PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Շրջանաձև ավերակներ



Հայկօ
30.10.2009, 21:41
Շրջանաձև ավերակներ



And if he left off dreaming about you…
Through the Looking-Glass, VI


Համատարած գիշերվա մեջ ոչ ոք չտեսավ նրա տեղ հասնելը, ոչ ոք չտեսավ սրբազան կավահողի մեջ ընկղմված եղեգնյա նավակը, սակայն մի քանի օր անց բոլորն էլ գիտեին, որ այդ մտախոհ մարդը Հարավից էր գալիս, և որ նրա հայրենիքը ջրերն ի վեր, սարերի կոշտ լանջին գտնվող անհամար ավաններից մեկն էր, այն վայրերից, ուր դեռ զենդական լեզուն հունարենից չի վարակվել, ուր բորոտությունն հաճախական չէ: Ճշմարտությունն այն է, որ այդ մոխրագույն մարդը համբուրեց կավահողը և, առանց իրենից հեռացնելու (գուցե և առանց զգալու) մարմինը ծակծկող սուր ճյուղերը, բարձրացավ բարձունքն ի վեր, թույլ ու արյունոտ սողաց մինչև շրջանաձև կամարը, ուր բարձրանում էր քարե մի վագր կամ ձի, որն ինչ-որ ժամանակ կրակի գույն էր ունեցել, իսկ այժմ մոխրագույն էր: Այդ շրջանակը, հին հրդեհներից ավերված, ճահճոտ անտառից կործանված, մի տաճար էր, որտեղ բնակվող աստվածությունը մարդուց հարգանք չէր ընդունում: Օտարականը պառկեց խորանի առաջ: Բարձրագահ արևն արթնացրեց նրան: Առանց զարմանալու պարզվեց, որ վերքերը բուժվել են, փակեց դժգույն աչքերն ու նորից քնեց. դա մարմնի թուլություն չէր, այլ կամքի որոշում: Գիտեր, որ այդ տաճարն էր իր անհաղթ նպատակի պահանջած վայրը, գիտեր, որ անդադրում ծառերը չէին կարողացել խեղդել ներքևի՝ հոսանքն ի վար գտնվող մի այլ՝ սրա նման այրված և մեռած աստվածների պատկանող տաճարը, գիտեր, որ իր անմիջական պարտականությունը քնելն էր: Կեսգիշերին նրան արթնացրեց ինչ-որ թռչունի հուսակտուր կանչը: Բոբիկ ոտքերի հետքերը, շաղ տված արմավներն ու կուժը նրան հուշեցին, որ շրջանի բնակիչները հարգանքով հսկել էին իր քունը և կամ իր պաշտպանությունն էին խնդրում, կամ էլ վախենում էին իր դյութանքից: Զգաց երկյուղի սառնությունը և լայն պատի մեջ գերեզմանային մի նկուղ որոնեց ու ծածկվեց անծանոթ տերևներով:

Նրա նպատակը արտառոց չէր, բայց անբնական էր: Ուզում էր երազում տեսնել մի մարդու, ուզում էր նրան երազել մանրակրկիտ ամբողջականությամբ և այն պարտադրել իրականությանը: Դյութական այդ ծրագիրը կլանել էր նրա ամբողջ հոգին. եթե ինչ-որ մեկը հարցներ իր իսկ անունը կամ իր անցած կյանքի որևէ հանգամանք, նա չէր կարողանա պատասխանել: Անբնական ու ավերակ տաճարը շատ հարմար էր, քանի որ այնտեղ տեսանելի աշխարհը նվազագույնն էր, մշակների մոտիկությունն էլ էր ձեռնտու, քանի որ սրանք էին հոգալու իր սակավապետ կարիքները: Նրանց նվիրաբերած բրինձն ու մրգերը իր մարմնի համար, որի հոգսը քնելն ու երազելն էր, բավարար սնունդ էին:

Սկզբում երազները խառնիճաղանջ էին, հետո իմաստ ձեռք բերեցին և տրամաբանություն: Օտարականը ինքն իրեն երազում էր շրջանաձև մի ամֆիթատրոնի կենտրոնում, որն ինչ-որ չափով այրված տաճարն էր ներկայացնում. մտախոհ աշակերտների զբաղեցնում էին աստիճանները, վերջիններիս դեմքերն օրորվում էին հեռավոր դարերում՝ աստղային մի բարձրության վրա, սակայն կատարելապես հստակ էին: Մարդը նրանց դասավանդում էր կազմախոսություն, տիեզերագիտություն և կախարդանք. այդ դեմքերը լսում էին տենչագին և փորձում էին իմացությամբ պատասխանել իրենց տրված հարցերին, կարծես գուշակում էին այդ քննության կարևորությունը, որը նրանցից մեկն ու մեկին ազատելու էր ունայն կերպարանքից և զետեղելու իրական աշխարհում: Քուն թե արթուն՝ մարդը քննում էր իր տեսիլքների պատասխանները, կեղծիքից խուսափում էր և որոշ շվարումներից գուշակում մտավոր կարողության աճը: Որոնում էր այնպիսի մեկին, որն արժանի կլիներ տիեզերքին մասնակից լինելու արարողությանը:

Ինը թե տասը գիշեր հետո հասկացավ, որ իր գաղափարախոսությունը ծուլորեն ընդունող աշակերտներից ոչինչ չէր կարող սպասել և որ որոշ ակնկալիք ուներ այն աշակերտներից, որոնք մեկ-մեկ տրամաբանորեն փորձում էին հակաճառել իրեն: Առաջիններն, իհարկե, արժանի էին սիրո և համակրանքի, բայց անձ չէին կարող դառնալ, վերջինները հույս էին ներշնչում: Մի երեկո (այժմ երեկոներն էլ էին նրան երազելու հնարավորություն տալիս, հիմա արթուն էր ընդամենը մի քանի ժամ՝ արշալույսին) վերջնականապես արձակեց պատրանքային ընդարձակ դպրոցը և մեն մի աշակերտ պահեց. սա մտախոհ, մելամաղձոտ, հաճախ անսաստ, վարպետի սուր դիմագծերը կրկնող մի երիտասարդ էր: Ընկերների հանկարծակի անհայտացումը գրեթե չզարմացրեց նրան: Մի քանի անհատական դասերից հետո նրա առաջադիմությունը հիացրեց վարպետին: Սակայն պատահեց աղետալին: Մի օր մարդը քնից վեր կացավ, ինչպես լպրծուն մի անապատից, նայեց իրիկնային ունայն լույսին, որն արշալույսի հետ շփոթեց և հասկացավ, որ երազի մեջ չէ: Այդ ամբողջ գիշերն ու ցերեկը ակներևաբար անքնությունը տանջեց նրան: Ուզեց հետազոտել անտառը, հոգնել ճահիճների մեջ ուժասպառության աստիճան և հազիվ սովորական, վաղանցուկ, անօգտակար տեսիլներով լիցքավորված, մի թեթև քնատություն ձեռք բերեց: Ուզեց վերադառնալ դպրոցին, սակայն հորդորական հակիրճ խոսքերը նոր էր արտաբերել, երբ դպրոցը ձևափոխվեց ու հալվելով անհետացավ: Գրեթե անդադար անքնության մեջ՝ զայրույթի արցունքներն այրեցին նրա ծերունական աչքերը:

Հասկացավ, որ բարձրագույն և ցածրակարգ բոլոր առեղծվածների մեջ խորանալով հանդերձ, երազների անտրամաբանական և գլխապտույտ նյութը ձևակերպելու ջանքը տղամարդու բռնած գործերից ամենադժվարինն է, շատ ավելի դժվար, քան ավազից պարան հյուսելը, կամ անդեմ քամուց մետաղադրամ պատրաստելը: Հասկացավ, որ առաջին անհաջողությունն անխուսափելի էր: Երդվեց մոռանալ հսկայական այն ցնորքը, որ սկզբնական շրջանում շեղել էր նրան և աշխատանքային այլ մեթոդ որոնեց: Գործի անցնելուց առաջ մի ամիս նվիրեց ցնորքում վատնած ուժերը վերականգնելու գործին: Վանեց երազելու բոլոր նախամիտումներն ու գրեթե անմիջապես կարողացավ քնել: Այդ ժամանակահատվածում քիչ երազեց և երազներին ուշադրություն չդարձրեց: Գործը վերսկսելու համար սպասեց, որ լուսնի կլորությունը կատարյալ լինի: Երեկոյան լվացվեց գետի ջրերում, երկրպագեց երկնային աստվածներին, արտասանեց ամենակարող անվան ծիսական վանկերն ու քնեց: Գրեթե անմիջապես երազում բաբախող մի սիրտ տեսավ:

