PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ալիսիա Կիրակոսյան



snow
19.11.2009, 01:45
Նամակ առ Հայաստան

Երկի´ր Հայաստան,
Ես քեզ գրում եմ
Բուենոս-Այրես հեռու քաղաքից:
Մեր բաժանումից երկու տարի անց:

Եվ հուսով եմ ես,
Որ իմ նամակը
Քո արևներին
Ու քո լեռներին դու պիտի կարդաս,
Ինձ պատասխանեն պիտի ջրերդ`
Մտերիմները
Քո արմատների...
Ինձ պատասխանի պիտի քո ոգին
Եվ պատասխանի իր մեկ ու միակ
Այն ճշմարտությամբ,
Որ ի´մն է նաև:

Երկի´ր Հայաստան,
Դու կանչում ես ինձ,
Քեզ է պահանջում ու քեզ է կանչում
Նաև արյունս,
Եվ ինձ տանջում է տենդը սպասման:

Ուրիշ, այլ սերեր
Հուզում են միայն
Ակնթարթները իմ ժամանակի,
Քոնն է Հայաստա´ն,
Ողջ անձեռնամուխ իմ ժամանակը
Եվ ամենաջինջ
Իմ արտասուքը:

Երկի´ր Հայաստան,
Երբ ես ուզում եմ քո անունը տալ,
Իմ մեջ զարթնում է մի թաքուն աղոթք`
Ամենահինը,
Երբ քեզ եմ երգում,
Իմ մեջ շարժումն է
Սկսում բջիջն իմ ամենանոր:

Չգիտեմ, ճչա՞մ,
Թե՞ արտասուքիս խառնեմ լռելյայն
Կարոտիս ցավը,
Որ անանուն է:

Երազում եմ քեզ,
Եվ էությանս թափանցիկ ամպը
Քեզ է միանում
Եվ գնում հավերժ մի լողարկության:

Դեռ քեզ չտեսած,
Ճանաչում էի ես քո քարերը,
Հետո քեզ տեսա,
Քեզ շոշափեցի,
Շնչեցի ես քեզ,
Լուծվեցի ջրում
Եվ փոշի դարձա քամիներիդ մեջ:

Գիտե՞ս,
Իմ ու քո միասնությունը
Վաղնջական է:
Ես կամ առաջին քո հուշերի մեջ:

Ապրել եմ ես քո
Հողմակոծ հողում
Որպես անխուսափ մի ճակատագիր:
Եվ պիտի մի օր վերադառնայի
Դեպի սկիզբս,
Գտնելու համար անմեղությունն իմ
Ու էությունն իմ`
Անդաշն աշխարհի
Հարաբերական
Այս խաղերի մեջ:
Ես այդ աշխարհից
Գալիս եմ ահա,
Որ օրենքները ի կատար ածեմ`
Իրերի շարժման օրենքները պարզ:

Քանզի այն ամենն
Ինչ որ պատմում է
Մայր հողի մասին
Ու արյան մասին,
Ամպի ու լեռան,
Հացի ու փառքի,
Աղի ու լույսի,
Երաժշտության,
Բանաստեղծության,
Արցունքի մասին,
Անդունդի մասին,
Սարսուռի մասին
Ու քարի մասին,
Ինձ քո մասին է պատմում շարունակ:

Չե՞ որ ես տեսա,
Թե Հրազդանը
Քարի ու ջրի հավերժ բախումով
Ինչ է նկարում,
Եվ ամպերի տակ տեսա բաբախը
Արարատ լեռան,
Արարատ լեռը`
Ահեղ մի պայթյուն,
Որ ինձ հրկիզեց
Առանց լավայի...

Ինձ հարց են տալիս,
– Հայաստանն ի՞նչ է...
Բայց միթե այդքան հեշտ է բացատրել
Ամբողջությունը,
Մի՞թե հավատը մեկնաբանել է,
Թե ի՞նչ է Աստված...
Եվ ինչպե՞ս պատմել սարսուռի մասին,
Հավատքի մասին,
Եվ էությունը ինչպե՞ս մերկացնել,
Ցույց տալու համար
Կերպարը սիրո:
Հիմա ես ու նա`
Միասնություն ենք
Եվ ամբողջությամբ մեր ճշմարտության,
Եվ եթերային մեր երազներով,
Անցյալի դեմքով տանջահար ու հեգ
Եվ ճերմակ ու ջերմ օրորոցներով...
Մենք պահանջ չունենք խոսքի ու բառի,
Զի հոգիները լռության մեջ են
Միանում իրար:

Երկի´ր Հայաստան,
Ես բարձրացել եմ քո փառքի թևով,
Քո կորուստներով եղել արնաքամ,
Աղոթել եմ ես քո մայրերի հետ,
Քո վերքերի մեջ կսկիծ եմ եղել,
Ծնունդներիդ մեջ` բերկրություն մի պարզ:

Հինգ հազար տարի
Քո տառապանքի հետ եմ ես եղել:
Եվ այս ամենը ինչպե՞ս բացատրել
Այն մարդկանց, որոնք
Ինձ հարց են տալիս,
«Հայաստանը քեզ դո՞ւր եկավ արդյոք»:

Ու ես այդ մարկանց ուզում եմ ասել,
– Ես Հայաստանը ապրում եմ, մարդիկ,
Ապրում եմ նրա հնագույն մաշկով,
Բույրով մենավոր
Եվ զգում նրան իմ արմատներով...
Ես չգնացի նրան տեսնելու ու հավանելու,
Գնացի այնտեղ նորից ծնվելու
Եվ որոնելու լույսն իմ նախնական,
Եվ սկսելու իմ զրո դարից:

Դու, որ ինձ գիտես
Եվ հասկանում ես իմ ճիչը անգամ,
Գիտե՞ս, թե որքան դժվարանում եմ
Քո մասին խոսել
Աշխարհիկ լեզվով,–
Մեր հանդիպումը
Ամենավերին
Երկինքներում է,
Որտեղ խոսում են,
Սակայն չեն զգում բայերի կարիք:

Եվ դրա համար
Ես իմ լռության աղոթքներով եմ
Միշտ քեզ ողջունում,
Իմ ինքնապատկեր:

Ու քեզ օրհնելով,
Ես ինձ եմ օրհնում,
Քեզ վերապրելով,
Վերապրում եմ ինձ,
Եվ ճի´չս, ճի´չս
Այդ դու ես, որ կաս,
Հայրենի իմ հող
Եվ իմ դրոշակ`
Երկի´ր Հայաստան:
Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի

snow
19.11.2009, 01:48
***Ես վախենում եմ
<<Սեր>> բառը ասել,
Զի նախազգում եմ,
Որ սիրուց անդին
ամայություն է...
Ես վախենում եմ, որ սերը միայն
Բառ լինի,
որ ես
Ճաշակեմ բառն այդ
Եվ քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում
պահպանեմ սերը,
Որն ամենքինն է
Ու իմն է միայն:
Եվ դա համարյա այն միակ բանն է,
Որ իմն է միայն:
Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
Որ սերն աշխարհում
ամեն ինչ լինի,
Որ սերն աշխարհում
չլինի ոչինչ...

Ուլուանա
19.11.2009, 01:48
* * *
Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակն ամենևին էլ
Չսիրելը չէ, մահն է պարզապես...
Սիրահարները անմահությունն են վերանորոգում։

Հ.Գ. Ակումբում իմ առաջին ստորագրությունն է եղել։ :)

snow
19.11.2009, 01:52
Հեռանամ.
մաքրվեմ,
ոչինչ չհիշեմ.
էլ չբողոքեմ.
էլ թույն չշնչեմ:
Անունս թողնեմ
գրքերի էջերում
ու ես գնամ:
Արմատներս նորոգեմ
ու նորից կնքվեմ:
Նոր ձայնով մի անուն ընտրեմ.
թեկուզ կես տառով.
թեկուզ լռությամբ՝
բայց նորոգվեմ:

Տեր իմ Արարիչ,
ջնջի՛ր իմ երազը երազներից
եւ դարձրո՛ւ նրանց
ավարտված ճակատագիր:

Mariam1556
19.11.2009, 01:53
Ես նա եմ նաև,
Որ տարբերում է պաչը համբույրից,
Ինչպես սիրողին՝ սիրահարվածից,
Եվ մահացումը՝ մեռնելուց:
Իրոք.
Ի՞նչ է իմ գործը,
Եթե ոչ ջոկել
Ո՛չ թե կեղծիքը ճշմարտությունից,
Այլև տարբերել սուտը կեղծիքից,
Ճիշտը` ճշմարտից և ճշգրիտից,
Գութը` խղճալուց...
Իսկ երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Ես տարբերում եմ մուժը մշուշից.
Ու մառախուղից մեգն եմ տարբերում:
Տարբերում նաև
Բախտավորություն ու երջանկություն,
Ոճիր ու հանցանք։
Ու երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Զարմանալի բան -
Ես` Տարբերողս,
Բնա՜վ ամենքից ինձ չեմ տարբերում...

Mariam1556
19.11.2009, 01:56
Եթե ես հանկարծ խլեի ցավդ,
Կդատարկվեիր,
Ու ես ինքս ինձ տխուր կզգաի:
Թե չլիների դու հենց վիշտն ինքը,
Ես քո մեջ երբեք ինձ չեի տեսնի,
Ու մենք խոսքերի կարիք կզգաինք...
Այս լռությունը շատ է կարեվոր,
Քանզի լռությունն ավելի լավ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների:
Եվ զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:

Վախենում եմ «սեր » բառը ասել,
Զի նախազգում եմ ,
Որ սիրուց անդին ամայությունն է...
Եվ վախենում եմ , որ սերը միայն բառ լինի ,
Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում պահպանեմ սերը,
Որ ամենքինն է ու իմն է միայն:
Եվ դա համարյա այն միակ բանն է,
Որ իմն է միայն :
Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
Որ սերն աշխարհում ամեն ինչ լինի,
Որ սերն աշխարհում չլինի ոչինչ...

snow
19.11.2009, 02:00
Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում...
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:

Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր...
Սակայն այս դարում,
Ների'ր, չեմ կարող
Արդեն սպասել...

snow
19.11.2009, 02:09
Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային
ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված
լինի ցողերում,
Մինչեւ քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս...

Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:

snow
21.11.2009, 14:13
Ես և դու`
Մի հսկա աշխարհ,
Ուր զարկերն էության
Ձուլվում են իրար,
Ուր մենքը կառուցվում է
Անմեղ ու զտված:
Սրտի մեջ ստեղծվում է
Տարօրինակ մի թվաբանություն...
Երկուսը սիրո երկու չէ բնավ,
Այլ կատարյալ մեկ,
Իսկ կեսը սիրո
Կես չէ բնավ,
Այլ կատարյալ երկու.
Ինչպես կիսով բաժանված
Կաթիլը արցունքի:
Ես և դու`
Մի անբաժան մեկ:
Ես և դու`
Մի անջրպետ:

snow
21.11.2009, 14:16
Ինձանից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը…
Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ…
Ես ստեղծել եմ մի դեմք,
Մի ժպիտ,
Մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի ,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի:
Ես քեզ, սիրելիս, փոխել եմ ահա
Ինձ բաժին ընկած մենություններից
Մենավորի հետ
Եվ հենց դրանով արտաքսել եմ իմ մենությունը:
*****
Լինեի քո մեջ
Լինեի
Սակայն ոչ ամբողջովին,
Իմ ու քո միջև տարածությունը
Թող իրավունքն իր դեռ ձեռքում պահեր:
Կամ թող մանի
Ես առանց ճամփի,
Եվ իմ սեփական բացակայությամբ
Հասնեի ես քեզ:
Լաբիրինթոս եմ սրտի և մտքի
Ուր համր է խոսքը ,
Եվ ուր համբույրը
Մեր հայացքների հայտարարն է լոկ:
Քո մեջ լինելը
Նշանակում է պարզապես լինել
Շնչել մի թոքով
Եվ քոնի կեսով,
Հասնելու համար սրտի զարկերի ներդաշնակության
Որ ավաղ պիտի անդաշն մնա:
Սիրո հիասքանչ անդաշնության մեջ
Իմ երազները
Քո երազների կարիքը ունեն:

snow
21.11.2009, 14:17
Այս գիշեր ես կարող էի
Հավիտյան սիրել,
Այս գիշեր ես կարող էի
Անջրպետներով թռչել`
Հեծած ամենահանդուգն երազների
Հաճախականության վրա,
Եվ նորից որսալ այն ապագան,
Որ հովերն էին ինձ խոստացել:
Այս գիշեր
Ես կարող էի փշրել
Կապանքը շղթաներիս,
Աղոթքների ուժով
Մի հոգընկեր ստեղծել
Եվ իմ ճամփին հենված
Աշխարհը փոխել:
Այս գիշեր ես մահն եմ հաղթել:

