PDA

Դիտել ողջ տարբերակը : Borderlands



Հայկօ
20.12.2009, 01:25
Borderlands / Բորդերլենդս


2009թ.

Հեղինակ – Gearbox Software
Հրատարակիչ – 2K Games
Պաշտոնական սայթը - http://www.borderlandsthegame.com/
Ժանրը – Shooter / RPG


Համակարգչային նվազագույն պահանջները

CPU - Pentium 4/Athlon XP 2.4 ГГц
RAM - 1Gb
VGA - GeForce 8800/Radeon X1800
HDD - 8Gb

Խաղային տիեզերքի համար հին ժանրային սահմաններն այլևս նեղ են: Էլեկտրոնային զվարճանքների բազմամիլիոնանոց արդյունաբերությունն իր հավատարիմ երկրպագուներին գոհացնելու նորանոր ուղիներ է որոնում, և այդ փնտրտուքների արդյունքում ծնվում են այնպիսի տարօրինակ երևույթներ, ինչպիսիք են պլատֆորմեր-շութերները կամ երաժշտական մրցավազքերը: Այս «մուտանտներից» առավել կենսունակ դուրս եկավ շութեր-RPG համաձուլվածքը: Իրոք՝ այսօր գրեթե բոլոր շութերները խաղացողներին երես են տալիս ինչ-ինչ դերային տարրերով, ու նաև քիչ չեն այն RPG-ները, որտեղ ստեղնաշարի մերօրյա ասպետները թուր ու նիզակի փոխարեն հրացան ու ականանետ են ճոճում: Բորդերլենդսը այս հետաքրքիր ժանրում Gearbox Software ընկերության առաջին փորձն է: Եվ առաջ ընկնելով ասեմ, որ այս փորձը լիովին հաջողվել է:


http://i010.radikal.ru/0912/c0/d8efd6c16bea.jpg


Ըստ էության՝ Բորդերլենդսը գլխավորապես բաց ու մեծ աշխարհով շութեր է, որը պարզապես RPG-ի որոշ տարրեր ունի: Խաղային մեխանիկան զուտ շութերային է. փոքրիկ խաչը ուղղում ես ավազակի / գազանի / թնդանոթի ուրիշ մսի վրա, սեղմում ես ձախ կոճակը և դժբախտ էլեկտրոնային էակը ուղևորվում է (հաճախ՝ կտոր-կտոր) նախնիների գիրկը: Ընդ որում՝ այստեղ անչափ մեծ դեր են խաղում խաղացողի հենց «շութերային» հատկությունները՝ ռեակցիան, ուշադրությունը, մկնիկին միլիմետր առ միլիմետր տիրապետելու հմտությունը: Այս խաղում FSP-ների վարպետը կարող է հսկայական քարտեզի մի ծայրից մյուս ծայրը կրակել որջից նոր դուրս եկող սկագի (գայլանման արհավիրքների) փայլող աչքին, ու ոչ մի RPG-ական մեխանիզմ տակից չի խանգարի գնդակի թռիչքին: Այսպես չէր, օրինակ, London: Hellgate-ում կամ Fallout III-ում, որտեղ, եթե քո «Դիպուկություն» (կամ «Ճարպկություն», կամ նման մի բան) հմտությունը զարգացած չէր, դու կարող էիր կես մետր հեռավորությունից ավտոմատի ամբողջ պահունակը դատարկել հակառակորդիդ դեմքին ու հետո հետևել, թե ինչպես է առանց որևէ քերծվածքի մնացած հրեշը կրծմրծում քո խեղճ ոսկորները: Իսկ այստեղ RPG-ական տարրերը, իհարկե, կարևոր են, սակայն վճռորոշ չեն. լրացուցիչ ունակություններն, անշուշտ, նպաստում են Պանդորա մոլորակի բնակիչների առավել արդյունավետ ոչնչացման պրոցեսին, սակայն առանց դրանց էլ կարելի է խաղի ընթացքում հիանալի կերպով աննիհիլացնել տիեզերքի այս կորած անկյան բնակիչների ճնշող մեծամասնությանը:

Կարևորն այստեղ ուրիշ է:


http://i010.radikal.ru/0912/e3/2ed0bb58843b.jpg


Զենք: Զենքեր: Ավտոմատներ, հրացաններ, ատրճանակներ, հրթիռանետներ, ռումբեր… Երբ երկու տարի առաջ Գիրբոքսը հայտարարեց, որ իրենց նոր խաղում լինելու է զենքերի առնվազն հինգ հարյուր հազար տեսակ, խաղասեր հասարակությունը, մեղմ ասած, թերահավատությամբ վերաբերվեց այս լուրին: Այնինչ՝ զենքերն իրոք այդքան են և անգամ ավելին. դրանց իրական թիվը հայտնի է միայն Նորին Մեծություն Պատահականությանը: Խորամանկ գիրբոքսցիները Բորդերլենդսի համար ստեղծել են զենքերի գեներատոր. հատուկ մշակել են զենքերի տասնյակ ու հարյուրավոր դետալներ ու մասեր, սահմանել են դրանց զուգակցման կանոնները, հանդիպման հաճախականությունը, ունիկալ հատկությունները, այս ամենը խառնել իրար ու ստացել խոստացված ծիծիլյոն զինատեսակները: Ամեն նոր արկղ բացելիս, ամեն նոր հակառակորդ տապալելիս խաղը զառ է գցում ու ըստ ստացված պատահական արդյունքների մատուցում է զինատեխնիկայի հերթական հրաշքը: Սնայպերական հրացաններից մինչև ռևոլվերներ՝ գրեթե անհնարին է, որ խաղի ընթացքում (20-30 ժամ՝ առաջին անցման համար, ի դեպ) ձեզ հանդիպեն կրկնվող օրինակներ: Ընդ որում՝ զենքերը տարբերվում են թե՛ արտաքին տեսքով և թե՛ բնութագրերով՝ հզորություն, դիպուկություն, կրակոցի խտություն, պահունակի մեծություն և, ամենակարևորը, էլեմենտար վնաս: Բացի արճճե անձրև տեղալու հնարավորությունից, զենքերը կարող են այստեղ վառել, էլեկտրական շոկ հասցնել, հալեցնել թանձր ծծմբական թթվով կամ պարզապես պայթեցնել: Եվ մարդկանց ու կենդանիների, արկղերի ու պահարանների, լվացքի մեքենաների ու ունիտազների միջից դուրս են հորդում սպիտակ, կանաչ, կապույտ, մանուշակագույն կամ ոսկեգույն զենքերը՝ ամենահասարակից մինչև ամենա-ամենա-սուպեր-էքստրա-վիփ: Իրերի՝ ըստ որակի՝ գույների բաժանման այս մեխանիզմը պիտի լավ ծանոթ լինը RPG-ների հավատարիմ հետևորդներին: Խաղի տասնյակ ժամերի ընթացքում խաղացողը դառնում է նոր զենքի իսկական մոլագար, փրփուրը բերանին ուսումնասիրում է նոր գտածոյի հատկությունները, համեմատում տասնորդական տոկոսները, փորձարկում այն տարատեսակ թռչող ու սողացող, երկոտանի ու բազմոտանի էակների վրա ու սրտատրոփ նետվում հերթական կոտորածի գիրկը՝ հետո ռազմի դաշտում նոր խաղալիք գտնելու ակնկալիքով: Բորդերլանդսի գլխավոր շարժիչ ուժը զենքերն են. սա փաստ է:


http://s56.radikal.ru/i154/0912/16/91318dd56bf8.jpg


Բայց այս ամբողջ զինանոցային հրճվանքն անիմաստ կլիներ, եթե Պանդորա մոլորակի չար բնակիչներին կոտորելու պրոցեսը լիներ վատ իրականացված: Բարեբախտաբար՝ այստեղ Գիրբոքսը իր բարձրության վրա է: Մի կողմ թողնելով վերջերս մոդա դարձած թաքստոցների մեխանիզմն ու ստելսը՝ նա մեզ մատուցում է հին, բարի ու դասական կրակոցի՝ Սերիուս Սեմի լավագույն ավանդույթներով: Հազարավոր բութ, բայց բազմազան թշնամիներին դիմավորում ես ձեռքիդ հզոր զենքով, հեռավորներին նուրբ վերացնում ես սնայպերով, կացինը ձեռքին վրադ վազողների դեմքը նախշում ես որսորդական հրացանի կոտորակով, մանրապճեղներին բնաջնջում ես ավտոմատի երկար կրակահերթով ու նռնակներով… Սուր հռնդում են գնդացիրները, լսվում է հրացանի չոր ճայթյունը, նոր պահունակը մետաղական չխկոցով մտնում է իր տեղն, ու զվարճանքը շարունակվում է: Փամփուշտներն անվերջ չեն, սակայն խիստ օրինապահ կերպով ընկնում են հաղթված թշնամիների, արկղերի ու ընդհանրապես ամեն ինչի միջից, այնպես որ՝ դրանց պակասը զգացվում է միայն ու միայն ամենաերկար մարտերի ժամանակ: Թշնամիները, բարեբախտաբար, չեն հարմարվում հերոսի աստիճանին. պատահաբար սխալ քարանձավ մտած ցածր աստիճանի հերոսը, արնաքամ ու ծեծված, մի կերպ դուրս է սողում այնտեղից, որպեսզի, սակայն, մի քանի ժամ մի մի քանի աստիճան հետո վերադառնա՝ նոր գտած հրաշալի գնդացիրով ի միջի այլոց ցեղասպանություն անելու համար:


http://i031.radikal.ru/0912/39/7dbfa817b0ed.jpg


Թշնամիները շատ են, տարբեր և, ի դեպ, հրաշալի անիմացված: Միայն իսկական գեյմերը կհասկանա ընտիր իրականացված հեդշոթի պատճառած ամբողջ հաճույքը: Գլուխները պայթում են, վերջույթները՝ հայտնվում տիրոջից որոշակի հեռավորության վրա, խեղճ ավազակը գալարվում է հոգեվարքի մեջ ու զարմացած նայում, թե ինչպես են թթվային կանաչ ամպի մեջ անհետանում իր ոտքերը, իսկ մենք վայելում ենք էկրանին կատարվող հանդեսը:


http://i011.radikal.ru/0912/94/e147db8cabdd.jpg


Բորդերլենդսը կարելի է անցնել չորս տարբեր պերսոնաժներով. զինվոր, որսորդ, բերսերկ ու սիրենա: Զինվորը, բնականաբար, վարպետ է այն ամենի հարցում, ինչը կարող է մեկ միավոր ժամանակի ընթացքում ոչնչացնել առավելագույն քանակությամբ կենդանի միս: Որսորդը ավելի շատ հակված է հեռվից, զգուշությամբ, ամեն քայլը հաշվելով՝ սնայպերական հրացանով պայքարելու հակառակորդի ուժերի դեմ: Բերսերկը ամենաաժդահան ու հզորն է և գերադասում է չարագործներին այն աշխարհ ուղարկել բազուկաներով ու նռնակներով, իսկ առավել կատաղած ժամանակ գործի է դնում սեփական տոննայանոց բռունցքները, որոնք հրթիռներից ու ռումբերից պակաս վտանգավոր չեն: Իսկ սիրենան այստեղի «կախարդն» է և, համատեղության կարգով, իգական սեռի միակ ներկայացուցիչը: Առկա են մեքենաներ, որոնք շատ հարմար են՝ կտրել-անցնելու համար խաղի մեծ ու բաց տարածությունները:

Հայկօ
20.12.2009, 01:28
http://s60.radikal.ru/i168/0912/77/4d8fa523fde8.jpg


Յուրաքանչյուր պերսոնաժ ունի զարգացման երեք ուղի և մեկ հատուկ հնարք: Օրինակ՝ Զինվորի հատուկ հնարքը ավտոնոմ գնդացիր տեղակայելն է, որը մի որոշ ժամանակ ինքնուրույն, մեծ եռանդով ու դիպուկությամբ ոչնչացնում է թշնամի հորդաներին: Զինվորին կարելի է զարգացնել հետևյալ երեք «ճյուղերով». կարելի է ուժեղացնել նրա հարձակվողական, պաշտպանական/գնդացրին առնչվող կամ օգնող/բուժող ունակությունները: Այսպիսով, ըստ զարգացման ընտրած ուղու, Զինվորը կարող է դառնալ մասսայական ոչնչացման զենք, անխոցելի տանկ կամ հմուտ բժիշկ: Որսորդի հատուկ ունակությունը որսի թռչունն է (ըստ երևույթին՝ բազեն), որը վնասում է թշնամիներին ու հավաքում է ռազմի դաշտում թափված մարտավարը: Այս պերսոնաժը կարող է զարգացնել սնայպերական հրացանների կամ ռևոլվերների գործածման իր հմտությունը, կամ էլ «թյունինգ» անել իր բազեին: Բերսերկը հատուկ հնարքի ժամանակ սկսում է բռունցքներով ջարդուփշուր անել իր ճանապարհին հանդիպող ցանկացած շնչավոր երևույթ, իսկ Սիրենան միառժամանակ դառնում է անխոցելի, արագ տեղաշարժվում է ու խմբակային վնաս հասցնում հակառակորդներին:


http://s54.radikal.ru/i146/0912/21/59299dbaa7ce.jpg


Զարգացման մեխանիզմը ստանդարտ-RPG-ական է. կատարում ենք հանձնարարություններ, սպանում ենք թշնամիներ, այս ամենի համար կաթիլ-կաթիլ վաստակում բաղձալի փորձը, պերսոնաժին բարձրացնում մինչև հաջորդ աստիճան (առավելագույնը՝ հիսուն) ու զմայլված նայում, թե ինչպես է էկրանի անկյունում սկսում փայլել զարգացման միավորը, որը կարելի է օգտագործել՝ ուժեղացնելու համար պրոտագոնիստի այս կամ այն ակտիվ կամ պասսիվ ունակությունը: Միավորների թիվը սահմանափակ է և ամեն ինչի համար չի հերիքի, այնպես որ՝ մոռացեք ամենակարող պերսոնաժ ունենալու մասին: Սակայն փորձի ու սխալի մեթոդը սիրողների համար ասենք, որ խաղում որոշակի սիմվոլիկ գումար վճարելով՝ կարելի է լիովին վերադասավորել միավորները՝ ըստ ձեր ցանկության:


http://s44.radikal.ru/i106/0912/cd/4b1417713dfa.jpg


Գրաֆիկական առումով Բորդերլանդսը կարող է հակասական տպավորություններ թողնել. այն կա՛մ տեղնուտեղը գերում ու հմայում է խաղացողին, կա՛մ հակակրանք է առաջացնում (փորձը, ի դեպ, ցույց է տալիս, որ գեյմերների ճնշող մեծամասնությունը պատկանում է երկրորդ խմբին): «Մեղավորը» Գիրբոքսի արտիստների ընտրած հետաքրքիր ոճն է. ասես մուլտային, կոմիքսի էջերից իջած կերպարներ, վառ գույներ… Սակայն շնորհիվ այն բանի, որ Գիրբոքսի արտիստներին հաջողվել է զգալ այն նուրբ սահմանը, որտեղ մոնիտորի վրա կատարվող ֆանտաստիկ-անէականը արդեն սկսում է վերածվել խեղկատակության, ինչպես նաև տաղանդավոր արտ-դիզայնի, խաղը հրաշալի տեսք ունի: Երբ Գիբոքսի դիզայներները մեկ տարի առաջ հայտարարեցին, որ 180 աստիճանով փոխում են խաղի տեսքը, խաղային աշխարհը նրանց դիմավորեց կասկածամտությամբ. Cell Shading տեխնոլոգիան (եռաչափ մարմինների ուրվագծումը հաստ, սև գծով) չափազանց «մանկական» էր թվում այն ժամանակ՝ լուրջ, արյունոտ ու դաժան շութերում կիրառվելու համար: Սակայն պարզվեց, որ արդյունքը հրաշալի է, և, ընդ որում, այս նոր ոճը շահեկանորեն տարբերում է Բորդերլենդսին Unreal 3 շարժիչի վրա հավաքված մյուս խաղերից: Յուրաքանչյուր խաղ ստեղծելիս դիզայներներն անհրաժեշտաբար անցնում են նախնական՝ սկեչերի փուլով: Ապա այդ սկեչերը փոխանցվում են եռաչափ անիմացիայի վարպետներին, տեքստուրաների նկարիչներին և այլն, և գրեթե միշտ վերջնական արդյունքը արմատապես տարբեր է լինում նախնական մտահղացումից: Իսկ Բորդերլենդսը ասես կենդանացած սկեչ լինի: Վստահորեն կարելի է ասել, որ Բորդերլենդսը գրաֆիկական առումով գեղեցիկ և, ամենակարևորը, ունիկալ խաղ է: Պանդորան, թեկուզ և աղբանոց-մոլորակ է, բայց գերում է հետաքրքիր վայրերի բազմազանությամբ: Անծայրածիր ավազե տափաստաններ, կիսաավերակ ավաններ, կանաչ մարգագետիններ, ձյունածածկ գագաթներ… Համոզիչ ու հիշվող աշխարհ, մի խոսքով: Ուրախացնում է նաև դիզայներների ցուցաբերած անհավատալի ուշադրությունը նույնիսկ ամենափոքր դետալներին. յուրաքանչյուր զենք, յուրաքանչյուր բնակավայր կամ կենդանի նկարված է մեծ վարպետությամբ:


http://i061.radikal.ru/0912/d2/68bde8a691a5.jpg


Բորդերլենդսը, իհարկե, անթերի չէ: Հարյուր հազարավոր զենքերի առկայությունը անխուսափելիորեն նշանակում է, որ զենքերի բալանսն այստեղ, մեղմ ասած, չի փայլում, ու նաև՝ որ գտած զենքերի մեծամասնությունը սովորական աղբ է՝ ենթակա միմյայն վաճառքի և ոչ երբեք՝ օգտագործվելու: Պանդորայի վրա գրեթե չկան հիշվող, անհատականություն ունեցող պերսոնաժներ. ոչ տեքստային դիալոգները գլխովին բացակայում են, իսկ «զրուցակցի» դեմքին որևէ միմիկա տեսնելը մե՜ծ երջանկություն է: Խաղը շատ դանդաղ է «թափ հավաքում». Բորդերլենդսում անցկացված առաջին մի քանի ժամը կարող են ձանձրալի ու անհետաքրքիր թվալ: Անընդհատ նյարդայնացնում է զուտ կոնսոլային ինտերֆեյսը. խանութներում առևտուր անելը շատ հաճախ այս պատճառով վերածվում է իսկական գլխացավանքի: Մեծագույն թերություններից է նաև ծանծաղ սյուժետը. գրեթե միշտ անհասկանալի է (կամ վատ հիմնավորված)՝ ուր ես գնում, ինչու, ինչու հենց այդպես եղավ, իսկ տափակ ֆինալն ընդհանարպես արժանի է դաժան քարկոծման: Սակայն այս խաղի հետաքրքրությունը սյուժեն չէ, այլ ընթացքը: Չմոռանանք նաև, որ Գիրբոքսն այս ժանրում նորելուկ է և, համոզված լինենք, որ խաղին հաջորդող լրացումներում և բեռնվող կոնտենտներում (առաջինն արդեն լույս է տեսել) ստուդիան դեռ շատ բան կուղղի:


http://i072.radikal.ru/0912/b3/b204b9d3ac1e.jpg


Ախտորոշում

Եթե ձեզ միշտ գերագույն հաճույք է պատճառել ամենա-ամենալավագույն զենքի որոնումը խաղերում, եթե ձեր սիրտը սկսում է արագ բաբախել, երբ մոտենում եք հերթական բոսսի քարանձավի ամենահեռավոր անկյունում պահած գանձերի սնդուկին, եթե տապալելով խաղի ամենամեծ հրեշին՝ սկսում եք ագահությունից փայլող աչքերով ձեր ուսապարկի մեջ լցնել նրա դիակից թափված բարիքները, ապա հենց հիմա ուղիղ չվերթի տոմս պատվիրեք դեպի Պանդորա: Այնտեղ ձեզ են սպասում տոննաներով զենքն ու իրերը, ունիկալ հնարավորություններով հերոսները, բազմաթիվ թշնամիների հետ կատաղի մարտերն ու այլմոլորակային բնապատկերները:


+ Չորս հերոս՝ յուրաքանչյուրն իր առանձնահատուկ ունակություններով ու խաղաոճով
+ Զարգացման ճկուն համակարգ
+ Ահռելի մեծ քանակությամբ զենքեր, վահաններ ու մոդեր
+ Զենքերի լավ իրականացում. արտաքին տեսքը, անիմացիան, ձայնը…
+ Թշնամիների՝ հրաշալի կազմակերպված ու իրականացված բնաջնջում
+ Հակառակորդների բազմաթիվ տեսակներ
+ Լարված մենամարտեր բոսսերի հետ
+ Յուրօրինակ, անկրկնելի արտ-դիզայն
+ Համոզիչ աշխարհ

- Քրջոտ սյուժե, ծածկադմփոց ավարտ
- Երբեմն ձգձգվածություն, դատարկություն
- Կոնսոլային ինտերֆեյս





Լրացուցիչ սքրինշոթներ.

http://s54.radikal.ru/i146/0912/c4/fddd1fd89f6bt.jpg (http://s54.radikal.ru/i146/0912/c4/fddd1fd89f6b.jpg) http://s42.radikal.ru/i095/0912/6b/9b48abe219bft.jpg (http://s42.radikal.ru/i095/0912/6b/9b48abe219bf.jpg)http://i057.radikal.ru/0912/32/66445799ba50t.jpg (http://i057.radikal.ru/0912/32/66445799ba50.jpg)http://s11.radikal.ru/i183/0912/f4/dc9359141d57t.jpg (http://s11.radikal.ru/i183/0912/f4/dc9359141d57.jpg) http://s53.radikal.ru/i142/0912/88/db750d07bf67t.jpg (http://s53.radikal.ru/i142/0912/88/db750d07bf67.jpg) http://s43.radikal.ru/i100/0912/2c/0687f51dec59t.jpg (http://s43.radikal.ru/i100/0912/2c/0687f51dec59.jpg)

Հայկօ
21.12.2009, 23:17
Խաղը ինձ շատ է դուր եկել, դրա համար էլ մի քիչ երևի շատ դրական ռեվյու եմ գրել :): Բավականին շատ բացասական կարծիքներ կարող եք կարդալ, օրինակ, AG-ի ռեվյուում (http://www.ag.ru/reviews/borderlands): Հանուն արդարության ասեմ, որ Metacritic.com (http://www.metacritic.com/games/platforms/pc/borderlands?q=borderland)-ում Borderlands-ի ռեյինգը 82/100 է:

LoK®
21.12.2009, 23:33
Խաղը ինձ էլ հետաքրքրեց, առաջին հերթին մի տեսակ մուլտ հիշացնող գրաֆիկայի համար: Իսկ ռեվյուն կարդալուց հետո ավելի շատ ուզեցի խաղամ: Ուղղակի ժամանակ չեմ ունեցել փորձեմ: Հենց խաղացի, տպավորություններս կգրեմ :)

Հ.Գ. Պանդորան Ավատարի մեջի մոլորակը չի՞ :think

Հայկօ
21.12.2009, 23:40
Խաղը ինձ էլ հետաքրքրեց, առաջին հերթին մի տեսակ մուլտ հիշացնող գրաֆիկայի համար: Իսկ ռեվյուն կարդալուց հետո ավելի շատ ուզեցի խաղամ: Ուղղակի ժամանակ չեմ ունեցել փորձեմ: Հենց խաղացի, տպավորություններս կգրեմ :)

Հ.Գ. Պանդորան Ավատարի մեջի մոլորակը չի՞ :think

Հավատա ինձ, գրաֆիկան ամեն ինչ հիշեցնում է, բացի մուլտից :):

Ամեն դեպքում՝ մեկը՝ ես արդեն սկսել էի հոգնել U3-ի վրա սարքած խաղերից: Հա՛, սիրուն ա, հա՛, ռեալիստիկ ա, հա՛, ամեն ինչ շատ լավ ա, բայց... Արդեն N-երորդ անգամ նույն բանը տեսնելուց հոգնում ես: Պլյուս՝ էս վերջերս մոդա ընկած միագույն գամման: Բոլոր «Next-Gen»-ները, չգիտես ինչու, անպայման գորշ-կանաչ-շագանակագույն գամմայով էին ու խիստ վերամբարձ-ճոռոմ (Մարկուս Ֆենիքսից սկսած մինչև կապիտան Շեփարդ): Borderlands-ը ոնց որ մի կում մաքուր օդ լինի :):

BOBO
28.12.2010, 20:10
լավ խաղա, բայց որ էտ կենդանիները չլնեին ավելի լավ կլներ

Հայկօ
29.12.2010, 01:10
լավ խաղա, բայց որ էտ կենդանիները չլնեին ավելի լավ կլներ

Կենդանիները մեկը մյուսից լավն են :love:

Հայկօ
29.12.2010, 01:15
Խաղի ինտրոն



http://www.youtube.com/watch?v=Ai7pMPCDHpo



Շատ կայֆոտ ինտրո ա (մանավանդ՝ երգը) :):

BOBO
29.12.2010, 01:31
Կենդանիները մեկը մյուսից լավն են :love:

եսիմ չեմ սիրում, դրանց պատճառով մինչև հմի չեի ուզում խաղաի, բայց դե լոքշա:))