Տասնչորս պայծառ գիշերների ընթացքում մանրամասն սիրով երազեց այդ սիրտը: Սիրտը շարժուն էր, ջերմ, խորհրդավոր, փակ բռունցքի մեծությամբ և կարմրավուն՝ անդեմ ու անսեռ մարդկային մարմնի խավարում:Ամեն գիծեր ավելի ակնհայտորեն էր ընկալում այն: Ձեռք չէր տալիս, սահմանափակվում էր վկայակոչելով, դիտելով, գուցե և սրբագրում էր հայացքով: Տարբեր տարածություններից ու անկյուններից էր ընկալում ու ապրում այդ սիրտը: Տասնչորսերորդ գիշերը ցուցամատով դիպավ շնչերակին, ապա ամբողջ սրտին՝ դրսից ու ներսից: Քննությունը գոհացրեց նրան: Մի գիշեր հանգստացավ և ապա վերադարձավ սրտին, մի մոլորակի անուն հիշեց և անցավ մի այլ օրգանի տեսիլքին: Մի տարի չանցած հասավ կմախքին, թերթերունքներին: Ամենադժվար գործը գուցե անհամար մազերը եղան: Կատարյալ մի մարդ երազեց, մի պատանի, բայց սա վեր չէր կենում, չէր խոսում, աչքերը չէր բացում: Գիշեր գիշերվա հետևից քնած՝ մարդը նրան երազեց:

Գնոստիկական տիեզերագիտություններում Արարիչները հունցել են կարմիր մի Ադամ, որ չէր կարողանում ոտքի կանգնել. այդ հողե Ադամի պես անճկուն, բիրտ ու պարզունակ չէր մոգի գիշերների ստեղծած երազե Ադամը: Մի երեկո մարդը քիչ էր մնում ոչնչացներ իր գործը, բայց զղջաց: (Երանի չզղջար): Հողի և գետի աստվածություններին ուղղված աղոթքներն սպառած՝ վայր ընկավ, ով գիտե, վագրի թե նժույգի պատերի առջև և աղերսեց նրա անծանոթ օգնությունը: Երազում արձանը տեսավ: Նա կենդանի էր, դողդոջուն, նա ոչ թե վագրի ու նժույգի սարսափելի մի խառնուրդ էր, այլ միևնույն ժամանակ այդ երկու զորավոր կենդանիներն էր, նաև ցուլ էր, և՛ վարդ, և՛ փոթորիկ: Բազմադեմ այդ աստվածությունը հայտնեց, որ իր երկրային անունը Կրակ է, որ շրջանաձև այդ տաճարում (և նման այդ տաճարներում) պաշտել էին իրեն և իր պատվին զոհաբերություններ կատարել, հայտնեց նաև, որ ինքը շնչավորելու է երազված տեսիլքը, և աշխարհի ոչ մի արարած, բացի կրակից ու երազողից, չի իմանալու նրա ուրվականային բնույթը: Հրամայեց, որ ծեսերում վարժեցնելուց հետո, նրան ուղարկեն ջրերն ի վար հարատևող բուրգերի ավերակ տաճարը, որպեսզի այդ ամայի շինության մեջ գեթ մի ձայն փառաբանի իրեն: Երազող մարդու երազում երազելին արթնացավ:

Մոգը կատարեց այդ հրամանները: Որոշ ժամանակ տրամադրեց (որն ի վերջո երկու տարի տևեց) տիեզերքի գաղտնիքներին և կրակի պաշտամունքը սովորեցնելու գործին: Ներքնապես ցավում էր նրանից բաժանվելու համար: Մանկավարժական կարիքի պատրվակով ամեն օր ավելացնում էր երազին նվիրված ժամերը: Նաև վերստեղծեց աջ՝ գուցե պակասող ուսը: Հաճախ նրան անհանգստացնում էր այն տպավորությունը, որ այդ ամենն արդեն տեղի է ունեցել... Ընդհանուր առմամբ նրա օրերը երջանիկ էին անցնում, աչքերը փակելիս մտածում էր՝ «Հիմա որդուս հետ կլինեմ»: Կամ, թեև ոչ շատ հաճախ՝ «Ծնածս զավակն սպասում է ինձ, եթե չգնամ, կմեռնի»:

Աստիճանաբար նրան վարժեցրեց իրականությանը: Մի անգամ նրան հրամայեց դրոշակ տնկել հեռավոր մի գագաթի: Հաջորդ օրը դրոշակը ծածանվում էր գագաթին: Օրեցոր ավելի հանդուգն, համանման այլ փորձարկումներ կատարեց: Որոշ դառնությամբ հասկացավ, որ որդին պատրաստ է ծնվելու, գուցե և՝ անհամբեր: Այդ գիշեր, առաջին անգամ լինելով, համբուրեց նրան և ուղարկեց անմատչելի անտառներով և ճահիճներով բաժանված, գետի հոսանքն ի վար փայլատակող ավերակների տաճարը: Նախ (որպեսզի երբեք չգիտակցի իր տեսլային բնույթը և ինքն իրեն մյուսների նման մարդ համարի)՝ նրան ներշնչեց ուսուցման տարիների կատարյալ մոռացումը:

Ձանձրույթը գոլորշացրեց նրա հաղթանակն ու ներքին խաղաղությունը: Մայրամուտին ու արևածագին, գուցե երևակայելով, թե ջրերն ի վար մի այլ շրջանաձև ավերակներում իր որդին նույն ծեսերն է կատարում, ծնկի էր գալիս քարե արձանի առաջ ու աղոթում: Գիշերները չէր քնում կամ քնում էր բոլոր մարդկանց նման: Տիեզերքի հնչյուններն ու ձևերը աղոտ դժգոհությամբ էր ընկալում, և բացակա որդին իր հոգու այդ փոքրացումներից էր սնվում: Իր կյանքի նպատակը բավարարված էր: Մարդն հարատևեց մի տեսակ ինքնամոռացման մեջ: Որոշ ժամանակ անց, որ այդ պատմության որոշ պատմիչներ հաշվում են տարիներով, իսկ ոմանք՝ հնգամյակներով, կեսգիշերին նրան անթնացրին երկու թիավարներ. չկարողացավ տեսնել նրանց դեմքերը, բայց խոսեցին Հարավային տաճարում բնակվող կախարդական մի մարդու մասին, որ կարողանում էր առանց այրվելու կրակը խառնել:

Կախարդը հանկարծ հիշեց Աստծու խոսքերը: Հիշեց, որ աշխարհի բոլոր արարածներից միայն կրակը գիտի իր որդու տեսլային բնույթի մասին: Սկզբում հանգստացնող այդ հուշն սկսեց տանջել նրան: Վախեցավ, որ որդին խորհեր այդ անբնական կարողության մասին և ինչ-որ ձևով հայտնաբերեր իր ուրվականային բնույթը: Ոչ թե մարդ, այլ մի ուրիշ մարդու երազի արտացոլանքը լինել. ի՜նչ անհամեմատելի նվաստացում, ի՜նչ ճակատագիր: Յուրաքանչյուր ծնող հետաքրքրվում է շփոթմունքի կամ երջանկության պահին իր բեղմնավորած (թույլատրած) զավակով, բնական էր, որ մոգը հազար ու մի գիշերների միջոցով, ջիղ առ ջիղ, հատկություն ու հատկություն մտածեր և երկյուղեր իր որդու ապագայի մասին:

Նրա մտորումների վախճանն հանկարծակի էր, սակայն այդ վախճանը խոստացել էին որոշ ակնհայտ նշաններ: Սկզբում (երկար երաշտից հետո) սարի վրա հայտնված թռչնի պես թեթև և հեռավոր ամպը , հետո՝ Հարավից ընձառյուծի լնդերի պես շառագունող երկինքը, տարածվող ծուխը, որ ժանգով պատեց գիշերների մետաղը, հետո՝ երկյուղած անասունների փախուստը: Որովհետև կրկնվեց դարեր առաջ կատարվածը: Կրակն ավերեց Կրակի աստվածությանը նվիրված սրբավայրի ավերակները: Առանց թռչունների մի արշալույսի մոգը տեսավ, թե շրջապատող հրդեհն ինչպես է փարվում պատերին: Մի պահ մտածեց ապաստան որոնել ջրերի մեջ, բայց հետո հասկացավ, որ մահը գալիս է իր ծերության և գործերի վախճանը թագադրելու: Քայլեց դեպի կրակի բոցերը: Սրանք չխայթեցին նրա մարմինը, շոյեցին ու, առանց կիզումի, ջերմությամբ լցրին նրա մարմինը: Սփոփված, նվաստացած, սարսափած՝ հասկացավ, որ ինքն էլ է մի տեսիլք, որ երևում է մեկ ուրիշի երազում:

Հայկօ
30.10.2009, 21:46
Իսպաներենից թարգմանությունը՝ Հ. Բոդուկյանի: