PDA

Դիտել ողջ տարբերակը : Արաբական գրականություն



Շինարար
09.11.2009, 10:31
Այստեղ եկեք պատմեմք արաբ տարբեր հեղինակների մասին, մեջբերումներ անենք նրանցից: Ես կսկսեմ:

Շինարար
09.11.2009, 11:01
Հատավածներ Յուսուֆ Իդրիսի «Ֆարֆուրները» պիեսից

Ֆարֆուր: Աշխատիր որպես մտավորական:
Սիդ: Իսկ ի՞նչ են անուն այդ մտավորականները ձեզ մոտ:
Ֆարֆուր: Ոչինչ էլ չեն անում:
Սիդ: Ինչպե՞ս թե՝ ոչինչ չեն անում:
Ֆարֆուր: Քո այդ հարցը վկայում է, որ դու մտավորական չես:

Ֆարֆուր: ...Աշխատիր պետական ծառայող: Դու դրա համար ընդունակություններ ունես:
Սիդ: Այդ ինչպե՞ս:
Ֆարֆուր: Չե՞ս ուզում քո անկյունը ունենալ, որտեղ կարող ես քնել և երազում տեսնել, որ երազ ես տեսնում: Աշխատավարձից աշխատավարձ դու մի ամբողջ ամիս կունենաս երազ տեսնելու:

Սիդ: Քանի դեռ ես քո տերն եմ, իմ կարծիքը քոնից ավելի լավն է:
Ֆարֆուր: Նույնիսկ եթե իմ կարծիքը ճիշտ է, իսկ քոնը՝ սխա՞լ:
Սիդ: Որդիս, ճիշտ և սխալ կարծիքը որոշվում է այսպես. ճիշտ կարծիքը իմ կարծիքն է, իսկ սխալ կարծիքը՝ քոնը:

Ֆարֆուր: Նույնիսկ եթե հետևենք Դարվինին, դու առաջացել ես կապիկից, և ես էլ քեզ նման առաջացել եմ կապիկից:
Սիդ: Ով գիտե, գուցե քո կապիկ նախապապը եղել է կապիկ Ֆարֆուր իմ նախապապի մոտ:
Ֆարֆուր: Կապիկների մոտ չեն լինում տերեր և ֆարֆուրներ:

Ֆարֆուր: ...Ինչու՞ ես դու տեր, և ինչու՞ եմ ես Ֆարֆուր:
Սիդ: Որովհետև յուրաքանչյուր տեր պետք է ունենա Ֆարֆուր:
Ֆարֆուր: Ինչու՞:
Սիդ: Որովհետև յուրաքանչյուր Ֆարֆուր պետք է տեր ունենա:
Ֆարֆուր: Բայց ինչու՞ պետք է ունենա:
Սիդ: Որովհետև այդպես է: Պետք է, նշանակում է՝ պետք է:
Ֆարֆուր: Պիեսու՞մ, նկատի ունես:
Սիդ: Պիեսում և պիեսից դուրս: Ամեն, ամեն տեղ: Այդպես է պետք... Յուրաքանչյուր ոք կամ լինում է տեր, կամ լինում է Ֆարֆուր: Ամեն Ֆարֆուր տեր ունի, և ամեն տեր ունի Ֆարֆուր:

Սիդ: Ֆարֆուր, եղբայրս, մեզ պետք է մեկը, որը կղեկավարի մեզ:
Ֆարֆուր: Ինչու՞ է պետք... Բնավ պետք չէ:
Սիդ: Գոնե, որ ասի, թե երբ ենք մենք աշխատելու և երբ ենք հանգստանալու:
Ֆարֆուր: Ամեն մեկը ինքն է իրեն ասում:
Սիդ: Շատ լավ, ուրեմն հիմա ես ինքս կասեմ՝ հանգստացիր, ո՜վ ինքս: Վերջ, ես հանգստանում եմ:

Ֆարֆուր: Ոչ, մենք քեզ մոտ չենք աշխատում:
Սիդ: ...Մենք աշխատում ենք մեզ մոտ:
Մեռյալ: Ոչ, ձեզ մոտ կաշխատեք, եթե գերեզման փորեք ձեզ համար:

Հանդիսատես: ...Որպեսզի ապրենք, անհրաժեշտ է, որ աշխատենք... Որպեսզի ապրենք, անհրաժեշտ է, որ լինեն մարդիկ, որոնք կաշխատացնեն, և մարդիկ, որոնք կաշխատեն:
Ֆարֆուր: Ֆարֆուրներ և տերեր:
Հանդիսատես: Ֆարֆուրներ և տերեր, զինվորներ և սպաներ, ամբոխ և պատասխանատու...

Ֆարֆուր: Ես գոնե մեկ օրենք գիտեմ, ո՜վ աշխարհ, որը վերաբերվում է մարդկանց: Եվ Ալլահը վկա, այդ օրենքը չափազանց պարզ է... Օրենք, որ ես քեզ նման եմ, և դու ինձ նման ես: Եվ մենք պետք է մաքրենք մեր հարաբերությունները աշխատողի և աշխատեցնողի, ամբոխի և պատասխանատուի, Ֆարֆուրի և տիրոջ, գիտունի և տգետի, ուժեղի և թույլի հարաբերություններից: Մարդկության օրենքը, ո՜վ աշխարհ, ինը ամիսների և մեր կերած կաթի օրենքը, այն օրենքը, որ ղեկավարել է մեզ, երբ մենք փոքր էինք և թրջում էինք մեր անկողնում, օրենքը, որը թույլ է տալիս բոլոր երեխաներին լինել եղբայրներ: Նրանց մեջ չկան ոչ Սիդ և ոչ Ֆարֆուր: Բնության օրենքը, կենդանիների օրենքը, երբ առյուծը չունի տեր առյուծ, և ոչ մի ագռավ Ֆարֆուր չէ ուրիշ ագռավի մոտ:

Սիդ: Կյանքը առանց լուծման, միլիոն անգամ նախընտրելի է մահից՝ որպես լուծում:

Հեղինակ: Մի ամաչեք իրարից: Մենք բոլորս ադամորդիներ ենք՝ միմյանց նման, եղբայրներ ենք: Ինչու՞ ենք այսպես վախենում իրարից, ինչու՞ ենք քարացել, ինչու՞ ենք այսքան հեռու իրարից: Քո ուսը մյուսի ուսին է, իսկ ձեր միջև հազար կիլոմետր է, ինչու՞: Նայիր նրան, եղբայր, ասա նրան՝ բարի երեկո, նրան ծխախոտ հյուրասիրիր: Նա խոսում է արաբերեն, ինչպես դու, և օտար չէ, Ալլահը վկա:

Բովանդակություն
Գործողություն առաջին
Տեղը՝ ցանկացած տեղ:
Ժամանակը՝ ցանկացած ժամանակ:
Գործողություն երկրորդ
Տեղը՝ նույն տեղում:
Ժամանակը՝ ցանկացած ժամանակ անց առաջին գործողության իրադարձություններից հետո կամ նույնիսկ դրանից առաջ:

Շինարար
09.11.2009, 16:12
Հատվածներ Յուսուֆ Իդրիսի «Երկրային կատակերգությունը» պիեսից

…նրանից, որ ապրում ենք, ավելի կարևոր է, որ իմանանք, թե ինչու ենք ապրում: Որդը ոչնչացնելուց ավելի կարևոր է, որ մենք իմանանք որդի գոյության իմաստը՝ այն համարելով չարիք և բամբակը համարելով բարիք: Եվ եթե ոչնչացնենք չարիքը, և մնա միայն բարիքը, մի գուցե մարդը սկսի կաղալ…

Ո՞վ է պատասխանատու, որ իմ հոգու ամենակարևոր մասնիկը չորացել և մահացել է: Ո՞վ է պատասխանատու, որ ես մի անգամ կորցնում եմ կապվածությունը և մնում մենակ աշխարհում, որի հետ չունեմ որևէ կապ: Փլվել է կամուրջը, որը ինձ կհասցնի դեպի այն, և վերջացել է կարեկցանքը, որով այն կապում էր ինձ և ջերմացնում էր ինձ իրենով, ես էլ ջերմացնում էի իրեն ինձնով: Ո՞վ է պատասխանատու, որ ես անվերջ զգում եմ, որ վիրավոր եմ, խոցված եմ, որ ես կորցրել եմ հանգստությունը:

Ես ասում եմ, թե ով է պատասխանատու, որովհետև պատասխանատվությունը մեծ է: Ոչ միայն դու, այլ դուք բոլորդ էլ պատասխանատու եք: Ես էլ եմ պատասխանատու: Եվ ինձ թվում է, որ ամենաշատը պատասխանատու է այն ուղին, որով մենք ապրում ենք: Մի գուցե մեր ուղին սխալ է, մի գուցե կյանքի ավելի լավ ուղի կա: Մի գուցե կա մի ուղի, որը թույլ է տալիս եղբայրներին լինել պարզապես եղբայրներ և թույլ չի տալիս, որ մայրը լքի իր որդիներին, և ոչ էլ որ որդիները հրաժարվեն իրենց հարազատներից:

Շինարար
09.11.2009, 18:34
Յուսուֆ Իդրիսի մտքերը թատրոնի վերաբերյալ

«Դեպի եգիպտական թատրոն» հոդվածաշարից
Ինչ վերաբերվում է թատրոնին, ապա դա հավաք է, որում պարտադիր է ներկաներից յուրաքանչյուրի մասնակցությունը... Պարտադիր է երկու տարրերի առկայությունը` առաջինը` համախմբում և համախմբված ներկայություն, և երկրորդը` ամբողջ կոլեկտիվի կողմից որևէ աշխատանքի կատարում:

Այսպիսով, անհրաժեշտ է, որ արվեստը` արվեստի ցանկացած տեսակ, ունենա հող, որից աճի և որի վրա կանգնի, անհրաժեշտ է, որ այն հիմնականում ուղղված լինի այդ հողի բնակչությանը... համաշխարհայնությունը գրականության մեջ անհեթեթություն է: Յուրաքանչյուր գրող, ով փորձում է գրել գրականություն, որը կարդա ողջ աշխարհը և ազդվի դրանից, վերլևանտյան գրող է և չի կարող անկեղծ լինել ոչ իր հետ, ոչ էլ այն ժողովրդի հետ, որը նրան աճեցրել, ուժ և կրթություն է տվել: Նյութը, որի մասին նա գրում է, չի կարող իրական լինել, որովհետև արվեստի և գրականության նյութը մարդն է, և մինչև այժմ չի գտնվել այդ համաշխարհային մարդը` կախված երկրագնդի եթերում և չկապված որևէ հայրենիքի կամ ժողովրդի, կամ էլ ժամանակի ու տեղի հետ:

Արվեստում չկան ձևեր և բովանդակություն. բովանդակությունը ձև է, և ձևը բովանդակություն է:

Եթե կա ժողովուրդ, ապա նրա կենսական առանձնահատկություններն ու գոյության անհրաժեշտ պահանջներն են ուտելը, խմելը, պարելը, ծիծաղելը և նաև թատերայնանալը:

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հանդիսատես և դերասան` յուրաքանչյուր ներկա, զգա, որ ինքը ազատորեն մասնակցում և համագործակցում է թատերայնացման վիճակի ստեղծմանը և դրա բովանդակությանը:

Անհրաժեշտ է, որ լուծարվի պատրաստի պիեսը, որին սովոր են, և նրանք (այսինքը` հանդիսատեսները) զգան, որ պիեսը հորինվում է իրենց առաջ, և իրենք կարող են մտնել դրա հորինման, փոփոխման և փոխարինման գործընթացի մեջ: Անհրաժեշտ է, որ լուծարվեն ներկայացումը և ներկայացման դիտումը: Անհրաժեշտ է, որ բոլորը հանեն իրենց արտաքին էությունները և դուրս բերեն իրենց թաքնված մարդկային բնույթը, որպեսզի բոլորը համախմբվեն, կազմվի մեկ միասնական հասարակական էություն, որը և կվայելի թատերայնացումը:

«Ալ-Ֆարաֆիր» պիեսից
Մենք թատրոնում ենք. թատրոնը տոնակատարություն է, մեծ հավաք, փառատոն, շատ մարդիկ, մարդիկ` ադամորդիներ, որոնք թողել են իրենց խնդիրները դրսում և եկել են երկու-երեք ժամ արելու միմյանց հետ` որպես մարդկային մեծ ընտանիք:

Շինարար
10.11.2009, 00:26
Մի փոքր պատմեմ Յուսուֆ Իդրիսի մասին: Յ. Ի.-ը 20-րդ դարի եգիպտական գրականության խոշորագույն դեմքերից է, մինչև 1988 թիվը նա միակ արաբ հեղինակն էր, ում անունը կար եվրոպական հանրագիտարաններում նա մեծ հաջողությամբ թարգմանվում էր բազմաթիվ լեզուներով: Նրան համեմատում էին Չեխովի, Դոստոևսկու, Սարտրի, Կամյուի, Բեքքեթի հետ, սակայն ի վերջո պարզեցին, որ նա մի առանձին երևույթ է, ոչ ոքի չնմանվող, նոր: Շատ համարձակ էր, Նասերի իշխանության տարիներին նա կարող էր պատմվածք գրել մի մարդու մասին, որի աչքի առաջ միշտ ուղտի գլխի տեսիլք էր` ծաղրելով այն փաստը, որ Եգիպտոսում ամենուր Գամալ Աբդել Նասերի կիսանդրիներն էին, Երբ Անվար Սադաթը թատրոն էր այցելել, և բոլորը գովերգում էին Սադաթին, նա կարող էր հոդված գրել, որի իմաստը երկու բառով հետևյալն էր` լավ է, որ բարեհաճեց: Անհատի պաշտամունքի պայմաններում դա չտեսնված համարձակություն էր, բայց իշխանությունները նրա հետ ոչինչ չէին կարող անել, որովհետև նա ողջ առաջադեմ մարդկության ուշադրության կենտրոնում էր, սիրում էր ճամփորդել, բազմաթիվ անգամներ այցելել էր ԱՄՆ, ԽՍՀՄ և համարյա աշխարհի բոլոր երկրները, դեռ 26 տարեկան հասակում հանդիպելով աշխարհահռչակ Սարտրի հետ` նա այնքան ինքնավստահ էր, որ կարող էր ասել` գիտեք, ես Ձեզ հետ համաձայն չեմ, Դուք գեղեցիկ եք գրում, բայց սխալ: Նա երկու անգամ նոբելյան մրցանակի էր առաջադրվել, բայց մերժվել: 1987-ին նա գրում է պատմվածք համասեռականների մասին, որը առաջին և միակ թերևս գործն է արաբալեզու գրականության մեջ այս թեմայով, միգուցե սա զիջում էր դեպի նոբելյան մրցանակ տանող ճանապարհին: Բոլոր հանճարները տարօրինակություններ ունեն, բայց Իդրիսի այս տարօրինակությունը լիովին անհասկանալի է մնում, նա երջանիկ էր ընտանիքում կարծես թե, լավ զավակներ ուներ, վայելում էր գրական փառք, ամենաշատը թարգմանվել է նրա <Մեղքը> վիպակը մի կնոջ ճակատագրի մասին, որը մի փոքր նման է Նար-Դոսի <Սպանված աղավնուն>, բայց գրական մի այլ ուժով է գրված, նույնիսկ հայերեն կա, ցավոք հայաստանում ես այն չկարողացա ճարել, թերևս դա թարգմանվել է եգիպտոսի հայկական համայնքում: Նա փայլում էր, թե պատմվածքներով, թե վիպակներով, թե պիեսներով, թե հոդվածներով: Գրականագետները նախապատվությունը տալիս են նրա պատմվածքներին, իսկ ինձ ավելի դուր են գալիս պիեսները: Այս ամենի հետ նա թմրամոլ էր, որի պատճառները հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի են: 1988 թ. նա նորից է ներկայացվում նոբելյան մրցանակի, և ով զարմանք, մրցանակը բաժին է ընկնում եգիպտացի մի այլ գրողի` Նագիբ Մահֆուզին: Արաբական աշխարհը ցնծության մեջ էր, իսկ Եվրոպան տարակուսանքի, նույնիսկ արաբագիտական կենտրոններում շատերը չգիտեին, թե ով էր Մահֆուզը: Մահֆուզը մոտ քսան տարով մեծ էր Իդրիսից, գրում էր հիմնականում վեպեր, հսկայական գրական ժառանգություն էր թողել, բայց շատերը դրսում չգիտեին նրա մասին, ինչ-որ բանով նա նման էր Գարսիա Մարկեսին, նրա ստեղծագործությունների հիման վրա հետո նույնիսկ լատինաամերիկյան սերիալներ նկարվեցին: Միայն Իդրիսը Արաբական աշխարհում չուրախացավ այս փաստի առիթով և հայտարարեց, որ արժանին ինքն էր այս մրցանակին: Բոլորը սկսեցին թարգմանել Մահֆուզ, որը ավելի հեշտ թարգմանելի էր, Իդրիսը մոռացվեց շատերի կողմից, այսօր արդեն Իդրիսը զիջում է նոբելյանակիր Մահֆուզին իր ուսումնասիրվածությամբ և թարգմանվածությամբ, սակայն մնում է երկրորդ տեղում: Երեք տարի անց Իդրիսը մահացավ, նա բազմաթիվ մահափորձեր էր արել դեռ շատ ավելի շուտ` կապված թմրադեղերի հետ, իսկ այս անգամ նա մահացավ կաթվածից: Մահֆուզի մասին էլ դեռ կպատմեմ, էլի շատ հետաքրքիր գրող է: Մահֆուզը մահացել է խոր ծերության մեջ երեք տարի առաջ:
Իսկ ինչու էին Իդրիսին մերժում Նոբելյան մրցանակը… Մի շատ պարզ պատճառով, նա մոլի հակահրեական հայացքներ ուներ, իր ոչ մի ստեղծագործության՝ պատմվածքի, վիպակի, պիեսի, հոդված, ելույթի, հարցազրույցի մեջ նա առիթը բաց չէր թողնում կպնելու հրեաներին, հրեաներին կպնում էր այնպիսի ստեղծագործություներում, այնպիսի ելույթներում և հարցազրույցներում, երբ դրա հեռավոր առիթն անգամ չկար… Նույնիսկ այսպիսի մի պատմություն կա… Նա չուներ արաբ գրողների հետ, և գրողների միության անդամ չէր, բայց երբ արաբ մի քանի գրողների հետ նրան հրավիրում են ինչ-որ եվրոպական երկիր համաժողովի, նա համաձայնում է գնալ՝ ասելով, որ թեկուզ ինչ-ինչ տարաձայնություններ կան, բայց ինքը չի կարող առիթը բաց թողնել հակահրեական մի ելույթ ունենալու ևս մի եվրոպական բեմից… Այսպիսի մի մարդ էր Յուսուֆ Իդրիսը:

Շինարար
10.11.2009, 18:15
Մի քիչ էլ Նագիբ Մահֆուզի մասին պատմեմ: նագիբ Մահֆուզը նորագույն շրջանումամենամեծ փառքի արժանացած արաբ գրողն էր, համարվումէ արաբական վեպի իշխան և այդպիսին էլ կա: Արժանացել է նոբելյան մրցանակի, այս ամենի հետ երբեք հայրենի Եգիպտոից դուրս չի եկել, քանի որ ֆոբիա ուներ ինքնաթիռներից: Մեծ քանակությամբ վեպեր ունի գրած՝ պատմավեպեր, ռեալիստական վեպեր, հետո ալեգորիկ վեպեր, և այլն: Բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել նրա վեպերի հիման վրա, նույնիսկ մեքսիկական սերիալ: Նրան համեմատում էի Գարսի Մարկեսի հետ, բայց երբ այս մասին հայտնում են նրան, նա ասում է, որ ինքը կարդացել է Մարկեսի «Մենության հարյուր տարին», սակայն այդ վեպում մի գյուղի պատկերով Մարկեսը ներկայացնում է Կոլումբիայի պատմությունը, իսկ իր վեպում ինքը ընդամենը մի փողոցի պատկերով ներկայացնում է ողջ աշխարհի պատմությունը: Հատկապես նշանավոր է նրա «Բեյն ալ-Կասրեյն» եռահատոր վեպ-էպոպեան, «Մեր թաղի տղաները» վեպը և այլն: Նա քննադատում էր աբսուրդի հեղինակներին՝ ասելով, որ եթե նրանք հավատում են իրենց տեսությանը, այդ դեպքում ինչու են հսկայական տպաքանակով գրքեր հրատարակում և մեծ գումարներ վաստակում: Մի խոսքով, ամեն ինչ պատմել չի լինի, պետք է կարդալ, ռուսերեն նրա բազմաթիվ ստեղծագործություները կան… Հաստատ չեք փոշմանի:

Շինարար
10.11.2009, 21:13
Մի քիչ էլ արաբագիր հայ գրողների մասին պատմեմ: Պատմում եմ ուրեմն իրենց դասագրքերում ընդգրկված, գրականության պատմություն կերտածների մասին, ոչ թե պեղված մումիաների: Դրանցից առաջինը Ռիզկ Ալլահ Հասունն է, որը Պոլսի պատրիարք Հասունյանի եղբորորդին էր, այն Հասունյանի, որին իր «Ազգային ջոջերում» Պարոնյանը մի լավ ծաղրում է: Ռիզկ Ալլահ Հասունը մեծ դեր է ունեցել նորարաբական գրականության ձևավորման գործում որպես հրապարակախոս, նրա հակառակորդն էր ծագումով կարծեմ հրեա Ֆարիս աշ-Շիդիակը, որը նույնպես ականավոր հրապարակախոս էր: Այս պայքարում ավելի դրական գույներով է ներկայանում կաթոլիկ մեր հայրենակիցը, ի տարբերություն աշ-Շիդիակի, որը ամբող կյանքում կրոնափոխ է լինում՝ փորձելով բոլոր կրոնները: Նրանց հրապարակախոսական հոդվածները հիմնականում իրար դեմ էին ուղղված, Հասունը իր հրատարակած թերթերից մեկը նույնիսկ անվանել էր «Քար ու կարկուտ Ահմեդ Ֆարիս աշ-Շիդիակի գլխին»:
Մյուս հայազգի հրապարակախոսը Ադիբ Իսհակն էր, որը կանգնած է ոչ միայն նորարաբական գրականության ակունքներում, այլև արաբական նոր թատրոնի և դրամատուրգիայի հիմնադիրներից էր:

Շինարար
13.11.2009, 01:15
Նագիբ Մահֆուզի «Բեյն ալ-Կասրեյն» վեպը


Սա եգիպտական ընտանեկան սագա է՝ կազմված երեք վեպերից, որում պատկերվում է կահիրեցի վաճառական Աբդ ալ-Ղավադի ընտանիքի երեք սերունդների կյանքը: եռագրության առաջին վեպը, որը այդպես է կոչվում այն փողոցի անունով, որտեղ գտնվում է Աբդ ալ-Ղավադի ընտանիքի տունը՝ «Բեյն ալ-Կասրեյն», պատկերում է նահապետական կյանքը, որի հիմքն է տղամարդը՝ ամուսին, հայր, ընտանիքի ղեկավար, տանտեր: Ոչ ոք չի կարող չենթարկվել նրան, գնալ նրա կամքին հակառակ: Սեյիդ Ահմեդ Աբդ ալ-Ղավադը և Ամինան ամուսին և կին են՝ տեր և նրա հնազանդ ու սիրող ստրկուհին: սեյիդ ահմեդը կարող է կնոջը տանից արտաքսել քսանհինգ տարվա համատեղ կյանքից հետո միայն այն բանի համար, որ իր բացակայության ժամանակ նա իրականցրել է իր վաղեմի երազանքը՝ այցելել է Հուսեյնի մզկիթը: Երկրորդ գիրքը կոչվում է «Կասր աշ-Շաուկ» այն փողոցի անունով, որտեղ ապրում է Ահմեդի ավագ որդին՝ առաջին կնոջից, իր մորից ժառանգած տանը: Սակայն պատումի կենտրոնում մյուս որդին է՝ Քեմալը, դրա համար էլ իրքադարձությունների մեծ մասը տեղի են ունենում Բեյն ալ-Կասրեյնի վրայի տանը: Երրորդ գիրքը կոչվում է «Աս-Սուկարիյա» այն փողոցի անունով, որտեղ գտնվում էր Շևքեթներ տունը, որոնց հետ ամուսնացել էին Սեյիդ Ահմեդի դուստրերը՝ Այիշան և Հադիջան, սակայն դեպքերի մեծ մասը շարունակում է տեղի ունենալ Բեյն ալ-Կասրեյնում, որտեղ ապրում էր քառասնամյա ամուրի Քեմալը: Վեպն ավարտվում է Ամինայի մահվամբ, վերջ է տրվում հին նահապետական աշխարհին: Եռագրության մեջ ավելի քան հիսուն կերպարներ կան:

Շինարար
14.11.2009, 18:14
Յուսուֆ Իդրիսի «Ֆարֆուրները» պիեսը

Գլխավոր գործող անձիք են Սիդը և նրա ծառան՝ Ֆարֆուրը: Պիեսն այնպես է ստեղծված, որպեսզի կենդանի դերասանական իմպրովիզացիայի տպավորություն ստեղծվի: Հեղինակը գործողության սկզբում հայտնում է, որ ինքը պիեսը գրառել է միայն սևագիր՝ որոշելով գլխավոր գործող անձանց դերերը:Սիդը, Հեղինակի կամքվ, պետք է լինի տերը, իսկ Ֆարֆուրը՝ նրա ծառան: Հեղինակը ժամանակ չունի, նա շտապում է. դերասանները ստպված են շարունակությունը հորինել հենց բեմի վրա: Նրանք սկսում են նրանից, որ Սիդի համար անուն ենընտրում, հետո մասնագիտություն և կին: ի վերջո, նրանք կանգ են առնում գերեզմանափորի մասնագիտության վրա, բայց բահով պետք է փորի Ֆարֆուրը, իսկ Սիդը ղեկավարում է: Սիդը ոչինչ չի ցանկանում անձամբ անել, նույնիսկ կին նրա համար ընտրում է ֆարֆուրը: Ընդ որում, Սիդին հասնում են երկու գեղեցկուհի կանայք, իսկ Ֆարֆուրին՝ մի տգեղը: Սակայն աստիճանաբար Ֆարֆուրը սկսում է ըմբոստանալ: Երբ Սիդը նրան հրամայում է մարդ սպանել, որ թաղելու գործ ունենան, Ֆարֆուրը վճռականորեն հրաժարվում է: Սպանության գործը իր վրա է վերցնում Սիդը: Ֆարֆուրը դրանից հետո լքում է Սիդին, այսպես ավարտվում է առաջին գործողությունը:
Երկրորդ գործողության մեջ նրանք նորից են հանդիպում: Ըստ Սիդի հազարամյակներ են անցել, իսկ ըստ Ֆարֆուրի ընդամենը ներկայացման ընդմիջումն է ավարտվել: Ֆարֆուրը հրաժարվում է այլևս ծառայել Սիդին, նրանք փորձում են համագործակցության նոր ձևեր փնտրել: Սակայն այդպես էլ լավագույն տարբերակ չեն կարողանում գտնել: Ելք չունենալով` օգնության են դիմում Հեղինակին, սակայն Հեղինակը այլևս գոյություն չունի, քանի որ նրանք սկսել են ինքնուրույն մտածել: Վերջում գալիս է բեմի աշխատողը, նա շտապում է, քանի որ կինը ծննդաբերում է, նա հանգցնում է լույսերը, սկսում է բեմը հավաքել, չի կրող սպասել ներկայացմեն ավարտին: այդ ժամանակ Սիդը և ֆարֆուրը կանգնած են աթոռներին, գլուխները պարանի օղակների մեջ, քանի որ լուծում չգտնելով որոշել էին ինքնասպան լինել, բայց չէին վճռում, բեմի աշխատողնեը նրանց տակից հանում է աթոռները, երկուսն էլ մահանում են` վերածվելով միկրոմասնիկների` Սիդը` միջուկի, իսկ Ֆարֆուրը` նրա շուրջը պտտվող էլեկտրոնի, մահից հետո էլ փաստորեն խնդիրը չի լուծվում: Պիեսն ավարտվումէ Ֆարֆուրի կոչով` ուղղված հանդիսատեսին, որ գտնեն լուծումը, քանի որ այն կա, հնարավոր չի, որ չլինի:

Շինարար
15.11.2009, 01:23
Յուսուֆ Իդրիսի «Երկրային կատակերգությունը» պիեսը

Պիեսում չկան սահմաններ իրականության և պատրանքի միջև: Կենդանի մարդիկ ազտ շփվում են մեռելների հետ, բոլորովին տարբեր կանայք հայտնվում են միևնույն կերպարանքով, բեմական գործողություններ համարյա չկան: Գործողությունը տեղի է ունենում առողջապահության ինսպեկտորի կաբինետում: Ինսպեկտորի մոտ են բերում մի խելագարի, որպեսզի հիվանդանոցի ուղեգիր ստանան: Դա գյուղատնտեսական քոլեջի դասատու Մուհամմադ Երրորդն է: Նրան ուղեկցում է ավագ եղբայրը՝ ժամացույցի ֆիրմայի տնօրեն Մուհամմադ Առաջինը, որը պատմում է եղբոր խելագար արարքների մասին, թե ինչպես է նա ցանկացել կտրատել իր կնոջը: Կաբինետ է մտնում մի կին, որը ներկայանում է որպես Մուհամմադ Երրորդի կին՝ Նունու, և հաստատում է Առաջինի խոսքերը: Երրորդը հաստատում է, որ ինքը խելագար է, բայց կաբինետ է ներխուժում միջնեկ եղբայրը՝ Մուհամմադ Երկրորդը՝ ատրճանակը ձեռքին և պնդում, որ Երրորդը լիովի առողջ է, իսկ Առաջինը ցանկանում է նրան գժանոց գցել, որ տիրանա հորից ժառանգած նրա հողակտորին, իսկ Նունուն իրականում Առաջինի կինն է՝ Նավալը: Առաջինը ասում է, որ Երկրորդը ևս ժամանակին եղել է գժանոցում, քանի որ ծառայողական պարտականությունները կատարելիս մարդ էր սպանել և նյարդային խանգարում ստացել: Մոլորված բժիշկը ցանկանում է հարցաքննել կնոջը, սակայն նա անհետացել է, իսկ ներկաները հերքում են, թե կաբինետում տեսել են որևէ կնոջ: կաբինետում հայտնվում է մի ուրիշ կին, որին բժիշկը դնում է Նունուի տեղը, բայց պարզվում է, որ դա Կինանան է՝ եղբայրների մայրը, որը եկել է հաշտվելու որդիների հետ: Որդիները նրան մեղադում են իրենց հոր մահվան համար, քանի որ ստիպել էր նրան վաճառել քննական տոմսերը, որի համար էլ նա բանտ ընկավ; Կինանայի անհետացումից հետո եղբայրները նորից հերքում են, որ տեսել են նրան կաբինետում և ասում են, որ իրենց մայրը մահացել է երեք տարի առաջ: Հայտնվում է Զուհրան, որը նախկինում ամուսնացած է եղել Երկրորդի հետ, իսկ հետո ամուսնացել է մի ուրիշ Մուհամմադ առաջինի հետ: Նրա հեռանալուց հետո սանիտար Սիֆրը հայտնում է, որ եկել է բժշկի կինը` Խանիֆան: Բայց բժիշկը չի հավատում, որ դա իր կինն է և նրան դուրս է վռնդում:Բժիշկը ոստիկանություն է կանչում, բայց փոխարենը գալիս են եղբայրների վաղուց մահացած հայրը` Մուհամմադ Քարունը, և պապը` Մուհամմադ Տայյիբը: Սկսվում է դատ` պարզելու ճշմարտությունը: Դատավոր է դառնում սանիտար Սիֆրը: Հայտնվում է Նունուն, որը հայտնում է, որ ինքը <բոլոր գեղեցիկ բաների` արդարության, ազատության, երջանկության, վաղվա օրվա, մոր, սիրեցյալի, բարու հաղթանակի մարմնացումն է, որոնք գոյություն ունեն միայն երազներում: Ինչ որ մեկը տեսե՞լ է կյանքում սեփական աչքերով, որ իսկական բարին հաղթի չարին>: Բժիշկը սկսում է կասկածել սեփական բանականության առողջության մեջ, սակայն Նունուն անհետանում է և նորից հայտնվում է բժշկի կինը`Խանիֆան, որը հիշեցնում է բժշկին, որ նա պարտավոր է հոգ տանել իր երեխաների մասին, ապահովել նրանց ապագան: Ի վերջո, բժիշկը կարգադրում է Սիֆրին, որ վերջինս իրեն զսպաշապիկ հագցնի:

Շինարար
06.01.2011, 23:25
«Նարցիսի» կայքում մի քանի անգին գանձեր հայտնաբերեցի՝ արաբական գրականության հայերեն թարգմանության տեսքով:

Նիզար Կաբբանի «Երբ հայտարարում են արաբների վախճանը» (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6) 2006թ., 1-ին համար
Նագիբ Մահֆուզ «Եգիպտական պատմվածք» (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6) 2006թ., 3-րդ համար, Նագիբ Մահֆուզն իմ ամենասիրած գրողներից մեկն է:
Նագիբ Մահֆուզի նոբելյան բանախոսությունը (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6) 2006թ., 3-րդ համար
Աբու-լ-Ալա ալ-Մաարրի Բանաստեղծություններ (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6) 2006թ., 6-րդ համար
Ղասսան ալ-Ջբաայի «Մի տակառի հուշեր» (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6) 2007թ., 4-րդ համար
Աբդ ալ-Վիհաբ Բայաթի, Բանաստեղծություններ (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6) 2007թ., 5-րդ համար
Մահմուդ Դարվիշ, Բանատեղծություններ (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6) 2008թ., 5-րդ համար
Ջուբրան Խալիլ Ջուբրան «Պատերազմն ու փոքր ազգերը» (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6) 2009թ., 1-ին համար
Յուսուֆ Իդրիս «Ուղտային հեծելազորը» (http://www.narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=40&Itemid=6), 2010թ., 1-ին համար, ի դեպ, Յուսուֆ Իդրիսն իմ սիրած արաբ գրողն է, ընդհանրապես իմ ամենասիրած գրողն է, բնականաբար Հրանտ Մաթևոսյանից հետո:

Սա նաև ինձ համար հաջորդիվ էս 2 օրը կարդալու շպառգալկա է, որովհետև 2 հեղինակներ կային, որոնց մասին լսած էլ չէի՝ Աբդ ալ-Վիհաբ Բայաթի, Ղասսան ալ-Ջբաայի, մնացածներից էլ հայերեն թարգմանությամբ միայն Յուսուֆ Իդրիս էի կարդացել, էն էլ իմ թարգմանությամբ:)) Հա, մեկ էլ ալ-Մաարրիից Ավետիք Իսահակյանը մի փոքրիկ գործ ունի թարգմանած:

Աբու Նուվաս )
04.07.2014, 21:58
Ես էլ մի քիչ պատմեմ արաբական գրականության իմ սիրելի պոետներից մեկի ՝Ադոնիսի մասին :Նա ժամանակակից արաբական գրականության ամենից խոշոր դեմքն է :Նա
պոետ -փիլիսոփա է :Նրան անվանում են «Իսլամի Նիցշե» :2003թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:Նրան կարող ենք բնութագրել հետևյալ բառերով ՝ մոդեռնիստ, կոսմոպոլիտ ,սյուռեալիզմի,սուֆիզմի ,սիմվոլիզմի հետևորդ:Իսկական անունը Ալի Ահմեդ Սայիդ է և ծնվել է 1930թ. սիրիական գյուղերից մեկում:Նա իր պոեզիայում բավականին հեռացել է արաբական բանաստեղծության դասական ձևերից:Նրա պոեզիան ունի կրոնական և փիլիսոփայական բնույթ:Մանկության և պատանեկության նա բավականին լավ ուսումնասիրել էր արաբ դասականներին :Նա հատկապես ազդվել է նշանավոր Իմրուլկայսից (6-րդ դար) և իմ պաշտելի Աբու Նուվասից ( 9-րդ դար ,վերջինս իր հերթին համարվում է Աբբասյան շրջանի արաբական գրականության նորարարը) , ինչպես նաև շատ զգացվում է նրա պոեզիայի վրա հռչակավոր ալ Մաարիի(10-րդ դար)և արաբ միստիկ պոետնետի ազդեցությունը:Ադոնիսի սիրային բանաստեղծությունների ժողովածուն կոչվում է «Եթե ծովը կարողանար քնել » ,իսկ իր ամենից հայտնի գիրքը «Դամասկոսի Միհյարի երգերն» է ,որը լրիվ սիմվոլիստական է :Նրա բանաստեղծություններին բնորոշ է նաև էրոտիկան և ,ինչպես արաբ մյուս պոետների դեպքում է , այնպես էլ իր բռապաշարը շատ հարուստ է և ճոխ :Սակայն սրա հետ մեկտեղ նրա կերպաները շատ պարզ են : Նա իր բանաստեղծություններում խոսակցական մեթոդն է օգտագործում բանաստեղծությունն ավելի անմիջական դարձնելու համար:Նա արաբական բանաստեղծության մեջ գոյություն ունեցող ռիթմային սահմանափակումները փորձել է որքան հնարավոր է պակասեցնել՝օգտագործելով համեմատությունների և փոխաբերությունների ուրիշ ձև և ստեղծելով իր սեփական բանաստեղծական ռիթմը :
Ադոնիսը 2013թ. եկել էր Հայաստան ՝ ԵՊՀ , ինչ-որ պոեզիայի փառատոնի շրջանակներում, և խոսել է ցեղասպանության մասին ,նաև ապրիլի 24-ին միացել է դեպի Ծիծեռնակաբերդ շարժվող երթին: Ու չմոռանամ ասել ,նոր փնտրեցի հայերեն Ադոնիսին . պարզվեց՝ իր մի քանի բանաստեղծություն հայերեն թարգմանված կա ,բավականին զարմացա էդ փաստից , բայց դե :)
«...Մենք կմեռնեինք ,եթե չստեղծեինք աստվածներին,
Մենք կմեռնեինք ,եթե չսպանեինք նրանց ...»
«Մահը»

Աբու Նուվաս )
24.11.2014, 01:56
Նստած կուրսայինիս համար գրքեր էի կարդում,հետո սկսեցի Իմրուլկայսի մասին կարդալ :Մի տեսակ սիրում եմ իրան ,չգիտեմ էլ ինչից ա :Ու սենց էլի ,որոշեցի կարդացածս գրեմ :Ասենք ու՞մ ա հետաքրքիր Իմրուլկայսն իրա մուալլակայով ընդհանրապես, ես էլ չգիտեմ :)) բայց դե պարապ եմ մնացել , գրեմ էլի :Համ էլ ինձ ասում են ՝ գրանցվել ես ,ինչի՞ ոչ մի բան չես գրում :Սկսեցինք :

Հին արաբական պոեզիայի ամենից նշանավոր պոետներից է Իմրուլկայսը(6-րդ դար): Ավանդական կենսագրության մեջ նշվում է,որ մանկության և պատանեկության տարիներին նա ապրել է բարեկեցիկ կյանքով,որը հատուկ չէր բեդվինական ապրելակերպին սովոր ցեղային առաջնորդների հետնորդներին:Արդեն երիտասարդ տարիքում նա մեծ ընդունակություններ է ցուցաբերում պոեզիայում և իր ստեղծագործություններում պատմում էր իր զվարճանքների և սիրային արկածների մասին:Ինչպես պատմում է ալ-Իսֆահանին`Իմրուլկայսի հայրը փորձում էր ստիպել նրան հրաժարվել շվայտ կյանքից և ստեղծագործելուց,որը չէր համապատասխանում իր բարձր իշխանական դիրքին և ի վերջո վռնդում է նրան:Երևում է արաբիայում հանրապետականության առաջացման հետ մեկտեղ նոր տեսակետ է ձևավորվում բանաստեղծական արվեստի մասին որպես արհեստ ոչ վայել բարձրաստիճան պաշտոնյային ի տարբերություն հին,նահապետական հարգանքին ուղղված պոետին:Իմրուլկայսի համար սկսվում են որոշ դեգերումներ:Հավաքելով համախոհների ջոկատ`տայի,քալբ և բաքր ցեղերից`պոետը թափառում է արաբական տափաստաններով,որսում է,տեղափոխվում է ջրի մի աղբյուրից և օազիսից մյուսը,երգեր գրում,խմում գինի և անհոգ կյանք վարում;Հետաքրքիր փաստ.Իմրուլկայսին առաջնորդում էին տարբեր ցեղերից վռնդվածներ,և չկա ոչ մի վկայություն`հին,միջցեղային թշնամանքի մասին:Սակայն երբ պոետը աքսորման մեջ իմանում է հոր մահվան մասին,նա երդվում է վրեժխնդիր լինել ասադիտներից և վերադարձնել օրենքով իրեն պատկանող իշխանի ժառանգությունը:Այսուհետ նա չէր ուտելու միս,չէր խմելու գինի,չէր ծխելու և չէր կտրելու մազերը մինչ վրեժխնդիր չլիներ:Հոր վրեժը լուծելու համար որոշում է դիմել Բյուզանդիայի օգնությանը: չնայած նրան ցուցաբերած հյուրընկալությանը,Իմրուլկայսը քիչ բաների հասավ Կոստանդնուպոլսում,իսկ հետդարձի ճանապարհին հանկարծակի մահանում է:Լեգենդում ասվում է,որ կայսրը զայրանում է պոետի վրա,որովհետև իբրև թե նա գայթակղել է իր աղջկան:Կայսրը նրան կասկածում է դավաճանության մեջ և պոետին է ուղարկում թունավորված հագուստ:Իմրուլկայսի մարմինը պատվում է խոցերով (Պոետը անգամ ստացել է "Խոցերով պատված" մականունը),որից հետո նա մահանում է:

Երկակիությունը Իմրուլկայսի դեպքում`որպես ազնվական պոետ`ծանոթ արաբական իշխաննություններին,ինչպես նաև բյուզանդական և դրա հետ մեկտեղ չկորցնելով կապը բեդվինական ապրելակերպի հետ լիովին արտացոլվել է նրա ստեղծագործություններում:Իմրուլկայսի պոեզիայում զգացվում է հարևան պետությունների նուրբ ազդեցությունը(Բյուզանդիա և Իրան) և միևնույն ժամանակ այն ամբողջովին բեդվինական է`թե ոգով և թե պատկերավորությամբ:Արաբ հետազոտողները Իմրուլկայսին համարում են կասիդայի ստեղծողը իր ամբողջ ստեղծագործական տարրերով-սիրեցյալի մասին հիշողություններով,նկարագրություններով և ինքնագովեստով:Եվ չնայած կասկածելի է,որ այս կայուն ստեղծագործական ժանրը "ծնվել է" հանկարծակի,մեկ պոետի գործունեության արդյունքում,մենք իրոք առաջին անգամ կասիդան ավարտված տեսքով հանդիպում ենք Իմրուլկայսի ստեղծագործություններում:Պահպանվել են բավականին շատ բանաստեղծություններ,որոնք պատկանում կամ վերագրվում են նրան,բայց նրա ամենաակնարու կասիդան արաբ քննադատները անվանում են "մու’ալլակա":Միջին դարերում արաբները այն համարում էին անկրկնելի գլուխգործոց և անգամ գեղարվեստական էտալոն: Համաձայն ավանդույթի Իմրուլկայսը իր մու’ալլական ստեղծել է ի հիշատակ մի դեպքի,որը կոչվում է "Գետի օր"(Այամ ալ-Գադիր),կամ "Դարատ Ջուլջույի օր":Իբն Քութեյբան պատմում է,որ Իմրուլկայսը սիրահարված էր մի բեդվին աղջկա,որի անունը Ունայզա էր,սակայն նրա սերը փոխադարձ չէր:Բոլոր նրա փորձերը ուղեկցելու հպարտ բեդվինուհուն,համառ դիմադրության էին արժանանում:Այդժամ Իմրուլկայսը դիմեց խորամանկության:Քոչումների ժամանակ պոետը աննկատ լքեց իր ցեղակիցներին և թաքնվեց թփերում նոր կանգառից ոչ այնքան հեռու,Դարատ Ջուլջումում`լողալու համար նախատեսված տեղի մոտակայքում:Երբ Ունայզան ուրիշ կանանց հետ մտավ ջուրը,որպեսզի թարմանա,պոետը վերցրեց նրանց շորերը,որոնք դրված էին ափին և հայտարարեց,որ նա չի վերադարձնի շորերը ետ մինչև նրանք մերկ դուրս չգան:Երկար տատանումներից հետո կանայք ստիպված էին դուրս գալ և ի դեպ վերջինը Ունայզան էր:Հագնվելուց հետո կանայք մեղադրեցին Իմրուլկայսին իրենց տանջելու (ջուրը սառներ և նրանք մնացել էին դրա մեջ համարյա մինչ արևի մայր մտնելը) և ստիպել է սովի տանջանքը կրել:Առատաձեռն պոետ-ռազմիկը միանգամից դուրս եկավ այդ դրությունից:Սրով խոցեց իր ուղտին,նրան կտոր-կտոր արեց,կրակ վառեցին և պոետը կանանց գինի և տապակած միս հյուրասիրեց:Որպես շնորհակալություն նրա առատաձեռնությանը`կանայք ցեղային կայան տարան նրա խալին,թամբը և ընկերուհուն:Եվ միայն հպարտ Ունայզան մերժեց տանել ինչ-որ բան:
Իմրուլկայսի մու’ալլական բաղկացած է մի քանի ինքնուրույն մասերից:Առաջինում պոետը տրվում է հիշողություններին,որոնք վերաբերում էին լքված ճամբարի մնացորդներին,որտեղ ժամանակին նա սիրել էր և ապրել բաժանման տխրությունը:Երկրորդ բաժնում նա պատմում է իր սիրային արկածների մասին,Ունայզայի հետ հանդիպման և կարճ կանգ առնում "Դարատ Ջուլջուլի օր"-վա վրա:Կասիդայի երրորդ մասը նկարագրում է կյանքը անապատում:Պոետը նկարագրում է գիշերը,որսը,իր ձիուն,կայծակը: Պոետի հիմանական թեմաները սերն ու բնությունն են:Իմրուլկայսի քնարական հերոսի`քաջ բեդվին ռազմիկի կերպարը կայանում է նրանում,որ նա հաղթահարում է քոչվոր կյանքի դժվարությունները անապատում և վերջապես հասնում է Ունայզայի սիրուն:Հիշատակվում են նաև տարբեր մարդիկ ու դեպքեր,ինչպես նաև նախկին պատմությունները փոխարինվում են նորերով ուրախությունների ու հաջողոջթյունների մասին,և արդյունքում ունկնդիրը կազմում է գունավոր պատկեր արաբական ապրելակերպի մասին:Իմռուլկայսը օրենքով արաբների մոտ համարվում է նկարագրական քնարերգության անկրկնելի վարպետ:Պոետը իր կյանքի մեծ մասը անցկացրել է անապատում,սիրել և իմացել է Արաբիայի բնությունը,այդ պատճառով Իմրուլկայսի բանաստեղծություններին բնորոշ է ուսումնասիրությունների զարմանալի ճշգրտություն:Պատկերելով բեդվինական կյանքի կոնկրետ և դրա հետ մեկտեղ ընդհանրացված պատկեր`պոետը զուտ ներկայացնում է իր սեփական փորձը`խուսափելով բանաստեղծական չափազանցություններից:Արաբ քոչվորների միօրինակ և դաժան կյանքի յուրաքանչյուր մանրուք Իմրուլկայսի համար ունեն շատ մեծ բանաստեղծական նշանակություն:

Երբ ժամանակ գտնեմ ,ուզում եմ թարգմանել իր մուալլական :Ավելի շուտ կփորձեմ էլի , սարսափելի բարդ բան ա դա :/ էս էլ սենց :Հիմա նորից անցնեմ կուրսայինիս :)