PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Խորխե Լուիս Բորխես. Հուդայի մատնության երեք վարկածները



Հայկօ
23.08.2009, 12:17
Հուդայի մատնության երեք վարկածները



There seemed a certainty in degradation.
T. E. Lawrence, Seven Pillars of Wisdom [1]


Փոքր Ասիայում կամ Ալեքսանդրիայում, երբ Բասիլիդեսը մեր քրիստոնեական շրջանի երկրորդ դարում հայտարարում էր, թե տիեզերքը անկատար հրեշտակների հանդուգն կամ չարանենգ նյութանքն է, գուցե Նիլս Ռունեբերգը յուրօրինակ մտավոր կրքով ղեկավարեր գնոստիկների համայնքներից մեկը: Երևի Դանտեն նրա համար էլ սահմաներ կրակե մի պարունակ, գուցե նրա անունը Սատորնիլոյի և Կարպոկրատեսի միջև լրացներ կրտսեր աղանդապետերի ցանկը, երևի իր ամբարտավանություններով պճնյալ քարոզներից մեկը՝ «Liber adversus omnes haereses»-ը [2] պարականոն գրքում պահպանվեր կամ ոչնչանար, երբ վանական գրադարանի հրդեհը խժռեր «Sintagma»-ի [3] վերջին օրինակը: Սակայն Աստված նրա համար սահմանեց 20-րդ դարը և Լունդ քաղաքը: Այնտեղ, 1904 թվականին լույս տեսավ նրա «Kristus och Judas»-ի [4] առաջին հրատարակությունը, այնտեղ, 1909 թվականին լույս տեսավ նրա գլուխգործոցը՝ «Den hemlige Frälsaren»-ը [5]: (Այս վերջինի 1912 թվականի հրատարակությունից գերմաներեն մի տարբերակ կա՝ Էմիլ Շերինգի փոխադրությամբ, և կոչվում է «Der heimliche Heiland») [6]:

Նշված անմիտ աշխատությունների քննության փորձին անցնելուց առաջ հարկավոր է հիշեցնել, որ Նիլս Ռունեբերգը Ազգային ավետարանական միության անդամ էր, խորապես կրոնասեր մարդ: Փարիզի և նույնիսկ Բուենոս Այրեսի վերնատներից որևէ մեկում որևէ գրասեր կարող էր առանց երկյուղի լույս աշխարհ հանել Ռունեբերգի դրույթները. այդ դրույթները, վերնատնում շարադրվելով, անշուշտ կդառնային անփութության և հայհոյանքի թեթևամիտ և անօգուտ վարժություններ: Մինչդեռ Ռունեբերգի համար դարձան աստվածաբանության կենտրոնական գաղտնիքը պարզաբանող բանալի, մտորումների ու վերլուծությունների, բանասիրական և պատմական վիճաբանությունների, խրոխտության, ուրախության, սարսափի նյութ: Արդարացրին նրա գոյությունն ու ոչնչացրին նրա կյանքը: Այս հոդվածի ընթերցողները պետք է նաև իմանան, որ այն սոսկ բովանդակում է Ռունեբերգի եզրակացությունները և խոսք չկա նրա դիալեկտիկայի ու փաստարկումների մասին: Անշուշտ մեկն ու մեկը կնկատի, որ եզրակացությունն անկասկած նախորդել է «փաստերին»: Ով կհանդուրժի փաստեր որոնել այն գաղափարի համար, որին չի հավատում, կամ որի տարածումն իրեն չի հետաքրքրում:

«Kristus och Judas»-ի առաջին հրատարակության օրինակները կրում էին հետևյալ կատեգորիկ խորագիրը, որի իմաստը տարիներ հետո դիվայնորեն ընդարձակեց հենց ինքը՝ Նիլս Ռունեբերգը. «Ավանդության կողմից Հուդա Իսկարիովտացուն վերագրված ոչ թե մեկ, այլ բոլոր դրվագները կեղծ են» (De Quincey, 1857): De Quincey-ն, հետևելով ոմն գերմանացու, ասում է, որ Հուդան մատնում է Հիսուսին, որպեսզի նրան պարտադրի հայտարարել իր աստվածային բնույթը ու ընդարձակ խռովություն բարձրացնի հռոմեական լծի դեմ: Ռունեբերգն առաջարկում է Հուդայի մետաֆիզիկական բնույթի արդարացում: Մեծ հմտությամբ՝ աշխատության սկզբում նա նշում է Հուդայի մատնության ավելորդությունը: Նկատում է (Ռոբերտսոնի նման), որ սինագոգում ամեն օր քարոզող և հազարավոր մարդկանց առաջ հրաշքներ գործող վարդապետին հայտնաբերելու համար հարկավոր չէր առաքյալներից մեկի դավաճանությունը: Բայց մատնությունը տեղի էր ունեցել: Սուրբ Գրքի մեջ սխալներ փաստելը անհանդուրժելի է, նմանապես անհանդուրժելի է աշխարհի պատմության ամենաարժեքավոր դեպքը որպես պատահականություն ընդունելը: Ergo [7] Հուդայի մատնությունը պատահականություն չէ, այն քավության գործում իր խորհրդավոր տեղը գրավող նախասահմանված մի դեպք է: Ռունեբերգը շարունակում է. երբ բանը մարմին դարձավ, ամենուրեքությունից անցավ տարածությանը, հավերժությունից՝ պատմությանը, անսահման երջանկությունից՝ փոփոխականությանն ու մահին. այդ զոհաբերությունը հատուցելու համար անհրաժեշտ էր, որ մի մարդ, բոլոր մարդկանց անունից, համանման զոհաբերություն կատարեր: Այդ մարդը Հուդա Իսկարիովտացին էր: Հուդան միակն էր առաքյալների մեջ, որ կռահեց Հիսուսի գաղտնի աստվածությունն ու նրա սարսափելի նպատակը: Բանը նվաստացել էր մինչև մահկանացուի աստիճան. Հուդան՝ Բանի աշակերտը, կարող էր նվաստանալ մինչև մատնիչի (ստորության մեջ ամենավատթարագույն մեղքը) և անշեջ կրակի հավերժական բնակիչ լինելու աստիճանի: Ցածրագույն կարգը բարձրագույնի հայելին է, երկրի ձևերն համապատասխանում են երկնքի ձևերին, մաշկի խալերը անբիծ աստղախմբերի քարտեզն են: Հուդան ինչ-որ ձևով արտացոլում է Հիսուսին: Այստեղից էլ ուրեմն՝ երեսուն արծաթի ու համբույրի, Անեծքը հաստատող կամավոր մահվան բացատրությունը: Նիլս Ռունեբերգն այսպես է բացատրում Հուդայի առեղծվածը:

Քրիստոնեական դավանանքի բոլոր աստվածաբանները միահամուռ հակաճառեցին նրան: Լարս Պետեր Էնգստրյոմը նրան ամբաստանեց սուրբ Երրորդության միասնության անգրագիտության մեջ կամ որպես զանցառուի, Axel Borelius-ը՝ Հիսուսի մարդկայնությունը մերժող դոսեատների աղանդը վերականգնելու, Լունդի երկաթյա եպիսկոպոսը նրան մեղադրեց Սուրբ Ղուկասի ավետարանի քսաներկուերորդ գլխի երրորդ պարբերությանը հակասելու համար:

Այս բազմազան բանադրանքներն ազդեցին Ռունեբերգի վրա, և նա աստիճանաբար վերակազմեց իր պարսավված գիրքն ու փոխեց հայեցակետերը: Հօգուտ իր հակառակորդների հրաժարվեց աստվածաբանական ասպարեզից և նույնանման, անուղղակի ապացույցներ բերեց՝ այս անգամ արդեն բարոյական բնույթի: Ընդունեց, որ «Ամենակարողության անհուն հնարքներով օժտված» Հիսուսը մարդկային մեղքերը քավելու համար ոչ մի մարդու օգնության կարիքը չուներ: Հետո ժխտեց բոլոր նրանց, ովքեր հաստատում էին, որ անբացատրելի մատնիչի մասին ոչինչ չգիտենք. գիտենք, ասաց նա, որ Հուդան եղել է առաքյալներից մեկը, ուստի նա էլ էր այն ընտրյալներից, որ ազդարարել է երկնային արքայությունը, բուժել հիվանդներին, մաքրել բորոտներին ու սատանաներ հալածել (Մատթեոս, 10, 7-8, Ղուկաս, 9, 1): Մարդ, որին Փրկիչը այդպիսի հատկություններով է օժտել, մեզնից պահանջում է, որ իր արարքներին ամենալավ բացատրությունները տանք: Նրա ոճիրը (ինչպես ոմանք են արել՝ նշելով Հովհաննեսին, 12, 6) ագահությամբ բացատրել՝ կնշանակի ապավինել ամենաթույլ կռվանին: Նիլս Ռունեբերգն առաջարկում է հակառակ շարժառիթը՝ չափազանցված և նույնիսկ անսահման ճգնավորությունը: Ճգնավորը պղծում ու տանջում է իր մարմինը Աստծու փառքի համար, Հուդան նույնն արեց, բայց իր հոգու հետ: Ինչպես ուրիշները ավելի նվազ արիությամբ հաճույքից հրաժարվեցին, նա հրաժարվեց պատվից, բարուց, խաղաղությունից, երկնային արքայությունից [8]: Սահմռկեցուցիչ պարզությամբ նա կանխամտածեց իր մեղքերը: Շնության մեջ քնքշանք ու նվիրում կա, սպանության մեջ՝ քաջություն, ամբարշտության ու պղծության մեջ՝ սատանայական ինչ-որ փայլ: Հուդան առաքինությունների կողմից չարդարացվող մեղքերն ընտրեց՝ վստահության չարաշահումը (Հովհաննես, 12, 6) և մատնությունը: Մեծագույն համեստությամբ ինքն իրեն բարի լինելու անարժան համարեց: Պողոսը գրել է՝ «Նա, ով պարծենում է, թող պարծենա Տիրոջով» (Ա Կորնթ., 1, 31): Հուդան Դժոխքը որոնեց, քանզի Տիրոջ երջանկությունը բավարարում էր նրան: Խորհեց, որ երջանկությունը բարության պես աստվածային հատկանիշ է, և որ մարդ չի կարող դրան տիրանալ [9]:

-------------------------------

1. «Անկման մեջ կարծես թե ինչ-որ հուսալիություն կա»: Թ. Է. Լոուրենս, «Իմաստության յոթ գագաթ» (անգլ.):

2. Գիրք ընդդեմ բոլոր աղանդների (լատ.):

3 Շարույթ (լատ.):

4. Քրիստոս և Հուդա (շվեդ.):

5. Գաղտնի փրկիչներ (շվեդ.):

6. Գաղտնի փրկիչ (շվեդ.):

7. Հետևաբար (լատ.):

8. Բորելիուսը արհամարանքով հարցնում է. «Ինչու՞ նա չհրաժարվեց ուրանալուց, ինչու՞ չհրաժարվեց ուրացման ուրացումից» (հեղ.):

9. Eeclides de Cunha-ն Ռունենբերգին անծանոթ մի գրքում գրում է, որ Կանուդուսի աղանդապետ Antonio Conselherio-ի համար առաքինությունը «գրեթե անխղճություն էր»: Արգենտինացի ընթերցողը համանման հատվածներ կհիշի Ալմաֆուերտեի ստեղծագործություններից: Ռունեբերգը «Sju insegel» խորհրդապաշտական հանդեսում հրատարակեց մի խիստ նկարագրողական պոեմ՝ «Գաղտնի ջուրը». առաջին քառյակները պատմում են խառնաշփոթ մի օրվա դեպքերի, վերջինները՝ սառած ջրամբարի հայտնության մասին. բանաստեղծն ասում է, որ այդ խաղաղ ջրերի պահպանումը սրբագրում է մեր անօգուտ բռնությունը և ինչ-որ ձևով թույլատրում ու քավում է այն: Պոեմն այսպես է ավարտվում՝ «Երանելի են անտառի ջրերը իսկ մենք կարող ենք չար լինել ու տառապել» (ծան. հեղ.):

Հայկօ
23.08.2009, 12:18
Շատերը post factum հայտնաբերել են, որ Ռունեբերգի միանգամայն արդարացի առաջին քայլերը իրենց արտառոց վախճանի հիմքը դրեցին, և որ «Den hemlige Frälsaren»-ը «Kristus och Judas»-ի եղծումն է կամ չափազանցումը: 1907 թվականի վերջերին Ռունեբերգն ավարտեց և ստուգեց ձեռագրերը, երկու տարի հետո միայն տպագրության հանձնեց: 1909 թվականի հոկտեմբերին գիրքը լույս տեսավ դանիացի եբրայագետ Էրիկ Էրֆյորդի մշուշոտ ու հանելուկային նախաբանով և հետևյալ նենգ բնաբանով. «Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց» (Հովհաննես, 1, 10): Ընդհանուր բովանդակությունը բարդ չէ, բայց եզրակացությունը դիվային է: Աստված ասում է Նիլս Ռունեբերգը, մարդկային ցեղին փրկելու համար նվաստացավ մարդու աստիճանի, պետք է ենթադրել, որ նրա կատարած զոհաբերությունը կատարյալ էր, անարատ և անխոցելի: Նրա տանջանքը սահմանափակել մի երեկո խաչի վրա ապրած հոգեվարքով նշանակում է հայհոյել նրան [10]: Հաստատել, որ նա մարդ է եղել և ոչ մի մեղք չի գործել, խիստ հակասական է, impeccabilitas-ի [11] և humanitas-ի [12]հատկանիշներն իրար չեն համապատասխանում: Կեմնիցը ընդունում է, որ Փրկիչը կարող էր հոգնել, մրսել, մտատանջություն, սովածություն, ծարավ զգալ, պետք է ընդունենք նաև, որ կարող էր մեղսակցել և կորստի մատնվել: Այն հայտնի տեղը՝ «Որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջ, և արմատի պես՝ ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն. նա անարգված ու մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ» (Եսայի, 53, 2, 3), շատերի համար խաչվածի վերջին ժամի գուշակությունն էր. այլոց համար (օրինակ՝ Hans Lassen Martensen-ի) Հիսուսին ժողովրդի վերագրած մերժումը. Ռունեբերգի համար՝ ոչ թե մի վայրկյանի, այլ ժամանակի և հավերժության մեջ մարմին դարձած բանի ողջ սարսափելի ապագայի ճշգրիտ մարդարեությունը: Աստված մարդ դարձավ ամբողջապես, ընդհուպ մինչև մարդու խայտառակությունը, նողկալիությունն ու անկումը: Մեզ փրկելու համար նա պատմության խրթին ցանցը հյուսող ճակատագրերից որևէ մեկը կարող էր լինել: Կարող էր լինել Ալեքսանդրը, Պյութագորասը, Ռյուրիկը կամ Հիսուսը. նա ընտրեց ետին մի ճակատագիր՝ Հուդայինը:

Լունդի և Ստոքհոլմի գրախանութներն իզուր ազդարարեցին այդ հայտնությունը: Անհավատներն այն a priori անհամ ու մտացածին աստվածաբանական խաղ համարեցին, աստվածաբաններն արհամարեցին: Ռունեբերգն այդ էկումենիկ անտարբերության մեջ իր գաղափարի գրեթե հրեշավոր հաստատումը տեսավ: Աստված էր տնօրինում այդպիսի անտարբերությունը: Աստված չէր ուզում, որ երկրում տարածվեր իր սարսափելի գաղտնիքը: Ռունեբերգը հասկացավ, որ ժամը դեռ չի հասել: Զգաց, որ իր գլխին են կուտակվում Տիրոջ բոլոր վաղնջական անեծքները, Եղիային ու Մովսեսին հիշեց և այն, որ որ նրանք լեռան վրա իրենց դեմքն էին ծածկել՝ Աստծուն չտեսնելու համար: Եսայուն հիշեց և այն, որ նա սարսափել էր, երբ իր աչքերը տեսել էին Նրան, ում փառքն անսահման է երկրում. Սավուղին հիշեց և այլն, որ նրա աչքերը կուրացել էին Դամասկոսի ճանապարհին. հիշեց ռաբբի Սիմոն բեն Ազաուն և այն, որ նա տեսել էր Դրախտն ու մահացել, հայտնի կախարդ Խուան Վիտերբոյին հիշեց և այն, որ նա գժվել էր սուրբ Երրորդությունը տեսնելուց հետո, հիշեց միդրաշիմներին և նրանց գարշանքն այն պիղծերից, որոնք արտասանում էին Shem Hamephoras՝ Աստծու Գաղտնի Անունը: Մի՞թե ինքը մեղավոր չէր այդ խորհրդավոր հանցագործության համար: Մի՞թե սա չէր Հուդային ուղղված այն հայհոյանքը, որ չի ներվելու (Մատթեոս, 12, 31): Վալերի Սորանը մեռավ Հռոմի գաղտնի անունը տարածելու համար. ի՞նչ կլիներ նրա անվերջանալի պատիժը, չէ՞ որ ինքն էր հայտնաբերել ու տարածել Աստծու սարսափելի անունը:

Անքնությունից ու գլխապտույտ պատճառող դիալեկտիկայից հարբած՝ Նիլս Ռունեբերգը թափառեց Malmö-ի փողոցներում՝ բարձրաձայն խնդրելով, որ իրեն էլ Փրկչի հետ շնորհվեր Դժոխքը:

1912 թվականի մարտի մեկին մահացավ երակի պայթյունից: Աղանդաբանները գուցե հիշեն նրան. Որդու կերպարին, որ կարծես սպառված էր, Ռունեբերգը ավելացրեց չարիքի ու դժբախտության հատկանիշները:

-------------------------------

10. Maurice Abramowicz-ը նկատում է. «Հիսուսը միշտ հաղթողի դերում է. նրան պատահած դժբախտությունը տպագրական գյուտի շնորհիվ բազմալեզու փառքի տիրացավ, մահկանացուների մեջ նրա երեսուներեք տարի լինելը, ըստ էության, նման է ամառանոցային հանգիստ անցկացնելուն: Էրֆյորդը «Քրիստոնեական դոգմաներ» գրքի երրորդ հատվածում ժխտում է այս պարբերությունը և նշում, որ Աստծու խաչելությունը դեռ չի դադարել, քանզի ժամանակի ընթացքում մեկ անգամ կրկնվածը հավերժության մեջ կրկնվում է անդադար: Այժմ էլ Հուդան ստանում է արծաթադրամները, դեռ համբուրում է Հիսուսին, դեռ տաճարի մեջ է նետում է արծաթադրամները, դեռ պարանը օղակ է անում արյան ագարակում, (Էրֆյորդը այս պնդումը հաստատելու համար դիմում է Յարոմիր Հլադիկի «Հավերժության արդարացումը» գրքի առաջին հատորի վերջին (ծան. հեղ.):

11. Անսխալականություն (լատ.):

12. Մարդկայնություն (լատ.):

Հայկօ
23.08.2009, 12:19
Թարգմանությունը՝ Հ. Բոդուկյանի:

Բարեկամ
23.08.2009, 15:39
Ապրես, Հ. Բուդուկյան:
Բորխեսի ամեն մի միտք-նախադասությունը մարսելը օրեր, գուցե և ավելի ա պահանջում, եթե իհարկե հաջողվում ա թափանցել իր պատմած աշխարհի մեջ:

Rhayader
24.08.2009, 07:21
Իսկապես ցնցող էր))) բայց դեռ պիտի մարսեմ: Էմոցիոնալ տեսանկյունից, ինտելլեկուալ տեսանկյունից միանգամից ընկալեցի:

Հայկօ
24.08.2009, 11:09
Սա այն ստեղծագործություններից է, որոնց կարդալուց հետո հասկանում ես, որ քո՝ ինչ-որ բան գրելն արդեն ավելորդ է: Հզորագույն գործ է:

Էստեղ տեղին կլինի մեջբերել Բորխեսի «Բաժանվող արահետների այգին» ժողովածուի հեղինակային նախաբանից մի հատված. «Ծավալուն գրքեր գրել, հինգ հարյուր էջում ձգձգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատատար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլինի պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն, ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ»:

Հայկօ
24.08.2009, 11:10
Իսկապես ցնցող էր))) բայց դեռ պիտի մարսեմ: Էմոցիոնալ տեսանկյունից, ինտելլեկուալ տեսանկյունից միանգամից ընկալեցի:

:o

Դու ի՞նչ խղճով ես ուրիշներին ստիպում Էդգար Պո կարդալ, եթե դու ինքդ էս չէիր կարդացել :)):

Rhayader
25.08.2009, 16:16
:o

Դու ի՞նչ խղճով ես ուրիշներին ստիպում Էդգար Պո կարդալ, եթե դու ինքդ էս չէիր կարդացել :)):

Հայկօ:) Ի տարբերություն ձեզ, ես ոչ մեկին չունեմ, որ ինձ խորհուրդ տա ինչ-որ բան կարդալ՝ ստիպված են ինքս, ինտուիցիաս ու տարբեր տեղերից պռճոկած ինֆորմացիաս օգտագործելով փորփրել-գտնել:
Ինձ ծանոթ մարդիկ կլասսիկներից են հասկանում, ասենք՝ Բալզակ-մալզակ:[ և այլն, բայց ժամանակակից գրականությունից հասկացողներից հեռու եմ:)
Նամանավանդ որ շփվողությամբ ու մարդամոտությամբ էլ աչքի չեմ նկնում:

Բորխեսին հանդիպեցի պատահմամբ՝ «Ամեն ինչ ու ոչինչ» պատմվածքն էր, որ իմ վրա բացարձակապես տպավորություն չթողեց, հետո՝ «Ալ» գործը («Մարգարեն սփռոցի տակ»), որն ինձ համոզեց, որ Բորխեսը դեմք է:
Բայց դեռ քիչ եմ հասցրել բզբզալ՝ ցանկացած դեպքում, ինչպես կասեր Ֆրեդդին, դեհումանիզացված արվեստն ինձ քիչ է գրավում:

Հայկօ
25.08.2009, 16:38
:)): Էդ ամեն ինչը իհարկե շատ լավ է և այլն, բայց ի տարբերություն մեզ՝ ու՞մ :8:

Rhayader
25.08.2009, 16:46
Ակումբցիների, մասնավորապես:)

Chuk
26.08.2009, 03:03
Վերջապես ժամանակ գտա, կարդացի: Իսկապես հզոր գործ է:

Բայց նորից ընկա մտորումների գիրկը: Փորձեմ կիսվել.


«Ծավալուն գրքեր գրել, հինգ հարյուր էջում ձգձգել մի գաղափար, որի բանավոր կատարյալ բացատրությունը տեղավորվում է մի քանի րոպեից բաղկացած ժամանակահատվածում, աշխատատար և սպանիչ ցնորամտություն է: Ավելի խելամիտ կլինի պատկերացնել, թե այդ գրքերն արդեն գոյություն ունեն, ու նրանց ամփոփումը կամ մեկնաբանությունը տալ»:

Իրականում այս նույն ստեղծագործությունը կարելի էր գրել ավելի «մատչելի» տեսքով: Բորխեսի ոճական, լեզվային ծանրաբեռնվածությունը, կիսագիտական տերմինալոգիայով համեմելը ավելի ծանրացնում է գործի ընթերցումը, բոլոր գործերի, ոչ թե սրա: Նույնը կարելի է գրել առավել «ժողովրդական», «խոսակցական», այլ ոչ այսաստիճան «պաշտոնական» ոճով:

Հիմա ինձ հուզող հարցը. Բորխեսի գործերում իմ համար ամենամեծ արժեքը ասելիքն է, փիլիսիոփայությունը, տրամաբանությունը, վերլուծությունը: Արդյո՞ք կնվազեր ստեղծագործության արժեքը՝ լեզվական ոճի փոփոխության դեպքում: Երբեմն թվում է, որ ոչ միայն կնվազեր, այլ անարժեք կդառնար: Մի օր գուցե չալարեմ, Բորխեսի ստեղծագործություններից մեկի համար փոխադրություն գրեմ:

Rhayader
26.08.2009, 07:15
Մնանք սպասելուց)) իսկապես հետաքրքիր կլինի:

Հայկօ
26.08.2009, 10:49
Չուկ, այն մարդուն, որ ունակ է հասկանալու Բորխես, հաստատ չեն խանգարի «ոճական, լեզվային ծանրաբեռնվածությունը, կիսագիտական տերմինալոգիայով համեմելը» :): Ամեն դեպքում՝ չեմ հասկանում, ճիշտն ասած, թե այստեղ ու մնացած գործերում ինչն է այդքան խճողված (ինքնագովեստ չհամարեք): Բավականին սահուն ու հեշտ է կարդացվում:

Իսկ թե լեզուն փոխելիս ինչ կլիներ... Ես չէի ուզի: Գեղարվեստական գրականությունը ոչ միայն բովանդակություն է, այլև՝ ձև:

Rhayader
27.08.2009, 07:44
ԻՄԽՈրին համոզմամբ գրական գործն անհրաժեշտ է ընկալել, ինչպես կա:
Ի միջի այլոց, Բորխեսի մոտ ոճական ու լեզվական ծանրաբեռնվածություն կամ բարդություն չեմ նկատել)

Chuk
27.08.2009, 14:42
Եթե գրական ստեղծագործությունը գրվում է կոնկրետ խմբին պատկանող մարդկանց համար, դա արդեն իր մինուսներից մեկն է: Բորխեսի ստեղծագործությունների ասելիքը կարող է հետաքրքիր ու արժեքավոր լինել ԲՈԼՈՐԻ համար, բայց այն հասանելի է ԿՈՆԿՐԵՏ խմբերի համար, ավելին, որպես կանոն այն խմբերի, ովքեր իրենց համարում են ԽԻՍՏ ԽԵԼԱՑԻ, ՀԱՍԿԱՑՈՂ :) Սա սարկազմ չէ, այլ պարզ ճշմարտություն:

Իրականում բոլորովին կասկածի տակ չդնելով Հայկօ-ի ու Ռայադերի ընդունակությունները (երկուսին էլ ծանոթ եմ ու բարձր մակարդակը գիտեմ), պիտի փաստեմ, որ նման գործերը շատ հաճախ գովում են կամ նրանց նման ընդունակները, կամ էլ իրենց այդպիսի ընդունակի տեղ դրածները:

Լեզվական ծանրաբեռնվածություն, առավել ևս շարահյուսական իմաստով ես տեսնում եմ: Ավելորդ բառերի օգտագործում ես տեսնում եմ: Դա բնավ չի նշանակում, որ ես ստեղծագործությունը հանգիստ չեմ կարդում, ասելիքը չեմ ընկալում (թույլատրեք իմ ընդունակություններն էլ համարել բավարար), սակայն շատ ավելի հանգիստ կկարդայի, եթե այն գրվեր շատ ավելի պարզ տեսքով:

Վերջապես հիշենք, որ պարզությունը հանճարեղության նշան է՝ հաճախ:

Իսկ տարբերակը, որ Բորխեսի ստեղծագործություններին լրացուցիչ հմայք հենց այդ ոճն է հաղորդում, ես չեմ բացառել իմ գրառման մեջ :)

Հայկօ
05.12.2009, 21:07
Լեզվական ծանրաբեռնվածություն, առավել ևս շարահյուսական իմաստով ես տեսնում եմ: Ավելորդ բառերի օգտագործում ես տեսնում եմ: Դա բնավ չի նշանակում, որ ես ստեղծագործությունը հանգիստ չեմ կարդում, ասելիքը չեմ ընկալում (թույլատրեք իմ ընդունակություններն էլ համարել բավարար), սակայն շատ ավելի հանգիստ կկարդայի, եթե այն գրվեր շատ ավելի պարզ տեսքով:

Ուղղակի տեղ-տեղ այնքան էլ հաջող չի թարգմանված ;): Ընթերցելիս հանդիպող սակավաթիվ «դարուփոսերի» մի մասը հենց հայերենի կիրառության հետ են կապված, ոչ թե բովանդակության, կարծես թե:

Chuk
06.12.2009, 00:40
Ուղղակի տեղ-տեղ այնքան էլ հաջող չի թարգմանված ;): Ընթերցելիս հանդիպող սակավաթիվ «դարուփոսերի» մի մասը հենց հայերենի կիրառության հետ են կապված, ոչ թե բովանդակության, կարծես թե:
Գուցե ասածիս համար նպաստել է նաև թարգմանությունը, բայց Բորխեսի ոճն ընդհանուր առմամբ այդպիսին է :)

Ինչևէ: Տեսակետս որպես անհերքելի ճշմարտություն ներկայացնել չեմ ուզում: Ասում եմ էսքանը. Բորխեսի ստեղծագործությունները ես սիրում եմ, իր ոճը համարում եմ ծանրաբեռնված: Հիմա կշահե՞ր, թե՞ հակառակը, կկորցներ ստեղծագործությունն այդ ծանրաբեռնվածությունը թուլացնելուց, պնդել չեմ կարող, չնայած որ ինձ թվում է, որ կշահեր:

Տեղեկացնում եմ, որ սա միայն ու միայն իմ տեսակետն է:
Ես եղել ու մնում եմ խոսքը հնարավորինս պարզ տեսքով արտահայտելու կողմնակից, մարդ, ով մեծ սեր չունի ճոռոմաբանությունների, ավելորդ լցոնումների, նյութի բարդացման, նախադասությունները ձևականությունների և այլնի հետ:

Sphinx
16.12.2009, 19:26
Ես էս գործը կարդացել եմ տարիներ առաջ,ռուսերեն տարբերակով և համեմատելով՝ ռուսերեն տարբերակի հետ ՝ չէի ասի, թե անհաջող թարգմանություն է. իհարկե կան բառեր, որոնց հայերեն համարժեքը էնքան էլ տարածված չէ մեզանում , դա ինչ- խոսք փոքր-ինչ անհարմարություն գուցե ստեղծի ընթերցողների մոտ: Կոնկրետ այս գործը,չէի ասի, թե ինձ համար հեշտ է այն ընկալել, որպես գեղարվեստական գործ. Սա ,ըստ իս. ավելի շատ գիտական վերլուծություն է՝ իր բառամթերքով , պատմելաոճով և էդ տեսակետից ՝ հասկանալի է , որ այն հասանելի է ոչ մեծ լսարանին, թեև լայն լսարանը դժվար էլ սա ընդուներ, եթե նա ավելի մատչելի լեզվով գրվեր :
Նրա բոլոր գործերին ծանոթ չեմ , բայց այն ինչ-որ ես եմ կարդացել, իմ ընկալմամբ ,ավելի շուտ փիլիսոփայական շատ խորը և չափազանց հետաքրքիր խորհրդածություներ են, քան թե պատմվածքներ:Էդ տեսակետից, բարդ չեն իրենց պատմելաոճով,ավելին , համապատասխան են: Ասելիքը ընկալելու համար ,բնական է, իմացական որոշ պատրաստականություն է պետք. Օրինակ, նրա « Կաֆկան և նախորդները» ըմբռնելու համար առնվազն պետք է Կաֆկա կարդացած լինես, իսկ ամեն մարդ Կաֆկա չի կարդա, նույնը վերաբերում է «Լեգենդին» կամ « Սյուժեի թելը« պատմվածքներին. ստացվում է ՝ էսպես, թե էնպես որոշակի լսարանի համար են այս ստեղծագործությունները...

Sphinx
16.12.2009, 22:43
Հայկօ ջան, շատ ապրես, սա մի նոր առիթ էր ինձ համար՝ կրկին անդրադառնալու Բորխեսին...:hands