PDA

Դիտել ողջ տարբերակը : «Չորրորդ իշխանություն» թերթը փորձում են փակել



Chuk
10.11.2009, 00:27
«Չորրորդ իշխանություն» -ը չի տպագրվի՞
20:15 | Նոյեմբեր 09, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 4 աշխատակից առավոտվանից «Չորրորդ իշխանություն» օրաթերթի խմբագրությունում էին, որտեղ փորձում էին օրաթերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանին հանձնել թերթի տպագրությունը արգելելու մասին որոշումը:

«Ժամը 14-ին մոտ եկա խմբագրություն: Նրանք ինձ հանձնեցին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարողի որոշումները, համաձայն որոնց արգելվում է «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունը: Ես հրաժարվեցի դրանք վերցնել, բացատրելով որ «Չորրորդ իշխանություն»-ը իրավաբանական անձ չի համարվում» ,-«Ա1+»ի հետ զրույցում ասաց Շողեր Մաթեւոսյանը:

Ըստ նրա, ԴԱՀԿ աշխատակիցները որոշել են հենց խմբագրությունում սպասել «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ տնօրեն Մհեր Ղալեչյանին եւ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մաթեւոսյանին /նա Շողեր Մաթեւոսյանի եղբայրն է/: Նույնիսկ այցելել են Մաթեւոսյանների բնակարան: «Նրանց բացատրեցի, որ Մհեր Ղալեչյանը հազվադեպ է գալիս այստեղ, իսկ Դավիթ Մաթեւոսյանը Երեւանում չէ, սակայն նրանք շարունակեցին մնալ խմբագրությունում»,-պատմեց Շողեր Մաթեւոսյանը:

Հիշեցնեք, որ «Գինդ տպարան» ՍՊԸ-ն դատական հայց էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ- ի, որը հենց տպագրում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթը: Ըստ հայցի` խմբագրությունը իրենց պարտք է 1 մլն 800 հազար դրամ,որը, սակայն, ըստ Շողեր Մաթեւոսյանի, անհիմն էր:

Նոյեմբերի 6-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը որոշել էր ընդունել հայցվոր կողմի միջնորդությունը եւ ընդհանրապես արգելել «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունը ոչ միայն վերոհիշյալ ընկերություններում, այլեւ բոլոր այլ տեսակի տպարաններում:

«Մի բան է անհասկանալի: Ի՞նչ է նշանակում արգելել բոլոր այլ տպարաններին: Մի՞գուցե, ասեին աշխարհի այլ տպարաններին, կամ այլ երկրներում, կամ արգելեն այլ քաղաքացիներին կարդալ մեր թերթը»,-«Ա1+»-ին վրդովված ասաց Շողեր Մաթեւոսյանը:

Ըստ նրա, եթե գործընթացին սկզբում վերաբերում էին անլուրջ, ապա հիմա համոզված են' դատավորները քաղաքական պատվեր են կատարում: «Եթե պատվեր են կատարում, գոնե պետք է ունենան այնպիսի լուրջ հիմքեր, որ ծիծաղ չհարուցեն»,-ասաց նա:

Շողեր Մաթեւոսյանը նաեւ տեղեկացրեց, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը շարունակելու է տպագրվել:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/11/9/shogher-matevosyan)


http://www.youtube.com/watch?v=o4kXd_9m3iQ

Chuk
10.11.2009, 00:40
ԴԱՏԱՎՈՐԸ ԳԻՆԴ ԷՐ ԿՊԵԼ

Երեկ «Օգոստոս» գործակալության դեմ «Գինդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցով դատավարության հերթական նիստն էր: Միանգամից ասենք` ուրախ անցավ: Երեւի արժե հիշեցնել, թե ինչի մասին է խոսքը: Բանն այն է, որ «Գինդ» տպարանի տնօրեն Կարեն Ավետյանը, ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ աջ ձեռքի ցուցամատով քչփորել էր իր մարմնի ամենաինտելեկտուալ հատվածը, ապա հոտոտել այն (ցուցամատը նկատի ունենք), որոշել, որ «Չորրորդ իշխանություն» թերթը տպարանին փող է պարտք, եւ դիմել դատարան:

Կարեն Ավետյանի այս անսպասելի եռանդն, իհարկե, զուտ մարդկայնորն հասկանալի է. ճգնաժամի արդյունքում օդեկոլոնները եւ պեդիկյուրի ծառայությունները թանկացել են, հետեւաբար` յուրաքանչյուր իրեն հարգող տպարանատեր իրավունք ունի մտածել հավելյալ եկամուտների մասին (մանավանդ որ «Գինդ» տպարանը ձեռք է բերվել արեւմտյան գրանտների միջոցներով, իսկ արեւմտյան գրանտատուները բարձր են գնահատում օդեկոլոնների եւ պեդիկյուրի սիրահար տղամարդկանց): Ինչեւէ:

Բայց այն, ինչ արեց դատավոր Գագիկ Խանդանյանը, վեր է ամեն երեւակայությունից: Այդ արժանապատիվ պարոնը (որի մտերմությունը Սամվել Մայրապետյանի հետ, հուսով ենք, չի հարուցի Գոհար Քյալյանի զայրույթը) երեկ մի զարմանահրաշ որոշում կայացրեց; Բանն այն է, որ հայցվոր կողմը (հուսով ենք, որ Կարեն Ավետյանի դեպքում «կողմ» արտահայտությունը ճիշտ կընկալվի) միջնորդություն ներկայացրեց` պահանջելով, որ «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրումն ընդհանրապես արգելվի: Եվ պատկերացրեք` պրն Խանդանյանը բավարարեց այդ միջնորդությունը եւ որոշում ընդունեց, որի համաձայն` «Հայաստանի բոլոր տպարաններին» արգելվում է տպագրել այդ թերթը: Չէ, մենք հասկանում ենք, որ պաթոլոգիկ ապուշությունը ոչ թե իրավաբանական, այլ առողջապահական կատեգորիա է, բայց ամեն դեպքում` արժե անդրադառնալ նաեւ խնդրի իրավաբանական կողմին:

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Կարեն Ավետյանը, մեղմ ասած, «գինդ է կպել» եւ որոշել է դատի տալ «Օգոստոս» գործակալությանը: Թե ինչով կավարտվի այդ դատը` դեռ հայտնի չէ, բայց այդ ընթացքում մեկ այլ ընկերություն ցանկություն է հայտնել տպել «Չորրորդ իշխանություն» թերթը, եւ այդպես էլ վարվել է: Դատավորն էլ առանց երկար-բարակ մտածելու որոշել է, որ այդ մեկ այլ ընկերությունն «Օգոստոս» գործակալության իրավահաջորդն է (տեղեկացնենք, որ իրավահաջորդ ունենում են միայն հանգուցյալները, իսկ «Օգոստոս» գործակալությունը ոչ միայն ողջ-առողջ է, այլեւ հանդիսավորապես պարտավորվում է հոգալ «Գինդի»հուղարկավորության ծախսերը): Ավելին. դատավորը որոշել է «նավսյակի» արգելել նաեւ բոլոր մյուս ընկերություններին (երեւի բոլոր մյուս ընկերությունները նույնպես «Օգոստոսի» իրավահաջորդն են): Եթե այսպես շարունակվի, Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» գրքի այս քայլող իլյուստրացիան երեւի իր հաջորդ որոշմամբ «Հայաստանի բոլոր մյուս քաղաքացիներին» կարգելի կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթը, բայց սա, կրկնում ենք, դատաբժշկական ատյանների խնդիրն է:

Արդյո՞ք կարելի է այս ամենը որպես քաղաքական պատվեր գնահատել: Ակնհայտորեն, խոսքն իսկապես քաղաքական պատվերի մասին է, բայց սա, եթե կարելի է այդպես ասել, այնքան էլ ստանդարտ պատվեր չէ: Բանն այն է, որ պատվիրատուները, որպես կանոն, կատարողներից ավելի խելացի են լինում եւ նման ախմախ պատվերներ չեն տալիս, հետեւաբար` այս անգամ պատվերը «ներքեւիցե է եղել: Ըստ երեւույթին Կարեն Ավետյանը որոշել է ինչ-որ լավություն անել իշխանություններին, եւ ավելի խելացի բան չգտնելով` դեմ է տվել (սխալ չհասկանաք) իր ունեցած ամենագայթակղիչ բանը` «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակչին դատի տալու հնարավորությունը: Դատավորն էլ իր հերթին երեւի մտածել է, որ եթե իրեն այդպիսի բան են դեմ տալիս (սխալ չհասկանաք), ուրեմն` անպայման պետք է օգտվել: Արդյունքում` դատավորի եւ Կարեն Ավետյանի սերտ համագործակցությունը սկսվել է (սխալ չհասկանաք) եւ շարունակվում է: Վստահեցնում ենք սակայն, որ այս համատեղ ակտը հազիվ թե որեւէ ազդեցություն ունենա «Չորրորդ իշխանություն» թերթի հետագա ճակատագրի վրա: Ավելին. եթե նրանք այդ գործընթացից հաճույք են ստանում, մեզանից «հասնում է» ընդամենը երաշխավորել պրոցեսի շարունակականությունը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ակնհայտ է, որ այս ամենը միայն մի նպատակ ունի` կասեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի գործունեությունը: Ակնհայտ է նաեւ, որ պատվիրատուն իշխանություններն են, իսկ թե կոնկրետ ով` առայմ դժվարանում ենք ասել: Մեզ մնում է ընդամենը պարզել, թե ով է ամենաշատը «գինդ կպել» մեր թերթի հրապարակումներից:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
Աղբյուր՝ ՉԻ (http://chi.am/news/091106/09110604.htm)

Chuk
10.11.2009, 15:03
Հուժկու դադար

Երեկ մեր խմբագրություն էին այցելել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր ծառայության 4 աշխատակիցներ, որոնք ժամեր շարունակ նստել ու սպասում էին գործակալության տնօրեն Մհեր Ղալեչյանին և «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Մաթևոսյանին: ԴԱՀԿ աշխատակիցներին փորձեցինք բացատրել, որ Ղալեչյանը հազվադեպ է գալիս խմբագրություն, իսկ Մաթևոսյանը Երևանում չէ, սակայն նրանք շարունակեցին մինչև օրվա վերջ մնալ խմբագրությունում և ապարդյուն սպասել: Խնդիրն այն էր, որ կարգադրիչները պետք է համապատասխան անձանց հանձնեին թերթի տպագրությունն արգելելու մասին ԴԱՀԿ որոշումները: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.11.2009-ին տրված կատարողական թերթի համաձայն՝ պետք է արգելել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը, ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից. որևէ այլ տպարանում: Ավելացնենք նաև, որ ԴԱՀԿ աշխատակիցները երեկ այցելել են Դավիթ Մաթևոսյանի բնակարան, սակայն Մաթևոսյանը տանը չի եղել:

Մեզ մնում է հայտարարել, որ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած արտաքին լուրջ մարտահրավերները ու դրանցով պայմանավորված վտանգավոր զարգացումները, «Չորրորդ իշխանություն» թերթը ՀՀ տարածքում ժամանակավորապես լքում է ասպարեզը, իր տեղը զիջելով «Չորրորդ ինքնիշխանությանը»:

Այս խմբագրականը տպագրված էր «Իշխանությունը մեռավ, կեցցե՛ ինքնիշխանությունը» լոզունգով հրատարակված «Չորրորդ ինքնԻշխանություն» թերթի առաջին (1) համարում, 10 նոյեմբերի, 2009թ.:

Chuk
10.11.2009, 15:37
Մեսրոպ Հարությունյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ

Փաստեր

Փաստ 1. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշում է կայացրել՝ «արգելել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որեւէ այլ տպարանում»: Քանի որ «Չորրորդ իշխանություն»-ը դեռ չի ստացել որոշումը, մենք մեջբերումը կատարում ենք ըստ ԴԱՀԿ-ի՝ «ՉԻ»-ի խմբագրությանը ներկայացված ծանուցման:

Փաստ 2. ՀՀ Սահմանդրության 27-րդ հոդված.
« Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն։
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։
Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։
Այս իրավունքները եւ ազատությունները, այլոց թվում, ըստ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի՝ «...կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար:
Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»։

Փաստ 3. «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիա (Եվրոպական կոնվենցիա), հոդված 10.
« 1.Յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է իր կարծիքը պնդելու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից։ Այս հոդվածը պետություններին չի խոչընդոտում սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այդ ազատությունների իրականացումը, որը պարտավորություններ եւ պատասխանատվություն է ենթադրում, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակական անդորրի, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական բնույթի տեղեկատվության հրապարակումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

Փաստ 4. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք, հոդված 4.
«Արգելվում է՝
1) գրաքննությունը.
2) որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ...»:

Եզրակացություն

Կայացնելով վերը բերված որոշումը՝ դատավորը խախտել է ՀՀ Սահմանադրության 27 եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 10-րդ հոդվածներով նախատեսված՝ տեղեկություններ տարածելու եւ լրատվամիջոցների ազատության իրավունքը, ինչպես նաեւ՝ «ԶԼ մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջը, քանի որ թերթի տպագրության արգելում նախատեսված չէ օրենքով, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակության համար եւ չի ծառայում ՀՀ Սահմանադրության եւ Եվրոպական կոնվենցիայի նշած նպատակներին:

Հ. Գ. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի առավելությունն ու առաջադիմականությունը հենց այն է, որ անիմաստ է դարձնում որեւէ թերթի տպագրության կասեցումը կամ արգելումը: Նշելով, որ «Լրատվության միջոցները թողարկվում եւ տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որեւէ այլ մարմնում հայտարարագրման կամ որեւէ մարմնի ծանուցման» (հոդված 4), օրենքը պաշտպանում է լրատվամիջոցներին հենց նման քաղաքական հետապնդումներից (իսկ որ «ՉԻ»-ի դեմ հետապնդումը քաղաքական է՝ որեւէ մեկը չի կասկածում): Որովհետեւ եթե արգելես «Ա» թերթի տպագրությունը, այն անմիջապես լույս կտեսնի «Ա+Բ» անվամբ, արգելես սա՝ մյուս օրը կտպագրվի «Ա+Բ+Գ» անվամբ եւ այսպես շարունակ: Այս պարզ, փորձագետներիս եռամյա պայքարով նվաճված ժողովրդավարական իրավունքն է, որ չեն հասկանում քաղաքական պատվեր կատարող «Գինդը», էդ պատվերն իր կարծիքով գործի վերածած եւ երեւի արդեն շքանշանի սպասող դատավորը ու նրանց պատվիրատուները, որ նստած են Բաղրամյան 26-ի, ԱԺ-ի կամ Կառավարական տան տաքուկ կաբինետներում:
Բարեբախտաբար, լրատվամիջոցներն ավելի լավ գիտեն օրենքը, եւ «ՉԻ» խմբագրությունը լավագույնս ու ճիշտ օգտվեց օրենքի ընձեռած իր իրավունքից՝ մատ անելով եւ «Գինդին», եւ դատավորին, եւ նրանց պատվիրատուներին:

Մ.Հ.
Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/11/10/mesropharutyunyan)

Chuk
10.11.2009, 20:35
Նոյեմբերի 10-ին «Չորրորդ իշխանություն» օրաթերթը լույս չի տեսել: Դրա փոխարեն կրպակներում հայտնվել է ձեւավորմամբ ու բովանդակային ուղղվածությամբ նույնական «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Իսկ ընթերցող լսարանին հայտնի անունով թերթի տպագրությունը դադարեցնելու համար հիմք է ծառայել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որում նշված է՝ «արգելել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որեւէ այլ տպարանումե: Այս որոշման հիման վրա ԴԱՀԿ-ը կատարողական վարույթ է հարուցել: Նման որոշման առիթ է հանդիսացել տնտեսական վեճը «Գինդ» տպագրատան եւ «ՉԻե հրատարակիչ (լրատվական գործունեություն իրականացնող) «Օգոստոս» գործակալության միջեւ:

Մենք, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, համարում ենք, որ թերթի տպագրության արգելմամբ խախտվել է տեղեկատվության ազատ տարածման սկզբունքը: Նման որոշումը, ինչ պատճառաբանությամբ էլ այն կայացված լինի, հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներին:

Ելնելով վերոհիշյալից՝ մենք պահանջում ենք.

չեղյալ հայտարարել ժողովրդավարության սկզբունքներին հակասող դատական որոշումը,
դադարեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ հետապնդումը եւ ֆինանսական խնդիրները լուծել համապատասխան հարթության վրա:



Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեւանի մամուլի ակումբ
ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Վանաձորի մամուլի ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հայաստանի հելսինկյան կոմիտե

Chuk
12.11.2009, 02:10
«Չորրորդ իշխանություն»-ը 2 մլն ավելի է վճարել
18:14 | Նոյեմբեր 11, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայցը ներկայացրել էր «Գինդ» տպարանը` պատճառաբանելով, որ թերթն իրեն պարտք է ավելին քան 2 մլն դրամ: Դրա համար հիմք են հանդիսացել հայցվոր-պատասխանող կողմերի 131 հաշիվ-ապրանքագրերը:

Դատարանում թերթի շահերը ներկայացնում էին «Օգոստոս» գործակալությունը եւ թերթի նոր հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն: Նշենք, որ թերթը «Գինդ» տպարանում սկսել է չտպագրվել, երբ ապրիլին այն միակողմանի բարձրացրել էր իր տպագրական վճարները: Հունիսին թերթը երկկողմ պայմանագրի կասեցման մասին գրություն է ուղարկել տպարան:
«Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը կարծում է, եթե դրանք ուշադիր ուսումնասիրեին, ապա հայցվոր կողմը միգուցե նույնիսկ հրաժարվեր իր հայցից: Այդ պատճառով նա դատարանին ներկայացրեց մի միջնորդություն, ըստ որի` խնդրում էր «վերացնել հայցի ապահովումը, այսինքն` թերթի տպագրման արգելանքը ցանկացած այլ տպարանում»:

Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Խանդանյանը նախորդ դատական նիստի ժամանակ բավարարել էր հայցվոր կողմի միջնորդությունը` արգելել «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ին, այլ ընկերություններին եւ տպարաններին հրատարակել «Չորրորդ իշխանություն» թերթը: Դատավորը որոշեց Հովիկ Արսենյանի միջնորդությանն անդրադառնալ դատական ակտ կայացնելիս:

Ինչպես հետո լրագրողների հետ զրույցում նշեց թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը` իր տնօրենի անփորձությունն է եղել պատճառը, որ այդ հաշիվ-ապրանքագրերն իրենք եւս չեն հաշվել եւ հիմք են ընդունել միայն տպարանի ներկայացրած թվերը: Արդյունքում ինչպես դատարանում ներկայացրեց թերթի պատասխանատու «Օգոստոս» գործակալության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը` թերթը մատուցված ընդհանուր ծառայությունների համար 30 մլն դրամի փոխարեն տպարանին վճարել է 32 մլն դրամ, այսինքն` 2 մլն դրամով ավելի: Այդ պատճառով չի բացառվում, որ «Չորրորդ իշխանություն»-ը հանդես գա հակընդդեմ հայցով, քանի որ թերթի ներկայացուցիչների վստահեցմամբ` իրենք երկկողմ պայմանագրով նախատեսված վճարման բոլոր պարտավորությունները կատարել են:

Թերթ շուրջ ստեղծված այս իրավիճակը, ըստ Հովիկ Արսենյանի` վկայում է այն մասին, որ թերթի նկատմամբ ոչ թե ֆինանսական տույժ են փորձում կիրառել, այլ «հարցը քննարկում են այլ հարթությունում», իսկ ավելի կոնկրետ սա քաղաքական պատվեր է:
Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 16-ին, ժամը 14:50-ին:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/society/2009/11/11/chi)

Norton
16.11.2009, 16:34
Արգելել են լուսաբանել ԱԺ նիստը

«Չորրորդ իշխանություն» (արդեն'«Չորրորդ ինքնիշանություն») թերթի խորհրդարանական թղթակցին արգելված է մտնել ԱԺ-ի նիստերի դահլիճ: ԱԺ աշխատակազմի ղեկավարի բարեհաճության շնորհիվ է միայն թույլատրվել լրագրողին մտնել շենք' ուրբաթ օրը' հանձնաժողովների նիստերը լուսաբանելու նպատակով, իսկ այսօր միայն միջանցքում գտնվելու պայմանով:

Թերթի թղթակից Թագուհի Թովմասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ դեռ այսօր , ժամը 14 -ին պետք է դատարանը հրապարակվի վճիռը, իսկ ԱԺ ղեկավարությունն արդեն որոշել է արգելել լրագրողի գործունեությունը եւ ձեռքից վերցնել հավատարմագիրը: Հիշեցնենք,որ «ՉԻ» դեմ հայց է ներկայացրել «Գինդ » տպարանը: Ըստ վերջինիս հայցադիմումի, խմբագրությունը խոշոր գումար է պարտք:

«Ստացվում է, որ իրենք նախապես գիտեն, թե ինչ վճիռ է կայացվելու»,-ասաց Թագուհի Թովմասյանն ու ավելացրեց, որ «ՉԻ» -ի գործունեությունը խորհրդարանում սահմանափակելու հստակ միտում է տեսնում:

Ի դեպ, Թագուհի Թովմասյանը նկատեց նաեւ, որ եթե անգամ այսօր չի հրատարակվում իրենց թերթը, «ՉԻ»-ի կայքէջը գործում է, եւ թերթը լույս է տեսնում ԱՄՆ-ում: Այսինքն, դադարեցված չի լրատվամիջոցի գործունեությունը, այլ միայն թերթի տպագրությունը, ինչը հիմք չի լրատվամիջոցի ներկայացուցչից հավատարմագիրը «առգրավելու» եւ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու համար:

ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ ոչ միայն «Չորրոդ իշխանության», այլեւ բոլոր այն թերթերի, որոնք տարբեր պատճառներով դադարում են լույս տեսնել, լրագրողների հավատարմագրերը ժամանակավորապես դադարում են գործել:

«Որեւէ միտում ԱԺ-ն չունի. «ՉԻ»-իի լրագրողի հավատարմագիրը կվերադարձվի թերթի հրապարակման հաջորդ օրն իսկ: Թերթի չտպագրման պատճառը կամ դատավճիռը մեզ համար նշանակություն չունի. գոյություն ունի փաստ' թերթը տպագրվում է, թե ոչ: Եթե ոչ, ապա ԱԺ-ի մշակած կարգի համաձայն, հավատարմագիրը կորցնում է իր ուժը»,- մեզ տեղեկացրին լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

www.a1plus.am

Աթեիստ
16.11.2009, 18:02
Բա չե՞ն կարում օրինակ բերեն օրինակ տենց լավ գովազվող Aysor.am-ին, որ տպագիր տարբերակ ընդհանրապես չունի, բայց հեռուստատեսային լուրերը նայելուց մենակ իրանց միկրաֆոնն ա երևում: