PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի հանդիպումների ՀՏՀ



Chuk
22.12.2009, 00:03
Քանի որ ակումբի հանդիպումների հետ կապված կան մի շարք հարցեր, որոնք պարբերաբար տրվում են, որոշեցի առավել Հաճախ Տրվող Հարցերը (ՀՏՀ) հավաքել ու ամփոփել մեկ թեմայում: Թեման բաց է, հետևաբար ինչ-որ բաներ բաց թողած լինելու համար այլոք կարող են լրացնել:



«Ակումբի հանդիպում» ասածն ի՞նչ է:
Ակումբ ֆորումի մասնակիցները, բացի նրանից, որ մասնակցում են ֆորումի վիրտուալ քննարկումներին, նաև պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում, որոնց ժամանակ ընկերանում կամ մտերմանում են, անցկացնում ոչ ֆորումային հետաքրքիր քննարկումներ:

Ակումբի հանդիպումներին ի՞նչ եք անում:
Նայած երբ: Հատկապես վերջին շրջանի հանդիպումներին առավել հաճախ պարզապես նստում ենք ու զրուցում, տարբեր հարցեր քննարկում, ինչը թույլ է տալիս միմյանց առավել լավ ճանաչել, մտերմանալ: Բայց իրականում ակումբի հանդիպումները բազմազան են, սկսած տարբեր խաղերի կազմակերպումից, ինչպիսիք են մաֆիան, ՄՊՍ-ը, բլիբելը, մտքի բլոտը, պանտանիման և այլն, մինչև մրցաշարեր, օրինակ շախմատի մրցաշարի կազմակերպում: Երբեմն կազմակերպվում են առավել նեղ ուղղվածությամբ հանդիպումներ, օրինակ ֆուտբոլային հանդիպումներ: Երբեմն կազմակերպվում են կինոդիտումներ, գնում ենք խաշ ուտելու կամ, օրինակ, կարաոկե:

ՄՊՍ-ն ի՞նչ խաղ է:
Եթե ՄՊՍ խաղը չգիտես, ապա մի օր անպայման արի հանդիպման և մեզ հիշացրու, խաղը կկազմակերպենք: Այս խաղի բնույթն այնպիսին է, որ մինչև խաղին անձամբ չմասնակցելը դրա մասին պատմելը պարզապես հանցագործություն է:

Հանդիպումները ձանձրալի չե՞ն անցնում:
Գուցե և ձանձրալի են անցնում, բայց այդ դեպքում նվազագույնը տարօրինակ է, որ այդքան հաճախ են հանդիպումներ կազմակերպվում, որ այդքան շատ մարդիկ են դրանց մասնակցում, իսկ հետո գոհունակությամբ խոսում:

Ե՞րբ և որտե՞ղ են ացնում հանդիպումները:
Նախկինում ամեն շաբաթ օր կազմակերպվում էին հանդիպումներ, հիմա այդ ավանդույթը փոքր ինչ խախտվել է, բայց էլի հաճախ են կազմակերպվում: Հանդիպումներից առաջ, եթե դրանք «գաղտնի» հանդիպումներ չեն, որպես կանոն հայտարարություն է գրվում համապատասխան թեմայում: Այս պահին այդ թեման կոչվում է «Հանդիպում 6 կամ հանդիպումների նոր սեզոն (http://www.akumb.am/showthread.php?t=46814)»: Մշտապես հետևեք այդ թեմային ու կիմանաք հերթական հանդիպման թե՛ տեղի, թե՛ օրվա, թե՛ ժամի մասին: Սովորաբար հանդիպումները կազմակերպվում են որևէ սրճարանում, պիցայանոցում, բարում կամ նման մի տեղ:

«Գաղտնի հանդիպում»-ն ի՞նչ է:
Գաղտնի հանդիպումներ սկսել են անվանվել այն հանդիպումները, երբ ակումբցի որոշ ընկերներ (որոնց մեծ մասն իրար հետ ծանոթացել են հենց ակումբում), որոշում են հանդիպել և միմյանց հետ ժամանակ անցկացնել, և պատահաբար մեկ այլ ակումբցի, որը կարող է նաև նրանց լավ ընկերներից մեկը լինի, նրանց «բռնացնում է»: Ակումբցիների, նրանցից ընկերացածների քանակն այնքան շատ է, որ ներկայումս պրակտիկորեն ամեն օր գաղտնի հանդիպում կամ հանդիպումներ են լինում: Ոմանք նաև «գաղտնի» են անվանում օրինակ Կարաոկե գնալու հանդիպումները, որոնց մասին սովորաբար հայտարարություն չի գրվում:

Ինչու՞ կարաոկե գնալիս հայտարարություն չի դրվում:
Սովորաբար կարաոկեներում տեղերը խիստ սահմանափակ են և որոշակի քանակի մարդ կարող է մասնակցել: Մինչդեռ հայտարարված հանդիպումներին որպես կանոն շատ ավելի շատ մարդ է մասնակցում ու պարզապես չեն կարող տեղավորվել: Ու երբ ինչ-որ մեկը ուզում է կարաոկե հանդիպում կազմակերպել, ստիպված է լինում հրավիրել որոշակի խմբի մարդկանց: Սա ցավալի իրողություն է, որը հուսով ենք կփոխվի, երբ հայտնվեն ավելի մեծ սեղաններով կարաոկե ակումբներ:

Ո՞վ է դնում հանդիպումների հայտարարությունները, հանդիպումներ ո՞վ է կազմակերպում:
Հանդիպման հայտարարություն կարող է դնել, հանդիպում կարող է կազմակերպել յուրաքանչյուր ակումբցի: Բայց սովորաբար հայտարարությունները դրվում են ակումբցիների կողմից առավել ճանաչված, հանդիպումներին առավել հաճախ եղած մարդիկ: Այսուհանդերձ այդ հարցում որևէ սահմանափակում չկա:

Իսկ հանդիպումներին աղջիկներ գալի՞ս են:
Իհարկե գալիս են: Բայց եթե կարծում ես, թե ակումբի հանդիպումները «աղջիկ կպցնելու» տեղ են, ապա իզուր ես ուզում գալ հանդիպումներին: Ակումբի հանդիպումները մտերմիկ միջավայր ապահովող, ջերմ ու հաճելի հանդիպումներ են, որտեղ հանդիպում են տղա և աղջիկ ընկերները, ծանոթները, իսկ նման գործոնները տեղ չունեն:

Ո՞վ է վճարում:
Հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր ոք սեղանին է դնում իր օգտվածին համարժեք գումար, որի մեջ մտնում են իր կերած-խմածի գումարը, ավելացրած արժեքի հարկը, ինչպես նաև սպասարկման համապատասխան տոկոսները: Ակումբի հանդիպումների ժամանակ այնպես չի, որ ինչ-որ մեկը պիտի մյուսի տեղը վճարի կամ բոլորի տեղը հաշիվ փակի: Այս օրենքի առջև հավասար են բոլորը անկախ տարիքային և սեռային պատկանելիությունից:

Իսկ եթե ինչ-որ մեկը գումարը չի՞ թողնում:
Էնքան ենք բամբասում իրանից, որ ականջները կարմրում են:

Իսկ ինչու՞ ակումբը սեփական տարածք ձեռք չի բերում:
Եղել են ժամանակներ, երբ ակումբցիները գումար էին հավաքել ու տարածք վարձակալել, որտեղ և անցկացնում էին ժամանակները: Հրաշալի հանդիպումներ են եղել, հետաքրքիր ու բազմազան: Ներկայումս այդ կարգավիճակը վերականգնելու համար բացված է այս թեման (http://www.akumb.am/showthread.php?t=48585):

Բա հետո՞:
Հետո՞:
Արի՛ հանդիպման:

Chuk
27.12.2009, 21:09
Իսկ Գոռն ո՞վ ա:
Գոռը մեր ընգերն ա: Ու եթե ինքը հանդիպմանը ներկա ա, դու չես հաջողացնի կոծկել, թե ինչ ես կերել, ինչ ես խմել, վերջում էլ չես հաջողացնի պակաս գումար թողնել:

boooooooom
23.11.2016, 22:44
ՄՊՍ-ն ի՞նչ խաղ է:
Եթե ՄՊՍ խաղը չգիտես, ապա մի օր անպայման արի հանդիպման և մեզ հիշացրու, խաղը կկազմակերպենք: Այս խաղի բնույթն այնպիսին է, որ մինչև խաղին անձամբ չմասնակցելը դրա մասին պատմելը պարզապես հանցագործություն է:



Փաստորեն սենց խաղ ա եղել առաջ: Բա հիշացնեմ հիշեք. կարող ա լավ բան ա?...