PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ



Ուլուանա
11.11.2009, 03:17
Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

Սկսում ենք հարցեր ուղղել One_Way_Ticket–ին։ :)

Հարցերն ուղղում ենք մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մինչև նոյեմբերի 18–ը՝ ժամը 03.00–ը, որից հետո One_Way_Ticket–ը սկսում է պատասխանել հարցերին։

Միմյանց հարցերին մեկնաբանություններ անելն ու դրանց շուրջ զրույցներ ծավալելը չեն ողջունվում։

Yeghoyan
11.11.2009, 18:47
համարյա 16 ժամ է անցել ու հեչ հարց չկա :8 սկսեմ ես:pardon


կանֆետ սիրո՞ւմ ես:oy

Արիացի
11.11.2009, 19:12
Մասնագիտությունդ սիրում ես? Ու աշխատում ես ըստ քո մասնագիտության?

Դատարկություն
11.11.2009, 19:15
Որն ես համարում քո կյանքի ամենամեծ երջանկությունը, ինչն ես համարում քո կյանքի նպատակը, ու ինչի ես ձգտում ամենաշատը քո կյանքում՞

Ռուֆուս
11.11.2009, 20:51
Գյումրի ե՞րբ ես գալու :))

Enigmatic
11.11.2009, 21:28
Ինչն ես ամենաշատը գնահատում կյանքում:) Մեկ էլ ուզում եմ իմանամ, որ բուհն ես ավարտել:

masivec
11.11.2009, 21:33
Մասիվի հետ ոնց ես՞:))
:oy

ԿԳԴ
11.11.2009, 22:59
Եթե հնարավորություն ունենայիր ժամանակը հետ տալու և նորից սկսելու, ի՞նչ կփոխեիր կյանքիդ մեջ::)

dvgray
12.11.2009, 07:23
երկու /էքսպերիմենտալ/ հարց :)
1. խնդրում եմ մոտ 1 րոպե նայիր ԿԳԴ-ի ավատրին, և հետո փորձիր նկարագրել, թե ինչ՞ զգացում ունեցար:
2. նույնը կրկրնիր իմ ավատրի հետ
:)

Բարեկամ
12.11.2009, 08:49
Չգիտեմ ով ես, բայց այսպիսի հարց. one way ticket - դեպի ու՞ր կգնեիր այդպիսի տոմս :)

Farfalla
12.11.2009, 09:44
Հայտնի մարդկանցից ու՞մ հետ կուզենայիր ծանոթանալ :)

cold skin
12.11.2009, 11:05
Համոզվեցինք որ ուղևորի ծոցագրպանում շատ հարմար է, սիրում ես ճամփորդել…Արկածասեր ե՞ս, պատմի՛ր հետաքրիքիր, դեռևս չլսված արկած քո ճամփորդություններից…:)

Yeghoyan
12.11.2009, 11:10
փոքր ժամանակ ասում էիր /բոլորն էլ ասել են/, որ մեծանամ ..................... եմ դառնալու:

դարձա՞ր, եթե այո, ապա ի՞նչ, եթե ոչ, ապա ինչու՞

Սլիմ
12.11.2009, 12:01
Որնա ամենալավ պահը (կամ մարդը) որ եղելա քո կյանքում, ու որ մինչև հիմա էլ հիշում ես հոգիդ ջերմությամբա լցվում?

Yellow Raven
12.11.2009, 14:34
Ճանապարհորդություն դեպի Բահամներ, թե՞ 1 միլիարդ դոլար, բայց միայն այն պայմանով, որ ամբողջ կյանքդ պետք է մնաս Հայաստանում:)

Katka
12.11.2009, 16:04
Ի՞նչ կենդանի ես սիրում եւ Երեւանի ո՞ր հատվածն ես սիրում:

Kita
12.11.2009, 16:05
Հանդիպման ինչու չես գալիս?:)

Տատ
12.11.2009, 20:20
Հիմա ապրում ես Երևանում: Արդյոք ռուսախոս ե՞ս, հայերենը լրիվ տիրապետում ես, թե խոսքիդ լիքը խառնում ռուսերենը:

Փողոցը կանաչ լույսով անցնողներից ե՞ս: Նույնիսկ եթե կարմիրին ավտո չկա, անպայման կռուտոյություն կանես ու կամաչե՞ս կանգնած սպասել կանաչին:
Հիմար հարց է, բայց ես ցնցված էի այս անգամ, ու սկսեցի այն տիպաժներին ուղադրություն դարձնել, որոնք հանգիստ սպասում են՝ լիքը կարգին ջահելներ:

Լուսաբեր
13.11.2009, 17:44
Որ շատ փող ունենայիր կցանկանայիր տիեզերական տուրիստ լինել, դրա մեջ ի՞նչ հետաքրքիր բան ես տեսնում/ կամ չես տեսնում...
Եթե այո, ապա չե՞ս վախենում հետ գալու ճանապարհից::)

