PDA

Դիտել ողջ տարբերակը : Չուղարկված նամակներ...



Ծով
22.12.2009, 23:54
Նամակներ հայրիկիս, երբ նա քաղբանտարկյալ էր...
02.04.08
Արդեն մի քանի օր է, ինչ հոգիս տուն չի գալիս։ Թափառում ե ամայի մայթերով ու փնտրում է իր համար սահմանված լռությունը։ Արդեն մի քանի օր է նա ինձ ատում է, ասես այդ ես եմ լքել նրան, ոչ թե նա ինձ…
Մտածում եմ` ինչից սկսել…
Անքուն գիշերներն արդեն անցել են, այսինքն այն գիշերները, որոնք ես արթուն անցկացրի…քնածս մի քանի ժամ էր ընդամենը, մի պահ դա էլ չկար, բայց հիմա կարծես թե սպառված ուժերը նորից ձգտում են լիցքավորվելու; Էս երկրին ուժեղ զինվորներ են պետք, դե իսկ ես կռվող <տղա> եմ: 8 օր քեզ չեմ տեսել, հա'յր, ու 8 օր շարունակ անընդհատ փորձում էի հետդ խոսել, մտքովս չէր անցել, որ հենց այսպես կարող եմ բացել մի էջ ու շարել մտքիս եղածը…
Ինձ մնացել էր խուլ ու համար ինչ-որ լռություն…
Մտածում էի ինչ-որ հուսադրող, ուժով լի մի նամակ ուղարկել քեզ, բայց դրանք ո՞վ են, որ իմ սրտի խոսքը անտարբեր ու սառը հայացքով կարդան և տողատակերում ուրվականներ փնտրեն;
Այսպես գուցե և հանգստանամ…
Գիտե՞ս, միշտ էլ հպարտ եմ եղել քեզնով ոչ միայն որովհետև հայրս ես, այլ որովհետև ինքս զգացել եմ, թե որքան-որքան մարդիկ են քեզնով հպարտանում: Կարծես Աստված ծննդյանս օրից ինձ շնորհել է մի գանձ, որը միայն իմը չէ, և հիմա արդեն լիիրավ կարող եմ պատկերացնել, որ այդ գանձը նաև ժողովրդինն է;
Քեզ տանելու օրը ինչ-որ մի բան զգում էի, ուզում էի գրկել, որ կարոտս հագեցնելու համար մի քիչ պաշար ունենամ, չնայած հաստատ գիտեի, որ չի հերիքի: Հիմա հաճախ եմ փորձում մտովի գրկել, կարոտում եմ, բայց հաստատ գիտեմ, որ Ամեն ինչ լավ կլինի, ինչպես միշտ դու ես ասում, որ արդարությունը կհաղթի, որովհետև հաղթանակները պարտվողի, կեղծ բարեպաշտի, քծնող ու ստոր հայացքների տեսք չեն կարող ունենալ, ինչպես շարունակ փորձում են խաղալ հայլուրիկները:
Համալսարանում ամեն ինչ լավ է; Կուրսում խաղաղությամբ ու ջերմությամբ փաթաել են ինձ շատերը, ինչպես ես նրանց; Մտերիմ ընկերներս` Անգելը ու Լիլիան իմ ամեն օրվա երկու բաժին արևն են, որ չեն թողնում գոնե մի վայրկյան մտքերիս մեջ խրվեմ, տխրեմ և այլն:
Լիանը լրիվ պայքարային տարերքի մեջ ա, նույնիսկ ասում ենք, թե դեռ սովորում ա…Վեներան, Զառան, Սոնան էլ հաստատ ամեն ինչ կտան, որ սուրճ պատրաստեն քեզ համար…Ես դե հաճույքով հետդ սուրճ կխմեի; Տե՛ս ինչ տարբեր են աղջիկներդ…
Զգում ենք կարծես բոլորս էլ, որ սա մի փոքրիկ էտապ է և միայն որովհետև իսկական հաղթանակը դժվար է ձեռք բերվում:
Վերջերս ստեղծագործել չէի կարողանում, ինձ թվաց, թե մտքերս փակուղի են մտել, բայց մեկն ինձ ասաց, որ այդ անհնար է, քանի որ միտքը փակուղի մտնել չի կարող, առավելևս ինձ մոտ…հուսադրել էին, թե՞ Ինչ…բայց մտքերս ափերից դուրս եկան ու խեղդվելու վախից նորից լողալ սովորեցին…
Ակումբցիները գալիս-գնում են, դե գիտես թե ինչքան եմ պայծառանում նրանց ներկայությունից: Ակցիաներ էին մտածել, ուզում էին մի բանով օգնել, բայց դեռևս սպասում ենք տեսնենք պաշտոնական աջակցությունները ինչ արդյունք կտան:
Բայց սարսափելի հուզվեցի մի նամակից, ո րի տիրոջը, թեպետ էլի ակումբի անդամ է, չեմ ճանաչում…
Մեջբերեմ, որ հետո կարդաս. հարգելի Alize'e, պատահաբար իմացա որ դուք պրն Բանուչյանի աղջիկն եք, պատիվ եմ ունեցել ձեր հոր հետ հանդիպելու մի անգամ մի քանի տարի առաջ ու հանձին նրա տեսել եմ իսկական հայ գիտնականի ու մտավորականի, կուզենայի իմ զորակցությունը հայտնել ձեզ ու ձեր ընտանիքին, հավատացեք որ արդարությունը հաղթանակելու է, ու ձեր հայրը ինչպես որ եղել է իսկական հայ մտավորական այնպես էլ եղել ու մնալու է իսկական Քաղաքացի իսկական Հայաստանի, Աստված օրհնի ձեր հորը, ձեզ ու ձեր ընտանիքին
Հարգանքներով Արման

Ծով
22.12.2009, 23:58
04.04.08
Քայլում ես Երևան քաղաքով և չես կարող չկատել այս համատարած տխրությունը: Այն ամեն տեղ է, ամենուր փաթաթվում է քեզ ու հարցնում ` ի նչ է լինելու…
Այս հարցը վաղուց էինք մեզ տալիս, իսկ ե ս այն պահից, երբ գիտակցությանս մեջ ամրապնդեցի, որ այլևս հարցնելու իրավունք չունեմ, եթե պատրաստ չեմ ինքս գտնել պատասխանը:Ոմանք ապշահար, շինծու տխրությամբ, կեղծ բարեպաշտի մտահոգություն որդեգրած ասում են, թե հասրակությունը բևեռացված է, իսկ ես զարմանում են, որ այդ ոմանք չեն ուզում հասկանալ որ հասարակությունը բևեռացված չլինելու դեպքում, առնվազն պետք է բյուրեղանա…այնտեղ, որտեղ կա տարակարծություն, կա բևեռացված հասարակություն:
Այստեղ այլ խնդիր է` շատ լուրջ և հրատապ…այն որ ստեղծված իրավիճակում, որն արդեն ոչ թե քաղաքական, այլ բարոյական հարթություն վրա է երկու բևեռները այլևս ունեն հստակ անուն` ազատականներ և բռնատիրականներ: Քո խղճինն է ընտրությունը…ՀԻմա 2008-ն է…իսկ ես թքած ունեմ, թե գուցե իմ ազատության ետևից վազելու համար, 2009-ը չտեսնեմ…
Ես ազատության զինվորն եմ ու ինձ հրաման կարող եմ տալ միայն ես…
Հայրս քաղբանտարկյալ է ու ես իմ տեղը չեմ գտնում, ուզում եմ ինչ-որ բան արած լինել, բայց չգիտեմ ինչից սկսել…Նա իմ մեջ սերմանել է հավատք, հայրենսիրություն, նա ինձ համար ախր Նարեկ է կարդացել, ու հանկարծ ինչ-որ իրավապահ խամաճիկներ համարձակվում են նրան անօրինաբար մեղադրել այն հանցանքներում, որոնց հեղինակը իրենք են…ու հանկարծ իրեն թագավոր կարծող ինչ-որ երևույթ ինձանից փորձում է բաժանել իմ ազատության ուսուցչին` հորս…
Էրեխե՛ք, եկեք ուժեղ լինենք, մեր ուժն է միայն մեր ծնողներին ազատելու այդ ճիվաղների հորինած ճաղերից…Արդարությունը հաղթելու է, որովհետև հաղթանակը ախր պարտվողի, քծնող ու ստոր հայացքների տեսք չի կարող ունենալ, ինչպես շարունակ փորձում են խաղալ հայլուրիկերը…Մենք ենք հաղթելու այն պարզ պատճառով, որ կա մի իրավունք, որն ըստ մարդկային արժանապատվության,ազատության ու արդարության մասին օրենքի մենք չունենք և որը խախտելու համար մեզ կարող են նույնիսկ ձերբակալել…
Մենք պարտվելու իրավունք չունենք….

Ծով
22.12.2009, 23:59
04.04.08
Բարև հա'յր ջան: Քեզ բարևելիս թաքուն ժպտում եմ ու հիշում իմ ձանձրալի սովորությունը, որ գնում գալիս քեզ բարև էի տալիս:
Չեմ պատկերացնում, հիմա արդեն զգում եմ, որ ուժը, թուլությունը, հուսահատությունն ու կարոտը խառնվել են իրար ու առաջացրել մի զգացողություն, որ անբացատրելի է ու անուն չունի:
ՄԻ քիչ դժվար է հաշտվելը, որ դու հիմա ճաղերի հետևում ես: Դու, որ ինձ համար ազատության ճանապարհ ես հարթել…

Ինձ համար արժեքային համակարգերը փոխվել են…ես մարդկանց հիմա այլ հայացքով եմ նայում…
Վերջերս նրանց ավելի լավ եմ եմ զգում: չեմ կարողանում շփվել նրանց հետ, ովքեր շարունակում են իրենց անտարբերությամբ լվանալ արյունոտ ձեռքերը…
Չգիտեմ..էսօր առավել քան երբևէ շատ բան ունեի ասելու, դրա համար էլ գրել չի լինում…

Ծով
23.12.2009, 00:04
05.04.08
Հա՛յր, էսօր պիտի վերջնականապես պիտի պատրաստեմ <Դուռը> խորագրով ռեպորտաժը…չգիտեմ դասատուս կհավանի թե՞ Ոչ..հիմա դա կարևոր չէ..գրում եմ այն, ինչ զգում եմ: Վաղուց էր հանձնարարված, բայց հետաձգում էի այսպես կոչված պարտականությունս: Չգիտեմ...վանում են ինձ նրա դասերը…
Զգացել եմ հիմա շատ դասեր կույր են, դրա համար էլ ոչ սովորող ունեն, ոչ էլ սովորեցնող…
Ամեն ինչ մի տեսակ անտարբեր ու շինծու է... ինչու՞, որովհետև իրականը տեսնելու համար հիմա պետք է անդրադառնալ իրականին, քննարկել, ազատ վերլուծել քննադատել, ոչ թե հեքիաթի տեսքով կանոններ թելադրել ու հորդորել դրանց ենթարկվել` այդպես էլ լինելով և մնալով այդ կանոների ոչ թե կրողը, այլ դրանք չկատարող զոհը…
Ինչու՞ Է սովորեցնում, եթե իր գումարը վաստակելու համար նույն լրատավական «անաչառ» դաշտում գոհ ժպտում է կեղտոտ իրականությունից, իսկ ինձ թելադրում հակառակը…
Ես հաստատ գիտեմ, որ այս ռեպորտաժը կարդալու էի քեզ համար, ուստի տեղավորեմ նամակումս, որ հետո չմոռանամ…
<<Մենք ասես հոսում եմ կյանքի երակներով ու հանդիպում ենք անընդհատ բացվող ու փակվող դռների...Դա է գուցե կյանքի իմաստը, առանց այդ անվերջ ընթացող պայքարի գուցե և ձանձրանայինք նույնիսկ շնչելուց:
Մարդու ծնունդ ինքնին մի դուռ է դեպի փորձություններով լի մի աշխարհ…
Կյանքի փորձությունը մի երկար միջանցք է, ուր ամեն փակ դուռ բացելիս, մի նոր դուռ ես տեսնում…
Երբեմն էլ այդ դռները կարող են լինելկողք-կողքի, երրբ ստիպված ես լինում ընտրել…
Երբեմն էլ քեզ թվում է, թե դու ինչ-որ փակ տարածության մեջ ես, որտեղից ոչ մի ելք չկա, սակայն պիտի կարողանաս հասկանալ, որ այդ փակ տարածությունն էլ դու մուտք ես գործել ինչ-որ դռնով և այդ ժամանակ ստիպված ես ետ դառնալ ու մեկ անգամ էլ չափել անցածդ ուղին…
Դուռն ինքնին ելք է…
Ելք կամ դեպի անկում, կամ դեպի թռիչք…
Դուռը սկիզբ է, եթե անգամ այն տանում է քեզ դեպի ավարտը…
Դուռը քո սրտի ամեն մի նոր զարկն է…
Մի՛ փախչիր դռներից, դրանք ամենուր հետևելու են քեզ, դրանք ընդմիշտ փակվելու են քո առաջ միայն, եթե դու բացել չկամենաս…
Դրանք ընդամենը կյանքի էտապներ են, ծածկագրեր, որոնք քո կայացման ճանապարհը պաշտպանելու համար են…
Միայն թե հիշիր. երբեք մի՛ կողպիր հոգուդ դուռը մտքիդ առջև, այլապես քո ազատությունը կհայտնվի ճաղերի ետևում..
Հ.Գ. մոռացա ասել... չգիտեմ օգնել եմ քեզ, թե ոչ, բայց մի հոդված եմ գրել, որից հետո հաստատ համոզվել եմ, որ երեխաներիդ համար ճակատդ լայն բաց է….

Ծով
23.12.2009, 00:09
09.05.08
Երազ էի տեսնում, քեզ նրանում, ինչ-որ զգացողութոյուն հուշում էր, կրծում սիրտս, որ հաստատ այսօր լսելու եմ ձայնդ: Արթնացա քո զնագից, ու սիրտս ասես խաղաղվեց:
Որ ձայնդ լսում եմ, մտքովս չի անցնում, թե այսքան մոտ լինելով այդքան հեռու ես:
Գիտեմ, որ շատ ես մտածում մեր մասին, շատ ես մտածում այս ժամանակի մասին, որ էդտեղ լինելով կորցնում ես, շատ ես մտածում այն կարևոր գործերի մասին, որ կիսատ են մնացել և որ ազգի շահերից են բխում..
Իսկ նա այսօր փորձում է վայելել իր արյունոտ թագը…
Գիտեմ, թե քեզ համար որքան թանկ է Վազգեն առաջինի կողմից Մատենադարան բերված այն ավետարանը, որի վրա նա <նորընտիր նախագահը> դրեց իր մեղավոր ձեռքը:Երբ նայում էի այս տեսարանին, մտքովս անցավ, որ այդ դժբախտն ինքն էլ անասելի սարսուռով էր պատվել այդ պահին..դա հպարտություն չէր, այնքան տկար էր, որ թվում էր թե ուսերին դրված բեռից ուր որ է փուլ է գալու:
Եվ այդպես էլ լինելու է…ամեն վայրկյան կարող է լինել: Հա՛յր, այդուհանդերձ այսքան կորուստների հետ, ցնծում է սիրտս, քանզի հպարտ է իր ժողովրդով: Քանզի արդեն գտել է պատասխանը, թե իրականում ինչ է ազգ կոչվածը…անտարբեր հայացքներն արդեն կոպեկի արժեք չունեն, սերժիկները վաղուց արդեն ոչինչ չեն փոխում: Հայի ոգին ասես վերամարնմավորվել է ու նույնիսկ ամենաչնչին հուսահատությունը հուշում է, մենք հասնելու ենք արդարությանը:
Վախ չունենք, չնայած տագնապային ազդանշաններն ամենուր են…
Մենք քայլում ենք փողոցով հպարտ, վեհ, խրոխտ և անզեն աչքով նկատելի է, թե ովքեր են իրականում հաղթողները..
Սերժիկները թագավոր օծելու համար ամպեր են ցրում, մինչ արևները իրենց շողերով պայքարում են ազատության համար…
Դրանք էնքան արև չունեն իրենց մեջ, որ մտովի, հոգով, ուժով չեն կարողանւոմ իրենց շուրջ հավաքված ամպերը ցրել, ինչպես, հիշու՞մ ես մենք ձնախառը անձրևի տակ ջերմություն էինք որսում միմյանց հաղթող հայացքներից..
Ձեռքերս այնքան վարպետորեն են էս ազգին գրկելիս ցրում բոլոր ավելորդ երևույթներին, որ ոչ մի արժանապատվություն չունեցող անհատ, այդ ձեռքերում խցկվելու հնարավորություն չի ունենում...

Ծով
23.12.2009, 00:12
12.04.08
Կարոտել եմ քեզ…քո կարիքը շատ ունեմ: Ուզում եմ գրկել քեզ ընդամենը…
Կուտակվում է ներսում այս ահեղ վիրավորանքը…վիրավորանքը սեփական երկրում, բեռ, որ այնքան ծանր է…որ խեղդում է, շնչել չի թողնում, որ թափվոււմ է սրտիցս ու հոսում, տարածվում ու դառնում գրեթե բոլոր մարդկանց աչքերի սեփականությունը…
Ազգովի շնչահեղձ ենք լինում…ինչ իմանամ…հույսն էլ որ չլիներ…ուժն էլ որ հույսից չծնվեր…գուցե շնչելուն քիչ մնաց…լիաթոք շնչելուն…
Ու դու միշտ ամեն վայրկյան պետք ես, որ քեզ հատուկ մեղմ ժպիտով ասես` լավ է լինելու…
Հիմա 5:52 րոպե է…շուտով լույսն էլ կբացվի, իսկ իմ աչքերը չեն փակվում…
Երևի ինձ համար 24 ժամը քիչ է…ժամանակ կորցնելու համար գուցե ավելին էր պետք…
Ոչինչ չեմ արել այս գիշեր, ոչ մի գիրք չեմ կարդացել, չեմ գրել գրեթե, նունիսկ ֆրանսերենս չեմ արել... մտածել եմ.. . չգիտեմ օգուտ կա՞.. երևի ամենաօգտակար բանը, որ արել եմ այս մի քանի տողը գրելն է: Դատարկվում է սիրտս…երանի նրան. գիշեր-ցերեկ չի ճանաչում…

Ծով
23.12.2009, 00:14
13.04.08
Հա՛յր, բա ի՞նչ անեմ էլ…արդեն 20 օր եղավ…ակնթարթի նման ա թռնում, անցնում, բայց թվում ա, թե դեռ երեկ եմ քեզ համար սուրճ եփել, կողքդ նստել ու գլուխտ տարել իմ շատախոսությամբ:
Հա՛յր, կարոտել եմ…ու ոնց որ միշտ, էլի քեզ գրկած լաց եմ լինում... էն որ ուրախ լինեմ, թե տխուր, քեզ հետ խոսելիս լաց եմ լինում…աչքերս լցվում են…ծով արցունք:
Չէ, հա՛յր, չկարծես թույլ եմ, ինձ գիտես անսահման ուժ կա մեջս, հույսը որ վերջում էլ մեռնի, էլի ես իրանից երկար կապրեմ…բայց հիմա ի՞նչ անեմ… ո՞նց քեզ հանեմ էդ զնդանից: Քո մաքուր ու բարի հայացքը, մեղմ ու արևոտ խոսքերը արդեն 20 օր ա խլել են ինձնից էս չնչինները….
…իսկ էս գարնանը մենք արժանի չէինք…:(

Ծով
23.12.2009, 00:20
17.04.08
Էսօր լսարանում նստած, մտքերի մեջ ընկա ու դասը չէի լսում: Մի մտքից սկսեցի ծիծաղել: ՊիտռԻ մատենադարան գայի` ֆրանսերենի պարապմունքի ու մի պահ մտքովս անցավ զնագել տեսնել, աշխատավայրու?մ ես…
Խենթացել ենք…ամեն ինչ այնքան անիրական է թվում, որ արդեն սպասումն էլ մի տեսակ զավեշտի է վերաժվում: Հետո ձայն լսեցի…6-րդ զհայարանն ուժեղ է, գիտեի, որ կզանգես:
Գիտե/ս, ուղղակի կարոտում եմ և անընդհատ դա եմ ասում:Ի?նչ ասեմ…վաղուց է արդեն այսքան ժամանակ քեզանից բաժանված չէի եղել: Ուզում եմ հենց այսօր տուն գաս, դուռը բացես, գրկես, համբուրես, կարոտս առնեմ, բաց չթողնեմ…
Հա՛յր, մեզ հոգևոր սնունդ շատ ես տվել, ուստի չարություն չկա մեր մեջ, ավելի քան համոզված եմ, բայց ես ուզում եմ դու ավելի շուտ գաս, քան անզուսպ վրեժը կկապի կոկորդս…
Քեզ համար ամեն ինչ կանեմ... կջարդեմ էդ անիրավների հաղթանակադեմ պարտության դիմակը…
Որ մի քիչ էլ ուշանաս, ես լուռ սպասել դժվար թե կարողանամ….
Մեկ էլ տեսար խելքիս փչի մի նոր շարժման առաջնորդ դառնալ…ծիծաղում ե՞ս…էհ, սերունդ-սերունդ… դե հա ինչ-որ տարօրինակ-անտարբեր-ծեծված տեսակներ էլ կան մեր մեջ, բայց այ կորիզը, դու պիտի որ հպարտ լինես նրանով, այն առավել քան երբևէ համարձակ ա, քաջ, անվեհեր ու ազատատենչ…Մենք անզեն ենք, որովհետեև զինվելու կարիք չունենք, էնքան ուժեղ ենք հոգով…
Մենք 88-ի քո տեսակը կրող սերունդն ենք…եթե հաղթողը չի մեռել, հաղթանակն էլ ողջ է ու տեսադաշտում ուր որ է պիտի երևա…

Ծով
23.12.2009, 00:22
17.04.08
Դու ուշանում ես, կամ ես չեմ հասցնում աչքերս սրբել,
Եվ արդեն քանի կյանք է թվում է օրը չի անցոնւմ,
Քաղաքի ստվերում արդեն մի քանի կարոտ է հարբել
Ու ցավից գժված արևից լույսի հարկեր է գանձում;


Երբ մայրամուտը քո պատուհանին հայացք կնետի,
Եվ կմոտենա գիշերը հանդարտ քո մութ սենյակին,
Ես համոզված եմ, որ մենությունդ ինձ կնկատի,
Որ լռությունդ կճանաչի իր փոքրիկ զավակին…

Ես համոզված եմ, որ ինչպես հաճախ գիշերը անքուն,
Քո սուրճի համար մեր ջերմ զրույցի սեղանն է գցել,
Այնպես էլ հիմա ազատ այլ ոչ թե ճաղերից թաքուն,
Քո շուրջը նորից իմ սրտամանի խունկն է տարածել…

Դու ուշանում ես, ու անվերջ շտապող հայացքս թաց է,
Բայց արցունքներս, հա՛յր, ասես զգում են քո վերադարձը…

Ծով
23.12.2009, 00:24
20.04.08

Բարև հա՛յր ջան: Չգիտեմ ինչ անել, ինչ ասել…թվում է մտքերը նույնպես սովորել են լռել…մի քիչ լռություն, երևի դա է ուժի գաղտնիքը... մի քիչ դադար…
Ուզում եմ կարոտս կիսատ թողնել, ու եթե կիսատ կարոտ չի լինում, որեմն այն իսպառ կվերանա ցանկությանս կատարվելու դեպքում…ուրեմն կտեսնեմ, քեզ, կգրկեմ… ՀԻմա ո՛չ քեզ, ո՛չ ինձ չեմ խաբի... նստած լաց եմ լինում... ուզում եմ լռել…գուցե դա է ուժի գաղտնիքը…

Ծով
23.12.2009, 00:25
26.04.08
Հա՛յր ջան, վաղուց քեզ չեմ գրել փաստորեն: Ինչ կարող եմ ասել: Օրերն ու պարտականություններն իրենց հունով հոսում են, բայց կյանքը կանգ է առել առանց քո ներկայության: Երբ միայն պատկերացնում եմ քեզ անազատության մեջ, մարմնովս դող է անցնում, ե ս ինձ միայնակ ու կիսատ եմ զգում: Ձայնդ լսելիս սրտիս զարկերը սկսում են շտապել, իրար հերթ չեն տալիս ու պահ է գալիս նույնիսկ թվում է, թե շտապելուց սիրտս կանգ կառնի հանգստանալու համար ու չի հասկանա, որ այդպես ինձ կսպանի…
Չգիտեմ…

Ծով
23.12.2009, 00:28
Հետո էլ չէի կարողանում գրել, ուժս չէր պատում...դեռ տասնհինգ հոգի անազատության մեջ են...չգիտեմ էրեխե՛ք, ինքներդ հաշվե՛ք, որքան ժամանակ է անցել...էդ մարդիկ հանիրավի բաժանված են իրենց ընտանիքներից...մի՞թե չարժե գոնե նրանց ազատության համար ինչ-որ մի բան անել...:(

Sunny Stream
29.12.2009, 06:48
Հետո էլ չէի կարողանում գրել, ուժս չէր պատում...դեռ տասնհինգ հոգի անազատության մեջ են...չգիտեմ էրեխե՛ք, ինքներդ հաշվե՛ք, որքան ժամանակ է անցել...էդ մարդիկ հանիրավի բաժանված են իրենց ընտանիքներից...մի՞թե չարժե գոնե նրանց ազատության համար ինչ-որ մի բան անել...:(

ապրես դու... /ո՞նց ես Ծով :) /
արժե... ովքե՞ր են... թեև էական չէ: Ինձ թողես՝ կասեմ արժե փոքրիկ վիդեո-շարք անել՝ ոչ թե անձանց, այլ էս մեծագույն արժեքների մասին, որ էսպես եփել ու հասունացրել ես քո ներսում, գրչիդ տակ… ես չգիտեմ էստեղից ինչով կարող եմ օգնել, բայց թե կարծես կարող եմ, ձայն տուր ;)