snow
21.11.2009, 14:18
Ներիր ինձ,
Ես քեզ ցավ եմ պատճառել:
Սերը այդպես է,
Դառն է,
Հոշոտող
Ու աստվածային,
Երազողների համաճարակն է,
Տաս հարվածով է
Զարկում նա ցավին:
Սերը այդպես է ,
Մաշկը ձգում է ,
Դարձնում մի գիծ
Եվ նպատակդ
Դարձնում հոգնակի:
Ցավ եմ պատճառել ,
Եվ դու չես լալիս:
Դու, ուսնունդս
Հանցանքի հետ ես
Շփոթել կյանքում:
Եվ դու չես կարող
Հասկանալ թե ես
Ինչու եմ վայրի,
Եվ ինչու եմ ես
Լալիս այսպիսի
Խոշոր արցունքով,
Ինչու մեջքիս մեջ
Հաճույքն է ապրում,
Եվ օրենքն ապրում
Կողոսկրերիս
Անխախտ կարգի մեջ:
Իմ հոգին բոց է
Ու մերկ է որպես
Մերկության նկար:
Նա պարութրված է ամոթխածությամբ,
Եվ մերկ ոտքերին
Մեղքի թելեր են
Խճճվել ահա…
Եվ ես հարցում եմ
Անում Աստծուն՝
Ինչու՞ եմ տխուր,
Ինչու/ չեմ կարող
Վերքերս թողնել
Ձյուների վրա,
Արեվն ինչու՞ է
Թաքնվում այդպես
Խորքերում հեռու…
Ես ծիծաղների
Բիծ էի դեմքիդ
Եվ օդի կաթիլ,
Եվ պտուղ էի,
Եվ մեղու էի ես,
Հողի մեջ ուռչող
Սերմ էի բարի,
Հաբույր էի ես,
Որի սարսուռն է
Սահում մեջքն իվար,
Եվ բույս էի ես
Հավատքով մոլի:
Ու ես կուզեի
Կորցնել հիմա
Ամբողջ անցյալս
Ու իմ հովանին
Սիրուդ հետ փոխել,
Քո գիրքն սպիտակ
Ծայրեծայր պատել
Սիրո բառերորվ:
Ներիր ,քեզ միայն
Ցավ եմ պատճառել,
Եվ լավ է այնքան,
Որ դու չես լալիս:
Աչքերդ շրջիր
Դեպի քո ներսը,
Ետ տար քո ձեռքը,
Եվ մնաս բարով
Ասենք մեկմեկու…
***
Եթե ես հանկարծ խլեի ցավդ,
Կդատարկվեիր,
Ու ես ինքս ինձ տխուր կզգաի:
Թե չլիների դու հենց վիշտն ինքը,
Ես քո մեջ երբեք ինձ չեի տեսնի,
Ու մենք խոսքերի կարիք կզգաինք…
Այս լռությունը շատ է կարեվոր,
Քանզի լռությունն ավելի լավ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների:
Եվ զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:

snow
21.11.2009, 14:37
Եվ ինչու ես դու բացատրել ուզում
Գեղեցկությունը տարօրինակի...
Տարօրինակը եթե ըմբոշխնես
Ինչպես առօրյան
Ու ինչպես կյանքը,
Շատ կնմանվի սովորականին:
Եվ այն ժամանակ
Ինքդ էլ կդառնաս
Դու տարօրինակ մի գեղեցկություն:
Դատողությունը չի կարող ծնել
Ոչ արև,
ոչ սեր,
Ու ոչ երեխա:
Եվ դու մի փորձիր բացատրել իզուր
Խենթությունն ահեղ
Ու հավատամքը:
Միթե երբևէբացատրվել են
Արևը,
Սերը
Եվ կամ երեխան:
Ուզում ես արդյոք , կյանքում ունենալ
Ավելի վերին ,
Անբացատրելի
Մի գեղեցկություն,
Ուրեմն երբեք
Մի ջանա պեղել անիմանալին,
Մի ջանա սեղմել
Քո ձեռքերի մեջ ճշմարտությունը...
Ճշմարտությունը գոյություն ունի,
Որ մենք նրանով
Նվաճենք ուրիշ,
Միշտ ուրիշ ու նոր
Մի ճշմարտություն...
Ապրիր...
Կարող ես կատարել կյանքում
Միակ խնդրանքս:

snow
01.12.2009, 11:45
*** Սպասում եմ քեզ,
Որ կիսեմ քեզ հետ
Մեր հանդիպումի արտասուքերը:
Եվ ծովախորշում խոնար կուչ եկած,
Լսում եմ ջրի շաչյունն ուշացած,
որ բերում է ինձ
Խոստովանելու գաղտնի ցանկություն:
Ես հավատում եմ,
Որ լուսաբացի քո ալիքները
Պիտի սեփական ծովս արարեն:

Գեա
28.06.2010, 22:32
Մի լուռ խորհուրդ է կատարվում իմ մեջ.
Ուզում եմ հիմա,
Երկիր Հայաստան,
Ճանաչել հեռվից
Քարերը քո հին,Ճանաչել լեզուդ,
Որին հաղորդ են խորհուրդ ու գաղտնիք,
Դարերդ անցյալ,
Որոնք տեսել են
Քո կոթողների
քարե շքերթը,
Քո խաչքարերը,
Աստվածայինը քո գեղեցկության,
Որի ծնկները
ջարդել են, ավաղ...
Մի լուռ խորհուրդ է կատարվում իմ մեջ.
Կարոտում եմ քեզ,
Թեկուզ քեզանից ես հուշեր չունեմ:
Սակայն թվում է,
Թե այդ հուշերը եղել են ու կան
Եղունգներիս տակ
Եվ,աներեվույթ,
Արտաբուրել են
Ծագման,
Գահերի
Եվ արյան շունչը:
Երկիր Հայաստան,
Քեզ ունեմ առանց քեզ ունենալու...
Քո քայլքն եմ լսում,
Քո հառաչանքը,
Շառաչը ծովի,
Որ արտասվել է սև դագաղներով:
Եվ քո խիտ հուզման
Ծիծաղն եմ լսում:
Մի լուռ խորհուրդ է կատարվում իմ մեջ.
Ու ես փռում եմ
Իմ հուզումների մագաղաթը մեծ,
Որ նրա վրա երգդ սկսեմ,
Ճանաչելով քո
քարերը վայրի:

---------- Ավելացվել է՝ 23:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:26 ----------

Թե մեռածները
Մեռնեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Թե ապրողները
Ապրեին իմ մեջ,
Ես չէի զգա ինձ այսքան մենակ:

Ես նկարել եմ
Իմ մենությունը:

Ու նա ինձ արդեն չի թունավորում:

Ես արդեն նույնիսկ սիրում եմ նրան:

Այբ
20.11.2014, 18:39
Սպասումներիս քնած քաղաքում
Դու լռություն ես,
Որը պատրաստ է, սակայն, շաչելու:

Արքայություններ իր մեջ ամփոփած
Պարագիծ ես դու,
Որը պատրաստ է արդեն փակելու
Իր մագիլները:

Քնած քաղաք եմ՝
Իր ճիշտ ու ճշգրիտ,
Իր սովորական, ճշգրիտ ու անշարժ
Հանգերգության մեջ,
Որն անց է կենում
Ամենախորին ու տաք ծալքերով,
Ուր լույսը գանձ է,
Եվ ուր պայթյունի սպասումը կա:

Լռություն ես դու,
Որը ժպտում է
Իմ լռության մեջ,
Քո լռության մեջ,
Խոսքերի բոլոր լռություններում:
***

Սիրելիս քեզանից հեռանում եմ ես,
Եվ հեռանում եմ առանց տանջանքի, անանեծք, անխոս
Եվ մաղթում եմ քեզ լինել երջանիկ,
Առավել սիրված, քան ես եմ սիրել գաղտնորեն:
Եվ երջանիկ է անշուշտ աղջիկն այն,
Որի ափերում գլուխդ հպարտ հանգիստ կփնտրի,
ՈՒմ աչքերի մեջ աչքերդ հանդարտ պիտի խոնարվեն
ՈՒ շրթունքներդ շշնջան բառեր,
Որ միայն սիրո բառարանում են.
Եվ այդ բառերը չեմ լսել քեզնից ու չեմ լսելու...
Ես հեռանում եմ, և այս վայրկյանին
Ավելի խորն եմ զգում կարոտն այն,
Որ ծնվելու է տարիներ հետո
Չխոստովանված սիրո փոխարեն...
Դե' մնաս բաևով..