PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Նոդար Դումբաձե. Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը



Chuk
10.08.2009, 03:15
Որոշեցի այս թեմայում հատվածաբար (շարունակաբար) տեղադրել իմ շատ սիրելի ստեղծագործություններից մեկը՝ վրաց հայտնի գրող Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպը: Մինչ վեպին անցնելը հակիրճ ներկայացնեմ Դումբաձեի կենսագրությունը:



Նոդար Վլադիմիրի Դումբաձե
Վրաց գրող (1928-1984)


40820

Ծնվել է 1928 թ.-ի հուլիսի 14-ին, Թիֆլիսում: Մանկությունը մթագնել է 1930-ականների քաղաքական իրադարձություններով, ապա՝ պատերազմով: Ծնողները ձերբակալվել են 1937 թ.-ին (հայրը ռայկոմի քարտուղար էր), և փոքրիկ տղայի համար սկսվել է «ազգի թշնամիների» զավակի դժվար կյանքը (ծնողները վերադարձել են միայն 1956 թ.-ին): Ապրել է արևմտյան Վրաստանի Խիդիստավի գյուղում՝ ազգականների մոտ: Գյուղի դպրոցն ավարտելով ընդունվել է Թիֆլիսի Պետական Համալսարանի (որն այդ տարիներին Ստալինի անունն էր կրում) տնտեսագիտության ֆակուլտետ: Ավարտել է 1950 թ.-ին: Մի քանի տարի համալսարանում որպես լաբորանտ աշխատելուց հետո, 1957 թ.-ից սկսած իրեն ամբողջովին նվիրել է գրական աշխատանքին. եղել է «Ցիսկարի» («Արևածագ») ամսագրի աշխատակից (1957 թ.), հումորային «Նիանգի» («Կոկորդիլոս») ամսագրի խմբագրի տեղակալ (1957-1962 թթ.), «Վրաց-ֆիլմի» սցենարների բաժնի աշխատակից (1962-1965 թթ.), «Նիանգի» ամսագրի խմբագիր (1965-1973 թթ.): 1973 թ.-ից եղել է Վրաստանի Գրողների միության քարտուղար, իսկ 1981 թ.-ից մինչև մահը եղել է ղեկավարության ներկայացուցիչ: Գրական կարեիերայի հենց սկզբից մեծ ճանաչում ձեռք բերելու հետ միասին պարբերաբար արժանացել է տարբեր պարգ՞ների. Արժանացել է Ռուստավելիի մրցանակի (1975 թ.), Լենինյան կոմսոմոլի (1966 թ.), Լենինյան մրցանակի (1980 թ.): Եղել է Վրացաստանի Գերագույն Խորհրդի երկու գումարումների (1971-1978 թթ.) և ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի (1979-1984 թթ.) պատգամավոր:

Առաջին բանաստեղծությունները հրապարակվել են 1950 թ.-ին համալսարականակ «Առաջին ճառագայթ» ալմանախում: 1956-1957 թթ.-ին լույս են տեսել հումորային պատմվածքների երեք գրքեր, որոնք անմիջապես ուշադրություն են գրավել, սակայն իրական փառքը բերել է 1960 թ.-ին լույս տեսած «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպը: Շուտով Գ. Լորդկիպանիձեի համահեղինակությամբ վեպի հիման վրա գրվեց պիես, որը մեծ հաջողություն ունեցավ Վրաստանում՝ մի քանի բեմականացումներով: Այնուհետև 1962 թ.-ին կինոռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն նկարեց հռչակավոր ֆիլմը: Մանկական բանաստեղծություններին ու պատմվածքների ժողովածուներին (1960-1962 թթ.) հաջորդեցին վեպերն ու վիպակները, որոնք հաջողությամբ ամրագրում էին իր ժամանակների երևելի արձակագիրներից մեկի փառքը: Դրանք էին. «Ես տեսնում եմ արևը» (1962 թ.), «Արևային գիշեր» (1967 թ.), «Մի վախեցիր, մայրիկ» (1971 թ.), «Սպիտակ դրոշներ» (1973 թ.), «Հավերժության օրենք» (1978 թ.): Բոլոր այս վեպերն ու բազմաթիվ պատմվածքները լույս են տեսել տասնյակ հրատարակություններով: Դումբաձեն հեղինակ է բանաստեղծությունների, պոեմների, մանկական ստեղծագործությունների, հրապարակախոսական հոդվածների ու ճանապարհորդկան նոթերի:

«Ես, տատիկը, Իլիկոն և Իլարոնը» ու «Ես տեսնում եմ արևը» վեպերը շատ առումներով ինքնակենսագրական են:

Կյանքի բազում դժվարությունները, հարազատների, այդ թվում փոքրիկ որդու կորուստը, ծանր հիվանդությունը գրողին չկարողացան կոտրել: Նա շարունակում էր ստեղծագործել նույն եռանդով, կատարել հասարակական աշխատանք: Մահացել է 1984 թ.-ի սեպտեմբերի 14-ին՝ Թիֆլիսում, թաղվել է Թիֆլիսում իր նախաձեռնությամբ կառուցված «Մզիուրի» («Արևային») մանկական քաղաքիկում:

Ստեղծագործական կյանքի սկզբներում հանրահայտ դարձած Դումբաձեն շարունակում է մնալ Վրաստանի ամենից ընթերցվող ժամանակակից գրողներից մեկը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, մոլդովերեն, ադրբեջաներեն, ճապոներեն, թուրքերեն, արաբերեն և այլ լեզուներով: Նրա բոլոր վեպերն ու «Կուկարաչա» վիպակը էկրանավորվել են, գոյություն ունեն նրա ստեղծագործությունների թատերական բեմադրությունները:

Chuk
10.08.2009, 03:17
Նոդար Դումբաձե


Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը

վրացերենից թարգմանեց՝ Հրաչյա Բայրամյանը

Իմ գյուղի աջ կողմից Գուբազոուլն է հոսում, ձախից՝ Լաշիսողլեն, որ լիքն է կարբերով, ծովաձկներով ու շալվարները վեր քշտած տղեկներով: Գուբազոուլի վրա գցված է մի կամուրջ և կոչվում է Բոգա: Ամեն գարնան վարարած գետը քշում, տանում է այն, մեզ թողնելով միայն ցցամասերը: Չնայած դրան, իմ գյուղը Գուրիայում ամենից ուրախն է և ամենագեղեցիկը: Աշխարհի բոլոր գյուղերից ամենաշատը ես իմ գյուղն եմ սիրում, որովհետև մի ուրիշ տեղ չի կարող լինել այնպիսի գյուղ, որտեղ ապրեինք ես, տատիկը, Իլիկոն, Իլարիոնը և իմ շունը՝ Մուրադան:


* * *

Իմաստուն կին է տատս, միշտ ինձ ասում է.

- Սովորի, այ մեռած, թե չէ անուսում կմնաս:

Նա յուրատեսակ պատկերացում ունի գիտության մասին: Մի անգամ, երբ պատշգամբում նստած բարձրաձայն սերտում էի վրաց լեզվի քերականության կանոնները, տատս իմիջիայլոց հարցրեց.

- Էդ ի՞նչ ես անգիր անում, բալա:
- Բայի դեմքն եմ սովորում, տատ:
- Բայի դեմքը ո՞րն է, այ որդի, մարդը դեմք կունենա:
- Սա ուրիշ դեմք է, քո գիտեցածը չի:
- Արար աշխարհում մի դեմք կա, տղա:
- Դե որ այդպես է, ասա տեսնեմ՝ ի՞նչ է նշանակում դեմք, - հարցրի ու գիրքը փակեցի:
- Դեմքը ի՞նչ է... Դեմք դեմք է, էլի:
- Նստիր, տատ, դասդ չգիտես, երկուս եմ նշանակում:
- Ես քեզ երկու ցույց կտամ, պոչավոր, հենց հիմի վեր կաց էծը կապի, թե չէ էն օրը կգցեմ, ոնց որ երեսիդ ռումբ պայթած:
- Մի հարց էլ տամ ու գնամ: Դեմքը քանի՞ տեսակ է լինում:
- Գլուխ մի տանի, էնքան տեսակ է լինում, ինչքան մարդ է ման գալի երկրի վրա: Եվ դեմքը նրա համար է, որ մարդ միշտ պարզերես լինի, բայց դե մեկի երեսը երկար է, մեկէլինը՝ տափակ, մեկը պնդերես է, մյուսը՝ երեսառած, անաբուռ մարդիկ էլ կան, ոնց որ դու:
- Աներես խալխ էլ կա, - ավելացրի ես:
- Ճիշտ է: Մեր փոստատարը, օրինակ, սևերես մարդ է. ծրարների մարկաները պոկում է, հետո գալի ասում, թե՝ մարկա չկա կպցրած, մի մանեթ պիտի տաս:
- Ես ինչպիսի՞ն եմ, տատ:
- Դու՞: Դու աներես ես, աստծու երեսից ընկած, դրա համար էլ երեսդ հողով ծածկելու է: Շունն էլ երեսիդ հաց չի ուտի:

Գուրիայում դժվար թե գտնվի մի ուրիշ կին, որ տատիս նման անիծել իմանա, բայց նրա անեծքներից ես չեմ վախենում, որովհետև մի անգամ ասաց. «Չվախենաս, բալա, լեզուս անծելիս սիրտս միշտ օրհնում է»:

Վերոհիշյալից բացի, տատս թերահավատորեն է նայում լուսավորության կոմիսարիատի անսիրտ, անհոգի այն որոշմանը, համաձայն որի մենք՝ երեխաներս, օրական վեց դաս ենք անում, թեև անձամբ ես տատիս երբեք դրա առիթը չեմ տալիս: Իմ պարապմունքները տևում են շատ-շատ չորս ժամ: Չորրորդ դասին, կորցնելով ժամանակի ու չափի զգացողությունը, բավականին բարձրաձայն հարցնում եմ հարևանիս.

- Ռոմուլի, իմաստուն ջանիդ մեռնեմ, էս որ զանգը չի հնչում՝ զա՞նգն է շարքից դուրս եկել, թե՞ պահակը:

Ռոմուլին կրճտացնում է ատամները, իսկ ուսուցիչը ցուցամատն ուղղելով ինձ (ես մատնացույց անելու աշակերտ եմ), փաղաքուշ ձայնով ասում է.

- Հենց հիմի դուրս կգնաս, գլուխդ թեկուզ պատեպատ կտաս, բայց մինչև ծնող չբերես, դպրոցի անունը չտաս:

Ես չեմ հարցնում՝ «Ինչու՞», որովհետև նման հարցից հետո վիճաբանությանը խառնվում են նաև կավիճն ու քանոնը, ուստի վերցնում եմ գլխարկս ու գնում դեպի դուռը:

- Ցտեսությու՛ն, - ասում եմ Ռոմուլիին:
- Ցտեսությու՛ն, - պատասխանում է Ռոմուլին և ձեռքով անում:

Հաջորդ օրը տատիս բերում եմ դպրոց, հետո տանում եմ տուն, հետո տատս ինձ բերում է դպրոց և այսպես շարունակ: Անվերապահորեն կարելի է ասել, որ ես ու տատս տասնամյակը միասին ենք ավարտում: Կարծեմ մարդկության պատմության մեջ սա միակ դեպքն է:


շարունակելի

Chuk
11.08.2009, 03:04
շարունակություն



* * *

Է՛հ, ես ինչ, ես սովորական գյուղացի տղա եմ, գրքերիս հետ, պայուսակում նաև պարսատիկ ու թրխկան ունեմ: Մինչև ձմեռնամուտ ոտաբոբիկ եմ դպրոց գնում: Մի շալվար ունեմ, աշնանային ամենամյա երկու քննություն: Քանի որ ես ու իմ շունը՝ Մուրադան, միշտ անբաժան ենք իրարից, գյուղում ինձ շնարած են ասում, դպրոցում՝ յալանչի, տատս պոչավոր է կանչում, մինչդեռ իմ իսկական անունը Զուրիկո է:

Թե տատիս ջղայնացնում եմ՝ գիշերը հնձանում է քնեցնում, հաշտվելուց հետո սակայն՝ միասին ենք քնում: Ցերեկը տատս ինձ անիծում է, ճիպոտով դաղում թիկունքս, իսկ երեկոյան ոտքերս լվանում է, կուրծքս համբուրում ու նոր միայն անկողին գնում:

Դպրոցո՞ւմ ինչպիսին եմ: Իմ վարքի մասին դպրոցում փաստաթուղթ կա, ես նկատի ունեմ «Մանկխորհրդի նիստի արձանագրությունը», նման տպավորությունների այն գրքին, որ դնում են անտաղանդ նկարչի ցուցահանդեսում և այցելուներին աղաչանք պաղատանք անում, թե՝ ի սեր աստծու, մի բան գրեք մեջը:

Հիշյալ փաստաթղթի բովանդակությունը մոտավորապես այսպիսին է.



Արձանագրություն
N գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհրդի
1940 թվականի մարտի 18-ի նիստի

Նիստին ներկա էին. Բոլոր ուսուցիչները:

Լսեցին. Վեցերորդ դասարանի դասղեկի զեկուցումը նույն դասարանի աշակերտ Զուրաբ Վաշալոմիձեի վարքի մասին:

Արտահայտվեցին.

Մաթեմատիկայի ուսուցիչը. «Վաշալոմիձեն ինձ համար հարյուր անհայտով հավասարում է: Մինչև ես նրա մեջ ճանաչեմ մարդուն, հավանաբար հոգիս տամ աստծուն»:

Ֆիզիկայի ուսուցիչը. (Ուսումնասիրելով անձս, ֆիզիկայի ուսուցիչը սահմանել է ֆիզիկայի նոր, անխախտ օրենք). «Բնության մեջ դեռևս չկա այնպիսի էներգիա, որ շարժման մեջ դնի Վաշալոմիձեին: Նա հեղուկի մեջ ընկղմված մարմին է, որի վրա չի ազդում արտամղող ոչ մի ուժ»:

Քիմիայի ուսուցիչը. «Ոչ մի ռեակցիա, նստում է ու ամբողջ օրը հոգիս հանում: Նման է ինչ-որ անսովոր լակմուսի, որի վրա ոչինչ չի ազդում: Նա երբեք չի կարմրում»:

Ռուսերենի ուսուցիչը. «По моему он просто идиот»:

Աշխարհագրության ուսուցիչը. «Վաշալոմիձեի գիտելիքները ամբողջությամբ ռելիեֆային են: Նա կամ պակասավոր է, կամ հյուծախտավոր: Անհրաժեշտ է չափավոր գոտի, որպեսզի լայնքն ու երկայնքը համաչափ լինեն»:

Պատմության ուսուցիչը. «Ավելի շուտ նա քարի դարի մարդ է, քան քսաներորդ դարի քաղաքակիրթ քաղաքացի: Դժվար է թվագրել պահը, երբ նա դասին հանգիստ է լինում: Զարգացման ոչ մի նշույլ. նա խայտառակում է դասարանը»:

Դպրոցի պահակը. «Ի՞նչ եք ուզում քորփից, թե որ էդչափ խելառ է, դասարանից դասարան ո՞նց է փոխադրվում»:

Ուսումնական մասի վարիչը. «Քեզ հարցնող չկա. քո գործն էն է, որ ամեն առավոտ վեր կենաս ու ժամանակին զանգը տաս»:

Վրացերենի ուսուցիչը. (իմ մերձավոր բարեկամն է). »Ի՜նչ եք երկար բարակ ճառում. միանգամից սպանեք, պրծեք, էլի, երեխին: Սրանից լավ ո՞վ ունեք: Գործն այնպես վատ չէ, ինչպես ներկայացնում եք. դիրեկտորի տղան, օրինակ, բոլոր առարկաներից «հինգ» ունի, բայց նրա պես բթամիտ ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել իմ կյանքում: Դասերին բուի նման է նստում»:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը. «Թե էդպես է, դու՞ ինչու ես «հինգ» նշանակում»:

Վրացերենի ուսուցիչը. «Պլոճիկով տղա ես՝ փորձիր չնշանակել»:

Ուսմասվար. «Երկուսդ էլ լռեք: Դու՞ ինչ կասես, Վաշալոմիձե»:

Վաշալոմիձե. «Ճիշտ է ասում վրացերենի դասատուն»:

Ուսմասվար. «Քեզ չեն հարցնում՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Ընդհանրապես ի՞նչ կարող ես ասել»:

Վաշալոմիձե. «Ընդհանրապես էն կարող եմ ասել, որ եթե հիմա ներեք, հետագայում անպայման կուղղվեմ»:

Լսելով այս ամենը, ես նույնիսկ սկսեցի մտածել, թե հոգով ու մարմնով պակասավոր չե՞մ արդյոք, բայց մի դեպք կասկածներս փարատեց: Բանն այն է, որ եգիպտացորենի արտը թորխելու համար մի շաբաթ պիտի տանը մնայի, այսինքն՝ նույնքան ժամանակ դպրոց չպիտի գնայի: Բայց որպեսզի բացակայությանս պատճառով դպրոցից չհեռացնեին՝ բժշկի տեղեկանք էր պետք: Այդ տարիներին, ցավոք սրտի, իմ գյուղում առողջ մարդկանց հիվանդության տեղեկանք չէին տալիս: Անհրաժեշտ էր, որ մի ժամ պառկեի անկողնում, բժիշկ կանչեինք ու տեղեկանք վերցնեինք: Նպատակներիս հասնելու համար առավոտից ինձ սոված պահեցին, որպեսզի տեսքս հիվանդի լիներ, գլուխս էլ երեսսրբիչով փաթաթեցին ու տատս գնաց բժշկի ետևից: Կես ժամ չէր անցել՝ բժշկի նժույգը ծառս եղավ մեր բակում:

- Ի՞նչ է պատահել, տղա՛, - հարցրեց բժիշկն ու նստեց անկողնուս վրա:
- Մեռնում եմ, բժիշկ:
- Ի՞նչդ է ցավում:

Անկեղծ ասած նման հարցի չէի սպասում, ուստի վախվորած նայեցի տատիս:

- Ամեն ինչն էլ ցավում է, - օգնության հասավ տատս:
- Մազերդ ցավու՞մ են:
- Հա՜, - հառաչեցի:

Մինչ այս, մինչ այն, հարևաններս եկան: Իլարիոնն ու Իլիկոն գիտեին ի՜նչ հիվանդ եմ, ուստի իսկույն խառնվեցին խոսակցությանը:

- Էս քորփեն վերջերս շատ թուլացած է երևում աչքիս, - ասաց Իլարիոնը:
- Օրինակ, ինչպե՞ս:
- Օրինակ ուտելու ախորժակ չունի: Մի երկու օր առաջ ինձ մոտ էր. խեղճը մի սաջահացից ու երեք աման լոբու ճաշից բացի պատառ չդրեց բերանը:
- Ի՜նչ ես ասում, ա՛յ մարդ, - ափիբերան բացականչեց բժիշկը:
- Հա՛, մահս տենամ, թե սուտ եմ ասում. առաջներում ահագին պանիր էլ էր խփշտում, համա էդ օրը բերանը կողպել էր, ինչ արի-չարի՝ ասածիցս մի պատառ ավելի չկարեցա կերցնել:
- Ճի՞շտ, այ տղա, - հարցրեց բժիշկը:
- Հա՛, բժիշկ, լոբի եմ տեսնում թե չէ, սիրտս խառնում է:
- Հավատա՞մ, որ եթե սխտորաջրով համեմված տապակա լինի, որ կորթինով հորած պանիր լինի, որ բոլորակ խորոված հավ լինի, ախպորս ասեմ, որ անուշ համեմունով գանձակ լինի, կամ էլ որ պոպոքով սոուսում թաթախված միրոն ու կարմրախայտ լինի, չես ուտի, հա՞:
- Էս տնաքանդը կգժվացնի երեխին, - շշնջաց տատս:

Չդիմանալով նման ճաշացուցակի գայթակղությանը, Իլիկոն ափալ-թափալ դուրս նետվեց: Իլարիոնը մի կերպ իրեն զսպես ու սկսեց նկարներն աչքի անցկացնել:

- Էլ ի՞նչն է ցավում, - ժպտալով հարցրեց բժիշկը, հետո քանդեց գլխիս փաթաթած երեսսրբիչն ու զգուշորեն սրբեց բերանիս անկյուններից ծորող ջուրը:
- Փռշտում էլ է, - պատասխանեց Իլարիոնը:
- Մե՞զն ինչպիսին է:

Հարցն այնքան անսպասելի էր, որ նույնիսկ Իլարիոնը կարկամեց ու դիմեց Իլիկոյին, որ արդեն վերադարձել էր:

- Մեզը ո՞նց է, Իլիկո:
- Վերջերս ինձ իսկի դուր չի գալի սրա մեզը, - Իլիկոն չկորցրեց իրեն:
- Առաջ լա՞վ էր:
- Էն էլ ո՜նց:
- Է՞լ ինչդ է ցավում, երիտասարդ:
- Մի քիչ էլ... – ասաց Իլիկոն, ցուցամատը դրեց քունքին ու պտտեց:

Ես անմիջապես հասկացա, թե դրանով ինչ է ուզում ասել:

- Իսկապե՞ս: Հալա ասա տեսնեմ՝ սա քանիսն է, - բժիշկը հինգ մատը չռեց քթիս տակ:
- Յո՛թը, - պատասխանեցի ու կարողությանս չափ հիմարավուն ժպտացի:
- Ճի՛շտ է, - բացականչեց բժիշկը:

Զարմանքից Իլիկոյի ակնոցն ընկավ, տատս ետ-ետ գնաց, բժիշկը նախ՝ սկսեց աչքերը ճպճպացնել, հետո՝ ինձ նստեցրեց անկողնում, նայեց աչքերիս մեջ, գլուխը կարեկցաբար շարժեց ու հարցրեց:

- Ձեր հարազատներին ու մտերիմներին ճանաչու՞մ եք:
- Դժվարությամբ, - պատասխանեց Իլարիոնը:
- Բարի: Էս մարդը ո՞վ է, - Իլիկոյին մատնացույց արեց բժիշկը:
- Դա մարդ չի, գազան է, - պատասխանեցի ու ավելի հիմար կերպարանք առա, քան Իլիկոն էր սպասում:
- Զուրիկո, այ տղա, ինձ չե՞ս ճանաչում: Իլիկիոն եմ, քո Իլիկո քեռին:

Գլուխս բացասաբար շարժեցի ու աչքերս ծռեցի: Տատս ներքին շրթունքը կծեց ու երեսը ծվատեց:

- Հիվանդին ինչո՞վ եք բուժում, - հետաքրքրվեց բժիշկը:
- Քներակին արաղով կոմպրես ենք դնում, որդի, - պատասխանեց տատս:
- Էդ արաղը մի բեր, տեսնեմ:

Տատս քստքստացնելով գնաց ու բերեց:

- Էն չայի բաժակը դեսը տվեք:

Մատուցեցին: Բժիշկը պռնկեպռունկ լցրեց ու սկեց.

- Երեխի դրությունը շատ լուրջ է, շատ էլ հնարավոր է, որ չլուսացնի, հենց հիմի պիտի տեղափոխենք հիվանդանոց ու շտապ վիրահատենք:
- Ի՞նչը, բժիշկ, - անկողնուց ցատկելով հարցրի ես:
- Գանգդ պիտի փոխենք:
- Քանի գլուխս սաղ է, չեմ թողնի, - աղաղակեց տատս, - գանգը փոխելս ո՞րն է, դդում հո չի՞: Սարի նման էս երեխին ի՞նչ է եղել, որ վիրահատեք: Մեռնեմ աստծու զորությանը: Վեր կաց, բալա: Ի՜նչ հիվանդ, ի՜նչ բան, պինդ պոպոք է: Երեսս սրա ոտի տակը, սատաղ սրա արևին:
- Դե որ էդպես է, աստծու ձեռը ձեր գլխից անպակաս լինի, միշտ ուրախության մեջ ըլնեք ու վատ օր չտենաք, - մաղթեց բժիշկը ու բաժակի ամբողջ պարունակությունը մի ակնթարթում պարպեց:
- Անու-ու՜շ, - ասաց Իլարիոնը ու մի տանձ տվեց:

Բժիշկն ախորժակով կծեց, այտերս թփթփացրեց ու հրաժեշտ տվեց: Դռան մոտ շրջվեց և ի լուր տատիս ասաց.

- Սրա նման պնդակազմ ու առողջ երեխա էս գյուղում դժվար թե ըլնի: - Հետո դուրս ելավ, մի ոստյունով թռավ ձիու մեջքին, մեզ ձեռքով արեց ու շորորավարգ ճամփա ընկավ:



շարունակելի

Գալաթեա
11.08.2009, 13:40
:D :D
Չուկ, արդեն մոռացել էի, թե ինչ խնդալու ու լավն ա էս գործը :)
Ապրես, որ չես ալարում, ջան :)

Chuk
12.08.2009, 02:31
շարունակություն


Որսը

Ծանր հիվանդանալուս շաբաթվա գլխին Իլարիոնը մտավ մեր բակը, հասակով մեկ փռվեց տանձենու տակ, ծխախոտը վառեց ու իմիջիայլոց հարցրեց.

- Ո՞նց ես, շնարած, օպերացիադ արի՞ն:
- Քեզ ու Իլիկոյին ի՜նչ, իսկ ես քիչ էր մնում մեռնեի:
- Ինչի՞ պիտի մեռնեիր, այ տղա. էն մարդը գանգատուփդ պիտի բաց աներ, ստուգեր, քիչ-միչ էլ կդզեր կփչեր ու պրծավ գնա՜ց...
- Էնպես ես խոսում, լսողն էլ կկարծի քո և Իլիկոյի ականջներից խելք է ծորում:
- Դու էն ասա, թե ու՞ր է քնձռոտ Մուրադան:

Նրա հարցնելն ու շան կաղկանձելը մեկ եղավ:
- Սատկացնելու եմ էս անտերին... Շունն ուտի թափանփսորդ: Զուրիկելա, որտեղի՞ց ես բերել էս քոքը կտրածին: Տեսնվա՞ծ բան է, ա՛յ ժողովուրդ, հավաբներում ձու չթողեց, քիչ է, հիմի էլ ճտերին է կպել: - Գյուղամիջի ճամփով բիրն ուսին շան ետևից վազում ու բերանը քափ կտրած հոխորտում էր Էփրոսինեն: Իսկ առջևից ծկլթալով ու ոտքը հազիվ քարշ տալով փախչում էր իմ խեղճ Մուրադան:
- Հե՜թ, ուր պիտի փախչի, - իր բակից գոչում էր Էփրոսինեի ամուսինը:
- Ի՞նչ է պատահել, այ կնիկ, ինչ ես ձենդ գեղովը մեկ արել, սև կարկուտ հո չի՞ խփել գլխիդ, - տանից դուրս թռչելով բացականչեց տատս, - քո մարդու քոքը կտրի: Ի՞նչ ասել է՝ քոքը կտրած: Էդ շանը երկու գլուխ պանրով եմ առել ջաղացման Սիմոնից:

Էփրոսինեն ծղրտում էր, շունը՝ ծկլթում:

- Բարիաջողում, Մուրադա, - ողջունեց Իլարիոնը:

«Բարև», - սրտի խորքուս պատասխանեց շունը և պոչով թակեց գետինը:

- Սա հաստատ աղվեսի ցեղից է, - ասաց Իլարիոնը և հավի փետուրը հանեց շան բերանից:
- Ի՞նչ է պատահել, Մուրադա, Էփրոսինեն քեզանից ի՞նչ է ուզում, - հետաքրքրվեց Իլարիոնը:

«Եսիմ, տնաշենն էլ էնպիսի բաց տեղում է բույն դրել, դե արի ու գայթակղությանը դիմացի», - սրտի խորքում պատասխանեց Մուրադան և թախծոտ հայացքը հառեց Իլարիոնին:

- Շատ ծեծե՞ց:

«Ըհը», - Մուրադան գլխով արեց ու նշանացի ցույց տվեց ցավող ոտքը:

- Մի՛ վախենա, շունը կաղալով չի սատկի, - հարեց Իլարիոնը:

«Էնքան ուժեղ չի ցավում, ինչքան Էփրոսինեն է կարծում», - սրտի խորքում ասաց Մուրադան, ժպտաց, ոտքի ելավ, ականջները թափ տվեց ու սկսեց լպստել Իլարիոնի ձեռքերը:

- Դունչն ինչի՞ է էսպես, ա՛յ տղա:
- Երեկ սաջի վրայից հաց թռցնելիս քիթը խրվեց մոխրի մեջ ու դաղվեց:
- Ճի՞շտ է ասում, Մուրադա:

«Է՛հ, մի քիչ շտապեցի, թե չէ էդպիսի՞ սաջհացեր եմ թռցրել», - սրտի խորքում հավաստեց Մուրադան և թաթով մեղմիվ շոյեց քիթը:

- Դու՜, շուն չէ՝ ոսկի ես, ոսկի: Տեսնու՞մ ես սրան, էս շնարածին, եքա քուռակ է, բայց տատն է պահում, մեծացնում, իսկ դու ինքդ ես քո մասին հոգ տանում, - գովաբանեց Իլարիոնը և սկսեց շանը փաղաքշել: - Մենակ թե լավ չի, որ գողություն ես անում, հալալ քրտինքով ճարած պատառից քաղցր բան չկա: Հրեն, մեր պահեստապետ Դաթիկոն քեզ օրինակ. մեռած է, թաղած չի: Քանի կարող էր անտակ կարասի նման լցնում էր փորը, իսկ հիմի ուռուցվորվել է ու դուրս գրված ապրանքի նման անկողին ընկել. սազակա՞ն է, - հարցրեց Իլարիոնը:

«Սազականը ո՞րն է, բոլորն էլ գողանում են, իսկ ես ի՜նչ է՝ հայր Աբրահամի գա՞ռն եմ: Շուն եմ, չէ՜, վերջիվերջո», - սրտի խորքում իրեն արդարացրեց Մուրադան ու նայեց ինձ:

- Հենց հիմի գնա ու տեղդ վեր ընկի, շուն շան լակոտ, ոտդ էլ տանից դուրս չդնես, թե չէ կսատկացնեմ՝ շան ծեծ տալով, - սպառնացի Մուրադային ու աքացի հասցրի:

«Մի՛ հայհոյի», - գռմռաց Մուրադան, պոչը սեղմեց շեքամեջում ու գնաց իր կացարանը:

- Էսօր կոլխոզի արտերն էի գնացել, - ասաց Իլարիոնը, - սոյայի տերևը լրիվ կրծոտած էր, նապաստակի ոտնատեղ էլ տեսա, վատ չէր ըլնի էգուց ծեգահան գնայինք էն կողմերի վրա:
- Դու էն անգամ էլ ինձ տարար, բայց նապաստակի ոտնահետքի տեղ էծի ոտնահետք դուրս եկավ:
- Էս անգամ ճիշտ որ նապաստակի է, կտիտն էլ տեսա:
- Լավ, համաձայն եմ, ախպեր, գնանք որսի, միայն թե էս անգամ էլ տեսածդ նապաստակի կտիտը այծի չլինի:
- Տո պնչատի մեկը, դու պիտի՞ ինձ սովորեցնես, որն է քակորը, որը՝ կտիտը: Քոնն էն է՝ հրացանը սարքի բերես ու Մուրադային էլ հետդ վերցնես, կարող է պետք գա, - հանձնարարեց, գլխարկս քաշեց աչքերիս ու գնաց:


շարունակելի

Chuk
13.08.2009, 03:34
շարունակություն


Վաղ առավոտյան ես, Իլարիոնը և Մուրադան ճեղքում ենք գոտկատեղերիս հասնող ցողոտ խոտերը: Առջևից գնում է Իլարիոնը, նրա ետևից՝ ես, վերջից ֆռթֆռթացնելով գալիս էր ոտից գլուխ թրջված ու կոծոծներով ծածկված Մուրադան:

- Հըմմ, շունը հենց սրա նման պիտի, - սկսեց Իլարիոնը, - սա մեզ նապաստակի տե՞ղ ա դրել, որ մեր հետքերով է գալիս: Ասա՝ թող առաջ ընկնի, ա՛յ տղա:
- Առաջ ընկի, է՜յ, - կարգադրեցի Մուրադային:

Շունը նստեց:

- Բեզարեց: Մենք էլ չդինջանա՞նք, մի բան չուտե՞նք, - հարցրեց արդեն գետնին նստած Իլարիոնը:

- Վատ չի լինի, հանգստանանք, - պատասխանեցի ու տեղավորվեցի Իլարիոնի կողքին:

Իլարիոնը բացեց աբգան, խաշած հավ, տաք-տաք ճադի, թարմ պանից և մի շիշ ճաճի օղի հանեց ու շարեց սեղանանման հարթ քարի վրա, որ ընկած էր իմ ու իր միջև: Իմ կողմից սուփրային ավելացրի բանջարի աղցան, կիրկաշ լոբի, խաշած կարտոֆիլ, աղ: Սկսվեց մեր համեստ ճաշկերույթը:

- Բերանդ մի ծպծպացրու, Իլարիոն, թե չէ նապաստակները կլսեն ու կխրտնեն, - զգուշացրի ես:
- Ու՞մ ես ձեռ առնում, ա՛յ օրապակաս: Նապաստակից շատ ի՞նչ կա էստեղ, միայն թե ման գալ է պետք, - Իլարիոնը զայրացավ, օղի լցրեց, - աստված հաջողի մեր բանը, - ասաց ու բաժակը քաշեց գլխին:
- Հաջողի, - ասացի ես ու նույնպես գլխիս քաշեցի:
- Հացի կտոր դիր բերանդ, թունդ է՝ կխեղդի:
- Հացից է, ինչու՞ պիտի խեղդի:
- Տատիդ արաղն է հացից, շան թուլա: Աստված ջուխտ է սիրում:
- Աստված ջուխտ է սիրում, - կրկնեցի ես, խմեցի և իսկույն տրամադրությունս բարձրացավ:
- Վա՛հ, անտերն իսկույն թոքերս չանչեց:
- Չանչից է, բա ի՞նչ էիր կարծում:
- Աստված երրորդություն է սիրում, - առաջարկեցի ես:
- Աստված երրորդություն է սիրում, - կրկնեց Իլարիոնը բաժակը դատարկելով, թութուն հանեց:
- Իմից ծխիր, լավն է՝ Ստամբուլի, - ասացի և Իլիկոյի նվիրած թութունով ճխտած քիսան մեկնեցի նրան:

Իլարիոնը թութունը վերցրեց, հոտ քաշեց, կասկածանքով նայեց ինձ, բայց և այնպես փաթաթեց, լուցկին կպցրեց, ծուխը խոր ներս քաշեց ու ընկավ մեջքի վրա:

- Ի՞նչ պատահեց, Իլարիոն, - բացականչեցի ու վախեցած վեր թռա:

Իլարիոնի աչքերը կուլ գնացին. նա մարող հայացքը հառել էր ինձ:

- Հե՜, Մուրադա, ջու՛ր, - վախեցած գոչեցի ես:

Իլարիոնը ձեռքի շարժումով հասկացրեց, թե պետք չի, հետո նստեց տեղում, արցունքոտ աչքերը սևեռեց ինձ, վիշապի նման ֆշշացրեց ու մահվան դատապարտվածի տոնով հարցրեց.

- Էս թութունը ո՞վ է քեզ տվել, ա՛յ տղա:
- Իլիկոն:

Իլարիոնը օղի լցրեց, արցունքը սրբեց, բաժակը բարձրացրեց գլխից վեր ու բարբառեց.

- Էս մեկը խմենք նրա համար, որ տերը պատժի բոլոր խաբեբաներին ու ցիգաններին: Աստված ջան, Իլիկո Չիգոգիձեի կոկորդից էնպես բռնի, որ չկարենա շունչը տեղը բերի ու մտերքում էլ ինձնից բացի ուրիշ ոչ ոք չլինի:
- Ի՞նչ է պատահել, Իլարիոն:
- Թութունին տաքդեղ է խառնել:
- Դե որ էդպես է՝ չորրորդենք և թող աստված խռով կենա Իլիկոյի գլխին, - ասացի, պարպեցի և մտքովս անցավ համբուրել Իլարիոնի քիթը:

- Իլարիոն քեռի ջան, ցավդ տանեմ, քեզ նմանը չի եղել ու չկա, ես քեզ շատ-շա՜տ եմ սիրում, դու երկար քիթ ունես և բարի սիրտ, դու որ չլինես՝ ես չեմ ապրի էս աշխարհում: Հավատա՛, ճիշտ եմ ասում, Իլարիոն քեռի ջան, քո ցավը տանեմ ես, քեզ պետք է համբուրեմ, - և համբուրեցի իմ Իլարիոնի քիթը:
- Ինձ թե հարցնես, Զուրիկելա բալա, քեզ նման երեխա էս աշխարհում ոչ եղել է, ոչ էլ կլինի: Ճիշտ է, քեզնից երեսուն տարով մեծ եմ, բայց երբ ես քո տարիքին էի, էն ժամանակ հո ե՞ս էլ քո տարիքին էի: Հա, երեսուն տարուց հետո էլ հո դու՞ իմ տարիքին կդառնաս: Ուրեմն մեր միջև տարբերություն կա՞: Չկա՛: Կամ նշանակություն ունի՞, թե մեզնից ով ավելի շատ բուրդ ու բմբուլ ունի գլխին: Չունի՛: Մենք բարեկամներ ենք: Աստված մեր բարեկամությունը հաստատ պահի: Էս իններորդ բաժակով էլ խմենք...
- Իններորդը չի, հինգերորդն է, Իլարիոն:
- Դա ոչ մի նշանակություն չունի: Երրորդից հետո բոլորը մեկ է:



...Ընկեր-տղերանց մեջ իմ բազում,
Ման եմ գալի տխուր, տրտում,
Ես, Սիմոնա Դոլիձես... *

Սկսեցի երգել ես:
- Քեզ ո՞վ է նեղացրել. ընկեր-տղերանցից ո՞վ է, որ սիրտը կոտրել է իմ Զուրիկոյի: Դպրոցում քեզ նեղությու՞ն են տալիս: Որևէ մեկին սպանելու կարիք կա՞: Նավթ կլցնեմ, կվառեմ բոլորին: Էս գյուլլեն մեկեն գնացքի ռելս է ծակում, դու մենակ ինձ ասա, թե ում ես ուզում սպանել, - Իլարիոնը հրացանն ուսից իջեցրեց ու պատրաստակամ ոտքի կանգնեց:
- Կրակի, Իլարիոն: Հերն եմ անիծել բոլորի: Կրակի, թող աշխարհն իմանա, որ մենք կանք ու էստեղ ենք:


Սիսոնայի Դարչինային**
Քաջ էր, արի, դեռ շատ փոքրից,
Գնաց, լացեց եղբոր վրա,
Չվախեցավ նա ծով զորքից:

Իլարիոնը քաշեց ձգանները. հրացանը երկու անգամ որոտաց: Արձագանքը, ինչպես վանդակում փակված թռչնակ, զարկվեց Գուրիայի սարերին, հետո ելք գտնելով, դուրս թռավ ու ճախրեց ինչ-որ ուղղությամբ:

Շատ էի քնել, թե քիչ, չգիտեմ, բայց երբ ցրտից արթնացա, աչքերս տրորեցի ու նայեցի սուփրային: Մուրադան նախաճաշը վերջացրել էր, սուփրան հավաքել ու գնացել ինչ-որ տեղ:

Իլարիոնին արթնացրի.
- Ի՞նչ ես ուզում, ա՛յ տղա: Ստրաժնիկի նման կանգնել ես գլխիս, որ ի՞նչ: Էդ անտեր հրացանն էլ դենը տար՝ չտրաքի ու ինձ դիպչի, թե չէ վեր կկենամ դունչ-մունչդ աղցան կանեմ, - մռլտաց Իլարիոնը:
- Ասում եմ՝ գնամ էս կողմերն աչքի ածեմ, գուցե թե նապաստակներ հանդիպեն, դու պատրաստ կաց:
- Կրակելու ժամանակ ձախ աչքդ կփակես, մտահան չանես, - հիշեցրեց Իլարիոնը:

Տասը քայլ չէի արել՝ ականջիս հասավ Իլարիոնի լուտանք-հայհոյանքները:

- Ոչ երանի քո տիրոջը, անտեր մնաս, անտեր, դու շուն չէ, փալաս ես, փալաս, միսդ գոնե ուտվեր, մարդ կսպաներ ու կպրծներ, թե չէ լսվա՞ծ բան է, որ շունն ալարի հաչել:
- Ի՞նչ է պիտի պատահի, հալա մի սրան նայի, - ասաց Իլարիոնը և ձեռքի ափը պարզեց ինձ. ափի մեջ նապաստակի մանրագնդակ հիշեցնող խոշոր կատոր էր:
- Տեսնու՞մ ես, ախր տաք է, տա՜ք, - հառաչեց Իլարիոնը և կատորը պլնթացրեց ափից:
- Որտե՞ղ էր:
- Ա՛յ, էստեղ, երկու քայլի վրա: Հե՜, թռի գնա վերևից վրա տուր, հեռու չէր կարող գնալ, ես էլ էստեղից առաջը կառնեմ:

Հրացանը պատրաստ բարձրանում էի արտի միջով: Տասնհինգ քայլ հազիվ էի արել, սոյայի կրծոտված տերևներ տեսա. «Նապաստակի արած բան է սա», - մտածեցի, մանավանդ հետք էլ կար: Հետքով գնացի, քիչ անց դեմ առա մրտավարդի թփի. հետքն այստեղ վերջանում էր: Թուփը շրջանցեցի, ոչ մի բան որ չերևաց՝ հրացանի խզակոթով թփթփացրի: Թփթփոցի վրա դուրս թռավ... մի իսկական նապաստակ, երկարականջ, մեջքն սպիտակ զոլերով մի շլդիկ:

- Ու՜ր պիտի փախչես, - բացականչեցի ու կրակեցի:

Նապաստակն ականջները սեղմեց մեջքին ու պուկ արավ:

- Իլարիոն, գալիս է, բաց չթողնես:
- Ես էստեղ եմ, դու հանգիստ կաց:

Մեկ-երկու րոպես գերեզմանային լրություն տիրեց: Նախ խշխշոց լսվեց, ապա՝ մեկը բարձրաձայն թքեց, հետո ինչ-որ բան շրմփաց արտի մեջ, այնուհետև՝ հայհոյանք, ախուվախ, հառաչանք և հանկարծ.

- Բռնի՛, Զուրիկելա, քո կողմն է գալիս:

Դարձա աչք ու ականջ:

Հանկարծ հրացանը որոտաց մի անգամ, ապա՝ երկրորդ, և շան կաղկանձը պատռեց երկինքը: Աչքերս մթնեցին, մարմինս փշաքաղվեց, ծնկներս թուլացան ու առանց ձայն-ծպտուն հանելու չոքեցի գետնին:


* Սիմոնա Դոլիձե (1884-1911) – հայտնի վրիժառու: Տողերը վերցված են նրա մասին հորինված ժողովրդական երգից:
** Դարչիա Սիսոնա (1860-1891) – Գուրիացի վրիժառու:



շարունակելի

SDes77
13.08.2009, 21:18
Շնորհակալ եմ մանկությանս ամենասիրելի գրքի մասին հիշեցնելու համար, հենց էսօր կգտնեմ ու կկարդամ =))

Chuk
14.08.2009, 02:50
շարունակություն




* * *

- Մուրադա, իմ քաղցրիկ Մուրադա, նայիր ինձ, - համբուրեցի Մուրադային ու աղիողորմ հեկեկացի:
- Հանգիստ, բալա, ամոթ է, - ասաց Իլարիոնը և ցուցամատով սրբեց արտասուքը:

Մուրադան աչքերը բացեց ու նայեց մեզ: Երեքս էլ լալիս էինք՝ ես, Իլարիոնը և Մուրադան:

- Ցավու՞մ է, Մուրադա:

«Ցավում է, շատ է ցավում», - սրտի խորքում պատասխանեց Մուրադան և նայեց Իլարիոնին:

- Է՜, ինչի ձեռքս չի չորանում ու աչքս չի քոռանում, - տրտնջաց Իլարիոնը:

«Դու մեղավոր չես, Իլարիոն, մեղքը խմիչքինն է, համ էլ նապաստակը իմ մոտով էր փախչում. շան բախտ ուներ՝ ազատվեց, քո հրացանն էլ էնպիսին է, թշնամուդ վրա էլ որ կրակես՝ յուրայինիդ կկպչի: Էդպես չէ՞ր, որ քո շանը խփեցիր գորշուկի որսի ժամանակ: Լաց մի լինի, Իլարիոն, ես քեզանից չեմ նեղանում: Վատն այն է, պարզապես, որ Էփրոսինեն պիտի ուրախանա: Է՜, ինչ ասեմ ես քեզ», - սրտի խորքում ասաց Մուրադան և գլուխը դրեց առաջը չոքած Իլարիոնի ծնկին:

- Բա ափսոս չի՝ Իլիկոյին մարդ ասես ու սրան՝ շու՞ն: Ու՞ր է, աստված, քո արդարությունը, - ասաց Իլարիոնն ու ձեռքերը կարկառեց երկինք:
- Չվախենաս, Մուրադա, թե տղամարդ եմ ու գլխիս գլխարկ եմ դնում՝ քեզ պիտի փրկեմ, - կրկին թնկթնկացի ես:

«Չէ, ախպերս, ինձ փրկություն չկա այլևս: Իսկ, ընդհանրապես, դու պիտի ուրախ լինես, որ էլ քեզ շնարած չեն կանչի: Իմ բանը վերջացած է, սիրելի Զուրիկո, ինձ ի՞նչը կփրկի. պարզվում է՝ սուտ են ասել, թե շունը կաղալով չի սատկի: Մեռնում եմ, Զուրիկո, մեռնում եմ»:

- Դիմացի, Մուրադա, սիրելիս, մի քիչ դիմացի, շուն չե՞ս, այ մարդ, դիմացի, էլի, - խնդրում էր Իլարիոնը և երեխայի նման հեկեկում:

«Էհ, ձեզ ի՜նչ, ադամորդի եք, կթաղեն ու կլացեն վրաներդ: Ճիշտ է, մենք՝ շներս էլ լացել գիտենք, բայց մեռնելը շուտ է մոռացվում: Մեզ ո՜վ է թաղում, իսկ եթե թաղում էլ են, միայն նրա համար, որ չնեխենք», - Մուրադայի ամբողջ մարմինը ցնցվեց:

- Մուրադա՜, Մուրադա, Իլարիոն, մի բան արա, մեռնում է, - բարձրաձայն գոչեցի ես:

«Ի՜նչ մի բան», - Մուրադան նայեց ինձ ու աչքերը փակեց:

- Վերջացավ, աստված, ինչի՞ չես ձեռքերս չորացնում, - թառանչեց Իլարիոնը և թաշկինակով սրբեց աչքերը:

Տատս, ինչպես պատերազմում զոհվածի, ողբաց Մուրադային: Հարևանները սրտապատառ եկան և իմանալով ինչ է պատահելշ սկսեցին վրդովված նախատել.

- Սա ի՞նչ բան է, ամեն աննորմալն ու անօրենը հենց էս օջախի՞ց պիտի դուրս գա: Լսվա՞ծ բան է, որ շան համար էսպիսի սուգ ու շիվան անեն:

Ասացին ու ցրվեցին:

Ամբողջ օրն Իլարիոնն իրեն այնպես էր պահում, ասես ոչ թե շուն, այլ մարդ էր սպանել: Մայրամուտին ինձ կանչեց ու ասաց.

- Պիտի թաղենք, ա՛յ էս չինարի տակ:

Մի մեծ փոս փորեցինք ու Մուրադային հանդիսավոր կերպով թաղեցինք: Տատիցս մի սափոր գինի խնդրեցի, և Մուրադայի շիրմի վրա հոգեհաց տվեցինք:

Առաջին կենաց խոսքը Իլարիոնն ասաց.

- Զուրիկո, որդի, - սկսեց նա, - այսօր մենք այստեղ ենք հավաքվել անչափ ծանր և դժբախտ պատահարի կապակցությամբ. մեր շարքերից ընդմիշտ հեռացավ մեր սիրելի ընկերն ու բարեկամը, մեր Մուրադան: Նա շան նման հավատարիմ էր մեզ, և նրա առաջ բաց են դրախտի դռները, եթե շները դրախտ ունեն, իհարկե: Նրա պայծառ հիշատակը ընդմիշտ կմնա մեր սրտերում: Զուրիկո, որդի, թող մեր Մուրադայի բարի հիշատակի կենացը լինի:
- Շնորհակալ եմ, Իլարիոն: Մեր Մուրադայի բարի հիշատակի կենացը լինի:
- Այս բաժակով էլ ես խմում եմ նրա բարեկամների ու հարազատների կենացը: Թող սա լինի վերջինը և թող այս օջախն այլևս վիշտ չտեսնի:
- Շնորհակալություն, Իլարիոն:

Մի սև շուն քաշվելով մտավ բակը, մի քանի պտույտ գործեց գերեզմանի շուրջ, հետո փոքր-ինչ հեռու նստեց ու աչքերը փակ կաղկանձեց:

- Եկան ձայնարկուները, - ասաց Իլարիոնը:
- Ջրաղացման Սիմոնի շունն է, Մուրադայի մայրը, - ներկայացրի ես:
- Գժվել կարելի է, աստված: Էստեղ արի, ա՛յ շուն:

Շունը մոտեցավ Իլարիոնին: Իլարիոնը մի կտոր միս նետեց նրա առաջը: Շունը նույնիսկ չփորձեց հոտոտել ու պառկեց փորի վրա:

- Սիրտը վկայել է, - ասացի ես:
- Մուրադայի ծնողների կենացը: Երկար կյանք ունենաս, ա՛յ շուն: Ես ձեր մեղքի տակ ընկա, - Իլարիոնը դատարկեց բաժակը:
- Թող երկար կյանք ունենա, - ես էլ պարպեցի:

Բակ մտան ևս չորս շներ:

- Սա Ասալոյի շունն է, սա՝ Դաթիկոյինը, էս մեկը՝ Դեսպինեինը, մյուսը՝ Մակայինը: Տեսնես Մատրոնայի գոռոզն ինչի՞ չտ եղել, - հարցրեց Իլարիոնը:
- Խռով էր Մուրադայից: Անցյալ տարի կռվացրի, և Մուրադան մի պինդ կծեց նրան:
- Ո՞վ է տեսել էդպիսի պահերի ոխ պահեն, թու՛ դրա նամուսին ու անունին: Ուրեմն մարդ չի եղել դա, ոչ էլ սիրտ է ունեցել, - զայրացավ Իլարիոնն ու թքեց:
- Զուրիկո՜, - հանկարծ կանչեցին դռան մոտից:
- Հե՜յ, ո՞վ է:
- Կարելի՞ է:
- Ներս արի:

Բակ մտավ Մախարե Գոգիչաիշվիլու յոթնամյա տղան:

- Ի՞նչ կա, բալա, - հարցրեց Իլարիոնը:
- Հեռագիր է Զուրիկելայի և քո անունով:
- Տու՛ր, տեսնեմ:

Տղան հեռագիրը մեկնեց: Իլարիոնը ակնոցը հանեց, թաշկինակով ջանադրաբար փայլեցրեց, դրեց աչքերին ու սկսեց անշտապ կարդալ:


«Կայծակ: Զուրիկելա-շնարածին և Քիթ Իլարիոնին:
Խորապես ցավակցում եմ թանկագին Մուրադայի ողբերգական մահվան առթիվ: Ձեզ հետ միասին խոր կսկիծով ողբում եմ նրա կորուստը: Անսահման է իմ վիշտն ու կսկիծը, չգիտեմ կդիմանա՞մ արդյոք: Ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել հուղարկավորությանը: Չգիտեմ՝ ինչպես մխիթարեմ Ձեզ: Շունն ուտի Ձեր հոգին: Վա՜յ Ձեր անտեր տիրոջը: Նապաստակի որսի գնալիս ինձնից թաքուն մի գնացեք:
Համբուրում եմ Ձեր ճակատը:


Ձեզ վշտակցող»:

- Անստորագիր է, - ասաց Իլարիոնը:
- Տեսնես՝ ո՞վ է գրել:

Իլարիոնը թոթվեց ուսերը:

- Մոտ արի, բալա, - հեռագիրը բերողին դիմեց Իլարիոնը:

Տղան մի քանի քայլ առաջ եկավ:

- Արի, մոտ արի, մի՛ վախենա:

Տղան մոտեցավ: Իլարիոնն անարգել բռնեց նրա ականջից և այնպես ոլորեց, որ երեխան թեյի ֆաբրիկայի սուլիչի նման ճչաց:

- Հեռագիրը ո՞վ տվեց քեզ:
- Ինձ կսպանի, որ ասեմ:
- Մեկ չի՞, նա՞ կսպանի, թե՞ ես, - ասաց Իլարիոնը և կրկին միացրեց սուլիչը:
- Իլիկո Չիգոգիձեն երեք ռուբլի նվիրեց ու ասաց՝ հեռագիրը տար տուր Իլարիոնին, բայց եթե ասել ես՝ ով է ուղարկել, լեզուդ կկտրեմ:
- Ուրեմն՝ Իլիկո՞ն:
- Հա՛:

Իլարիոնը բաց թողեց սուլիչը, բռունցքով խփեց իր կրծքին և սպառնաց.
- Սպասի, շիլ Իլիկո, ես ցույց կտամ քեզ:

Անկեղծորեն խղճացի Իլիկոյին:

Գիշերը սովորական նման թևերն այնպես սփռեց մեր գյուղի վրա, ասես այդ օրը մեր օջախում ոչ ոք չէր մեռել:



շարունակելի

Chuk
16.08.2009, 03:53
շարունակություն




Արյան դեմ արյուն

Այս տարի ռուսաց լեզվից դարձյալ աշնանային վերաքննություն ունեի: Շաբաթը երկու անգամ գնում էի ռուսերենի դասատուի մոտ՝ պարապելու: Տատս ուսուցչի վարձը վճարում էր բնամթերքով՝ մեկ բաթման լոբի, չորս գլուխ այծի պանիր և ահագին գինի՝ նոր այգեկութից: Անցյալ տարվա համեմատ մեր օջախի համար դա մեծ թեթևություն էր, որովհետև անցյալ տարի երկու քննություն ունեի:

Պարապմունքիս օրն սկսվում էր այսպես.

- Վեր կաց, ա՛յ մահի տարած, հերիք է անկողնում թավալ տաս, վեր կաց, ուշանում ես, - ներքևի հարկից կանչում էր տատս:

Ձայնի վրա իսկույն ցատկում էի, սենյակում ետուառաջ վազում, կոշիկներով դոփդոփում, աթոռն աղմուկով մի տեղից մի ուրիշ տեղ տանում, հետո հուշիկ քայլերով մոտենում էի մահճակալիս ու նորից պառկում: Քնում էի այնքան, մինչև որ տատս մի դույլ ջուր և անեծքների տարափ էր թափում գլխիս:

- Սև քուն մտնես դու, հա՜... Ախր էդպես ու՞մ ես քաշել, ա՛յ ավարա:
- Ինձանից ի՞նչ ես ուզում, ա՛յ կնիկ:
- Մահդ եմ ուզում, էլ ի՞նչ պիտի ուզեմ, գրող ու ցավդ եմ ուզում, որ քեզ էլ թաղեմ Մուրադայի կողքին, պատկերդ սև քարին քաշեմ ու ռուսերեն լաց լինեմ վրեդ: Ռուսերեն սովորելն ինչ է, որ չես սովորում, այ մահի տարած, ամբողջ Ռուսաստանն է ռուսերեն խոսում: Քեզ ի՞նչ ցավս է կպել: Էս օջախում եղե՞լ է մեկը, որ ռուսերեն չիմանա, քեզանից բացի: Քո ջրատար պապը յոթ տարի ապրեց Ռուսաստանում ու որ եկավ՝ նրա նման ռուսերեն իսկ փոստի նաչալնիկ ռուս Իվանն էլ չգիտեր:
- Շտո՞ վի գովորիծե, - զարմացած հարցրի ես:
- Զարմանում ես, չէ՞: Զարմանալու է, բա ո՜նց: Ռուս Իվանի հետ երկու ժամ խոսում էր պապդ և խոսելու ժամանակ ձեռքերն էնպես էր թափահարում, կկարծեիր դհոլ է խփում: Երկու ժամ ռուս Իվանը բերանը բաց ականջ դրեց, հետո դարձավ խալխին ու ասաց, որ իր կյանքում նման ռուսերեն ոչ մեկից չի լսել:
- Նե մոժետ բիծ, - կրկին զարմացա ես:

Զարմանալով հանդերձ վազում էի ուսուցչիս մոտ:

- Զդրաստվույծե, հարգելի Զաբլոնա, - ասում էի տեղ հասնելուն պես:
- Զդրասվտույ, չտո մի սեգոդնյա բուդեմ դելատ, - հարցնում էր ուսուցիչը:
- Սեգոդնյա՞, երեկ որ եգիպտացորենի արտը մնաց թորխելու, դա կվերջացնեմ, պատոմ կարովա նա արածելու, պատոմ ջրաղաց պայդու, դա պատոմ դրավա կջարդեմ, ա պատոմ ուրոկի:
- Դե, քեզ տեսնեմ, - քաջալերում էր դասատուն:

Կեսօրին, երբ պարապմունքներն ավարտում էի, սկսվում էր օրվա ընթացքում սերտած նյութի ստուգումը;

- Թորխեցի՞ր:
- Հար, հարգելի:
- Ջրաղացպանը հո սիմինդրը չփչացրե՞ց:
- Չէ, հա, էնպես աղա՜ց՝ իսկի մաղել էլ պետք չի:
- Կովին ջուր տվի՞ր:
- Ջուր տվի, առաջն էլ խոտ լցրի:
- Փա՞յտը:
- Այնքան փայտ ջարդեցի՝ մի շաբաթ կհերիքի ձեզ:
- Շտո տակոյե գրամատիկա:
- Գրամատիկա գրեչեսկոյե սլովո:
- Ղոչաղ, կարգին տղա ես, դե հիմի վազիր տուն:

... Տատիս քաղցրաձայն գեղգեղանքի հնչյունների տակ հերթական պարապմունքին էր պատրաստվում, երբ Իլիկոն մտավ մեր բակը:

- Օլգա, սիրելիս, Զուրիկելային էսօր ինձ պիտի բաշխես:
- Ռուսերենը դու՞ ես սովորեցնելու:
- Է՛ն ռուսերենը, որ Զաբլոնան է սովորեցնում, ես էլ կսովորեցնեմ: Մի երկու սաժեն սիմինդի արտ ունեմ թորխելու. տանեմ ու էնքան աշխատացնեմ, որ ռուսերեն չէ, հալա չինարենն էլ հետը սովորի: Դրա դիմաց քեզնից ոչ լոբի եմ ուզում, ոչ գինի:
- Չորանա լեզվիդ տակռին, հը: Ինչի՞ համար ես ուզում:
- Դու թող գա, մնացածը ես գիտեմ:
- Գնա, այ տղա, թող նրա երկրորդ աչքն էլ դուրս գա, տենամ ոնց է քեզ ռուսերեն սովորեցնում:
- Վպերիո՜դ, - կարգադրեց Իլիկոն ու առաջ ընկավ:
- Ի՞նչ կա, Իլիկո:
- Խնդիրք ունեմ, Զուրիկելա, քեզ Իլարիոնի մոտ պիտի ուղարկեմ:
- Ինչի՞ համար:
- Քսան լիտր գինի է պետք. դու հո գիտես՝ նրա գինու նման գինի ոչ ոք չունի էս գյուղում:
- Տատիս դիմիր՝ կտա:
- Տատիդ շլորաջուրն ինչիս է պետք, մարինադ հո չե՞մ դնում:
- Ճիշտ էդպես էլ կասեմ տատիս:
- Կասե՞ս, ես էլ ճոռ բերանդ կկարեմ, որ մինչև ականջերդ է հասնում: Իսկի հիմի ինչ ասում եմ՝ էն էլ արա. գնա Իլարիոնի մոտ և խնդրիր՝ կամ թող ծախի կամ էլ փոխ տա: Քո խաթրը մեծ է նրա մոտ, չի մերժի:
- Գնա ու ինքդ էլ խնդրի:
- Զուրիկո, ղադետ առնեմ, վիզս մի կտրի, ինձ սաղ-սաղ գերեզման մի դնի, Մուրադայի դեպքի առիթով հեռագիր ուղարկելուց հետո ինձ մոտիկ չի թողնում: Թե որ մերժի՝ ես գիտեմ իմ տղամարդկությունը:
- Ի՞նչ կարող ես անել:
- Կիմանամ, թե սպիրտի նման վառվող էն ցոլիկաուրին որ կարասում է պահում և էնպիսի ֆոկուս կանեմ՝ ամբողջ գյուղի բերանը բաց կմնա:
- Ի՞նչ ֆոկուս:
- Դու միայն ինձ ցույց կտաս գինով կարասը, իսկ կեսգիշերին Իլարիոնի կարասից գինին կդատարկեմ իմ կարասի մեջ:
- Դու հո չե՞ս գժվել:
- Սասդ կտրի, ռեխդ փակի ու ձենդ էլ գլուխդ մի գցի: Մոռացե՞լ ես, որ իմ թութունն ես ծխում, Իլարիոնի բաշխած քիսայից:
- Քո թութունը ինձ ու Իլարիոնին թոքախտ գցեց:
- Տասը ծխախոտի թութուն և՝ գերեզման ես, լա՞վ:
- Հենց հիմա կտա՞ս:
- Հա՛:
- Գնա տուն: Ես ինքս պատասխան կբերեմ:
- Դե, քեզ տենամ:
- Ցտեսությու՛ն:

Իլիկոն ճակատս համբուրեց, այտերս թփթփացրեց, հետո իր միակ աչքն այնպես սևեռեց աչքերիս, որ ձեռքս ակամ տարա ծոծրակիս՝ ստուգելու՝ հո չպայթե՞ց:

- Գիտես, չէ՞, Իլիկո Չիգոգիձեին դավաճանած թե հայրենիքին՝ նույն բանն է:
- Չե՞ս ամաչում, Իլիկո, - վիրավորված պատասխանեցի ես:

Իլիկոն հանգիստ սրտով գնաց տուն:

Մտա Իլարիոնի բակը: Արեգակը կարմիրով ներկել էր պատշգամբով մեկ փռած խնձորները: Իլարիոնն ամբողջ հասակով մեկնվել էր Լորենու տակ և արտակարգ ջանասիրությամբ կարդում էր մեկ շաբաթվա վաղեմություն ունեցող թերթերը: Մեր գյուղում, ընդհանրապես, այսօրվ, երեկվա կամ նախանցյալ օրվա թերթեր չկան: Բոլոր թերթերը առնվալն մի շաբաթվա են լինում:

- Բարև՛, Իլարիոն:
- Ողջու՛յն, Զուրիկելա: Առավոտ կանուխ ի՞նչ էր ուզում մեր շիլը:
- Հեչ բան:
- Չէ-է՜, մի փորացավ կունենար էդ ավարան:
- Գինի է ուզում: Գնա, ասաց, Իլարիոնի մոտ և ասա քսան լիտր գինի տա՝ փողով կամ փոխ:
- Իսկ մկան դեղ չի՞ ուզում:
- Չէ, գինի է ուզում:
- Էդ խելառին տալու գինի չունեմ:
- Մեղք է:
- Բա մենք մեղք չէի՞նք, որ պղպեղով թութուն քաշել տվեց կամ Մուրադայի թաղմանը էնպիսի հեռագիր ուղարկեց:
- Դրանք ճիշտ են:
- Դե որ ճիշտ են՝ մի խնդրի:
- Գիտե՞ս, ինչ ասաց:
- Ի՞նչ:
- Թե որ մերժի, ասաց, դու նրա գինու կարասը նշան կանես, իսկ ես գիշերը կթռցնեմ:
- Հա՞: Շատ լավ: Զուրիկելա, հիմի ես շատ խիստ զգում եմ քո կարիքը. ինձ կօգնես, և ես գիտեմ, թե ինչ պատիվ կտամ քեզ:

Արդեն երեկոյան Իլիկոյի հետ թութունի առևտուր էի անում.

- Երկու բուռ կտամ, էլ չունեմ:
- Ոնց թե չունեմ, ուրեմն իզու՞ր եմ կարասը նշան արել:
- Լա՛վ, գլուխդ քարը, թող չորսը լինի:
- Տա՛սը:
- Չո՛րս:
- Տա՛սը:
- Կսպանի, ա՛յ լակոտ, տասը բուռ թութունը թոքերդ կփտացնի:
- Իմ դարդը մի քաշի:
- Հի՛նգ:
- Չէ ու չէ: Տալիս ես՝ տուր, չես տալիս, կգնամ ու Իլարիոնին ամեն ինչ կպատմեմ:
- Տրաքվի անկուշտ փորդ, հա՜, - անիծեց Իլիկոն և թութունը թափեց առաջս, - բայց դու հետս պիտի գաս, որ օգնես:

Կեսգիշերին արդեն պառկած էինք Իլարիոնի մառանից ոչ հեռու, ցանկապատի տակ: Խոտը տամուկ էր:

- Հափչի... Հափչի... Հա-հափչի, - իրար ետևից փռշտացի ես:
- «Հափչի» ու զահրումար, հայվան, եքա քուռակ ես, չե՞ս կարող սեփական քթիդ հախիցը գաս ու զսպես քեզ, - զայրացավ Իլիկոն ու թեթևակի հասցրեց վզակոթիս:
- Ա՜յ, է՛ն կարասն է, վաթսուն փթանոց, էն որ գլխին փայտ է ցցած, - շշուկով ասացի ես:

Իլիկոն սողաց նախօրոք քանդած ձողերի արանքով և նշանացի հասկացրեց՝ հետևիր ինձ: Տկճորը խոթեցի թևիս տակ ու գնացի նրա ետևից: Հասանք կարասին:

- Դե, սկսենք, - բացականչեց Իլիկոն և թոխին տվեց ձեռքս:

Աշխատում էինք եռանդով, բայց զգույշ: Տասնհինգ րոպե անց հասանք կարասի կափարիչին:

- Գլուխը բաց արա, - ասաց Իլիկոն և սկսեց տկճորը պատրաստել:

Կարասի բերանն այնքան մեծ էր, որ ես ու Իլիկոն միասին առանց ճիգ ու ջանքի կմտնեինք մեջը: Կափարիչը ետ տարա, Իլիկոն կռացավ, գլուխը մտցրեց ներս ու հանկարծ շան նման զռռացրեց ինձ վրա:

- Էս ի՞նչ բան է, ա՛յ տղա, դատարկ է:
- Ի՜նչ ես ասում, Իլիկո, թերատ է, ավելի խոր նայի:

Իլիկոն կիսով չափ մտավ կարասը: Ես ետ քաշվեցի:

- Կանգնե՛ք, թալանչիներ, - հանկարծ գոչեց Իլարիոնը և կարասի մոտի տանձենուց ցած թռավ, - կանգնեք, թե չէ գյուլախորով կանեմ:
- Վա՛յ, փախի, - Իլիկոյի ոտքերից կառչելով բացականչեցի ես:

Իլիկոն պլստաց ու գլխիվայր ընկավ կարասը:

- Ո՞վ ես, ասա, թե չէ սատկացնում եմ, - ձեռքս բռնելով սպառնաց Իլարիոնը:
- Ես եմ, Իլարիոն, չսպանես, - դողացող ձայնով պաղատեցի ես:
- Էն մեկն ու՞ր է:
- Չգիտեմ:
- Ասա՛, թե չէ վերջդ տվեցի:
- Չգիտեմ, Իլարիոն:
- Ո՞վ էր:
- Չգիտեմ:
- Ո՞նց չգիտես, միասին չէի՞ք:
- Չգիտեմ:
- Ոնց որ փորել բացել ես, էնպես էլ լցրու էս կարասը, քանի դեռ բանհոգի չեմ արել: Ես քեզ հետ հետո կխոսեմ: - Ասաց Իլարիոնը և այնպիսի ապտակ հասցրեց, որ նախատեսված հառաչանքի փոխարեն ճչացի:

Կարասի բերանը մի մեծ քարով ծածկեցի, վերցրի թոխին և այն է՝ հող պիտի լցնեի, երբ կարասը կախարդի նման լեզու առավ:

- Զորավոր աստված, գետինը պատռի ու ներս տար բոլոր խաբեբա, ստոր, անաբուռ, դավաճան ու սևերես մարդկանց: Ամենազոր երկինք, կայծակ խփի Իլարիոնա Շևարդնաձեի և Զուրիկո Վաշալոմիձեի գլխներին՝ ինձ հիմարացնելու համար:
- Ո՞վ ես էդտեղ, է՛յ, ասա, քանի դեռ գանգդ չեմ փշրել, - Իլարիոնը հրացանի փողը կախեց կարասից ներս:
- Իլիկոն եմ, Քիթ-Իլարիոն: Հրացանդ դենը տար, մեղքի տակ չընկնես:
- Ստամբակ ես, ոչ թե Իլիկոն: Ի՞նչ ես անում դատարկ կարասում:

Ես այնպես քրքջացի, որ քիչ մնաց խեղդվեի:

- Իլարիոն, ինձ սաղ-սաղ թաղու՞մ ես, բա աստծուն ի՞նչ պատասխան պիտի տաս:
- Աստծուն ի՞նչ պիտի ասեմ, եթե ես թաղում եմ սատանային ու կախարդին: Նա ինքն ինձ շնորհակալություն կհայտնի:
- Դուրս բեր ինձ, Իլարիոն:
- Զուրիկելա, գնա հարևաններին արթնացրու, թող գան, տեսնեն, որ իմ կարասում միաչքանի իշղար ունեմ:
- Իլարիոնա Շևարդնաձե, գլխիս շան լափ մի թափի, խայտառակ մի անի խալխի մոտ. էնքանն էլ հերիք է, որ էս հոտած կարասում խեղդվում եմ: Հերիք է հանաք անեք:
- Իսկի էլ հանաք չեմ անում. կարասի բերանը հիմի կցեխեմ ու մի ամիս հետո քեզնից արաղ կքաշեմ:
- Ու՞մ է պետք նրանից քաշած արաղը, մարդկանց կթունավորես, - ասացի ես:
- Զուրիկելա, էծի նման ծախեցիր ինձ, չէ՞:
- Բա որ դու տաքդեղով թութուն էիր տվել ու ցավակցական հեռագիր ուղարկե՜լ: Դե հիմա էդպես նստի ու ծծումբ շնչի:
- Հանեք, աստծու երեսից ընկածներ, երկու օրվա կյանք է մնացել ինձ, հո կարասում չե՞մ մնալու:
- Մի՛ վախենա, չես մեռնի. իսկի չգիտես էլ, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, լուս ու մութի կարիքը հիմի՞ զգացիր, - պատասխանեց Իլարիոնը:
- Հանենք, մեղք է, - ասացի ես:
- Հանենք, միայն թե թող բարձրաձայն ասի, որ ստամբակ է:
- Համաձա՞յն ես, - հարցրի Իլիկոյին:
- Ստամբակ եմ, բա ի՜նչ եմ, - դատապարտյալի ձայնով բացականչեց Իլիկոն:

Երբ Իլիկոն կարասից դուրս եկավ՝ այնպես խոր ներս քաշեց գիշերային խոնավ օդը, կկարծեիր երկարատև նավարկությունից վերադարձած սուզանավի անձնակազմի անդամ է: Հետո վերցրեց տկճորը, ցուցամատը ծալեց ու ասաց.

- Դե ինչ, դուք հաղծեցիք, հանձնվում եմ:

Շրջվեց ու մռթմռթալով ճամփա ընկավ:

- Ու՞ր ես գնում, այ ապերախտ, բա մեզ շնորհակալություն չե՞ս ասում, - զայրացած հարցրեց Իլարիոնը:
- Օրհնվեք դուք, շատ շնորհակալ եմ, լավ պատիվ արիք, - բարեմաղթեց Իլիկոն:
- Էդպես չոր չէ, գինով: Կարասի բերանը բացի, Զուրիկելա, - գինիով լիքը կարասը մատնացույց անելով ասաց Իլարիոնը:

Կարասի բերանի հողակոշտերը վերցնելուց առաջ Իլիկոյի նվիրած թութունը հանեցի ու սկսեցի ծխախոտ փաթաթել:

- Չքաշես, այ լակոտ, տաքդեղ է խառնած, - զգուշացրեց Իլիկոն:

Մինչև աքլորականչը Իլարիոնի կարասի մոտ լսվում էին կենացներ, համբույրի չպպոցներ և երգ.


Գուրիացի երեք ախպեր
Արտի մեջ հունք էին անում,
Կարգին գործ էին նրանք արել,
Արածներն էին երկինք հանում...

