PDA

Դիտել ողջ տարբերակը : Արցախյան ազատամարտիկներ



Tig
26.10.2009, 10:26
Արցախյան ազատամարտը դեռևս չի անցել խոր պատմության գիրկը և մեր շրջապատում այսօր դեռևս ապրում են այդ ազատամարտի անմիջական մասնակիցները: Նրանցից շատերը այսօր զբաղեցնում են բարձր պաշտոններ, թե զինվորական, թե ոչ զինորական ոլորտում: Բայց ես այստեղ չեմ ուզում կենտրոնանալ այդ դասի մարդկանց վրա, աստված իրենց հետ… Եվ ոչ էլ ցանկանում եմ խոսել հերոսացածների մասին, նրանց մասին այսպես թե այնպես խոսվում է, և մենք միշտ վառ կպահենք նրանց մասին հիշողությունը: Այս թեմայում ես ուզում եմ անդրադառնալ սովորական` շարքային կռվողներին`մարտիկներին, նրանց կենսագրությանն ու ճակատագրին, նրանց առօրյաին, երեկվան, այսօրվան և վաղվան: Ուզում եմ հենց այդ դասի մարդկանց վրա կերտրոնացնել մեր ուշադրությունը, քանի որ հենց նրանք ունեն ամենամեծ ուշադրության կարիք և հակառակի պես գտնվում են ուշադրությունից դուրս: Եվ կարծում եմ հենց այդ միջին դասն է առավել մեծ դեր ունեցել հաղթանակի կայացման գործում:
Սկզբում մտածում թե ինչպե?ս կարելի է արտահայտել այդ ուշադրությունը և հասկացա, որ նրանք ամենաշատը կարիք ունեն ուղղակի զրուցելու, արտահայտվելու, կիսվելու, գնահատված լինելու: Ու որքան էլ այսօր նրանք սոցիալական ծանր վիճակում գտնվեն` առավելապես ուշադրության ու շփման կարիք ունեն, այլ ոչ թե… Նյութական օգնությունը նրանց համար առավելապես ողորմության կնմանվի և ճնշող կլինի, եթե դա լինի անհատի կողմից, այլ բան է որ դա լինի պետության կողմից, բայց դե…
Ինչևէ, որոշեցի ուղղակի այցելել նման մարդկանց և ուղղակի զրուցել նրանց հետ, ու այդ զրույցները ներկայացնել ձեզ:
Լավ, շատ երկար բարակ խոսացի անցնենք գործի:
Նախ ուզում եմ ասել որ թեման չի նախատեսվում քննարկումների համար: Այստեղ լոկ ուզում եմ տեղադրել ազատամարտիկների հետ ունեցած զրույցները, հիշողությունները և կենսագրությունները: Բոլոր ցանկացողներն էլ կարող են համապատասխան նյութերի առկայության դեպքում տեղադրել այստեղ, դրանով իսկ ավելացնելով Արցախյան ազատամարտի պատմության էջերը:
Ինչպես նաև ուզում եմ տեխնիկական հովանավորության համար շնորհակալություն հայտնել Չիլլիից` մեր Մուշեղ Յուզբաշյանից, քանի որ զրույցները ձայնագրելու համար ձայնագրիչը` դիկտաֆոնը, տրամադրել է նա:

Հ.գ. Սկզբում մտածում էի խմբագրել զրույցը ու գրական լեզվով տեղադրել, հետո հասկացա, որ խոսակցական լեզվով` հում վիճակում, ավելի ճիշտ կլինի, ավելի բնական ու հետաքրքիր կկարդացվի:

Tig
26.10.2009, 10:30
Հարություն Աղվանի Հովհաննիսյան:
Ծնվել է 1961թ. փետրվարի 22-ին Երևանում: Սովորել է թիվ 92 միջնակարգ դպրոցում: 1982-ից <Անուշ> միավորումում աշխատել է, որպես մեխանիկ: 1984թ-ին ամուսնացել է Ունեցել է 2 որդի, 1 դուստր: Ցավոք սրտի մեծ որդին այսօր չկա… Դեռ կանդրադառնանք այս ողբերգությանը: 88-ից պարբերաբար մասնակցել է Արցախյան շարժմանը և ազատամարտին: Այժմ գործազուրկ է:

………..
- Հունվարի 17-ին մտել ենք Աղվանստան; Էդ էլ նենց երկիրա, ոչ մեկդ տենց երկիր չեք տեսել:
- Անապատա?
- Անապատ որնա: Համ անապատ, համ սար ու ձոր: Մեր երկիրն էլա չէ? սար ու ձոր, բայց դրանց սարերը ուրիշ ձևի են, ոնց որ սուր-սուր ցցեր լինեն: Աղվանստանում, վիրավորվել եմ: Քաբուլի գոսպիտալում եմ պարկել, ոտիս մեջի ասկոլկեքը ընդեղ են հանել…
- Ո?ր թվերին եք եղել Աղվանստանում:
- Ես բանակ եմ գնացել 79 թվի դեկտեմբերին: Պրիսյագից հետո հունվարի 17-ին տարել են Աղվանստան: 2 տարի: Ու կապ չուներ նորվա եկած էինք թե շուտվա, սաղին հավաքին տարան… ու վիրավորվեցի…
- Իսկ շա?տ հայ կար ձեր հետ:
- Պոլկում 35 հայ կար, որից երկուսս վիրավորվեցինք, ու զարմանալիա, բայց մնացածին բան չեղավ: Բայց ինչքան թուրք ու ուզբեկ կաին` մեծ մասը կոտորվին: Բոյի ժամանակ երկուսս վիրավորվեցինք, էդ հետինիս մոտ բարդ էր, մի 3 ամիս ինքը պարկեց, մոտ 1 ամիս էլ ես:
- Վերջերս Աղվանստանից զորքի դուրս բերման 20 տարին էր չէ?...
- Չէ, չեմ գնացել: Կանչել էին, բայց չեմ գնացել իրանք իրանց գործն առաջ տանելու համար են կանչում… Չէ… բայց հարկավորա գնալ, ոնց էլ լինի ջղայնություն կա, բան կա, բայց դե… հարկավոր էր գնալ:
- Որտեղի?ց եք սկսել Արցախյան ազատամարտը, ո?ր ջոկատի կազմում եք եղել:
- Գորիս, Կոռնիձոր: Մալաթիա ջոկատում եմ եղել` սնայպեռ: Դա հենց ամենասկիզբն էր, եթե ոչ առաջինը` կարողա երկրորդը: Սկզբից Գորիսի գյուղերից մեկն էինք պահում: Էդ առաջին մարտերի ժամանակ էլ մի զոհ ունեցանք… անունը չեմ հիշում, բայց էդ գյուղի դպրոցը հետո իրա անունով էին կոչել: Մենք հլը դեսից դենից զենք էինք ճարել գյուղացիք վաբշե զնեք չունեին, ստիպված էդ գյուղից գնալուց, մեր զենքերի կեսը թողեցինք էդ գյուղացիներին, որ յոլա գնան մինչև… Ընդեղից գնացինք Մեղրի… չէ էդ ժամանակ ես մնացի Գորիսում, տղեքը գնացին հետ եկան, դրանից հետո նոր գնացինք Ղարաբաղ:
- Մե?ծ էր ձեր ջոկատը:
- Մեր ջեկատը, չէ, մեծ չի եղել 15 հոգի ենք եղել:
- Իսկ ո?նց եք էդ ջոկատում հայտվել:
- Սաղ մեր թաղի տղեքն էին, մենք մեզնով հավաքվել էինք ու գնացել: Մեզ հավաքող չի եղել: Հենա, մի հարևանս էսա, էս դիմացը, մեկը էս հետևի փողոցիցա, մեկը էն կողքի հարևաննա, մեկը էն մյուս կողմի… Ինչոր հատուկ հավաքող չի եղել: Սենց հարևաններով հավաքվել ենք ու դառել ենք ջոկատ: Ու արել ենք են, ինչ պետք էր էդ պահին: Դե հիմա կարողա պահի տակ որոշ բաներ էլ լավ չենք կարեցել անենք: Էդ էլ կա… Ես չեմ մեր ջոկատին շատ գովում: Բայց որտեղ մտել ենք… Մի խոսքով…
- Իսկ Ղարաբաղ ո?ր մասերում եք եղել:
- Ղարաբաղ, դե որ մեկն ասեմ… Գետաշեն: Գետաշեն ընդամենը 3 հատ ջոկատ էր: Մեկը <Արաբոն> էր, հրամանատարը Մանվելը, էս վերջերս էլ տելեվիզըրով ցույց տվեցին` մի հաղորդում էր, էն որ 70 հոգի անհետ կորած էին… Հա, մեկը իրանց ջոկատն էր, մեկը Հրազդանի <Ալաշկերտ> ջոկատն էր, մեկ էլ մերը` <Մալաթիան>: Բայց մի տարօրինակ բան կատարվավ… էկան ասին էդ ամբողջ ջոկատները կես արեք:
- Ըը այսի?նքն
- Դե ասենք, մի 100 հոգի, նրանք էին, մի 50 նրանք, մի 15 էլ մենք էինք, ասին բոլոր ջոկատների անձնակազմի կեսը հանեք: Այսինքն Գետաշենից զորքի կեսը պիտի հանեինք: Էդ ժամանակ մեկ էլ Հակոբը` մեր Հակոբը վերտալյոտով եկավ: Հրամանատարը Վահանն էր Զատիկյան: Վահանն ասեց` Հակոբ կեսին պիտի տանես, տենցա հրամանն էկել: Բայց խի?` ոչ մեկ չի իմանում: Էդ կեսի մեջ ես էլ մտա, որ հետ եկա… Մենք 15 հոգի էինք` մնացին 7-ը:
- Իսկ ու?ր տարան էդ կեսին
- Հետ եկանք: Ասին հանեք դուրս: Չմնանք Գետաշենի մեջ: Բայց ի?նչն էր պատճառը… Եթե կռիվ կա, ու?ր էին հանում տղեքին: Ու հետ գալուց 2 օր հետո իմացանք, որ ռուսական զորքը թուրքերի հետ լցվում են Գետաշեն… Դե ընդեղ էլ արդեն շատ քիչ էին մնացել, էլ ո?նց դիմադրեին: Ու տենց Գետաշենը մնաց թուրքերին: Տղեքը մի կերպ օգնել էին, որ ժողովուրդը կարենա դուրս գա:
- Երևի ռուսների հետ ինչոր պայմանավորվածությունա եղե?լ:
- Ռուսները թուրքեիր հետ են մտել: Թուրքերը… ձև չէր մեկը հանկարծ մոտիկանար: Տղքեը պատմում էին, որ ԲՏՌ-ից մի ռուս աֆիցեռ գլուխը հանել էր… տղեքից մեկը կատաղել էր ու գռանատամյոտը պահել վրեն: Ընդեղից սա գողացել էր` արա նե ստրիլյայ, նե ստրիլյայ… Յա ռուսկիյ… Բա եթե ռուսկիյ, ի?նչ ես անում ըտեղ այ ոչխար… Էդ տղու ներվերը չհերիքեց` տո դու էլ, քո բետեռն էլ… խփեց, ցրեց էդ ԲՏՌ-ը: Բա եկել ես դու էսի վեկալես, տաս թուրքին արա: Խի? ես եկել, թո իրանք գան, թո գան հլը տենամ կարան վեկալեն… Ես էդ խփողին չեմ մեղադրում:
- Բայց ի?նչ արին էդ խփողին: Մեղադրի?ն:
- Խի պատերազմի մեջ մարդ են մեղադրու?մ… Հետո մերոնք ստիպված նահանջին: Որ ռուսը չըլներ դրանք կարաին, մեր ձեռից երկիր վեկալեին:
- Հարութ ձաձա, իսկ որ ասում են, թե <կռվողների> մեջ շատ թալանչիներ էլ են եղել… Էդ ճիշտա?
- Տենց բաներ շատա էղել, ճիշտա:
- Թուրքերի տներն էին թալանու?մ:
- Թուրքերինը հլը ոչինչ, բա որ հայերին էին թալանում… Իհարկե տները չէ, հայերի տներին ձեռ չէին տալիս, բայց այ անասուններ… 300 հատ կով, հլը դու պատկերացրու, 300 հատ կով: մենք գնացել էինք Ջերմուկի սարերը… ուրեմն 5 հազար հատ ոչխար մոտավոր, 300-350 հատ էլ կով, ու են էլ քիպ սահմանի բերանին Դե արոտավայրը ըտեղ լավն էր: Գորիսի, Սիսյանի շրջանի հոտերն էին, սաղ հավաքվել էին ըտեղ: Մեր ջոկատի առաջադրանքն էր էդ կողմերը պահել: Ուրեմն մի օր Ջերմուկի միլպետն էկավ ասեց` բա տղեք զգուշ եղեք: Ասում ենք ինչա? էղել: Բա ուշադիր կլնեք, կարողա անասունները գողանան: Ոնց թե, բա մենք ստեղ ընչի համար ենք: Արա` ասմա, թուրքերը չեն գալու է գողանան, հայերը… Պատկերացնում ես, միլպետը էկավ ասեց… ու թողեց գնաց: Արա, անցավ 2 օր, մեկ էլ մի գիշեր, լսում ենք, են սարի գլխից չոբաններից մեկը գոռումա` տարա~ն, տարա~ն… Ոնց թե տարան, արա բա դուք ըտեղ ընչի հմար եք… Զենքերը վեկալանք ու հելանք սար… Վերջը մի 5 կմ-ի չափով մտնում ենք թուրքի սահման: Հետո սենց թեքվում ենք դեպի մեր կողմ, հետո սենց… Մտածում ենք կտրենք հելնենք դեմները էլի: Էն էլ չկա արա… 350 հատ կով, էտի ախր պահելու, թաքցնելու բան չի… Ուրեմն ըտեղ 2 սարի արանքա, ես կողն էլ թուրքերն են: Սրանք էդ արանքով անցկացրած են լինում, որ քշեն կողքի գյուղը: Որ պլստաին անցնեին, էլ չէինք գտնի: Ուրեմն տղեքից մեկը… հա էտի Արարատն էր, էս որ հուշարձան են դրել ստեղ: Արարատը մի քիչ են յանովա էթում, ու օդում կրակումա մեկ մեկ, որ իմամանք ինքնա էլի… Մենք էլ ես կողմով, սենց խառը էթում ենք էլի: Մեկ էլ էդ սարի արանքի էդ ծերիր մոմոնտին, մի հատ կով… Արարատը տենումա: Մնացածին անց են կացրել, էդ մեկը հետա մնացել երևի չեն տեսել: Մենք էլ չէինք իմանում, որ տենց արանք կա, մի խոսքով, էդ մի կովը որ չտենաինք, էլ չէինք գտնի… Վերջը, տենց անցանք, էթանք տենանք ինչ, 300 կով դեմնեն արած տանում են: Ասինք հլը արեք ստեղ արա: Մենք էս սաղ ջոկատով էս մի ամսից ավելա պահում ենք ես հոտերը, էս դուք ես ինչ ե?ք անում… Երկու հոգով, պատկերացնում ե?ս: Ասում ենք տո այ ապուշներ էս ու?ր եք տանում: Ասմա մենք խաբար չենք, իրան իրան են եկել… Թու ես ձեր արա… Վերջը էդ անասունները քշինք դեմներս, բերինք հետ: Խնդրեմ արա մեր հայերն էին տանում: Բա էտի ախր մի հոգու չի, էտի էդ ամբողջ շրջանի կովերն են: Հետո էլ գաին ասեին` <Մալաթիա> ջոկատի տղեքը չկարեցան, մեր կովերը պահեին… Որ հետ եկանք, մի հատ ապարանցի տղա կար մեջներս, սա ոչխարներից լավ էր հասկանում, էդ հոտից մի հատ սև ոչխար ջոկեց, մորդինք ու խորոված արինք: Ես էի անողը: Մութ էլ էր, տղեքը թուղթ էին վառում որ լույս ըլներ, չվառեի էդ խորովածը: Էն ինչ համով խորոված եղավ` մատներդ հետը կուտեիր: Թե հիմի շատ էինք սոված մեզ համով թվաց…

Tig
26.10.2009, 10:31
- Հարութ ձաձա, իսկ կռիվներց էլ ինչ կուզեիք պատմեիք:
- Մյուսը, որ կուզեի պատմեի էդ Խոջալուի կռիվնա: Էդ օրը սաղս հավաքվել էինք աէրոպորտը, որ պիտի թռնենք Խոջալու: Եղանակը ամպածա, վերտալյոտները չեն թռնում: Սաղ ջոկատները հերթով հերթով, գնացին որ Գորիսից թռնեն: Գորիսից եղանակը բաց էր: Հմի կպել եմ Հակոբ էթանք, մենք էլ էթանք Գորիսից թռնենք… Հակոբն էլ թե Հարութ սպասի, ինձ պիտի վերևից զանգեն ասեն նոր էթանք: Ասում եմ դե ամոթա, սաղ հելան գնացին, մենք խի ենք մնում… տենց, ես ասում եմ գնացինք սա, թե պիտի սպասենք որ զանգեն… սկսեցինք վիճվել… ավտոմատը գցեցի ու թողի եկա տուն: Եկա ու հաջորդ օրը թռա Ռուսաաստան… 2 օր հետո իմացա, որ Արարատին խփել են, էդ Խոջալուի բոյի ժամանակ: էն, որ ստեղ հուշարձան են դրել, էս այգում… Ախր էս մեր տղեքի մեծ մասը խամ են, փորձ չունեն. 15-ին էլ ես էի բացատրում, էսի էսա, էսին էնա, էս սենցա, էն նենց… դե ես Աղվանստանի փորձ ունեի… Ասում էի թե մի բանի վրա էլ կասկածում եք կողքիցս տեղ մի գնացեք: Կնստեմ` նստեք, կվազեմ` վազեք: Արարատը շատ դուխով տղա էր, բայց դուխը ախր քիչա: Ուղեղ պիտի աշխատի: Տղա ջան, եթե ստեղից կրակում են, դու նենց պիտի էթաս, որ չկպնի քեզ, դու հելե ասում ես ես դուխով տղա եմ ու կրակի տակով էթում ես… Ես ինչքան ասում էի` Արարատի վրա չկարեցա, մնացածը լսում էին: Տղա ջան հասկացանք որ դուխով ես, բայց ո?ր մեկը դուխով չի, որ եկել հասել ենք ստեղ, ուրեմն սաղս էլ դուխով ենք… Բայց մեկա ինքն իրանն էր անում: Դու եկել ես, որ քեզ խփե?ն, թե? դու եկել ես, որ դու խփես: Տենց տեղեր ենք մտել, հելել, բայց մտնելուն էլ, չափ կա, ձև կա: Մտածելա պետք, հո հենց ընենց ռեկոպալի հելնել գնալով չի: Դու պետքա նենց անես, որ քեզ չկարենան խթեն, բայց դու կարենաս, այ գրագետ գործը դայա: Իսկ հուշարձանը…… Ինչի? համար… Գետաշենի հանձնումը որ լինումա, Մերոնք դրանից հետո Լաչինն են գրավում, միջանցքը: Ճիշտա ոչ մի տեղ տենց չի խոսվում, բայց մոտավոր տենց մի բանա ստացվում, էնի տվեք, էս էլ տանք ձեզ… Ու որ մի քիչ զոհ շատ չլիներ… Որովհետեև դե չէին կարա ասեին, տղեք հելեք Գետաշենը պիտի տանք… ոչ մեկը չէր կարա տենց բան ասեր…
- Իսկ Աղդամը, Հորադիզը… Լաչինից հետո են գրավե?լ:
- Հա հա, Լաչինից հետո: Դա շատը նրա խաթեր վերցրինք, որ պուշկեքը, գրադները դնում էին ու քաղաքը ռմբակոծում: Էտի շատ ճիշտ քայլ էր, առանց դրա չէր ըլնի: Ու էդ պլանի վրա 5 գեներալա աշխատել: Բայց հիմնական աշխատողը Արկադի Տեր-Թադևոսյաննա եղել: Հմի ես հայվանները ասում են էդ գրաված հողերը հետ տվեք… Մինիմում 15կմ պիտի անվտանգության գոտի լինի, որ պուշկեն չկարենա խփի:
- Իսկ ո?նց եք մտածում, բանակցությունների շնորհիվ մի արդյունքի կհասնենք?, թե? սենց ձգձգվելու է:
- Սենց էլ կմնա, գրաված տեղերը ոչ մեկին չեն տա: Եթե ինչոր մի տեղ էլ Աղդամը տան, դրանք էն կարգի երաշխիքներ պիտի տան որ…
- Այսինքն ճանաչե?ն Արցախի անկախությունը:
- Բայց էտի ինձ թվումա խելքին մոտիկ բան չի: Էսքան ժամանակ թուրքերը երբևէ հենց ընենց հող տված կա?ն, կամ որևէ տեղ լսած կա?ք որ հողը հենց ընենց տան: Բա խ?ի պտի մենք տանք: Ստեղ մենակ փոխանակում կարա գնա Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն… դրանք ահագին էլ տարածքներ են: Ճիշտա դա շատ բարդ բանա, որոշելը թե որնա մեր համար ավելի առաջնային… Մի խոսքով էտի հրամանատարությունից. իշխանություններից շատ ծանր ու մեծ աշխատանքա պահանջում:
- Ու պիտի երաշխիքներ ստանան…
- Թուրքից երաշխի?ք: Ստեղ մենակ մի բան կա, մենք վեկալել ենք, մերնա, պռծավ…
- Իսկ հիմա որ Սերժը գնացելա ստորագրելու ես արձանագրությունները…
- Էտի հեչ, ըտեղ կռվի հարց չկա, ըտեղ սահմանը կամ կբացեն, կամ էլ չէ: Բայց ես ոնց նայում եմ ստեղ էլի պատերազմա սպասվում, ոչ թե սրանց հետ: Այլ Ախալքալակի կռիվնա ըլնելու: Թուրքերի հետ մենք հիմա կռիվ չենք կարա տանք, ու ոչ էլ մեզ կթողան որ անենք: Հմի կռիվը Ախալքալակնա ըլնելու, ու էդ կռվի բրդբռթողը ռուսնա ըլնելու… Ռուսը Աբխազիան ու Օսեթիան վեկալեց վրացիքի ձեռից, հմի հերթը Ախլքալակիննա, նավթամուղ են ուզում սարքեն Ախլքալակով ու ռուսը ասումա, որ էդ նավթը Վրաստանով չպտի անցնի… Ախլքալակի ամբողջ ժողովրդին ոտի են հանում, ու ճիշտա հսատատ չգիտեմ, բայց լսել եմ, որ ընդեղ հիմա զենքա մտնում… Հիմա ես ոնց մտածում եմ Ռուսաստանի շահերիցա դա բխում: Ես հիմա որ լուրերը լսում եմ, մոտավոր էդ եմ մտածում:
- Բայց կգնա?ք էլի կռիվ:
/կինը/
- Առաջինը ինքը զենքը կվեկալի, էն վախտ, որ էրեխեքը փոքր էին, ավտոմատը քցում էր ուսն ու… հետևից գոռաիր չգոռաիր մեկ էր…
- Բա. Բա որ պետքա… բա ո?վ էթա…
- Իսկ կռիվ գնալուց, ավելի շատ ատելություննա առաջ տանում, թե? հայրենասիրությունը:
- Նենց հարց ես տալիս որ… Ես որ հիշում եմ ցեղասպանությունը… Դե բնականա, կա թե ատելություն, թե ջղայնություն, թե հայրենասիրություն… Ու էդ կատաղած վախտս չեմ նայի թե ովա դեմս…
- Հիմա նոր սերնդին օրինակ նենց են սովորացնում, որ թուրքերին չատեն: Ասում են պատմությունա, բան, բայց դրա պատճառով չարժե ատելությամբ լցվել: Թուրքերի հետ պիտի բարեկամություն, նորմալ հարաբերություններ ստեղծվի և այլն:
- Իա, դե թող… Հեսա ես վերջին թարմ օրինակը վերցրու, Ստամբուլում են խեղճ մարդուն գնդակահարին քցին փողոցի մեջտեղը… Հրանտ Դինքին… Էդ չի իրանց փոքր սերունդը` 17 տարեկան: Էլ ինչի? մասինա խոսքը… Կարմիր կովը երբեք սև գույնի չի դառնա:
- Մեր իշխանությունները հիմա էդ են քարոզում, հենա էսօր էլ ասեցին ու գնացին ստորագրելու…
- Թուրքը երբեք եվրոպացի չի դառնա: … Ախր ոնց ասեմ…Էս լուցկիա, էս լուցկին ոնց կուզես ներկի, մեկա ինքը պապիրոս չի դառնա:
- Հարութ ձյաձյա, իսկ ի?նչ եք զգում, երբ մարդու վրա կրակում եք..
- Տենց հարց չտաս ինձ մյուս անգամ, աղջիկ ջան… Տենց հարց շատ են ինձ տալիս, բայց ես չեմ պատասխանել…
- Իսկ էսօր որ ջահելների հետ շփվում եք, ի?նչ եք մտածում, եթե կռիվ ըլնի, գնացող կլինի ջահելներից:
- Ջահելնե?րը: Հաաաա… Ավելի շատ քան թէ մենք էինք: Հաստատ գնացող են: Հենց հիմի հելնեմ թաղի մեջը ասեմ էթում ենք կռիվ, թաղում ինչքան էրեխա կա կկանգնի կողս: Ու ստեղ հաստատ են բանը դեր չի խաղա, որ ես գնացել եմ, էկել եմ ու էսօր գործ չունեմ… Չէ հենց հիմի հելնեմ ասեմ էթում ենք կռիվ, սաղ էրեխեքը մենակ մի բան կասեն` Հարութ ձաձա, զենքերը բեր…
- Փաստորեն նոր սերնդի մեջ հարյենասիրություն կա:
- Էդ մեկը հաստատ: Ուղղակի էդ, եթե ես ասեմ… Չգիտեմ, կարողա ուրիշը ասի… Օրինակ հմի կնանիք խոսում են` գնացել էկել ես, էսօրվա օրով գործ չունես… Աղջի ես գնացել եմ էսօրվա գործի համա?ր. թե ու?րիշ գործի համար… Բայց չէ իսկականից շատերը կգան հետս, ես դաժե կասեի բոլորը ու էտի իրոք տենցա: Էն կոմունիստների ժամանակ շատ մարդ շատ բան չէր հասկանում, էս մի 15-20 տարվա մեջ… Էն ժամանակ ՍՍՀՄ պատմություն այ էէ~ս հաստության էր, էն էլ հլը մի քանի հատոր, իսկ Հայոց պատմությունը մի մատ գիրք էր: Էդ մեր մի քանի հազար տարվա պատմությունը ո?նց էին տեղավորել էդ մի մատի մեջ, կարդում էիր բան էլ չէիր հասկանում: Արա, ՍՍՀՄ պատմությունը`շատ ներողություն, որ ոռեն գլուխ 50 տարվա պատմությունա` հա~տոր ներով գրել են… Հայսատանը 5-6 հազար տարվա երկիր, եթե ոչ ավել` էսքան բարակ բա?ն: Ժողովրդին բան չէին սովորացնում, հայը ովա, ինչա: Հմի, դե թեկուզ դպրոցում էլ չկարդան, տելեվիզրովա բանա, էլի ինչոր ինֆորմացիա ստանում են:
- Բայց ես հիմա որ խոսում եմ` 18-20 տարեկանների հետ չէ, իմ սերունդը` 30 տարեկան, շատերը ասում են` ու?մ համար գնանք կռվենք, ինչի? համար, որ մի քանի տարի հետո սրանց նմանները երկիրը ծախեն…
- Էն որ ասումա, որ հասնումա ոսկոռին… Էսօրվա օրով էս էրեխեքը հաստատ կանգնած են, իսկականից կանգնած են: Որ թաղում էրեխեքի հետ խոսում եմ, դե շատ են գալիս մոտս, խոսում ենք… հարցեր են տալից, որը ոնցա, ինչա, ոնց անենք որ ոնց լինի: Մեջները բանը կա… էն նոր որ դու ասում էիր` հայրենասիրությունը… Գալիս են, մեկ էլ կսկսեն` Հարութ ձաձա ինչ անենք… Ոչ մի բան էլ մի արեք, սթրվեք տեղներդ… Երբ որ պետք լինի էն ժամանակ էլ կանենք: Իսկ էն որ ասում են ում հմար էթանք, դա ինչոր մի հոգի, երկու հոգի… Հմի մենակ ասեն Ախլքալակ կռիվա… մենակ կողները գրագետ մարդ պիտի ըլնի:
- Հա էդ կարևորա: Ու էսօր ռազմական ինստիտուտը կամաց կամաց ոնցոր թե սկասումա լավ կադրեր տալ;
- Հլը որ չեն արդարացնում: Չէ ստեղծված բանը դա լավա, բայց գիտես վատը որնա? Հիմա նենց հրամանատարներ են դնում էրէխեքի գլխին որ… Մինչև հրամանատար ըլնելը, ախր առաջի հերթին պիտի դասատու ըլնես: Մենակ ռազմական գիտելիքները էդ հլը քիչա: Պտի մանկավարժ ըլնես, հելնում գոռում ես էրեխեքի վրա… ախր հո գոռալով չի… Բացատրի այ էրեխա ջան: Էրէխուն նենց պիտի տրամադրես, որ ինքը հետաքրքրվի ու ինքը գա քեզ հարցնի` հրամանատար էսի ոնցա, էնի ոնցա: Ու էտի նրանիցա, որ շատերը պռոստը գործա անում են էլի, ոչ թե հոգով աշխատում են:
- Իսկ էսօր մեր բանակի վրա կարանք հույս դնենք:
- Հա բա ոնց: Ճիշտա մի քիչ խելքները տեղը չի, բայց որ սաղ տեղում են էտի հաստատ ու որ տեղը գա, ընգնեն էդ իրավիճակի մեջ խելքներն էլ միանգամից տեղը կգա… Նայի դե, մեզ որ տարան լցրին Աղվանստան, մենք մալադոյ էրեխեք էինք, հլը սկի զենք քանդել հավաքել էլ չգիտենինք, դե ինչ անենք, ստիպված մենք մեզի արագ արագ սովորում էինք, թե չէ մենք չխփեինք, մեզ էին խփելու: Ճիշտա կողքներս խելքները գլխին աֆիցեռներ կաին, բայց դե մենք էլ… Էրեխեքը դուխով են, լավ սովորացնողներ են պետք…

Հետո մենք ահագին զրուցեցինք Հարութի մեծ որդու մասին, նրա հետ կատարված ողբերգության մասին: Նա պատմեց, որ իր որդուն բանակում ծառայության ժամանակ կախել են… Սկզբում ցանկացել են դա ներկայացնեն որպես ինքնասպանություն, իբրև թե այդ տղան սիրած աղջիկ է ունեցել, որը նրան չի սպասել և… Բայց հետո ապացուցվել է, որ նրան կախել են… Հարութը ավելի մանրամասն պատմեց այդ ամենի մասին, բայց ես չէի ցանկանա այստեղ ներկայացնել այդ մանրամասնությունները: Միայն մի բան ասեմ, որ այդ հանցագործության մեջ խառնված են եղել 15 հոգի, որոնցից 2 զինվորի են դատել, 5 սպաի էլ դատել են ու հետո համաներում շնորհելով ազատել… Ինչևէ արդեն մոտ 3 տարի է անցել, ու չբավարարվելով նման որոշումից Հարութի ընտանիքը բողոքի հայց է նարկայացրել սահմանադրական դատարան, որտեղ էլ ցանկալի արդյունք չստանալու դեպքում, պիտի դիմեն եվրոդատարան…

Tig
11.12.2009, 11:19
Շուշի

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ, 1989 Թ. ՆՈՅԵՄԲԵՐ-դեկտեմբեր

ՄԱՀՆ ԱՓԻ ՄԵՋ
20 տարի առաջ «Հայ դատե կազմակերպությունը իր ռազմականացված ջոկատներով նախաձեռնեց թուրք-ազերիներով շրջապատված Շուշիի շրջանի Բերդաձորի ինքնապաշտպանությունը: 1989-ի հունիսին «Հայ Դատիե կամավորական առաջին ջոկատը ոտքով հասավ Բերդաձոր, այնուհետև սկսվեցին նոր համալրումներ: Մի քանի ամիս անց արդեն հնարավոր եղավ այդ կղզիացված վայր զինված ջոկատներ ուղարկել ուղաթիռների միջոցով: Նոյեմբերի սկզբներին այդ ուղաթիռներից մեկը, իր անձնակազմով և «կասկածելիե ուղևորներով ձերբակալվեց Բերդաձորում` հենց վայրէջքի պահին: Այդ դեպքերի մասին է պատմում «Հանուն Հայրենիքիե ՀԿ-ի նախագահ` ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

ՆԵՐՍԵՍ ՀՐԱՉՅԱՅԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ծնվել է Եղեգնաձորում I960 թ. հունվարի 1-ին: Արմատներով Սալմաստից է: Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Աշխատում է էներգահամակարգում։ 1988-ից անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանըե և ղեկավարել Եզեգնաձորի «Հայ Դատիե մասնաճյուղը։ 2002-ին հրատարակել է «Արարումով լի ներկան հավերժություն էե գրքույկը: 2003 թ. համախոհների հետ նախաձեռնել և վերականգնել է 1968 թ. ընդհատակում տպագրված «Հանուն Հայրենիքիե ամսագրի ընդհատված հրատարակումը՝ ամսաթերթի տեսքով:

...Մեր ուղղաթիռն արդեն հեռանում էր Երևանից։ Մտքումս Չարենցի «Դանթեականիե առաջին տողերն էին.
Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը բաց։
Նման զգացում ունեցել էի մեկ տարի առաջ՝ երկրաշարժից անմիջապես հետո Սպիտակ մեկնելիս, ուր ականատես եղա դժոխային սահմռկեցուցիչ տեսարանների: Այժմ Արցախ էի մեկնում իրական հաղթանակի ծարավից բորբոքված մտապատկերներով, ուր մահն արդեն թվում էր ավելի մոտ՝ ափի մեջ՝ բաց հերոսամարտում։ Մայրս ինձ ճանապարհելիս օրհնել էր. «Քո ընկերները գնացել են՝ դո՛ւ էլ պետք է գնասե, և ես, հպարտ իմ առաքելությամբ, վստահ էի, որ պիտի հետ գամ պատվով։
Ուղղաթիռի սրահում հանպատրաստից բացված սեղանի շուրջ ծանոթանում էինք իրար հետ։ Մեր՝ Եղեգնաձորի ջոկատից բացի Նոր Հաճընի տղաներն էին՝ Սաշիկ Առաքելյանի և Հոկտեմբերյանի խումբը՝ Մուրադ Կիրակոսյանի հրամանատարությամբ։
Երբ անցնում էինք Գորիսի երկնքով, օդաչուները կապավորից զգուշացում ստացան, որ Բերդաձորում սկսվել է անձնագրային ռեժիմ և, եթե ինչ-որ բան այն չէ, կարող ենք վայրէջք կատարել Գորիսում։ Օդաչուներից մեկը դիմեց մեզ, թե. «Տղերք, հո զենք չե՞ք վերցրել հետներդե։
Մենք մի քանի պարկ կալիումական աղ և սելիտրա էինք տանում՝ տեղում պայթուցիկ պատրաստելու համար։ Դրանք պաշտոնապես զինամթերք չէին, և չէինք կարծում, թե ստուգումների ժամանակ վտանգավոր կհամարվեն։ Բացի այդ, զենքերի համալրում սպասվում էր այլ եղանակով և, ընդհանրապես, մեր խնդիրը պաշտպանության դիրքերում կանգնածներին փոխարինելն էր, երբ զենքերը մնում էին տեղում՝ փոխանցվելով իրար և, քանի որ բոլորս էլ անձնագրերով էինք, որոշեցինք թռիչքը շարունակել։
Սակայն վայրէջքի պահից դեպքերի զարգացումն անկանխատեսելի ուղղություն ստացավ։
Չէինք հասցրել կարգին հպվել Արցախի հողին, երբ կարծես գետնի տակից ծլեցին ռուս զինվորները՝ շների ե թուրք ոստիկանների հետ։ Լուսաբացից առաջ գյուղում խուզարկությունը էր սկսվել ։ Ուղղաթիռից իջեցվեց ամբողջ բեռն ու մանրազնին, բայց յուրովի ուսումնասիրվեց։ Ալյուրի և շաքարավազի պարկերը զինվորներն իրենց դանակներով անխնա կտրտեցին և ամբողջ պարունակությունը թափեցին գետնին։ Երբ, ի զարմանս մեզ պարկերից մեկում որսորդական հրացան հայտնաբերեցին, Բաքվից ժամանած բարձրաստիճան պաշտոնյան, ոստիկանության մի հաստլիկ գնդապետ, խոր գոհունակությամբ, բայց ցուցադրական դժգոհությամբ մեզ նախատեց թուրքական ռուսերենով.
- Էդ ի՞՛նչ արիք, Է՜, թղաներ, ձեզանից նեղացած եմ։ Արդեն թելեվիզորով ասել եմ, որ ամեն ինչ լավ Է, ավթոբուսներ են գնում Բերդաձոր, իհարկե «փեթերներովե, իսկ թո՞ւք Էթ ի՞նչ արիք, Է՜։
Մենք, նրա ակցենտը նմանակելով, պատասխանեցինք.
- Է, ի՞նչ ենք արե՞լ որ, եքել ենք աշխատելու, իհարկե «վերթալյոթովե, գազ քաշողներ ենք։
- Ի՞նչ գազ քաշող, ֆիթայի՛ եք, ֆիթայի՛։
- Գազ քաշո՛ղ ենք, գազ քաշո՛ղ,– շարունակեցինք տնազել նրան։
Մեր բերած ամբողջ ապրանքը բռնագրավվեց:
Առավել զավեշտականը գույքագրումն էր, որ կատարվում էր մոտավորապես այսպես. թուրք պաշտոնյան նայում էր ու թելադրում իր գրագրին.
- 3 արկղ օղի, գրիր՝ ալկագոլիկներ են,– ապա, բժշկական առաջին օգնության տուփերը շուռ տալով, շարունակում,– 50 հատ սրսկիչ, գրիր՝ նարկոմաններ են։
Նրանք գտան նաե եռագույն դրոշ ու գրեցին. «1 դաշնակցական դրոշե։
Իմ թղթապանակում, որը վերցրել էի էլ.ցանցի հեռախոսային հանգույցից և վերնագրված էր. “Инструкция АТС ЭС и ПС”, մաքուր թղթեր էին դրված, որ ազատ ժամանակ տղաներին նկարեի։ «Կայծակնայինե վերծանեցին «ծածկագիրըե և գրեցին. «1 հրահանգ՝ ինչպես ոչնչացնել Ադրբեջանական ՍՍՀ տանկերըե։
Առանձնացրին նաև «Կալիումական աղ-պարարտանյութե մակագրությամբ պարկը, գրեցին. «3 պարկ պայթուցիկ նյութե։Թելադրվեց եզրակացությունը. «Դաշնակցական տեռորիստներ ենե։
Այս ամենի կողքին դրեցին հայտնաբերված հրացանն ու օդաչուների ատրճանակները և լուսանկարեցին որպես իրեղեն ապացույց։
..Մեզ բաժանեցին 4 խմբի, տեղավորեցին ռազմական բեռնատարների թափքերին, ուր առաջին շարքերում նստեցին ռուս դեսանտայինները, և շարժվեցինք։ Նրանցից մեկը, որ մինչ այդ Ռեմբոյի պես ազդեցիկ էր, հանեց սաղավարտը, երեսից սրբեց սև շերտաներկը, և մեզ ժպտաց մի մանկահասակ դեմքով շիկահեր լեյտենանտ։ Ձեռքը դնելով իր աջ ուսադիրին՝ նա ասաց.
- Տղերք, այս օպերացիայից հետո մի աստղ կավելացնեն։ Մի՛ չարացեք, մե՛նք ձեզ բռնել ենք, մե՛նք էլ կպաշտպանենք։
Մի քանի ժամից հասանք Շուշիում տեղակայված ռուսական զորամասը, ուր մեզ պահեցին մինչև մութն ընկնելը։ Հետո կարծես մեր մասին մոռացան, իսկ մենք անհանգստանում էինք՝ տեսնելով, թե ինչպես են թուրքերը կույտ-կույտ հավաքվում զորամասի շուրջը։ Մի մասը տաք-տաք վիճում էր զինվորականների հետ, իսկ դպրոցահասակ երեխաներն ավելի համարձակ էին. խմբերով մոտենում էին մեր մեքենաներին, մանր քարեր նետում, հայհոյում։ Դա արդեն սկսեց դուր չգալ նաև մեր պահապան զինվորներին, և նրանք գոռացին. «Կորե՛ք, թուլաներե։ Ապարդյուն։ «Թուլաներնե ավելի լկտիացան։ «Կորե՛ք, կկրակենքե,– ասացին զինվորներն ու «ավտոմատե-ինքնաձիգները պահեցին նրանց վրա։ Դա էլ օգուտ չտվեց։ «Ախ, ուրեմն այդպե՞ս,– ասաց զինվորներից մեկը– հիմա ձեր վրա սրա՛նց բաց կթողնենքե.- ապա շրջվելով դեպի մեզ, կարգադրեց. «Կանգնե՛լե։ Մենք միանգամից ոտքի ելանք, որ նաև տեսնենք՝ ինչ է կատարվում ներքևում։ Իսկ թուրք «լամուկներըե չորս ոտք առած փախան։ Ռուս զինվորները ծիծաղեցին դիմելով մեզ. «Դե հիմա հասկացա՞ք, թե դուք ովքեր եք նրանց համար, տեսա՞ք՝ ինչպես են ձեզանից սարսափումե։ Մենք գերու կարգավիճակում էինք, բնականաբար՝ մի քիչ ընկճված, և այս միջադեպը կարծես վերականգնեց մեր ինքնավստահությունը…
Զինվորական ղեկավարությունը մեր մասին հիշեց միայն կեսգիշերին մոտ, և մեքենաները շարժվեցին Շուշիի բերդի ուղղությամբ։ Երբ տեղ հասանք, թվաց, թե քաղաքի ամբողջ բնակչությունն այնտեղ Էր։ Երևում Էր՝ հավաքվածների հետաքրքրությունն ու «սերըե մեր հանդեպ մեծ Էր, քանի որ ձեռք-ձեռքի տված և շղթա կազմած զինվորները մի կերպ Էին դիմադրում մեզ դիմավորելու եկած ամբոխին: Գազազած թուրք զանգվածը, վայրենի ձայներով վանկարկելով, իշխանություններից պահանջում Էր իրենց դատաստանին հանձնել այդ «սրիկա-ֆիդայիներինե։
Այո՛, մեր պահապաններն արդեն ռուս զինվորներն Էին։ Նրանք մեքենայի թափքից յուրաքանչյուրիս իջեցրին առանձին-առանձին։ Այդ պահին թուրք-ամբոխի ոռնոցը կտրուկ ուժեղանում Էր, միաժամանակ կարճատև բացվում Էր բանտի մեծ դարպասը, մեզ արագ անց Էին կացնում ներս, ու դարպասն անմիջապես փակվում Էր։ Ոռնոցը փոքր-ինչ մեղմանում Էր, և այդպես՝ մոտ 30 անգամ։
Հայաստանում լսել Էինք ադրբեջանական բանտերում հայերի հանդեպ կատարվող ահավոր խոշտանգումների ու կտտանքների մասին և ահա, ճակատագրի բերումով, հայտնվել Էինք նրանցից մեկում՝ Շուշիի նշանավոր բերդում։ Այդպես Էր ավարտվում մեզ համար 1989 թ. նոյեմբերի 5֊ ի լարված օրը։ Ի՞նչ Էր բերելու մեզ վաղը, անհայտ Էր...

/շարունակելի/

Ներսես Ներսիսյան

Tig
11.12.2009, 11:20
ՇՈՒՇԻԻ ԲԱՆՏՈՒՄ

Բոլորիս տեղավորեցին դպրոցական սեղաններով կահավորված «լենինյանե կոչվող սենյակում, պատերին՝ գորրաչովներ, վեզիրովներ, լենիններ, դռանը՝ երկու ռուս ավտոմատավոր, դիմացներս՝ թավ բեղերով ինքնագոհ մի թուրք ոստիկան, որ հաճույքով տմբտմբացնում էր սեղանին՝ քթի տակ թուրքական ինչ-որ երգի ուրախ ռիթմ դնդնացնելով։
Սկսվեց մեզանից բանտարկյալներ պատրաստելու պաշտոնական մասը, նախ մեզ լուսանկարեցին դիմացից և կողքից, մատնահետքերի և ափահետքերի նմուշներ, ինքնակենսագրականներ և բացատրություններ վերցրին։ Ապա սկսվեցին հարցաքննությունները: Նրանց ավելի շատ հետաքրքրում էր մեր Բերղաձոր գալու պատճառներն ու, հատկապես, զենքերի մասին տեղեկություններ։ Այդ հարցում մեր դիրքորոշումը կոշտ էր՝ տեղյակ չենք, և վերջ, քանի որ եկել ենք գյուղերում գազ անցկացնելու։ Հայտնաբերված զենքը «պրովոկացիաե է։ Հարցաքննողները ԽՍՀՄ դատախազության և ՊԱԿ-ի աշխատակիցներ էին։ Նրանք զարմանում էին, որ մենք քրեական անցյալ չունենք և, նույնիսկ, երբեմն լուրջ հարց ու պատասխան էր ստացվում։ Օրինակ՝ ինձ հարցրին. «Եթե դու ինժեներ ես, ինչո՞ւ չես գնացել «աղետի գոտիե ՝ Լենինական։ Իմ պատասխանն էր. «Այստեղ նույնպես «աղետի գոտիե էե,– սկսեցի պատմելՂարաբաղի հիմնախնդիրների մասին։ Թուրք քննիչը փորձեց շտկումներ մտցնել իմ պատմած տարբերակի մեջ, սակայն Մոսկվայի ներկայացուցիչը սաստեց նրան, ասելով, որ հարցաքննվողը ինքը չէ։ Հիշում էի ղափանցի լեգենդար Համլետ Քոչարյանի (ցավոք, արդեն վաղամեռիկ) խորհուրդները, որոնք ձեռք էր բերել ի՛ր «բանտային դպրոցումե. կամ պետք է ոչինչ չխոսել, կամ, եթե դա հնարավոր չէ, պետք է այնքան շատ խոսել, որ հարցաքննողը «բժժիե։ Մերը` չխոսելու դեպքը չէր…
Հարցաքննությունների մեզ տանում-բերում էին միջանցքով, որտեղից դեռ լսվում էր ամբոխի վանկարկումները, չնայած ժամը 24:00-ից պետք է գործեր պարետային ժամը։ Թուրք ոստիկանները ռուս զինվորներին շշուկով հասկացնում էին, բայց այնպես, որ նաև մենք լսենք, թե հնարավոր է, որ կատաղած ժողովուրդը տապալի բանտի դարպասները և ներս խուժի, իսկ իրենք հո ժողովրդի վրա չե՞ն կրակելու։ Հասկանալի է, հոգեբանական ճնշում էր, որի հետևանքով բանտի ղեկավարությունը, իբր ստիպված, ներս հրավիրեց ժողովրդի պատվիրակներին՝ «Ադրբեջանի ժողճակատիե ներկայացուցիչներին։ Դա մեր ՀՀՇ-ի պես կառույց էր, նույնպես ազգային անվամբ, բայց «կենտրոնիե կողմից ստեղծված, հենց ազգայինին հակադրելու նպատակով։ Մեզ այցելեց Շուշիի լրագրողների ընտրանին՝ տեսախցիկներով, ձայնագրիչներով, ծոցատետրերով։ Նրանցից մեկը՝ փողկապավոր, նույնիսկ գեղեցկադեմ և բարձրահասակ մի թուրք, իր տեսախցիկով նկարահանում էր։ Մեր տղաներից մի քանիսը գլուխները դրեցին սեղանին՝ դեմքերը թևքերով ծածկելով ( «02ե դիտելիս այդպիսի դրվագներ լինում են)։ Երբ տեսախցիկը մոտեցրին ինձ, ես, իբրև արհամարհանքի նշան գլուխս թեքեցի։ Նրանք արագ անցան և կանգ առան ձախից մեկ շարք առաջ նստած Սաշիկ Առաքելյանի մոտ։ Սաշիկը ձեռքերը ծալած, հանգիստ նայում էր ուղիղ տեսախցիկի օբյեկտիվին։ Անսպասիլիությունից թուրք օպերատորն անշարժացավ նրա վրա։ Սաշիկը շարունակում էր անթարթ նայել։ Մտքով նրանից պահանջում էի, որ դիրքը չփոխի և հանկարծ գլուխը չխոնարհի։ Իմ մեջ որոշեցի, որ դա փորձություն է, խաղաքարտին հայ ժողովրդի ճակատագիրն է. եթե Սաշիկը հաղթի՝ կհաղթի հայ ժողովուրդը։ Դրան կհամաձայնեի, թեկուզ բոլորս էլ հիմա զոհվեինք։ Շունչս պահած ունկնդրում էի հավիտենականությունից եկած աստեղային ակնթարթներից մեկի շշուկը։
Վերջապես լռությունն ու անշարժությունը խախտեց թուրք լրագրողը և մաքուր հայերենով ասաց. «Ես քեզ խղճում եմե։ Խոր հոգոց հանեցի։ Թուրքը պարտվեց։ Սաշիկը ոչինչ չպատասխանեց՝ թույլ հեգնանք նկատեցնելով դեմքին, շարունակեց նայել անմահության այն կետին, որը գենետիկորեն միշտ անհասանելի է բոլոր տեսակի թուրքերին, անգամ՝ մտավորական։
Աննկարագրելի էր ներքին հրճվանքս, թվում էր՝ հաղորդակից եմ եղել ապագային, տեսել՝ Շուշիի ազատագրումը և ինչպես է կերտվում հաղթանակը։
...Հետագա դեպքերն անցան նոր սցենարով. Շուշիի բերդից ռուսները մեզ ուղակի «գողացանե փակ, զրահապատ ռազմական մեքենաներով և տեղափոխեցին Ստեփանակերտի բանտ։ Այստեղ էլ հայ բնակչությունն էր ոտքի վրա և պահանջում էր մեր ազատությունը։ Բանտախցում մեզ հսկող ռուս զինվորները, որոնց հյուրասիրում էինք մեզ ուղարկված սննդամթերքից, խմիչքից, ծխախոտից, բողոքում էին, որ ստեփանակերտցիներն անհանդուրժողական են իրենց հանդեպ։ Այլևս կարևոր միջադեպեր չեղան, մեկօրյա ձևական հարցաքննություններից հետո մեզ ազատեցին, ինչում անուրանալի մեծ էին դերասանուհի ժաննա Գալստյանի ջանքերը։ Նպաստել էին նաև Երևանից՝ «Հայ դատե-Իգոր Մուրադյան–Մոսկվա-Վոլսկի կապերը։ Բանտի դռներից ժողովուրդը մեզ ձեռքերի վրա տարավ, մի մասին՝ իրենց տները, մնացածներիս՝ գիշերելու համար հատկացված ինչ-որ «պանսիոնատե:
Ստացած տպավորությունները մեծ էին, ցանկանում էի վերլուծել, կիսվել։ Մոտեցա ինձ պես արթուն մնացած Սաշիկին։ Նախ շնորհակալություն հայտնեցի Շուշիում «ժողճակատիե լրագրողների «ասուլիսումե թուրքերի նկատմամբ իր տարած հաղթանակի համար։ Նա զարմացավ, որ այդ «մենամարտըե նկատել եմ, և մեր խոսակցությունն անմիջապես կայացավ։
Լուսաբացին խոսակցությանն աստիճանաբար խառնվեցին նաև նոր արթնացող մեր ընկերներն ու օդաչուները։
Մեր պատվին առավոտյան Ստեփանակերտում ճաշկերույթ կազմակերպվեց, ապա մեկ այլ ուղղաթիռով մեզ ճանապարհեցին Երևան։ Եղեգնաձորի տղաներից ինձ հետ վերադարձան Գագիկ Խաչատրյանն ու Զավեն Ավետիսյանը, «Աֆղանստանցիե Սեյրան Ղևոնդյանը ևս մեկ ամիս անցկացրեց բանտում՝ անձնագիր չունենալու մեղադրանքով, իսկ «Ագարակագորցիե Խաչիկ Կարապետյանը, որ մեզանից մեկ օր շուտ էր եղել Բերդաձորում, «ինտեգրվելովե գյուղացիների հետ չէր հայտնաբերվել և շարունակեց իր «ծառայությունըե ու տուն եկավ ավելի ուշ։
Երևանի «Էրեբունիե օդանավակայանում մեզ դիմավորեց «Հայ Դատիե նախագահության անդամ Շիրակ Գյունաշյանը, որի մեծ ժպիտն ու նրա վարորդ Նորիկ Ներսիսյանի ձեռքի թափահարումն էին եղել մեր հրաժեշտի նշանները։ Երեք օրվա մեջ, որ տարիներ էին թվացել, Շիրակը կարծես ծերացել էր։ Ողջագուրվեցինք, շատ ջերմություն և կարոտ կար նրա աչքերում։ Օդանավակայանում տիրող վիճակը նույնն էր. տարբեր շրջաններից եկած խմբերն սպասում էին իրենց հերթին։ Կազմ ու պատրաստ, մահն ափի մեջ՝ նոր կամավորներ էին մեկնում Արցախը փրկելու։
Այս անգամ հիշեցի Նժդեհի՝ այդ պահին ինձ համար երդումի արժեք ունեցող խոսքը. «Իմ զավակը չէ նա, ով ինձանից ինձ համար մեռնելու հրաման չի աղերսում,– անխոս ասում է հրաբխի պես արթնացած ժողովուրդըե։
Եվ ես վերջնականապես համոզվեցի, որ հաղթելու ենք... և մի քանի օր շունչ առնելուց հետո նորից Բերդաձոր գնալու պահանջ զգացի...

Ներսես Ներսիսյան

Arxangelo
16.07.2010, 00:09
Մի մեծ անուն, որը շատերին անհայտ է http://arxangelo.wordpress.com/2010/07/15/great-mans/

Arxangelo
06.11.2010, 20:51
Սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը: Ադրբեջանական կողմը մինչև ատամների ծայրը զինված էր ժամանակակից զենքերով, իսկ մեր հայ տղաները կռվում էին պապենական մոսիներով և ժանգոտած որսորդական հրացաններով: Ադրբեջանը ռմբակոծում էր մեր գյուղերը տարբեր տրամաչափի զենքերով, հրթիռներով: Իսկ հայկական կողմը, ինչպես նշվեց, նորմալ ավտոմատ չուներ, ուր մնաց` հրթիռներ: Եվ ահա, օրերից մեկ օր ազերիները սարսափահար և զարմացած նկատում են, որ հայերը նույնպես հրթիռներ են ձեռք բերել և ոչ պակաս պայթյունային ուժգնությամբ: Նրանք զարմացած էին, թէ որտեղից հայերին այդքան գումար, որպեսզի հրթիռներ գնեն այսքան կարճ ժամանակահատվածում: Նրանք չգիտեին, որ այդ հրթիռները պատրաստված են Հայաստանում` հասարակ թթվածնային բալոններով: Եվ ոչ միայն ազերիները, այլ նաև հայ ազատամարտիկների մեծ մասը նույնպես չգիտեր թե որտեղից այդ փրկարար “հրթիռ-բալոնները”: Իսկ այդ մտքի հեղինակն էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող, մեծ հայրենասեր Հելբիկ Դերենիկի Հակոբյանը: Նա էր, որ առաջին անգամ Հայաստանում սինթեզեց հրթիռային վառելանյութ և իր ընկերների հետ հետամուտ եղան այդ, այն ժամանակների համար այդքան անհրաժեշտ զենքի ստեղծմանը: Հետագայում նրա հրթիռները կատարելագործվեցին և ներգրավվեցին հայկական սպառազինության մեջ:
Իսկ այդ մարդու անունը Դուք այսօր չեք գտնի ոչ մի գրքում և ոչ էլ կլսեք Ղարաբաղյան պատերազմին վերաբերող ինչ-որ մի հաղորդման մեջ:
Մարդ, որ իրեն նվիրեց հայրենիքի ազատագրմանը` ոչ զենք վերցնելով, այլ իր մտքի հզորությամբ: Մարդ, որը զոհվեց իր հայրենիքի ազատագրմանը մասնակցելով ոչ թե մարտի դաշտում, այլ լաբորատորիայում:
Այդ փորձերի հետևանքով Հ.Հակոբյանը կորցնում է առողջությունը և 1992-ին մահանում արյան քաղծկեղից:
Եվ մինչև այսօր նա կամ իր ընտանիքը այդպես էլ չլսեց հասարակ շնորհակալություն բառը նրա արած ոչ պակաս կարևոր գործերի համար:
Ինչևէ, հպարտ եմ, որ այդ մարդու որդին եմ և պատշաճ եմ համարում այն փաստը, որ հորս անունը, իմ համեստ ուժերով ուզում եմ հայտնի դարձնել հանրության մի փոքր հատվածի մոտ, որոնք կոչվում են բլոգգերներ: Ես և նրան ճանաչողները հասկանում ենք, որ այդ անունը ՄԵԾ է, թեպետ, ցավոք, դեռ անհայտ:
Ճանաչենք այն մեծերին, որոնց ուժերի շնորհիվ այսօր մենք ապրում ենք խաղաղության մեջ…

http://arxangelo.wordpress.com/2010/07/15/great-mans/

Arxangelo
11.01.2011, 23:28
Սկսվել էր Ղարաբաղյան պատերազմը: Ադրբեջանական կողմը մինչև ատամների ծայրը զինված էր ժամանակակից զենքերով, իսկ մեր հայ տղաները կռվում էին պապենական մոսիներով և ժանգոտած որսորդական հրացաններով: Ադրբեջանը ռմբակոծում էր մեր գյուղերը տարբեր տրամաչափի զենքերով, հրթիռներով: Իսկ հայկական կողմը, ինչպես նշվեց, նորմալ ավտոմատ չուներ, ուր մնաց` հրթիռներ: Եվ ահա, օրերից մեկ օր ազերիները սարսափահար և զարմացած նկատում են, որ հայերը նույնպես հրթիռներ են ձեռք բերել և ոչ պակաս պայթյունային ուժգնությամբ: Նրանք զարմացած էին, թէ որտեղից հայերին այդքան գումար, որպեսզի հրթիռներ գնեն այսքան կարճ ժամանակահատվածում: Նրանք չգիտեին, որ այդ հրթիռները պատրաստված են Հայաստանում` հասարակ թթվածնային բալոններով: Եվ ոչ միայն ազերիները, այլ նաև հայ ազատամարտիկների մեծ մասը նույնպես չգիտեր թե որտեղից այդ փրկարար “հրթիռ-բալոնները”: Իսկ այդ մտքի հեղինակն էր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի գիտաշխատող, մեծ հայրենասեր Հելբիկ Դերենիկի Հակոբյանը: Նա էր, որ առաջին անգամ Հայաստանում սինթեզեց հրթիռային վառելանյութ և իր ընկերների հետ հետամուտ եղան այդ, այն ժամանակների համար այդքան անհրաժեշտ զենքի ստեղծմանը: Հետագայում նրա հրթիռները կատարելագործվեցին և ներգրավվեցին հայկական սպառազինության մեջ:
Իսկ այդ մարդու անունը Դուք այսօր չեք գտնի ոչ մի գրքում և ոչ էլ կլսեք Ղարաբաղյան պատերազմին վերաբերող ինչ-որ մի հաղորդման մեջ:
Մարդ, որ իրեն նվիրեց հայրենիքի ազատագրմանը` ոչ զենք վերցնելով, այլ իր մտքի հզորությամբ: Մարդ, որը զոհվեց իր հայրենիքի ազատագրմանը մասնակցելով ոչ թե մարտի դաշտում, այլ լաբորատորիայում:
Այդ փորձերի հետևանքով Հ.Հակոբյանը կորցնում է առողջությունը և 1992-ին մահանում արյան քաղծկեղից:
Եվ մինչև այսօր նա կամ իր ընտանիքը այդպես էլ չլսեց հասարակ շնորհակալություն բառը նրա արած ոչ պակաս կարևոր գործերի համար:
Ինչևէ, հպարտ եմ, որ այդ մարդու որդին եմ և պատշաճ եմ համարում այն փաստը, որ հորս անունը, իմ համեստ ուժերով ուզում եմ հայտնի դարձնել հանրության մի փոքր հատվածի մոտ, որոնք կոչվում են բլոգգերներ: Ես և նրան ճանաչողները հասկանում ենք, որ այդ անունը ՄԵԾ է, թեպետ, ցավոք, դեռ անհայտ:
Ճանաչենք այն մեծերին, որոնց ուժերի շնորհիվ այսօր մենք ապրում ենք խաղաղության մեջ…

http://arxangelo.wordpress.com/2010/07/15/great-mans/
Այժմ այս հոդվածը գտնվում է այս հասցեյում http://arxangelo.wordpress.com/2011/01/11/great-mans/

Tig
18.06.2011, 11:21
Լույսի ռազմիկը - Գագիկ Գինոսյան (http://aniv.ru/view.php?numer=15&st=3)

հ.գ. ռուսերեն է... ժամանակ լինի կարելի է թարկմանել...

Tig
17.11.2012, 10:21
ՆԵՑՈՒԿ ԼԻՆԵՆ… ԲԵՌ ՉԴԱՌՆԱԼ (http://www.hayzinvor.am/13847.html)

Ոլորապտույտ ճանապարհը անցնում է ծառաշատ այգիների միջով, ու միտքս ոչ մի կերպ չի կենտրոնանում գալիք հարցազրույցի վրա։

-Տան տեղը գիտե՞ս,- հարցնում է Հայկը։

-Ասաց՝ Էջմիածնում ում էլ հարցնեք Ճուտ Արսենենց տունը, ցույց կտան։

-Հո՞ պատգամավոր չի,- զարմանում է Արեգը։

-Ազատամարտիկ է,- տղաներին ծանոթացնում եմ ապագա ակնարկիս հերոսին,- գրոհային գումարտակի հրամանատար է եղել, 1000 հոգանոց անձնակազմ է տարել մարտի։ Ասում են՝ կենդանի լեգենդ է…

-Պատգամավորը փոքր մարդ է ազատամարտիկի համեմատ,- մեր զրույցը փակում է Հայկն ու առաջին պատահած կնոջ մոտ արգելակում մեքենան։

-Ճուտ Արսենենց տո՞ւնը,- կինը լայնաշուրթ ժպտում է,- իհարկե գիտեմ…

…Գետնահարկի բակում քարեր են թափված։ 6-7 տղամարդ շինարարություն են անում։ Նրանցից մեկը, մեզ նկատելով, առանձնանում է խմբից ու մոտենում.

-Բարով եք եկել, Արսենը ես եմ,- նիհար, փոքրամարմին տղամարդ է, փոշու-ավազի մեջ կորած։

-Էս էլ կենդանի լեգենդը,- ականջիս տակ լսում եմ Հայկի ձայնը ու հազիվ եմ զսպում ժպիտս։

-Ա՛յ ախպեր, փող չես տալիս, գոնե կոֆե տուր,- շրջվում ենք ձայնի կողմը, ջրով լի դույլերը ձեռքին՝ հաղթանդամ տղամարդ է «բողոքողը»՝ Արսենի հակապատկերը։ Բոլորը բարձրաձայն ծիծաղում են։

-Մարտական ընկերներս են,- բացատրում է Արսենը,- ինձ համար տուն են կառուցում։

Հյուրասենյակում Արսենի կինը չորս երեխաների հետ հյուրերին (մեզ) ընդունելու պատրաստություն էր տեսնում։ Երեք տղա, մի աղջիկ ունեմ՝ պատմում է Արսենը։ Տղաներիս զոհված ընկերներիս անունով եմ կոչել… Ինքս ինձ խաբում եմ… Երբ ընկերներիս անունն եմ տալիս, թվում է՝ ողջ են, թվում է` ապրում են տղաներիս մեջ…

Արսենը արագ-արագ ծխախոտ է վառում։

-Այսքան տարի է անցել,- մխիթարում եմ։

-Էս ցավը միշտ կմնա՝ քանի տարի էլ անցնի։

Ես փորձում եմ շրջանցել ցավի թեման։

-Ծնողներիդ հե՞տ ես ապրում։

-Ծնողներ չունեմ… Մայրս հաստատ ավելի երկար կապրեր, եթե չլիներ պատերազմը։ Մայրս շատ տանջվեց… Որ ճիշտն ասեմ, փոքր ժամանակ էլ մի բան չէի, ամեն օր վեճ, ծեծկռտուք… Բայց մեծերի հարգը գիտեի։ Իմ մանկության տարիներին ավագության օրենքը կար։ Քեզնից մեկ-երկու տարով մեծ տղան կարող էր հանձնարարություն տալ քեզ, ու պիտի վազեիր հոժարակամ։ Գյուղում հեղինակություններ կային, հարգված մարդիկ։ Նրանց ամեն խոսքը խրատ էր, դաս էր։ Ես սիրում էի կանգնել մեծերի կողքին, լսել նրանց զրույցները։ Սիրում էի, երբ բանակից եկած տղաները պատմում էին ծառայական կյանքի մասին…

-Գլուխ էին գովում…,- ոնց որ զրույցը կպավ, թե չէ՝ տխուր սկսեցինք…

-Նաև գլուխ էին գովում, բայց էդ գլուխ գովելն էլ իր բովանդակությունն ուներ… Պատմում էին, թե ոնց են կանգնել ընկերոջ թիկունքին, ոնց են իրար օգնել դժվարության պահին, ոնց են դիմակայել դժվարություններին… Քաջության, ուժի, բարության, ընկերասիրության դասեր էին։

-Բանակում պետք եկան այդ դասերը…

Արսենը ժպտալով օրորում է գլուխը…

-Բանակի մասին մի հարցրու… Տանկիստ էի, Ուկրաինայում էի ծառայում։ Ղարաբաղյան շարժման օրերին էր։ Հայաստանի սահմաններին կռիվ էր։ Ինձ զորամասից զորամաս ուղեկցող ադրբեջանցի մայորին ծեծեցի, փախա Հայաստան և ուղիղ գնացի Լեոնիդ Ազգալդյանի ջոկատին զինվորագրված եղբորս մոտ։

Արսենը արդեն ոգևորվել է.

-Ես զենք եմ սիրում, մտածում էի՝ թուրքին դաս տալու ժամը եկել է…

-Ինչպե՞ս է ծնվում պատերազմ գնալու որոշումը։

Արսենը տարակուսած ժպտում է.

-Հարցը չհասկացա…

-Պատերազմ գնալ, նշանակում է գնալ ստույգ մահվան…

-Պատերազմ գնալ, նշանակում է գնալ պաշտպանելու կյանքը։ Նա, ով մտածում է ապրել-մեռնելու մասին, կռիվ չի գնում։ Նա, ով կասկածում է, որ կմեռնի, մնում է տանը։

-Չեմ հասկանում…

-Մենք բոլորս վստահ էինք, որ մեզ գնդակ չի դիպչելու։

-Պատմեք պատերազմի մասին…

Արեգը լուսանկարում է տարբեր կողմերից։ Արսենը նայում է շփոթված։

-Ի՞նչ պատմեմ… պատմելու բան չկա։ Թշնամին կրակում էր… մենք կրակում էինք։ Տղաները զոհվում էին…

-Ինչպե՞ս եղավ, որ մենք հաղթեցինք, թուրքերը պարտվեցին։

ՆԵՑՈՒԿ ԼԻՆԵՆ... ԲԵՌ ՉԴԱՌՆԱՆ-Թուրքերը շուտ են կոտրվում, շուտ են հուսահատվում… Երբ հասկանում են, որ հաղթելու շանս չկա, զիջում են, նահանջում են… Մենք մինչև վերջին շունչը հավատում ենք հաղթանակին… Երբ այլևս ոչ մի սպասելիք չունենք, հրաշքի ենք սպասում ու կռվում ենք մինչև վերջին փամփուշտը, պայքարում ենք մինչև սրտի վերջին զարկը…

-Բա ասում ես՝ պատերազմի մասին պատմելու բան չունեմ…,- ուզում եմ ոգևորել, բայց Արսենը մտքերով ուրիշ տեղ է։

-Պատերազմի ժամանակ հեշտ էր, թշնամու դեմ հեշտ էր… Հիմա չգիտես ոնց կռվես, ի՞նչ զենքով…

-Ո՞ւմ դեմ…

-Ովքեր այս հողի ու ջրի ծնունդն են, բայց անտարբեր են այս երկրի ճակատագրի հանդեպ։ Ովքեր պատերազմի ժամանակ չգիտես որտե՞ղ էին, ո՞վ էին… Բայց էսօր վայելում են մեր ընկերների արյան գնով ձեռք բերած խաղաղությունն ու իրենց անսահման հարստությունից բաժին չեն հանում զոհվածի երեխային, մորը, կնոջը…

-Դուք ինչպե՞ս եք ապրում։

-Ես ողջ եմ մնացել, հաշմանդամ չեմ, կաշխատեմ, կարող եմ պահել ընտանիքս ու պարտք ունեմ զոհված ընկերներիս զավակների առաջ… Ես օգնության կարիք չունեմ… Թեև մեր նախարարն ինձ օգնեց։ Իմացավ, որ տուն եմ կառուցում չորս երեխաներիս համար, ու ախպերավարի կանգնեց թիկունքիս։

-Ո՞ր նախարարը…

-Մեր… պաշտպանության… Մի անգամ կռվի դաշտում հանդիպել ենք իրար։ 10 օր միասին ենք եղել… հիշեց ինձ։ Անկեղծ ասած, մենակ չէի կարող… Մարտական ընկերներս միշտ կողքիս են, մենք միասին ենք… Ես չեմ ուզում մարդկանց բաժանել կռվածների ու չկռվածների, բայց սա բոլորովին ուրիշ աշխարհ է, պատերազմի աշխարհը։ Օր չկա, որ չհիշենք, չպատմենք…

…Գուցե հենց անցյալից չկտրվելու համար էր, որ պատերազմի ավարտից հետո էլ ազատամարտիկների մի մասը չիջան սահմանից, մնացին լեռների վրա, որտեղ «իրենց սիրտն էր», հիշողություններն էին, զոհված ընկերների ձայները… Նրանց կողքին լինելու պատրանքը։ Արսենն ասես կարդում է մտքերս…

-Երբ կրակոցները լռեցին, երբ վերադարձանք… ու մայրաքաղաքն իր սովորական ռիթմով դիմավորեց մեզ, սկսեցինք ընկալել-հասկանալ, թե ինչ ենք թողել հետևում, սկսեցինք տեսնել այն դատարկությունը…

Արսենը նորից ծխախոտ է վառում։ Արեգը փորձում է լուսանկարչական ժապավենի վրա «անմահացնել» նրա աչքերի մուգ տխրությունը, որ երբեք արցունք չի դառնում։

-Այդ դատարկությունից վախենալո՞վ՝ պատերազմի ավարտից հետո երեք տարի մնացինք սահմանին։

-18-20 տարեկան զինվորների կողքին փորձառու ռազմիկներ էին պետք՝ կռված տղերք…

-Հերոս տղերք…

-Ես իմ երեխաներին այդպես չեմ բացատրում… Ես ասում եմ՝ հայրենիքի սահմաններն ու ժողովրդին պաշտպանելը յուրաքանչյուր տղամարդու պարտքն է։ Ես չեմ ուզում, որ նրանք պարտականությունը հերոսություն համարեն։ Ես ասում եմ՝ եթե տղամարդ ես՝ ուրեմն պաշտպան ես՝ հայրենիքիդ, ընտանիքիդ, թույլի, ազնվության, արդարության, ճշտի… Հերոսություն մի ասեք… Բոլորը պարտավոր չեն հերոս լինել, բայց բոլորն էլ պարտավոր են պաշտպանել հայրենիքի սահմանները։

Ես գլխով եմ անում. իբր համոզեցիր, էլ չեմ ասի, իսկ Արսենը շարունակում է.

-Ուզում եմ տղաներս կարգին մարդ մեծանան, էս երկրին, էս հողին տեր, իրենց պատվի գինն իմացող… Տաք սիրտ ունենան, ամուր հոգի… Բեռ չդառնան, նեցուկ լինեն…

Հավատում եմ, որ վաղվա Հայաստանն ավելի լավն է լինելու… Կռված տղերքին եմ հավատում… Էն պաշտոնյաներին, ովքեր սահմանին արյուն են թափել, ովքեր հայրենի հողը կիլոմետրերով չեն չափում, այլ կորուստների ցավով ու զոհված ընկերոջ կյանքի թանկությամբ…

…Տանը միայն մենք ենք, մյուսները դրսում են, այգում, պտղած ծառերի տակ, լուսանկարվում են…

-Դու էլ պիտի լուսանկարվես,- հիշեցնում եմ Արսենին։

-Տղաներին նկարեք…

-Հոդվածը քո մասին է…

-Նրանցից յուրաքանչյուրի մասին է…

…Տղամարդիկ փորձում են իրենց կարգի բերել նկարվելուց առաջ, թափ են տալիս շորերի փոշին, մազերը ձեռքով հարթում են ու ժպտադեմ նայում Արեգի ապարատին…

Չգիտես ինչու՝ ես ուզում եմ մտապահել նրանց դեմքերը, բայց… նրանք ձուլվում են իրար՝ դառնում մի դեմք, մի մարմին, մի պատկեր, մի կերպար՝ հզոր, զենքն ուսած, բարձր լեռներում, թշնամու դեմ…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Աղբյուր՝ hayzinvor.am