One_Way_Ticket
18.11.2009, 15:17
Շնորհակալություն բոլորին իմ համեստ անձի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

One_Way_Ticket
18.11.2009, 15:41
կանֆետ սիրո՞ւմ ես
Մեծ սիրահար չեմ, բայց որ լինում է, ուտում եմ: Դառը շոկոլադ եմ ամենաշատ սիրում:


Մասնագիտությունդ սիրում ես?
Կարելի է ասել` սիրում եմ: Շատ բան կոնկրետ գործից է կախված, երբեմն անհետաքրքիր է լինում, բայց ստիպված ես անել, բարեբախտաբար հիմիկվա աշխատանքումս նման դեպքերը բացառություն են, ոչ թե օրինաչափություն: Մասնագիտությանս (ծրագրավորող) հիմնական առավելությունն այն է, որ Հայաստանի պայմաններում նորմալ գնահատվում է:


Ու աշխատում ես ըստ քո մասնագիտության?
Ինչպես հետևում է նախորդ հարցի պատասխանից, այո:


Որն ես համարում քո կյանքի ամենամեծ երջանկությունը
Ընտանիքս: Երբ երկրաշարժի ժամանակ կորցրեցի ծնողներիս, չհայտնվեցի "բոռտին", այլ մեծացա լիարժեք ընտանիքի մեջ, որտեղ երբեք, ոչ մի վայրկյան ինձ ավելորդ չզգացի:


ինչն ես համարում քո կյանքի նպատակը
Այն. որ մի օր մտնեմ տուրիստական գործակալություն, վերցնեմ գլոբուսը, պտտեմ, պտտեմ, ասեմ` "ստեղ սաղ եղել եմ, ուրիշ տվեք" :D
Իսկ եթե լուրջ, կյանքի նպատակ որպես այդպիսին չունեմ: Աննպատակ ապրում եմ, էլի :)


ու ինչի ես ձգտում ամենաշատը քո կյանքում՞
Դե քանի որ գլոբալ նպատակ չունեմ, գլոբալ ձգտումներ էլ չունեմ: Ձգտում եմ լուծել առկա խնդիրները: Օրինակ, բանակի խնդիրը :) Եվ այնպես անել, որ ապագա երեխաներս այդպիսի խնդիրներ չունենան (օրինակ, Հայաստանի քաղաքացի չլինեն :) ):

One_Way_Ticket
18.11.2009, 16:04
Գյումրի ե՞րբ ես գալու
Այս տարի դեռ մեկ-երկու անգամ կգամ: Կոնկրետ դեռ չգիտեմ, այս շաբաթ դժվար թե, գուցե մյուս շաբաթ: Չեմ խոստանում, որ ձեզ կհանդիպեմ, բայց և բացառված չէ :)


Ինչն ես ամենաշատը գնահատում կյանքում
Դժվարանում եմ միանշանակ պատասխանել: Օրինակ, շատ եմ գնահատում խոսքին տեր կանգնելու ունակությունը: Ասե՞լ ես: Արա: Չէի՞ր անելու: Չասեիր: Իհարկե, ոչ միշտ է ստացվում, բայց պետք է հնարավորինս մոտենալ այդ ցուցանիշին: Շատ եմ գնահատում եմ մարդուն անկեղծ օգնություն ցուցաբերելը (այսինքն, երբ օգնում ես զուտ նրա համար, որ քեզ լավ զգաս, թե չէ վերջին հաշվով մարդ ամեն ինչ էլ իր համար է անում):


Մեկ էլ ուզում եմ իմանամ, որ բուհն ես ավարտել:
Բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտել եմ ԵՊՀ-ի ԻԿՄ ֆակուլտետում (հույս ունեմ հապավումները անծանոթ չեն): Այժմ ասպիրանտ եմ Սլավոնական համալսարանի նույնանուն ֆակուլտետում:


Մասիվի հետ ոնց ես՞
Հիանալի :) Երկու տարի չորրորդ մասսիվում եմ ապրել: 53ա (այժմյան 123) երթուղայինով դասի էի գնում... Ամառները բավական լավ էր, գիշերները շոգը չէր խանգարում քնել: Բայց խանութների պակաս կար: Ափսոս, վերջերս առիթ չի լինում մասսիվ գնալ, շատ վաղուց չեմ եղել:

One_Way_Ticket
18.11.2009, 16:43
Եթե հնարավորություն ունենայիր ժամանակը հետ տալու և նորից սկսելու, ի՞նչ կփոխեիր կյանքիդ մեջ:
Էնքաաան բան :) Բոլորին կասեի երկրաշարժի ժամին դուրս վազել: Տնեցիներին կհամոզեի 90-ականներին հնարավորինս շատ անշարժ գույք գնել: Ինձ Ռուսաստանի քաղաքացի ձևակերպել: Բայց դե երեխու խոսքերին ով էր բանի տեղ դնողը, այնպես որ ամեն ինչ նույն կերպ կլիներ :) Իսկ ավելի հասուն ժամանակ ինքս այնպիսի որոշում դեռևս չեմ ընդունել, որի համար այսօր զղջում եմ: Մանր-մունր սխալները հեչ, դրանք միշտ էլ պատահում են:


1. խնդրում եմ մոտ 1 րոպե նայիր ԿԳԴ-ի ավատրին, և հետո փորձիր նկարագրել, թե ինչ՞ զգացում ունեցար:
Մոտս սեքսի հետ ասոցիացվեց :)


2. նույնը կրկրնիր իմ ավատրի հետ
Հայաստանի հաբռգած մասսան խնջույք է անում :)


Չգիտեմ ով ես, բայց այսպիսի հարց. one way ticket - դեպի ու՞ր կգնեիր այդպիսի տոմս
Դժվար հարց է: Եթե նկատի ունես մշտական բնակության, ապա այսօրվա պատկերացումներովս ոչ մի տեղ էլ չէի գնի: Հայաստանում իհարկե լիքը թերություններ կան, բայց և այնպես ապրում եմ հարազատներիս կողքին, խոսում հարազատ լեզվով, հանդիսանում տիտուլային ազգի ներկայացուցիչ: Միակ ալտերնատիվան համարում եմ Ռուսաստանը: Համ մոտիկ է Հայաստանին, համ էլ էլի ահագին հարազատ է` թե լեզուն, թե մարդիկ:
Իսկ այ ժամանակավոր ապրելու համար կգնամ արևմուտք (ներառյալ Ավստրալիան և Նոր Զելանդիան), երբ բանակի հարցը լուծվի: Համ գումար կկուտակեմ, համ նորություն կմտցնեմ կյանքիս մեջ, պետքական փորձ ձեռք կբերեմ, համ էլ երեխաներս լավ քաղաքացիություն կունենան` պարտադիր զինծառայության և վիզաների հետ կապված խնդիրներ չեն ունենա, վաղն էլ եթե որոշեն գնալ Հայաստանից, շատ ավելի հեշտությամբ դա կանեն:

Ambrosine
18.11.2009, 16:51
Արտահերթ հարց կարելի է՞:oy:))

1. Քիչ մը շաբլոնային հարց...
Ի՞նչ տվեց քեզ ակումբը և ի՞նչ խլեց քեզնից: Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, էլի կգրանցվե՞իր. ցանկացած պատասխանի դեպքում՝ ինչու՞:think
2. Ասում ես, որ չես ուզում՝ երեխաներդ ՀՀ քաղաքացի լինեն, որ չծառայեն... դա նշանակու՞մ է, որ պատրաստվում ես լքել Հայաստանը: Որտե՞ղ ես պատկերացնում կամ պլանավորում ապագադ: Ի՞նչ պետք է լինի, որ մնաս այստեղ /ոնց-որ թե ուշացա... վերևում պատասխանեցիր:))/:
3. Ո՞րն է սիրածդ գիրքը:
4. Սև՞, թե՞ սպիտակ:
5. Սիրում ե՞ս ուշադրության կենտրոնում լինել:

Իմ հարցերին պատասխանելուց ԿԳԴ-ի ավատարին չնայես:D
:)

One_Way_Ticket
18.11.2009, 22:26
Հայտնի մարդկանցից ու՞մ հետ կուզենայիր ծանոթանալ
Ընդհանրապես, հայտնի մարդիկ, որպես կանոն, ծանր բնավորություն են ունենում: Ոչ մեկի հետ էլ չէի ուզենա ծանոթանալ: Ավելի լավ է նրանց աշխատանքին հետևել կողքից:


Համոզվեցինք որ ուղևորի ծոցագրպանում շատ հարմար է, սիրում ես ճամփորդել…Արկածասեր ե՞ս
Դե հատուկ արկածներ չեմ փնտրում, բայց և չեմ խուսափում (միայնակ ճանապարհորդելը տեղով արկած է): Օրինակ, անցյալ Նոր Տարուն Օդեսսայում էի, ընկերուհիս զգուշացրեց, որ ծովափ չարժի գնալ, ձմռանը այնտեղ շատ ամայի է և ճգնաժամի պատճառով զգալիորեն աճել է հանցագործությունների թիվը: Ընդհանրապես, եթե տեղի բնակիչն է ասում վտանգի մասին, որպես կանոն, դա շատ ավելի լուրջ է, քան երբ հեռվից հեռու մեկ մի բան լսել, ասում է: Բայց դե ոնց կլինի, ծովի կարոտ հայ եմ: Իհարկե գնացի: Իրոք, բավական ամայի էր, հիանալի տեղ մանյակների համար: Անընդհատ աչալուրջ էի, որ պետք լինի, կարողանամ արագ փախչել: Մի աղջիկ հեծանվով անցավ, ինչ-որ բան հեռվից ասաց, չհասկացա թե ինչ, գուցե զգուշացնում էր, որ զգույշ լինեմ (տավտոլոգիա): Հետո երբ ընկերուհուս ասացի, որ գնացել էի ծովափ, ասաց "դե փառք աստծո, նորմալ վերադարձել ես", ուրիշ մեկն էլ հաստատեց, որ բավական վտանգավոր է այդտեղ:


