PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընդդիմությունը Հարավային Կովկասում



Norton
07.11.2009, 14:40
Տարածաշրջանում եղած ընդդիմությունը պայքարում է կանխակալության եւ փոփոխությունների նկատմամբ եղած անտարբերության դեմ

Չնայած գործադրվող ճնշման վերաբերյալ հնչած մեղադրանքներին՝ Հարավկովկասյան հանրապետությունների իշխանությունների դիրքերին ոչինչ չի սպառնում

Ողջ տարածաշրջանի մակարդակով ընդդիմության առաջնորդները բողոքում են քաղաքական մրցակցության անազնիվ պայմաններից, իսկ փորձագետները նշում են, որ գործող իշխանությունների ամուր դիրքերը խոչընդոտում են երկրների զարգացմանը:

Սակայն կան նաեւ նախանշաններ, որ հետխորհրդային առաջին տասնամյակի խմորումներից հետո հասարակությունն այլեւս հավատ չի ընծայում անընդհատ վեճերի մեջ ներքաշված քաղաքական գործիչներին՝ զրկելով ընդդիմությանն աջակցությունից եւ գաղափարներից:

«Կառավարական շրջանակներում նշում են, որ Ադրբեջանում ընդդիմությունը թույլ է եւ զուրկ է ինչպես հասարակական կշռից, այնպես էլ աջակցության հիմքերից: Սակայն իրականում քաղաքական կուսակցություններն այս երկրում գործողությունների ազատություն չունեն: Իշխանություններին արդյունավետ կերպով ծառայող հեռուստատեսությունը փակ է ընդդիմության համար: Խոսքի կամ հավաքների ազատություն գոյություն չունի», - ասում է Ադրբեջանի ամենահայտնի ընդդիմադիր կուսակցության՝ «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Գամբարը:

Անկախության հաստատումից հետո Ադրբեջանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գամբարը նախապատրաստել է երկիրը առաջին ընտրություններին: 2003-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք քննադատության արժանացան միջազգային դիտորդների կողմից, Գամբարը գործող նախագահի հակառակորդն էր, սակայն ծանր պարտություն կրեց:

Ընտրություններից հետո նրա կողմնակիցներին փողոցներից հեռացնելու համար ոստիկանական ուժեր օգտագործվեցին, սակայն այդ ժամանակվանից ի վեր ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը կարծես չքացել է, քանի որ քաղաքական գործիչները հասկանում են, որ իշխանության հասնելու միակ միջոցը գործող իշխանությունների հետ համագործակցելն է, իսկ գործարարները գիտակցում են, որ իմաստ չունի աջակցել մի գործի, որը դատապարտված է անհանջողության:

Նույնպիսին է իրադրությունը տարածաշրջանի մեծ մասում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը: Նույնիսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, որն ավարտվեց 1994-ին կնքված զինադադարով, Ղարաբաղում հզոր ընդդիմադիր շարժում կար:

2007-ի նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ նախագահի թեկնածու առաջադրվեց ներկայիս նախագահ Բակո Սահակյանը, նրա շուրջ համախմբվեցին եւ նրան սատարեցին խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում նրանք, ովքեր խորհրդարան էին մտել որպես ընդդիմադիր ուժ:

«Այստեղ սպանվում է միտքը, շարժումը, բազմազանությունը, մրցակցությունը, ըստ այդմ էլ` զարգացումը», - ասում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը:

Հարավային Կովկասի երկները՝ Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, տարածքային վեճերի մեջ են ներքաշված եղել դեռեւս Խորհրդային Միության անկման տարիներից: Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ այդպես էլ չի ավարտվել խաղաղ համաձայնագրի ստորագրմամբ:

Վրաստանն, իր հերթին, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնավար շրջանների նկատմամբ վերահսկողության համար պայքար էր մղում ազգային փոքրամասնությունների դեմ. այն կորցրել էր իշխանությունն այս տարածքների վրա դեռեւս վաղ 90-ականներին:

Անցյալ տարի Ռուսաստանի միջամտությամբ վրացական զորքերը դուրս մղվեցին շրջանների տարածքից, որից հետո Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը՝ չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը շարունակում է այս տարածքները Վրաստանի մասը համարել:

Դեկտեմբերին Աբխազիայում անցկացվելիք ընտրությունների ժամանակ մինչեւ այս տարվա սկիզբը փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ռաուլ Խաջիմբան պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել՝ դառնալով գործող նախագահ Սերգեյ Բագապշի հակառակորդը: Խաջիմբան, տարածաշրջանի մյուս ընդդիմադիրների պես, բողոքում է իշխանություններից՝ հայտարարելով, որ լրատվական դաշտը եւ պետական ռեսուրսները փակ են իր համար:
Սակայն ինչպես տեղացի, այնպես էլ այլ վերլուծաբանները նշում են, որ Խաջիմբային ավելի շատ վնաս է հասցնում սեփական քաղաքական ուղղության բացակայությունը: Աղքատ, անորոշ իրավական կարգավիճակ ունեցող, պատերազմից քայքայված եւ բյուջեի մեծ մասով Ռուսաստանից կախում ունեցող Աբխազիաի բարդ դրությունն իշխանության եկած ցանկացած ուժի արդեն իսկ մանեւրելու սահմանափակ հնարավորություններ է տալիս:

«Բոլոր քաղաքական շարժումները՝ իշխանություններն ու ընդդիմությունը, խոսում են իրավական հիմքերով ժողովրդավարական պետություն կառուցման, հանրային ուղղվածությամբ շուկայական տնտեսության ստեղծման անհրաժեշտության, Աբխազիայի ազգային դիմագծի եւ լեզվի պահպանման կարեւորության, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման մասին», - նշում է Սուխումի Մարդասիրական ծրագրերի հետազոտական կենտրոնի տնօրեն Արդա Ինալ-Իպան:

«Վերլուծաբանները ստիպված են ճիգ գործադրել՝ գլխավոր քաղաքական ուժերի միջեւ եղած հիմնական տարբերությունը գտնելու համար: Հստակ եւ ըմբռնելի տարբերություն կա թիմերի անդամների, դրանց առաջնորդների, ինչպես նաեւ՝ կառուցվածքի միջեւ: Ես դեռ հույս ունեմ, որ ընտրությունների ժամանակ որոշիչ գործոնը ոչ թե բացասական քարոզչությունը կլինի, այլ գաղափարներն ու ծրագրերը»:

Նման դժգություններ հաճախ են հնչում տարածաշրջանում, քանի որ զանազան հակամարտությունները սահմանափակում են իշխանությունների գործողությունները: Սա նշանակում է, որ ընդդիմադիր ուժերը հաճախ ստիպված են հույսը դնել ճարտասանության վրա, իսկ սա իր հերթին կարող է միայն հեգնանք առաջացնել իշխանամետ ուժերի շրջանակներում:

Անցյալ տարի Սերժ Սարգսյանը հաղթեց նախագահական ընտրություններում, որոնք ընդդիմությունը կեղծված անվանեց: Ոստիկանությունը ցրեց բողոքի բազմամարդ ցույցերը, ինչի արդյունքում տասը զոհ եղավ. ընդդիմությունը ստիպված եղավ պայքարել նախաձեռնությանը կրկին տիրելու համար, քանի որ նրա առաջնորդներից շատերը ճաղերի ետեւում հայտնվեցին: Ընդդիմության՝ ժողովրդին ուղղված ճառերն անկեղծությամբ են տոգորված, սակայն զուրկ են հստակությունից:

«Կարծում եմ՝ ազատության եւ ժողովրդավարության վերականգնումը երկրում կարող է բերել հասարակության ժողովրդավարական ներուժի բացահայտմանը, ինչպես նաեւ մենաշնորհների եւ տնտեսության ոլորտում եղած արտոնությունների կրճատմանը եւ յուրաքանչյուր հատվածում ազնիվ մրցակցության աճին: Նման պայմաններում Հայաստանը մանեւրելու ավելի շատ հնարավորություն կստանա, ինչը թույլ կտա նրան ազատ լինել իր որոշումներում եւ կրճատել արտաքին ուժերի վերահսկողությունն իր նկատմամբ, - նշում է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

«Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ցույցերին հնարավորինս քիչ մարդ մասնակցի: Սա երկար չի կարող շարունակվել, քանի որ պարզ երեւում է, որ այդ ռեժիմը հույսը դնում է զենքի ուժի վրա»:

Ընդդիմության ցույցերը, սակայն, ոչ մի արդյունք չեն տվել, իսկ նրա աջակիցները հիասթափվել եւ հեռացել են: Այդ պատճառով, իշխանամետ ուժերը հեշտությամբ ծաղրում են իրենց հակառակորդներին:

«Հանրահավաքներում նույն կրկնվող խոսքերն են ազգի եւ պետության վառ ապագայի մասի։ Ասում են, որ եթե իշխանությունը իրենք լինեն, ամեն ինչ լավ կլինի։ Բայց մարդիկ չեն հավատում հանրահաքներին ու երթերին»,- խորը հեգնանքով ասում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Իշանություններն էլ ուշադրություն չեն դարձնում երթերին եւ միտինգներին։ Դրանք անընդհատ կրկնվող, անհետաքրքիր ու անարդյունավետ ակցիաներ են եւ պետք էլ չէ, որ իշխանությունների կողմից հսկվեն»,- ասում է նա։

Եւ միայն Վրաստանում է, որ ընդդիմադիր շարժումները պահպանել են իրենց հետխորհրդային կենսունակությունը: Այս տարվա սկզբին ընդդիմության ակտիվիստները կաթվածահար էին արել Թբիլիսին, փակել մայրաքաղաքի գլխավոր փողոցը՝ այնտեղ բանտախցեր հիշեցնող վրաններ տեղադրելով:

Վրաստանի ընդդիմության առաջնորդները, ովքեր նույնպես բողոքում են իրենց դեմ պետական ռեսուրսներն օգտագործելու եւ լրատվական դաշտը փակելու մեջ, ցույցերի ժամանակ համառորեն պահանջում էին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը՝ մերժելով կառավարության հետ համաձայնության գալու առաջարկները:

Սակայն սա կարծես թե սխալ ուղի էր, քանի որ ակտիվիստները վերջին հաշվով ոչնչի չհասան, ինչը ստիպեց «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր շարժմանը վերանայել իր ռազմավարությունը:

«Մի քանի ամիս տեւած ցույցերը ոչ մի արդյունո չտվեցին: Չեմ կարծում, որ իշխանությունները հաղթել են: Հարցը դա չէ: Մենք աշունը դիմավորում ենք ճիշտ այնպիսի ուժերով, ինչպես գարնանը», - համոզված է Հանրապետական կուսակցության նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին, ով հանդիսանում է նաեւ «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը:

Սակայն Ուսուպաշվիլին նաեւ հաստատում է, որ ընդդիմության առաջնորդները պատրաստ են ներկայում իշխանությունների հետ երկխոսության գնալ եւ արդյունքների հասնելու համար հույսը չեն դնի միայն հասարակական ճնշման վրա:

«Այս պահին մեծ սխալ կլիներ միայն փողոցային ցույցերով սահմանափակվելը: Մենք բոլոր հնարավոր մեթոդներով մարտահրավեր կնետենք իշխանություններին՝ երկխոսությամբ, բանակցություններով, ճարտասանությամբ, քաղաքական նախաձեռնություններով, եւ իհարկե, ցույցերով», - ասում է Ուսուպաշվիլին:

Տարածաշրջանի վերլուծաբանները, սակայն, նշում են, որ լավ կլիներ, եթե ընդդիմությունը նախ պարզեր ընտրողների ցանկությունները քաղաքական առումով, եւ ոչ թե կենտրոնանան բազմամարդ, աղմկահարույց, բայց եւ հիմնականում անարդյունավետ բողոքի ակցիաներով:

«Հավատացնում եմ, որ մարդկանց այնքան էլ չի հետաքրքրում Սահակաշվիլու լավ կամ վատ լինելը: Նրանց խնդիրները շատ ավելի պրագմատիկ են, օրինակ՝ բենզինի գինը կամ խաղողի բերքի հետ կապված խնդիրները: Ընդդիմությունը պետք է հենց այս ուղղությամբ աշխատի: Նրանց քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս», - համոզված է քաղաքագետ Անդրո Բարնովը:

Հեղինակներ՝

Թեա Տոպուրիան ազատ լրագրող է Թբիլիսիում: Անահիտ Գոգորյանը Աբխազիայում լույս տեսնող «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Գեղամ Վարդանյանը Internews-ի լրագրող է Երեւանում: Անահիտ Դանիելյանը Hetq-ի թղթակիցն է Ստեփանակերտում եւ «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է Ադրբեջանում: Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի տնօրենն է: Ռիտա Կարապետյանը ազատ լրագրող է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)

Norton
07.11.2009, 14:41
Ընդդիմությունը Հայաստանում

Ոստիկանության տարածած վախը զսպում է հայկական ընդդիմությանը

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով՝ ոստիկանությունը հետապնդում է իրենց, իսկ նրանց աջակցող գործարարներն ահաբեկության են ենթարկվում:

Հայաստանի ընդդիմությունը, որը դեռեւս անցյալ տարի այնքան հզոր էր, որ կարող էր ցուցարարներով լցնել մայրաքաղաքի փողոցները, սպառել է իրեն, ինչն ընդդիմադիր ակտիվիստների խոսքերով՝ ոստիկանության գործադրած խիստ ճնշման հետեւանքն է:

2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո, երբ պաշտոնական տվյալներով ընդդիմության թեկնածուն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պարտություն կրեց, բողոքի մասսայական ակցիաների ժամանակ ոստիկանության հետ բախումների հետեւանքով Երեւանի փողոցներում 10 մարդ զոհվեց:

Մի քանի տասնյակ ակտիվիստներ ձերբակալվեցին։ Այս պահին նրանց մեծ մասը ազատության մեջ է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի գնահատականներով 2008թ-ի մարտի 1-ի գործով կալանավորված 16 մարդ, ովքեր առնչվում են ՀԱԿ-ի հետ, շարունակում են մնալ անազատության մեջ։

«Հայաստանում ընդդիմություն լինել նշանակում է աշխատել տոտալ ահաբեկման պայմաններում։ Երբ հատուկ ծառայությունները դիտարկում են քո վարքագիծը, երբ ուժային կառույցները հալածում, ֆիզիկական բռնության են ենթարկում եւ բանտարկում են քո կողմնակիցներին, երբ միջին, մանր եւ խոշոր գործարարները, որ աջակցում են այս շարժմանը, հայտնվում են տնտեսական տեռորի տակ, երբ հեռուստաեթերը, ըստ էության, փակ է քո առջեւ», - ասում է Արման Մուսինյանը։

ՀԱԿ-ին Հայաստանում ընդունված է անվանել արմատական ընդդիմություն։ Մյուս երկու ընդդիմադիր ուժերը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) եւ «Ժառանգություն»-ը, ներկայացված են Ազգային Ժողովում։ Ընդդիմադիրները բողոքում են, որ ոստիկանությունը հետապնդում է իրենց՝ չնայած Դաշնակցությունը միայն այս տարի է դուրս եկել կառավարական կոալիցիայից՝ իր բողոքն արտահայտելով ընդդեմ Թուրքիայի հետ կնքված համաձայնությունների:

Մուսինյանը նկատել է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանում 40-50%-ով հանցագործությունները աճել են։

«Ինչու՞: Որովհետեւ ոստիկանությունը, թողած իր հիմնական գործառույթները, զբաղված է քաղաքական այլախոհության ճնշմամբ եւ բնական է ՝ գողը, գրպանահատը, դրամաշորթը իրեն զգում է ինչպես ձուկը ջրում»,- ասում է ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի խոսնակը։

«Ոստիկանությունն ամբողջությամբ վերածված է քաղաքական գործիքի։ Այս ռեժիմը նույնացրել է իշխանություն եւ պետություն հասկացությունը»,- ասում է Մուսինյանը։

Մշտական ուշադրությունը ճնշող ազդեցություն է ունենում ընդդիմության վրա: Արման Մուսինյանը տեղեկացնում է, որ իրենք 2008թ.-ի ընթացքում 94 անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ զանգվածային հրապարակային միջոցառում անելու համար եւ նույնքան անգամ մերժում են ստացել։ Սա լուրջ մեղադրանք է, որը, սակայն, լուրջ չի ընդունվում նախագահի համախոհների կողմից:

«Հանրահավաքներում նույն կրկնվող խոսքերն են ազգի եւ պետության վառ ապագայի մասի։ Ասում են, որ եթե իշխանությունը իրենք լինեն, ամեն ինչ լավ կլինի։ Բայց մարդիկ չեն հավատում հանրահաքներին ու երթերին», - խորը հեգնանքով ասում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Իշանություններն էլ ուշադրություն չեն դարձնում երթերին եւ միտինգներին։ Դրանք անընդհատ կրկնվող, անհետաքրքիր ու անարդյունավետ ակցիաներ են եւ պետք էլ չէ, որ իշխանությունների կողմից հսկվեն»,- ասում է նա։

Այս տարվա ամռանը Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը ստացավ ձայների 17.4 տոկոսը՝ առաջ անցնելով Դաշնակցությունից, որն ընդամենը 4.5 տոկոս ձայն էր հավաքել: ՀԱԿ-ը, սակայն, զիջել էր իշխող Հանրապետական կուսակցությանը, որը 47.3 տոկոս ձայն էր հավաքել, ինչպես նաեւ՝ իշխանամետ Բարգավաճ Հայաստանին (22.7 %):

Այս տարի իշխանությունները ՀԱԿ-ին ավելի հեշտ են թույլատրում հանրահավաքներ անցկացնել, սակայն այս քաղաքական միավորը վերջին ամիսներին սկսել է ավելի քիչ հրապարակային միջոցառումներ անցկացնել։

Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի՝ ՀԱԿ-ում զգում են, որ դժվար թե արտահերթ ընտրություններ անցկացվեն եւ մինչեւ 2012թ.-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները պարզապես խնայում են ուժերը։

Հայ-թուրքական մերձեցման գործընթացին զուգահեռ Հայաստանում նոր ընդդիմադիր ուժ առաջացավ՝ ՀՅԴ-ն։ Այս ազգայնական ուղղվածության կուսակցությունը 2009-ի ապրիլի 23-ին ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո դուրս եկավ իշխանական կոալիցիայից եւ հայտարարեց իր ընդդիմություն լինելու մասին։ Կուսակցությունը հատկապես մեծ ազդեցություն ունի Սփյուռքում. նրա կողմնակիցները Թուրքիայի հետ համաձայնությունը դիտարկում են որպես դավաճանություն Ցեղասպանության ճանաչման հարցում:

Այնուամենայնիվ, վերլուծաբանների կարծիքով՝ ՀՅԴ-ն դեռ պատրատ չէ դառնալ լիակատար ընդդմիություն։

«Այդ կուսակցությունը 10 տարի եղել է իշխանության մեջ, տարբեր թելերով կապված է իշխանության հետ եւ չի կարող լիակատար ընդդիմություն դառնալ»,- ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Վերլուծաբան Արմեն Բադալյանի կարծիքով՝ Դաշնակցությունը հասարակական գիտակցության մեջ դեռ որպես ընդդիմություն չի ընկալվում։

«Հասարակությունը տեսել է, գիտի, որ ասենք, ՀԱԿ-ի միտինգի ժամանակ Երեւան մտնող ճանապարհները փակվում են, որպեսզի մարզերից մարդիկ չգան։ Իսկ ՀՅԴ-ի միտինգին այդպես չեղավ, չէ՞։ Հասարակությունը տեսավ՝ ՀՅԴ-ն ցույց է անում, երթ է անում, որին չեն խոչընդոտում։ Քաղաքակիրթ երկրի համար դա նորմալ է, բայց մեզ մոտ ուրիշ ստերեոտիպեր են աշխատում»,- ասում է Բադալյանը։

ՀՅԴ-ն պահանջում է Թուրքիայի հետ բանակցությունները գլխավորած եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները ստորագրած ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հերքում է այն հայտարարությունները, թե Դաշնակցությունը ՀԱԿ-ից պակաս ընդդիմադիր է:

«Ընդդիմության մեջ կա հստակ բաժանում` նրանք, ովքեր իշխանությունը փոխելու կողմնակից ենք, որովհետեւ իրենք են ուզում լինել իշխանություն եւ նրանք ովքեր իշխանության կուրսն են ուզւմ փոխել: Մենք իշխանության կուրսն ենք ուզում փոխել»,- ասում է։

Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդդիմության հնարավորությունները Հայաստանում սահմանափակված են։ Նրա համոզմամբ՝ հայկական հեռուստատեսություններում լուրջ սահմնափակումներ կան։

«Ըստ ամենայնի, գոյություն ունի նաեւ ցենզուրա, արգելքներ որոշակի անհատների, թեմաների կամ կարծիքների ու մոտեցումների լուսաբանման առումով։ Օրինակ, հայ-թուրքական արձանգրությունների 6 շաբաթվա, այսպես ասած քննարկումը։ Մենք տեսնում ենք, որ բացի «Երկիր Մեդիայից» ոչ մի ուրիշ հեռուստաալիք ամբողջությամբ պատկերը, մոտեցումները չէին ներկայացնում»,- ասում է Վահան Հովհաննիսյանը։

Արմեն Բադալյանը նշում է, որ եթե Դաշնակցությունը ունի «Երկիր Մեդիա», ապա ՀԱԿ-ը հրաշալի օգտագործում է տպագիր մամուլը։ Միանգամից մի քանի թերթեր արտահայտում են ընդդիմության տեակետները։

«Դա որոշակի իշխանություն է։ ՀԱԿ-ը այն օգտագործում է եւ լավ է օգտագործում։ Ուղղակի Հայաստանում թերթերի ազդեցությունն է շատ փոքր»,- ասում է քաղաքագետը։

Ամենամեծ տպաքանակով ընդդիմադիր թերթի՝ «Հայկական Ժամանակ»-ի տպաքանակաը միջինը 7 հազար է։ 3 միլիոն բնկչություն ունեցող երկրի համար դա փոքր թիվ է։

«Տպագիր մամուլը ավելի կուսակցականացված եւ ճամբարավորված է։ Բայց, իհարկե, համեմատության կարգով շատ ավելի ազատ է: Իհարկե լսարանը փոքր է եւ պատահական չէ, որ դա գոնե թողել են իշխանությունը»,- ասում է ընդդիմադիր երրորդ կուսակցության՝ «Ժառանգության» ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

«Ժառանգություն»-ը Ազգային Ժողովում ունի 7 պատգամավոր, ՀՅԴ-ն՝ 16։ Երկու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն ընդամենը 23 ձայն, այն դեպքում, երբ ԱԺ-ն կազմված է 131 պատգամավորից։

«Ֆորմալ տեսակետից այն քաղաքական ուժը, որ իրեն համարում է ընդդիմություն, ԱԺ-ում նորմալ կարող է գործել։ Բայց ուղակի ԱԺ-ն հասարակական-քաղաքական կյանքում մեծ նշանակություն չունի»։

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կասկածի տակ է դնում Դաշնակցության մտադրությունները՝ ենթադրելով, որ կուսակցությունը դեռեւս կապված է կառավարության հետ: Զուրաբյանը, սակայն, հույս է հայտնում, որ ողջ ընդդիմությունը կարող է համախմբվել մեկ մարդու շուրջ՝ հետագայում Սարգսյանին մարտահրավեր նետելու համար:

«Այդ կուսակցության անդամներից շատերը հաստատապես դեմ են կառավարության վարած քաղաքականությանը, եւ հնարավոր է, որ նման թատերական գործողություններից կուսակցությունը կարող է ավելի լուրջ քայլերի անցնել՝ երկրում օրինական իշխանությունը վերականգնելու նպատակով», - ասում է Զուրաբյանը՝ նշելով, որ ՀԱԿ-ը կարող է համագործակցել ընդդիմադիր իր մրցակիցների հետ:

Սակայն քաղաքագետ Բոզոյանի կարծիքով՝ դժվար թե ընդդիմադիր խմբերի ստեղծած որեւէ միություն հաջողության հասնի: Նա նշում է, որ Հայաստանում չկան ուժեղ ընդդիմության նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերելու համար նախատեսված հզոր ինստիտուտներ:

«Հայաստանում գործում է կոշտ, մեծ լիազորություններով գործադիր համակարգ, որը թույլ չի տալիս երկիրը ավտոնոմ զարգացում ունենա քաղաքական, տնտեսական դաշտում։ Սա բերում է կլանաօլիգարխիկ համակարգի ձեւավորմանը»,- ասում է Բոզոյանը

Գեղամ Վարդանյանը Internews-ի լրագրող է Երեւանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)

Norton
07.11.2009, 14:43
Ընդդիմությունը Ադրբեջանում

Միաբանության բացակայությունը թուլացնում է ադրբեջանական ընդդիմության հուսալիությունը

Ընդդիմությունը բարդ խնդրի առջեւ է կանգնած, սակայն միաբանության բացակայությունը նրա շարքերում հեշտացնում է իշխանությունների գործը



Դեկտեմբերին Ադրբեջանում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին բաժան-բաժան եղած ընդդիմության համախմբվելու փորձը փոխակերպվեց վեճի՝ կրկին կասկածի տակ դնելով կենսունակ այլընտրանքային կառավարություն ստեղծելու մասին նրանց պնդումները:

Ընդդիմության առաջնորդները մեղադրում են իշխանություններին լրատվական դաշտի եւ պետական ռեսուրսների մուտքն իրենց առջեւ փակելու մեջ, սակայն հենց իրենց պետք է մեղադրեն «Մուսավաթ» եւ «Ումիդ» ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաեւ մի շարք փոքր քաղաքական խմբերի համագործակցության փորձի արդյունքում ստեղծված «Հանուն Ղարաբաղի և հանրապետության» (ՀՂՔՇ) քաղաքացիական շարժումը տապալելու մեջ:

Կուսակցությունները մեղադրում են իրար իշխանությունների հետ համագործակցության մեջ: «Մուսավաթ»-ը հրաժարվել է տեղական ընտրական հանձնաժողովներում իրեն առաջարկված 1000 տեղից, սակայն «Ումիդ»-ը նման քայլի չի դիմել: «Մուսաֆաթ» կուսակցության կենտրոնական գործադիր վարչության ղեկավար Արիֆ Հաջիլին նշում է, որ «Ումիդ»-ը վնաս էր հասցնում ժողովրդավարությանը` միջազգային դիտորդների մոտ "պլյուրալիզմի միֆ" ստեղծելով:

«Իշխանությունները կարող են միջազգային հանրության մոտ ընտրությունների անցկացման ժողովրդավարական պայմանների առկայության տպավորություն ստեղծել: Իրականում ընտրական հանձնաժողովը կառավարության վերահսկողության տակ է: Մենք առաջարկեցինք հետ կանչել ենթադրաբար ընդդիմությունը ներկայացնող, սակայն իրականում իշխանությունների հետ այս ընտրական հանձնաժողովների շրջանակներում համագործակցող անձանց: Մենք մեղք չունենք, որ այդ անձինք «Ումիդ»-ի անդամներ են», - ասում է Հաջիլին:

«Ումիդ»-ի ներկայացուցիչներն իրենց հերթին մեղադրում են «Մուսավաթ» կուսակցությանը անազնվության մեջ՝ նշելով, որ այն անտեղի վեճ է սկսել:

«Ընտրական հանձնաժողովներից մեր ներկայացուցիչներին հետ կանչելու պատճառներ չկան: Նրանք ազնվորեն կատարում են իրենց պարտականությունները: Եթե «Մուսավաթ»-ի ներկայացուցիչները... ցանկանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին աղմուկ բարձրացնել, ապա թող ընդունեն խորհրդարանում իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ մեր առաջարկը: Այդ դեպքում մենք նույնիսկ ավելի մեծ աղմուկ կբարձրացնենք», - ասում է «Ումիդ»-ի առաջնորդ Իգբալ Ագազադեն:

Նման վեճերը չափազանց ծանոթ են ադրբեջանցի քաղաքագետներին. երկրի քաղաքականությունը կենտրոնացած է 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հորը փոխարինած Իլհամ Ալիեւի համախոհների ձեռքերում: Այդ ընտրություններին հաջորդեցին ընդդիմության պարտված թեկնածուի՝ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարի կողմնակիցների ցույցերը:

Սակայն այդ ժամանակվանից ի վեր ընդդիմությանը ցուցաբերված աջակցությունը նվազել է, քանի որ պարզ է դարձել, որ Ալիեւը ձեռքից բաց չի թողնի իշխանությունը մոտ ապագայում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր դաշինքների փլուզումը կարծես ավանդույթ է դարձել:

«Ընտրությունների նախաշեմին այս միավորումները միշտ փլուզվում են: Նման կառույցները, կարծես, կառավարության ծրագրով են ստեղծվում: Այս «ծանր բաժանումների» արդյունքում ընդդիմադիր կուսակցությունները մոռանում են իշխանությունների մասին՝ հարձակվելով իրար վրա: Հետաքրքրական է, որ ընդդիմության բոլոր այս քայլերը շահավետ են կառավարության համար», - ասում է «Այնա-Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ազեր Ռաշիդօղլուն:

Նրա խոսքերով՝ ընդդիմության շարքերում տիրող միաբանության բացակայությունը թուլացնում է ընտրողների հավատը ժողովրդավարական ռեֆորմների նկատմամբ. իսկ ստեղծված իրավիճակն էլ իր հերթին, իշխանությունների շահերին է ծառայում:

Հեղինակավոր վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեն ասում է, որ իշխանությունները կարողացել են ամբողջությամբ ընդդիմադիր կուսակցությունների մեջ ներթափանցել եւ դիտավորյալ իրար դեմ են լարում նրանց՝ երկրում իշխանության համար մրցակցությունը նվազեցնելու նպատակով:

«Կառավարությունն այնպես է ճնշել ընդդիմությանը, որ այն ընդունակ չէ գործելու: Նրանց որոշ մասը ստիպված էր կառավարությունից փող վերցնել գոյատեւելու համար՝ դառնալով Ալիեւի վարչակարգի «գրպանի» ընդդիմությունը: Ընդդիմության այն փոքրաթիվ ակտիվիստները, ովքեր նման քայլի չեն դիմել, այնպիսի ճնշված վիճակում են, որ պարզապես խեղդվում են: Գուցե ժամանակին նոր, ավելի ուժեղ ընդդիմության կստեղծվի, սակայն դրա համար շատ տարիներ կպահանջվեն», - նշում է Ալիզադեն:

Գամբարը, ով անկախության հաստատումից հետո Ադրբեջանի նախագահի պարտականություններն է ժամանակավորապես կատարել եւ եղել է խորհրդարանի խոսնակը, այնուամենայնիվ պնդում է, որ ընդդիմությունն ավելի ուժեղ է, քան թվում է:

«Կառավարական շրջանակներում նշում են, որ Ադրբեջանում ընդդիմությունը թույլ է եւ զուրկ է ինչպես հասարակական կշռից, այնպես էլ աջակցության հիմքերից: Սակայն իրականում քաղաքական կուսակցություններն այս երկրում գործողությունների ազատություն չունեն: Իշխանություններին արդյունավետ կերպով ծառայող հեռուստատեսությունը փակ է ընդդիմության համար: Խոսքի կամ հավաքների ազատություն գոյություն չունի», - ասում է «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Գամբարը:

«Եթե ընդդիմությունն այդքան թույլ է, ինչո՞ւ են իշխանությունները վախենում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: Եթե կառավարությունն իսկապես այդքան ուժեղ է եւ վայելում է ժողովրդի աջակցությունը, թող ազատ, թափանցիկ ընտրություններում հաղթի ընդդիմությանը, ցույց տա իր հզորությունը ժողովրդին, միջազգային կազմակերպություններին եւ հենց ընդդիմությանը: Բայց իշխանությունները գիտակցում են, որ դա չի լինի: Առաջին իսկ ժողովրդավարական ընտրությունների ժամանակ ընդդիմությունն իշխանության կգար»:

Սա պայքարի մարտահրավեր է, որը լուրջ չի ընդունվում Ալիեւի համակիրների կողմից: 125 պատգամավորից բաղկացած խորհրդարանում «Մուսավաթ» -ը չորս տեղ ունի, մինչդեռ «Ումիդ»-ը` մեկ: Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը 56 մանդատով է ներկայացված, իսկ մնացած 40 անկախ պատգամավորները կարող են աջակցել նրան քվեարկության ժամանակ: «Նոր Ադրբեջան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Այդին Միրզազադեի խոսքերով՝ ազատ ընտրությունների անցկացման համար առկա են բոլոր պայմանները, իսկ ընդդիմության բողոքներն ընդամենը խաղողին չհասած աղվեսի խոսքեր են:

«Ընդդիմությունը կառավարությունից հզոր կլինի միայն այն դեպքում, եթե կառավարությունը թերանա իր պարտականություններում: Միայն այդ դեպքում ընտրողները կանցնեն ընդդիմության կողմը: Քաջ հայտնի է, որ գործող իշխանությունները հաջողությամբ աշխատում են երկում եղած բոլոր խնդիրները լուծելու ուղղությամբ: Ադրբեջանն արագորեն զարգանում է: Սա նշանակում է, որ ընդդիմության սոցիալական հիմքը փոքր է, եւ այն կառավարությունից շատ թույլ է», - ասում է նա:

Անկախ վերլուծաբաններից շատերը, սակայն, երկու կողմերի խոսքերի մեջ էլ իմաստ չեն տեսնում: Այսպես, Ադրբեջանում հայտնի բլոգեր Գորգուդի (իսկական անունը չի բացահայտում) համոզմամբ՝ կառավարությունը թույլ չի տալիս ընդդիմությանը մրցակցության դուրս գալ որեւէ նշանակալի ձեւով, մինչդեռ ընդդիմության ներքին կռիվները զրկում են նրան ընտրազանգվածից:

«Եթե Բաքվի քաղաքապետի ընտրություններ անցկացվեին, այս «կռիվները» հասկանալի կդառնային: Այդ ժամանակ ցանկացած օլիգարխ ընդդիմադիր կուսակցություն կգներ եւ կպայքարեր այս շահութաբեր գործի համար, քանի որ Ադրբեջանի ֆինանսական ռեսուրսների 90 տոկոսը Բաքվում է կենտրոնացած: Բայց մեզ մոտ քաղաքապետին չեն ընտրում. նրան նախագահն է նշանակում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները նշանակալի ուժ չունեն: Սա նշանակում է, որ այս բոլոր վեճերի հիմքում ընկած են միայն ընդդիմության առաջնորդների անձնական ամբիցիաները», - ասում է բլոգերը:

Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի տնօրենն է: Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է Ադրբեջանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net)

Norton
07.11.2009, 14:45
Ընդդիմությունը Վրաստանում

Վրաստան. ցուցարարները հաջորդ քայլն են կշռադատում
Ամիսներ տեւած եւ ոչ մի արդյունք չտված ցույցերից հետո ընդդիմադիրները զբաղված են նոր ռազմավարություն մշակելով:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրաժարականը պահանջող եւ այդպես էլ ոչ մի արդյունք չտված քառամսյա մասսայական ակցիաներից ուժասպառ եղած վրացական ընդդիմությունը նոր ռազմավարություն է մշակում:

Գարնան եւ ամռան ամիսներին ընդդիմության ակտիվիստները կաթվածահար էին արել Թբիլիսին՝ պաշարելով խորհդարանի շենքը եւ մայրաքաղաքի գլխավոր փողոցի երկայնքով բանտախցեր հիշեցնող վրաններ տեղադրելով: Նրանք կտրականապես հրաժարվում էին զիջումների գնալ՝ հայտարարելով, որ կբավարարվեն միայն այն դեպքում, երբ Սահակաշվիլին հրաժարական տա:

«Մի քանի ամիս տեւած ցույցերը ոչ մի արդյունք չտվեցին: Չեմ կարծում, որ իշխանությունները հաղթել են: Հարցը դա չէ: Մենք աշունը դիմավորում ենք ճիշտ այնպիսի ուժերով, ինչպես գարնանը», - համոզված է Հանրապետական կուսակցության նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին, ով հանդիսանում է նաեւ «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը:

Սակայն Ուսուպաշվիլին նաեւ հաստատում է, որ ընդդիմության առաջնորդները պատրաստ են ներկայում իշխանությունների հետ երկխոսության գնալ եւ արդյունքների հասնելու համար հույսը չեն դնի միայն հասարակական ճնշման վրա:

«Այս պահին մեծ սխալ կլիներ միայն փողոցային ցույցերով սահմանափակվելը: Մենք բոլոր հնարավոր մեթոդներով մարտահրավեր կնետենք իշխանություններին՝ երկխոսությամբ, բանակցություններով, ճարտասանությամբ, քաղաքական նախաձեռնություններով, եւ իհարկե, ցույցերով», - ասում է նա:

Սահակաշվիլին, իր հերթին, այն կարծիքին է, որ ամիսներ տեւած ցույցերի նկատմամբ կառավարության հանդուրժողականությունն ապացուցում է, որ Վրաստանն իրականում ժողովրդավարական պետություն է, եւ ինքը բոլորովին էլ դիկտատոր չի, ինչպես նրա հակառակորդներն են պնդում: Ուսուպաշվիլին, սակայն, համոզված է, որ ընդդիմությունը զուրկ է եթեր դուրս գալու, ինչպես նաեւ կառավարության ունեցած ռեսուրսներից:

«Վրաստանում, ըստ էության, պատշաճ հեռուստա-ռադիո լրատվություն գոյություն չունի: Կենտրոնական հեռուստաընկերությունները իշխանության խոսափողներն են: Ընդդիմությունը ստիպված է դիմել այնպիսի պրիմիտիվ մեթոդների, ինչպիսին բրոշյուրներ բաժանելն է», - նշում է նա:
«Գոյություն ունի ռադիոն, մամուլը, համացանցը, բջջային հեռախոսները... Եթե փորձել, կարելի է ձայնը մարդկանց հասցնել: Սակայն, իհարկե, չափազանց դժվար է, երբ ձեր դեմ երեք հրեշներ են գործում», - հավելում է Ուսուպաշվիլին՝ ակնարկելով Վրաստանի երեք հիմնական հեռուստաալիքները՝ «Ռուսթավի -2»-ը, «Իմեդի»-ն եւ Հանրային հեռուստատեսությունը:

Հանրապետական կուսակցության ղեկավարի խոսքերով՝ իշխանությունների համար սովորական երեւույթ է դարձել արգելված նյութեր կամ ապօրինի զենք պահելու կեղծ մեղադրանքներով ակտիվիստներին բանտարկելը՝ այդպիսով չափազանց բարդացնելով ընդդիմության գործը:

«Այսպես, բոլորովին վերջերս Հանրապետական կուսակցության 9 ակտիվիստներ են ձերբակալվել՝ թմրանյութ պահելու մեղադրանքով: Նրանցից հինգին դատապարտել են առավելագույն պատժաչափով՝ 6 տարվա ազատագրման, իսկ մնացածին՝ տուգանել», - նկատում է Ուսուպաշվիլին:

«Գոյություն ունեն ճնշման այլ մեթոդներ: Մենք ցանականում էինք հավաք կազմակերպել Սիգնագիում (գտնվում է Վրաստանի արեւմուտքում): Դրանից երեք օր առաջ ոստիկանության սպաները հայտնվել էին կուսակցության մի քանի անդամների տների մոտ՝ հայտարարելով, որ եկել են զենք փնտրելու: Իրականում նրանք ոչինչ էլ չէին փնտրում, պարզապես ամեն ինչ ուսումնասիրել էին եւ հեռացել: Սա ահաբեկության անհաջող փորձ էր»:

Հանրապետական կուսակցության առաջնորդը նաեւ մեղադրում է կառավարությանը ընդդիմությանն աջակցող պետական ծառայողներին ահաբեկելու մեջ՝ փորձելով ստիպել նրանց հարել գործող ռեժիմին:

«Տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակարանային կոոպերատիվների հետ աշխատելով՝ իշխանություններն իրենք են կազմում ընտրացուցակները՝ վերացնելով «անցանկալի» քվեարկողներին», - ասում է նա:

«Բոլորովին վերջերս հանդիպում ունեցանք Սամեգրելո շրջանի բնակիչների հետ: Նախօրեի երեկոյան հանդիպման համար նախատեսված դահլիճի տերը հրաժարվեց այն մեզ վարձով տրամադրել: Բայց սա չօգնեց նրանց: Մենք հայտարարեցինք, որ եթե թույլ չտան ներս մտնել շենք, ապա փողոց դուրս կգանք բարձրախոսներով»:

Նման հայտարարություններին, սակայն, Սահակաշվիլու համակիրները հեգնանքով են նայում:

«Ընդդիմության վրա ոչ մի ճնշում չի գործադրվում: Տարօրինակ է, որ նրանք նման հարց են բարձրացնում հեռուստատեսության եթերում կամ փողոցային ցույցերի ժամանակ: Նրանց համար ազատ է թե´ խորհրդարանի ամբիոնը, թե´ լրատվական դաշտը՝ ներառյալ կենտրոնական հեռուստաալիքները: Դրանում համոզվելու համար, բավական է ընդամենը միացնել հեռուստացույցը», ասում է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին:

«Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե իշխանությունները ճնշում են գործադրում քաղաքական ակտիվիստների եւ ցուցարարների վրա, պետք է նշեմ, որ քաղաքական գործունեությունն անձեռնմխելիություն չի շնորհում: Եթե քաղաքական ակտիվիստը հարձակվում է ոստիկանի վրա, վիրավորում է իր համախոհներից մեկին կամ այլ հանցագործություն է կատարում, նա դատական պատասխանատվության է ենթարկվում: Սա տարածվում է ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող կուսակցության կողմնակիցների վրա»:

Սակայն վերջին ամիսների ընթացքում կառավարության հայտարարություններն այն ամսին, թե այն միայն օրենքի շրջանակներում է գործում, լուրջ կասկածի տակ են դրվել: Այս տարվա ամռանը Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիան (ՄԻՄՖ) մեղադրել է Վրաստանի իշխանություններին քաղբանտարկյալներին անազատության մեջ պահելու մեջ՝ պահանջելով բաց թողնել նրանց:

Միջազգային կազմակերպությունները նման մեղադրանքներ չեն ներկայացրել պետությանը [ի տարբերություն հարեւան Հայաստանի եւ Ադրբեջանի], սակայն ՄԻՄՖ-ի հետազոտողներն իրենց եզրակացություններն արել էին միայն բանտարկյալների ընտանիքների, նրանց փաստաբանների հետ հանդիպելուց եւ նրանց դատական գործերն ուսումնասիրելուց հետո:

«Այս դեպքերը հիմնականում ցույց են տալիս, թե ինչպես են որոշ քաղաքական մրցակիցներ, ընդդիմության ֆինանսավորողներ եւ դրա հետ կապված ազդեցիկ անհատներ ձերբակալվում եւ բանտարկվում՝ դատապարտվելով ամբողջությամբ կամ մասամբ կեղծ դատավարությունների արդյունքում», - նշվում է ՄԻՄՖ-ի զեկույցում:

Ուսուպաշվիլիի խոսքերով՝ ընդդիմադիր շարժումներն արդեն իսկ հստակ քաղաքական մոտեցում են մշակել եւ պատրաստ են այն ցանկացած ժամանակ քննարկել կառավարության հետ:

«Ապրիլին սկսված ցույցերի ժամանակ միայն մեկ պահանջ չէր ներկայացվել: Կառավարությանը 12 կամ 13 կետից բաղկացած դիմում էր ներկայացվել: Մենք այն ժամանակ հայտարարեցինք. «Առանձնացրեք այս կետերից որեւէ մեկը, եւ մենք կարող ենք բանակցություններ սկսել դրա շուրջ»: Իշխանություններն առաջարկեցին տեղական ինքնակառավարման մարմինների վաղաժամկետ ընտրությունները՝ չնայած սա չի կարելի վաղաժամկետ համարել, քանի որ դրանք ամեն դեպքում նախատեսվում էր անցկացնել հաջորդ տարվա նոյեմբերին», - նկատում է Ուսուպաշվիլին:

«Մենք պատրաստ ենք մասնակցել ցանկացած ընտրությունների, սակայն այն պայմանով, որ դրանք իրական կլինեն, այլ ոչ թե հերթական ֆարսը: Իսկ դա կանխելու համար անհրաժեշտ է թուլացնել ռեպրեսիոն մեքենան, ինչպես նաեւ՝ ստիպել իշխանություններին հրաժարվել իրենց նպատակների համար օգտագործել վարչական ռեսուրսները... Սահակաշվիլու հրաժարականի վերաբերյալ ընդդիմության ներկայացրած պահանջը ուժի մեջ է, քանի որ նա չի կարողանում ղեկավարել երկիրը եւ բոլորովին խելքը թռցրել է»:

Սակայն որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ընդդիմությունը դեռեւս շատ հեռու է մարդկանց իրական խնդիրները բարձրաձայնելուց: Քաղաքագետ Անդրո Բարնովի խոսքերով՝ լավ կլիներ, եթե անիրատեսական նպատակներ առաջ քաշելու փոխարեն, ընդդիմություն իր կազմակերպվածության մասին հոգ տաներ եւ ընտրություններին նախապատրաստվեր:

«Հավատացնում եմ, որ մարդկանց այնքան էլ չի հետաքրքրում Սահակաշվիլու լավ կամ վատ լինելը: Նրանց խնդիրները շատ ավելի պրագմատիկ են, օրինակ՝ բենզինի գինը կամ խաղողի բերքի հետ կապված խնդիրները: Ընդդիմությունը պետք է հենց այս ուղղությամբ աշխատի», - համոզված է Բարնովը:

Վերլուծաբանի կարծիքով՝ ընդդիմությունը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի՝ գործող իշխանություններին իրական այլընտրանք դառնալու համար: Նա նաեւ խորհուրդ է տալիս ընդդիմությանը հրաժարվել այս տարվա իր ռազմավարության մեջ գերակշռող ամպագորգոռ պահանջներից:

«Նրանց քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս», - եզրակացնում է քաղաքագետը:


Թեա Տոպուրիան ազատ լրագրող է:

Norton
07.11.2009, 14:46
Ընդդիմությունը Աբխազիայում

Աբխազիա. այլակարծությունը սահմանափակվում է

Փոքրիկ հանրապետության ընդդիմությունը պայքարում է գաղափարների եւ ռեսուրսների բացակայության դեմ:

Աբխազիայի նախագահական ընտրություններին մոտ երկու ամիս է մնացել, իսկ ընդդիմության հիմնական թեկնածուն մեղադրում է իշխանություններին լրատվական դաշտի եւ քարոզչության միջոցների առումով անհավասար պայմաններ ստեղծելու մեջ:

Ռաուլ Խաջիմբան պնդում է, որ նրա հակառակորդը՝ գործող նախագահ Սերգեյ Բագապշը, ով 2005-ից ղեկավարում է Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված, սակայն միջազգային հանրության կողմից Վրաստանի մասը համարվող շրջանը, իր գործողություններով ապացուցել է, որ ժողովրդավարության մասին տված իր խոստումները սուտ էին:

«Կառավարության ներկայացուցիչները գեղեցիկ ճառեր են արտասանում երկրում ընդդիմության գոյություն պայմանների մասին, բայց եւ միեւնույն ժամանակ չափազանց վատ են արձագանքում ընդդիմության գործողություններին եւ երկրի ներսում տիրող իրադրությանը տրված գնահատականներին: Սա բոլորովին չի նպաստում իշխանությունների դրական կերպարի կերտմանը», - ասում է ընդդիմության թեկնածուն:

«Ընդդիմությանը հնարավարություն չի տրվում հեռուստատեսությամբ ելույթ ունենալ: Բացի այդ, այն չի կարող իր մոտեցումները ներկայացնել պետական թերթերում: Ամենուրեք ընդդիմության առջեւ արգելքներ են դնում, եւ դա իշխանությունների ձեռքի գործն է: Նրանք պարզապես թույլ չեն տալիս, որ ընդդիմությունն իր ձայնը հասցնի ողջ ժողովրդին»:

Կառավարությունը հերքում է Խաջիմբայի մեղադրանքները, իսկ վերլուծաբաններն իրենց հերթին նշում են, որ նրա առջեւ ավելի լուրջ խնդիր կա. բանն այն է, որ Աբխազիայի իշխանությունները մանեւրելու սահմանափակ հնարավորություններ ունեն, իսկ սա նշանակում է, որ ընդդիմության թեկնածուն դժվար թե կարողանա այլընտրանք առաջարկել Բագապշի վարած քաղաքականությանը:

Երկիրը դեռեւս ավերված է 1992-93 թվականների պատերազմից հետո, որի ժամանակ Վրաստանը կորցրեց իշխանությունը Աբխազիայի նկատմամբ: Բացի այդ, Աբպազիայի բյուջեի կեսից ավելին Ռուսաստանի տրամադրած միջոցների հաշվին է կազմված. սա նշանակում է, որ իշխանությունների քաղաքականությունը սահմանափակվում է Մոսկվայի պահանջների շնորհիվ:

«Բոլոր քաղաքական շարժումները՝ իշխանություններն ու ընդդիմությունը, խոսում են իրավական հիմքերով ժողովրդավարական պետության կառուցման, հանրային ուղղվածությամբ շուկայական տնտեսության ստեղծման անհրաժեշտության, Աբխազիայի ազգային դիմագծի եւ լեզվի պահպանման կարեւորության, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման մասին», - նշում է Սուխումի Մարդասիրական ծրագրերի հետազոտական կենտրոնի տնօրեն Արդա Ինալ-Իպան:

«Վերլուծաբանները ստիպված են ճիգ գործադրել՝ գլխավոր քաղաքական ուժերի միջեւ եղած հիմնական տարբերությունը գտնելու համար: Հստակ եւ ըմբռնելի տարբերություն կա թիմերի անդամների, դրանց առաջնորդների, ինչպես նաեւ՝ կառուցվածքի միջեւ: Ես դեռ հույս ունեմ, որ ընտրությունների ժամանակ որոշիչ գործոնը ոչ թե բացասական քարոզչությունը կլինի, այլ գաղափարներն ու ծրագրերը»:

Խաջիմբայի համակիրները կարողացան նշանակալի հաղթանակ տանել՝ ստիպելով կառավարությանն օգոստոսին հրաժարվել Աբխազիայի արեւմուտքում գտնվող Գալի շրջանի էթնիկական վրացիներին աբխազական անձնագրեր տրամադրելու ծրագրերից. այսպիսով նրանք տպավորություն ստեղծեցին, թե իշխանությունները պրովրացական դիրքորոշում ունեն, ինչը չէր կարող ուրախացնել աբխազներին:

«Սա շատերին հիշեցնում է 2004-ի ընտրությունների ժամանակ ստեղծված իրադրությունը՝ չնայած այն ժամանակ ընտրված ռազմավարությունը հաջողություն չունեցավ: Դժբախտաբար, պետք է փաստել, որ մեր հասարակությունը բաց է թողնում նախընտրական քարոզչության աշխուժացման ժամանակ ստեղծված հնարավորությունը՝ երկրի ապագայի վերաբերյալ կառուցողական քննարկումներ կազմակերպելու համար», - ասում է Ինալ-Իպան:

2004-ի ընտրությունների ժամանակ Խաջիմբան պարտություն կրեց եւ վիճահարույց ընտրություններին հետեւած բողոքի ցույցերին վերջ տալու նպատակով եկած ռուս պաշտոնյաների միջնորդությամբ՝ համաձայնության եկավ գործող նախագահ Բագապշի հետ. Խաջիմբան զբաղեցրեց փոխնախագահի պաշտոնը, որից հրաժարվեց այս տարվա սկզբին: Այժմ նա պնդում է, որ այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ նրա նախաձեռնություններն անտեսվում էին գործող իշխանությունների կողմից. այնուամենայնիվ, նրա նախկին կապերը կառավարության հետ հեշտությամբ օգտագործվում են ընդդիմության առաջնորդի նրա դիրքերը թուլացնելու համար:

«Անձամբ ես դրական կարծիք ունեմ նրա մասին, բայց նա չկարողացավ իրեն լավ դրսեւորել որպես կառավարության բարձրաստիճան պաշտոնյա», - ասում է իշխանամետ «Ամցախարա» շարժման ղեկավար Մարինա Գումբան:

«Պետական անվտանգության ծառայությունը գլխավորելուց հետո, նա այժմ խոսում է հանցագործությունների եւ երկրում եղած հանցավոր իրադրության մասին: Ճիշտ չէ որեւէ մեկին այս բանում մեղադրելը՝ չընդունելով որ դա տեղի է ունեցել իր իսկ լուռ համաձայնությամբ: Խաջիմբան ասում է, որ երկրում ոչինչ չի արվում, բայց այս բոլոր տարիներին նա կամ աշխատում էր այս կառույցներում կամ ղեկավարում դրանք: Նման պահվածքը պատշաճ չէ մի մարդու համար, ով եղել է վարչապետ, փոխնախագահ եւ ղեկավարել է անվտանգության ծառայությունները»:

Այնուամենայնիվ, այս քննադատությունը չի ստիպում Խաջիմբային հրաժարվել կառավարությանը հրապարակավ մեղադրելուց՝ նույնիսկ որպես ապացույց օգտագործելով սեփական փորձը. սա ավելի շուտ մեղմացնում է Գումբայի կողմից իր հասցեին արված մեղադրանքների տպավորությունը:

Խաջիմբան հայտարարել էր, որ տեղյակ է ընդդիմության ակտիվիստների դեմ պատրաստվող մի շարք քրեական գործերի մասին:

«Ես գիտեմ, թե ինչպիսի յուրահատկություններ ունի իշխանությունների գործելաոճը, թե ինչպես են ոստիկանությունն օգտագործում ընդդիմության կողմակիցների վրա ազդելու համար, եւ ինչպես է այդ ամենն իրագործվում: Չեմ բացառում, որ այս գործընթացը դեռեւս շարունակվում է», - ասում է Խաջիմբան:

«Եթե նախքան գործող իշխանությունների ի հայտ գալը իրադրությունն առանձնապես լավ չէր, ապա վերջին չորս ու կես տարվա ընթացքում այն ավելի է վատթարացել: Բերեք գոնե մեկ փաստ, որը կապացուցի, թե կառավարությունը կատարել է ժողովրդին տված իր խոստումները»:

Այնուամենայնիվ, նախկին փոխնախագահը դեռեւս շատ ջանք պետք է գործադրի՝ չեզոք վերլուծաբաններին այս ամենում համոզելու համար:

«Չեգեմսկայա պրավդա» անկախ շաբաթաթերթի խմբագիր Ինալ Խաշիգը նշում է, որ ակտիվիստները բողոքելու պատճառ չունեն՝ չնայած իրեն արդեն իսկ զգուշացում է արվել քննադատական հոդվածներ հրապարակելու վերաբերյալ:

Նրա խոսքերով՝ քաղաքական ազատության առումով իրադրությունը մեծապես բարելավվել է Աբխազիայի նախկին առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի կառավարման տարիներից ի վեր, ով ղեկավարել էր երկիրը Վրաստանի հետ պատերազմի ժամանակ եւ մինչեւ Բագապշի իշխանության գալը:

«Այսօր ընդդիմության վիճակն Աբխազիայում լավ է, մինչդեռ տասը տարի առաջ ընդդիմություն լինելն առնվազն հերոսություն էր: Աբխազիան առաջընթաց է ապրել: Այսօր ընդդիմությունը չի ընկալվում որպես բացասական երեւույթ, նրա առջեւ խոչընդոտներ չկան», - ասում է նա:
Անահիտ Գոգորյանը Աբխազիայում լույս տեսնող «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: (www.iwpr.net

Նյութերը՝Ա1+ (www.a1plus.am/am)