Առավոտյան ես ու Իլարիոնը օրորվելով Իլիկոյին ու գինով լիքը տկճորը քարշ էինք տալիս նրա տուն:



շարունակելի

Chuk
16.08.2009, 20:28
շարունակություն




Դաշտապահը

Մի օր, դպրոցից վերադառնալիս, ճամփես կարճեցի ու անցա թեյի պլանտացիաների միջով: Հասած իզաբելլան տերևների արանքից այնպես գայթակղիչ էր ժպտում ինձ, որ հրապույրին չդիմանալով, պայուսակը կախեցի ծառի ճյուղից ու իսկույն մագլցեցի կատարը: Հոյակապ է իզաբելլան: Չգիտես ինչու՝ քաղաքացիք ասում են, թե բաղլինջի հոտ ունի: Ճիշտ է, ես բաղլինջ համտես չեմ արել, բայց եթե իրավ այդպես է, ուրեմն թող կեցցե բաղլինջը: Սկզբում ամբողջ ճութերն էի կուլ տալիս, իսկ մի լավ կշտանալուց հետո սկսեցի նույնիսկ գիլաների խիստ ընտրություն կատարել, երբ՝

- Էդ ո՞վ ես, է՛յ, որ ելել ես ծառին ու կոլխոզի ունեցվածքը թալանում ես:

Սիրտս փորս ընկավ ու, եթե ժամանակին չկառչեի ճյուղից՝ հասած տանձի նման կթրմփայի ներքև:

- Քեզ հետ եմ, է՛յ, խու՞լ ես:

Ներքև նայեցի: Ծառի տակ Իլիկոն էր՝ օղակած թոկն ուսին, գոտում՝ ցաքատ, կողքին այծը, որ գետնին թափված խաղողի հատիկների կլեպները հավաքում էր ու լմլմում:

- Չե՞ս լսում, ա՛յ մարդ, ո՞վ ես, որ ձեռ ես բարձրացրել կոլխոզի ունեցվածքի վրա: Ձեն հանի, շնչավո՞ր ես, թե չար ոգի ու պիղծ արարած: Ասա՛ տեսնեմ, ո՞վ ես:
- Ես սատանան եմ, սատանան:
- Սատանա լինես, թե չար ոգի, դու չգիտե՞ս, որ աստված կոլխոզը նրա համար չի ստեղծել, որ ամեն սոված շուն շան որդի խժռի էդ խաղողը: Դե, հենց հիմի ցած իջի, թե չէ ծտի նման ներքև կգցեմ:
- Տղամարդ ես, բարձրացի՝ էստեղ խոսենք:
- Ցած իջի, քեզ ասում եմ:
- Չեմ իջնի:
- Չե՞ս իջնի:
- Չէ՛:
- Դե մնա էդտեղ, տեսնեմ, թե ինչքան պիտի մնաս, ես որ վռազելու տեղ չունեմ, - ասաց Իլիկոն ու նստեց ծառի տակ:

Շարունակեցի ընդհատված աշխատանքս:

Համարյա մեկ ժամ Իլիկոն ծառի տակ մնաց: Ի վերջո չհամբերեց ու հարցրեց.

- Ի՞նչ ես անում:
- Բույն եմ շինում, - պատասխանեցի:
- Խաթրով եմ ասում, իջի ցած, քո կամքով տանեմ գրասենյակ:
- Սպասի, խաղող ուտեմ, հետո:
- Դու մա՞րդ ես, թե հնձան, հեր օրհնած, իջի՛ ցած:
- Չեմ իջնի:
- Չես ենթարկվում, չէ՞:
- Չէ՛:
- Դե որ էդպես է՝ դաշտապահը դու ես, առ քեզ թոկը, առ քեզ ցակատը, գնա ու պահակություն արա, - ասաց Իլիկոն ու սկսեց ուսի թոկը քանդել:
- Ի՞նչ ես ուզում, ա՛յ մարդ, ի՞նչ ես կպել ու պոկ չես գալիս ինձանից, գնա քո ճամփով:
- Ո՞վ ես, այ մարդ, ասա, թե չէ հիմա խալխին կկանչեմ:

Իլիկոն նոր միայն նկատեց ճյուղից կախված պայուսակը:

- Ըհը՜, հիմի ու՞ր պիտի գնաս, հո կիմանամ՝ ով ես:

Իլիկոն ոտքերն իրարից հեռացրեց, պայուսակի անկյուններից բռնեց ու բերանքսիվայր թափ տվեց:

- «Դեկամերոն», - կարդաց ու գիրքը դրեց մի կողմ, - «Ինչպես է կոփվում պողպատը», «Մենակ՝ մարդակերների մեջ», «Տրիստան և Իզոլդա», «Ընձենավորը»: Ո՞վ ես, այ շան ձագ, կամ որտե՞ղ ես սովորում, որ ոչ տետր ունես պայուսակումդ, ոչ մատիտ, - բացականչեց հուսահատ Իլիկոն:
- Զուրիկոն եմ:
- Օ՜, մահը տան քեզ, Զուրիկելա, ոնց չարչարեցիր դու ինձ: Հենց հիմի ցած իջի ու հետդ մի երկու ճութ խաղող բեր, թե չէ ջարդդ կտամ:

Ծառից ցատկեցի ու գրկեցի Իլիկոյի ուսերը:

- Ո՞նց ես, Իլիկո:
- Դու ամոթ ունե՞ս, թե՞ չէ: Ինչքան չարչարեցիր ինձ: Հույսերս էլ ջուրը թափեցիր:
- Ի՞ն չ է պատահել:
- Էն է պատահել, որ կես տարի է պահակ են ընտրել: Գիտես, չէ՞:
- Հետո՞:
- Սկզբում ինձ ձի տվին, մեռա ես նրա ետևից քարշ գալով: Մի օր տեսա՝ Սիպիտոյի կովը մտել է արտը, ձիուց թռա ու ձեռքս գցեցի կովի պոչին, ետ նայեմ՝ ձին չկա: Վազեցի ձիու հետևից, մի կերպ բռնեցի, ետ նայեցի՝ կովը չկա: Հիմի էլ ձին բաց թողի, վազեցի կովի ետևից ու նրան բռնեցի, ետ նայեցի՝ ձին չկա: Կովին բաց թողի, վազեցի ձիու ետևից, բռնեցի, ետ նայեցի և... Էսպես դրոգի ձիու նման էնքան վազեցի ձիու և կովի ետևից, որ լեզուս կախ ընկավ ու երկուսն էլ փախան: Երեկ ընդհանուր ժողովում նախագահն ասեց՝ Իլիկո Չիգոգիձե, կամ բարեխղճորեն կատարի քո ֆունկցիաները, կամ ազատում եմ:
-Բա հիմի ի՞նչ ես անելու:
- Ծառին որ մարդ տեսա, մտածեցի, թե բախտս բերեց, հիմի էս մարդուն կբռնեմ, կտանեմ գրասենյակ, և նախագահը թե լավ տղա է, թող կանգնի ու ասի, որ Իլիկոն վատ է աշխատում:
- Եթե ուզում ես՝ տար ինձ:
- Դու հո գիժ չես, ուզում ես տատդ էլ մյու՞ս աչքս հանի:
- Բա ի՞նչ ես անելու:
- Էս էծին կտանեմ ու կսևացնեմ նախագահի առաջ, ծող անի՝ ինչ ուզում է:
- Ու՞մ այծն է:
- Ո՞նց թե՝ ումն է: Իմն է, առաջին անգա՞մ ես տեսնում:
- Քոնը մորուք ուներ:
- Ուներ, հիմի չունի, կտրել եմ:
- Ինչու՞:
- Որ չճանաչեն. թե չէ ո՞վ է տեսել դաշտապահը սեփական էծը բռնի ու գրասենյակ տանի:
- Հետո՞:
- Էդքան բան. մեկ է սա էծ չի, թեկուզ լիտով կաթ խմացրու՝ մի բաժակ չի կթվի: Ոչ էլ մսացուի համար է բանի պետք: Ոսկոր ու կաշի է: Սրանից միայն վնաս եմ կրում, կտանեմ ու կտեսնեն, որ օրինավոր աշխատող եմ:
- Իսկ եթե ճանաչե՞ն:
- Էնպես չեմ արել, որ ճանաչեն, իսկի ես չեմ ուզում հավատալ, որ իմն է... Ապրես, բալա, աստծու օրհնանքը քեզանից անպակաս լինի, բերանս չորացել էր՝ խաղող կերցրիր:
- Ցտեսությու՛ն, Իլիկո:
- Զուրիկո, մեռնեմ քեզ, Իլարիոնի մոտ բերանիցդ խոսք չթռցնես, թե չէ կծախի ինձ, - խնդրեց Իլիկոն:
- Մի՛վախենա, Իլիկո:

Մի ամիս անց, գերազանց աշխատանքի համար, մորուքը խուզած, բայց բավականին չաղացած այծը հանդիսավոր արարողությամբ իբրև պարգև հանձնվեց Իլիկոյին:



շարունակելի

Ուլուանա
23.08.2009, 02:49
Դեռ միայն առաջին երկու գլուխներն եմ կարդացել, հետաքրքիր է կարդացվում։ :)
Ի դեպ, թարգմանության լեզուն էնքան բնական, կենդանի ու համով է (դե, չհաշված որոշ լեզվական սխալներ, որոնք գրեթե ցանկացած թարգմանության մեջ էլ հանդիպում են), որ նույնիսկ դժվար է պատկերացնել, որ թարգմանություն է, ոչ թե հենց հայերեն բնագիր։ Բայց հետաքրքիր է, թե ինչքանով է վերջինս վրացերեն բնագրին հարազատ։ Լավ կլիներ՝ որևէ մեկը հենց վրացերենը կարդացած լիներ ու համեմատեր գոնե որոշ հատվածներ, մեզ էլ ասեր։ :)
Ուղղակի որոշ բառեր ու արտահայտություններ չափից դուրս հայկական էին։

Chuk
23.08.2009, 03:23
շարունակություն




Ընդհանուր ժողով

Իմ գյուղին հարող բլրի վրա մի եղևնի կա: Եղևնուց կախված է ավերված եկեղեցու զանգակատնից հանված մի զանգ: Վերջնական քանդելուց առաջ եկեղեցին դարձրել էին ակումբ, ապա՝ պահեստ, դրանից հետո էլ՝ գոմ, հետո՝ բուժկետ, հետո՝ գրադարան, այնուհետև ուզեցին գարաժ դարձնել, բայց մեքենան չտեղավորվեց: Ճարահատյալ վերափոխեցին ու փուռ սարքեցին, հետո՝ դարձյալ ընթերցարան: Հիմա նորից ավերել են: Իլիկոն տատիս ասում է, թե կրկին եկեղեցի են դարձնելու: Ես աստծուն չեմ հավատում, ուստի ինձ համար միևնույն է: Տատս էլ չնայած մոլեռանդ հավատացյալ չէ, բայց եկեղեցին գերադասում է ընթերցարանից:

Հա՛, խոսքս ուրեմն զանգի մասին էր. երբ զանգը առավոտյան է հնչում՝ ազդարարում է դասերի սկիզբը, իսկ երբ երեկոյան է հնչում՝ կամ հրդեհ է կամ կոլտնտեսության ընդհանուր ժողով:

Իբրև օջախի միակ տղամարդ, ինձ միշտ հրավիրում են ժողովներին, բայց խորհրդակցական ձայնով:

Այսօր զանգը հնչեց երեկոյան: Եվ քանի որ ոչ մի տեղ ծուխ չէր երևում, ուստի, բնական է, ժողովի էին կանչում:

- Զուրիկո, ժողովի չե՞ս գալիս, - ձայնեց Իլարիոնը:
- Գալիս եմ, Իլարիոն, գալիս եմ, - պատասխանեցի և իսկույն թռա ցանկապատի վրայով: - Ի՞նչ ժողով է լինելու, չգիտե՞ս, - ճանապարհին հարցրի Իլարիոնին:
- Գիտենալը ո՞րն է, էլի գրասենյակի հարցը կլինի:

Ժողովն արդեն սկսվել էր: Կոլտնտեսության հաշվապահ Ալփեսին էր խոսում: Ես ու Իլարիոնը տեղավորվեցինք վերջին շարքում ու դարձանք համակ ուշադրություն:

- Այսինքն, - շարունակում էր Ալփեսին, - երբ Աքվսենտուն նշանակեցին նախագահ, կարգադրեց գրասենյակը քանդել ու շինել իր տան առաջ, հետո Կիրիլեին ընտրեցինք. սա էլ կարգադրեց գրասենյակը քանդել ու սարքել ի՛ր տան առաջ, հետո Դիմիտրին դարձավ նախագահ, և Դիմիտրիի տան մոտ տողափոխեցինք, հիմի էլ Շալվան ասում է, թե իմ տան մոտ տանենք: Առաջարկություն կա գրասենյակը քանդել ու նորից կառուցել Շալվա նախագահի տան մոտ: Դե, ով ուզում է խոսք ասել՝ թող առաջ գա: Մենակ թե բազի մարդիկ որ սկսում են՝ էլ կանգնեցնել չի լինում, էդ բանը չանենք, ռեգլամենտը՝ հինգ րոպե:
- Ես մի հարց ունեմ, թե կարելի է:
- Քեզ տեսնեմ, Տրիփոն, ասա՛:
- Դուք ո՞նց եք ուզում, պատվելի Շալիկո, տան առաջ նոր գրասենյա՞կ շիենք, թե հնի ծածկը փոխենք, մի քիչ փչացել է:
- Տրիփոնա Սիխարուլիձե, - վեր թռավ նախագահը, - չանա մի ծեծի, լուրջ խոսի, թե չէ ես քեզ ցույց կտամ քո իսկական տեղը: Գրասենյակը պետք է քանդվի ու ինձ մոտիկ շինվի. ես չեմ կարող էդքան ժամանակ կորցնել. ծեգ ծեգին որ դուրս եմ գալիս, երեկոյան հազիվ գրասենյակ եմ հասնում:
- Մի քիչ պիտի արագ քայլեք, Շալվա բատոնո:
- Ո՞վ էր, թե տղամարդ մարդ է՝ թող վեր կենա, հետո խոսի:
- Ընկերնե՛ր, հարցը մի շրջանցեք: Ուրիշ ո՞վ հարց ունի:
- Ես, - ասաց Մակարիա Ցխոիձեն և այնպես փռշտաց՝ քիչ մնաց վզի երակները պայթեն:
- Քեզ տեսնենք, Մակարիա:
- Հերու Սամտրեդիայի բազարից որ ցեղական երինջ բերի, ի՞նչ եղավ:
- Նախագահի կնկա ծննդաբերության դարդին չդիմացավ:
- Էդ ո՞վ է, որ ուզում է պրովոկացիա անել:
- Ես մի առաջարկություն ունեմ, եթե կարելի է, - ասաց Իլարիոնը:
- Լսենք Իլարիոնին:
- Ա՛յ ժողովուրդ, հիմի որ սկսենք, թե նախագահը երինջն ինչ արավ, թե ակումբ շինելու մատերիալով ինչի իր համար տուն շինեց, թե կոլխոզի գինին ինչի իր կարասը լցրեց, ու՞ր կհասնի: Ամոթ է, խաղք-խայտառակ կլինենք խալխի առաջ: Իմ կարճ խելքով՝ մեր պակասությունը մենք պիտի պարտակենք:
- Իլարիոն Շևարդնաձե, պակաս ցիգանն էլ դու չես, զրպարտությանդ համար պատասխան կտաս, սպասի դու: Իսկ հիմի լավ կանես՝ տեղդ նստես:
- Թողեք խոսի մարդը, ինչի՞ եք նեղում, - միջամտեց Իլիկոն:
- Հա՛, էն էի ուզում ասել, թե լավ չի՞ լինի՝ նախագահի տունը քանդենք, տանենք գրասենյակի մոտ շինենք:
- Ի՞նչ ես ասում, այ մարդ, մի շաբաթ չկա խեղճը ցինկից ծածկ է դրել, ուզում ես քանդե՞լ:
- Դե ուրեմն եկեք էսպես անենք՝ նախագահին տեղափոխենք գրասենյակ, նախագահի տունն էլ դարձնենք գրասենյակ:
- Գժվել ես, տո, - որոտաց նախագահը, - բորբոս բռնած էդ անտեր ավերակն ուզում ես պալատիս հե՞տ փոխել:
- Դե ուրեմն էսպես անենք, նախագահի տունը քանդենք, բերենք գրասենյակի բակում սարքենք, գրասենյակն էլ քանդենք, տանենք նախագահի տան տեղը սարքենք:
- Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, - հուշեց ուսուցիչը:
- Դե, ուրեմն, ես ուրիշ առաջարկություն չունեմ, - ասաց Իլարիոնն ու նստեց:
- Ե՛ս ունեմ առաջարկություն, - ձեռք բարձրացրեց Մարգալիտա Ճանտուրիան, - էգուց Թբիլիսիից արտիստներ են գալիս մեր գյուղը և քանի որ ակումբ չունենք՝ նախագահի տանն անցկացնենք համերգը: Եվ շատ էլ տեղին կլինի:
- Տեղն է ինձ, ես ինչի քեզ օղակավար նշանակեցի, որ դու էլ լեզու ես բանեցնում ինձ վրա:
- Ես մի հարց ունեմ նախագահին տալու. հին դպրոցը փլվելու վրա է, նորը ե՞րբ պիտի շինվի, ախր այնտեղ դաս պարապելը շատ վտանգավոր է, - հարցրեց մի ուրիշը:
- Դասը սրա ինչի՞ն է պետք, երբ անդաս հասարակարգ է կառուցում, - պատասխանեց Իլարիոնը:

Նախագահը սփրթնեց: Գործը բարդանում էր:

- Ես մի լավ առաջարկ ունեմ, ժողովուրդ, - վեր կացա Իլիկոն:
- Ասա՛, Իլիկո, ասա:
- Ընկերնե՛ր, էլի շեղվում եք հարցից. նախ լուծենք գրասենյակի հարցը, հետո կխոսենք ուրիշ հարցերից: Հիմի շատ կարևոր է, թե որտեղ շինենք գրասենյակը, - Իլիկոն միակ աչքը մեխի նման գամեց նախագահի ճակատին: Սա չկարողանալով դիմանալ այդ հայացքին, ձեռքը քսեց ճակատին ու գլուխը խոնարհեց:
- Ասա՛, Իլիկո, կուլ մի գնա:
- Գուցե հրաժարվե՞նք գրասենյակը քանդելուց, ավելի լավ չէ՞, օրինակ, փող հավաքենք ու նախագահի համար «Էմադին» առնենք:
- Մեզ դժբախտացնե՞լ ես ուզում. հանկարծ ու վթարի ենթարկվեց՝ որբ ու անտեր կմնանք, ախր: Իմ կարծիքով շատ ավելի լավ կլինի, եթե ամեն առավոտ երկու ջլապինդ ջահել ուղարկենք նախագահի տուն, որ ձեռքների վրա բերեն գրասենյակ:
- Գլխներիս նստել է, քիչ է, հիմի էլ ձեռքների՞ս նստի:
- Բարի, մի առաջարկություն էլ ունեմ. մեր շոֆեր Շուտուիեն ու՞ր է:
- Էստեղ եմ, Իլիկո:
- Մեքենադ ո՞նց է, հիվանդ-միվանդ հո չի՞:
- Շնորհակալ եմ, լավ է, դու՞ ոնց ես, Իլիկո:

Դժգոհության ալիք ու ընդհանուր քրքիջ բարձրացավ:

- Ավելորդ չորս ակ չունե՞ս՝ մեզ նվիրես:
- Ակներն ինչի՞դ են պետք, Իլիկո:
- Ասում եմ՝ էդ ակները դնենք գրասենյակի տակ ու տանենք-բերենք, տանենք-բերենք:

Դահլիճում մի այնպիսի հռհռոց բռնկվեց, որ այլևս ոչինչ չէր լսվում:

- Իլիկո Չիգոգիձե, - գոչեց նախագահը, - եթե դու էսօրվա ժողովն էսպես անցկացնելու համար չփոշմանեցիր, կթքես երեսիս:
- Աստված թող քեզ երկար կյանք տա, հարգելի Շալվա, ես քեզ խնդրեցի՝ փոստատար նշանակես, իսկ դու վերցրիր ու միաչքանի մարդուս դաշտապահ նշանակեցիր: Դրանից էլ վատ ի՞նչ կարող ես անել:
- Բա ի՜նչ էիր կարծում, նախագա՞հ նշանակեի քեզ:
- Խի՞ չէ, օրինակ, ի՞նչ մի դժվար բան է նախագահությունը. չէի՞ կարենա կոլխոզի հաշվին տուն շինել, թե՞ ռիսկ չէի անի քեզ նման գոռգոռամ սրա-նրա վրա: Ինչ մնում է աշխատելուն, ոչ էլ դու ես դա սիրում: Հա, իմիջիայլոց, ասեմ որ ախորժակի հարցում էլ քեզ հետ կմրցեմ, եթե ուզենաս:

Նախագահն ապուշ կտրեց:

- Հիմի ի՞նչ որոշում ենք հանում, ա՛յ ժողովուրդ, - ձեռքերն անօգ թափահարեց նախագահը:
- Մի առաջարկ էլ ես ունեմ, եթե կարելի է, - ասացի ես ու նայեցի Իլարիոնին:
- Դու էիր պակաս, կաթնակեր լակոտ, - լսվեց ինչ-որ մեկի ձայնը:
- Դե որ ժողովի ենք կանչում, բարի լինենք՝ ձայն տանք մարդուն, - ասաց Իլիկոն ու աչքով արեց:
- Խոսի, շնարած, խոսի, - աղմկեցին ժողովականները:
- Ես մի առաջարկ ունեմ: Քանի որ համարյա ամբողջ գյուղն այստեղ է, և ժողովն էլ մոտենում է ավարտին, անպայման պետք է որոշում կայացնենք...
- Բան ես ասում՝ կարգին բան ասա, մեղավոր հոգի...
- Ջուր, եթե կարելի է, - չորացած բերանով հազիվ շշնջացի ես:
- Ջուր հասցրեք ես ջրատարին:

Գրաֆինը կիսով չափ դատարկեցի, շունչս տեղը բերի ու նորից սկսեցի.

- Այսպես, ուրեմն, քանի որ բանն այստեղ հասավ, քանի որ ոչ մի որոշում չկայացրինք...
- Կարճ կապի, շան լակոտ, հալ չմնաց սպասելու:
- Ես առաջարկում եմ նախագահին հանենք և ուրիշին ընտրենք:

Դահլիճը կախարդվածի նման քարացավ: Ես ծնկների դողով սպասում էի, որ շուտով շանթ և որոտ կլինի: Եվ եղավ շանթ ու որոտ...

Դա իմ առաջին առաջարկությունն էր, որ ես արեցի ընդհանուր ժողովում և որն ընդունվեց միաձայն:

- Զորանաս, բալա: Դու որ չլինեիր՝ էդ անտեր ժողովը տևելու էր մինչև լուսաբաց: Էգուց նոր նախագահ կընտրենք ու կհանգստանանք, - ասաց Իլարիոնն ու ճակատս համբուրեց:


շարունակելի

Chuk
24.08.2009, 02:54
շարունակություն




Յափնջի, սապոգներ և գուլպաներ

Ձմեռն այդ տարի շատ դաժան էր. բուք ու սառնամանիք: Պատերի ու լուսամուտների ճեղքերից խստաշունչ քամին անարգել սողոսկում էր ներս: Տատս այդ ճեղքերը խցկում էր փալաս-փուլուսով, բայց տեսնելով չի հերիքում՝ անցավ իմ տետրերին: Չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի հաճույքով ու եռանդով էի օգնում նրան՝ ինձ խայտառակող այդ փաստաթղթերը ոչնչացնելու գործում: Ի վերջո, երբ բոլոր ճեղքերը փակեցինք՝ բնակարանը փոքր-ինչ տաքացավ: Ձյունում էր անընդհատ: Նաև բուք էր: Ես ու տատս նստում էինք բուխարու առաջ: Տատս սկսում էր ինչ-որ հեքիաթ և ժամանակ առ ժամանակ ստուգելու նպատակով նայում էր՝ լսու՞մ եմ արդյոք: Հետո շարունակում էր և այնպիսի հափշտակությամբ, ասես առաջին անգամ էր պատմում: Լուռ նստած՝ ես մի կտոր պաստեղ էի ծամում, երբեմն գլխով անում, բայց մտածում էի բոլորովին այլ բանի մասին: Հասել էր այնտեղ, երբ քաջազունն իր հրեղեն նժույգով հաղթահարում է բոլոր խոչընդոտները, մոտենում բյուրեղապակյա ամրոցի դռանը և լսում յոթ փականքի ետևում տառապող արև-աղջկա երգը: Հենց այդ պահին լսելի եղան ոտնաձայներ:

- Հալա մի տես՝ ո՞վ է, - ասաց տատս ու թեժացրեց բուխարու կրակը:

Դուրս գնացի: Իլիկոն ու Իլարիոնը պատշգամբում իրենց վրայի ձյունն էին թափ տալիս: Դուռը բացեցի ու երկուսին էլ հրավիրեցի ներս:

- Բարև ձեզ, - ողջունեց Իլարիոնը և նոփ-նոր դահուկներ դրես սենյակի անկյունում:
- Որտե՞ղ էին այս դահուկները, Իլարիոն, - հարցրի ես:
- Կարևոր չի: Էգուց չե՞ս ուզում դպրոց գնալ: Էս գիշեր մարդաբոյ ձյուն կնստի: Առավոտից ռանդում հա ռանդում եմ: Փորձի՝ տեսնեմ ոտիդ հարմա՞ր է...

Փաթաթվեցի Իլարիոնին ու այտը համբուրեցի: Հետո պաղատանքով նայեցի տատիս: Տատս գլխով արավ, ժպտաց ու մտավ խորդանոց, որին, չգիտես ինչու «փողանոց» էր կոչում:

Նստեցինք բուխարու մոտ: Տատս դուրս եկավ «փողանոցից» մի ձեռքում՝ մի շիշ օղի և երկու չուչխել, մյուսով բռնել էր գոգնոցի փեշը, որը գրեթե լիքն էր խնձորով ու խեճեճուրի տանձով:

- Օլգա, բա դրա ժամանա՞կն է: Ի՞նչ կարիք կա: Մենք եկել ենք հենց էնպես՝ զրույց անելու, - ասաց Իլարիոնն ու տատիս ձեռից վերցրեց օղու շիշը:
- Չեք ուզում, ետ կտանեմ, դժվա՞ր է:
- Լեզվիցդ կրակն ես ընկել, ա՛յ մարդ: Չես ուզում՝ մի ուզի, ուրիշի բախտի գլխին ինչի՞ ես քար գցում, - նախատեց Իլիկոն և ձեռքը գցեց օղու շշին:
- Վա՛, արա՞ղ ես խմում, - Իլիկոյին հարցրեց Իլարիոնը և այնպիսի ապշահար տեսք ընդունեց, ասես կյանքում առաջին անգամ էր զարմանում:
- Էս սառնամանիքին արաղ չէ, ջերմաչափ էլ կուլ կտամ, եթե միայն գրադուս ունենա, - պատասխանեց Իլիկոն և օղի լցրեց:
- Էս տարի շատ երկար ու խիստ ձմեռ է. անաստված ցուրտ է անում: Վերջը բարի ըլնի:
- Ցուրտ է, - իր հերթին հաստատեց Իլարիոնը, ինքն էլ լցրեց բաժակն ու մի ումպով դատարկեց. հետո գլուխը թափ տվեց, օձիքի մեջ հու՛ արեց, խնձորից կծեց ու ասես օրհնելով՝ ասաց, - էս քո խնձորը, սիրելի Օլգա, աշնանն էնքան թթու է լինում, որ խոզն ուտի՝ ճոպանով էլ կապած ըլնի, կկտրի, ինչի՞ց է էսպես քաղցրացել:
- Քեզ մարդ միայն արաղ խմացնի, լեզուդ էնպես կքաղցրանա՝ տղեմալին մուրաբա կշինես, - պատասխանեց տատս:

Մի-մի բաժակ էլ կոնծեցին: Հետո էլի մի-մի բաժակ, հետո նորից մի-մի...

- Էսօր մեր փոստատարն ինձ մոտ էր. Գերասիմի տղի զոհվելու թուղթն էր բերել: Ես չեմ կարող, ասեց, դու տուր իրեն:
- Վա՛խ բալա ջան, վա՛խ: Ջուրը տանի քո անբախտ մորը, - ձեռքի ափերը երեսին խփելով բացականչեց տատս:
- Կերչում է զոհվել, խեղճը, - շարունակեց Իլարիոնը, - սա թվով յոթերորդ թուղթն է, որ մեր գյուղն է գալիս:
- Գերասիմին հայտնեցի՞ր, - հարցրի ես:
- Գժվե՞լ ես, այտա, մարդը ամեն օր տղի վերադարձին ա սպասում. լուրը որ իմանա հո կքանդվի նրա օջախը, - ինձ վրա հարձակվեց Իլիկոն:
- Աստվա՛ծ, դու քանդես Հիտլերի օջախը: Խավարի նրա օրն ու արևը, նա կյանքում ուրախություն չտեսնի, ո՛չ օջախից, ո՛չ բարեկամ-հարազատից, - ողբաձայն անիծեց տատս:
- Բա ի՞նչ ես անելու, - կրկին հարցրի ես:
- Ի՞նչ եմ անելու, - իր հերթին հարցրեց Իլարիոնը և թղթի կտորը ծոցագրպանից հանելով՝ երկար նայեց, նայեց ու նետեց կրակի մեջ: Բռնկված բոցը մի պահ լուսավորեց Իլարիոնի դեմքը. արցունքի երկու խոշոր կաթիլ գլորվում էին նրա այտերի վրայով, - էս եմ անելու, որդի, աստծու ողորմածությամբ թե ողջ է՝ կգա երբ էլ լինի, չէ, թող սպասի նրա հերը, մարդը հույսով է ապրում: Իսկ դու ոչ մի տեղ բերանիցդ խոսք չթռցնես, հասկացա՞ր:
- Հասկացա:
- Օլգա՜, - լսվեց բակից: Հետո ինչ-որ մեկը բարձրացավ պատշգամբ, ձյունը թափ տվեց ու ներս մտավ մեր գյուղի ագիտատոր Գեորգի Վաշակիձեն:
- Բարև բոլորիդ, ներող կլինեք, որ էսպես ուշ ժամի անհանգստացնում եմ ձեզ, բայց անհետաձգելի գործ ունեմ:
- Ողջու՜յն, ագիտատոր, - ի պատասխան ասաց Իլիկոն և օղի լցրեց:
- Բուխարուն մոտ արի, որդի, - հրավիրեց տատս:
- Ի՞նչ նոր բան ունեք ասելու, ընկեր ագիտատոր: Գործերը ո՞նց են ֆրոնտում, - հարցրեց Իլարիոնը:
- Ֆրոնտում ոչինչ, հակառակորդի հարձակումը կասեցված է. կայծակնային պատերազմի մասին Հիտլերի պլանները ձախողված են:
- Էդ ամենի մասին հունվարի թերթերում ենք կարդացել, հիմի փետրվարն է, նոր բան ասա:
- Ես ձեզ հետ լուրջ գործ ունեմ, ականջ արեք:
- Սկսի՛, - կարգադրեց Իլարիոնը:

Ագիտատորը հազաց, ոտքի ելավ ու այնպես սկսեց, ասես բազմահազարանոց միտինգում էր ելույթ ունենում:

- Ընկերնե՛ր, սոցիալիստական հայրենիքը վտանգի մեջ է: Վայրագ թշնամին իր արյունոտ ձեռքերով ուզում է խեղդել մեր երկի ազատությունն ու անկախությունը: Մեր փառապանթ կարմիր բանակը հերոսաբար մարտնչում է ֆաշիստական հորդաների դեմ...
- Ի՞նչ ես թերթի նման վրա տալիս, այ տղա, ասելի՞ք ունես՝ մարդավարի ասա, - ագիտատորին ընդհատեց համբերությունը սպառած Իլիկոն:

Ագիտատորը ապուշ կտրեց:

- Ասա՛, տղա, ասա տեսնենք ի՞նչ կա, - փորձեց սիրտ տալ Իլարիոնը:
- Կարմիրբանակայինների համար նվերներ ենք հավաքում, կարո՞ղ եք ինչ-որ մի բանով օգնել, - ագիտատորն այնպիսի թեթևությամբ շունչ քաշեց, ասես կոկորդը խեղդող պարանն արձակեցին:
- Էդպես ասեիր, բալա, թե չէ երկար բարակ ճառ ես կարդում գլխներիս, - ներողամտաբար նկատեց տատս:
- Իսկ ի՞նչ նվերներ եք ուզում ուղարկել, - հետաքրքրվեց Իլիկոն:
- Ամեն ինչ՝ մրգեղեն, տաք հագուստ, ձեռնոց, գուլպա, ով ինչ կարող է: Այսօր հինգշաբթի է, երկուշաբթի մեր գյուղի անունից մի ամբող վագոն նվեր է ուղարկվելու ռազմաճակատ: Դուք էլ թե մի բան կունենաք տալու՝ հավաքեք այստեղ, Օլգայի մոտ: Մեր տղաները վաղը կգան ու կտանեն, - ասաց ագիտատորն ու գնաց:

Երկար ժամանակ լուռ էինք. հավանաբար մեզնից յուրաքանչյուրը խորհում էր, թե ինչ կարելի է նվիրել կարմիրանակայիններին:

Լռությունը խզեց Իլիկոն.
- Ես ին՞չ գանձ ու բարիք եմ ետ գցել: Ոչինչ: Ունեցած-չունեցածս մի յափնջի է: Զուրիկելա, դրսում կախած է, գնա՛ ներս բեր:

Զարմացած նայեցի Իլիկոյին:

- Ի՜նչ ես աչքերդ վրաս չռել, գնա ներս բեր: Ինձ նման մի քավթառ որ յափնջի չգցի վրեն՝ աշխարհը չի քանդվի: Ես, սիրելի Զուրիկո, էս քրքրված տելեգրեյկայով էլ յոլա կգնամ, մանավանդ որ շուտով գարուն կգա:

Դուրս գնացի ու գրեթե նոր յափնջին ներս բերեցի: Դա այն յափնջին էր, որ Իլիկոն օգտագործում էր իբրև վերմակ, աչքի լույսի պես էր պահում և նույնիսկ մի քանի ժամով Իլարիոնին չզիջեց՝ հարսանյաց հանդեսին, թե՝ կփչանա:

- Մնա ձեզ մոտ, էն տղերքը որ կգան, կտաք, կտանեն, - հանձնարարեց Իլիկոն՝ մի հայացք անգամ չձգելով յափնջու վրա:
- Քոռաչք Իլիկո, ամոթ է՛ն աստծուն, որ աչքդ փորել է: Ես իհարկե, գիտեի, որ անսահման բարի սիրտ ունես, բայց որ էդ չորուցամաք կրծքի տակ ոսկու հսկայական գանձ է թաքնված՝ չգիտեի, - ասաց Իլարիոնը, գլուխը քորեց, անհանգիստ շարժումներ արեց տեղում, հետո՝ էս րոպեին կգամ, ասաց, անսպասելիորեն վեր թռավ ու նետվեց դուրս:
- Գիտեմ՝ ուր գնաց, - կիսաձայն ասաց Իլիկոն ու քթի տակ ժպտաց:
- Ու՞ր գնաց, - հետաքրքրվեց տատս:
- Տու՛ն, ծանոթ չե՞ս նրա բնավորությանը: Իմ ջգրու հիմա ինչ լավ բան ունի՝ կվերցնի կբերի, բայց դե ի՞նչ՝ տունը վառես՝ շորահոտ չի գա:

Հինգ րոպե չէր անցել, Իլարիոնը դուռը բացեց, գնաց դեպի սենյակի անկյունը և Իլիկոյի յափնջու կողքը դրեց բոլորովին նոր, դեռևս ոչ անգամ չհագած մի զույգ սապոգ:

- Խելքդ թռցրի՞ր, ա՛յ խելառ, - բացականչեց Իլիկոն:
- Վեր կաց, քավթառ, հո էստեղ չե՞ս լուսացնելու, - պատասխանեց Իլարիոնը և լռելյայն դուրս գնաց:

Այդ գիշեր ես ու տատս միասին քնեցինք: Նոր էի դանթել, երբ խշխշոցից արթնացա. աչքերս բացեցի ու տեսա, որ տատս մահճակալի ծայրին նստած զգուշորեն հագնվում է: Ոչինչ չասացի, բայց կիսախուփ աչքերով սկսեցի հետևել: Հագնվեց, ոտքի ելավ, իր բարձը աթոռին դրեց, հետո զգուշորեն ոտքերս ծալեց ու իր սնարի կողմից վերմակը սկսեց քանդել: Քանդեց, մի քանի բուռ բուրդ հանեց, թեթևաքայլ մտավ «փողանոց», սանդերքը ձեռքին եկավ, մոտեցավ բուխարուն, կրակը թեժացրեց ու հենց այնտեղ փռած այծենու վրա ծալապատիկ նստեց: Սանդերքը դրեց ծնկների արանքը, բուրդը վերցրեց ու սկսեց գզել: Ձեռքերի շարժման հետ նա ամբողջ մարմնով օրորվում էր և քթի տակ ինչ-որ մրմնջում: Նստել էր ինձ թիկնադարձ և ավելի շատ նման էր որդու դիակի վրա հակված պառավ մոր, որ ոսկրացած ձեռքերով իր ճերմակ մազերն է բուռ-բուռ փետում:

Անկողնում նստել, նայում էի տատիս. աչքերս լցվեցին արցունքով: Այդ պահին ես մտածում էի այն երջանիկ զինվորի մասին, որի համար իր լղարիկ մարմինը քիչ-միչ տաքացնող բրդից, սառած մատներին փչելով, այս խստաշունչ ձմեռվա ցուրտ գիշերը գուլպա էր գործում պառավ տատս:



շարունակելի

Chuk
26.08.2009, 02:42
շարունակություն





Գրական երեկո

Ձմռան երեկոները ես ու Իլարիոնն անց ենք կացնում Իլիկոյի մոտ: Շագանակենու ահագին կոճղը ուրախ ճթճթում է բուխարիկի մեջ, խոզապուխտը տժտժում է թավայում, գինիով լիքը սափորը տաքանում է, իսկ մենք կամ նարդի ենք խաղում, կամ ես բարձրաձայն գիրք եմ կարդում, ավելի հաճախ, սակայն Իլիկոն ու Իլարիոնը զրուցում են քաղաքականությունից: Քաղաքականությունը միշտ ուշադրության կենտրոնում է ոչ միայն Իլիկոյի տանը, այլև ամբողջ աշխարհում, քանզի 1942 թվականն է, գերմանացիներն էլ կանգնած են Մոսկվայի մոտ:

- Դու եք, Զուրիկելլա, - ասում է Իլիկոն և տուն առնում:
- Շեշ ու բեշ, Իլիկո, - հայտարարում եմ ես և խփում Իլիկոյի քարը:
- Վեց ու հինգ ասա, շան լակոտ, թե չէ նարդին կտամ գլխիդ, ո՞վ է շեշուբեշը: Շեշուբեշը տատդ է:

Է՜, ես մեղավո՞ր եմ, որ Իլիկոն ընդամենը մի աչք ունի և այդ մի աչքն էլ անընդհատ դեսուդեն է վազում. բոլոր դեպքերում նրա ահից այլևս շեշ ու բեշ չեմ ասում:

- Հինգ ու վեց, Իլիկո:
- Էդպե՜ս, - արձագանքում է Իլիկոն և ահարկու հայացքը սևեռում ինձ:

Իլարիոնը կարդում է Սովինֆորմբյուրոյի հաղորդագրությունը:

- Հիտլերի բանը վերջացած է, - ասում է նա:
- Յագան, - բացականչում է Իլիկոն, քարս խփում և նոր տուն առնում, - քո բանն էլ վերջացած է, Զուրիկելա, դե վեր կաց: Հա՛, ի՞նչ կա, ի՞նչ են գրում թերթերը, Իլարիոն:
- Կանգնել են Մոսկվայի մոտ ու քարացել, տեղից չեն կարողանում շարժվել:
- Երկրորդ ճակատից լուր չկա՞:
- Չեն շտապում: Իսկական սատանա է Անգլիան, Ամերիկային ասում է՝ Սովետական միությունը թող, ինձ օգնի:
- Բա Ամերիկա՞ն ինչ է ասում:
- Դա, ասում է, քո գործը չի:
- Հիմի Գերմանիան Թուրքիային ու Ճապոնիային ասում է, թե՝ ես հենց որ Ստալինգրադ մտնեմ, դուք էդտեղից վրա տվեք:
- Ստալինգրադ մտնելը դրանք հո «Կարմիր խաչ» մտնել չե՞ն կարծում, դիմում գրես Վերիչկա Բուրճուլաձեին և ծափողջյունով ընդունի քեզ:
- Վերջին ժամանակներս Թուրքայի քաղաքականությունը ինձ դուր չի գալիս, Իլարիոն ախպեր:
- Նա էնպիսի ժուլիկն է, որ եթե ասես Գերմանիայի դրությունը վատ է, իսկույն նրան պատերազմ կհայտարարի:
- Ի՞նչ ես ասում, ա՛յ մարդ:
- Էս՝ ես, էն էլ՝ Գերմանիան: Բեղս կխուզեմ, եթե էդպես չանի:
- Իսկ Ճապոնիա՞ն:
- Ճապոնիան ի՜նչ: Գերմանիան նրան ասում է՝ սկսիր, ի՞նչ ես պլշած նայում, սա թե՝ կանգնել եմ Մոսկվայի մոտ ու ոտդ ոտիդ առաջ չես կարողանում դնել. որ սկսեմ, հետո գլուխս առնեմ, ու՞ր կորչեմ:
- Գերմանիան ի՞նչ է ասում:
- Երկու անգամ ռադիոյով հաղորդել է, թե Ստալինգրադը վերցրել եմ, բայց դե նա կարա՞ Ճապոնիային խաբի: Ինչքան գետնի երեսին է, երկու էդքանն էլ տակն է...
- Վերջացած է դրանց բանը: Լցրու, Զուրիկո բալա:

Գինին լցնում եմ, բաժակները վերցնում ենք և երեքով խմում հաղթանակի, ռազմաճակատ մեկնածների ու խաղաղության կենացը:

- Երեկ բանաստեղծություն գրեցի, - հանկարծ ասացի ես:

Անսպասելիությունից Իլարիոնը խոզապուխտի կտորը գցեց ձեռքից: Գինին թռավ Իլիկոյի կատիկը, և նա աքլորի քարճիկի նման կապտեց:

- Ի՞նչ ասեցիր, - շունչը տեղը բերելուց հետո ափիբերան հարցրեց Իլիկոն:
- Պատերազմի մասին բանաստեղծություն եմ գրել:
- Ապրի արևդ, կարդա մի տեսնենք, - ասաց Իլարիոնն ու նայեց Իլիկոյին:

Գրպանիցս հանեցի բանաստեղծությունը, ոտքի ելա, ձախ ձեռքս պարզեցի առաջ և որքան կարող էի՝ բարձրաձայն սկսեցի.


Այդ զազրելի Գերմանիան
Անցավ ամեն չափ ու սահման,
Բայց նա երբեք չի ամրանա
Հայրենիքում իմ աննման:

Հերոսները մեր քաջարի
Շուտով նրան ջարդեն պիտի,
Բայց թե հանկարծ կարիք լինի,
Կելնեմ ես էլ դաշտը մարտի:

Վերջացրի ու սրտատրոփ սպասեցի դատավճռիս:

- Շատ բարձրաձայն է գրված, - կեսժամանոց դադարից հետո վերջապես խոսեց Իլարիոնը:
- Դրա ճարը կա՝ ցածր կկարդան և վերջ, բայց սրա՞ն ինչպես փրկես, - ասաց Իլիկոն և այնպես նայեց, որ ինքս ինձ խղճացի:
- Առաջին անգամ ե՞րբ զգացիր, որ ուղեղիդ մեջ բանաստեղծություն է բուսնում, - հարցրեց Իլարիոնը:
- Մի ամիս առաջ:
- Բա էսքան վախտ ու՞ր էիր, ա՛յ տնաշեն, չէի՞ր կարող ժամանակին ասել: Հիմի ի՞նչ կարող ենք անել: Օլգա տատդ է մեղք, որ աշխատանքը ջուրը թափեցիր, թե չէ ձեռք ու ոտքիդ որ մի գեղեցիկ օր կապանք պիտի դնեին, դա ես վաղուց գիտեի, - ասաց Իլիկոն ու ձեռքն անհույս թափ տվեց:
- Իսկ ի՞նչ ես կարծում, բանաստեղծությունը հե՞շտ է ծնվում գլխումդ:
- Օրվա մեջ սրա նման ութ-ինը հատ գրում եմ: Թուղթ չեմ ճարում, թե չէ ավելի շատ կգրեմ:
- Քի՜չ է, - ծոր տվեց Իլիկոն:
- Տատդ գիտի՞, որ գրում ես, - հարցրեց Իլարիոնը:
- Չէ՛:
- Փա՜ռք աստծո: Չասես, առանց էդ էլ քիչ չեն նրա դարդերը: Ուրիշ ի՞նչ ունես գրաս:
- Ունեմ: Սիրո մասին:
- Դե, քեզ տեսնեմ, կարդա:

Անվճռական նայեցի Իլիկոյին:

- Կարդա, կարդա՛, արդեն բոլորը մի գին ունեն, - հորդորեց Իլիկոն:

Գրպանիցս հանեցի երկրորդ բանաստեղծությունն ու ցածրաձայն սկսեցի.


Գիշեր է: Լուսինն է հայում:
Ձյունում է, քամին է վայում.
Լաց եմ լինում՝ ուրախությունից,
Գիշերով շրջել եմ սիրում:
Ոչ քուն ունեմ, ոչ էլ՝ դադար,
Դարձել եմ խենթ ու խելագար:

Վերջին տողն այպիսի հուզմունքով կարդացի՝ հեղձուկը դեմ առավ կոկորդիս, աչքերս լցվեցին այրող արցունքներով: Լռությունն ավելի երկար տևեց՝ քան սպասում էի: Իլարիոնն ու Իլիկոն ծեծված շների նման իրար էին նայում:

- Դու ի՞նչ կասես, - ի վերջո Իլիկոյին հարցրեց Իլարիոնը:
- Էն կասեմ, որ վերջին տողը վատ չի գրված, զգացվում է, որ մարդը ապրել է ու վերապրել է գրածը:
- Հա, բայց, ինչպես ինքն ասաց՝ բանաստեղծությունը սիրո մասին է, մինչդեռ սիրո մասին ոչ մի խոսք չկա. մի հարցնող լինի, թե ինչու՞:
- Ամաչում է, ռիսկ չի անում, - պատասխանեց Իլիկոն:
- Սա բանաստեղծություն է Իլարիոն, իսկ բանաստեղծության մեջ ամեն ինչ չեն ասի:
- Նախ և առաջ դա էնքանով է բանաստեղծություն, որքանով որ դու ասենք՝ Հովսեփ Գեղեցիկն ես, եթե սիրո մասին է, ուրեմն գոնե մի անգամ պետք է հիշատակել:
- Եթե մեկը քուն ու դադար չունի, եթե խենթ է ու խելագար, եթե սիրում է գիշերները թրև գալ, սիրահարված է, բա ի՞նչ զահրումար է, - պատասխանեցի տաքացած:
- Ախպերս, որ դու ես, մեր Իլիկոն խելագարից էլ խելագար է, սրա չափ գիշերները թրև եկող է՛լ մի ուրիշը դժվար թե լինի, ուրեմն սիրահարվա՞ծ է:
- Ձենդ կտրի, քավթառ ջադու. էս ցնդածը որ չի կարողանում կարգին ոտանավոր գրի, ես ինչո՞վ եմ մեղավոր, - գոչեց Իլիկոն ու հարձակվեց ինձ վրա, - հենց հիմի էդ ափեղցփեղությունը բուխարին շպրտի, թե չէ լեզուդ քոքիցը կպոկեմ:
- Կա՛ց, մարդ աստծո, նախ փորձենք բանաստեղծությունը վերլուծել, - հարձակումը կասեցրեց Իլարիոնը: - Ախպոր բալա, էդ որ գրում ես, թե՝ լուսնյակ գիշեր է, հետո էլ թե՝ ձյուն է, քամի, ո՞նց հասկանանք:

Անկեղծ ասած, ես այդ մասին բոլորովին չէի մտածել, բայց Իլարիոնի հարցից հետո պարզապես ապուշ կտրեցի:

- Ինձ համար էլ մի ուրիշ բան է անհասկանալի, թե որ քուն ու դադար չունես, թե որ քամի է, ձյուն, ի՞նչ ուրախության մասին ես խոսում, ա՛յ լածիրակ, որ գրում ես, թե՝ ուրախությունից լաց եմ լինում, - իր հերթին հարցրեց Իլիկոն:
- Դուք բանաստեղծությունից ոչինչ չեք հասկանում, երկուսդ էլ խելքներդ թռցրել եք, - զայրացած պատասխանեցի ես:
- Էդ ամենից, որ դու կարդացիր մեզ համար, ոչ միայն խելքը թռցնել, այլ շատ զարմանալի է, որ հոգիներս չթռան երկինք, - հարեց Իլիկոն ու գինի լցրեց:

Իլարիոնը բաժակը բարձրացրեց, ձեռքը դրեց գլխիս ու փաղաքշաբար ասաց.

- Զուրիկո, սիրելիս, հավանաբար քեզ հետ ուրիշ դժբախտություն է պատահել: Թե ինչու է մարդ սկսում բանաստեղծություն գրել՝ գոնե ինձ լավ հայտնի է: Քո տարիքում ես էլ էի ոտանավորներ գրում սիրո մասին.


Թե որ ինձ հետ նա չամուսնանա՝
Ճակատին մի գնդակ կարձակեմ,
Մահվան ինչ ձև պիտի մտածեմ,
Որ Մատրոնային արժան լինեմ:

- Հիշու՞մ ես, Իլիկո:

Իլիւոն գլխով արեց ու քթի տակ խնդմնդաց:

- Էն ժամանակ քեզ էլ խելագարի տեղ էի դնում, բայց հետո անցավ, երևի Զուրիկելայինն էլ կանցնի:
- Էսպես ուրեմն, տղաս, դու էլ էնպիսի բանաստեղծ կդառնաս, ինչպիսին որ ես դարձա, իսկ գիտե՞ս՝ ես ի՜նչ հռչակավոր բանաստեղծ էի, փառք աստծու, հրես Իլիկոն, իրեն հարցու՝ կասի քեզ: Շարունակիր գրել, բալա, բանաստեղծություն գրելու համար ոչ ոք քեզ չի բռնի, էն աղջիկը, որին դու սիրում ես, եթե քեզ նման ծալը պակաս է ու թե հավանի ոտանավորներդ՝ հո լավ է, չի՞ հավանի, դրա համար չարժի գլուխը կորցնել: Սերը հիմի թռչնակի նման ձու է դրել քո սրտում, դեռ ու՜ր ես, հալա ժամանակ պիտի անցնի, կճեպը պիտի ճաքի, փետրակալի պիտի, թևեր առնի ու թռչի: Հետո հայ-դա՜... Ապրիր ու քայլիր էս աշխարհում՝ սիրահարված ու սրտումդ՝ սեր: Քո սիրո կենացը, Զուրիկո բալա:

Գլխահակ, մինչև ականջներիս ծայրերը կարմրած կանգնել, լսում էի Իլարիոնի խոսքերը: Ինձ թվում էր, թե նա ձեռքը մտցրել է կրծքիս մեջ, սիրտս հանել, զգուշորեն դրել է ափիս մեջ և բառ առ բառ կարդում է այն, ինչ գրված է նրա վրա:



շարունակելի

Chuk
01.09.2009, 01:06
շարունակություն





Առաջին սերը

- Չիգոգիձե՛:
- Ներկա:
- Կալանդաձե՛:
- Ես էլ եմ ներկա, հարգելի:
- Սիխարուլիձե՛:
- Հիվանդացավ, հարգելի, և Ճղոնիան, Ցենտերաձեն, Բուրճուլաձեն, Քորիձեն, Նինիձեն ու Ղլոնտին տարան տուն:
- Չէի՞ք կարող ամբողջ դասարանով տանել, - հարցրեց սրտացավ ուսուցիչը:
- Ձեռքի բռնելու տեղ չմնաց, թե չէ մենք էլ կգնայինք:
- Վաշալոմիձե, Վաշալոմիձե, Վա-շա-լո-մի-ձե՜, - գոռում-գոչում է ուսուցիչը և ձեռքը խփում սեղանին:
- Այստեղ եմ, հարգելի դասատու:
- Լինել թե չլինել այդպես՝ մեկ է:
- Լինե՞լ, թե՞ չլինել, այս է խնդիրը, - հուզումնալից արտասանում է Ռոմուլին:
- Կալանդաձե Ռոմուլի, դու՛րս գնա:
- Դրսում շատ ցուրտ է, հարգելի:
- Վերցրու քո բաժին փայտն ու դուրս կորի, - ուսուցչին օգնության եմ հասնում ես:

Ռոմուլին դուրս է գնում, իսկ իմ գլխին սարսափելի փորձանք է գալիս:

- Այսօր մեր դասը ո՞րն է, Վաշալոմիձե:
- Սոլվեյի եղանակով սոդա ստանալը:
- Արի գրատախտակի մոտ:
Ողնաշարը ջարդվածի նման քարշ գալով հասա գրատախտակի մոտ և կավիճն այնպես սեղմեցի գրատախտակին, որ աղի նման փշրվեց ձեռքիս մեջ:
- Սկսի՛ր, Վաշալոմիձե:
- Գոյություն ունեն սոդա ստանալու բազմաթիվ հնարքներ: Իլիկո Չիգոգիձեն, օրինակ, լցնում է լեզվի վրա և չոր ու ցամաք կուլ տալիս, Իլարիոն Շևարդնաձեն մի ճաշի գդալ սոդան լուծում է մի բաժակ գոլ ջրի մեջ և մի շնչով ըմպում՝ պախմելիայի ժամանակ, իսկ իմ տատը...
- Վաշալոմիձե, դուրս կորի: Սրա հարևանն ո՞վ է:
- Ես եմ, - ոտքի կանգնելով ասում է Մերի Սիխարուլիձեն:
- Ես հիմի նամակ կգրեմ սրա ծնողներին, կտանես կհանձնես: Վաշալոմիձե՛, չքվիր այստեղից:
- Դուրս գնալը կգնամ, հարգելի, բայց դասարանում մարդ չի մնում ախր:
- Գնա՛, - շշնջալով ասում է ուսուցիչը և նայում թանաքամանին:

Գնացի: Հավանաբար Կոլումբիայի նավաստիները ցամաք տեսնելով այնքան չեն ուրախացել, որքան Ռոմուլին ուրախացավ ինձ տեսնելով:

- Վռնդե՞ց:
- Մեղավորը դու ես:
- Ես ինչու՞ եմ մեղավոր: Դու որ կոճղի նման նստում ես դասերին, կարծում ես չեմ տեսնու՞մ, որ սիրահարված ես:
- Ու՞մ, ապուշ:
- Մերիին:
- Երկրորդ անգամ ասել ես՝ կխեղդեմ:
- Ոչ թե ես, այլ ամբողջ դասարանն է ասում:
- Մեր ի՞նչ սիրահարվելու ժամանակն է, ա՛յ տղա:
- Պա՛հ, բան ասեցիր. տատս տասնչորս տարեկանում է ամուսնացել:
- Հետո՞, քո ուզածն ի՞նչ է:
- Ես ոչինչ չեմ ուզում, բայց եթե դու ուզում ես՝ նրան կասեմ, որ սիրում ես:
- Որ սիրեմ՝ ես ինքս կասեմ:
- Սեր բացատրելը հո դաս պատմել չե՞ս կարծում. համ էլ եթե դասի նման պատմես՝ կգժվեցնես: Սիրահարված ժամանակ աղջկան պիտի նամակ գրես:
- Դու երբևէ գրե՞լ ես:
- Ինչքան ուզես:

Ապշահար նայում էի Ռոմուլիին՝ հո չի՞ խորամանկում. բայց Ռոմուլին ոչ կատակում էր, ոչ էլ խորամանկում: Նրա աչքերն այնքան անկեղծություն ցին արտահայտում, որ չստահել չէր կարելի:

- Այ տղա, Ռոմուլի, դու ինձ եղբայր ես, քեզանից ի՞նչ թաքցնեմ: Օգնիր ինձ, Ռոմուլի, սիրում եմ, ի՞նչ անեմ:

Խոստովանությունս լսելով այնպես ուրախացավ Ռոմուլին, ասես ոչ թե ես, այլ ինքն էր սիրահարվել: Մեջքս ամուր գրկեց, տեղիցս կտրեց, օդում պտտեցրեց ու իջեցրեց:

- Մնացածն ինձ վրա. էնպիսի նամակ գրեմ, էնպիսի նամակ գրեմ, որ քարն անգամ փափկի:

Ժամանակ, ինչ խոսք, շատ ունեինք: Մտանք մի ազատ դասարան: Ես նստեցի սեղանի առաջ, իսկ Ռոմուլին ուսուցչի նման ձեռքերը դրեց ետևին ու սենյակում ետուառաջ անելով սկսեց թելադրել.

- «Թանկագինս, երանելիս, աննմանս, կարոտյալս, սերը մեծագույն զգացմունքն է. սերը համրեցնում է, խլացնում է, կուրացնում և խելագարեցնում է մարդուն»:
- Սուտ է, - ընդհատեցի Ռոմուլիին:
- Ես էլ գիտեմ, բայց այդպես է պետք: Շարունակիր:
«Այն բանից հետո, երբ առաջին անգամ տեսա քեզ՝ ես ճանաչեցի գեղեցիկի բացարձակ ճշմարտությունը: Ես հասկացա իմաստը իմ կեցության, ես ընդունեցի քեզ իբրև ապոթեոզ հոգեկան գեղեցկության և էսթետիկական բավականության»:
- Որտեղի՞ց քեզ էսպիսի բառեր:
- Քույրս Թբիլիսիից նամակ է ստացել. մի ուսանող սիրահարվել է նրան. նա է գրել:
- Հետո՞: Քույրդ ամուսնանու՞մ է նրա հետ:
- Պիտի ամուսնանար, բայց մեր հարևանը Թբիլիսիից եկավ ու հայտնեց, որ այդ ուսանողը գժվել է: Շարունակի՛ր:
«Էլ ի՜նչ թաքցնեմ ես քեզանից. սիրում եմ քեզ՝ կյանքիցս ավելի: Ես տենչում եմ, որ դառնաս իմ հոգու ընկերը, և մենք միասին կրենք լուծը կյանքի: Ինձ խելագարեցնում են՝ աչքերդ, թարթիչներդ, մարմինդ, նայվածքդ, փղոսկրե ատամներդ, լալ ու մարջան շուրթերդ, սև գիշեր մազերդ, մատներդ, հոլանի թևերդ, մի խոսքով՝ դու ամբողջությամբ: Ես մեռնում եմ առանց քեզ: Ես չեմ կարող համաձայնվել Շեքսպիրի հետ, երբ նա ասում է. «Ո՜վ ոչնչություն, քո անունը կին է»: Սրանով վերջացնում եմ: Ցտեսություն»:

- Հը, ո՞նց է, - ձեռքերը խաչելով կրծքին, հարցրեց Ռոմուլին:
- Մազից է կախված եղել քույրդ ու փա՜ռք աստծո, որ փրկվել է, - պատասխանեցի ես:
- Քարը կծակի, - ասաց Ռոմուլին:

Փոստ վազեցի, ծրար գնեցի, նամակը լեզվով սոսնձեցի ու թաքցրի ծոցագրպանիս մեջ: Սիրտս թռչնի պես թպրտում էր: Այդ նամակից ելնելով, իմ առաջին սերը պիտի դատավճիռ կայացներ:

Վերջին դասի ժամանակ նամակն աննկատ սահեցրի Մերիի պայուսակն ու մեռածի պես քարացա: Այլևս չզգացի՝ երբ հնչեց զանգը, ընկերներս երբ ցրվեցին տները: Ապշահար, անհաղորդ ամեն ինչին, նստել էի, երբ հավաքարարուհին ներս մտավ ու ասաց.

- Էդ երբվանի՞ց ես դպրոցին էդքան սիրահարվել, Վաշալոմիձե, որ տուն չես գնում: Ոտքերդ բարձրացրու, չե՞ս տեսնում, հատակը մաքրում եմ:
- Բարև ձեզ, մորաքույր Մակա...
- Վու՛յ, քոռանան աչքերս, ա՛ տղա, էսօր հարյուր անգամ տեսել ես՝ նո՞ր ես «բարև» ասում:
- Ցտեսություն, մորաքույր Մակա...
- Աստված ջան, դու հարեհաս լինես բոլոր պակասամիտներին, - բարեմաղթեց մորաքույր Մական, երեսին խաչ հանեց ու շտապ դուրս եկավ դասարանից:

Երեկոյան նորից հավաքվեցինք Իլիկոյի մոտ ու նարդի թեժացրինք: Խաղն այնպես հափշտակեց ինձ, որ դարդերս մոռացա, տրամադրությունս էլ բարձրացավ:

- Դու բեշ: Էլի հո բանաստեղծություն չե՞ս գրել, մեր տղա, - հարցրեց Իլիկոն:
- Շեշ ու չահար, կարդա լսենք, հա՞, - դամ էր պահում Իլարիոնը:
- Իլիկո՜, - լսվեց դրսից:
- Հե՜յ, ո՞վ է:
- Օլգան եմ, Իլիկո, պոչավորս քեզ մո՞տ է:
- Ներս արի, Օլգա, ներս արի: Էստեղ է քո պոչավորը:

Սենյակ մտավ իմ կորամեջք տատը: Գլխաշորը ուղղեց, «բարի երեկո» ասաց, ձեռնափայտը հենեց բուխարու անկյունում, տեղավորվեց կրակի մոտ ու դարձավ ինձ:

- Զուրիկո, որդի, քո քիմիայի դասատուն քանի՞ տարեկան է:
- Կլինի մոտավորապես երեսուն-երեսունհինգ տարեկան: Ի՞նչ կա, տատ, ինչու՞ ես հարցնում, - ասացի ու դարձա համակ ուշադրություն:

Տատս ուսերը թոթվեց, գլուխը տարուբերեց ու նորից հարցրեց.

- Ծալը հո մի քիչ պակաս չի՞, բալա:
- Սրա նմանի դասատուն բա ի՞նչ կլինի, - իսկույն վրա բերեց Իլիկոն:
- Ի՜նչ ես ասում, տատ, գլուխը ճխտած խելք է, - պատասխանեցի ես:
- Իլարիոն, աստծու սիրուն, հալա մի կարդա, տես ի՞նչ է գրում, - ասաց տատս և Իլարիոնին պարզեց մի ծրար:

Փշաքաղվեցի:

Իլարիոնը վերցրեց նամակը, ակնոցը դրեց ու հարցրեց:

- Ո՞վ բերեց, Օլգա:
- Լադիկո Սիխարուլիձեի աղջիկը բերեց, Մերին:

Իլարիոնը բացեց քառածալ թուղթն ու սկսեց կարդալ. «Թանկագինս, երանելիս, աննմանս, կարոտյալս...»:

- Սա քե՞զ է գրում, - հարցրեց Իլիկոն:
- Չմեռնես դու, հա՜, բա՝ ու՞մ:

Բերանս չորացավ, ձեռքերս սառեցին, ճակատս քրտնեց:

Իլարիոնը շարունակում էր.
«Այն բանից հետո, երբ առաջին անգամ տես քեզ՝ ես ճանաչեցի գեղեցիկի բացարձակ ճշմարտությունը...»:

- Ինձ որտե՞ղ է տեսել էդ տնաքանդը, - քթի տակ ժպտաց տատս ու նայեց Իլիկոյին:

Իլիկոն բերանը բաց լսում էր:
«Ես հասկացա իմաստն իմ կեցության: Ես ընդունեցի քեզ իբրև ապոթեոզ հոգեկան գեղեցկության և էսթետիկական բավականության...», - կարդում էր Իլիկոն:

- Էս տեղը ինչ-որ չհասկացա, - ասաց տատս:
- Սիրուց ի՞նչ պիտի հասկանաս, Օլգա, սիրելիս, - պատասխանեց Իլարիոնը:
- Հա՛, բայց նա ե՞րբ հասցրեց սիրահարվել քեզ, - հարցրեց Իլիկոն:
- Զուրիկելայի պատճառով քանի՜ անգամ են սրան դպրոց վազեցրել, մարդն էլ տեսել, սիրահարվել է:
«Ինձ խելագարեցնում են աչքերդ...», - շարունակում է Իլարիոնը:
- Կուրանան դրա աչքերը, հը՜, - բացականչեց Իլիկոն:
«Թարթիչներդ», - շարունակում է Իլարիոնը:

Իլիկոն փորը բռնեց ու գլորվեր հատակին:

Չնայած Իլարիոնի զկռտոցը բռնեց, բայց շարունակում էր կարդալ.
«Ինձ խելագարեցնում են՝ մարմինդ, նայվածքդ, փղոսկրե ատամներդ...»,-արդում էր Իլարիոնը, իսկ աչքերից հեղեղի նման արցունքներ էին հոսում:

- Վերջացրու, ա՛յ անհավատ, մեռա ես, - բացականչեց Իլիկոն, - վերջացրու, էլ չեմ կարող, հերիք է:

Իլարիոնն ընթերցումը վերջացրեց ու սկսեց Իլիկոյին ուշքի բերել: Տատս քթի տակ խնդմնդում էր: Միայն ես էի կանգնել քարացած ու ապուշ կտրած:

- Տատիդ ե՞րբ ես մարդու տալիս, հարսանիքին չմոռանաս մեզ կանչել, - քրքջալով ասաց Իլիկոն ու նորից գլորվեց հատակին:
- Էստեղ ինչ-որ բան էնպես չի, - ասաց Իլարիոնը:
- Օլգա, Օլգա, կարելի՞ է մարդուն էդ աստիճանի գժվեցնել:
- Իլիկո քեռի, - հենց այդ պահին լսվեց դրսից:
- Հե՜յ, ո՞վ ես, ներս արի:

Ներս մտավ կասկարմիր կտրած Մերին: Նա փչեց սառած մատներին, հետո խաչաձև դրեց թևատակերին ու սկսեց դոփդոփել ոտքերով:

- Օլգա տատիկը, ուրեմն, ձեզ մո՞տ է:
- Էստեղ եմ, աղջիկս: Էս ի՞նչ նամակ ես ինձ բերել, այ՛ որդի, օր-ծերության քիչ մնաց կոտորվեինք ծիծաղից, - նամակը վերադարձնելով ասաց տատս:
- Օլգա տատի, դասատուի տված նամակը սա է, շփոթել եմ: Էս նամակն թե որտեղից է ընկել պայուսակս, ինքս էլ չգիտեմ, - ասաց Մերին ու նամակը հանձնեց տատիս:

Տատս տվեց Իլարիոնին:
«Խնդրում եմ վաղը ներկայանաք դպրոց ձեր թոռան անվայել արարքի պատճառով»:

- Էլի ինձ սաղ-սաղ թաղեցի՞ր, մահի տարած, - բացականչեց տատս ու վերցրեց ձեռնափայտը:

Պարսատիկի պես դուրս նետվեցի:

- Աչքս տանը չտեսնի քեզ, թաղեմ բոյդ, գնա քարշ արի՝ ուր ուզում ես, - աղաղակեց տատս:

Քիչ անց Մերին դուրս եկավ. գալիս էր գլխիկոր, մտախոհ, սառած ձեռքերն այլևս չէր թաքցնում, գլխաշորը սահել էր ուսերին, անհնազանդ մի մազափունջ մեղմորեն խաղում էր քունքին: Նա նման էր ինչ-որ տեղ իմ տեսած մեծահամբավ նկարչի կտավի, որի անունը, սակայն, չէի հիշում: Անցավ՝ առանց նայելու իմ կողմը:

- Մերի, - կանչեցի ցածրաձայն:

Կանգ առավ: Ես մոտեցա նրան, անհնազան մազափունջն ուղղեցի, հետո նորից խառնեցի: Նա ոչ մի շարժում չարեց:

- Կարդացի՞ր:

Ոչինչ չպատասխանեց: Նայեցի իր խելացի աչքերով ու գնաց:

- Մերի՜:

Նորից կանգ առավ:

- Ես եմ գրել, Ռոմուլին գրել տվեց: Ես այդպես չէի ուզում. նա ասաց՝ այդպես է պետք:
- Այդպիսի հանաքը լավ չէ, Զուրիկո:
- Ես հանաք չեմ արել, Մերի: Ես... Մերի, դու կարծում ես, վա՞տ տղա եմ ես:
- Չէ՛, Զուրիկո:

Քայլեցինք առաջ: Անդադար փչում էր քամին: Անընդհատ ձյուն էր տեղում: Գնում էինք լուռ: Անցանք մեր տան մոտից:

- Սրա տակ իմ Մուրադան է թաղված, - ասացի ես ու նայեցի ամբողջովին ձյունածածկ չինարին:
- Գիտեմ:
- Ես շատ եմ սիրում Մուրադային. աշխարհում ամեն ինչից շատ: Նրան, տատիս, Իլիկոյին ու Իլարիոնին հավասարաչափ եմ սիրում:
- Գիտեմ, Զուրիկո:
- Ես շատ եմ սիրում Մուրադային. առանց նրա ապրել չեմ կարող: Ինչքան ժամանակ է անցնում՝ ավելի ու ավելի եմ սիրում, կարոտում: Մուրադան էլ ինձ էր շատ սիրում: Ես Մուրադայի հետ խոսում էի՝ ոնց-որ մարդու հետ: Նրա ասածն էլ ես էի հասկանում, բոլոր ասածները հասկանում էի, բոլորը: Մուրադան որ մեռավ, ինձ թվում էր, թե ես ինձ կսպանեմ: Աշխարհում բոլորից լավը իմ Մուրադան էր, ես աշխարհում բոլորից շատ նրան եմ սիրում: Իսկապես, մարդ սիրուց կարող է գժվել: Մրսու՞մ ես:
- Հա՛:
- Ես չեմ մրսում:

Քուրքս հանեցի ու գցեցի Մերիի ուսերին: Ձեռքս ետ չքաշեցի: Այդպես քայլում էինք ձյան վրայով, թարմ, դեռ ոտնահետք չտեսած ու անարատ ձյան վրայով: Հասանք Մերիենց տուն...

- Տաքացա՞ր:
- Տաքացա, Զուրիկո:
- Դու հո գիտեի՞ր իմ Մուրադային:
- Գիտեի:
- Մուրադան քեզ շատ էր սիրում. միշտ ինձ ասում էր՝ Մերին լավ աղջիկ է, աշխարհում Մերիի նմանը չկա, Մերին բոլորից լավն է, Մերին շատ-շատ լավ աղջիկ է, Մերին սիրուն աղջիկ է, Մերիի նման գեղեցիկ աչքեր ոչ ոք չունի, Մերին անչափ բարի և խելացի աղջիկ է: Մուրադան շատ էր սիրում քեզ, ինչպես ինձ է սիրում, չէ, քեզ ավելի շատ էր սիրում. երբեք քեզ վրա չէր հաչում: Դու նույնպես սիրում էիր իմ Մուրադային, չէ՞:
- Իհարկե, Զուրիկո, ես շա՜տ-շատ էի սիրում Մուրադային:
- Մերի:
- Ի՞նչ, Զուրիկո:

Գլուխը բռնեցի, մեղմորեն քաշեցի ինձ և դեմքս թաքցրի նրա մազերի մեջ: Մերին արտասվում էր: Ես էլ էի արտասվում: Շարունակ ձյունում էր: Նաև արև կար, սեր, արցունք և շա՜տ-շա՜տ ձյուն: Երբ Իլիկոյի համար կարդացի, և նա ասաց, թե քամի, ձյուն, աշխարհն էլ որ քանդվում է, դու ինչու՞ ես ուրախանում, ա՛յ լակոտ, ճիշտ այդպես էր: Այդպես էր, ու թեև աշխարհը քանդվում էր, ես ուրախ էի: Այդ գիշեր, եթե նույնիսկ տատս տուն թողներ, չէի գնա: Անդադար ձյուն էր տեղում, քամի էր, լուսին ու արև, նաև սեր ու շա՜տ-շա՜տ ձյուն:




շարունակելի

Chuk
01.09.2009, 01:07
Թեև ստեղծագործությունը մինչև վերջ տեղադրելու եմ անկախ ամեն ինչից, այսուահանդերձ հետաքրքիր է, կարդացող կա՞ :oy

Anisa
01.09.2009, 01:14
Գիտես ինձ հետաքրքրեց, դեռ ընդհանուր առմամբ չգիտեմ ինչի մասին ես գրում, բայց կկարդամ:

Ֆոտոն
01.09.2009, 01:19
Ես կարդում եմ: ;)
Շատ հումորով է գրված:
Անկախ այն բանից, կտեղադրես ամբողջությամբ, թե ոչ, հաստատ կկարդամ:

Chuk
01.09.2009, 01:19
Գիտես ինձ հետաքրքրեց, դեռ ընդհանուր առմամբ չգիտեմ ինչի մասին ես գրում, բայց կկարդամ:
Ճիշտն ասած ես չեմ գրում, ես տեղադրում եմ հայտնի վրաց գրող Նոդար Դումբաձեի հայտնի վեպը՝ «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը»: Անչափ հետաքրքիր ու աշխույժ մի ստեղծագործություն: Կարդալ խորհուրդ տալիս եմ :)

Իսկ ակումբցիների, այդ թվում իմ ստեղծագործությունները կարող ես գտնել «Ստեղծագործողի անկյուն» բաժնում :)

Anisa
01.09.2009, 01:25
Ճիշտն ասած ես չեմ գրում, ես տեղադրում եմ հայտնի վրաց գրող Նոդար Դումբաձեի հայտնի վեպը՝ «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը»: Անչափ հետաքրքիր ու աշխույժ մի ստեղծագործություն: Կարդալ խորհուրդ տալիս եմ :)

Իսկ ակումբցիների, այդ թվում իմ ստեղծագործությունները կարող ես գտնել «Ստեղծագործողի անկյուն» բաժնում :)

Համենայն դեպս հետեքրքրեց, կհետևեմ խորհրդիտ:

Մանուլ
01.09.2009, 14:39
Թեև ստեղծագործությունը մինչև վերջ տեղադրելու եմ անկախ ամեն ինչից, այսուահանդերձ հետաքրքիր է, կարդացող կա՞ :oy
Արդեն կարդացել եմ :oy Բայց էլի կկարդայի, եթե էկրանը չհոգնեցներ ;) Լավն էր շատ :)