PDA

Դիտել ողջ տարբերակը : Վահան Թեքեյան



Lexsa
25.09.2009, 11:24
Ծնվել է 1878թ. հունվարի 21-ին Կ.Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896թ. որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում է Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թ-ից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։
Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ.Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թ-ին Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը, ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կենտրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև իր կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։
Վախճանվել է Կահիրեում 1948 թ.–ի ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։
Ստեղծագործական աշխատանք
1901 թ. Փարիզում հրատակվում է Թեքեյանի բանաստեղծությունների առաջին հավաքածու «Հոգերը»։ Հրատակվում է «Հրաշալի հարություն»(1914), «Կես գիշերեն մինչև աշալույս» (1920), «Սեր»(1933), «Հայկական երգեր»(1943) և այլ բանաստեղծությունների հավաքածուները։
Թեքեյանի լիրիկական պոեզիան սիմվոլիզմի և ռոմանտիզմի յուրորինակ համատեղություն է։
Թեքեյանը ոչ միայն չքնաղ բանաստեղծությունների ու սոնետների հեղինակ է, այլև գրել է պատմվածքներ` գաղութահայ կյանքի ու ազգային-ազատագրական շարժումների մասին։ Նա նաև ճանապարհորդական նոթերի, բազմաթեմա հոդվածների ու գրական արժեքավոր նամակների հեղինակ է։ Նրա գրչի տակից դուրս եկած յուրաքանչյուր գործում միախառնված են բանաստեղծական երևակայությունն ու փիլիսոփայող միտքը։ Դրանց միջոցով էլ գրողը փորձել է ըմբռնել կյանքի գաղտնիքներն ու վեր հանել մարդկային հասարակութան մեջ տեղ գտած անարդարութունները։
Թեքեյանի երկերում քիչ չեն նաև հայ ժողովրդի պատմությունից և ավանդություներից քաղված զրույցների մշակումները։
Հայ ընթերցողները Վ. Թեքեյանի թարգմանությունների շնորհիվ ծանոթացել են նաև արտասահմանյան, հատկապես ֆրանսիական գրողներից շատերի` Շեքսպիրի, Հյուգոյի, Շառլ Բոդլերի, Օսկար Ուայլդի և ուրիշների արժեքավոր գործերին։
Թեքեյանի գրական ու հասարակական գործունեության արժանիքների արդարացի գնահատականը սփյուռքի ամենամեծ մշակութային միությունը նրա անունով կոչելն էր։ Միությունը հիմնադրվել է 1947 թ. Բեյրութում։ Աշխարհի բազմաթիվ երկրներում ունեցած իր մասնաճյուղերով այն օգնում է սփյուռքահայության մեջ տարածելու հայրենի մշակույթը։

Lexsa
25.09.2009, 11:26
Անունդ


Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես
Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի․․․
Երկու վանկերը անոր կզրուցեմ գաղտնապես,
Եվ այն ամբողջ կթըվի սիրո մատյան մը ինձի․․․
Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես․․․։

Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ
Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ․․․
Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ,
Ես զայն կըսեմ և ահա քեզ կտեսնեմ քաղցրահուշ․․․
Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ․․․։

Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․
Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զայն կհեգե՝
Թէպետ վաղուց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես․․․
Քեզ չըճանչցած ունեի՞ր դուն այդ անունը միթե․․․
Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․։

Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.
Երկու վանկովն իր կուզեմ խնկել իմ կյանքս միայն,
Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝
Անունդ ի շուրթ դեռ կուզեմ ողջունել այգը մահվան.
Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի․․․։

Ես սիրեցի


Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի․․․
Ո՞վ կարդալ սիրտը գիտե։

Ամենեն մեծ հրճվանքիս,
Ամենեն սուր վշտերուս
Ներշնչողները, ավա՜ղ,
Զիս չեն ճանչնար այս պահուս։

Սերս կարծես այն գետն էր,
Որ իր հոսանքը անբավ
Առավ լեռան ձյուներեն
Ու լեռը զայն չտեսավ։

Սերս այն դուռն էր կարծես,
Ուրկե ոչ ոք մտավ ներս․
Ծաղիկներով ծածկըված՝
Գաղտնի պարտեզ մըն էր սերս։

Ու եթե սերս ոմանք
Երկքնին վրա՝ անսահմա՜ն
Տեսան ծուխի մը նման,
Կրակն անոր չտեսան․․․։


Ես սիրեցի, բայց ոչ ոք
Սիրածներես գիտցավ թե՝
Զինքը որքա՜ն սիրեցի,
Ո՞վ կարդալ սիրտը գիտե․․․։

Lexsa
25.09.2009, 11:27
Իմ վերջին սերս․․․

Իմ վերջին սերս, օ՜հ, այնքան առաջինին դեռ նման,
Սիրտս դեռ տաք է քեզմով ու կտանիմ քեզ հիմա
Զգուշաքյլ, երկյուղած՝ մոխրի մը պես սրբազան
Ուրկե փյունիկ մը հառնել ու դեռ տանջել զիս կրնա․․․

Իմ վերջին սերս, օ՜հ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր,
Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև,
Եվ մատնված տանջանքի, երբ դեռ հազիվ կբխեր
Երգին աղբյուրը կուրծքեն, հազի՜վ բացած էր ան թև․․․

Ի՜նչպես անուշ եղար դուն և ան ի՜նչպես կրցավ քեզ
Խոցել բառով մը միակ, երբ մոտեցր քիչ մ'իրեն,
Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուեն․․․
Եվ դուն ի՜նչպես, վերջին սեր, եղար խոնարհ, եղար հեզ,
Ի՜նչպես անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար,
Ի՜նչպես մնաց սրտիս մեջ քու մահու ճիչդ երկար․․․։

Քեզմե ոչինչ


Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն․
Քեզմե միայն խաղաղություն, լռություն,
Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝
Դատապարտված, նորեն մահվան կսպասեն․․․

Դուն չես գիտեր, ի՞նչպես գիտնալ դուն կըրնաս,
Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,
Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,
Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս․․․

― Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,
Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,
Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի․․․

Ի՜նչ փույթ․ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ
Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,
Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն․․․։

snow
25.09.2009, 11:43
ԿԱՆՁՐԵՎԵ, ՏՂԱ՛Ս
Կանձրևե, տղա՛ս... Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն...:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ...: Կանձրևե տղա՛ս...:
Լանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին...:
Բայց կուլաս, տըղա'ս... Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին...:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս...:
1901



ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա' ...
Ամեն գիշեր վերը, հո'ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո'ն, մեզ համար, հավիտյան...
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ...
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր...
Այդպես և ե'ս, ո'վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր...

snow
25.09.2009, 11:44
ԵՐԱԶ
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ կփնտըրեմ այսօր ամեն տեղ
Մազերըդ՝ խավար, նայվածքըդ՝ կանթեղ,
Ակռաներդ՝ մարգրիտ, ականջըդ՝ խեցի։
Այս գիշեր զքեզ ես երազեցի
Եվ բերնիս վրա շրթունքիդ հյութեղ
Վերադարձավ համն ու դողաց այնտեղ։
Քայլերուդ առաջ լայնորեն բացի
Ժանգոտած հոգիս և եկար, անգե՛տ,
ճամփորգութենե մը ինչպես երկար
Բազուկներուս մեջ՝ որբ քու մարմինեդ։
0'հ, նստե հիմա և ա՛լ մի՛ երթար,
Հիմա՛, մեղքըցիր և եթե կրնաս
Զիս քիչ մը սիրե՛, ո՛վ բարի տղաս...

snow
25.09.2009, 11:45
Սա իմ ամենասիրելի բանաստեղծությունն է

Քու հիշատակդ այս գիշեր

Քու հիշատակդ, այս գիշեր, զիս լալու չափ կհուզե․
Կարծես մեկնած էր սրտես, և գաղտնաբար այս գիշեր
Ետ կդառնա, ու հին տեղն ու հին գգվանքը կուզե,
Կսեղմվի գրկիս մեջ, կբարձրանա կուրծքս ի վեր։

Քու պատկերըդ աչքիս մեջ և քու ձայնըդ ականջիս,
Կթրթըռան այս գիշեր, երակներուս մեջ կարծես
Քաղցրահոտ շունչդ է լեցված, որ կզգլխե, կօրրե զիս,
Մինչ երեսես ալ կանցնին կարծես մատներըդ անտես։

Ետ կդառնան մի առ մի մեր հին ժամերն անկորուստ,
Կարավանին հետ աստեղց անոնք կուգան վերստին,
Հոգիս փարախն է բացվող ընդդեմ իր քաղցր հոտին։

Հիշատակովդ, այս գիշեր, կզգամ անչաթ զիս հարուստ,
Այնչափ բարի, երջանիկ․․․ որ գթությամբ մը անհուն
Կմտածեմ զայն բաժնել երկրի բոլո՜ր խեղճերուն․․․։

you
20.05.2010, 20:07
ԳԻՏԵՄ ԳԱՂՏՆԻՔ Մ'ԱՀԱՎՈՐ

Գիտեմ գաղտնիք մ'ահավոր, -- այս աստվածն է սուտ աստված,
Որ խաբած է մարդը միշտ և մարդը զայն է խաբած,
Եվ այժմ անոնք հուսկ ուրեմն եկած կեցած դեմառդեմ,
Զիրար կռվի կկանչեն` դիմակաթափ, ծաղրադեմ...

Ուրիշ ոչինչ, այս միայն. և դրաման այս երկար
Պիտի տևե տակավին, բայց ոչ մեկ բան չի կրնար
Փոխել վախճանը անոր, որ չէ այլ ինչ, եթե ոչ
Մահն այս երկու կռվողաց ճիչով մը խառն, ահագոչ:

Պիտի մեռնի այս աստվածն այս մարդու հետ գիրկընդխառն,
Որ բուն աստվածն`աքսորված սրտեն, մտքեն իր զավկին
Վերադառնա ու կազմե նորեն անոր նոր հոգին:

Պիտի մեռնի մարդը այս, -- հրճվանքս է մեծ, թեև դառն,--
Իր գործերովը բոլոր, ու պիտի նոր մարդը ծնի
Բանաստեղծի մը թերևս գրգեն սիրո, ցասումի....

Նաիրուհի
30.09.2010, 05:11
Պիտի իյնաս
(թուրքին)


Պիտի իյնա´ս այս անգամ, և ա´լ իսպառ, անհարիր
Պիտի մնաս գետնին վրա ճանկռտելով հողը դեռ,
Եւ դեռ երկա՜ր չմեռնիս պիտի, և տունդ մոխիր
Եղած՝ ծածկե պիտի քեզ, երբեմնի տու՜նդ եռուզեռ...

Հերի´ք որքան աշխարհի ցավ ու չարիք հասցուցիր,
Որքան ի սուգ թաթխեցիր քաղաք ու գյուղ, դաշտ ու լեռ,
Հերի´ք մայրերը լացին բոյներուն վրա ցանուցիր,
Եվ մեր սիրող սրտերուն մեջ լեցուցի´ր ոխ ու հեռ...

Պիտի իյնա´ս, կ´իյնաս ալ... Բայց որպես զի դեռ ճանչնաս
Քու անարգ սիրտդ ծակող մեծագույն ցավը վերջին՝
Պիտի զարնեն քեզ անո´նք, որ քեզ հաճախ փրկեցին...։

Ու չմեռած դեռ տեսնե´ս պիտի, արդա´ր պատուհաս,
Ծաղկիլը մե´ր աշխարհին, որ թողուցիր ավերակ,
Ու ցնծությու´նը մերին՝ քու ստրուկի աչքիդ տակ...։