Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Արտաշես Յավրյան
gayan-ori
12.10.2009, 18:33
«ՔԱՌՅԱԿՆԵՐ» շարքից
***
Մրգի լավը քո սեղանին,համն ինձնից ես հարցնում,
Ժամացույցը քո թևին է,ժամն ինձնից ես հարցնում,
Սարից իջնող պարզ ջրերը պղտորվում են ձորի մեջ,
Բայց դու ջրի աղտոտվելը ակունքից ես հարցնում:
***
Առեղծվածները տիեզերքինն է,
Ոչ ոք չի կարող ստույգ վերծանել,
Արդարությունն էլ Աստծո ձեռքին է,
Մարդուն տրվածը միայն կեղծամ է:
***
Կյանքս մի օր՝ կեսը՝ մթնում,ի՞նչ մնաց,
Իմ արևն էլ մայր է մտնում,քիչ մնաց,
Լավն ես,ափսոս,մարդախաբ ես,է՜յ աշխարհ,
Ծով խոստացար,ինձ մի ցամաք լիճ մնաց:
***
Դեռ շուռ կգան սար ու ձորում սև անգղն ու գորշ բազեն,
Իրենց որսը կհոշոտեն ու նոր զոհի կսպասեն,
Գոյատևման երաշխիքը միայն ձեր մեջ որոնեք,
Ով միամիտ թևավորներ՝անմիաբան ու անզեն:
***
Ձմռան սարը գարուն հագավ,
Հին հարց տվեց մի նոր կաքավ.
-Արդարությունն ի՞նչ պտուղ է,
Որ աշխարհում շատ է սակավ...
****
Ինձ հարցնես՝ ամեն չարիք մի դև է,
Նշան չունի՝ սպիտա՞կ է, թե՞ սև է,
Թեկուզ տարով զավթի ղեկը քո կյանքի,
Վնասների շորշոփը դար կտևե:
***
Ինչու՞ միայն մահերգ ունի քնքուշ կարապն աշխարհում
Խրախճանք ու վայելք ունի տզրուկ պարապն աշխարհում,
Թե անարդար ամեն բանի դատաստանի դար է սա,
Ինչի՞ց է,որ մի գին ունեն հաստ ու բարակն աշխարհում:
***
Մարդ ինքն իրեն շատ աղոտ է ճանաչում,
Հույսի վրա հաճախ խոտ է կանաչում,
Արևի տակ կարգին ապրել չգիտի,
Խելքին մտիկ,տիեզերք է նվաճում:
***
Ասում են,թե մտքի դար է,ստի եռքն է պակասում,
Աճում է հար թիվը մարդկանց,ջուրն ու բերքն է պակասում,
Այս անհատնում գանձերի տուն մայր մոլորակն ի՞նչ անի,
Երբ հասույթի բաժանարար սուրբ կշեռքն է պակասում:
***
Դարի հետ փոխվում է դարերգը,
Փոխվում է աշխարհի տարերքը,
Հեքիա՞թ է մնալու,թ՞ե կգան
Հազարան բլբուլն ու Արեգը:
***
Մարդու համար դեռ վարկած է իսկությունը Անհայտի,
Պատրանքների անդրադարձ է հայտնությունը Անհայտի,
Քանի խորհող էակն ունի ավերելու կիրք ու զենք,
Առեղծված էլ պիտի մնա տեղն ու տունը Անհայտի:
***
Մեկն ապրիլին գայլի որբ ձագ բերեց տուն,
Շան ձագի հետ պահեց մինչև խոր աշուն,
Բայց մի գիշեր լսեց ոռնոց անտառից,
Տեսավ՝ գայլը գայլ է մնում, շունը՝շուն...
***
Ճուտը ձվից դուրս է գալիս՝ տքնությամբ,
Սերմը ծլում,բույս է տալիս՝ տքնությամբ,
Իմաստունն էլ՝հոժարակամ վառվելով,
Մթնած հոգուն լույս է տալիս՝տքնությամբ:
***
Անտառն աչքիդ հեռվից հարթ է երևում,
Թուփն էլ մթնում խոշոր մարդ է երևում,
Թե որ նրա խորքն ես մտնում ցերեկով,
Քո պատրանքի ապարանքն է երերում:
***
Երբ արթնանաս,քնից՝հետո կխոսես,
Գործդ տեսնենք,գնից՝ հետո կխոսես,
Ոչինչ չարած՝ամենքին ես փնովում,
Նորն ստեղծիր,հնից՝ հետո կխոսես:
***
Խաղալիք է, մեջը ի՞նչ է լինելու,
Ալևորի վեճը ի՞նչ է լինելու,
Մարդն ուզում է այնքան ապրի, որ տեսնի՝
Այս աշխարհի վերջը ի՞նչ է լինելու:
ԽՈՏՀՆՁԻՑ ՀԵՏՈ
Թարմ ծրերի մեջ հնձած խոտհարքի
Պտույտ էր գալիս վշտահար մեղուն,
Մոտենում ընկած ամեն մի ծաղկի,
Համբուրում զգույշ, համրանում տեղում:
-Ձեզ ի՞նչ պատահեց, իմ քույր ծաղիկներ,-
Մրմնջում էր նա, ցավագին բզզում,
Բայց նրանք արդեն խոտի հետ քնել,
Ոչ տեսնում էին և ոչ էլ՝ լսում...
ԾԱՂԻԿՆԵՐԸ
Գարունն անարատ ծաղիկներ կտա,
Ի՜նչ փույթ, թե նրանց ով պիտի քաղի,
Ո'րր կլացի, ո'րը կժպտա,
Ո'րը քանի օր բույրն իր կպահի:
Լցնում են նրանք կյանք ու ժամանակ
Բույրերով անուշ, քնքշութամբ մաքուր,
Խինդ ու սեր դնում ամեն կրծքի տակ,
Սեփական վիշտը պահելով թաքուն:
***
Ես ու դու արդեն առաջվանը չենք,
Որ թեթև առվի վրայով թռչենք,
Ինչ քաղցրություն կա սրտամոտ ու թանկ՝
Առել է հիմա հուշի կերպարանք,
Կրակամայր է՝ անթեղած հոգում,
Հենց որ խառնում ենք,
Կայծ է արձակում...
ՈՉԽԱՐԸ
(առակ)
Գայլն աչքը գցեց ոչխարի աչքին,
Իր պոչով զարկեց նրա դմակին,
Բռնեց ձոր տանող նեղ արահետը,
Ոչխարն էլ՝ հետը:
Նա զոհին տարավ, մութ ծմակ հանեց,
Սուր ժանիքներով բուկը աքցանեց:
Երբ վերջին շնչում ոչխարն էր հևում,
Տերը երևաց գլխավերևում.
–Գիտուն տիրոջից խրատ չես առնում,
Որ գել գազանի բաժին ես դառնում:
Ոչխարն անտարբեր նայեց ու տնքաց.
–Է՜,այն օրից է իմ բախտը ծռվել,
Որ իմ խեղճ մորից ոչխար եմ ծնվել,
Ինձ համար մեկ է, թե ով է սոված,
Նա ինձ հում կուտի,իսկ դու՝խորոված:
ՋՈՐԻՆ
(առակ)
Թեև նա ուներ իշային ծագում,
Շուտ ընտելացավ ձիերի բարքին,
Ախոռ գրավեց առաջին շարքում,
Դարձավ տնօրեն մի երամակի:
Սանձեր ունեին ձիերը բոլոր,
Ջորին էր ազատ թոկ ու սանձերից,
Թե տուժած մի ձի նայում էր խոլոր,
Կանգնում ախոռին, զրկում էր կերից:
Ձիերը ցասկոտ վրնջում էին,
Գետինը ոտքով անհանգիստ փորում,
Բայց քացի տալու շնորհք չունեին,
Դա հատուկ էր լոկ խառնածին ջորուն:
ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
( Առակ )
Աղքատը խեղճ ոչինչ չուներ,
Եղած-չեղած՝ մի էշ ուներ.
Աստված ուզեց մի դուռ բանա,
Որ մարդը խեղճ
Իր կյանքի մեջ
Գոնե մի օր ուրախանա:
Երբ աշունքին մի առվի մոտ
Էշն ընկել էր կանաչ արոտ,
Աստված վերից , որ նկատեց,
Սար ու ձորը թխպով պատեց:
Հանդերն ընկավ էշի տերը,
Պտիտ եկավ ողջ գիշերը,
Մինչև թուխպը քաշվեց, անցավ,
Մութն էլ մաշվեց ու լուսացավ:
Մի ծառի տակ, սարի փեշին,
Տերը տեսավ կորած էշին.
Ուրախացավ...
***
Ժամանակն է մեզ փոխում աննկատ,
Երբ որ հասնում ենք մեր քառասունին,
Խոստումների մեջ դառնում ենք ժլատ,
Զգաստ ենք նայում նորին ու հնին:
Քիչ-քիչ լքում են երազները մեզ,
Կյանքին է կապում խստաշունչ ներկան,
Թռիչքից իջած ուղևորի պես
Բռնում ենք խոնարհ ճանապարհը տան:
Թողած երկինքը, աստղերը վերի,
Մեր լամպն ենք վառում չորս պատի ներսում,
Ապավեն կանգնում մեր բալիկներին,
Ջանում հասկանալ հոգսերի լեզուն:
«ՄԱՀՎԱՆ ԿԱՄՈՒՐՋ»
Անդունդ է ահավոր,
Անկումը՝սրընթաց.
-Այդ ո՞վ է կամավոր,
Կամրջից նետվում ցած:
-Մեր միջի այն խորթը,
Որ մեզ չէր հավանում,
Ասում է անցորդը՝
Չարամիտ,անանուն...
***
ՁՄԵՐՈՒԿԻ ԽԱԿՆ Է ԾԱՆՐ,
ՄԱՐԴՈՒ՝ՀԱՍՈՒՆԸ,
ԵՐԿՐԱՎՈՐԻ ՄԵՂՔՆ Է ԾԱՆՐ,
ԵՐԿՆԻ՝ՑԱՍՈՒՄԸ:
ՄԵՂՔՈՒՄ ԿՈՐԱԾ
ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ,
ԻՆՉ ՎԱՍՏԱԿԵՍ,
ԷՆ ԿՏԱ ՔԵԶ՝
ՔՈ ՍՊԱՍՈՒՄԸ:
***
ՉԷ,ԹՈՒՐՔԸ ԹՈՒՐՔ Է ՄՆՈՒՄ,
ՉԱՐԻՔԻ ՏՈՒՐՔ Է ՄՆՈՒՄ,
ԱՐՅՈՒՆԱԽՈՒՄ ԻՐ ՆԱԽՆԻՆ
ԻՐ ՀԱՄԱՐ ԿՈՒՌՔ Է ՄՆՈՒՄ,
ՎԱՅՐԵՆԱԾԻՆ ԿՐՔԵՐԻՆ
ՄԻՇՏ ԷԼ ՍՏՐՈՒԿ Է ՄՆՈՒՄ,
«ՔԱՂԱՔԱԿԻՐԹ»ԱՇԽԱՐՀԻ
ԵՐԵՍԻՆ ԹՈՒՔ Է ՄՆՈՒՄ...
ՈՎ ԻՐ ՄԵՂՔԸ ՉՔԱՎԻ
ԻՆՁ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔ Է ՄՆՈՒՄ:
gayan-ori
13.10.2009, 10:51
«ՔԱՌՅԱԿՆԵՐ» շարքից
***
—Մի՞թե մարդուն տերն ու ծառան ուղեկից են մնալու,
Մի՞թե կռիվն,ավեր-թալանն ուղեկից են մնալու.
—Քանի շահն է, ուժի ահն է առաջնորդը աշխարհի,
Մարդուն դժողքն ու քավարանն ուղեկից են մնալու:
***
Դեռ շուռ կգան սար ու ձորում սև անգղն ու գորշ բազեն,
Իրենց որսը կհոշոտեն ու նոր զոհի կսպասեն,
Գոյատևման երաշխիքը միայն ձեր մեջ որոնեք,
Ով միամիտ թևավորներ՝անմիաբան ու անզեն:
***
Թե մեկը սար,մյուսը ձոր չլիներ,
Մեկը՝արու,մյուսը՝բոռ չլիներ,
Գուցե մարեր գոյակռիվն արյունոտ,
Ազատության տենչն այսքան խոր չլիներ:
gayan-ori
14.10.2009, 12:57
«ՔԱՌՅԱԿՆԵՐ» շարքից
***
Մարդը հնուց պաշտել է քեզ շարունակ,
Քեզ հռչակել սուրբ ու արդար արեգակ,
Թե աշխարհին մի աչքով ես նայում դու,
Ինչու՞ մի տեղ ձնաբուք է, մի տեղ՝ տաք:
***
Մոլեգնած ծով էր, պատուհաս անցում,
Մենք հայտնվեցինք ձկնորսի ցանցում,
Մեզ հանեց ջրից ու նետեց ցամաք,
Որ շնչենք «ազատ», փառք տանք Աստըծուն:
gayan-ori
14.10.2009, 17:53
«ՔԱՌՅԱԿՆԵՐ» շարքից
Վիշտը կաթ-կաթ ուրախության թասում կա,
ՈՒր էլ գնաս՝կյանքի ամեն մասում կա,
Հին ու նորի հարատևող պայքարում
Էլի երկյուղ, էլի բողոք, ցասում կա:
***
Բազմալեզու ազգ ու ցեղի նոր կապեր են գոյանում,
Ամեն ինչի արժեք դնող նոր չափեր են գոյանում,
Տեսնես մարդը ու՞ր կհասնի գալիք հազար տարվա մեջ,
Երբ անկումի երկյուղ ունի,քանի վեր է խոյանում:
***
Ինչ էլ լինի՝ կյանքն անուշ է , կուզեմ մահը չլիներ,
Այս աշխարհից հեռանալու տխուր պահը չլիներ,
Թե մեկնելու ժամը հասնի, հանգիստ քնեմ, չզարթնեմ,
Հիշատակիս մոռացումի անմիտ ահը չլիներ:
***
Մայր ոչխարը կորած գառին ման կգա,
Բամբասողը միայն շառի ման կգա,
Ով չի կարող ապրել արդար վաստակով,
Աչքը դրսում՝ միշտ ավարի ման կգա:
gayan-ori
16.10.2009, 15:41
ԻՆՉ ԻՄԱՆԱՅԻ
Հուշեր կան, որոնց ջնջում է նորը,
Բայց քո անունը մնում է դեռ,
Ուրիշով տարված՝չզգացի խորը
Քո մտերմությունն անկեղծ ու ջերմ:
Թվում էր՝ լավն է ինձ անծանոթը,
Ես նրան էի սեր խոստանում,
Ի՞նչ իմանայի, թե վարդն ինձ մոտ է,
Ես այն փնտրում եմ տափաստանում:
***
Ակնարկեց պատանին իր սերը,
Դողաց քնքուշ ձայնն աղջկա.
-Քանի կան ուսումն ու դասերը,
Այդ հարցին ժամանակ չկա...
Գիշերը կարճ ու անուշ է,
Զրույցը տևում է երկար,
Աղջիկը չի ասում թե՝ ուշ է,
Իսկ չէ՞ որ ժամանակ չկար...
gayan-ori
18.10.2009, 12:28
Արտաշես Յավրյանը ( Յավրիյանը ) ծնվել է 1939թ.օգոստոսի 28-ին Գանձակի գավառի Փիփ գյուղում(այժմ՝Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղ):Միջնակարգ կրթությունը ստացել է Գանձակում(նախկին Կիրովաբադ քաղաքում):1949-1954թթ.սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:Զբաղվել է լրագրական գործունեությամբ,գրական աշխատանքով:Ռուսերենից թարգմանությամբ նա հայ ընթերցողին է ներկայացրել նշանավոր շատ գրողների մի շարք ստեղծագործություններ:
Հիմնականում ստեղծագործել է մեծերի համար,թեև նրա մի շարք ստեղծագործություններ միջին ու բարձր տարիքի դպրոցականների ընթերցանության շրջանակներում են:1971թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝«Օջայի ծուխը»,որին հաջորդել են «Ակունքներ».«Մանանա»,«Առյուծաձև մհեր»,«Այգեքաղ»,«Ժամանակի հորձանուտում»,«Աղետավոր իմ դար»,«Դյուցազունք Սասնա»(հայ ժողավրդական դյուցազնավեպի՝«Սասնա Ծռերի»չորս ճյուղերի անբողջական մշակում) ժողովածուները:Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր :
Հայաստանի գրողների միության անդամ 1988թ.: Մահացել է 2009թ:
Իսկ արձակ գործեր ունի՞: Եթե կարելի է, փոքր հատվածներ կամ փոքր պատմվածքներ դնեիք:
gayan-ori
18.10.2009, 22:06
Հարգելի Ֆոտոն, Արտաշես Յավրյանի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել չափածոյի հետ:Թեև իր մահից մեկ տարի առաջ խոստովանեց, որ ունի արձակ գործեր և մտադիր է դրանք ևս հրատարակել, բայց չհասցրեց: Նրա անտիպ գործերին դեռևս ծանոթ չեմ:
Ես փորձում եմ բանաստեղծի տարբեր ժողովածուներից Ձեր դատին ներկայացնել նրա գրչի գործերը՝ հուսալով ,որ նա ի վերջո կունենա իրեն արժանի լսարան:
1960թ. Յավրյանն իր գրած մի քանի բանաստեղծություններ և մի երկտող ուղարկում է Շիրազին՝խնդրելով ասել՝արժե՞ ,արդյոք,որ շարունակի ստեղծագործել:Որոշ ժամանակ անց ստանում է վարպետի սրտապնդող խորհուրդը.«Վաղուց ստացել էի քո նամակիկդ և թղթերիս մեջ կորցրել:Այսօր մի բան փնտրելիս գտա և քոնը, և ահա,ներողություն խնդրելով,ուզում եմ իմ հին խորհուրդներս վերաշշնջալ քեզ,քո սրտի ականջին,քո պոետական բախտի ականջին,քո նավաբեկյալ հույսի ականջին...Մի'հուսահատվիր,որ գիրքդ չի հաղթում բթամտությունը, որն այսօր գլխավոր խմբագիր է,մի' իջիր ձիուցդ,որ մորուց է քեզ ընծայված բարի բնության անդաստանից,մի' թողնի լեռան տակ քո տաղանդի ոսկե հանքը,տքնաջանիր,հանի'ր ասում եմ և բախտդ գրչիդ արծվամագիլով կհանի չար ու կույր բթամտության աչքը... և սիրտը:Քո գրչի եղբայր՝Հովհաննես Շիրազ՝1960թ.,Երևան»:
Իսկ տարիներ անց Արտաշես Յավրյանի քառյակները կարդալուց հետո Շիրազն ասում է.«Կեցցե'ս,Արտաշես,քառյակներիցդ շատերը ես էլ կուզեի գրած լինել:Ոնց որ սրտի հանքից պոկված ոսկու երակ լինեն»:
Ես հուսով եմ, որ ընթերցողները բանաստեղծի գրվածքների ընթերցման վրա ծախսած ժամանակը իզուր չեն համարի:
gayan-ori
22.10.2009, 12:11
ԹԻԱՎԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Ամպ ու հովին մեղմ իրիկվա,
Երկրի արքան՝ինքնագոհ,
Զբոսնում էր ծովի վրա
Թեթևասահ նավակով:
Ալեկոծվեց ծովը հանկարծ
Ու մռնչաց կատաղի,
Թվում էր, թե նավակն անդարձ
Իր խորքերում կթաղի:
Մթնեց ասես լույս աշխարհը,
Մթնեց երկինք ու երկիր,
Մեն-մենակ էր թիավարը
Գրոհի դեմ տարերքի:
–Է՜յ, թիավար, որ չգիտես,
Գոնե խորհուրդ հարցրու,
Ջուրը գալիս, լցնում է ներս,
Նավակը ձախ դարձրու...
Գոռաց արքան հուսակտուր,
Սրտում՝երկյուղ ու տագնապ,
Բայց թիավարն անխոս ու լուռ՝
Ելք էր փնտրում դեպի ափ:
Ու երբ նրանք ափը հասան
Բարեխոստում հրաշքով,
–Քեզ կկախեմ, արքան ասավ,
Եվ կհանեմ աչքը քո:
Դու ո՞վ ես որ սիրտ ես անում,
Խուլ ձևանալ տիրոջ մոտ,
Լեզու չկա՞ր քո բերանում,
Լեզու չունե՞ս, անամոթ:
–Երբ հրաման կտան ահեղ
Երեք սարսափ թագավոր,
Ես ականջս որի՞ն պահեմ,
Որի՞ խոսքն է կարևոր:
–Երեքն ո՞վ են, ի՞նչ հրաման,
Պարզ ասա, որ հասկանամ...
–Իմ թագավորն ապրած կենա,
Մեկը քամին էր վիշապ,
Թե որ բանը իրեն մնար,
Չէր թողնի մեզ ելնենք ափ:
Մեկը ծովն էր, որ գազազել,
Քիչ էր մնում կուլ տա մեզ,
Հե՞շտ էր նրանց մի բան ասել,
Որ հասկանան,գթան մեզ:
Մեկն էլ դու ես,աստծո զավակ...
Թույլ տուր խոսեմ բաց սրտով,
Ափ չի հասել ոչ մի նավակ
Արքաների խորհրդով...
gayan-ori
22.10.2009, 12:40
***
Օրը մթնելիս մնում ես մենակ,
Մտորելն անգամ ձանձրույթ է բերում,
Մարում լույսը տան, թողնում դուռը փակ,
Շրջում ես տխուր այս փողոցներում:
Չունես դու հիմա հաստատ մի օջախ,
Ամեն ջահելի քո սիրտն ես բացում,
Սակայն իմացիր, որ կյանքը հաճախ
Թեթև սիրողին ծանր է հարվածում:
«ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ» շարքից
***
Շատ անգամ եմ շշնջացել
Ամոթահար ու շվարած.
-Ախ, ինչ կասի մայրը իմ ծեր,
Որ իր որդին դառնում է հայր՝
Որդիական ոչինչ չարած...
***
Ես նայում եմ քո աչքերին,
Սառնությունը սիրտս է խոցում,
Դու նայում ես կոշիկներիս,
Որ մաշվել են ձեր փողոցում...
***
Լավ ընկերը ցավդ կզգա,
Բարեկամը՝ սեր կանի,
Բայց որ հրաշք մայրդ չկա,
Վիշտն ո՞վ իրեն բեռ կանի...
***
Սարին թե ծառին՝
Ով վեր մագլցեց,
Հասավ կատարին,
Չպետք է քնի,
Թե չէ կընկնի...
***
-Շան տարի է... Անճար մարդու
Կյանքը համ չունի.
Գործազուրկ է. անտեր-անտուն՝
Ապաստան չունի...
-Ասողը դու, լսողը ՝ դու,
Խոսքդ դամ չունի:
Philosopher
22.10.2009, 12:51
Կենցաղային փիլիսոփայության ու ապրած-չապրած զգացումների շիրազատիպ գործեր են: Հայ բանաստեղծ է` բառի շիրազյան ու շիրազատիպ իմաստներով :)
***
Թշնամուց փախար,ընկար խանդակը,
Խանդակից փախար,ընկար վանդակը,
Վանդակից փախար,անցար ծովեծով,
Բայց դեմդ հառնեց ձուլման վտանգը...
Ճուտը ձվից դուրս է գալիս՝ տքնությամբ,
Սերմը ծլում,բույս է տալիս՝ տքնությամբ,
Իմաստունն էլ՝հոժարակամ վառվելով,
Մթնած հոգուն լույս է տալիս՝տքնությամբ
Վիշտը կաթ-կաթ ուրախության թասում կա,
ՈՒր էլ գնաս՝կյանքի ամեն մասում կա,
Հին ու նորի հարատևող պայքարում
Էլի երկյուղ, էլի բողոք, ցասում կա:
***Բազմալեզու ազգ ու ցեղի նոր կապեր են գոյանում,
Ամեն ինչի արժեք դնող նոր չափեր են գոյանում,
Տեսնես մարդը ու՞ր կհասնի գալիք հազար տարվա մեջ,
Երբ անկումի երկյուղ ունի,քանի վեր է խոյանում:
***Խաղալիք է, մեջը ի՞նչ է լինելու,
Ալևորի վեճը ի՞նչ է լինելու,
Մարդն ուզում է այնքան ապրի, որ տեսնի՝
Այս աշխարհի վերջը ի՞նչ է լինելու:
gayan-ori
22.10.2009, 14:39
... նա հայ բանաստեղծ է՝ հավատարիմ հայ դասական պոեզիայի ակունքներին,որը միշտ էլ առանձնացել է խոսքի պարզության և մտքի փիլիսոփայական խորության հրաշալի զուգակցմամբ: Այն կարող է մեկին դուր գալ, մյուսին՝ ոչ, բայց չի կարելի ժխտել, որ սա իսկական պոեզիա է...
Philosopher
22.10.2009, 14:49
... նա հայ բանաստեղծ է՝ հավատարիմ հայ դասական պոեզիայի ակունքներին,որը միշտ էլ առանձնացել է խոսքի պարզության և մտքի փիլիսոփայական խորության հրաշալի զուգակցմամբ: Այն կարող է մեկին դուր գալ, մյուսին՝ ոչ, բայց չի կարելի ժխտել, որ սա իսկական պոեզիա է...
Կարելի է: Բայց դա քննարկման անհետաքրքիր թեմա կլինի :)
Իսկ փիլիսոփայական խորության մասին... հմմմ... լավ, խորն է:)
Ես մի քանի օր է , ինչ ակումբի անդամ եմ և ինձ հետաքրքրեցին Յավրյանի չափածո գործերը:Բանն այն է, որ ես ունեմ նրա «Սասնա Դյուցազունքը»:Պետք է ասեմ, որ էպոսի մշակումը շատ հաջողված է և վատ չէր լինի , եթե մի քանի հատված դնեիք :
Ինձ շատ դուր եկան քառյակներն ու առակները:Ես կցանկանայ իմանալ, թե դրանք մի՞ ժողովածուից են,թե՞ տարբեր :
gayan-ori
25.10.2009, 21:03
Արտաշես Յավրյանը հայ բանահյուսության հմուտ գիտակ էր:Բանահյուսությունն այն ոլորտն էր , որը մշտապես ոգևորել և ներշնչել է նրան,ինչպես մեր գրականությունը ներկայացնող շատ գրողների:Ի վերջո դա մեր արձակի և պոեզիայի դրսևորումներից մեկն է համարվում: Բանաստեղծի մշակումների արդյունքում ծնվեցին առակներ, խաղիկներ, կատակերգեր,աշխատանքի, պանդխտության,օրորոցային երգեր... «Սասնա դյուցազունքը» մեր «Սասնա Ծռեր» էպոսի չորս ճյուղերի չափածո մշակում է,մեծ , երկարատև աշխատանքի և առկա բազում տարբերակների խոր ուսումնասիրության արդյունք : Հաջողված մշակում է համարվում այն առումով, որ Յավրյանը կարողացել է հավատարիմ մնալ ժողովրդական դյուցազնավեպի ոգուն,զտել տարբեր ժամանակներում գրառված տարբերակներում՝ տեղ գտած օտար շերտերից: Այնքան վարպետորեն են զուգակցված հեղինակային շեշտադրումները, որ թվում է, թե ժողովրդի հյուսած գործն ես կարդում և անհատ հեղինակի մատ չի կպել:Ես միայն երկու փոքրիկ հատված կտեղադրեմ.
«Սասնա Դյուցազունք»պոեմ
Մաս4.«Սասնա Մհեր»
-1-
Աստված կամեցավ,որ տունը Սասնա
Դավթի նման ժառանգ ունենա,
Հոր տեղը բռնի, հոր նման պահի
Սար ու սահմանը մեր լեռնաշխարհի:
Անցավ ինն ամիս, ինն օր ու ժամ,
Խանդութ խաթունը երկունքով դժվար,
Ծնեց մի մանուկ աստղի տակ բարի,
Արև պարգևեց հայոց աշխարհին:
Ով կաճեր տարով, նա կաճեր ժամով,
Ազնանց զարմ ու ցեղ՝ ամեն նշանով.
Դեռ օրորոցում հայտնի էր արդեն,
Փրթիկ էր անում իր կապ ու բանդեր:
Ճարահատ բերին երկաթե շղթան
Բարուրի համար արին փաթաթան,
Մեր խենթը լարեց ուժը ձեռ-ոտի,
Կտրատեց, թափեց հանց կեմը խոտի,
Մի զարզանդ գոռոց, մի աղմուկ դրեց,
Որ ձենը կալավ Սասնա քոլ ու քերծ.
Ահարկու ձենից փլվեցին տներ,
Շուռ եկան ծառեր, ծռվեցին սներ...
Այս դեպքի վրա մեծերն ալեզարդ
Եկան խնդրեցին, որ թողնեն ազատ,
Թողնեն իր կամքին, լեն օրորոցում,
Թե չէ քաղաքը սարսափ է գցում...
Եվ հավատարիմ հին ավանդույթին,
Կամքով մեր Դավթի, խանում Խանդութի,
Ջոջանց մանուկին կնքեցին ժամում
Ու տվին նրան իր պապի անուն:
-19-
Եվ տարին մի հեղ՝ համբարձման գիշեր,
Երբ երկինք-գետին փարվում են իրար,
Լցնում ամեն սիրտ երազանք ու սեր,
Բացվում է կամաց էն Ագռավի Քար,
Մհերը հեծնում Քուռկիկ Ջալալին,
Ելնում կարոտով ու ման է գալիս.
Թե ոտք է գցում քար ու քարափի,
Պակսում է արգելքն իր դժվար ճամփի,
Թե ոտք է գցում դաշտ ու դուրանում,
Հողն է ոտքի տակ սաստիկ թուլանում...
Մի ախ է քաշում, ետ գալիս անձայն,
Դառն ափսոսանքով մտնում քարանձավ...
Ծորում է Քարից ուրբաթե ուրբաթ,
Քուռկիկ Ջալալու արցունքը կաթ-կաթ,
Խրխնջում է զիլ ու ձայնը նրա
Կարոտի կանչ է աշխարհի վրա,
Հույսի ղողանջ է աշխարհի վրա...
gayan-ori
25.10.2009, 21:12
Հարգելի Քննադատ, այստեղ տեղադրված բոլոր ստեղծագործությունները զետեղված են տարբեր ժողովածուներից:Յավրյանը շատ էր սպասում համահավաք ժողովածուի հրատարակմանը, բայց , ավաղ, նրան վիճակված չէր տեսնել այն: Հուսով եմ, որ գալիք տարի այդ գիրքը լույս կտեսնի:
Շնորհակալություն պատասխանի համար:
Ես Ձեզ հետ համաձայն եմ, ժողովրդական խոսքի կոլորիտը,«համն ու հոտը» վարպետորեն պահպանել է բանաստեղծը:
Երբ գիրքը լույս տեսնի , խնդրում եմ,անպայման տեղեկացրեք ֆորումում:
gayan-ori
30.10.2009, 11:10
Եղավ, կհայտնենք:
Ստեղծված է բլոգ՝ նվիրված Արտաշես Յավրյանին:Այնտեղ կամաց-կամաց կտեղադրվեն ժողովրդական մոտիվներով գրված նրա կատակերգերից, խաղիկներից, պանդխտության ... երգերից, ինչպես նաև հատվածներ «Սասնա Դյուցազունքից»:
http://artashesyavryan.blogspot.com/
lusattik
15.11.2009, 10:56
Ինձ շատ դուր եկան քառյակներն ու առակները:
Ես համամիտ եմ Քննադատի հետ. քառյակները շատ հաջող են՝ առանց արհեստական, ռեբուսային բարդ արտահայտությունների:Ես եղա բանաստեղծի բլոգում և կարդացի բան, գիտ. դոկ, պրոֆ. Լյուդվիգ Կարապետյանի կարծիքը քառյակների վերաբերյալ ,այդ խոսքերին որևէ նոր բան ավելացնել իմաստ չունի:վատ չէր լինի , հարգելի gayan-ori,որ բլոգում ավելացնեիք քառյակների և իհարկե առակների թիվը, մանավանդ,որ , ըստ Լյուդվիգ Կարապետյանի խոսքերի, դրանք շատ են:
Ես հատուկ կցանկանայի նշել առակների մասին, ինձ շատ դուր եկավ«Ոչխարը» առակը,սա իմ ընկալմամբ՝ կարելի է քաղաքական առակ համարել.սա մեր երկրի քաղաքական վիճակին շատ համահունչ գործ է է և կառանձնացնեի «Աստծու տված ուրախությունը»...
«Սասնա Դյուցազունքի» մասին ինֆորմացիան առայժմ քիչ է և այստեղ և բլոգում, առայժմ պատկերացումս ամբողջական չէ: Վատ չէր լինի, որ ավելի մեծ հատվածներ դրվեր բլոգում՝ պոեմի բոլոր մասերից:Առայժմ այսքանը կարող եմ ասել...
Rhayader
15.11.2009, 11:11
Հմմ... չձգեց, չհետաքրքրեց ու իզուր կարդացի:
gayan-ori
15.11.2009, 16:03
վատ չէր լինի , հարգելի gayan-ori,որ բլոգում ավելացնեիք քառյակների և իհարկե առակների թիվը, մանավանդ,որ , ըստ Լյուդվիգ Կարապետյանի խոսքերի, դրանք շատ են....
....«Սասնա Դյուցազունքի» մասին ինֆորմացիան առայժմ քիչ է և այստեղ և բլոգում, առայժմ պատկերացումս ամբողջական չէ: Վատ չէր լինի, որ ավելի մեծ հատվածներ դրվեր բլոգում՝ պոեմի բոլոր մասերից...
Հարգելի lusattik, անպայման հաշվի կառնվեն Ձեր առաջարությունները...ժամանակի ընթացքում անպայման կլրացվի բլոգը:
http://artashesyavryan.blogspot.com/
Հմմ... չձգեց, չհետաքրքրեց ու իզուր կարդացի:
Ինչ կա որ, ընկալման և ճաշակի հարց է...զարմանալի կլիներ, եթե բոլորին դուր գար:
lusattik
30.11.2009, 14:29
gayan-ori, ես այսօր կայքերից մեկում բանաստեղծից մի մանկական բանաստեղծություն
կարդացի՝ «Ես շնիկ էի»:Ինձ դուր եկավ::) Ինչու՞ չեք բլոգում նրա մանկական գործերից տեղադրում:'
ԵՍ ՇՆԻԿ ԷԻ
Ես Շնիկ էի, թմբլիկ էի,
Ունեի մայրիկ, հողե տնակ,
Թեև անտարբեր ու բկլիկ էի,
Փորիկս կուշտ էր ու տեղս տաք:
Ես անուժ էի ու չհաս էի,
Ոչ ոք ինձ վրա չէր նայում խեթ,
Ուրախ ու հպարտ կվազվզեի
Ու խաղ կանեի ամենքի հետ:
Հիմա, որ արդեն շուն եմ իսկական,
Կարող եմ տեղին հաչել, կծել,
Ինձ քար նետողին ցույց տալ իր ճամփան,
Ավա՜ղ, իմ վզին թոկ են գցել:
Շոգին՝ թուլանում, ցրտին՝ փայտանում,
Պահում եմ անքուն տուն ու այգի,
Սակայն իմ վզին շղթան չեն հանում,
Ոչ արձակուրդ կա, ոչ կիրակի:
Թե հնար լիներ՝ շղթաս պոկեի,
Ձեռ կքաշեի շնությունից,
Եվ աշխարհով մեկ կբողոքեի
Իմ ցեղն ստեղծող բնությունից:
CactuSoul
30.11.2009, 15:10
Ինչ կա որ, ընկալման և ճաշակի հարց է...զարմանալի կլիներ, եթե բոլորին դուր գար:
:)
Մի քանի քառյակ կարդացի ու մի երկու մի քիչ երկար բանաստեղծություն…
Ինչու չկարդացի բոլո՞րը: - Մի տեսակ նեղվեցի, ինչ-որ հին զգացողություններ արթնացան մեջս… Որովհետև փոքր ժամանակ՝ երկրորդ-երրորդ դասարաններում, ես էլ էի այս տիպի/ոճի բաներ գրում: Մի քանի տարի անց սկսեցի ամաչել, որ այդ տարիքում կարող էի այդքան պարզունակ ու սովորական բաներ գրել հերիք չի, մի հատ էլ պահել-պահպանել: Վերցրի ու… վերացրեցի էդ տետրը: Մայրս ասում էր, որ չանեմ, որ «հետո փոշմանելու եմ»… Բայց այսօրվա զգացածիցս հասկացա, որ ընդհակառակը:):
Մի տեսակ լիքը չեն, էլի: Կարող ա մի քանի տասնյակ բան չգրվեր, հետո մի հատ թեկուզ փոքրիկ քառյակ գրվեր, որ հաստատ շատ ավելին կասեր, քան էդ բոլորը միասին վերցրած…
Մի խոսքով, իմ ճաշակին ու ընկալմանն էլ չբռնեց, էլի, ներող:oy
Հ.Գ.
Սուբյեկտիվ մոտեցում է, սրտներիդ շատ մոտ չընդունեք;)
gayan-ori
30.11.2009, 15:44
Ինչ կա որ, ընկալման և ճաշակի հարց է...զարմանալի կլիներ, եթե բոլորին դուր գար:
Ես միանալով հարգարժան Քննադատի խոսքերին, տեղին եմ համարում այստեղ մեջբերել այն մարդկաց խոսքերը,որոնք հայտնի են որպես գրականությունից հասկացող մարդիկ՝ բնավ ոչ Ձեր ըմբռնումները նսեմացնելու միտումով...
ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «Մինչև այսօր ինչպես հարկն է չեն արժեքավորվել Յավրիյանի հատկապես մեր դժվար ժամանակների ցավերից ու հոգսերից և դրանք տագնապի ահազանգերով, նաև հուսո ու հավատի այրող, թեժ զգացումների պոռթկումով հյուսված հարյուրավոր քառյակները,որոնք ժամանակի ,ժողովրդի ճակատագրի ու բացվող դարի հանդեպ հայրենախոս բանաստեղծի հուզախռով տարերքն են փոխանցում մեզ, նաև սրտի բարի ու « տաք մեղմէրոցով»:
ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Յավրիյանի «Սասնա Դյուցազունքը հայ դյուցազնավեպի ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն երկ է...»:
ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Արտաշես Յավրյանը շարունակում է «լուռ» հնչեցնել ժողովրդական քնարը՝դարավերջի տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում բացելով ինքնատիպ իր հերկը՝կարոտ արժեքավորման ու ճշմարիտ գնահատականի»:
ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ: «Ժողովրդական վճիտ ու խորունկ երգը,որի հմայքի հաղորդումը գրչին նպատակ է դարձրել Յավրյանը,ընթերցողին է հասնում գրեթե անկորուստ՝մտածողությունն է պահպանված և բառամթերքը»:
gayan-ori
30.11.2009, 15:57
gayan-ori, ես այսօր կայքերից մեկում բանաստեղծից մի մանկական բանաստեղծություն
կարդացի՝ «Ես շնիկ էի»:Ինձ դուր եկավ::) Ինչու՞ չեք բլոգում նրա մանկական գործերից տեղադրում:'
Հարգելի Քննադատ,Մի քանիսը անպայման բանաստեղծին նվիրված բլոգում կտեղադրեմ:
http://artashesyavryan.blogspot.com/
gayan-ori
30.11.2009, 16:05
ներողություն հազար անգամ ու էլի այդքան, lusattik ջան, Ձեզ սխալ դիմելու համար...:
Քառյակներից մի քանիսը կարդացի, ճիշտն ասած չգրավեցին:
Բայց մի հատված կարդացի նաև Սասնա Ծռերի մշակումից ու կարծում եմ, որ բառիս բուն իմաստով ՃԻՇՏ մշակում է:
lusattik
30.11.2009, 19:59
:)
Մի քանի քառյակ կարդացի ու մի երկու մի քիչ երկար բանաստեղծություն…
Ինչու չկարդացի բոլո՞րը: - Մի տեսակ նեղվեցի, ինչ-որ հին զգացողություններ արթնացան մեջս… Որովհետև փոքր ժամանակ՝ երկրորդ-երրորդ դասարաններում, ես էլ էի այս տիպի/ոճի բաներ գրում: Մի քանի տարի անց սկսեցի ամաչել, որ այդ տարիքում կարող էի այդքան պարզունակ ու սովորական բաներ գրել հերիք չի, մի հատ էլ պահել-պահպանել: Վերցրի ու… վերացրեցի էդ տետրը: Մայրս ասում էր, որ չանեմ, որ «հետո փոշմանելու եմ»… Բայց այսօրվա զգացածիցս հասկացա, որ ընդհակառակը
Մայրիկին պետք է լսել... այսօր գոնե կհամեմատեիր և ևս մի անգամ կհամոզվեիր , որ .... ճիշտ ես արել , որ վերացրել ես, որովհետև քառյակ գրելը աշակերտի գործ չէ: Դրա համար կյանքի փորձ է պետք...:)Ուսումնասիրիր մեր դասական քառյակները ... նրանցից որն էլ վերցնես , թվում է , թե պարզ բաներ են ասում,թվում է , թե ինչ կա որ հեշտ է գրել... բայց այդպես չէ...Սրանք դասական ոճի քառյակներ են ...
իսկ ինչ վերաբերում է Սասնա Ծռերին՝ ես այսօր էլ մի քանի հատված կարդացի բլոգում՝ իրոք հաջողված աշխատանք է երևում:
gayan-ori
02.12.2009, 17:14
Ուսումնասիրիր մեր դասական քառյակները ... նրանցից որն էլ վերցնես , թվում է , թե պարզ բաներ են ասում,թվում է , թե ինչ կա որ հեշտ է գրել... բայց այդպես չէ...Սրանք դասական ոճի քառյակներ են ...
Իհարկե, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, քառյակն ունի իր ժանրային առանձնահատկությունները և ենթադրում է ընթերցման և ընկալման իր կանոնները: Նմանապես, կարդալով արևելյան դասական պոեզիայի մանրապատում նմուշները՝թվում են չափազանց պրիմիտիվ՝ եթե նախապես ծանոթ չես նրանց ժանրային առանձնահատկություններին , փիլիսոփայությանը:
Քառյակների վերաբերյալ իր ընթերցողներին փայլուն պատասխան է տվել Հովհ. Թումանյանը, որի խոսքն այսօր էլ խիստ օգտակար է և որից հետո որևէ բան ավելացնելն ուղղակի ավելորդ է .
Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության...
Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը...
gayan-ori
02.12.2009, 19:35
«ՍԱՍՆԱ ԴՅՈՒՑԱԶՈՒՆՔ»
Հատվածներ պոեմից
Հատվածներ «Առյուծաձև Մհեր» ենթապոեմից
մաս առաջին
-1-
Լուրը Մսրա երկիր հասավ,
Որ էլ չկա քաջ Սանասար.
Մսրա տերեր՝ անկուշտ դևեր,
Զորք շարժեցին Սասունն ի վեր,
Մորեխի պես շուրջը կալան,
Քաղաքն արին առ ու թալան,
Պայման դրին ուժով ահի,
Որ հարկ տի տան Մսրա գահին.
- Տարին քառսուն անծին երինջ,
'Քառսուն գութան, խոփ ու ձևիչ,
Տարին քառսուն ոչխար ու այծ,
Տարին քառսուն կով նոր ծնած,
Տարին քառսուն շարմաղ աղջիկ
(Կեսը՝ երկար, կեսը՝ կարճիկ),
Քառսուն կնիկ խորոտ ու խաս,
Քառսուն նժույգ արագավազ,
Քառսուն կոտ էլ արծաթ- ոսկի,
Հոժար կամքով, առանց խոսքի...
Զորքն իր ավարով ետ քաշվեց գնաց,
Սասունն այդ օրից Հարկատու մնաց:
-2-
Նստել են ջոջանց իրիկնահացի,
Խոսում են տաք- տաք, խոսում մտացիր,
Թե ում հույս դնեն , ոնց կառավարեն,
Որ կրակի մեջ նորից չվառվեն:
Քեռի Թորոսն էլ նստել է մթնած,
Անխոս, անհամբեր լսում է նրանց:
-Դու ես , Վերգո ջան, ախպերը մեր մեծ,
Ասաց Օհանը, ծնկերը շփեց,-
Մեր հերը գնաց, դու ես մեծը տան,
Դու գլխավորի ամեն գործ ու բան:
Անգլուխ՝ օջախն ու երկիրն՝ անտեր,
Քամի կբռնե, հիմեն կքանդե:
Վերգոն վախեցած գլուխն օրորեց.
-Չէ, Օհան,- ասավ,- երեկ փորձ արի
Վեր առնել գուրզը հայր Սանասարի,
Ճողվա-խճողվա ծանրության զոռից,
Առքս վախեցավ, որ փորձեմ նորից:
Մարդ, որ չկարա վեր առնի հոր զենք,
Ո՞նց պահի երկիր... լավ է՝ չխոսենք...
Ինձնից վազն արի,
Դու' կառավարի...
Վերգոյի խոսքից նեղվեց Օհանը.
-Ախպեր ջան, ասավ, մեղք չանես հոգուդ,
Ինձ հո լավ գիտի Սասնա ժողովուրդ.
Իմ շնորհքն էն է, որ գոռամ թեթև՝
Ձենս կթնդա յոթ սարի ետև,
Դա ի՞նչ բան է որ
Դառնամ թագավոր,
Մհերն է մեր մեջ կարգին հունարով,
Էն էլ պստիկ է, ափսո'ս, չի կարող...
-Բա ու՞մ փեշ բռնենք, ու՞մ անունը տանք,-
Հառաչեց Վերգոն, ընկավ մտքի տակ,
Քեռին, որ հանդից եկել բեզարած,
Ականջը կախել, լսում էր նրանց,
Էլ չհամբերեց
ՈՒ վրա բերեց.
Ինձ որ հարցնեք , էս հացը վկա,
Մեր Դեղձուն-ծամից հարմարը չկա,
Էն ծանր բեռը նա լավ կտանի,
Տղամարդ կին է, գլուխ կհանի,
Կարգին ուժ ունի, խելք ունի նաև,
Աստված տվել է ու չի խնայել...
Ջոջանց տղերքի սիրտը տեղն ընկավ,
Ծուլ ելան տեղից , ձեռ- ձեռի եկան.
-Վա՜յ քեռի Թորոս, դու մեզ փրկեցիր,
Էստեղ են ասել՝ կլսեն մեծին,
Բա էդ բանն իսկի կանցնե՞ր մեր մտքով,
Ուրախ ձայնեցին Օհանն ու Վերգոն,-
Թող կառավարե
Մեր Դեղձուն մարեն,
Մինչև Մհերը դառնա այր հասուն,
Պահի, պահպանի մեր տուն, մեր Սասուն:
Լուսը նոր բացված՝ եկան երեքով,
Եկան երեքով Դեղձուն-ծամի քով,
-Մարե ջան, ասին, Սասնա ամեն տուն
Քո արևովը երդում է ուտում,
Դու կառավարի մեր ազգ ու ցեղին,
Մեզ կարգի բերենք, դիմանանք նեղին,
Մինչև Մհերը դառնա այր հասուն,
Պահի, պահպանի մեր տուն, մեր Սասուն...
Էսպես խոսեցին
Ու համոզեցին:
-3-
Դեղձուն- ծամը, թեև սգվոր,
Սևը պահեց, հագավ նոր շոր,
Բերեց Քուռկիկ հրեղեն ձին,
Դրեց վրա թամբ սադափին,
Կապեց նախշուն, արծաթ գոտին,
Կապեց մեջին Թուր Կեծակին,
Առավ գուրզը Սանասարի,
Աղոթք ասաց՝ լուսն ի բարին,
Քշեց իր ձին, անցավ սար- ձոր՝
Աչք ածելու Սասնա բոլոր:
Գնա՜ց, գնա՜ց մեկ էլ ճամփին,
Արև օրվա շոգ ու տապին,
Պահ մի զգաց ջրի ծարավ:
Մտավ ձորակն ու կանգ առավ՝
Էն զորավոր, Էն գլգլան
Կաթնաղբյուրի ակի վրա,
Իջավ ձիուց, կուշտ-կուշտ խմեց,
Ծառի հովում պառկեց քնեց:
Եվ քնի մեջ երազ տեսավ,
Որ թխպած է Մարությա սար,
Պղտորվել է Բաթմանա գետ՝
Գալիս վարար, գոռում է խենթ,
Չի երևում կամուրջը հին,
Որ մոտենա, ձիով անցնի:
Մեկ էլ Քուռկիկն իրենն առնում,
Թռչում օդով, տուն է դառնում...
Քնատեղից ելավ նա վեր,
Տեսավ ինքը շատ է փոխվել.
Նեղ է արդեն սոլը ոտի,
Հագի շորը, մեջքի գոտին,
Ու էնպես է զգում իրան՝
Ասես փղի ուժ կա վրան:
- Ի՜նչ հրաշք է աղբյուրն ազնանց,
Անմահական ջուր է, ասաց
Ու ձին հեծավ, քշեց Դեղձուն,
Թեթև սրտով ետ եկավ տուն:
Երբ Սասունցիք տեսան նրան,
Հագած- կապած, ձիու վրա,
Քաղքի վերում,
Ճամփի ծերում
Ծափ զարկեցին
Ու կանչեցին.
- Քեզ երկար կյա՜նք, երկար արև՜
Մեր գովական Դեղձուն մարե...
http://artashesyavryan.blogspot.com/
gayan-ori
02.12.2009, 21:49
Ես ներողություն եմ խնդրում վրիպակի համար . տպագրվել է Մարությա- պետք է լինի՝ Մարութա:
gayan-ori
03.12.2009, 12:42
... և մյուս վրիպակը՝ Կապեց մեջին Թուր Կեծակին պետք է լինի՝ Կապեց մեջքին Թուր Կեծակին ( հ. 3 , տող 6)
lusattik
04.12.2009, 11:27
Ես հենց այս հատվածներն էլ կարդացել էի բլոգում: իհարկե, հասկանում եմ, որ աշխատատար գործ է, բայց ես խորհուրդ կտամ գոնե մի ենթապոեմը ամբողջական կամ գրեթե ամբողջական ներկայացնեք եթե ոչ այստեղ , ապա Յավրյանին նվիրված բլոգում: Կարծում եմ , հետաքրքրվողներ քիչ չեն լինի... մշակումն, իրոք, որակյալ գործ է:
Արժե կարդալ, որովհետև թումանյանական ու շիրազյան զուլալություն կա;
quote=Մենուա;1873045]Արժե կարդալ, որովհետև թումանյանական ու շիրազյան զուլալություն կա;[/quote]
Իրոք, արժե կարդալ ,ինձ սրտամոտ են և առակները, և քառյակները .. իսկ Սասնա Դյուցազունքի վերաբերյալ ասեմ, որ, իսկապես, , գոնե մի ճյուղի մշակումը բլոգում արժե ունենալ՝ ամբողջությամբ... միայն վերը նշված վրիպակները ,հարգելի gayan-ori,մի մոռացիր բլոգում ևս ուղղել:
lusattik
06.08.2011, 20:33
Այ,մենք ունենք «Սաանա ծռեր» թեման, Իմ կարծիքով այնտեղ Յավրյանի մշակումից էլ հատվածներ կարելի էր զետեղել.
gayan-ori
09.05.2013, 17:39
Ես հենց այս հատվածներն էլ կարդացել էի բլոգում: իհարկե, հասկանում եմ, որ աշխատատար գործ է, բայց ես խորհուրդ կտամ գոնե մի ենթապոեմը ամբողջական կամ գրեթե ամբողջական ներկայացնեք եթե ոչ այստեղ , ապա Յավրյանին նվիրված բլոգում: Կարծում եմ , հետաքրքրվողներ քիչ չեն լինի... մշակումն, իրոք, որակյալ գործ է:
«Սասնա Դյուցազունք»պոեմն ամբողջությամբ զետեղված է http://yavryan.blogspot.ru/:Կարող եք այնտեղ ընթերցել:
gayan-ori
26.05.2013, 22:21
ՀԱՃՈՅԱԽՈՍԸ ԵՎ ՆՐԱ ՎԿԱՆ
(առակ)
-1-
Հոպոպն աղավնուն
Հյուր տարավ իր տուն,
Հյուր տարավ ու մեծ
Ճաշկերույթ տվեց.
Առաջին կենաց
Բաժակի վրա
Ողջունեց սրտանց
Գալուստը նրա:
-Բարով եք եկել, հարգարժան ընկեր,
Ձեր ազնիվ վարքը, ձեր խաղաղ բարքը
Օրինակ է միշտ ամեն հոպոպի,
Ահա թե ինչու, չկա մի թռչուն,
Որ զգա մեր պես ձեր սիրտն ու հոգին:
Թող հանդիպումը, այս կերուխումը
Երկու հավքերիս դաշինքը կոփի...
-2-
Այսպես հոպոպը գլուխ էր տանում,
Իսկ բնի հոտը մարդ էր սպանում:
Աղավնին անխոս ուզեց դուրս թռչել,
Դաշտ ու անտառի մաքուր օդ շնչել,
Հոպոպն այդ զգաց ու տվեց մի հարց.
- Ափսո՜ս, մեկնում եք, գոնե չե՞ք ասի,
Ի՞նչ կարծիք ունեք դուք մերոնց մասին:
Բարի աղավնին այս տհաճ հարցին
Չէր էլ սպասում, բայց ասաց խոսքեր,
Որ նման դեպքում հյուրերն են ասում.
- Ինձ դուր են գալիս ձեր տունն ու տեղը,
Ձեր համեստ ցեղը...
Շատ եք հյուրասեր, շատ եք մաքրասեր,
Ձեր համբավը մեզ վաղուց է հասել...
-3-
Դե, հոպոպին էլ այդ էր հարկավոր,
Շտապեց դիմել հավքերին բոլոր.
-Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն,
Հոպոպստանից խոսում է կկուն,
Աղավնասարից հյուր է իմ տանը
Մեր ժամանակի մեծ գիտնականը:
Լսեցեք նրան, տեսեք, թե ինքը
Ոնց է հասկանում մեր արժանիքը.
Այն օրից ինչ մենք աշխարհ ենք ընկել,
Չենք լսել այսքան ճշմարիտ մտքեր:
http://artashesyavryan.blogspot.ru/