PDA

Դիտել ողջ տարբերակը : Հրանտ Մաթևոսյան



Շինարար
09.09.2009, 02:28
Ինձ համար տարօրինակ է, որ մինչև օրս Հրանտ Մաթևոսյանի մասին թեմա չկա այստեղ:
Կարծում եմ՝ արժե առանձին տեղ հատկացնել մեր գրականության դեռևս վերջին հանճարին: Մի անգամ հանրային գրադարանում մագիստրոսական թեզիս պատրաստվելիս լսեցի մեկի կարծիքը Մաթևոսյանի մասին: Այդ մարդը դեռ երկու-երեք տարի առաջ հանրային գրադարանի ամենօրյա այցելուն էր, հիմա չգիտեմ, վաղուց չեմ եղել այնտեղ: Որքան հասկանում էի, նա պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս էր, շատ էր խոսում, ընդ որում ամեն ինչից: Ամեն ինչ գիտեր, և ամեն ինչն իր իմացածն էր, չէիր կարողանում կենտրոնանալ, ես երևի մի հիսուն գիրք պատճենահանեցի, որովհետև երբ նա այնտեղ էր, խորանալ կարդացածի մեջ անհնար էր, և ընթերցասրահում լինում էի միայն այնքան ժամանակ, որ կարողանամ որոշել, թե պատվիրածս գրքերից որը և որ հատվածն է ինձ անհրաժեշտ պատճենահանել: Այս ընդարձակ նախաբանը գրեցի, որպեսզի պատկերացնեք, թե ով էր կարծիք հայտնողը: Ովքեր հաճախել են հանրային գրադարան, հիշեցին նրան, ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտածները անշուշտ ճանաչեցին: Հիմա… դըդըդը…
«Ասում են՝ Մաթևոսյանը, երբ կենդանի էր, այդ մասին չէինք խոսում, բայց մահից հետո պետք է ընդունենք, որ նա հանճար էր, ծիծաղելի է, այդ խղճուկ բառապաշարով՝ ընդամենը՝ երեք-չորս հազար բառ: Այ, Մնձուրին քսանինը հազար բառ է օգտագործում, Մաթևոսյանը ինքն էլ ընդունում էր Մնձուրու ազդեցությունը իր ստեղծագործության վրա»: Նա կարծեմ նույնիսկ Հրանտ Մաթևոսյանին մեղադրեց Մնձուրուց բանագողության մեջ: Ապա խոսեց Թումանյանի, իր բառերով՝ լոռեցի գյուղացու խղճուկ երկու հազար հինգ հարյուր բառից բաղկացած բառապաշարից:
Չգիտեմ՝ դա իր կարծիքն էր, Մնձուրի չեմ կարդացել, Մաթևոսյան պաշտում եմ: Արդյոք կապ ունի բառապաշարը մտքի հետ, արդյոք հանճարի ևս մի ապացույց չէ քիչ բառերով հսկայական ասելիք արտահայտելը: Ես այս միջադեպը պատմեցի որպես իմին հակառակ կարծիքի գոյության ապացույց: Այսինքը, կարող է բանավեճ լինել, բանավիճելու տեղ կա: Սակայն ցանկանում եմ, որ այստեղ խոսվի Մաթևոսյանի ստեղծագործության բոլոր ասպեկտների մասին, միգուցե առավել դուր եկած հատվածները մեջբերվեն, ինքս կխնդրեի մոդերատորներին «Մեջբերումներ» թեմայում իմ բերած հատվածները տեղափոխել այստեղ: Ասենք ամեն ինչ, պաշտենք ու ատենք մեր Հրանտին:

Շինարար
09.09.2009, 14:01
Մաթևոսյանի մասին wikipedia-ում` http://hy.wikipedia.org/wiki/Հրանտ_Մաթևոսյան, ընդամենը`այսքանը:

Շինարար
10.09.2009, 00:54
Հրանտ Մաթևոսյան
«Մեծամոր»
………………………………………………………………………
Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսից Ասորիք ու Փյունիկիայով Նեղոսի հովիտ մտավ և փարավոնների տասնյոթերորդ հարստությունը մեկ բախմամբ կործանեց ոչ այն պատճառով, որ տասնյոթերորդ հարսռության վերջին գահակալները հզորություն չունեին, այլ շնորհիվ այն բանի, որ նվաճողները հատում ու խոցում էին պողպատե թրերով և նրանց մարտակառքերի անիվները շուրջանակված էին երկաթով, և նրանց նժույգներն ինչպես էլ սուրային՝ նրանց մարտակառքի անիվները փուլ չէին գալիս, քանի որ շուրջանակված էին երկաթով: Հյուսիսի իրենց լեռներից նրանք իջան ձիերի երախակալները կիպ բռնած, դանդաղ, ձիերին զսպելով, մտան ասորական հարթավայր, միանգամից սլացան ու երկաթով փշրեցին բրոնզե բանակներն ու կուռքերը Ասորիքից մինչև եթովպիա: Դարձան փարավոն ու քուրմ, սովորեցին կրակի մոգությամբ քարից դուրս քաշել երկաթե թուրը ընդդեմ լիբիական փուխր բրոնզի, աստղակապերը զատել երկնքի աստղային խառնափնթորությունից և ապա իրենք հալվեցին, հատան շոգ երկրի բարի ալարկոտության ու կանանց տաք թախիծի մեջ:

Շարունակելի

Մարկիզ
10.09.2009, 01:41
Թեմայի վերնագիրը շատ գեղեցիկ ես ընտրել::)

Շինարար
10.09.2009, 17:30
Տեսնում եմ դեռ ոչ ոք այստեղ ասելիք չունի, ցավալի է… Շարունակեմ «Մեծամորից» մեջբերվող հատվածը:

Հը՞… Հյուսիսից Ասորիք-Փյունիկիա-Եգիպտոս: Հետո չքացան: (Եվ ջրերը երկրի վրա գնալով նվազում էին: Եվ տապանը նստեց Արարատ լեռան վրա): Արարատյան հովտում երկրորդ հազարամյակի հնոցներ են բացվել: Եգիպտերենում չկար յ կիսահնչյունը. եգիպտացիները եթե գրելու լինեին Հայք՝ պիտի գրեին Հաիք: Եգիպտոս-Եղըպտոս-Ղըպտոս-ղըպտ: Հ ի ք ս ո ս: Հիքսոս-հիք-հէք-հայք-հայ: Մայր-մէր, հայր-հէր, ձայն-ձէն… Օֆ, ձենդ կտրիր և մի ասա թե մեր հայոց Տիգրան թագավորը մեծ զորավար էր:
Հերն անիծած, բայց Արարատը միշտ գտնվել է Արարատյան հովտում, իսկ հովիտն ասորիքից հյուսիս է. հեթիթներն էլ հյուսիս էին, բայց այդ առեղծվածային հիքսոները կռվել են նաև հեթիթների դեմ:

Շարունակելի

Մեղապարտ
10.09.2009, 23:48
Տեսնում եմ դեռ ոչ ոք այստեղ ասելիք չունի, ցավալի է…

Ասելիք բնականաբար կա ,սակայն երբ նման մեծության մասին մարդ պետք է բան ասի պետք է հասկան թե ում հետ գորղծ ունի:Առհասարակ շատ դժվար է ցանկացած մեծության մասին լրացուցիչ բան ասելը:Տեսակետ հայտնել նրա ստեղծագոր ծությունների մասին ջուր ծեծոցի է :
Լավ կլինի որ ըստ քո հայեցողության բերես հատվածներ որպեսզի մենք ևս մեկ անգամ ըմբոշխնենք մեծ հայի կատարած աշխատանքը:

Շինարար
11.09.2009, 00:30
«Մեծամոր»

Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենու ծառից, որ մետաղի կարծրություն ունի… Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էրոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ՝ լինի տավարի թե մարդու…
Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք էր կոչում, հեթիթներին ոտնատակ տալով հյուսիսից իջավ Ասորիք, սուրաց ու փշրեց երկաթով բրոնզե բանակներն ու…
Թուխ ու ջղային մարդկանց երկու ցեղ, որ իրենց հայ ու հույն էին կոչում, զինվեցին սաղավարտով, նիզակով, թրով, զրահավորվեցին իրենք ու զրահապատեցին իրենց նժույգը, միացան, դարձան հայ-հույն միակուռ ասպետ, և մարաթոնից զրնգոցով եկավ ասպետը… Արևելքից գալիս էր արտ ու արոտ տրորելով Ակչա-կոյունլու ոչխարի հոտը… Զրնգոցով գնաց ասպետը, խփեց ու ու խրվեց Ակչա-կոյունլու հոտի մեջ և տառապեց ու ելնել չկարեցավ բրդի փափուկ նեղվածքից, և նրա զրահը բրդի մեջ չէր զրնգում… Եվ հովիվը մահակը թափահարեց ու քշեց նրան էլ հոտի մեջ մինչև Մարաթոն ու Հերկուլեսյան սյուներ: Եվ նա մոռացել էր, որ ինքն ասպետ էր և Ակչա-կոյունլու հոտի մեջ մայում էր:

Շարունակելի

Շինարար
11.09.2009, 13:58
«Մեծամոր»

Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցում են իրենց պարտության հուշասյունը:
Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը… -Ոչ, մի պարծեցիր:
Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու… -Մի նվնվա:
Մեկ-երկու տարի չանցած թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, ամենայն հավանականությամբ, ազատվելիք տարածությունները նույնպես: Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ: -Մի հեգնիր:
-Լավ:

Շինարար
11.09.2009, 16:10
Այստեղ ես «Մեծամորից» բերված հատվածը ամբողջական տեսքով եմ դնում, որպեսզի ավելի հստակ լինի միտքը:

Հրանտ Մաթևոսյան
«Մեծամոր»
………………………………………………………………………
Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսից Ասորիք ու Փյունիկիայով Նեղոսի հովիտ մտավ և փարավոնների տասնյոթերորդ հարստությունը մեկ բախմամբ կործանեց ոչ այն պատճառով, որ տասնյոթերորդ հարստության վերջին գահակալները հզորություն չունեին, այլ շնորհիվ այն բանի, որ նվաճողները հատում ու խոցում էին պողպատե թրերով և նրանց մարտակառքերի անիվները շուրջանակված էին երկաթով, և նրանց նժույգներն ինչպես էլ սուրային՝ նրանց մարտակառքի անիվները փուլ չէին գալիս, քանի որ շուրջանակված էին երկաթով: Հյուսիսի իրենց լեռներից նրանք իջան ձիերի երախակալները կիպ բռնած, դանդաղ, ձիերին զսպելով, մտան ասորական հարթավայր, միանգամից սլացան ու երկաթով փշրեցին բրոնզե բանակներն ու կուռքերը Ասորիքից մինչև եթովպիա: Դարձան փարավոն ու քուրմ, սովորեցին կրակի մոգությամբ քարից դուրս քաշել երկաթե թուրը ընդդեմ լիբիական փուխր բրոնզի, աստղակապերը զատել երկնքի աստղային խառնափնթորությունից և ապա իրենք հալվեցին, հատան շոգ երկրի բարի ալարկոտության ու կանանց տաք թախիծի մեջ:
Հը՞… Հյուսիսից Ասորիք-Փյունիկիա-Եգիպտոս: Հետո չքացան: (Եվ ջրերը երկրի վրա գնալով նվազում էին: Եվ տապանը նստեց Արարատ լեռան վրա): Արարատյան հովտում երկրորդ հազարամյակի հնոցներ են բացվել: Եգիպտերենում չկար յ կիսահնչյունը. եգիպտացիները եթե գրելու լինեին Հայք՝ պիտի գրեին Հաիք: Եգիպտոս-Եղըպտոս-Ղըպտոս-ղըպտ: Հ ի ք ս ո ս: Հիքսոս-հիք-հէք-հայք-հայ: Մայր-մէր, հայր-հէր, ձայն-ձէն… Օֆ, ձենդ կտրիր և մի ասա թե մեր հայոց Տիգրան թագավորը մեծ զորավար էր:
Հերն անիծած, բայց Արարատը միշտ գտնվել է Արարատյան հովտում, իսկ հովիտն ասորիքից հյուսիս է. հեթիթներն էլ հյուսիս էին, բայց այդ առեղծվածային հիքսոները կռվել են նաև հեթիթների դեմ:
Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենու ծառից, որ մետաղի կարծրություն ունի… Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ՝ լինի տավարի թե մարդու…
Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հայ ու իր երկիրը Հայք էր կոչում, հեթիթներին ոտնատակ տալով հյուսիսից իջավ Ասորիք, սուրաց ու փշրեց երկաթով բրոնզե բանակներն ու…
Թուխ ու ջղային մարդկանց երկու ցեղ, որ իրենց հայ ու հույն էին կոչում, զինվեցին սաղավարտով, նիզակով, թրով, զրահավորվեցին իրենք ու զրահապատեցին իրենց նժույգը, միացան, դարձան հայ-հույն միակուռ ասպետ, և մարաթոնից զրնգոցով եկավ ասպետը… Արևելքից գալիս էր արտ ու արոտ տրորելով Ակչա-կոյունլու ոչխարի հոտը… Զրնգոցով գնաց ասպետը, խփեց ու ու խրվեց Ակչա-կոյունլու հոտի մեջ և տառապեց ու ելնել չկարեցավ բրդի փափուկ նեղվածքից, և նրա զրահը բրդի մեջ չէր զրնգում… Եվ հովիվը մահակը թափահարեց ու քշեց նրան էլ հոտի մեջ մինչև Մարաթոն ու Հերկուլեսյան սյուներ: Եվ նա մոռացել էր, որ ինքն ասպետ էր և Ակչա-կոյունլու հոտի մեջ մայում էր:
Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցում են իրենց պարտության հուշասյունը:
Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը… -Ոչ, մի պարծեցիր:
Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու… -Մի նվնվա:
Մեկ-երկու տարի չանցած թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, ամենայն հավանականությամբ, ազատվելիք տարածությունները նույնպես: Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ: -Մի հեգնիր:
-Լավ:
…………………………………………………………………………………………………………………

Շինարար
18.09.2009, 21:36
ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի, վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ. չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՛ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փախչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի1 տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի թմբկահարումը կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը ազատ ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս կանաչ դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրանում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։
Արևի մեջ կանաչ դաշտը փայլում էր։ Թացության ու առատ լույսի մեջ փայլում էր նաև այդ հովտի միակ կաղնին, և մասրենու թո՛ւփն էր փայլում, և ձիու թաց մե՛ջքը, և առո՛ւն, որ սկսվում էր մոխրագույն ժայռից և գալիս ու գնում էր կանաչ հովտով։ Առվից կայծակի հոտ էր գալիս, և քուռակը մի քիչ խրտնեց։ Մասրենուց նույնպես կայծակի հոտ էր գալիս. քուռակը մի երկու ցատկ խրտնեց, կանգ առավ, նայեց մասրենուն և տոտիկ–տոտիկ գնաց՝ նորից հոտոտելու։
Ձին ճանաչում էր այդ հովտի բոլոր բույրերն ու հոտերը։ Նա գիտեր բոլոր հովիտների ու բլուրների բույրերը, բայց այս հովտի բույրերն ավելի լավ գիտեր, քանի որ ձիուն այս հովտում հաճախ էին կապում արածելու։ Կայծակի հոտն անցողիկ էր, արևի տակ, ցողի հետ հիմա պիտի ցնդեր։ Ուրցի բույրը նույնպես այս հովտի բույրը չէր, ուրցի բույրը քամին էր նետել բլուրներից հովիտ։ Զին արածում էր և ոչխարի թաց բրդի հոտ էր զգում։ Ձին մտածում էր, որ բլուրների մյուս Երեսին ոչխարներ են արածում, ուրեմն նաև գամփռ շներ կան։
“Բլուրների մյուս երեսին ոչխարներ են արածում, հովտի թաց խոտը համեղ է, առվի ջուրը համեղ է,— մտածում էր պառավ ձին,— արևը ջերմացնում է, և քուռակը խրտնում ու մեծանում է հովտի ջերմ բարության մեջ”։
Ձին բարձրացրեց գլուխը. կաղնին կանգնած էր հանգիստ, ժայռը կեցած էր մի տեսակ քնածի պես, քուռակը մասրենուց հոտ էր քաշում։ Արևը ջերմացնում էր, և խոտը համեղ էր, հարկավոր էր արածել։ Ձին գլուխը կախեց արածելու, մի երկու բերան խոտ պոկեց, բայց անհանգստացնող ինչ-որ բան կար, և ձին գլուխը բարձրացրեց։
Կանաչ հովտի մեջ անշարժ կանգնած, գլուխը բարձր՝ կարմիր պառավ ձին երկար նայեց հովտին և երկար ուկնդրեց լռությունը։ Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ։ եվ կարծես թե կարելի էր արածել, բայց կարմիր ձին մռութը չիջեցրեց մինչև գետին, գլուխը կտրուկ վեր նետեց և սպասեց ականջները սրած՝ որսալու համար հովտի բոլոր թաքուն ձայները։ Եվ սպասեց ռունգները լայնացրած՝ զգալու հովտի օտար հոտերը։ Թիթեռները շրշում էին, բզեզները երգում էին, առուն խոխոջում էր, վիզը ձգած՝ քուռակը պտտվում էր թիթեռի ետևից մասրենու շուրջը, բայց պառավ կարմիր ձին ուզում էր լսել ոչ այդ ձայները և ուզում էր տեսնել ոչ այդ պատկերները։ Հովտում, համենայն դեպս, վտանգ կար։ Օդում այդ վտանգից ձայն չկար, հովտում այդ վտանգը չէր երևում, քամու մեջ այդ վտանգի հոտը չկար, բայց ձին չէր կարողանում արածել։
Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ։ Կարմիր պառավ ձին զայրանում էր այն բանի համար, որ հովտում թշնամի կար, բայց այդ թշնամին չէր զգացվում, չէր լսվում և չէր երևում։
Կանաչ հովտում կանգնած՝ նայում ու լռությունն ուկնդրում էին մոխրագույն ժայռը, փարթամ կաղնին, կարմիր պառավ ձին և մասրենու թուփը։ Եվ ժայռի համար կանաչ հովտում չկար ոչ մի վտանգ, որովհետև կայծակ այսօր այլևս չէր լինելու։ Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր։ Մասրենու համար նույնպես լավ էր, որովհետև քուռակի դունչը չէր հասնում նրա կատարի մի երկու ծաղկին։ Իսկ պառավ կարմիր ձին լարված սպասումից քրտնեց։
Հովիտը դավաճանում էր ձիուն. հովտում թշնամի կար, բայց հովիտը չէր մատնում թշնամու ձայնը և թշնամու հոտը։ Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում գնալ դեպի քուռակը. վախենում էր իր ոտնաձայների մեջ կորցնի թշնամու թաքուն ձայները։ Կարմիր պառավ ձին սիրտ չէր անում շնչել. վախենում էր թոքերի աղմուկի մեջ կորցնի թշնամու թաքուն շնչառությունը։ Կարմիր պառավ ձին աչքերը չէր թարթում. վախենում էր, որ իր աչքաթարթի հետ թշնամին տեղից տեղ կցատկի, և ինքը չի հասցնի նկատել նրա ցատկը։
Կանաչ հովտի մեջ այդպես անշարժ կանգնած էին ժայռը, կաղնին, մասրենին, ձին։ Ժայռը նիրհում էր։ Կաղնու կաղինները ապահով զրահների մեջ լցվում էին հյութով, և կաղնու համար ամեն ինչ լավ էր։ Մասրենին իր ծաղկաբաժակները բացել էր արեգակի դեմ և արև էր խմում, իսկ կարմիր պառավ ձին զայրութից դողում էր։ Երբեք, ոչ մի անգամ հովիտը ձիուն այդպես չէր դավաճանել։ Գուցե կայծակի՞ հոտն էր ձիու ռունգներին խանգարում զգալ այն հոտը, որ ուներ թշնամին, որը մոտերքում էր, մոտիկ մի տեղ էր և հոտ էր տալիս, բայց նրա հոտը թաքնվում էր կայծակի խանձահոտի տակ։
Քուռակը նայում էր մի բանի և ապա նայում էր մորը։ Դարձյալ նայում էր նույն բանին, ապա նայում էր մորը։ Այդ բանը մայրը չէր տեսնում, մոր մոտից այդ բանը չէր երևում։ Քուռակը նայում էր այդ բանին, ապա գլուխը թեքում էր մոր կողմը։ Մայրը կանգնած էր գլուխը բարձր, և մոր աչքերը վառվում էին։
Քուռակը վիզը ձգեց, դնչիկը պարզեց և գնաց դեպի այդ բանը, և այդ պահին մայրը զգաց գայլի զզվելի հոտը։ Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ, թե գետնից ինչքան սահուն ու Երկար ցատկով զատվեց գայլը։
Բլուրների մյուս երեսին լսվեց ձիու ջղային կարճ վրինջը։ Բլուրների մյուս երեսին, ոչխարների մոտ, գամփռ շները մի վայրկյան սրվեցին, մի քիչ սպասեցին ուրիշ ձայների և հանգստացան։
Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թափով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց։ Նա պառավ ձի էր, ուրիշ անգամներ էլ ընկել էր, բայց ոչ մի անգամ այդպես անսպասելի չէր տապալվել։ Տապալվեց ու ելավ միանգամից։ Նրան տապալել էին հուժկու թափն ու պարանը։ Պարանը նրան խեղդում էր, պարանը նրան չէր թողնում թռչել իր փոքրիկի մոտ։
Քուռակը փախչում էր մասրենուց դենը հեռու մի տեղ, քուռակն ուզում էր դեպի մայրը գալ, երկար շրջան տալով՝ քուռակը ձգտում էր դեպի մայրը, բայց գայլն ամեն անգամ կտրում էր նրա ճանապարհը և նրան հեռացնում ու դարձյալ հեռացնում էր։ Իսկ պարանը խեղդում էր մորը։ Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ։ Քուռակը ճչաց ու վեր ցատկեց։
Բլուրների մյուս երեսին լըսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին, և գամփռ շների մեջ սրվեց սեվադունչ Թոփուշ շունը։
Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին։ Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով։ Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել։
Բլուրների մյուս երեսին լըսվում էր նրա սմբակների խուլ դոփյունը։ Հետո բլուրների մյուս երեսին հովտի ոչ մի ձայն չէր լսվում, և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խտղտվեցին։
Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց։ Ձին հարձակվում էր, և գայլը մի քիչ փախավ։ Զին դարձյալ գալիս էր, և գայլը մի քիչ էլ ետ քաշվեց։ Դունչը գետնին հպած՝ ձին գալիս էր, դանդաղ, սպառնալի՝ ձին գալիս էր, գայլը ճապաղվեց գետնին և ահա-ահա կարող էր ցատկել ու կախվել ձիու ռունգներից և ձին շուռ եկավ։
Ձին շուռ եկավ, և գայլը ցատկեց ու կանգնեց ձիու դեմ։ Քուռակը լանջի տակ՝ ձին դարձյալ շուռ եկավ, և նրա հետ պտտվեց նաև գայլը։ Գայլը անընդհատ պտտվեց, և ձին անընդհատ շուռ եկավ։ Երկու կարճ ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, բայց ձին դարձյալ հասցրեց շրջվել ու աքացի շպրտել։ Մի երկար ցատկով գայլը հայտնվեց ձիու դնչի տակ, և ձին չհասցրեց լրիվ շրջվել, գայլը կարողացավ քերծել ձիու ռունգները, և ձին կարողացավ նրան տրորել առջևի ոտքով։ Գայլը ետ քաշվեց, բայց չփախավ, նստեց ու նայեց ձիուն, և ձին էլ նայեց գայլին։
Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու։ Ձին քրտնել էր, բայց գայլը նույնպես հոգնել էր։ Գայլը նետվեց միանգամից։ Դրանից հետո գայլն անընդհատ ցատկեց դեպի ձիու ռունգները, և ձին անընդհատ շրջվեց ու քուռակին անընդհատ պահեց լանջի տակ։
Արդեն Երեկո էր, նրանց շարժումները դանդաղել էին, ձիու շուրջը գայլը պտտվում էր դանդաղ, գրեթե քարշ էր գալիս, գրեթե սողում էր, և ձին իր տեղում պտտվում էր դանդաղ, դժվար, երբեմն սայթաքելով և գրեթե ընկնելով։ Նրանց աչքերը մթնել էին, և նրանք միմյանց հազիվ էին տեսնում։ Հոգնածությունից նրանք խլացել էին։
Փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և նայեց մայրամուտին։ Մայրամուտը կարմիր էր, մայրամուտի տակ գեղեցիկ էր հովտի միակ կաղնին... բայց այն, ինչ տեսավ փոքրիկ հովիվը, այնքան տգեղ էր, որ փոքրիկ հովիվը չէր կարողանում խոսել. գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից, և կարմիր պառավ ձին արդեն–արդեն խոնարհվում էր։
— Այ տղա, հե՜յ,— կանչեցին դիմացի բլուրներից,— էն գելն էն ձիուն խեղդում է, այ տղա, հե՜յ... շներն ո՞ւր են, հե՜յ...
Փոքրիկ հովիվը բերանը բացեց ծղրտալու, բայց չկարողացավ ձայն հանել։ Փոքրիկ հովիվը միայն ձեռքերը թափահարեց։ Գամփռ շները սրվեցին ու նայեցին։ Գամփռ շները տեսան ու թռան... Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը։ Սևադունչ Թո փուշը վարպետ շուն էր, լուռ գնում ու բռնում էր, նա առջևից հիմա էլ լուռ էր վազում, իսկ Բողարը ջահել շուն էր, գայլերից դեռ մի քիչ վախենում էր, այդ պատճառով էլ հաչում էր դեռ հեռվից, որպեսզի գայլերը փախչեն, և ինքը այդպիսով նրանց հետ չկռվի։ Բողարը հիմա գնում էր հաչելով։ Բողարը շատ արագավազ էր, նա հիմա Թոփուշից Երբեմն առաջ էր անցնում, բայց չէր համարձակվում պոկվել խմբից ու գնալ մենակ, կանգնում էր և հաչելով սպասում Թոփուշին, վազում էր Թոփուշի կողքից, սակայն դարձյալ դանդաղում։
Շարունակելի

Շինարար
18.09.2009, 21:39
Կանաչ դաշտը

Շարունակություն


Երթ ձին ահա-ահա պիտի ծնկեր, գայլը հեռվում, կարծես երազում, շների հաչոց լսեց։ Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ։
Երբ իր մեջ այլևս ուժ չկար, և ռունգն երի ցավերը բթանում էին, և աչքերը բոլորովին մթնել էին, և ականջները լիովին խլացել էին, մայր ձին հեռու-հեռվում շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի համար և իր համար. բախտը հո չէր կարող լինել այնքան դաժան, որ նրա քուռակն ապրեր ընդամենը մի հունիս։ Պառավ ձին գիտեր, որ ինքը կարող է համբերել մի քիչ էլ, դեռ մի քիչ էլ, մինչև շների հասնելը ինքը պարտավոր է համբերել։ Բայց ի՜նչ ծանր է շնչելը, ի՜նչ ծանր բեռ է դարձել այս կյանքը։
Շների հաչոցը պայթեց գայլի հենց ականջների մեջ, բայց գայլը դարձյալ չէր հավատում, որ այդպիսի տանջալից հաջողությունից հետո այդպիսի ձախորդություն կպատահի։ Ձագերը տանը քաղցած, իր պտուկները դատարկ... Վիզը ծակծկեցին, ականջը ծակծկեցին, և գայլը բաց թողեց ձիու ռունգները։ Թաթը բռնել էին։ Թաթն ազատելու ուժ չկար։ Գայլն ուզում էր քնե՜լ, քնել։ Կռվելու ուժ չկար, գայլն ուզում մեռնել, հանգստանալ։ Գայլը ճապաղվեց և բուկը սեղմեց գետնին, որպեսզի շները բուկը չբռնեն։ Շները քրքրում էին նրա մեջքը, վիզը, քաշքշում էին ականջներից, իսկ բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ։
Գայլը մի թաթ կծեց, և շներից մեկը վնգստոցով մի կողմ ցատկեց։ Գայլը կանգնեց, և շները, շրջապատած, սպասեցին։ Շների մեջ կանգնած՝ գայլը նայեց շներին, և նրանք շատ էին, և դժվար էր, անչափ դժվար էր, անհնար էր ազատվել նրանցից ու քարշ գալ դեպի տուն, ուր սպասում էին ձագերը։ Ժանիքները բաց՝ գայլը նայեց շներին, շները նայեցին գայլին, մի պահ այդպես նայեցին միմյանց, և գայլը չգիտեր ինչ է անելու։ Եվ շներից մեկը փշաքաղվեց, ցատկեց ու լանջով խփեց, շպրտեց գայլին։ Գայլը հազիվ կարողացավ չնկնել և հասկացավ, որ ամենավտանգավորը դունչը սև այդ շունն է։
— Այ տղա, հե՜յ... էդ ով ես, հե՜յ... հասիր էն շներին օգնիր՝ թող խեղդեն, հե՛յ... — կանչեցին դիմացի բլուրներից։
Ձին հազիվ էր կանգնած մնում։ Ձիու գլուխը ծանրանում ու խոնարհվում էր։ Ձին զգում էր , որ քուռակը ծծում է, և հազիվ կարողանում էր ուրախանալ քուռակի ծծելուց։ Ձիու գլուխը հակվեց, ծալվեցին նաև առջևի ոտքերը, իսկ քուռակը դեռ ծծում էր։ Ձին փուլ Եկավ։ Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում։ Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց։ Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել։ Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։
Գայլը, համենայն դեպս, կարողացավ փախչել։ Եթե փախչել չկարողանար, նրա ձագերը որբ կմնային և, բոլորովին անօգ էին, կկոտորվեին, և գայլը կարողացավ փախչել։ Դա փախուստ չէր, դա նահանջ էր քայլ աո քայլ, ցատկ առ ցատկ, մի քանի ցատկ առ. մի քանի ցատկ. մի քանի ցատկից հետո, երբ շները հասնում ու քիչ էր մնում բռնեին, գայլը շուռ էր գալիս, փշաքաղվում ու ժանիքները բացում, և շները կանգ էին առնում, և գայլը դարձյալ մի երկու ցատկ հեռանում էր։
Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ կծել ու վախեցնել նրան, բայց սևադունչ գամփռը գայլին հիմա չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը հիմա ետ էր ընկել և որձկալով ու փռշտալով՝ զզվանքով մաքրում էր բերանը։ Սևադունչը չէր հետապնդում, իսկ մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին։
Շները կորցրին գայլին, ապա կորցրին նաև հետքերը, բայց երկար ժամանակ պտտվում, վազում, խառնվում ու ոռնում էին կանաչ հովտի մեջ, ուր հիմա մթնել էր ժայռը, հանգիստ կանգնած էր կաղնին, իր մի երկու ծաղկաբաժակը ցող հավաքելու էր պարզել մասրենին, և ուր ընկած էր կարմիր պառավ ձիու մարմինը։ Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես թե արդեն հասկանում էր պատահածը։
Մայրամուտի տակ ամբողջ հովիտը լուսավոր կանաչ էր, և սև էր, շատ մուգ սև պառավ կարմիր ձիու շուրջը։ Պառավ ձիու կարմիր մարմինն ընկած էր այդ սև շրջանակի մեջ։ Այդ սև շրջանակը ձիու և գայլի կռվի տեղն էր, այդ սևը ձիու տրորածն էր։ Այդ սև, տրորված, քանդված, շատ տրորված գետնին նայելով կարելի էր հասկանալ, թե ինչքան երկար ժամանակ էր պտտվել պառավ ձին գայլի հետ ինքն իր շուրջը։
Սև այդ շրջանակը այդպես սև մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ։ Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է։
Երթ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանաչ է, կաղնին վեհորեն կեցած է կանաչ հովտում, ժայռը նիրհելով ուկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր հինգ հատ ծաղկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կապած արածում է աստղազարդ մի ձի՝ ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար, վիզը երկար, բաշն ու պոչը արևախանձ ու թուխ, ճակատին՝ սպիտակ աստղածաղիկ։ Երբ քայլ է դնում, ետևի աջ ոտքը մի քիչ ձգվում է, ջղային դողի պես, հին սպիի պատճառով։
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած, մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը։
— Վերջացա՞վ։
— Վերջացավ։ — Ոչ։
— Ինչո՞ւ ոչ։
— Ձի մայրիկը թող չմեռնի։
— Ես չեմ կարող ասել, թե մայր ձին չմեռավ, որովհետև մայր ձին մեռավ։ Երբ փոքրիկ հովիվը վազելով իջավ բլուրների գլխից, մայր ձին մեռած էր, քուռակը տխուր կանգնած էր մոր կողքին։ Երբ այն հովիվը, որ կանչում էր՝ “Այ տղա, հե՜յ”, այդ հովիվը Երբ իջավ դիմացի բլուրներից, մայր ձին արդեն լրիվ սառած էր, և ծեր հովիվն ու փոքրիկ հովիվը մի քիչ նստեցին պառավ կարմիր ձիու կողքին և մտածեցին, թե ինչպես են պահելու քուռակին։
— Հետո, ինչպե՞ս պահեցին։
— Մի ուրիշ ձիու կաթով։
— Ոչ, մայրը թող չմեռնի։
— Ես չեմ կարող ասել, թե մայրը չմեռավ, որովհետև ամբողջ ամառն այդ որբ քուռակին ես կերակրում էի ուրիշ ձիերի կաթով։
— Ասե՞մ թող ինչ լինի։
— Ասա։
— Բլուրների մյուս երեսի հովիվը թող բլուրների գլխին լինի և գայլին շուտ նկատի։
— Հովիվը բլուրների մյուս երեսին էր և գայլին նկատեց այն ժամանակ, երբ դուրս եկավ բլուրների գլուխ։
— Ձին ինչու մեռավ։
— Երբ նստած էին պառավ կարմիր ձիու մարմնի մոտ, ծեր հովիվը փոքրիկ հովվին ասաց, որ ձիու սիրտը պայթել է քուռակի համար վախենալուց և զզվանքից ու կատաղությունից։
— Քայլի՛ց էր զզվել։
— Այո, գայլից։
— Շները գայլին թող խեղդեն։
— Ես չեմ կարող ասել, թե շները գայլին խեղդեցին, որովհետև մեր սևանդունչ շունը գայլի մազ էր կուլ տվել և քիչ էր մնում ինքը սատկի։
— Փոքրիկ հովիվը դու՞ էիր։
— Ես էի, ձին մեր ձին էր, քուռակը մեր ձիու քուռակն էր։
— Հիմա քուռակը մեծացել է, կապա՞ծ է կանաչ հովտում։
— Իր կարմիր մայրիկին հիշում է։
— Գուցե հիշում է իր կարմիր մայրիկին, որովհետև ձիերը հիշում Են։
— Դե նորից պատմիր։
— Կայծակը չոր ճայթյունով բախվեց որձաքարե ժայռին, մի կողմ շպրտվեց ու թաղվեց կանաչ գեւոնի մեջ։ Մոխրագույն ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ որձաքարե այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր։ Միայն թե մի քիչ վախեցավ կաղնին, որովհետև կայծակները խփում ու խանձում են կաղնիները, և շատ վախեցավ երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկը. քուռակին “մտրուկ” են ասում... այնպես վախեցավ, որ փախչում էր իբր մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ։ Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը...

Chuk
18.09.2009, 23:09
«Կանաչ դաշտի» համար գժվում եմ :love

Շինարար
06.10.2009, 14:28
Այստեղ տեղադրում եմ տարբեր բաժիններում Մաթևոսյանից արված իմ մեջբերումները:

Հրանտ Մաթևոսյան «Մեսրոպ»
-Հայերին Լեոն է հնարել: Մինչև Լեոն, սուտ է, հայեր չեն եղել: Էն է Լեոյի ժամանակներն էր, էլի, սարի պես մարդուն տվին աչքիս դեմ շուռ տվին՝ մի ձեն հանող չեղավ: Հայ կա՞ր, որ հայի համար ձեն հանող լիներ- կաթ, ոչխար, ես ինչ իմանամ ուրիշ ինչ: Մերանը Լեոն գցեց: Մածունը ոնց են սարքում, կաթի մեջ մերան են գցում՝ դառնում է մածուն, Լեոն հայերին էդպես է հնարել: Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»- ոչ կատուն է արհեստավոր եղել, ոչ էլ շունը՝ անգլխարկ, գլխարկը շան ինչի՞ն է պետք, այտա, Հովհաննես Թումանյանը նստել ու երեխեքի համար հնարել է, կարդում են: Էն է մյուս սեղանին էլ Լեոն է նստել ու մեր հայերիս պատմությունը հնարել: Զարմայր նահապետ, չէ՞ մի- զահրումար նահապետ:

-Գայլ Վահան: Եկան՝ ջարդեց, եկան՝ ջարդեց՝ նորից եկան: Եկածին ջարդեց՝ հաշվեցին, հաշվեցին- Պարսկաստանը սրբել էր, էլ Պարսկաստանում մարդ չէր մնացել: Աշխարհում հիմա էլ Պարսկաստան չկա, հայոց մեր գելը սրբել է: Գայլ Վահան, չէ՜ մի, քաջ Նազար:

-Թուրքերը եկա՜ն,- ասում էր ձիապանը:- Չկային, է, չկային: Քսան թվին ստեղծվեցին: Սերգեյ Միրոնովիչ Կիրով,- ասում էր ձիապանը:- Երեսուն տարում ոնց ժողովուրդ դարձան: Սոցիալիզմի մերը չմեռնի, ապա մի ասա սոցիալի՜զմ: Սրանց սոցիալիզմն ստեղծեց, չկային, է, չկային, ստեղծեց, քշեց Արթինի աղբյուր՝ եղբայրաբար ջուր խմեք: Լույս դառնաս, Արթին, դու էլ որ չէիր եղել՝ սրանց ոչխարը որտե՞ղ էր ջրվելու: Ես ասում եմ բողոք գրենք Մոսկվա՝ մեր հանդերը մեզ տան, հը՞:


Հրանտ Մաթևոսյան «Մեծամոր»

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք

-Ապա, ապա,- սպասեց Վռամշապուհը:
-Էս է: -Մնացածը: -Լրի՛վ է: -Լրի՞վ: -Էս է: -Է՜, ուրեմն չկարողացար: -Կարողացա: Եղածն էս է: -Էս ի՞նչ է: -Ա: Արարատ:
-Է՜, չեղավ, չեղավ: Արարատը բա էսպե՞ս կլինի: Հապա գրիր Արարատ:
-ԱՐԱՐԱՏ:
-Է՜,- խռովեց Վռամշապուհը,- մարդ աստծու, աստծու տարին քեզ ենք սպասում՝ վարդապետը գիր է գտնում, գիր է գտնում, գտածդ ու՞ր է: Հապա գրիր ծիրան:
-ԾԻՐԱՆ:
-Ով գիտի, գուցե էդ է: Սա ո՞վ է:
-Ճ-ն է, չե՞ս ճանաչում:
-Նման է, ինքն է:- Վռամշապուհը փառ-փառ ծիծաղեց Փ տառի վրա.- Էս Փ չի՞:
-ԵՒ ՍԿՍԱՆ ՍՈՐՍՈՐԵԼ ԳՆԱԼ Ի ԲԱՆԱԿԷՆ ՀԱՅՈՑ« ԹՈՂԻՆ ԶԻՒՐԵԱՆՑ ԱՐՔԱՅՆ ԱՐՇԱԿ…
-Ի՞նչ գրեցիր:
-Նախարարները լքեցին իրենց Արշակ արքային և երես դարձրին մեր հայ ժողովրդից:
-Հիմա լրի՞վ է,- ասաց Վռամշապուհը:
-Լրիվ: Ամբողջը:
-Ապա մի գրիր քո անունը:
-ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԱՇՏՈՑ:
-Լավ գիր է,- տխրեց Վռամշապուհը,- գեղեցիկ, էսպես ինքն իր համար: Ոչ ոքի ոչինչ չի հրամայում: Մեզանից ուրիշի ոչ մի պարտադրանք չի տանում: Ինքն իր համար կա ներամփոփ, խոհուն և իր խորին եզրահանգումն ինքն իր մեջ մեռցնող: Սա Հայոց գիրն է և միայն Հայոց գիրն է: Մեր մասին ու մեզ համար ճիշտ գիր է:



«Հուշ ու քրիստոս Տիրանը հոգու պարզ հատակներում գտել էր աշխարհի մեղքերի իր բաժինը և շոգ խավարի մեջ բոբիկ ոտներով փնտրում էր Խորվիրապը՝ և նրա խանձված ճակատին ձիերի դոփյուն դիպավ. ուրեմն դեռ ապրողներ կային, տեղից տեղ ձի էին վարում:
_Դու Տիրա՞նը չես,_ ասացին:
_Տիրանն եմ:
_Այո,_ ասացին նրանք:
_Ինչի՞ համար:
_Ոչինչ, մեզ համար լավ տուն ու տեղ ես թողել՝ դրա համար:
_Դուք ո՞վ եք,_ ասաց:
_Քո թոռները:
_Բա ու՞ր եք, ձեն չեք հանում:
_Դժոխքում ենք: Կիլիկիա ենք, ուր ենք:
_Դե, ինչ որ կարողացել եմ, այ որդիք, էն եմ արել:
_Ի՞նչ ես կարողացել:
_Դուք կարողացեք, ես ուզում եմ դուք կարողանաք:
_Կարողանալու տե՞ղ ես թողել, որ կարողանանք:»

Վերջին հատվածը «Մեծամոր»-ից է:

Շինարար
06.10.2009, 16:46
«Մեծամոր»-ից

Մաշտոց վարդապետի գալստյան ճանապարհը հատելով, տառապանոք դնելով շղթայակապ բոբիկ ոտների ամեն քայլը, էս լու՜յս աշխարհի դեմ աչքերը ածխակոթով բրած, ձեռնաշղթաների ծանրությունից կուզ՝ Ատպատականի ձիավո՜ր սատրապ Վարազ-Շապուհի առջև դեպի Ներսեհ Սասանի ողորմածությունն ու զայրույթն էր գնում Հայոց արքա _ Հայո՜ց արքա _ Տիրան թագավորը,
քանի որ «այն ժամանակ Տիրան թագավորը մի ձի ուներ. ձին մուգ շագանակի ու պուտպուտուրիկ էր», որ ուզեց ունենալ Պարսից Ատրպատականի բդեշխ Վարազ-Շապուհը, բայց Հայոց Տիրանը որոնեց ու գտավ նույն տեսքի ու նույն նշանի պուտպուտուրիկ մի ուրիշ ձի և հրովարտակով բդեշխին ընծայեց՝ որպես թե այդ էր նրա ցանկացածը: Այո: Ինքը, ճշմարիտ, հենց այդ նժույգն էր ուզել, և Վարազ-Շապուհը շատ ուրախացավ, և շնորհակալ էր մեծապես, և Տիրանի համար որս, խնջույք ու պատիվ սարքեց, հիացավ նրա նետի սլացքով և շղթա սարքեց նրա ձեռուոտին, կրակով բրեց նրա աչքերն ու քշեց դեպի Ներսեհ Սասանի կարմիր կոշիկները: Բակտրիայից Պաղեստին և Եմենից Կոլք երկրների առաջին տերը Տիրանին ետ Վաղարշապատ նետեց,_ Դե գնա մտածի՛ր աշխարհի բանը,_ ի խրատ արարատյան Արշակ ու ապագա կառավարիչների, հանուն իր Սասան որդիների ու ծոռների տիրակալական դժվար գործի:
«Նրա գերեվարության ու կուրացման մասին վկայությունները, մեծ մասամբ, վիպական-ստեղծագործական պատմվածքներ են և չեն կարող հավաստի ու պատմական համարվել»,_ բայց այդ պատմվածքները չեն ասում թե՝ Պարսից Ներսեհը պուտպուտուրիկ մի ձի ուներ, որի վրա բոլորը զարմանում էին, և այդ ձին ուզեցավ ունենալ Հայոց Տիրանը, Ներսեհ Սասանը չուզեցավ տալ և վախեցավ չտալ, այլ գտավ դրա նման մի ուրիշ ձի…, և ապա Հայոց Տիրանը քմծիծաղ տվավ ու խլեց ժլատ Սասանի ձին էլ, աչքերի լույսն էլ, թագն էլ, երկիրն էլ…

Շարունակելի

Շինարար
07.10.2009, 01:19
«Մեծամոր»-ից

Շարունակություն

Հետո, երեխաների ու կանանց ձայները մթի մեջ մարել էին, երևի բարձրացել էին Ապարանի հովանոցները՝ շոգերն այնտեղ անցընելու, փշատենու բույրը փակում էր ռունգները, երևի դեռ կային ու երկինքներում մի տեղ լողում էին Մեծ Մասըսի սառույցները,_ և կույր Տիրանը ականջ էր պահել Արարատյան հովտի լռությանը: Դժբախտություններից, անվերջ դժբախտություններից խելքները շաղած այս հայերը որդու դեմ դա՞վ շշնջացին, ե՞լք փնտրեցին որդուց թաքուն, թե՞ հեռվում թաքուն բաներ էին զրուցում գահից ու երկրի գործերից հեռու մշակ մարդիկ: Մի կարճ ծղրտոց եկավ_ որևէ մերկ թիկունք դաշու՛յն խրվեց,_ և շունչը պահեց դարանակալ լռությունը: Ոչ, պատանիներն էին, լոքոյի ցուլ էին ափ նետել:
Ի՞նչ էր հարկավոր՝ որպեսզի չլիներ այնպես, ինչպես եղավ: Նախճավանի խորշակ փչում. կխփի-կխարկի արտ ու արոտ, խորշակի ետևից սև ամպերով կգա մորեխը: Իսկ եթե ճիշտը Սասանի Ներսեհն է, քանի որ կա անդրկասպյան մեծ վտանգը և դրա դեմ այսրկասպյան մեր ընդհանուր տանը միակամություն է պե՞տք: Իսկ եթե միակամությունը վերջանա մեր խոսքի և իրավունքի և կարմիր կոշիկի և պուտպուտուրիկ ձիու կորստով և դատարկ անձի պահպանմա՞մբ: Իմ նժույգը հեծնի Վարազ-Շապուհը, քանի որ ձին լավ ձի է, ես վատն եմ ու անարժան իմ տակն այդպիսի նժույգ քաշելու: Որպեսզի՜… որպեսզի չլիներ այնպես, ինչպես եղավ, հարկավոր էր ահա թե ինչ. հարկավոր էր, որ գելն ուտեր պուտպուտուրիկ այդ ձիուն: Եթե անդրկասպյան սարսափը պիտի գա ու կախվի մեր… մեր ինչի՞ վրա. թագավոր լինելու մեր իրավունքի վրա. եթե մենք հիմա թագավոր ենք՝ ինչո՞վ ենք թագավոր: Թող գան ու սրբելով անցնեն մինչև Բյուզանդիոն ու Աթենք ու Հռոմ. եթե մենք չենք լինելու մենք՝ այդ չգոյությունը թող գա որպես թույն ոսկե բաժակի մեջ կամ ջորու պոչից կապելու ձևով, մեզ համար մեկ է:
_Արշա՜կ…
Երանի նրանց, ովքեր արել են մի բան ու մեռել. երանի նրանց, ովքեր մեռել են ոչինչ էլ չարած. երանի նրանց, ովքեր մեռած են արդեն ոտքի վրա: Եթե պատահի, որ Արշակը պուտպուտուրիկ մի ձի ունենա, այդ ձին խլել ուզենա Ատրպատականի սատրապը՝ թող Արշակը նվիրի: Ձիու եղածն ինչ է՝ թող տա, կորցնի աչքից: Եվ վերջապես Արշակը սեփական գլուխ ունի ուսերին, թող դատի այնպես, ինչպես կամենում է ինքը: Փորձով՝ հովիվները գայլերի դեմ կրակ են վառում և տալիս հովվացու իրենց որդիներին: Այսդժվար կյանքում համրիր թե ովքեր են դարան պահել, ովքեր որտեղ են ժանիքավորվում, Հայոց թագավոր լինելու ծանր գործի համար փորձ հավաքիր, հղկիր և որպես ադամանդ ափիդ մեջ՝ պարզիր որդուդ._ Առ, Արշակ:_ Դե կույր-կույր ապրիր հազար տարի և խարխափելով ճանաչիր անապատի պես ոտի տակից փախչող այս երկիրը, կարո՞ղ ես:

Շարունակելի

Շինարար
09.10.2009, 01:53
«Մեծամոր»-ից

Շարունակություն

Եւ սկսան սորսորել գնալ ի բանակէն Հայոց թագաւորին, թողին զիւրեանց արքայն Արշակ: Նախ բդեաշխն աղձնեաց, եւ Նորշիրական բդեաշխն, եւ Մահկերտանն, եւ Նիհորականն, եւ Դասընտրէինն, եւ ամենայն նախարարութիւն Աղձնեաց ապստամբեցին յարքայէն Հայոց Արշակայ եւ չոգան կացին առաջի արքային պարսկաց Շապհոյ. եւ զատուցին զիւրեանց աշխարհն Հայոց: Եւ յետ սորա Գուգարաց աշխարհի բդեաշխն, եւ յետ սորա Ձորայ գաւառին տէրն, եւ Կողբայ գաւառին տէրն, եւ ընդ նոսա Գարդմանաձորոյ տէրն: Ապստամբեցին յԱրշակայ արքայէն Հայոց ամուր գաւառն Արձախայ, եւ ամուր գաւառն Տմորեաց, եւ ամուր աշխարհն Կորդեաց. ապա եւ տէր գաւառին Կորդուաց չոգաւ եկաց առաջի թագաւորին Պարսից: Յետ այսորիկ ապստամբեաց ի թագաւորէն Հայոց եւ ձեռին իշխանութեանն տանն Հայոց թագաւորին, որ էր զԱտրպատական աշխարհաւն, յետս եկաց ի թագաւորեն Հայոց ամուր աշխարհն Մարաց, եւ աշխարհն Կազբից. եթող զարքայն Հայոց եւ գնաց Սաղամուտ տէր Անձտեայ, և ընդ նմա իշխանն Մեծի Ծոփաց…
Այսինքն թե՝ հայերի Արշակ թագավորը կատաղություն չէր ունեցել Արցախ, Աղձնիք, Ծոփք, Նիհորական, Դասըն, Անձիտ, Կորդուք, Գուգարք բազմանուն երկիրը դարձնել բռունցքի պես մի Հայք, Արշակ մարդահաճ թագավորի բազուկը դողացել էր ջարդելու, կռանելով միայն իր կամքը, բազմագլուխ երկրի կուսակալ ավելորդ գլուխները, և ահա իշխանների նախիրը իրենը կարծեց իր արածած մարգագետինը, մահճակալների ու հնձվորների բանակը, երակների արյան կորովը և արյան մեջ սաղմի պտույտը իր երակներում, կարծեց ինքն իրենն է, Արշակինը չէ, և տարավ, Շապուհին տվեց մի գանձ, որ ոչ Արշակինն էր, ոչ էլ իրենը, այլ գալիք սերունդներինս՝ մերը: Եվ հայերի Արշակ թագավորը բաց մարտադաշտում նետատարափի տակ մնաց մերկ ու մենակ:
ամենայն մարդիկն երկրին հայոց ստիպեցին բռնաբօսեցին զիւրեանց թագաւորն զարշակ և շտապեցին, զի յարիցէ զնասցէ երթիցէ յանդիման լիցի թագաւորին Պարսից Շապհոյ:
Այսինքն թե՝ հայերն իրենց Արշակ թագավորին ասացին, շատ ասացին, հորդորեցին, պահանջեցին, հուսադրեցին, խաբեցին, շտապեցրին, հրեցին դեպի Շապուհը թե՝ «մարդավարի զրույցի է կանչում, գնա տես ինչ է ասում»:
Ապա տայր հրաման Շապուհ արքայ Պարսից բերել շղթայս եւ արկանել ի պարանոցն Արշակայ եւ յոտս եւ ի ձեռս նորա՝ երկաթս, եւ խաղացուցանել զնա յԱնդմըշն եւ պնդեալ զնա մինչև անդէն մեռցի: Եւ ետ հրաման թագաւորն Պարսից մորթել զզօրավարն Հայոց Վասակ եւ զմորթն հանել եւ լնուլ խոտով և ընդ նոյն բերդն յԱնդմըշն:_ Ապա պարսից Շապուհն ասաց, և շղթա զարկեցին Արշակ արքայի պարանոցին, ոտներին ու ձեռներին նույն շղթայով, վերցրին նրան և տարան, շպրտեցին Անդմըշն անպատուհան բերդ, որ անվանում են Անհուշ բերդ, քանի որ հավիտյան լուռ ու խավար է: Ապա Շապուհը նշան տվեց, և մորթեցին հայոց Վասակ զորավարին, որ հանդուգն Մամիկոնյան էր, մորթը տիկ հանեցին, խոտ խցկեցին մորթի մեջ և նետեցին խավարի մեջ դեպի Արշակը:
Այսպես անցավ Արշակը, որ բանաստեղծ մարդ էր և հույների ու պարսիկների արանքում իրեն կնքել էր Հայոց արքա Արշակ, իսկ նրա Տիրան հայրը մնաց արարատյան լույս հովտի իր խավարը խարխափելով:
_Արշա՜կ… էդ ու՞ր ես, ձեն չես հանում:

Շարունակելի

Շինարար
21.10.2009, 00:57
«Մեծամոր»-ից

Շարունակություն

Հետո հայոց պետերը պարսից Վռամին ասացին._ Ախպեր, մեզ թագավոր պետք չի, մենք թագավոր չենք ուզում. թագավոր է՝ դ է դու թագավոր ես, բան հարցնել է՝ կգանք քեզ կհարցնենք, համ էլ քաղաք կտեսնենք, աղջիկ-մաղջիկ կպատահի, թե չէ՝ էն սարերի ծերին…_ Հայ նախարարները զզվել էին թագավոր ունենալուց և, աստծու հաջողությամբ, «Հայոց Արտաշես թագավորը սկսեց թաղվել անչափ անառակ ցանկությունների մեջ այն աստիճան, որ բոլոր նախարարները նրանից զզվեցին: Նրանք եկան Սահակ Մեծ քահանայապետի մոտ, դժգոհեցին և նրան նույնպես հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշեսի վրա չարախոսեն պարսից արքայի առջև, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Սահակ Մեծն ասաց…»:
Իսկ Սահակ Մեծ քահանայապետն ասաց.
_Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է:
Իսկ նախարարները ասացին.
_Դու մեր քահանան չես:_ Եվ պարսից արքային ասացին._ Ախպեր, ինչ մի պարտադիր է, որ եր թագավորը հայ լինի: Մեզ մի պարսիկ թագավոր է պետք՝ որ վախենանք… մեր էս Արտաշը խմում է, ձի է քշում, մեր կանանց կողքը մշտում է, թագավորը բա էդպե՞ս կլինի:
_Բարի,_ ասաց պարսից արքան:_ Մեր Շապուհ որդին ձեզ թագավոր: Բարի: _ Հայոց գործերն այսպես կարգադրեց պարսից Վռամ արքան և դեմքը շուռ տվեց Բակտրիայի գործերին:
Եվ հենց որ շուռ եկավ դեպի Բակտրիա, «քաջ և բարեբախտ Ներսես Ճիճրականցին հավաքեց հայոց նախարարներին իրենց գնդերով, պարսից զորքի դեմ պատերազմ մղեցին, նրա բանակը կոտորեցին և ապա, ցրվելով, ինքնագլուխ շրջում էին լեռներում և ամուր տեղերում՝ իրենց գլուխը պահելու համար»: Դա եղավ, ուրեմն, ՆԻԲ թվականին: Ապա մորթեցին ու մաշկեցին երկրի բոլոր արջառներն ու այծերը և առհասարակ վայրի բոլոր երեները և, կաշիները թրծելով տաք մոխրի մեջ արևի տակ, բլուր առ բլուր մագաղաթ արեցին. և այծի մազից պարան ոլորելով և ցից խրելով անդունդ կիրճի պռնկին, պարանով իջան վարից անմատույց վերից անմատույց քարայր՝ քննելու հունաց լեզվի քերկանությունը, ճարտասանական առավելությունները և առհասարակ՝ համեմատությամբ գարգարացվոց կոկորդախոս աղխազուր խժական խեցբեկագույն լեզվի, և թե ինչքան սխալ է հրեից կարծիքը մարդաբնույթ աստծու մասին, և թե լուսինը լույս չունի, այլ լույս ունի միայն արեգակը, իսկ երկրից լուսին անգո տարածությունը հազար անգամ հազար բյուր կանգուն է, և թե գետերն ու ծովերը, ինչպես վկայում է հունաց մեծերից…
Բույր ու լույս աշխարհը մագաղաթի վրա խաղում էր Ծ տառի չափ մի տեղ, էն հարսը արահետով հաց ու սամիթ էր բերում, գետերն ու ծովերը լուսնի հետ կապված են մակընթացությամբ ու տեղատվությամբ, և որովհետև մեր Հայքում չկան գետեր ու ծովեր՝ լուսնի հետ այդպես կապված են Ափրիկեի ու Հռոմի գետերն ու ծովերը, ինչպես նաև Պոնտականը՝ որ մեզնից հեռու չէ, բայց մեզ պետք չէ, քանի որ երկրային հեղհեղուկ բաների հետ մենք գործ չունենք:
«Հուշ ու քրիստոս Տիրանը հոգու պարզ հատակներում գտել էր աշխարհի մեղքերի իր բաժինը և շոգ խավարի մեջ բոբիկ ոտներով փնտրում էր Խորվիրապը՝ և նրա խանձված ճակատին ձիերի դոփյուն դիպավ. ուրեմն դեռ ապրողներ կային, տեղից տեղ ձի էին վարում:
_Դու Տիրա՞նը չես,_ ասացին:
_Տիրանն եմ:
_Այո,_ ասացին նրանք:
_Ինչի՞ համար:
_Ոչինչ, մեզ համար լավ տուն ու տեղ ես թողել՝ դրա համար:
_Դուք ո՞վ եք,_ ասաց:
_Քո թոռները:
_Բա ու՞ր եք, ձեն չեք հանում:
_Դժոխքում ենք: Կիլիկիա ենք, ուր ենք:
_Դե, ինչ որ կարողացել եմ, այ որդիք, էն եմ արել:
_Ի՞նչ ես կարողացել:
_Դուք կարողացեք, ես ուզում եմ դուք կարողանաք:
_Կարողանալու տե՞ղ ես թողել, որ կարողանանք:»
Կիլիկեցի գործարար խելոքները ճանապարհ էին ընկել գտնելու դեղին դևի արևելքը, անապատը, Ղառաղոռումը. Մեծ Մանգու Խանին՝ մուգ-շագանակի պուտպուտուրիկ նժույգ նվիրելու, շարժելու Մեծ Խանի ծիծաղը իրենց կլոր աչքերի ու արևախանձ մորուքների վրա, պատմելու սև Ափրիկեի և զարմանալի մայմունների մասին, Մեծ Մանգու Խանին ցույց տալու, թե ինչպես են պար գալիս ափրիկեի մայմունները և այդպիսով Մեծ մանգու Խանից պարգև ընդունելու իրենց Կիլիկիան, իրենց կանանց ծոցում քնելու իրավունքը, իրենց արտերի ցորենը, իրենց ապրելու ժամանակը: հետո նրանք դաշտի անկրակ գիշերը լցրին վերադարձի հոգնած ձայներով. նրանք դաշտ իջան Աշտարակի սարերի ուսով, ծամելով իրենց սպասողների ուրախությունը, պարգևի լեղի դառնությունը և մահվան ազատարար իմաստը: Մթան մեջ նրանք միմյանց ցույց տվին Օշական գյուղը և ալարեցին թեքել ձիերի գլուխը դեպի Մաշտոցի գերեզմանը: Հիմա էլ հարկավոր էր հարավ Եգիպտոս գնալ՝ Մեծ Մամլուքին պուտպուտուրիկ նժույգ տալու, պատմելու թե հյուսիսում մի տեսակ սպիտակ արջեր կան, որ պար են… բայց արժե՞ր գնալ: Կյանք այդ ինչպես թանկացավ այնքան, որ պիտի մուրացվի հացի պես:

Շինարար
21.10.2009, 01:00
Այստեղ ես «Մեծամորից» բերված հատվածը ամբողջական տեսքով եմ դնում, որպեսզի ավելի հստակ լինի միտքը:

Հրանտ Մաթևոսյան
«Մեծամոր»

Մաշտոց վարդապետի գալստյան ճանապարհը հատելով, տառապանոք դնելով շղթայակապ բոբիկ ոտների ամեն քայլը, էս լու՜յս աշխարհի դեմ աչքերը ածխակոթով բրած, ձեռնաշղթաների ծանրությունից կուզ՝ Ատպատականի ձիավո՜ր սատրապ Վարազ-Շապուհի առջև դեպի Ներսեհ Սասանի ողորմածությունն ու զայրույթն էր գնում Հայոց արքա _ Հայո՜ց արքա _ Տիրան թագավորը,
քանի որ «այն ժամանակ Տիրան թագավորը մի ձի ուներ. ձին մուգ շագանակի ու պուտպուտուրիկ էր», որ ուզեց ունենալ Պարսից Ատրպատականի բդեշխ Վարազ-Շապուհը, բայց Հայոց Տիրանը որոնեց ու գտավ նույն տեսքի ու նույն նշանի պուտպուտուրիկ մի ուրիշ ձի և հրովարտակով բդեշխին ընծայեց՝ որպես թե այդ էր նրա ցանկացածը: Այո: Ինքը, ճշմարիտ, հենց այդ նժույգն էր ուզել, և Վարազ-Շապուհը շատ ուրախացավ, և շնորհակալ էր մեծապես, և Տիրանի համար որս, խնջույք ու պատիվ սարքեց, հիացավ նրա նետի սլացքով և շղթա սարքեց նրա ձեռուոտին, կրակով բրեց նրա աչքերն ու քշեց դեպի Ներսեհ Սասանի կարմիր կոշիկները: Բակտրիայից Պաղեստին և Եմենից Կոլք երկրների առաջին տերը Տիրանին ետ Վաղարշապատ նետեց,_ Դե գնա մտածի՛ր աշխարհի բանը,_ ի խրատ արարատյան Արշակ ու ապագա կառավարիչների, հանուն իր Սասան որդիների ու ծոռների տիրակալական դժվար գործի:
«Նրա գերեվարության ու կուրացման մասին վկայությունները, մեծ մասամբ, վիպական-ստեղծագործական պատմվածքներ են և չեն կարող հավաստի ու պատմական համարվել»,_ բայց այդ պատմվածքները չեն ասում թե՝ Պարսից Ներսեհը պուտպուտուրիկ մի ձի ուներ, որի վրա բոլորը զարմանում էին, և այդ ձին ուզեցավ ունենալ Հայոց Տիրանը, Ներսեհ Սասանը չուզեցավ տալ և վախեցավ չտալ, այլ գտավ դրա նման մի ուրիշ ձի…, և ապա Հայոց Տիրանը քմծիծաղ տվավ ու խլեց ժլատ Սասանի ձին էլ, աչքերի լույսն էլ, թագն էլ, երկիրն էլ…
Հետո, երեխաների ու կանանց ձայները մթի մեջ մարել էին, երևի բարձրացել էին Ապարանի հովանոցները՝ շոգերն այնտեղ անցընելու, փշատենու բույրը փակում էր ռունգները, երևի դեռ կային ու երկինքներում մի տեղ լողում էին Մեծ Մասըսի սառույցները,_ և կույր Տիրանը ականջ էր պահել Արարատյան հովտի լռությանը: Դժբախտություններից, անվերջ դժբախտություններից խելքները շաղած այս հայերը որդու դեմ դա՞վ շշնջացին, ե՞լք փնտրեցին որդուց թաքուն, թե՞ հեռվում թաքուն բաներ էին զրուցում գահից ու երկրի գործերից հեռու մշակ մարդիկ: Մի կարճ ծղրտոց եկավ_ որևէ մերկ թիկունք դաշու՛յն խրվեց,_ և շունչը պահեց դարանակալ լռությունը: Ոչ, պատանիներն էին, լոքոյի ցուլ էին ափ նետել:
Ի՞նչ էր հարկավոր՝ որպեսզի չլիներ այնպես, ինչպես եղավ: Նախճավանի խորշակ փչում. կխփի-կխարկի արտ ու արոտ, խորշակի ետևից սև ամպերով կգա մորեխը: Իսկ եթե ճիշտը Սասանի Ներսեհն է, քանի որ կա անդրկասպյան մեծ վտանգը և դրա դեմ այսրկասպյան մեր ընդհանուր տանը միակամություն է պե՞տք: Իսկ եթե միակամությունը վերջանա մեր խոսքի և իրավունքի և կարմիր կոշիկի և պուտպուտուրիկ ձիու կորստով և դատարկ անձի պահպանմա՞մբ: Իմ նժույգը հեծնի Վարազ-Շապուհը, քանի որ ձին լավ ձի է, ես վատն եմ ու անարժան իմ տակն այդպիսի նժույգ քաշելու: Որպեսզի՜… որպեսզի չլիներ այնպես, ինչպես եղավ, հարկավոր էր ահա թե ինչ. հարկավոր էր, որ գելն ուտեր պուտպուտուրիկ այդ ձիուն: Եթե անդրկասպյան սարսափը պիտի գա ու կախվի մեր… մեր ինչի՞ վրա. թագավոր լինելու մեր իրավունքի վրա. եթե մենք հիմա թագավոր ենք՝ ինչո՞վ ենք թագավոր: Թող գան ու սրբելով անցնեն մինչև Բյուզանդիոն ու Աթենք ու Հռոմ. եթե մենք չենք լինելու մենք՝ այդ չգոյությունը թող գա որպես թույն ոսկե բաժակի մեջ կամ ջորու պոչից կապելու ձևով, մեզ համար մեկ է:
_Արշա՜կ…
Երանի նրանց, ովքեր արել են մի բան ու մեռել. երանի նրանց, ովքեր մեռել են ոչինչ էլ չարած. երանի նրանց, ովքեր մեռած են արդեն ոտքի վրա: Եթե պատահի, որ Արշակը պուտպուտուրիկ մի ձի ունենա, այդ ձին խլել ուզենա Ատրպատականի սատրապը՝ թող Արշակը նվիրի: Ձիու եղածն ինչ է՝ թող տա, կորցնի աչքից: Եվ վերջապես Արշակը սեփական գլուխ ունի ուսերին, թող դատի այնպես, ինչպես կամենում է ինքը: Փորձով՝ հովիվները գայլերի դեմ կրակ են վառում և տալիս հովվացու իրենց որդիներին: Այսդժվար կյանքում համրիր թե ովքեր են դարան պահել, ովքեր որտեղ են ժանիքավորվում, Հայոց թագավոր լինելու ծանր գործի համար փորձ հավաքիր, հղկիր և որպես ադամանդ ափիդ մեջ՝ պարզիր որդուդ._ Առ, Արշակ:_ Դե կույր-կույր ապրիր հազար տարի և խարխափելով ճանաչիր անապատի պես ոտի տակից փախչող այս երկիրը, կարո՞ղ ես:
Եւ սկսան սորսորել գնալ ի բանակէն Հայոց թագաւորին, թողին զիւրեանց արքայն Արշակ: Նախ բդեաշխն աղձնեաց, եւ Նորշիրական բդեաշխն, եւ Մահկերտանն, եւ Նիհորականն, եւ Դասընտրէինն, եւ ամենայն նախարարութիւն Աղձնեաց ապստամբեցին յարքայէն Հայոց Արշակայ եւ չոգան կացին առաջի արքային պարսկաց Շապհոյ. եւ զատուցին զիւրեանց աշխարհն Հայոց: Եւ յետ սորա Գուգարաց աշխարհի բդեաշխն, եւ յետ սորա Ձորայ գաւառին տէրն, եւ Կողբայ գաւառին տէրն, եւ ընդ նոսա Գարդմանաձորոյ տէրն: Ապստամբեցին յԱրշակայ արքայէն Հայոց ամուր գաւառն Արձախայ, եւ ամուր գաւառն Տմորեաց, եւ ամուր աշխարհն Կորդեաց. ապա եւ տէր գաւառին Կորդուաց չոգաւ եկաց առաջի թագաւորին Պարսից: Յետ այսորիկ ապստամբեաց ի թագաւորէն Հայոց եւ ձեռին իշխանութեանն տանն Հայոց թագաւորին, որ էր զԱտրպատական աշխարհաւն, յետս եկաց ի թագաւորեն Հայոց ամուր աշխարհն Մարաց, եւ աշխարհն Կազբից. եթող զարքայն Հայոց եւ գնաց Սաղամուտ տէր Անձտեայ, և ընդ նմա իշխանն Մեծի Ծոփաց…
Այսինքն թե՝ հայերի Արշակ թագավորը կատաղություն չէր ունեցել Արցախ, Աղձնիք, Ծոփք, Նիհորական, Դասըն, Անձիտ, Կորդուք, Գուգարք բազմանուն երկիրը դարձնել բռունցքի պես մի Հայք, Արշակ մարդահաճ թագավորի բազուկը դողացել էր ջարդելու, կռանելով միայն իր կամքը, բազմագլուխ երկրի կուսակալ ավելորդ գլուխները, և ահա իշխանների նախիրը իրենը կարծեց իր արածած մարգագետինը, մահճակալների ու հնձվորների բանակը, երակների արյան կորովը և արյան մեջ սաղմի պտույտը իր երակներում, կարծեց ինքն իրենն է, Արշակինը չէ, և տարավ, Շապուհին տվեց մի գանձ, որ ոչ Արշակինն էր, ոչ էլ իրենը, այլ գալիք սերունդներինս՝ մերը: Եվ հայերի Արշակ թագավորը բաց մարտադաշտում նետատարափի տակ մնաց մերկ ու մենակ:
ամենայն մարդիկն երկրին հայոց ստիպեցին բռնաբօսեցին զիւրեանց թագաւորն զարշակ և շտապեցին, զի յարիցէ զնասցէ երթիցէ յանդիման լիցի թագաւորին Պարսից Շապհոյ:
Այսինքն թե՝ հայերն իրենց Արշակ թագավորին ասացին, շատ ասացին, հորդորեցին, պահանջեցին, հուսադրեցին, խաբեցին, շտապեցրին, հրեցին դեպի Շապուհը թե՝ «մարդավարի զրույցի է կանչում, գնա տես ինչ է ասում»:
Ապա տայր հրաման Շապուհ արքայ Պարսից բերել շղթայս եւ արկանել ի պարանոցն Արշակայ եւ յոտս եւ ի ձեռս նորա՝ երկաթս, եւ խաղացուցանել զնա յԱնդմըշն եւ պնդեալ զնա մինչև անդէն մեռցի: Եւ ետ հրաման թագաւորն Պարսից մորթել զզօրավարն Հայոց Վասակ եւ զմորթն հանել եւ լնուլ խոտով և ընդ նոյն բերդն յԱնդմըշն:_ Ապա պարսից Շապուհն ասաց, և շղթա զարկեցին Արշակ արքայի պարանոցին, ոտներին ու ձեռներին նույն շղթայով, վերցրին նրան և տարան, շպրտեցին Անդմըշն անպատուհան բերդ, որ անվանում են Անհուշ բերդ, քանի որ հավիտյան լուռ ու խավար է: Ապա Շապուհը նշան տվեց, և մորթեցին հայոց Վասակ զորավարին, որ հանդուգն Մամիկոնյան էր, մորթը տիկ հանեցին, խոտ խցկեցին մորթի մեջ և նետեցին խավարի մեջ դեպի Արշակը:
Այսպես անցավ Արշակը, որ բանաստեղծ մարդ էր և հույների ու պարսիկների արանքում իրեն կնքել էր Հայոց արքա Արշակ, իսկ նրա Տիրան հայրը մնաց արարատյան լույս հովտի իր խավարը խարխափելով:
_Արշա՜կ… էդ ու՞ր ես, ձեն չես հանում:

Հետո հայոց պետերը պարսից Վռամին ասացին._ Ախպեր, մեզ թագավոր պետք չի, մենք թագավոր չենք ուզում. թագավոր է՝ դ է դու թագավոր ես, բան հարցնել է՝ կգանք քեզ կհարցնենք, համ էլ քաղաք կտեսնենք, աղջիկ-մաղջիկ կպատահի, թե չէ՝ էն սարերի ծերին…_ Հայ նախարարները զզվել էին թագավոր ունենալուց և, աստծու հաջողությամբ, «Հայոց Արտաշես թագավորը սկսեց թաղվել անչափ անառակ ցանկությունների մեջ այն աստիճան, որ բոլոր նախարարները նրանից զզվեցին: Նրանք եկան Սահակ Մեծ քահանայապետի մոտ, դժգոհեցին և նրան նույնպես հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշեսի վրա չարախոսեն պարսից արքայի առջև, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Սահակ Մեծն ասաց…»:
Իսկ Սահակ Մեծ քահանայապետն ասաց.
_Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է:
Իսկ նախարարները ասացին.
_Դու մեր քահանան չես:_ Եվ պարսից արքային ասացին._ Ախպեր, ինչ մի պարտադիր է, որ եր թագավորը հայ լինի: Մեզ մի պարսիկ թագավոր է պետք՝ որ վախենանք… մեր էս Արտաշը խմում է, ձի է քշում, մեր կանանց կողքը մշտում է, թագավորը բա էդպե՞ս կլինի:
_Բարի,_ ասաց պարսից արքան:_ Մեր Շապուհ որդին ձեզ թագավոր: Բարի: _ Հայոց գործերն այսպես կարգադրեց պարսից Վռամ արքան և դեմքը շուռ տվեց Բակտրիայի գործերին:
Եվ հենց որ շուռ եկավ դեպի Բակտրիա, «քաջ և բարեբախտ Ներսես Ճիճրականցին հավաքեց հայոց նախարարներին իրենց գնդերով, պարսից զորքի դեմ պատերազմ մղեցին, նրա բանակը կոտորեցին և ապա, ցրվելով, ինքնագլուխ շրջում էին լեռներում և ամուր տեղերում՝ իրենց գլուխը պահելու համար»: Դա եղավ, ուրեմն, ՆԻԲ թվականին: Ապա մորթեցին ու մաշկեցին երկրի բոլոր արջառներն ու այծերը և առհասարակ վայրի բոլոր երեները և, կաշիները թրծելով տաք մոխրի մեջ արևի տակ, բլուր առ բլուր մագաղաթ արեցին. և այծի մազից պարան ոլորելով և ցից խրելով անդունդ կիրճի պռնկին, պարանով իջան վարից անմատույց վերից անմատույց քարայր՝ քննելու հունաց լեզվի քերկանությունը, ճարտասանական առավելությունները և առհասարակ՝ համեմատությամբ գարգարացվոց կոկորդախոս աղխազուր խժական խեցբեկագույն լեզվի, և թե ինչքան սխալ է հրեից կարծիքը մարդաբնույթ աստծու մասին, և թե լուսինը լույս չունի, այլ լույս ունի միայն արեգակը, իսկ երկրից լուսին անգո տարածությունը հազար անգամ հազար բյուր կանգուն է, և թե գետերն ու ծովերը, ինչպես վկայում է հունաց մեծերից…
Բույր ու լույս աշխարհը մագաղաթի վրա խաղում էր Ծ տառի չափ մի տեղ, էն հարսը արահետով հաց ու սամիթ էր բերում, գետերն ու ծովերը լուսնի հետ կապված են մակընթացությամբ ու տեղատվությամբ, և որովհետև մեր Հայքում չկան գետեր ու ծովեր՝ լուսնի հետ այդպես կապված են Ափրիկեի ու Հռոմի գետերն ու ծովերը, ինչպես նաև Պոնտականը՝ որ մեզնից հեռու չէ, բայց մեզ պետք չէ, քանի որ երկրային հեղհեղուկ բաների հետ մենք գործ չունենք:
«Հուշ ու քրիստոս Տիրանը հոգու պարզ հատակներում գտել էր աշխարհի մեղքերի իր բաժինը և շոգ խավարի մեջ բոբիկ ոտներով փնտրում էր Խորվիրապը՝ և նրա խանձված ճակատին ձիերի դոփյուն դիպավ. ուրեմն դեռ ապրողներ կային, տեղից տեղ ձի էին վարում:
_Դու Տիրա՞նը չես,_ ասացին:
_Տիրանն եմ:
_Այո,_ ասացին նրանք:
_Ինչի՞ համար:
_Ոչինչ, մեզ համար լավ տուն ու տեղ ես թողել՝ դրա համար:
_Դուք ո՞վ եք,_ ասաց:
_Քո թոռները:
_Բա ու՞ր եք, ձեն չեք հանում:
_Դժոխքում ենք: Կիլիկիա ենք, ուր ենք:
_Դե, ինչ որ կարողացել եմ, այ որդիք, էն եմ արել:
_Ի՞նչ ես կարողացել:
_Դուք կարողացեք, ես ուզում եմ դուք կարողանաք:
_Կարողանալու տե՞ղ ես թողել, որ կարողանանք:»
Կիլիկեցի գործարար խելոքները ճանապարհ էին ընկել գտնելու դեղին դևի արևելքը, անապատը, Ղառաղոռումը. Մեծ Մանգու Խանին՝ մուգ-շագանակի պուտպուտուրիկ նժույգ նվիրելու, շարժելու Մեծ Խանի ծիծաղը իրենց կլոր աչքերի ու արևախանձ մորուքների վրա, պատմելու սև Ափրիկեի և զարմանալի մայմունների մասին, Մեծ Մանգու Խանին ցույց տալու, թե ինչպես են պար գալիս ափրիկեի մայմունները և այդպիսով Մեծ մանգու Խանից պարգև ընդունելու իրենց Կիլիկիան, իրենց կանանց ծոցում քնելու իրավունքը, իրենց արտերի ցորենը, իրենց ապրելու ժամանակը: հետո նրանք դաշտի անկրակ գիշերը լցրին վերադարձի հոգնած ձայներով. նրանք դաշտ իջան Աշտարակի սարերի ուսով, ծամելով իրենց սպասողների ուրախությունը, պարգևի լեղի դառնությունը և մահվան ազատարար իմաստը: Մթան մեջ նրանք միմյանց ցույց տվին Օշական գյուղը և ալարեցին թեքել ձիերի գլուխը դեպի Մաշտոցի գերեզմանը: Հիմա էլ հարկավոր էր հարավ Եգիպտոս գնալ՝ Մեծ Մամլուքին պուտպուտուրիկ նժույգ տալու, պատմելու թե հյուսիսում մի տեսակ սպիտակ արջեր կան, որ պար են… բայց արժե՞ր գնալ: Կյանք այդ ինչպես թանկացավ այնքան, որ պիտի մուրացվի հացի պես:

dire
31.10.2009, 03:44
Հարգելի Վանաձորցի իսկապես համամիտ եմ քեզ հետ` Հրանտ Մաթևոսյանը քսաներորդ դարի մեծագույն հանճար է: Շնարհակալ եմ, որ անդրադարձար նման անհատի: Քիչ առաջ ավարտեցի նրա <<Աշնան արև>> վիպակի ընթերցումը: Հիրավի խոսքեր չունեմ, հիանալի ստեղծագործություն: Կցանկանայի բոլոր նրանց, ովքեր չեն ընթերցել այս սքանչելի վիպակը, ներկայացնել վերոնշյալ ստեղծագործության ընդհանուր բնութգիրը:
Աղուն- տասնհինգամյա աղջնակ, ով իր հորաքրոջ որդու` Ներսեսի միջամտությամբ իր մատաղ կյաքը կապեց մեծագլուխ և տգեղ ու տգետ Սիմոնի հետ: Աղունը իրականում սիրահարված էր Արզումանյանների տղային, ով մշտապես հեծանիվով ուղեկցում էր ջրի գնացող Աղունին: Աղունը Իշխանի դուստրն էր: Իշխանը ստիպեց, որպեսզի իր չքնաղ Աղունն ամուսնանա <<անլեզու>> Սիմոնի հետ: Սինոնի հետ ամուսնանալով` Աղունը իր կյանքի հետ դառը պայմանագիր կնքեց: Աղունի նկատմամբ Սիմոնի բազմանդամ ընտանիքը ի սկզբանե վատ էր տրամադրված: Նրան օր ու արև չէր տալիս Սիմոնի մայրը: Անգամ երբ Աղունը քնած էր, գիշերով կտրեց նրա մազերի հյուսը: Տեսնելով, որ հարաբերությունները գնալով վատթարանում են` Աղունի նորաստեղծ ընտանիքին տեղափոխեցին իրենց իսկ տան բակում տեղակայված գոմշագոմ: Այս պայմաններում Աղունն անցկացրեց իր կյանքի հյութեղ տարիները: Ունեցավ երկու որդի: Ավագ որդին` Արմենակը գրող էր, դառնալով չափահաս` տեղափոխվել էր քաղաք:
շարունակելի...

dire
03.11.2009, 18:10
Հարգելի Վանաձորցի իսկապես համամիտ եմ քեզ հետ` Հրանտ Մաթևոսյանը քսաներորդ դարի մեծագույն հանճար է: Շնարհակալ եմ, որ անդրադարձար նման անհատի: Քիչ առաջ ավարտեցի նրա <<Աշնան արև>> վիպակի ընթերցումը: Հիրավի խոսքեր չունեմ, հիանալի ստեղծագործություն: Կցանկանայի բոլոր նրանց, ովքեր չեն ընթերցել այս սքանչելի վիպակը, ներկայացնել վերոնշյալ ստեղծագործության ընդհանուր բնութգիրը:
Աղուն- տասնհինգամյա աղջնակ, ով իր հորաքրոջ որդու` Ներսեսի միջամտությամբ իր մատաղ կյաքը կապեց մեծագլուխ և տգեղ ու տգետ Սիմոնի հետ: Աղունը իրականում սիրահարված էր Արզումանյանների տղային, ով մշտապես հեծանիվով ուղեկցում էր ջրի գնացող Աղունին: Աղունը Իշխանի դուստրն էր: Իշխանը ստիպեց, որպեսզի իր չքնաղ Աղունն ամուսնանա <<անլեզու>> Սիմոնի հետ: Սինոնի հետ ամուսնանալով` Աղունը իր կյանքի հետ դառը պայմանագիր կնքեց: Աղունի նկատմամբ Սիմոնի բազմանդամ ընտանիքը ի սկզբանե վատ էր տրամադրված: Նրան օր ու արև չէր տալիս Սիմոնի մայրը: Անգամ երբ Աղունը քնած էր, գիշերով կտրեց նրա մազերի հյուսը: Տեսնելով, որ հարաբերությունները գնալով վատթարանում են` Աղունի նորաստեղծ ընտանիքին տեղափոխեցին իրենց իսկ տան բակում տեղակայված գոմշագոմ: Այս պայմաններում Աղունն անցկացրեց իր կյանքի հյութեղ տարիները: Ունեցավ երկու որդի: Ավագ որդին` Արմենակը գրող էր, դառնալով չափահաս` տեղափոխվել էր քաղաք:
շարունակելի...
Կրտսեր որդին` Սերոն, ապրում էր գյուղում` ծնողների հետ, սակայն նրա երազանքը քաղաք տեղափոխվելն էր: Ուղղակի մայրը նրա համար <<խթան>> էր հանդիսանում, թույլ չէր տալիս, որպեսզի իր զավակը ներթափանցի քաղաք` կյանքի որոգայթ:
Աղունն ամբողջ կյանքում անիծեց իր սև ճակատագիրը: Մասնավորապես այն, որ ուներ Սիմոնի նման` ուրագից բացի ոչինչ <<չճանաչող>> ամուսին: Ամուսին, որը մյուս կանանց ամուսինների նման գնաց Հիտլերի դեմ պատերազմելու, բայց և իր եղբոր` Ադամի հետ ողջ ու առողջ տուն դարձավ` մինչդեռ մնացյալը զոհվել էին մարտի դաշտում: Այդ օրվանից ի վեր Սինոնը` Աղունի ամուսինը, դարձավ բոլոր որբևայրիների հանրային, համայնական և կոլխոզային ամուսինը` իր գարշելիությամբ հանդերձ: Ահա ևս մի սև բիծ Աղունի անողոք կյանքին, կյանք, որի քաղցրությունը երբևէ չզգաց:
Ահավասիկ այսպիսին էր Աղունի ճակատագիրը:

Շինարար
03.11.2009, 18:17
Հարգելի dire, թույլ տուր մի փոքր քեզ հետ չհամաձայնել, որովհետև վիպակի վերջում մաթևոսյանը թերևս մտավախություն ունենալով, որ Սիմոնի կերպարը կարող է ընկալվել այնպես, ինչպես դու ես այն մեկնաբանում, իր դիտակետը Աղունից փոխադրում է Սիմոնի վրա, ու ընթերցողը հնարավորություն է ստանում այդ ամենը տեսնելու Սիմոնի տեսանկյունից, մի տղամարդու, որին իր կինը երբեք չի սիրել, ու Սիմոնը այնքան էլ վատը չի, պարզվում է:) Մաթևոսյանը միակողմանի չէր կարող նայել այդ ամենին, ու նրա աշխարհը բաժանված չէ լավի ու վատի, նա չունի դրական հերոսներ և չունի բացասական հերոսներ, նրա բոլոր հերոսները սովորական մարդիկ են, ընթերցողի համար ընկալելի, առանց ինչ-որ անհասկանալի վեհ գաղափարների,առօրյայով ապրող, մսից ու արյունից, մի անգամ էլ վերընթերցի գիրքը և կտեսնես, որ Սիմոնը նույնքան լավն է, որքան Աղունը, և Աղունը նույնքան վատն է, որքան Սիմոնը:

dire
08.11.2009, 13:10
Հարգելի dire, թույլ տուր մի փոքր քեզ հետ չհամաձայնել, որովհետև վիպակի վերջում մաթևոսյանը թերևս մտավախություն ունենալով, որ Սիմոնի կերպարը կարող է ընկալվել այնպես, ինչպես դու ես այն մեկնաբանում, իր դիտակետը Աղունից փոխադրում է Սիմոնի վրա, ու ընթերցողը հնարավորություն է ստանում այդ ամենը տեսնելու Սիմոնի տեսանկյունից, մի տղամարդու, որին իր կինը երբեք չի սիրել, ու Սիմոնը այնքան էլ վատը չի, պարզվում է:) Մաթևոսյանը միակողմանի չէր կարող նայել այդ ամենին, ու նրա աշխարհը բաժանված չէ լավի ու վատի, նա չունի դրական հերոսներ և չունի բացասական հերոսներ, նրա բոլոր հերոսները սովորական մարդիկ են, ընթերցողի համար ընկալելի, առանց ինչ-որ անհասկանալի վեհ գաղափարների,առօրյայով ապրող, մսից ու արյունից, մի անգամ էլ վերընթերցի գիրքը և կտեսնես, որ Սիմոնը նույնքան լավն է, որքան Աղունը, և Աղունը նույնքան վատն է, որքան Սիմոնը:
Սիրելի Վանաձորցի ես բավականին ուշադիր եմ ընթերցել վերոնշյալ ստեղծագործությունը: Սիմոնը քաջ գիտակցում էր, որ Աղունը իրեն չի սիրում, սակայն ամուսնացավ նրա հետ` իմանալով, որ Աղունը իր հետ խոսելու ցանկություն անգամ չունի: Կներես, բայց այս դեպքում ես ուղղակի չեմ կարող արդարացնել Սիմոնի արարքը` ամուսնանալ մեկի հետ, ով իրեն տանել չի կարողանում: Աղունն ու Սիմոնը պարզապես մարդկային տարբեր տիպեր էին, մարդկային ուրույն աշխարհայացքներով: Նրանց ամուսնությունը թյուրիմացություն էր: Կարծում եմ`գրելով <<Աշնան արև>>-ը Մաթևոսյանը նպատակ է ունեցել հայ գրականության անդաստանում թողնել մի ստեղծագործություն, որը յուրաքանչյուր ընթերցող կվերլուծի իրեն բնորոշ աշխարհայացքով: Ամեն դեպքում շնորհակալ եմ նաև քեզ` քո մեկնաբանության համար:

Շինարար
14.12.2009, 02:47
Իսկ ինձ համար գրականությունը սկսվում ու ավարտվում է Հրանտ Մաթևոսյանով…
Եվս մի փորձ բոլորի ուշադրությունը հրավիրելու այս թեմայի վրա:

StrangeLittleGirl
14.12.2009, 02:57
Իսկ ինձ համար գրականությունը սկսվում ու ավարտվում է Հրանտ Մաթևոսյանով…
Եվս մի փորձ բոլորի ուշադրությունը հրավիրելու այս թեմայի վրա:

Եկա :)
Լավ, ես էլ կարծիքս հայտնեմ: Ասեմ, որ եթե պոեզիայի կողմից հայ գրականության վիճակն էնքան էլ վատ չի, ապա արձակը խիստ կաղում է: Ընդամենը երկու արձակագրի անուն կարող եմ տալ, որոնք իսկապես ինձ շա˜տ են դուր գալիս. Հրանտ Մաթևոսյան և Ակսել Բակունց: Դե քանի որ Հրանտ Մաթևոսյանի մասին է թեման... Ասեմ, որ իմ կարծիքով նա համաշխարհային մեծության գրող է: Հետաքրքիր է՝ երբևէ թարգմանվե՞լ է այլ լեզուներով, դրսում կարդու՞մ են նրան:

Շինարար
14.12.2009, 03:31
Եկա :)
Լավ, ես էլ կարծիքս հայտնեմ: Ասեմ, որ եթե պոեզիայի կողմից հայ գրականության վիճակն էնքան էլ վատ չի, ապա արձակը խիստ կաղում է: Ընդամենը երկու արձակագրի անուն կարող եմ տալ, որոնք իսկապես ինձ շա˜տ են դուր գալիս. Հրանտ Մաթևոսյան և Ակսել Բակունց: Դե քանի որ Հրանտ Մաթևոսյանի մասին է թեման... Ասեմ, որ իմ կարծիքով նա համաշխարհային մեծության գրող է: Հետաքրքիր է՝ երբևէ թարգմանվե՞լ է այլ լեզուներով, դրսում կարդու՞մ են նրան:

Գիտեմ, որ որոշ պատմվածքներ, կարծեմ՝ նաև «Աշնան արևը», նախ ռուսերեն են հրատարակվել, հետո հայերեն, արձակի առումով քո կարծիքը լիովին եմ կիսում, Բակունցն էլ հրաշք գրող ա, մի հոգու անուն էլ կավելացնեի, բայց վախում եմ էդ մեկի անունի շուրջ վեճ սկսվի էս թեմայում, դրա համար կլռեմ:D

StrangeLittleGirl
14.12.2009, 03:32
Գիտեմ, որ որոշ պատմվածքներ, կարծեմ՝ նաև «Աշնան արևը», նախ ռուսերեն են հրատարակվել, հետո հայերեն, արձակի առումով քո կարծիքը լիովին եմ կիսում, Բակունցն էլ հրաշք գրող ա, մի հոգու անուն էլ կավելացնեի, բայց վախում եմ էդ մեկի անունի շուրջ վեճ սկսվի էս թեմայում, դրա համար կլռեմ:D

Ավելացրու, ոչինչ: Խոստանում եմ՝ զուսպ կլինեմ :))

Շինարար
17.12.2009, 00:24
Երկու խոսք ընթերցողիս


Ծնվել եմ Լոռի, 1935-ին: Այդ և հետագա քսան, անգամ երեսուն տարիների գյուղը մեր և հների միջև շատ ավելի Թումանյանի-Տոլստոյի-Քսենոփոնի ժամանակներին էր մոտ, քան մեր այսօրվային: Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... կարողություններիս ու տեղեկություններիս ցանկով էջը չլցնելու համար միանգամից ասեմ, առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության ու անասնապահության մեծ մշակույթները, և մարդականց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր՝ ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այս ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցըրել:
Ի դեպ, նման մի բան՝ հիշողության վթար և վերստեղծում, Հայոց մեր բոլոր տոհմերի ու հովիտների պես , նաև այդ բնակավայրն է ապրել. երբ հարյուր հիսուն տարի առաջ Օհանես, Հովհաննես Թովմասի Մաթևոսյան, Թումայի Օհանես անուն երիտասարդ հաղպատեցին հեռավոր այս ձորն իրեն գյուղատեղի է արել, նախկին ժողովուրդը քաշված է եղել շենացնելու պարսիկների Աղա-Մահմեդ-խանից ավիրված Թիֆլիսն ու Վրաստանը կամ գուցե շահ Աբասի մեծ գաղթով է քշված եղել Իրանի խորքեր և կամ գուցե թուրքերից, արաբներից ու կովկասյան լեռնաբնակներից ասպատված: Ոչ թեկուզ վայրենացած այգի, թեկուզ կորդ հերկատեղի, կորած ջրանցքի թումբ, ոչ էլ գետնաթաղ սանդ ու ջաղացքար,- խաչքարի իրենց հայ քրիստոնյայի նախշուն կնիքից զատ հները ոչինչ չեն թողել գալիք ահնիձորցիներին, և սրանց առաջնեկն էլ իր պապերի Հաղպատից ոչինչ չի բերել իր հետ - մի զույգ ձեռք, մի ընկեր կին, անունը դնենք Նանի, ու մի հայոց լեզու:
Այդ անմռունչ մշակի ա անանուն աղջկա ծոռների գյուղն արդեն մաքուր խոտհարքների, լավ տաշած կալերի, ակունքը բացած աղբյուրների, երկու հարյուր աշակերտով զնգուն դպրոցի մի ողջ երկիր էր: Ահա այդ երկիրը, մե նահապետների կապած այդ տապանը հարյուր հիսուն տարի տարուբերվեց կյանքի մակերևույթին, ապա աշխարհը մտավ կեցության նոր ոլորտ, և այդ գյուղը՝ այդ տապանը՝ մարդկության ու մարդկայնության այդ դարավոր կացարանըմեր զարմացած աչքերի առջև քայքայվեց ու խորտակվեց և կամ կերպափոխվեց, չգիտեմ:
Օհանեսի փորձն ուզում եմ կրկնել գրականության մեջ. ուզում եմ նոր մի հովիտ փռել և բնակեցնել նոր մարդկանցով ու կենդանիներով և կարծես թե հաջողում եմ. Ծմակուտ մի գյուղանուն, մի երկու բնակիչ ու կենդանի արդեն ունեմ: Շատերն իմ հիշողության գյուղից են գալիս, երբեմն էլ կարողանում եմ «զուտ ինձանից» ստեղծել, և այդ ամենըվերաբնակեցման տպավորություն է թողնում: Շատ կուզենայի՝ որ իմհովիտը մեծ ու արևոտ լիներ, կուզենայի՝ որ նրա բնակիչները միայն լավ մարդիկ լինեին և վատերի համար իմ հովտում տեղ չլիներ, որ իմ մարդկանց կյանքը ծաղկեր լավ ժամանակներում և պատերազմն ու խեղճ թշնամանքը իմ հովտ խուժելու միջոց չունենային, բայց ստիպված եմ լինել իմ ժամանակի տարեգիրը:
Ինչո՞ւ եմ գրում. որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե՝ այո, բայց շատ ավելի գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: Ճշմարտությանը մոտ էր լինելու եթե ասեի՝ չգիտեմ ինչու եմ գրում: Աստծու որևէ արարած եթե կարողանա ասել՝ թե ինքն ինչու է ծաղիկ, գայլ, մարդ, ձի կամ նկար, այդպես էլ գրողը կասի՝ թե ինքն ինչու է գրող, ինչու է գրում: Ես իմ մասին միայն գիտեմ, որ այսինչ տարիքի հայ եմ, գրում եմ, իմ խոսքը ինձ երբեմն գոհացնում է, ահա. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրոմ են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փաքչում է»: Ուզում եմ ճշմարիտ վերծանողը լինել նրա՛նց ճակատագրի, ովքեր անհատականություն են, բայց կորուստների ու նվաճումների ամփոփագիր են մտնում որպես անդեմ-անանուն-անցավ սոսկական միավոր, մեծ ողբերգություններում միայն համր ֆոն են և վատ գրողների անզոր գործերում ամբոխ են կնքվում: «Գլխատված երկրի հայ գյուղացին իր տունն իհարկե պետություն և իրեն էլ այդ պետության մշակի հետ նաև իշխանն էր դարձնելու. երկրի ազնվականությունն անցավ հայ շինականին, թշնամու առաջ հայոց պետականության փոխարեն հայի տունը կանգնեց» - Համո Սահյանի բանավոր խոսքն է: Տարեգիրները իրենց ժամանակին երկրի գլխատման պատմությունը մատենագրել են, ես ջանում եմ վկայել իմ ժամանակի հայոց տան այդ ազնվականությունը:

Շինարար
17.12.2009, 00:32
ԹԱՓԱՆՑԻԿ ՕՐ

- Քեզ են հարցնում։
- Շնորհակալություն։
Ձեռքս գրպանիս մեջ, բարձրահասակ, գեղեցիկ, մաքուր՝ ես վերցնում եմ ընկալուչը և ձգում ֆրանսերեն առոգանությամբ. «Ալո՜»։ Եվ ինձանից գոհ եմ, որովհետև ահա երեկվա գյուղացի, հիմա լրիվ ազատված հովիվ դառնալու՝ կարկուտից ծեծվելու և հոդացավից տրորվելու վտանգից, նստում եմ ապահով մի տեղ, հեռախոս ունենալու չափ կարևոր մարդ եմ, ընկերներս նշանավորներ են և ես էլ, ուրեմն, նշանավոր եմ։ «Ալո՜»։
- Դու մի ժամանակ ուզում էիր Անի գնանք։
- Ա՜, շատ բան էի ուզում։
- Ես եմ, դու ես, Մինասն է, քենին, ճարտարապետներից մի երկու հոգի։
Շոգ է, Մասսի ձյուները մարմրում են, խաղողը շրշյունով լցվում է քաղցրությամբ, մի քիչ՝ մի հիսուն գրամ կոնյակ է, քենին նայլոնե թեթև գլխաշոր է կապում, օծանվում է՝ որպեսզի չսևանա, ծխագույն ակնոցը արտասահմանյան ու շատ լավն է, հարկավոր է մի քիչ սուրճ խմել։ «Այդ Գարսիա Լորկա ասվածը մեր Իսահակյանի իսպանական տեսակն է»։ «Այո, հիանալի պոեզիա ունենք»։
- Բայց ինչո՞ւ ես ծիծաղում։
- Լավ եմ անում։
-Ասա, մենք էլ ծիծաղենք։
- Հապա կասե՞մ։
Սայլվոր չեմ ու եզանս ոտը հեռու ճամփաների վրա չի կոտրվել, բրիգադիրը հետս չի կռվելու, հեռու-հեռավոր ճարտարապետ բառի փոխարեն հարաբերվում եմ իրական ճարտարապետների, նկարիչ Մինասի որոշ գործեր շատ լավն են, մի քանիսը չեմ ընդունում, նկարիչ Մինասի հետ խոսելիս աշխարհն իր քաղաքակրթության լավագույն մասով գալիս հունցվում է մեր լեզվի մեջ։ Սեզան կա, Մանե կա, կարծեմ Մոնե էլ կա, պիտի ասեի փոցխ՝ ասում եմ Սեզան, պիտի ասեի դաբաղ՝ ասում եմ «երեկ էդ ի՞նչ չեխեր են եղել քո արվեստանոցում», գայլի հարայը և շների ու հովվի տագնապը մութ ուրթերում՝ հեռավոր երազանք է ինձ համար, հոդացավով անձրև գուշակելը քնարերգություն է, ինչպես միջնադարյան մորեխի ամպերն այսօրվա գյուղացու համար։ Մի հոգատար-հոգատար ձեռք արտի միջից ինձ վերցրեց, դրեց քաղաքում բազկաթոռի մեջ։ Եվ ուրախությունից՝ որ այլևս հնձվոր չեմ, երբեմն քննադատում եմ հնձվորներին։ Հովիվներին՝ նույնպես։ Ղեկավարությանը՝ նույնպես։ Նաև՝ Մաո Ցզեդունին։ «Այս կամուրջը, ասել է Մաոն և խոսքը ոսկեգրվել է կամուրջին, կապում է գետի այս ափը գետի մյուս ափին»։ Ես՝ հովվի տղա հովվացու, ահա քմծիծաղով եմ հիշում չինական աստծուն։ Ես՝ գյուղացու զավակ գյուղացի, ասֆալտը ահա լիովին յուրացրել ու ասում եմ, որ ասֆալտը դարուփոսեր չի ունենալու։ Իմն են այս «Վոլգա» մեքենան, այս հարյուրանոց արագությունը, այս նայլոնե գլխաշորը, ծաղկազարդ թերմոսն ու միջի սուրճը, այս այգիների հղի ալարկոտությունը, քաղաքանման գյուղերն ու նկարեն Արագածը, ճանապարհ հանված աբյուրը, հնօրյա իջևանատունը, ամպերի պես փռված հոտերն ու ծաղկի բույրով շրջող հովը։ Եվ՝ արտերի ծովը և Գյումրի քաղաքը։ Եվ՝ սահմանապահների ռոստովցի հրամանատարն ու սահմանի բերան ուղեկցելու նրա զուսպ պատրաստակամությունը։ Եվ՝ այն զգացողությունը, թե իմ երկիրն սկսվում է Մասիսներից ու վերջանում Չուկոտկայով։ Ես մի տեղ Շիրակն ու Կուբանը խառնում եմ իրար, ինչպես ռուսն է խառնում ղրիմյան ու արարատյան խաղողները։
Եվ ահա այսպես երջանիկ, այսպես հզոր՝ կանգնել եմ իմ նույնքան երջանիկ ու հզոր ընկերների մեջ դիտարանի գլխին, հեռադիտակի ետև, և կանաչ ամայության մեջ օրորվում են գլխատված սլացումները։ Կինոներում ավելի լավերն եմ տեսել ու ավելի մանրամասնորեն։ Եվ Երևանն էլ յոթ Անի արժե, և ես Երևանի բանկիչ եմ։
- Ինչո՞ւ ես լաց լինում։
Մեր սարերում թուրքի ուրթեր կային։ Գալիս էին իրենց դեղին հովիտներից, մեր սարերում կարմրում, ճաքճքում, բարձում իրենց քոչը իրենց եզներին ու հո հա հո՝ էլի իրենց դեղին հովիտները։
Հիմա, մեծ հորեղբորս հետ գնացել ենք նրանցից յուղ առնելու, իմ կյանքում առաջին անգամ ուրիշ լեզվի խոսակցություն եմ լսում ու վախենում եմ։ Աշխույժ, հայհոյող, թաքուն խփող ու աշկարա ժպտացող սատանի ճուտ երեխեք են, մի տեսակ՝ չմտածող աչքերով։ Ես նրանց մեկ էլ քսան տարի հետո երազում տեսա. Կարնո բերդն էր իբր, կավե պարիսպներ ու այդ երեխեքը, ու երեսուն տարեկան՝ ես երազում էլ վախեցա։
Նրանց մեջ մեկը կար, ծնկները գրկած նստել էր ու մի քիչ ապուշավուն խոշոր աչքերով կարծես նայում էր մեզ, կարծես ոչնչի էլ չէր նայում։ Մի կին ձայն տվեց նրան՝ նա տեղից ելնելու պես շարժվեց, կարծես թե գնաց, բայց մեկ էլ կինը նորից կանչեց, նա ուրեմն չէր գնացել։ Կինը փեշերը շարժելով եկավ՝ որ նրան ծեծի, նա կտրուկ վեր կացավ, կարծես մի երկու քայլ փախավ էլ, բայց հետո ալարե՞ց թե մոռացավ՝ որ փախչելու էր։
Կիսաճաղատ, եռանկյուն աչքերով բարձրաքիթ հորեղբայրս այնտեղ սակարկում էր. նրանց դրած գինը իրեն, չէ, ձեռ չէր տալիս, նրանց չարչիությունից իբր թե նեղացած՝ ետ էր քաշվում գնալու և, իբր թե դա վերջնական հրաժարումն է, ինձ էլ ասում էր՝ «վեր կաց գնանք, տղա» և աչքով էր անում։ Նա գյուղում մերոնց և ճանապարհին ինձ պարծենալով ասել էր՝ «կտեսնեք թե հորեղբայրը թուրքերին ոնց է խաբում», և հիմա ինձ ու իրեն ցույց էր տալիս, թե ահա-ահա խաբել է։ Նրանք այն է հորեղբորս գնին էին իջնում, մեկ էլ սա ալարեց սակարկելուց կամ մոռացավ որ պիտի խաբեր, «լավ, ասաց, քանիսով տալիս եք տվեք»։ Նրանք ծախեցին իրենց ուզած գնով, ուզածների պես էլ կովի կարագին ոչխարի էին խառնել, հարսներն էլ տանը նրա հետ առանձին կռվեցին, բայց դա այլևս նրա հոգսը չէր, նրա ուշքը հիմա ուրիշ բանի էր։ Նա նկատել էր ծնկները գրկած տղային, նայում էր։ Կշեռքի լուծը թողեց, իր գործը մոռացավ ու կանչեց տղային։
-Էստեղ արի, հայի տղա։
Ականջը ուրթի իրիկնային ձայներին՝ երեխան ձորերի աղջամուղջին էր նայում, աչքերը խոշոր բացած ու կարծես թե մի քիչ շիլ՝ նստած էր անշարժ, անարձագանք։
- Հայի չի՞,- շփոթվեց հորեղբայրս։
- Հայի է, հայի,- ասացին,- կարագիդ նայիր՝ որ հետո չասես, թե խաբել ենք։
- Հը՜,-պարծեցավ հորեղբայրս,- հազարի մեջ գցիր՝ արյունս կջոկեմ։
Տղան հիմա ճիպոտն առել ու ցուլին ծեծում էր։ Խփում էր դնչին, աչքերին, պոզերին ու հազիվ թե ցավեցնում էր։ Ցուլը մի քայլ առաջ գար՝ այդ թիզուկեսին կճզմեր, բայց նա մտել էր դնչի տակ ու խփում էր վրա-վրա, ջղային, ընկնել-ելնելով ու անհավասար, թվում էր՝ ամեն րոպե զղջում է խփելու համար։ Ցուլը շուռ եկավ փախչելու, մյուս երեխաները շների հետ ետևից ընկան, իսկ տղան դարձյալ նստել էր ծնկները գրկած և նայում էր մթնով լիքը ձորերին։
- Հազարի մեջ արյունս կճանաչեմ,- դարձյալ մրմնջաց հորեղբայրս, կարծես մեծ բան էր այդ ճանաչելը։
- Կջոկեմ հազարի միջից,- ասաց, երբ ինձ դնում էր թամբին, բեռների մեջ։
Այն հին տարիներին իր Զանգեզուրում լավ հայտնի մեկը, ազգամիջյան ու քաղաքացիական կռիվներում ծեծված ու ծեծած, դեպքերի կենտրոնում՝ գլուխ չի հանում այս երկրի դեպքերից, Արաքսն անցնում է, իջնում Թավրիզ։ Թավրիզ նստում է իր առևտրին, և փափուկ կյանքը նինջ է բերում, և վառոդի խանձահոտը ռունգներում մարմրում է, ինչպես խիստ տաք ու խիստ սառը երեկվա օրը՝ հիշողության արահետներում։ Այս իմ դարպասն է, այս իմ տունն է, այս իմ բարձն է, այս՝ իմ կինն ու երեխաները։
- Հայաստանը դեռ կա՞, իր տեղո՞ւմ է։
Հայաստանը կար, պարտավոր էր լինել, որովհետև որդին ահա հիվանդացավ հայրենախտով։ Տեր Աստված, տեր Աստված…աշխարհում հազար տեսակի ցավ ու հազար էլ դեղուճար կա, իսկ լակոտն ահա հիվանդացավ հայրենախտով։ Բժիշկն ասաց, որ դա կենդանական հիվանդություն է, մարդու հիվանդություն չի, պարսկական վագրն օրինակ չի ապրի, ասենք թե, Գերմանիայում և այլն, բժիշկը դեղեր տվեց և ասաց, որ դրանք սուտ բաներ են, երեխային իր հայրենիքն է բուժելու։
- Որտե՞ղ է ծնվել,- հարցրեց բժիշկը։
- Զանգեզուր է ինչ է, Ղափան։
- Որտե՞ղ է,- հարցրեց բժիշկը։
- Արաքս է, ինչ է, դրանից դենը, Ռուսաստան։
- Չգիտեմ,- ասաց բժիշկը,- երեխադ քեզ համար թա՞նկ է՝ կտանես, չե՞ս կարող՝ բժշկությունն այստեղ անզոր է։
Տեր Աստված, տեր Աստված…այսպես եղել է մեկ էլ պարսկական հաշիշե հին հեքիաթներում, տասը հազար տարի առաջ, և մեկ էլ եղավ Թավրիզ, Գերասիմ Աթաջանյանի ընտանիքում, 1927 թվին։
Անցյալով հակակոմունիստ Գերասիմ Աթաջանյանը կապեց մաուզերը, տղային ետևը գցեց, Արաքսը գիշերն անցավ, բարձրացավ սարերը։
Արևի զնգոցով կապույտ կիրճերի ու դեղին սարերի առավոտ եղավ – ծուխ էին տալիս այնտեղ Արծվանիկի ուրթը, այնտեղ Գեղանուշի, այնտեղ Դավիթ Բեկի, այնտեղ Ծավի ուրթերը։ Կապույտ մշուշ էին ծխում հեռու անտառները, ձորերի ձորերը, ոսկեփոշի էին ցնդում գագաթների գագաթները։ Եվ Գերասիմը տեսավ, որ, չէ, կենդանախտով միայն երեխան չի հիվանդ։
Առավոտ եղավ – կարմիր միլիցիայի ջոկատը շարվեց Գորիսի հեղկոմի դռանը և հրահանգով, մարշ՝ սահմանախախտ Գերասիմ Աթաջանյանին ձերբակալելու։
- Գյանջունց Սիմոն,- ծերպերում դարանած կանչեց Գերասիմ Աթաջանյանը,- Գյանջունց Սիմոն, մարդ եղիր՝ տմարդի մի եղիր, երեխան հիվանդ է։
- Աթաջանանց Գերասիմ,- կանչեց կարմիր միլպետը,- կարծում էիր Թավրիզ փախչելով կազատվե՞ս, դուրս արի հանձնվիր։
- Գյանջունց Սիմոն, քանի դեռ արյունդ մեջդ է՝ գործիդ գնա։
Լավ կրակողի նրա համբավը, երեխան, հաջող թաքստոցը և այն միտքը՝ որ այս սարերը նաև Գերասիմինն են, կարմիր ջոկատին ստիպեցին ետ դառնալ առանց Աթաջանյանի, խաղաղ զրուցելով իջնել սարերից, բարձրանալ սարերը, իջնել Գորիս և զեկուցել, թե սահմանախախտ չկա։ Իսկ սահմանախախտը վերուվար էր անում մանկության օրերի արահետներով, ծարավ՝ հին սառը աղբյուրներից ջուր էր խմում և որդուն ասում էր.
- Էս՝ Ցուրտ աղբյուրն է, էս՝ Կույր աղբյուրն է, հիշիր, էն՝ Արջուտ ձորն է։ Էս՝ կաղնի է։ Ոսկի չի, աշխարքը լիքը կաղնի է, բայց սա հատուկ ծառ է, սա էն ծառն է՝ որ մեր պապի կողքին է եղել ու հիմա մեր կողքին է։ Թավրիզից եթե Եգիպտոս ու Ամերիկա էլ անցնես՝ սա քո ծառն է, քեզ հետ գալու է։ Պիտի հիվանդանաս, պիտի ասեն ի՞նչ ես ուզում, պիտի ասես՝ էն կաղնին, որ մեր պապերի կողքին ապրում էր։
Եվ նայում էր Գերասիմն ու տեսնում իր պապին՝ որ կացինը գոտում, ահա դանդաղ զառիվերում էր շավղով և նրա ետևից դանդաղ գնում էր նրա չալ շունը։ Գերասիմը ճանաչում էր շանը, դա իր տոհմի յոթ հարյուր բողարներից երկու հարյուր քսաներորդն էր, որ անմնացորդ փոխադրում էր իր ոչխարապահ նախնիների բնազդներն ու խելքը իր հետնորդների համար։
Եվ նայում էր Գերասիմն ու տեսնում թշերը կարմիր մանուկ Գերասիմին, բեղատեղին քրտինք պատանի Գերասիմին, հոնքը կեռած երիտասարդ Գերասիմին, որ ձորից առաջ ու ետ անելով բարձրանում էին աղբյուր։ Եվ ականջ էր պահում Գերասիմն ու լսում իր բոլոր հասակների ձայները հավերժորեն նույն լանջերում և այն ձայները, որ լսել էր պատմելով։ Կարմիր կակաչի ծով էր, կանաչից էլ կանաչ արտեր էին, արտույտների համերգ էր, և այդ բոլորը բազմապատկվում էին, որովհետև նրա համար կարմրում, կանաչում ու խշշում էին իր բոլոր հասակների կակաչները, արտույտներն ու արտերը։
Այդ ամառ մինչև աշուն և դարձյալ երկու լրիվ ամառ մինչև խոր աշուն, երբ սարերի զովը դառնում է ցուրտ և ուրթերը դատարկվում են, օջախները ծուխ չեն ծխում և սարերը ամայության մեջ կանաչում են աշնան վերջին կանաչով, այդպես՝ Գերասիմ Աթաջանյանը որդու հետ ապրեց սարերում, ապա ետ նայելով իջավ Թավրիզ։ Որդին առողջացել էր, հիվանդացել էր ինքը։ Պետք էին իր սարերը՝ որ Արաքսի այս կողմն էին, և Արաքսի այս կողմն էր նաև իր անցյալը։
Գրող Անտոն Չեխովը ձանձրացավ իր Մոսկվայից, ելավ գնաց իր Վոլգայի վրայով իր Ուրալ, Ուրալով Արևմտյան Սիբիր. Արևելյան Սիբիր, իր Իրկուտիա, իր Յակուտիա, իր Հեռավոր Արևելք, իր Ամուրով՝ իր Սախալին։ Գնաց պտտվեց, ճամփորդական նոթերի «Սախալին» գիրքը թևի տակ եկավ իր Մոսկվա։
Գրող Դերենիկ Դեմիրճյանը ձանձրացավ իր Երևանից, դուրս եկավ ճամփորդելու մինչև իր Սախալին՝ դա երկու ժամվա ճանապարհի վրա էր. Սևանի սարն անցավ, իջավ Դիլիջանի կիրճ, ձորով գնաց և որտեղ կիրճը հովիտ էր դառնում՝ Դեմիրճյանն ասաց.
- Այստեղ Վարդանը մի կարճ կռիվ է տվել։ - Եվ ասաց ադրբեջանի բոստանչուն.- Նե՞ վար նե՞ յոխ, ա քիրվա, քեփ, հալ…
Եվ մեքենայի գլուխը շրջեց դեպի Հայաստան աշխարհի մյուս ծայրը- մյուս ծայրը չորս ժամվա ճանապարհի վերջն էր։ «Նե՞ վար նե յոխ, ա քիրվա»։ Չորս ժամում վատ սովորող աշակերտը կարող է չորս հատ անբավարար ստանալ, լավ սովորողը՝ չորս հատ գերազանց, հրթիռը լուսնին մի քիչ էլ կմոտենա, ծովը մի քիչ էլ կալեբախվի ինքն իր մեջ, Մատենադարանի կապույտ որձաքարը մի քանի գուներանգ էլ կփոխի, բայց չորս ժամը, չէ, չի դառնա նոթերի գիրք։
Վեց ժամ հետո Դերենիկ Դեմիրճյանը եկավ տուն.
- Ոտի տակ տվինք Հայաստան աշխարհը։ Եվանք Հայաստան աշխարհի Գուգարք աշխարհում, Կոտայք աշխարհում, Ծաղկոտ գավառում, Այրարատ Մեծ աշխարհում, Սյունիք աշխարհում, Սիսական գավառում, Շիրակ աշխարհում:

Շարունակելի

Շինարար
17.12.2009, 00:45
ԹԱՓԱՆՑԻԿ ՕՐ
(շարունակություն)

Նապոլեոնի գործերը հաջող գնային – Ռուսաստանը նրա նպատակը չէր, Կովկասով իջնելու էր Հնդկաստան՝ ճանապարհին կործանելով Օսմանյան կայսրությունը, ստեղծելով Հայոց թագավորություն։ Եվ ասելու էր իր բանակի հայ զորավար Իոակին Մյուրատին՝ Հովակիմ Մուրադյանին. «Ստացիր, Մյուրատ, քո կորսված հայրենիքը»։ Միայն թե Նապոլեոնի գործերը Բորոդինոյում ձախողվեցին, որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ հարբուխի պատճառով։
Միամի՜տ, սիրելի՜, թու՜յլ, հավատավոր։
Հարկավոր է լավ նայել դիվանագիտության հանրագիտարանը. Երևի թե կա քաղաքագիտության հայազգի մի գայլ, որ աչքը աչքին խաբում է ուրիշ գայլերի հանուն, ասենք թե, իր Անգլիայի և երեխայի պես խաբվում հարբուխի առասպելից։
Երբ մենք բարբարոս էինք, իսկ Հունաստանը գիտեր նիզակից ու մարդուց վաշտ կապելու շատ մեծ գաղտնիքը՝ ինչպես մատներից են բռունցք կապում,և ասում է հույն պատմագիրը,և Հունաստանը չէր ուզում մեզ այդպես վայրենի թողնել, որովհետև ուժեղները միշտ ու ամենուր են տառապում իրենց բարի մտադրություններից, և ահա հունական քառակուսի փաղանգը եկավ ու տրորելով անցավ հայերի աշխարհը արևմուտքից հայոց արևելք և արևելքից հյուսիս և հյուսիսից հարավ և ճամբար խփեց Մշո կապույտ դաշտում։ Դա զորավարժության պես հեշտ եղավ, քանի որ վաշտի դեմ վաշտ և բաբանի դեմ պարիսպ չկար։ Եվ մեր կավը դեռ թրծած չէր և մեր պղինձն ու բրոնզը դեռ առանձին էին, որովհետև մեր թրծողները կավ էին հունցում և կոփողները սուր էին կռում մեծ Պարսկաստանի համար։
Եվ Մշո դաշտում, բանակատեղում, գիշերապահները բռնեցին մի բարբարոսի, որ պղնձե դանակը ձեռքին սողոսկում էր զորավարի վրանը։ Ի՞նչ էր ուզում։ Հունարեն՝ չգիտեր։ Մի կարգին սողալ՝ չգիտեր։ Դանակ բանեցնել՝ չգիտեր։ Ծեծում էին՝ մռլտում էր, մի կարգին բառաչել՝ չգիտեր։ Քաջը՝ քաջ չէր, մորթվելիս գալարվեց ու ոռնաց,և ասում է հույն պատմագիրը։
Այդպես չհասկացված, այդպես թույլ, այդպես անհավասար՝ նա երկու հազար հինգ հարյուր տարվա մշուշից ընդառաջ ելավ, և ես տեսա ինձ։ Եվ իմ անզորությանը, փափուկ դանակին ու փուխր բազուկին տեր կանգնեցի։
«Ղրիմ եղե՞լ ես»։ «Չեմ եղել»։ «Ափսոս, պիտի տեսնեիր։ Ուրեմն ծովն է, չես էլ ուզում Պոնտական ասել, Պոնտականը անտակ ու անվերջ ալիքավորված ջրերն էին, մոլորված նավակներ ու մեծ աղաչանք ծովևաստծուն։ Սա ծով էլ չի, տաք ջրի տաշտակ է և անընդմեջ այն գիտակցությունը, թե աղի ծովափը օգտակար է, հոդացավերի դեմ լավ է։ Հետո՝ մանր դեղին ավազ ու մի տասը, քսան, հիսուն հազար մարմին ավազին փռված։ Դաշնամուրը վրան մի բեռնամեքենա, դաշնամուրի մոտ նստել է նվագողը, տնկտնկացնում է, նվագի հետ օգտակար շարժումներ են անում հին դերասանուհիները, հաշվապահները, բժշկուհիները։ Մութ ակնոցների ետևից դրանց են նայում պնդակազմ աղջիկներն ու տղաները, պաղպաղակ են ուտում, խոսում են ռուսերեն, ղազախերեն, մոլդավերեն, ահա մեկ էլ տեսար՝ գերմաներեն։ Ուտում են, սիրաբանում, կատակում, հաշվում են իրենց ռուբլիները,և իսկ էնտեղ մեր փոշո՜տ, մեր խե՜ղճ, մեր համե՜ստ, մեր կորած փշատենիներն են։ Հին հայերն են բերել։ Իրենք հիմա այստեղ չեն, իրենց փշատենիներն են մնացել։ Ոչ տեսքից են մի բան, ոչ բուրմունքն է մի բուրմունք»…
Ղրիմում անհամարձակ բուրող իմ խեղճ փշատենիները։
Եվ մեր Մեսրոպ Մաշտոց աստվածը, որ ասաց. «թող լույս լինի» և լույս եղավ։
Եվ մշեցի մեր այն խենթը, որ 1915-ի սև ամռանը թողել էր կին, երեխա, օրվա հաց, շալակել էր Առաքելոց վանքի դուռը և շեկ ճանապարհների վրա օրորվում էր դեպի Էջմիածին։
Եվ այն մատենագիրը, որ քառասուն, հարյուր քառասուն, հազար քառասուն տարի կքել էր քարայրում՝ մեծ ճանապարհի հետ կապված արահետով, արահետին՝ դարերի խոտ, ու շարագրում էր այս փոքրիկ մարգի եղածն ու չեղածը։
Եվ մեր այդ սևազգեստ արևը, այդ Կոմիտասը։
Եվ մի տարում հարյուր տարով ծերացած այդ Թումանյանը։
Եվ այն խեղճ երազողը, որ հեռու Եվրոպայում թնդանոթ էր ձուլում՝ Սյունյաց կատարներից կրակելու հույսով։
Եվ տղաների այն հարյուրավոր խմբերը, որ գիրք ու վառոդ առած գնում էին կարմիր դրոշ պարզելու մեր կորչող կապույտ աշխարհի գլխին և շան լակոտի պես գնդակահարվում էին սահմանի վրա և թիկունքից, և ճակատից։
Եվ 1915-ին եղած զարհուրելի սերերը, պատարագները, ծամված հացը, շաղված սերմը, ծնված երեխաները, հյուսված երգերը։
Եվ ամենազարմանալին. դարձյալ կանաչեցին արտեր, արտի ու հովի խաղ եղավ, դարձյալ կակաչը կարմիր էր և զանգակ ծիծաղ կար մեր կանաչ մարգերի վրա։ Եվ Վարպետը նստեց գահին և խորհեց զարհուրելի դաժան ու անդիմադրելի գեղեցիկ աշխարհի բանը, երբեմն միայն ասելով բառեր, որ ադամանդ էին, որովհետև հիսուն տարում հազար տարվա արև ու անձրև էին կերել։
…Ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ։

1965

Հրանտ Մաթևոսյան

հղում (http://forum.openarmenia.com/index.php?app=forums&module=forums&section=printtopic&client=printer&f=70&t=17251&)

Շինարար
17.12.2009, 00:47
Լա'վը չես, խեղճ ես, լավը չես, զավա'կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա'վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել - ասում է, չարությունից պայթում էր, որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում - իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ` գովում ու ծիծաղում է` իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխան խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր... բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս... Ասում են խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է...

Հրանտ Մաթևոսյան
«Ծառերը

հղում (http://forum.openarmenia.com/index.php?app=forums&module=forums&section=printtopic&client=printer&f=70&t=17251&)

Շինարար
17.12.2009, 00:51
Եվ այդ պատմությունը գնում-հասնում է Տիգրան Մեծի օրերը, Տիգրան Մեծի պալատը: Պալատն ունեցել է լարախաղաց և ծաղրածու, հնարում եմ ես: Ծաղրածուն եղել է մեր տոհմի պապը: Լարախաղացը լրջությամբ, լարված, ճակատին քրտինք` ձողով անցել է լարի վրայով: Նրան ոսկեդրամ են նվիրել: Հետո լարի վրա ցատկոտել է ծաղրածուն` առանց ձողի, ծիծաղեցնելով, երբեմն ցույց տալով‚ թե ընկնում է, գուցե և ծիծաղեցնելու համար ընկնելով, հետո նորից է վազել` երբեմն լարի վրայով, երբեմն տակով: Բայց որովհետև նա դրած է եղել էծի մորուք և քթին քսած է եղել մուր, նրան նետել են փտած արքայախնձոր: Եվ մեր պապի ժպիտի մեջ կաթել է առաջին կաթիլ թույնը: Մաքուր, տաք, առատ արյան պես ժպիտը վարարում է մեր երակներում. մի կաթիլ թույնը շատ է քիչ մեզ թունավորելու համար: Բայց աշխարհի հիվանդ լեղապարկը, ամեն անգամ, երկու հազար տարի անընդհատ, թույն է կաթել մեր արյան մեջ, և հիմա ծիծաղում է մի սերունդ, որի աչքերը չեն ծիծաղում: Եվ ատամներն են առատ, երբ բացվում են ծիծաղելու, և ձայնն է զրնգալեն կոտորակվում, բայց աչքերից նայում է դառնությունը...


Հատված Հ. Մաթևոսյանի
«Ծաղրածուների մեր տոհմը»
պատմվածքից

հղում (http://forum.openarmenia.com/index.php?app=forums&module=forums&section=printtopic&client=printer&f=70&t=17251&)

Շինարար
21.01.2010, 00:18
Այս թեման բացելիս ես աշխույժ քննարկում էի սպասում, նույնիսկ իմ կողմից բողոք հնչեց հաջորդ գրառումներիցս մեկում`
Տեսնում եմ դեռ ոչ ոք այստեղ ասելիք չունի, ցավալի է…
որին սակայն հաջորդեց իմաստուն պատասխան:)

Ասելիք բնականաբար կա ,սակայն երբ նման մեծության մասին մարդ պետք է բան ասի պետք է հասկան թե ում հետ գորղծ ունի:Առհասարակ շատ դժվար է ցանկացած մեծության մասին լրացուցիչ բան ասելը:Տեսակետ հայտնել նրա ստեղծագոր ծությունների մասին ջուր ծեծոցի է :
Ամեն դեպքում առաջին գրառմանս մեջ նույնիսկ փորձել էի ինչ-որ քննարկում հրահրել, սակայն այն ահնարին էր հրահրել… Կարելի է վիճել նույնիսկ Սևակի ու Չարենցի մասին… Սակայն Մաթևոսյանի մասին վիճելն անհնարին ու անկարելի եղավ գոնե ակումբում… Իհարկե, ինչ իմաստ ունի հերթով ասել, թե որքան ենք պաշտում նրան… Չնայած ես չեմ կարողանում չասել, խոսեն երաժշտության, կերպարվեստի, շինարարության թե քաղաքականության մասին, ես ինքնաբերաբար ասում եմ. «Իսկ ես Հրանտ Մաթևոսյան եմ սիրում»… Մաթևոսյանը ինձ համար լավագույն արձակագիրը, բանաստեղծն ու թատերագիրն է, լավագույն նկարիչն ու երաժիշտը, լավագույն շինարարն ու տնաշենը, լավագույն փիլիսոփան ու լավագույն միամիտը… Ու լավ է, որ Մաթևոսյանի թեման դուրս է վիճաբանությունից… Ո՞վ է հանճարեղ գրող և ո՞վ մեծ գրող… Տարբերությունը շատ նուրբ է… Կարծում եմ հանճարները նրանք են, ում մասին դժվարանում ես որևէ բան ասել, ում գրածը կարդում ես ու չես կարողանում վերլուծել, բայց նորից ես ուզում կարդալ… Ու թեկուզ ես այսքան շատ եմ Մաթևոսյանից խոսում, ըստ էության ոչինչ չեմ ասում նրա ստեղծագործության մասին, չեմ էլ կարող, իմ խոսացածը նման է ընդամենը սիրահարված պատանու տեղի-անտեղի իր սիրածին հիշատակելուն… Հիմա Բորխես եմ կլանված կարդում, նույն գործը նորից ու նորից եմ կարդում, սակայն մեկը եթե հարցնի՝ ի՞նչ է գրել, բացի նրանից, որ լավ է գրել, ոչինչ չունեմ ասելու, դա երևի նրա հանճարեղույան պատճառով ա… Իսկ մեծ գրողներին կարող ենք վերլուծել, քննարկել… Սա է տարբերությունը երևի:8

Շինարար
24.01.2010, 01:57
Մեր նախնին հիմա մենք ենք (http://hetq.am/am/culture/hrant-matevosyan-interview/)


Գորբաչովի եւ ռուս մտավորականության հետ հանդիպման ժամանակ Ռասպուտինը մոտավորապես այսպիսի բան ասաց. «Մեր բոլոր դժբախտությունները կուլտուրայի պակասից է, կուլտուրա չունենալուց է: Մշակույթին սպառնում է հիվանդության վտանգը: Այդ հիվանդությունը ժանտախտից էլ վատ է, դա անբարոյականությունն է, անբարոյականության հիվանդությունն է»: Իրոք, հասարակությունը բարոյազրկվում է եւ դա ամենամեծ վտանգն է, որ սպառնում է մեզ: Շարունակվող բարոյական այս անկումը պետք է կանգնեցվի: Ահա սա է, որ անհանգստացնում է, կկարողանա՞նք դիմակայել:

Մինչեւ Գորբաչովի եւ ռուս մտավորականության հետ այդ հանդիպումը, ռուս լրագրողներին հարցազրույցներ տալիս ես նկատել էի, որ նրանք ժողովրդի համար շատ ավելի դնում էին ոչ թե հացի, հաց ու աշխատանքի պահանջ, այլ՝ հոգեւոր սննդի պահանջ: Ռասպուտինի արտահայտությունը վաղածանոթ այդ արտահայտության այլասածությունն է: Բայց ես գյուղացի եմ, մի քիչ էլ մարքսիստ համարիր. տանք ժողովրդին այդ աշխատանքը, այդ կերը եւ հետո միայն խոսենք մշակույթի մասին: Այլապես բոլորովին այլ ճանապարհով՝ նյութի պաշտամունքի ճանապարհով Արեւմուտքը շատ ավելի շուտ մոտեցավ կուլտուրային ու հոգեւոր աշխարհին, քան մենք, որ իդեոլոգիայի երկիր էինք եւ կուլտուրայի ճանապարհով էինք ուզում մոտենալ կուլտուրային: Մեր եւ այդ կուլտուրայի արանքում դեռեւս ընկած են այն ցանքսերը, դաշտերը, բանջարանոցները, որ պիտի լինեին ու չկան:

Ես նույնպես քո չափ զգում եմ, որ նույնիսկ ահա մեր այս վիճակում, այս աղքատության պայմաններում կուլտուրայով եւ կարգապահությամբ կարելի էր այս համատարած ճգնաժամը, այս հոգեկան էրոզիայի առաջն առնել:

Բայց սա արդեն ճանապարհի հարց է, քեզ հետ կարծեմ մի անգամ խոսել ենք, դարձյալ դիկտատուրայի եւ բանակային կարգի հարցն է, որ դեմոկրատիայի ծավալման մեր այսօրվա պայմաններում, համաշխարհային դեմոկրատիայի ծավալված շքերթի պայմաններում կարող է վայրենիություն թվալ:

Իսկապես, մենք այստեղ փակուղի ենք մտնում, որովհետեւ մի կողմից, իսկապես, պիտի որ բանակային կարգով հասնեինք, նվազ կորուստներով դուրս ելնեինք այսօրվա մեր վիճակից, մյուս կողմից՝ համաշխարհային դեմոկրատիան առատությամբ, հեղեղի պես մեզ ուղղակի վրա է տվել: Իսկապես դրամատիկական վիճակում ենք գտնվում:

Ուղղակի, ինձ սարսափեցնում է այդ բարոյազրկված ժողովրդի գաղափարը: Դրա հետեւանքներն արդեն զգացվում են…

Պիտի սպասեինք այս օրին, պիտի սպասեինք այս չարությանը, այս դաժանությանը, այս աղքատությանը: Պիտի սպասեինք, այսպես էլ պիտի լիներ: Մեր վիճակի դրամատիզմն այն է, որ հեռուստատեսությունը, մամուլը, մի խոսքով՝ խոսքի աշխարհը, որ իր հմայիչ դրսեւորումներն է ունեցել ոչ մեզանում, հեռուստատեսության, լրագրի, կոմունիկացիաների արագացման այս պայմաններում եկել պարտադրում են մեզ, իսկ մենք աղքատ ազգականի վիճակում ենք:

Հոգիներս, որ ահա պիտի թեւածելիս լիներ, կամ թեւածում է արեւմուտքի ստեղծած սիմվոլների աշխարհում, աշխատանքի ու ազատության մաքուր երկինքներում, մտքներս դարձյալ ասիական այս աղբի մեջ է: Իսկապես վիճակներս շատ ողբերգական է: Էլի պիտի աննյութ հույսը առագաստ դարձնենք, թե մեր ժողովրդի բարոյական կառույցը ավելի պինդ կլինի, քան այսօր մեզ խփող այս փոթորիկները, եւ կկանգնենք: Կորուստները կան: Մի կողմից դրախտի տեսքով Ամերիկան է դռները բացել, մյուս կողմից ասիացի վայրենին է խփում, կորուստները կան, բայց դրանց հետ պիտի հաշտվենք եւ էլի հույսներս շրջենք դեպի այն ժողովուրդը, որ վաղվա օրով մնացորդ է լինելու եւ որի վրա պիտի ծաղկի վաղվա Հայաստանը:

Այդպես կլինի, ես գիտեմ, որ այդպես կլինի, վաղվա այդ պատկերը երեկվա իրական պատկերներով ես տեսնում եմ: Իմ «ունակության» երիտասարդությունը գյուղից երեկ փախել էր, թողել էինք դպրոցների մեր ծույլերին ու թույլերին: Տարիներ հետո, «համաշխարհային գրականության», «փառքի», «մեծամեծների» իմ ոլորտներից ես ընկել էի իմ «հետամնաց» ընկերների աշխարհը, գյուղ էի ընկել եւ ինչ տեսնեմ. որ իրենք էլ իրենց քաղաքակրթությունն են այնտեղ ծաղկեցրել ու… հուզիչ ու սիրելի մի բան կար:

Պատկերներ տեսա, որ հիմա չեմ ուզում ծախսած լինել, որովհետեւ գուրգուրում եմ, թե երբեւէ կգրեմ: Բայց տեսա, որ նրանք մնացել են հողի նույն բարոյական որդիները, պահպանել են գյուղացու, հայ մարդու իրենց նկարագիրը, կարծես նաեւ անգամ գիտեին, որ քաղաքից մեր ձախորդ ու թերատ ծնունդները մենք ետ իրենց՝ գյուղին ենք տալու եւ նրանց վրա իրենք հայրեր ու եղբայրներ են լինելու:

Իմ տեսած պատկերների օրինակով՝ ուզում եմ գուրգուրել այն միտքը, թե մնացորդն անգամ բավական կլինի, որպեսզի դարձյալ երկիրը կոչվի Հայաստան եւ աշխարհի համար բարոյականության օրինակ, բարոյականության չափանիշ լինի:

Չգիտեմ, անշուշտ հիշում եք Դոստոեւսկին մի գործ ունի, մի չինովնիկի մասին է: Միջավայրի, մթնոլորտի կեղտն է ցույց տալիս ու ասես մեզ էլ տանում է դրա միջով: Պետերբուրգյան խառնաշփոթի, ձյունի, սառույցի մեջ անհատի ոչնչացումն է նկարագրում: Մի կողմից անհատի ոչնչացման այդ պրոբլեմը, որ կար կարծես թե բոլոր ժամանակներում, (բայց հո գիտենք, որ չի ոչնչացվել) ու…

Հիմա չգիտեմ ճի՞շտ եղավ, որ ռուս գրականությունը եւ առհասարակ Արեւելքը՝ Կարպատներից դեսն ընկած աշխարհը վերցրինք, բայց այստեղ ստույգ մի բան կարող ենք ընդգծել՝ իմպերիայի եւ անհատի բախումը, կոլեկտիվի եւ անհատի բախումը, անհատի կործանումը:

Դրա գրականությունը կա եւ փառք իր ստեղծողներին, մեր համակրանքը շրջել են դեպի անհատը: Բայց այդ գրականության մեր ըմբռնումը թերի էր լինելու, եթե չասեին, որ մյուս կողմից էլ գնացել են իմպերիայի երկրպագությանը: Մեզանում գուցե ուրիշ կերպ է արտահայտվել դա այսօրվա մեր նոստալջիգ հայացքը Տիգրան Մեծի շրջաններին, նույն հայացքն է, ինչպես ասենք պուշկինյան մոտեցումն է Պետրոսին:

Ընդհանուր գծերով տես ինչ պատկեր է բացահայտվում. մի կողմից ինդիվիդումի գուրգուրանքը Արեւմուտքում ծաղկեցրել է արեւմտյան քաղաքակրթությունը, դարձյալ նույնքան հզոր, որ թվում է, թե այնտեղ երբեւէ կոլեկտիվիստների հասարակարգ չի եղել: Ինդիվիդումների դաշնակցություն՝ այնտեղ եւ զանգվածի մեջ կորած միավորների հասարակություն` այստեղ: Մտածելեւ բան է, ուրիշ առիթով դրա մասին ավելի երկար կխոսենք:

Երեւի թե ամեն մի երկիր իր մշակույթի զավակն է. ոչ թե մշակույթն է երկրի զավակը, այլ երկիրը իր գրականության, բանի: Սա գուցե բիբլիական «Ի սկզբանե էր բանը» արտահայտության իմ տարբերակումն է, գուցե ես թյուրիմացության մեջ եմ, բայց վերջին հաշվով բախումը փաստերի հետ մեզ հանգեցնում է այսպիսի եզրակացության: Արեւմուտքը Շեքսպիրի ժառանգն է, Արեւմուտքի երկրները Շեքսպիրի որդիներն են: Պողոս Առաքյալի, Սերվանտեսի եւ մյուս բոլորի փոխարեն Շեքսպիրի անունն եմ տալիս, Շեքսպիրի որդին է Արեւմուտքը՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ամերիկա, Անգլիա… որտեղ որ, ասենք, Շեքսպիրը մարդուն հնարավորություն է ընձեռել, չի պահածոյացրել, բացել այդ հնարավորությունները՝ լեդիմակբեթորեն անկվել մինչեւ դժոխքի խորխորատները եւ համլետորեն բարձրանալ մինչեւ վերին ոլորտները: Իսկ երբ, ասենք, անկումի եւ խորացման խնդրին Տոլստոյն էր բախվում, այդ անկումը մերժում էր: Եվ անկումը զսպելով՝ փաստորեն մարդու գործի անպարագիծ հորիզոններն էր սահմանափակում:

Ուրիշ անգամ էլ նա, բոլոր այլ ընթերցումները ժխտելով, ուրեմն, պիտի նույնիսկ Ավետարանները խմբագրեր, դարձներ մի ուրիշ բան, դարձներ մի երկիր- մի հավատ- մի Ավետարան: Սա թեմա է, եթե կարող ես՝ դու քո մեջ արծարծիր, ճշմարիտ պատասխանները գտիր, բայց իմ տպավորությունն այն է, որ մեր մեծ կոչված մշակույթի հետեւանքը ի վերջո մեր երկրի այսօրվա ողբերգական վիճակն է, իսկ նրանց երկիրն էլ նրանց մշակույթի արտահայտութունն է: Ինչի՞ց սկսեցինք, թելերը գտիր…

Անհատի ոչնչացման մասին էինք խոսում, շարունակեմ, ասածս էլ կիսատ էր մնացել: Ուրեմն, մի կողմից էլ մտածում եմ, որ իրոք եկել է անհատի կործանման ժամը, «ոգու սով», որ լափում է «վերջին մոհիկաններին»: Գուցե հոռետեսություն է, բայց, չգիտեմ ինչու, կարծում եմ ելքի դռները փակվել են ու էն ազատության մեջ վազող ձիերին այլեւս վերադարձ չկա, էլ բեռան տակ տքացող Ալխոն չկա, ու, թվում է, էլ չի լինելու:

Բայց գուցե նաեւ այսօրվա ընթացքը, այսօրվա պահն է այնքան խավար, որ մեր հայացքը իսկապես գալիք հորիզոնների առաջ փակում է: Այդտեղ կարիք չկա տարածվելու եւ հուսահատվելու: Գուցե իսկապես այն անցման շրջանն է, որտեղից արդեն անհատի ծաղկման շրջանն է սկսվում:

Ալխոն, մյուսը, Ակսելի մշակ մարդիկ, հայ գրականության մեջ այս կամ այն չափով կենդանացած կերպարները վաղվա մեջ գուցե գտնելու են այլ դրսեւորումներ, գուցե նույնիսկ չճանաչես, որ նրանք նաեւ երեկ կային ու քոնն էին: Սարոյանի Ֆրեզնոյում մենք հայ ֆերմեր տեսանք, հողագործի միակ նշանը ոտքերի վրայի թեթեւ փոշին էր: Չորս եղբորորդու հետ անում էր ամեն ինչ՝ ծաղկած այգիներ, գործարան, հակաամերիկյան մրցադիմացկանություն… Չեմ ուզում հաշտված լինել, թե այստեղից պիտի գնան, որպեսզի այդպիսին դառնան, ուզում եմ գուրգուրած լինել, որ այստեղ են այդպիսին դառնալու, եւ հնարավորությունները այսօր բացվում են հայ նախաձեռնող մարդու առջեւ:

Ֆոլքներն ասում էր, թե ազգային ցնցումները դրականորեն են անդրադառնում ազգի գրականության վրա: Դուք խոսեցիք այդ ստեղծվելիք կերպարների մասին…

Մի ուրիշ հարցազրույցում, երբ խոսք էր գնում, թե ինչու՞ լռեցի, ինչու՞ հայ գրականությունը այսօր դիմակազրկված մի կողմ է մնացել, պատասխանը չգտա: Հիմա քո այդ ամերիկյան գրականության օրինակը ինձ օգնեց պատասխանը գտնելու: Իսկապես Ամերիկայի համար ճգնաժամային պայմաններում ամերիկյան գրականությունը ծաղկեց: Ֆոլքներ, Սարոյան, Վուլֆ, Սթայնբեք, Քոլդուել եւ ուրիշներ, որոնք այսօր ամերիկյան գրականության ոսկի ֆոնդն են…

Նույնն էլ լատինաամերիկյան գրականության մասին կարելի է ասել:

Այո: Ավագների մեր սերունդը, իսկապես, անպետք դուրս եկավ շարժման մեջ եւ այդպես էլ պետք է լիներ: Հուսամ, որ իսկապես այնպիսի տղաներ են ծլում, ովքեր վաղվա գրականության անտառի ծառերն են լինելու: Մի անգամ ասել եմ արդեն, թե եղեռնը ինչ եղավ Չարենցի համար եւ ինչ՝ Թումանյանի:

Մեր ազգը նման է մարդու, որ իր տեղը չի գտնում կյանքում: Փնտրում, փնտրում է, մաքառում է, բայց չի գտնում, չի հասնում:

Հավակնություններս, նաեւ քո հավակնությունները, հնարավորություններից մեծ են եւ այստեղ է այդքան ողբերգական թվում: Ես էլ եմ գուրգուրում այստեղից մինչեւ Իզմիր ամբողջ հայ հայրենիքի կարոտը, թուրքերին չժխտելով իհարկե: Բարեկամության, փարիսեցիության, առեւտրի այդ մթնոլորտն եմ ուզում: Ես էլ եմ դաժանացել, այդ ծանր հարվածների տակ ես էլ ասել եմ, որ ուղղակի մենք բոլորս Սուլթան Համիդի բճերն ենք, նրա հարկադրանքից, նրա բռնությունից ենք ծնվել: Նա է մեզ այսպիսին դարձրել:

Այս պայմաններում է գոյանում մեր սրված վիճակը՝ ատամն ընդ ատաման, ակն ընդ ական… Բայց մյուս կողմից էլ կարողանում ենք մեզ իրական այս աշխարհում տեսնել եւ իրական այլ հայրենիքի կերպար է կանգնում մեր առջեւ՝ քո ծաղկուն ամերիկյան գաղութը, Ռուսաստանում վաղվա օրով ծաղկելիք քո հայ գաղութը…Այստեղ անհատի առջեւ մարդու այդ հնարավորությունները բացվում են, եւ Ռուսաստանում վաղը ես հայրենիք ունեմ, ըստ այդմ՝ եւ ամբողջ աշխարհն է հայ ժողովրդի իմ հայրենիքը: Ահա այդ հայրենիքը այսօրվա արագությունների պայմաններում իրականություն է, եթե երեկվա հետիոտն աշխարհում՝ տրված ու միասնական այդ հայ հայրենիքը իրականություն էր, առավել եւս իրականություն է այսօր եւ վաղը, մնում է, որ իմաստուն մի կանչ ամբողջ աշխարհում մեզ բոլորիս միաժամանակ արթնացնի, մի օրոր միաժամանակ նիրհեցնի, եւ շատ լավ կլիներ, եթե այդ կանչը հնչեր այստեղից՝ Մասիսների ու Արագածի գոգից:

Բայց նաեւ ես իսկապես չեմ ժխտում, ես հավատում եմ, որ այսօր չէ վաղը Էրզրումը նաեւ իմն է լինելու, Վանը նաեւ իմն է լինելու, վաղը իմ տղերքը, իմ երեխեքը թուրք լեռնագնացների հետ բարձրանալու են Մասիսի գագաթը: Դա լինելու է: Ահա այսպիսի դռներ վաղվա վրա մենք պիտի բացենք եւ այստեղից լույսը խփելու է եւ այդ կողմով ենք գնալու:

Շարունակելի

Շինարար
24.01.2010, 01:57
Մեր նախնին հիմա մենք ենք (http://hetq.am/am/culture/hrant-matevosyan-interview/)
(Շարունակություն)

Այսինքն, դարասկզբին երազվող, «հոգեւոր Հայաստանը» մենք էլ պիտի հետապնդենք ու էդ հույսո՞վ ապրենք:

Քո չափ ես էլ կուզենայի, որ «հոգեւոր Հայաստանի» փոխարեն նյութական մեծ Հայաստան լիներ, ոտքիս տակ հող լիներ, շներս նախիրներիս կողքին եւ որդիներս էլ սահմանիս վրա կանգնած լինեին: Վատ չէր լինի: Բայց եթե կյանք համարենք ոչ թե ոչնչացումը, պայթյունը, ժխտումը, որ պարապների գործն է, այլ ամենօրյա աշխատանքը, անընդհատ աշխատանքը, անընդհատ քրտինքը, թեկուզ աշխատանքը հանուն աշխատանքի, ապա մեր սերունդների համար անընդհատ ընթացքի , անկանգ գնացքի տեղ է բացվում դեպի այդ հոգեւոր Հայաստան:

Երբ խոսում են գյուղացու մասին, չգիտես ինչու այդ գյուղացուն առանձին չեմ կարողանում ընդունել, պատկերացնում եմ՝ գյուղացին, հողը եւ Աստված: Հաջորդականությունը ճիշտ չեղավ: Աստված-գյուղացի-հող պետք է ասեի: Հիմա խախտվել է այս համակարգը, չկա Աստծո եւ գյուղացու, գյուղացու եւ հողի կապը:

Մեր սահմաններից դուրս՝ մնացյալ աշխարհը բացառենք, Երկրի մասին չխոսենք կամ թե չէ՝ փառք տանք Աստծուն, որ մենակ չենք մեր դժբախտության մեջ: Ռուս գյուղացին նույնպես մեր վիճակում է: Մեզ սփոփենք այդքանով: Իսկապես մեր վիճակը նախանձելի չէ, գոնե 15 տոկոս ժողովուրդ չունենք գյուղում, գյուղացիություն չունենք: Եւ եղածի էլ տեղը տեղ չի՝ աշխարհը վստահության ու ճոխության շքերթի մեջ, դու քո աղքատ լանջերում դեռ քո բահ ու բրիչին ես: Հող չունես, անասուն չունես, ինքդ էլ երեկվա համառ մշակը չես:

Բայց ծանր մի բան ասենք, եւ երկրաշարժը բարեբախտություն համարենք, որ էսքան անգործիս համար աշխատանքի ճակատ բացեց, եւ այն բարեբախտություն համարենք, որ մեր սահմաններից երբ ոտքներս դուրս ենք դնում՝ մեր քթին խփում են: Ուրեմն դառնում ենք մեր ավերված, մեր աղքատ հայրենիքին: Այս է Հայաստանը եւ ուրիշ Հայաստան չկա:

Այդ միտքը մի առիթով էլ, կարծեմ, ասել եք: Եթե չեմ սխալվում, այսպես եք ասել, թե մեր ժողովուրդը մենակ է թողնված եւ այն իր լավ կողմերն է բերում, բերում է հոգեւոր անկախություն, հոգեւոր ինքնավարություն: Հիմա դա բերվե՞լ է, թե՝ պիտի բերվի:

Պիտի բերվի: Շատ հստակ մի բան, այդուհանդերձ, այս ամռանը եղավ: Նույնիսկ բարիք համարենք այն, որ գազը անջատեցին: Ցույց տվեցին, թե իրենք ով են եւ մենք ով ենք, որ մենք մեր տեղը գտնենք: Մենք մեր տեղը գտնում ենք:

Կարծես թե հակասեցիք մեր զրույցի սկզբում ձեր ասածին, որ մեզ նախ նյութականն է պետք, հիման էլ ասում եք գազը կտրեցին, դա բարիք է, այսինքն նյութականը կտրեցին, մենք մեր հոգեւոր անկախությամբ պիտի դիմակայենք:

Անվերապահ պատասխանը արի միասին գտնենք: Պաշարված միջնաբերդում կարգուկանոն ու հոգեւոր, մտավոր, մարմնավոր կարողությունների ճիգ է լինում, իսկ մենք հենց պաշարված միջնաբերդ ենք: Կամ թույլ կլինենք, ու համաճարակը մեզ կխժռի, կամ խելացի կլինենք ու կհաղթահարենք: Կարծում եմ, մեկ անգամ չենք հաղթել եւ դարձյալ կապրենք: Վաղվա մեր հացը մենք ենք ցանելու, մեր անասունը մենք ենք պահելու, մեր հողի եւ մշակը, եւ տերը մենք ենք լինելու:

Հասարակության հոգեվիճակի վրա, ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գեղարվեստական խոսքը: Արվեստի, գրականության մարդը ինչքանո՞վ է պատասխանատու ազգի հետ կատարվածի համար:

Քո չափ՝ ես էլ այն մեծ, ճառագող, ժողովրդին լավատեսության բերող խոսքի կարիքը զգում եմ: Դա այսօր, այս պահին շատ ավելի քաղաքական առաջնորդների գործն է: Մեր գրականությունը, մեր Բանը ինչ որ զորեղ է, տվել է, եւ հիմա իր արձագանքին է սպասում: Քաղաքական առաջնորդի, մեզ լավատեսությամբ համակող, ազգը հավաքող այդ առաջնորդի կարիքը ես զգում եմ: Ուզում ես Քրիստոս կոչիր այդ առաջնորդին, ուզում ես Անդրանիկ զորավար… որ ծղրտար ու առաջնորդեր:

Այսինքն այդ խոսքը գրականությա՞ն մարդը չպիտի ասի:

Քիչ առաջ կողմանկիորեն այդ մասին խոսեցինք, որպեսզի Ջեֆերսոնը ծնվեր՝ հարկավոր էր, որ Շեքսպիրը լիներ: Ջեֆերսոնը Շեքսպիրի որդին է: Մեր գրականության եւ արվեստի պարտականությունը պիտի եղած լիներ այն, որ ստեղծած լիներ այն մթնոլորտը, որտեղ քաղաքական առաջնորդի կերպարը բարձրանար, միջավայրը հագեցած լիներ այն խոսքով, որ քաղաքական առաջնորդի բերանից որպես Աստծու Բան էր հնչելու: Ինչքանով ենք թերացել, ինչքանով ենք մենք տվել՝ իրենք չեն լսել, ինչքանով են իրենք եւ մենք մեր ազգային հայ կյանքով ապրում… ուրիշների զորեղ ձայները ինչքանով չեն խանգարում մեզ լսել մեր իսկ ձայնը:

Ի վերջո ստացվում է, որ այդ խոսքը պետք է լինի ժողովրդի խոսքը, եւ ժողովուրդը պիտի օգնի, վեր հանի իր ադ խոսքը ասողին:

Մշակույթ-ժողովուրդ միասնորեն պիտի ստեղծած լինեին այն մթնոլորտը, որտեղից թվում է որպես Աստծո խոսք, պիտի քաղաքական գործիչը վերցներ ու վերադարձներ ժողովրդին:

Ասածս, նորից է բերելու մեր զրույցի սկիզբը՝ բարոյազրկմանը, անհատի կործանման այդ գաղափարին: Մի բարի գործ է արվում՝ բան ու գործ թողած դրա շուրջն ենք սկսում խոսել, ինչը որ դարեր շարունակ բնական էր, այսօր ուղտի մեջքին դրած ման ենք տալիս՝ «տեսեք, տեսեք էս էն երեխային ժպտացող Ձմեռ պապին է»:

Ռուսների արտահայտությամբ անընդհատ պտտվում ենք մերձիմոտ: Մերձիմոտ ենք անում, բայց չենք ընկնում բուն միջուկի վրա: Դրանում ես իմ մեղքն ունեմ, որովհետեւ անընդհատ, այդ խոհերը իմ մեջ լինելով իսկ, սպառեցի, կամ ուրիշի միջոցով արեցի, ես իմ ձեռքով չգրեցի, կամ խակ-խակ, դեռեւս միտքը չհասունացած ծախսեցի, մսխեցի ինձ: Բայց դրա կարիքը ես զգում եմ: Պիտի ասվի՝ չծախսվելով, չմսխելով: Այս նույն գաղափարը եթե հետեւել ես հեռուստատեսությամբ, մամուլում (մեր այսօրվա մամուլն էլ, փառք Աստծո, բոլորը համարյա ճշմարիտ եւ ճշմարտանման են), բոլորը մսխում են, մաշում են այդ գլխավոր գաղափարը եւ գլխավոր բանաձեւը կարծես թե չի գտնվում: Ես նույնպես զգում եմ, որ ես էլ՝ Մովսեսի այդ խոսքին սպասում եմ: Մովսեսը Սինայի լեռ աղմուկ տարավ եւ ձայն բերեց:

Մեզանում էլ առայժմ այս ամբողջը դեռ աղմուկ է՝ հստակ բանաձեւում չստացած: Ձայն է պետք, ես դրա կարիքը զգում եմ: Նույնիսկ ինձ եմ հանցագործ տեսնում, որ ահա ես չհուշեցի մի ուրիշին, որ իմ միտքը նրա համար շարունակելի մի բան թվար եւ ինքը կարողանար ասել:

Ինչու՞ այսօր այսպիսի ձգտում կա դեպի եկեղեցին, դեպի զանազան դավանանքները: Գուցե նաեւ հենց այդ խոսքի պակասն է պատճառը, թե՞ գնում ենք դեպի մեր ակունքները:

Մենք ոչ խրախուսելու, ոչ էլ խանգարելու ենք ժողովրդի այդ հոսքը: Դա ուխտագնացություն է երեկվա արգելված գոտի, վաղվա օրով շատ բան իր տեղը կընկնի եւ այդ հոսքը այդպիսի չափեր չի ունենա: Մշակույթի մեջ կրոնը իր արժանի տեղը կգտնի, եւ վերջ: Նեղ ժամանակներում հոսքը դեպի Աստծո ոտը միշտ եղել է:

Չգիտեմ ինչու, այն տպավորությունն ունեմ, որ երբ խոսք է գնում Աստծո, «Աստվածաշնչի» մասին, խուսափում եք խոսել:

Ես մի աձնական զուտ իմ թերությունն ունեմ, երբ տեսնում եմ, որ բոլորն են մի բանի մասին խոսում՝ ես լռում եմ: Իսկ երբ բոլորի համար արգելված է՝ ես այն առաջին կտրիճն եմ, որ ոտը առաջ է գցում: Դա երեկ կվերաբերվեր դաշնակցությանը՝ երբ արգելված, հալածվող կուսակցություն էր (իմ բոլոր քայլերը նրան բացահայտելը, նրան թույլատրելը, նրա իրավունքները արծարծելն էր… հիմա բոլորն այդ են ասում, ես այդտեղ կարծես թե այլեւս անելիք չունեմ), թե Աստծուն՝ միեւնույնն է: Աստծու հարցին ես նայում եմ որպես մշակութային հարցի: Մեր հանձնաժողովում էլ խոսվում է այդ մասին, առաջարկներ են լինում՝ Հայաստանը դարձյալ միջնադար նետել: Բոլորի մեջ Լեւոն Շանթ կա: Բայց ինքը՝ Շանթը դրամայի իրացումով («Հին Աստվածներ») ազատվում էր իր նոստալգիայից, անցյալի իր կարոտից, այսօրվանները գրական այդ շնորհքը չունեն եւ իրական ժողովրդով են ուզում խաղալ միջնադարի ու Աստծու մասին «իրենց հին աստվածները»: Դա ձախավերություն է: Իսկ եթե ասենք այդ մարզում մենք անելիք ունենք, ապա ուղղակի այդ մշակույթը որպես դասավանդվող առարկա դպրոցում երեխաներին տալ- կրոնի, կրոնների պատմություն- թող լայնախոհ երեխաներ ունենանք: Այդքան միայն՝ որպես մշակույթի պատմություն:

Ձեր ծնողները հավատացյա՞լ են:

Իմ ծնողները գյուղացի հայ մարդիկ են՝ մի օր հավատացյալ են, երկու օր՝ ոչ:

Մոտ ապագայում ի՞նչ եք ներակայացնելու ընթերցողներին:

Իմ անձի առաջ իմ անելիքն այն է լինելու, որ խորհրդարանից զատվեմ, մեկուսանամ որեւէ տեղ, ընտանիքս մի վեց ամսվա հացով ապահովեմ եւ իսկապես կարողանամ ուղղակի մի ամիս մաքուր լռությունների տրվել, որպեսզի մոռանամ այս ամբողջը եւ կարողանամ ընկնել այն աշխարհը, որտեղ էի մինչեւ այս թոհուբոհը: Դա իսկապես աշխարհ էր, որտեղ ընկնելու համար իսկապես արժանի ջանք է պետք:

Հարցազրույցը վարեց՝ Էդիկ Բաղդասարյանը
«Լուսավորիչ» 1990թ., դեկտեմբերի 4, N 11

Շինարար
24.01.2010, 02:08
Հրանտ Մաթեւոսյան

Սպիտակ թղթի առջեւ (http://hetq.am/am/culture/hrant-matevosyan/)

Աշխարհի բնակչությունը երեքուկես միլիարդ է, մի հիսուն տարի հետո կլինի յոթ միլիարդ, մի ութսուն տարի հետո` տասնչորս, իսկ հայտնագործվելիք նոր ամերիկաներ չկան։ Ատոմային ռումբերի թիվը աշխարհում շատ է ատոմային ռումբերի «արժան» քաղաքների թվից։

Բայց խնդությունից պայթեցնող են իմ երեխայի անատամ ժպիտը, անհնչյուն ծղիրտը, աննպատակ խլրտոցը, դրանք մի ամբողջ երջանկություն են։ Ռազմական փոստի դարեհյան հեծյալը քշած գնում էր երեք օր, երեք օրվա մեջ հանդիպում էր մի մարդու, գլխարկը հանում էր եւ բարեւում սրտի խորքերից, բարո՛վ տեսանք։ Դիլան դայի մարդը ապրեց յոթանասուն թե հարյուր տարի, հիշողության արեւոտ հովիտներում կար մի Սոնա, մի անակնկալ նվիրում, որ հուշերի տափարակում հառնում էր վիթխարի, անհամեմատելի, ցանկալի` որպես անապատի աղբյուր։

Մորթվող մի աքաղաղ էր, տասը զույգ աչք,- ամեն մեկիս հասնում էր մի փշուր միս, մսաջրի համը եւ հարեւանի հարցը` հավ էիք մորթե՞լ, հիմա ամբողջ աշխարհում միակ ձեւ է դարձել թռչունների կերակրման հոլանդական խելացի ձեւը. ունելիով բռնում են սագի վզից՝ կտուցը բացվում է, շերեփով լցնում են փորը` ուզի թե չուզի մարսելու, գիրանալու, ծանրանալու է. միսը շատանալու է – բոլորը կարող են ուտել մի-մի սագ։ Բտում ու կերակրում են պոմիդորը, տանձը, ձուկը, կարտոֆիլը, կովը,- բոլոր պայմանները կան, որ մի քանի տարի հետո Երկրի վրա մի մարդու հասնի մի կանգնելու տեղ միայն։ Ես կարոտում եմ դարեհյան ժամանակներին։

Բոլոր գրողները կարոտում են դարեհյան ժամանակներին։ «Կուզենայիք ապրած լինել երեկ, ապրեիք վաղը թե՞ այսօրը ձեզ բավարարում է» հարցին ճապոնական երիտասարդության ճնշող մեծամասնությունը պատասխանել է` երե՛կ։ Ես ասում եմ` վա՛ղը. վաղը մենք կլինենք հարգանք ներշնչող քանակով եւս։ Վաղը Միավորված ազգերի կազմակերպությունը որոշելու է խելացիորեն, մարդավայել, գիտակցաբար դադարեցնել բնակչության աճը աշխարհում… 1941 թվականի հունիսի երկրորդ շաբաթում, անհեռախոս մեր խուլ գյուղում, նվաղեց մի պառավ ու գուշակեց արյուն, կոտորած, սով։ Խորհրդի նախագահը նրան գոմում փակեց խաբեության համար եւ մի շաբաթ հետո, հունիսի 22-ին, գնաց ռազմաճակատ՝ գոմի բանալին գրպանում։

Հիմա խոսում են բիոհոսանքների անպայման գոյության մասին։ Վայ թե եղել է մի բարձր քաղաքակրթված աշխարհ մի մեծ աղետից առաջ. վայ թե սոդոմ-գոմորը առասպել չէ։ Ճապոնիայում ցեմենտից ու ապակուց բազմահարկ գերեզմանոցներ են կառուցում, Ճապոնիայում անհող պոմիդոր են աճեցնում, Նահանգների երիտասարդության կեսից ավելին զինակոչման ենթակա չէ սրտի ճարպակալման պատճառով, Չինաստանի առաջին ռազմա-օդային ուսումնարանի սաները, չնայած իրենց չինական ֆանատիզմին, թռիչքը տանել չէին կարողանում սննդի միօրինակության պատճառով,- այս սիրելի-սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը` գրող։ Սպիտակ թղթի առջեւ ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել։

Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։

Եւ մինչեւ հիմա այն է արել, որ փշուր-փշուր, փշուր-փշուր ինչպես գրանիտից՝ կերտել է Քրիստոս, սոսկական ծննդաբերողից կնոջը դարձրել է կուռք, սիրելի է դարձրել Հունաստանը, Պարսկաստանը, Իսպանիան, հին կանեփի դաշտ Ռուսաստանը դարձրել է աշխարհին գրականություն տվող Ռուսաստան։ Առանց «Աբու-Լալա Մահարու» անապատը կլիներ միայն ավազուտ։

Մարդատյաց աշխարհը մարդասիրացրել է։ Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։ Մոնումենտալացնելով՝ գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական,- Աստծուն հավասար արարիչ է գրականությունը՝ չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ։

Թրքական պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը խաղաղեցնում էր չեթենական ու քրդական գյուղերը, ոմանց խաբում էր, ոմանց կախում, թամբի վրա օրորվում էր գյուղից սար, սարից անտառ, անտառից՝ ժայռագլխի մենավոր վանք, ուր պիտի որ ապաստանած լինեին մի քանի տաքգլուխներ, իսկ մոտիկ քաղաքում քաղաքային խորհրդի եվրոպացած լակոտները մի տարի թե չորս տարի նստել էին ու ննջում էին մի կիսահարցի վրա։

Թրքական պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը օրորվում էր թամբի վրա սարից անտառ, անտառից՝ մենավոր վանք, մեկ էլ հանկարծ գնդապետին սաստիկ դուր չեկան քաղաքային խորհրդի լաքած լակոտները. նժույգն ասպանդակեց թրքական պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը, քշեց-գնաց, ճանապարհին ձին պայթեցրեց, տակն առավ ուրիշ նժույգ, սալահատակը կարկտահարելով գնաց, սանձերը տվեց դեմը կտրող ժամապահի ձեռքը, մաուզերը քաշած փափուկ-փափուկ բարձրացավ աստիճաններով, դռները ոտքով ետ շրխկացրեց ու գնդակահարեց Փարիզը տեսած այդ լակոտներին, որոնք չորս տարի նիրհի մեջ շուռումուռ էին տալիս մի հարց։ Ոստիկանական ջոկատը կրակեց նրա վրա, ինքը՝ նրանց վրա, վիրավորվեց ինքը, վիրավորեց ու սպանեց նրանցից շենքում, ինքը մեկ օր մենակ էր։ Ապա արյունաքամ եղավ, եկան թեւերից բարձրացրին, դուրս էին տանում, մեկ էլ՝ բարակ բեղերով լեյտենանտը թե՝ «դե գնա, գնա, շուն շան որդի»։ Վիզը ոլորելով ետ նայեց գնդապետը աստիճանների վրայից՝ լաքած մի լակոտ էլ աստիճանների գլխին կանգնած այդ լեյտենանտն էր։ Գնդապետը տխուր ժպտաց, հետո միանգամից դուրս քաշեց ատրճանակը սապոգի ճտքից ու մեկ-երկու-երեք-յոթ՝ շարեց նրա ճակատին։

Այս պատմությունն ինձ դուր է գալիս. այստեղ մարդը նախնական ու մոնումենտալ է. բյուրոկրատիզմի սարդոստայններում խճճված, բյուրոկրատական ապարատի ուռճացումը անկասեցնելի ժանտախտի պես մի բան՝ ես այս պատմության մեջ տեսնում եմ պարզ համակրանքներ ու հակակրանքներ. սա իմ կարոտներից է։ Այս պինդ ու կլոր զրույցից գուցե թե ստացվեր պատմվածք, վեպ կամ վիպակ։ Պետք է խցկվել սրա մեջ, խարխափելով, խարխափելով գնալու, գտնելու, բացարձակելու սրա փիլիսոփայական հզորությունն ու գեղարվեստի թեւերը։ Բայց գուցե չունի՞ փիլիսոփայական հզոր լիցք,- է, ոչինչ, ալքիմիայից ո՞վ է տուժել։ Կմնա անշավիղ լանջերով իր ճշմարտությանը գնացող գրողի տառապանքը. այդ արդեն գեղարվեստն է։ Աշխարհը հարստանում է այդ ազնիվ ճիգով։ Գրականությունը աշխարհի ազնվանալու տառապալից ճիգն է։ Դա գրականության կոչումն է ի ծնե։ Ինչպես ստրկորդիները ծնվում են ստրկության մեջ, այդպես ամեն մի գրող հայտնվում է թիապարտի նստարանին։

Շատ բարի, բայց ինչո՞ւ «թրքական պատժիչ գումարտակի»։ Դե, թրքական։ Ինչո՞ւ հատկապես թրքական։ Հատկապե՛ս չէ, պարզապես թրքական։ Ինչո՞ւ թրքական։ Դե որովհետեւ թրքական, պատմել են, որ այդ պատահել է Թուրքիայում։ Թե՞ 1915 թվականի մասին ուզում ես բան ասած լինել։ Դժվար է 1915 թվականի մասին չխոսելը, բայց դժվար է գեղարվեստով խոսելը։ Չէ՛, ավելի լավ է գրիր՝ հնդկական պատժիչ գումարտակի… Համաձայն եմ. հնդկական պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը թամբի վրա օրորվում էր գյուղից սար, սարից…- Ինչո՞ւ հնդկական։- Է, Դո՛ւք ասացիք։ – Չէ, հնդիկները մեր բարեկամներն են, ավելի լավ է գրիր «պատժիչ գումարտակի գնդապետ հրամանատարը»։- Է, օդո՞ւմ։ Առանց այդ էլ ես չգիտեմ՝ այս պատմությունը արձակ բանաստեղծության ձեւո՞վ գրեմ, թե կոպիտ արձակի, գնդապետի անունը Հասան կարելի՞ է դնել, թե այդ անունը կհիշեցնի հայտնի հեքիաթի աբու-Հասանին, եւ գնդապետն այդպիսով կկորցնի իր հպարտ շուքը, գնդապետը լա՞վ մարդ էր, թե Փարիզը տեսած տղաներն էին մարդասեր, խելոք ու անվճռական. գնդապետին լեյտենանտը պատահաբա՞ր հայհոյեց, թե կռվել էր, հաղթել էր ու հոխորտաց հաղթողի պատվանդանից, պատմեմ որպես եղելությո՞ւն, թե բովանդակությունն արդեն մասամբ հեքիաթային է, եղելություն ձեւի մեջ կդառնա բոլորովին հեքիաթ. ինչպե՞ս անեմ, որ իմ պարբերության շեշտը կարողանա վերցնել նրա ձիու վարգը, քառատրոփը, սրտի պայթյունը, թառանչը. ինչպե՞ս անեմ, որ բնանկարը փռվի գործողությունների հետ, որ խարկված միջին Անատոլուն մնա հիշողության մեջ- երբ ես ինքս չեմ տեսել այդ խարկված միջին Անատոլուն, որ ես մոռանամ իր հայրերի դահճին նրա ցեղակից լինելը եւ հարգեմ նրան որպես նյութ՝ ինչպես քարտաշն է հարգում որձաքարը. որ զսպեմ գեղեցիկ բառերի հրապուրանքը. որ շոշափել կարողանանք լեյտենանտի վայրկենական շփոթմունքը՝ երբ ատրճանակը տեսավ գնդապետի ձեռքին։ Ինչպե՞ս ասել, որ մեռնող գնդապետի համար աշխարհը խլացավ ու կուրացավ՝ երբ ես մեռած չկամ, ասեմ առանց այդ բառերի, որովհետեւ դրանք միայն բառեր են, իսկ խլանալու եւ կուրանալու զգացողությունները երեւի բոլորովին ուրիշ կապեր ու կապակցումներ են պահանջում,- կարելի է գլուխ կոտրել եւ գուցե դարձյալ ոչինչ չստացվի։ Եւ հիմա էլ ժխտվում է հումքը. քանդակում է քանդակագործը, բայց քանդակում է կավից,- ես ի՞նչ անեմ, երբ մերժվում է կավը, այբուբենը, հիմքերի հիմքը։

Իսկ դու, գրիչը վերցնելով, հանդգնել ես մեծ Թումանյանի դեմ, ասել ես՝ «Պատրանքը» լավ բանաստեղծություն է, բայց թերի է, ես հիմա արարելու եմ կատարյալը։ Իսկ դու մրցակցության մեջ ես աշխարհի մեծերի հետ…

Համագումարը գրողի փոխարեն, իհարկե, չի կարող գրել, բայց ի զորու է անելու գրելուն հավասար պատվաբեր մի բան. ստեղծել այն մթնոլորտը, որի մեջ գրողն իրեն կզգա այս երկրի տերն ու պատվախնդիրը, որպեսզի սպիտակ թղթի դեմ գրողը նստի ոչ թե որպես առաջադրանք կատարող աշակերտ, այլ որպես անհայտությունից գրականության ու կյանքի բարդ խնդիրներ բացահայտող ուսուցիչ։

1966թ.

Ֆոտոն
24.01.2010, 04:13
Շինարար ջան, թեմայի համար շատ շնորհակալ եմ: Տեղադրածդ էլ անպայման կարդում եմ հնարավորինս: Չնայած գրքով կարդալը նախընտրելի է:
Քննարկելու իսկապես բան չունեմ ես: Դեռ: Մինչև ամբողջությամբ նյութին ծանոթ չլինեմ, չեմ համարձակվի կարծիք արտահայտել, մանավանդ անհերքելի մեծության մասին: Այնպես որ թեմադ չգնահատված չհամարես: Ուղղակի լուռ կարդում եմ: :)

Դեկադա
07.02.2010, 13:23
Լավ թեմա է: Նոր «Աշնան արև»- ն էին ցուցադրում... խորամանկությունն էլ խելք է.... հացը ճամփա է բացում... ինչքան խորիմաստ մտքեր են:

Ֆոտոն
12.02.2010, 12:58
Հենց նոր կարդացի «Այս կանաչ կարմիր աշխարհը» կինովիպակը: Էնքան լավն ա: :love Չնայած «լավ» բառը ոչինչ չի ասում: Էնքան տխուր, լռիկ, քնքուշ ու պարզ ա: :( Հայկական մտածողության ցայտուն արտահայտում, ավելի շուտ, անթաքույց: :( Լացս գալիս ա: Մինչև հիմա չեմ հասկանում աղջկան կամ տղային՝ ծնողների ընտրությամբ ամուսնության սովորույթը::( Ըմբոստանում եմ ներսից ու խեղդում, դիմանում, լռում... Մոտ 30-ում էնքան հույզ կա, քնքշություն ու ամոթխածություն... Էհհ... :)

cold skin
12.02.2010, 13:58
http://tert.am/g_image.php?id=93807&tmb=1
Այսօր նշվում է հայ մեծանուն գրող, հրապարակախոս, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակը: Հայաստանի բազմաթիվ կրթական կենտրոններում այսօրվանից մեկնարկում է 20-րդ դարի հանճարեղ արձակագրի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:

Շնորհավոր ծնունդդ, Վարպե՛տ…

Ֆոտոն
12.02.2010, 14:20
Ինչ հետաքրքիր է, որ երեկվանից Մաթևոսյանի գիրքը կանչում էր, երեկ գիշերվանից: :)
Ենթագիտակցորեն իրեն հիշելու, իր գրվածքներով ապրելու ցանկություն էր արթնացել փաստորեն: :)
Շնորհավոր:)

Շինարար
12.02.2010, 19:55
Միշտ բողոքում ենք, որ մենք համաշխարհային մշակույթին մեծություններ չենք տվել, իսկ ահա ունեցած այս քիչ մեծություններին ինչքան քիչ ենք մեծարում, տարիներ առաջ ռուսական ինչ-որ կինոմրցանակաբաշխության ժամանակ հյուր էր Չինգիզ Այթմատովը, մինչև հիմա չեմ մոռանա, թե ինչպես արտասանեց մեծ գրողի անունը ռուս հաղորդավարը, ինչպես ողջ դահլիճը տասը րոպեից ավելի հոտնկայս ծափահարում էր վարպետին, իսկ մեր Մաթևոսյանը Հայաստանում` վիզը ծուռ, գլուխը կախ.. Մի քիչ մենք էլ բարձրաձայն սիրեինք մեր Հրանտին, նույն ընդունելությանը նա էլ կարժանանար: Այթմատովը գուցե մեծ գրող է, բայց մեր Մաթևոսյանը ախր հանճար էր.. Երևելի մարդիկ էլ տեսնում են, թե հայերը ոնց են վերաբերվում իրենց մեծերին ու նախընտրում են հայերի մեջ չծնվել երևի...

Շինարար
13.02.2010, 10:46
Հենց նոր կարդացի «Այս կանաչ կարմիր աշխարհը» կինովիպակը: Էնքան լավն ա: :love Չնայած «լավ» բառը ոչինչ չի ասում: Էնքան տխուր, լռիկ, քնքուշ ու պարզ ա: :( Հայկական մտածողության ցայտուն արտահայտում, ավելի շուտ, անթաքույց: :( Լացս գալիս ա: Մինչև հիմա չեմ հասկանում աղջկան կամ տղային՝ ծնողների ընտրությամբ ամուսնության սովորույթը::( Ըմբոստանում եմ ներսից ու խեղդում, դիմանում, լռում... Մոտ 30-ում էնքան հույզ կա, քնքշություն ու ամոթխածություն... Էհհ... :)

Ֆոտոն ջան, ի միջի այլոց, դա կինովիպակ է, ինչպես ասացիր, այսինքն, հայերեն ասած` սցենար, իսկ համապատախան պատվածքը գրել է Ակսել Բակունցը, կոչվում է "Միրհավ", չեմ կարծում, որ կարդացած չլինես:) Բակունց սիրում եմ մնակ նրա համար, որ Մաթևոսյանն էլ է սիրել:

Շինարար
14.02.2010, 15:23
Հրանտ Մաթեւոսյան. «Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»

Էդիկ Բաղդասարյան

Պրն Մաթեւոսյան, կարծում եք՝ կարո՞ղ ենք այսօր ասել, թե գրող Մաթեւոսյանը զբաղվում է քաղաքականությամբ:

Քաղաքականությամբ եթե զբաղվում էլ եմ, ապա շատ սիրողական մակարդակի վրա է իմ այդ քաղաքականությունը: Շատ հաճախ առաջնորդվում եմ զուտ արտաքին տպավորություններով: Որեւէ շարժման, կազմակերպության, կուսակցության անդամ չեմ, երբեւէ չեմ եղել եւ չեմ լինելու:

Թեկուզեւ որեւէ կուսակցություն կարողանա խաբել, թե հենց ինքն է ազգային համակ շահերի ընդգրկողը, ես դարձյալ պիտի վերապահությամբ նայեմ եւ անձի իմ ազատությունը պիտի ջանամ չենթարկել իրեն:

Չեմ կարող ասել, թե ես քաղաքականությամբ եմ զբաղվում: Իսկ եթե այդպիսի տպավորություն առաջացել է «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված երկխոսությունից, որ լույս աշխարհ եկավ նստաշրջանից անմիջապես առաջ, այդ երկխոսության մի պարբերությունից, ուր ես պնդում էի, թե մենք բոլորս պետք է համախմբվենք կամային մի մարդու շուրջը, եւ այդ մարդը տվյալ դեպքում Վլադիմիր Մովսիսյանն էր, ապա հիմա էլ այն կարծիքին եմ, որ պետք է խմբվենք մի մարդու շուրջը. թշնամին չպետք է կարողանա մեր մեջ գժտության ցեց գցել:

Էսօրվա մեր վիճակն այնպիսին է, որ պառլամենտ-պառլամենտ չպիտի խաղանք: Այնինչ խաղում ենք: Մեր բառապաշարում արծարծվող շատ բառեր այստեղ, մեզանում չեն ծնվել, բերվել են քաղաքակիրթ յուրաքանչյուր անձի եւ ընտանիքի պաշտպանությունն ապահոված երկրներից եւ բոլորովին չեն արտահայտում մեր քանդուքարափ երկրի այսօրվա վիճակը:

Վայրենի բան եմ ասում, բայց կարելի է նույնիսկ համակրանքի ցույցեր անել հօգուտ նրանց, ովքեր իրենց մեջ առաջնորդի, դիկտատորի կարողություններ ունեն, ովքեր կարող էին ստանձնել ժողովրդի հնարավորինս անկորուստ երթի գլխավորումը վաղվա օր, մի ժողովրդի, որին չի լքում փախուստի տրամադրությունը:

Դուք ուզում եք ասել, որ Մովսիսյանը ամենեւին կապ չուներ Ձեր ասածի հետ, Դուք մեկ մարդու շուրջը համախմբվելու գաղափարի մասին եք խոսել:

Երեկվա գործիչների մեջ, բնական է, Մովսիսյանը եւ առաջին հերթին հենց Մովսիսյանն էր լինելու այդ կազմակերպիչը: Իրենց հավաքույթներում բոլորովին ուրիշ տղաներ իրենց մեջ եւ՛ մովսիսյաններ, եւ՛ ավելին են տեսնում:

Խորհրդարանից դուրս տարբեր կարծիքներ, գնահատականներ կան նստաշրջանի աշխատանքների մասին: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ աշխատանքները:
Տարբեր կարծիքները այդպես էլ պիտի լինեին:

Ինչպես որ ժողովրդական միտքը, համաժողովրդական զգացմունքը իր հորինած աստվածների ու հերոսների հետ էր իր փրկությունը կապում, այստեղ էլ, ահա, այդ փրկության հույսը ժողովուրդը կապում էր խորհրդարանի հետ:

Այնինչ խորհրդարանը իր ժողովրդի միս ու արյունից է: Խորհրդարանը իր ժողովրդի հետ տեղապտույտ է տալիս, բաժանում է ժողովրդի եւ՛ հոգսերը, եւ՛ ելքի հույսերը: Խորհրդարանը իր ժողովրդից ավելին չէ:

Դուք իշխանությունների փոփոխություններով այնքան էլ ոգեւորված չեք կարծես: Այս կարծիքը պայմանավորված է «Խորհրդային Հայաստանում» տպագրված Ձեր հարցազրույցով: Իրո՞ք այդպես է:

Ես մի ժամանակ միտք ունեի այդ հարցազրույցներից մի ժողովածու կազմել եւ հրապարակել: Հետո տեսա, որ այդտեղ պետք է լինեն միայն այն հարցազրույցները, որոնք իմ գրչի տակով բառ առ բառ անցել են:

Բանավոր հարցազրույցները իմը չեմ համարում, եթե ես գոնե չեմ խմբագրել: (Այս հարցազրույցը տպագրելուց առաջ ներկայացրել ենք հեղինակին – Է. Բ.): Ձեր նշած հարցազրույցում, այնուհանդերձ, իմ մտքերից մի քանիսը մնացել են, որոնցից ես չեմ հրաժարվում: Այնտեղ ի՞նչ մտքեր կային, որ Ձեզ այդ եզրակացությանը բերեցին:

Ամբողջ հարցազրույցն այդ տպավորությունն էր թողնում:

Բայց այն ժամանակ խորհրդարան չկար, դեռ նոր կառավարություն չկար: Երեւի իմ դժգոհությունը հեղափոխություններից է առհասարակ:

Դուք նկատի ունեք շարժո՞ւմը…

Այո, դժգոհությունը՝ հեղափոխությունից, շարժումից: Եթե երբեւէ հարց լինի նոր կուսակցություն ստեղծելու եւ այդ կուսակցությանն անդամագրվելու, ինձ կհրապուրեն միայն պահպանողականները:

Հեղափոխությունները ես ուղղակի չեմ ընդունում: Կարծում եմ, որ ամեն մի հեղափոխությունից հետո երկրներ են ավերակվել, որոնք հետագայում ոտքի են կանգնել, ուշքի են եկել տասնամյակներ հետո միայն:

Նույնը մեզ հետ եղավ, նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Խորհրդային Միությունը: Շարժումների հետեւա՞նք է այն, ինչ տեղի ունեցավ, կազմակերպությունների «աշխատա՞նք», թե՞ ինքնին փլուզում՝ չգիտեմ, գիտեմ միայն, որ տասնամյակներ հետո ենք ուշքի գալու:

Սփյուռքահայ գործիչներից մեկն ասում էր, որ եթե ՀՀՇ-ն ընդունվի գյուղացիության կողմից, ուրեմն այն արդեն արմատներ եւ ուժ ունեցող կազմակերպություն է: Գիտենք, որ գյուղերում ՀՀՇ-ն պարտվեց, նրա թեկնածուները չանցան: Դուք, որպես գյուղացի, ինչպե՞ս եք բացատրում այս պարտությունը, ՀՀՇ-ի չընդունվելու փաստը:

Ես գիտեմ, որ շրջկոմները տեղերում իսկապես խանություններ էին դարձել, եւ գյուղն էլ իրենց կալվածքն էր: Այդ կալվածքում, իսկապես, նրանց ազդեցությունն անհաղթահարելի էր:

Սովորաբար ես իմ բերանը անեծքի համար չեմ բացում եւ անեծքի խոսքեր ես երբեք չեմ ասել: Ես ուղղակի ասացի, որպեսզի գիտենաք պատճառների ակունքից իմ տեղյակության մասին:

Գյուղացիությունը միշտ էլ պահպանողական է եղել: Եթե զեմստվոյի ընտրություններին հայ գյուղացիության մասնակցությանը նայես (եթե ուրիշ աղբյուրներ չփնտրես էլ եւ յոլա գնաս «Արմյանսկի վեստնիկի» բերած տվյալներով), կտեսնես, որ մեր հարեւան ժողովուրդները, հատկապես վրացիները, շատ ակտիվ են եղել, ադրբեջանցի գյուղացիների շահերը իրենց բեկերն են արտահայտել, մերոնք՝ գրեթե անտարբեր: Հիմա էլ, կարծում եմ, վերջին անգամ էին անտարբեր:

Ցնցումները նրան շարժման մեջ են դրել, աղքատությունն ու իր շահերի գիտակցումը նրան հիմա կքաշեն քաղաքականության ոլորտ: Եվ տա Աստված, որ գյուղացիական կուսակցության նման մի բան ստեղծվի, որը կարողանար ամորտիզացնել բախումը գյուղացիության եւ ռադիկալորեն տրամադրվածների:

Ձեր ստեղծագործության հերոսները հակադրության մեջ են խորհրդային կարգերի հետ: Գյուղի ներդաշնակությունը խախտվել է ռուսական տիրապետության տարիների ընթացքում: Դրա արտացոլումը կա եւ՛ Ձեր գործերում, եւ՛ Բակունցի ու Թումանյանի պատմվածքներում: Այժմ հնարավորություն է ստեղծվել ազատվելու այդ ռուսական ազդեցությունից: Սակայն Դուք, կարծես ի հակառակ դրան, պահպանողական կեցվածք եք ընդունել: Ո՞րն է պատճառը:

Ե՛վ Բակունցի, եւ՛ իմ, եւ՛ ուրիշների, մանավանդ Վասիլի Բելովի, Ռասպուտինի ստեղծագործություններում էլ կա արտացոլումը ամբողջատիրության բերած ճնշման, որ գյուղի շահերը արտահայտողներիս հակադրության մեջ էր դնում կարգերին եւ կառավարությանը:

Այսօրվա իմ ոչ ակտիվությունը երեւի թելադրված է վերը նշված հոգսով, որ ամեն մի հեղափոխություն, ամեն մի շարժում փլուզվում է դարձյալ գյուղացիության վրա:

Ես իմ խորանում աղոթում էի երկրի համար, այն ղեկավարի համար, որը դանդաղ, բարեփոխումների միջոցով, առանց ցնցումների երկիրը կանցկացներ նոր ժամանակներ:

Այնպես որ, դա բացատրվում է միայն իմ ունեցած վախով, որ առկա նվաճումները, առկա մակարդակը, եղած աշխատանքը չկորցնենք, մի խոսքով՝ որ էդ կիսաքանդ գոմերը, չաշխատող մեխանիզացիան, փչացած տրակտորները փոխվեն կամաց-կամաց եւ ոչ թե այդ էլ կորցնենք:

Այսինքն` Ձեր մեջ երկյուղ կա, որ ունեցածն էլ կարող ենք կորցնել:

Այո, արդեն կորցնում ենք եւ վայ թե էլի կորցնենք: Եթե կյանքի բնազդը մեզ չտիրապետի, իսկ այդպիսի տագնապ բոլորս պետք է ունենանք, որովհետեւ գյուղը այլեւս ոչ Բակունցի, ոչ էլ իմ տեսած գյուղն է:

Ներողություն եմ խնդրում, էն վաստակաբեկ, վաստակաշատ մարդիկ, գիտեմ, դարձյալ էն հին խղճով աշխատում են: Բայց ամբողջության մեջ գյուղացին շատ է փոխվել:

Չեմ ուզում բառը գործածել, բայց անհնար է՝ գյուղը այլեւս այն չէ, որի հետ բոլորս հույս էինք կապում, մարդիկ փչացել են:

Այսօր Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ: Ձեր կարծիքով՝ ժողովուրդը ո՞ւմ ետեւից կգնա, ավելի ճիշտ՝ ո՞ր կուսակցությունը կկարողանա ժողովրդին տանել իր ետեւից:

Գուցե ես հին մարդ եմ կամ մի ձեւ ինձ չի լքում, ինձ վերցրել է իր կաղապարի մեջ եւ չի թողնում այդ մասին մտածել ազատորեն: Գուցե: Կարծում եմ, որ կուսակցություններ ասած բաները, առհասարակ, հնացած կատեգորիաներ են, եւ իրենք չէ, որ պետք է լինեն կյանքի առաջնորդները:

Բոլոր կուսակցություններն էլ բոլոր ժամանակներում տառապել են մի ծանր հիվանդությամբ: Դա կուսակցական էգոիզմն է եղել:

Երբ պատմությունը թերթում ես, Դաշնակցությունը, որ թվում է՝ թեւերը լայն բացել էր եւ կարող էր ասել, թե ինքը ազգի կուսակցությունն է, բայց նա էլ համայն ազգի կուսակցությունը չէր, ազգային շահերը չի կարողացել լրիվորեն առնել իր թեւերի տակ:

Մեզանում կառաջանա՞ Ձեր ասած կուսակցությունը, թե ոչ, չգիտեմ: Երեւի կուսակցությունների ամբողջության մասին պիտի խոսել: Եվ կուսակցությունների համագործակցության, նրանց փոխհանդուրժման մասին:

Իսկապես շատ ճշգրիտ բառ է եկել՝ բազմակուսակցականություն: Պետք է միմյանց հանդուրժենք, ընդունենք, քանզի միայն միասին կկարողանանք ընդգրկել այն անընդգրկելին, որ կոչվում է կյանք:

Ոչ մի կուսակցություն եւ ոչ մի անհատ, ամենահանճարեղ մարդու միտքն անգամ լայնածավալ կյանքի վրա լինելու է ուղղակի միթեւանի մի բան: Դա Մարքս կլինի, ի՞նչ իմանամ, Լենին կլինի թե ով, դրանք բոլորը պիտի միայն մի պահ կյանքի մի եզրը կարողանան շոշափել:

Ուրեմն կեցցե բազմակուսակցականությունը: Կեցցեն բազմաթիվ կուսակցությունների փոխհանդուրժումը եւ համագործակցությունը:

Պարոն Մաթեւոսյան, Դուք ինքներդ ձեզ հակասեցիք: Քիչ առաջ խոսում էիք «դիկտատորության» գաղափարի մասին, իսկ…

Մի դեպքում ելա ընդհանրապես աշխարհի փորձից, մի դեպքում՝ Հայաստանի ներկա վիճակից, աչքիս դեմ հառնեց աղետով կործանված, փախստականներով լցված մեր երկիրը: Կամ գուցե դարձյալ հին կերպա՞րը խոսեց իմ մեջ, ժողովրդական առաջնորդ մի Անդրանիկ զորավար:

շարունակելի (http://hetq.am/am/culture/hrant-matevosyan-6/)

«Հայաստանի Հանրապետություն», 13.10.1990 թ.

Norton
14.02.2010, 19:51
Ի դեպ, փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը կդառնար 75 տարեկան:

Yeghoyan
14.02.2010, 19:56
Ի դեպ, փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը կդառնար 75 տարեկան:

Ի դեպ, եթե մի քիչ ուշադիր լինեիր, մի քանի գրառում վերև այդ մասին արդեն գրվել էր;)

Chuk
14.02.2010, 19:57
Մոդերատորական. Թեմայի հեղինակի առաջարկով թեմայի վերնագիրը «Մենք ենք, մեր Հրանտը» տարբերակից փոխվել է թեման ավելի կոնկրետ բնութագրող «Հրանտ Մաթևոսյան» վերնագրով:

My World My Space
17.02.2010, 20:35
Էս ինչ հավեսի ընկա..... մի շնչում / արդեն որերորդ անգամ/ կարդացի մենք ենք մեր սարերն ու մի քանի ուրիշ գործեր....
արա դե լավ էլի,ոնց ա կարողանում սենց սաղ տակնուվրա անի.......

Շինարար
11.05.2010, 22:55
Էս քանի օր է՝ սպասում եմ անկապի բացվելուն, բայց քանի որ Մաթևոսյանի մասին է գրելիքս, էստեղ էլ կգրեմ, ոչինչ… Մեր ակումբի Հենրիկ Բաբաջանյանը հաճախ է լավ գրականությունը համեմատում գինու հետ, որ հնանալով ավելի է թնդանում… Երևանից երկուշաբթի օրը գալիս եմ, անքուն գիշերներս փոխհատուցում եմ երևանյան երկար ու ինձ համար վաղուց ձանձրալի ճանապարհները քնած անցկացնելով… Հրանտ Մաթևոսյանը, Մաթևոսյանը, Հրանտը, Հրանտ Մաթևոսյանը… Արթնացա… Երթուղայինի ուղևորներից մի չորս հոգի ակտիվ քննարկում էին, մեկը դերասանուհի էր, մեր թատրոնում Աղունի դերն է խաղում՝ ոչ մի հենց այնպես գրված տող, բառ չկա, ամեն ինչ իսկական է, իմ կյանքից է, 10 տարի է խաղում ենք ու դեռ գալիս են… -Իհարկե, կգան, Մաթևոսյանն ուրիշ է, միշտ ձգում է, ես էլ ամեն տարի դասարանիս հետ գալիս եմ,- հայոց լեզվի-գրականության ուսուցչուհի էր… Էնպես է գրում, առանց եսիմինչ բառերի, առանց ավելորդ խճճված մտքերի,- չգիտեմ, թե ով էր, մի խոսքով բոլորը կարդացել էին Մաթևոսյան, բոլորը գիտեին, բոլորը հասկանում էին: Մանավանդ մեր լոռվա ժողովրդի համար ինքը շատ հարազատ է,- մեկն էլ էս կարծիքն ուներ: Էսօր Կապուտներ էի գնացել, հանգստյան գոտի է՝ Վանաձորում, հրաշք տեղ, նոր հազարամյակում է կառուցվել, ի դեպ անվճար է՝չնայած սեփականատեր ունի, որն էլ ֆինանսավորել է էդ հրաշքի շինարարությունը, մի խոսքով, մի թանգարան է կառուցել էդտեղ, ուր ներկայացված են լոռվա մեծերը, փոքր լուսանկարներով ներկայացված էին վանաձորցի արվեստագետները, գրողները, բանաստեղծները, նկարիչներն ու քանդակագործները, երկու մեծ լուսանկարներ կային՝Թումանյանն ու Զորյանը, ասացի՝ բայց պակաս մարդ կա, բա՝դե ում նկարը ճարել եմ, ասացի՝դժվար չի Մաթևոսյանի նկարը ճարել, խոստացավ ավելացնել, ասացի՝բայց անպայման մեծ լինի, Թումանյանի ու Զորյանի պես, մտքիս մեջ էլ որոշեցի հաջորդ գնալիս ինքս տանեմ: Ես դեռ երրորդ-չորրորդ դասարանից եմ տարված Մաթևոսյանով, էն ժամանակ շատերը կային, որ էդքան էլ չէին սիրում իրան, գոնե իմ շրջապատում, ուրախ եմ, որ քանի գնում ավելի ու ավելի շատերն են սիրում, չեք պատկերացնի, թե ինչքան ինձ լավ զգացի երթուղայինի մեջ… Էնպես համոզված եմ, որ տարի առ տարի Մաթևոսյանը հսկայանալու է մեր աչքի առաջ, հայ մտքի ու հայերեն խոսքի բնագավառում իրեն զիջվելու է միայն ու միայն իրեն արժանի էն տեղը, որի գոյությունը էսօր շատերի կողմից վիճարկվում ա… Գիտեմ` մի քիչ անկապ ստացվեց, ներեցեք`գրառումս նախապես անկապի համար էր նախատեսված:

Շինարար
18.05.2010, 01:40
Սիմոնին ուղարկել էին Ղազախ ցորենի. Ներսեսը Մանաց էր գնում,- տար տուր հորը,- ասացին: Չէ, չասացին. այդքան լեզու առնաուտ Իշխանի դեմ` նրանք չունեին. սիրտ պատռելու չափ սարսափելի էր պատկերացնել, որ այդպես կարտոլ ու հաց են ուտելու և ծաղրելու են ուրիշներին՝ թե լա'վ ապրողներին, թե վա'տ ապրողներին, և ինքն էլ՝ նրանց հետ, և կյանքը զնգալու է հեռու Մանաց քաղաքում, իսկ ինքը պառավելու և թաղվելու է Ծմակուտ: Նրանք գնացել էին Խաչերից թե Հովըտից ՍՍիմոնի համար մի հանգիստ, անլեզու հաստլիկ անասուն բերելու, իսկ Սիմոնը սև ու քրտնած եկավ Վանքեր:- Եկել եմ քեզ տանեմ:- Ինքը ցույց տվեց կողերը և ասաց՝ տես:- Դե բա ես ի՞նչ անեմ,- ասաց Սիմոնը: Երկաթուղու Ձորագէս կայարանում ինքն ասաց. «Էստեղ տուն սարքենք, դու երկաթգծում կաշխատես, ես էլ՝ հավաքարար»: Հիմա մեկ-մեկ ասում է. «Էն որ ասացիր՝ճիշտ էիր ասում, Աղունիկ»: Երկաթուղու Ձորագէս կայարանում ինքը նայեց լուսավոր խանութի առատ ցուցափեղկին, ապա նայեց Սիմոնին և դարձյալ նայեց ցուցափեղկին: Եվ Սիմոնն ասաց. «Վայ թե տրուսիկ ես ուզում, ախչի», և ինքը գլխով այո ասաց և ինքը գլխով այո ասաց և ուրիշ կողմ էր նայում, և ուզում էր արտասվել: «Ինչու՞, քոնը ու՞ր է», ասաց Սիմոնը, և իր այդ շորը հագել էր նրա քույրերից Արաքսին: Եվ Սիմոնն աչքերը ակեց ու վաճառողին հարցրեց՝ ի՞նչ արժե, և մինչ վաճառողը կպատասխաներ թե ինչ արժե, Սիմոնի թուխ ճակատը քրտնեց, որովհետև բռան մեջ մի երկու կոպեկ փող ուներ՝ այդ էր: Եվ ինքը ուրիշ կողմ էր նայում ու լաց էր լինում Սիմոնի համար: Եթե մեր միջև սիրո նման մի բան եղել է՝ դա եղել է Ձորագէս կայարանի լուսավոր խանութում:


Հրանտ Մաթևոսյան
«Աշնան արևը»

cold skin
18.05.2010, 10:40
Հատված հարցազրույցից`
-Մեր Արշակ արքայից մենք ի՞նչ էինք ուզում:
-Այս դժվար կյանքում համրիր, թե ովքեր որտեղ են դարան պահել, ովքեր որտեղ են ժանիքավորվում, Հայոց թագավոր լինելու ծանր գործի համար փորձ հավաքիր, հղկիր և որպես ադամանդ ափիդ մեջ` պարզիր որդուդ.-Առ, Արշակ:- Դե կույր-կույր. կույր-կույր ապրիր հազար տարի և խարխափելով ճանաչիր անապատի պես ոտիդ տակից փախչող այս երկիրը, կարո՞ղ ես:
-Իսկ թուխ ու ջղային մարդկանց ցե՞ղը, որ իրեն հիքսոս էր կոչում, որ մեկ բախմամբ կործանեց փարավոնների 17-րդ հարստությունը...
-...Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում զինվեց Մեծամորի պողպատե սրով, մարտակառքի անվաճաղերը հղկեց Արեգունու կենի ծառից, որ մետաղի կարծրություն ունի... Ցորնաթուխ ու եռանդուն մարդկանց մի ցեղ, որ երկաթը քարից զատում էր ֆոսֆորի մոգությամբ, իսկ ֆոսֆորը գտել էր ոչխարի ու տավարի ոսկորի մեջ և առհասարակ ոսկորի մեջ` լինի տավարի թե մարդու...
-ՈՒ Դուք հիշո՞ւմ եք նրանց...
-Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես, հիշողության մեջ չես, հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:
-ՈՒրեմն` ի՞նչ...
-Գիտե՞ս ինչ, կյանք է` և մի ակնկալիր անփոթորիկ ծով, և եթե խորտակվում ես, մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞Ւր է խարիսխդ: Խարիսխդ...
-...«Իսկ աթարի դեզի մոտ գետնին գամվել է վիզը բարակ մի տղա, խոշոր աչքերով շոյում է ծիածանը և լացը գալիս է, որովհետև ծիածանը ծնվում է աննկատ և մեռնում է անշշուկ: Իսկ իր ճակատին ծիածանի ցոլքի դեմ գրած է անջնջելի գրով, թե նրա ճանապարհը փակելու են կախաղանը, խելագարությունը և ինքնասպանությունը, և դա անխուսափելի է, քանի որ բանաստեղծի նրա հիվանդությունը տոհմական է»:
-Կաղ, կուզ, գեղեցիկ, ճաղատ, ծիծաղելի, մռայլ, սուտ անկոտրում, սուտ հանդիսավոր, դժգոհ, անվերջ դժգոհ, ուրախ, անմտության չափ ուրախ բանաստեղծների քո տոհմը, ծաղրածուների այդ մեծ ընտանիքը հիմա ամբողջ աշխարհով մեկ արև է փռում. արևի մեջ սամիթի բույր է փռում, ծիրանի ծառ է տնկում, լուսին է օծում, հմայիլի աղոթքով փափկեցնում է մարդու ժանիքները, իմաստավորելով մահը` լռին գերեզմանատներ է դնում արևի տակ, իմաստավորելով ծնունդը` ուրախության բաժակներ է փշրում, աղավնիներ ու աստղաթիթեռներ է շպրտում երկինք, հավերժելու տարտամ ցանկությունը դարձնում է հայրենիքի կարոտ, փառաբանում է հացի լինելը և փառաբանում է հացի չլինելը, տղամարդ-ավազակներից շինում է հայր-ավանակներ և արևային երկիրը լցնում է մոլոր արահետներով ու բարի ավանակներով, բանաստեղծների այդ տոհմն ահա աղուտ հարթավայրը դարձրել է Արարատյան դաշտ, և մարդիկ խմբավորվում են ըստ արհեստների, և չկա խմբավորման մի այլ կերպ: ...Բանաստեղծների քո տոհմն ահա կախաղանների տակից խեղկատակորեն աչքով է անում, սխալմամբ բանտ է նստել և քմծիծաղով սպասում է, թե հիմա թյուրիմացության համար ներողություն են խնդրելու, ատրճանակ բռնել չգիտե և գնում է մենամարտի, Հիտլերի ականջն ի վեր մրջյունի ձայնով գոռում է, թե ինքը համաձայն չէ նրա կարծիքին և ունի բոլորովին այլ տեսակետ, կապում է կործանված կամուրջները և չի նկատում, որ իր հետևից քանդելով գալիս են նույն կործանողները, կախաղանի տակից շփոթ ժպիտով նայում է քեզ, թե հիմա կհասկանան իրենց սխալը, ու սխալն էլ մարդկային է, ոչինչ: Հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին:

Աղբյուր` http://blog.antashat.com/?p=673

Շինարար
18.05.2010, 18:04
cold skin ջան, այս հարցազրույցը երևի հետաքրքիր է, բայց նշեմ, որ սա հարցազրույց է ոչ թե Հրանտ Մաթևոսյանի հետ, այլ նրա ստեղծագործություների հետ, վաղուց էի անտաշատբլոգում տեսել այն, ճիշտ է այնտեղ կոնկրետ նշված չէր, բայց Մաթևոսյանին վերագրվող պատասխանների յւրաքանչյուր նախադասություն մեջբերում է նրա որևէ ստեղծագործությունից, չեմ կարծում, որ Մաթևոսյանն անգիր արած լիներ իր ստեղծագործությունները և իրեն ուղղված լրագրողի հարցերին պատասխաներ բառացի մեջբերումներով, որպես լրագրողական հնարանք գուցե հետաաքրքիր է, բայց անտաշատբլոգում պարտավոր էին նշել, որ հարցազրույցը մտացածին է, չնայած չեմ բացառում, որ նշած լինեն, և ուղղակի ես անուշադիր եղած լինեմ:

Tig
10.09.2010, 11:25
... Ճշմարտությունը քո՛նն է, հաղթանակը՝ քո՛նը, ապագան՝ քո՛նը: Ճշմարիտը դո՛ւ ես, հաղթողը՝ դո՛ւ, ապագայի տերը՝ դո՛ւ... :
... Երեկվա խեղճիդ հույսը, տեսիլը այսօր քո ձեռքերն անցած դրոշ է: Հաղթե՛լ ենք, ասա, հաղթո՛ւմ ենք, ասա, թե՝ հաղթելո՛ւ ենք՝ նույնն է, փաստ է արդեն: Դու դա իմացիր ու քո հայրենիքը քեզ վերադարձրու: Ժամանա՛կն է:
Երբ հողիդ այլևս տեր ես, երբ քեզ չնչին ու խեղճ են կարծել, ու իրենց մռութին կերել, երբ իրենք գող են ու բոզ՝ քեզ նույնն են հրամայել ու էլի կերել կավատի իրենց ռեխին, օրն ուրեմն մոտ չէ, այլ ԱՅՍՕՐ է: Այսօր ու այստեղ է շրջադարձը: Կարդա ու հասկացիր, կարդա ու անպայման փոխանցիր: Մի՛ վախեցիր, մի՛ թող, որ վախենան, ա՛չքը հանիր վախեցնողների:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Նաիրուհի
30.09.2010, 04:44
Մեկ-մեկ ահավոր ջղայնանում եմ Մաթևոսյան կարդալիս. կարծես մեկն ինձ մերկ տեսել է։ Հա, այ մարդ, բա ես իրավունք չոնե՞մ միայն ինձ համար թաքուն մտքեր ու զգացումներ ունենալու, պարտադի՞ր էր, որ հաներ ու բոլորի աչքին ի տես դներ։ :angry
Շատ դժվար ու չուզելով եմ կարդում, ինքս ինձ տանջելով ու էդ մարդու մեծության առաջ խոնարհվելով, մարդկանցից հիասթափվելով ու նորից սիրելով։ Սարսափում եմ մարդկանց հոգիները մերկ տեսնելուց. երբ դեռևս Մաթևոսյանի տպավորության տակ եմ լինում, սկսում եմ ամեն խոսքի հետևում թաքնված «արգելված» մտքեր կարդալ, դրանից սոսկալի լարվում եմ, դառնում նյարդերի կծիկ... Բայց մեկ է՝ պաշտում եմ Հրանտին։
Մարդ քիչ է մնում խելագարվի, երբ հանկարծ բացահայտում է, որ իր է՜ն գյուղի հարևան Գևորգը, Գևորգի տղա Արամը, Գևորգի կին Ջուլոն, արդեն մի քսան տարի անմարդ մնացած Հասմիկը, որը երկու երեխայի հետ պահում է նաև սկեսրայրին ու ամառները ուզածդ տղամարդուց լավ հունձ է անում, ուղղակի Գևորգ, Արամ, Ջուլո ու Հասմիկ չեն, որ նրանցից յուրաքանչյուրը գուցե մտածում ու զգում է էնքան, ինչքան դու, ավելին՝ մտածում ու զգում է այնպես, ինչպես դու։ Ու գուցե, Աստված մի արասցե, ինքն էլ քեզ է նույն կերպ նայում...
Ու իմ կարդացած բոլոր գործերի բոլոր կերպարներից միայն մեկն է անվերապահ համակրանք առաջացնում՝ առանց անհանգստության նշույլի. Մեսրոպը :love Հա՜, մեկ էլ կենդանիները։ Մաթևոսյանի կենդանիները լրիվ ուրիշ աշխարհ են. էդ մասին էլ երևի հաջորդ ինքնամաքրման ծեսի ժամանակ կանկեղծանամ...

Smokie
05.11.2010, 13:38
Ճիշտն ասած քիչ եմ կարդացել Հրանտ Մաթեւոսյան, բայց ինչքան էլ կարդացել եմ դուրս եկել է: Բնոության մասին շատ է գրել, կենդանիների: Ինձ նա շատ է հետաքրքրում, ափսոս չունեմ իր ստեղծագործությունները::(

Շինարար
06.11.2010, 11:23
Ճիշտն ասած քիչ եմ կարդացել Հրանտ Մաթեւոսյան, բայց ինչքան էլ կարդացել եմ դուրս եկել է: Բնոության մասին շատ է գրել, կենդանիների: Ինձ նա շատ է հետաքրքրում, ափսոս չունեմ իր ստեղծագործությունները::(

Smokie ջան, սկսիր այս թեմայից, այստեղ թե հատվածներ կան իր գործերից, թե ամբողջական ստեղծագործություններ, թե հարցազրույցներ, ինտերնետում ավելի հարուստ կայք, որտեղ կարող ես Մաթևոսյան կարդալ, կարծում եմ՝ չկա:

Շինարար
06.11.2010, 11:30
Ալխո

– Ախար սարն էի գնալու, սարում ես էլ գործ ունեի, է...

– Սարն էիր գնալո՞ւ,– իբր թե մոլորվեց Գիքորը:– Բա ո՞նց անենք:– Այդպես մոլոր մնաց, մնաց ու հանկարծ աշխուժացավ, իբր թե գտավ ելքը.– Իմը վերցրու, իմով գնա: Փայտի ես, չէ՞, տանում. ուժեղ է, բարձիր ինչքան ուզում ես: Բայց, ախար, խրտնում է, վախենում եմ,– կասկածեց Գիքորը:

– Յոթ-ութ տարվա ձի է, ինչո՞ւ պիտի խրտներ, հո երեկվա քուռա՞կը չի,– սրտնեղելով ծիծաղեց Անդրոն:

– Որձությունից մեջը մնացել է, մեկ-մեկ գլխին է խփում, ուշ կռտեցի,– բացատրեց աղվես Գիքորը: Եվ որովհետև նա այդպես լուրջ բացատրեց, Անդրոն էլ հետաքրքրվեց լրջորեն.

– Տարբերություն է տալի՞ս:

– Ասում են չէ, բայց իմը տվել է: Էն օրն էլ, պառավը սարից գալիս, խրտնել, ջարդուխուրդ է արել:

– Թամբը գոմի սրահում է,– նեղացավ Անդրոն,– ինքը ձորում սալերի մոտ է: Շատ չբարձես, Գիքոր, քո փութը ես լավ գիտեմ:

Գիքորը ծերունավարի դանդաղ ու թեթև գնաց դեպի գոմի դուռը: Եվ որպես իսկական ձիատեր՝ հայհոյեց Անդրոյին. «Երեսթո՛ւյլ շան տղա, թե որ իմ փութը լավ գիտես, ինչո՞ւ ես տալիս: Հլա սրա թամբին նայիր, ախար ձին քո ի՜նչ բանն է»:

Իսկ Անդրոն կարծում էր ծերունուն նեղացրել է, և որովհետև սա մի տեսակ վրդովված ելավ գոմի սրահից, ուզեց մեղմել իր անվայելուչ խոսքը.

– Կատակ եմ անում, կատակ, այտա: Գիքո՜ր,– ծիծաղեց Անդրոն,– որ ձորը մտնես՝ չվախենաս, ջրում սպիտակ գոմեշ կա:

– Չէ, չէ,– աշխուժորեն չհավատաց Գիքորը:– Տեսել ե՞ս:

– Իջել էի տեղփոխ անեմ...

– Ջահել ես, կտեսնես:– Նա սրա մեղուների դիրքը չհավանեց, ամառ օրով տանն էր՝ չհավանեց, տանձը փչանում էր՝ այդտեղ արդեն բոլորովին բարկացավ.– Այտա՜... դու գոմեշ տես, իսկ տանձդ հրես ձեռից գնում է:– Եվ տանձենու տակից հեգնելով ու խնդրելով վիզը ծուռ՝ ասաց նախագահ ժամանակվա պես արագ-արագ.– Էսօր տակառ թրջիր, առուն հրեդ, էգուց էս տանձից մի հատ չլինի վրան: Քո տո՜ւնը շինվի, ձեռիցդ հազար է թռչում, դու օրը ցերեկով քուն ես մտնում:

Երբ նա ձորի պռնկին էր, Անդրոն ձայն տվեց.

– Գիքոր քեռի՜... Սարով ե՞ս գնում:

– Տեսնենք:

– Եթե սարով գնաս, Աշխենին ասա էս երկու օրը կգա փետ բերելու, փետ բերելու:

– Անդրանի՜կ...

– Ի՞նչ է, այ մեր:

– Ձին էդ ո՞ւմ ես տալիս:

– Գիքորին:

– Ի՞նչ է անում:

– «Թե, ասա, ինչի՞դ է պետք»:

– Հա ջա՞ն:

– Տանում է Ղա՜զախ:

– Բա էդ անասունը մեղք չի՞:

– Մեջքը կկոտրի՞:

– Հա՜, քեզ մատաղ:

Ձորում, քարերի մեջ, գետը մրմնջում էր, աղջիկների մայրը գլուխը ծնկներին ոչ այն է նիրհում էր, ոչ այն է տխրում ջրերի վրա ու իր սպիտակ ոտքերի վրա, աղջիկներից մեկը խռովել էր ու նիհար մեջքը կեռած գրկել ծնկները, մյուսը խոտը մտցնում էր նրա ականջը և խուլ ու խզված ծիծաղում, և քույրը, շրթունքներն ուռցրած, շուռումուռ էր գալիս նստած տեղը, վիթխարի մարդաթողը անում էր իր փափուկ պտույտները արևի տակ, իսկ Ալխոն կանգնել էր ու թախծում էր: Եվ այդ ամենը հանգած ու իզուր էր, ինչպես չաշխատող ջրաղացի ջուրը, ոտքի վրա փտող ծառը, տակին փռված արտ չունեցող արևը: Գետակը պիտի բաժանված լիներ մարգերի մեջ, աղջիկների մոր դիրքը իսկական բուրդ լվացողի էր, աղջիկները պիտի մոռ հավաքեին, հանդի տանձ հավաքեին, խոտ հավաքեին, հնձվորի համար պիտի ջուր տանեին, վիթխարին պիտի կանգներ դեզի տակ ու խոտ տար դիզողին, կամ թե չէ... Գիքորը կանգնեց, նայեց-նայեց և ժպտալով ու գլուխը թափահարելով գնաց դեպի Ալխոն:

– Պարապությունից սատկում ես,– ասաց Գիքորն Ալխոյին,– Ղազախի ճամփան միտդ է՞:

Ալխոն, նիրհի մեջ, վերցրեց թամբը, պոչատակն առավ ոռբանդը, հագավ կրծբանդը, փորքաշները, սանձը, մի քիչ նեղացած՝ բերանն առավ լկամները, անզգա՝ շալակեց թամբողին ու ծեր-ծեր ճոճվեց քարերի միջով: Ոտքի տակ, ավազի վրա, քարը փախավ և Ալխոն փորը գետնին խփեց:

– Հաըըը...– և այդտեղ լկամները ճոթռեցին հին կոշտուկները, փափուկ շիվն անսպի տեղ գտավ փորատակին, և Ալխոն ճանաչեց աղվես Գիքորին: Դա կողերը ճնշող բեռ էր, թոքերի նեղվածք և քաղցր լեզվի սուտ հորդոր:

Ալխոն թառանչեց և ուզեց գնալ վարգով, բայց լկամները ջարդեցին բերանը՝ պահանջելով ձգվածություն և դանդաղ ընթացք:– Հիշեցի՞ր...– Լկամները ճիշտ պահանջեցին, որովհետև ահա միանգամից վեր նետվեց յառը. եթե վարգով գար՝ առջևի ոտքերը կծալվեին, ետևի ոտքերը տակից դուրս կպրծնեին և շրթունքները կջարդվեին ատամների ու չոր գետնի արանքում:

Իսկ Գիքորը, թամբի վրա շրջվելով, այնուամենայնիվ, ասաց աղջիկներին.

– Հասած աղջիկ եք, մոռը հոտում է, մոռն ի՞նչ է՝ խաղ է, գնացեք քաղեցեք, ձմեռը մուրաբա կունենաք: Ձեր հերը կուրախանա,– ավելացրեց Գիքորը:

Վիթխարին հառաչեց ու պորտը դեմ արեց արևին, իսկ աղջիկները ծիծաղեցին տաք ու խուլ:

– Քույրիկ, քեզ եմ ասում,– Գիքորը կզակ արեց տարիքոտ կնոջը:

Աղջիկների մայրը ծնկների վրայից նայեց ամառվա ալարկոտ թախիծով, իսկ վիթխարին տեղում հարմարվեց: Վիթխարին տեղում հարմարվեց, և այդ ժամանակ Գիքորը հասկացավ որ՝ չէ... որ՝ չէ, նա ափսոս է, խոտ դիզելու համար չէ:

– Էս՝ լիրբ ե՞ն,– քրթմնջաց Գիքորը, նայեց, բան չհասկացավ, ինքն իրեն ասաց, որ աշխարհը փչացել ու բարդացել է, ու կրընկեց Ալխոյին:

Զառիվերը ելան, մտան ճանապարհ՝ ճանապարհից ջոկվեց Անդրոյի տան արահետը: Ալխոն միամիտ-միամիտ ուզեց խաբել աղվես Գիքորին, ուզեց ցույց տալ, թե դա սովորական օր է, և ինքը ձորից զառիվերով բարձրացել է, ճանապարհով ու արահետով ահա գնում է իրենց դուռը. Ալխոն ոտը կախ գցեց, ապա միանգամից թեքվեց դեպի արահետ, բայց այդտեղ սանձի մյուս ճյուղը ձգվեց, թեքեց գլուխը և ասպանդակները կոշտացան հին սպիների վրա:

– Աղվեսի՛ն տես, աղվեսին,– ասաց Գիքորը և տարավ գյուղամիջյան ճանապարհով:

Լոբուտից դուրս նետվեց սուրդունչ կարմիր քածը, Ալխոն հոգնած ու զզված քացի գցեց ու հասկացավ, որ ճանապարհն այն է, ճնշող բեռի և թոքերի նեղվածքի շոգ անվերջանալին, և զզվանքով ու հոգնած շպպացրեց քացին: Եվ զգաց, որ սմբակը մտավ շան մեջ ու ելավ:

– Չի լինի՞, որ քո ձին քո տան ճանապարհով տանես,– պատշգամբում կապտեց վարիչ Ռուբենը:

– Իմ տան ճանապարհը սա է, քածդ կապած պահիր:

– Ուրիշի ձին նստել է՝ ուրիշի շուն է սպանում:

– Վազ տուր գյուղխորհուրդ,– ասաց Գիքորը Ռուբենին, բայց ճիպոտով վառեց Ալխոյի՛ փորատակը:

Սուրդունչ քածը հավիտյան չար է՝ պիտի վրա պրծներ, և որ քացուց հետո նրա շունչը մի րոպե պիտի կտրվեր ու կաղկանձից հետո խոսխսեին՝ հասկանալի էր, բայց այդ ճիպտելուն Ալխոն բոլորովին չէր սպասում: Դրա համար էլ մարդկանց աշխարհը նրան թվում էր անվերջ անըմբռնելի: Քսան տարի եղավ ահա կրում է մարդկանց ու նրանց բեռը, քսան տարի նրանց ցենտների տակ խորհում է նրանց մասին, բայց բան չի հասկանում ոչ թե այն պատճառով, որ ձի է, այլ որ նրանք կայուն չեն:

Տարավ դարբնոցի դուռը: Վառվող երկաթի սուր հոտը Ալխոյին ծանոթ էր հին օրերի ուժեղ ու փաղաքուշ պայտառի հետ, որ հիմա ընդառաջ չելավ ու չշոյեց ձիու աչքերը: Ածխոտ գոգնոց կապած, ծխախոտը բերանին երիտասարդը մոտեցավ, ոտքը ծալեց, շը՛խկ, շը՛խկ, ու էլի մտավ դարբնոց: Այդ մարդկանց բացած ճանապարհներին շատ թե քիչ դիմանում է նրանց պայտը, պայտվելու համար Ալխոն շնորհակալ էր, ճանապարհները կոշտ են, բայց, ախար, մեխը ծուռ գնաց, մտավ նյարդերի մեջ, մյուս ոտքի էլ պայտն էր սեղմում. Ալխոն սաստիկ վիրավորվեց:

– Այտա, վայ թե ծուռ ես խփել,– ասաց Գիքորը՝ ականջ դնելով դարբնոցի ձայներին:

– Շոգ է, շո՜գ,– ասացին ներսից ու ծիծաղեցին:– Աշխօր է, աշխօ՜ր: Տվածդ ոսկի չի:

Ալխոն գնաց զույգ ոտքից կաղալով և հիվանդի պես զգույշ, նյարդերը ցավում էին:

– Դե լավ, մի՛ սատկիր,– ասաց հեծվորը,– կգնաս՝ կբացվի:

Ալխոն ցավից մոռացավ հեծվորի ովությունը և ճիպոտը, և տհաճ կարմիր շանը, և որ՝ ճանապարհ էր, թամբած էր՝ պիտի գնար. Ալխոն կանգնեց, բայց սանձերը ցնցռտեցին գլուխը ու ճիպոտը դարձյալ փաթաթվեց փորին.– Հա՜,– և Ալխոն դարձյալ հասկացավ, որ այդքան անխիղճ, այդպես ջղային ու այդքան փնթի՝ հեծվորն աղվես Գիքորն է: «Տեսնես ո՞ւր է տանելու»:

Ճաղավոր ցանկապատը նրանց առջև բացվեց ու ետևից փակվեց, թուխսը ճտերի հետ կտրեց արահետը, «տեսնես ո՞ւր է տանելու», և Ալխոն շղթայի զնգզնգոց լսեց ու տեսավ սև մազաթափ շանը: Դա մի քոսոտ ու քոսից ջղային շուն էր, միշտ կապած, որ լարի տակով վազում էր գոմի դռնից տան դուռը, տան դռնից գոմի դուռը, գոմի դռնից տան դուռը, տան դռնից... Նա կանգ առավ ու թուքը շաղ տալով հաչեց, հաչեց, հաչեց... Եվ այդտեղ Ալխոն բոլորովին հասկացավ, որ ընկել է աղվես Գիքորի ձեռքը, հիշեց շոգ ճանապարհը, բոռերին, զզվելի ջուրը, կարճ ու ջլուտ շատ նենգ օձին, որ մի ժամ անընդհատ սողում ու թաքնվում էր նրա շուրջը, մինչև որ մի պահ մոռացնել տվեց իր ներկայությունն ու հարվածվեց-խայթեց. ոտքը սուր ծակվեց, հետո կարծես ոչինչ էլ չէր եղել, իսկ հետո ոտքը տաքացավ ու թմրեց, սիրտը քաղցր խառնում էր և գլուխն էլ տաքացավ ու թմրեց: Ու իրեն՝ թմբիրի մեջ կիսախուլ, բարձում ու բարձում էին: Ինքը ոչինչ էլ չէր ուզում. տաք քաղցրի մեջ հիշողություններն ու ցանկությունները հալվում էին, և դա հաճելի էր. բոռերը չկային, բեռը չկար, Գիքորը չկար և լավ կլիներ, որ նրանք ընդհանրապես չլինեին, օձը կծեր մի կորած հանդում, ինքը հանգիստ ապրեր իր մահը: Բայց նրանք հասկացան նրան:

– Օձը կծել է, Գիքոր: Ձիդ ուզում է սատկի:

– Կսատկի՞: Կսատկի, խայտառակ կլինենք Անդրոյի առաջ:

– Չէ,– ասացին,– քրտնեցրու, չթողնես կանգնի:

Հյուսկեն չոր ու ճապուկ մտրակով իրեն տեր արեցին իր փորի նրբությանը, բեռանը, ճանապարհին: Սարի խոտին ու սառն աղբյուրին: Սկսելու ծանրությանն ու վերջացնելու թեթևությանը: Կայարան գնալու զզվանքին ու վերադարձի ուրախությանը: Պայտվելու սարսուռին և պայտվածի միամիտ գոռոզությանը։ Զամբիկի կարոտին ու հովատակի վախին: Զամբիկի ամենազոր ցանկությանն ու հովատակի դիվային կատաղությանը: Զամբիկի հիվանդությանը և անտարբերությանը բեռին, ջրին, կայարան գնալուն, Գիքորին ու սեղմող պայտին: Տեր կանգնեցրին իր ոստակալած ոսկորներին և գիշեր-ցերեկներին ու ճանապարհներին, որ վե՜րջ չունեն, վերջ չունեն, սկսում են լայն, նեղանում են, բարակում են, կեռվում են ու դարձյալ լայնանում են, վերջ չունեն: Կանչեց ինքնագոհ աստված Ալխոյի հոր հոր հոր հորը, ասաց. «Ահա՛, Ալխոյի պապ, ես արարեցի քեզ կառուցիկ ու խելոք, փռեցի կանաչ մարգագետինը քեզ համար, հնարեցի գայլը, որ դու վազես ու մնաս կառուցիկ, և մարդը քեզ պահապան, ահա ձի՛, քանի՞ տարվա կյանք ես ուզում»: Եվ մտածեց Ալխոյի պապի պապը, և որովհետև աստված նրան խելացի էր համարում՝ դարձյալ մտածեց և պատասխանեց մտածված. «Քսան տարվա կյանք, տեր»: Եվ աստված նրա պատասխանը հավանեց և տվեց քսան տարվա կյանք: Ախար ինչի՞ համար, այ պա՜պ, քսան տարի, ախար քո ինչի՞ն էր պետք քսան տարին, իմ ինչի՞ն է պետք...

– Էս ձին ինչո՞ւ է տխուր, Գիքոր:

– Դու պարկերի տեղն ասա, այ մեր, պարկերն ո՞ւր են:

– Հիվանդ ձիով Ղազախ ես գնում, Գիքոր:

– Չի սատկի, դո՛ւ լավ լինես:

– Էս ձին մեխով է, Գիքոր:

– Օ՜ֆ... դե որ էդքանը հասկանում ես, աքցանը գոմի սրահից բեր:

Հանված մեխի անցքով ցավը նյարդերից դուրս ծորաց մեղրի պես դանդաղ, և հաճելի էր մանր ցոլցլացող ցավը, բեռի ծանրանալը փութ առ փութ, ասպանդակի հպումը, սանձի կոշտությունը, քոսոտ շան թաց հաչհաչը:

Ճանապարհը սար հանողն էր... զով հովի շվշվոցն ականջներում և անվերջ համով խոտը... և Ալխոն գնաց աշխուժով: Զառիվերը մի ժամվա, մի շնչի բան է... հետո անվերջ համով խոտը:

– Կարծում ե՞ս...– ասաց Գիքորը, ճանապարհից թեքեց, տարավ այգիների արահետով:– Տանտե՜ր,– կանչեց:

Պահակը, շապիկով, ծառերի տակ խոտ էր հնձում: Ընդառաջ եկավ, շունը կապեց, ձին քաշելով Գիքորը գնաց, խոսեցին, պահակը կարծես դժգոհ էր, բայց բեռը ծանրացավ տանձուխնձորով:

– Վարունգ չունե՞ս... Դե լավ, որ դժվարանում ես, պետք չի... Ղազախից քեզ համար ի՞նչ բերեմ:

Պահակը Ղազախի ոչինչ էլ չուզեց, իսկ վարունգը ծանր էր ավելի, քան տանձուխնձորը:

– Հաա՜, անտերի սատկած, բեռ չես տեսե՞լ... Գեներալի ձի է... Անդրոյի ձին ես, էլի:

Արահետով ետ հանեց ճանապարհ, տարավ՝ մինչև որ էլ չէր լսվում պահակ շան հաչոցը, հետո անսպասելի ձիգ տվեց սանձի աջ ճյուղը: Ալխոն շուռ եկավ՝ այո, իհա՛րկե, աջ կողմը հասած շոգ արտն էր: Ասպանդակները պահանջում էին գնալ, ձայնը, ցածր, հրամայում էր գնալ, բայց ախար դեմն արտ էր: Ալխոն ետ-ետ էր անում, և ասպանդակները, ձայնը, ճիպոտը միանգամից նրանց մղեցին արտ, տարան արտով: Մարդիկ զարմանալի են, մտածեց Ալխոն, մի բան մի ժամանակ չի կարելի, նույն բանը մի ուրիշ ժամանակ, ահա, կարելի է: Ինքը, մենակ, արտ չի մտնում, որովհետև միթևանի հանդապահը գոռգոռում է, տանում օրերով փակում են ցեխ գոմում, ինքը չի ուզում փակվել ցեխ գոմում, իսկ ահա ծեծեցին դրա համար: Մտնում ես՝ ծեծում են, չես մտնում՝ ծեծում են: Բայց երբ Գիքորը, առանց ձայնի ասպանդակելով, նրան անցըրեց առուն, մտավ անտառ, հնձած բացատը շրջանցեց, Ալխոն հասկացավ, որ իրեն տանում է գողության: Անտառը դուրս եկան՝ կարտոֆիլի ցանքսերն էին: Կարտոլ է գողանալու, որոշեց Ալխոն և կանգ առավ:

– Կեցցես, Անդրո՛,– զարմացավ աղվես Գիքորը:– Արածիր,– ցածր շողոքորթեց Գիքորը,– արածելն էլ քեզ կմնա:

Շինարար
06.11.2010, 11:36
Արածելու բան չկար, բեռն էլ թեթև չէր՝ Ալխոն կանգնեց ու սպասեց: Ծառերը չէին ճոճվում, ցողունները չէին շարժվում, ծաղիկները բացվել պրծել էին, արևի տակ ամեն ինչ սպասում էր իր լուռ սպասումը ձիու պես անքեն, հանգիստ ու անորոշ թախիծով: Հետո իրենց մեջ, արևի տակ, մեկը շարժվեց, և այդ տեսան բոլորն ու Ալխոն: Ձին ականջները ցից սպասեց, թե ինչ է լինելու: Ցանքսերի ամենագլխին շան պես կքած էր քողտիկը և կանգնած էր պահակը՝ բահը ծնոտի տակ: Ապա քողտիկը այդպես անշարժ էլ մնաց, իսկ պահակը, բահի կիսից բռնած, փափուկ-փափուկ վազեց անտառ: Գիքորը, հողին կպած, կարտոլ էր հանում: Ալխոն նայեց անտառին, նայեց Գիքորին, սպասեց թե էլ ինչ է լինելու:
– Հը՛, մարդ ես տեսե՞լ,– հողին կպած՝ շուռ եկավ Գիքորը:– Հանգիստ չես կարո՞ղ մնալ:
Մեկ էլ, հենց ուղիղ Ալխոյի աչքի անկյունում, ծառից անջատվեց պահակը՝ բահի մեջտեղից բռնած: Ալխոն նրան ճանաչում էր, նրա աշխօրի կարտոլը նրա տուն էր տարել, նա մի հանգիստ բիձուկ էր, չէր խփում, չէր խոսում, թողնում էր իր ոտքով իր ճամփան գնալ: Ալխոն հայտնեց նրան տեսնելու իր ուրախությունը և այդ ժամանակ նա մատը դրեց բերանին,– սուսս,– ու կանգնեց: Հետո Գիքորը հողին կպած կարտոլ էր դուրս տալիս, աղվեսը մկնաբուն էր քանդում, և բիձուկն ու Ալխոն չըմբռնելով նայում էին այդ լուռ աշխարհում միակ շարժվող նրա թիկունքին, որ ընդարմացել էր ու չէր զգում ձիու և բիձուկի հայացքը: Նա հողից կտրվեց, երբ պարկը բերնեբերան լիքն էր. նա կանգնեց, շտկեց մեջքը և այդ ժամանակ տեսավ բիձուկին:– Հա՜, հա-հա-հա-հա,– և նրա ծիծաղը շատ էր նման ձիու ծիծաղի:
– Էդ ի՞նչ ես անում,– հարցրեց բիձուկը:
– Հա-հա-հա-հա, ասի տեսնեմ կնկատի՞...
– Բա գործիս անունն ի՞նչ էր, որ չնկատեի:
– Օգոստոս է, ասի Ադամը բացատներում խոտ կտրելիս կլինի: Ձմեռս քո խոտը շուտ վերջացավ, չէ՞:
– Մեղքն իմը չէր, գնա Սանասարին ասա:
– Սանասարի գործը չթողնելն է, քոնը հնձելը:
– Լեզու չունեմ շան հետ գլուխ դնելու:
– Էդ էլ է ճիշտ: Մենակ դժվար էր լինելու,– ասաց Գիքորը,– օգնիր վրան գցենք:
– Բա էդ անասունը մեղք չի՞:
– Ձի է, էլի, գործի անո՞ւնն ինչ է:
– Գնացի՞ր,– նրանց ետևից տխուր նայեց բիձուկը:– Մնայիր՝ մի քիչ զրուցեինք:
– Գիշերս Ղազախ եմ գնալու, լուսով հասնեմ սարը: Ղազախից քեզ համար ի՞նչ բերեմ:
– Ողջությունդ:
Հետո սարերը շնչեցին թեթևությամբ ու սառնությամբ: Սարի քամին սվսվաց ականջների մեջ, խտուտ տվեց շեքերը, մտավ բեռան ու թամբի տակ, քրտինքը չորացրեց, խաղաց ռունգներում ու ծփաց արևախանձ բաշի հետ: Վերջալույսի մեջ, լեռների ուսագծերին, նարնջագույն երամակները բոցեր էին փախցնում, զեփյուռը խաղ էր անում նրանց վրինջի հետ և նրանք թվում էին մերթ շատ մոտիկ, մերթ հեռո՜ւ, հեռու: Ալխոն բարձրագլուխ խրխնջաց՝ իմաց տալու, որ ինքն այդտեղ է, չի մոռացել նրանց ու նրանց ազատ սլացքը և իր սլացքը նրանց հետ, և այդ բեռը կապ չունի իր հետ, դա Գիքորի բեռն է... Ալխոն գնաց արագ՝ բեռից շուտ ազատվելու, և այդ ժամանակ այդ Գիքորը քմծիծաղեց,– Կեցցե՛ս,– և քարի տակ քաշեց ու իր համար տեղ գտավ բեռների արանքում:– Դե հիմա գնա...
Հեռվի փոքրիկ սարահարթին ծխում էր ուրթը: Ճանապարհը մի քանի անգամ փաթ տվեց բլուրները՝ աչքից կորցնելով ուրթը, ելա՜վ իջավ, ելա՜վ իջավ, և երբ դարձյալ ելավ՝ ուրթը դեմներն էր: Անաղմուկ ու սառը օրորվում էին հովվակրակները, հոտերը փարախավորվել էին, շները գտել էին իրենց տեղը հոտերի շուրջը, պառկած կովերը կշտությունից նեղվում էին, երամակի մեջ մի ջահել քուռակ խրխնջաց անառիթ ու անհոգս,– և խռպոտ ու ոստակալած Ալխոն ուզեց հայտնել իր մուտքը թափառող մառախուղների թաց սարեր, բայց Գիքորը ձգձգատեց սանձը, և խրխինջը մնաց կիսատ:
– Անդրո՞:– Մթի մեջ մեկը ծխում էր:
– Մեսրո՞պ:
– Գիքոր, դու ե՞ս: Ձենն Անդրոյի ձիունն էր:
– Ալխոն է, հա:
– Ի՜նչ էլ բարձել ես:
Արահետի վրա, ձեռքերը գոգնոցի տակ ու վիզը ծուռ, կանգնել էր Անդրոյի Աշխենը: Խելո՜ք, մո՜ւնջ, հնազա՜նդ...
– Գիքոր քեռի՞...– ասաց:
– Բարև, Աշխեն:
– Էդ մեր ձին է՞:
– Հա, Ալխոն է, Աշխեն:
– Գիքոր քեռի, բա Անդրոն պիտի գար, ինչո՞ւ չեկավ:
– Ասաց էս երկու օրը կգա, Աշխեն:
– Էս կարագն էստեղ հոտում է, Գիքոր քեռի, ինչո՞ւ էսօր չէր գալիս:
– Դե էդ ինքը կիմանա, Աշխեն, եսի՞մ ինչու չէր գալիս:
– Հա՜,– համաձայնեց Աշխենը:– Ի՜նչ էլ բարձել ես:
– Ի՞նչ եմ բարձել, Աշխեն, երկու կիլո կարտոլ է, մի քանի հատ խնձոր-մնձոր:
– Ոչինչ...
Աշխենը միայն արձանագրում է: Աշխենը թեքեց իր ճանապարհը դեպի իր վրանը: Աշխենը կին է, տան տղամարդն Անդրոն է: Աշխենը չի խառնվում տղամարդկանց գործերին: Իրենց հաշիվներն իրենք գիտեն: Աշխենը կին է, կով է կթում, ոչխար է կթում, սպասում է Անդրոն փայտ բերի... ձին վերաբերում է Անդրոյին: Անդրոն փայտ չի բերում՝ Աշխենը վիզը ծուռ կսպասի, կարագն այստեղ հոտում է, իսկ ձին ուղարկում են Ղազախ՝ Աշխենը կհամբերի, համբերատար է:
– Մի պարկ կարտոլն ինչքա՞ն է լինում:
Գիքորը թեթևակի ետ նայեց՝ Աշխենը կանգնել էր կռները կանթած: Գիքորը լուռ արհամարհեց. հաչողը կապած շուն էր:
– Տո աղվե՛ս... Մի գյուղով չբավարարվեցիր, խանութով չբավարարվեցիր, հիմա էլ ժողովրդի տներն ես քանդո՞ւմ... Մկնաբուն ես գտե՞լ... տո անամո՛թ, ձին տակիդ՝ ուրիշի ձի ես բանեցնո՞ւմ... Խոսիր, է՛, ծակը մի մտիր:
– Գլուխ մի տար,– բեռները քանդելով ասաց Գիքորը,– կնիկ ես՝ քո կնիկությանը կաց:
– Դու իմ տունը քանդես, բերան էլ չբացե՞մ:
– Օ՜ֆ...– ժպտաց Գիքորը,– քո տունը ուրիշի կնանիքն են քանդում:
Գիքորը բեռներն իջեցրեց, իր պառավին մի բան ասաց, բեռները ներս տարավ, իսկ Աշխենը դեռ խոսում էր, և այդ ժամանակ Գիքորը բարկացավ.
– Հիմար-հիմար քի՛չ դուրս տուր:
– Իմ մասին մի քիչ մտածում եմ՝ հիմար դարձա՞:
Այդ ժամանակ Գիքորը ասաց ոչ թե Աշխենին, ոչ թե ուրթին, ոչ թե իր պառավին, այլ ինքն իրեն, բայց որովհետև ուրթը հավաք է, գիշերվա լռություն էր և թաղիքները բարակ են, ասաց բոլորին.
– Սրա լեզվի ձեռից է խեղճ Անդրոն էնտեղ կնիկ առել, ես էլ ասում եմ ինչո՞ւ կլինի առած:
Նրա պառավը ձեռքը բերանին մնաց, մնաց, հետո հարցրեց սուտ-վախենալով, սուտ-զարմացած և հին օրերի հետաքրքրությամբ.
– Ի՞նչ կնիկ, այ Գիքոր:
– Ղազախ եմ գնում, բեռները սարքե՞լ ե՜ս,– գոռաց Գիքորը:– Մարիամ է ինչ զահրումար է: Հավերը կապիր:
Հետո դարձյալ լռություն էր, մթի մեջ ծխում էր ձիապանը, տնքում էին կովերը, մարմրում էին հովվակրակները, հովիվները հիշում էին Մարիամին և հիշում էին, որ նրա վրա իսկի բան չկար, կամ, ով գիտի աշխարհը, երևի կար,– և Ալխոն հանգստանում էր մի ոտքը ծալած, և վրանում լուռ եփվում էր Աշխենը:
Աստղալույսի մեջ, փարախում, անրջում էին տաք զամբիկները, իրար սեղմված գավակների վրա խլշվել էր հովատակի բարձր գլուխը, մթի մեջ հավեր ճչացին, հետո հավեր կապվեցին Ալխոյի թամբից, թաց մածնատոպրակներ կախվեցին Ալխոյի թամբից, «Մի շաբաթ է գիտի Ղազախ եմ գնալու, մածունը դեռ չի քամել:– Մինչև տեղ հասնես՝ կքամվի, էլի, այ մարդ, ինչի՞ ես դիվոտում», ապա թաց պանրատոպրակներ կախվեցին Ալխոյի թամբից, շիճուկն առուներ տվեց կողերն ի վար, հավերը ծրտեցին Ալխոյի վրա և, քնատ, թափահարվեցին, հետո բրեզենտ փռվեց հավերի, մածնի, պանրի ու ծերտի վրա ու բրեզենտին նստեց Գիքորը:
Եվ կիսանիրհի մեջ դեմն օրորվեց գիշերը, և կյանքը լավ էր սարքված, որովհետև Ղազախ նրան սպասում էր նրա կարմիր ցորենը, և հավերը ճանկռտում ու կեղտոտում էին, մածունը քամվում էր, պանիրն աղաջուր էր կաթում բրեզենտի տակ, Ալխոյի վրա, իսկ իր ծերունական նստուկը մնալու էր չոր:
«Ձեզ համար սարի պանիր եմ բերել»: «Ձեզ համար սարի մածուն եմ բերել»: «Ձեզ համար սարի հավ եմ բերել»: Հովտում շոգ է, հովտեցիները կարծում են սարի հավը լեռների սառնությունն է: Ասա՝ ձեզ համար հավ եմ բերել – իրենց դռներին քջջում ու խռնվում են հիսունը: Սարի՛ հավ: Այդ բաները Գիքորը լավ գիտի: Գյուղում ասում են, թե նա թոշակի հանձնաժողովին կաշառել է ով գիտի քանի հազար ռուբլով: Պառավն էլ այդպես գիտի: Հիմար են հարևաններն էլ, պառավն էլ: Հանձնաժողովի նախագահը հին ծաղկուտեցի էր, ինքը տոպրակով մածուն տարավ, ասաց՝ «քեզ համար Ծաղկուտի մածուն եմ բերել, Ծաղկուտի սարերն ու մեր սարերը մեկ են», իսկ քաղաքի վրա նստել էր տոթը, փողոցներում, ծառերի մեջ, շքամուտքերում, տների բոլոր ծակերում տոթը մանրամասն խտացել էր, օդափոխիչները խառնում էին այրվող օդը: «Ծաղկուտի ու մեր սարերը մեկ են, վերև, ամպերի տակ: Քեզ համար սարի մածուն եմ բերել»:
Կեչուտի աղբյուրը խոխոջաց աստղալույսի մեջ, բլուրն անցան, հետո արահետը ճղվելու էր: Մի հավք ծղրտաց մոտիկ թփուտներում, հետո ձիու քայլերն էին, հետո թպրտաց ու խաղաղվեց: Արահետը կտրեց-անցավ ոչ այն է գայլ, ոչ այն է նապաստակ, ոչ այն է սատանա: Հազա՜ր... ինն հարյուր... տասնո՞ւթ... տասնինը թվին, աշնանը, Նեսոյի Արշակին էստեղից գտան: Նեսոյի Արշակի մուգ կարմիր զամբիկը հինգ տարի հետո Կիրովական տեսնող էր եղել: Կիրովականը էն ժամանակ Ղարաքիլիսա էր: Ձիու նոր տերն ասել էր. «Ղազախի շուկայից եմ առել»: Իսկ սա երբ նորից էր հետաքրքրվել, ձիու նոր տերն ասել էր՝ ձե՛նդ:

Շինարար
06.11.2010, 11:40
Հասան ճյուղավորմանը: Այն, որ ձախ էր թեքվում, սարերի արահետն էր, պտտվում էր ամբողջ սարահարթով մեկ, իրար էր կապում աղբյուրներ ու աղբյուրներ, ուրթեր և ուրթեր, երամակներ ու երամակներ, ամպոտ գագաթներ ու անքամի թաքստոցներ: Ալխոն ոտը մի րոպե կախ գցեց ու, իրենից արագ, նետվեց ձախ:
– Հա՜...
Լկամը պատռեց բերանը, վիզը ոլորեց ու գլուխը թեքեց, և Ալխոն հիմա այդպես էր ձգվում սարերի արահետով: Լկամները գլուխը տնկեցին մեջքի վրա, Ալխոն առջևը չէր տեսնում, բայց ոտքերը տանում էին սարերի արահետով:
– Ռռռռ... Գժվե՞ց անտերը:
Գլուխը սեղմել էր հեծվորին, շունչը խփվում էր դեպի երկինք, Ալխոն թռչում էր աստղերի տակ, իսկ ոտքերը չռատվում էին անշավիղ երկրի վրա: Ոտքերը գետնի վրա անդունդ էին փնտրում՝ ջարդուխուրդ անելու այդ ոստակալած ոսկորները, որ չգիտես ինչի համար դիմանում ու դիմանում են: Այդ ժամանակ հեծվորը մի պահ նրա գլուխը տվեց նրան, հետո քաշեց սանձի միայն մի ճյուղը: Վիզը կեռած՝ պտտեց, պտտեց, պտտեց ձին իր տակ, հետո մտրակեց ու բաց թողեց սանձերը: Ձին գնաց անարահետ լանջերի թեքությամբ՝ կտրտվելով այդ կրծբանդներից ու փորքաշներից, դուրս լողալով բեռնաձիու կոշտակալած կաշվից դեպի թոքերի անկաշկանդ հևք և ետ թողնելով այդ կոպտացած թոքերն էլ:
– Օր ծերության քուռակ է դարձել հիմարը:
Հիմա կանգնել էին զառիթափի գլխին և կարծր կողերն իրենց նեղվածքում բռնել էին թոքերը, հավերը խաղաղվում էին բրեզենտի տակ, մածունը շիճուկ, պանիրն աղաջուր էր տալիս նոր ուռուցքներին ու հին վերքատեղերին, և դեմը, ձորի քաղաքի վրա, լուռ օրորվում էր լույսամշուշը: Հին Ալխոն էր, հին ոռբանդը, ծանոթ զառիթափը և նոր ցավը պոչի տակ:
– Ապրես:
Ու երբ առաջին բեռան մի քուռակ ձի, քաղաքի դռանը, կամրջի ծայրին դողում ու չորս ոտքով դեմ էր ընկնում,– Արի՛, ասաց Ալխոն, անտեղի հիմարություն մի արա:
Ոտքերի տակ թխկթխկում էր փուչ և սուտ-կարծր ասֆալտը, ահագնանալով հռնդում ու չքվում էին ավտոմեքենաները, երբեմն վշշում էր գետը՝ որ հարազատ էր, բայց քուռակին չէին իջեցնում գետ, անցընում գետով, քուռակին քաշում ու հրում էին դեպի անդունդ. նրանք չէին հասկանում, որ դա անդունդ է, իսկ քուռակը, որ տրոփել էր փափուկ ու տռուզ սարերում, տեսնում էր անդունդը, դեպի ուր աղաչում, ծեծում, գնալ էին խաբում մարդիկ:
Ալխոն մոտ գնաց, կանգնեց, ճանաչեցրեց իր ձիությունը և ասաց առաջին բեռան ձիուն.
– Անդունդ չի, կամուրջ է, այնպես չեն սարքել, որ կարողանաս սատկել, արի՛... Փուչ է, բայց պինդ է, չես սատկի, արի՛... Եթե սատկես էլ, մեծ բան չես կորցնի, արի՛...
Առաջին բեռան ձին սեղմվեց նրան, մտավ նրա մեջ ու կամուրջն անցավ նրա մեջ մտած: Իսկ նա անհաղորդ էր տակի դատարկությանը, մեքենաներին, աղմուկին, որովհետև կիսով չափ կույր էր ու կիսով չափ խուլ և իր սեփական կաշվի վրա ուրիշ յոթ կաշի էր դաբաղված: Շուկայի դռանը նրան բաժանեցին Ալխոյից, որ գնալու էր գետն ի վար, և կապեցին շուկայի դռանը իր զզվանքի ու սարսափի դեմ մենակ, աղմուկի և փոշու մեջ, արևի տակ, մինչև կարագը կծախեին գրամ-գրամ և չիթ կառնեին, հաց կառնեին, շաքար կառնեին, թեյի խոտ կառնեին, կմոլորվեին կոշիկի գնի վրա:
Մեքենաները թռչում էին Ալխոյի մոտից, ուրախ հեծանվորդների մի խումբ ձեռ առավ Գիքորին,– Քեռի, քշիր քշենք:– Մենք պառավ ենք, տղա ջան, դուք գնացեք,– հեծանվախումբը խշշոցով անցավ ձիուց, ետ մնացած մեկը կատակեց անչար,– Հեծանիվդ չի աշխատո՞ւմ, քեռի... Իմն էլ չի աշխատում,– բայց նա էլ անցավ, էքսկուրսիոն ուրախ ավտոբուսից ծաղկեփնջեր նետեցին Ալխոյին ու քրքջացին, հետո արևի տակ, ասֆալտին, Ալխոն մենակ մնաց:
Աղբյուրի մոտ Գիքորն իջավ հաց ուտելու,– Հանգստացիր,– ասաց Ալխոյին: Հեծանվորդների ջահել խումբը ետ էր գալիս, նրանք խմբով «հաչեցին» Ալխոյի վրա, իսկ վերջից եկողը նետեց Գիքորին.– Յուղում ե՞ս:
Նրանց գնացքը ասֆալտի վրա թեթև՜, թեթև էր, հողը նրանց չէր բռնում. նրանք սահում անցնում էին. ամեն ինչը մի տեսակ լավ էր յուղած՝ և հեծանիվները, և մարզիկները: Նրանք շատ էին առողջ, կարճ տաբատները նրանց վրա պատռվում էին նեղությունից, նրանք խոտ էին հնձելու, բայց ահա խաղ էին անում խաղալիքներով, և Գիքորը մտածեց նրանց ետևից. «Արի տասը փութ բարձեմ՝ սղղա...»:
Հացը ոչխարի պանրի հետ լավ էր գնում, և աղբյուրն էր, ոչինչ, սառը լավ ջուր, և վաղն այդ ցորենը տանը կլիներ ու Գիքորը կունենար այսպես մի չորս տարվա պաշար, «ասում են Չինաստանի հաշվով Ամերիկան Սովետին ասել է...», ու Գիքորը ասաց Ալխոյին.– Լավ հանգստացա՞ր: Գնացինք:
Հետո խճուղին դարձավ սպիտակ, անտառը դարձավ թփուտ, ետ մնացին թփերն էլ, գետը դանդաղեց, լայնացավ ու պղտորվեց, կիրճը դարձավ հովիտ, վերջին աղբյուրը տիղմ էր բլթում, տաք էր ու անհամ: Խճուղուց անջատվեց, արևի տակ տնքալով գնաց հա գնաց շեկ, խուլ ու տոթ ճանապարհը:
Լինե՜ր մի կանաչ հովիտ, մեջը մի հատ աղբյուր: Անդրոն այդ հովտի տեղը չիմանար: Այդ կանաչ հովտում, աղբյուրի մոտերքը, արածեր մի կարմիր ձի: Ոչ ոք չիմանար, որ այդ ձին Ալխոն է, բայց դա լիներ Ալխոն: Արածելով պտտվեր հովտում, ջուր խմեր, պոչով քշեր մի երկու հատիկ ճանճը, թախծեր, պառկեր արևի տակ կանաչ հովտում սատկածի պես, աղվեսը գար պպզեր հեռվում, կասկածելով ու չկասկածելով լպստեր շրթունքները և այդ ժամանակ Ալխոն հո՛ չփռռացներ լայն ռունգներով. աղվեսի լեղին ճաքեր: Ալխոն աշխուժով կանգներ կանաչ մարգում՝ հովտի ծայրին արածելիս լիներ լայնգավակ մուգ կարմիր զամբիկը: Արածեր Ալխոն կանաչ հովտում, պառկեր կանաչ բուրմունքի մեջ, սպիտակ ամպեր լողային վերևով, լիներ տխուր ու գեղեցիկ: Ու հետո բսնեին գայլերը. կուշտ ու բարի Ալխոն նրանց չտանջեր, ինքը չտանջվեր, իրեն նրանց տար ուտելու, թող ուտեին:
Իրիկվա դեմ, գյուղից կես ժամվա վրա, ճանապարհը կենդանացավ: Հնձած արտերում խուլ թռռոցով աղեղվեց լորը, արտի կարմիր քարը դարձավ կարմիր շուն, կենտահաչեց ու կարճլիկ ցատկերով ձգվեց դեպի ձին ու ձիավորը: Սրանց շները սրանց օձերի պես չար են: Գիքորը ձիուց իջավ ու շողոքորթեց շանը. բան դուրս չեկավ, երեսի էր թռչում: Այդ ժամանակ Գիքորը մտրակով ծեփեց ու սուտ ծիծաղեց, որպեսզի տերը, եթե մոտերքում լիներ՝ չնեղանար: Շունը ետ մնաց ու, երբ ձին ու Գիքորը միամտվել էին, անձայն բռնեց ձիու պոչը: Բռնել էր ձիու պոչը և քարշ էր գալիս կողքից, քացին չկպավ: Քացիները չկպան: Ալխոն խրտնեց, պոկվեց ու գնաց:
Ալխոն ճանապարհից դուրս ընկավ, հնձած արտերում դեսուդեն նետվեց՝ ազատում չկար. կարմիր բիծը ցատկոտում էր նրա դնչի տակ: Անընդհատ հայտնվում էր դնչի տակ: Սրանց գայլերն էլ անամոթ են: Անցած ձմեռ խեղճ կինոմեխանիկը գիշեր է լուսացրել հեռագրասյան գլխին:
Գիքորն սկզբում գտավ մածնի տոպրակը, հետո բրեզենտը: Ձորավուն մի տեղ ծմրում ու սողում էր կարմիր շունը, իսկ ձին չկար: Հակառակ ճանապարհը գնացող մի պառավ, կապոցը մեջքին, ասաց, որ մի կապույտ ձի է տեսել գյուղ մտնելիս,– Հա, վրան հավեր էին,– բայց պարզվեց, որ տեսել է առավոտյան, թե՞ երեկ երեկոյան: Գիքորը եկավ շան մոտերքից հետքը վերցնելու՝ գետինը չոր էր, հետք չէր բռնել: Իսկ շունը սողալով մոտեմոտ էր անում: Պոչը շարժում էր, կարծես, սատկելու վրա, գութ էր աղերսում, բայց աչքերից նայում էր օձը: Ջահել տղերք էին, քսաներեք-քսանվեց տարեկան, գալիս էին այս գյուղերից ցորեն առնելու՝ լուսադեմ եղավ: Ասացին՝ ձիերին դադար տանք: Իջել էին չէին իջել՝ Ակոփը ճչաց. «Օ՜ձը»: Գիքորի ոտքը դեռ ասպանդակին էր, իսկ դրանց օձերը... Գիքորը ձին կրնկեց ու պո՜ւկ: Մեկ էլ ետ նայեց՝ տղերքը ռեխները բացել էին: Ակոփը խաբել էր ուրեմն: Գիքորի անունը դրեցին հեծյալ, հետո՝ հարսանիքի աղվես, հետո, պատերազմի ժամանակ, երբ կարողացավ տղային ճակատ չուղարկել, կանայք կնքեցին աղվես:
Գիքորը բլուրավուն տեղերից նայեց հեռուները՝ հեռուներում արդեն աղջամուղջ էր: Եվ ամբողջ ժամանակ Գիքորին թվում էր, թե կարմիր շունը հնձած արտի մեջ սողում է կողքերից: Ճախարակի պես երգ մանելով, հետո աղմուկ թափելով, հետո ճախարակի պես երգ մանելով եկավ, հռնդաց, անցավ շողերի մեջ սպիտակ ինքնաթիռը: Ասում են մի երկու ժամում Երևանից հասնում է Մոսկվա: Հազա՜ր ինը հարյուր երեսունիննին ինքն ու Լևոնը վեց օր գնում ու գնում էին, ու, այսօրվա պես հիշում է, Կրեմլում Լևոնը նայեց զանգին, նայեց փայլուն գմբեթներին, «մի շաբաթ առաջ Ծմակուտ էինք, Գիքոր, ասաց, հիմա էստեղ Մոսկվա ենք»:
Ինքնաթիռի հետ Գիքորը պտտվեց, ապա բաց թողեց հայացքից և ուզեց գնալ՝ տեսնելու հեռվում օրորվողը Ալխո՞ն է, թե քարակույտ: Սպիտակ երկնքից հետո աղջամուղջն արտերի վրա իսկական մութ էր, Գիքորը չգնաց: Դա քարակույտ էր լինելու, իսկ ետդարձին, մթի մեջ, Գիքորը վայ թե կարմիր շան վրայով ընկներ:
Գիքորը որոշեց. կովերից մեկը, ոչխարները, ձին էլ, ծախում է, դնում է դրամարկղի եղածին՝ երեսունհինգ հազար, տալիս է Հենրիկ որդուն – մի տարվա մեջ տները սարքում ես, մի տարուց քոչում եմ քեզ մոտ՝ Կիրովական, «թքա՛ծ գյուղի վրա»: Գիքորը պանրի տոպրակն էլ գտավ: Պանիրը ջարդվել էր, լավ էր ջարդվել: Եվ երբ գտավ տոպրակը, դարձյալ ուզեց ետ դառնալ՝ տեսնելու օրորվողը քարակո՞ւյտ էր թե ձին: Եվ այդ ժամանակ մեկը բացականչեց ու ծափ զարկեց. Սիմոնը կանգնել էր հնձած արտի մեջ ու ծիծաղում էր.
– Ա՛յտա՜... այտա, ես էլ ասի խրտնել, ջարդուխուրդ է արել էս մարդուն: Քնել էի՞ր:
– Ձին եկել է՞:
– Վաղո՜ւց:
– Քո դո՛ւռը:
– Հա, եկավ դռանը կանգնեց: Մեկ ասինք էս ում ձին է, մեկ էլ, տեսանք հաստատ է կանգնել, հիշեցինք, որ դու ես էդ ձիով մի անգամ եկել:
– Խրտնեց անտերը, շունը վրա պրծավ, ձեռիցս խլեց... պանիրը ջարդվել է: Հավերը վրան էի՞ն:
– Հա, հավեր կային:
– Ձեզ համար սարի հավ եմ բերել: Հացներդ, տեսնում եմ, լավ է եղել էս տարի:
– Հա, լի ենք:
– Ձեզ համար սարի մածուն եմ բերել: Ուրեմն ասում ես եկավ դռանը կանգնեց:
– Կանգնելն էլ բա՞ն է, մեխվեց:
– Պարտավոր էր,– ծիծաղեց Գիքորը:– Բարձիր տասը-տասներկու փութ ու բաց թող՝ մենակ կգնա Ծմակուտ, իմ դուռը: Եթե Անդրոն է բարձել՝ Անդրոյի դուռը:
Պատերազմին, առաջին ձմռանը, Գիքորը գոմում կարտոֆիլով պահեց Սիմոնի հինգ երեխային և կնոջը, և նկուղում՝ մի ուրիշ ընտանիքի, որ հիմա քոչել է Երևան, այնտեղ, ասում են, բարձր պաշտոնների տեր է, աղջիկն, ասում են, բժիշկ է, դոցենտ է. արժե՛ մի անգամ նրանց հետ գործ ունենալ:
Գյուղի վրա, մթան մեջ, ռադիոն խոսում էր, ու չէին անջատում: Եվ Գիքորը տեսավ, որ Ծմակուտում չի ու կարոտեց Ծմակուտին: Այդ բարձրախոսներից Ծմակուտ էլ դրեցին, մի երկու օր խոսում ու երգում էր, հետո տղերքը, խմած էին, քարով նշան բռնեցին թե ով շուտ կխփի:
Սրանց տղամարդիկ հնձել գիտեն, բայց քիչ է պատահում որ հնձեն: Սրանք մաքուր հագնվում են ու կանգնում ակումբի դռանը: Նախագահը սրանց վրա չի գոռգոռում, որովհետև գոռգոռալը տնավարություն է, իսկ այս գյուղը մի տուն լինելու համար շատ է մեծ:
Սրանք չունեն քաղաքի կարգուկանոնը կամ փոքր գյուղերի տնավար առատությունը: Սրանց պակասն ահա թե ինչ է. ֆաբրիկայի պես մի բան և գարեջրի կրպակ, թե չէ նարդի՝ խաղում են, գեր տղամարդիկ՝ կան, նշանակում է գերանդվի երես չեն տեսնում, իսկ երբ անձրև է սկսում՝ նարդին տանում են ներս: Ծմակուտ, անձրևն սկսում է փչացող խոտի տագնապով: Գիքորը որոշեց. չէ՛, չի քոչում քաղաք,– դանակը ձեռքին հարբած կոշկակար. գիշերը դռանդ երգում ու հայհոյում են, իսկ առավոտյան լսվում է, թե հարևան փողոցում խանութի պահակին մորթել են: Մի տասը-տասնհինգ տարվա կյանք է՝ Գիքորը կապրի Ծմակուտ, կթաղվի Ծմակուտի կանաչ գերեզմանոցում Ադամի, Մովսեսի, պապ Գիքորի, Սահակի, Լադոյի կողքին:

Շինարար
06.11.2010, 11:41
Բարձրախոսը դեռ երգում էր. մեկը վերջացնում էր, մյուսն էր սկսում:
– Լավ հանգիստ ժողովուրդ ունեք,– ասաց Գիքորը:
– Հանգիստ չլինի, ի՞նչ է անելու:
– Էդ չեմ ասում,– կանգ առավ Գիքորը:– Նարդի եք խաղում:
Գրասենյակի, ակումբի ու խանութի դռներին այնքան մարդ կար, որ չէր հասկացվում, թե նրանց մեջ կարևորներն ովքեր կլինեն, հովիվ-մովիվներն ովքեր: Հագնվել էին ու կանգնել:
Բարձրախոսը մեխված էր գրասենյակի քիվին: Թե ասես երգ էին լսում՝ չէին լսում, թե ասես մտածում էին՝ սրանք մտածող ժողովուրդ չեն, պատերազմի ժամանակ սրանց լավ է փորձել. կարտոլը խաշում ուտում էին, հետո պառկում քնում: Լինում էր՝ խաշում էին, չէր լինում՝ սպասում էին լինի: Իսկ թե որտեղից էր լինելու՝ դա նրանց գործը չէր: Աստված մեծ է, աստված կտա:
– Սիմո՜ն...– ասաց Գիքորը:– Ճի՞շտ հաց ունեք, թե կատակ ես անում:
– Ես որ՝ մի երեք տոննա ունեմ:
– Այտա, բա ձեր արտերն ո՞վ է հնձել, է:
– Կոմբայնը:
Գիքորը գնաց, գնաց ու քմծիծաղեց.
– Կեցցե՜ս կոմբայն, կեցցե՛ս:
Աղմկելով մոտոցիկլ անցավ՝ թամբին կարևոր ու մռայլ տղաների մի խումբ, երեք թե չորս հոգի:
– Կյանքը հեշտացել է,– ասաց Գիքորը,– առաջ տասը փութ ցորենը տասը փութ ցորեն էր. ոչ կարող էիր նվիրել, ոչ էլ՝ եթե նվիրեին՝ կվերցնեիր: Բայց թե...– քրթմնջաց Գիքորը,– որ մեր տեղը հացի տեղ չի ու ձեր հացն էլ հաց է՛... Ձեր հացից հետո ուրիշ հաց չի ուտվում:
Դեռահաս մի աղջիկ էր գալիս, լուրջ, քաղաքային ու սահուն, մարդու ամաչեցնելով թևատակի բրեզենտից և դեռ տոպրակից: Տղաների մոտոցիկլետը հասավ, անցնելիս ետևի նստածը կախվեց թամբից, ապտակեց աղջկա քամակին, և շան աղջիկը չդիվոտեց, և շան լակոտը չամաչեց: Քաղաքի պես մեծ գյուղ է, չգիտեն ով ում աղջիկն է, ով ում տղան է ու իրարից չեն ամաչում:
– Ա՛յտա,– ասաց Գիքորը,– Սիմոն, չաշխատողը շատանում է, կարծես թե հացը պիտի քիչություն աներ, բայց ապրուստը հեշտանում է, չես զարմանո՞ւմ:
Սիմոնի տան վրա բսնել էր երկրորդ հարկ, երկու սենյակով: Դրսից աստիճաններ էին բարձրանում պատշգամբ, որի բազրիքը ներկված էր:
– Տես, տես, տես,– քրթմնջաց Գիքորը:
Գոմի մոտ մութ էր: Ալխոն կանգնած էր մթի մեջ: Չէր ուտում, առջևը խոտի պես մի բան կար: Կարծես թե տխուր էր, կարծես թե մտածում էր: Սիմոնի վերջին տղան, այսպես տասներեք տարու, կանգնել էր գոմի մոտ ու հանգցնում-վառում էր ձեռքի լապտերը: Բարձրախոսը երգում էր և ոչ ոք չէր անջատում: Տրաքտրաքոցով անցավ մոտոցիկլը: Շունը երևի կծած լինի Ալխոյին:
– Դո՛ւ ինչ ես աշխատում,– հարցրեց Գիքորը Սիմոնին:
– Դե ինչ պատահում է: Մեխանիզատոր:
– Տրակտորի՞ստ:
– Էդպես, տրակտորիստ, կոմբայնավար...
– Չէ՛, չէ՛...
Սիմոնը թոթվեց ուսերը: Իսկ տղան գոմի մոտ վառում-հանգցնում էր լապտերը:
– Կով ունե՞ս:
– Ինչի՞ս է պետք:
– Իհարկե... Անտեղի հոգս է: «Թե կովը քո ի՜նչ խելքի բանն է»: Բա յո՞ւղ, պանիր:
– Դե ճարվում է, էլի:
– Հա, դե որ ճարվում է... «Փնթի շան տղա»:
Թե ինչու ձեզ վրա էնքան կարտոլը փչացնեն, որ հիմա էլ՝ տրակտորիստ, կոմբայնավար, «կո՞վն ինչիս է պետք»: Պատերազմի ժամանակ կատու էին դառել՝ «տրակտորիստ, կոմբայնավար»: Ծմակուտի զառիվերը միտներդ է՞...
– Այ տղա, էդ լույսը մի՛ փչացրու,– ասաց Գիքորը:
Երեխան մի պահ նայեց անտարբեր, հետո ուրիշ կողմ նայեց ու դարձյալ վառեց-հանգցրեց լապտերը:
– Ծեծել ես՝ խռովել է՞,– հարցրեց Գիքորը:
– Չեմ ծեծել, չէ:
– Խռովի պես է:
– Չէ, սովորություն է: Իմոնք էդպես դուրս եկան՝ իրենք իրենց համար:
– Լավ չի,– ասաց Գիքորը:
– Ա՛հ, ինձանից հաց չեն ուզում:
– Չեն ուզո՞ւմ:
– Դե ուզում են, բայց դե իրենք գիտեն՝ իրենց գործերը:
Շունն Ալխոյի վիզը կծել էր, խնդրեց ջուր եռացնել:
Հենրիկ որդին քաղաքում ուրիշ կանանց հետ է: Ինքը գիտի դա երբվանից է սկսվել. որ ծխել սկսեց, էն ժամանակ ուրեմն արդեն կային: Հա, իհարկե. ութ ժամ է, հինգ ժամ է՝ աշխատում է իբր թե, պետերի հետ լավ է, պետերի հետ խմում է, իսկ մնացած ժամանակն ի՞նչ է անում: Եվ որտեղի՞ց էդքան քաղաքավար հագնվելու սովորությունը: Փողկապը փողկապ, բայց հո լինում է այնպես, որ փողկապավորվում են, բայց չի սազում. ուղղակի փողկապավոր անասնապահ: Ուրիշ կնոջ ձեռ կա: Եվ՝ որ գյուղ է գալիս... ոչ բահ գիտի, ոչ եղան: Բարև-բարով եկար, հետո արդեն սկսում է հորանջել: Գնում է գյուղամեջ, գալիս՝ ցտեսություն: Ո՞ւր: Ես գնացի: Ո՞ւր, այ տղա: Էգուց գործի եմ: Նրան կարտոֆիլ է պետք, կաղամբ է պետք, նրան յուղ է պետք, նրան պանիր է պետք, միրգ է պետք՝ տոննա ու մեքենա: Նա դեմ չի, նրան այդ բոլորը պետք են, միայն թե, խնդրեմ, ինքը տանողը չէ: «Եկող մեքենա կլինի՝ կուղարկես»: Ճորտը կուղարկի: Վարորդին վիզ կթեքի, պառավի հետ կկռվի կորած պարկերի համար, գլուխը կխփի մառանի դռանը, հի-հի-հի՝ վարորդին կծիծաղի, «այ տղա, համբերիր, է, կաղամբը, կաղամբը մնաց». կբերի կաղամբի պարկերն էլ, կդնի տանձի, յուղի, պանրի, կարտոֆիլի պարկերին և կուրախանա՜, կուրախանա, որ ամեն ինչ այդպես լավ վերջացավ: Հետո ամեն նամակով ու ամեն գնացողի հետ կխնդրի պարկերն ուղարկե՜լ, դատարկ պարկերը ե՜տ ուղարկել: Ու չեն լսի, տեղեկություն չունեն: Մեծ գործի է, լրբություն է անում:
Երբ ջուրն արդեն պիտի որ եռացած լիներ, պարզվեց, որ ինքը ջուր չի խնդրել, նորից խնդրեց, և այդ ժամանակ Սիմոնն ասաց.
– Ա, դե ձի է, էլի:
Եվ ինքը հասկացավ, որ միակ մտերիմն այդտեղ Ալխոն է: Եվ ինքը պատերազմի ժամանակ նրանց պահածի իրավունքով հեգնեց.
– Իհարկե, ձի է, տրակտոր չի:– Եվ բացատրեց, որպեսզի նա չկասկածի, թե իրեն ծաղրում է.– Ձին ուրիշի ձի է, Սիմոն, վախենում եմ շունը կատաղած լիներ:
– Յոդ լինի՝ կլինի՞,– կծեց այդ տրակտորիստը: Հիսունհինգ տարվա տղամարդ է՝ չի ամաչում, մազութոտվել, խառնվել է լակոտներին: Իսկ ինքը չնկատելու դրեց նրա ծաղրը.
– Բեր, բերել տուր...– Թե դա ինչ տղամարդ է, որ բերել տա, երեխան կողքին կանգնած, լապտերն էլ ձեռքին, յոդի իհարկե ինքը կգնա:
Բամբակը վերք խցկելիս ձին դողաց ու քրտնեց, և սեղմվում էր Գիքորին: Եվ Գիքորը մի պահ մտածեց, որ այդ բեռնաձին ինքը կվերցնի Անդրոյից, Անդրոյի ուզած գնով, կպահի իր ձեռքի տակ մինչև նրա էլ, իր էլ կյանքի վերջը: Հետո թամբը հանեց, սրբեց, «էն ձորից ո՞նց ենք դուրս գալու, այ ձի», շփեց կապերի տեղերը, «ես պառավ, դու պառավ», հայհոյեց Անդրոյին, որ այդքան թուլերես է և ինչ անխիղճ շան ասես չի տալիս գյուղի ամենալավ բեռնաձին, բրեզենտով սրբեց շեքամիջերը և ուզեց ջրելու տանի:
– Երեխան կտանի,– ասաց Սիմոնը:– Մա՛կբեթ:
Սանձերը տվեց երեխայի ձեռքը,– Հա, իհարկե, նա աղբյուրի տեղը մեզանից լավ գիտի,– ծիծաղեց էլ, բայց այդ տղայի սառը կապույտ աչքերը նրան դուր չեկան: Եվ այդ լապտերը, լապտերը, որ վառելով-հանգցնելով անցավ ցանկապատի դռնից, վառելով-հանգցնելով գնաց լույս լուսավորված փողոցն ի վեր: Դեռ նոր էին սանդղագլուխ ելնում, տրաքտրաքեց ու մարեց մոտոցիկլը:
– Մա՛կբեթ, քշիր-քշենք:
Նստել էին թեյի, սրանց կարմիր հացն առաջվա պես արևի ուժ ու բույր ուներ, թզան մուրաբա կար, կարմիր հացը սարի պանրի հետ շատ համեղ էր, նրանք խոստացան տալ ինչքան ձին կտանի, «դե պառավ ձի է, երկար ճամփա է», Գիքորն ասաց, որ փող էլ է բերել, և ծիծաղեց, մի տասներկու փթի, նրանք էլ ծիծաղեցին, «Երեք տոննա ստացել ենք, ինչների՞ս է պետք, երկուս ու յոթ հարյուր». «Ծմակուտ ամեն ինչով լավ են, կարտոֆի՛լը, կարտոֆիլը,– Ուզում էի բերել, գիտեի կարոտած կլինեք, բայց դե շատ է հեռու,– միայն Ծմակուտի հացն է պակաս: Պետակա՞նը: Պետականը, դե, ճիշտ է, ցորեն է, ալյուր է, բայց դե եսի՞մ ցորեն է, ալյուր է». պառավն էլ լավ է, տնաշենը բոլորովին է պառավել, ուզում էր կարագ ուղարկել նրանց, բայց հարածը չկար, հետո էլ շոգ ճամփա՜, ասֆա՜լտ,– և այդ ամբողջ ժամանակ Գիքորի ուշքը դուրսն էր:
– Տղեդ չեկավ:
– Չէ, կորչող պտուղ չի,– հանգստացրեց Սիմոնը:
– Դպրոցում լա՞վ է սովորում:
– Հա, լավ է, բայց միտքը տրակտորին է:
– Աչքիս... աչքիս մի տեսակ երևաց,– ծիծաղեց Գիքորը:
– Ճիշտ ե՜ս, ճիշտ ես... Քննությանը հեռախոս են սարքել, հեռախոսով իրար հուշել են:
– Կեցցես, կեցցես:

Շինարար
06.11.2010, 11:42
Նրանք Ալխոյին չծեծեցին: Տարան ջրի, զարմացան, որ այդպես շատ է խմում, խմելու հետ փորը ձգվում է, իրար հարցրին՝ այդքան խմելը կվնասի թե չի վնասի, վճռեցին, որ կվնասի՝ ետ քաշեցին, հետո նրանցից մեկն ասաց, որ ձին ջուրը խմում էր բերանը փակ, շրթունքները կպած, փորձեցին՝ այդպես էր, լապտերի լույսի տակ պարզ երևում էր, որ խմում է շրթունքները պինդ սղմած,– Որպեսզի ջրի հետ ավազ չգնա,– ապա գյուղից դուրս հանեցին, տարան դաշտի հարթ ճանապարհ...
Իրար մեղադրելով անգրագիտության մեջ, նրանք իրար ձեռքից խլխլեցին սանձերը. Ալխոն գլուխը վեր-վեր էր նետում, որովհետև չէր հասկանում, թե ուզածներն ինչ է: Ապա քաշեցին թմբի տակ, երկուսը թողեցին մոտոցիկլը, Սիմոնի տղայի հետ հեծան Ալխոյին: Ալխոն գնաց ծանր վազքով: Ոչինչ, կարելի է: Բայց ահա ճայթեց ու հասավ մոտոցիկլը: Եվ Ալխոն ինչքան էլ որ փախավ, ինչքան էլ որ ջարդվեց՝ մոտոցիկլը պոկ չեկավ նրանից: Հռնդում էր ականջների մեջ, խցկվում էր ոտքերի արանքը, գալիս էր կողքից, առաջ էր անցնում, ետ էր ընկնում,– և ազատում չկար, ազատում չկար: Եվ այդ ժամանակ Ալխոն կանգ առավ ու սպասեց ծեծի: Ծեծը ծանոթ էր, վախենալու չէ, բայց նրան չծեծեցին:
– Լավ, հոգնել է, թող հանգստանա:
Երկուսն իջան, կպան մոտոցիկլին ու բաց արձակեցին դեպի մութ դաշտի ծայրը: Ալխոյի վրա Սիմոնի տղան նստեց, նստեց շեքած, հետո՝ ոտքերը մի կողմի վրա կախած, ու այդպես վառում-հանգցնում էր լապտերը:
– Մակբե՜թ... բենզինը վերջացավ, բեր,– կանչեցին դաշտի մյուս ծայրից:
Լապտերը վառել-հանգցնելով սա ձին տարավ հեծանիվ քշելու պես: Այնտեղ վիճեցին՝ մոտոցիկլն է լավ, թե ձին: Մոտոցիկլի բենզինն ահա վերջանում է, բայց ձին էլ դանդաղ է գնում: Հետո մոտոցիկլը կորավ աչքից, պոչի հետ խաղ արեցին, հետո մեկը քաշեց սանձերը, երեքը հեծան,– Ձի՛:– Գնաց, բայց պոչը չէր գալիս: Պոչը պոկվում էր, չէր պոկվում, գալիս էր, չէր գալիս: Լապտերով լուսավորում էին, որպեսզի ճանապարհը տեսներ: Ապա կանգ առան, գլուխն իջեցրին ու լապտերը վառած կապեցին ճակատին: Մեկը քաշում էր սանձերը, մյուսը կանգնած էր պահում մոտոցիկլը, իսկ երեքն Ալխոյի վրա հեծանիվ էին քշում: Մոտոցիկլ բռնողը հոգնեց,– Լավ, ասաց, ձին հոգնել է, իջեք:– Չառարկեցին, իջան, մոտոցիկլն անջատեցին պոչից, պոչը թեթևացավ, ճանապարհից թեքեցին դաշտ, ասացին.
– Դե հիմա արածիր:
– Արածիր,– գլուխը ձգում էին, կպցնում խոտերին,– խոտ կեր, խոտ կեր:
Մեկը մի ծաղիկ գտավ, դեմ արեց մռութին.
– Ծաղիկ է, կեր:
– Չի հասկանում:
– Մութ է, չի տեսնում:
Լապտերն արձակեցին ճակատից, լույսը պահեցին ծաղկի վրա.
– Տես, ծաղիկ է, կեր:
– Հիվանդ է:
– Ձիերը հիվանդանո՞ւմ են:
– Դու տաքություն ունե՞ս,– ասացին Ալխոյին:
Մեկը սանձերից բռնած պահեց, մյուսներն անցան ետևը:
– Քացի կտա՞:
– Տաքությունդ չափում ենք, քացի չտաս:
Լապտերը հանեցին, վառեցին, մտցրին վառած: Պոչը ծածկում էր լապտերի լույսը, պոչը թեքեցին, փաթաթեցին ոտքին ու այդպես կապեցին: Դարձյալ խանգարում էր, բայց պոչը չկտրեցին: Նայեցին հեռվից, մոտիկից, ոչինչ, հարմար էր:
Լուսնի մե՜ծ լռիկ գունդը կաթնալույս էր մաղում, թարթվում էին աստղերը, աստղերի կեսը աստղեր են, կեսը երկրի պես մոլորակներ: Մոլորակների վրա երևի մարդիկ կան: Մոլորակների մարդիկ հիմա ուժեղ հեռադիտակով նայում էին երկրին, տեսնում էին երկիրը, հնձած արտը, երեխաներին, ձիուն, լապտերի լույսը:
Երբ Գիքորն ու Սիմոնը եկան, կաթնալույսը ծփում էր երկնքի ու երկրի ողջ արանքում, բոլոր աստղերն ու մոլորակները մարմրում էին անշշուկ, լուռ մոխրանում էին վայր ընկնող աստղերը, հնձած արտերի վրա, ցածր-ցածր, ծղրիդները երգում էին մոխրացող աստղերի երգը, երեխաների ու ձիու լռիկ ստվերներն օրորվում էին կաթնալույսի մեջ: Եվ ձիու պոչի տակ լապտերն արձակում էր մի անչար, մի իմաստուն, թախծոտ ու ծիծաղելի լույս ծղրիդների երգով խառը: Սիմոնի տղան ծնկել էր և, աչքերը ձիուն, դանդաղ շոյում էր կաթնամշուշը: Մյուսները նայում էին նրան, նայում էին ձիուն, թուխ աչքերի փայլով նայում էին նրան, նայում էին ձիուն, որ արձանի խամրող փայլով կեցած էր նրանց դեմ:
– Կախարդում ենք:
Գիքորը նրանց չծեծեց, որովհետև նրանք Ծմակուտի չէին, Սիմոնը չբարկացավ, որովհետև նրանք չփախան, ուրեմն չարությամբ չէին արել: Գիքորը սուսուփուս հանեց լապտերը, դրեց գրպանում. կամ Անդրոյին կտա, կամ, ի՞նչ կա որ, կպահի իր ձեռքին, միայն թե այդ լապտերը հաստատ կգնա Ծմակուտ, որովհետև նրանք չեն համարձակվի ետ վերցնել:
Կապեցին երեք պարկ: Նրանց ամբարը լիքն էր և պահեստում դեռ էլի ունեին՝ կարելի էր չկշռել պարկերը: Բայց Գիքորը գրամը-գրամին գիտեր, որ դա տասներկու փթից մի հատիկ պակաս չէ: Երկու պարկը հակեր արեցին, մինչև վերջ ձգեց ձիու փորքաշները, դարձավ Սիմոնի հետ հակերը վերցնելու և այդ ժամանակ զգաց ձիու դողը: Ձիու դողն զգաց, և տեսավ, որ ինքն էլ է վախենում:
– Հաաա՜...
Գուցե այդ զահրումար միջնահակը չդնի, հա՞... Աչքերը փակի ու չդնի, դժո՛խքը, աշխարհիս երեսին ոչ ոք էլ սովից չի սատկել: Ձին բեռն ընդունեց ու սսկվեց: Ուղղակի հանգավ: Թառանչեց հետո, շատ հետո, երբ հակերի կապերը պնդացրել էր: Այդ կոմբայնը՝ այդ Սիմոնը, կանգնել էր ձեռքերը գրպաններում ու ոչինչ չէր հասկանում ձիուց ու բեռից, պրոֆեսորի տան է ծնվել, չի ասում երկու պարկը բավական է, ճանապարհը երկար է. թե՞ չի ուզում ժլատ երևալ: Կոմբայնն է հնձել, ինչո՞ւ պիտի ժլատ լիներ: Ինքը բռնեց միջնահակի պոզերից և հիշեց որդու փափուկ շրթունքները և սրտնեղեց.
– Այտա, վայ թե շատ է լինում:
Միջնահակը դրեցին՝ ձին մնաց անհաղորդ. դրեցին ուղղակի քարի վրա: Եվ դրանից Գիքորը վատ տագնապ զգաց. անտերը կոտրվելու է միանգամից: Որտե՞ղ:
– Ալխո՞...
Պարանը փորի տակով անցընում էր, ուզեց, որ փլվի հիմա, իր վրա: Գոնե սատկած դիակը դուրսքաշող կլինի:
– Ալխո՜...
Եվ լսեց այն գաղտուկ տնքոցը, որ ոչ թե թոքերինն է, այլ ոսկորի տրոփյունը. դա եզնալծան, տան հիմնաքարի, հեծանի տնքոցն է, որ լսում են ինժեներ ու գյուղացի մարդիկ:
– Էլեկտրիկ է, կտանի...
Բեռը ձիու հետ մի մարմին էր: Այդ ձին ծնվել էր այդ գավակով, այդ բեռնով, այդ գլխով ու այդ գույնով: Պարանները տրամաբանված ու ձիգ էին և ջլերի հետ այդ հին ոսկորը կապում էին այդ տասներկուսուկես փթին: Սանձը, կարճ, կապեց թամբին, ետ դարձավ բաճկոնն ու մտրակը վերցնելու,– Դե մնաք բարով, այտա... Դե շեն մնաք, այտա... Եկող գտա՝ կարագ կուղարկեմ... Շեն մնաք, այտա, մարդը մարդով է մարդ...– և լսեց ձիու զգույշ ոտնափոխը: Ձին ցանկապատի դռնից ելավ, թեքվեց աջ, գնաց, թեքվեց ձախ, բռնեց գյուղից հանող ճանապարհը: Ցանկապատերը ետ մնացին, ճանապարհը լուռ էր, ձին խուլ տնքոցով մաքառում էր բեռան ու կյանքի դեմ: Նեսոյի Արշակին ինչո՞ւ կլինեին սպանած: Անվնաս մարդ էր, իր ճամփան իր համար գնում էր: Ինչո՞ւ էին սպանել: Ասում էին, մոտը մի երկու կոպեկ փող կար, կարագ էր ծախել, Դիլիջանից ետ էր գալիս:
Շունը սողալով ճանապարհ ելա՞ծ կլինի: Գուցե արդեն սատկած լինի: «Էլեկտրիկ է, կտանի»: Ո՞վ է էլեկտրիկ: Ինչո՞ւ է էլեկտրիկ. հա՛, լապտերը մտցրել էին... Իշի՛ քուռակ: Թե հացը քո ի՜նչ բանն է, թե ցորենը քո ի՜նչ հացն է: Գիքորը մտքով ճանապարհն անցավ, խճուղին անցավ, քաղաքն անցավ, կամուրջն անցավ, հասավ զառիվերին:
– Ո՞նց ենք անելու, այ Ալխո:
Եվ հասկացավ, որ ինքը ծերացել է և այդքան ճանապարհը ջարդելու է իրեն էլ: Եվ զգաց, որ կոշտ թամբից իր շեքերը հարվել են ու մրմռում են: Եվ լսեց իր ծեր ոտքերի տնքոցը և հիշեց առավոտվա ուրախ ավտոբուսը, լսեց նրանց ուրախ ծիծաղն ու հայհոյեց.
– Ես ձեր թեթևսոլիկ...
Ավտոբուսը մտքից անցավ արագ, քամու բերած ծիծաղի պես, իսկ Անդրոն սայլի մոտ կանգնած էր հաստատ և իշամռութ:
– Փալա՜ս, կնկա գերի...
Եվ հիշեց Անդրոյի Աշխենին, բայց չհայհոյեց: Նրան թվաց, թե Աշխենը պաշտպանում էր իրեն Գիքորին: Եվ զզվանքով հիշեց որդու կարմիր շրթունքները: Եվ տեսավ իրեն գետափին, Ալխոյին՝ արևի տակ, և քարերի մեջ ծլած աղջիկներին ու հայհոյեց թմրած մեջքը շուռումուռ տվող վիթխարիին: Եվ Հենրիկ որդուն տեսավ մերկ վիթխարիի հետ ավազին պառկած, և Հենրիկ որդին բարակ ու նուրբ էր, և դա իրեն սաստիկ դուր չեկավ, որովհետև վիթխարին կբռներ նրա սպիտակ քթից և նրա շունչը կկտրեր: «Քի՛չ ծխիր, իշի քուռակ»: Եվ հիշեց ծուխը շրջկոմի բյուրոյում, երբ իրեն կուսակցությունից ու նախագահի պաշտոնից հանում էին, ու հիշեց, որ այն ժամանակ էլ, ձիերն իր տակ, մեքենան իր տակ, այդքան մարդիկ իր ենթակայության տակ՝ ինքը բեռնաձի էր, որովհետև իր միտքը բյուրոյում էլ չորացող խոտի, հասնող կարտոֆիլի, ջուր քաշող դեզի հետ էր, թեկուզ ոչ այդ կարտոլն էր իրենը և ոչ այդ դեզը: Եվ հիշեց ամբարի ցորենը և արտը սարի ճանապարհին ու հասկացավ, որ ինքը, ինչպես այդ Ալխոն այդ բեռանը, գամված է Ղազախի ճանապարհին, գալիք բոլոր անձրևների տագնապն իր մեջ է և գալիք բոլոր երաշտներինն ու մորեխինը: Եվ հայհոյեց հացթուխ Վաղոյին, իբր թե նա հացը լավ չի թխում և դրա համար է ինքը բռնում այս ճանապարհը: Բայց դա անարդար էր, և ինքն իրեն ստիպեց մտածել, որ ծախում է կովերը, քաղաք տներ է սարքում, պարիսպ է քաշում և նստում է ծառի տակ ձեռքերը գրպաններում: Եվ ժպտաց, բայց չկարողացավ ձեռքերը գրպանած պահել, սիրտն ուղղակի պայթում էր. և առաջին անգամ նկատեց մատանին Հենրիկ որդու մատին և Հենրիկ որդու ձեռքը փափուկ շրթունքներին: Դա Հենրիկ որդու լուսանկարն էր: «Ի՞նչ արժե» – «Չգիտեմ, նվիրել են» – «Լավ են արել՝ նվիրել են, ի՞նչ կարժենա» – «Մեկուկես» – «Հազար հինգ հարյո՞ւր» – «Էդքան»: Եվ միտքը նորից դեմ ընկավ զառիվերին, և հին նախագահն ուզեց իմանալ, թե ինչքա՞ն կլինի ձորի տակից մինչև սարահարթի պռունկը. որոշեց երեք կիլոմետր՝ Ծմակուտի մի ծայրից մյուս ծայրը, և բողոքեց, որովհետև դա չափի բան չէր. դա պառաված ոսկոր էր, բեռ էր և օդի պակասություն:
– Ալխո՞... Ալխո ջա՞ն...

Շինարար
06.11.2010, 11:43
Եվ էն անգամ Հենրիկ որդին ինչ արեց: Ոչխար ու արաղ էր տարել, հարսը զանգահարեց գործի տեղը,– Հենրիկ, հայրիկը եկել է: Իսկ նա թե՝ ոչխարը բաստուրմա դրեք: Արաղը չորս անգամ քաշել էր, մաքուր կապույտ արաղ էր: Գործընկերների ու երկար մերկ ոտքերով քարտուղարուհու հետ եկան, կերան, ջարդեցին, ծիծաղեցին, երգեցին ու գնացին: Ինքը դուրսը խորոված էր անում և հարսի հետ շամփուր-շամփուր ներս տալիս. եկավ տեսավ կերել են, կշտացել են, զկռտում են:– Քեզ չենք սպասել, ասացին, խորովածը պիտի տաք-տաք ուտել, ասացին, կներես, հայրիկ, ասացին. խմիր մեր կենացն, ասացին: Ինքը հիմարավարի ուրախ էր. ուզում էր խոսք ասել, թե ինքը Գիքորն է, Հենրիկ տղան իր որդին է, հազար ինը հարյուր երեսունիննին ինքը գնացել է Մոսկվա և ինքը նրանց հասկանում է, վերադարձին նույն կուպեում մի ռուս թե հայ դերասանուհի կար, Սև ծովը... Բայց իրեն չլսեցին: Մի ճաղատ բարեհոգին հանկարծ ուզեց խմել մերկ ոտքերով քարտուղարուհու կենացը և այնքան հանկարծ ուզեց, որ ժամանակ չունեցավ լցնել իր համար արաղ իր բաժակը, վերցրեց Գիքորի ձեռքից... և ներողություն էլ չասաց, և չնկատեց էլ, որ մարդու ձեռքից է վերցնում: Իսկ Հենրիկ որդին ինչ էր անում. կնոջն ասում էր սուրճ սարքիր, ջուր բեր, կնոջն ասաց նոր բաժակ տուր մերկ ոտքերով քարտուղարուհուն: Հենրիկ որդին աչքերը ոլորում էր կնոջ վրա և ամաչում էր, քոսոտ շանորդին ամաչում էր կնոջ համար, ու հոր համար էլ: Եվ ինքը խոհանոցում տեսավ, որ թաքուն ջղայնությունից հարսի պարանոցն ուռչում է:
Եվ մյուս անգամ. լցվել էին փափուկ մեքենաների մեջ, վերցրել էին միս ու խմիչք, պետական մեքենաները ջարդջրդելով եկել էին Ծմակուտի տակ ուտել-խմելու: Կապույտ աղբյուրից պիտի ջուր խմեն, իրենց քաղաքում ոչ ուտվում է, ոչ էլ խմվում: Անամոթների՛ն տես, անամոթներին... Գյուղի տակ կերել-խմել էին ու ետ գնացել: Փոստատարին մնացուկներով ուռցրել էին, փոստատարի հետ բարև՜ էր ուղարկել հայրիկին.– Ասա՝ մեր մասին չմտածի, մենք լավ ենք:
Չուզողդ ես լինեմ, տղա՛... բայց ախար էս պետությունն էլ մեղք է, չէ՞. չորս կողմից՝ չեք աշխատում և ուտում եք: Եվ արյուն եք պղտորում: Ահա, հնձվորն աղբյուրի գլխին գերանդի է քաշում. կանայք աղբյուրի տակ խոտ են դիզում,– եղա՞վ. եկել նստել եք մեջները՝ տա՜շի-տուշի: Փոստատարը պատմեց. բարեհոգի ճաղատը ծիծաղելով փախել էր, Հենրիկ որդին վազել-բռնել էր, մերկ ոտքերով քարտուղարուհին պանիր էր տրորել ճաղատի գլխին:
Լույսը բացվելու վրա քաղաքն անցան: Շուկայի դռներն ավլում էր միակ մի պառավ, գիշերապահ միլիցիոները կիսաերազի ու գյուղական հեռու հուշերի միջից հորանջելով նայեց ձիուն ու Գիքորին, և նրանց բեռն ու գնացքը իր պապի պատմածի պես էր. կարևոր-կարևոր մի տեղից մյուսը վազեց քաղաքային շների թափառախումբը՝ պահածոների հոտերի մեջ կորցրած գայլի տագնապ, հովվի մահվան զգացողություն, երկրաշարժի բնազդ այդ հաստ ասֆալտի վրա և հոտապահի հպարտություն: Կանգնեցին ու մի երկու բերան հաչեցին բեռնաձիու վրա, հետո կարևոր-կարևոր գնացին իրենց գործին: Եվ նրանք հիմար ու ծիծաղելի էին:
– Ալխո ջա՞ն...
– Չէ, բան չէի ասում: Դե որ կանգնել ես՝ արի միջնահակդ ուղղենք:
Կամուրջն անցան, գետը ցայտում էր սառնություն ու հոգնածություն. էն տարին, Եսայուն քշել էր: Զարմանում էին, թե էդ բարակ ջուրը էն ուժեղ մարդուն ինչպես էր խեղդել: Երևի հոգնած էր եղել, ալարել էր կռվի: Որդու հարսանքի գինին Վրաստանի Շուլավերից բերելիս էր եղել. անցել էր Բորչալուի խանձված հարթավայրը, բարձրացել էր Արճեշի սարերը, իջել էր Դեբեդի ձորը, պտտվել էր, պտտվել է՜ր՝ բարձրացել Սանահինի սարերը. ելել ու իջել, ելել ու իջել, ելել ու ելե՜լ մինչև Դժվար սար ու դրանից էլ դեսը մի գիշեր:
Փայտե կամրջակն էլ անցան՝ արահետից Ծմակուտի հոտ եկավ: Մառախուղը, սարերի վերուվարումները, Աշխենի կռիվը, մի մեծ անտառում մի արջ ու անտառով մեկ այդ արջի ահը: Առողջարանների խնամված ծառուղիներում մի ծիտ ճկկաց: Սարերի մի ալիք հով խփվեց Ալխոյին ու Գիքորին, գնաց մոլորվելու շուկայի դռներին, հավաքարարի ավելի շուրջը: Առողջարանների մութ պատուհաններից տաքություն ու փափկություն էր գալիս: Ասում են, այնտեղ կերակրում են օրը հինգ անգամ և քնեցնում են տասը ժամ: Գիքորն ուզեց քնել, հիշեց Ծմակուտի կանաչ գերեզմանոցը, ուզեց մեռնել ու քնել երկա՜ր, երկար... Մի բաց պատուհանի մեջ ծխում էր մի գեր շապկավոր: Գիքորն ուզեց քնե՜լ, քնել... Եվ երբ հորանջեց ու աչքերը պարզվեցին՝ լուսացել էր, անտառեզրի կանաչ խոտհարքում սպիտակեցին երիցուկները, բարձր մի մեղրածաղկի քիչ առաջ նստել էր իշամեղուն, և ծաղիկը ճոճվում էր, ձին կանգնել ու նայում էր, դեմից, արահետով, հանգիստ, գլուխը բարձր ու կարծես թե խռով մի կին էր գալիս՝ ժակետը ձեռքից կախ, մի տղամարդ, մի քիչ ետ, ծխախոտ էր վառում: Կապույտ անտառում կչկչաց մոշահավը, լռությունը տասը ձևի նախշեցին սարյակները և իր փչակը թմբկահարեց փայտփորիկը: Կինը հարևանի կին էր, հարս էր,– Գիքորն ուզեց բարևել մտերմավարի անփույթ՝ կինը բոլորովին օտար էր: Կինը կանգնեց Ալխոյի դեմ, արահետի վրա և լեզվի ծայրը երևացնելով ասաց Ալխոյին.– Բո՜ւ,– և ճանապարհ տվեց Ալխոյին ու ժակետով խփեց նրա գավակին: Եվ Գիքորը տեսավ, որ իր հարսը՝ Հենրիկի կինը շատ է գյուղացի ու անճկուն: Առողջարանների թավուտներում երգել սկսեց մի սոխակ, նրանք Գիքորից ու ձիուց անցան, այդ գյուղացին իր ձիով նրանց մտքում գնաց մտավ միջնադար և նրանք Գիքորի մտքում գնացին ու խճճվեցին հատուկենտ երազների մեջ:
Ոտք դրին անտառ. աղջամուղջի մեջ, փայտփորիկի թմբկահարմամբ, օրորվեցին կոճղերը, արջի թե անտառապահի պես դարանեցին, մոտեցան, դարձան կոճղ ու ստվեր, ետ մնացին: Հազա՜ր ինը հարյուր քսանմեկին և հազա՜ր ինը հարյուր քսանիննին որոշեց քոչել քաղաք. էն ժամանակ Կիրովականը քաղաք չէր, որոշեց քոչել Թիֆլիս կամ Լենինական, ի՞նչը խանգարեց: Մերկ ոտքերով քարտուղարուհին տեսնես որի՞ն է պատկանում՝ Հենրիկի՞ն, թե ճաղատին: Գիքորը ժպտաց. պատերազմի ժամանակ, սարի ձմեռանոցներում կով էր սատկել. ինքը գոռգոռում էր կթվորուհու վրա, իսկ նա ծիծաղում էր: Հետո նա հղիացավ ու դարձյալ ծիծաղում էր և սպառնում էր ծիծաղելով, իրենց Մարց գյուղի բարբառով.– Պիրիլ դեմ... պիրիլ դեմ ու ասիլ դեմ, որ քզանից եմ պիրել, քեզ կուսակցությունից հանիլ դեն...– Հիմար-հիմար, կատակ-կատակ՝ քիչ էր մնում խայտառակ աներ անպիտանը: Հիմա, ամուսնուց, վերջին երեխան ունի՝ տասնմեկ տարեկան, և ծիծաղելով ասում է Գիքորին.– Որ էն ժամանակ պիրել էի՝ հիմա տասնհինգ տարեկան կարգին տղամարդ կլիներ: Քեզ էլ կուսակցությունից շուտ կհանեին՝ ժողովրդին մեծ օգուտ կլիներ:
Իր հարսը, Հենրիկի կինը, պետք է լիներ հենց անճկուն ու գյուղացի. նա երեք երեխա է ծնել. նրա երեխաների վրա մի ծուռ տեղ չկա. նրա տունը փայլեցրած է. հնազանդ՝ նա եթե չի էլ սիրվում՝ հլու սիրում է. նա տան կին է, իսկ լրբերը լինում են հատուկ տեսակի:
Անտառից, հազար աչքով կայծկլտաց առջևի սպիտակ բացատը: Թե ո՜ւմ է պետք բացատի աղբյուրը. սա՜ռը, անոթի՜, հոգնա՜ծ...
Հա, վաթսուն տարի առաջ, ոչ թե զրույցում կամ լսածով, ուղիղ հիսունհինգ տարի առաջ, արահետի վրա այդպես ուղիղ, գլուխը բարձր, բերանն այդպես կամակոր կանգնել էր Քառանց հարսը՝ ուսաշալը ձեռքից կախ. երեխա Գիքորը ձիու վրա էր, հայրը գնում էր առաջ ընկած, հարսը կանգնել էր արահետի վրա հոր դեմ՝ շալը ձեռքից կախ ու համառորեն նայում էր հորը. ձին գնաց, գլուխը դրեց հոր ուսին, և հայրն ասաց.– Ի՞նչ է, Զարե,– իսկ հարսը նայում էր բերանը փակ: Ճիշտ է. ինքը ձիուն նստած էր, հայրը գնում էր առջևից, հարսը կանգնել էր արահետի վրա դեմները. հայրը կանգնեց. հարսը նայում էր լիքը շրթունքներն իրար դարսած. ձին հասավ. գլուխը դրեց հոր ուսին:– Ի՞նչ է, Զարե,– կմկմաց հայրը: Հետո՞: Որտեղի՞ց էին գալիս: Ուրթի տակ էր, ուրեմն գյուղից էին գալիս: Հայրն ասաց. «Ի՞նչ է, Զարե»: Բայց հետո՞: «Թիֆլիս տան ծառայող է դարձել». չէ, սա արդեն լսովի է: Նրա ամուսինը նոր կին բերեց Շամուտից՝ դա Քառանց պառավն է, բայց ի՞նչ եղավ այն օրը, երբ Զարեն կանգնել էր արահետի վրա, ծաղիկների մեջ, դեմները:
– Վա՜խ, հեր ջան, վախ,– հառաչեց ու հորանջեց Գիքորը. ականջները խշշոցով բացվեցին, հայացքը պարզվեց՝ ելել էին բացատ, բացատում ծուխ էր ծայր առնում, մեկը կքել էր կրակի մոտ, աղբյուրի շուրջը խռնված քրքջում ու լվացվում էր ջահել քաղաքացիների մի մեծ խումբ: Վրանը խփված էր արահետի եզրին, արահետը կոտրվելու տեղը. այդտեղից վեր էր նետվում զառիվերը, որ նրանց ոչինչ էլ չէր ասում: Վրանի մոտ կանգնել էր սվիտեր հագած ջահել մի տղամարդ և մուգ ակնոցներով նայում էր Գիքորին ու ձիուն, և այդ բեռը նրան ոչինչ չէր ասում: Նրանք լվացվում էին աղբյուրի ջրում, ծիծաղում էին, մեկի գլուխը սեղմած պահել էին ջրի տակ և մի աղջիկ ծղրտալով պտտվում էր նրանց շուրջը.– Մի բուռ ջրում խեղդվել է՜, մի բուռ ջրում խեղդվել է՜,– մեկը երկար շտկում էր գնդակը ոտքի տակ, ժամացույցը ձեռքին մեկը հաշվում էր, թե քանի վայրկյան է ինչ նրա քիթը ջրի մեջ է, հետո գնդակը թռավ ու թռցրեց ժամացույցը նրա ձեռքից, ռադիոընդունիչը բացատում բռնում ու բաց էր թողնում երգ, ուրիշ երգ, արաբերեն, դաշնամուր, Թուրքիայի հիմնը, ճառ, երգ, լռություն, ծովի աղմուկ, ահա՛, իրենց ուզածը... Եվ մարդու սիրտ պայթում էր նախանձից ու աշխարհի հեշտությունից և ուրախությունից:
– Քեռի, քեռի, քեռի,– կարծես թե կրակը վառեց ծխի մոտ կքածին. դանակը ձեռքին՝ նա վազում էր դեպի Գիքորը:– Ոչխարը մի րոպե մորթիր, մի օր է քեզ ենք սպասում:
Նա մի րոպե նմանվեց Հենրիկ որդուն, և Գիքորն ուզեց ասել, որ հեռվից է գալիս, ամբողջ գիշեր գալիս է, հոգնա՜ծ, հոգնած է, վաթսուն տարի եղավ ուզում է մի լա՜վ քնել:
– Ինչի՞ է հարմար, քեռի, խորովե՞նք, թե եփենք,– և թաքուն հուշեց.– ասա՝ եփեցեք, սա խորովածի միս չի:– Եվ բարձր հայտարարեց.– Գյուղացի մարդ է, գիտի, ասում է սա խորովածացու չի:
– Բա որ,– ասաց Գիքորը,– մորթելը չգիտեք, բա որ ես էլ չլինեի, ո՞նց էիք մորթելու:
– Առանց մորթել էինք ուտելու, քեռի ջան...
Գիքորն աչքի պոչով նայեց նրան.
– Երևանի՞ց եք, թե Կիրովականից:
– Երևանից:
Գիքորն ասաց.
– Իմոնք Կիրովական են:– Եվ ոչխարի վիզը կոտրելով, հպարտությամբ նրան նայեց: Նրան նայեց՝ նրա կողքին նեղ տաբատով մի աղջիկ էր ծնկել ու նայում էր ցայտող արյանը: Զարեն: Այն օրը թե մի ուրիշ օր, ոչխար էր կթում, նայում էր Գիքորի հորն ու իր ամուսնուն և լուռ մտածում էր փախչել այդտեղից: «Թիֆլիս տան ծառայող դարձավ»: Գիքորն աչքերը պինդ փակեց, բացեց և լրիվ լուսացավ ու լրիվ արթնացավ:– Հենրիկ: Սահակյան: Կիրովական ինժեներ է: Երևան շուտ-շուտ է լինում...
Երբ բեռը մի քիչ ետ սահեց ու կրծբանդները մտան մսի մեջ, Ալխոն հասկացավ, որ զառիվերն սկսվել է: Ալխոն շունչը պահեց ու գնաց: «Էս զառիվերի հերը մենք հիմա կանիծենք», պետք է շունչ առնել մեկ էլ սարահարթի պռնկին. ամեն հաջորդ քայլը դուրս էր բերելու դարագլուխ, բայց թոքերի օդը հալվեց, հատավ, իսկ բեռը դեռ ներքև էր ձգում: Ալխոն հասկացավ, որ սկսվել է մեծ զառիվերը, Ալխոն նոր օդ առավ ու գնաց նոր շնչով, բայց այս անգամ օդը շուտ սպառվեց, իսկ արահետը դեռ սողում էր վեր, վեր: Ալխոն նոր օդ վերցրեց և հասկացավ, որ այստեղ հաստակողությամբ բան դուրս չի գա: Ալխոն կանգնեց, սպասեց թե ինչ կլինի՝ կաշին վրայից պոկելով բեռը քաշում էր ներքև, իսկ դեմը տնկվել էր զառիվերը՝ բութ, անխիղճ ու անհաղորդ նրա թոքերի նեղվածքին: Եվ Ալխոն որոշեց խաբել զառիվերին: Ալխոն թեքվեց, շունչ առավ, գնաց խոտոր, պտտվեց, եկա՜վ, շունչ առավ. թեքվեց, գնաց լանջո՜վ, պտտվեց, եկա՜վ, շունչ առավ. թեքվեց, գնաց լանջով, պտտվե՜ց, եկա՜վ, շունչ առավ. երեսունհինգ անգամ Ալխոն թամբի ու ցորենի երկու հարյուր կիլոն ու քսան տարվա կյանքը տարա՜վ, պտտե՜ց, բերեց սարալանջն ի վեր, զառիվերը ծալծլեց, դրեց ոտքի տակ և մի պահ արձանացավ իր սարահարթի եզրին՝ արահետի վրա, որ ներքևի ծայրում թելվել էր ծերունի Գիքորին և ձգում ու ձգում էր դեպի վերև, դեպի իր ցորենն ու Ալխոն, որ, հաղթանակած, մի րոպե արձանացավ իր սարահարթի եզրին ու ապա գնաց զովերի միջով, ուրթերի ու երամակների կարոտի միջով դեպի իր Կեչուտի աղբյուրը, հովատակի վախը, կարճատև հանգրվանը: «Բեռը իմն է, ես եմ նրա տակ» – Ալխոն չսպասեց աղվես Գիքորին. ջուր խմեց, թոքերն ու ողնաշարը լցրեց սառնությամբ ու գնաց:
– Էդ պարկերի վրա բրեզենտ գցիր՝ չտամկեն,– ասաց Գիքորը կնոջը:– Էդ ձին լավ չորացրու, վրան թաղիք գցիր՝ չմրսի: Էդ խոզերն էդտեղից քշիր՝ քնում եմ: Էդ աման-չամանիդ ձենը կտրի՛ր,– գոռաց Գիքորը:– Գլխիդ կպչի քո մածունը, Ղազախից եմ գալիս, ոտք էիր լվանալու, տաք ջուրդ...– քնի մեջ ասաց Գիքորը:– Ծածկիր:
Հետո ներքևի ջրերի վրա ամպի մի ծվեն էր մաշվում, հովը կպչում էր կատարից կատար, վարիչ Լևոնն ու ձիապան Մեսրոպը մի րոպե կռվեցին ու խաղաղվեցին, ոչխարը եկավ կթի ու կթվոր կանանց արանքով ավազի ժամացույցի պես հոսեց ու վերջացավ, շները քաղցից գազազել էին և քիչ մնաց ծվատեին թուրքերի ցուլը, հեռու տափարակում հովից խրտնեց ու փախս ընկավ նարնջագույն երամակը, Գիքորի կինը հավ մորթեց, և Ալխոն պառկած ննջում էր:

Շինարար
06.11.2010, 11:44
Ոչխարի հոտերը տեղաշարժ արին, գառան հոտերն իջեցրին ձորերի վրա, կուշտ շներն ալարում էին գնալ հովվի ետևից, բլրի գլխին սևացավ թուրքերի ցուլը և բուղագոռով վիթխարիացավ, ներքևի հարթակում երեք տարեկան ցլիկն անջատվեց նախրից և կանգնեց ցուլի ճանապարհին, հեռու տափարակում դարձյալ խրտնեց ձիախումբը, շները շարան տվին ու կապեցին բլուրները բլուրներին, լանջերը բլուրներին, հեռու սարալանջի աղվեսը ուրթին, և Ալխոն հանգստանում էր կանգնած:
Գիքորը վրանից ելավ, նստեց վրանի դռանը, հորանջեց ու մնաց մռայլ: Աշխենը եկավ ասաց Գիքորին՝ էդ ինչքա՞ն ես բարձել, Գիքորն ասաց՝ գլուխ մի տար, ներքևում նախրապանը ծեծեց ու ետ քշեց թուրքի ցուլը, աղվեսը քսան անգամ երևաց շների դնչի մոտ ու քսան անգամ շների հետ կորավ բլուրների ետևը, Գիքորն իջավ ձորը՝ միզելու, հեռու տափարակում դարձյալ խլրտաց երամակը, յոթ բլուր դենը շները կիտվել էին իրար վրա և խեղդում էին աղվեսին, բայց աղվեսն ուրթի մոտ բլրի գլխին պպզած էր ու ծիծաղելով դիտում էր, թե ինչպես են շներն իրեն խեղդում, վարիչ Լևոնը փայտ էր ջարդում ֆերմայի համար, Մեսրոպը գնաց դեպի երամակը,– իսկ Ալխոն սկսել էր արածել: Այդ սարում ոչ ոք կարգին արածել չգիտի, Ալխոն կլպում էր գետինը:
– Արածի՛ր,– ասաց Գիքորը:
Հետո ուրթում վեճ եղավ, թե թուրքի ուրթի հետ սահմանների հարցը լավ չի վճռված, նրանց հանդապահն ուզեցել է քշի տանի սրանց հոտը մի ձորից, որի պատկանելությունը լավ չի որոշված, ապա հանդարտվեցին, աղջամուղջի հետ վերադարձան հոտերը, փայլփլեցին հովվակրակները, տրոփյունով ու խաղալո՜վ, խաղալով եկավ երամակը, տեղավորվեց փարախում, Մեսրոպը սահմանային վեճն ուզեց հասցնել Մոսկվա – Կրեմլ, Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահին և այդ առիթով նա ու Լևոնը մի թեթև կռվեցին, Գիքորը ցորենները քաշեց ներս, իսկ Ալխոն արածում էր:
– Դու որ Ալխոն ես՝ արածիր,– ասաց Գիքորը:
– Դեռ արածում ե՞ս,– ասաց առավոտյան:– Լավ ես անում. արածիր:
Ներքևի ջրերի վրա ամպի մի ծվեն էր մաշվում, ոչխարը եկավ կթի, կանանց արանքով դանդաղ հոսեց, հեռու տափարակում հովից խրտնեց ու փախս ընկավ նարնջագույն երամակը, և Ալխոն գլուխը բարձրացրեց ու նայեց երամակին: Ալխոն գլուխը բարձր քայլ դրեց դեպի երամակ՝ այնտեղ զամբիկները բուրում էին տաքություն ու ծաղիկ: Ալխոն բարձրագլուխ վրնջաց դեպի երամակ՝ լայնգավակ զամբիկներն այնտեղ բուրում էին արյան մոլուցք ու հոգնություն: Ալխոն խուլ վրնջաց ու գնաց՝ երամակից դուրս շպրտվեց, մի պահ նայեց ու իրեն կտոր-կտոր անելով եկավ հովատակը: Կրծքի լայնք տալով եկավ, դևի պես շրխկալով եկավ, կրծքով շպրտեց Ալխոյին ու խռխռալով ետ գնաց: Երամակի մոտից նայեց՝ որտե՞ղ էր այն կռտածը, որ վրնջում էր:
Ալխոն նստեց, կանգնեց, թափահարվեց, նայեց երամակին՝ զամբիկները բուրում էին արյան կատաղություն ու խորք: Ալխոն վրնջաց, և այդ ժամանակ հովատակը պտտվեց երամակի շուրջը, երամակը հավաքեց, պտտվեց հավաք երամակի շուրջը, պտտվեց ու պտույտից դուրս ընկավ: Օձի պես չար, քամու պես թեթև ու ցուլի պես ծանր՝ ահագնանալով եկավ, խփեց փշրեց Ալխոյին ու գլուխը թափահարելով ետ գնաց:
Երկնքում լողում էր մի քուլա ամպ, երգում էր արտույտը, կուշտ երամակն իբր թե արածում էր, քաղցից գազազած շները չգիտեին ինչ ծվատել, հովատակի համար Ալխոն եղել էր մի դար առաջ, Ալխոն ելավ, դողաց ոտքերի վրա, հաստատվեց ոտքերի վրա, գլուխը բարձրացրեց՝ լայնգավակ զամբիկները բուրում էին տաքությամբ ու ծաղկով: Ալխոն վրնջաց ու մղվեց դեպի երամակ՝ հովատակը պոկվեց:
– Գիքո՜ր... էն խեղճ ձիուն ուտում է, Գիքոր...
– Գիքո՜ր... հիմարություն մի արա, Գիքո՛ր, ոտքի տակ կտա, կսպանի:
Եղանը ձեռքին Գիքորը կանգնեց նրա տրորելիք գծի վրա:
– Փոր-մորդ կթափե՛մ, քո անբան հերն անիծած...
Գիքորին շները փրկեցին. շներով շրջապատված հովատակն աղեղ տվեց Գիքորի ու Ալխոյի մոտից, լայն շրջանով գնաց մտավ երամակ: Իսկ Ալխոն մղվում ու մղվում էր դեպի նարնջագույն զամբիկները և Գիքորին չէր տեսնում, անցավ Գիքորին տրորելով:
Այդ ժամանակ հովատակը դուրս թռավ երամակից, շների օղակման հետ եկավ, ետ թողեց շներին, ահագնանալով եկավ, խփեց, փռեց, կծեց ու տրորեց միանգամից: Եվ պղնձե բաշը ծածանելով արևի տակ այդ կանաչ աշխարհում, գնաց դեպի երամակ: Եվ այնտեղից ետ նայեց՝ Ալխոն դարձյալ ելել էր, գնում էր Գիքորի ետևից ուրթ, ուր բեռներն էին և գյուղ ու գյուղով կայարան տանող ճանապարհի սկիզբը:
– Հենց ապրես,– ասացին Անդրոյին, երբ Գիքորը ձին ձորում կապել էր, թամբը տարել Անդրոյի դուռը,– հենց ապրես, երեխան եկել է, կայարանում է... Երկու օր է կայարանում է, հենց ապրես...
– Անդրանի՜կ...– կանչեց պառավը:
– Քե՛զ ինչ է եղել, այ մեր:
– Ախպորդ երեխան կայարանում է, Անդրանիկ:
– Բա էն ձին մեղավոր է՞, որ կայարանում է, այ մեր...
– Հա ջա՞ն...

Արտատպված է granish.org (http://granish.org/?p=3403) կայքից:

Smokie
06.11.2010, 14:31
Smokie ջան, սկսիր այս թեմայից, այստեղ թե հատվածներ կան իր գործերից, թե ամբողջական ստեղծագործություններ, թե հարցազրույցներ, ինտերնետում ավելի հարուստ կայք, որտեղ կարող ես Մաթևոսյան կարդալ, կարծում եմ՝ չկա:

Շատ շնորհակալություն, անպայման կկարդամ::)

Smokie
06.11.2010, 18:10
«Կանաչ դաշտը» եւ «Հացը» ստեղծագործություններն էի կարդացել Հրանտ Մաթեւոսյանից: Տեսել եմ «Մենք ենք մեր սարերը»-ի ֆիլմը, դուրս շատ է եկել, սցենարիստն էլ հենց ինքը՝ Հրանտ Մաթեւոսյանն էր,:love «Աշնան արեւը» նույնպես նայել եմ, դա էլ էր շատ լավը::love

Smokie
06.11.2010, 18:23
Հենց նոր կարդացի «Այս կանաչ կարմիր աշխարհը» կինովիպակը: Էնքան լավն ա: :love Չնայած «լավ» բառը ոչինչ չի ասում: Էնքան տխուր, լռիկ, քնքուշ ու պարզ ա: :( Հայկական մտածողության ցայտուն արտահայտում, ավելի շուտ, անթաքույց: :( Լացս գալիս ա: Մինչև հիմա չեմ հասկանում աղջկան կամ տղային՝ ծնողների ընտրությամբ ամուսնության սովորույթը::( Ըմբոստանում եմ ներսից ու խեղդում, դիմանում, լռում... Մոտ 30-ում էնքան հույզ կա, քնքշություն ու ամոթխածություն... Էհհ... :)

Ֆիլմի սցենարիստը Հրանտ Մաթեւոսյանն է, իսկ հենց ֆիլմը նկարահանված է Ակսել Բակունցի «Միրհավ» պատտմվածքի հիման վրա:;)

Վա՛յ Շինարան ասել էր::oy

Շինարար
25.11.2010, 22:45
Հրանտ Մաթեւոսյան. «Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»

Էդիկ Բաղդասարյան


շարունակելի (http://hetq.am/am/culture/hrant-matevosyan-6/)

«Հայաստանի Հանրապետություն», 13.10.1990 թ.
Հրանտ Մաթեւոսյան. «Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են»

Էդիկ Բաղդասարյան

Կարո՞ղ ենք ասել, որ այս ոչ հստակ պատկերացումը Ձեր` քաղաքականությամբ չզբաղվելու, ավելի ճիշտ՝ սիրողական լինելու արդյունքն է:

Չգիտեմ: Ռուս մի գրողի ստեղծագործության մեջ աղջնակի կերպար կա՝ նա միմյանց նկատմամբ տածվող մարդկանց ատելությունից ինքն է դողում: Այդ ատելությունը ոչ թե իրենն է, այլ մարդիկ իրար ատում են, բայց կողքի կանգնած՝ ինքն է դողում, թշնամանքը իր միջով է անցնում: Հիմա՝ ես էլ այդ վիճակում եմ, այս գզվռտոցի մեջ բոլոր հարվածները նախ ինձ են հասնում:

Վերը նշված հարցազրույցում, երբ խոսք էր գնում տեսության անաղարտության մասին, Դուք նշել էիք, որ «լավ է, որ գնացինք մաքուր սոցիալիզմ ստեղծելու ուղիով»: Ի՞նչը նկատի ունեիք այդ ասելով. մեզ մոտ կառուցված սոցիալի՞զմը, թե՞ կառուցվելիք սոցիալիզմը:

Ինչքան հիշում եմ՝ պիտի որ խոսք եղած լինի ուղղափառության, ուղղափառ սոցիալիստների դոստոեւսկիական քննադատության մասին, մտքի իմ համակարգում «սոցիալիզմը» այլ ֆունկցիա հազիվ թե ունեցած լինի: Բայց եթե խոսք եք բացում սոցիալիզմի մասին առհասարակ՝ կեցցե նացիոնալիզմով չաղարտված սոցիալիզմը, որ մեզանում երկօրյա կյանք անգամ չունեցավ:

Երեւի շուտ է այսօր ասել, որ մենք դժվարագույն ժամանակներ ենք ապրում: Դրանք, հնարավոր է, դեռ առջեւում են: Հնչում են կոչեր՝ դիմելու այս կամ այն երկրի օգնությանը: Վերցնենք աղետի գոտին: Մենք սպասում ենք, թե դրսից եկածները երբ են տուն կառուցելու: Մինչդեռ աղետի գոտում հազարավոր հայ շինարարներ չեն ուզում իրենց իսկ տունը կառուցել: Աղետի գոտու այսօրվա վերականգնումը ձախողելու մեղքը միայն մերն է…

Լիովին համաձայն եմ: Կորուստները նվաճումներից մեծ են լինում օգնության դեպքում: Ժողովուրդը դարձյալ դիմազրկված է լինելու, օտարված է լինելու իր հայրենիքից, իր հոգսերից: Եթե երկրաշարժը պատահեր անկախ Հայաստանում, եւ կառավարությունը լիներ իր երկրի տերը, աղետի գոտին արդեն վերականգնված էր լինելու: Ինձ համար՝ կեցցե այն կառավարությունը, որը դիմելու է ոչ թե օգնությունների, այլ իր ուժերը ոգեկոչելու:

Պարոն Մաթեւոսյան, այդ հարցազրույցում Դուք նշել եք, որ մենք չունենք ազգային ծրագիր, նպատակ: Ո՞րն է այդ ծրագիրը, ի՞նչ նպատակների մասին էր խոսքը: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ ծրագիրը:

Բոլորս ուղղակի ամեն օր, ամեն ժամ, եթե էդպիսի պարապ օր ենք ունենում, փրկության պես մի բան է լինում, երբ Վանը, Կիլիկիան, մեր անցյալը չենք հիշում, եւ դա յուրաքանչյուրիս համար փրկված օր է լինում: Անընդհատ տապակվում ենք էդ հոգսերով եւ ոչ մի ելք չունենք: Լավագույն դեպքերում, մտքի թռիչքի պահին, ենթադրում եմ, թե գուցե հետագայում ֆեդերացիայի պես մի բան առաջանա՝ Թուրքիա, Հայաստան, Քուրդիստան: Դա հումանիզմն է, որ իմ մեջ խոսում է, բանաստեղծն է, որ խոսում է, եւ ոչ թե քաղաքագետը: Ահա այս նկատի ունեի: Ազգային հեռանկար տուր ինձ, եւ փոքր-ինչ կարողություններով օժտված բանաստեղծս կվերաճեմ Թումանյանի, կդառնամ Թումանյան: Որովհետեւ Թումանյանի դեմ ազգային հեռանկար կար, վաղվա փրկված Հայաստան կար, եւ պատահականություն չէ, որ մշակութային մեր տիտանները ծնվել են հենց այդ ժամանակ, երբ իրական Հայաստանը չկար, բայց Հայաստանի հեռանկարը կար:

Ձեր քաղաքական հայացքների մասին մենք շատ անորոշ պատկերացում ենք կազմել գեղարվեստական գործերից, հարցազրույցներից: Ձեր հստակ քաղաքական հայացքները չեն երեւում ոչ մամուլում եւ ոչ էլ այլ տեղեր: Ավելին ասեմ, ազգի լավագույն գրողներից մեկը շարժման ժամանակ «չխոսեց», եւ հանկարծ նա որոշեց եւ դարձավ պատգամավոր:

Առաջին անգամ, երբ նստեցի խոսք գրելու, որպեսզի հրապարակում ելույթ ունենամ, գրեցի այն, ինչը որ այսօր, երկուսուկես տարի հետո, ասում են ուրիշները: Գրեցի. «Սիրելի ժողովուրդ, դժբախտաբար մեր երկրի ղեկավարը մեզ հետ թուրքերեն խոսեց»: Սա կարելի՞ էր ասել, չէ՛ր կարելի: Սա նշանակում է հեռանկարից զրկել, դատապարտել, սրացումների տանել: Եվ ես մեզ տեսնում էի մի վիճակում, որտեղ ամեն մի շարժում ավելի էր ճահճախեղդ անելու: Ես բացարձակապես անշարժության էի կողմնակից, համարձակություն չունեցա ասել, թե եկեք գործադուլ չանենք: Համարձակություն չունեցա, վախեցա ասել՝ մի ելեք ցույցերի, այս ամբողջը ուղղվում է մեր դեմ: Ես այս կարծիքին եմ եղել, ուրիշները գուցե սա սխալ են համարում, բայց ես այդպես էի մտածում:

Հիմա ասում եք, որ ճիշտ եք արել, որ լռել եք, բայց այն ժամանակ գուցե Ձեր խոսքի կարի՞քը կար:

Հիմա ասում են՝ գրողը ազգի իղձերի արտահայտիչն է: Ասում են՝ լավ են այն գրողները (չեմ բաժանում այն միտքը, որ ազգի լավագույն գրողը ես եմ), ովքեր ժողովրդի բերանից խոսքը խլում են: Այսինքն, այն խոսքը, որ ժողովուրդը պիտի ասեր, մի օր առաջ գրողն է ասում: Այդպիսին է եղել Թումանյանը, Չարենցը: Ուրիշ հարցազրույցներում ասել եմ, ուղղակի ես իմ ժողովրդի ցավերով եմ տապակվել եւ նրա հետ տեղապտույտի մեջ եմ եղել: Ես էդ իմաստուն խոսք ասողը չեմ եղել: Լավագույն դեպքում այնպիսի զարհուրելի պատկերներ եմ տեսել, երբեմն մտածել եմ, որ ժողովրդի առաջը ընկնեմ եւ նահանջի տանեմ, փախուստի տանեմ էս երկրից: Դա կարելի՞ էր հրապարակել: Չէ՛ր կարելի: Այսօր էլ՝ իրականը սա է: Մի կողմից ելքի դռները բացել են, մյուս կողմից փեշները թափ են տալիս, վախեցնում են:

Դուք ուզում եք ասել, որ Սիլվա Կապուտիկյանը եւ Զորի Բալայանը Գորբաչովի հետ հանդիպելուց հետո, երբ եկան եւ ժողովրդին ճշմարտությունը չասին, ճի՞շտ էր:

Եթե ճշմարտությունը ասեին, այն բախումը, որ Բաքվում եղավ, Հայաստանում կլիներ: Հիմա ես իմ խղճի վրա մեղք զգա՞մ, որ ժողովրդին այդ բախմանը չեմ տարել:

Օրեր շարունակ Դուք նստաշրջանում եք, գրելու համար ժամանակ գտնո՞ւմ եք:

Ոչ, բացարձակապես: Ականջս լի է խելոք եւ հիմար աղմուկով: Երբեմն կարողություններ եմ տեսնում, որոնք փառահեղ ելույթներ են ունենում, իսկ մնացյալ ամեն ինչը, մի աղմուկ դարձած, ականջներիս մեջ է եւ չգիտեմ ինչքան ժամանակ է պետք, որ ականջներս մաքրվեն, եւ աստվածային թրթիռը, Աստծո էջը… Թումանյանի քառյակը հիշո՞ւմ ես.

Դու մի անհայտ բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

Ականջներս, աչքերս դեռ ինչքա՜ն են մաքրվելու, որպեսզի կարողանամ աստվածային տեքստը նորից կարդալ:

Ուզում եք ասել, որ ինչ-որ տեղ զղջացե՞լ եք պատգամավոր դառնալու համար:

Այո: Այն, ինչ պիտի անեի, էլի կանեի: Շփումներ կունենայի մարդկանց հետ: Մի հինգ հոգի հերոսների պես մի լավություն կանեին, գյուղին տրակտոր կտային: Ես էս հնարավորություններն էի մտածում: Էդքանը զուտ գրող լինելով էլ կարող էի անել:

Խորհրդարանում տարբեր հանձնաժողովներ են ձեւավորվել: Որեւէ հանձնաժողովում աշխատելու ցանկություն չունեի՞ք:

Շատ տեղեր կարող էի աշխատել, բայց գրականության հաշվին: Կենսոլորտի հանձնաժողովում կարող էի աշխատել, եւ առաջադրել էին ինձ, վերջին րոպեին հանեցի: Ուրախ եմ, որ Սամվել Շահինյանը անցավ: Ագրարային հանձնաժողովում կարող էի աշխատել: Մի հանձնաժողով կա, որ չի ստեղծվել՝ զուտ փախստականների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Այդ հանձնաժողովի համար ես դեռ պիտի պայքարեմ, պիտի ստեղծվի այդպիսի հանձնաժողով:

Դուք համաձա՞յն եք կառավարության քաղաքական գծին, նրա կողմից առաջ քաշվող դիրքորոշումներին:

Դա իրատես քաղաքականություն է: Կառավարությունը չի կարող առճակատման գնալ: Պիտի մեր կառավարության վիճակի մեջ մտնենք: Չպիտի մոռանանք ինչ պայմաններում ենք, երբեք չմոռանալով նաեւ մեր կորուստները… Կարճ ասեմ՝ մեր հայրենիքը Թուրքիայում է: Ո՛չ այդ պիտի մոռանանք, ո՛չ էլ պիտի մոռանանք այն «թյուրիմացությունները», որ կարող են պատահել: Մի օրվա մեջ հանրապետությունը կարող է ոտնատակ տրվի: Կարող են սադրանքներ ծագել: Այս իմաստով էլ՝ ես իսկապես իմ կառավարության հետ եմ: Եվ եթե, ասենք, իմ փոխարեն Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ արտահայտություն է գտնում՝ հրճվանքից ուղղակի սիրտս ճխլվում է: Ասենք, երբ անկախության համար գործընթաց բառը գտնվեց:

Բայց այդքան էլ կարծես ճիշտ չէ հռչակել գործընթացի սկիզբը: Գուցե պիտի լիներ ուղղակի գործընթացը:

Չգիտեմ, այդ գուցե իրենք կասեն: Իսկապես ես մի մարդ եմ, որին սիրուն ու բարձր մակդիրները չեն հուզում: Ես այդ պոետը չեմ: Այդ երգերը չեն հրապուրում ինձ: Չնայած սասունցիների կարոտի, պանդխտության երգերը ինձ շատ են քաշում, բայց ես հայր եմ արդեն, նաեւ ինչ-որ չափով ազգի համար եմ հայր:

Երբ Հռչակագիրը ընդունվեց, անկեղծ ասած, հավատս չէր գալիս, թե մենք այդքան հեշտությամբ պոկվեցինք ռուսական կայսրությունից եւ…

Եթե ես Ռուսաստանը լինեի՝ դարձյալ հեշտությամբ չէի թողնի: Սուլթանի օրագրություններում, խոսքս Աբդուլ Համիդի մասին է, ասվում է, թե իր՝ սուլթանի համար անհանգստացնող երեւույթ է, որ Կովկասում ցարը կապիտալ ներդրումներ է անում, փող է դնում, երկրամասն, այսինքն, յուրացնում է, իմպերիա է ստեղծում: Առաջացել է մի պատմական միավորում, որը քանդելը շատ դժվար է, անհնար է: Ինձ թվում է՝ վերջը լավ կլինի: Իսկապես կործանվել է մի վատ բան: Ընթացիկ կորուստները մեզ սարսափեցնում են, տագնապը բոլորիս մեջ կա, բայց դեպի… դեպի Ամերիկա ենք գնում, դեպի Եվրոպա ենք գնում: Եվրոպան մի կողմից գալիս է, մյուս կողմից մենք ընդառաջ ենք գնում:

Իսկ Ղարաբաղի հա՞րցը:

Ղարաբաղը Կենտրոնը մեզ չի տա, եթե նրա հետ ենք հույսներս կապում: Կենտրոնը թույլ չի տա, որ Ղարաբաղի գլխից մի մազ պակասի, ոչ էլ Կենտրոնը Ղարաբաղը մեզ կտա: Ղարաբաղի կողքին Ադրբեջանում դեռ պիտի առաջանան Թալիշի հարց, լեզգիների, քրդերի եւ էլի շատ հարցեր: Ղարաբաղը Կենտրոնի ձեռքին խաղաքարտ է, որով խփում է եւ՛ մեր գլխին, եւ՛ Ադրբեջանի: Եթե բանակցությունների գնանք, համաձայնության գանք, երկուսս էլ մի մեծ ցավից ազատված կլինենք այս առաջընթացի ճանապարհին:

Այս դժվար ժամանակներում կարծես մոռացվել է արվեստը, գրականությունը:

Չէ, պատկերացնում եք, լավ տղաներ կան: Ինչպես, ասենք, եղեռնը Թումանյանի համար կործանարար եղավ, Չարենցի համար՝ հնոց, թրծարան, թրծեց: Այդպես էլ հիմա: Երիտասարդություն կա, որ գրական գործը չի մոռացել: Գրական մամուլում շատ լավ հրապարակումներ են լինում:

Պարոն Մաթեւոսյան, իսկ հողի հարցը ինչպե՞ս պետք է լուծվի: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դրա լուծումը:

Շատ դժվար, անչափ դժվար է: Հեշտ ու հանգիստ, աղայական շռայլությամբ չի կարելի ասել, թե հողը վերադարձնենք գյուղացուն ու վերջացնենք: Իսկ եթե հող չկա՞: Ապարանի ամբողջ հարթավայրը եթե վերադարձնես՝ երկու ֆերմերի բաժին է, իսկ մնացած գյուղացիությո՞ւնը: Պրոֆեսոր Մանասարյանի պնդումը, թե պիտի գուրգուրենք եւ՛ առողջ կոլխոզը, եւ՛ առողջ սովխոզը, եւ՛ մնացած բոլոր լավ ձեւերը, ճիշտ է: Այդ բոլոր ձեւերը պիտի փորձենք:

Եղած լավը պահելով՝ պիտի ուրիշ ձեւե՞ր փնտրենք:

Կոլխոզը բռնապետություն է, ասում են՝ եկեք քանդենք, իսկ Ճարտա՞րը, Ղարաբա՞ղը, իսկ եթե այնտեղ համայնքի այդ ձեւը նրանց հողին կապված է պահել: Եթե մարդկանց մի խումբը կարողացել է լեզու գտնել եւ վատ չապրել, ինչո՞ւ քայքայենք: Պիտի ընդառաջենք եւ անընդհատ թողնենք տեղերում իրենց նախաձեռնությանը: Միանշանակ պատասխան այստեղ լինել չի կարող: Սակավահող երկիր ենք, նույնիսկ կարող է պատահել, որ հողը ազգային սեփականություն հայտարարենք: Մարդու ազատության հիմնահարցից պիտի ելնենք եւ նայենք հնարավորություններին: Թե չէ, ասենք, Սեւանը՝ սեւանցիներին, Կալինինոյի բերրի սարահարթը՝ իրենց, իսկ ե՞ս, իսկ դո՞ւ: Քո ազատության սահմանները մինչեւ իմ ազատության սահմաններն են: Հողի հարցն առանձին հարց է: Այս մասին մի ուրիշ անգամ կխոսենք:

«Հայաստանի Հանրապետություն», 13.10.1990 թ.

hetq.am (http://hetq.am/am/culture/hrant-matevosyan-7/)

Շինարար
30.11.2010, 20:52
Ահա թե ինչ եմ գտել՝ HRANTMATEVOSSIAN.ORG (http://hrantmatevossian.org/hy):

Շինարար
30.11.2010, 20:56
Ամենաշատը ուրախացել եմ, որ էդ կայքում որպես ընթերցողի արձագանք հղված է տարիներ առաջ persons.am-ում իմ արած գրառումը:

Tig
14.02.2011, 12:44
Ռուսները հայերից շուտ ընդունեցին Հրանտ Մաթևոսյանին. Երևանում բացվեց գրողի հուշաքարը
14:00 • 12.02.11

Երևանի Պուշինի 3 հասցեի շենքի բակում այսօր բացվեց հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի հիշատակին նվիրված հուշաքար-աղբյուրը։ Հենց այս շենքի երրորդ հարկում է ապրել մեծանուն գրողը։ Այժմ նույն տանը բնակվում է նրա այրին։
Հուշաքարի բացմանը մասնակցեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքով՝ հուշաքարն այդ վայրում տեղադրելու որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետարանը։ Ֆինանսավորման հարցում նույնպես քաղաքապետարանն աջակցել է։

«Այս հուշարձան-աղբյուրը հարիր է Հրանտ Մաթևոսյանի կերպարին»,- նշեց ճարտարապետը:
Գրականագետ Ֆելիքս Մելոյանը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններին հաճախակի անդրադառնալու համար կառավարության կողմից մրցանակ ստացավ։

«Մի օր ասեցի՝ գիտեք ինչ, թերագնահատած չեմ լինի մեր մյուս մեծություններին, եթե ասեմ, որ ոչ Բակունցի, ոչ Զորյանի, ոչ մեր մյուս դասականների արձակը Հրանտ Մաթևորսյանի արձակի մակարդակին չեն հասնի։ Նա իսկապես մեծ գրող է։ Սովորաբար ասում ենք, որ ռուսներն առաջինն ընդունեցին նրան, հետո՝ մենք։ Մինչև հիմա էլ այնպես է ընկալվում, որ նա մեր արձակի ամենամեծն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետը։

Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն էլ նշեց, որ սա իրենց ծրագրի հերթական իրականացված կետն է։ «Մեր հաջորդ քայլը մշակութային կենտրոնի կառուցումն է լինելու, որի համար արդեն վաղուց քայլեր են արվում։ Եթե իրոք այս տարվա խոստացած բաները տեղի ունենան, ապա 2012թ.-ին կենտրոնը կկառուցվի»,- ասաց նա։ Գրողին նվիրված մշակության կենտրոնում կազմակերպվելու են քննարկումներ, անցկացվելու են մշակութային միջոցառումներ։

Հուշաքարի բացման արարողությունից հետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվեց Հրանտ Մաթևոսյանի տանը, այնուհետև գնաց Նկարիչների միություն, որտեղ ծանոթացավ «ART EXSPO-2011» ցուցահանդեսի տաղավարներին։

Tert.am

Շինարար
20.08.2011, 12:21
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ՄԵՐ ՏՈՀՄԸ


Նվիրվում է Գուրգեն Մահարուն, ուրիշ չավ բան չունի հեղինակը

Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան սողում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարել եմ, և սիրտս թաքուն սպասում Է ծեծին։ Գուցեև Էությունս լցվում Է որևէ սրամտությամբ, որը պետք է ծնվի ինչ-որ դիպվածով, հանկարծակի, փռշտոցի պես։ Չգիտեմ։ Եվ քանի դեռ չգիտեմ, նա ինձ համար սարդի պես դարանած քաղցկեղ է, պատժի սպասում է, քիթը մտած փոշեհատիկ Է, որ սպասում Է մի ճառագայթ արևի – հա՜պչ...
Գյուղում ենք, մեր տոհմի մեջ ենք։ Իսկ տոհմեցիները ծաղրածուներ են, ամեն մեկը մի գյուղի կծիծաղեցնի։ Իսկ երբ մի տեղ ենք հավաքվում բոլոր տոհմեցիներս՝ ծիծաղեցնելու ուժը մեծանում Է այն հարաբերությամբ, ինչ հարաբերության մեջ է հարյուր առանձին զինվորների հարվածային ուժը հարյուր զինվորանոց վաշտի հարվածային ուժի հետ։ Պարզ է, որ տոհմով կծիծաղեցնեինք աշխարհի բոլոր գյուղերին։ Պարզ է, որ հիմա մեր ծիծաղը պետք է գյուղում պատեպատ խփվելիս լիներ ամպրոպի արձագանքի պես։ Տոհմում կա մի Մացակ, քսանհինգ տարեկան, նոր ամուսնացած, շատ քնող։ Կա նաև մի աքաղաղ, անուն՝ կունենա, երեխաները դրած կլինեն, ես չեմ հիշում։ Անունը դնենք Սուլթան։ Հենց որ այս Մացակն ամուսնացավ ու քնից ուշ էր վեր կենում, այս Սուլթանը սկսեց թռչել պատշգամբի բազրիքին ու` ծուղրուղու, Մացակը քնած է... Այնքան էր կանչում, որ Մացակը ներսից պատասխանում էր՝ զահրումար... Հետո սկսեց տատիս համոզել, թե հիվանդ է, մինչև աքաղաղի միս չուտի՝ չի առողջանա։ Իսկ տատս պատասխանում էր.
-Քո հասակի տղաները գյուղ են կառավարում։
-Դո՛ւ գիտես։
Մացակը շարունակեց ուշ արթնանալ, իսկ Սուլթանը՝ գյուղով մեկ հայտարարել, թե Մացակը, ծուղրուղու, ընդամենը մի կին ունի, բայց քնած է, իսկ ինքը, ծուղրուղու, երեսուն կին ունի, բայց շուտ է արթնա... Հենց այդտեղ էլ Մացակը նրան բռնեց։ Տրուսիկով, մազերը խառը, մի աչքը կպած՝ դուրս եկավ ու բռնեց։
-Կմորթեմ, Մացակ ջան,– իրար անցավ տատը,– ամառվա աշխատանքը վերջանա՝ կմորթեմ։
-Դո՛ւ գիտես,– ասաց Մացակը։ Եվ պարզվեց, որ Սուլթանը, չնայած ծիրանիին, սուտակե թագին և արքայական մյուս բաներին, սուրբ մզկիթ կտուցից զատ, իր վրա մի ուրիշ անցք ունի՝ ղումաշով ծածկած, իսկ Մացակը դրա մոտավոր տեղը գիտե։ Մացակը երկար ետ էր տալիս ղումաշե դարսերը, իսկ Սուլթանը արքայական բարկությամբ ծղրտում էր ինչ-որ բան. եթե տոհմի երեխաները ներկա լինեին՝ ճշգրտորեն կթարգմանեին նրա մավրիտաներենը. մեծերս մերթ այս էինք հասկանում, մերթ այն. երևի Սուլթանը գլխատման հրաման էր տալիս, երևի հայտարարում էր իր անձեռնմխելիության մասին ի գիտություն, մեկ էլ կարծես թե որոշակիորեն ասաց, «չհամարձակվե՛լ»։ Չգիտեմ, միայն թե «չ» տառն ու հրամայական շեշտը կային։ Այդպես, տարբեր բաներ։ Ով գիտե, այդ արքաները այնպես են խոսում բարկացած ժամանակ, որ մարդու թվում է, թե բառաչում են և ընդհանրապես չեն իմացել խոսել։ Իսկ Մացակն իր գործին էր. հսկաների արքան թզուկների նվեր բերված արքային տնտղում էր ըստ ամենայնի։
-Հրես։- Եվ Մացակը ժպտաց խնամքով թաքցված գողություն բացահայտող քննիչի ժպիտով։
Հիմա Սուլթանը հաշտություն էր աղերսում, հարեմը թողնում է Մացակին, ննջարանի սահմաններում կոճիկափող չի փչում, դառնում է վասալ-արքա, կղա, կղա, կըղղ, եթե ուրիշ սուլթաններ փորձում են անհաճո ձայներ հանելով խանգարել Մացակի արքայական քունը, Սուլթանը ջարդում է նրանց թագը և ծվատում է նրանց ծիրանին, ծկղա...
-Այդ մասին շուտ պիտի մտածեիր,– ասաց Մացակը։
Եվ պարզվեց, որ Սուլթանը, կտուցից զատ, մի ուրիշ անցք ունի, և պարզվեց, որ մեքենայի յուղիչով կարելի է յուղել նաև այդ անցքը, չնայած մեքենայի անցք չէր։ Որտեղից որտեղ։ Կեցցե՛ Մացակը։
-Կղա, կղղա, կըղ...– Սուլթանը հիմա բողոքում էր այնպիսի վհատ ձայնով, որ երևում էր ոչինչ չէր անի, կգանգատվեր, ամենաշատը...
-Դե հիմա այնքան կանչիր...– Մացակը նրան շպրտեց պատշգամբից ներքև ու գնաց քնելու։
Սուլթանը քայլ փոխելով երկար մտածում էր, թե ինչ կատարվեց իր հետ, վիզը ձգելով շուրջն էր նայում՝ մեկնաբանում սպասելով ուրիշներից, ախար այդ արքաները մտածելու կողմից խեղճ են. առանց խորհրդականի չեն կարողանում մտածել։ Այդպես էլ Սուլթանը չհասկացավ, թե ինչ էին արել իրեն, ու այնքան էր երեսառած, որ չխրատվեց, թռավ բազրիքին, թևերը շխշխկացրեց և ուզեց կանչել՝ ծուղրուղու։ Երևի նաև՝ Սացակը քնա-ծէ... Բայց օդը դուրս եկավ ոչ թե կտուցից, այլ այն մյուսից, յուղած տեղից, և դուրս եկավ ամենևին էլ ոչ գեղգեղալով, այլ ֆըսս... Նա այնքան հիմարն էր, որ դեռ կարծում էր ծուղրուղու է կանչում, ու Մացակը ներսում ականջները փակում է ու հիմա պիտի ասի՝ զահրումար...

Շինարար
20.08.2011, 12:23
...Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկաթյամբ իմ մեջ մի բան ուռչում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարել եմ, և սիրտս թաքուն սպասում է ծեծին։ Գուցեև էությունս լցվում է որևէ սրամտությամբ, որը պետք է ծնվի ինչ-որ դիպվածով, հանկարծակի, փռշտոցի պես։ Չգիտեմ։ եվ քանի դեռ չգիտեմ, նա ինձ համար սարդի պես դարանած քաղցկեղ է, պատժի սպասում է, քիթը մտած փոշեհատիկ է, որ սպասում է մի ճառագայթ արևի - հա՜պչ...
Ահա՛։ Մացակը սրամտել է, իսկ տատիս շրթունքները պահվող ծիծաղից չեն կնճռոտվում։ Տատս, ընդհակառակը, ասում է.
-Գետինը մտիր, գետինը... քո հասակի տղաները գյուղ են ղեկավարում։
Այդ ճիշտ է։ Նրա հասակի տղաներից մեկը օրերս դարձավ ֆերմայի վարիչ։ Մացակն ու այդ տղան ծնվել են մի օր, դպրոց են ընդունվել միասին։ Լավ էին սովորում, երկուսն էլ գերազանցիկ էին։ Արտաքինով նման չէին, բայց ինչ-որ տեղ, թվում էր, խարդախություն կար և նրանք մի հորից էին, այնքան որ արարքներով նման էին իրար։ Դեռ տարբերությունը միայն այն էր, որ Մացակը հանձնարարված ոտանավորի մի բառը հանկարծ փոխում էր, հացը, օրինակ, դարձնում էր երշիկ, կամ մի տողն էր փոխում՝ այսքան ուրախ կյանքը մեր ասելու փոխարեն հավաքվեցին քեռի, աներ էր արտասանում, իսկ այդ տղան լսում էր, հետո լուրջ առարկում. «Սխալ ես ասում, երշիկ չէ, հաց է»։ Մինչև հանրահաշվի հանդիպելը փոխադրվում էին միասին։ Հանրահաշվի դասարանում այդ տղան մնաց, առաջին քառորդին, քանի դեռ չգիտեր առարկայի լրջությանը, սովորում էր, ոչինչ, գնահատականը «4» էր. երկրորդ քառորդին ասում էր.– Բայց ուժեղ գիտություն է, չէ՝...– և ցուցամատերով ականջները փակած՝ նայում էր դասագրքի մեջ մի տառի.
-Պլյուս։ Նայիր, հետաքրքիր է, չէ, պլյուս...
Երկրորդ քառորդում գնահատականը «3» էր։ Երրորդում «2» էր, չորրորդում՝ «1»։ Յոթերորդ դասարանում այդ տղան նստեց երկու տարի, ութերորդում երեք տարի, իսկ իններորդում ասում էր ցածր դասարանցի իր հետ կռվողներին.
-Հասիր իններորդ՝ լեզուդ նոր երկարացրու։ «Պատերազմի պատճառները։ Պետք է տարբերել հետևանքը պատճառից»։
Տասներորդում այդ տղան այնքան սովորեց, մինչև դասընկերները գնացին ինստիտուտ, վերադարձան դպրոց, նրան դաս տվեցին։
Իսկ նա դեռ ձեռք էր բարձրացնում հարց տալու ուսուցիչներին, որոնք հիմա իր հասակակիցներն էին.
-Ընկեր Հակոբյան, ինչու չենք ասում բայդեր, այլ ասում ենք դերբայ։ «Դերբայ - բայդեր»,– ասում էր նա մտահոգ։
Պատահում էր ընկերները անեկդոտ էին պատմում, սա լուրջ լսում էր ն վերջում գլուխը դրական շարժում.– Այո՜...
Իսկ Մացակը յոթերորդում հանրահաշիվն այնպես հեշտ վերցրեց, ասես էստաֆետի փայտիկ էր՝ վազելիս ձեռքն առավ։ հվ ընդհանրապես նա դպրոցն այնպես շտապ վերջացրեց, որ մարդիկ չհասցրիև տեսնել, թե նրա ձեռքին ո՛ր դասարանի դասագիրք է: Մարդիկ չհասցրին նկատել նրա խելոքությունը։
Արագ լուծել էր՝ Մացակինն էր, անսխալ թելադրություն էր՝ Մացակինն էր, պատերազմը,– պատճառ է, հետևանք է, պատրվակ է,– բոլոր կողմերով վերլուծել էր՝ Մացակինն էր, տեսուչ եկած ժամանակ դասարանը փրկել էր՝ Մացակինն էր։ Բայց այդ ամենը Մացակը շատ էր թեթև անում, լուրջ չէր անում, կարծես ամեն ինչ լեզվին էր, նա հենց միայն դուրս էր հանում, չէր մտածում, մանավանդ որ աչքերից մեկն էլ ահագին շիլ է դեպի դուրս։
Իսկ այդ տղան մտածում էր. դեմքը լուրջ էր և այևքան էր լուրջ ու այնպես էր մտածում, որ թվում էր, թե տեսուչի եկած ժամանակ դասարանը փրկել է՝ նրանն էր, պատերազմը վերլուծել է՝ նրանն էր, և Մացակի խնդիրներն էլ նա էր լուծել, ընկերասիրություն էր արել, իսկ իրենը, ընկերոջը փրկելու համար, դիտմամբ խառնել էր. գրել էր, ջնջել էր, տակը, իբր մտքի ետևից ըևկած, մարդու գլուխ էր նկարել և այդպես էլ հանձնել քննող ուսուցիչներին։ Եվ նայելով նրա դեմքի լրջությանը, մարդ համոզված կռահում էր.
-Դու կգնաս փիլիսոփայության ֆակուլտետ, այնպես չէ՞։ Իսկ Մացակի դեմքին նայելով մարդ ասում էր.
-Հիմա պարտադիր ուսուցում է, դու ինչու դպրոց չես գնացել։
Հետո երկուսն էլ անասնապահական ֆերմայում էին աշխատում։ Կաթի պահեստապետն ամեն օր այդ տղային ասում էր.
-Այսօր քո նախրի կաթը քիչ է։ Ի՞նչ է պատահել, հիվանդ ես:– Եվ ամեն օր պահեստապետին թվում էր, թե նախորդ օրը այդ տղայի նախրի կաթը ռեկորդային է եղել և վաղն էլ պիտի լինի։ Իսկ Մացակին ասում էր.
-Վայ թե ջուր ես խառնում։- Եվ յուղայնությունն ստուգող գործիքը թափ էր տալիս, տնտղում էր տակից, գլխից, գործիքին չէր հավատում։- Դու ջուր խառնած կլինես,- ասում էր Մացակին։
Կենտրոնից եկել էին Մոսկվա ցուցահանդեսի տանելու Մացակին. դեմքով նրան չգիտեին, փնտրել էին ցուցակներում ամենաբարձր արդյունքը, գտել էին այդ թվերը, իսկ դրանց դեմը գրված էր եղել Մացակ։ Եվ գրասենյակում դիմելով այդ տղայիև, շրջկոմի ներկայացուցիչն ասաց.
-Ուրեմն, ընկեր Մացակ, պատրաստվեք վաղը թռչելու։
-Մացակը ես եմ,– ասաց Մացակը։
-Օ՜...– բարեհոգի ժպտաց այդ ընկերը,- դա ինձ ծանոթ բան է. ես գիտեմ, որ ամեն գյուղ ունի իր ծաղրածուն։
Եվ չնայած այն տղան ամենևին էլ Մացակ չէր- գնաց ցացահանդես։ Եվ ոչ միայն ցուցահանդես։ Նրա գործերն ուղարկեցին հեռակա ինստիտուտ։ Դրա հետ՝ դարձրին ֆերմայի վարիչ։ Դրա հետ՝ հանդիսավոր նիստերին նախագահության մեջ է լինում։ Եվ կտեսնեք, որ այնտեղ, ինստիտուտում, նրա լրջությանը նայելով, դասախոսները կտանեն ստացիոնար։ Իսկ ստացիոնարի վարչությունը նրան կպահի ասպիրանտ։ Նա հենց դոկտորացու է։
Այդ ամենն ստացվում է ինքն իրեն, ոչ ոք նրա իշխանավոր քեռին չէ, այդ տղան ոչ ոքի չի քծնում։ Պարզապես իր համար լուրջ կա։ Մի բան, որ պակասում է Մացակին։ Ասենք, Մացակը մեղավոր չէ. աչքը դրսի վրա շիլ է։ Բայց այն էլ մտածենք, որ եթե շիլ աչքը այդ աղայինը լիներ, մեր պատկերացմամբ լրջությունը շիլաչք կլիներ։ Պարզապես հարկավոր է ամեն ինչ բարձրացնել տնքոցով, իջեցնել՝ տնքոցով, քո բանը չէ, ձեռք չես տալիս՝ նորի՜ց տնքալ, չեղած տեղն էլ տնքա՜լ։
...Փոշու վրայով գլորվող ջրի հուշիկությամբ իմ մեջ մի բան ուռչում է, վարակելով ամբողջ մարմինս։ Եվ բջիջներս տեղի են տալիս։ Գուցե քաղցկեղ է, գուցե անցած անախորժության թաքուն հիշողություն, գուցե, անտեղյակ, որևէ ուժեղի մի բանում խանգարում եմ, ու սիրտս թաքուն սպասում է ծեծին։
Գյուղում ենք, մեր տոհմի մեջ ենք։ Իսկ տոհմեցիները ծաղրածուներ են, ամեն մեկը մի գյուղի կծիծաղեցնի: Իսկ երբ մի տեղ ենք հավաքվում բոլոր տոհմեցիներս՝ ծիծաղեցնելու ուժը մեծանում է այն հարաբերությամբ, ինչ հարաբերության մեջ է հարյուր առանձին զինվորների հարվածային ուժը հարյուր զինվորանոց վաշտի հարվածային ուժի հետ։
Դժբախտությունն այն է, որ աշխարհը լուրջ է, մտածում է, մտածելու ջիղը զարգացել է ըմբիշի թիկունքի պես, իսկ ծիծաղի ջիղը դարձել է ճգնավորի թև։ Տոհմին հարս եկածները եթե ունևոր տնից եև լինում, մեզ մոտ սկզբում իրենց լավ են զգում, որովհետև իրիկունները տոհմը նստում է բազմոցին, թախտին, սեղանի շուրջ և սկսում գյուղին ծաղրանկարել. քաշում-կախում է մեկի քիթը, մեկի բերանը պատռում-հասցնում է ականջատակերը, իսկ ականջներն այնպես է ձգում, որ գլխարկի կողքերից դրանք բարձրանում են և գլխից շատ վերև են լինում, շարժվում են օդում, տոհմը մեկին այնքան արագ է խոսեցնում, որ բառերը կպչում են իրար, արանք չեն ունենում, պատահում է մի բառի տառը թռչում-տեղավորվում է մի ուրիշ բառի մեջ,– և այդ հարսը մտածում է, որ ընկել է արքունիք։ Հետո այդ հարսը տեսնում է, որ այն արագախոսը, ճիշտ է, խոսքը խճճում է, բայց նախագահ է, այն մյուսը, ճիշտ է, օդում ճոճվող ականջներ ունի, բայց ավանակ չէ. պարզապես ականջները շարժելով բաներ է կրում իր տուն, իսկ կախքիթը վերստուգիչ հանձնաժողովի նախագահ է. թերաչափումներ է գտնում և դժգոհում, կաշառվում է և դժգոհում, դժգոհ-դժգոհ՝ ծիծաղում է բոլորի վրա։ Եվ տոհմին հարս եկածը սպասում է մերոնք նստեն բազմոցին, թախտին, սեղանի շուրջ՝ ծաղրանկարելու գյուղին, ու ջղային ճչում է.
-Իսկ դուք ինչ եք։ Աշխարհը թալանած տանում են, իսկ սրանք նստել են՝ սրա քիթը, սրա բերանը, սրա ականջները... Ձեր ականջներին, ձեր ականջների՜ն նայեք... Ականջավորները հենց դուք եք եղել, ես միամիտ...
Ունևոր տներից հարս եկածները մաղձից երկու տարում ծերանում են, լինում են գյուղի ամենակռվարարները և մեռնում են երեսունյոթ-քառասուն տարեկանում՝ լեղապարկի հիվանդությունից, խպիպից, ջղային քորից, իսկ իրենց՝ մեռնողների կարծիքով նրանց սպանում է փողոտվող աշխարհի դիմաց մեր տոհմի քարե դեմքը։
Իսկ եթե հարս եկածը որևէ հովվի, որևէ չիբուխ քաշող ջրաղացպաևի, ճեպընթացի սլացքն անտարբեր դիտող սլաքավարի կամ որևէ խաղաղ որսորդի աղջիկ է լինում, նստում է տոհմի մեջ, թախտին ու ծիծաղում, ու ասում.– վա՜յ ծիծաղու մեռանք...
Այդպես այդ սլաքավարի կամ խաղաղ որսորդի աղջկանով մեր տոհմը հարստանում է։ Նրանք մեր տոհմը հարստացնում են ծիծաղող երեխաներով։

Շինարար
20.08.2011, 12:25
Չպետք է կարծել, թե ունևոր տներից հարս եկածներն այդպես անհետ կորչում են՝ թողնելով այս աշխարհում միայն մի հողաթումբ, որ օր-օրի հավասարվում է գետնին։ Նրանցից ծնվածները լինում են մի քիչ մաղձոտ, մի քիչ ծաղրածու, երբեմն հայհոյում են, երբեմն ծիծաղում։ Իսկ ընդհանրապես թողնում են այն մարդու տպավորությունը, որի ձեռքերը քոր են գալիս կռվի համար, բայց այդպես էլ չի խառնվում տուրուդմփոցին։ Նրանցից մեկը հիմա բանտարկված է գողության պատճառով։ Իսկ մինչև այդ ծիծաղում էր գողության, հետապնդման, հարցաքննության ու հետախույզ շան վրա։ Ետևից պատը քանդել, մտել էր խանութ, վերցրել էր մթի մեջ ինչ պատահել էր՝ մի արկղ լվացքի սև սապոն, մի արկղ կոնյակ, մի կիլոյի չափ մանրադրամ և բաճկոն՝ իր վրայից մի չորս-հհնգ համարով մեծ։ Այսքանը։ Համենայն դեպս այսքանը գտնվեց գոմաղբի մեջ։ Իսկ խանութի աշխատողն ասում էր, թե տարել են տասնչորս-տասնհինգ հազարի ապրանք։ Գողանալը՝ գողանալ։ Շատերն են շատ բան գողանում, բայց այնպես են մարդամեջ ելնում, կարծես քիչ առաջ է վերջացել իրենց շքանշանով պարգևատրմաև արարողությունը։ Իսկ մեր տոհմեցու ծաղրածուական ջիղը բռնեց գողության հենց հաջորդ օրը։ Խմեց կոնյակներից մեկը, հագավ-կորավ բաճկոնի մեջ, գրպանը մանրադրամ լցրեց այնքան, որ բաճկոնն այդ կողմից կախվել, քսվում էր գետնին, ու բռնեց երեխայի թաթիկը, տարավ խանութ. «Ո՞ր քաղցրից ես ուզում, պապան աղքատ չէ»։ Հարցաքննությունը իրեն պատռում էր, թե եղածը օճառ, մանրադրամ, բաճկոն ու կոնյակ է, շան որդին չէր ասում գլխավոր պահուստի տեղը, հետո ցույց տվեց խանութի աշխատողի փորը։ Սա նստել էր պետական կորստի համար վշտացած, սրիկաների դեմ զայրացած և մեղադրողի խոսքերի հետ շարժում էր գլուխը՝ շեշտեր էր դնում արդարության խոսքերի վրա։ Բայց մեր տոհմեցուն սա ուրիշ կերպ էր երևում։ Մեր տոհմեցին հասկանում էր, որ իրեն հեգնում է խանութի աշխատողը. «Դու ինչ գող ես, ախպերս, միանգամից վերցրել ես մի կիլո կոպեկ, իհարկե՛ կբռնվես։ Պետք է վերցնել օրական մի քանի հատ կոպեկանոց, քիչ-քիչ, քիչ-քիչ։ Վերջում էլի մի կիլո է լինում, բայց չի երևում։ Վերջում տասնհինգ հազար է լինում։ Է, ախպերս...»։ Տոհմեցին չհամոզեց, որ չունի գլխավոր պահուստ, կատաղեց, հայհոյեց, հոգնած վեր ընկավ աթոռին և ղրանից հետո ծիծաղում էր, քննիչի հարցերը ասում էր քննիչից շուտ և հռհռում էր, ապա ասաց, որ մինչև հետախույզ շուն չբերեն՝ պահուստի տեղը չի ասի. «Ես այդքան հասարակ գող եմ, որ առանց շան վեր եք կացել եկել»։ Ապա որսաց նրա համբերության հատնելա պահը և կանխեց. «Ինչ եք կարծում, ծեծելու ժամանակը չէ՞»։
Խանութի աշխատողի մասին տոհմն այնպես էր դատում, ինչպես տոհմեցին, տոհմն ուզում էր նրա երեսին մամլակ շպրտել, երբեմն՝ կոտրել դատավորի անհասկացող գլուխը, բայց ոչինչ էլ չկարողացավ անել և տվեց գողացված տասնհինգ հազարը, որը էր ամբողջ տոհմի կովերը, հարսների մատանիները, «Սոնա. 1905» և «Պախրա» խալիները, «Սիրամարգ» կարպետը, ինքնաեռը, կարի մեքենան և բարձերից մի երկուսը։ Եվ այդ թալանին դեմ տվեց իր ծիծաղը։
-Ո՞ւմ վրա եք ծիծաղում... ինքներդ ձեզ վրա եք ծիծաղում։
Ո՞վ էր։ Հարսներից մեկը, որ տրորում էր մատանու տեղը։ Նրա և՛ հայրն էր սլաքավար, և՛ ինքն էր ականջ ձգող–երկարացնող, բայց թե ինչու էր մաղձոտում, աստված գիտե: Նա ասում էր, որ դա գորիլաների հոտ է և ոչ թե տոհմ, ասում էր, թե բավական էր հարցաքննվելիս, երկու ժամն ի՞նչ է, երկու ժամ լուրջ մարդու տեսք պահել, որպեսզի վնասը հատուցեր վնասողը և ոչ թե այդ, այդ, այդ... սապոնը, ավանակը, այդ սապնի գողը։ Նա ճիշտ էր ասում։ Բայց ծիծաղելի են այդ ծաղրածուները, երբ փորձում են վշտանալ, լրջանալ, մտածողի տեսք ընդունել, գործարարի պես շտապել՝ անել այնպիսի բաներ, ինչ անում են լուրջ մարդիկ։ Նա, այդ ծաղրածուն, մտածում է, շտապում է և կարծես վատ չի մտածում և շտապելիս գործարարից ետ չի մնում։ (Բայց տղայական ինչ-որ ցանկություն է առաջանում մեջդ՝ ծալած ցուցամատով նրա քունքին տկտկացնել հը՛, մտածում ես, մտածի՛ր, մտածի՛ր,–կամ փողոցում վազել այդ շտապող մարդու ետևից ու կանչել, ծաղրածու, ծաղրածու...
Վախթանգի երեխան ծանր հիվանդ էր. Վախթանգը ոռնում էր, կարմրած աչքերը դուրս էին թռչում, իսկ բրիգադիրը եկել ասում է.
-էլի լակե՞լ ես...
Մարդ է ծնվում մեր տոհմում, մարդ է մահանում- ոչ ոք չի իմանում այդ. գուցեև իմանում են, բայց լուրջ չեն համարում, թատրոնի պես մի բան են համարում։ Միայն մենք ենք նկատում մեր երեխայի բլբլոցը, քայլելը, խելոքությունը, սիրունությունը- դրսի աշխարհը մեր երեխայի միայն ծնունդն է արձանագրում, որպեսզի քսան տարի հետո տանի զինծառայության, դրսի աշխարհը մերոնցից միայն արդեն պատրաստիների հետ գործ ունի։ Դալիս է- գնա աշխատանքի, ասում է և տալիս է մի անուն, որ ծննդյան վկայականի անունը չէ,– Նազար, Մացո կամ այդպիսի մի բան, որ պրիստավի անունը չի եղել, հեղկոմի նախագահի անունը չի եղել և ներկայիս կարգին մարդկանցից որևէ մեկի անունը չէ, այլ մի որևէ դարբնի, ջրաղացպանի և էլի այդպիսի մարդկանց, որոնք աշխարհի ուղարկած թալանի հրավիրող բոլոր իմպուլսները խլացնում են իրենց չախչախի աղմուկի մեջ և գլուխը կախ իրենց գործին են մնում։ Ջուրն ու չախչախը քիչ է՝ նրանք կիսով չափ խուլ են լինում, խլությունը քիչ է՝ նրանք բամբակ են խցկում ականջները,– և գայթակղող ոչ մի իմպուլս չի հասնում նրանց գիտակցության խորքերը։ Նրանք լինում են ամենալավ պատմողը։ Այդ նրանք պետք է հնարած լինեն այն հեքիաթը, որի մեջ գայլն ու մաքին միասին արածում են, և հոտի մոտ շուն չկա։ Եթե նրանց անունը Տիգրան է՝ աշխարհը Տիգո է ասում, եթե Մացակ է՝ Մացո է ասում, և ինչքան էլ կարճ լինի անունը՝ աշխարհը մի բան դեն է գցում, որովհետև ինքն աշխարհը թալանի վազելուց առաջ որոշ բաներ կորցրել է և բոլորին է ուզում իր պատկերին բերել, այն վատ կնոջ հավակնությամբ, որի քիմքին չի գալիս անարատությունը։
Սա նորություն չէ, պատմություն ունի։ Եվ այդ պատմությունը գնում-հասնում է Տիգրան Մեծի օրերը, Տիգրան Մեծի պալատը։ Պալատն ունեցել է լարախաղաց և ծաղրածու, հնարում եմ ես։ Ծաղրածուն եղել է մեր տոհմի պապը։ Լարախաղացը լրջությամբ, լարված, ճակատին քրտինք՝ ձողով անցել է լարի վրայով։ Նրան ոսկեդրամ են նվիրել։ Հետո լարի վրա ցատկռտել է ծաղրածուն՝ առանց ձողի, ծիծաղեցնելով, երբեմն ցույց տալով թե ընկևում է, գուցեև ծիծաղեցնելու համար ընկնելով, հետո նորից է վազել՝ երբեմն լարի վրայով, երբեմն տակով։ Բայց որովհետև ևա դրած է եղել էծի միրուք և քթին քսած է եղել մուր- նրան նետել են փտած արքայախնձոր։ Եվ մեր պապի ժպիտի մեջ կաթել է առաջին կաթիլ թույնը։ Մաքուր, տաք, առատ արյան պես ժպիտը վարարում է մեր երակներում, մի կաթիլ թույնը շատ է քիչ մեզ թունավորելու համար։ Բայց աշխարհի հիվանդ լեղապարկը, ամեն անգամ, երկու հազար տարի անընդհատ, թույն է կաթել մեր արյան մեջ, և հիմա ծիծաղում է մի սերունդ, որի աչքերը չեն ծիծաղում։ Եվ ատամներն են առատ, երբ բացվում են ծիծաղելու, և ձայնն է զրնգալեն կոտորակվում, բայց աչքերից նայում է դառնությունը։
Ինչպիսի իմունիտետ ենք կորցնում։ Եվ՝ այդպես՝ առանց ծիծաղի, կյանքը երկու օրում մեզ կուտի քաղցկեղի պես։

Շինարար
20.08.2011, 12:27
2.
Ես ուզում եմ պատմել, թե ինչպես էր Վախթանգն անհաջողությանը դեմ տալիս իր ծիծաղը։ Բայց սկզբից պայմանավորվենք, որ 1950-ին մենք ապրելիս ենք եղել վատ, թեկուզև, ճիշտ է, 1950-ը 1917-ից հետո է ընկնում։
Բանն այն է, որ Վախթանգը հենց 50-ին վերջացրեց միջնակարգ դպրոցը։ Եվ որովհետև դպրոցում նրան միշտ գովել էին՝ մտածում էր համալսարանի մասին։ Եկավ, որ գնանք վկայականը վերցնենք։ Հայրս՝ ծաղրածուների մեր տոհմի ամենաուրախը, ձեռ առավ.
-Բան–ման սովորե՞լ ես, թե՝ թուղթ է, էլի, ստանում ես։
-Սովորել եմ,– ասաց Վախթանգը։
Հայրս մի հատուկ կասկածանքով նայեց նրան։ Այդ հայացքը նշանակում էր. չես սովորել՝ չես սովորել, ինձ ինչո՞ւ ես խաբում։
-Ապացուցե՞մ,– հարցրեց Վախթանգը։
Ես յոթերորդ դասարանում էի, երկրաչափություն էի սովորում, և ասացի.
-Աքսիոմաներն ապացուցման կարիք չեն զգում։
-Ճիշտ է,– ասաց Վախթանգը,– չապացուցենք։
Բայց նույն պահին էլ նրա աչքերը ճպճպացին, այդ նշանակում էր, թե գտնվել էր չօգտագործված մի սրամտություն, մի հիանալի բան, որ ով գիտե որ անկյունում ընկած ժանգոտում էր։
-Հայրիկին ապացուցենք։
Երկու տարեկան եղբորս մոտ մենք գետնին մի բաժակ ջուր թափեցինք չլչլալով, և երեխան կծկվեց, ապա լաց եղավ։ Եվ հայրս, Վախթանգը, ես տեսանք, որ երեխան տակը թացացրել է, տակին, ոտքերի արանքում, մի փոքրիկ լճակ էր սարքել նրա ջուրը։
-Բան էր, էլի, եղավ։– Հայրս նայեց պապին ու մեզ աչքով արեց։ Պապն այնտեղ ակնոցը քթին մի լուրջ բանի էր։ Մենք ջրամանը բարձրացրինք մեր գլխից վեր և չռչռալով թափեցինք ամբողջ ջուրը։ Կարգին անձրևի ձայն էր գալիս։ Պապը փնտրեց ձեռնափայտը, շփոթվեց, չտեսավ ձեռնափայտը ոտքի մոտ դրած և ոչ էլ սպասեց մենք իրեն տանք- գայթելով, կուզիկ-մուզիկ գնաց։ Այնքան էր շտապել, իրեն այնպես էր կորցրել, որ հետո մի կես ժամ մտածում էր, թե ինչն էր եղել ձեռքի գործը։ Ու երբեմն հեռու կասկածով նայում էր մեր կողմը։
-Դե նրանք երեխաներ են, նրանց հետ կպատահի,– ասաց հայրս, և երևաց, որ ուզում է փորձն իր վրա փորձենք։
-Լավ,– ասացինք մենք,– դո՛ւ գիտես, ով որ զղջա՛ց...– և նրա աչքերին Նայելով՝ ձեռքներս տարանք մեծ կժին։
-Կորե՛ք, հիմարի տղերք,– ոտքը գետնին խփեց հայրս։
-Ոչի՛նչ,– ասացի ես հորս,– կուժը՝ մեզ կարգելես։ Բայց հո մի օր անձրև կգա, միանգամից կսկսի անձրև գալ, կտեսնենք, թե ոնց ես վազում պապի ճանապարհով...
Ճանապարհին, գնալիս, ուրախ էինք հորս ծիծաղեցնելու համար, իսկ գալիս նրա համար էինք ուրախ, որ ուսուցիչները միաբերան պնդում էին, թե ցանկացածդ բուհի դռները բաց են Վախթանգի առջև։ Ուրեմն՝ համալսարան էր, մարմարե սանդուղքներ, ոսկեշրջանակ ակնոցով պրոֆեսորներ և Վախթանգը՝ մաքուր վերնաշապիկով։ Եվ սև փայլով կոշիկներ։ Կոշիկներ, որովհետև մենք տրեխով էինք, տրեխը ծակ էր, և քարը քերծեց Վախթանգի ոտքը։ Եվ որովհետև Վախթանգն արդեն մեր մտքում կոշիկով ու սպիտակ վերնաշապիկով էր- ծիծաղեցինք տրեխի վրա։ Ախար նա, այդ տրեխը, ինքը ծակ էր, տակ բոլորովին չուներ, բայց քիթը տնկել էր, կարծես ինքը չէր ծակը։ Համալսարան, ուրեմն համալսարան։ Վախթանգը կլինի երրորդ կուրսեցի՝ ես կընդունվեմ։ Միասին կնստենք ուսանողական գիտական խորհրդի նիստին ու սարսուր խոսքեր կշպրտենք սխալ-սխալ բաներ ասողին։ Պրոֆեսորը կժպտա մեզ.– ճիշտ է և դիպակ,– կասի պրոֆեսորը։
Դուռը բացեցինք, նրա հայրը՝ իմ հորեղբայրը, նստել էր, ապակու կտորով կաշի էր մաքրում։ Մայրը բուրդ էր գզում։ Պատերը սվաղած չէին։ Առաստաղը տախտակած չէր։ Հատակը գետին էր։ Գոմ էր, տուն չէր։ Եվ կարպետի եղջերուն զարդ չէր, անասուն էր. առջևը խոտ լցրու, և գոմը իսկական գոմ կլինի։ Աստված իմ... Դա հին օրերի ոչխարած չես, որ ապրեիր հեքիաթների ու կովերի հետ, գոմը տաք լիներ,– և դա քեզ թվար արքայություն, երազ չունենայիր, տեսածդ կով լիներ և երազիդ մեջ էլ կով ու կով լիներ։ Արքային պատկերացնեիր փափախով, առջևը ուտելու դնեիր բրթած կաթ, ինչ-որ բնազդով զգայիր, որ կաթը քիչ է ու ասեիր.– Լավաշով կաթ և արքայական ուրիշ բաներ։
Դու գիրք ես կարդացել, անուններ գիտես, մոտավոր չափերով գիտես Երկիրը, ամեն օր լսում ես ատոմային ռումբի մասին, որի ուժգնությունը քեզ դուր է գալիս, դու կինոնկար ես տեսնում, կինոնկարի գույներն այնքան վառ են, որ աչքերդ շաղվում են, դու կարողանում ես հեռավոր ճրագ Մարսը քո մտքով մոտեցնել քեզ ենթադրելու համար նրա վրա ծովեր, դաշտեր, լեռներ կարմրին տվող մշուշի մեջ,– և բանից պարզվում է, որ դրանք երազի մեջ են եղել, դու դրանց մեջ չես, քոնը մրոտ պատերով տուն է, կաշի է, ապակիով քերիր, թափիր մազը,– խըրթ, խըրթ, խըրթ,– որպեսզի տրեխ հագնես, հորթ պահելու գնաս, որպեսզի Մարսը դառնա հեռավոր ճրագ։
-Հրեն հա, եզնարածի աստղը դուրս է գալիս...
-Երեխաս վկայականն ստացավ,– ասաց մայրը։
-Ես կգնամ սովորելու,– ասաց Վախթանգը։
-Ստացար,– ասաց հայրը։
-Ես կգնամ սովորելու։
-Ոտքիդ չափսը բեր վերցնեմ,– ասաց հայրը։
-Ես կգնամ սովորելու։
-Բեր ոտքդ չափեմ,– ասաց հայրը։
-Ինձ պետք չի, ես կոշիկ եմ հագնելու, ով որ հագնելու է՝ նրա ոտքի չափսը վերցրու:
-Շատ լավ կաշի է,– ասաց հայրը,– մեջքի շերտն է, երկու ամիս կդիմանա։
-Ես կգնամ սովորելու։
-Ո՛տքդ։
Վախթանգը ոտքը չտվեց։
-Ո՛տքդ։- Հայրը կաշին փռեց Վախթանգի առջև։- Ոտքդ դիր։ Լավ կաշի է։
Վախթանգը ոտքը չդրեց։ Հայրը շուրջն էր նայում՝ կնոջը, ինձ, պատերին... հետո կրկին կնոջը, ինձ, պատերին։
-Լավ կաշի է,– շփոթված ասաց նա և գլուխը հակեց։ Դրանից հետո գլուխն այլևս չբարձրացրեց։ Շրջապատում չկար այն հաստատուն բանը, որից հնարավոր լիներ բռնել, պատերը, դե, մրոտ պատեր էին, կինը նրան նայում էր նրա պես խեղդվողի հայացքով, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա հիմա, տասը-տասներկու տարի հետո ենթադրելով, պետք է որ իմ և՛ խղճահարությունը գար, և՛ ատեի նրա խեղճությունը, և՛ զզվեի այդ խեղճությունից, ինչպես այն հսկայից, որին ոջիլն ուտում է։ Նա պատերազմին ոտքի տակ էր տվել ամբողջ Եվրոպան, դպրոցականներիս ու դասագրքերի հետ վիճում էր Գերմանիայի պարտության պատճառների վրա, նա մի բուռ մեդալ ու շքանշան էր բերել իր հետ, եթե բռնցքում էր եզանը՝ եզը ծնկի էր գալիս,– և հիմա կուչ էր եկել տրեխացվի վրա՝ խը՛րթ, խը՛րթ, խը՛րթ... Ձեռքերը ղողում էին, մատը ծակհց։ Եվ արյունը ծծելով հաշվել սկսեց, թե կովը կծախի, կհանի երեք հազար ռուբլի, հազար հինգ հարյուրը Վախթանգին կոշիկ-բաճկոնի, հազար հինգ հարյուրը ուտելու, մինչն հունվար... Կովը կծախի, կհանի վեց հազար ռուբլի, երկու հազար հինգ հարյուրը կոշիկի, բաճկոնի, վերարկուի, երեք հազար հինգ հարյուրը ուտելու, մեկ տարի։ Մնացած չորս տարր՞ն։ Կովը կծախի, կհանի տա՛սը հազար ռուբլի, էդ քեզ գնացքի՛ փող, հագուստի՛ փող, հացի՛ փող, այդ քեզ երեք տարվա կյանք... Իսկ մնացած երկու տարին... Կովը ծախեց, շատ բարի, հանեց մեկ միլիոն ութ հարյուր քառասուն հագար վեց հարյուր իննսունչորս ռուբլի, բարի, կովի փողը հինգ տարի լիուլի բավականացրեց, Վախթանգը պրոֆեսորների հետ վիճեց, հաղթեց... Իսկ տանը, տանը երեխա կա, երեխամայր կա, կարտոֆիլը քի՛չ է նրանց համար...
-Ո՛տքդ,– գոռաց հորեղբայրս,– լակո՛տ...
Վախթանգը տվեց ոտքը։ Հայրը վերցրեց նրա ոտքի չափսը, ձևեց կաշին և սկսեց ծակոտել։ Եվ անընդհատ ներքև, կաշվին նայելով։ Վախթանգը դուրս գնաց։ Ես կանգնել նայում էի։ Հիմա, տասը-տասներկու տարի հետո ենթադրելով, հորեղբայրս մեծացավ, դարձավ վիթխարի, դարձավ բրոնզ, քայլեց Եվրոպայի երկրների վրայով, կանգնեց Բեռլինում՝ բարձր, մեծ, հպարտ ու փայլփլաց թուխ բրոնզի փայլով, և արձանագործը նրա պատվանդանին փորեց իր անունը։
-Այս արյունն ի՞նչ է ուզում ինձանից,– ասում էր հորեղբայրս մատը ծծելով։ Կինը նավթ բերեց, նավթով կտրեց արյունը։- Ինչու ես նայում, տղաս,– ասում էր հորեղբայրս,– տրեխ չունես, հա... Վախթանգին նախանձում ես, հա... Գործեցի, քեզ համար էլ գործեցի... Կաշին շատ լավն է, եթե մաշեցիր։ Դու չես մաշի, երեխան կմեծանա կհագնի՝ նա էլ չի մաշի...
Ես դուրս գնացի։ Վախթանգն այգում էր, աչքերը թաց էին։
-Ինչու ես լաց լինում,– ասաց Վախթանգն ինձ։
-Իսկ դո՞ւ։
-Իմը կոտեմից եղավ։
-Ուր է՜ կոտե՜մ... կոտեմ չկա՜... կոտեմը նոր է ծլելու...
-Եթե լիներ, ուտեի՝ կոտեմից կլիներ։
-Դե գնա, է, փիլիսոփա...
Վախթանգի աչքերը ճպճպացին.– Դու լաց լինելիս ոնց որ քուռակ զռա,– և ցույց տվեց իշուկի չափը՝ փոքրիկ, բրդոտ, դնչիկն սպիտակ... Ի՜նչ ծիծաղելի ու սիրելի բան է այդ քուռակը զռալ փորձելիս։ Բոլորովին չի կարողանում, բոլորովին աղավաղում է ինչպես եղբայրս է աղավաղում «հակահեղափոխական» բառը.– Հափահեկա...
Հետո մենք գնացինք տատից խնձոր գողանալու։ Մառանի դուռը բաց էր։ Բայց որպեսզի իսկական գողություն լիներ՝ մտանք պատուհանից։ Եվ որպեսզի իսկական գողություն լիներ՝ վերցրած երեք-երեք խնձորները պահեցինք ծոցներիս մեջ և ուզում էինք դուրս գալ պատուհանից, որպեսզի իսկական գողության լիներ։ Վախթանգը մինչև կեսը մարմինը դուրս քաշեց ու մնաց։– Գնա,– ասացի: Քացով հայտնեց, որ չխոսեմ։ Դռնից դուրս եկա՝ տեսնեմ ինչ է եղել - տատս կանգնել էր այնտեղ և իրար էին նայում հեքիաթի դարանած տղայի և արտը տրորող ձիու պես։ Իրարով հիացած: Հետո տատը ժպտաց անատամ բերանի ժպիտով։– Մի փետ տուր,– դարձավ ինձ։ Ես քրքջացի, որովհետև չալիկը ձեռքին՝ ասում էր մի փետ տուր:
-Գող կատվին բռնեցի՜... Մի փե՛տ տուր քեզ ասում եմ... -Եվ տատը փնտրեց ու գտավ չալիկն իր ձեռքին։ Մտավ մառան ու մառանից տուր թե կտաս Վախթանգի անձեռքագլուխ շալվարին։ Ախար նրա գլուխը գլխարկով և ձեռքերը թևքերով պատուհանից դուրս էին, և միայն գոտկատեղից ներքևն էր ներսը։
-Ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ, առ քեզ, -խփում էր տատը, իսկ ես լրացնում էի– որ մյուս անգամ անձեռագլուխ չգաս գողության, որ մյուս անգամ անձեռագլուխ չգաս գողության, անձեռագլուխ չգաս գողության...
Վախթանգն իրեն ձգում էր, չէր կարողանամ դուրս գալ։ Իսկ երբ տատն արդեն հոգնում էր, Վախթանգն իրեն քաշեց, դուրսը թրմփաց և ծիծաղելով փախավ։
-Գող շուն...
Հետո տատս շուռ եկավ ինձ, ու պարզվեց, որ մի տանտեր է ու մի գող է, ու մի դուռ է, տանտիրոջ ձեռքին փայտ կա, իսկ գողը վախկոտ նապաստակ է, իսկ միակ դուռը բռնված է տանտիրոջից։
-Դո՛ւ այստեղ ի՞նչ ես անում...- տատը վրա բերեց չալիկը, ես ինձ աջ գցեցի, փայտը ջարդեց ձախ պատի տակի պուլիկը, տատը վրա բերեց չալիկը, ես ինձ ձախ գցեցի, փայտը ջարդեց աջ պատի տակի պուլիկը, տատը վրա բերեց չալիկը, ես առաջ փռվեցի, իսկ փայտը ջարդեց ետնապատի տակի պուլիկը, տատը վրա բերեց չալիկը, ես ետ շպրտվեցի, և փայտը ջարդեց դռան տակի պուլիկը։ Բոլոր պուլիկները ջարդվեցին։ Երբ կոտրվեց ձախ պատի տակինը, տատս ասաց.– Ոչինչ, կկոծկեմ, էլի կլինի հին պուլիկը։ Երբ երկրորդը կոտրվեց, տատս ասաց.– Ոչինչ, կկոծկեմ, կլինի նույն պուլիկը։ Երբ բոլոր պուլիկներն էին ջարդվել՝ տատս լաց եղավ, ասաց.– Այդքան կոծիկ որտեղի՞ց... այդքան կոծիկ չունեմ... այդքան կոծիկ չունեմ... այդքան կոծիկ չունեմ...
-Տա՜տ...
Նա պատերազմում կորցրել էր ախպոր յոթ տղա, մեկ ախպեր, չորս որդի ու տասնմեկ թոռ։ 1943-ին Թիֆլիսի հիվանդանոցից իր ձեռքով բերեց փոքր տղայի դիակը, մխիթարանքի խոսքեր էր մրմնջում հարսնացվին և խառնում էր հոգեհացի ճաշը կրակին: Նա հետո սուր կարոտով հիշում էր փոքր որդուն, չոքում էր գզրոցի առջև, հանելու լուսանկարը, իսկ նրանք՝ կորսվածների լուսանկարները քսաներեքն էին, տատը փոքր որդու լուսանկարին չէր հասնում, հանում էր քսաներեքից որևէ մեկին ու օրորվելով մրմնջում։
-Տա՜տ...
-Այդքան կոծիկ չունեմ, այդքան կոծիկ չունեմ... Այսքանը կոծկել կլինի...
Նա բռնել էր դռան տակին ջարդված պուլիկի կտորը և օրորվելով մրմնջում էր։
-Այ տատ...
……………………………………………………………………………………
Հետո ես ուզում էի դուրս գալ, գտնել Վախթանգին. ես հասա դռանը, տատը չալիկով փակեց ճանապարհը։
-Պատուհանից։ Դու Վախթանգից թանկ չես։ Պատուհանից։ Ես կասեմ դպրոցից քեզ հեռացնեն, գո՜ղ կատու...
Այն ժամանակ, տասներկու տարի առաջ, 1950-ի Վախթանգի չսովորելու տարին, Վախթանգն ու ես մեր շներին կռվեցրինք։ Նրանք ատամները բացած գռմռում էին, վրա չէին գալիս, ու մենք նրանց հրեցինք, գցեցինք իրար վրա։ Խառնվեցին իրար, գունդուկծիկ դարձան, չէր երևում որն է որի ոտքը, պոչը, գլուխը, որն է տակին, որը վրային, և մի այնպիսի ծկլթոց եղավ, որ նայելու դուրս եկավ ամբողջ թաղը։
Համալսարան, իհարկե, չգնաց։ Ոմանք գնում են համալսարան, ոմանք չեն գնում։ Գնացողները մեկընդմիշտ կոշիկ են հագնում, իսկ չգնացողներին, եթե 1950 թիվ է, բավարարում է տրեխն էլ։ Մեծ դժբախտություն չէ։ Մարդիկ քսաներեք հարազատ են կորցնում, բայց դարձյալ իրենց պինդ են պահում՝ որպեսզի հիշողությունները քսաներեքի մասին ապաստարան ունենան։ Հարկավոր է պարզապես շներին կռվեցնել, գողություն-գողություն խաղալ, պայմանական ռեֆլեքսը փորձ և մարդկանց վրա փոքրից մեծ,– և տրեխը կոշիկ է թվում, կոշիկը տրեխ է թվում։ Նույնիսկ անկարևոր չի թվում, թե կաշին փորատակի՞ է, քիչ կդիմանա, թե մեջքի զոլ է։ Համենայն դեպս մենք մեր տրեխներից գոհ էինք։ Մի երեք ամիս հագնում էինք՝ չէին ծակվում, մի երեք ամիս էլ կարկատանով էինք հագնում։ Մոտ յոթ ամիս։

http://narcis-handes.am/index.php?option=com_content&view=article&id=34&Itemid=4

Շինարար
22.07.2012, 23:17
Ոչ ոք չկա՞, որ Մաթևոսյան չի սիրում, ասենք` պրիմիտիվ ա համարում, գա, մի քիչ քննադատի: Մի քիչ էլ Մաթևոսյանի շուրջ աղմկենք:))

Անտիգոնե
22.07.2012, 23:59
Աղմկելու միտքը բավականին գրավիչ է.... Մաթևոսյան սիրում եմ ու եթե սխալմամբ հայտնվի մեկը, որ կկամենա աղմկել համարեք որ + 1 կողմնակից ունեք:

Շինարար
23.07.2012, 00:26
Աղմկելու միտքը բավականին գրավիչ է.... Մաթևոսյան սիրում եմ ու եթե սխալմամբ հայտնվի մեկը, որ կկամենա աղմկել համարեք որ + 1 կողմնակից ունեք:

Դե տենց պետք չի բարիկադվել, պետք ա միամտացնենք, որ գան::))

Արէա
23.07.2012, 08:23
Ես մենակ Մեծամորն եմ սիրում: Էն մնացածը կարդալս չի գալիս: Կարդացել եմ, որ ասեմ չեմ կարդացել՝ սուտ կլինի, բայց, այ որ հիմա հարցնես, ո՞րն ես կարդացել, ու ինչի մասին էր, չեմ կարողանա պատասխանել: Մի տեսակ խճճում, խճճում, ժամանակները խառնում իրար, անկարևոր բաների մասին էնքան ա գրում, կարևոր մասերին հասնելիս արդեն ձանձրացած էս լինում: Էս քանի օրը ազատ ժամանակ ունենամ, մի երկու բան նորից կկարդամ, տպավորություններս կթարմացնեմ, ու կգամ :)

Անտիգոնե
23.07.2012, 09:29
Ես մենակ Մեծամորն եմ սիրում: Էն մնացածը կարդալս չի գալիս: Կարդացել եմ, որ ասեմ չեմ կարդացել՝ սուտ կլինի, բայց, այ որ հիմա հարցնես, ո՞րն ես կարդացել, ու ինչի մասին էր, չեմ կարողանա պատասխանել: Մի տեսակ խճճում, խճճում, ժամանակները խառնում իրար, անկարևոր բաների մասին էնքան ա գրում, կարևոր մասերին հասնելիս արդեն ձանձրացած էս լինում: Էս քանի օրը ազատ ժամանակ ունենամ, մի երկու բան նորից կկարդամ, տպավորություններս կթարմացնեմ, ու կգամ :)

Կան գրողներ որոնց գործերը զուտ տեղեկացված լինելու համար կարդալը անտանելի է ու հենց Ձեր բարձրաձայնած տպավորությունն է թողնում: Մաթևոսյանն այդպիսի գրողների թագակիրն է ըստ իս: Ճիշտ որոշում էր ևս մեկ անգամ կարդալը: Ու անպայմանորեն հանգիստ վիճակում կարդացեք և անշտապ: Միտք մի որոնեք, հանգուցալուծման մի սպասեք, ուղակի վաելեք...a

Շինարար
23.07.2012, 12:41
Ես մենակ Մեծամորն եմ սիրում: Էն մնացածը կարդալս չի գալիս: Կարդացել եմ, որ ասեմ չեմ կարդացել՝ սուտ կլինի, բայց, այ որ հիմա հարցնես, ո՞րն ես կարդացել, ու ինչի մասին էր, չեմ կարողանա պատասխանել: Մի տեսակ խճճում, խճճում, ժամանակները խառնում իրար, անկարևոր բաների մասին էնքան ա գրում, կարևոր մասերին հասնելիս արդեն ձանձրացած էս լինում: Էս քանի օրը ազատ ժամանակ ունենամ, մի երկու բան նորից կկարդամ, տպավորություններս կթարմացնեմ, ու կգամ :)
Բայց վախում եմ` կարդալուց հետո փոշմանես էս կարծիքիդ համար:))

Անտիգոնե
09.12.2012, 17:40
«Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, եւ նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։ Մի անգամ նույնիսկ վրաս ծիծաղեցին, երբ ասացի, թե մարմնավորյալ էպիզմը ինձ համար «Խմբապետ Շավարշն» է։ Աբովյան՝ դարձյալ բանաստեղծ։ Իրական արձակ կարծես թե չունենք, եւ մարդ ակամա մտածում է, թե գոնե արձակը հայերենի տարերքը չէ։ Այո՞։ Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։ Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ Շուկշինի «վիրավորանքը» տես. երեխայի թաթիկը բռնած գնաց խանութ, վիրավորեցին, ետ եկավ, եւ ընթերցողդ ուզում է վիրավորվածի հետ կախվել…
…Ետ նայիր, հայ գրականության մեջ քանի՞ վեպ ունես, որ բավարարում է ժանրի պահանջները։ Ես միայն «Գեւորգ Մարզպետունի» եմ հիշում։ Բայց տես, թե ինչ է արել Դերենիկ Դեմիրճյանը՝ շողշողուն «Քաջ Նազարի» հեղինակը «Վարդանանքում». այն է արել, որ... ֆրանսիացիները բռնեցին ու կրճատված, հավաքված տարբերակով հրատարակեցին պատանության տարիների իմ այդ պաշտամունքը, այլ խոսքով՝ նորից գրեցին։ Էլ չեմ խոսում մյուսներիս ու մյուսներիս մասին։ Էնպես դնում ու քշում ենք՝ խոհերով, հանդգնությամբ... Էդպես չի։ Չի կարելի։ Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես։ Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր։ Տիգրան Մանսուրյանից սովորիր, երաժիշտներից, Արամ Խաչատրյանից սովորիր, նկարիչներից՝ մեծ Սարյանից սովորիր, տես, ինչպես է պաուզա անում, կարմիրի համար կապույտը ինչպես է պաուզա դառնում... Չգիտեմ, ես էսօր կարոտ եմ հենց մաքուր, բնության միջով շարժվող առարկայի։ Դա պատմվածքը պիտի լիներ։»
Հ. Մաթևոսյան

Ingrid
09.12.2012, 18:45
Ես մենակ Մեծամորն եմ սիրում: Էն մնացածը կարդալս չի գալիս: Կարդացել եմ, որ ասեմ չեմ կարդացել՝ սուտ կլինի, բայց, այ որ հիմա հարցնես, ո՞րն ես կարդացել, ու ինչի մասին էր, չեմ կարողանա պատասխանել: Մի տեսակ խճճում, խճճում, ժամանակները խառնում իրար, անկարևոր բաների մասին էնքան ա գրում, կարևոր մասերին հասնելիս արդեն ձանձրացած էս լինում: Էս քանի օրը ազատ ժամանակ ունենամ, մի երկու բան նորից կկարդամ, տպավորություններս կթարմացնեմ, ու կգամ :)
Կարծում եմ, որ դա գիտակցության հոսքի գրականությունն է: Արտասահմանյան շատ գրողներ այդպես են գրում՝ օրինակ իմ սիրած գրողներից Բյոլլը: Ես էլ Մաթևոսյանին հենց այդ գրելաձևի համար եմ սիրում:

Ingrid
09.12.2012, 18:49
Ինձ համար տարօրինակ է, որ մինչև օրս Հրանտ Մաթևոսյանի մասին թեմա չկա այստեղ:
Կարծում եմ՝ արժե առանձին տեղ հատկացնել մեր գրականության դեռևս վերջին հանճարին: Մի անգամ հանրային գրադարանում մագիստրոսական թեզիս պատրաստվելիս լսեցի մեկի կարծիքը Մաթևոսյանի մասին: Այդ մարդը դեռ երկու-երեք տարի առաջ հանրային գրադարանի ամենօրյա այցելուն էր, հիմա չգիտեմ, վաղուց չեմ եղել այնտեղ: Որքան հասկանում էի, նա պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս էր, շատ էր խոսում, ընդ որում ամեն ինչից: Ամեն ինչ գիտեր, և ամեն ինչն իր իմացածն էր, չէիր կարողանում կենտրոնանալ, ես երևի մի հիսուն գիրք պատճենահանեցի, որովհետև երբ նա այնտեղ էր, խորանալ կարդացածի մեջ անհնար էր, և ընթերցասրահում լինում էի միայն այնքան ժամանակ, որ կարողանամ որոշել, թե պատվիրածս գրքերից որը և որ հատվածն է ինձ անհրաժեշտ պատճենահանել: Այս ընդարձակ նախաբանը գրեցի, որպեսզի պատկերացնեք, թե ով էր կարծիք հայտնողը: Ովքեր հաճախել են հանրային գրադարան, հիշեցին նրան, ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտածները անշուշտ ճանաչեցին: Հիմա… դըդըդը…
«Ասում են՝ Մաթևոսյանը, երբ կենդանի էր, այդ մասին չէինք խոսում, բայց մահից հետո պետք է ընդունենք, որ նա հանճար էր, ծիծաղելի է, այդ խղճուկ բառապաշարով՝ ընդամենը՝ երեք-չորս հազար բառ: Այ, Մնձուրին քսանինը հազար բառ է օգտագործում, Մաթևոսյանը ինքն էլ ընդունում էր Մնձուրու ազդեցությունը իր ստեղծագործության վրա»: Նա կարծեմ նույնիսկ Հրանտ Մաթևոսյանին մեղադրեց Մնձուրուց բանագողության մեջ: Ապա խոսեց Թումանյանի, իր բառերով՝ լոռեցի գյուղացու խղճուկ երկու հազար հինգ հարյուր բառից բաղկացած բառապաշարից:
Չգիտեմ՝ դա իր կարծիքն էր, Մնձուրի չեմ կարդացել, Մաթևոսյան պաշտում եմ: Արդյոք կապ ունի բառապաշարը մտքի հետ, արդյոք հանճարի ևս մի ապացույց չէ քիչ բառերով հսկայական ասելիք արտահայտելը: Ես այս միջադեպը պատմեցի որպես իմին հակառակ կարծիքի գոյության ապացույց: Այսինքը, կարող է բանավեճ լինել, բանավիճելու տեղ կա: Սակայն ցանկանում եմ, որ այստեղ խոսվի Մաթևոսյանի ստեղծագործության բոլոր ասպեկտների մասին, միգուցե առավել դուր եկած հատվածները մեջբերվեն, ինքս կխնդրեի մոդերատորներին «Մեջբերումներ» թեմայում իմ բերած հատվածները տեղափոխել այստեղ: Ասենք ամեն ինչ, պաշտենք ու ատենք մեր Հրանտին:
Հարգելի՛ ադմիններ, ես ինչու չեմ կարողանում շնորհակալություն հայտնել:

Այբ
03.03.2013, 19:22
Ինձ համար իսկական բացահայտում էր Մաթևոսյանի «Նանա իշխանուհու կամուրջը»: Այն հնարավորություն տվեց ծանոթանալու վաղ Մաթևոսյանին: Հրանտի բոլոր գործերը կարդացել եմ, բայց «Նանա իշխանուհու կամուրջը» լրիվ ուրիշություն ունի իր մեջ, անգամ դա լեզվի մեջ է նկատելի...

Dayana
21.03.2013, 18:40
ԹԱՓԱՆՑԻԿ ՕՐ
...

- Իսկ սահմանախախտը վերուվար էր անում մանկության օրերի արահետներով, ծարավ՝ հին սառը աղբյուրներից ջուր էր խմում և որդուն ասում էր.
- Էս՝ Ցուրտ աղբյուրն է, էս՝ Կույր աղբյուրն է, հիշիր, էն՝ Արջուտ ձորն է։ Էս՝ կաղնի է։ Ոսկի չի, աշխարքը լիքը կաղնի է, բայց սա հատուկ ծառ է, սա էն ծառն է՝ որ մեր պապի կողքին է եղել ու հիմա մեր կողքին է։ Թավրիզից եթե Եգիպտոս ու Ամերիկա էլ անցնես՝ սա քո ծառն է, քեզ հետ գալու է։ Պիտի հիվանդանաս, պիտի ասեն ի՞նչ ես ուզում, պիտի ասես՝ էն կաղնին, որ մեր պապերի կողքին ապրում էր։
Եվ նայում էր Գերասիմն ու տեսնում իր պապին՝ որ կացինը գոտում, ահա դանդաղ զառիվերում էր շավղով և նրա ետևից դանդաղ գնում էր նրա չալ շունը։ Գերասիմը ճանաչում էր շանը, դա իր տոհմի յոթ հարյուր բողարներից երկու հարյուր քսաներորդն էր, որ անմնացորդ փոխադրում էր իր ոչխարապահ նախնիների բնազդներն ու խելքը իր հետնորդների համար։
Եվ նայում էր Գերասիմն ու տեսնում թշերը կարմիր մանուկ Գերասիմին, բեղատեղին քրտինք պատանի Գերասիմին, հոնքը կեռած երիտասարդ Գերասիմին, որ ձորից առաջ ու ետ անելով բարձրանում էին աղբյուր։ Եվ ականջ էր պահում Գերասիմն ու լսում իր բոլոր հասակների ձայները հավերժորեն նույն լանջերում և այն ձայները, որ լսել էր պատմելով։ Կարմիր կակաչի ծով էր, կանաչից էլ կանաչ արտեր էին, արտույտների համերգ էր, և այդ բոլորը բազմապատկվում էին, որովհետև նրա համար կարմրում, կանաչում ու խշշում էին իր բոլոր հասակների կակաչները, արտույտներն ու արտերը։
...


Իմ մասին ա գրել Հրանտը, կամ ինձ ա դիմել ՝ շատ տարիներ առաջ, երբ ես դեռ էմբրիոն էլ չէի։

Վոլտերա
06.06.2013, 15:26
Հացը: Պատմվածք

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։
Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կովում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։
Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք ղեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շանը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե սոսկերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
Շունը չէր ուզում գալ։ Ես նորից կանչեցի, նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էո նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը ղարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույ-սը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փա¬թեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
— Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թոավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիըքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքր, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեոավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծաոի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դետի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դաոնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր աոատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում... Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում աո կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խոտոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դետի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դան-դաղ գալիս է իմ ետևից։
— Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թոցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը...»
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,- հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։

Վոլտերա
06.06.2013, 15:27
— Որ պառկում եմ՝ չի ցավում,— ասաց նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
— Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ...
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հ.Գ. Կարդացեք ժողովուրդ, շաատ լավն ա :love

սովորական
26.03.2015, 16:20
Բայց այդ ինչպե՞ս է պատահում, որ ես լավն եմ, նա լավն է, դու լավն ես, բոլորս լավն ենք, իսկ վատ բան այդուհանդերձ լինում է… Մաթևոսյան ««Մեր վազքը»

Down to Earth
14.10.2015, 23:34
Ես մենակ Մեծամորն եմ սիրում: Էն մնացածը կարդալս չի գալիս: Կարդացել եմ, որ ասեմ չեմ կարդացել՝ սուտ կլինի, բայց, այ որ հիմա հարցնես, ո՞րն ես կարդացել, ու ինչի մասին էր, չեմ կարողանա պատասխանել: Մի տեսակ խճճում, խճճում, ժամանակները խառնում իրար, անկարևոր բաների մասին էնքան ա գրում, կարևոր մասերին հասնելիս արդեն ձանձրացած էս լինում: Էս քանի օրը ազատ ժամանակ ունենամ, մի երկու բան նորից կկարդամ, տպավորություններս կթարմացնեմ, ու կգամ :)

Նախքան Մաթևոսյանի հայտնի գործերը կարդալը խորհուրդ կտայի սկսել <<Կենդանին ու Մեռյալից>>: Ինչքան գիտեմ ինքնակենսագրական է և հանգամանորեն բացատրվում է ինչու՞ գրական այդ ուղղությունը վերցրել:
Մեջբերեմ մի հատված.
<<Արվեստը կյանքը վերցնում և լուծում կյանքի՞ խնդիրներ, թե կյանք է վերցնում և լուծում արվեստի խնդիրները.քանդակագործը վերցնում է կավ և լուծում կավի՞ առաջադրանքը, թե՞ կավ նյութով լուծում իր առաջադրանքը: Եթե կյանք է վերցնում և լուծում կյանքի խնդիրները, ապա ու՞ր մնաց արվեստագետ անհատը: Իսկ եթե կյանք է վերցնում և լուծում արվեստի իր խնդիրները՝ այդ դեպքում ու՞ր մնաց նյութի զարգացման ինքնուրույն ընթացքը: Նշանակում է՝ կյանք չի վերցրել, այլ խաբել է, թե ահա կյանք եմ վերցնում, բայց ձեռնածուի ճարպկությամբ փոխել ու կյանքին շատ նման ուրիշ բան է բարձրացրել-կրկեսային ծանրություն:>>

Down to Earth
14.10.2015, 23:37
Եվս մեկ հատված տվյալ պատվածքից.
-Շնորհակալ եմ: Բայց ես ինչքան իմ չընկեր-հակակիրներից, էդքան էլ իմ ընկեր-համակիրներից եմ վախենում: Կարծում են քեզ հասկացան, խոսքը բերանիցդ խլում ու դեպի հիմարություն են քշում:Ինչը քեզ համար թանկ էր՝ էժանացնում, հասարակացնում, ծամած ծամոն են դարձնում ու թքում:

Եկվոր
23.10.2015, 00:54
Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև...

Բարեկամ
22.08.2018, 10:31
Ես չգիտեի, որ այսքան շատ (շա՛տ) կսիրեմ Մաթևոսյան։

Բարձր գնահատականներ էի լսել (մի քանի ինձ համար հեղինակավոր աղբյուրներից), այդ պատճառով էլ մեկն էր այն գրքերից, որ անցած տարի “սեփականցրի” հորս անձնական գրադարանից։

Մաթևոսյանը գրում է ուժեղ գրականություն։ Այն ուժեղ է գրչի նկարագրական թափով, ներքին ինչ-որ պինդ, անկախ, անվախ ու անսեթևեթ, կեղծիքը ջարդուփշրող ոգով, բայց և նրբազգաց ու նրբակերտ պատկերներով՝ ներքին ու արտաքին աշխարհների, ու մերկ ճշմարտությամբ՝ չդատող, թեև շատ-շատ բարակ, դառն հեգնանքի շերտով․․․
Մաթևոսյանի մասին արտահայտվելու համար պիտի առնվազն իր չափ ուժեղ տիրապետես գրելու արվեստին։ Ես ձեռնպահ կմնամ։ Պարզապես կփորձեմ մի քանի կցկտուր մտքեր ամրագրել։

Մենք “գյուղ” չենք ունեցել։ Ծնողներս մայրաքաղաքից էին, պապերս ու տատերս՝ ևս, մի կողմը՝ Պատմական Հայաստանից գաղթած, մյուսը՝ հյուսիսից։
Ամառային արձակուրդներին, երբ բակային ընկերուհիներս համարյա ողջ երեք ամսով մեկնում էին գյուղ՝ պապիկների-տատիկների մոտ, ինձ ու բակը թողնելով մենակ՝ երևանյան տապի մեջ անապատված, ես ընդամենը 12 կամ 24 օր էի անց կացնում (ծնողներիս արձակուրդայինից) կա՛մ Սև ծովի ափին, կա՛մ Հայաստանի մարզերի հանգստյան տներում, ու մի անգամ էլ՝ Ռուսաստանի կովկասյան լեռնային գոտում։

Ողջ մանկությանս ընթացքում գյուղ այցելել եմ միայն մի անգամ, հինգ տարեկանում, մանկապարտեզի ընկերուհուս հետ, որի հայրը հորս հետ միասին, մենք էլ հետները, գնացել էին ինչ-որ գյուղ՝ մեղր առնելու։ Այդ այցելությունից տպավորվել է մի գյուղական տան սենյակ, ուր օդի մեջ թանձր նստած էր յուրահատուկ մի հոտ, պատից կախված կար հին մի կարպետ, և անկյունում նոր թխված լավաշներ էին դարսված, որից մի կտոր պոկեցին, տվեցին մեր ձեռքը, և մեր քայլելը գյուղի քարքարոտ փողոցով, կոկիկ ամառային զգեստներով ու կոշիկներով, իսկ դրսում խաղացող, անփույթ հագնված երեխաներն ընդհատում էին իրենց խաղն ու խորթ-խորթ նայում մեզ՝ ինչ-որ բաներ քչփչալով, ակնհայտորեն մեր հագուստներից։

Ես երբեք գյուղում չեմ քնել, և չեմ արթնացել աքլորների կանչից։ Եվ իմ առօրյայի ձայնային բեքգրաունդը երբեք չի եղել այն խաղաղ, հավերժահոս հովվերգությունը, որից կարելի է կտավ նկարել բլուրների կանաչ եզրագծով, հասկի թեթև շարժով, հեռացող-մոտեցող բզզոցով բզեզի և մեկընդմեջ ծղրդոցով ծղրիդների։ Ու չեմ շփվել ես մարդկանց հետ, որոնք այդ կտավում կարող են պատահել ցանկացած պահի՝ արահետով քայլելիս կամ մի քարին նստած կամ մի գործ անելիս։ Պատկերացրել եմ, բայց չեմ ապրել։

Մաթևոսյանը ոչ թե լրացրեց այդ բացթողումը, այլ սրեց ավելի։
Սակայն բացթողածս այդ աշխարհը հիսուն տարի առաջ էր դեռ, որ հիվանդության առաջին ախտանիշերն ի հայտ բերեց, հիվանդություն, որով դատապարտված էր։ Այդ աշխարհի վերջին մոհիկաններին հիմա փնտրել է պետք։ Իսկ Մաթևոսյանը կանգնած է եղել սահմանին․ նա գիտեր առողջն ու տեսնում էր քայքայումը, նա բեռնաձիու պես հաշտվեր պիտի ճշտի՝ պարարտացումից բթանալու, և վարունգիկի չափերով գծած, ձևած ու կրտված տնտեսվարության հետ, ու կարոտի պես իր սիրտն էր ծակելու սերը “դեպի իր լեռները՝ վերձիգ, կոշտուկոպիտ, միանգամից ձորն ընկնող անդունդներով ու միանգամից վեր սրվող ժայռերով, միանգամից շփշփացող անձրևով և կայծակնորեն հանկարծակի վառվող արեգակով”։

․․․
Ուրախ եմ, որ դեռ չկարդացած գործեր ունեմ Մաթևոսյանից, հանելով՝
Մենք ենք, մեր սարերը
Արջը
Թախիծ
Շները
Միամիտ պատմություն
Բեռնաձիեր․ Օգոստոս; Ալխո; Կայարան; Նժույգս, նժույգս; Նարինջ զամբիկը