PDA

Դիտել ողջ տարբերակը : Եռյակը



StrangeLittleGirl
19.01.2007, 14:33
Անհամբեր մեռնում եմ: Չնայած որ պատմվածքը դեռ ավարտին հասցված չէ, ես հրապարակում եմ այն: Գուցե սա կօգնի, որ պատասխանատվություն զգամ ու ավարտեմ: Թե չէ ամեն անգամ, երբ նստում եմ շարունակելու, սկիզբը մի հատ նորից կարդում եմ, փոփոխություններ մտցնում, հետո ալարում եմ գրել: Այնպես որ ձեր դատին եմ հանձնում առաջին կեսը: Փորձել եմ հնարավորինս հասկանալի գրել, բայց այնպես, որ ամեն ինչ ակնհայտ չլինի… Չգիտեմ, թե ինչքանով է ստացվել:

Եռյակը

Երբեք ոչ ոք միասին չի տեսել նրանց, թեև նրանք հաճախ են հանդիպում: Չափից դուրս նման են իրար, բայց միշտ վիճում են, հազվադեպ են համաձայնության գալիս: Իրար հայհոյում են, մեղադրում, ծաղրում, նվաստացնում, փնովում, բայց նաև ափսոսում են, կարոտում, փորձում լեզու գտնել: Ու մեկը մյուսին շա՜տ է սիրում: Առաջինը երազում է Երկրորդ դառնալ, Երկրորդը՝ Երրորդ, իսկ Երրորդը՝ Առաջին կամ Երկրորդ՝ պահպանելով իր սեփական հատկանիշներից մի քանիսը:
Ես երեքին էլ ճանաչում ու սիրում եմ, բայց յուրաքանչյուրին տարբեր կերպ: Առաջինին համարյա մոռացել եմ, բայց կարծեմ շատ քաղցր բալիկ էր: Երկրորդին կարոտով եմ հիշում ու մի քիչ էլ ափսոսում, իսկ Երրորդին հինգ մատիս պես գիտեմ, բայց ավելի լավ է չխոսեմ նրա մասին, թե չէ պատմությունս բոլորովին այլ ընթացք կստանա:
Մի ձմեռային օր նրանք հավաքվել էին իրենց հանդիպման միակ հնարավոր (գոնե ես այդպես գիտեմ) վայրում՝ ծալքավոր լեռներում: Առաջինը հարմարվել էր ամենախորը ծալքի մեջ ու համարյա չէր երևում: Երկրորդը փորձում էր Առաջինին դուրս քաշել, իսկ Երրորդին խցկել ծալքերից մեկնումեկի մեջ: Երբ Առաջինը մի կերպ կարողացավ տեսնել Երրորդին, հարցրեց.
- Քննությունդ ո՞նց հանձնեցիր:
- Լավ, բայց ավելի լավ կարող էի:
- Դե հա՛, ծուլությունդ ամեն ինչ փչացնում է:
- Այնպես ես ասում, կարծես դու պակաս ծույլն ես:
- Ճիշտ ես, բայց ես մի առավելություն ունեմ. դրա մասին ոչ ոք չգիտի:
- Իմի մասին էլ չգիտեն… Համենայնդեպս, դասախոսներս կարծում են, թե ամբողջ օրը դաս եմ անում:
- Միևնույն է, ես առավելություն ունեմ: Մարդիկ լրիվ ուրիշ բաներ են ինձնից պահանջում. լավ քնել, լավ ուտել (եթե ուտելու բան կա), խաղալ, մեկ-մեկ էլ դաս սովորել: Ես իմ ծուլության պատճառով դեռ երբեք չեմ տուժել:
- Միամի՛տս, կհասցնես: Կարող ես չանհանգստանալ… Այդպես ես արել, որ ես այս օրի եմ հասել: Քանի շուտ է, փորձիր պայքարել դրա դեմ, թե չէ երբ մարդկանց պահանջները փոխվեն քո նկատմամբ, դու շատ կտուժես:
Առաջինը փորձեց մարսել Երրորդի ասածները, իսկ հետո դարձավ դեպի Երկրորդը և ասաց.
- Դու ինչու՞ ես լռել:
- Ուզում եմ, լռում եմ: Դու չպետք է ինձ ասես, թե ես ինչ անեմ:
- Բայց դու չես փոխվի: Ինչքան էլ փորձում եմ քո մասին լավը մտածել, չի ստացվում,- հառաչեց Երրորդը:
- Ինձ պետք էլ չէ, որ քեզ նման պառավն իմ մասին լավը մտածի: Եվ ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ կարծիք ունի իմ մասին: Ես գիտեմ, որ լավն եմ, մնացածը ձեր խնդիրն է:
- Այդպես ես անում, որ ընկերներդ քեզնից երես են թեքում: Հետո էլ նրանց հասցեին ինչ ասես չես ասի,- բորբոքվեց Երրորդը:
- Լա՛վ, լա՛վ, լռե՛ք,- փորձեց նրանց հանգստացնել Առաջինը՝ ձեռքով փակելով Երկրորդի բերանը, քանի որ նրան լռեցնելու ուրիշ հնար չկար:
Մի պահ լռություն տիրեց: Երկրորդը չարացած նայում էր Երրորդին: Վերջինս կարոտախտով լի հայացքը հառել էր Երկրորդին, բայց մերթընդմերթ ամեն ինչ իմացող մարդու նման Առաջինին էր չափչփում:

CactuSoul
19.01.2007, 15:32
Հրաշալի էր: Շատ լավ ես ներկայացրել: Բայց, կարծում եմ, ամեն ինչ հասկացա… Գաղտնիությունը պահելն այնքան էլ լավ չի հաջողվել;) :
Բայց իրոք շատ լավն էր:
Ինչպես միշտ :)

StrangeLittleGirl
19.01.2007, 15:45
Ի՞նչ հասկացար: Կարո՞ղ ես pm-ով գրել: Չեմ ուզում, որ այստեղ գրես, որ մյուսների վրա չազդի:
Ի դեպ, շարունակության մեջ ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում:

Ծով
19.01.2007, 16:12
Ի՞նչ հասկացար: Կարո՞ղ ես pm-ով գրել: Չեմ ուզում, որ այստեղ գրես, որ մյուսների վրա չազդի:
Ի դեպ, շարունակության մեջ ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում:
Բյուր,կարդում եմ՝ անհամբեր սպասելով հաջորդ տողին…դա արդեն իսկ խոստումնալից է…գրի շարունակությունը շուտ…:)
Դե ինչ-որ բաներ մտքովս անցան…
Բայց դումի հանելուկացի:) գրի՛…

kiki
19.01.2007, 16:30
ես էլ հասկացա ինչի մասին է խոսքը...

սպասում եմ շարունակությանը...

Մելիք
19.01.2007, 16:51
Բյուր ջան, շատ լավն էր: Մանավանդ նախաբանդ շատ խոստումնալից էր: Անհամբեր սպասում եմ շարունակությանը: Մենակ թե սենց կարճ-կարճկգրես էլի, թե չե չեմ կարա կարդամ:

Arisol
19.01.2007, 17:26
Լավն էր, ինձ դուր են գալի նման պատմվածքները;) :
Պահանջում եմ շարունակությունը:angry :

StrangeLittleGirl
19.01.2007, 17:30
Գիտեի, որ մի մասը տեղադրելուց հետո շարունակությունը հեշտ կգրվի :D Արդեն պատրաստ է, մնում է հավաքեմ: Ամենաուշը կես ժամից կտեղադրեմ ;)

CactuSoul
19.01.2007, 18:00
Արդեն պատրաստ է, մնում է հավաքեմ: Ամենաուշը կես ժամից կտեղադրեմ ;)
Սպասում եմ: Մեծ անհամբերությամբ: Դրա պատճառով մամայիս ծնունդից մի քիչ կուշանամ:oy …:love Դե բայց;) :

StrangeLittleGirl
19.01.2007, 18:05
Երկրորդ մասը մի քիչ երկար է: Թող ների ինձ Մելիքը, ուղղակի եթե երկու մասի բաժանեմ, չափից դուրս կարճ կստացվի:

- Պապիկս է մահացել,- վերջապես լռությունը խախտեց Առաջինը,- ինձ այդ մասին չեն ասում, կարծում են, թե փոքր եմ, չեմ հասկանա: Բայց ես գիտեմ… Ախր երկար ժամանակ հիվանդ էր: Տանն էլ ինձնից թաքուն փսփսում են, ռուսերեն են խոսում, որ չհասկանամ, բայց դե անցել են այն ժամանակները, երբ այդ լեզվից գլուխ չէի հանում:
- Իսկ մի՞թե հիմա մի բան հասկանում ես,- խայթեց Երկրորդը,- ձեր տանը ռուսերե՞ն… մի քիչ անհավանական է:
- Լռի՛ր, մի՞թե չգիտես, որ նա մոր զարմիկների հետ է ապրում… Է՛հ, շատ եմ ափսոսում, որ մեծ տարիքում պապիկիս հետ չեմ շփվել: Ասում են, որ ես շատ նման եմ նրան…
- Նա էլ է դպրոցում խուլիգան եղել, չէ՞,- ընդհատեց Երկրորդը:
- Հիմարություններ դուրս մի՛ տուր: Շատ լավ գիտես, թե ես ինչը նկատի ունեմ… Կուզեի միասին զբոսանքի գնայինք, զրուցեինք երկուսիս հետաքրքրող թեմաների շուրջ:
- Իսկ դու նրա գրածները կարդա,- խորհուրդ տվեց Երկրորդը:
- Բայց դու շատ անհասկացող ես: Գրքերը բոլորի համար են, իսկ ես ուզում եմ նրանից ստանալ իմը, այն, ինչը պապը թոռանն է տալիս, ուրիշ ոչ ոքի:
- Էդ ի՞նչն է… շատ հետաքրքիր էր: Օրինակ ես ոչինչ չունեմ ո՛չ իմ պապիկ-տատիկներից ո՛չ էլ ծնողներիցս…
- Միևնույն է, դու երբեք ինձ չես հասկանա: Դու ինքնասիրահարված, լկստված, մեծամիտ ու քմահաճ աղջիկ ես:
- Պա՛հ, մեկը լիներ, քո մասին խոսեր,- ասաց Երկրորդը և նայեց Առաջինին՝ սպասելով, որ մի բան կավելացնի:
- Դու բոբո ես,- ոգևորված ասաց Առաջինը Երրորդին:
Երկրորդն ու Երրորդը ծիծաղեցին, բայց հանկարծ Երրորդը մռայլվեց և դառնալով Երկրորդին՝ ասաց.
- Նա ճիշտ է ասում: Ես իսկապես բոբո եմ… Լավ, եկեք տխուր թեմաներից չխոսենք: Դու պատմիր, տեսնենք Ռուբոն ո՞նց է:
- Ռուբոն ո՞վ է,- զարմացած հարցրեց Առաջինը, չնայած սովոր էր Երկրորդի ու Երրորդի՝ գոնե իր համար անծանոթ մարդկանց մասին խոսակցություններին:
- Դու նրան չես ճանաչում… բարեբախտաբար,- պատասխանեց Երրորդը:
- Յա՜խք, զզվում եմ Ռուբոյից: Նա իմ մեծ եղբայրն է առանց «մ»-ի: Հիմարի մեկն է, իսկական անասուն,- ասաց Երկրորդը:
- Էլ մի՛, շատ էլ լավ գիտեմ, որ դու սիրում ես նրան:
- Սիրու՞մ… ինչպե՞ս կարելի է սիրել նման այլանդակի: Ոնց որ առնետ լինի:
- Բառերիդ մեջ զուսպ եղիր, թե չէ հետո կզղջաս:
- Մի՞թե դու պատկերացնում ես ինձ զղջալուց,- ծիծաղելով ասաց Երկրորդը,- ես իմ արարքների համար երբեք չեմ զղջում: Իսկ Ռուբոյի մասին էլ ասում եմ այն, ինչ մտածում եմ:
Առաջինը հոգնեց իրեն անծանոթ մարդու մասին վեճը լսելուց, բայց, չգիտես ինչու, ընդհատել չցանկացավ: Փոխարենը մի հարմար գալար գտավ, գլուխը դրեց վրան ու քնեց:
Իսկ Երրորդը շարունակեց.
- Ստում ես: Ես գիտեմ, որ Ռուբոյին գժի պես սիրում ես: Ում ուզում ես, խաբիր, բայց ինձ չես կարող: Ես քեզ չեմ ասում. «Մի՛ սիրիր»: Պարզապես զգույշ եղիր, նա քեզ օգտագործում է:
- Հիմարություններ ես դուրս տալիս: Նա շատ միամիտ է, չի կարող ինձ օգտագործել: Ընդհանրապես, ես հզոր եմ, ոչ ոք չի կարող ինձ շահագործել:
- Ջանի՛կս, միամիտը հենց դու ես: Երբ Ռուբոյին լավ ճանաչես, այն ժամանակ ասածներս կհիշես: Հիմա երբ ինձ զանգում է, անգիր գիտեմ, թե որ բառից հետո ինչ է ասելու: Այլևս չի կարող ինձ խաբել, իսկ դու նրա ամեն ասածին հավատում ես:
- Ի՜նչ կասկածամիտն ես: Միշտ վատն ես մտածում մարդկանց մասին: Իսկ Ռուբոյին ոչ ոք ինձնից լավ չի ճանաչում:
- Դու դեռ փոքր ես, շատ բան չես հասկանում:
- Զզվում եմ, երբ ինձ փոքրի տեղ են դնում: Հոգնել եմ արդեն: Մի՞թե մարդու հասունությունը անձնագրային տարիքով է որոշվում: Ես մեծ եմ, հասկանու՞մ ես: Գուցե հասակակիցներս փոքր են ու հիմար, բայց ես նրանց նման չեմ: Քիչ է մնում մի բանով խփեմ Նազելիին, երբ ամեն անգամ նշում է, որ երեք տարով ինձնից մեծ է: Ավելի վատ է, երբ Անահիտը հիշում է մեր՝ ընդամենը մեկ տարվա տարբերությունը: Եվ հետո… Ալանիսը ճիշտ էր ասում. "Just because you're young, it doesn't mean you can't do as much as adults can."
- Չե՞ս հոգնել Ալանիսից… Ինչևէ, դու ճիշտ ես ասում: Տարիքը կապ չունի: Թույլ են այն մարդիկ, որոնք իրենց միակ զենքը տարիքն են համարում: Բայց աշխարհում կա մեկը, որն իրավունք ունի ասել, որ քեզնից մեծ է, քեզնից հասուն: Դա ես եմ… Ի դեպ, Անահիտի մասին… Նրան լավ նայիր, այդպիսի ընկերուհի այլևս չես ունենա:
- Պա՛հ, ի՞նչ մի ընկերուհի է որ: Դու էլ հո չասացի՜ր:
- Չե՞ս վախենում նրան կորցնելուց:
- Առանց նրա էլ կյանքը հիասքանչ կլինի, առանց նրա էլ գժություններ կանեմ: Հիմար բաներ ես ասում:
Երրորդն այլևս չպատասխանեց: Աչքերը լցվեցին: Ինչ-որ բան հիշեց, կարոտեց, որը երբեք-երբեք չի հասկանա Երկրորդը:
- Ինչու՞ էլ չեք խոսում,- քնից արթնանալով և հորանջելով հարցրեց Առաջինը:
- Ո՞նց չենք խոսում,- ասես երազներից ուշքի եկավ Երրորդը,- փոքրի՛կս, դու մտերիմ ընկերուհի ունե՞ս:
- Եսի՞մ… ոնց որ չէ: Դե մի օր մեկի հետ եմ մոտիկ, մի օր՝ մյուսի: Ինձ մի տեսակ չեն սիրում… երևի… կամ էլ ես եմ շուտ հոգնում մարդկանցից: Իսկ դու ունե՞ս:
- Ե՞ս… ես… ես ունեի: Մենք շատ նման էինք իրար, մարդիկ շփոթում էին մեզ: Չէ՛, արտաքինով տարբեր էինք: Նա սևահեր էր, ես՝ շիկահեր: Նա բարձրահասակ էր, ես՝ ցածրահասակ: Նա թխամաշկ էր, ես՝ ճերմակ: Բայց մեր բնավորությունները, ճաշակը, անգամ ձայնը… լրիվ նույնն էր: Մենք մի տեսակ լրացնում էինք միմյանց:
- Բա հետո՞: Կռվեցի՞ք, թե՞ աստիճանաբար իրարից հեռացաք:
- Հետո… հետո նա հիվանդացավ: Ես ստիպված մենակ էի գնում այգի: Հույս ունեի, որ կապաքինվի, և այդ տարվա սեպտեմբերից միասին դասի կգնանք… բայց… բայց ես կորցրել եմ իմ մի կտորը, դեմքիս, եսիս մի մասը…
Այլևս չկարողացավ խոսել: Արցունքները խեղդում էին…
… Եվ Երրորդը շրջվեց ու գնաց՝ Առաջինին ու Երկրորդին այլևս չտեսնելու հաստատ մտադրությամբ:

Ավելացվել է 4 րոպե անց
Արդեն կարող եք հանգիստ գրել, թե ինչ եք հասկացել: Ինձ շատ հետաքրքիր է:

Հ.Գ. Անի՛, շատ ճիշտ էիր ;)

CactuSoul
19.01.2007, 18:35
Վերջը շատ տխուր էր…:cry
Բայց լավն էր: Սիրուն ես գրել:

Arisol
19.01.2007, 19:28
Բյուր, չլինի՞ Առաջինը ես եմ:D : Շատ էր ինձ նման պահելաձևը վերջում;) :
Անկեղծ ասած ուրիշ բանի էի սպասում, դրա համար էդքան էլ չհասկացա, մտքումս իմ պատկերացրածն էր հա ֆռֆռում…

StrangeLittleGirl
19.01.2007, 19:34
Իսկ դու ի՞նչ էիր պատկերացնում:

Փաստորեն ուզածիս հասել եմ :D Հասկացողը հասկացավ, չհասկացողը չհասկացավ :D

Ուլուանա
19.01.2007, 19:48
Ես հենց սկզբից, երբ դեռ առաջին մասն էի կարդում, մտածեցի, որ երեքն էլ ինքն է, այսինքն՝ իր էության երեք տարբեր, իրար հակասող, իրար մերժող ու, ինչպես ինքն է նշում, իրար անչափ սիրող մասերի մասին է խոսքը: :D Երկրորդ մասը կարդալով՝ ավելի համոզվեցի նախնական կարծիքիս մեջ: :P

Arisol
19.01.2007, 19:51
Լավ, չնայած իմ սպասումները չարդարացվեցին (ես միստիկայի էի սպասում, երբ դեռ նույնիսկ չէի կարդացել ու էդ պատկերացումով էլ կարդացել եմ, բայց լոմկվել եմ:D ), այնուամենայնիվ, իմ կարծիքով, Բյուրակնը էս պատմվածքը գրել ա իր մասին: Բոլոր երեք հերոսներն էլ Բյուրակն էր, պարզապես տարբեր ձևերով: Բյուրն իր ներսում բաժանված ա 3 մասի ու ներկայացրել ա էդ երեք մասն առանձին-առանձին, որպես առանձին անհատների…

Ուլուանա
19.01.2007, 19:52
Կամ էլ խոսքը տարբեր տարիքների Բյուրակնների մասին է: :D

Arisol
19.01.2007, 19:56
Կամ էլ խոսքը տարբեր տարիքների Բյուրակնների մասին է: :D
Ես էլ մի պահ տենց մտածեցի:) :

Shauri
19.01.2007, 20:08
Չէ մասերի չի բաժանված, ուղղակի տարբեր տարիքներ են` մանկություն, պատանեկություն, հասունություն:
Ինչը հասկացել էի 4-5-րդ տողից :)
Ճիշտ չե՞մ... :think

Հ.Գ. Շատ հետաքրքիր էր... :oy

Ծով
19.01.2007, 21:55
Բյու՛րիկ ջան,շատ հավանեցի…շաաաաաաատ…
Ես սկզբում ուրիշ բան էի մտածում,բայց երկրորդի կեսից հասկացա…
Միայն լրիվ ուրիշ ձևով սկսեցի ճանաչել քեզ…
Ես քեզ շատ եմ սիրում…:)

PoeT
19.01.2007, 22:06
Ես տենց էլ բան չհասկացա :D
Ինչ տուպոյ եմ :oy

Բյուրին ես էլ եմ սիրում... :love

otar
19.01.2007, 23:58
:oy լավն էր ուրիշ խոսքեր չգտա..

