PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. The X Files/Գաղտնի նյութեր



Գալաթեա
14.12.2009, 16:45
Սիրելի Ակումբցիներ այս թեմայում ես կտեղադրեմ հանրահայտ "Գաղտնի նյութեր" ֆիլմի տարբեր պատմություններ, որոնք կթարգմանեմ և կմշակեմ՝ հիմնելով ֆիլմի սյուժեի վրա:

Այս նյութերի մեծ մասը իրական դեպքեր են, որ գտնվել են FBI-ի պահոցներից:
Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը Քրիս Քարթերն է:

http://img2.timeinc.net/ew/dynamic/imgs/080625/chris-carter_l.jpg

Գլխավոր հերոսներն են Ֆոքս Մալդերը

http://images2.wikia.nocookie.net/x-files/images/8/89/Fox_Mulder_%281990%29.jpg

Եվ Դանա Սքալլին

http://images2.wikia.nocookie.net/x-files/images/b/be/Dana_Scully_%281992%29.jpg

Կաշխատեմ տեղադրել հատկապես հետաքրքիր պատմություններն ու նյութերը:

Առաջին նյութը կտեղադրեմ շուտով :)
Գնացինք:

http://www.muslimvideo.com/tv/thumb/1_21188.jpg

Adriano
14.12.2009, 17:01
Հետաքրքրիրա ինչ նպատակ ունի դա?;)

Գալաթեա
14.12.2009, 17:09
Հետաքրքրիրա ինչ նպատակ ունի դա?;)

Դե երևի մարդկանց ներկայացնել կարդալու հետաքրքիր նյութ, էլի:

Գալաթեա
14.12.2009, 17:43
Ֆետիշիստը
Գործ թիվ 213

- Ջենիֆերը թանկ էր բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրեն ճանաչում էին... նա օժտված էր անասելի բարի ու գեղեցիկ հոգով: Նա պատրաստ էր օգնել բոլորին, ովքեր օգնության կարիք ունեին...եթե անգամ չէին դիմում նրան... նա զգում էր..
Ես կկարոտեմ Ջենիին...շատ..
Ընկերուհու մասին վերջին խոսքեր ասող աղջկա ձայնը դողաց ու նա լաց լինելով իջավ բեմից:

Թաղման բյուրոյի դահլիճում հավաքվել էին Ջենիֆեր Լուկասի հարազատներն ու ընկերները:
Երբ խոսեցին բոլորը, ովքեր խոսք ունեին ասելու այդ դժվարին պահին, մարդիկ հերթով սկսեցին մոտենալ բաց դագաղին և վերջին հրաժեշտ տալ իրենց սիրելիին:
Այդ տխուր արարողակարգին էր հետևում փոքր-ինչ հեռու կանգնած մի տղամարդ, որ ամենայն հավանականությամբ Թաղման բյուրոյի աշխատակից էր:
Նա ծակող հայացքով նայում էր դագաղի մեջ խաղաղ պառկած աղջկա դեմքին: Մի պահ թվաց՝ քայլ է ուզում անել դեպի դագաղը, բայց նրան մոտեցավ Թոմաս Ջենինգսը, Թաղման բյուրոյի տնօրենը:
- Դոննի, հարազատները որոշել են թաղումը վաղն անել: Հետևիր, որ ամեն ինչ նորմալ լինի:
- Դոննին մի կերպ հայացքը կտրեց դագաղից:
- Եղավ, պարոն Ջենինգս:

Ուշ երեկո էր:
Թոմաս Ջենինգսը քիչ առաջ զանգել էր տուն՝ հարցնելու համար, թե ինչ պետք է հետը տանի:
Կինը խնդրելը, որ ամենակարևորը՝ իրեն չմոռանա:
Ժպտալով փակում էր իր աշխատասենյակի դուռը, երբ ինչ որ աղմուկ լսեց կողքի սրահից:

Զգուշորեն մտավ սրահ և մթության մեջ լարեց աչքերը:
Դագաղի մոտ ինչ-որ ստվեր էր սողոսկում:
Ջենինգսը փորձեց հաղթահարել ոտքերի դողը և բարձր ձայնով կանչեց.
- Ո՞վ կա այդտեղ:
Ստվերը քարացավ:
Ջենինգսը քայլ արեց դեպի պատը, որի վրա անջատիչն էր:
- Ո՞վ ես, նորից հարցրեց:
Ստվերը նորից շարծվեց: Ջենինգսը թափով իրեն գցեց դեպի պատն ու միացրեց լույսը:
- Դո՞ննի, հո չե՞ս գժվել, - շունչը տեղը բերեց տնօրենը, , - ինչ գործ ունես այստեղ այս ժամին:
Նա մոտեցավ իր աշխատողին, բայց հանկարծ նորից մեխվածի պես կանգնեց տեղում:
Դոննին ձեռքի մեջ սուր մկրատ էր սեղմել: Հատակին, դագաղի մոտ, այստեղ այնտեղ շեկ մազեր էին թափված..
Ջենինգսն արագ մետեցավ դագաղին և նայեց Ջենիֆերին:
Աղջկա մազերը գռեթե արմատից կտրտված, թափված էին դագաղի մեջ ու դեմքին:
Այլանդակված դիակը տեսնելով՝ Ջենինգսը սարսափահար շրջվեց դեպի Դոննին ու դողացող ձայնով գոռաց.
- Ի՞նչ ես արել, հիվանդ անասուն, այս ի՞նչ ես արել...
Դոննին հետ-հետ գնաց:
- Ռադդ քաշիր այստեղից, մոլագար վիժվածք, չհամարձակվես երբևէ աչքիս երևալ, կսպանեմ, - լրիվ իրեն կորցնելով Դոննիի ձեռքից խլեց մկրատն ու պահեց կոկորդի նրա մոտ, - վաղն արդեն քաղաքում չլինես, թե չէ նահանգի ամբողջ ոստիկանությանը բաց կթողնեմ վրադ:
Դոննին հանգիստ ժպտաց, շուռ եկավ և դանդաղ քայլերով հեռացավ:

Բյուրոյից դուրս գալուց, դեռևս կատաղությունից դողացող Ջենինգսը մտածում էր՝ ինչպես է կարողանալու վաղը մեռնողի հարազատներին բացատրել կատարվածը:

շարունակելի

Գալաթեա
14.12.2009, 22:55
ն. Օրեգոն, Օլբանի
16:47

- Ինձ Վաշինգտոնի օֆիսից ասացին, որ նման աննորմալ դեպքերով դուք եք զբաղվում, -ներկայանալուց հետո ասաց Գրեգ Չեփելը՝ Ֆեդերալ Բյուրոյի Օրեգոնի օֆիսի գլխավորը:
- Իմ անունն ինձնից առաջ է միշտ ընկած, սովորական բան է, - իր հմայիչ ժպիտով պատասխանեց Ֆոքս Մալդերը:
- Դե նայեք, կանաչ մարդուկների հարցով էքսպերտը դուք եք, - Չեփելի ձայնում վատ թաքցրած հեգնանք կար:
- Իսկ ինչից եք ենթադրում, որ սա այլմոլորակայինների արած է:
- Ինքներդ նայեք... սա մարդու արած հազիվ թե լինի:

Նրանք քայլելով հասել էին գերեզմանատան այն հատվածը, ուր գտնվել էր պղծված գերեզմանը:
Դանա Սքալլին մտքերով տարված՝ մի քանի քայլ հետ էր ընկել:
Դագաղի կափարիչը նետված էր կողքի վրա, տեսքից ամենաքիչը՝ մեկ շաբաթվա դիակի՝ երիտասարդ կնոջ կարմրավուն մազերը այլանդակ կերպով կտրտված էին ու շաղ էին տրված գլխի շուրջը:
- Այդ գազանը ինչ-որ գործիքով քաշել հանել է նաև նրա եղունգները, - աշխատելով կնոջ դիակին չնայել՝ կիսաձայն հայտարարեց Չեփելը:

Սքալլին մոտեցավ փորված փոսին:
Փոքր-ինչ սպիտակած դեմքը դժվարությամբ Մալդերի կողմը շրջելով՝ հարցրեց.
- Տվյալներ ունե՞նք:
- Մելանի Հովարդ: Երեսուներկու տարեկան: Մահվան պատճառը՝ ավտովթար, - հայտնեց Մալդերը, - լավ ե՞ս:
- Նորմալ, - Սքալլին ևս մեկ անգամ նայեց այլանդակված դիակին և լուռ քայլեց մի կողմ:

- Դուք պետք է քաղաքացիներին հայտարարեք վտանգի մասին, - մեքենաների մոտ քայլելիս ասաց Մալդերը Չեփելին, - հավանականությունը մեծ է, որ մենք գործ ունենք թափ առնող ֆետիշիստի հետ:
- Ի՞նչ ի՞նչ..
- Ֆետիշիզմ: Հոգեկան խանգարման տեսակ, որի ժամանակ մարդու մոտ կպչուն գաղափարներ են ձևավորվում տարբեր իրերի հանդեպ: Ավելի վտանգավոր տեսակ է, երբ այդ իրերը մարդու մարմնի մասեր են լինում: Նրանք հավաքում են դրանք իրենց մոտ և այդ հավաքածուն մեծացնելու մոլուցքը երբեմն ոչ մի բանի առաջ չի կանգնեցնում: Մարդիկ պետք է զգույշ լինեն:
- Մալդեր, այդ ձեր ֆետիշիզմը գերեզմանափորությունից ու դիակապղծությունից այն կողմ չի անցնում, այնպես չէ՞: Կարող ե՞ք ասել՝ ինչու ես պետք է մարդկանց տագնապի մեջ պահեմ... այս քաղաքում մարդիկ իրենց տան դռները բաց են պահում..
- Սա արդեն երրորդ գերեզմանապղծության դեպքն է մեկ ամսվա ընթացքում, երեք տարբեր նահանգներում: Եվ ամեն անգամ նրա գործողություններն ավելի դաժան ու զզվելի են դառնում: Նա թափ է առնում և չի բացառվում բոլորովին, որ սառը դիակների հետ գործ ունենալը շուտով կհոգնեցնի: Նա կսկսի սպանել:
- Ի՞նչ գիտեք, - Չեփելը նյարդայնանում էր:
- Որովհետև որքան էլ ցավալի լինի, մենք գործ չունենք դրսեցիների հետ... սա մարդու արած է, թեև այս դեպքում դյվարանում եմ "մարդ" բառը կիրառել... իսկ մարդն ագահ է և անկուշտ: Նա շարունակելու է:
- Ես չեմ կարող դա անել՝ հիմնվելով միայն ձեր ենթադրությունների վրա,- համառորեն իրենը պնդեց Չեփելը, - վերևից թող հրաման ուղարկեն, կանեմ:
- Լավ... մնում է, որ արդեն ուշ չլինի:

Սքալլին մեքենայի մեջ սպասում էր:
- Համոզվա՞ծ ես, որ ամեն ինչ նորմալ է, նորից հարցրեց Մալդերը:
- Ասացի՝ այո, - պատասխանեց Սքալլին, - և ինչ, վերջացրի՞նք այստեղ:
- Ոչ մինչ այն պահը, երբ ավարտված լինի շաբաթվա խաղը՝ աչքով արեց Մալդերը և գրպանից հանեց բեյսբոլի երկու տոմս:
Սքալլին ժպտաց և քթի տակ մրմրթմաց.
- Այդ քո գաղտնի դրդապատճառները...

Մեքենան սահուն պոկվեց տեղից և դուրս եկավ գերեզմանատան դարպասից:




շարունակելի

Գալաթեա
15.12.2009, 16:25
ն. Օրեգոն, Օլբանի
22:21

Դոննին անկախ իրենից, ինչ-որ անհասկանալի ուժից դրդված, իր մեքենան ուղղեց դեպի փողոցը, որի մասին շատ էր լսել:
Շարքով կանգնած էին:
Մինչև ազդրերը հասնող լաքից փայլուն սապոգներով, կարճ յուբկաներով, կիսաբաց կրծքերով, չափից դուրս վառ դիմահարդարումով:
Դոննին փոխեց գիծը և մեքենան մոտեցրեց մայթին:
Մի քանիսը միանգամից աշխուժացած ժպիտ նկարեցին դեմքներին և կտկտալով մոտեցան փողոցին:

Դոննին դեռ հեռվից նկատել էր շիկահերին: Սպիտակ մաշկով, ուսերին թափված շքեղ մազերով, կապույտ աչքերով աղջիկը որսաց նրա հայացքը և կոտրատվելով մոտեցավ մեքենային:
- Աղջիկ ե՞ս ման գալիս, - տենդագին ծամելով ու մենթոլահոտ շնչառությամբ բուրելով հարցրեց:
- Այո, փնտրում եմ:
- Անկյունում տեղ գիտեմ, հարմար:
- Ես ճիշտն ասաց մի քանի ժամվա մասին էի մտածում... իմ տանը:
Աղջկա դեմքի փոփոխությունը տեսնելով՝ շտապեց ավելացնել.
- Գումարը խնդիր չի:

Տուն մտնելիս աղջիկը հանեց բաճկոնն ու դողացրեց.
- Տունը չես տաքացնո՞ւմ: Սառնամանիք է սարսափելի..
- Ինչ-որ խնդիր կա ջեռուցման համակարգի հետ... կուզենայի լոգանք ընդունեիր...եթե դեմ չես:
Աղջիկը մտածեց, որ գոնե այդպես կտաքանա:
- Նորմալ վարձատրման դեպքում ես ոչնչի էլ դեմ չեմ:

Երբ քիչ հետո մտավ լոգասենյակ՝ Դոննին փրփուրով պատած ջուրն էր խառնում:
Այդ շան ցրտին հնարավորինս սեքսուալ շարժումներով սկսեց հանվել՝ սկզբում սապոգները:
Զգուշորեն, աշխատելով չփչացնել եղունգների կարմիր լաքը, արձակում էր սապոգների կապը, երբ զգաց տղամարդու սոված հայացքն իր մատներին:
"Կարծես թե ամեն ինչ լավ է գնում,- մտածեց, - "մենակ բացի լոգանքից ուրիշ ծրագրից դուրս բան չուզի, հավես չկա":
- Քո մազերը քիմիական ազդեցություն ունեցել ե՞ն, - հետաքրքրքվեց տղամարդը:
- Ի՞նչ, - աղջիկը չհասկացավ:
- Քեզ ինչ շամպուն է պետք, վնասվա՞ծ, յուղո՞տ թե՞ սովորական մազերի համար, - հանգիստ ձայնով հարցրեց Դոննին:
- Դու ուզում ես, որ ես գլուխս լվանա՞մ:
- Ես հավելյալ կվճարեմ...եթե դա մեծ խնդիր է:
Լսվեց հեռախոսի զանգը:
- Խնդիր չի...
- Ես հիմա կգամ, հեռախոսին պատասխանեմ, - ու դուրս եկավ լոգասենյակից:
Աղջիկը շարունակեց հանվել՝ արդեն առանց ավելորդ ցուցադրական սեքսուալության:

Զանգողը "Կրոնների Համեմատական Տեսություն" դասընթացները վարող պրոֆեսորի քարտուղարուհին էր: Հայտնում էր, թե Դոննին երգ գա դասի: Նա երկու օր առաջ գրանցվել էր:
Երբ շնորհակալություն հայտնեց ու լսափողը կախեց, իր սենյակ ներխուժեց կապույտ սրբիչով փաթաթված աղջիկը:
- Լսի, դու հո հիվա՞նդ չես, լոգարանի ջուրը սառույցի պես սառն է:
Դոննին ժպտալով նայում էր:
Նրան շեկ մազերին ու կապույտ աչքերին շատ էր սազում կապույտ սրբիչը:
Աղջիկը հայացքը հառել էր սենյակի այս ու այն անկյունում դրված ծաղկեպսակներին ու սև ժապավեններին ու սև սավաններին:
- Դու, - հետ-հետ գնաց, - ես գնում եմ... չմոտենաս ինձ...
- Ու՞ր ես գնում, - Դոննին դանդաղ քայլերով մոտենում էր:
- Չմոտենաս, -ծղրտաց աղջիկն ու իրեն նետեց հյուրասենյակ, այնտեղից էլ միջանցքով դեպի դուռը:
- Այստեղից ելք չկա, սիրելիս, - Դոննիի գերեզմանային հանգստությամբ ձայնը լսվեց մեջքի հետևից:
Շիկահերը դողացնելով շրջվեց և մեջքով կպավ կողպված դռանը:
- Չկպնես ինձ,.. խնդրում եմ...

Եթե այդ պահին որևե մեկը անցներ դռան մոտով, նրա ականջներում դեռ երկար կարձագանքեր հուսահատությամբ ու սարսափով լցված կանացի խուլ ճիչը:

շարունակելի

Գալաթեա
17.12.2009, 02:26
ն Օրեգոն, Օլբանի
02.36

- Ցավում եմ, որ ստիպված եղա ձեզ օդակայանից հետ բերել, - Չեփելի տեսքը շփոթված էր:
- Ո՞րտեղ են գտել դիակը, - հարցրեց Մալդերը՝ նստելով նրա մեքենան, դիմացը:
- Կենտրոնական Այգու անկյունում:
- Ինքնությու՞նը:
-Մի փողոց վերև մանրավաճառների կայանատեղին է: Նրանց մոտ մեր մարդն է գնացել, մի հոգի չի վերադարձել գործից հետո: Հիմա մեկնումեկին կբերեն դիակը ճանաչելու:
- Ձեռագիրը նո՞ւյնն է, - հոգնած ձայնով հարցրեց մեքենայի հետևի նստարանին տեղավորված Սքալլին:
- Այո...միայն խոշտանգումներն ավելի դաժան են, - մեղավոր տոնով ասաց Չեփելը:

Կապույտ սրբիչով ծածկված աղջկա դիակը շպրտած էր աղբակույտի մեջ: Սրբիչի գույնը հազիվ էր զգացվում: Այն գրեթե ամբողջությամբ արյան մեջ էր կորած:
Մալդերը նայեց արմատից անհավասար կտրտած մազերին, սուր-կտրող գործիքով այլանդակած դեմքին ու ձեռքերին: Աղջկա մատներից մի քանիսը նույնպես կտրած էին:
Մալդերը հետևում լսեց ընդհատ շնչառություն և շրջվեց: Սքալլին սարսափով լցված հայացքը հառել էր զոհին:
- Սքա՞լլի, - մեղմ ձայն տվեց Մալդերը:
- Ես հիմա կգամ,- Սքալլին շուռ եկավ և արագ քայլերով գնաց դեպի մեքենան:
Մալդերը քայլ արեց նրան հետևելու, բայց Չեփելը կանգնեցրեց:
- Ես տեղի հեռուստացությամբ հայտարարություն եմ տալու կես ժամից, ինչ-որ բան կավելացնե՞ք ասվելիքին:
- Պարզապես զգուշացրեք հնարավոր վտանգի մասին: Սպիտակամորթ տղամարդ, միջինից երիտասարդ տարիքի, մտավոր զարգացման աստիճանը միջինից բարձր: Վարվելաձևը՝ նորմալ:

Նրանց մոտեցավ մի ոստիկան՝ լացակումած մի աղջկա ձեռքից բռնած, որ իր բարձրակրունկների վրա դժվարությամբ էր ոտքերը փոխում՝ հետևելով ոստիկանի լայն քայլերին:
Աղջկան մոտեցրին դիակին: Նա մի հայացք նետեց զոհի դեմքին և թուլացած կախվեց ոստիկանի ուսից:
- Բոննի...Բոննի...աստված իմ...Բոննի..
Մոտեցավ ոստիկանության ևվս մի աշխատակից և նրան օգնեցին քայլել:
- Ես ուզում եմ խոսել նրա հետ: Գուցե հիշի մեր տղային. - Չեփելին դարձավ Մալդերը:
- Լավ, - պատրաստակամ գլխով արեց նա, - կարող եք խոսել նրա հետ իմ աշխատասենյակում: Կասեմ ուղեկցեն այնտեղ:
- Ես ձեզ կզանգեմ, եթե որևէ բան ասի մարդասպանից: Թեև դրա վրա հույս չէի դնի, - ասաց Մալդերն ու մոտեցավ մեքենայի մոտ կանգնած Սքալլին:
- Ինչ է հետդ կատարվում: Լավ չե՞ս զգում:
- Լավ եմ, - սառը ասաց Սքալլին:
Գույնն իսկապես տեղն էր եկել, բայց Մալդերը միևնույն է, անհանգիստ էր:
- Սքալլի, եթե ինչ-որ բան այն չէ, գուցե հետ գնաս Վաշինգտոն: Ես յոլա կտանեմ:
- Ես գալիս եմ հետդ:
Մալդերը հասկացավ, որ նրա հետ վիճելն անիմաստ է:
Ինչպես միշտ:

- Նա ամենասովորական դեմք ուներ, - Ջինա Մայլզի ձայնը դողում էր, դեմքի վրա լղոզված տուշի հետքեր էին, - ոչ մի հիշվող բան չկար:
- Մեքենայի մակնիշը կամ գոնե գունյը հիշո՞ւմ եք, - հարցրեց Մալդերը:
- Կարծես սպիտակ էր...բայց համոզված չեմ...այդ ո՞վ էր, - նորից լցված աչքերով հարցրեց նա, - ինչ էր արել Բոննիի հետ...
- Գնացեք տուն...և ձեր կոլեգաներին էլ ասեք, թող մի շաբաթ արձակուրդ վերցնեն, - ասաց Սքալլին՝ անձեռոցիկը Ջինային մեկնելով:

- Ես պայմանավորվել եմ դիահերձման համար, - ասաց Սքալլին երբ մնացին մենակ, - առավոտյան 8;30:
- Լավ...այստեղի լաբորատորիան կբավարարի՞ մատնահետքերի և ա մնացած հետքերի ուսումնասիրության համար:
- Եթե չբավարարի, դիակը կուղարկեմ Վաշինգտոն և այնտեղ կշարունակեմ զննումը:

Ներս մտավ Չեփելը:
- Հայտարարությունը կարդացի: Տեսնենք ինչ է լինելու:
- Լավ կլինի, որ հարցում ուղարկեք Օրեգոնի և սահմանակից նահանգների, որտեղ գերեզմանապղծություն էր կատարվել, բոլոր հոգեբուժարաններում և հետաքրքրվեք նման դեպքով տառապողներից: Սա այնպիսի շեղում չէ, որ մի գիշերում զարգանար, - ասաց Մալդերը:
- Լավ... ֆետիշիզմը հասկացանք...բայց ինչո՞ւ է այդքան դաժանորեն այլանդակում այդ խեղճերին..այս մեկի մատներն էլ էր կտրել հրեշը:
- Ատելություն կանանց հանդեպ...միայն սպանելը հերիք չէ...դետք է նաև այլանդակել, կորցնել մարդկային տեսքը... նման դեպքերում ատելության պատճառը գալիս է մոր հետ հարաբերություններից:
- Ինչ էլ կատաղացնել է կատաղացրել տղային...մայրիկը...
- Գնանք Մալդեր, - Սքալլին կանգնեց, - ահավոր հոգնած եմ:
- Հյուրանոցի ձեր համարները պատրաստ են, - Չեփելը նույնպես վեր կացավ, - ես ձեզ կտանեմ:

Մալդերը բացեց աշխատասենյակի դուռը՝ թույլ տալով անցնել նախ Սքալլին, հետո Չեփելին:

շարունակելի

Գալաթեա
20.12.2009, 01:51
ն. Օրեգոն, Օլբանի
Ա. Լինքոլնի անվան գրադարան
18;20

- Կրոնների համեմատության տեսությունը շատ ծավալուն գիտություն է, և այն ութը դասը, որ նախատեսված է այն ուսումնասիրոլու համար իրականում շատ քիչ է...
Պրոֆեսոր Գոլդբերգը, ճաղատ ու հաստ շրջանակով ակնոցով տղամարդ էր, որ խոսում էր շատ միատոն և էմոցիաներից զուրկ ձայնով:
Դոննին չորրորդ շարքում նստած աչքերը փակ վերհիշում էր նախորդ օրվա մանրամասները՝ դեմքին երանության ժպիտ...ինչ տաք էր շիկահերի մարմինը... ոչ մի համեմատություն այն սառած անկենդան դիակների հետ որ ինքը... ինչ լավ էր նա վախից գալավում իր ձեռքերում...

Դոննին բացեց աչքերը և ասես բնազդով նկատեց իրենից երկու շարք առաջ նստած կնոջ մուգ ելակագույն եղունգները:
Կինը երևի թե նույնպես ձանձրանում էր, քանի որ անջատված խաղում էր իր ականջօղի արծաթագույն գնդիկի հետ: Նրա մատները երկար էին ու նուրբ, խնամված.. եղունգների գույնը հյութալի կեպով կոնտրաստ էր ստեղծում սպիտակ մաշկի հետ... ինչ հրաշք կլիներ հերթով շոյել այդ մատները...լեզվով կպնել եղունգներին..զգալ դրանց իդեալական հարթությունը...
Դոննին զգաց, որ ոտքերը սկսում են դողալ..եթե այդ պահին չզսպեր իրեն՝ ոտքի էր կանգնելու և մոտենար նրան... ու թքած Գոլդբերգի փայլփլուն ճակատին..,.

20:36

Մեքենայի դուռը բացելուց ու գրադարանի կողքի սուպերմարկետից գնած ապրանքը հետևի նստատեղին տեղավորելուց հետո Սթեյսի Բարթլին ուղղվեց և անսպասելիությունից վեր թռավ:
Ուղիղ դիմացը, մեքենայի մյուս կողմից կանգնել էր մի տղամարդ:
- Ներեցեք... ես չէի ուզում ձեզ վախեցնել.. ես և դուք նույն դասին էինք այսօր... ես հետևում էի նստած, երևի չեք նկատել:
- Այո՞, - անորոշ հարցրեց Սթեյսին՝ մտքում բառ առ բառ հիշելով հեռուստատեսությամբ նախորդ օրը հնչած զգուշացումը:
- Այո, - Դոննին ժպտաց, - ես պարզապես մոռացա վերջում մոտս գրել... 19-20 գլուխներն էր պետք կարդալ Գոլդբերգի գրքի, թե՞ 20-21...
Սթեյսին մի փոքր շունչ քաշեց՝ մեղադրելով իրեն չափից դուրս շատ կասկածամիտ լինելու մեջ: Բայց այդ երեկվա զգուշացումը...
- Հիմա ասեմ, - պայուսակի մեջ նայլով և նոթատետրը փնտրելով ասաց նա:
Գտնելուց հետո գլուխը բարձրացրեց և նորից վեր թռավ: Տղամարդն անշշուկ եկել կանգնել էր ուղիղ իր կողքին:
- 20-21 էր, - ասաց և բացեց վարորդի դուռը՝ միակ ցանկությամբ՝ անմիջապես հեռանալ այդտեղից:
- Շնորհակալ եմ, -Դոննին ավելի մոտեցավ և բռնեց դուռը, - այստեղ մոտակայքում մի լավ պիցերիա կա...դուք քաղցած չե՞ք դասից հետո, - ցածր ձայնով հարցրեց նա՝ ագահ հայացքով նայելով Սթեյսիի կարճ կտրած բաց շագանակագույն մազերին:
- Դուռը բաց թող, - դողացող ձայնով ասաց Սթեյսին:
- Ես քեզ լավ կվերաբերեմ, խոստանում եմ, - Դոննին ավելի մոտեցավ:
- Թող ասում եմ, - ֆշշացրեց կինն ու, Դոննին այդպես էլ չհասկացավ՝ ինչպես, ոտքով ցավոտ հարվածեց փորից ներքև:
- Օգնեցե՜ք, - փոքր-ինչ մեքենայից հեռացավ և ձայնը գլուխը գցեց Սթեյսին:

22;14

Մալդերի բջջայինը զնգաց:
- Եղավ, - կարճ պատասխանեց նա և դարձավ Սքալլիին, - մեր տղային կարծես թե բռնել են: Գնացինք:
Նրանք նստած էին Սքալլիի համարում և նա նոութբուկի վրա հավաքում էր դիահերձման արդյունքների մանրամասն զեկույցը:
Սքալլին ընդհատեց աշխատանքն ու վեր կացավ:
- Հաստա՞տ մերն է:
- Կերևա, - Մալդերն արդեն դռան մոտ էր, - Չեփելը մեզ է սպասում դրսում:


շարունակելի

Գալաթեա
23.12.2009, 03:23
ն. Օրեգոն, Օլբանի
Օլբանիի ոստիկանատան նախնական կալանքի բանտախուց
22:38


- Ես ոչինչ չարեցի.. պահում էի ինձ ինչպես միշտ... դե կարող է՞՝ նոր եմ ծանոթ էդ բոզերին... ասացի՝ ուզում եմ էս անգամ ուրիշ ձև անենք՝ դանակը հանեց մտցրեց աչքս... ես դրա մայրիկը...

Օլբանիի բնակիչ Վերնոն Գարթոնը անկեղծ վրդովված էր:

Մալդերն ուշադիր զննում էր նրան, մինչ Սքալլին փոքր-ինչ հեռու, բանտախցերի միջանցքում կանգնած՝ լսում էր հարցաքննությունը:
- Պարզվեց, որ հայտարարությունիցս ու հատկապես այն իրենց ընկերուհու դեպքից հետո դրանք դանակով զինված են միայն ֆռֆռում, - Մալդերին նայելով բացատրեց Չեփելը:
- Ես շատ բան չէի ուզում, - ձեռքը դեմքի՝ աչքի ներքևի մասի թարմ վիրակապին դնելով ասաց Վերնոնը, - սովորական բան է դրանց մոտ.. դուրներն էլ գալիս է.. չհասկացա ինչ եղավ այդ հիստերիկին..

Սրահն ընդհանուր էր և բանտախցերը բաժանված էին միայն վանդակաճաղերով ու միջանցքներով:
Միջանցքներից մեկում, որը Վերնոն Գարթոնի բանտախցին էր նայում, կանգնած էին Սքալլին ու Օլբանիի ոստիկանատան աշխատողներից մեկը: Նրանք տեսանելի էին բանտի մյուս պարտադրված հյուրերի համար, որոնցից մեկը մի վանդակաճաղ այն կողմ գտնվող բանտարյալն էր: Նա ուշադիր նայում էր գործակալ Սքալլին՝ հայացքը չկտրելով նրա կարմրավուն- կրակագույն մազերից:

Մալդերը դուրս եկավ Գարթոնի բանտախցից: Նրան կրնկակոխ հետևում էր Չեփելը:
- Մեր տղան չէ, - ավելի շատ Սքալլին, քան Չեփելին ասաց նա:
- Ի՞նչ գիտեք,- հետաքրքրվեց Չեփելը:
- Անվանեք դա հոտառություն,- ասաց Մալդերը և Սքալլիին գլխով անելով՝ քայլերն ուղղեց դեպի ընդհանուր սրահի ելքը:

Ելքի մոտ Սքալլին Մալդերի թևը բռնելով՝ կանգնեցրեց նրան:
- Կարո՞ղ ենք խոսել:
- Իհարկե, ասա, - Մալդերը նայեց Սքալլի հոգնած աչքերին:
- Այստեղի լաբորատորիայի հնարավորությունները բավարար չեն: Դիակը պետք է տեղափոխել Վաշինգտոն: Ինքդ գիտես, այնտեղ որևէ բան պարզելու հնարավորությունն ավելի մեծ է:
Մալդերն ոշադիր նայեց Սքալլիի դեմքին:
- Եթե համարում ես, որ անհրաժեշտ է, խնդիր չեմ տեսնում: Մինչ այդ՝ ես էլ այստեղ գործ կունենամ անելու: Դու այնտեղի՞ց կշարունակես,- հույսով հարցրեց:
- Ոչ: Հենց այնտեղի արդյունքները ստացա, կվերադառնամ, - պատասխանեց Սքալլին:
- Լավ...այստեղ կարծում եմ էլ անելիք չունենք, գնացինք:

Նրանք դիմեցին դեպի ելքը:
Գարթոնին գրեթե զուգահեռ, մի վանդակ դեպի աջ գտնվող բանտախցի հյուրը ուշադիր հետևում էր նրանց գործողություններին:

Գործակալների հեռանալուց հետո նա ձայն տվեց Գարթոնին:
- Հեյ, ինչի՞ համար են քեզ բռնել... եղբայր..
Գարթոննն ըստ երևույթին հասկացող մարդու կարիք ուներ:
- Դե էդ... գիտես էլի...փողոցային աղբակտորն էր... դանակը կոխեց աչքս .. ինձ ինչ-որ մեկի հետ խառնում են...հիվանդ մեկի.. ես դրա մայրիկը.. չեմ հասկանում ինչ են ուզում...ախր բան չեմ արել..
- Ֆեդերալ բյուրոյի գործակալներ էի՞ն..
- Հա,..էդպես ներկայացան..
- Աղջկա անունն ի՞նչ էր:
- Սքալլի...տղայինը մորթես՝ չեմ հիշի..ես դրա..բայց աղջիկը Սքալլի էր.. էն հաղորդավարի պես... հիշեցի դրա համար: Դանա Սքալլի էր:

Դոննիի բանտախցին հանկարծ մոտեցավ բանտապահներից մեկը և բացեց նրա երկաթապատ դուռը.
- Ազատ ես,- դժկամորեն ասաց, - այն կինը հետ է վերցրել քո հանդեպ մեղադրանքը: Կարող ես գնալ:
Դոննին հանդարտ ժպտաց բանտապահին, աչքով արեց Վերոնոնին և հանգիստ քայլերով դուրս եկավ իր վանդակից՝ քալյելով դեպի ելքը:

շարունակելի

Գալաթեա
24.12.2009, 02:24
Վաշինգտոն, էդգար Հուվերի անվ. շենք
Փորձագիտական լաբորատորիա
10:08

- Մինչև դիակը չգա, չեմ խոստանում որևէ բան, - Դաշնային բյուրոյի գլխավոր փորձագետը Սքալլիից վերցրեց սպանված աղջկա վրայից վերցրած կապույտ սրբիչի արյունոտ հատվածը՝ պոլիէթիլենից տոպրակի մեջ դրված:
- Դիակը կհասնի մեկ ժամից:
- Հենց նորություն եղավ, ձեզ տեղյակ կպահեմ:
- Շնորհակալ եմ: Ես վերադառնալու եմ Օլբանի հաջորդ թռիչքով, հնարավորինս արագ արեք ամեն ինչ, լա՞վ:
- Առաջին գործս կլինի, - խոստացավ փորձագետը:

Սքալլին գլուխը կախ քայլում էր Բյուրոյի շենքի միջանցքներից մեկով, երբ հանկարծ հասկացավ, որ հայտնվել է աշխատակիցներին անհրաժեշության դեպքում հոգեբանական օգնությամբ աջակցող դոկտոր Սամերսբիի սենյակի մոտ:
Իրար մեջ գործակալները սիրում էին "ուղեղ գզող" անվանել նրան և հնարավորինս խուսափում էին հայտնվել այս աշխատասենյակում: Իմացողը դա կարող էր թուլության հետ նույնացնել:

... Դու անում ես քո գործը, անում ես ամեն ինչի հաշվին՝ առաջին հերթին անձնական կյանքիդ... աշխատանքիդ ընթացքում տեսնում ես երևույթներ...շփվում ես այնպիսի փաստերի հետ, որ քեզ դադարում է որևէ բան զարմացնել կամ վախեցնել... դու նայում ես ուղիղ "Չարիքի" աչքերի մեջ ու մեկ մեկ ստիպված ես լինում ժպտալ նրան... հետո...երբ համոզված ես լինում, որ արդեն տեսել ես ամեն ինչ...եղել ես ամենուր.. դեմ ես առնում մի երևույթի որից արյունդ սառչում է երակներումդ...լրիվ անսպասելի...ախր դու չէիր վախենում ոչնչից...
Սքալլին լռեց:
- Դանա, դուք նկատե՞լ եք, որ այս ընթացքում ձեր մասին երկրորդ դեմքով էիք խոսում, -փափուկ, խաղաղ ձայնով հարցրեց Սամերսբին:
- Այո՞...
- Այո, ինչի՞ց է, ինչ եք կարծում:
- Գուցե ևս մի խղճուկ փորձ է՝ սեփական անձս մտքերիցս ու վախերիցս հեռացնել:
- Դուք շատ ուժեղ մարդ եք, Դանա... և միշտ սովոր եք ձեր խնդիրներն ինքներդ լուծել... բայց հիմա դուք խոցելի եք..ինչու՞
- Եթե իմանայի երևի այստեղ չէի գա, չէ՞, - Սքալլին փորձեց զսպել հեգնանքը:
Սամերսբին ասես անգամ չնկատեց նրա տոնը:
- Ձեր դոսյեում գրված է, որ դուք ձեր հորն եք կորցրել մի քանի ամիս առաջ ու վերջերս շատ ծանր առողջական վիճակում եք եղել, - ծնկներին դրած թղթապանակի մեջ նայելով ասաց հոգեբանը, - իսկ դոսյեից դուրս լսել եմ, որ ձեր կյանք վերադառնալը հրաշքի պես մի բան էր:
- Այո...եղել է նման բան:
- Այս գործն իր բարդությամբ առաջի՞նն է այդ դեպքերից հետո:
- Բարդությամբ՝ ոչ, բայց ես... հայտնաբերեցի, որ այն ինչ առաջ ինձ ոտքի վրա էր պահում... հեռանում է ինձնից... Հավատը, որ ես կարող եմ օգնել վտանգի մեջ գտնվող մարդկանց... այն չկա..ես հիմա ինքս եմ ինձ վտանգված զգում..
- Ձեր գործընկերը... նրան վստահելու հետ խնդի՞ր կա:
- Ոչ, - Սքալլին ժպտաց, - ես նրան կյանքս էլ կվստահեմ... վստահել եմ, արդեն երկու տարի է:
- Նա գիտի՞ այս ձեր վիճակի մասին:
- Ոչ, և չի էլ իմանա: Չեմ ուզում հասկանա, թե որքան ծանր է այս գործն ինձ վրա նստում: Չեմ ուզում, որ մտածի, թե իր պաշտպանության կարիքն ունեմ: Դա առաջին հերթին գործին կխանգարի:
Սքալլին նայեց Սամեսբիի աչքերին:
- Ինձ պետք է իմ Հավատը, դոկտոր Սամերսբի.. պետք է..

Փորձագետն անհամբեր սպասել էր, Սքալլին զգաց.
- Դե՞:
- Մարդասպանն աշխատել էր ձեռնոցներով... նա կտրել էր աղջկա բոլոր մատները, բացի մեկից..
- Դրա մասին գիտեմ, Բիլ, դիահերձումը ես եմ արել, - ընդհատեց Սքալլին:
- Այն մի մատի եղունգին մատնահետք կա, հավանաբար ձեռնոցները դնելուց առաջ է թողել, պայքարի արդյունքում- փորձագետը ժպտաց ու ցույց տվեց մոնիտորը՝ գործակալին հրավիրելով մոտենալ:
- Ուղարկեք մերոնց, բազայով անցկացնելու:
- Արված է, - նրան հաղորդեց փորձագետը, - ի դեպ, ձեզ զանգահարել էին, Օլբանիից, մեր գործակալներից մեկը:
- Ո՞վ:
- Չներկայացավ: Ուզում էր իմանալ՝ վերադառնալու եք, թե ոչ:

– Մալդեր, - Սքալլին խոսափողի մեջ լսեց գործընկերոջ հաճելի կրծքային ձայնը. - մատնահետք կա, մերոնք բազան են արդեն փորփրում, մի քանի րոպեից տեղեկությունները կուղարկեմ քեզ: Ես վերադառնում եմ:

շարունակելի

Գալաթեա
09.01.2010, 00:19
ն. Օրեգոն, Օլբանի
Օդանավակայանի տարածք

Դոննին իր մեքենայում նստած սպասում էր:
Նա գիտեր՝ գեղեցիկ մազերով գործակալը ուր որ է հայտնվելու է:

Սքալլին իր վարձակալած մեքենան դուրս բերեց օդանավակայանի կայանետեղիից և քշեց Բյուրոյի տեղական գրասենյակի ուղղությամբ:
Մտքերին տրված՝ ավտոմատի վրա վարում էր մեքենան, երբ դիմացի հայելու մեջ գնալով ավելի կուրացնող դարձան հետևից եկող մեքենայի լուսարձակները: Մինչ կհասցներ հասկանալ՝ ինչ է կատարվում՝ հետևից եկող մեքենան ընդհուպ մոտեցավ ու խփեց Սքալլիի մեքենային: Սքալլին որոշեց արագացնել ընթացքը, որպեսզի հարվածը չկրկնվի և կանգնեցնել մեքենան՝ պարզելու համար ինչն է հետևից եկողի խնդիրը: Բայց նրա այդ բարի նպատակները մնացին չիրագործված: Հետևի մեքենան ընթացքն արագարցրեց ու հավասարվելով Սքալլիի մեքենային՝ այս անգամ կողքից հարվածեց ու դուրս շպրտեց այն ճանապարհից:

Դոննին դուրս եկավ իր մեքենայից և դանդաղ քայլերով մոտեցավ Ֆեդերալ բլուրոյի գեղեցիկ մազերով գործակալի մեքենային:
Կինն ուշագնաց ընկել էր կողքի վրա՝ ըստ երևույթին անջատվելով ճակատով ղեկին հարվածելուց հետո. ճակատն արյունոտ էր:

ն. Օրեգոն, Օլբանի
Ֆեդերալ բյուրոյի տեղական գրասենյակ

- Նա արդեն պետք է այստեղ լիներ, - Մալդերն անհանգիստ քայլում էր սենյակի մի անկյունից մյուսը:
- Կգա, Մալդեր, մի խառնվեք իրար, երևի գործը երկարել է, - Չեփելը փորձեց հանգստացնել:
- Կզգուշացներ, գիտեմ իրեն, - Մալդերը նստեց կրկին ձեռքն առավ բջջայինը:
Գրասենյակի հեռախոսը զնգաց:
Մի քանի բառ փոխանակելուց հետո, Չեփելը, փորձելով ձայնին անհոգ երանգ տալ, հաղորդեց Մալդերին.
- Սքալլիի անունով գրանցված մեքենա են գտել օդանավակայանի մոտ...

Մեքենան ճանապարհից դուրս էր ընկել ու կիսաթեք վիճակում մի կերպ արգելակել էր ճամփեզրին՝ շուռ գալուն շատ մոտ:
Ղեկի վրա արյան հետքեր կային:
- Ուղարկեք էքսպերտիզայի, - մետաղաձայն հրահանգեց Մալդերը՝ շարունակելով խոշորացույցով ուսումնասիրել մեքենայի գրեթե յուրաքանչյուր միլիմետրը:

Երբ օդանավակայանից հետ դառնալու ճանապարհին էին, Մալդերը Չեփելին մեկնեց փոքրիկ պոլիէթիլենի մեջ քերած-լցրած սպիտակավուն ներկանյութը:
- Սքալլիի մեքենային սպիտակ գույնի այս ներկով պատված մեքենայով են հարվածել: Թող պարզեն՝ ինչ մակնիշների մեքենաների վրա է այս ներկը լինում: Եթե ձերոնք չեն կարող, թող ուղարկեն Վաշինգթոն, միայն արագ:
- Շատ լավ, պետք է որ մերոնք կարողանան,- Չեփելը վեերցրեց օրինակը և բջջայինի վրա համար հավաքեց:

- Հարձակման խումբը պատրա՞ստ է:
- Այո, արդեն Դոնալդ Պֆեֆերի տան մոտ են, սպասում են հրահանգի:
- Քանի՞ րոպե է այստեղից:
- Մոտ չորս:
- Գնացինք, - Մալդերը հանեց ատրճանակը և ստուգեց փամփուշտների պարունակությունը, - զգուշացրեք, որ առանց մեզ չմտնեն:

շարունակելի

Գալաթեա
01.02.2010, 03:21
ն. Օրեգոն, Օլբանի


Երբ հարձակման խումբը Մալդերի գլխավորությամբ ներխուժեց կասկածյալի բնակարան, այն արդեն դատարկ էր:
Խուզարկման արդյունքում հետաքրքիր հայտնագործություններից էր նրա ծաղկեպսակներով շրջապատված անկողնու բարձը, որ լցված էր կանացի մազերով:
Մալդերը պատին հենված մռայլ հետևում էր Բյուրոյի աշխատակիցների ստանդարտ գործողություններին, երբ նրան մոտեցավ Չեփելը և լուռ մեկնեց գեղեցիկ մի տուփ:
Տեսնելով, որ Մալդերը տեղից չի շարժվում, Չեփելը բացեց տուփը և պարունակությունը ցույց տվեց գործակալին:
Տուփի մեջ, կարմիր մահուդի վրա դրված և փայլուն թղթի կտորտանքով զարդարված կանացի մատ էր:

ն. Օրեգոն, Օլբանի
Ֆեդերալ Բյուրոյի տեղի գրասենյակ

- Ո՞ւր կարող էր նա տանել Սքալլիին, Չեփել, - Մալդերն ասես ինքն իրեն տվեց հարցը. չէր նայում Չեփելին:
Նրանք նստած էին Չեփելի գրասենյակում: Մալդերը երևի հարյուրերորդ անգամ արդեն, թերթում էր Դոնալդ Պֆեֆերի դոսյեն:
- Դե հաստատ ոչ իր մամուլյայի հետ ծանոթացնելու, - մռայլ արձագանքեց նա:
Մալդերը նայեց Չեփելին և հայացքը լարվեց:
- Ինչու եք այսպես ասում:
- Դե... դուք էիք ասում, որ այդ հիվանդը կատաղած է իր մոր վրա:
- Չեփել, կարո՞ղ եք Դոնալդի մոր մասին գտնել այն ամենն, ինչ ունենք:
- Շատ լավ, - ասես ուրախացած, որ զբաղմունք հայտնվեց, ասաց նա և նստեց իր համակարգչի առաջ:

Մինչ Մալդերը նյարդային հետուառաջ էր անում սենյակում, Չեփելը գտավ պետք եղած տեղեկություններն ու հաղորդեց:
- Լինդա Պֆեֆեր, մահացել է մեկ տարի առաջ: Տուն ունի Ֆլորիդա նահանգում:
- Ոչ, դա չէ, - Մալդերը մոտեցավ համակարգչին, - նայեք՝ մայրը մեքենա ունի՞ իր անունով:
- Այո... 1984 թվի սպիտակ կադիլակ:
- Դոննին ժառանգել է այն... իսկ քույր կամ եղբայր ունի՞, որ այստեղ, Օլբանիում տուն ունենան:
Չեփելը բացեց տեղեկատվական բազայի մեկ այլ էջ և արագ սկսեց կարդալ:
- Աղջկան, Մելանի Պֆեֆերին թողել է տուն, այստեղ, Օլբանիում, բայց այն վաճառքի է դրված..
- Հասցեն, Չեփել, - ատրճանակը սեղանից վերցնելով ու պարունակությունը ստուգելով պահանջեց Մալդերը:
- Այստեղից քսան րոպեի ճանապարհ է:
- Կանչեք հարձակման խմբին, արա՛գ, - գոռաց ՄԱլդերը ու դուրս նետվեց սենյակից:

ն. Օրեգոն, Օլբանի
Պֆեֆերների նախկին ռեզիդենցիա

Մութ է... ինչու է այսպես մութ...
Սքալլին փորձեց լարել տեսողությունը, բայց խավարն անանցանելի էր:
Փորձեց ոտքի կանգնել ու հասկացավ, որ ձեռքերն ու ոտքերը կապված են:
Հանկարծ ավելի պարզ հիշեց կատարվածը: Ինչ-որ մեկն իր մեքենային էր խփում..ու ըստ երևույթին հասել է իր ուզածին, եթե հիմա ինքն այստեղ է:
Մոտեցող քայլերի ձայնը ստիպեց, որ կտրվի մտքերից: Սքալլին սեղմվեց պատին՝ պատրաստ ամենավատին:

Ճռռոցով բացված դռան հետևում հայտնված մութ ստվերն ահարկու էր: Դուռը դանդաղ բացվում էր, և Սքալլիի աչքի առաջ ստվերը մարդու կերպարանքից փոխակերպվում էր հրեշի: Հետևից ընկնող աղոտ լույսի տակ փայլեց դանակի սայրը: Ստվերը, կրկին մարդու կերպարանք ստացած, մոտեցավ Սքալլին և ծնկեց նրա առաջ:
Դոննին իր սառը հայացքը չէր կտրում Սքալլիի աչքերից: Անգույն շուրթերին հայտնված կիսաժպիտն ավելի շատ չարագույժ ծամածռության էր նման:
- Չմոտենաս, - շշնջաց Սքալլին, - չմոտենաս ինձ:
- Մենք գործ ունենք անելու, - Դոննին դանակը մոտեցրեց Սքալլիին, - շատ կարևոր գործ:
Սքալլին դիմացինից փչող մեռելային սառնությունից կարկամած՝ անհաջող փորձում էր հայացքը թեքել ապակե աչքերից:
Դոննին կտրեց Սքալլի ոտքերի կապը և ուժով ոտքի կանգնեցրեց նրան:
- Քայլիր, - դուռը ցույց տալով հանգիստ հրամայեց նա:

Լոգարանում փրփրապատ ջուրն արդեն լցված էր: Դոննին վերցրեց հայելու մոտ շարված բազմաթիվ շանպուններից մեկն ու շուռ եկավ Սքալլիին.
- Քո մազերը չո՞ր են, թե նորմալ:
Սքալլին, հասկանալով որ ավելի հարմար պահ չի լինի, արագ քայլ արեց դեպի Դոննին ու ոտքով հարվածեց նրան՝ գցելով լոգարանի մեջ:
Դոննին անականկալի եկած ու անչափ վիրավորված տեսքով վեր կացավ և քայլեց Սքալլիի հետևից՝ գնալով դեպի ոտնաձայները:
- Հեռու չես փախչի, կարմրահեր աղջիկ... այստեղից գնալու տեղ չկա...
Նա կանգնեց, ուշադիր լսեց ու մոտենալով աստիճանների մոտի խորդանոցին՝ բացեց դուռը:
Աչքերին փչած թունավոր նյութից կատաղած ու կիսակուրացած նա վազեց խորդանոցից դուրս փախչող Սքալլի հետևից և աստիճանների հարթակում բռնեց նրան: Իր իսկ թափից չկարողանալով պահել հավասարակշռությունը՝ նա Սքալլի հետ միսին ներքև գլորվեց աստիճաններով:
Մի կերպ ուշքի գալով՝ Սքալլի փոքրիկ սեղանի վրա տեսավ իր ատրճանակը: Նա արագ նետվեց դեպի սեղանը, բայց զայրույթից իրեն կորցրած Դոննին հարձակվեց, տապալեց Սքալլիին գետնին և ատրճանակը վերցնելով՝ ուղղեց կնոջ վրա:
- Ես քեզ լավ կվերաբերվեի... կարմրահեր աղջիկ.. դու անշնորհակալ ես, - սառը ձայնով ասաց Դոննին և մատը դրեց զենքի ձգանին:
Հաջորդ վայրկյանին երկուսն էլ վեր թռան կոտրվող դռան ձայնից և սենյակ ներխուժեցին սև հագնված, զինված մարդիկ:
Հինգ վայրյան անց Դոննին զինաթափ, փորի վրա փռված էր հատակին՝ մեջքին՝ զինված մարդկանցից մեկը, որ հնարավորինս ցավոտ ոլորել էր նրա թևերը:
- Ձերբակալեք, - իրեն ստիպելով չմոտենալ Դոննիին ասաց Մալդերը և մոտեցավ Սքալլիին:
- Ինչպե՞ս ես, - փափուկ հարցրեց՝ արձակելով նրա ձեռքի կապերը:
- Նորմալ եմ, Մալդեր, - սովորության համեմատ ասաց Սքալլին և զգաց, որ այլևս չի դիմանում:
Այրող արցունքները դուրս հոսեցին աչքերից և նա թուլացած հենվեց Մալդերին:
Գործընկերը քնքուշ գրկեց նրան և շոյեց գլուխը:
- Ամեն հետևում է, Սքալլի, վերջացավ, նա այլևս ոչ ոքի ցավ չի պատճառի:

Ֆեդերալ Բյուրոյի գործակալ Դանա Սքալլի գրավոր զեկույցից:

"Մեր կողքին ապրում են մարդիկ, որ ժամանակի ընթացքում առանց մեր և հենց իրենց նկատելու վերածվում են հրեշների: Նրանց մոտ գլխիվայր շուռ է գալիս արժեքային համակարգը, նրանք դադարում են ապրել մեր իրականությունում՝ ստեղծելով իրենց սեփականը և մեզ թելադրելով իրենց սեփական իրականոււթյան օրենքները:
Ցավոք, գոյություն չունի միջոց, որը կօգնի կանխարգելել, նախօրոք գտնել նման մարդկանց և կասեցնել նրանց թափ առնող գործունեությունը:
Դոնալդ Պֆեֆերը մեր հասարակության հիվանդ մասնիկներից մեկն է և մեր պարտավորությունն է ուժերին ներածի չափով ախտազերծել հարարակության առողջ հատվածին՝ հաճախ անելով դա սեփական առողջությունն ու կյանքը վտանգելու հաշվին:

Գործ թիվ 213-ը փակված է":