PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիամանթո



Նաիրուհի
08.12.2009, 03:03
Իմ անունս է ՊԱՅՔԱՐ և վախճանս՝ ՀԱՂԹԱՆԱԿ...

Նաիրուհի
13.12.2009, 01:00
Մահվան Տեսիլք

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...
Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դո՜ւրս.
Եվ բարբարոսներն արյուններով կդառնան
Մեռելներուն ու ոգեվարներուն վրայեն
Ագռավներու բազմություններ կանցնին վերերեն
Արյունոտ բոերաններով ու գինովի քրքիջներով...
Ցամաքահով մը կիսամեռները զայրույթով կխեղդե,
Ու պառավներու անջայն կարավաններ
Շտապով կփախչին լայն ճամփաներեն...։
Գիշերին մեջեն արյուններուն ալիքը կբարձրանա
Ծառերուն հետ շատրվաններ ուրվագծելով,
Ու ամեն կողմե սոսկումով կսուրան հալածված՝
Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն...
Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կտեսնեմ,
Եվ ամբոխներ անպատմելի սրածութենե դարձող.
Արևադարձային տաքություն մը կբարձրանա
Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն...
Ու մարմարի ծանրությունով իջնող ձյունին տակ
Ավերակներուն և մեռելներուն մենությունը կմսի,
Օ՜, մտի´կ ըրեք սա սայլերուն ճռնչյունն ահավոր,
Իրենց վրա դիզված դիակներուն տակ,
Ու սգավոր մարդերուն աղոթքներն արցունքոտ,
Որ կածանե մը դեպի համայնափոսերը կերկարին։
Մտիկ ըրե՜ք հոգեվարքներուն ձայները վերջին
Հովին հարվածներուն մեջ, որ ծառերը կջարդե,
Օ՜, մի´ մոտենաք, մի´ մոտենաք, մի´ մոտենաք,
Չըլլա որ մոտենաք գերեզմաննոցներուն և ծովուն,
Կարմիր ջուրերուն վրա նավեր կնշմարեմ հեռուն,
Մեռելներու կուտակումներ անոնց մեջ կան,
Ու ցավեն գալարվող ալիքներուն վրա
Գանգեր ու սրունքներ ինծի կերևան…

Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք
Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մեջ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...
Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք
Մահաձայն ոռնումը զարհուրյալ շուներուն,
Հովիտներեն ու գերեզմաններեն ինծի հասնող,
Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...։

A.r.p.i.
13.12.2009, 14:20
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1878 - 1915

Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ծնվել է Ակնում, ծառայողի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս։ 1896 թվականի ջարդերի ժամանակ 18 տարեկան պատանին, որ նոր էր սկսել գրական փորձերը, հեռանում է արտասահման։ Ամբողջ 12 տարի նա դեգերում է օտար ափերում, լինում է Հունաստանում, Կահիեում, Շվեյցարիայի զանազան քաղաքներում, ապա Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում նա որպես ազատ ունկնդիր հաճախում է Սորբոնի Համալսարան։

Օտարության մեջ շատ ծանր է եղել երիտասարդ բանաստեղծի կյանքը: Նյութական զրկանքները, հարազատների և հողի կարոտը, երկրից եկած սարսափելի լուրերը խոր կնիք են դնում զգայուն հոգու վրա, որոշելով նրա գրական հետագա ուղին։ Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները` «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգևարքի և հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։

Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։ Նրա էությունը հասկանալու համար շատ բնորոշ է «Արցունքներս» բանաստեղծությունը։ Բանաստեղծները ծնվում են` երգելու կյանքի գեղեցկությունները, հայրենական հողի և բնության քնքշանքները, ապրելու պայծառ երազներով.

Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թեթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին:
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին դինով,
Աչքերս ոսկիով ու հույսով` և հոգիս աստվածներով լեցուն...
... Կերգեի... Ադամանդյա տովակն ու թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...
Այս գիշեր երազիս մեջ ձեռքս առի զքեզ, ո'վ քաղցրախո'ս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան՝ ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ.
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ, շիթ առ շիթ արցունքներս էին, որ ինկան վար...

Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն կրկին խոսում է հայ բանաստեղծի հոգեկան դրամայից, որ ծագում է հայրենիքի ծանր բախտի պատճառով։ «Արյուն է, որ կը տեսնեմ», – գրում է բանաստեղծը։ Սիամանթոն պատկերում է չարչարանքի երազներ, ավերումի գիշերներ, մահվան և կոտորածի ցնցող տեսիլներ, դառնալով հայկական ողբերգության ամենախոշոր երգիչը:

Գիշերեն մեջեն արյուններուն ալիքը կը բարձրանա
Սառերուն հետ շատրվաններ ուրվադծելով,
Եվ ամեն կողմե սոսկումով կը սուրան հալածված՝
Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն...
Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ,
Եվ ամբոխներ անպատմելի սիրածութենե դարձող,
Արևադարձային տաքություն մը կը բարձրանա
Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն:

(«Մահվան տեսիլք»)

Երևակայության ուժով մեծացած այս պատկերը ջարդերի, բռնության, հալածանքի և մորթված սերունդների պատմությունն է:

Հայրենիքի ողբերգության դրամատիկ պատկերն է «Ափ մը մոխիթ, հայրենի տուն» բանաստեղծությունը։ Անտուն, թափառական մարդը հեռվից ողբում է ավերված տունը, կորցրած ծննդավայրը, հայրենական պայծառ հիշատակները։ Տունը դառնում է հայրենիքի խորհրդանշան.


Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո,
Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Ւր դժբախտի երգն և արցունքը լալու...
Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե',
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու...
Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն,
Ափ մը մոխի~ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե
Քու Հիչաւտակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ
Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...


Այս բանաստեղծությունը արտահայտում է հայ մարդու արտակարգ սերը և ներքին կապը իր հողի հետ։

1908 թ. վերադառնալով Պոլիս, Սիամանթոն գրում է նոր բանաստեղծություններ. լույս են տեսնում «Կարմիր լուրեր բարեկամես» և «Հայրենի հրավեր» ժողովածուները։

Սիամանթոյի ստեղծագործությունը, ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն: Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ «Ես երգելով կ'ուզեմ մեոնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։

Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դյուցազնորենը» և «Հոգեվարքի և հույսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910 թ.) Սիամանթոն արծարծում է խոր մտքեր, հայ մարդիկ պետք է վերադառնան երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա, աշխատանքով ու ստեղծարար ոգով: 1912 թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք, ուր պետք է ծաղկեք, միտքն ու հոգին, խոր հավատ էր հայտնում հայրենիքի հավերժության մասին։

1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում, ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից: Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։

1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրը թուրք բաշիբոզուկները Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։

Սիամանթոյի ստեղծագործությունը ազգային երևույթ է, բայց հենց դրա շնորհիվ ունի համամարդկային բովանդակություն։ Նա մեծ տաղանդով երգել է իմպերիալիզմի դարաշրջանում ոչնչացող փոքր ժողովրդի ողբերգությունը, ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ։

Yeghoyan
23.12.2009, 00:09
ԽԵՂԴԱՄԱՀ

Ու գետնափոր նկուղին մէջ քառասուն անձ՝
Արջառներու սարսափահար հօտի մը պէս,
Որ աւազահողմին հարուածներէն կը հալածուի,
Մահուան դիմաց դողահար եւ մէկզմէկ ջախջախելով,
Չորս պատերուն մէջը խաւարչտին՝ խռնուեցանք...:
Ապառաժի լռութիւն մը իր սարսափովը կը ծանրանար,
Շշուկ չի կար, շնչող չի կար, շրթունքները փակ էին,
Եւ ամէնուս նայուածքները քստմնելի եւ դիւային,
Մէկզմէկու վրայ յառած՝ մէկզմէկու մահ կ՚ուզէին...:
Արեւծագէ մը մինչ արեւծագըն յաջորդ,
Այսպէս անձայն եւ անօթի, գերեզմանի քարերուն պէս՝
Մենք մեր մարմնոյն վրայ, մեր սարսափն երկաթեցինք...
Ու մեր թաքուն կատաղանքն եւ կարօտը կոտորելու մտածումով՝
Մեզմէ շատերն սկսան մոլեգնօրէն իրենց մատները կրծոտե՜լ...
Եւ ապառաժեայ լռութիւնը անհունին պէս մեր աչքերուն կ՚երկարէր...:
Բայց արեւին տակ՝ հազարաւոր անասնադէմ բարբարոսներ՝
Բերրի դաշտերն ու գիւղերն աւերելէ դեռ չի յոգնած,
Մեր թաքստոցը փնտռելով՝ մեր մահը դեռ կ՚ուզէին...:
Եւ գետնափորի մութերուն մէջը մահացնոր
Մենք սարսափո՛վ, սարսափո՛վ, սարսափո՛վ է որ լսեցինք
Հրազէնի, նիզակներու, սուիններու եւ սուրերու
Կայծակնապար շառաչիւնն, որ արեւին տակ կը վառէր...
Ու դիակնե՜ր, դիակնե՜ր մեր նկուղին երդիքներուն վրայ,
Արմատախիլ ծառերու պէս, սրսփանքով վար կ՚իյնային,
Հոգեվարքի հռնդիւններ՝ մերթ ամեհի եւ մերթ խուլ՝
Պատերէն ներս, նկուղին մէջ կու գային մեզ ցնորել։
Եւ հողապատ ձեղունէն, որ մեր վրան դագաղի մը պէս կը փակուէր,
Վերը հոսող տաք արիւնը յորդառատ՝ ծակտիքներէն վար սուզուելով...
Սկսաւ ալ կաթի՛լ կաթի՛լ մեր դէմքերուն վրան ծորիլ...:
Բայց նորածին մը նորէն սուր ճիչով մը սկսաւ լալ.
Մեր դաւաճանն անտարակոյս այդ անմեղը պիտի ըլլար.
Որոշման մը, եղեռնի մը, ոճիրի մը յոյսը միայն կար մեզի,
Երբ իր մայրն հեծեծանքով մը, ալ վերջապէս փսփսաց.

- Աստուած մեզի թո՛ղ գթայ, ստինքներս պարապ են.
Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ. մինչեւ արիւնս ծծել տուի...:
Ա՛լ կաթիլ մը կաթ չունիմ, ինչ որ կ՚ուզէք, վճռեցէ՛ք...
- Պէտք է խեղդե՛լ,- ըսաւ մէկը իր բազուկն բարկութեամբ մը երկարելով:
- Պէտք է խեղդե՛լ...- փսփսացինք քառասուն անձ նոյն ատեն...
- Նախ եւ առաջ զիս խեղդեցէք եւ յետոյ իմ զաւակս...
- Ձայնը առին, տանիքն արդէն բրիչներով կը փորեն...
- Բոլորս մէկ մատնուեցանք, արդէն տանիքը կը փորեն...
- Արդէն հողը վար կը թափի, լոյսն արդէն կ՚երեւայ...
- Կը պաղատի՜մ, խեղդեցէ՛ք զիս. ահաւասիկ իմ կոկորդս եւ կոկորդն իմ զաւակիս...

Ու հայ մայրն իր վզին հետ զաւկին վիզը մութին մէջէն մեզ երկարեց...
Խաւարին մէջ երկու բազուկ օձերու պէս գալարուելէն,
Մանկան վիզը գտնելով՝ ահեղութեամբ մը զայն սեղմեցին...:
Լռութիւնն այս անգամ նկուղին մէջ մրրիկ մ՚էր:
Ես րոպէ մը կարծեցի, որ բոլորս մէկ արժանապէս մահացանք...:
Պահ մը յետոյ խաբուած մարդու հայհուչներով տղմաթաթաւ,
Զգացինք, որ արիւնախում խուժանը յուսահատած կը հեռանար...:
Փրկութի՞ւն էր մեզի համար: Ստրուկները կը փրկուի՞ն: Այսպէ՞ս պէտք է փրկուիլ...:

Ու ամէն օր այդ խեղճ կինը կիսամերկ՝ ճամբաներուն վրայ կեցած,
Անծանօթի՛ն, անցորդի՛ն, թշնամիի՛ն եւ օտարի՛ն
Քղանցքներուն փաթթուելով խենթի մը պէս կ՚աղաղակէ.

- Սա՛ ձեռքերս կը տեսնէ՞ք, կը տեսնէ՞ք սա ձեռքերս,
Ես էի որ ասոնցմով, նկուղին մէջ, իմ նորածինս խեղդեցի...
Հաւատացէ՛ք, ես էի որ զայն խեղդեցի, ի՜նչ անարդար մարդեր էք,
Դուք ալ գոնէ զի՛ս խեղդեցէք, իմ ձեռքերս անզօր են.
Ես էի որ նորածինս նկուղին մէջ բոլոր ուժովս խեղդեցի...
Սիրտ չունի՞ք դուք, խեղդեցէ՛ք զիս, իմ ձեռքերս ա՛լ ուժ չունին...:

Շինարար
23.12.2009, 01:18
Ճիշտ ասած՝ վախենում եմ ևս մի անգամ ապացուցել, որ ոչինչ չեմ հասկանում գրականության մեջ նոր ոճի և նոր խոսքի դրսևորումներից, բայց չեմ կարող դավաճանել մտածածս անկեղծորեն արտահայտելու սկզբունքիս…
Երբեք չեմ սիրել և չեմ հասկացել Սիամանթոյի «պոեզիան», միշտ մտածել եմ, որ այդ բանաստեղծի դպրոցական ծրագրում ընդգրկված լինելը չափից ավելին է նրա համար: Նույնիսկ եթե մի կողմ թողնենք, որ գավառացի թումանյանասերս չեմ կարողանում պարզապես հասկանալ «սպիտակ ոտանավոր» կոչվածը, չնայած այդ նույն ոճով գրված որոշ ստեղծագործողների գործեր չգիտես ինչու այնուամենայնիվ սիրում եմ, նույն հայ գրականության մեջ՝ Մովսես Արազու գործերը, թե՞ դրանք սպիտակ ոտանավոր չեն համարվում:think, բովանդակության առումով էլ այդ «կոտորած, կոտորած, կոտորածները» և «ափ մը մոխիր, հայրենի տուները» որքան էլ համապատսխան լինեն իրականությանը, որքան էլ մեր վշտի փաստացի արձանագրույունը լինեն, նման լուսանկարչական պատկերում հատկապես պատմության ողբերգական տեսարանների համար գրականության և կինոյի ու կերպարվեստ մեջ չեմ հանդուրժում: Մի անգամ կոտորած ապրած ժողովրդին արժե՞ նորից ու նորից կոտորել պոեզիայի միջոցով: Խսքը միայն, ցեղասպանության մասին չի, նույն պատճառով չեմ սիրում Զեյթունցյանի «Արշակ երկրորդը», գիրքը չեմ կարդացել, բայց ներկայացումից մի հատված եմ տեսել, որտեղ Փառանձեմ թագուհին աղբանոցում ոչ այնքան ակնահաճո բան էր անում, արժե՞ ևս մի անգամ թագուհուն անցկացնել այդ ամենի միջով, թեկուզ դա իսկապես եղել է, արվեստը պետք է նրբանկատ լինի, և եթե այդ ամենը չի պատկերվում կոնկրետ քննադատության, կոնկրետ ինչ-որ ասելիքի համար, այլ պարզապես լացուկոծ է Սիամանթոյի դեպքում կամ պարզապես իբր նոր խոսքի կամ իբր համարձակության դրսևորում Զեյթունցյանի դեպքում, ես չեմ ընդունում::)

Լեռնցի
23.02.2010, 00:22
Հայ դաշտերուն պաղատանքը

" - Արարատյան աշխարհներեն մինչ հովիտներն Եփրատյան,
Մեր ընդերքներեն բարձրացող պաղատանքն ու պարսավը ձե՛զ կ'ուղղենք,
Կյանքին հանդեպ դրուժաննե՛ր, հեռացողնե՛ր, կամ երկչոտնե՛ր.
Հալածական կամ աքսորյալ, դու՛ն վտարանդի կամ տարագիր,
Ու՞ր եք, և ու՞ր են ձեր բազուկները որ մեր կողմերը կարորեին...
Ու՞ր եք և դուք հին օրերու անկաշառ և անկնճիռ ճակատներ,
Երբ ձեր քրտինքն հուժկու և վեհ հողագործի,
Մարգարտի պես կուգար հոսիլ ծալքերուն մեջը մեր ակոսին,
Հին օրերու ձեռվընե՜ր, ու՞ր եք դուք, ձեռքեր օրհնյալ,
Ձեռքեր անպի՜ղծ, ձեռքեև հուռթի՜ և արագավա՜նդ,
Ձեռքեր բարի՜ և բեղմնավոր, ձեռքեր վսե՜մ և վճռակա՛ն,
Երբ ցորյանին սրբազան սերմը ձեր ափին մեջ,
Հալած ոսկու հեղեղի պես լայնաբուռն կը ցանեիք...:
Ու գութանին երգը կ'երգեիք... և ձեր եզներն հաղթամարմին,
Իրենց երկաթը շանթերու պես մեր ընդերքը մխրճելեն...
Արտավարե արտավար, հպարտորեն բառաչելով կը հերկեին...
Ու ներդաշնակ անձրևներն և արևը, մեծ օրենքին կշիռներուն համեմատ,
Կ'իջնեին ձեր հողին հանձնած հատիկները բեղմնավորռլ...:
Եվ երբ ամառը կծներ կամ աշունին մահեն առաջ`
Քաղաքներեն և գյուղերեն` գերանդիով, մանգաղներով բեռնավոր,
Հազարներով կուգայիք, հայ դաշտերեն Մարդկությանն իբր ընծա,
Անխտրական ցորյանին հասուն հասկերն հնձելու...:
Բայց քանի գարուն և աղաչավո՜ր աշուններ եկան անցան,
Եվ անծաղիկ ու անպտուղ անսահմանը ձեզ կ'սպասե...
Ա՜հ, գթացեք հայրենական և հավատարիմ ձեր հողերուն,
Գթացե՜ք այն այրիներուն և վարդի նման որբերուն,
Որ առավոտեն հուսաբեկ և իրիկունեն եղերական,
Իրենց կուծքերը կոծելով` մեր քարացած սև կողերեն,
Երկու բու՜ռ հունցք, ա՜փ մը ցորյան կպաղատին...:
Ու հայ դաշտեն կը հեռանան, կյանքին օրենքն անիծելով
Եվ բնությանն ալ, իր բարիքն ալ, իր բերքերն ալ անմատույց:

- Հազարավոր տարիներու դուք անարժան ժառանգորդներ,
Օտարության և մոլորության ճամփաներեն մեզի դարձեք,
Հույսեն խաբված կամ աղետեն հալածական բայց չարիքին հաղթահարող`
Աշխատողներ` բոլորդ մեկ ձեր բարեգութ բնությանը գրկին եկեք.
Ամեն բարիք մեր լանջքերեն և լեռներեն կը ծնանի...
Ամեն մետաղ մեր խավին տակ հրաշանյութ իր գանձն ունի...
Մեզմե միայն կրնաք կորզել Հույսին ոսկին և գինիներն Երազին...
Հաղթանակները մենք կուտանք ու պարտությունները մեզի են...
Վերադարձե՛ք, որդինե՛ր, ձեր գութանին և արորին ժանգը նորեն սրբելու.
Թո՛ղ նորեն ձեր հնադարյան հայրենի հողը ծաղկոտի...
Թո՛ղ մեր հունձքերն հովտե հովիտ` ծովերուն պես տարածվին...
Թո՛ղ կալերն ու որաները, բլուրեն վեր, լուսնկին հետ բարձրանան,
Թո՛ղ հայ հովիվն, մարգերուն մեջ, իր նախահորը նման,
Իր սրնգին, սարսուռներովը իր հլու հոտը հմայե...
Ձորին վրա ջրաղացը խաղաղությամբ թո՛ղ շարժի...
Ու առատությունը թո՛ղ նորեն գա մեր արտերուն վրա լայնացող
Հայկյան ցեղի պղտոր աչքերը լուավառել...
Ամեն բարիք և մարդկային չարիքներու ամեն դարման,շ
Մեր խորհուրդեն, մեր խավերեն, մեր օրենքեն պետք է հուսալ...
Ու այսպես` Ձիթենիին ոստերուն հետ աստվածաբույս,
Սուրն ալ մեզմե կը ծնանի, սրբությունն ալ Ցորյանին..."