պատմի՛ր հետաքրիքիր, դեռևս չլսված արկած քո ճամփորդություններից…
Դե ամենաչլսվածը թերևս Մոսկվա-Մինսկ չվերթն էր: Ում հետաքրքրում է, կարող է բլոգումս կարդալ:
Կարող եմ մի դեպք պատմել վերոհիշյալ Օդեսսայի ուղևորությունից, չնայած դա արկած չէ, բայց զվարճալի է: Ինտերնետում նայեցի, ռուսական ֆիլմ էին ցուցադրում կինոթատրոններում` Стиляги, 50-ական թվականներին Խորհրդային Միությունում ամերիկյան ոճով ապրել ցանկացողների մասին (լավ է, ուկրաինացիք գոնե ռուսական ֆիլմերը դեռ չեն թարգմանում, պարզապես ուկրաիներեն սուբտիտրեր են դնում): Գնացի կինոթատրոն, տոմս գնեցի: Ցույց տվեցին, որ միջանցքով գնալ: Ես էլ մի քիչ գնացի, տեսնեմ ձախ կողմում վարագույր: Քաշեցի վարագույրը, դահլիճն էր, մտա ներս: Ժամանակին ֆիլմը սկսվեց: Բայց սյուժեն ինչ-որ տաօրինակ է: Մտածում եմ` էս մարդիկ լավ էլ ապրում էին 50-ականներին :D Առանց չափազանցության, ֆիլմի կեսից ավելն անցել էր, երբ ես հասկացա, որ ուրիշ ֆիլմ եմ դիտում: Իմ ֆիլմը կապույտ դահլիճում էր, իսկ ես "սև մուտքից" մտել էի կարմիր դահլիճ, որտեղ նույն ժամին սկսվում էր մեկ այլ ռուսական ֆիլմ (Любовь-морковь 2): Ֆիլմը վատը չէր, իսկ Стиляги-ն մեկ այլ օր այնուամենայնիվ դիտեցի:

Շատ ավելի տհաճ բան տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգ առաջին այցելությանս ժամանակ: Մետրոյի մուտքի մոտ կանգնած մարդու էի սպասում, ֆոտոխցիկս էլ գրպանումս էի դրել (մարտ ամիսն էր, և դեռ հաստ պուխավիկով էի): Հետո երբ արդեն ում որ սպասում էի եկավ, քայլեցինք, զգացի, որ ֆոտոխցիկս չկա (լուսանկարներն էին ափսոս, թե չէ առանց այն էլ նոր խցիկ էի պատրաստվում գնել): Թե ինչ էր նրա հետ տեղի ունեցել, ես գլխի ընկա բավական արագ: Հետաքրքիրն այն է, որ հյուրանոցիս համարում քաղաքի ուղեցույց կար, որտեղ մասնավորապես նշվում էր, որ պետք է զգույշ լինել գրպանագողերից, հատկապես Նեվսկի պողոտայի վրա և մետրոների մուտքերի մոտ: Սակայն ես համոզված էի, որ ինձնից չեն կարողանա գողանալ, կամ գրպանս կամ փակ է, կամ ձեռքս այնտեղ է: Լավ, ինչ արած: Նշանակում է` պետք է "թեժ" տեղերում կրկնակի զգույշ լինել: Հաջորդ օրը երեկոյան ձեռքս մոտեցրեցի գրպանիս... Գրպանս բաց էր, փողերը չկային: Մոտս մնացել էր մի քանի կոպեկ (որը նույնիսկ մետրոյի մի ուղևորության չէր հերիքի) և մաստերքարտս, որի վրա սակայն շատ գումար պիտի մնացած չլիներ իմ հաշվարկներով: Գնացի հյուրանոց (այդտեղից քայլելու ճանապարհ էր) և սկսեցի հետագա անելիքիս մասին մտածել: Բնավորությունս այնպիսին է, որ պարտքով փող կուզեմ մենակ ծայրահեղ դեպքում, սա այդ դեպքը չէր: Փողերը պետք է պահել ծոցագրպանում, ուրիշ փրկություն չկա: Թանգարանների և տեսարժան բայրերի վրա խնայելը չի կարելի: Սակայն պետք է խնայել մնացած ամեն ինչի վրա: Անցա "Միմինոյի ռեժիմի"` "Кофе сколько стоит? - одиннадцать - А чай? - семь - Чаю хочу." :D Ռեստորան հասկացությունը բնականաբար մոռանում ենք: Նախաճաշին (որի արժեքը մտնում էր հյուրանոցում մնալու արժեքի մեջ) ուտել հնարավորինս շատ, շվեդական սեղան էր: Խանութից աղցան, պանիր, երշիկ գնել, հյուրանոցի համարում ուտել:
Առավոտյան դատարկ գրպանով դուրս եմ գալիս, փնտրում եմ վերջին հույսը` բանկոմատ: Արտասահմանյան բանկոմատներում հաշվի մնացորդ հնարավոր չէ ստուգել, որոշակի գումար եմ փորձում դուրս բերել և նյարդայնորեն սպասում եմ: Այոոո, տվեց: Դնում եմ բաղձալի թղթի կտորներ ծոցագրպանս, շարունակում ճանապարհը: Այդ օրը (կարծեմ այդ օրն էր) այցելեցի Կունստկամերա թանգարան: Մտնում եմ ներս, հանում փողերս գրպանիցս, գնում տոմսը, մնացած փողերը դնում տեղը, գնում եմ կուռտկաս գարդերոբ հանձնելու: Այդ պահին որոշում եմ ռիսկի չդիմել և փողերը այցելության ժամանակահատվածի համար տեղափոխել շալվարիս գրպանը: Մտցնում եմ ձեռքս ծոցագրպանս... փողերը չկան: Դժվար է նկարագրել վիճակս: Ջղայնությունն ու հուսահատությունը խառնվել են իրար: Լավ, հիմա՞ ինչ եղան: Վերադառնում եմ տոմսարկղի մոտ, ոչ մի տեղ չկա: Լավ, տոմսը գնել եմ, մտնեմ նայեմ ինչ կա չկա թանգարանում, հետո կմտածեմ ինչ եմ անելու: Սակայն այդ վիճակով իհարկե ընդունակ չէի թանգարանից ինչ-որ բան հասկանալու, հետո էլ անկապ թանգարան էր (չգիտեմ ինչու է այն համարվում Պետերբուրգի լավագույն թանգարաններից մեկը): Բավական շուտ վերադառնում եմ գարդերոբ, վերցնում կուռտկաս, ճարահատյալ ուսումնասիրում գրպանները: Առաջինում չկա, երկրորդում չկա.... ֆուուուուուուուխ, գրպաններից մեկից գտա, ծոցագրպանի տեղը ուրիշ գրպան էի դրել:

Մի քանի օր այդպես ապրեցի: Մի կողմից նաև հետաքրքիր էր, արդեն ինձ ավելի շատ տեղի բնակիչ էի զգում, քան զբոսաշրջիկ: Վերջին օրը արդեն բջջայինիս փողերն էլ վերջացան, վերալիցքավորելը շատ ճոխություն կլիներ: Երեկոյան ահավոր սոված թռնում եմ Մոսկվա, որտեղից էլ պիտի թռնեմ Երևան: Քանի որ կարճ թռիչք էր, հույս չունեի, որ ուտելիք կտան: Սակայն մարդու բախտը չի կարող միշտ չբերել: Բուտերբրոդ ու հյութ տվեցին: Ծամելիս "կյանքը կամաց-կամաց կարգավորվում է" զգացում էր մոտս:

One_Way_Ticket
18.11.2009, 23:11
փոքր ժամանակ ասում էիր /բոլորն էլ ասել են/, որ մեծանամ ..................... եմ դառնալու:
դարձա՞ր, եթե այո, ապա ի՞նչ, եթե ոչ, ապա ինչու՞
Ծովագնաց էի դառնալու :) Նոր կղզիներ էի հայտնագործելու: Ժյուլ Վեռն շատ էի կարդում: Աշխարհագրությունը սիրածս առարկան էր: 7-8 տարեկան էի, գրեթե բոլոր երկրների մայրաքաղաքները գիտեի ներառյալ Աֆրիկայի տրաքած երկրները: Իսկ սիրածս մայրցամաքը Հարավային Ամերիկան էր, առաջին հերթին այդտեղ էի ուզում գնալ: Եվ մի օր կգնամ :) Ընդհանրապես, ես թեզիս ունեմ, որ մարդը մեծանում է իր մանկության երազանքները կատարելու համար:

One_Way_Ticket
19.11.2009, 02:01
Որնա ամենալավ պահը (կամ մարդը) որ եղելա քո կյանքում, ու որ մինչև հիմա էլ հիշում ես հոգիդ ջերմությամբա լցվում?
Մի քիչ մտածեցի, չկարողացա միանշանակ առանձնացնել այդ ամենալավ պահը (կամ մարդուն): Օրինակ, լավագույն պահերից էր 2002թ. դպրոցականների ծրագրավորման միջազգային օլիմպիադայի փակումը, երբ մեդալ ստացա: Հայաստանի թիմը 1996թ.-ից մասնակցում էր և դեռ ոչ մեկը մեդալ չէր բերել: Արդեն լրջորեն քննարկում էին մասնակցությունը դադարեցնելու հարցը, մի վերջը կերպ համաձայնվեցին երկու մասնակից, մի ղեկավար ուղարկել (սովորական 4 մասնակցի և երկու ղեկավարի փոխարեն): Եվ այո, ստացվեց: Դրանից հետո արդեն շատ ավելի լավ արդյունքների են հասել հայերը հաջորդ տարիներին:


Ճանապարհորդություն դեպի Բահամներ, թե՞ 1 միլիարդ դոլար, բայց միայն այն պայմանով, որ ամբողջ կյանքդ պետք է մնաս Հայաստանում
Այնքան էլ պարզ չէ հարցի իմաստը: Դեպի Բահամներ ճանապարհորդությունը իրենից եսիմ ինչ չի ներկայացնում, որ ուզեմ, մոտ ապագայում կարող եմ գնալ առանց հիպոթետիկ առաջարկի (բայց չեմ ուզում): Հարցի երկրորդ մասը ավելի հետաքրքիր է` կհամաձայնվեի՞ արդյոք 1 մլրդ դոլլար վերցնել և երբեք Հայաստանից դուրս չգալ: Երևի թե ոչ: Ասենք, թե ունեցա այդ գումարը: Կկառուցեի լավագույն դղյակը Հայաստանում, կգնեի լավագույն մեքենաները, ամեն օր կուտեի ուզածս ուտելիքները... և շատ արագ կզզվեի ապրելուց :)

One_Way_Ticket
19.11.2009, 02:21
Ի՞նչ կենդանի ես սիրում
Առանձնապես սեր չունեմ կենդանիների նկատմամբ: Երևի թե ամենաշատը (համեմատական կարգով) ձկներ եմ սիրում:


եւ Երեւանի ո՞ր հատվածն ես սիրում:
Ընդհանրապես, գնալով ավելի շատ եմ սկսում սիրել Երևանը: Լավն է մեր քաղաքը (ափսոս շատ կեղտոտ է): Հաղթանակի այգին եմ շատ սիրում: Իտալիայի դեսպանատան դիմացի այգին եմ սիրում: Բաղրամյան փողոցը: Մոսկավյան, Խանջյան փողոցների երկայնքով ձգվող այգիների շարանը (հատկապես ուշ ժամերին, երբ մարդաշատ չեն):


Հանդիպման ինչու չես գալիս?
Ես գիտեի, որ մեկն ու մեկը անպայման այդ հարցը կտա :)
Ընդհանրապես, շփվող մարդ չեմ: Նոր ծանոթությունների կարիք առանձնապես չեմ զգում: Սակայն մյուս կողմից ակումբում կան մարդիկ, որոնց գրառումները միշտ հետաքրքրությամբ եմ կարդում և հետաքրքիր կլիներ այդ մարդկանց "իրական կյանքում" տեսնել: Հազվադեպ լինում է, որ հավեսս բռնում է, նայում եմ հանդիպումների թեման, նախատեսվող հանդիպում չի լինում: Եթե հանդիպում կլինի շաբաթ կամ կիրակի օր (աշխատանքային օրերին դժվար թե), որտեղ կուզենաք ինձ տեսնել, մի երկու օր առաջ տեղյակ պահեք ՊՄ-ով (եթե դժվար չէ), կաշխատեմ գալ:

One_Way_Ticket
19.11.2009, 02:44
Հիմա ապրում ես Երևանում: Արդյոք ռուսախոս ե՞ս, հայերենը լրիվ տիրապետում ես, թե խոսքիդ լիքը խառնում ռուսերենը:
Ընդհանրապես ռուսախոս չեմ: Ընտանիքում ռուսախոս մարդ չի եղել (չնայած ռուսական կրթություն ունեին), ինքս էլ հայկական դպրոցում եմ սովորել:
Սակայն իմ դպրոցական տարիներին առանց ռուսերենին լավ տիրապետելու շատ դժվար էր: Հեռուստատեսությունը ռուսերեն, գրքերը ռուսերեն: Այդ պատճառով ռուսերենը մեծ տեղ ուներ իմ կյանքում, հաճախ արդեն ռուսերեն էի մտածում: Հիմա, երբ հայերենը ներթափանցել է գրեթե բոլոր ոլորտներ (օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում ակումբի ստեղծող(ներ)ին), ռուսերեն մտածողությունը ահագին դուրս է մղվել միջիցս: Բայց այնուամենայնիվ ռուսերենը չափազանց հարուստ լեզու է, և հաճախ ռուսերեն արտահայտության անալոգը հայերենում չկա: Փորձեք օրինակ թարգմանել перестараться բառը :) Նույնիսկ այս թեմայում հարցերին պատասխանելիս մի երկու նման դեպք եղավ: "Լավ է, ուկրաինացիք գոնե ռուսական ֆիլմերը դեռ չեն թարգմանում" արտահայությունում իրականում ուզում էի ասել "...украинцы еще не додумались...": Կամ "սակայն այդ վիճակով իհարկե ընդունակ չէի թանգարանից ինչ-որ բան հասկանալու"-ի մեջ ուզում էի ասել "...мне было не до музея...":


Փողոցը կանաչ լույսով անցնողներից ե՞ս: Նույնիսկ եթե կարմիրին ավտո չկա, անպայման կռուտոյություն կանես ու կամաչե՞ս կանգնած սպասել կանաչին:
Հիմար հարց է, բայց ես ցնցված էի այս անգամ, ու սկսեցի այն տիպաժներին ուղադրություն դարձնել, որոնք հանգիստ սպասում են՝ լիքը կարգին ջահելներ:
Այո, կանաչի տակով անցնողներից եմ: Ընդ որում, արդեն երկու տարուց ավել, այն ժամանակ, երբ դեռ այդ "կարգին ջահելների" ճնշող մեծամասնությունը չէին կանգնում: Հազարից մեկ էր լինում, որ այլ կանգնողի տեսնեի:
Ինչ վերաբերվում է մեքենաներ չլինելու դեպքին, ապա այնքան էլ պարզ չէ, թե որն է այդտեղ կռուտոյությունը` կանգնելը թե անցնելը :) Ինչևէ, միանշանակ ասել չեմ կարող: Եթե չեմ շտապում, ամենայն հավանականությամբ կկանգնեմ: Չնայած եթե նեղ փողոց է, կարող է և անցնեմ: Առաջ գրեթե միշտ էի կանգնում, որ ուրիշներին օրինակ ծառայեմ: Մի անգամ օրինակ այսպիսի դեպք եղավ: Անցնում էի խաչմերուկը, հետս նաև երկու աղջիկ էին անցնում: Աջից մտնող մեքենան չէր պատրաստվում ճանապարհը զիջել: Աղջիկները կանգնեցին, ես շարունակեցի գնալ, մեքենային ձեռքով նշան արեցի, որ զիջի: Երբ վարորդը դժգոհ դեմք ընդունեց, ցույց տվեցի հետիոտների լուսացույցը: Հաջորդ խաչմերուկին կարմիր էր, կանգնեցի: Աղջիկները մոտեցան, մեկը ուզում էր անցնել, մյուսը ձեռքից բռնեց, չթողեց, մինչև վերջ կանգնեցին, սպասեցին:

One_Way_Ticket
19.11.2009, 03:42
Որ շատ փող ունենայիր կցանկանայիր տիեզերական տուրիստ լինել, դրա մեջ ի՞նչ հետաքրքիր բան ես տեսնում/ կամ չես տեսնում...
Եթե այո, ապա չե՞ս վախենում հետ գալու ճանապարհից:
Այսօր նույնիսկ եթե այդքան փող ունենայի, չէի գնա տեխնիկայի դեռևս թերզարգացածության պատճառով: Այ եթե մի օր տիեզարանավը լինի նույնքան անվտանգ, որքան այսօր ինքնաթիռն է, ապա անշուշտ: Հետաքրքիր բան շատ կա` ուրիշ բնություն, ուրիշ էակներ (կամ դրանց բացակայություն), ուրիշ կշիռ (կամ անկշռություն) և այլն:


Ի՞նչ տվեց քեզ ակումբը
Հիմնականում տվեց մի նոր ժամանցի ձև: Մինչ այդ հայկական ոչ մի ֆորումի (ոչ միայն հայալեզու) չէի մասնակցել: Որ ասեմ, թե ուրիշ ինչ-որ բան է տվել (աշխարհայացքիս վրա է ազդել, կամ նման մի բան), երևի թե սուտ կլինի:


և ի՞նչ խլեց քեզնից
Ոչինչ էլ չի խլել: Եվ ճիշտն ասած` չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարող էր խլել:


Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, էլի կգրանցվե՞իր. ցանկացած պատասխանի դեպքում՝ ինչու՞
Իհարկե այո, քանի որ այն ինձնից ոչինչ չի խլել :)


Ո՞րն է սիրածդ գիրքը
Դժվար է ասել, քանի որ տարիքից է կախված: Ժամանակին (10-րդ դասարանում) շատ էր տպավորել Ջեկ Լոնդոնի "Մարտին Իդեն"-ը: Հետո համադասարանցուս խորհուրդ տվեցի կարդալ: Առաջին կուրս էի, ուշ երեկոյան դուռը ծեծում են (այն ժամանակ մենակ էի ապրում): Բացում եմ, այդ համադասարանցիս ներխուժում է, առանց ձայն հանելու գնում է լուսամուտի մոտ և սկսում է ծխել: Արթուր, ի՞նչ է եղել: Ձայն չկա: ԱՐԹՈՒՐ, Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ: Փոքր պաուզայից հետո` "Մարտին Իդենը"-ը վերջացրի...
Սակայն համոզված չեմ, որ եթե հիմա կարդայի, կհավանեի: Հիմա երբ որ կարդում եմ, ֆանտաստիկա եմ կարդում: Շատ եմ սիրում Կլիֆֆորդ Սայմակ:


Սև՞, թե՞ սպիտակ
Սպիտակ: Միանշանակ: Ես ռասիստ եմ (կատակ էր :D ):


Սիրում ե՞ս ուշադրության կենտրոնում լինել
Նայած ինչ պայմաններում: Օրինակ, եթե հենց այս թեման դիտարկենք, հաճելի է: Սակայն եթե քսան հոգով շուրջս հավաքվեին ու սկսեին հարցեր տալ, դիսկոմֆորտ կզգայի: Ընդհանուր առմամբ, ավելի շատ չեմ սիրում, քան սիրում եմ:

Բարեկամ
19.11.2009, 03:52
Երևի էս One_Way_Ticket–ի առաջին գրառում(ներ)ն էր. որ կարդացի, ու դուրս շատ եկավ: Հանգստություն ու ճիշտ բան կար էս ամենի մեջ:

Ուլուանա
20.11.2009, 01:57
Էդպես էլ հարց չմտածեցի, որ տամ :(, բայց ուրիշների տված հարցերի պատասխանները հաճույքով կարդացի։ One_Way_Ticket–ի գրառումները հազվագյուտ հանգստությամբ ու հավասարակշռվածությամբ են շնչում։ :)

Գաղթական
22.08.2017, 00:06
Հետաքրքիր հարցազրույց էր ))

Ելնելով վերջին հարցազրույցի ֆորմատից՝ ենթադրում եմ, որ էլի՞ հարցեր կարող ենք տալ:


1. Թիքեթ ջան, ինչքան հիշում եմ, Բլոտի առաջին խաղը (Գյումրվա համով բարբառով) քո ձեռքի գործն էր: ՈՒրիշ նման հետաքրքիր պրոյեկտներ արել ե՞ս:

2. Փաստորեն 8 տարի առաջ արդեն նպատակ ունեյիր Ավստրալիա մեկնելու, հիմա էլ՝ մոտ ապագայում, էլի պատրաստվում ես փոխել բնակավայրդ (ինչպես վերջերս ակնարկել էիր):
Իսկ ո՞ր դեպքում կդիտարկես Հայաստանում վերաբնակվելու տարբերակը: Ընդհանրապես թույլատրո՞ւմ ես նման միտք:

One_Way_Ticket
22.08.2017, 03:05
1. Թիքեթ ջան, ինչքան հիշում եմ, Բլոտի առաջին խաղը (Գյումրվա համով բարբառով) քո ձեռքի գործն էր: ՈՒրիշ նման հետաքրքիր պրոյեկտներ արել ե՞ս:
2008-ին փորձեցի խաղի ցանցային տարբերակը գրել, բայց փորձի ու ֆինանսների բացակայության պատճառով չկարողացա առաջ տանել: Իսկ հետո ծրագրավորման նկատմամբ էնտուզիազմս ընդհանրապես կորավ, վաղուց արդեն դա ինձ համար ընդամենը ստաբիլ ու համեմատաբար հեշտ գումար վաստակելու միջոց է:


2. Փաստորեն 8 տարի առաջ արդեն նպատակ ունեյիր Ավստրալիա մեկնելու, հիմա էլ՝ մոտ ապագայում, էլի պատրաստվում ես փոխել բնակավայրդ (ինչպես վերջերս ակնարկել էիր):
Իսկ ո՞ր դեպքում կդիտարկես Հայաստանում վերաբնակվելու տարբերակը: Ընդհանրապես թույլատրո՞ւմ ես նման միտք:
Պրակտիկորեն չեմ թույլատրում նման միտք մի քանի պատճառով, որոնց մասին չեմ ուզում խոսել: