտախտի ցուրտ մորմոքով,
Սիրտս է ողբում քեզ,իմ անգին,
Եւ Աստըծո լույս ու մութով
Ինձ տալիս է փնտրտուքի:


Քո սիրառատ հոգու համար
Չկար հագուրդ ու լիացում,
Հուր բառերով՝ ադամանդյա,
Դյութում էիր ինձ,հիացնում:

Երջանկության վեհ գագաթին
Սերդ օրվա հաց եմ կարծել,
Մինչ այն անեղծ նշխար էր մի,
Որին պետք էր կյանքով պահել:

Չպահեցի:Հաստատ հիմա
Քո անպարփակ սիրովը բաց,
Պարուրել ես քնքուշ նրան,
Ով աշխարհում կինդ դարձավ:

Իմ բազմահոգ օրվա հևքում,
Անունը քո ես չեմ տալիս,
Բայց գիշերվա լուրթ երազում
Միայն դու ես,դու' ես գալիս:

Գիշերվա մեջ հարյուր անգամ,
Թե երազներն ինձ այցելեն,
Հարյուրում էլ դու ես,իմ լավ,
Ու չես թողնում քիչ ամոքվել:

Մինչ կարոտով իմ անվախճան
Ես վառվում եմ՝անբոց այսպես,
Մութը սովոր տիրոջ նման
Դռան ճեղքից լցվել է ներս:

Արևածագ
08.02.2010, 10:10
. . .

Ինչպես եմ միշտ տենչացել
Կտրել վիհերն արգելքի՝
Երազներդ ծրարել,
Քոնը լինել,քեզ սիրել.
Սիրո գինով միշտ հարբած,
Քո ծնկներին,նվաղած՝
Դառնալ կրակ,արյան կանչ:
Գալ ինչպես հյուր մի սպասված,
Քո շուրթերին ծարաված
Դառնալ առվի խենթ կարկաչ.
Քո ծնկներին,քո շուրթերին,
Ի'մ աստված:


. . .
Միայն այսօր եմ լիովին քեզ հասկացել.
Ամեն բառդ գորովագութ սիրով շնչում,
Մի մեղմանուշ կարոտով է հոգիս լցնում:
Իմ գտնված,ո'չ,իմ կյանքում քեզ չեմ փնտրել...
Կանցնեն օրերն արծաթահունչ սարսուռներով,
Որ մեր սիրուց քանի անգամ կարճացել են,
Նորոգ սիրով գիրկդ կգամ,ու կասեմ,որ
Իզու'ր,իզուր ենք մենք այսքան տանջվել.
Ների'ր,հոգիս,ներիր խենթիս-կասկածել եմ...
1989

Արևածագ
09.02.2010, 12:22
Որոշեցի էս «որբերին» էլ բերել այս թեմա:

Քո լռության դեմ անզոր եմ,տկար,
Քո լռության դեմ տապալված ծառ եմ-
Արմատներն օդում չանչեր են փռված՝
Մահվան գերանդուն մերկ ու դեմուդեմ:

Սոսկ հալածական,անտերունչ,նվաստ
Եւ կամ մուրացիկ՝ ժամի դռան մոտ:
Տխրության ցավն իր ճիրանով հաստատ
Ճմլում է սիրտս՝ քնքշանքի կարոտ:

Երազներն անգամ էլ չեն երազվում:
Մի ճամփա կա ինձ փակուղուց անել-
Քաղցած գայլի պես աստղ-ատամներով
Երկինքը վրաս երախն է բացել...

. . .

Ուզում ես գրեմ,ինչպե՞ս եմ սիրում-
Պատկերացրու,թե ճերմակ անկողնում
Պառկես անվրդով,
Ու քո մարմնի շուրջ
Խլրտան կանայք...

Մի սեւահոն սիրուն՝տամուկ հայացքով,
Շուրթերիդ վրա կոկոններ շարի,
Այտերիդ ՝զգույշ,իր թավշե լեզվով
Կրքերի Երկրի քարտեզը գծի:
Ու ականջդ ի վար
Շշնջա բառեր՝
Տաքուկ,անպարկեշտ,
Այնքան ցանկալի...

Ու քո ձեռքերը հեզությամբ շոյեն
Զույգ նիմֆետկաներ՝
Դեռահաս կանայք:
Անմեղ մատների,ծոփ-ծով մազերի
Հմայքը ցողեն թեւերիդ խելառ...

Որ շոկոլադե մի խափշիկուհի
Իր մուգ ափերիվ ազդրերդ գրկի:
Կարմիր շրթներկի օղակների մեջ,
Հնազանդ տրված քեզ այսպես լափող
Քնքուշ տարերքին,
Ինքդ էլ չիմանաս՝որտե՞ղ է հոգիդ...

Մոխրե մազերով մի հասուն տիկին՝
Աչքատակերի նուրբ սարդոստայնով,
Մաշկից թափանցող
Երակների մեղմ ելեւէջով՝
Հենվի ոտքերիդ:Ծնկներիդ հոգնած
Արդեն թոռոմող այտերով հպվի...

Անկամ հանձնված իրարից տարբեր
Այս բազում կանանց
Թովչանքին առատ,մատներին կախարդ,
Սլացքի-անկման
Մութ սահմանագծին-

Իմ սուրբ Սիրելի',
Հոգուս ուժը վառ
Թե ես բաժանեմ այդ բոլոր կանանց,
Որ ինքնամոռաց
Քեզ սիրեն,տրվեն,
Հայացքիդ ներսում կրակներ պեծ-պեծ,
Ու քո ժայռերից աղբյուրներ հանեն,
Հոգիդ օրորեն վայելքի ծովում՝
Թե ես բաժանեմ՝ անփույթ,լիուլի-
Իմ Սիրո Ուժը
Էլի չի' հատնի...

. . .
Հանճարեղ գրքի տողերում անգամ,
Թախծալուր երգի ելեւէջներում,
Երբ որ լռում եմ,կամ աշխույժ զրուցում,
Երբ հանկարծ հատու մի զանգ է հնչում,
Ուշացած հյուրը թակում է դուռս,
Հուշերի մոխիրն այրում է բուռս,
Ամեն մի երթում,ամեն մի կանչում,
Աշնանը՝ մեկնող երամների հետ,
Գարունն սկսող ձնհալքի պահին,
Ու,մանավանդ,երբ արեւն է կիզում,
Իրիկնամուտին գինի եմ խմում,
Արբեցման ժամին ինքնամոռացման,
Անվերջանալի սթափության դարում,
Խելագար հոգիս մարդու չի սպասում-
Սոսկ նրա գրած... կարճ սմս-ին:
2009

Արևածագ
10.02.2010, 19:22
Լուսնյակ գիշերվա ցուրտ մենության մեջ
Փեղկված է հոգիս և անօթևան,
Ու արյունածոր օրերում անվերջ
Չկա իր համար հուսո հանգրվան:

Դու միշտ տիրասեր անտարբերություն,
Անզոր եմ արդեն քո առաջն առնել.
Արդեն իմ հերթն է եկել աշխարհում
Ասելու՝«իմ յարն ինձնից ա սառել»:

Ժամանակը իր քմայքով կամկար
Փոշով կծածկի ամեն հուշ ու իղձ.
Այսպես խենթ-խելառ սիրելու համար,
Ես ինձ չեմ ներում,ո'չ,ատում եմ ինձ:
1990

Արևածագ
11.02.2010, 22:25
Սիրիր ինձ երկյուղածությամբ զգույշ,
Շոյիր այտերս թեթև
Փետուրի փափկությամբ:
Առ քրտնած ափերս ափերիդ մեջ,
Մի թող թպրտամ:
Ու խելակորույս իմ սիրո դեղից,
Ըմպիր շուրթերիս
Մեղկ թացությունը:
Գգվիր մարմինս,հպվիր նրբորեն,
Ինչպես հնագետն իր
Պեղած անոթին:
Քանզի մաշկ չունեմ:
Վերցրու ինձ այնպես,
Որ հալվեմ,տարածվեմ քո մեջ.
Ես անէանամ,բայց հազար տարով
Ջահելացնեմ քեզ:

Արևածագ
12.02.2010, 10:22
Որբ լուսնի նման դեգերումների կելնեմ ես մի օր,
Հագուստ դարձնելով հնամենի ու լուսավառ սերս՝
Առ այս աշխարհի քաղցած շները,գողերը բոլոր՝
Թողած գորշ երկրին ամոթխածության ճերմակ շորերս:

Հենց ծնված օրից անվախճան սիրո,հավատի գերի,
Ուրախսիրտ կերթամ քաղցի մահահոտ օդը շնչելու.
Ես՝հանցապարտս ու մեղավորս արար աշխարհի,
Ու դատաստանից ապաշխարությունն ինձ չի փրկելու:

Արևածագ
14.02.2010, 17:57
Անուշ սերը,անսուտ սերը,
Մեղքի համը քիչ դառնավուն,
Չհագեցած ծարավն անափ,
Չտեսնված,անդնդախոր,
Ծովի փրփուր քնքշությունը,
Քո հայացքը՝տոթ ու տարփոտ,
Համբույրներիդ կնիքը վառ,
Ու մատներիդ սրթսրթացնող,
Մեղմախորհուրդ դողդոջումը
Մաշկիս վրա-
Գերում են ինձ,էրում են ինձ:
Լափլիզում են հոգիս անճար
Խոստումներիդ հրդեհները
Ու բաժանման սառույցը չոր:

Քո կարոտից վառվում եմ ես,
Մեռնում եմ ես:

Արևածագ
16.02.2010, 09:45
Չարենցական

....Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն-մահու՜ կսկիծ:-
Ե.Չարենց«Նավզիկե»


Կարոտներում իմ նուրբ ու հույսերում բոսոր,
Ամեն երեր քայլում, թպրտոցում սրտի,
Թրթռացող շուրթիս, անգամ գլխացավում՝
Իմ ուզածը դու ես, որպես անհաս ոգի:

Գահավիժած անդունդները հսկա,
Քո դեմ բացված՝ որպես անմեղ ընծա,
Իմ ծերացող մարմնին հայացք նետած՝
Անտարբեր ես , ինչպես քարե արձան:

Ծովի փրփուր ալիք՝ քո ոտքերի ներքո,
Փշուր-փշուր եղած՝ առանց դարձի հույսի,
Կկորչեմ քո անհաղորդ հոգու անապատում՝
Անվերադարձ մարած հետքը սիրո լույսի:

Վեհությունից քո սեգ ու քո ներսից բխող
Բարությունը անհատ, որ ցրվում ես շռայլ,
Ծանոթներիդ անթիվ, մանուկներին բոլոր,
Օտարներին անգամ բաշխում ես դու բուռ-բուռ՝

Ինչու՞ իմ դեմ դու ժլատ ես այդքան,
Որ փակվում ես իսկույն քո անթափանց խեցում,
Ու բառերդ հատ-հատ՝ հազիվ շուրթից պոկված,
Այն էլ շուրթից պոկված ու ո'չ սրտից:

Տարիների հեռվից և օրերում դատարկ,
Քո անունը միայն կյանքիս իմաստ դարձրած,
Անպատասխան սիրո դառնություն եմ խմում,
Վայելքների՝ չապրած, անցած ջահելության:

Երբ թվացել է,թե պիտի բուժվեմ հանկարծ,
Ու պիտ ճախրեմ , ինչպես անպարագիծ հոգի՝
Արքայաբար, արծվի նման թևատարած,
Քեզնից հեռու՝ ազատությամբ մի վայրենի-

Յուրաքանչյուր անգամ, առանց մի մեծ ջանքի,
Գայթակղության անսուտ թույնով գերել ես ինձ՝
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Պարգևելով միայն մահվան կսկիծ...

Արևածագ
19.02.2010, 09:37
Ծովափին

Օրրում են տաքուկ ջրերը
Ճամփեքից հոգնած ոտքերս:
Փորձված ձկան պես,
Այդպես էլ կուլ տալ չեմ համարձակվում
Հետդ ապրելու
Խայծը գայթակղիչ...

Արևածագ
19.02.2010, 10:07
Իմ սկիզբն՝ աստղերից, իմ երթն՝ անվախճան,
Ժամանակը ծեր նժույգս է հավատարիմ.
Երկիրն՝ ինձ հայրական տուն, անկողին և օրրան,
Վաղուց մաշված կոշիկներիս՝ դարերի փոշին:

Արևածագ
23.02.2010, 23:50
Հայերենին
Դարերի խորքում ամենից առաջ դու երգ ես եղել,
Հնչուն մեղեդի,ու քեզ երգել են արտ սերմանելիս,
Կռիվ գնալիս,օրորոցի մոտ ,կամ տուն շինելիս.
Սուրբ մատյաններից ու լուռ քարերից սիրով ես պեղվել:

Դու՝հուզառատ երգ,ու ամբարել ես խնամքով քո մեջ
Աղոթքները մոր իր պանդուխտ որդու սև բախտի համար,
Հառաչանքները խոցոտված հոգու՝երկնքին մթար,
Եւ գալիք օրվա հույսի ապավեն կրակներն անշեջ:

Կուտակել ես դու բառով չձևվող կարոտը անափ,
Եւ «էրվող» ջանի կրակն է ելել ու այրել հոգիդ,
Ձյուն է տեղացել ամառվա կեսին անգդակ գլխիդ,
Մաքառումներն են տվել հույսի շող,նաև՝ցավ,տագնապ:

Քառուղիներում մահվան ստվերը հանդիպել է քեզ,
Սակայն քո ճամփան նրա ուղու հետ նույնը չի եղել.
Որովհետև մենք Կյանքը աշխարհում շատ,շա'տ ենք սիրել,
Ու մեզ չդյութեց օտար երկնքի տեսիլքը բեհեզ:

Դարերի խորքում ամենից առաջ դու երգ ես եղել...
1988

Արևածագ
28.02.2010, 11:18
Ինչպես խեղդվողն անհուսորեն
Իրեն հանձնի խոլ տարերքին՝
Հիասթափված ու ջախջախվխծ,
Երազն անգամ մարդուն լքի-
Վաղուց արդեն հենց այդպես եմ
Տարիներիս բուրգը շարում...
Կարոտախեղդ, ո'չ, չեմ ապրում.
Մինչեւ Վերջը... համբերում եմ...
2006

Արևածագ
03.03.2010, 11:34
Այս կյանքի վերջում ես պիտի ասեմ,
Որ ապրեցի իմ սերերից բաժան:
Չպատմեցի լսարանում ջահել երեխեքին,
Թե որտեղ փնտրեն գրականության հմայքը,
Ու ի՞նչ չի գրվում տողամիջերում:
Անգլիայի թագուհին ինձ հանդերձ չպատվիրեց,
Ու ոչ էլ գլխարկ, կամ գոնե կոշիկ:
Ես չեմ նկարել և ոչ մի կտավ,
Որ Եւրոպական հայտնի աճուրդից
Մի օր վաճառվեր...
Ու բոլորովին գլուխ չեմ հանում
Ես դաշնամուրից-
Երբ կարող էի խորալներ գրել:
Ազգային ժողովն իմ դեմ փակ մնաց,
Ու փաստաբանի ձայն էլ չստացա:
Այգի չեմ հիմնել, աղբյուր չեմ սարքել,
Կամուրջ չեմ գցել, տուն էլ չունեցա:
Հեռուստատեսությամբ ինձ ցույց չեն տվել.
Մարմնամարզության մրցաշարերին
Չեմ էլ մասնակցել:
Ակադեմիայում իմ մասին ոչ ոք չի լսել:
Ինքնաթիռի կամ սուզանավի ղեկը
Պետությունները ինձ չեն վստահել:
Լքեցի նրան, ով սիրում էր ինձ,
Չսիրողներին չիմացա թողնել...
Իմ հայրենիքում անգամ չապրեցի...

Ու հսկայական այս կյանքի փորձը,
Որ ոչ մի թերթում երբեք չի գրվի,
Երբ որ հեռանամ, սա պիտի թողնեմ
Իմ սերունդներին...
2007

Արևածագ
15.03.2010, 13:14
«Ավատարն» ու «Ալիսան հրաշքների աշխարհում» նայելուց հետո

Հոգեորսություն

Ինտերնետի
Ուղեղը լափող,
Ժամեժամ աճող գայթակղությունների,
Ու կինոների
3Դ դարում,
Երբ թվում է,թե
Սավառնում ես՝ հրեշներին հեծած,
Եւ այլաշխարհային ճիվաղների դեմ,
Հերոսի տեղակ,
Ամենակարող սուրդ ես ճոճում,
Իսկ երաժշտության ալիքները խոլ
Քեզ խորտակում են,
Կամ հիշողության ամպում թաթախում,
Լուրերն ամեն օր
Վաղվա կործանման
Գույժն են տարփողում,
Պայծառատեսներն ու
Մեքենաները
Հաշվել են հաստատ
Երկնաքարի հետ ժամը հանդիպման,
Վազքի սանձարձակ, խելահեղ պահին-

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ
Նիրհող բառերից տողեր են կցում,
Ու դեռ փորձում են
Բառերի խղճուկ օղապարանով
Հոգիներ որսալ...

Արևածագ
07.04.2010, 11:29
Գարունը կամաց մեր տունն է մտնում,
Օրս լցնում է բյուր երանգներով.
-Ինչու՞ եմ ես քեզ այսքան կարոտում,
Երբ կապված ես ինձ հազար թելերով:

Նոր բուրումներով, սարսուռներով՝ հին,
Հողը նետել է պատանքը ճերմակ.
Անհուն սիրով է շնչում իմ հոգին,
Քո համբույրների հիշողությամբ թանկ:

Անձրևը երգով՝ պարզ, ախորժալուր,
Հավերժություն է օրվան պարգևում.
Լցվում է հոգիս մեկ- մեկ տագնապով,
Ու քեզ կորցնելուց շա'տ եմ վախենում:
1989

Արևածագ
19.04.2010, 18:30
Առաջինը, որ դիմավորեց Մարոյին «Դուշանբե- Աստրախան» ընդհանուր վագոնի նեղլիկ միջանցքում, տղամարդկային անլվա մարմինների սրտխառնուք առաջացնող ծանր հոտն էր:
-Քեզ տեղն է,- շրջվելով նետեց ամուսինն ու իրերի պայուսակը առջևում պահած, նստարանների համարները հերթով կարդալով, շարժվեց դեպի միջանցքի խորքը: Մարոն լուռումունջ հետևեց ամուսնուն, նրան՝ յոթնամյա աղջիկը ՝զոլավոր խաղալիք - վագրը գրկին, իսկ ընտանեկան «շքերթը» եզրափակում էր որդին՝ տասնհինգ –տասնվեց տարեկան բարետես մի պատանի: Գտան իրենց համարները, ամուսինը ծանր պայուսակները տեղավորեց նստարանի տակ ու, հոգոց հանելով, նստեց մի երկու րոպեով: Կինն ու երեխաներն էլ նստեցին դիմացը:
- Ախր ինչու՞ քեզ լսեցի, հիմա ո՞նց եք գնալու այս գարշահոտի մեջ: Երեխաները մեղք չե՞ն...
- Ի՞նչ իմանայի, որ այս վիճակն է լինելու,- ժպտալով արդարացավ Մարոն: - Համ էլ, մահացու չի, պատերազմի տարիներին մարդիկ բեռնատար վագոններով են ուղևորվել, ռմբակոծությունների տակ: Իսկ մենք ի՞նչ է, զուտ մի քիչ «բուրավետ» շրջապատում մի գիշեր չե՞նք դիմանալու...
- Միևնույնն է, անուղղելի ես,- եզրափակեց տղամարդը, վեր կացավ, համբուրեց կնոջն ու երեխաներին և, «տեղ հասնելուն պես՝ կզանգեք» ասելով, դուրս եկավ վագոնից:
Մարոն միջահասակ, հաճելի դիմագծերով միջին տարիքի կին էր: Խնամքով հարդարած մազերի մեջ ուշադիր աչքը կնկատեր մի քանի սպիտակաթել, աչքատակերին սկսել էին ուրվագծվել հազիվ նկատելի կնճիռների սարդոստայնները: Նրա շարժումներում, ձայնի մեջ մի դշխոյական հանգստություն, սառնասրտություն կար, որ ստիպում էր օտարներին , երբեմն ծանոթներին էլ, հետը զրուցելիս պատկառելի հեռավորություն պահել: Ավելի շուտ, նա իր շուրջը գծում էր մի աներևույթ պատ, ու այդ պատը որևէ մեկը չէր համարձակվում անցնել, մինչև ինքը «ներս» չհրավիրեր:
-Կարինե'ս, անցիր, նստիր լուսամուտի կողքին, որ հիմա իրերը հանելուց իրար չխանգարենք:
Աղջնակը հնազազանդվեց մորը: Մարոն պայուսակից ջրի շիշն ու բաժակները հանեց, դրեց սեղանիկին, անձեռոցիկների տուփն էլ՝ դրանց կողքին, ու դեռ պայուսակն էր փորփրում, երբ գնացքը շարժվեց: Լուսամուտից ձեռքով արեց կառամատույցում կանգնած ամուսնուն:
Նա մի երկու շաբաթից պիտի տուն վերադառնար: Գործերը պիտի հանձներ ու վերադառնար, որովհետև Մարոն այդպես էր որոշել: Այն մի քանի օրը, որ ապրեցին իր հետ՝ ծառայողական բնակարանում, ու տեսան, ինչպիսի՞ գին է վճարվում իրենց համեմատաբար անփույթ կյանքի համար, երբ այլևս պետք չէր դրամապանակի յուրաքանչյուր կոպեկը հաշվել՝ ծախսելուց առաջ, երբ Մարոն տեսավ, որ դրա վճարը ամուսնու անքուն գիշերներն են, անկողնու մեջ շուռումուռ գալն ու խուլ տնքոցները, որոշեց. իրենց պետք չի նման թանկ «անփութությունը»: Ամուսինն էլ շատ չհակաճառեց: Մի տարվա ընթացքում, որ աշխատում էր ղազախական այդ կանաչազուրկ, կավոտ քաղաքում, գրեթե լիովին ուժասպառ էր եղել: Հոգեբանորեն: Ենթակաները տեղացիներ էին առանց բացառության, իրենց մասնագիտական պարտականություններին գլխովին անտեղյակ, իսկ պատվիրատուներին դա չի հետաքրքրում: Փողը տվել են, ժամկետները նշված են, հասցրու ո՞նց ուզում ես: Ջհանդամը թե աշխղեկդ եռանիշ թվերը իրար գումարել չի կարողանում, ու նրան ուրիշ մեկով չես կարող փոխարինել: Այդ «մեկը» չկա': Ու այդ պատճառով աշխատել էր բոլորի տեղակ ու բոլորի փոխարեն: Մինչև այն օրը, երբ Մարոն որոշեց հյուր գնալ ամուսնուն:
Գալիս է մի պահ, երբ կինը ահռելի, նույնիսկ մայրկան պատասխանատվություն է զգում ամուսնու հանդեպ: Անկախ նրանից՝ պահպանվե՞լ են նախնական սիրահարվածության նշույլները, թե՝ ոչ, ու երիտասարդության դրոշը՝ «սեքս-սեքս մինչև վերջ» դեռ ծածանվում է, թե՞ պարտված պետության անպետք խորհրդանիշի նման մի նկուղ է նետված: Երբեմն, տոն օրերին հանում են, փոշուց թափ տալիս, որ մի անգամ էլ գլխիկոր անցկացնեն գերագույն-գլխավոր հարամանատարության առջևից ու ելի ետ՝ նկուղը նետեն:
Կնոջ «մայրական» սերը այդ դրոշներով պայմանավորված չի: Չէ՞ որ մայրն էլ չի դադարում սիրել երեխային սոսկ այն պատճառով, որ, աստված չանի, նա վատ քայլ է արել, ծխում է, հարբեցող է, հիվանդ, կամ հայհոյել է իրեն:Ասենք, մայրը հոգու խորքում անընդհատ է սիրում զավակին՝ կբարձրաձայնի՞ այդ մասին, թե՝ ոչ:
Ու գալիս է ժամը, երբ կինը հասկանում է, որ ամուսնուն էլ սիրում է երեխաների նման և ներողամիտ է իր հանդեպ, պատասխանատու՝ կյանքի համար:
Ամուսնու հետ անցկացրած մի շաբաթը Մարոյին համոզել էին, որ ստորություն կլինի, եթե չարգելի ամուսնուն աշխատել տնից այդքան հեռու՝ կավի ու նավթի քամոտ քաղաքում:
Նավթը... դիվական հմայք ունի, ամենաթանկարժեք օծանելիքներից առավել սքանչելի բույր: Իրենց բախտավոր ամերիկաները թողած, ամերիկացիներն էլ եկել են, անապատի մեջտեղում, ամեն տեսակ քաղաքակրթությունից, օսկարներից ու հոլիվուդներից հեռու, բայց ամենակարևորը՝ նավթին մոտ իրենց փակ ավանն են սարքել: « Իսկ մեզ պետք չի» ,- հաստատ եզրակացրել էր Մարոն ու ամուսնուն էլ համոզել: Հիմա էլ ընդհանուր վագոնում են վերադառնում, որովհետև խնայել է հարկավոր. Դեռ պարզ չի՝ նոր աշխատանք կճարի՞ ամուսինը, կամ էլ ե՞րբ կճարի:

Շարունակելի:

Արևածագ
22.04.2010, 10:13
Բեղավոր ուղեկցորդը, սպիտակեղենի փաթեթները թևի տակ, մոտեցավ Մարոյին ու արտահայտված կովկասյան առոգանությամբ հարցրեց.
- Քանի՞ հոգով էիք, ա՜, երե՞ք, դե վերցրեք, եթե մի բան պետք լինի, ինձ իմաց կանեք:
Մարոն սկսեց փռել սպիտակեղենը, որդուն ասաց , որ վերի դարակից բարձերն ու ներքնակներն իջեցնի: Երբ երեքի տեղերն էլ պատրաստ էին, նստեց ու նոր սկսեց շուրջբոլորն ուսումնասիրել:
Վագոնը լեփ-լեցուն էր տաջիկ երիտասարդնեով, թեև միջանցքին զուգահեռ նստարանին ալեխառն մազերով հասուն տարիքի տղամարդ էր նստած: Մի պահ Մարոն նկատեց, թե ինչպես վագոնի այս ու այն կողմից իրեն են կառչել բազմաթիվ զննող հայացքներ, ակամայից շիկնեց: Քաշեց ծածկոցը, փռեց կաթնագույն ծնկներին: Հագինը անթև շրջազգեստ էր, շատ հարմար վագոնի տոթին դիմանալու, բայց փեշերը դավաճանում էին՝ ծնկները բացելով: Իսկ վեց- յոթ զույգ քննախույզ հայացք, որ կարգին հոգնել էին ճանապարհին իրար նայելու անելանելիությունից, հիմա աշխուժորեն ու անպատկառ ուղղված էին Մարոյին ու նրա ծնկներին: «Աստվա'ծ իմ...» նեղվում էր կինը, որովհետև կռահում էր, թե մտքներում այդ ջրակալած աչքերով տղամարդիկ ինչպես են մերկացնում իրեն: Իսկ ինքը պահվելու տեղ չուներ: Շրջվեց դեպի աղջիկը, ջուր լցրեց շշից, խմեցին ու կամաց զրուցում էին:
Գնացքի անիվների ռիթմիկ չխկչխկոցը, լուսամուտից այն կողմ թանձրացող մութը անհաղթահարելի նիրհ էին լցրել ուղևորների վրա, երբ սրան- նրան բոթելով, միջանցքում հայտնվեց մի մոլլա: Նա արագ- արագ ետ ու առաջ էր քայլում, կարծես ինչ որ բան որոնելիս լիներ: Իրենց լեզվով դիմեց տաջիկներին, որից Մարոն ոչ մի բան չհասկացավ: Տաջիկներն էլ չհասկացան երևի, որովհետև ոչ ոք չարձագանքեց: Մոլլան գնաց միջանցքի ծայրն ու վերադարձավ ուղեկցորդի հետ: Ուղեկցորդը մոտեցավ, դիմեց ալեխառն մազերով տղամարդուն, նա տեղից ելավ ու նստեց Մարոյի դիմացի նստարանի ծայրին, որտեղ աղջիկը պիտի պառկեր: Իսկ մոլլան շորերի չգիտես որ ծալքից մի կանաչ կարպետ հանեց, փռեց նստարանին, գլուխն ու ծնկները վրան դնելով, սկսեց երեկոյան նամազը:
-Տեսնես հիմա Աստրախանում էլ այսպիսի շո՞գ է,- տանելի ռուսերենով Մարոյին դիմեց տղամարդը:
- Չգիտեմ, մի տաս օր առաջ, երբ մենք այդտեղով անցնում էինք ,անձրև էր գալիս ու մարդիկ բաճկոններով էին շրջում:
- Գոնե հարմար եղանակ լինե՜ր,- թաքուն հույսով արտաբերեց ու շարունակեց,- անունս Աբայ է, լավ չի լինի, եթե անձրևները հաճախակի լինեն:
- Ինչու՞,- հետաքրքրվեց Մարոն,- աշխատելու՞ եք գնում երևի:
- Բա էլ ու՞ր պիտի գնանք, աշխատելու', սրանք բոլորն էլ համագյուղացիներս են: Դե ջահելների մի մասը Պիտեր պիտի հասնեն, իսկ մենք ,տասը հոգով, Աստրախանում, սոխի դաշտերում ենք աշխատելու: Ես դրանից ել եմ գոհ: Սեզոնին ամսական վեց- յոթ հազար փող ենք ստանում, էդպես է դուրս գալիս: Եթե չխաբեն ու տան: Աշնանը, սոխի բերքը հանձնելուց հետո, փողերն ստանում ենք, գնում մեր տները, մինչև հաջորդ գարուն...
-Ու դա հերիքու՞մ է, որ ընտանիքով յոլա գնաք:
-Դե տնեցիներս էլ պարապ չեն նստում,խաղողի այգի ունենք, մի քանի ոչխար: Չնայած այս ձմեռը շատ ցուրտ դուրս եկավ, վառելիքի ձեռքից խեղճացանք, գարունն ուշ բացվեց: Խաղողի վազերն ամբողջությամբ ցրտահարվեցին...
-Դժվար է...պատկերացնում եմ,- անկեղծ տխրությամբ արձագանքեց Մարոն:- Իսկ հացի խնդիրն ինչպե՞ս էիք լուծում:
-Օ՜, էդ ամենադժվարն է, ալյուրը քիչ էր, սառնամանիք էր, ճամփեքն էին փակ: Մի պարկ ալյուրը մոտ երկու հարյուր դոլար արժեր...
Մոլլան ավարտեց նամազը, չգիտես որտեղից ցելոֆոնե մի տոպրակ բերեց, միջից հանեց «բիգ լանչն» ու գնաց վագոնի սկզբի ինքնաեռից եռման ջուր լցնելու: Վայրկենապես տաք կերակուրի ախորժաբեր բուրմունքը ծավալվեց վագոնով մեկ: Մարոն նկատեց, թե ինչպես տասնյակ քաղցած հայացքներ դժկամությամբ «փախան» մոլլայից ու իր ճաշի ամանից:
Մոլլան, առանց որևէ մեկին ուշադրություն դարձնելու, մի քանի րոպեում չփչփացնելով խփշտեց կերակուրը, հետո գնաց, մի բաժակ էլ թեյ բերեց ու, պարկից հանած թխվածքաբլիթներով, պարպեց կարասանման փորը:
Մարոն դարձավ երեխաներին.
-Ուտել ուզու՞մ եք:
Երեխաները հրաժարվեցին, երեք ժամ չկար, ինչ ընթրել էին ու դուրս եկել:
Ճաշկերույթի ավարտին մոլլան մի բանան հանեց, կճպեց , պարբերաբար կրծելով, հավաքեց ճաշի պարագանաներն ու մնացորդները տոպրակի մեջ, Մարոյի զրուցակցին ասաց, որ կարող է վերադառնալ տեղն ու... չքացավ այնտեղ, որտեղից եկել էր:
Աբայը մի քիչ էլ պատմեց՝ Ռուսաստանի ո՞ր քաղաքներում է աշխատելիս եղել, ասաց՝ պսակելու աղջիկ ունի,նրա օժիտի համար լավ կլիներ, որ այս տարի մի քանի կոպեկ ավելի խնայեր... Հետո ծանրությամբ վեր կացավ, նստեց իր տեղը:
Կարինեն թնկթնկաց, թե՝ քունը տանում է, տղան էլ վաղուց տեղավորվել էր վերևում, Մարոն կես ժամի չափ լուսամուտի կողքով սուրացող լույսերը համրելուց հետո, որոշեց ինքն էլ պառկել:


Շարունակելի:

Արևածագ
25.04.2010, 20:42
Հպարտության ժամը

Բարձրաձայն խոսակցությունից Մարոն բացեց աչքերն ու հայացքը գցեց լուսամուտին. «Այդպես էլ կա, լույսը բացվում է» : Վագոնում անսովոր իրարանցում էր. Միջահասակ, սպորտային հագուստով մեկը բոթում էր քնածներին ու պահանջում, որ իրեն տան անձնագրերը: «Հասկանալի է, մոտենում ենք սահմանին»,- ոչ առանց թեթևության մտածեց Մարոն: «Սահմանի վրա մի երկու ժամ, դրանից հետո՝ երեք ժամ էլ ու ...Աստրախանում կլինենք: Ճանապարհի մեծ մասն անցել ենք...»
Անսպասելիորեն տեսավ, որ երեկվա զրուցակիցն այդպես էլ նստած էր անցկացրել գիշերը, գլուխը միջնորմի երկաթներին հենած՝ նիրհում էր: «Այ քեզ բան,- զարմացավ կինը,- այս խեղճ մարդն ինչու՞ չի պառկել, չէ՞ որ տեղն իրենն է, ինքն էլ բոլորի նման տոմսի համար վճարել է, ինչու՞ է իրեն տանջել...»: Հետո, զննելով ննջող տղամարդուն, Մարոն նկատեց, որ նրա ոտքերին ձմեռային երկարաճիտ կոշիկներ էին: Մայիսի կեսին ձմեռային կոշիկներ: « Երևի գուլպա չկա ոտքերին, այդ պատճառով էլ ամաչել է հանել կոշիկներն ու պառկել»,- եզրակացրեց Մարոն ու ավելի խղճաց կիսաքուն Աբային:
Պարզվեց՝ անձնագրերը հավաքողը «խմբի» բրիգադիրն է: Փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելուց հետո նույն աղմուկով, ինչպես որ հավաքել էր, բաժանեց անձնագրերն ու հայտնեց, թե արդեն սահմանին են ու հիմա սահմանապահներն ու մաքսավորները խուզարկելու են վագոնը:
Երեխաներն արթնացել էին, աղջիկը, աչքերը բացելուն պես, նստեց տեղում ու ջուր խնդրեց: Մայրը ջուր տվեց աղջկան, որդին էլ վերից պարզեց ձեռքն ու վերցրեց իր բաժակը: Մարոն երեխաներին ասաց.
-Երբ ստուգումները վերջանան, կնախաճաշենք:
Վագոնն սկսեցին չափչփել կապույտ ու դարչնագույն համազգեստավոր տղամարդիկ, մի քանիսի կողքից ատրճանակ էր կախված: Փոքր , շագանակագույն շուն էլ, երկարուկ դունչը բարձր բռնած, վազվզում էր վագոնի միջանցքում , հոտոտում ամեն ծակուծուկը:
Կապույտ համազգեստավորներից մեկը Մարոյից պահանջեց փաստաթղթերը , թերթեց ու, նկարները ուղևորների դեմքերին համեմատելով , ետ վերադարձրեց: «Հաջողություն եմ մաղթում» ժպտաց , անցավ հաջորդին:
Դարչնագույն հագածներն իրերն էին ստուգում, ուղևորներին ստիպում էին բացել ճամփորդական պայուսակներն ու մանրակրկիտ զննում դրանք: Մարոն էլ բացեց իրենցը, հսկիչը մոտեցավ , երկու ձեռքով սկսեց հանել խնամքով դասավորած հագուստներն ու սպիտակեղենը:
-Երևի կներես ինձ, որ քրքրում եմ շորերդ,- ժպտալով ասաց սահմանապահը Կարինեին,-գործիս անունը սա է . Պիտի թույլ չտամ, որ այս գնացքով ամեն տեսակ թույն, թմրանյութ բերեն Ռուսաստան:
Փոքրիկը շփոթված նայեց մորն ու ոչինչ չպատասխանեց:
Մարոյենց պայուսակը զննելուց հետո՝ սահմանապահը դարձավ Աբային, կարգադրեց բացել հնամաշ ճամպրուկը: Գույնզգույն լաթեր կային, Մարոն չհասկացավ դրանց իմաստը: Հագուստի նման չէին: Հսկիչն սկսեց ձեռքով այս ու այն կողմ տալ լաթերը, երբ հանկարծ ճամպրուկից մի ափաչափ, կլորիկ բաղարջ ընավ ու գլորվեց Մարոյի ոտքերի մոտ: Մարոն արագ խլեց այն կեղտոտ հատակից, պարզեց Աբային, միայն նկատեց հացի վրայի բորբոսի կանաչ լաքաները: Տղամարդը շնորհակալությամբ վերցրեց բոքոնը, խնամքով փաթաթեց լաթերից մեկի մեջ ու նորից դրեց ճամպրուկը:
Հսկիչներն արդեն անցել էին իրենց նստարանների մոտից: Փղձուկը խեղդում էր Մարոյի կոկորդը: Աբայի երեկվա պատմածները, գիշերվա նստած քնելն ու ուտելու համար արդեն ոչ պիտանի, բայց մասունքի նման պահվող հացը, կարծես աղաղակելով, մեղադրում էին իրեն: Մարոն ինքն էր իրեն մեղադրում: Մեկ էլ այսպիսի զգացողություն եղել էր շատ վաղուց, երբ հայրենի գյուղ էր գնացել անչափ գեղեցիկ ու թանկարժեք շրջազգեստով: Մի անգամ փողոց դուրս եկավ , զգաց իրեն ուղղված, արևների տակ թրծվող նախկին հարևանուհիների խեղճացած հայացքներն ու ինքն իրեն ատեց՝ արարքի համար: Հիմա էլ էր մեղադրում իրեն՝ իր կուշտ կյանքի ու այս անծանոթ մարդու բորբոսնած բաղարջի պատճառով:

Շարունակելի:

Արևածագ
28.04.2010, 09:06
-Մայրիկ, ուտել եմ ուզում,- աղջիկն էր, - թեյ էլ պիտի խմեմ, երեկվանից հաց չեմ կերել:
- Անուշս, թող գնացքը շարժվի, որ կարողանանք լվացվել:
-Ինչու՞, հիմա եմ ուզում, արի հենց հիմա էլ գնանք լվացվելու:
-Հիմա չենք կարող, որովհետև երբ գնացքը կանգնած է, զուգարանների ու լվացարանների դռները փակում են: Կարգն է այդպիսին:
Մարոյի որդին, որ ամբողջ ճանապարհին գրեթե ոչինչ չէր խոսել,նայելով մորն ու քրոջը, կամացուկ հարցրեց.
-Դուք ի՞նչ է, պատրաստվում եք նախաճաշե՞լ...
-Այո, ես երեկվանից թեյ չեմ խմել, թեյ եմ ուզում...,- ոտքերը թափահարելով առույգ պատասխանեց աղջնակը:
-Մի երեք ժամ էլ համբերիր, քեզ ոչինչ չի պատահի,- սաստեց նրան եղբայրը:- Մայրիկ, ասա թող համբերի, ո՞նց պիտի հաց ուտի այսքան մարդու մեջ, երբ նրանցից ոչ մեկը հաց չի կերել:
Մարոն մտովի համաձայն էր որդու ասածներին, բայց առարկեց.
-Քույրդ փոքր է, տղա'ս, իրեն կարելի է:
Գնացքի շչակը հատու սուլոցով կտրեց օդն ու հազարանիվ թրթուրը պոկվեց տեղից:
Մարոն ու աղջիկը լվացվելուց հետո թեյ բերեցին: Նախշուն ամանի մեջ հավի եփած միս էր, տապակած ձկան կտորներ: Մարոն դրեց երկու կտոր աղջկա ափսեն ու, թեյը խառնելով, նորից դարձավ որդուն:
-Տղաս, իջիր վերևից, դու էլ մի կտոր բան կեր...
- Դա անկարելի է,- չոր պատասխանեց որդին:
-Ինչու՞,- Մարոն իրենն էր պնդում,- երեկ այս մարդկանց հոգևոր առաջնորդը՝ մոլլան, ճաշն ուտելիս կողքերը չնայեց: Իսկ դու պիտի քաղցած մնա՞ս...
- Ինձ չի հետաքրքրում, թե մոլլան իրեն ինչպե՞ս պահեց, ես ի'մ սկզբունքներն ունեմ:
Մարոն այլևս չշարունակեց, ինքն էլ վերցրեց մսի մի փոքր, շատ փոքր կտոր, արագ ծամելով կուլ տվեց , մի երկու կում էլ խմեց թեյից, կարծես գողություն անելիս լիներ: Վերցրեց մսի կտորներով լի ամանն ու պարզեց Աբային:
-Վերցրեք,- խնդրեց Մարոն, սակայն տղամարդը հաստատակամ տարուբերեց գլուխն ու շնորհակալություն հայտնելով, հրաժարվեց:
Հավաքեց ուտելիքները, սկսեց աղջկա հետ խաչբառ լրացնել, բայց որդու արարքը խորապես հուզել էր նրան: Մարոն երջանիկ էր: Անցած երկարուձիգ տարիներին, երբ ամենօրյա խստակյաց վարքով սովորեցնում էր երեխաներին ու նրանց հոգին էլ հանում էր իր պահանջներով, հենց ա'յս օրվան էր նրանց պատրաստում: Չարչարանքը իզուր չի անցել: Որդին հաճախ էր ընդվզում՝ ասելով. «Մայրիկ, չեմ հասկանում, ի՞նչ ես ուզում մեզնից քո պահանջկոտ բնավորությամբ»: Յուրաքանչյուր անգամ պատասխանն անփոփոխ էր. «Մարդու կերպարանքով աշխարհ գալը դեռ ոչինչ չի նշանակում: Ուզում եմ , որ ՄԱՐԴ դառնաք, իսկ դրան հասնելու ճամփան դժվար է...Այդ պատճառով ամեն րոպե ո'չ ինձ, ո'չ էլ ձեզ չեմ խնայելու...»:
Հիմա Մարոյի սիրտը անհուն բերկրությամբ ու հպարտությամբ էր լցվում, նա ակամայից սկսեց ժպտալ, աղջկա հետ ծիծաղում էր մանկական ամսագրի պարզունակ նկարների վրա, բայց այդ խինդը իրականում հաղթանակի հրճվանքն էր. Որդու արարքը:
Աստրախանում նորից անձրև էր: Կես օրվա ծանոթները հրժեշտ տվին միմյանց, Մարոն ի սրտե ցանկացավ , որ այս տարի Աբային չխաբեն, որ նա կարենա մի քիչ ավելի խնայել աղջկա օժիտի համար, որ ձմեռը հաց ունենա...Բայց այդ ամենն արդեն կարևոր չէին: Մարոն երջանիկ էր իր հաղթանակով, երջանիկ էր, որ տասնհինգ տարեկան որդին անթույլատրելի համարեց օտար քաղցածների առաջ հաց ուտելը... Ուրիշ էլ ի՞նչ կարող է երազել մայրը, քան այն, երբ տեսնում է, որ Մարդ դաստիարակելու համար ջանքերն իզուր չեն անցել:
Կառամատույցում ցուրտ քամի էր, անձրև, բայց նույնիսկ եղանակը չէր կարող դույզն ինչ փչացնել Մարոյի տրամադրությունը, որը կյանքումը չճաշակած, մի նոր տեսակի հպարտության ու երջանկության խառնուրդն էր:

Արևածագ
03.05.2010, 22:38
-Անտա'ռ,
Քո կյանքը հազար տարվա
Պատմություն ունի:
Գուցե և ավե'լ:
Իսկ ի՞նչ է կյանքն իմ.
Քո ծառից աշնանը պոկված՝
Մի հատիկ տերև:

1996

Արևածագ
11.05.2010, 12:19
Պատուհանիս տակ
Լորենին ծաղկեց...
Իսկ ես այս տարի
Ոչ մեկը չունեմ,
Որ դրա մասին
Իրեն էլ պատմեմ...

2010

Արևածագ
12.05.2010, 22:17
Պատուհանիս տակ
Լորենին ծաղկեց...
Իսկ ես այս տարի
Ոչ մեկը չունեմ,
Որ դրա մասին
Իրեն էլ պատմեմ...

2010

Նույն բանաստեղծության «ընդլայնված» տարբերակը:

Այգաբացին, երբ ցողում կայծկլտող արևի շողն ինձ ողջույնը տվեց,
Ծաղկած բոցերով երկինքը այրող ծերուկ լորենին սիրտս խռովեց:

Սրնթաց վարգով ինձնից հեռացող ջահելության հետ, համր ու աննկատ
Հրաժեշտ եմ տվել սիրելիներիս, և սրտիս դուռը կողպել եմ հաստատ:

Մարդկանց աշխարհում բոլոր խոհերս թարգմանեցի լոկ լռության լեզվով,
Իսկ սրտիս կողպված դռների հետև ամբար կա՝ լեցուն սուտ «ոսկեղենով»:

Էլ ինձ թույլ չեմ տա խաբուսիկ սիրո ոլորաններում անհույս թափառել,
Միայն... ոչ մեկին արդեն չեմ կարող վառվող լորենու հրաշքը պատմել:

2010

Արևածագ
01.06.2010, 22:12
Մի մեղմիկ երեկո, երբ լույսերը նիրհեն,
Ստվերները ծույլիկ պահմտոցի խաղան,
Անփութորեն հանկարծ ինձ էլ չնկատեն,
Լուսնի գծած հետքով` կացարանդ կգամ:

Կարոտներիս անհուն օվկիանները թաղած՝
Առօրյայի ճահճի անմատչելի խորքում,
Կգամ՝ անգո, թեթևաքայլ, երազիցդ հառնած
Մանկան, կամ սեթևեթ կնոջ կերպարանքով:

Երբ մութի մեջ՝ անխոս նստած իրար դիմաց,
Ափդ քնքուշ, լուսնի լույսից դեմքիս քսի,
Ամեն շղարշ ու քող նետած իմ աչքերից՝
Քո հայացքին... տառապանքս պիտի հոսի:

2010

Արևածագ
07.07.2010, 13:35
. . .
Երկնքի մաղձոտ հայացքից այսօր աշունը ծորաց
Սառած գույների ներկապնակով անտառի գորգին:
Սիրտս հոգնության, հիասթափության բեռը շալակած,
Դեռ չի տրվելու նրա դյութական, նուրբ կախարդանքին:

Արևածագ
18.07.2010, 21:21
Ձեռքս հնազանդ
Դաջում էր թղթին
Երազանքների ամենախորին
Խորխորատներում
Պահած հույսերս:
Ու եկավ պահը,
Երբ որ հասկացա՝
Ո՞նց եմ վախենում
Արդեն գրածս
Կամ էլ գրելիք
Ամեն մի տողից:

Արևածագ
21.07.2010, 18:36
Հին արգելքներիս անվերջ շարանին փութաջանորեն ամեն օր մի նոր
Ինքնաձաղկումի, անձնասպանության ու մոռացության հատիկ եմ դնում:

Բայց ըմբոստ սիրտս մեղքի խնձորի բաժինն է ուզում իրեն հասնելիք,
Ձայնս չի խզվի, ձեռքս չի դողա գայթակղության ա'յս անդունդի կողքին:

Հոժար լռությամբ հեզորեն տրված փաղաքշանքներիդ մեղմիկ շիթերին,
Դեռ չեմ հասկանում՝ իմ արգելոցում դիպուկ խփված ո՞րս, թե՞ որսորդ էի:

Թակարդս ընկած քնքուշ գազանիկ, գլուխդ կրծքիս դու հանգիստ ննջիր,
Օձն ինձ հուշել է՝ քեզ հետ պիտ փորձեմ ազատ ճախրանքի հաճույքը վերջին:

Tig
22.07.2010, 08:36
Հին արգելքներիս անվերջ շարանին փութաջանորեն ամեն օր մի նոր
Ինքնաձաղկումի, անձնասպանության ու մոռացության հատիկ եմ դնում:

Բայց ըմբոստ սիրտս մեղքի խնձորի բաժինն է ուզում իրեն հասնելիք,
Ձայնս չի խզվի, ձեռքս չի դողա գայթակղության ա'յս անդունդի կողքին:

Հոժար լռությամբ հեզորեն տրված փաղաքշանքներիդ մեղմիկ շիթերին,
Դեռ չեմ հասկանում՝ իմ արգելոցում դիպուկ խփված ո՞րս, թե՞ որսորդ էի:

Թակարդս ընկած քնքուշ գազանիկ, գլուխդ կրծքիս դու հանգիստ ննջիր,
Օձն ինձ հուշել է՝ քեզ հետ պիտ փորձեմ ազատ ճախրանքի հաճույքը վերջին:

Ռուզաննա ջան, շատ լավն էր՝ հզոր:) Ափսոս չեմ կարող վարկանիշ տալ...
Բանաստեղծության մեջ ընդհանրապես կիրք բառը չկա, բայց ոտից գլուխ կիրքն ես նկարագրել… Համենայն դեպս ես այդպես հասկացա: Ընտիրա ստացվել:

SSS
22.07.2010, 09:24
Ներեցեք, Ռուզաննա Պետրոսյանը հենց ինքն Արևածագն է?

Երվանդ
22.07.2010, 09:48
Չէի կարդացել էս թեման:oy, ընկերներիցս մեկը ասեց որ լավ ա գրում Ռուզաննա Պետրոսյանը էսօր աչքս ընկավ, դուրս գալիս ա, նենց չի որ անդիմադրելի ա:), բայց լավն ա հաստատ, արձակը չկարդացի:oy

---------- Ավելացվել է՝ 10:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 10:48 ----------


Ներեցեք, Ռուզաննա Պետրոսյանը հենց ինքն Արևածագն է?

Փաստորեն:

Արևածագ
22.07.2010, 14:58
Չէի կարդացել էս թեման:oy, ընկերներիցս մեկը ասեց որ լավ ա գրում Ռուզաննա Պետրոսյանը էսօր աչքս ընկավ, դուրս գալիս ա, նենց չի որ անդիմադրելի ա:), բայց լավն ա հաստատ, արձակը չկարդացի:oy

Կարծիքի համար շնորհակալ եմ քեզ էլ, ընկերոջդ էլ::) Նորից համոզվեցի, որ գովազդը ոչ միայն առևտրի, այլև ընթերցողների շարժիչն էլ է... Թե չէ հարյուր տարի էլ մնար, դու այս թեման մտնողը չէիր: Ու ոչ միայն դու::oy

Արևածագ
24.07.2010, 22:24
Մեր ամառն անցավ: Ու լույսի հետքին
Ամսաթվեր են շրջանի մեջ լուռ:
Իսկ ես ունկնդիր օրերի հևքին
Փորձում եմ վանել տագնապ ու սարսուռ:

Բաժանումները թունոտ են, տխուր,
Բայց իմ մեջ թաքուն հույս է ճառագում
Ամռան արևի մի փոքրիկ կտոր,
Որ քո հայացքի կնիքն է կրում:

1990

Արևածագ
25.07.2010, 21:13
Եկել է կյանքում մի պահ հուսահատ.
Կերուխումների ճոխ սեղանից ետ,
Երբ որ գլուխս բարձին եմ դնում,
Հոգիս ոռնում է կարոտով վհատ:

Արդեն քանի օր նորածնի նման,
Քնելուց առաջ՝ խուլ հեկեկոցներ,
Ու զարթնելիս էլ մի կուշտ լալիս եմ,
Մինչև որ ՄԱՀ-ճից անձայն վեր կենամ:

2007

Արևածագ
26.07.2010, 19:25
Իմ արևոտ երազի անմարելի լույսերում
Թվացել է ինձ հանկարծ՝ մոտեցել եմ պատրանքիս,
Եվ խելահեղ մեր դարի արբշիռ ու խենթ ընթացքում,
Կարծել եմ, թե քո սիրով կջերմանա խեղճ հոգիս:

Հարկահավաք Նեռը բայց՝ Ժամանակը անկաշառ,
Հիացքներիս վրայից ողջ մառախուղն է ցրել:
Փոխադարձ ու երջանիկ սիրո ցնորքը պայծառ
Դարձել է փուչ ու դատարկ մի հինավուրց առասպել:

1992

Արևածագ
28.07.2010, 22:47
Վառման երազս տվի
Ալիքներին հեռացող,
Որ չմրկի իմ հոգին
Էլ ոչ մի բոց, ոչ մի դող:

Նոր աշխարհում բյուրեղյա,
Օտարացման եզերքին,
Պաղած հույզեր է ծնել
Զգուշավոր իմ հոգին:

Ու դիակներ բազմաթիվ
Մեջս խեղված ես-երի,
Գաղտագողի կթաղեմ
Մոռացության փոսերում:

Արևածագ
02.08.2010, 23:32
Թող նայեմ քեզ,
Որ իմանամ զսպել իմ մեջ,
Ոչինչ չասող բառերի չուն:
Ախ, խենթ եմ ես, երբ հայացքդ տաք
Ինձ ես հառում,
Երբ մատներիդ մի հպումից
Ձգողության և ո'չ մի դաշտ
Ինձ այս երկրին էլ չի կապում:
Ամառն անցավ, քո շուրթերից
Բարկ արևի համն է կաթում:
Իսկ ես կյանքում չեմ կշտացել
Ո'չ արևից, ո'չ քո սիրուց:
Զմուռս եմ ես ափերիդ մեջ,
Չպնդացած, հեղուկ զմուռս:
Դիր քո սրտին զմուռսն այնպես,
Որ ես կնքել կարողանամ.
-Սիրում եմ քեզ...
Սիրում եմ քեզ:

1990

Արևածագ
12.08.2010, 09:21
Անզոր բողոքի մի անզուսպ պահի,
Կրծքիցդ թռած տխրալուր տողում,
Չիրականացած,կորած հույսերի
Մաղձդ թափեցիր-Դավաճան ես դու...

Բայց չգիտեի՞ր, որ ես տրվում եմ
Այնքան հեշտությամբ ու ինքնամոռաց,
Բանաստեղծության քնքուշ թովչանքին,
Իր կախարդանքին սիրտս միշտ է բաց:

Ու երաժշտության խայտաբղետ ծովին,
Կամ կերպարվեստի երգին զրնգուն:
Արևամուտին՝ ցոլքի հեզունազ պարին,
Մոտալուտ մահվան մեղմ հոգևարքում...

Երբ որ իմ առաջ փակել ես դուռդ,
Մեղավոր հոգիս Արևն է ընտրել:
Դժվար հավատաս, բայց դատարկ կյանքում
Տղամարդու հետ քեզ՝ Չե'մ դավաճանել:

2009

Արևածագ
07.09.2010, 19:32
Այսօր իմ օրը քեզնով էր լցված,
Ինչպես՝ երեկս, օրս նախանցյալ:
Անզոր գլուխս ափերիս հենած,
Փորձում եմ մտքով դեպ քեզ սլանալ:

Ու չեմ հավատում՝ թվերի դարում,
Խեղճ հեռախոսը հեշտ գտնում է քեզ
Մի օտար ճամփի, փափուկ անկողնում,
Զգուշացնում է թելերով անտես:

Ես չե'մ հավատում, երբ որ լռում եմ,
Ճարճատում անձայն վառ հրդեհներում,
Լոկ այն պատճառով, որ դու հեռու ես,
Իմ սիրո լույսը անհետ է կորչում:

2008

Արևածագ
13.09.2010, 21:45
Մի խաղաղ պահի բաժակս գինու
Օտար սեղանին լքված կթախծի,
Ստվերի նման անգո, անաղմուկ,
Կբռնեմ ճամփան իմ վերադարձի:

Ինչ որ եղել է, արդեն չի հուզում.
Նամակներս ողջ կրակին տվի,
Քանց խոր աշնանը խաշամն են այրում:
Նորերն էլ արդեն հաստատ չե'մ գրի:

Ցանկություններիս վաղանց սերուցքում
Երբեմն թաքուն որոնում եմ, թե
Ունայնության ցուրտ հայացքի ներքո
Արևի տակ դեռ ի՞նչ երազ ունեմ-

Վոլգայի ափին, բլրակի վրա
Տնիցս հեռու մի համեստ շիրիմ,
Որ չարաճճի քամին սվսվան
Գլխիս ավետյաց սաղմոսներ երգի:

Ու երբ հող դառնամ, գետը սրբազան
Իմաստուն հևքով լուրթ երակների,
Ինձնից գեթ մի բուռ՝ ալիքում պահած,
Իմ հայրենական ափը հասցնի:

2010

Ուլուանա
14.09.2010, 19:03
Ի՜նչ լավն էր էս վերջինը :love։ Լրիվ սահուն, փափուկ, մեղեդային, ներդաշնակ. ոնց որ երաժշտություն լիներ :)։

Արևածագ
14.09.2010, 19:11
Ի՜նչ լավն էր էս վերջինը :love։ Լրիվ սահուն, փափուկ, մեղեդային, ներդաշնակ. ոնց որ երաժշտություն լիներ :)։

Սիրելի Ուլուանա: Սա գրելու մեջ դու էլ «մեղքի» քո բաժինն ունես:;) Հարցազրույցի ժամանակ քո տված հարցի պատասխանն է::)

Արևածագ
27.09.2010, 14:36
Պոե'տ,
Օգնի'ր հաղթելու անքնությունը,
Հեռացրու գավաթն այս լեցուն,
Քչացրու բաժինն ինձ հասնելիք թույնի:
Ինչպես թանկ գինուն միշտ խառնված է
Դառնության մի փունջ,
Այդպես էլ սիրուս բոլոր ափերում
Լեղու երակ կա:
Օգնի՜ր ինձ՝
Բեռը դեգերումներիս
Ու անթաղ դիակներն երզանքներիս
Կամացուկ թաղել:

Իմ խե'ղճ բարեկամ,
Ո՞ր մեղքիդ համար
Պիտ խելագարիս զառանցանքներին
Ունկնդիր լինես:
Թե՞ միայն նրա
Որ սիրու՞մ եմ քեզ...
Սպասի'ր մի պահ.
Լռում եմ հանգած խարույկի նման:
Ես դեռ կարող եմ
Քո վիշտը կիսել,
Պատմի'ր ինձ , հոգի'ս,
Վառ թռիչքներիդ ու անկումներիդ
Ոդիսականը:
Ես ընդունակ եմ
Տխրություններիդ բեռը մեջքիս կրելու,
Ես դեռ տեղ ունեմ,
Որ ցավդ տանեմ:

2000

E-la Via
28.09.2010, 20:57
Պոե'տ,
Օգնի'ր հաղթելու անքնությունը,
Հեռացրու գավաթն այս լեցուն,
Քչացրու բաժինն ինձ հասնելիք թույնի:
Ինչպես թանկ գինուն միշտ խառնված է
Դառնության մի փունջ,
Այդպես էլ սիրուս բոլոր ափերում
Լեղու երակ կա:
Օգնի՜ր ինձ՝
Բեռը դեգերումներիս
Ու անթաղ դիակներն երզանքներիս
Կամացուկ թաղել:

Իմ խե'ղճ բարեկամ,
Ո՞ր մեղքիդ համար
Պիտ խելագարիս զառանցանքներին
Ունկնդիր լինես:
Թե՞ միայն նրա
Որ սիրու՞մ եմ քեզ...
Սպասի'ր մի պահ.
Լռում եմ հանգած խարույկի նման:
Ես դեռ կարող եմ
Քո վիշտը կիսել,
Պատմի'ր ինձ , հոգի'ս,
Վառ թռիչքներիդ ու անկումներիդ
Ոդիսականը:
Ես ընդունակ եմ
Տխրություններիդ բեռը մեջքիս կրելու,
Ես դեռ տեղ ունեմ,
Որ ցավդ տանեմ:

2000

Արևածագ սա Ձեր վերջին ստեղծագործություններից, որոնք ես կարդացել եմ, ամենալավն էր: Շաաատ հավանեցի:love:

Ուրվական
28.09.2010, 21:49
. . .
Երկնքի մաղձոտ հայացքից այսօր աշունը ծորաց
Սառած գույների ներկապնակով անտառի գորգին:
Սիրտս հոգնության, հիասթափության բեռը շալակած,
Դեռ չի տրվելու նրա դյութական, նուրբ կախարդանքին:

Շատ լավն էր:

Արևածագ
28.09.2010, 23:05
Way, Ուրվական, շնորհակալ եմ, որ կարդում եք: Զգացված եմ բարի խոսքերից::)

ՆանՍ
29.09.2010, 08:45
Ինչպես թանկ գինուն միշտ խառնված է
Դառնության մի փունջ,
Այդպես էլ սիրուս բոլոր ափերում
Լեղու երակ կա:




Այ էս մասը ամենաշատը հավանեցի :hands Արևածագ ջան, ապրես, զալատիե սլավա;)

Արևածագ
30.09.2010, 09:37
Ինքնակիզումի անլույս գիշերում նստած ես մենակ:
Ծիածանագույն հույսերդ՝ հիվանդ թռչունների պես,
Երկնի լազուրում աղեղներ գծած՝ ետ վերադարձան
Անտերուչ թողած հոգուդ վանդակը՝ գլխիկոր ու հեզ:

Փողոցով անցնող անծանոթ զույգը, կամ հեռախոսի
Ձայնը հեռավոր սրտիդ վրայով հուշ են գլորում.
Թեկուզ փակվել եմ խխունջի նման, քեզնից մեկուսի,
Գիտե'մ, անգի'նս, որ ամեն պահի... ինձ ես որոնում:

My World My Space
30.09.2010, 11:40
Ինքնակիզումի անլույս գիշերում նստած ես մենակ:
Ծիածանագույն հույսերդ՝ հիվանդ թռչունների պես,
Երկնի լազուրում աղեղներ գծած՝ ետ վերադարձան
Անտերուչ թողած հոգուդ վանդակը՝ գլխիկոր ու հեզ:

Փողոցով անցնող անծանոթ զույգը, կամ հեռախոսի
Ձայնը հեռավոր սրտիդ վրայով հուշ են գլորում.
Թեկուզ փակվել եմ խխունջի նման, քեզնից մեկուսի,
Գիտե'մ, անգի'նս, որ ամեն պահի... ինձ ես որոնում:

ինչպես միշտ պատկերներիդ գույները հիանալի են.... նկարել գիտե՛ս.....:flower

իսկ վերջին երկտողը..... լավ, չեմ ասի....

Արևածագ
30.09.2010, 12:09
ինչպես միշտ պատկերներիդ գույները հիանալի են.... նկարել գիտե՛ս.....:flower

իսկ վերջին երկտողը..... լավ, չեմ ասի....

Վոռլդ, ափսոս որ այն տպավորությունը կարող է ստացվել, թե պայմանավորվել ենք, որ իրար գովենք::(:) Ես էլ քո բանաստեղծություններն եմ սիրում:
Դպրոցում նկարում էի: Նկարչության ասպարեզում ամենամեծ հաջողությունս՝ Մանկական պատկերասրահում որոշ ժամանակ նկարներիցս երկուսը ցուցադրվել են::oy
Երկտողի մասին էլ ականջիս կարող ես ասել:;)

Ուլուանա
01.10.2010, 04:18
Ինքնակիզումի անլույս գիշերում նստած ես մենակ....
Էս մեկն էլ է շատ փափուկ, սահուն ու մեղեդային։ Պատկերներն էլ իրոք շատ սիրուն են :)։

Արևածագ
04.10.2010, 17:36
Երկար, շատ երկար, հուշերիս խորքից
Զարթոնքին ցնդած երազի նման,
Աչքերի մուժում՝ հույսի քուլաներ,
Ցաված սրտի մեջ՝ մի կաթիլ հավատ,
Դատարկ ափերով քունքերը սեղմած,
Ամենից հոգնած, ամենքից խռով
Կերկերուն մի ձայն շշնջում էր ինձ.
-Ծամերիդ հաշվով քնքշանք կստանաս...

Ոնց այգեպանն է վհատ հայացքով
Դառնասիրտ նայում կարկուտից հետո
Իր ծիրանենու ջարդած ճյուղերին,
Լույսը բացվելուց ես հենց այդպես եմ
Կորցրած մազերիս թելերն անհամար
Բարձիս վրայից անհույս թափ տալիս:

Արևածագ
08.10.2010, 12:06
Ինչ հիշում եմ՝ աչքս գցած երկնքին
Հայացքս մի'շտ, մի'շտ Շերեփն էր որոնում,
Մեր տան բակում, կամ Սև Քարի գագաթին
Շողում էր նա անհոգ գլխիս վերևում:

Երբ հերթական սիրո դավից հուսահատ,
Շուրթս ճաքած ո'չ մի աղոթք չէր հիշում,
Նայում էր ինձ իր մտերմիկ տխրությամբ
Ու ցոլքերով բարի հեքիաթ էր պատմում:

Մի դժնի օր, հավքի նման մոլորված,
Տունս թողի, և տան կողքի թթենին:
Հետևեց նա ցուրտ հայացքով մթամած
Իմ բեկբեկուն, անագորույն ընթացքին:

Տիեզերքի սիմֆոնիային ունկնդիր,
Իմ Շերեփը օտար երկնի կամարում,
Ընդմիշտ ջահել, կախարդանքով անմեկին,
Շողում է վառ՝ հոգնած գլխիս վերևում:

ՆանՍ
08.10.2010, 12:54
Արևածագ ջան էս ինչ լավն էր, ապրես,:hands կարծես երգ լիներ`գրված քո կյանքի մասին;)

einnA
08.10.2010, 19:42
Ազգային ժողովն իմ դեմ փակ մնաց,
Ու փաստաբանի ձայն էլ չստացա:
Այգի չեմ հիմնել, աղբյուր չեմ սարքել,
Կամուրջ չեմ գցել, տուն էլ չունեցա:
Հեռուստատեսությամբ ինձ ցույց չեն տվել.
Մարմնամարզության մրցաշարերին
Չեմ էլ մասնակցել:
Ակադեմիայում իմ մասին ոչ ոք չի լսել:
Ինքնաթիռի կամ սուզանավի ղեկը
Պետությունները ինձ չեն վստահել:
Լքեցի նրան, ով սիրում էր ինձ,
Չսիրողներին չիմացա թողնել...
Իմ հայրենիքում անգամ չապրեցի...

Չգիտեմ ինչքանով եմ կարողացել բացահայտել "Արևածագ"-ի կերպարը, բայց վերջապես ամբողջ թեման կարդալուց հետո, հենց այս տողերով գոնե ինքս ինձ համար Ռուզաննա ջան քեզ մի քիչ ճանաչեցի ;)

Հ.Գ. Շնորհակալ եմ այս թեմայի համար:

E-la Via
08.10.2010, 21:47
Երկար, շատ երկար, հուշերիս խորքից
Զարթոնքին ցնդած երազի նման,
Աչքերի մուժում՝ հույսի քուլաներ,
Ցաված սրտի մեջ՝ մի կաթիլ հավատ,
Դատարկ ափերով քունքերը սեղմած,
Ամենից հոգնած, ամենքից խռով
Կերկերուն մի ձայն շշնջում էր ինձ.
-Ծամերիդ հաշվով քնքշանք կստանաս...

Ոնց այգեպանն է վհատ հայացքով
Դառնասիրտ նայում կարկուտից հետո
Իր ծիրանենու ջարդած ճյուղերին,
Լույսը բացվելուց ես հենց այդպես եմ
Կորցրած մազերիս թելերն անհամար
Բարձիս վրայից անհույս թափ տալիս:

Արևածագ ջան սա շատ հավանեցի, գեղեցիկ էր շարադրված ու… էէէ ավելի լավ է էլ բան չասեմ… Լավն էր, չէ՝ շատ լավն էր :):

Արևածագ
09.10.2010, 17:07
ՆանՍ, einnA, way, սիրելինե'րս, շնորհակալ եմ արձագնքների համար: Համ էլ մի քիչ ուրախացնում է այն, որ թեմայի ընթերցողներն իրենց հոգեհարազատ տողեր են գտնում : Դա միաժամանակ այնքա՜ն պարտավորեցնող է::oy

Արևածագ
13.10.2010, 17:32
Ես չեմ կարծել, թե երբևէ
Իմ օրերում քեզ կփնտրեմ,
Բայց անունդ՝ կպչուն ու թանկ,
Չեմ իմացել ինձնից վանել:

Հիմա լուռ ենք, լռությունից
Նռան նման սիրտս է ճաքել,
Անհայտության անքուն ցավը
Քեզ համար էլ ցեց է դարձել:

Սակայն թաղենք կարոտը վառ,
Մեր օրերի խիտ փոշու տակ:
Ես լավ գիտեմ՝ այս աշխարհում
Երբ որ ջոկեն արդարներին,
Մեր չգործած մեղքի համար
Մեկտե'ղ պիտի պատասխան տանք:

1993

ՆանՍ
14.10.2010, 08:55
Բայց անունդ՝ կպչուն ու թանկ,
Չեմ իմացել ինձնից վանել:

Հիմա լուռ ենք, լռությունից
Նռան նման սիրտս է ճաքել,
Անհայտության անքուն ցավը
Քեզ համար էլ ցեց է դարձել:





Ի՜նչ հրաշալի տողեր են, կեցցեեեեեեեես, որ ասում եմ կդառնաս,:ok չես հավատում;)

Արևածագ
14.10.2010, 09:22
Ի՜նչ հրաշալի տողեր են, կեցցեեեեեեեես, որ ասում եմ կդառնաս,:ok չես հավատում;)

Նանս ջան, անձնագիրս, նամակներս, հաղորդագրություններս, ինչ ունեմ-չունեմ քրքրեցի, չկարողացա գտնել, թե ի՞նչ պիտի դառնամ::esim :)) Շնորհակալ կլինեմ, եթե նամակով հիշեցնես:
Երախտապարտ եմ բոլոր ընթերցողներիս ուշադիր վերաբերմունքի համար: Իմ թև ու թիկունք Եռյակ Միությանը՝ My World My Space , Tig, ‎Chilly, հատուկ շնորհակալություն::hi

Արևածագ
18.10.2010, 09:41
. . .
Հուշի թելերը անհայտությունից ձգվում են, գալիս,
Անձրևը մի թաց տրտմությամբ է իմ սիրտը պատում,
Սակայն քամի է, անսանձ քամի է հիմա իմ հոգին,
Նրան էլ ծանր կավե մարմնի հետ ոչինչ չի կապում:

Քամու պես ազատ եմ, ժամապահի նման՝մշտարթուն,
Սպասումներից, սին կարոտներից վաղուց եմ հոգնել,
Եւ հիմա հանդարտ,առանց տագնապի հունձք եմ ժողովում,
Այնպիսի մի հունձք, որի սերմերը բնավ չեմ ցանել:

1988

My World My Space
18.10.2010, 09:45
. . .

Եւ հիմա հանդարտ,առանց տագնապի հունձք եմ ժողովում,
Այնպիսի մի հունձք, որի սերմերը բնավ չեմ ցանել:

1988


էս տողերը կարդալուց չգիտես ինչի սարսուռ ապրեցի...... ապրես, լավն էր....:)

Արևածագ
19.10.2010, 11:39
Կայծկլտում է հոգուս մեջ անշիջելի մի կրակ,
Թաքնվում է որդի պես սրտիս մթին խորքերում,
Չի հանդարտվում ոչ մի պահ, ծվատում է շարունակ,
Բազմահմա մատներով տեսիլքներս է կապկպում:

Անպատմելի թովչանքով հեռվից կանչում է մի ձայն
Գիշեր ու զօր անդադար, աղբյուրի պես ծով հույսի:
Ո'չ հեգ մտքիս, ո'չ բեհեզ երազներիս ընդունայն
Հայրենիքիս թրթիռը ազատություն չի' տալիս:

Արևածագ
21.10.2010, 11:24
. . .
Անցան օրերն արծաթահունչ հևքով,
Բյուրեղյա թախծով՝ տառապանքից սնված,
Իսկ հուշերիս մեջ շվար կարոտով
Թափառում է դեռ մի տամուկ հայացք:

Մեր ճամփան մի տեղ պիտի բաժանվեր,
Եթե ո'չ երեկ, վաղը՝ կեսօրին:
Բախտը մեզ համար հեքիաթ չէր գրել՝
«Տղեն շուտ հասներ իրա մուրազին»:

Թեկուզ իմացա՝ տվածդ թույն է,
Երազներիս թույլ արմատն է խեղել,
Սիրտս քեզ համար նույնիսկ ցավել է,
Եվ ես քեզ ատել... չե՜մ կարողացել:

1988

Արևածագ
26.10.2010, 11:08
Շնորհակա՜լ եմ քեզնից:
Ամեն անգամ հանդիպումից հետո
Իմ մեջ կամարվում են նոր ծիածաններ,
Անթափանց կտավի տակ պահած
Բոլոր չքնաղ վարդերս բացվում են:
Թիթեռներ են ճախրում,
Սլանում են ձիեր թավշահեր դաշտերով:
Մոտալուտ հրաշքի անթաքույց սպասումից
Սիրտս ալիքվում է ամռան ծովի պես:
Վախի , կարոտի ու սիրո լավան
Չի տեղավորվում անճար գլխումս-
Եվ ուր որ է դուրս պիտի ժայթքի
Աչքերիս միջից
Հուսահատության դառն արցունքներով:

-Դու վախենում ես իմ երազանքի թավշահեր դաշտում
Երջանիկ լինել:

Արևածագ
28.10.2010, 09:47
Մի բու ճչաց կեսգիշերին, գգվի'ր ինձ մեղմ, գրկի'ր ամուր,
Լուսինն իջավ իմ սնարին, գգվի'ր ինձ մեղմ, գրկի'ր ամուր:

Քամին անշուշտ խենթացել է, նրա հախուռն, պագշոտ շնչից
Սրսփում է այգուս կեչին, գգվի'ր ինձ մեղմ, գրկի'ր ամուր:

Խուտուտներից ծալ-ծալ եղած՝ գալարում է մեջքը ողորկ,
Տրվում քամու համբույրներին, գգվի'ր ինձ մեղմ, գրկի'ր ամուր:

Վասերն արծաթ ուլունքաշար՝ լուսնի ցոլքում ելևէջող,
Խուրձ- խուրձ լցրած իր ուսերին, գգվի'ր ինձ մեղմ, գրկի'ր ամուր:

Ու տարփավառ գիշերից ետ, սարում ծնվող այգաբացից
Կեչին հանկարծ պիտի շիկնի, գգվի'ր ինձ մեղմ, գրկի'ր ամուր:

Իսկ մինչ այգը գեղեցկաթով, մինչև վերջին աստղը մովում,
Արարչության անեղծ ժամին գգվի'ր ինձ մեղմ, գրկի'ր ամուր:

ՆանՍ
28.10.2010, 10:27
Հրաշալի բանաստեղծություն ես գրել Արևածագ ջան, :hands, բայց մի բան, եթե կարելի է, ասեմ.
Վերջին տողի մեջ, նախքան "գգվիր" բառը, կարծես ստորոգյալ է ուզում, որ ամբողջանա, իսկ այսպես, թվում է թերի:think

Արևածագ
28.10.2010, 12:09
Հրաշալի բանաստեղծություն ես գրել Արևածագ ջան, :hands, բայց մի բան, եթե կարելի է, ասեմ.
Վերջին տողի մեջ, նախքան "գգվիր" բառը, կարծես ստորոգյալ է ուզում, որ ամբողջանա, իսկ այսպես, թվում է թերի:think

Սիրելի ՆանՍ, շնորհակալ եմ ուշադիր վերաբերմունքի համար: «Գգվիր» բառը հե'նց ստորոգյալ է, իսկ նախորդող բոլոր բառակապակցություններն իր լրացումներն են: Գուցե ենթակա՞ էիր ցանկանում ասել: Ենթական այդտեղ «դու» -ն է, որը մտքից էլ հասկացվում է, այդ պատճառով էլ զեղջվել է:;)

My World My Space
28.10.2010, 12:11
Ինձ էլ "սնար" բառը դուր չեկավ.... սնարը ավելի շատ հիվանդի անկողնին ա հարմար, մահացողի.....:think

ՆանՍ
28.10.2010, 12:27
Սիրելի ՆանՍ, շնորհակալ եմ ուշադիր վերաբերմունքի համար: «Գգվիր» բառը հե'նց ստորոգյալ է, իսկ նախորդող բոլոր բառակապակցություններն իր լրացումներն են: Գուցե ենթակա՞ էիր ցանկանում ասել: Ենթական այդտեղ «դու» -ն է, որը մտքից էլ հասկացվում է, այդ պատճառով էլ զեղջվել է:;)

Գիտեմ, որ "գգվիր" բառը ստորոգյալ է, դու-ն էլ` ենթակա;), դրա համար էլ գրել էի գգվիր-ին նախորդող մասում: Ուղղակի կարծես ինչ-որ անհասկանալի է ստացվում այդ մասը կեչուց հետո:think

Արևածագ
28.10.2010, 12:27
Ինձ էլ "սնար" բառը դուր չեկավ.... սնարը ավելի շատ հիվանդի անկողնին ա հարմար, մահացողի.....:think

Իսկ ես այդ բառը սիրում եմ...:oy Դժվարանում եմ նույնիսկ մահճակալի գլխի կողմի համար ուրիշ համարժեք գտնել: Նշածդ իմաստային նրբերագն այն չունի: Գուցե միայն քեզ մոտ է «սնարը» մահվան, հիվանդության հետ ասոցացվում::think
Համենայն դեպս՝ շնորհակալ եմ խորհրդի համար:

Արևածագ
28.10.2010, 12:32
Գիտեմ, որ "գգվիր" բառը ստորոգյալ է, դու-ն էլ` ենթակա;), դրա համար էլ գրել էի գգվիր-ին նախորդող մասում: Ուղղակի կարծես ինչ-որ անհասկանալի է ստացվում այդ մասը կեչուց հետո:think

Կմտածեմ այդ մասին::think

Արևածագ
10.11.2010, 14:37
Երբ վերջին ուղեփակոցից առաջ
Տերը հարցնի ինձ՝
-Ինչու՞...
- Չէ՞ որ գիտեիր կարելի'ն ու անկարելի'ն:
Երբ որ հարցնի ինձ,
Չիրականացած բաղձանքի թույնը
Լիուլի ըմպած՝ պիտ պատասխանեմ.
-Տե'ր իմ, դու տեսնում էիր՝
Ո՜նց էի սիրում:

1998

Արևածագ
15.11.2010, 14:43
Երեկ
Աշխարհն էիր ուզում գրկել,
Այսօր՝
Կարծր պատյանում ես բանտում
Քո էությունը:
Կրիայի նման
Գլուխ ու ոտ քաշած,
Ապրելու տեղակ,
Ուզում ես միայն
Իմաստավորե՜լ
Գոյությանդ
Ոչնչությու'նը...

2010

ՆանՍ
15.11.2010, 15:13
"պատյանում ես" -ից հետո ստորակետ հաստատ չկա?

Արևածագ
15.11.2010, 16:57
"պատյանում ես" -ից հետո ստորակետ հաստատ չկա?

Չէ', ստուգել եմ, չկա': :))

Արևածագ
18.11.2010, 10:02
Գուցե մի օր կհավաքեմ ամեն դռնից մերժվածներին,
Լուռ կնստեն սեղանիս շուրջ, իրենց հոգում ցավ չի լինի:

Կկանչեմ հյուր անտուններին, հույսը կորցրած հարբեցողին,
Կտաքանան կրակիս մոտ, իրենց հոգում ցուրտ չի լինի:

Ու կբացվի տառապանքի գունդուկծիկ մի պատմություն,
Հերթով կանցնեն հուշերը կեզ, տաք զրույցին ծայր չի լինի:

Հույս կտամ ես ընկերներիս՝ խրախճանքի անխառն գինով,
Լաց կլինեմ բախտի համար, որոնումին վերջ չի լինի:

Ընկերներիս գինի կտամ, ու կխմենք կենացն անգին
Արդարության, անմեղության, Աստծո տված կտոր հացի:

1989

Արևածագ
23.11.2010, 10:34
Բազմակետից հետո՞.... ոչի'նչ:
Բազմակետից հետո՝ լռություն, և վե'րջ:
Միայն թե թռչուն հոգիս է ճչում
Հուսահատության ճիրանների մեջ:

2000

My World My Space
23.11.2010, 11:09
Բազմակետից հետո՞.... ոչի'նչ:
Բազմակետից հետո՝ լռություն, և վե'րջ:
Միայն թե թռչուն հոգիս է ճչում
Հուսահատության ճիրանների մեջ:

2000

էս բազմակետերի թեման ինչքան ինձ հարազատ ա.... սկսենք նրանից, որ գիրքս էլ հենց "Բազմակետեր" էր կոչվում....

Բազմակետեր....

Հոգնել եմ արդեն բարձս գրկելուց
Ու գարեջրի շշի շրթերը սառն համբուրելուց,
մանր խայծերով ինքս ինձ խաբելուց
Ու քո անունը դատարկ սենյակում հար բարբառելուց....

Արդեն հոգնել եմ, վաղուց հոգնել եմ
Անվերջ սպասելուց խավարում կորած ինչ-որ հրաշքի,
Հավերժ փնտրել եմ, հավերժ քայլել եմ,
Հայացքս հառած մի հեռու կետի,
Որ լույս էր թվում, որ հույս էր թվում,
Բայց իրականում այն մեկն էր միայն
Անորոշության բազմակետերի,
Որոնք վերջ չունեն.......

Ճամփես հատել է, ուղիս մթնել է,
Բազմակետերով երգս չի երգվի,
Մեկը կորցրել է, մեկը գտել է,
Իսկ ես հանգել եմ բազմակետերի....

Դատարկ շշերը որպես բազմակետ
Շարում եմ հերթվ կյանքիս երկայնքով,
Հերոսը խենթ է, հեքիաթն անհեթեթ,
Հեքիաթ չի հյուսվում բազմակետերով......

Արդեն հոգնել եմ, վաղուց հոգնել եմ,
Թավալվելով օրերում խռով:
Հոգնածուըթյունն էլ հավերժ ձգվում է,
Փաթաթվում վզիս ու ծանրանում է.,.....

Բազմակետերով....

Արևածագ
24.11.2010, 10:18
Կգամ հանկարծ: Մի բուռ տաքուկ կարոտով
Հայացքիդ մեջ հույսի խարույկ կվառեմ,
Սրտիդ խորունկ անդունդներում անվրդով
Ոսկի ժպիտ, առատվան շաղ կփռեմ:

Մենակ թե դու՝ խենթիս առաջ կասկածով
Աչքդ թեքած, հոգուդ դուռը չփակե՜ս,
Ձեռքդ պարզես գորովանքով անխռով,
Թևերի'դ մեջ տխրությունս փարատես: :)

2010

My World My Space
24.11.2010, 10:38
Կգամ հանկարծ: Մի բուռ տաքուկ կարոտով
Հայացքիդ մեջ հույսի խարույկ կվառեմ,
Սրտիդ խորունկ անդունդներում անվրդով
Ոսկի ժպիտ, առատվան շաղ կփռեմ:

Մենակ թե դու՝ խենթիս առաջ կասկածով
Աչքդ թեքած, հոգուդ դուռը չփակե՜ս,
Ձեռքդ պարզես գորովանքով անխռով,
Թևերի'դ մեջ տխրությունս փարատես: :)

2010



հոյակապ էր Արևածագ ջան, հատկապես վերջին տունը....

Արևածագ
02.12.2010, 17:40
Ձյունը իջնում է այնպես համրորեն,
Մայթերի վրա շողում, կայծկլտում:
Խանդաղատանքի այդ լռին պահին
Սիրո ցավն իմ մեջ կոչնակ է զարկում:

2007

Malxas
02.12.2010, 19:27
Կգամ հանկարծ: Մի բուռ տաքուկ կարոտով
Հայացքիդ մեջ հույսի խարույկ կվառեմ,
Սրտիդ խորունկ անդունդներում անվրդով
Ոսկի ժպիտ, առատվան շաղ կփռեմ:

Մենակ թե դու՝ խենթիս առաջ կասկածով
Աչքդ թեքած, հոգուդ դուռը չփակե՜ս,
Ձեռքդ պարզես գորովանքով անխռով,
Թևերի'դ մեջ տխրությունս փարատես:

Էս ինչ հավեսի գցող բանաստեղծություն ես գրել:) Սիրահարվելու ցանկություն է առաջացնում մարդու մեջ :)

Garapost
06.12.2010, 16:05
Երեկ
Աշխարհն էիր ուզում գրկել,
Այսօր՝
Կարծր պատյանում ես բանտում
Քո էությունը:
Կրիայի նման
Գլուխ ու ոտ քաշած,
Ապրելու տեղակ,
Ուզում ես միայն
Իմաստավորե՜լ
Գոյությանդ
Ոչնչությու'նը...

2010
Շատ է նման Սեվակի ոճին, շա՜տ: Բայց այն որակը չունի:
Կարծր պատյանում ես բանտում
Քո էությունը:
Այստեղ պատյանում բառը ճիշտ չէ օգտագործված: Պատյան - պատյանում -պատյանի մեջ: Տեղի պարագա է, չի կարող լինել գործողություն... և օգտագործվել որպես բայ:
Հարգանքներով՝

Garapost
06.12.2010, 16:19
Մենակ թե դու՝ խենթիս առաջ կասկածով
Աչքդ թեքած, հոգուդ դուռը չփակե՜ս,
Ձեռքդ պարզես գորովանքով անխռով,
Թևերի'դ մեջ տխրությունս փարատես: [/COLOR]

Էս ինչ հավեսի գցող բանաստեղծություն ես գրել:) Սիրահարվելու ցանկություն է առաջացնում մարդու մեջ :)[/QUOTE]

Առաջին երկու և վերջին երկու տողերի մեջ համաձայնություն չկա:
Հարգաքներով՝

CactuSoul
06.12.2010, 16:47
Կարծր պատյանում ես բանտում
Քո էությունը:
Այստեղ պատյանում բառը ճիշտ չէ օգտագործված: Պատյան - պատյանում -պատյանի մեջ: Տեղի պարագա է, չի կարող լինել գործողություն... և օգտագործվել որպես բայ:
Հարգանքներով՝
Պատյանը որպես բայ չի գործածվել: Մի քիչ վերաձևակերպած՝ «Կարծր պատյանի մեջ բանտում ես քո էությունը»: Սխալ չկա: Այ եթե «պատյանել» բառ գոյություն ունենար, ապա «կարծր պատյանել» ասելը սխալ կլիներ, քանի որ «կարծր»-ն ածական է, իսկ այդ դեպքում հարկ կլիներ մակբայ կիրառել:
Ռուզաննայից ու մոդերատորներից ներողամտություն եմ հայցում օֆֆտոպի համար:

Շինարար
06.12.2010, 17:06
Առաջին երկու և վերջին երկու տողերի մեջ համաձայնություն չկա:
Հարգաքներով՝Գարափոսթ, արդեն 2 թեմաներում կարդացի Ձեր դիտողությունները: Չլինելով ոչ Արևածագի, ոչ մյուս ակումբցու պոեզիայի մեծ երկրպագու, (նրանցից ներողություն եմ խնդրում անկեղծությանս համար, Արևածագ, այն իմ սիրած բանաստեղծությունը մնում է նույնքան սիրելի) միաժամանակ որոշակի, այսպես ասած, գրականագիտական գիտելիքներ ունենալով՝ պետք է ասեմ, որ ոչ տեղին, անիմաստ, ապակողմնորոշող, սխալ դիտարկումներ եք անում, չնայած Վորլդի բանաստեղծության կրճատ տարբերակը հավանեցի, մնացած դեպքերում Դուք, ավաղ, չարաչար սխալվում եք՝ ապշեցնող համոզվածությամբ:) Սա ուղղակի զի քո է համենայն դեպս: Իմ գործը չէ, բայց վախենամ, թե Ձեր համոզվածությունը կարող է ակումբցիների մոտ թյուր տպավորություն ստեղծել, թե մեծ գիտակ եք, և սկսեն հետևել ձեր խորհուրդներին՝ կորցնելով իրենք իրենց:

Garapost
06.12.2010, 17:21
Այսօր բանտում ես կարծր պատյանում
Քո էությունը:

Այս դեպքում բանտում բառը բայ լինել չի կարող: Կա՝ բանտարկել, թե՝ կանոները փոխվե՞լ են, իսկ ես տեղյակ չեմ:

Garapost
06.12.2010, 17:31
Վայ, Շինարար ջան, ես չեմ կասկածում, որ Դուք շատ գրագետ եք,) ծանոթ եմ Ձեր գրառումների հետ) այնպիսի տպավորություն է ստացվում, որ ես « Հայ գրականության տունը քանդում եմ»: Ինչու՞ մեր Մեծերի մոտ ես չեմ տեսել այդպիսի վրիպումներ:
Հարգանքներով՝

My World My Space
06.12.2010, 17:33
Այսօր բանտում ես կարծր պատյանում
Քո էությունը:

Այս դեպքում բանտում բառը բայ լինել չի կարող: Կա՝ բանտարկել, թե՝ կանոները փոխվե՞լ են, իսկ ես տեղյակ չեմ:


Հարգելի Gաrapost, գեղարվեստական խոսքում օգտագործելի և շատ գեղեցիկ բառ է բանտելը, որ շատերն են ի դեպ օգտագործում և օգտագործել, օրինակ` Սևակը.



Որդուս
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,

Շինարար
06.12.2010, 17:36
Վայ, Շինարար ջան, ես չեմ կասկածում, որ Դուք շատ գրագետ եք,) ծանոթ եմ Ձեր գրառումների հետ) այնպիսի տպավորություն է ստացվում, որ ես « Հայ գրականության տունը քանդում եմ»: Ինչու՞ մեր Մեծերի մոտ ես չեմ տեսել այդպիսի վրիպումներ:
Հարգանքներով՝
Հումորը գնահատում եմ, ամեն դեպքում հաճախ չեմ փորձում գրագիտություն ցուցադրել, մանավանդ այնքան էլ շատ չէ, հազիվ բավարարում է: Նորից եմ ասում, աչքի զարնեց ոչնչով չարդարացված համոզվածությունը սեփական դիտարկումներում, ինչը տանել չեմ կարողանում: Ինչ վերաբերվում է Մեծերին, եթե Ձեր չափով, որի մասին Ձեր մեկ-երկու գրառումներից պատկերացում կազմեցի, չափենք Թումանյանին, Մաթևոսյանին, ծայրից ծայր վրիպումներ են, իսկ արդյո՞ք վրիպումներ են: «Բանտել» բայ կարող է լինել, եթե հեղինակը զգացել է այդ բայի գոյությունը:)

Garapost
06.12.2010, 17:40
Ես ի նկատի ունեմ չփակես և փարատես բառերը... Ստացվում է՝ չի ուզում փարատել...
Ներող եղեք:

Շինարար
06.12.2010, 17:44
Ես ի նկատի ունեմ չփակես և փարատես բառերը... Ստացվում է՝ չի ուզում փարատել...
Ներող եղեք:

Ասում է՝ դուռը մի փակիր, այլ ձեռքդ պարզիր ու փարատիր::)

CactuSoul
06.12.2010, 17:54
Ես ի նկատի ունեմ չփակես և փարատես բառերը... Ստացվում է՝ չի ուզում փարատել...

Ա՜, զգացի՝ ինչ եք ուզում ասել.

Մենակ թե դու՝ խենթիս առաջ կասկածով
Աչքդ թեքած, հոգուդ դուռը չփակե՜ս,
Ձեռքդ պարզես գորովանքով անխռով,
Թևերի'դ մեջ տխրությունս փարատես:
Շինարարի ասած «այլ»-ը պակաս է, դրանից է թյուրըմբռնումը.

Մենակ թե դու ....
.... հոգուդ դուռը չփակես,
այլ ձեռքդ պարզես ....
.... տխրությունս փարատես:
Կարծում եմ՝ եթե երկրորդ տողի վերջում ստորակետի փոխարեն միջակետ լիներ, արդեն ճիշտ կլիներ (գուցե սխալվո՞ւմ եմ):

einnA
06.12.2010, 17:56
Արևածագ հասի, փրկի հեղինակային իրավունքներդ :))

Շինարար
06.12.2010, 17:57
Կարծում եմ՝ եթե երկրորդ տողի վերջում ստորակետի փոխարեն միջակետ լիներ, արդեն ճիշտ կլիներ (գուցե սխալվո՞ւմ եմ):Նախադասություն չէր դառնա, իմհկ, ուղղակի պետք ա ճիշտ հնչերանգով կարդալ:)

Ariadna
06.12.2010, 17:59
Ա՜, զգացի՝ ինչ եք ուզում ասել.

Շինարարի ասած «այլ»-ը պակաս է, դրանից է թյուրըմբռնումը.

Կարծում եմ՝ եթե երկրորդ տողի վերջում ստորակետի փոխարեն միջակետ լիներ, արդեն ճիշտ կլիներ (գուցե սխալվո՞ւմ եմ):

Ինձ թվում է ամեն ինչն էլ տեղին է, շատ լավ հասկացվում է։ Եթե փորձենք նույն ձևով ինչ որ ավելի պարզ միտք արտահայտել, կզգանք, որ ամեն ինչ իր տեղում է, ասենք էսպես.

Մենակ թե ինձ չլքես,
կողքիս մնաս, փայփայես.... :)

Հ.Գ. Garapost, մի թեմայի հետ կապ չունեցող բան էլ ձեզ ուղղեմ :) Հարգանքներով ձևը սխալ է, չնայած շատ մտած է մեր գրագրության մեջ, նաև պաշտոնական, բայց ճիշտը հարգանքովն է, եզակի թվով:

Garapost
06.12.2010, 18:15
Ճիշտ եք, ես մի հարգանք ավել ուղարկեցի: Բայց կան չԷ՞ մարդիկ, որ ինձ հետ համաձայն են: Ես Ռուզաննային հագում եմ և լավ եմ ծանոթ նրա ստեղծագործությունների հետ: Պիտի շարունակեմ կարդալ:
Հարգանքով՝

Garapost
06.12.2010, 21:07
Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
Ծաղիկների թավշե թերթիկներում պահած,
Քչքչացող առվի գալարների եռքում,
Կայծկլտում է հազիվ բախտիս աստղը սառած:

Ու այդ հովտում,որպես հալածական թռչուն,
Իր վայրենի ճիչով սավառնում է հոգիս,
Մերթ խելահեղ թափով ավազին է զարկվում,
Մերթ էլ իրեն հանձնում ալիքների եռքին:

Չի հանդարտվում երբեք,քույր է փնտրում իրեն,
Կակաչների բոսոր թերթիկների ներսում,
Նոճիների զմրուխտ,լուսե գանգուրներին,
Անպարագիծ քամուց մի ճամփա է ուզում:

Քույր է փնտրում իրեն ու գտնում է նորից
Մի հերարձակ կնոջ,մի անկործան էգի,
Որ հեշտաբորբ մտքով, իր ցանկության հրից
Ուզում է դիակն անթաղ դարձնել միս ու հոգի:

Շամիրամն է քեզ քույր, իմ վիրավոր տատրակ,
Տարփանքների գինոտ,արյունահամ ծովում,
Հրկեզ կրքի ոսկի ծիածանների տակ,
Ու բաժանման մթին անդունդների խորքում:

Քանզի մարմնով խելառ և ուղեղով հարբած,
Խուլ ու համրի նման,սոսկ զգացմունքի ուժով,
Որոնեցի լույսը՝սիրո բույլը անեղծ,
Եվ կամեցա վառվել արարչության հրով:

Մշտաբորբոք սիրո զոհարանին նետած,
Թպրտացող հոգիս հիվանդի պես հուսաց,
Հազար անգամ տրվեց երազներին հանգած
Որ նվաճի հոգի'դ,թանկս,անփուտ մի գանձ:

Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
Մեղավոր կրքի ոսկի կոհակներին,
Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ,
Գտա մարմինը քո, և ոչ երբե'ք հոգին:

Քույր է փնտրում իրեն ու գտնում է նորից
Մի հերարձակ կնոջ, մի անկործան էգի,
Որ հեշտաբորբ մտքով, իր ցանկության հրից
Ուզում է դիակն անթաղ դարձնել միս ու հոգի:

Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
Մեղավոր կրքի ոսկի կոհակներին,
Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ,
Գտա մարմինը քո, և ոչ երբե'ք հոգին:

Չեմ հասկանում, Ռուզաննա, այս անթաղ դիակը որտեղի՞ց հատնվեց:
Եվ ինչու՞ պիտի այդ դիակը դարձնել միս ու հոգի:
Չեմ հասկանում նաև. Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ...
Սա կոչվում է . педофилия: Այսքան կրքերի մեջ ուրիշ ի՞նչ մտածել:

Արևածագ
06.12.2010, 21:53
Երախտագիտությունս եմ հայտնում CactuSoul-ին, Շինարարին, My World My Space-ին, Ariadna -ին, որ չեն ափսոսել իրենց ժամանակն ու իմ փոխարեն պատասխանել են Garapost- ի գրառումներին: Իրենց տված պատասխաններն ինձ լիովին գոհացնում են, ինքս էլ մոտավորապես նույն բանն էի ասելու, այնպես որ անդրադառնում եմ միայն վերջին գրառմանը:

Չեմ հասկանում, Ռուզաննա, այս անթաղ դիակը որտեղի՞ց հատնվեց:
Եվ ինչու՞ պիտի այդ դիակը դարձնել միս ու հոգի:
Չեմ հասկանում նաև. Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ...
Սա կոչվում է . педофилия: Այսքան կրքերի մեջ ուրիշ ի՞նչ մտածել:
Դուք կարող էիք ինձ նաև նեկրոֆիլիայի մեջ մեղադրել, դա ուղղակի բացթողում է Ձեր կողմից: :))
Չեմ պատրաստվում մանրամասնել այս կամ այն բանաստեղծությունը գրելու հանգամանքները:
Աշխարհում միայն մի հոգի կարող է ինձ հարցնել, թե ինչու՞ եմ այս կամ այն բառը գրել, ստեղծագործությունն այս կամ այն տեսքով ներկայացրել: Դա իմ ամուսինն է, որը փառք Աստծու, այնքան իմաստուն է, որ գիտակցում է գեղարվեստական ստեղծագործության ու իրական կյանքի տարբերությունները: Չնայած դրանք փոխկապակցված են, բայց մեկը մյուսին նույնացնելն առնվազն սխալմունք է:
Garapost , շնորհակալ եմ, որ կարդացել եք բանաստեղծություններս: Եթե Դուք չլքեք ակումբը կամ ակումբի հայտնի անդամներից որևէ մեկը չեք՝ երկրորդ մականունով, կարծում եմ, մենք դեռ խոսելու շատ բան կունենանք: ;)

Garapost
07.12.2010, 00:15
Դուք երևի ճիշտ եք, որ լքել պետք է: Այստեղ միայն շողոքորթությունն է ընդունված: Իմ գրածներն էլ տատս շատ էր հավանում: Ինչու՞ հրատարակել այն, ինչը միայն Ձեր ամուսինն է հասկանում: Ձեր բոլոր ստեղծագործությունները ունեն տրոֆորետներ - Տերյանի, Չարենցի և Սևակի... ստեղծագործություններից... չկա ինքնուրյունություն, ցավոք սրտի...

Արևածագ
07.12.2010, 09:45
Դուք երևի ճիշտ եք, որ լքել պետք է: Այստեղ միայն շողոքորթությունն է ընդունված: Իմ գրածներն էլ տատս շատ էր հավանում: Ինչու՞ հրատարակել այն, ինչը միայն Ձեր ամուսինն է հասկանում: Ձեր բոլոր ստեղծագործությունները ունեն տրոֆորետներ - Տերյանի, Չարենցի և Սևակի... ստեղծագործություններից... չկա ինքնուրյունություն, ցավոք սրտի...

Ակումբում մարդիկ ինձ շողոքորթելու համար ոչ մի մոտիվ չունեն, նրանցից որևէ մեկն ինձ անձնապես չի ճանաչում: Ոչ միայն այս թեմայում, ակումբում ընդհանրապես, շողոքորթության մեջ ինքս որևէ մեկին չեմ կարող մեղադրել: Շատ կուզենայի որ մի քանի ակումբցիներ, ում կարծիքն ինձ համար մեծ նշանակություն ունի, մտնեին իմ թեմա ու գոնե մի կոտրած «շնորհակալություն» սեղմեին: Իրենք դա չեն անում, բայց վերաբերմունքս իրենց նկատմամաբ դույզն իսկ չի փոխվում: Ավելին՝ շատ վատ կզգամ, եթե իմանամ, որ մարդը գրածներս չի կարդում , կամ իր դուրը չեն գալիս, ու զուտ ինձ հաճոյանալու համար է մտնում այս թեմա:

Սկզբում Դուք ինձ մեղադրեցիք բառի իբր սխալ գործածության, հետո՝ տողերի անհամապատասխանության, հետո՝ մանկապղծության, վերջում էլ Տերյանի, Չարենցի և Սևակի «տրոֆորետները» գործածելու մեջ: Այն ինչ «տրոֆորետ» եք կոչում, հայերենի տաղաչափությունն է ու արձակ բանաստեղծությունը: Ավելորդ ժամանակ չունեմ բացատրելու մեր տաղաչափության առանձնահատկությունները, այդ թեմայով ահագին գրականություն կա, ինքներդ էլ կարող եք նայել:
Մի ստեղծագործական թեմա բացեք, դրեք Ձեր «ինքնուրյուն» գրածները, ես էլ կարդամ, մնացած ակումբցիներն էլ: Ու եթե Ձեր գրածներն իսկականից չտեսնված արժեք են մեր գրականության մեջ, խոստանում եմ. Երևանի ու մի երկու մարզերի որոշ գրախանութներից հավաքել գրքերս, վերադարձնել այն մարդկանց փողերը, ովքեր 1200-1700 դրամ են վճարել մի գրքույկի համար, այրել ողջ տպաքանակն ու այստեղ էլ խնդրել մոդերատորներին, որ հանեն- փակեն իմ թեմաներն ու ինձ էլ արգելափակեն: Միայն թե Ձեր սիրտը չցավի..

Garapost
07.12.2010, 12:07
Հարգելի Ռուզաննա, ես ոչ մի տեղ չեմ գրել, որ Դուք վատ բանաստեղծ եք:
Ես գրել եմ այն, ինչ ինձ համար անհասկանալի է: Սրանք տարբեր բաներ են: Ինչ մնում է Տերյանին ու Չարենցեն նմանվելը՝ դա հանցագործություն չէ: Դուք շատ լավ եք հասկանում, թե՝ ինչի՞ մասին է խոսքը: Ես կարող էի ավելի մեծ հաջողությամբ գրել KILA մասին, բայց Դուք ներկայացված եք «ժամանակակից հայ գրականություն » բաժնում: Ահա, թե ինչու՞ պիտի Դուք էլ լինեք պատասխանատու ինձ նման դժվար հասկացող ընթերցողի մոտ: մնացած հեղինակներին դեռ չեմ ճանաչում: Մեր բարեկամ ազգերը չեն կարդում հայերեն, մասնավորապես՝ հայ պոեզիա, բայց մեր թշնամիները կարդում են: Ինչո՞վ զամացնել: Ես շատ փնտրելուց հետո, երբ չեմ գտնում արժեքավոր գործեր ժամանակակից բանաստեղծների մոտ, նորից վերադառնում եմ Տերյանին, Չարենցին, Սևակին... մեկ-մեկ էլ... Ռուզաննա Պետրոսյանին:
Մեր ժամանակակից բանաստեղծները մեզ չեն զարմացնում իրենց տաղանդով, այլ մոլորեցնում են մեզ համար հասկանալի, իրենս համար անհասկանալի ցնդաբանություններով:
Հիացրե'ք, զարմացրե'ք ընթերցող ժողովրդին, ինչես արել են մեր վերը նշված բանաստեղծները:
Հարգանքով:
P.s. Ես դեռ կվերադառնամ, ավելի մեծ հետաքրքրությամբ կկարդամ Ձեր ստեղծագործությունները:

Արևածագ
10.12.2010, 18:16
Իմ որոնածը դու չէի՜ր արդեն,
Բայց ճամփան ուզեց, որ ես քե'զ գտնեմ
Այն տապոտ ժամին շոգ օգոստոսի:

Արևը մնաց քո տաք ափերում:
Լռին շարում եմ հուշերիս թելին
Մաղձոտ օրերը դժխեմ հյուսիսի:

Աշունն անձրևով թախիծ է մաղում:
Սիրտս մխում է անլույս, անկրակ,
Քեզանից հեռու, քեզնից մեկուսի:

Իմ խաղաղամիտ, իմ լայնահուն գետ,
Թեկուզ մոլորված՝ ես վտակն եմ քո,
Որ գուցե մի օ՜ր գիրկդ կհոսի:

1995

Rhayader
16.12.2010, 12:21
Քույր է փնտրում իրեն ու գտնում է նորից
Մի հերարձակ կնոջ, մի անկործան էգի,
Որ հեշտաբորբ մտքով, իր ցանկության հրից
Ուզում է դիակն անթաղ դարձնել միս ու հոգի:

Իմ երազած սիրո շուշանափայլ հովտում,
Մեղավոր կրքի ոսկի կոհակներին,
Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ,
Գտա մարմինը քո, և ոչ երբե'ք հոգին:

Չեմ հասկանում, Ռուզաննա, այս անթաղ դիակը որտեղի՞ց հատնվեց:
Եվ ինչու՞ պիտի այդ դիակը դարձնել միս ու հոգի:
Չեմ հասկանում նաև. Ինձ տրվեցիր որպես…թոթովախոս մանուկ...
Սա կոչվում է . педофилия: Այսքան կրքերի մեջ ուրիշ ի՞նչ մտածել:
:D
Շողոքորթությունը չգիտեմ, բայց նման բանաստեղծության մասին նման բան ասելը խոսում է կամ այն մասին, որ նայել ես, ու տեսել ոչ այն, ինչ ասված է, կամ էլ չես նայել, ու տեսել այն, ինչ չի ասված:D

Արևածագ
16.12.2010, 18:51
Սիրում եմ ես
Երկվությունդ,
Առատախոհ
Հեզությունդ,
Ինձ հետևող
Լռությունդ
Ու քո թաքուն
Կասկածները:
Ճշմարտության մերկությունը,
Որ իմ սիրտը
Չէ', չի' մրկում,
Այլ փրկում է
Ինքնաձաղկման ճահճուտներից:
Որ վերջապես
Սերն իմ կյանքում
Ուրախության
Աղբյուր է ջինջ,
Որովհետև քեզ տրվելու',
Քեզ տիրելո'ւ
Տենչը չկա՜:
Ու կի'րք չկա:
Այլ ոգեշահ, աննյութեղեն
Ճոխ ցանկություն՝

Դու' բախտավոր լինես կյանքում:

2000

E-la Via
17.12.2010, 00:50
Որ վերջապես
Սերն իմ կյանքում
Ուրախության
Աղբյուր է ջինջ,
Որովհետև քեզ տրվելու',
Քեզ տիրելո'ւ
Տենչը չկա՜:
Ու կի'րք չկա:
Այլ ոգեշահ, աննյութեղեն
Ճոխ ցանկություն՝


Արևածագ հատկապես այս հատվածը շատ հավանեցի : Գեղեցիկ է ասված :):

Garapost
17.12.2010, 01:12
:D
Շողոքորթությունը չգիտեմ, բայց նման բանաստեղծության մասին նման բան ասելը խոսում է կամ այն մասին, որ նայել ես, ու տեսել ոչ այն, ինչ ասված է, կամ էլ չես նայել, ու տեսել այն, ինչ չի ասված:D


Ես չեմ նայել, ես կարդացել եմ ու նոր տեսել այն, ինչ ասված է: Ավելի լավ է չգրել այն, ինչը չի նկատվում չկարդացողի կողմից:
Չգրելը - գրելու մոտ ունի չկարդալու և չհասկանալու առավելութունը, որը չունի գրելը և գրածը չհասկանալը: Բայց եթե գրված է, հասկացված և ընդունված հասարակության կողմից, թող անուշ լինի բոլոր գիշակերներին և ուրիշներին...

Հայկօ
17.12.2010, 01:30
Ես չեմ նայել, ես կարդացել եմ ու նոր տեսել այն, ինչ ասված է: Ավելի լավ է չգրել այն, ինչը չի նկատվում չկարդացողի կողմից:
Չգրելը - գրելու մոտ ունի չկարդալու և չհասկանալու առավելութունը, որը չունի գրելը և գրածը չհասկանալը: Բայց եթե գրված է, հասկացված և ընդունված հասարակության կողմից, թող անուշ լինի բոլոր գիշակերներին և ուրիշներին...

Բան չհասկացա/չնկատեցի. իզուր ես գրել, փաստորեն:

Հ.Գ.


Ավելի լավ է չգրել այն, ինչը չի նկատվում չկարդացողի կողմից:

Էս նախադասության մեջ ավելորդ «չ» տառ կա՞:

Garapost
17.12.2010, 01:52
Բան չհասկացա/չնկատեցի. իզուր ես գրել, փաստորեն:

Հ.Գ.


Էս նախադասության մեջ ավելորդ «չ» տառ կա՞:

Այս ամենը գրված է չհասկանալու համար: Այստեղ հասկանալու բան չկա, եթե կա ցանկություն՝ կարելի է հասկանալ::(

Rhayader
17.12.2010, 14:11
Ես չեմ նայել, ես կարդացել եմ ու նոր տեսել այն, ինչ ասված է: Ավելի լավ է չգրել այն, ինչը չի նկատվում չկարդացողի կողմից:
Չգրելը - գրելու մոտ ունի չկարդալու և չհասկանալու առավելութունը, որը չունի գրելը և գրածը չհասկանալը: Բայց եթե գրված է, հասկացված և ընդունված հասարակության կողմից, թող անուշ լինի բոլոր գիշակերներին և ուրիշներին...

Գիտե՞ս, ասենք, Զարյանին չեմ սիրում, բայց իրեն պիտի հղվեմ. պատկերացրու, քո գրածը նույնն էր, որ «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության համար հեղինակին մեղադրեիր դենդրոֆիլիայի (ծառերի նկատմամբ սեռական հակման) մեջ: Կամ, ասենք, էլի մի չսիրածս բանաստեղծի՝ Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծության համար հեղինակին մեղադրել անբուժելի հիվանդ կանանց ու լուսամփոփների նկատմամբ ինչ-որ տարօրինակ -ֆիլիայի մեջ:))
Հարցը նրանում է, որ մեջբերածդ բանաստեղծությունը հեղինակի իմ ամենասիրած աշխատանքներից մեկն է, ու ես, այն կարդալով, քո ասածը չեմ տեսել: Ու էլի լիքը մարդիկ կարդացել ու չեն տեսել: Ու հեղինակն էլ ի նկատի չի ունեցել: Ուրեմն միգուցե խնդիրը քո՞ մեջ է)))
Անեկդոտ հիշեցի այդ առիթով. հոգեբանը մեկի քննում է: Քառակուսի է ցույց տալիս.
- Սա ի՞նչ է:
- Սա անկողին է, որի վրա մարդիկ (սեքսի ձայներ) սիրում են իրար:
Եռանկյունի է ցույց տալիս.
- Սա՞:
- Սա էլ վրան է, որի մեջ մարդիկ (սեքսի ձայներ) սիրում են իրար:
Բժիշկը ջղայնանում, զիգզագ է նկարում, ցույց է տալիս.
- Իսկ սա՞:
Հիվանդը, խորամանկ ժպիտով.
- Բժիշկ, բայց դու էլ նենց ոչինչ սեքսուալնի մանյակ ես:D

Ariadna
17.12.2010, 16:11
Գիտե՞ս, ասենք, Զարյանին չեմ սիրում, բայց իրեն պիտի հղվեմ. պատկերացրու, քո գրածը նույնն էր, որ «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության համար հեղինակին մեղադրեիր դենդրոֆիլիայի (ծառերի նկատմամբ սեռական հակման) մեջ: Կամ, ասենք, էլի մի չսիրածս բանաստեղծի՝ Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծության համար հեղինակին մեղադրել անբուժելի հիվանդ կանանց ու լուսամփոփների նկատմամբ ինչ-որ տարօրինակ -ֆիլիայի մեջ:))
Հարցը նրանում է, որ մեջբերածդ բանաստեղծությունը հեղինակի իմ ամենասիրած աշխատանքներից մեկն է, ու ես, այն կարդալով, քո ասածը չեմ տեսել: Ու էլի լիքը մարդիկ կարդացել ու չեն տեսել: Ու հեղինակն էլ ի նկատի չի ունեցել: Ուրեմն միգուցե խնդիրը քո՞ մեջ է)))
Անեկդոտ հիշեցի այդ առիթով. հոգեբանը մեկի քննում է: Քառակուսի է ցույց տալիս.
- Սա ի՞նչ է:
- Սա անկողին է, որի վրա մարդիկ (սեքսի ձայներ) սիրում են իրար:
Եռանկյունի է ցույց տալիս.
- Սա՞:
- Սա էլ վրան է, որի մեջ մարդիկ (սեքսի ձայներ) սիրում են իրար:
Բժիշկը ջղայնանում, զիգզագ է նկարում, ցույց է տալիս.
- Իսկ սա՞:
Հիվանդը, խորամանկ ժպիտով.
- Բժիշկ, բայց դու էլ նենց ոչինչ սեքսուալնի մանյակ ես:D

Ռայ ջան, լրիվ կիսում եմ կարծիքդ, միայն թե «Նաիրյան դալար բարդին» Հ.Սահյանինն է, ինչքան էլ որ իրեն նման չի, բայց դե :)

Rhayader
18.12.2010, 02:18
Ռայ ջան, լրիվ կիսում եմ կարծիքդ, միայն թե «Նաիրյան դալար բարդին» Հ.Սահյանինն է, ինչքան էլ որ իրեն նման չի, բայց դե :)

Փաստորեն, իսկապես: Բայց դա էական ոչինչ չի փոխում տվյալ գրառման կոնտեքստում:

Արևածագ
23.12.2010, 14:32
Ծովից հանած մարմար խեցու կախարդական խուլ խշշոցում
Լերկ բառերը անկումներիդ պատմությունն են ինձ շշնջում:

Հայացքիդ մեջ գլխովդ անցած մրրիկների ստվերներն են,
Որ անաղմուկ թավալվում են հիշողության ավազներին:

Արդեն ոչի'նչ չունե՜ս տալու հոգուդ սնանկ գանձարանից,
Ու չենք քայլի փողոցներով՝ քնքուշ բռնած իրար ձեռքից:

Գիտեմ՝ բարդ է , բայց չթողնես, որ մահահոտ անդունդներում
Քեզնով շնչող հույսս մարի:
Թո'ղ փշրվի «չի կարելին» մեզ բաժանող անջրպետում:

Անշահ հոգուդ մի անկյունում փոքրիկ տեղ տուր՝ ծվարեմ ես:
Որպես զարկված հավքի կռինչ
Ու բորբ աղոթք նվիրյալի՝ ուզում եմ ինձ մի քի՜չ սիրես:

1998

Արևածագ
04.01.2011, 11:43
Աշնան երկինքը տխրում է մեկեն,
Ու ծեր քամին է սուլում անարվեստ,
Հույսերս տարան կռունկներն արդեն
Իրենց սրտամաշ կղկղոցի հետ:

Իսկ ես մի անղեկ մակույկի նման
Դեգերում եմ մութ ծովի ջրերում,
Եւ չկա, չկա' ափը հանդիպման,
Մինչդեռ ամեն խութ... ցամաք էր թվում:

Աշնան երկինքը տխրում է մեկեն,
Անձրևը թախծոտ սաղմոս է երգում,
Եւ թափառալուր իմ հոգուն անքեն
Այս տառապանքը հավերժ է թվում:

1987

Արևածագ
14.01.2011, 11:21
Փորձում էի
Թասս լցնել
Առօրյայի գոլ թուրմերով.
Հայտնի է չէ՞.
-Օգտակա՜ր են:
Բայց դրա հետ լցվեց նաև
Չճաշակած քնքշանքների
Ափսոսանքով,
Սիրտս կնքած համբույրների
Կենտ համրանքով:
Մի տաքուկ գիրկ ունենալու
Եղած- չեղած
Երազանքով:
Խառնեցի ալ կարոտախտն ու
Առանց հույզի տված- առած
Գգվանքներս:
Թասս լի է, բայց չի՜ խմվում:

-Չլրացած սիրո բացը
Սոսկ սիրո'վ է փոխհատուցվում:

1994

ՆանՍ
14.01.2011, 11:34
Փորձում էի
Թասս լցնել
Առօրյայի գոլ թուրմերով.
Հայտնի է չէ՞.
-Օգտակա՜ր են:
Բայց դրա հետ լցվեց նաև
Չճաշակած քնքշանքների
Ափսոսանքով,
Սիրտս կնքած համբույրների
Կենտ համրանքով:
Մի տաքուկ գիրկ ունենալու
Եղած- չեղած
Երազանքով:
Խառնեցի ալ կարոտախտն ու
Առանց հույզի տված- առած
Գգվանքներս:
Թասս լի է, բայց չի՜ խմվում:

-Չլրացած սիրո բացը
Սոսկ սիրո'վ է փոխհատուցվում:

1994

Շատ լավն էր,ապրես:hands

KiLa
14.01.2011, 22:20
Բարև Արևածագ ջան: Այսօր միայն իմացա, որ Ռուզաննա Պետրոսյանը ...
Բախտս բերեց, մի քիչ ժամանակ ունեյի ու քիչ թե շատ հասցրեցի ծանոթանալ թե Ռուզաննա Պետրոսյանի և թե Արևածագի հետ:
Գիտե՞ս, որքան էլ փորձեմ լավ կարծիք հայտնել բանաստեղծություններիդ վերաբերյալ՝, իսկ դրանք իրոք արժանի են, միևնույն է, պետք է ասեմ, որ արձակը քեզ մոտ ավելի լավ կստացվեր: Փոքրիկ պատմվածքը, որը տեղադրել էիր, շատ ավելին ասեց քո մասին...
Ամեն դեպքում քեզ հաջողություն ու ամենայն բարիք:

Արևածագ
15.01.2011, 09:08
Սիրելի ԿիԼա, շնորհակալ եմ ինձ հատկացված ուշադրության համար: :oy
Իրականում բանաստեղծությունն ինձ ավելի սրտամոտ է, քան արձակը: Իսկ գրածներս իրենցից որևէ արժեք ներկայացնու՞մ են, թե՝ ո'չ, միայն ժամանակը ցույց կտա: Մարդիկ կան, ում կարծիքն ուղղակի անտեսել չեմ կարող, համոզում են , թե գրածս արձակն անհամեմատ թույլ է չափածոյից: Չգիտեմ, իսկապե'ս չգիտեմ:

KiLa
16.01.2011, 19:14
Բարև Արևածագ ջան: Ճիշտն ասած երկար մտածեցի գրեմ թե ոչ:
Գիտե՞ս, ես ինքս էլ տեսնում եմ, որ բանաստեղծություններդ ավելի լավն են, քան պատմվածքը՝, որը տեղադրել ես: Բայց արդյո՞ք մի քանի պատմվածքներից հետո պատկերը կմնա նույնը: Ինձ թվում է որ, ոչ: Բանաստեղծություններ դու վաղուց ես գրում, այն քեզ ավելի հարազատ է, ասել է թե դու անհամեմատ ավելի վարժված ես այդ ,,գործում՛՛: Բայց արձակը քեզ հնարավորություն կտա ավելին ասելու:
Կարևորը դու տեսնում ես քեզ շրջապատող աշխարհը: Պատմվածքդ գուցե և թույլ էր, քան քո որոշ չափածո նմուշներ, բայց այնտեղ դու կարողացար ցույց տալ սիրող կնոջը՝, հիշենք ամուսնուն երբեմն մոր հոգատարությամբ սիրող Մարոյին, ցույց տվեցիր ուրիշի ցավը սրտին մոտ ընդունող Մարոյին: Գուցե ոմանց, հատկապես մեր նոր սերնդին, պետք է ծանոթացնել նաև այն Մարոյին, որը մսի մի փոքրիկ կտորն ու երկու կում թեյը գողություն անողի նման է ուտում, որովհետև կողքինները ուտելու ոչինչ չունեն: Գուցե պետք է նաև ծանոթացնել մեր մայրերերին այն մոր հետ, ով հպարտորեն է նայում իր որդուն, որը գերադասում է քաղցած մնալ, քան ուտել քաղցածների ներկայությամբ: Եվ որ կարևորն է, դա է եղել նրա դաստիրակության նպատակը...
Չգիտեմ Արևածագ ջան, իրոք չգիտեմ... Բայց ինձ թվում է, որ դու ավելին կարող ես տալ մեր ընթերցողին, քան քնքուշ ու սիրային բանաստեղծությունները:
Ուղղակի արձակը երբեմն շատ ժամանակ է պահանջում, որը մենք չունենք: Ու երևի հենց սա էլ հիմնական պատճառն է...
Բարին քեզ հետ... Առայժմ:

Արևածագ
21.01.2011, 10:14
Հեքիաթ

Շատ տխուր էի
Եվ ուզում էի,
Որ դու ինձ գրկես,
Կամ էլ գլուխդ
Ծնկներիս դրած՝
Խոր քնով ընկնես:
Ոնց հեքիաթներում
Արքայազններն են
Իրենց սիրածի
Գոգումը քնում:
Ես խճճեի մազերդ փափուկ,
Կամ սկսեի զրույց մի տաքուկ՝
Ինչպես է երկնից
Դարպասներ բացվում,
Մեզ նմաններին
Բարի հայացքով
Դրախտ են կանչում:
Կամ էլ մեր գլխին
Մի ոսկեշող ամպ
Զմրուխտ- մարգարտի
Անձրև է թափում:
Իսկ մինչ այդ պահը
Քո գանգուրներն եմ
Փափկորեն շոյում:

Դի'ր գլուխդ իմ ծնկներին,
Ես փշրել եմ
Սկիհները ժամանակի:
Նրա սուրսայր կտորտանքին
Հետքերս են վառ,
Արյունլվիկ:
Մի բորենի
Անշուշտ արյան
Հոտը կզգա...
Ու երբ որ դու,
Քո'ւնդ առած,
Հրեղեն ձիդ փութով թամբես,
Թուր կեծակին ձեռքդ առնես
Ու մի կիսատ հրաժեշտով
Հեքիաթներիդ
Ճամփանե'րը շարունակես,
Դա բորենին
Անշուշտ կզգա՜,
Ու մոտալուտ
Խրախճանքի ախորժակով
Մոտս կգա:

Իսկ մինչ այդ թող՝
Ես քեզ գրկեմ:
Դի'ր գլուխդ իմ ծնկներին՝
Խուլ շշուկով
Հին աշխարհի միֆը պատմեմ.
Փերիների'ց,
Կտրիճների՜ց,
Եվ մեկ էլ ա'յն,
Որ հեքիաթի կտրիճները
Չեն իմանում
Ու խաբվելով,
Վհուկների' գրկում էլ են
Մեկ- մեկ քնում:
Բայց այդ պահին
Երկնքիցը
Երեք խնձոր վեր չի՜ ընկնում:
Միայն մեկը՝
Էն էլ օձն է հյուրասիրում:

Քնիր , հոգի'ս,
Տխրությունը չի՜ խանգարի,
Որ շան նման
Քունդ հսկեմ:

2001

Արևածագ
03.02.2011, 10:54
Մարդն ապրեց անհա՜մ- անալի՜
Մի երկա՜ր կյանքով,
Որ լցված էր սոսկ
Իր արարքներով
Հարազատներին չվշտացնելու
Սուտ սփոփանքով:

* * *

Ամաչում էի
Իմ տխրությունից
Եւ ձգտում էի, որ թեթև ժպտամ
Ու հեշտ ծիծաղեմ:
Որ չլինի, թե մի որոնող աչք
Հանկարծ նկատի ինձանով փակված
Խորխորատների դժնի հատակը:

Բայց ծանոթս ասաց.
-Լավ դերասան չե'ս...

Malxas
03.02.2011, 16:43
Սիրելի ԿիԼա, շնորհակալ եմ ինձ հատկացված ուշադրության համար: :oy
Իրականում բանաստեղծությունն ինձ ավելի սրտամոտ է, քան արձակը: Իսկ գրածներս իրենցից որևէ արժեք ներկայացնու՞մ են, թե՝ ո'չ, միայն ժամանակը ցույց կտա: Մարդիկ կան, ում կարծիքն ուղղակի անտեսել չեմ կարող, համոզում են , թե գրածս արձակն անհամեմատ թույլ է չափածոյից: Չգիտեմ, իսկապե'ս չգիտեմ:

Սիրելի Արևածագ
Քո գրած գրառումները հաճախ ավելի գեղեցիկ են լինում, քան պատմվածքները: Խնդրում եմ ճիշտ հասկանալ ինձ: Դրանք այս տեսքով էլ վատը չեն, բայց տեսնելով քո գեղեցիկ ու բովանդակալից լեզուն ակամայից այս եզրակացության եմ եկել: Իմ կարծիքով ակումբում դու ամենալավն ես տիրապետում հայոց լեզվին ու քիչ բառեր օգտագործելով կարողանում ես առավելագույն իմաստ հաղորդել դրանց: Ես չեմ հասկանում, թե ինչն է քեզ խանգարում, որ լեզվի այդ գեղեցկությունը պատմվածքներին փոխանցես: Չգիտեմ անհամարձակություն անվանեմ դա, թե անվստահություն: Միգուցե ինքդ բացատրություն տաս?
Բանաստեղծություններիդ մասին կարող եմ միայն լավը ասել: Միշտ հաճույքով կարդում եմ: :)

Արևածագ
03.02.2011, 17:05
Սիրելի Արևածագ
Քո գրած գրառումները հաճախ ավելի գեղեցիկ են լինում, քան պատմվածքները: Խնդրում եմ ճիշտ հասկանալ ինձ: Դրանք այս տեսքով էլ վատը չեն, բայց տեսնելով քո գեղեցիկ ու բովանդակալից լեզուն ակամայից այս եզրակացության եմ եկել: Իմ կարծիքով ակումբում դու ամենալավն ես տիրապետում հայոց լեզվին ու քիչ բառեր օգտագործելով կարողանում ես առավելագույն իմաստ հաղորդել դրանց: Ես չեմ հասկանում, թե ինչն է քեզ խանգարում, որ լեզվի այդ գեղեցկությունը պատմվածքներին փոխանցես: Չգիտեմ անհամարձակություն անվանեմ դա, թե անվստահություն: Միգուցե ինքդ բացատրություն տաս?
Բանաստեղծություններիդ մասին կարող եմ միայն լավը ասել: Միշտ հաճույքով կարդում եմ: :)

Սիրելի Մալխաս, երախտապարտ եմ լավ վերաբերմունքի համար: Դու չե՜ս պատկերացնում, թե ես ինչքան ԾՈՒՅԼ եմ... :oy Այդ պատճառով էլ անընդհատ ձգտում եմ համեմատաբար քիչ բառերով հնարավորինս շատ բան ասել: :)

Արևածագ
08.02.2011, 15:26
Ոտնահետքերի բեռից ծերացած
Ճանապարհները՝ անձրևոտ ու թաց,
Էլ ինձ չե'ն ձգում, ձանձրացնու՜մ են ինձ,
Ու սիրտս է սահում մի տհաճ կսկիծ:

Ուր-որ է ձյուն է թափվելու հիմա,
Որ ինչ որ մեկի մազերին մնա,
Գուցե մեկին էլ արծաթի թևով
Խաղաղություն տա, կամ քուն անվրդով:

Բայց շա՜տ եմ ուզում, որ ձյունը չգա.
Սիրասուն մայրս թո'ղ ջահել մնա,
Մորս քունքերին ալյուր չմաղի,
Չճերմակե'ն հար վարսերն աշխարհի:

1986թ. նոյեմբեր

Արևածագ
10.02.2011, 12:47
Հեքիաթի քնած դշխուհու նման
Երկու տասնամյակ սպասել էի,
Որ երազանքիս թագակիր տղան
Տեղս իմանա, գա ինձ համբուրի:

Եկա'վ, արթնացրեց մահաբեր քնից,
Սլացավ հետս հույսի թևերով,
Բուռ-բուռ խմեցի Կենդանի Ջրից,
Երկինքս պարզվեց նոր ծիածանով:

Բայց սիրո տոնն այդ կարճ պիտի տևեր.
Ես վաղուցվանից գիտեի հաստատ՝
Կյանքը հեքիաթ չի,այլ հաճախ՝նովել,
Ու շատ է անում սոսկ քայլեր վհատ:

Նա, որ իմ սրտի, իմ մտքի տերն էր,
Ու արի արքան երազանքներիս,
Հոգուս միջուկն էր ու հենարանն էր-
Մերժեցի նրան, միակ արևիս...

Վառ սիրո կարոտ ճաքած շուրթերից
Հնչեցին մերժման դժնի խոսքերը.
Այդպես քանդեցի խեղճ հոգուս տնից,
Բոլոր սյուներն ու հենապատերը:

1990

Արևածագ
12.02.2011, 15:02
Знаю, умру на заре!- Ястребиную ночь
Бог не пошлет по мою лебединую душу!
Марина Цветаева


Արթնախոհ հսկիչի պես՝ մոռացության թուխպն անանուն
Երկինքներիս պռունկները իրենով էր խցանում:

Կարծում էի՝ աղոթքներս մինչ քղանցքդ բարձրագահ,
Անհունի մեջ կորչում են զուր՝ հևքով թույլ ու աննշան:

Հուսաբեկ երթս դժնի խավարում անվերջ էր թվում,
Խամրած հայացքս Քո լի փեշերից սոսկ մահ էր մուրում:

Բայց դու գիտեիր՝ սիրտս վառման ու հոգիս մաքուր էր,
Ու թույլ տվեցիր հաղթության գինուց մի կում ճաշակել:

Եվ Քո գթության սերմնահատիկը կարծես ծիլ տվեց.
Իմ բախտի հողում մի դալուկ ծաղիկ քնքուշ օրորվեց:

Ամենատես Տե'ր, իբրև չգործած մեղքի թողություն,
Գիտե'մ, որ գիշանգղի մահ չե'ս տա իմ կարապի հոգուն:

Արևածագ
17.02.2011, 13:55
Խոհուն կաղնու պես
Թույլ ես տվել, որ սաղարթներիդ մեջ
Ես էլ իմ փոքրիկ... բույնը ունենամ՝
Շատերի նման...

Առաջին անգամ ծառը իմը չի:

…Բայց ճկուն ոստիդ թառելու մտքից
Առաջի'ն անգամ՝ ես գոհ եմ այնքա՜ն...

* * *

Վերնաշապիկս չէի լվանում.
Օձիքին շրթներկիդ հետքն էր
Ու մաշկիդ բույրը:
Մայրս այսօր լվացք էր արել...
Կորցրի քեզ ընդմիշտ :

Արևածագ
22.02.2011, 09:53
Ների՛ր

Երբ մանուկ էի,
Իմ դպրոցական զնգուն օրերում
Ուսուցիչներս կանչում էին ինձ,
Որ դասարանին հեքիաթներ պատմեմ,
Երբ իրենք հանկարծ դուրս պիտի գային,
Կամ էլ շտապով տետր էին ստուգում:

Հիմա չգիտեմ՝ ո՞վ է ինձ կանչել,
Բայց հույս ունեմ չնչին,
Որ իմ տողերը՝ թիթեռների պես
Ոտքերը սիրո նեկտարում թաթախ,
Թեկուզ կարճ կյանքով
Պիտ հանկարծ ճախրեն
Ու մարդկանց պատմեն
Մի ուրիշ երկրի հեքիաթը թովիչ:

Թիթեռ եմ ծնում...

Բայց Քրոնոս պապն է,
Որ գուցե կասի՝
Թիթե՞ռ են սրանք,
Թե՝ անպիտա՛ն բոռ:
Իսկ մինչ այդ պահը՝
Ների՛ր, ճերմակ թուղթ:

Արևածագ
23.02.2011, 12:52
Նույնիսկ այն, որ լիալուսնի վրա
Հաչող շան ոռնոցը
Փաթիլների անկարգ շուրջպարում
Մահվան մղձավանջի պատկերներ է գծում,
Իսկ մարդկանց՝ իրարից զատող
Տրածությունը
Երազանքների սրածայր փշրանքով է լցվում,
Ու թվում է՝
Դժգոհության ու ձանձրույթի ճիրաններից
Ազատվելու հնար չկա...

Հավատա՛ ինձ.
Աշխարհում մի՛շտ կա մեկը,
Որ աչքերիցդ մռայլության ամպը կցրի
Ու ծարաված հոգուդ մի կում հույս կտա:

2011

Հայկօ
23.02.2011, 13:27
Վերնաշապիկս չէի լվանում.
Օձիքին շրթներկիդ հետքն էր
Ու մաշկիդ բույրը:
Մայրս այսօր լվացք էր արել...
Կորցրի քեզ ընդմիշտ :

Էս մեկը շատ հավանեցի:

impression
23.02.2011, 13:47
Էս մեկը շատ հավանեցի:

ես էլ

Արևածագ
26.02.2011, 12:20
Զուգահեռներդ մի տեղ կհատվեն՝
Թափանցիկ, անտես հարթության վրա,
Ճառագայթների հետքով կարծրադեմ
Մի անհայտ կետում կգտնեն իրար:

Հեգ զուգահեռս քոնի հետ վաղուց,
Հատվել է արդեն, ընթացել հեռու,
Ափսոսանքի ճիչն իմ մոլագար հոգուց
Խորթացած հոգուդ էլ չի հասնելու:

Malxas
27.02.2011, 19:50
Զուգահեռներդ մի տեղ կհատվեն՝
Թափանցիկ, անտես հարթության վրա,
Ճառագայթների հետքով կարծրադեմ
Մի անհայտ կետում կգտնեն իրար:

Հեգ զուգահեռս քոնի հետ վաղուց,
Հատվել է արդեն, ընթացել հեռու,
Ափսոսանքի ճիչն իմ մոլագար հոգուց
Խորթացած հոգուդ էլ չի հասնելու:

Կարծում եմ այս տողը պետք է ուղղվի: Ընդհանուր 11 վանկ է և եթե ճիչն էլ հաշվենք, որ մեկից մի փոքր ավել է, անհամահունչ է դառնում 10 վանկանոց բանաստեղծությանը: :)
Կարելի է օրինակ - [B]Ափսոսանքի ճիչն իմ խռով հոգուց...

Արևածագ
27.02.2011, 22:02
Շնորհակալություն, Մալխաս: Չէի նկատել: :oy Ճիշտն ասած՝ սրա բնագիրը կորցրել էի, շա՜տ շուտ եմ գրել, ահագին թղթերս քրքրեցի, այդպես էլ չգտա: Որոշեցի հիշողությամբ վերականգնել: Եթե մի օր սա տպելու լինեմ, նկատողությունդ անպայման հաշվի կառնեմ: :)

Արևածագ
02.03.2011, 18:24
Հունվարի կեսին
Սարյակների երամ կար
Մթնող երկնքում:
Նրանք հարավից ետ էին թռչում,
Բայց ձմռան օրով ու՞ր պիտի գնան:

Malxas
03.03.2011, 14:44
Սրանք ճապոնական ոճով ես գրել :))

Արևածագ
03.03.2011, 16:34
Սրանք ճապոնական ոճով ես գրել :))

Շատ ճի՛շտ ես նկատել: :) Վերջերս նորից ճապոնական պոեզիայից կարդացի , այնքան սեղմ են գրում ու այնքա՜ն տարողունակ: Միայն ամենակարևորը, բայց այնպե՜ս նրբորեն: Սիրում եմ...:oy

Malxas
03.03.2011, 17:29
Շատ ճի՛շտ ես նկատել: :) Վերջերս նորից ճապոնական պոեզիայից կարդացի , այնքան սեղմ են գրում ու այնքա՜ն տարողունակ: Միայն ամենակարևորը, բայց այնպե՜ս նրբորեն: Սիրում եմ...:oy

Ճապոնական բանաստեղծություններն իրոք յուրօրինակ են: Հինգ վեց բառով կարող են մարդու կյանքի ողբերգությունը ներկայացնել իրենց մանրամասներով: :)

Արևածագ
05.03.2011, 10:44
Երջանկության ոսկեթև հավք,
Իջի՛ր ափիս մի ակնթարթ:

Ամեն սրտում սիրո՛, գութի՛
Արևահորդ լույսը վառվի,

Ուղիներում մոլորվածին
Բարեխնամ ելք գտնվի:

Ծարավածը՝ ջինջ աղբյուրի
Պաղ շիթերը պարպի քիմքին:

Խաղաղության հորիզոնին
Հետքդ թողած, վարքով հանդարտ՝

Երջանկության ոսկեթև հավք,
Իջի՛ր ձեռքիս մի ակնթարթ:

2011

Արևածագ
07.03.2011, 12:27
Անվախճան Ոգու երկնասույզ աշխարհում
Կսուզվի խենթ հոգիս՝ թողած սեր ու լաց,
Հուշերը պայծառ սոսկ կմարեն վարում,
Ահռելի ամեն ցավ կանցնի, և ԱՆԴԱ՛ՐՁ:

1993

Արևածագ
09.03.2011, 13:20
Օրերը վայր կընկնեն ուլունքների պես,
Քամին շարանի թելը կառնի-կտանի,
Կբացեն թրթիռով էլի հուշերս հանդես,
Անձրևի սգո երթն իմ դեմ կհառնի:
Վերջին արշալույսը զվարթ՝ մեռնող հույսերիս,
Հեռանում է փութկոտ ու ցավով մշուշվում.
Տարիների կորած ուլունքաշարից
Միմիա՛յն
Քեզ հետ հանդիպման օրերն եմ հիշում:

1990

Արևածագ
10.03.2011, 09:59
Տե՛ր իմ,
Ինչու՞ ես նորից
Ինձ անդունդներիդ
Խորքերը չափող փորձաքար շինել:
Գթա՛, գթա՜ ինձ ...

Արևածագ
15.03.2011, 10:09
Թո՛ղ նայեմ քեզ,
Որ իմանամ զսպել իմ մեջ
Ոչինչ չասող բառերի չուն:
Խենթ եմ ես, երբ հայացքդ տաք
Փարվում է ինձ,
Երբ մատներիդ մի հպումից
Ձգողության և ո՛չ մի դաշտ
Սիրտս երկրին չի՜ շղթայում:
Ամառն անցավ, քո շուրթերից
Բարկ արևի համն է կաթում:
Իսկ ես կյանքում չե՛մ կշտացել
Ո՛չ արևից, ո՛չ քո սիրուց:
Զմուռս եմ ես ափերիդ մեջ,
Չպնդացած, հեղուկ զմուռս:
Դի՛ր քո սրտին զմուռսն այնպես,
Որ ես կնքել կարողանամ.
-Սիրում եմ քեզ:
Սիրում եմ քեզ:

1990

Չնայած Երվանդն ասել է «էդ սիրում եմ քեզը մի՛ գրի», բայց վաղեմի բանաստեղծությունների միջից եթե դրանք հանեմ, բանաստեղծությունները անհիմք տան նման կփլվեն: Չի ստացվում հանել: :oy

Արևածագ
16.03.2011, 19:29
Մեր զրույցները
Սոսկ նմա՛ն էին
Անվտանգ խաղի:
Բայց այդ պատճառով
Նույնիսկ լաց եղավ
Նա՝ ում դատարկ,
Կավե հայացքում
Քանի՜ տարի է
Ցո՛ղ անգամ չկար:

Արևածագ
21.03.2011, 20:40
Հերթական անգամ քայլվածքով երեր
Դուրս բերի հոգիս տխրության ճահճից:
Ինձ հասնելիքն էլ չիմացա ուզել
Բախտի մարդաշատ, շքեղ խնջույքից:

Ստեղծածդ ամեն հյուլեի կյանքում
Թո՛ղ կամքդ լինի, Ամենատես Տեր,
Օգնի՜ր, Բարեգութ, որ խորթ ճամփեքում
Տվածդ խաչը հեզությամբ տանեմ:

2011

Արևածագ
24.03.2011, 09:14
Ճամփաբաժանի անորոշ կետում
Այնքան էլ հեշտ չի ճիշտ ուղուց շեղվել,
Երբ ճամփից առաջ, թե ու՞ր ես գնում,
Փնտրածդ ի՞նչ է, չէի՜ր որոշել:

Ընդհատված զրույց, փլված կամուրջ ես,
Չինական պարիսպ՝ հայացքիս առաջ.
Արձագանքներդ՝ շիթերով անտես,
Խարույկ են նետում իմ կամքը պաղած:

Կզսպեմ հոգուս հողմերը ցասման,
Հպարտության ճոխ դիմակ կհագնեմ՝
Հանկարծ տխրության ամպը չերևա,
Որ քամարհանքիս տունկը խնամեմ:

Գրո՛ղի ծոցը փակուղիները.
Կտրած մեղեդին, լռած զրույցը,
Ձանձրալի գիրքը, փլված կամուրջը...
Պիտի հավաքեմ, կիտեմ ամենը
Ու թեթև սրտով, առանց ափսոսանք
Շպրտեմ հեռու՝ գրողի ծո՛ցը:

Արևածագ
29.03.2011, 19:45
Կսավառնի հար օրերիս մուժում
Անունդ՝ արծիվ ՝ թևերը փռած,
Խոյանքով հատու, մով երկինքներում՝
Ձիգ հորիզոնին հայացքը նետած:

Գետեր հորդահոս ու դաշտեր անթիվ.
Անտառների մութ սոսափի ներքո
Արծվի սուր աչքը որսը կտեսնի,
Ու ցած կսուրա վայրի մոլուցքով:

Վաղուց գամել եմ ինքս ինձ ժայռին
Ինքնանվիման վարքով կանացի,
Ու շատ լավ գիտեմ, որ քաղցի պահին
Հենց նո՛ւյն արծիվը լյարդս կկտցի:

Արևածագ
31.03.2011, 10:50
Դու սուրբ ցնորք, ջահելության իմ առասպել,
Միայն ոսկի թելերից եմ ես քեզ հյուսել:

Բայց օրերի չուն անխաթար, անգույն ու սին,
Հոգուս թափեց ատելության դառը փոշին:

Ու կապտաջինջ եզրին նետած հայացքիս մեջ,
Հեռվում ցրվեց կարոտակեց սերս անշեջ:

Պիտի բացվի մի օր եդեմն հեքիաթային,
Լու՜յս կհագնի հազարափայլ իմ լուռ հոգին:

Ես, որ հոգով լո՛կ երկրային սերն եմ ընտրել,
Գեթ ա՛յն կյանքում երանություն պիտի գտնեմ:

1993

Արևածագ
01.04.2011, 10:11
Անքուն գիշերը հարցականներով բզկտում է իմ հիվանդ ուղեղը.
Ու՞մ ցամաք ափում, կամ կույր սրտի մեջ պիտի գտնվի փրկության դեղը:

Սատանաների արնոտ խնջույքի զոհասեղանին իմ սիրտն է այսօր.
Դժոխքի հազար կացինները բիրտ խփում են ուժգին կրծքիս արնածոր:

Ու վհուկները՝ վայրի քրքիջով, դիակիս կողքին շուրջպարի ելած,
Հաշվում են իրենց աղաղակներում կյանքումս բոլոր մեղքերը գործած:

Ձգվում է անվերջ անթիվ մեղքերիս ու սխալներիս շարանը երկար,
Միթե՞ ոչ մեկը չի աղոթելու իմ՝ բազմամեղիս փրկության համար:

Ու սխալներից, բազում մեղքերից հյուսվում է հանկարծ մի փշե պարան,
Կամքս հիպնոսած ճկուն օձի պես փաթաթվում ամուր իմ հոգու վրա:

Արնաքամ հոգիս թպրտում է թույլ օձի լպրծուն, թունավոր ծոցում,
Նա իր ատամով չեղածս կամքի վերջին կաթիլն է հաճույքով ծծում:

Արև, սուրբ Արև, քո առավոտի աչքերը մաքուր ե՞րբ պիտի բացվեն,
Գուցե հե՛նց այնժամ, զարթոնքի պահին ինձ էլ հաջողվի տենդից ազատվել:

1.04.11

Malxas
03.04.2011, 21:07
Անքուն գիշերը հարցականներով բզկտում է իմ հիվանդ ուղեղը.
Ու՞մ ցամաք ափում, կամ կույր սրտի մեջ պիտի գտնվի փրկության դեղը:

Սատանաների արնոտ խնջույքի զոհասեղանին իմ սիրտն է այսօր.
Դժոխքի հազար կացինները բիրտ խփում են ուժգին կրծքիս արնածոր:

Ու վհուկները՝ վայրի քրքիջով, դիակիս կողքին շուրջպարի ելած,
Հաշվում են իրենց աղաղակներում կյանքումս բոլոր մեղքերը գործած:

Ձգվում է անվերջ անթիվ մեղքերիս ու սխալներիս շարանը երկար,
Միթե՞ ոչ մեկը չի աղոթելու իմ՝ բազմամեղիս փրկության համար:

Ու սխալներից, բազում մեղքերից հյուսվում է հանկարծ մի փշե պարան,
Կամքս հիպնոսած ճկուն օձի պես փաթաթվում ամուր իմ հոգու վրա:

Արնաքամ հոգիս թպրտում է թույլ օձի լպրծուն, թունավոր ծոցում,
Նա իր ատամով չեղածս կամքի վերջին կաթիլն է հաճույքով ծծում:

Արև, սուրբ Արև, քո առավոտի աչքերը մաքուր ե՞րբ պիտի բացվեն,
Գուցե հե՛նց այնժամ, զարթոնքի պահին ինձ էլ հաջողվի տենդից ազատվել:

1.04.11

Թույլ չտվեց վարկանիշ տամ... :(
Այս անգամ կարծես Իսահակյանի ոճով ես գրել, երբ նա գրել է <Աբու Լալա Մահարին>: Իսկ քանի որ Իսահակյանն էլ արաբ բանաստեղծ Աբու Լալա Մահարիի ոճով է գրել իր այդ ստեղծագործությունը, ստացվում է որ դու էլ Աբու լալա Մահարիի ոճով ես գրել: :)
Իսկ հիմա ավելի լուրջ: Հզոր էր և տպավորիչ: Իմ կարծիքով այսպիսի ոճով գրվածքները ավելի շատ կսազեն երկար ու կոնկրետ սյուժե ունեցող ստեղծագործություններին:

KiLa
03.04.2011, 22:57
Ձգվում է անվերջ անթիվ մեղքերիս ու սխալներիս շարանը երկար,
Միթե՞ ոչ մեկը չի աղոթելու իմ՝ բազմամեղիս փրկության համար:


Արնաքամ հոգիս թպրտում է թույլ օձի լպրծուն, թունավոր ծոցում,
Նա իր ատամով չեղածս կամքի վերջին կաթիլն է հաճույքով ծծում:


1.04.11

Վերջերս ժամանակս չի բավարարում... բայց հենց առաջին պատեհ պահին խոստանում եմ աղոթել քո փրկության համար:
Ի՞նչ է պատահել Արևածագին, ինչու՞ հանկարծ ,,ամպեց՛՛ առավոտը...
Լավն էր Արևածագ ջան, շա՜տ դուր եկավ:

Mark Pauler
04.04.2011, 00:00
Նստած գրքի պես թերթերը ետից առաջ թերթում եմ ու կարդում "Տպվածն ու անտիպը":



Վերնաշապիկս չէի լվանում.
Օձիքին շրթներկիդ հետքն էր
Ու մաշկիդ բույրը:
Մայրս այսօր լվացք էր արել...
Կորցրի քեզ ընդմիշտ :

Հասա էս մեկին ու...
Արևածագ, իմ վաղեմի ապրած ու կորցրած մի զգացողության վերապրեցի:
Շատ տարիներ առաջ, ես էլ ունեի մի էդպիսի վերնաշապիկ ու չեի ուզում, որ մաման լվանա ...
Մեկ էլ ասեմ, որ դեռ մի մասն եմ կարդացել ու մեծ հաճույքով շարունակությունն եմ կարդում:

Արևածագ
04.04.2011, 08:29
Թույլ չտվեց վարկանիշ տամ... :(
Այս անգամ կարծես Իսահակյանի ոճով ես գրել, երբ նա գրել է <Աբու Լալա Մահարին>: Իսկ քանի որ Իսահակյանն էլ արաբ բանաստեղծ Աբու Լալա Մահարիի ոճով է գրել իր այդ ստեղծագործությունը, ստացվում է որ դու էլ Աբու լալա Մահարիի ոճով ես գրել: :)
Իսկ հիմա ավելի լուրջ: Հզոր էր և տպավորիչ: Իմ կարծիքով այսպիսի ոճով գրվածքները ավելի շատ կսազեն երկար ու կոնկրետ սյուժե ունեցող ստեղծագործություններին:
Մալխաս, շնորհակալ եմ կարծիքի համար: Զգացողություններն այնպիսին էին, որ կարճ տողերում չէր լինի տեղավորել, ինչպես և չգրելն էր անհնար: Կարծում եմ, բոլորի կյանքում էլ հազվադեպ, բայց նման պահեր լինում են:

KiLa,Mark Pauler, շնորհակա՜լ եմ, որ կարդում եք:

Մի փոքր ինքնագովազդ.:oy

Վաղը «Ժամանակի միտքը» բանաստեղծություններիս շարքն է տպելու: Այնպես որ՝ կարդացե՛ք այդ թերթը: ;)

Արևածագ
05.04.2011, 09:13
Օտարացման սարսափն անգո
Պարուրում է ինձ անընդհատ,
Ու գալիս է նրա հետքով
Քեզ կորցնելու միտքը վհատ:

Բախտ գուշակեց մեկն իմ ափում,
Աչքով տվեց մեզ մի անցորդ,
Իջնում է խոր մի լռություն
Ու մութ գիշեր մի տագնապոտ:

Իջնում է մութ մի լռություն.
Ու ես մոտիկ, կողքիդ պառկած,
Որոնում եմ ինչպես կույրը,
Դեպ քեզ բերող ճամփան կորած:

1991

Արևածագ
06.04.2011, 09:46
Զրուցի՛ր ինձ հետ
Անթարգմանելի հույզերի փնջով,
Կամ անհուսության
Քո ցուրտ ափերից:
Հեղձուկը՝ հիմա կոկորդս խրված,
Արդեն քանի՜ օր դռնապահ շան պես
Արգելում է, որ տկար ուղեղս
Ուրիշ միտք ծնի սրանից բացի.

Բոլոր սերերն էլ հանգչում են վերջում:

Ցավը, որ այսպես սեղմում է կուրծքս
Երկար չի՜ տևի.
Մի քանի ամի՜ս... կամ գուցե՝ տարի:
Մի ուրիշ ալիք այս տառապանքի հետքը կլվա,
Մի ուրիշ խոսքից
Շառաչուն սիրտս ափերից կելնի
Ու կուլ կտա ինձ՝
Արդեն քանի հետ խեղդված- փրկվածիս:

Անհնար է, որ
Իմ բարկ տրոփի լիցքերը անթիվ
Չհասնեն սրտիդ.
Չէ՞ որ ոչ մի բան
Անհետ չի կորչում:
Ինձ սիրտդ պետք չի՛.
Միայն մի՛ լռիր,
Միայն մի՜ լռիր:

Հպարտությունը մահացու մեղք է.

Տե՛ս, նույնիսկ իմ մեջ
Փշրել եմ բոլոր ապառաժները:
Մեղրամոմ եմ ես՝ հնազանդ ,անկամ,
Ու սպունգի պես պիտի ներծծեմ
Բոլոր խոսքերդ՝ թեկուզ և թունոտ,
Մռայլ, հեգնալից.
Միայն մի՛ լռիր,
Միայն մի՜ լռիր:

Ինչպես որ խոփն է առուներ գցում
Ձնհալից հետո գարնան դաշտի մեջ,
Այդպես էլ հիմա քո լռությունն է
Ակոսներ քաշում իմ սրտի վրա:

Բայց թե հողի մեջ սերմ են գցելու,
Որ արևի տակ ընձյուղ պիտի տա
Ու բերքով լցվի,
Սրտիս ակոսում արդեն ո՛չ մի հունտ,
Ո՛չ մի մանուշակ արդեն չի՜ բացվի:

Գոնե ասա ինձ, թե քո լռության
Գութանի ցավը,
Քո՛ տված ցավը
Ե՞րբ պիտի անցնի...

2001

einnA
07.04.2011, 09:27
Արևածագ շնորհակալ եմ էս բանաստեղծության համար:
չեմ կտրվում, աչքերս տողերիցդ չեն հեռանում :)

erexa
11.04.2011, 02:30
Վերնաշապիկս չէի լվանում.
Օձիքին շրթներկիդ հետքն էր
Ու մաշկիդ բույրը:
Մայրս այսօր լվացք էր արել...
Կորցրի քեզ ընդմիշտ :

Ինձ համար մի քիչ անհասկանալի է, կարծես գրողը այստեղ ո՛չ թե իգական սեռի ներկայացուցիչ է, այլ արական: Եթե դժվար չէ, կասեք թե՛ի՞նչու եք այդպես գրել: :think

Արևածագ
11.04.2011, 08:03
Ինձ համար մի քիչ անհասկանալի է, կարծես գրողը այստեղ ո՛չ թե իգական սեռի ներկայացուցիչ է, այլ արական: Եթե դժվար չէ, կասեք թե՛ի՞նչու եք այդպես գրել: :think

Սրա վերնագիրը պիտի գրեի «Հատված նամակից»: Անհիշելի ժամանակներում նամակ եմ ստացել, որտեղ այս միտքը կար: Որպեսզի չկարծեք, թե պլագիատով եմ զբաղվում, խոստովանեմ՝ միտքն իմը չի, բայց բառերով այստեսակ ձևակերպումն իմն է: ;)

Արևածագ
12.04.2011, 10:01
Դու՛ ես՝
Իմ կյանքի աղը,
Լուռ սրտիս խաղը,
Աչքերիս վախը,
Բերանիս համը,
Մատներիս դողը,
Կարոտիս ցողը,
Կործանման ահն ու
Հարության պահը:

2004

Արևածագ
14.04.2011, 12:37
Գոնե...

Քո անփույթ, անհոգ, լուսե ծիծաղի
Խենթ ալիքները հոգիս լվացին,
Այնպե՜ս պայծառ էր մի պահ իմ ուղին,
Օրերիս հունձքը՝ այնքա՜ն բերկրալից:

Բախտը որոշեց ինձ երես չտալ,
Ծայրը չկտրել հեգ փնտրտուքի,
Ու սոսկ թոթափեց խոհերը մռայլ
Ելքեր որոնող խարխափուն մտքիս:

Անհնարության սուր շեղբի վրա
Արյունոտեցի ոտքերս բոբիկ,
Քավարան դարձավ բռնածս ճամփան,
Հրաշքդ՝ թակարդ դարձավ խաբուսիկ:

Հույսիս կանթեղը հատել է իսպառ
Հերթական անքուն, դժնի գիշերում.
Օգնեի՜ր գոնե, որ քեզ մոռանամ,
Տեսնում ես՝ մենակ չե՛մ կարողանում:

Արևածագ
26.04.2011, 10:07
Գարնան նրբաթերթ ձնծաղկի նման
Դու ջահել էիր,
Ու այնքան խիզախ,
Որ թրծում էիր փոթորկվող սիրտդ
Սիրո քուրայում:
Երբ հերթը հասավ,
Որ գարնանային քո նուրբ շիկնանքից
Իմ մթնած սիրտն էլ
Մի քիչ պիտ ժպտար՝
Սոսկ զգուշավոր ելևէջներով,
Երբ ժամը հասավ,
Կապույտ աչքերդ
Ամուր փակեցիր
Անտարբերության սառցե կոպերով:

Եւ այնպես արիր, որ բոցավառվեմ
Սառույցիդ վրա:

2001

Արևածագ
06.05.2011, 12:44
Հնազանդություն

Ամեն մի սկիզբ իր վախճանն ունի:
Փորձառության զգոն ժամապահները
Ինձ լուռ հսկում են ու թույլ չեն տալիս,
Որ քո խանդակաթ գիրկը սլանամ:
Լուրթ հոժարությամբ
Մատներիդ միջով, տաք ավազի պես
Հոսեմ հնազանդ,
Ու համբույրներիդ պատասխանը տամ
Կրակե բոսոր, պիրկ կոկոններով՝
Շուրթերիդ վրա, աչքերիդ վրա, մատներիդ վրա...
Ու որ սիրես ինձ
Առանց անցյալի անորոշության
Եվ ապագայի տխուր հուշերի:
Քանի նիրհել են ժամապահներս,
Միայն այս պահին,
Ակնթարթներս լցրու քեզանով
Ու ինձնով լցրու հոգուդ ծալքերը:
Խաբկանքը հանկարծ մեզ կկալանի
Ու ճառ կկարդա,
Թե մարդկանց կյանքում
Առանց տառապանք
Ու նաև առանց կանխավճարի,
Սե՜ր է պատահում:
Կամ՝ սիրո տեսակ-
Երբ որ մատներով
Մարմնի խմորից
Հոգու մեջ կրքի արև է հունցվում,
Ու խելացի միտքն ուշաթափվում է
Հաճույքի մեղսոտ հայացքի դիմաց:

Դու սրտիս զարկն ես,
Իսկ ես քո հևոտ շնչառությունը,
Երբ որ ափերդ հոգիս են հունցում
Փորձված հացթուխի անդուլ հմտությամբ:
Ու ես չեմ ուզում հրաշքն ավարտվի...
Գոնե ո՜չ հիմա:
Թող այն երկարի այնքան ժամանակ,
Որ քո գնալ- մնալու անորոշ պահին
Սիրտս ցավ չզգա:

2001

Արևածագ
14.05.2011, 08:26
Բռնիր ձեռքիցս.
Հիշողությունդ թող ուզենա գտնել
Փոշոտված, սակայն հակինթե բառեր,
Որ դու ցրել ես տարիներ առաջ:
Հավաքիր դրանք ու մի շարանով
Քնքշորեն կախ տուր իմ պարանոցից.
Այդքան թանկ նվեր դեռ չեմ ունեցել:
Հայացքդ տամուկ մի թեքիր ինձնից
Եւ մի շվարիր,
Երբ քո տաք,
Քո կարոտաթափ մատներով մոմե
Չկարողանաս մազերս անկարգ
Մի քիչ փայփայել:

Ոչի~նչ,
Բռնիր ձեռքիցս`
Հիասթափության այս կարճլիկ ճամփան
Միասին անցնենք:

1988

Անտիգոնե
14.05.2011, 22:01
Հնազանդություն

Ամեն մի սկիզբ իր վախճանն ունի
Փորձառության զգոն ժամապահները
Ինձ լուռ հսկում են ու թույլ չեն տալիս,
Որ քո խանդակաթ գիրկը սլանամ:
Լուրթ հոժարությամբ
Մատներիդ միջով, տաք ավազի պես
Հոսեմ հնազանդ,
Ու համբույրներիդ պատասխանը տամ
Կրակե բոսոր, պիրկ կոկոններով՝
Շուրթերիդ վրա, աչքերիդ վրա, մատներիդ վրա...
Ու որ սիրես ինձ
Առանց անցյալի անորոշության
Եվ ապագայի տխուր հուշերի:
Քանի նիրհել են ժամապահներս,
Միայն այս պահին,
Ակնթարթներս լցրու քեզանով
Ու ինձնով լցրու հոգուդ ծալքերը:
Խաբկանքը հանկարծ մեզ կկալանի
Ու ճառ կկարդա,
Թե մարդկանց կյանքում
Առանց տառապանք
Ու նաև առանց կանխավճարի,
Սե՜ր է պատահում:
Կամ՝ սիրո տեսակ-
Երբ որ մատներով
Մարմնի խմորից
Հոգու մեջ կրքի արև է հունցվում,
Ու խելացի միտքն ուշաթափվում է
Հաճույքի մեղսոտ հայացքի դիմաց:

Դու սրտիս զարկն ես,
Իսկ ես քո հևոտ շնչառությունը,
Երբ որ ափերդ հոգիս են հունցում
Փորձված հացթուխի անդուլ հմտությամբ:
Ու ես չեմ ուզում հրաշքն ավարտվի...
Գոնե ո՜չ հիմա:
Թող այն երկարի այնքան ժամանակ,
Որ քո գնալ- մնալու անորոշ պահին
Սիրտս ցավ չզգա:

2001


Լավն էր:)

Հայկօ
14.05.2011, 22:12
Հետաքրքիր է, որ 13 էջերի մեջ ընդամենը երեք գործ կա, որոնց ներքևում գրված է «2011»... :)

Արևածագ
15.05.2011, 12:36
Հետաքրքիր է, որ 13 էջերի մեջ ընդամենը երեք գործ կա, որոնց ներքևում գրված է «2011»... :)

Հա՞... Չգիտեի... Շնորհակալություն վիճակագրության համար: :)

Այստեղ-այնտեղ գրած թերթիկներից, տետրերից ինչ գտնում եմ, այն էլ դնում եմ: Եթե թվագրված է լինում, թվականն էլ եմ դնում, եթե՝ ոչ, իսկապես չեմ հիշում, թե որ՞ը ե՞րբ է գրվել:

Արևածագ
17.05.2011, 09:26
Քանի տասնամյակ,
Գլխիս վերևում,
Վեհեր հայացքիս
Լուրթ հորիզոնին,
Վառ ճառագում է
Ցավի Արևն, ու
Նրա շվաքում՝
Աղոտ կայծկլտում
Սիրո լուսինը:

2010

Արևածագ
18.05.2011, 21:38
Համբույրը

Մարմնի վանդակում
Կողպեքով փակած
Թռչնակի նման՝
Մեր հոգիները
Շուրթերի՜ վրա են
Հանդիպում իրար:

Հայկօի խաթեր՝ 2011թ. ;)

Lusinamara
19.05.2011, 00:23
Գոնե...

Քո անփույթ, անհոգ, լուսե ծիծաղի
Խենթ ալիքները հոգիս լվացին,
Այնպե՜ս պայծառ էր մի պահ իմ ուղին,
Օրերիս հունձքը՝ այնքա՜ն բերկրալից:

Բախտը որոշեց ինձ երես չտալ,
Ծայրը չկտրել հեգ փնտրտուքի,
Ու սոսկ թոթափեց խոհերը մռայլ
Ելքեր որոնող խարխափուն մտքիս:

Անհնարության սուր շեղբի վրա
Արյունոտեցի ոտքերս բոբիկ,
Քավարան դարձավ բռնածս ճամփան,
Հրաշքդ՝ թակարդ դարձավ խաբուսիկ:

Հույսիս կանթեղը հատել է իսպառ
Հերթական անքուն, դժնի գիշերում.
Օգնեի՜ր գոնե, որ քեզ մոռանամ,
Տեսնում ես՝ մենակ չե՛մ կարողանում:

Խոսքերն ավելորդ են:kiss:love

Արևածագ
23.05.2011, 09:47
Շատ կուզեի՝ թեթևախայտ երգեր գրել
Ծաղիկների հեզիկ մտերմության մասին,
Սիրահարին անթարթ աչուկներով նայող,
Ու երբեմն էլ կեսգիշերի ծիրից խրտնած՝
Երկնքով մեկ վազող գիժ աստղերի վարքից :
Համբույրների մասին՝ սիրո շուրթից պոկվող,
Հոգիների ներսում ձիգ արմատներ գցած...
Ու բերկրանքի կապը կտրած աղբյուրներից,
Որ ժայթքում են հանկարծ բոլոր մարդկանց
Չկարծրացող սրտի փափուկ խորքից,
Երկինքների մասին՝ լուրթ ու անամպ,
Մանուշակի մասին՝ աչքը թեքած,
Անտառներում ապրող կախարդ թզուկների,
Ու դեղձենու մետաքս թերթիկների մասին:
Բետոնի տակ շնչող նրբացողուն խոտի
Եվ նորածին մանկան լացի ` մաքուր զանգակ,
Երաժշտության մասին՝ թավշե, հոգեպարար՝
Կյանքի ու անհունի անհասնելի կետում...
Վայելքների թաքուն խնդությունից
Չքնաղ սաղմոս ծնվեր ՝ գոհության ու փառքի-

Սակայն մեղմակարկաչ նվագների տեղակ,
Երգերն իմ խեղճ՝ չսպիացող վերքից սնված,
Չտվեցի՜ն հոգուս ծեքծեք թեթևություն.
Երգերս սոսկ ուրվագծեր դարձան անջիղ՝
Տտիպ մաղձով լեցուն ու հոգեմաշ թույնով.
Աննպատակ բուտաֆորիա եղան
Բազմախորտիկ սեղանների վրա-

Սլացքի պահին խփված հավքի կռինչ,
Որ շամփրում է օդը երկա~ր-երկա~ր...

2011. մայիս

Արևածագ
24.05.2011, 10:17
Շատ անսպասելի հրաժեշտը եղավ.
Երկուսին կապող կամուրջը չկա:
Դրա փոխարեն՝
Ցավի մի երկար ճոպան է գցած,
Որ կարոտախտի դեղին ափերից
Գոնե դրանո՜վ մեկ-մեկ մոտդ գամ:

Արևածագ
27.05.2011, 10:43
Քնել՝ անջանք, անվրդով, որ գիշերում լուսնածիր,
Ո՛չ մի տեսիլք գայթակղիչ, ո՛չ մի կարոտ վարդագույն
Հույսի մեռած եզերքից հանկարծ հոգուս չայցելի.
Դատարկությունն աչքերիս երազներով չի՜ լցվում:

2011

Արևածագ
04.06.2011, 15:34
Քնել էի ուզում, բայց աչքերիս առաջ
Մի կարմիր ծով հսկա՝ ելևէջով փայլուն,
Հորիզոնի ափը իր փեշերով փակած,
Ուղեղիս մեջ վեհեր կրակներ էր վառում:

Ափերիս մեջ կարմիր, թարթիչներիս հոգնած,
Օրհնության պես մաքուր, գորովանքով թավշե,
Երջանկության թևից մի լույս փետուր ընկավ
Ու կարոտից իմ բորբ տխրությունը քշեց:

Համբույրների կարմիր կնիքները թողած
Մաշկիս վրա դողդոջ ու մատներիս ծայրին,
Սոսկ կախարդանք որպես՝ հեքիաթներից հառնած,
Լուսե սահքով թառեց գորշ օրերիս քիվին:

Իր հայացքին կարմիր՝ հոժարությամբ անկամ,
Հնազանդությամբ մոմե իր թովչանքին տրված,
Սիրտս գիտի արդեն՝ այսօրվանն է միայն
Որ գոյություն ունի ցնորքներում մարած:

Այսօրվա՛նն է միայն, իսկ անցյալը մեռավ,
Ապագայի միֆը՝ հոգիներին խաբված:
Պիտի քերեմ անդուլ չվարանող ձեռքով
Տխրությունը կպչուն՝ երազներիս չոքած:

Պիտի մաքրեմ անխոնջ, թեթևությամբ անսանձ,
Ազատությամբ վայրի, գուցե վերջին անգամ
Ինձ շնչահեղձ անող պատյանները պատռած՝
Կրքերի՜ ծով կարմիր, քո՛ ջրերում լողամ:

Արևածագ
10.06.2011, 07:45
Անլուսին գիշեր,
Ձմեռվա անլուր ու տխուր գիշեր:
Թող սիրո ցավը ամբարվի իմ մեջ
Ու իմ խաչը ես
Լռությամբ տանեմ:
Անտարբերության մորմոքը ծանոթ,
Մահվան սարսուռի բույրով է շնչում:
Նվվում է իմ մեջ մի խեղված կարոտ:
Իսկ ես՝ երիցս անզոր, գլուխս քո
Հպարտ, անտարբեր կրծքին եմ դնում
Եվ լաց եմ լինում:
Ու լաց եմ լինում:

1992

Արևածագ
16.06.2011, 09:32
Շատ բառեր պետք չեն.
Անունդ միայն թույլ կշշնջամ
Ու սոսկ դրանով ամեն ինչ կասեմ:

. . .

Հովը թափանցիկ ձեռքով վախվորած
Վարագույրները մեղմ տարուբերեց
Ու լուսնի սիրտը մի պահ թպրտաց.

Փաղաքշանքերիդ տրվելու համար
Ականջօղերս հանեցի անգամ...

Արևածագ
04.07.2011, 20:05
Հայելու նման սիրտս փշրվեց
Լույսով վետվետուն կտորտանքների.
Ալ ժպիտներդ քեզ վերադարձրեց,
Ներսում թաքցրեց դեզերը ցավի :

Փշրանքների լերկ կողերին փայլուն
Անունդ էր դաջած, կամ հայացքդ ջինջ,
Բայց կարոտներս՝ հորձանքով անհուն,
Ուժատ քաշվեցին քո պաղ ափերից:

Հնազանդ կամքով զոհասեղանիդ
Արնաքամ եղած՝ այսպես եմ սիրել.
Առիթ չտվի կասկածին դեղին,
Ու հանկարծ չասե՜ս, թե չե՛ս նկատել...

Արևածագ
01.08.2011, 17:51
Օրորոցային

Ուզում եմ, որ երբ գլուխդ առնեմ
Բազուկներիս ջերմ աղեղի ներսում,
Ցավի ոչ մի սյուք միտքդ չխառնի,
Մանկան պես քնես իմ փափուկ գրկում:

Հավատս ամեն ցավից քեզ փրկի,
Ու անուշ նիրհում՝ բազուկներիս մեջ,
Երանության հեզ օվկիանը գրկիս
Օրորի քեզ իր ալիքում անվերջ:

Թող կախարդանքը չցնդի հանկարծ,
Թող տառապանքը գլորվի հեռու,
Դիր կրծքիս վրա գլուխդ հոգնած,
Սիրո ոչ մի խոսք չասենք իրարու...

Սիրո ոչ մի խոսք չասենք իրարու,
Ու հավատանք մեր հնարած ստին,
Թե աշունքից ետ ձմեռ չի գալու,
Որ դեռ չենք հասել այն վերջին կետին.

Ուզում եմ այսօր ուսերդ առնել
Բազուկներիս ջերմ, ժպտուն աղեղում,
Ցավի ոչ մի հետք միտքդ չխառնի,
Մանկան պես քնես իմ արթուն գրկում:

Արևածագ
14.08.2011, 19:59
Սիրաշաղախ քո ժպիտը՝ հոգուս երկինքն աղեղած,
Ցողի պես ջինջ, ծաղկի պես նուրբ, գորովանքով իմաստուն,
Ինձ գողացավ իմ տխրության ավազանից ճահճացած,
Ու չգիտեմ՝ կամքս գերած, թե է՛լ ու՞ր է տանելու:

* * *
Զրույցի սորուն ավազուտներում
Մանրիկ քայլերով հասանք մի կետի,
Երբ հեգ բառերը ուժասպառ եղան,
Ու սոսկ մատների զգայուն մատիտով
Քնքշության շիկնած դեմքը պիտ գծվի...

* * *

Իզուր կառչած օտարության երակներից անավիշ,
Ուր ծարավ հոգուս մտերմիկ մի լույս երբե՛ք չշողաց,
Հայրենիքում անգամ՝ հուզակարոտ, անտուն հայացքիս,
Ունայնությու՜ն, նորից քո սմքած դեմքը երևաց:

2011

Sambitbaba
25.08.2011, 07:59
Ես չեմ կարծել, թե երբևէ
Իմ օրերում քեզ կփնտրեմ,
Բայց անունդ՝ կպչուն ու թանկ,
Չեմ իմացել ինձնից վանել:

Հիմա լուռ ենք, լռությունից
Նռան նման սիրտս է ճաքել,
Անհայտության անքուն ցավը
Քեզ համար էլ ցեց է դարձել:

Սակայն թաղենք կարոտը վառ,
Մեր օրերի խիտ փոշու տակ:
Ես լավ գիտեմ՝ այս աշխարհում
Երբ որ ջոկեն արդարներին,
Մեր չգործած մեղքի համար
Մեկտե'ղ պիտի պատասխան տանք:

1993

Այնքան գեղեցիկ են բանաստեղծություններդ, սրտամոտ, թեթև, նուրբ ու թրթռուն, որ կարծես թե թիթեռների թևերի վրա լինեն գրված… Երբ կարդում ես միանգամից մի քանիսն ու փակում ես աչքերդ, շուրջբոլորդ զգում ես նրանց թևերի ալեկոծությունն ու փոքրիկ սրտիկների ջերմությունը:

Հա, մեկ էլ մարդու մոտ մի ինչ-որ Քաջ-Նազարական հատկություն են ծնում: Ամեն հերթական բանաստեղծությունդ կարդալիս մտածում եմ. "Չվերկենա՞մ-գնամ-միերկուհատ-սիրահարվեմ-գա՞մ"…

Sambitbaba
26.08.2011, 08:31
Երբ վերջին ուղեփակոցից առաջ
Տերը հարցնի ինձ՝
-Ինչու՞...
- Չէ՞ որ գիտեիր կարելի'ն ու անկարելի'ն:
Երբ որ հարցնի ինձ,
Չիրականացած բաղձանքի թույնը
Լիուլի ըմպած՝ պիտ պատասխանեմ.
-Տե'ր իմ, դու տեսնում էիր՝
Ո՜նց էի սիրում:

1998

Բայց Նա չի հարցնի…

Ու երբ վերջին ուղեփակոցից հետո
Տերը գրկի քեզ՝
Ամուր…
- Դու հասկացա՞ր հիմա,որ չկա անկարելի, կա միայն կարելի:
Երբ որ հարցնի քեզ, -
Հասկացած արդեն ճշմարտությունը
Եվ երջանկացած՝ պիտ պատասխանես.
- Տե՜ր, չգիտեի՝
Ո՜նց էիր սիրում
Ի՜՜՜նձ…

Հ.Գ. Ներող եղիր համարձակությանս համար, սիրելի Արևածագ… Բայց նման հմայիչ տողեր կարդալուց մարդ շնչահեղձ է լինում: Եվ միակ փրկությունը՝ արտահայտվելն է… ինչպես կարող ես…

Արևածագ
26.08.2011, 15:05
Բայց Նա չի հարցնի…

Ու երբ վերջին ուղեփակոցից հետո
Տերը գրկի քեզ՝
Ամուր…
- Դու հասկացա՞ր հիմա,որ չկա անկարելի, կա միայն կարելի:
Երբ որ հարցնի քեզ, -
Հասկացած արդեն ճշմարտությունը
Եվ երջանկացած՝ պիտ պատասխանես.
- Տե՜ր, չգիտեի՝
Ո՜նց էիր սիրում
Ի՜՜՜նձ…

Հ.Գ. Ներող եղիր համարձակությանս համար, սիրելի Արևածագ… Բայց նման հմայիչ տողեր կարդալուց մարդ շնչահեղձ է լինում: Եվ միակ փրկությունը՝ արտահայտվելն է… ինչպես կարող ես…

Sambitbaba, ներողություն խնդրելու կարիք չկա՜ : Ինձ լիովին հասկանալի ու ընդունելի է գրածիս քո այստեսակ վերափոխությունը: Ցավոք, Տերը դեռ չի կամեցել, որ իմ մեջ էլ նույնքան անվերապահ սաստկությամբ վառվի հավատքի կրակը, ինչպես որ քո մեջ է վառվում: Չէ՞ որ դա իմ կամքով չի լինելու, կամ իմ աշխատանքի արդյունքում. Ինքը պիտի կամենա: :)

Sambitbaba
26.08.2011, 18:49
Ցավոք, Տերը դեռ չի կամեցել, որ իմ մեջ էլ նույնքան անվերապահ սաստկությամբ վառվի հավատքի կրակը...
Ցանկանում ես ասել, որ Նա խանգարում է քեզ այդ անե՞լ…
Այն, ինչ դու ասում ես, սիրելիս, պապենական ավանդապատություն է՝ հին իրականության մասին, լցված հին էներգիաներով: Իսկ այսօր… ես քեզ խնդրում եմ, եկ ուղղակի վերհիշենք ու աշխատենք այլևս չմոռանանք Աստծո ամենամեծ նվերի՝ մեզ տրված կամքի ազատության մասին: Ինչպե՞ս կարելի է համատեղել քո ասած "չի կամեցելը"՝ կամքի ազատության հետ:
Իսկ այն "կրակը" քո մեջ արդեն վաղուց է վառված: Մի՞թե դու համարում ես, որ քո այս մարգարիտները դու առանց այդ կրակի ես շարել:
Մի՞թե դու այդպես ես կարծում…


Չէ՞ որ դա իմ կամքով չի լինելու, Ինքը պիտի կամենա:
"Նա կամենում է այն, ինչ դու ես կամենում
Եվ ոչ մի նախընտրություն չունի այդ հարցում…"

Հենց դրա համար է Նա քեզ կամքի ազատություն տվել:
Եվ քանի որ խոսեցինք Աստծո կամքի, կարիքների, ցանկությունների մասին, - սա էլ ասեմ, ու հետո կարող ես արդեն ինձ գնդակահարել.
Աստված քո "հավատքի" կարիքը չունի, դրա կարիքը դու՝ կամ ունես, կամ ոչ: Աստծո միակ ցանկությունն է. որպեսզի դու նրան վստահես:

Հ.Գ.
Ինձ լիովին հասկանալի ու ընդունելի է գրածիս քո այստեսակ վերափոխությունը
Սա քո գրածի վերափոխությունը չի, սիրելի Արևածագ: Սա… իմ ցանկությունների մեջ… քո գրածի շարունակությունն է, իսկ քո՝ վերափոխումը:
Եվ ես երջանիկ կլինեի, եթե դու ճիշտ ընկալեիր ասածս ու… քոնը համարեիր այդ տողերը: Որովհետև նրանք իրոք քոնն են, նրանք ուղղակի չէին կարող լինել առանց քեզ:

Sambitbaba
27.08.2011, 07:49
Ների՛ր

Երբ մանուկ էի,
Իմ դպրոցական զնգուն օրերում
Ուսուցիչներս կանչում էին ինձ,
Որ դասարանին հեքիաթներ պատմեմ,
Երբ իրենք հանկարծ դուրս պիտի գային,
Կամ էլ շտապով տետր էին ստուգում:

Հիմա չգիտեմ՝ ո՞վ է ինձ կանչել,
Բայց հույս ունեմ չնչին,
Որ իմ տողերը՝ թիթեռների պես
Ոտքերը սիրո նեկտարում թաթախ,
Թեկուզ կարճ կյանքով
Պիտ հանկարծ ճախրեն
Ու մարդկանց պատմեն
Մի ուրիշ երկրի հեքիաթը թովիչ:

Թիթեռ եմ ծնում...

Բայց Քրոնոս պապն է,
Որ գուցե կասի՝
Թիթե՞ռ են սրանք,
Թե՝ անպիտա՛ն բոռ:
Իսկ մինչ այդ պահը՝
Ների՛ր, ճերմակ թուղթ:

Ազնիվ խոսք, սիրելի Արևածագ, երբ գրեցի թիթեռների մասին, դեռ չէի կարդացել քո այս գործը. սա ես կարդացի հենց նոր…
Եվ շատ ուրախ եմ դրա համար, որովհետև ստացվում է, որ ճիշտ եմ հասկանում քեզ. տես, ինքդ էլ ես ճամանակին արտահայտվել համարյա նույն կերպ:

Sambitbaba
27.08.2011, 08:01
Վերջերս նորից ճապոնական պոեզիայից կարդացի , այնքան սեղմ են գրում ու այնքա՜ն տարողունակ: Միայն ամենակարևորը, բայց այնպե՜ս նրբորեն: Սիրում եմ...:oy

Ես կասեի. այնքա՜ն թաքուբոքու... Ցանկանում եմ ասել, որ ես էլ եմ շատ սիրում:

Sambitbaba
27.08.2011, 08:35
Անքուն գիշերը հարցականներով բզկտում է իմ հիվանդ ուղեղը.
Ու՞մ ցամաք ափում, կամ կույր սրտի մեջ պիտի գտնվի փրկության դեղը:

Սատանաների արնոտ խնջույքի զոհասեղանին իմ սիրտն է այսօր.
Դժոխքի հազար կացինները բիրտ խփում են ուժգին կրծքիս արնածոր:

Ու վհուկները՝ վայրի քրքիջով, դիակիս կողքին շուրջպարի ելած,
Հաշվում են իրենց աղաղակներում կյանքումս բոլոր մեղքերը գործած:

Ձգվում է անվերջ անթիվ մեղքերիս ու սխալներիս շարանը երկար,
Միթե՞ ոչ մեկը չի աղոթելու իմ՝ բազմամեղիս փրկության համար:

Ու սխալներից, բազում մեղքերից հյուսվում է հանկարծ մի փշե պարան,
Կամքս հիպնոսած ճկուն օձի պես փաթաթվում ամուր իմ հոգու վրա:

Արնաքամ հոգիս թպրտում է թույլ օձի լպրծուն, թունավոր ծոցում,
Նա իր ատամով չեղածս կամքի վերջին կաթիլն է հաճույքով ծծում:

Արև, սուրբ Արև, քո առավոտի աչքերը մաքուր ե՞րբ պիտի բացվեն,
Գուցե հե՛նց այնժամ, զարթոնքի պահին ինձ էլ հաջողվի տենդից ազատվել:

1.04.11


Մալխասն ասում է.
Այս անգամ կարծես Իսահակյանի ոճով ես գրել, երբ նա գրել է <Աբու Լալա Մահարին>: Իսկ քանի որ Իսահակյանն էլ արաբ բանաստեղծ Աբու Լալա Մահարիի ոճով է գրել իր այդ ստեղծագործությունը, ստացվում է որ դու էլ Աբու լալա Մահարիի ոճով ես գրել:

Իսկ ինձ հիշեցրեց Վլադիմիր Վիսոցկուն.

В гроб вогнали кое-как,
А самый сильный вурдалак
Все втискивал и всовывал,-
И плотно утрамбовывал,-
Сопел с натуги, сплевывал
И желтый клык высовывал.

Կարդացի մեծ հաճույքով:

Արևածագ
27.08.2011, 19:37
Սիրելի Sambitbaba, շնորհակալ եմ, որ ոչ միայն կարդում եք, այլև չեք ալարում տպավորություններ գրել: :oy

Վիսոցկու նշված ստեղծագործությանը տեղյակ չէի, իսկ «Աբու Լալա Մահարու» հետ նմանությունը ժխտել չեմ կարող: Ի՞նչ անեմ, այդ գիշերն ռիթմն էդպես էր գալիս, իսկ զոռով կաճատել քսան վանկանի տողը, որ «Աբու լալային» չնմանավի՝ իմաստը չեմ տեսնում:

Sambitbaba
28.08.2011, 20:41
Սիրելի Sambitbaba, շնորհակալ եմ, որ ոչ միայն կարդում եք, այլև չեք ալարում տպավորություններ գրել:
Որպես պատասխան, Արևածագ ջան, կարող եմ հաճույքով կրկնել արդեն վերևում ասածս. նման հմայիչ տողեր կարդալուց մարդ շնչահեղձ է լինում: Եվ միակ փրկությունը՝ արտահայտվելն է…
Այնպես որ, ալարելու մասին խոսելն ավելորդ է:
Հ.Գ. Բայց ինչի մասին էլ խոսենք՝ խնդրում եմ, - եկ "դու"-ով խոսենք, լա՞վ…


Վիսոցկու նշված ստեղծագործությանը տեղյակ չէի, իսկ «Աբու Լալա Մահարու» հետ նմանությունը ժխտել չեմ կարող: Ի՞նչ անեմ, այդ գիշերն ռիթմն էդպես էր գալիս, իսկ զոռով կաճատել քսան վանկանի տողը, որ «Աբու լալային» չնմանավի՝ իմաստը չեմ տեսնում:
Դու և Մալխասը խոսում եք կառուցվածքի մասին: Ես այդ մասին խոսել չեմ կարող, քանզի դրանից բան չեմ հասկանում: Չնայած, եթե կարելի է այդպես ասել, համահնչյունությունն առկա է:
Իսկ ես ասացի բովանդակության մասին: Եվ, չնայած Վիսոցկին շատ ավելի հումոր է դրել իր գործի մեջ, քո իրոնիան էլ ինձ լրիվ վիսոցկիական թվաց:
ՀՀ.ԳԳ. Թե Իսահակյանի "Աբու Լալա Մահարին" և թե Աբու-լ Ալա Ալ-Մահարու պոէզիան շատ վաղուց եմ կարդացել ու առանձնապես պնդել չեմ կարող: Բայց և այնպես, չեմ կարծում, որ սուֆիստ-պոէտը խորանար նման թեմայի մեջ:
Չնայած… ո՞վ գիտի…

Բայց միևնույն է, քո իսահակյանա-մահարիա-վիսոցկիական գործը շատ լավ է ստացվել... :rose

Sambitbaba
03.09.2011, 00:38
Զրուցի՛ր ինձ հետ…2001

2001-ի
այդ ակնթարթին
Աստված շնչել է…
շնչել է…
քեզնով…
…1000 տոկոսով:

Հ.Գ. Ամեն տան մասին կարելի է էջեր լրացնել: Կամ խոսել՝ օրեր…
Շնորհակալություն: Հիանալի էր:

Արևածագ
03.09.2011, 10:34
2001-ի
այդ ակնթարթին
Աստված շնչել է…
շնչել է…
քեզնով…
…1000 տոկոսով:

Հ.Գ. Ամեն տան մասին կարելի է էջեր լրացնել: Կամ խոսել՝ օրեր…
Շնորհակալություն: Հիանալի էր:

Սիրելի Sambitbaba, անչափ հուզիչ է թեմայի նկատմամբ ուշադրությունդ: Ինքս բանաստեղծություններ վերլուծել չեմ սիրում, դրանք ընկալում եմ զուտ զգայական մակարդակով: Իսկ քեզ շնորհակալ եմ: ;)

Արևածագ
03.09.2011, 10:36
Ա ու Բ կետից իրար ընդառաջ
Երկու մոլորյալ ճամփորդներ ելան,
Որ կորդինատի մի անհայտ կետում,
Թևերը կանթած բոլոր դրական
Ու բացասական «մեկ»երի առաջ
Գեթ մի՛ ակնթարթ սոսկ նայե՜ն իրար.

Այդպես է եղել մեր հանդիպումը...

My World My Space
05.09.2011, 09:51
Շատ անսպասելի հրաժեշտը եղավ.
Երկուսին կապող կամուրջը չկա:
Դրա փոխարեն՝
Ցավի մի երկար ճոպան է գցած,
Որ կարոտախտի դեղին ափերից
Գոնե դրանո՜վ մեկ-մեկ մոտդ գամ:

Ինչքան ժամանակ է սա բացում կարդում եմ, ու էլի եմ ուզում կարդալ.....:love

Արևածագ
17.09.2011, 11:01
Չփակե՜ս դուռը, ես դեռ չեմ ուզում
Շուրթերս հպել
Տագնապոտ աշնան պաղ զարկերակին:
Ստվերները թող հոսեն մայթից- մայթ,
Իսկ մենք, ինչպես որ փոքր ժամանակ,
Փորձենք ցատկելով կոխրճել դրանք...

Թող անկարելին թեկուզ մի անգամ
Կարելի լինի:
Թող ծաղիկները գիշերը ճախրեն:

Թող պարկեշտության հանդերձը նետած՝
Վերածվեմ գողի...
Ու իմ թալանը միայն դու՜ լինես:

Թող ազատվելու կամքդ չքանա...

Թող մեռնի մի օր «սպասում» կոչվածը...
Թող տխրությունն էլ իր պոչը քաշի...
Չեմ հավատում, թե փակուղիներից
Գոնե մի փոքրիկ արահետ չկա,
Որ թաց սեզի մեջ թողած հետքերը
Նոտաների պես չեն շարվում թեթև
Ճամփեզրով ձգվող էլեկտրալարին:

Իսկ դու՞...
-Դու չե՜ս հավատում իմ հեքիաթներին:
Միևնու՛յնն է.
Դուռը չփակե՜ս, ես դեռ պատրաստ չեմ
Շուրթերս հպել ծերացող աշնան
Պաղ զարկերակին:

2011

Lion
17.09.2011, 11:47
Գեղեցիկ էր, ինձ դուր եկավ :)

Արևածագ
22.09.2011, 19:10
Հայացքներում՝ շաղված,
Հայացքներում՝ ժպտուն,
Հայացքներում՝ խոնարհ
Կարոտներով լեցուն,

Հայացքներում՝ հույսի
Կրակները մարած,
Հայացքներում՝ տխուր,
Հայացքներում խոհուն,
Ներողամիտ թախծով
Հրայրքները սանձած,

Գայթակղության կայծից
Հայացքներում փայլուն,
Արհամարհոտ քինով
Հայացքներում պաղած,

Հայացքներում բոլո՛ր՝
Անգամ ահով կնքված,
Ու այն թխպոտ ժամին,
Երբ աչքերն են սառում,

Հարազատ, թե՝ օտար,
Բոլո՛ր հայացքներում՝
Մի աննահանջ հույսով
ՄԱՐԴԸ ՄԱ՛ՐԴ Է ՓՆՏՐՈՒՄ:

2011

Գեա
22.09.2011, 19:46
Չփակե՜ս դուռը, ես դեռ չեմ ուզում
Շուրթերս հպել
Տագնապոտ աշնան պաղ զարկերակին:
Ստվերները թող հոսեն մայթից- մայթ,
Իսկ մենք, ինչպես որ փոքր ժամանակ,
Փորձենք ցատկելով կոխրճել դրանք...

Թող անկարելին թեկուզ մի անգամ
Կարելի լինի:
Թող ծաղիկները գիշերը ճախրեն:

Թող պարկեշտության հանդերձը նետած՝
Վերածվեմ գողի...
Ու իմ թալանը միայն դու՜ լինես:

Թող ազատվելու կամքդ չքանա...

Թող մեռնի մի օր «սպասում» կոչվածը...
Թող տխրությունն էլ իր պոչը քաշի...
Չեմ հավատում, թե փակուղիներից
Գոնե մի փոքրիկ արահետ չկա,
Որ թաց սեզի մեջ թողած հետքերը
Նոտաների պես չեն շարվում թեթև
Ճամփեզրով ձգվող էլեկտրալարին:

Իսկ դու՞...
-Դու չե՜ս հավատում իմ հեքիաթներին:
Միևնու՛յնն է.
Դուռը չփակե՜ս, ես դեռ պատրաստ չեմ
Շուրթերս հպել ծերացող աշնան
Պաղ զարկերակին:

2011
լավն է~ր, շնորհակալություն...

Արէա
16.10.2011, 07:49
Ով առաջինը լինի դժոխքում,
Թող մյուսի համար տեղ պահի կողքին:

Լավն ա՜ :love

Freeman
16.10.2011, 10:26
Lավ էլ գրում ես, իմաստի մեջ շատ չեմ խորանում, բայց որ կարդում եմ, էլի եմ ուզում :))
Հիշում էի որ ակումբում էլի կարդալու բան ունեմ:))

Արևածագ
16.10.2011, 10:39
Lավ էլ գրում ես, իմաստի մեջ շատ չեմ խորանում, բայց որ կարդում եմ, էլի եմ ուզում :))

Freeman ջան, իմաստ առանձնապես չկա էլ. 100-ի կեսը 50-ն է...;)

Meme
16.10.2011, 15:02
Չփակե՜ս դուռը, ես դեռ չեմ ուզում
Շուրթերս հպել
Տագնապոտ աշնան պաղ զարկերակին:
Ստվերները թող հոսեն մայթից- մայթ,
Իսկ մենք, ինչպես որ փոքր ժամանակ,
Փորձենք ցատկելով կոխրճել դրանք...

Թող անկարելին թեկուզ մի անգամ
Կարելի լինի:
Թող ծաղիկները գիշերը ճախրեն:

Թող պարկեշտության հանդերձը նետած՝
Վերածվեմ գողի...
Ու իմ թալանը միայն դու՜ լինես:

Թող ազատվելու կամքդ չքանա...

Թող մեռնի մի օր «սպասում» կոչվածը...
Թող տխրությունն էլ իր պոչը քաշի...
Չեմ հավատում, թե փակուղիներից
Գոնե մի փոքրիկ արահետ չկա,
Որ թաց սեզի մեջ թողած հետքերը
Նոտաների պես չեն շարվում թեթև
Ճամփեզրով ձգվող էլեկտրալարին:

Իսկ դու՞...
-Դու չե՜ս հավատում իմ հեքիաթներին:
Միևնու՛յնն է.
Դուռը չփակե՜ս, ես դեռ պատրաստ չեմ
Շուրթերս հպել ծերացող աշնան
Պաղ զարկերակին:

2011

Արևածագ ջան երեկ մտա էս թեման ու չհասցրեցի բոլորը կարդալ, իսկ այսօր արդեն կարդում եմ, ու տողերն էնքան հարազատ են թվում, կարծես կարդացել եմ, լավն են ընդգծված տողերը, շա՜տ շաատ, հրաշալի են, միշտ կկարդամ, չնայած կարծես ստացվումա, որ բոլորը կարծես ընդծել եմ, դա է կարևորը, որ ամբողջն էլ գեղեցիկ է գրված, այլ ոչ մեկ կամ երկու տողն են հարազատ.......
Շնորհակալ եմ :):hi

Sambitbaba
17.10.2011, 22:01
Վերջերգ

Մնաս բարով, գնաս բարով,
Իմ օրհնված ճամփորդ, իմ անգին:

Էլ չհանդիպենք երևի կյանքում.
Ով առաջինը լինի դժոխքում,
Թող մյուսի համար տեղ պահի կողքին:
Հոյակապ է, ինչպես միշտ: Ինչպես միշտ՝ բարձունքի վրա ես:

Սկզբից մեծ ցանկություն ունեի հարցնելու, թե ինչո՞ւ՝ դժոխքում: Չէ՞ որ մարդ ինչ նախատեսում է իր համար, այն էլ ստանում է: Իսկ ինչ վերաբերվում է հանգին, ապա այնպիսի տպավորություն է, որ "դրախտում"-ն էլ է համապատասխանում "կյանքում"-ին…
Հետո հասկացա, որ մարդ չի կարող հենց այնպես իր անգինին դժոխք ուղարկել: Դա հնարավոր է միայն մեկ դեպքում. երբ նա հասկանում է, որ դժոխք և դրախտ՝ միևնույն բանն են:
Ուրեմն, դու հասկանում ես դա:
Ապրես:

Արէա
18.10.2011, 08:13
Ավելի լավ ա դժոխքի հույս ունենաս, հետո հայտնվես դրախտում, քան հակառակը :)

Իրականում իմաստն իմ կարծիքով ավելի խորն է, քան ընդամենը դժոխք կամ դրախտ գնալու միտքը, գուցե հուշում է միասին ապրած բուռն ու "մեղսալի" կյանքի մասին, գուցե անգամ դժոխքում իրար մասին հոգ տանելու պատրաստակամության, գուցե մեկ այլ բան, բայց հաստատ իմաստը հենց դժոխքի, կամ դրախտի մեջ չէ:

Արևածագ
18.10.2011, 09:07
Սիրելի ակումբցիներ, շնորհակալ եմ, որ կարդում եք: Մի բան միայն «դժոխք-դրախտ» հասկացությունների մասին: Դրանց մեջ իսկապես տարբերություն չեմ տեսնում, այնքան որ խառնված են եզրագծերը:
Մի խոստովանություն էլ. այս բանաստեղծությունը տասնվեց տարեկանում եմ գրել, հետո երկու բառ եմ փոխել միայն:

Արևածագ
19.10.2011, 22:46
Իրիկվա անձրև...

Անծանոթ տաքսու մուգ դիմապակուն,
Լուսարձակների լույսերը կարմիր
Աշնան անձրևի պաղ կաթիլներում
Փշրած աստղերի ցոլքեր են մանրիկ:

Ծանոթ մեղեդու ալիքը թավշե,
Երգչուհու ձայնը մորմոքով լեցուն,
Թափանցիկ, անգո, ոնց սիրո հուշը,
Հոգնած մտքերիս թմբիր են լցնում:

Ճամփեզրի դատարկ կանգառի կողքին,
Լամպերի չռված աչքերի առաջ
Տագնապոտ նիրհով ննջում է թխկին
Ու իր նիրհի մեջ օրորվում կամաց:

Տաքսին տաքուկ է, բույրերն են օտար:
Թրթուրանման շարքը փողոցի
Լույսերով հատ-հատ քաշվում է դանդաղ
Խաչմերուկների խճճված թելից:

Թախծոտ մեղեդու ալիքը խռով
Կամաց հոսում է նվագարկիչից.
Սփոփանք եմ ուզում, ու այդ պատճառով
Անգամ մեղեդին հույս է տալիս ինձ,

Թե ճամփաների ժապավենները,
Խցանումները աշնան քաղաքի,
Ինչքան էլ երկար, անհույս ծավալվեն,
Սրանից ավել մեզ չեն բաժանի:

Որ կիզակետում մեր երազների,
Հանդիպումների հրաշքում անբառ,
Փակուղիներից հեռու մի ճամփի
Կգտնենք իրար, կփրկենք իրար...

Մութն իր անատամ, անհագ բերանում
Շարասյունների պոչը կծամի,
Բայց երկրագնդի ոչ մի խցանում
Եղածից ավել մեզ չի՛ բաժանի:

Վետվետ լույսերը լուսարձակների
Անծանոթ տաքսու մուգ դիմապակուն
Կաթիլում բեկվող ցոլքերով կարմիր
Երազանքներիս մորմոք են մաղում:

Meme
19.10.2011, 23:31
Արևաձագ ջան, ապրեք, նենց հոգուցս էր, թեյը կողքիս կարդում եմ,:love մի տեսակ ուրիշ շունչա ձեր ստեղծագործություններում, լրիվ համընկավ տրամադրությանս ու աշնան հետ;)
Ապրեք

Արէա
20.10.2011, 08:30
Ցանկացած բանաստեղծություն կարդալիս ման եմ գալիս էն մեխը, որի շուրջը պետք է կառուցված լինի բանաստեղծությունը, ակումբում տեղադրվող ստեղծագործությունների զգալի մասում դա հիմնականում չեմ գտնում, ու բացի հետաքրքիր դասավորված բառերից ու լավ ընտրված հանգերից այլ գնահատական չեմ կարողանում տալ: Ձեր մոտ արդեն որերորդ անգամ գտնում եմ էդ առանցքը, որը միանգամից փոխում է մինչ այդ տողը եղած տրամադրվածությունը.

Բայց երկրագնդի ոչ մի խցանում
Եղածից ավել մեզ չի՛ բաժանի:


Շատ տխուր ու լավն է, շնորհակալություն:

Արևածագ
20.10.2011, 10:03
Ցանկացած բանաստեղծություն կարդալիս ման եմ գալիս էն մեխը, որի շուրջը պետք է կառուցված լինի բանաստեղծությունը, ակումբում տեղադրվող ստեղծագործությունների զգալի մասում դա հիմնականում չեմ գտնում, ու բացի հետաքրքիր դասավորված բառերից ու լավ ընտրված հանգերից այլ գնահատական չեմ կարողանում տալ: Ձեր մոտ արդեն որերորդ անգամ գտնում եմ էդ առանցքը, որը միանգամից փոխում է մինչ այդ տողը եղած տրամադրվածությունը.

Բայց երկրագնդի ոչ մի խցանում
Եղածից ավել մեզ չի՛ բաժանի:


Շատ տխուր ու լավն է, շնորհակալություն:

Սիրելի Արէա, ես էլ ճիշտ քեզ նման յուրաքանչյուր գրական տեքստում միջուկ եմ փնտրում: Առանց դրա պատկերներն ու ճշգրիտ հանգերը ավազե պատերի նման փլվում են:
Գնահատում եմ ՏԵՍՆԵԼՈՒ կարողությունդ: :)

Արէա
20.10.2011, 11:58
Էս վերջինը Ցոյի երգերն ա հիշեցնում :love

Արևածագ
20.10.2011, 12:28
Այնքան էլ ծանոթ չեմ Ցոյի ստեղծագործությանը, բայց գրածիցդ հետո հատուկ ուշադրություն կդարձնեմ:;)

Արէա
20.10.2011, 12:44
Այնքան էլ ծանոթ չեմ Ցոյի ստեղծագործությանը, բայց գրածիցդ հետո հատուկ ուշադրություն կդարձնեմ:;)

Ցոյին ա հատուկ ընդհանուր ստեղծագործությունը կառուցել մի հենակետային մտքի, բառի, նախադասության վրա, օրինակ.


Дождь идет с утра,
Будет, был и есть.
И карман мой пуст,
На часах шесть.
Папирос нет,
И огня нет,
И в окне знакомом
Не горит свет.

Время есть, а денег нет,
И в гости некуда пойти.

И куда-то все
Подевались вдруг.
Я попал в какой-то
Не такой круг.
Я хочу пить,
Я хочу есть,
Я хочу просто
Где-нибудь сесть.


Փորձենք հանել ընդգծածս տողը, էլի կունենանք բավականին հաջող բանաստեղծություն, որում կան թե հանգեր, թե պատկերներ, թե գեղեցիկ կազմություն, բայց մի տեսակ անորոշ է հիմնական պատճառը էդ հոգեվիճակի: Բայց, ընդամենի մի քանի բառ և բոլոր առավելություններին կավելանա նաև ամենակարևորը` պատճառը, որը սակայն առաջին հայացքից կարող է բոլորովին էլ հիմնական մտքի տպավորություն չթողնել, այլ այնպես իմիջիայլոց ասված նախադասության, սակայն միայն առաջին հայացքից, իրականում հենց դրա վրա է հիմնված մնացած ստեղծագործությունը:

Նույն զգացողությունն ունեցա Ձեր բանաստեղծությունը կարդալիս:

Արևածագ
02.11.2011, 12:14
Գեղեցկուհի Լուսին...
Աստղերը բոլոր ուզում են շուրթիցդ համբույրներ քաղել,
որ ծնունդ տան նոր համաստեղությունների.
Քանի չես անցել, քանի չես քնել, քանի դեռ ուշ չի...
Հեզիկ շիկնանքով լույսդ թող հոսի
Ու գգվանք դառնա իմ պարանոցին:
Շողքերդ փութով
Թող ինձ ազատեն
պարտականության
ու համր ցավի
ոլորաններից:

Ինքնամաքրման ու ինքնանվիրման
Նեղ արահետով ինձ քո գիրկը տար:
Թույլ տուր թույլ լինել.

Ես շա՜տ եմ հոգնել...

2011

Արևածագ
30.11.2011, 22:31
«Ճամփեքը բոլոր Հռոմ են տանում»:

Իմ ճամփաներն էլ ,
Եթե գեթ մի օր,
Անվերջանալի թելից կծկված`
Գլորվեն, կանգնեն
Ոտքերիդ առաջ,

Մեն մի համբույրով
Կփոխանցեմ քեզ
Գլխիս շողացող աստղերի ոսկին,
Պրկված նազանքը բարդենիների,
Կտուրին թառած աղավնիների
Իրար գգվելը
Ու ձեռնափայտի
Գլխիկին կռթնած,
Կամ՝ երերալով քայլերը փոխող
Սմքած ծերունու
Ապրելու հույսը.

Բոլոր բանկերի
Գանձարանների բանալիները
Ծանր խրձերով՝
Մի համբույրի մեջ.
Ու բոլոր կանանց,
Ում որ սիրել ես,
Կամ պիտի սիրես սրանից հետո՝

Հրավառ սիրո,
Հնազանդ սիրո,
Կաթոգին սիրո,
Ամոթխած սիրո,
Արգելված սիրո
Բոլոր լիցքերը՝ մեն մի համբույրով
Քեզ կփոխանցեմ...

. . .
Անդուլ եռանդով քշում է քամին
Ձյան փաթիլները մայթի վրայով
Ու կուտակում է սալաքարերի
Նախշուն ճեղքերում:
Պարզկա օրվա
Զնգուն օդի մեջ
Դատավճռի պես
Հնչում է քունքիս,

-Որ իմ կուտակած
Այսքան անհաշիվ
Անփուտ գանձերի
Շտեմարանից
Մի համբույր տալու
Հնարը չկա՜...

Ու սնանկ ենք մենք:

Արևածագ
13.12.2011, 23:20
Oրոր

Ձյուն, հոգատար մոր պես ինձ օրոր ասա, օրո՜ր-օրո՜ր,
Քո ցուրտ գրկի մեջ իսպառ կցնդեն թույները բոլոր:

Վիհերը արնոտ թաթերն են պարզել թռիչքիս համար,
Անտարբերության մրուրը պարպած՝ կընկնեմ ճանապարհ:

Առատվան ձյունը մայրական գիրկ է ու քրոջ արցունք,
Թող մաղի բախտիս ու սիրտս գգվի թևերով փափուկ:

Քունքերում պայթող նյարդային հևքը զարկերակների
Անձայն կհանգչի՝ թրթիռը տված ձյան պաղ ափերին:

Թեթև սավանով ծածկիր ինձ, ծածկի՛ր վերջին արարում,
Մեռած հույսերս կթաղվեն մահվան անգույն ծրարում:

Ձյուն, հոգատար մոր պես ինձ օրոր ասա, օրո՜ր-օրո՜ր,
Քո ցուրտ գրկի մեջ իսպառ կցնդեն թույները բոլոր:

2011

Արևածագ
01.01.2012, 12:19
Երգ չինական պոեզիայի մոտիվներով

Լուսայգի քամին բազեի նման
Ծերուկ անտառի թավ սաղարթներից
Գլուխը պոկած՝ թևածեց, կորավ:
Վաղուց չեմ տեսել սրտիս տիրոջը:
Օրերն անցնում են իրար հետևից,
Գուցե սիրածս մոռացել է ինձ:

Հաստաբուն կաղնին սարի գագաթին
Զրույց է կապել տիեզերքի հետ՝
Անտեղյակ կյանքի բարուց ու չարից:
Ես էլ չեմ տեսել սրտիս տիրոջը:
Օրերն անցնում են իրար հետևից,
Երևի արդեն մոռացել է ինձ:

Մուգ մանուշակը՝ գլուխը ցողոտ
Քամու ցրտաշունչ շուրթերից պահած,
Լուռ թաքնվել է մութ ծմակուտում:
Ճշմարտությունից չեմ կարող պահվել:
Օրերն անցնում են իրար հետևից,
Իսկ իմ սիրածը մոռացել է ինձ:

Արևածագ
04.02.2012, 21:00
Հաշտություն

Ծովի խորքում ավազի մի հատիկից
Փոխակերպման անհողանյութ հրաշքում,
Անշունչ գոյը վերածվում է մարգարտի
Խեցու կարծր, խորհրդավոր փեղկերում:

Ավազները՝ արցունքներով լվացած,
Տարիների քամիները չեն ցրել,
Կուտակել են ժլատությամբ վախվորած,
Մարդկանց փխրուն հոգիներին պահ տվել:

Ինչ եղել է, հոգու խեցում անթափանց
Թող ավազից վերածնվի մարգարտի,
Ներենք իրար, թող զրույցը սրտաբաց
Անցած ցավի ոչ մի փշուր չխախտի:

Երբ հույզերի մրրիկները կմարեն,
Ժամը կգա, հանդիպումի մի ափում,
Այն խոսքերը, որ տարիքն է կուտակել
Կնկարվեն թե՛ իմ, թե՛ քո հայացքում:

Խոհեմությունն աչուկներով միամիտ
Մարած սիրո կորած հետքն է որոնում,
Բայց մենք խմենք հուշի գինին մարգարիտ՝
Թողած ցավի ավազները անցյալում:

2011
Ռ.Պ.

Արևածագ
04.03.2012, 22:05
Ազատության պատրանք

Որոշեցի երգերիցս մեկին ազատ թողնել,
որ դուրս գա տնից
ու փողոցներում ֆռֆռա իր քեֆին:
Բոմժերի հետ քնի
Կեղտոտ ներքնահարկերում,
միլիցեքն իրեն տեղի-անտեղի
քացու տակ գցեն,
կողքից անցնողերը դժկամությամբ
երեսները թեքեն,
որովհետև մարդիկ շրջվում են
ցանկացած ողորմելի բանից,
որ չի համընկնում
լավագույն կյանքի մասին իրենց
վարդագույն պատկերացումներին:

Չէ՞ որ իրենք շտապում են երջանիկ լինել.
Գրքերից ու դոկտորական տրակտատներից ծորում է
այն լպիրշ սուտը,
Որ մարդը պիտի երջանիկ լինի,

Իսկ իմ բարձիթողի երգը,
որ շատ հեռու է երջանիկ կոչվելու հովվերգությունից,
միայնության խղճուկ մարմնացումն է
նաև՝ լքվածության:
Մի երկու խիզախ միգուցե նրան ողորմություն տան:
Ու երգս կամ մի կտոր հաց կառնի կամ մի շիշ էժան գինի:
Երկրորդն ավելի հավանական է:

Նա գիշերը գուցե եկեղեցում ապաստան գտնի,
բայց գիշերները եկեղեցիների դռները փակ են:

Նույնիսկ մանյակն իմ երգին սպանելու
ոչ մի մոտիվացիա չունի.
Երբ կյանքդ քեզ պետք չի
Մանյակն առավել ևս քո անպետք կյանքի կարիքը չունի:

Ու թե նրան հաջողվի,
Ծեծվելուց ու քամարհվելուց հետո,
կեղտոտ ցնցոտիներով նորից իր տան ճամփան գտնել,
ես նորից կբացեմ դուռս
ու թույլ կտամ, որ նա իր կապտած դեմքով
ճղված շորերով ու բորոտ ոտքերով
գա ու բազմի

իմ շահած- պահած
փայլացրած, փայփայած
նրբակիրթ, նրբաթերթ ու
Գեղագիտական, քերականական ու տաղաչափական
բոլոր կանոններով
գրված երգերի կողքին:

Որն էլ անում եմ:

Արևածագ
14.04.2012, 09:03
Այնքան շատ էին մեր երկխոսության
Միջակետերը.
Իրենց անհասցե շարունակությամբ,
Իրենց միամիտ հարց-պատասխանով:
Միջակետերի շղթան՝ կոտորակ,
Սանձել է կամքս մութ ճոպաններով.
Մինչ ընդամենը վերջակետ է պետք:

Ես որոշել եմ:

Բայց մի վերջակետ դնելու համար
Դավաճան ձեռքս անզոր դողում է:

2012

Արևածագ
23.05.2012, 20:11
. . .
Չվերթները հետաձգվում են.
Մի հեռու երկրում՝ ձնաբուք, քամի,
Բայց այդ պատճառով սրտիս խորքերում
Կարոտի վրա կարոտ է դարսվում:
Ու ես չգիտեմ՝ վառոդի կույտն այդ
Ե՞րբ պիտի պայթի:
2012


. . .
Ես հավատում եմ, որ սայթաքելու պահին,
Ընկերներիցս գոնե մի երկու հոգի,
Եթե անգամ ինձ փրկության ձեռք չմեկնեն,
Չե՛ն խփի մեջքից ու հոգուս մեջ չե՜ն թքի:

2012

Արևածագ
02.07.2012, 09:37
Գրկիր ինձ, լավս,
Չի խամրի հավետ արևածագը,
Ամպերի խաղը չի՜ ընդհատվելու.
Քանի չի հնչել Ետդարձի զանգը,
Դեռ մի ակնթարթ կա՛ համբուրվելու:

Մեր շուրջ նստոտած հարցականների
Անորոշությունից չռված աչքերը
Թող որ շլանան համբույրի փայլից,
Ու թող մեզ ներվեն եղած պարտքերը:

Ծիածանների աղեղը փայլուն
Որբուկ սերերին տուն է, հանգրվան,
Գրկիր ինձ, լավս, քո մի համբույրում
Արբեցումի լույս ծիածանը կա:

Սիրո համար չի վախճանի ահը,
Չի մեռնում սերը, դեմքերն են փոխվում.
Քանի չի հասել Ետդարձի պահը,
Դեռ մի ակնթարթ կա՛ համբուրվելու:

Արևածագ
02.07.2012, 09:43
Խոստովանություն

Ես նայեցի բոլոր ֆիլմերը, որ սիրում ես դու,
Կարդացի սիրածդ գրքերը,
Լսեցի սիրածդ երգերը,
Ու նույնիսկ մեքենայիդ մակնիշը սիրեցի
Ու քո միակերպ վերնաշապիկները.

Բայց քեզ սիրելու մասին խոսք չի կարող լինել:

2002

Արևածագ
12.08.2012, 08:07
Կեսգիշերից ետ

Կեսգիշերից ետ քնած քաղաքում
Գարուն է կաթում ջրհորդաններից,
Հազարոտանի գնացքը՝ սողուն,
Սահում, պոկվում է մածուցիկ մթից:

Անորոշությունն է տիրական ու տեր:
Մի հնար լիներ՝ մտքերս ուրու
Գերիների պես վագոն նստեցնել
Ու ճամփել հեռու, անսահման հեռու:

Քարանձավների ժամանակներում
Անունը տալու տաբու է եղել,
Ու եթե մենք էլ մի սին խաբկանքով
Խելահեղությունն այս կյանքը ողողող,
Մերթ կախվածություն բառով ենք կոչում
Մերթ էլ՝ երբևէ չպարպվող կարոտ
Ու ո՛չ երբեք՝ սեր-
Մենք սոսկ հույս ունենք՝ խեղճ, անիրական,
Թե պաշտպանության սուտ թիկնոցի տակ
Սիրուն ուղեկցող տառապանքը ձիգ
Սեր չի՜ նկատի,
Ու մեզ չի՛ գտնի...

. . .
Կախարդ ընկերս աստղերն է վառում,
Լուսնի խարույկն է հսկում անդադար,
Գոնե այս գիշեր իր հետ զրույցում
Տենդից կփրկվեմ, կլինեմ արդար:

Սակայն չգիտեմ, ո՞ր քավարանի
Ո՞ր հրաշագործ փրկության դռնով
Պիտ վերադառնամ իմ արմատներին,
Ո՞նց սանձահարեմ կամքս անընտել,
Երբ սիրուց ավել ինձ ոչինչ պետք չի,
Ու սիրուց քչի՛ն ես համաձայն չեմ:

2012

Արևածագ
24.09.2012, 12:21
Մի կտրիր ձեռքդ,
որով դու մի օր
մեջքս ես գրկել,
թե ինձ գրկելու
գայթակղությանը
մի կերպ դիմանաս:
Ա՞փդ է վառվել
Կրակ որսալուց:
Ու վախենում ես,
թե չի՞ լավանա...
Հո՞ երեխա չես:
Ցավերը որոնք
Մեզ չեն սպանում
Մի օր անցնում են՝
Սոսկ մեզ կոփելով:
Ձեռքը կտրելով
Հոգին չի՜բուժվում:
Երկնքից թափվող
Միլիարդ անհաշիվ
փաթիլների մեջ
երկու ձյան փաթիլ
նման չեն իրար:
Պատճառ մի սարքիր
տարբերությունը
Մեր երազների,
երբ որ իմ ոգին
Անտարկտիդայի
Սառույցները ողջ
Կարող է հալել:
Մի կտրիր ձեռքդ:
Ու ինձ մի՛ մորթիր:

Արևածագ
03.10.2012, 12:41
Հարյուրամյա զրույց

-Որտե՞ղ են մեռնում թիթեռնիկները,
Որոնց թևերը պոկել են մարդիկ:
-Ուղևորվում են դեպի եթերը
Սև մրջյունների կարծր ուսերին:

Տիեզերքը սոսկ ցավն է ճանաչում
Հուսահատության արցունքում բեկված:
Իմ բարի թիթեռ, դու չես մահանա
Չտրվես հանկարծ կանչերին պաղած:

-Թե չեմ մեռնելու՝ մարմինս փխրուն
Խնջույքի սեղան դեռ պիտի լինի
Կյանքի արյունոտ կերի շղթայում
Արյունից հարբած սև մրջյուններին:

-Չհամարձակվե՛ս, ես եմ քեզ ասում:
Դու բուրգի դուռ ես ու տեղով շունչ ես
Ազատ հևացող արձակ դաշտերում,
Դիմացիր մի քիչ, փրկելու եմ քեզ:

Հայաքդ իմ մեջ թարթող կարոտն է
Զրահ կոպերով քեզ կպաշտպանեմ:
-Աուրելիանո, սա վերջին երգն է,
Որ դեռ ունակ եմ սրտիցս պեղել:

-Կմորթեմ դրանց՝ սև մրջյուններին,
Բույնը կքանդեմ զենքերով անտես,
Ու միայն այնժամ կարոտիս միջից
Հևոտ կժպտաս ու դուրս կճախրես:

Մինչ հարյուրամյա փոշին նստելը,
Մինչև աստղերը թափվեն կապույտից:
Մթնշաղի մեջ քեզ կտամ թևեր,
Թեկուզ դա պոկեմ իմ երազանքից

2012

Արևածագ
19.11.2012, 11:44
Բանաստեղծությունը
տերևից կախված կաթիլի պես է:
Այգաբացի շաղի կամ իրիկվա թոնից հետո
Օրորվում է նա՝ հոգու տերևից սրտատրոփ կախված,
Սակայն չի՜ պոկվում:
Նա խտանում է
Հույզի, հույսերի,
Հարաճուն մտքի,
Կարկաչուն լույսով:
Նա խտանում է
Բիրտ անքնության,
Հուսահատության
Դառը ծանրությամբ:

Նա դեռ չի պոկվում:
Չի հասել պահը:
Ու միայն այնժամ,
Երբ որ բառերը մեղվի պարսի պես
Բզբզան խմբով գնդակ կսարքեն
Խոհ- կաթիլի շուրջ,
Դրանից հետո
Անաղմուկ ճիչով
Խոսքի կաթիլը
Կպոկվի շուրթից
Ու ճերմակ թղթին,
էկրանի վրա,
Հեզությաբ խոհուն
Կսահի՝
Դառնա
Բանաստեղծություն:

2012 Ռ.Պ.

Արևածագ
19.11.2012, 11:45
Լուսնափայլ անդորրի հետքով՝ փոխադարձ սիրո անուրջում,
Խուսափուկ հույսը ականջիս ասաց, թե բախտը մի դուռ կբացի:
Անհունի աստղերի ներքո, անհասցե ճամփեքի վերջում՝
-Աշխարհ աշխարհե կշտացավ, ես քեզնե կարոտ մնացի:

....

Տարիների ձիգ ճամփեքին վետ-վետ
Նա, ով ականջիս շշնջաց թաքուն.
« Կարոտում եմ քեզ, կսպասեմ հավետ»,
Ի վերուստ գծած բախտի հեգնանքով
Նույն մարդը եղավ հազարների մեջ,
Միայն թե՝ տարբեր կերպարանքներով:

27.08.2012

Արևածագ
09.12.2012, 00:05
Սեր ի՛մ, չտխրե՛ս հանկարծ,
Աշնան ձեռքը պաղ
Մեզ չի հասնելու:
Գույները վառ են
Օդը՝ սարսռուն
Կանաչ կարմիրի
Հրավառության
Ու անձրևների
Սաղմոսում երգվող
Հրաշք պատմություն:

Թող որ գարունը
Թավշե փեշերով
Զգացմունքների
Խարույկ է վառում,
Բայց ո՞վ կհերքի,
Որ բարդու նիրհում,
Աշնան խեժահոտ
Դառը բուրմուքում,
Հողի խաղաղված
Շնչառության տակ

Սիրտը գարունքից
Ավելի ուժգին,
Ավելի զգայուն
Հևքով չի տրոփում:

2012

Malxas
09.12.2012, 00:47
Ապրես, Արևածագ: Քեզ հաջողվում է միշտ մարզավիճակում լինել: :)

Արևածագ
09.12.2012, 15:37
Ապրես, Արևածագ: Քեզ հաջողվում է միշտ մարզավիճակում լինել: :)

Մալխաս, քանի սիրտը չի դադարել զգալ: :)