kiki
20.01.2007, 01:01
դե ես սկզբից էլ հասկացա, որ ինչ որ մեկի մասին է խոքը, տարբեր տարիքներում ՝ մանուկ, երիտասարդ ու ծեր...հիմա հասկացա, որ հենց իր մասին էր...վերջում փաստորեն ծերը գնաց կամ մահանալու կամ չգիտեմ, ես սպասում էի որ վերջում պիտի մեծը մահանա, կամ հեռանա, բայց մի ուրիշ ձևով էի դա պատկերացնում, ինձ թվումա շատ քիչ ես գրել...ինչ որ պակաս բան կար...իսկ միտքը շատ լավն էր, միգուցե հետո ավելացնես ու ընդլայնես...
իսկ գրելաոճը սիրուն էր շատ...

Kita
20.01.2007, 12:54
սկզբից էլ հասկացա, որ դու էիր... եթե քեզ մի քիչ լավ ճանաչեին, սկզբից գրեթե բոլորը կհասկանային...:)
բայց ինչպես կիկի ասեց... ինչ-որ պակաս բան կա...գուցե վերջում մեկը մնա...ով գիտի...

StrangeLittleGirl
20.01.2007, 13:08
Լավ, մի քիչ էլ սպասեմ, տեսնեմ ով ինչ է գրում, հետո կբացատրեմ, չնայած չեմ սիրում ստեղծագործություններս բացատրել, բայց ոնց տեսնում եմ, թեկուզ բոլորն էլ ինչ-որ բան կռահել են, բայց բուն խնդիրը չեն հասկացել:

Ուլուանա
20.01.2007, 13:26
Վայ, ես, փաստորեն, պատմվածի իմաստը վերծանելու մտքերով տարված, այդպես էլ կարծիք չգրեցի պատմվածքի մասին։ Մտահղացումը շատ հետաքրքիր էր, նաև շարադրանքն էր հաջող։ :ok Ապրես։ :)

kiki
20.01.2007, 16:28
Բյուր, իմ հասկանալով դու ուզում էիր ասել, որ մեծացել ես, ու լքում ես մանկությունդ ու պատանեկությունդ, այսսինքն, հասկանում ես բոլոր սխալներդ, ու հատկապես այն, որ կորցրածը ետ չես բերի ու ընդմիշտ լքում ես թեթև ու արկածներով լի կյանքդ...համենայն դեպս, ես նման բան պատկերացրեցի...

CactuSoul
20.01.2007, 17:39
Բյուրին ես էլ եմ սիրում... :love
Դե կներես, էլի:angry ;) իսկ Բյուրին ո՞վ չի սիրում…:) :love :)

Ի՜նչ լավ ա, որ ես ամենաառաջինն էի ամեն ինչ հասկացել…:P

Բարեկամ
20.01.2007, 18:06
Դե արդեն գրվեց որ երեքն էլ նույն մարդն ա՝ ասենք հեղինակը:
Այդ երեքը վիճակներ են՝ ժամանակով ու աշխարհընկալմամբ առանձնացված:
Երրորդը իմ կարծիքով հեղինակն ա հիմա, առաջինը՝ պուճուր ժամանակ, երկրորդը՝ միջանկյալ հիմիկվա ու պուճուր հեղինակի միջեւ:
Այդ երեք ժամանակային վիճակները հավանաբար եղել են իր կյանքի, ավելի ճիշտ աշխարհընկալման շրջադարձային կետերը. Առաջինը սկզբնական վիճակ ա, երբ դեռ չունես ոչինչ որդեգրած, երկրորդը բուռն վիճակ ա, երբ վստահ ես որ ամեն ինչ հրաշալի հասկանում ես ու գիտես, երրորդ վիճակը տեսնում ա երկորդի սխալները /որի հետևանքները ծանր ա ապրում/, այնուհանդերձ փորձում ա կոմպրոմիսի գալ իր նախորդ վիճակների հետ, բայց տեսնելով նման կոմպրոմիսի խաբուսիկությունը կամ կեղծությունը, վճռում ա հրաժարվել,լքել էդ նախկին վիճակները ընդմիշտ ու ... տես Ուլուանա, "Մեծ մաքրում" :)

kiki
20.01.2007, 18:40
Ի՜նչ լավ ա, որ ես ամենաառաջինն էի ամեն ինչ հասկացել…:P
պարզապես դու առաջինն ես կարդացել ու կարծիքդ գրել, իսկ կոնկրետ ես իմը գրելիս մյուսների կարծիքը չեմ կարդացել...

ինձ էլ սկզբում թվաց թե երրորդը արդեն ծերության տարիքն է,բայց հետո, երբ երկրորդ մասից հասկացա որ Բյուրը իր մասին է գրել ու մի կարևոր բան հիշեցի, հասկացա, որ իրականում երրորդը հեղինակն է իր այս տարիքում...

StrangeLittleGirl
24.01.2007, 00:25
Մի օր երևի կգրեմ, թե իրականում ես ինչ եմ նկատի ունեցել այս պատմվածքը գրելիս: Իսկ հիմա մի փոքրիկ կտոր իմ օրագրից, որը կարդալիս անմիջապես այս պատմվածքը հիշեցի.

11.01.2000թ.
Զանգեցի Անահիտին: Նա ինձ մուկ անվանեց և ասաց, որ ես վատն եմ:
- Իսկ քո կարծիքով դու շա՞տ լավն ես,- հարցրեցի ես:
- Այո՛,- պատասխանեց Անահիտը:
- Դե այդպես էլ կարծիր, բայց մտածի՛ր, թե ինչ են կարծում ուրիշները,- ասացի ես և հեռախոսը ցած դրեցի:
Անահիտը երկու անգամ զանգեց, սակայն ես անմիջապես հեռախոսը ցած դրեցի:
Արդեն շատ է սկսել ինձ զայրացնել: Ամեն անգամ այսպիսին է նրա վերաբերմունքն իմ նկատմամբ: Հետո ի՞նչ, որ ինձնից մեկուկես տարով մեծ է:

Հ.Գ. Սխալներին ուշադրություն մի դարձրեք: Վերջիվերջո, 13 տարեկանում եմ գրել:

StrangeLittleGirl
25.03.2007, 19:10
Ժո՜ղ, աչքիս մեր համալսարանի թերթի մյուս համարում տպագրվելու ա պատմվածքս :D

StrangeLittleGirl
30.06.2007, 15:33
…Լավ, եկեք տխուր թեմաներից չխոսենք: Դու պատմիր, տեսնենք Ռուբոն ո՞նց է:
- Ռուբոն ո՞վ է,- զարմացած հարցրեց Առաջինը, չնայած սովոր էր Երկրորդի ու Երրորդի՝ գոնե իր համար անծանոթ մարդկանց մասին խոսակցություններին:
- Դու նրան չես ճանաչում… բարեբախտաբար,- պատասխանեց Երրորդը:
- Յա՜խք, զզվում եմ Ռուբոյից: Նա իմ մեծ եղբայրն է առանց «մ»-ի: Հիմարի մեկն է, իսկական անասուն,- ասաց Երկրորդը:
- Էլ մի՛, շատ էլ լավ գիտեմ, որ դու սիրում ես նրան:
- Սիրու՞մ… ինչպե՞ս կարելի է սիրել նման այլանդակի: Ոնց որ առնետ լինի:
- Բառերիդ մեջ զուսպ եղիր, թե չէ հետո կզղջաս:
- Մի՞թե դու պատկերացնում ես ինձ զղջալուց,- ծիծաղելով ասաց Երկրորդը,- ես իմ արարքների համար երբեք չեմ զղջում: Իսկ Ռուբոյի մասին էլ ասում եմ այն, ինչ մտածում եմ:
Առաջինը հոգնեց իրեն անծանոթ մարդու մասին վեճը լսելուց, բայց, չգիտես ինչու, ընդհատել չցանկացավ: Փոխարենը մի հարմար գալար գտավ, գլուխը դրեց վրան ու քնեց:
Իսկ Երրորդը շարունակեց.
- Ստում ես: Ես գիտեմ, որ Ռուբոյին գժի պես սիրում ես: Ում ուզում ես, խաբիր, բայց ինձ չես կարող: Ես քեզ չեմ ասում. «Մի՛ սիրիր»: Պարզապես զգույշ եղիր, նա քեզ օգտագործում է:
- Հիմարություններ ես դուրս տալիս: Նա շատ միամիտ է, չի կարող ինձ օգտագործել: Ընդհանրապես, ես հզոր եմ, ոչ ոք չի կարող ինձ շահագործել:
- Ջանի՛կս, միամիտը հենց դու ես: Երբ Ռուբոյին լավ ճանաչես, այն ժամանակ ասածներս կհիշես: Հիմա երբ ինձ զանգում է, անգիր գիտեմ, թե որ բառից հետո ինչ է ասելու: Այլևս չի կարող ինձ խաբել, իսկ դու նրա ամեն ասածին հավատում ես:
- Ի՜նչ կասկածամիտն ես: Միշտ վատն ես մտածում մարդկանց մասին: Իսկ Ռուբոյին ոչ ոք ինձնից լավ չի ճանաչում:
Ժո՛ղ, էս մասն ուզում եմ հանել, փոխարենը մեկ-երկու ուրիշ նախադասություն գրել: Դուք ի՞նչ առաջարկներ ունեք: Ճիշտ է՝ ես ձեր առաջարկները դժվար ընդունեմ, քանզի այդ դեպքում սա իմ ստեղծագործությունը չի լինի, բայց գոնե դա կնպաստի, որ հաղթահարեմ ալարկոտությունս և ուղեղիս մի քիչ զոռ տամ:

Grieg
02.07.2007, 10:36
Ժո՛ղ, էս մասն ուզում եմ հանել, փոխարենը մեկ-երկու ուրիշ նախադասություն գրել: Դուք ի՞նչ առաջարկներ ունեք: Ճիշտ է՝ ես ձեր առաջարկները դժվար ընդունեմ, քանզի այդ դեպքում սա իմ ստեղծագործությունը չի լինի, բայց գոնե դա կնպաստի, որ հաղթահարեմ ալարկոտությունս և ուղեղիս մի քիչ զոռ տամ:

երկխոսությունները մի քիչ շատ էն, այնպես որ նախադասություներ ավելանել կարծում էմ միանշականորեն արժի

StrangeLittleGirl
07.07.2007, 18:42
Մի հարց էլ տամ: Շատ կարևոր է. խնդրում եմ՝ անկեղծ պատասխանեք և որքան հնարավոր է շուտ: Պատմվածքի հերոսների անունները չէի՞ն շփոթեցնում: Կարդալիս հե՞շտ էիք հասկանում, թե որն ով ասաց: Ձեր կարծիքով, լա՞վ կլիներ, եթե Առաջին, Երկրորդ, Երրորդի փոխարեն, ասենք, մարդկանց անուններ լինեին:

Manumel
07.07.2007, 19:38
Մի հարց էլ տամ: Շատ կարևոր է. խնդրում եմ՝ անկեղծ պատասխանեք և որքան հնարավոր է շուտ: Պատմվածքի հերոսների անունները չէի՞ն շփոթեցնում: Կարդալիս հե՞շտ էիք հասկանում, թե որն ով ասաց: Ձեր կարծիքով, լա՞վ կլիներ, եթե Առաջին, Երկրորդ, Երրորդի փոխարեն, ասենք, մարդկանց անուններ լինեին:

Համն ու հոտը անունների մեջ է, հանես ու՞ր տանես:Նույնն է տանիքը առանց տուն::D:D:D

StrangeLittleGirl
26.07.2007, 00:16
Համն ու հոտը անունների մեջ է, հանես ու՞ր տանես:Նույնն է տանիքը առանց տուն:
Թեև ահագին փոփոխությունների ենթարկեցի, բայց անուններին ձեռք չտվեցի: Կարծում եմ՝ ճիշտ եմ վարվել :)

Alphaone
23.09.2013, 02:44
Բյուր, քո բոլոր գործերից, որ մինչև հիմա կարդացել եմ, ամենաշատն էս հավանեցի, բռավո, ընկերս ու գրկ (էլի գրագողություն անեմ :D)

StrangeLittleGirl
23.09.2013, 10:35
Բյուր, քո բոլոր գործերից, որ մինչև հիմա կարդացել եմ, ամենաշատն էս հավանեցի, բռավո, ընկերս ու գրկ (էլի գրագողություն անեմ :D)

Ես կարամ սրա տպագրված տարբերակը քեզ նվիրեմ :D

Բայց դուր գալու պահով համաձայն եմ, էս մի գործս միակն ա հներից, որ սիրում եմ :))