PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյան, «Տիրոջ տարին»



Chuk
12.09.2009, 15:37
Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյան


Տիրոջ Տարին

Սույն թեմայում կներկայացնեմ Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի «Տիրոջ տարին» բանաստեղծությունների ժողովածուից («Դար» հրատարակչություն, 2005թ., ԳՄԴ 84Հ7-5, ISBN 99941-43-34-4) գործեր:


ՄՈՒՏՔ

Կիրակնամուտին տաճար շտապող
Դպիրների պես զվարթ, երգասաց,
Իմ երազներն են երկինք շտապում՝
Մութ տանջարանի պատերից հոգնած:

01.09.98


***

Երկար տարիներ վանքի խցերում
Ուսանեցի ես բազում արվեստներ,
Դոկտոր Ֆաուստի նման գլխահակ
Տենչացի հասնել խորքն իմաստության:
Ինձ հասու՛ դարձան գրքերը հարանց,
Խրթին դոգմերը աստվածբանության,
(Առաքինության ողջ շնորհներով),
Եվ սահմանները իմաստսիրության:
(Օ՜ ժամանակի հեգնանք անքննին),
Բայց որքան էլ որ փորձեցի մտքով
Թափանցել խորքը անհուն գիտության՝
Միևնույն է, ես մնացի թերուս
Եվ չմոոտեցա սուրբ Ճշմարտության
Քղանցքին անգամ և Ֆաուստի պես
Հյուրընկալեցի Մեֆիստոֆելին,
Որ վիճաբանեմ ամեն ինչի շուրջ:
Ու մի օր հանկարծ (առանց հանցանքի)
Ես հայտնվեցի բանտի խուցի մեջ,
Առանց տանջանքի ես այնտեղ գտա
Ճշմարտությունը՝ իր վեհ հասակով,
Փորձեցի նրան մերձենալ հույսով,
Բայց իմ փորձերը մնացին անհույս:
Այնտեղ ես գտա բազում ընկերներ՝
Տեսություններով իրենց այլազան,
(Մեկուսարանում կային օրենքներ,
Որ շարժվում էին լո՛կ մեկ ուղղությամբ):
Բոլորն իրարու չափչփում էին
Ծանոթ աչքերով՝ հարազատի պես.
(Արդարությունը ի՛ր նժարներով
Կշռում էր նրանց խոսքերը կարծես):
Ու երկար օրեր ճգնեցի այնտեղ,
Բազում ձևերով փորձեցի շատ հեղ,
Նորից որոնել սուրբ ճշմարտության
Դեմքը անստույգ, բայց ավա՜ղ... իզու՜ր...

06.09.98


ՄԱՐԳԱՐԵՆ

Ծերացել էր մարգարեն. պատիվ չուներ գավառում,
Պատգամներն էլ կարծես թե սրտով չէին ընդունվում,
Բայց առաջվա պես անխոնջ պատգամաում էր նա նորից,
Քարոզում էր, տարածում, ինչը առել էր երկնից,
Բայց մի օր էլ, երբ տեսավ մարդիկ իրեն չեն սիրում,
Առավ ցուպն իր ու կառքով դեպի երկինք սլացավ:

Երկար խորհեց իր ճամփինշ վիճեց, կռվեց ինքն իր հետ
Եվ հոգու մեջ բոցակեզ այրեց կիրքը արնաներկ,
Պատգամ ուներ դեռ տալու զավակներին իր անսիրտ,
Պիտի հերկեր դեռ անդուլ նրանց հոգու մեղքը բիրտ,
Կուռքեր ուներ փշրելու տաճարներում զետեղված,
Եվ նոր միայն հեռանար իր գավառից խռովված:

Երկար խորհեց նա այսպես իր հոգու մեջ խոնջացած,
Խոհերը իր սփռելով չոր երկնքում արնամած:
Վեր սլացավ մարգարեն դեպի անհայտը անհուն
Եվ երբ գլխով հարվածեց երկնի շուրթին քարեղեն,
Ոսկեբերան որոտաց վերջին անեծքն Աստծուն,
Այնժամ աստղերն հոգնածուփ պատկեր առան հողեղեն:

16.11.98


ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Բանաստեղծը իր գրչով երկինքներ է ակոսում
Եվ իր հատու խոսքերով շարժում Աթոռն Արարչի,
Իր խոհերը հրաշեկ կայծակներ են առաքում՝
Երկրից երկինք մխրճվող ցասումներով բողոքի:

Կապույտի ջինջ ակունքից պատգամներ է զեղում հար՝
Աստղաբույլեր շաղ տալով անդաստանում լույսերի,
Մարտնչում է Նեռի դեմ տարածքներում անդադար՝
Պայծառուատես ու խնդուն, հոգով վսեմ ու արի:

Դեռ կան տեղեր անծանոթ, չնվաճված եզերքներ,
Ուր փորձում է մագլցել հպարտ ոգին անհողդողդ,
Եվ տքնանքով անթաքույց գծագրում ամեն շերտ
Ու արյունով շաղախում քերթվածի Տան ամեն տող:

Արծվաթռիչ ճախրանքով և կռինչով ահեղգոչ
Հռչակում է զորությամբ մաքրատեսիլ ձայնն իր բորբ,
Մեռելային դաշտերում արձակում է մարտակոչ,
Ելնում մարտի, պայքարում՝ մեն միայնակ առանց զորք:

Բանաստեղծը իր գրչով երկինքներ է ակոսում՝
Արարչության պաստառին Անունը իր գրելով,
Իր խոհերը հրաշեկ կայծակներ են առաքում՝
Տիեզերքի քուրայում երգի բույլեր թրծելով:

03.02.99

Chuk
12.09.2009, 17:22
ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

1.

Քաղաքն ապրում է առանց երազի,
Եվ նվաղում է խավարի խորքում,
Հոգեվարքի մեջ, առանց լույսերի,
Մեռնում է դանդաղ քարե դագաղում:

Քարե արյուն է քաղաքը դարձել
Ու պապանձվել է առանց հնչյունի,
Իսկ մարդիկ աղե արձան են դարձել
Մահվան հովտի մեջ անսեր, տաղտկալի:

09.10.98


2.

Ուրվականները լերկ փողոցների
Քնած մարդկանց են հերթով այցելում:
Ջարդված լապտերներ՝ քաղաքի խորքում...
Չարթնացող հուշեր... քնած քաղաքի:


3.

Քաղաքը բանտ է առանց պատերի,
Մարդիկ՝ բանտարկյալ, խեղված դեմքերով,
Տերն իր հովանին վաղուց հավաքել
Ու հեռացել է քաղաքից խռով:

Քաղաքը՝ թաղված հոգսերի ծովում,
Անհանգիստ ծփում, մրսում է սոված,
Ո՛չ ոք քաղաքին էլ չի՛ կարեկցում.
Ո՛չ չար սատանան և ո՛չ էլ Աստված:

10.10.98


4.

Լուսինն է շիկնել քաղաքի վրա՝
Արտացոլումով այրվող աստղերի,
Քաղաքը չունի տաճար հնամյա,
Որ մարդկանց հոգում արցունք կաթեցնի:

Քաղաքի սրտին՝ խոռոչ մի բացված,
Ազդարարում է տեղը Տաճարի,
Փերեզակները՝ աչքերով հոգնած,
Տաճարն են շինում առանց Օրհնեքի:

Թափառող մանկանց դեմքեր սովալլուկ
Ուզում են կյանքից ստանալ միայն
Երկու նկանակ և մի քանի ձուկ,
Հետո թռչելով հեռանալ անձայն:

Տե՛ր, թե կարող ես քաղաքը այս հին
Դարձրու սիրառատ, գթառատ դարձրու,
Քո աչով դիպչիր նրա ճակատին,
Որ մարդիկ սգան կորուստը Հոգու:


5.

Քաղաքի տոնը խաբկանք է միայն,
Գեղեցիկ գծված մեծ թոզփչոցի,
Քաղաքի սիրտը զո՛հն է տխրության,
Որ հռչակվում է հին Էրեբունի:

Երևան, քո մեջ երևան եկան
Գծուծ ու թշվառ տիրակալների
Շքերթ ու ծնծղա և ձայն ցնծության՝
Մումիաների պես հի՜ն-հի՜ն դարերի:

Իսկ ոգիդ, մեռնող տոնահանդեսում
Որքան էլ փորձեց աղավնու նման
ճախրել հրացոլք կապույտ երազում,
Քո նոր տերերը դարձրին լեշարձան:

Երևան, մեռնող քաղաք դու աշնան
Եվ աշնանային թախիծ հնամյա,
Հոգեհանգստյան զանգակ անպարան:

13.10.98


6.

Քեզ եմ հղում, իմ քաղաք,
աղաչանքն իմ պաղատանք,
Ուրախությունն իմ առջև
փակեց դռներն իր բոլոր
Ու ինձ թողեց մեկուսի,
անդեմք, անխոհ ու մոլոր:

13.10.98


7.

Դժոխքի քաղաք, կրքերի գերի,
Այրվում ես, այրվում տոթակեզ վիհում,
Դևը դարձել է հոգուդ պահապան
Եվ պիղծ առաջնորդ զորահանդեսի:

Մատռվակներդ գինետներում
Ապականում են սրբափայլ գինին,
Հացի փոխարեն օձ են մատուցում
Ու թույն հավելում կանթեղի լույսին:

Դժոխքի քաղաք, կրքերի գերի
Առնելիքդ շա՜տ, բայց տալիքդ՝ քիչ,
Մեծացնող ցավը քո ոռնոցների
Թառել է վրադ՝ որպես կեղեքիչ:

Սթափվի՛ր, քաղաք, խավարի մուժից,
Դժոխքի քաղաք, կրքերի գերի,
Ազատվիր, ամրոց, դժոխքի տապից,
Մոռացված քաղաք սին երազների:

29.10.98


8.

Մահվան հովիտ է քաղաքը այս հին՝
Լացի պատերով նոր ու հնամյա,
Նորանոր փառքեր պետք չեն քաղաքին՝
Այսօրվա համար և ո՛չ էլ վաղվա:

Մարդ ու շուն մեկտեղ, հավասարապես,
Նու՛յն կյանքն են ապրում, նույն ցավով տանջող,
Եթե դրախտը խորհուրդ է անտես,
Ապա դժոխքը կյանքն է ոռնացող:

07.10.98


9.

Մեր կյանքն անցնում է դժոխքից դժոխք,
Ու չի՛ մոտենում Երկրին Ավետյաց.
Կյանքի անժպիտ շարժումն անողոք
Մեզ մոտեցնում է դաշտին Տանջանաց:

Քաղաքը՝ դարձած մեղսոտ խառնարան,
Իր մեջ է հունցում կրքերը թունոտ,
Վաղուց թոշնել է Ծաղիկն Հարության,
Գորշ անապատում մնացել մոլոր:

Չկան պատգամներ ճառագող երկնից,
Աստված հոգնել է խորհուրդներ տալուց,
Մարդիկ ձանձրացել, զզվել են կյանքից,
Անդեմ կյանքի մեջ դերեր խաղալուց:

Մեր կյանքն անցնում է դժոխքից դժոխք,
Ու չի՛ մոտենում Երկրին Ավետյաց.
Կյանքի անժպիտ շարժումն անողոք
Մեզ մոտեցնում է դաշտին Տանջանաց:

08.10.98


10.

Աստղագուշակի սուր հայացքի տակ
Կյանքը դարձնելով սիրո կողոպուտ՝
Մեր քաղաքի մեջ երթով համարձակ
Իրար են բախվում աղքատ ու հարուստ:

Գիրը կատարվեց: Ճիշտ էր մարգարեն՝
Քաղաքը պիտի անտաճար մնա,
Քաղաքն անամրոց, աներգ ու անզեն
Էլ չի՛ տեսնելու հաց ու մանանա:

Երևանցիներ, կարդացեք գիրն այս.

«Տեր չի՛ կանգնելու ո՛չ մի Արգիշտի,
Եթե ձեր ստրտում Օձը մի՜շտ սողա,
Քաղաքն հնամյա կդառնա փոշի,
Եթե ձեր հոգում հույսը չարթնանա»:

08.11.98


11.

Քաղաքը, ահա, նորժամվա բարքով
Գունեղ շորեր է հագնում օրավուր,
Քաղաքն ապրում է շրջադարձներով,
Ցավի բաժակը ըմպում ցմրուր:

Քաղաքը չունի պատիվ մեծագույն,
Դեռ չի՛ ազատվել նահանջող երգից,
Դեռ չի մաքրվել մեղքերից անգույն,
Քաղաքը անվերջ խոսում է մահից:

Հոգնած քաղաքի հոգնած ժողովուրդ,
Այդ ու՞ր ես քայլում անհովիվ, անտեր,
Ուզու՞մ ես՝ ես էլ երթիդ միանամ,
Թե՞ ուզում ես քեզ ողորմի կարդամ:

09.11.98


12.

Գետը հոսում է քաղաքի միջով,
Գետը վկան է անցած օրերի,
Գետի հոսանքում քաղաքն իր դեմքով,
Արտացոլումն է տանջանք ու բեռի:

Գետը փոքըր է, իսկ ջուրը՝ սակավ,
Գետը հոսում է խորը կիրճերով,
Ջրերի խորքում անսպառ մի ցավ
Խայտում է տրտում անմեռ ջրասքով:

Գետը հոսում է կամրջի տակով,
Ես՝ կանգնած խոհուն կամրջի եզրին,
Հիշատակներ եմ փնտրում հուզմունքով
Ու նայում հոսող հոգնած ջրերին:

10.11.98


13.
ՏԱՊԱՆԱԳԻՐ ՔԱՂԱՔԻՆ

«Երկնքի վրա բառեր կան գրված անընթեռնելի.
Պատգամներ լինեն կարծես չընթերցվող՝
Հայացքների դեմ անտարբեր ու կույր:
Քաղաք իմ, զատված փոքրիկ օազիս,
Տեսիլք չունեցող
Քո կեղծ տերերի կրունկների տակ
Դանդաղ մահացող անարյուն մարմին,
Ո՞վ պիտի սգա
Կորուստդ հավերժ...»

11.11.98

Chuk
12.09.2009, 17:41
Ի դեպ մտադիր եմ գոնե փորձել հնարավորին շատ ժամանակակից գրողների, բանաստեղծների, արձակագիրները մասին թեմաներ բացել, որոշ գործեր տեղադրել: Սրա հիմնական նպատակը ներկայիս գրողների և «գրողների» հետ ծանոթանալն է: Բայց ակնկալում եմ նաև քննարկումներ: