PDA

Դիտել ողջ տարբերակը : Կալանավորվել է կոնգրեսի ակտիվիստներից՝ Տիգրան Առաքելյանը



Hay_XY
05.07.2009, 21:43
Նոր քաղ, բանտարկյալ, շինծու մեղադրանքներով:
http://www.a1plus.am/am/politics/2009/07/2/hak

Վաղը և հետագայում նույնպես Տիգրանին են աջակցելու իր ընկերները՝ հավաքվելով և պահանջելով նրա շուտափույթ ազատ արձակումը: Բոլոր նրանց, ում կհաջողվի տեսագրել կարևոր միջադեպեր Տիգրանի կամ այլ քաղ. բանտարկյալների վերաբերյալ, խնդրում եմ փոխանցել նյութն ինձ, եվրոպարլամենտ ներկայացնելու նպատակով:

Շնորհակալություն

Հ.Գ. Նյութերի համար խնդրում եմ կապնվել ինձ ակումբի նամակագրությունների միջոցով:

murmushka
06.07.2009, 10:46
Ծեծված երիտասարդը ձերբակալվեց
11:38 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Կենտրոնի ոստիկանները երեկ ձերբակալել են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Վերջինս այն երիտասարդներից մեկն էր, ով Աբովյան փողոցի վրա հուլիսի 1-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվեց' ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելու համար: Առաքելյանն այն նույն երիտասարդն է, որի գլխին ոստիկանները ատրճանակի կոթով հարվածել էին հուլիսի 1-ին, եւ նա ծեծի ենթարկված մյուս 2 երիտասարդների հետ Շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Նոր-Նորքի շտապօգնության հիվանդանոց:

Երեկ Տիգրան Առաքելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Կենտրոնի ոստիկանության, իսկ այնուհետեւ դարձել կասկածյալ եւ ձերբակալվել:

Այս պահին Առաքելյանին պաշտոնական մեղադրանք դեռ չի առաջադրվել, սակայն փոքրակազմ երիտասարդը մեղադրվում է իրենից մի քանի անգամ մարմնեղ ոստիկանի' Էրիկ Պողոսյանին ծեծելու համար: Հիշեցնենք, որ Էրիկ Պողոսյանը մարտի 1-ի մի քանի գործերով տուժող էր եւ ցուցմունքներ է տվել ընդդիմության ձերբակալված ակտիվիստների դեմ:

«Ոստիկանությունում Տիգրանը մեղադրել են, թե նա հարձակվել է ոստիկանների վրա, ծեծել նրանց, հետո հետապնդել է զենքով ոստիկանին եւ նորից ծեծել: Սա աբսուրդ է: Արդարադատության տեսանկյունից' Տիգրան Առաքելյանը հուլիսի 1-ին տուժել է: Այն ինչ կատարվում է այսօր, այլ բան, քան ցինիզմի վառ դրեւորում, չանվանել հնարավոր չէ»,- «Ա1+»-ին ասաց ՀԱԿ-ի Քաղբանտարկյալների իրավաբանական աջակցության ծառայության անդամ Արմեն Խաչատրյանը:

Տիգրան Առաքելյանին Ոստիկանությունում հարցաքննել են Քր.օր 258 հոդվածի' շրջանակներում' խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Տիգրան Առաքելյանը ոստիկանություն էր գնացել փաստաբան Կիվի Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Գործող օրենսդրության համաձայն' 72 ժամվա ընթացում նրան կամ մեղադրանք կառաջադրվի, կամ ազատ կարձակվի: Ի դեպ, ոստիկանությունը երեկ հարցաքննել է նաեւ հուլիսի 1-ին ծեծի ենթարկված ՀԱԿ-ի երիտասարդներից' 16-ամյա Սահակ Մուրադյանին եւ նրանից ստորագրություն վերցրել հանրապետությունից չբացակայելու համար: Սահակ Մուրադյանը հուլիսի 1-ին ուղեղի ցնցում էր ստացել: Այսօր Ոստիկանություն է հրավիրվել նաեւ ծեծի ենթարկված երրորդ երիտասարդը' անչափահաս Հերբերտ Գեւորգյանը, որը քթի կոտրվածք է ստացել հուլիսի 1-ին:

Ըստ Արմեն Խաչատրյանի' երիտասարդներին ծեծի ենթարկելու փաստը ոստիկանները փորձում են ձեւակերպել, թե նրանք ծեծի են ենթարկվել խուլիգանություն կատարելու ընթացքում:

Տեղի ունեցածը դատապարտել է նաեւ ՀԱԿ-ի երիտասարդական թեւը. «Վերջին մի քանի ամիսներին երիտասարդության դեմ սկսված արշավը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ թիրախը դառնում է երիտասարդությունը, որն աչքի է ընկնում իր ազատատենչությամբ և ապօրինի ռեժիմի դեմ իր անզիջում պայքարով: Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ պետականության և մեր երկրի ապագայի նկատմամբ կատարված այս հանցագործությունը, ռեժիմից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերոջը և հայտարարում ենք, որ այսօրինակ քայլերը մեր կրկնապատկելու են մեր ջանքերը' օր առաջ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար»:

murmushka
06.07.2009, 10:47
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Հանրապետությունում հաստատված հանցավոր ռեժիմը շարունակում է իր ապօրինությունների շարքը: Երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը: ՀՀ «իշխանությունների» կողմից կատարված այս հանցագործությունը հատկանշական է նրանով, որ նրանք կանգ չեն առնում և ոչ մի հանգամանքի առաջ, նույնիսկ` ՀՀ Սահմանադրության ընդունման տոնակատարության օրը նրանց չի զսպում ապօրինություններ գործելուց: Վերջին մի քանի ամիսներին երիտասարդության դեմ սկսված արշավը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ թիրախը դառնում է երիտասարդությունը, որն աչքի է ընկնում իր ազատատենչությամբ և ապօրինի ռեժիմի դեմ իր անզիջում պայքարով:
Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ պետականության և մեր երկրի ապագայի նկատմամբ կատարված այս հանցագործությունը, ռեժիմից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերոջը և հայտարարում ենք, որ այսօրինակ քայլերը մեր կրկնապատկելու են մեր ջանքերը` օր առաջ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար:

Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհուրդ
06.07.2009

murmushka
06.07.2009, 12:24
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Տիգրան Առաքելյանը հացադուլ է հայտարարել:

voter
06.07.2009, 15:35
Այնպես են անում, որ իսկապես առիթ եղած դեպքում ոստիկաններին ծեծեն, որ գոնէ իզուր տեղը չնստեն, մեկ է գործը սարքելու են...

Vaho
06.07.2009, 16:04
Մենակ Հայաստանում է որ, ոստիկաններից, պետք է զգուշանալ , փոխանակ դրանց կողմից մեզ պաշտպանված զգանք, հակառակնա դրանք որ հայտնվում են ուրեմն թող ու փախի ավելի վատա լինում:angry

Hay_XY
07.07.2009, 00:15
http://www.a1plus.am/am/politics/2009/07/6/levon-zurabyan

Hay_XY
07.07.2009, 00:28
«Համաներման մասին» ՀՀ օրենքում նշված է, որ «համաներումը կիրառել մինչեւ սեպտեմբերի 31-ը»:

Այս կետը նշանակո՞ւմ է, արդյոք, որ եթե դատավարությունն, ասենք Նիկոլ Փաշինյանի պարագայում, ձգձգվի, եւ վճիռը կայացվի սեպտեմբերի 31-ից հետո, համաներումը կարող է չկիրառվել նրա նկատմամբ: Այս հարցը «Ա1+»-ի համար մեկնաբանեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը. «Ոչ: Այս կետը նշանակում է, որ ում նկատմամբ այս պահին կիրառելի է, չի կարելի ձգել ավելի, քան մինչեւ սեպտեմբերի 31-ը»:

Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ մի մասը ազատազրկված է եւ նրանց հարցը պարզ է, որ լուծվում է առաջին երկու-երեք օրվա մեջ: Բայց կան բազում մարդիկ, ովքեր այլ պատիժների են դատապարտված' պայմանական եւ այլն, որոնց հետ կապված շտապելու խնդիր չկա, բայց նաեւ, որպեսզի դա չդառնա կոռուպցիայի բուն, դրա համար գրվել է, որ համաներումը առավելագույնը մինչեւ սեպտեմբերի 31-ը կիրառվի:

«Դա չի նշանակում, որ այդ պահից համաներումը դադարում է գործելուց. սա պարտավորություն է պետական մարմինների համար' գործել արագ, սակայն որեւէ ձեւով չի սահմանափակում այն մարդկանց իրավունքները, ովքեր ենթակա են համաներման ավելի ուշ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Աղբյուրը՝ Ա1+
http://www.a1plus.am/am/politics/2009/07/6/david-harutyunyan

Ես կավելացնեի իմ կարծիքը, որ դա նշանակում է, որ հետևյալը սեպտեմբերի 18-ի հանրահավաքին է ավելի շատ վերաբերում: Մնացածն ինքներդ վերլուծեք:

dvgray
07.07.2009, 03:15
Այնպես են անում, որ իսկապես առիթ եղած դեպքում ոստիկաններին ծեծեն, որ գոնէ իզուր տեղը չնստեն, մեկ է գործը սարքելու են...
դրանց դեմ արդար, մաքուր, ասպետակամն, տղայական… պայքարը/կռիվը աբսուրդ բան է, որովհետև իսկզբանե այդ կռվողը/պայքարողը անսահման ավելի թույլ է զինված, քան ամբողջ պետական ապարատի զենք ու զրահով պաշտպանվածները: Այստեղ նախընտրելի է ամեն ձևի թաքնված/տակից , նույնիցկ ավելի նախընտրելի է հետևից խփել/դանակահարել/անձայն ատրճանակից կրաեկել ու փախնել/պախկվելը: դրանց պետք է ահաբվեկել/սարսափաբեկել: Ստեղ շատ ճակատագրական գիծ է անցնում: կամ իրանց, կամ իրանք:

Chuk
07.07.2009, 16:42
Միացավ Տիգրան Առաքելյանի հացադուլին
16:02 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի հայտարարած հացադուլին այսօր միացել է նաեւ ՀՀՇ երիտթեւի նախագահ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին` հուլիսի 1-ին Աբովյան փողոցի վրա թռուցիկներ բաժանելու ընթացքում ոստիկաններին ծեծի ենթարկելու մեղադրանքով:

Տիգրան Առաքելյանը հացադուլ է հայտարարել երեկվանից: «Այս իշխանություններին թվում է, որ մեզանից ամենաակտիվիստներին ձերբակալելով` կարող են մյուսներին վախեցնել, հետ պահել պայքարից: Այսօր ես եմ միացել Տիգրանի հացադուլին, վաղը մյուսներն են միանալու: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այս երկրում օրինականություն չի հաստատվել»,- Ա1+ին ասաց Կարեն Կարապետյանը:

Նա ընդունում է, որ հացադուլը ծայրահեղ միջոց է, եւ միաժամանակ իշխանությունների վրա որեւէ ազդեցություն չի թողնում, սակայն պատրաստ է շարունակել հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ Տիգրան Առաքելյանը ապօրինի անազատության մեջ է. «Մենք հացադուլ չեն հայտարարում այս իշխանությունների գութը, խիղճը կամ բարոյականությունը արթնացնելու համար: Այս իշխանություններից որեւէ ակնկալիք չունենք: Մենք այս ծայրահեղ միջոցով հնչեղություն ենք տալիս Տիգրան Առաքելյանի եւ ընդհանրապես մյուսների նկատմամբ տեղի ունեցած ապօրինություններին»:

Հիմք ընդունելով այն փաստը, որ փոքրամարմին Տիգրան Առաքելյանին Կենտրոնի ոստիկանությունը մեղադրում է մեն-մենակ մի քանի զինված ոստիկանի ծեծի ենթարկելու մեջ` Կարեն Կարապետյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնին առաջարկում է. «Եթե Տիգրան Առաքելյանը կարողանում է միանգամից ծեծի ենթարկել քրեականի մի քանի օպերլիազորի, ապա ես խորհուրդ եմ տալիս աշխատանքից հեռացնել բոլոր «ծեծի ենթարկված» օպերլիազորներին եւ նրանց փոխարեն աշխատանքի ընդունել Տիգրան Առաքելյանին, քանի որ ըստ ոստիկանների` Տիգրանը միայնակ անում է ավելին, քան իրենց բոլոր աշխատողները միասին»:

Կարեն Կարապետյանը հացադուլ է հայտարարել ՀՀՇ վարչության շենքի մոտ, որտեղ նաեւ փակցվել են այն ոստիկանների լուսանկարները, որոնք հուլիսի 1-ին Աբովյան փողոցի վրա ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի այն երիտասարդներին, որոնք իրազեկում էին հերթական հանրահավաքի մասին: Թռուցիկներ բաժանելու ընթացքում էլ Տիգրան Առաքելյանը եւ ՀԱԿ-ի եւս 2 երիտասարդներ ծեծի են ենթարկվել եւ տեղափոխվել Նոր-Նորքի հիվանդանոց, իսկ Տիգրան Առաքելյանն որպես մեղադրյալ հայտնվել է Ոստիկանության կենտրոնի բաժնում: Ձերբակալումից հետո 72 ժամվա ընթացում Տիգրան Առաքելյանը կամ ազատ կարձակվի կամ նրան մեղադրանք կառաջադրեն: 72 ժամը լրանում է վաղը:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/07/7/hinger-strike)

Hay_XY
07.07.2009, 17:03
«Եթե Տիգրան Առաքելյանը կարողանում է միանգամից ծեծի ենթարկել քրեականի մի քանի օպերլիազորի, ապա ես խորհուրդ եմ տալիս աշխատանքից հեռացնել բոլոր «ծեծի ենթարկված» օպերլիազորներին եւ նրանց փոխարեն աշխատանքի ընդունել Տիգրան Առաքելյանին, քանի որ ըստ ոստիկանների` Տիգրանը միայնակ անում է ավելին, քան իրենց բոլոր աշխատողները միասին»

:hands

Բրավո, Կարեն :hands

murmushka
07.07.2009, 23:15
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Առաքելյանի ձերբակալությունից հետո Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհուրդն ստեղծել է «Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի պաշտպանության» նախաձեռնող խումբ, որը պետք է համակարգի Տ. Առաքելյանի ձերբակալության դեմ բողոքի միջոցառումները:
Հայնում ենք նաև, որ այսօրվանից ի նշան Տ. Առաքելյանի ձերբակալության ՀՀՇ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել է անժամկետ հացադուլ (Սարյան 38 հացեով):

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ
Երիտասարդական խորհուրդ
07.07.2009

Chuk
08.07.2009, 15:13
Արդեն 5 հացադուլավոր
10:57 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Առաքելյանի ձերբակալությունից հետո Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհուրդն ստեղծել է «Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի պաշտպանության» նախաձեռնող խումբ, որը պետք է համակարգի Տիգրան Առաքելյանի ձերբակալության դեմ բողոքի միջոցառումները:

Հիշեցնենք, որ երեկվանից ի նշան Տիգրան Առաքելյանի ձերբակալության ՀՀՇ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել է անժամկետ հացադուլ:

Այսօր հացադուլին միացել են եւս 4 հոգի' Առաքել Սեմիրջյանը, Նարեկ Այվազյանը, Սարգիս Գեւորգյանը, Սարգիս Խաչատրյանը:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀՇ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Կարապետյանը, իրեն բացի ոստիկանությունից ոչ-ոք չի այցելել.

«Երեկ գիշերը ոստիկանության աշխատակիցները եկան, իմացան իմ պահանջները, հետո հեռախոսով ինչ որ մեկին զեկուցեցին ու գնացին, այսօր էլ եկան, գրեցին մյուս հացադուլավորների անունները եւ հեռացան, Շտապ օգնությունից ընդհանրապես չեն եկել»,-ասաց Կարենը:

Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/07/8/tigran-arakelyan)

murmushka
08.07.2009, 21:30
Տիգրան Առաքելյանը կալանավորվեց
20:30 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր որոշեց հուլիսի 5-ին ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը. նա կալանավորվեց 2 ամսով:

Թեեւ ժամը 18:00-ին դատարաններում աշխատանքային օրն ավարտվում է, սակայն հենց այս ժամին սկսվեց նրա խափանման միջոցի քննումը:

Տիգրան Առաքելյանի պաշտպանը' Վարդուհի Էլբակյանը, ներկա չէր դատավարությանը: «Ա1+»-ի հետ հեռախոսային զրույցի ժամանակ նա ասաց, որ նա վերադառնում է Գյումրիից եւ դատական նիստի մասին մի քանի րոպե առաջ է տեղեկացել: «Թեեւ ես դատարանին նախապես զգուշացրել էի, որ այսօր Գյումրիում ես մեկ այլ դատական նիստի եմ լինելու: Սակայն դա դատարանին չխանգարեց անցկացնել դատական նիստ առանց ինձ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը հուլիսի 1-ին Աբովյան փողոցի վրա թռուցիկներ բաժանելիս է եղել, երբ տեղի է ունեցել ընդհարում ոստիկանության աշխատակիցների հետ: Վերջիններս խոչընդոտել են Տիգրանին ու նրա մյուս ընկերներին բաժանել հուլիսի 2-ին ՀԱԿ-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները: Սակայն Տիգրան Առաքելյանն է ձերբակալվել ոստիկաններին ծեծի ենթարկելու մեղադրանքով: Նա արդեն 3 օր է հացադուլ է անում:

Դատարանի մոտ հավաքվել էր մեծ բազմություն, որը սպասում էր դատական նիստից որեւիցե նորության:

SDes77
08.07.2009, 22:49
2 ամիս` թռուցիկներ բաժանելու համար. Ծանր է...

Chuk
08.07.2009, 22:51
2 ամիս` թռուցիկներ բաժանելու համար. Ծանր է...

2 ամիս նախնական կալանք ;)

SDes77
08.07.2009, 22:55
Նու ցանկության դեպքում 3 տարի խուլիգանության համար կարելն էլ բարդ չէ էս սիտուացիայում: Էլ չեմ ասում, որ ոստիկանի բռնաբարություն էլ կարող են կարել, ֆանտազիայի պրոբլեմ ըստ երևույթի չունեն, լավ մանևրում են: տեսնենք, մինչև երբ...

Chuk
08.07.2009, 22:58
Հացադուլավորների թիվն ավելացել է. բողոքում են Տիգրան Առաքելյանի ձերբակալության դեմ

23:12 • 08.07.09

Երեկ հացադուլ հայտարարած ՀՀՇ երիտթևի ղեկավար Կարեն Կարապետյանին են միացել ևս երեք երիտասարդ` Առաքել Սեմերջյանը, Նարեկ Այվազյանը և Արայիկ Միրզոյանը: Նրանք անժամկետ հացադուլ են հայտարարել և պահանջում են ազատ արձակել իրենց ընկեր, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 5-ին և այդ օրվանից նա ևս հացադուլ է հայտարարել: Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ արդեն ինքնաբուխ նստացույց է տեղի ունենում ՀՀՇ վարչության շենքի մոտ, իսկ իրենք պատրաստվում են դիմել բոլոր դեսպանատներին: Նա նշեց, որ հարկավոր է հասարակական հնչեղությունն ամբողջովին բևեռել տվյալ խնդրի շուրջ:

«Այստեղ խնդիրը միայն Տիգրան Առաքելյան անձը չէ, խնդիրը կայանում է նրանում, որ մարդը նույնիսկ քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաքի մասին իրազեկում իրավունք չունի անցկացնելու: Մենք շարունակելու ենք մեր պայքարը և հնչեղությունն օր օրի ավելի մեծացնելու ենք»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Ի դեպ, Կարեն Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ հացադուլը սկսելուց առաջ իրենք իրազեկել են քաղաքապետարանին, որը պարտավոր է ապահովել հացադուլի նստած անձի առողջությանը հետևելը, սակայն որևէ արձագանք բժիշկների կողմից չի եղել: Իրենք ստիպված են եղել բժիշկ հրավիրել: Այսօր ժամանած շտապ օգնության բժիշկը, Կարապետյանի փոխանցմամբ, ասել է, որ հացադուլավորի առողջությանը պարտավոր է հետևել քաղաքապետարանը: Բժիշկը նշել է, որ շտապ օգնությունը չի իրազեկվել հացադուլի մասին:

Հացադուլավորները հացադուլի մասին հայտնել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, սական այնտեղից ևս արձագանք չի եղել:

Միակ մարմինը, որտեղից երկու անգամ այցելել են հացադուլավորներին, ոստիկանությունն է:

Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ այսօր ցանկացել են հացադուլի նստել նաև Համաժողովրդական շարժման 2 անչափահաս ակտիվիստներ Սարգիս Գևորգյանը և Սարգիս Խաչատրյանը, սակայն ավագ ընկերները արգելել են նրանց դիմել այդ քայլին:

Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/07/08/hungerstrike/)

Hay_XY
09.07.2009, 14:53
Նստացույց էլ են անելու

Ի պաշտպանություն ՀԱԿ երիտթեւի անդամ Տիգրան Առաքելյանի` հացադուլ են անում 4 հոգի` Կարեն Կարապետյանը , Նարեկ Այվազյանը, Արայիկ Միրզոյանը եւ Առաքել Սեմիրջյանը:

Իսկ հացադուլ հայտարարած 2 անչափահասները` Սարգիս Գեւորգյանը եւ Սարգիս Խաչատրյանը, ընկերների հորդորով երեկ դուրս են եկել հացադուլից:

«Կարծում ենք չարժի, որ նրանք այս տարիքում փչացնեն իրենց առողջությունը այս ապօրինի իշխանությունների համար, չնայած չէին ուզում: Նրանք կարող են այլ ակցիաներ էլ իրականացնել, սպասվում է նաեւ նստացույց»,- ասաց ՀՀՇ երիտասարդական թեւի նախագահ Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ 2 ամսով կալանավորված Տիգրանն էլ է 4-րդ օրն է հացադուլ է անում, եւ ՀՀՇ գրասենյակի առջեւ հացադուլ անողները պարզապես միացել են նրան:

Երեկվանից ակցիային միացած Նարեկ Այվազյանն էլ ասում է, որ հանուն ազատության է միացել պայքարին, եւ իրենց նպատակը Տիգրանի ազատությունն է:

Ի դեպ, հացադուլավորներին ոչ ոք չի այցելել: Բժիշկներ եւս չեն եկել:

«Այս ամենով պարտավոր է զբաղվել քաղաքապետարանը, բժիշկների հոգածությունը պետք է ապահովի քաղաքապետարանը, բնականաբար քաղաքապետարանը այդ նույն ավազակապետության օղակներից մեկն է, իշխանության մարմիններից մեկը: Բնականաբար քաղաքապետը, որ իրեն թույլ է տվել կեղծիքների արդյունքում, ծեծուջարդով ընտրվել քաղաքապետ, բնականաբար, ուշադրություն չի դարձնի ընդդիմության ակցիաների վրա»,-ասում է Կարեն Կարապետյանը:

Երեկ հացադուլավորները իրենք են Շտապ օգնություն կանչել. Բժիշկները նրանց ճնշումը չափել են, բայց կանչը գրանցվել է ոչ թե հացադուլավորի, այլ բնակչի կողմից:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ նրա նկատմամբ խափանման միջոց երեկ ընտրվել է երկամսյա կալանքը: Տիգրանը մեկն է այն երիտասարդներից,ո ր ծեծվել է ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկելիս, սակայն ոստիկանությունը հակառակն է հայտարարում:

Աղբյուրը՝ Ա1+ (http://www.a1plus.am/am/politics/2009/07/9/strike)

Hay_XY
09.07.2009, 14:58
ՀԱԿ-ի եվրոպաբնակ համակիր երիտասարդ ակտիվիստները պատրաստվում են նամակ հղել Բելգիայում ՀՀ դեսպանատանը: Նամակին ուշադրություն չդարձնելու դեպքում երիտասարդները կդիմեն ավելի բարձր ատյանների՝

«Մենք` եվրոպաբնակ ներքոստորագրյալ երիտասարդներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընդդիմադիր երիտասարդության դեմ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ: Դրա գագաթնակետը եղավ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը:

Շինծու մեղադրանքներ առաջ քաշելը, երբ տուժածը հանկարծ վերածվում է կասկածյալի, ապա մեղադրյալի, բնորոշ է «երրորդ աշխարհի» ամենահետամնաց երկրներին: Ցավոք, հատկապես վերջին տարիներին, Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ անում են այդ երկրներից հետ չմնալու համար:

Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի քայլերը, պահանջում ենք ՀՀ իշխանությոններից անմիջապես դադարեցնել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, այլապես այս խնդիրը ստիպված կլինենք բարձրացնել եվրոպական ամենաբարձր ատյաններում, ինչը, վստահ ենք, Հայաստանում հաստատված ապօրինի ռեժիմին ամենևին ձեռնտու չէ:»

voter
10.07.2009, 19:22
Ով է կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որ կանգնած է երիտասարդներին ծեծող բանդայի ետևում....

ՎԻՐԱԲՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՄԻԵԴ-ՈՒՄ Է
Այդ համատեքստում հոլովվում է հայտնի «կոստոլոմշչիկ» ոստիկան Աշոտ Կարապետյանի անունը

Այս օրերին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննարկվում է ՀԺԿ նախկին անդամ, 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի բողոքը: Հիշեցնենք, որ 2004թ. ապրիլի 12-ի դեպքերից օրեր անց՝ ապրիլի 23-ին, Արտաշատի ոստիկանության աշխատակիցները ներխուժել էին Գ. Վիրաբյանի տուն եւ որպես ընդդիմության հանրահավաքներին մասնակցողի տարել էին ոստիկանատուն, որտեղ հինգ ժամ ծեծել-խոշտանգելուց հետո տեղափոխել էին մեկուսարան ու միայն հաջորդ օրը գրեթե անգիտակից վիճակում գտնվող Վիրաբյանին շտապօգնության մեքենայով տարել էին հիվանդանոց: Բժիշկները նրան վիրահատել էին՝ հեռացնելով ձախ ամորձին, վնասված էր եղել նաեւ նրա ձախ կողը: Ծեծողներից մեկը, ի դեպ, ով բանալու խրձով ու ոտքերով հարվածներ էր տեղացել Վիրաբյանի վրա՝ գոտկատեղից ցածր հատվածում, եղել էր այն ժամանակ Արտաշատի ոստիկանության բաժնի այն ժամանակ օպերգծով տեղակալ, իսկ այսօր Երեւանի Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը: Գ. Վիրաբյանին մի լավ ծեծելուց եւ պատասխան մի հարված ստանալուց հետո ոստիկանները նրան տարել էին Ա. Կարապետյանի աշխատասենյակ: «Հենց ներս մտավ, թքեց վրաս՝ «բոմժե՛ր, ի՞նչ եք ուզում, էս երկիրը, մեկ է, չեք կարող փոխել»: Տեսավ, որ բոթասներով եմ, կրունկներով սկսեց խփել մատներիս, բոլորին դուրս հանեց, ինքը մենակ էր: Ես իրեն զգուշացրի, որ կողքիս չխփի: Սկսեց կողքիս խփել։ Ձեռքին սեյֆի մեծ բանալի կար, դրանով էր խփում կողքիս, ոտքերիս արանքին: Տեսավ, որ խփելուց բռնում եմ, կանչեց տղաներին, ասաց՝ ձեռնաշղթա հագցրեք: Հետեւի կողմից ձեռնաշղթաներ հագցրին՝ պինդ սեղմելով»:

Այսքանից հետո, ինչպես այս օրերին ընդդիմության համակիր երիտասարդներին ծեծի ենթարկելու դեպքում է, 2004-ին էլ իրավապահները մեղադրանք էին առաջադրել ոչ թե «կոստոլոմշչիկ» ոստիկաններին, այդ թվում՝ Ա. Կարապետյանին, այլ՝ հենց միջին ծանրության մարմնական վնասվածքներ ստացած Վիրաբյանին: Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, իսկ ահա նրա բողոքներն ու միջնորդությունը՝ գործ հարուցել իրեն ծեծողների՝ Արտաշատի ոստիկանության աշխատակիցների դեմ, մերժվել էր: Թեեւ նրան խոշտանգելու փաստը հաստատված էր, բայց այդ ոստիկանների, այդ թվում՝ Ա. Կարապետյանի նկատմամբ ծառայողական քննություն էլ չէր նշանակվել: Վիրաբյանի միջնորդությունը մերժվել էր՝ որակվելով անհիմն՝ այն պատճառաբանությամբ, թե իբր Գ. Վիրաբյանի նկատմամբ հարուցված գործի նախաքննության ընթացքում «քննվել են նաեւ ոստիկանների գործողությունները, եւ չի հայտնաբերվել նրանց կողմից պաշտոնական լիազորությունների սահմանազանցման հանգամանք»: Պարզվել էր, որ ոստիկանները ընդամենը «ինքնապաշտպանվել» են: Ընդունեք, որ սա մեր հասարակությանը շատ ծանոթ պատկեր է, ոնց որ՝ «դեժա վյու»: Հետագա ամիսներին Գ. Վիրաբյանը փորձել էր Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում վիճարկել ոչ միայն այս, այլեւ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր նկատմամբ գործը կարճելու մասին: Հիշեցնենք, որ նրան առաջադրված մեղադրանքը դեռ նախաքննության փուլում էր կարճվել՝ այն հիմքով, թե՝ նա «իր զրկանքների գնով քավել է մեղքը», մինչդեռ Վիրաբյանը պահանջում էր գործը կարճել կա՛մ հանցակազմի բացակայության պատճառով, կա՛մ ուղարկել դատարան, որտեղ հնարավոր կլինի հասնել արդարացման դատավճռի:

Ինչպես վերն ասացինք, հիմա Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գ. Վիրաբյանի գործը քննվում է ՄԻ Եվրոպական դատարանում:

2008թ. սեպտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ը 20 էջանոց նամակով դիմել էր ՀՀ կառավարությանը՝ խնդրո առարկայի շուրջ, մասնավորապես՝ նաեւ Գ. Վիրաբյանին խոշտանգումների ենթարկած ոստիկանների նկատմամբ գործ չհարուցելու հարցերով պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: ՄԻԵԴ-ի այդ նամակում «Փաստերի հաստատում» բաժնում շատ մանրամասնորեն նկարագրված է այն ամենը, ինչ կատարվել է Գ. Վիրաբյանի հետ, եւ այդ հատվածում, որը կազմում է նամակի առյուծի բաժինը, կարմիր թելի պես անցնում է նաեւ Աշոտ Կարապետյանի անունը՝ որպես խոշտանգող ոստիկաններից մեկի:

Գ. Վիրաբյանի շահերի ներկայացուցիչները ՄԻԵԴ-ին ուղղված իրենց բողոքում շեշտել են, որ իրենց վստահորդի նկատմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի մի շարք հիմնարար դրույթներ, օրինակ՝ 3-րդ, 8-րդ եւ 13-րդ հոդվածները: Որպես այդ դրույթների խախտման փաստեր՝ նշված է այն, որ Արտաշատի ոստիկանությունում Գ. Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգումների, եւ որ իշխանությունները արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել այդ փաստերը քննելու համար, որ նա ձերբակալվել է իր քաղաքական հայացքների համար, որ 2004թ. ապրիլի 23-ին Գ. Վիրաբյանի ձերբակալությունը տեղի է ունեցել առանց հիմնավոր փաստերի, որ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը՝ քր. գործը կարճվել է առանց դատարան մտնելու եւ բաց դատավարության եւ այլն: Ընդհանուր առմամբ, Գ. Վիրաբյանի շահերի ներկայացուցիչների համոզմամբ, նրա նկատմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 3, 5, 6/1 եւ 6/2, 8, 10, 11 եւ 14 հոդվածների դրույթները:

ՄԻԵԴ-ը այդ բողոքների հիման վրա դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ ստանալու, մասնավորապես, հետեւյալի առնչությամբ. Գ. Վիրաբյանը սահմանված 6 ամիսների ընթացքում բողոքարկե՞լ է իր գործի առնչությամբ դատարանների կայացրած որոշումները, Գ. Վիրաբյանը 2004թ. ապրիլի 23-24-ին Արտաշատի ոստիկանությունում ենթարկվե՞լ է ծեծի, իշխանությունները արդյունավետ ի՞նչ միջոցներ են իրականացրել նրա նկատմամբ դաժան վերաբերմունքը հետաքննելու համար, նրա նկատմամբ հետապնդումը պայմանավորվա՞ծ է եղել իր քաղաքական հայացքներով, ի՞նչ հիմքերով է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատարանը կարճել Գ. Վիրաբյանի նկատմամբ քրգործը:

ՄԻԵԴ-ում Գ. Վիրաբյանի շահերի պաշտպան, «Ֆորում» իրավական կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը երեկ «Առավոտի» հետ զրույցում դժվարացավ ասել, թե արդյոք ՄԻԵԴ-ՀՀ կառավարություն գրագրությունն ավարտվա՞ծ է, որովհետեւ դրանք կարող են շարունակական լինել, եւ ՀՀ կառավարության պատասխանների առնչությամբ հնարավոր է, որ նոր հարցադրումներ ուղղվեն նաեւ Գ. Վիրաբյանի շահերի ներկայացուցիչներին: Միայն հարցի քննարկման ավարտից հետո ԵԴ-ն որոշում կկայացնի գործը վարույթ ընդունել-չընդունելու մասին, թեեւ այն, որ գործը դարձել է քննարկման առարկա եւ չի մերժվել, նշանակում է, որ այդ գործը ԵԴ-ն, ամենայն հավանականությամբ, վարույթ կվերցնի: Համենայնդեպս, ըստ Տ. Տեր-Եսայանի, բողոքում մատնանշված փաստերի առնչությամբ ՄԻԵԴ-ում արդեն շահած գործ կա: Խոսքը վերաբերում է մեկ այլ ՀԺԿ-ականի՝ Լավրենտի Կիրակոսյանի գործին:

Ի դեպ, այսօրինակ գործերով զբաղվող փաստաբանները պնդում են, որ Գ. Վիրաբյանի գործը ՄԻԵԴ-ում «շահող» գործ է, որի արդյունքում ՀՀ իշխանությունները պետք է որ լուրջ հետեւություններ անեն Աշոտ Կարապետյանի նման ոստիկաններին համակարգում պահելու հարցում: Ընդ որում, ՄԻԵԴ-ի հետ առնչություններ ունեցած փաստաբանների մատուցմամբ, հնարավոր է, որ այդ գործը շահելու դեպքում մի դիմում էլ ներկայացվեն եվրոպական պետություններին՝ Աշոտ Կարապետյանին եվրոպական երկրների մուտքի վիզայից զրկելու պահանջով:

Իսկ առայժմ Կենտրոնի ոստիկանապետ Ա. Կարապետյանը, որ Արտաշատի դեպքից հետո ոչ միայն չպատժվեց, այլեւ պաշտոնի առաջխաղացում ունեցավ, շարունակում է մնալ հայրենի իրավապահների «դեմքն» ու «խիղճը»:
http://www.aravot.am/2009/aravot_arm/July/10/p3.jpg
http://new.aravot.am/am/articles/politics/64979/view

voter
10.07.2009, 19:23
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԳԵՍՏԱՊՈՅԱԿԱՆԻՆ

Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետն անձամբ է նախաձեռնել ՀԱԿ ակտիվիստներին ծեծելու գործը Հուլիսի 5-ին` Սահմանադրության օրը, ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները որոշել են օրվա խորհրդին սազական գործ անել ու ձերբակալել են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:

Նա, հիշեցնենք, մեկն էր այն երիտասարդներից, ով Աբովյան փողոցի վրա հուլիսի 1-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվեց` ՀԱԿ-ի հուլիսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելու ընթացքում: Քաղաքացիական հագուստով, զինված ոստիկանները, ովքեր այդ ողջ ընթացքում հետեւել են ՀԱԿ ակտիվիստներին, հանկարծակի հարձակվել էին վերջիններիս վրա ու ծեծկռտուք սարքել, ինչի արդյունքում Տ.Առաքելյանը եւ մյուս ակտիվիստները մարմնական վնասվածքներ էին ստացել: Կոնկրետ Տ.Առաքելյանի գլխին ոստիկանները ատրճանակի կոթով հարվածներ էին տեղացել, որի հետեւանքով նա եւ նրա հետ միաժամանակ ծեծի ենթարկված մյուս 2 երիտասարդներին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց: Կիրակի օրը Տ.Առաքելյանն իր փաստաբանի` Գիվի Հովհաննիսյանի հետ, վկայի կարգավիճակով հրավիրվել է Կենտրոնի ոստիկանություն: Նրան հարցաքննել են քր.օր-ի 258 հոդվածի շրջանակներում` խուլիգանություն կատարելու մեղադրանքով եւ հարցաքննությունից հետո, որպես կասկածյալ, ձերբակալել: Փոքրամարմին այս երիտասարդը մեղադրվում է մարմնեղ ոստիկանին` Էրիկ Պողոսյանին ծեծելու մեջ: (Հարկ է նշել, որ Էրիկ Պողոսյանը մարտի 1-ի մի քանի գործերով տուժող էր եւ ցուցմունքներ է տվել ընդդիմության ձերբակալված ակտիվիստների դեմ): Ի դեպ, ոստիկանությունը հուլիսի 5-ին հարցաքննել է նաեւ հուլիսի 1-ին ծեծի ենթարկված (նա ուղեղի ցնցում էր ստացել) ՀԱԿ-ի երիտասարդներից` 16-ամյա Սահակ Մուրադյանին, ով ստորագրություն է տվել հանրապետությունից չբացակայելու վերաբերյալ: Երեկ ոստիկանություն է հրավիրվել նաեւ ծեծի ենթարկված երրորդ երիտասարդը` անչափահաս Հերբերտ Գեւորգյանը, ով էլ միջադեպի ընթացքում քթի կոտրվածք է ստացել: Ի դեպ, երեկ հրավիրված ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ երբ Հերբերտին տարել են Նոր Նորքի հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքի պետը, որը զննել է նրան, չի ախտորոշել քթի կոտրվածք, քանի որ նա հրահանգված է եղել ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանի կողմից: Հենց նա էլ, Զուրաբյանի վկայությամբ, եղել է Աբովյան փողոցի դեբոշի կազմակերպիչն ու իրականացնողը: «Աշոտ Կարապետյանը, տեսնելով, որ այնուամենայնիվ, չի կարողանում իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ, կանչել է հատուկ ջոկատայիններին եւ հրամայել օկուպացնել հիվանդանոցը, դուրս մղել բոլոր մարդկանց, ովքեր գտնվում էին այդ բաժանմունքում, թույլ չտալով անգամ ծնողներին մոտենալ իրենց անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ արդեն քննիչները մտել էին ներս: Սա օրենքի կոպտագույն խախտում է», - ասաց Զուրաբյանը եւ հավելեց. «Մենք տեսանք, որ կատարվում է ապօրինություն, բոլոր բժիշկների հետազոտություններից հետո պարզվեց, որ ոչ մի վնասվածք չկա: Մենք ստիպված էինք երեխաներին տանել Հանրապետական հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ վնասվածքներ, այնուամենայնիվ, կան: Ցավոք սրտի, ստեղծվում է մի համակարգ, երբ իշխանությունների ապօրինություններին մասնակից են դառնում նաեւ բժիշկները»: Ի դեպ, Աշոտ Կարապետյանի մասնակցությունը ընդդիմության ակցիաների խոչընդոտմանը այսքանով չի սահմանափակվում: Նա այն նույն Աշոտ Կարապետյանն է, ով նաեւ այս տարվա ապրիլի 29-ին տեղի ունեցած նմանատիպ միջադեպի ժամանակ, երբ բացահայտվել էր ոստիկանության մասնակցությունը բռնարարքներին (նրանք նորից ծեծել էին իրազեկման թռուցիկ բաժանողներին, որոնցից երեքը տեղափոխվել էին հվանդանոց), զանգահարել էր Զուրաբյանին այն պահին, երբ վերջինս ՄԻՊ Արմեն Հարությունյանի հետ հիվանդանոցում էր գտնվում, եւ սպառնացել, թե` եթե տուժողները պնդեն իրենց ցուցմունքները, ապա նրանց դեմ գործ կհարուցվի, ու նրանք բանտում կհայտնվեն: Այս մասին, ի դեպ, ՄԻՊ-ը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ: «Փաստորեն, այսօր այդ անձը (Աշոտ Կարապետյանը.- Հ.Մ.) իրագործում է իր սպառնալիքները եւ կազմակերպելով ստորագույն սադրանք` նաեւ ամեն բան անում է իր ապօրինի հրամանները կատարած խուժանի հանցանքները կոծկելու ու հանցագործության տուժողներին մեղավոր ներկայացնելու համար», - ասաց Զուրաբյանը: Նաեւ արձանագրեց. «Իշխանությունների հովանավորությամբ Կենտրոնի բաժանմունքի պետը ստանձնել է ընդդիմության նկատմամբ քաղաքական հալածանքներ կազմակերպելու գեստապոյական գործառույթներ, բաժանմունքի աշխատակիցներին ապօրինի հրահանգներ տալով` վերածել է նրանց հանցագործ մի բանդայի, որը սադրանքներ ու բռնություններ է գործադրում ընդդիմության նկատմամբ, ոտնահարում իրավապահ մարմինների պատիվը»: Ի դեպ, Կենտրոնի ոստիկաններից ոմանք մասնավոր զրույցներում հայտարարում են, թե իբր կատարվածը Կարապետյանի անձնական նախաձեռնության հետեւանք է: «Մենք նման կերպ մտածելու հիմքեր չունենք, դա ապացուցելու միայն մեկ միջոց կա` անհապաղ ազատել հանցագործին աշխատանքից: Եթե դա չի արվում, բոլոր այս հանցանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա», - հայտարարեց ՀԱԿ համակարգողը: Նշենք, որ Տ.Առաքելյանի ձերբակալության փաստի կապակցությամբ դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ երիտասարդական թեւը: Հ.Գ. Գործող օրենսդրության համաձայն` 72 ժամվա ընթացքում Առաքելյանին կամ պետք է մեղադրանք առաջադրվի, կամ նա պետք է ազատ արձակվի: Տիգրանը երեկ, ժամը 12-ից հացադուլ է հայտարարել:

Հեղինե Մանուկյան
Ժամանակ

murmushka
10.07.2009, 22:08
Դադարեցրեց հացադուլը
17:18 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանը, որն անազատության մեջ է, այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

Այն ԶԼՄ-ներին է հանձվել փաստաբան Վարդուհի Էլբակյանի միջոցով:

«Հուլիսի 5-ին ինձ ապօրինի ձերբակալեցին' իբր խուլիգանական արարք կատարելու համար: Իրականում, ես' իմ ընկերների հետ, օրենքով սահմանված կարգով, թռուցիկներ բաժանելով, իրազեկում էինք հուլիսի 2-ին նշանակված քաղաքապետարանի կողմից թիվ 102 որոշմամբ ի գիտություն ընդունված հանրահավաքի մասին, իսկ մեզ վրա հարձակվեց քաղաքացիական հագուստով բանդիտների մի խումբ:

Հաջորդ օրը' հուլիսի 6-ին, ժամը 10-ից, ես ի բողոք ապօրինի ձերբակալության' հացադուլ հայտարարեցի: Նույն օրը ինձ ազատ արձակելու պահանջով ՀՀՇ վարչության մոտ անժամկետ հացադուլ հայտարարեցին իմ ընկերները' Կարեն Կարապետյանը, Նարեկ Այվազյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Խաչատրյանը, Առաքել Սեմիրջյանը, Արայիկ Միրզոյանը, Գոռ Սարգսյանը:

Նկատի ունենալով, որ դատարանի ապօրինի որոշմամբ ինձ կալանավորել են 2 ամիս ժամկետով, անհանգստանալով իմ ընկերների առողջության համար, ինչը անհրաժեշտ է խուժանապետության դեմ մեր պայքարին, անսալով հացադուլը դադարեցնելու և պայքարի այլ ձև ընտրելու ՀՀՇ վարչության կոչին, ես' Տիգրան Առաքելյանս, դադարեցնում եմ հացադուլը և կոչ անում հացադուլ հայտարարած իմ ընկերներին վարվել նույն կերպ:

Մեր պայքարն անկասելի է, հաղթանակը անխուսափելի:

Հաղթանակ»,-ասված է հայտարարության մեջ:

Hay_XY
11.07.2009, 02:20
ՀԱԿ-ի եվրոպաբնակ համակիր երիտասարդ ակտիվիստները պատրաստվում են նամակ հղել Բելգիայում ՀՀ դեսպանատանը: Նամակին ուշադրություն չդարձնելու դեպքում երիտասարդները կդիմեն ավելի բարձր ատյանների՝

«Մենք` եվրոպաբնակ ներքոստորագրյալ երիտասարդներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընդդիմադիր երիտասարդության դեմ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ: Դրա գագաթնակետը եղավ Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունը:

Շինծու մեղադրանքներ առաջ քաշելը, երբ տուժածը հանկարծ վերածվում է կասկածյալի, ապա մեղադրյալի, բնորոշ է «երրորդ աշխարհի» ամենահետամնաց երկրներին: Ցավոք, հատկապես վերջին տարիներին, Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ անում են այդ երկրներից հետ չմնալու համար:

Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի քայլերը, պահանջում ենք ՀՀ իշխանությոններից անմիջապես դադարեցնել ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, այլապես այս խնդիրը ստիպված կլինենք բարձրացնել եվրոպական ամենաբարձր ատյաններում, ինչը, վստահ ենք, Հայաստանում հաստատված ապօրինի ռեժիմին ամենևին ձեռնտու չէ:»

Ստորագրահավաքին են միանում եվրոպացիները՝
-
We, the undersigned, living in Europe, want to express our deep concern on the illegal actions performed against the young opposition to the government of Republic of Armenia during last months. The peak was the arrest of Tigran Arakelyan, the young activist of Armenian National Congress.

Bringing faked charges, when the victim suddenly becomes a suspect and then turns into a defendant is more typical to the most backward countries of the third world. Unfortunately, especially during the last years, the government of the Republic of Armenia do all not to stay away from these countries but to go along with them.

- We strictly condemn the illegal actions of the government of RA and strongly recommend that the government stop violence against the young activists of opposition, otherwise, these issues will have to be raised at European highest echelon (authorities), which, we are sure, is not favorable with the established illegal regime in Armenia.

ինչպես նաև եվրոպացի երիտասարդությունը՝
-
We, the undersigned and the representatives of the young society, living in Europe, want to express our deep concern on the illegal actions performed against the young opposition to the government of Republic of Armenia during last months. The peak was the arrest of Tigran Arakelyan, the young activist of Armenian National Congress.

Bringing faked charges, when the victim suddenly becomes a suspect and then turns into a defendant is more typical to the most backward countries of the third world. Unfortunately, especially during the last years, the government of the Republic of Armenia do all not to stay away from these countries but to go along with them.

- We strictly condemn the illegal actions of the government of RA and strongly recommend that the government stop violence against the young activists of opposition, otherwise, these issues will have to be raised at European highest echelon (authorities), which, we are sure, is not favorable with the established illegal regime in Armenia.

Hay_XY
11.07.2009, 02:32
Եվրոպաբնակ հայերը կարող են միանալ Տիգրան Առաքելյանի ազատության համար ՀՀ իշխանություններին հղվող նամակի ստորագրահավաքին, որին մասնակցում են նաև եվրոպացիները:

Ցանկացողները կարող են անձնական նամակագրությամբ դիմել ինձ:

Ստորագրահավաքը կտևի մինչև երեքշաբթի՝ հուլիսի 14-ը:

Շնորհակալություն:

Rammer
11.07.2009, 11:03
Երիտասարդ ակտիվիստներից ոմանք չեն դադարեցնում հացադուլը

11:31 • 11.07.09


Երեկ հուլիսի 5-ին ձերբակալված և մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանը հանդես է եկել հացադուլը դադարեցնելու հայտարարությամբ՝ կոչ անելով նույն կերպ վարվել ՀՀՇ վարչության մոտ հացադուլի նստած իր ընկերներին։

Երեկ երեկոյան մեր լրագրողը զրուցեց ՀՀՇ երիտթևի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ ինքն ու Առաքել Սեմերջյանը դադարեցնում են հացադուլը, սակայն Գոռ Սարգսյանին և Արայիկ Միրզոյանին միանում են ևս երկու հոգի՝ Արայիկ Պետրոսյանն ու Գևորգ Բոյաջյանը, ովքեր չեն պատրաստվում դադարեցնել հացադուլն անգամ իրենց ընկերոջ կոչից հետո։

Կարեն Կարապետյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ նախորդ գիշեր անհայտ անձինք ՀՀՇ վարչության շենքի վրայից պոկել են երկու պաստառներ, որոնցից մեկի վրա գրված էր «Հացադուլ», իսկ մյուսի վրա՝ «Ազատություն քաղբանտարկյալներին»։


Tert.am

Chuk
14.07.2009, 16:13
Թերևս այստեղ տեղադրեմ.


Մեղադրանք է առաջադրվել անչափահասին
14:29 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկուշաբթի` հուլիսի 13-ին, ՀՀ Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել «Հայկական ժամանակ» թերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանի որդու` 14-ամյա Հերբերտ Գեւորգյանի նկատմամբ:

Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»:

Հիշեցնենք, որ նա եւ եւս երկու երիտասարդ` Տիգրան Առաքելյանն ու Սահակ Մուրադյանը ձերբակալվել են հուլիսի 1-ին Աբովյան փողոցում ՀԱԿ-ի հանրահավաքի մասին թռուցիկներ բաժանելու ժամանակ, երբ քաղաքացիական հագուստով մարդկանց եւ նրանց միջեւ ընդհարում էր տեղի ունեցել: Հետագայում պարզվել է, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են եղել: Սակայն ՀՀ Ոստիկանությունից վստահեցնում են, որ երիտասարդներն իրենք են հարձակվել ու ծեծել ոստիկաններին:

Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Հայկ Գեւորգյանը` իր որդին մինչեւ այսօր միայն կասկածյալ էր, իսկ այսօր արդեն` մեղադրյալ: Իբրեւ անչափահաս` հենց ձերբակալման օրը նա հանձնվել է ծնողների հսկողությանը եւ այդ պատճառով էլ նրա նկատմամբ խափանման միջոցի հարց չի քննարկվի դատարանում: Հիշեցնենք, որ նրա մյուս ընկերոջը`27-ամյա Տիգրան Առաքելյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց` երկամսյա կալանավորման որոշում է կայացրել դատարանը:
Այս պահին Հերբերտ Գեւորգյանի նկատմամբ նախաքննություն է ընթանում:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/07/14/herbert-gevorgyan)


Որքան գիտեմ առերեսման ժամանակ երեք ոստիկաններ հայտարարել են այն մասին, որ 14-ամյա Հերբերտն իրենց ծեծել է: Ողբամ ձեզ հայ ոստիկաններ, եթե 14 ամյա տղան կարող է ձեզնից երեքին ծեծել:

Chuk
15.07.2009, 19:22
Եվս 12 հացադուլավոր ՀՀՇ վարչության շենքի մոտ

18:22 • 15.07.09


Այսօր առավոտյան ժամը 10.00-ից, ի պաշտպանություն ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, հացադուլի են նստել 12 երիտասարդներ:

Նարինե Գալստյանը, Ժիրայր Թորգոմյանը, Ավետիք Աբգարյանը, Մհեր Գալստյանը, Էլմիրա Չիլոյանը, Քրիստինե Սարգսյանը, Հունան Սարգսյանը, Արսեն Ոսկանյանը, Բաբկեն Նավասարդյանը, Դավիթ Հարությունյանը ՀՀՇ երիտասարդական միությունից են, իսկ Սոնա Սևոյանը և Սենիկ Համբարձումյանը՝ «Լինենք Տեր Պետությանը» հ/կ-ից:

ՀՀՇ երիտթևի ղեկավար Կարեն Կարապետյանի խոսքով՝ հացադուլավորների մեծ թիվը կապված է նրա հետ, որ արդեն մոտենում է Տիգրան Առաքելյանի գործի բողոքարկման օրը։ Հացադուլի մասնակիցների ավելացումը պայմանավորված է հենց դատական գործընթացով:

«Ցանկանում ենք դատարանին, իրավապահ մարմիններին և առհասարակ իշխանություններին ցույց տալ, որ մարդիկ քնած չեն, մարդիկ շարունակում են իրենց պայքարն՝ անկախ նրանց կայացվելիք որոշումից: Հույս ունենք, որ գոնե մեկ անգամ կկայացվի արդարացման որոշում։ Ոչ թե կներեն կամ կհամաներեն, այլ արդարությունը կվերականգնեն` այսինքն մադուն ազատ կարձակեն, որովհետև նա ոչինչ չի արել, հանցանք չի գործել»,- նշեց Կարեն Կարապետյանը: Վերջինս նաև տեեղկացրեց, որ Տիգրան Առաքելյանի դատի օրը դեռ հայտնի չէ, բայց հստակ է, որ այն կկայանա այս շաբաթվա ընթացքում:


Աղբյուր՝ Tert.am (http://tert.am/am/news/2009/07/15/hungerstrikenew/)

murmushka
15.07.2009, 23:39
այսօր այցելել եմ հացադուլավորներին, իրենց հաստատակամությունից ու վճռականությունից մենակ ոգեշնչվել կարելի է
մեկ է հաղթելու ենք, մեկ է պատասխան են տալու

voter
16.07.2009, 00:03
Վտանգավոր է մեկ շաբաթից հետո սկսվող սովի զգացողության բացակայությունը պետք է բանջարեղենային ու մրգային ԹԱՐՄ հյութեր խմել։
Առողջության համար վտանգավոր է եկրորդ և երրորդ շաբաթը ու եթե հացադուլից դուրս գան այդ շրջանում կտրուկ ուտելը արգելված է։

murmushka
16.07.2009, 10:19
Առողջական վիճակը կտրուկ վատացել է
21:00 | Հուլիս 15, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մեկուսարանում կտրուկ վատացել է նախնական կալանքում գտնվող, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը, թուլացել են նրա ձեռքերն ու ոտքերը, կորցրել է խոսելու ունակությունը, ուշագնաց է եղել, դիտվել են նաեւ այլ անհանգստացնող երեւույթներ: Մեկուսարանի ղեկավարության որոշմամբ, երիտասարդը տեղափոխվել է Քրեակատարողական վարչության կենտրոնական հիվանդանոց: Այդ մասին տեղեկացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը

Արման Մուսինյանը «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց, որ տեղի ունեցածը վկայում է մի բանի մասին, որ իրականում հարվածել, ծեծել են Տիգրանին եւ ծեծի հետեւանքները նոր են ի հայտ գալիս: «Սա ապացուցում է, որ տուժողին մեղադրյալ են դարձրել, իսկ մեղադրյալին տուժող»,-ասաց Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին` ընդդիմության հանրահավաքի իրազեկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ, եւ ըստ ոստիկանության, Տիգրան Առաքելյանը մի քանի ոստիկան էր ծեծի ենթարկել, որից հետո նրան ձերբակալել էին, ապա մեղադրանք առաջադրել եւ կալանավորել:

murmushka
16.07.2009, 20:00
Ախտորոշումը` նյարդային ցնցում
17:57 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱՆ ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Տիգրան Առաքելյանը հուլիսի 15-ին տեղափոխվել է ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ քրեակատարողական հիմնարկ՝ նյարդային ցնցում ախտորոշմամբ:

Ներկայումս Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը բավարար է: Նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ: Այդ մասին հայտնում է ԱՆ ՔԿՎ մամլո խոսնակ Արսեն Բաբայանը:

Վերջինս պնդում է, որ լրատվության առանձին միջոցներով տարածված այն տեղեկությունները, թե, իբր, նախնական կալանքում գտնվող Տիգրան Առաքելյանը ենթարկվել է խոշտանգումների, իրականության հետ որևէ աղերս չունի:

« Դրա մասին է վկայում այն փաստը, որ նա ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկ է ընդունվել առանց խոշտանգման հետքերի», -նշում է Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք,ո ր ՀԱԿ երիտթեւի անդամ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Քամի
31.08.2009, 12:34
ՀՀ ոստիկանությունը պատրաստում է վերաորակել եւ ավելի խստացնել ՀՀՇ երիտթեւի անդամ Տիգրան Առաքելյանին առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել քր.օր.-ի 258 (Խուլիգանություն)հոդվածով, բայց այսօր պարզվել է, որ նրան մտադիր են նոր մեղադրանք առաջադրել 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):


Օգոստոսի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քննելու է Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքի երկարացման հարցը:
http://news.am/am/news/society/3316.html

Աբելյան
31.08.2009, 22:02
կարծեմ մինչև դեկտեմբեր են երկարաձգել:think

Chuk
31.08.2009, 22:37
կարծեմ մինչև դեկտեմբեր են երկարաձգել:think

Անհնար է: Միջնորդություն ներկայացվել է 2 ամսվա համար, պետք է այդքան երկարացնեին:

Chuk
31.08.2009, 22:39
Ահա.

«Եթե բաց թողնենք Տիգրանին, դա կարող է ապօրինի ազդեղցություն ունենալ մյուս երկու մեղադրյալների վրա»:

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը դռնփակ նիստում որոշում է կայացրել մինչեւ նոյեմբերի 5-ը երկարաձգել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:

Տիգրանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի/ խուլիգանություն / հատկանիշներով, որը նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում կամ տուգանք:

Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը դատավարությունից հետո լրագրողներին ասաց, որ առանց պատճառաբանության մերժվել է նաեւ գրավի միջնորդությունը: Բացի այդ, վարույթ իրականացնող մարմինը տեղեկացրել է, որ ապացուցված է համարվել , որ ոստիկան Էրիկ Պողոսյանը ստացել է մարմնական վնասվածք, ինչը համապատասխանում է 316 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներին եւ նախատեսում է հինգից տասը տարի ազատազրկում:

Փաստաբանի խոսքով, դատավարության ընթացքում քննիչը պահանջել է ներկայացնել դեպքի վայրում արված տեսաձայնագրությունները:

«Ես հայտարարեցի, որ չենք ներկայացնելու այդ փաստերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հիմնավորվել եւ ապացուցվել Տիգրանի մեղքը»,- ասաց Վարդուհի Էլբակյանը: «Ա1+»-ի հետ զրույցում նա նաեւ տեղեկացրեց, որ քննիչը հայտարարել է. «եթե բաց թողնենք Տիգրանին, դա կարող է ապօրինի ազդեցություն ունենալ մյուս երկու մեղադրյալների վրա»:

Մինչեւ դատավարությունը, Տիգրանը ընկերների միջոցով տարածել էր մի հայտարարություն , որում ասել էր, որ մինչեւ օրս նրա հետ ոչ մի քննչական աշխատանք չի տարվել եւ եթե այս անգամ էլ դատարանը հիմնավոր մեղադրանք չներկայացնի իրեն ' սեպտեմբերի 6-ից հրաժարվելու է բուժօգնությունից, դեղերից եւ հայտարարելու է անժամկետ հացադուլ եւ պատրաստվելու է ջրադուլի: Տիգրանի այս որոշումը փաստաբան Վարդուհի Էլբակյանը նրա կյանքի համար վտանգավոր է համարում.

«Տիգրանի առողջական վիճակը բավականին ծանր է , ստացած հարվածի հետեւանքով նրա ձախ աչքը գրեթե չի տեսնում, ունի ուժեղ գլխացավեր : Փորձագետը տվել է եզրակացություն, որ Տիգրանը մարմնական վնասվածքը ստացել է փորձաքննվելուց երկու օր առաջ, իսկ դա նշանակում է որ նրան ծեծել են ոստիկանությունում» ,-ասաց Վարդուհի Էլբակյանը:

Տիգրան Առաքելյանին դատավարությունից հետո տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց: Դատարանի շենքի առաջ նրան սպասում էին ընկերները, հարազատները, որոնք վանկարկում էին « Տիգրան հաղթելու ենք, մենք քեզ հետ ենք»:
Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/08/31/tigran-arakelyan)

murmushka
07.09.2009, 11:22
Տիգրան Առաքելյանի հայտարարությունը հացադուլ սկսելու վերաբերյալ


Ես` Տիգրան Սամվելի Առաքելյանս, սույն թվականի հուլիսի հինգից գտնվում եմ անազատության մեջ, իսկ հուլիսի 15-ից` դատապարտյալների հիվանդանոցում, քանի որ ոստիկանական հանցագործ հրոսակախմբի անդամներից մեկի կողմից զենքի խզակոթով գլխիս հարված էի ստացել, ինչի հետևանքով ինքնազգացողությունս կտրուկ վատթարացել է: Թեև այստեղ ես գտնվում եմ բժիշկների հսկողության տակ և հիվանդանոցի անձակազմի կողմից արժանանում հարգալից վերաբերմունքի, բայց և այնպես իմ առողջական վիճակը շարունակում է օր-օրի վատթարանալ, և ինձ համար այլևս միևնույն է, թե ինչ ժամկետներում այն կհասնի իր կրիտիկական կետին... Նշեմ նաև, որ ձերբակալությունից հետո մինչ այժմ իմ նկատմամբ կամ մասնակցությամբ ոչ մի քնչական գործողություն չի կատարվել, կալանքի ժամկետը երկարացնելու համար վարույթն իրականացնող մարմինը որևէ ծանրակշիռ փաստարկ չի ներկայացրել, սակայն դատարանը, բավարարելով քննիչի միջնորդությունը, իմ կալանքի ժամկետը երկարաձգել է ևս երկու ամսով:
Այսպիսով վարչախումբը վերջնականապես ապացուցեց, որ ինձ պահում է որպես քաղաքական պատանդ: Ես հալածվում եմ միմիայն քաղաքական հայացքներիս համար: Ինձ պատանդի կարգավիճակում պահելը չեմ որակում որպես անձամբ իմ դեմ կատարված հանցագործություն, դա ոտնձգություն էր ողջ երիտասարդ ակտիվի և ընդհանրապես առողջ հասարակության դեմ. ի սկզբանե նրանք հույս ունեին, որ կկարողանան լռեցնել կամ վախեցնել երիտասարդությանը: Ավաղ, նրանց մոտ ոչինչ չստացվեց, և այլ բան չի մնում անել, քան հրաժարվել այսօրինակ մեթոդներից:
Ներողություն խնդրելով իմ բոլոր ընկերներից, ՀԱԿ անդամներից և ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, ովքեր իմ առողջական վիճակը հաշվի առնելով ինձ հորդորում են չդիմել բողոքի այս ծայրահեղ միջոցին` մնում եմ իմ վերջնական կարծիքին և, հրաժարվելով հիվանդանոցի բուժծառայությունից, սեպտեմբերի 8-ից առավոտյան ժամը 10-ից հայտարարում անժամկետ հացադուլ:

Chuk
12.09.2009, 16:00
Մեր հավաստի աղբյուրների համաձայն` այս գիշեր դատապարտյլաների հիվանդանոցում հացադուլի մեջ գտնվող քաղբանատարկյալ Տիգրան Առաքելյանի վիճակը կտրուկ վատացել է: Առաքելյանի ընկերները և մնացած քաղբանտարկյալները հորդորել են նրան դադարեցնել հացադուլը:

Այս պահին ևս նրա առողջական վիճակն անկայուն է, և կաթիլային միացումները դեռ շարունակվում են:
Աղբյուր՝ tert.am (http://tert.am/am/news/2009/09/12/araqelyan/)

Աբելյան
12.09.2009, 20:07
Էսօր հացադուլից դուրս ա եկել:

murmushka
25.09.2009, 12:47
Այսօր Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստը: Բողոքարկվելու է Կենտրոնի ընդհանուր իրավասության ատյանի դատարանի որոշումը, որով նրա խափանման միջոցը երկարաձգվել էր եւս երկու ամսով:

«Այստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ անձին կորցնելու խնդիր կունենանք, թող էլի մնա կալանքի տակ, բայց թող տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց եւ ստանա պատշաճ բուժումը, հետո նոր ապացուցեն, թե նա մեղավոր է կամ անմեղ»,- ասում է նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Տիգրանը «Դատապարտյալների հիվանդանոցում» է: Ի դեպ, սեպտեմբերի 18-ին Տիգրանը հետազոտվել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, ախտորոշվել է, որ աչքերը սնուցող նյարդը վնասված է:

«Դա շատ պրոգրեսիվ եւ վատ հիվանդություն է: Եթե անգամ բուժումները ստանա, կարող է ոչ մի արդյունքի չլինի եւ դա կարող է տանել կուրացման»,- ասում է Վարդուհի Էլբակյանը:

Նրա խոսքերով' բժշկական եզրակացությունը ստանալուց հետո պետք է հարցում կատարի անկախ մի ակնաբույժի, որպեսզի կարողանա հասկանալ, թե դա ինչի հետեւանքով կարող էր լինել. «Բազմաթիվ անգամներ Տիգրան Առաքելյանը եւ մենք հայտարարել ենք, որ այդ վնասվածքը նա ստացել է հունիսի 1-ին' դեպքի ժամանակ: Սակայն գործի նյութերում կան , որ նա այդ թեթեւ վնասվածքը ստացել է 6-ից 7-ը ժամանակահատվածում: Սակայն այդ ժամանակահատվածում Տիգրան Առաքելյանը գտնվել է անազատության մեջ»:

«Նախկինում եթե նրա մոտ նման հիվանդություն լիներ, ապա դա առկա կլիներ փաստաթղթերում, քանի որ նա ազատվել էր զինծառայությունից»,- շարունակում է պաշտպանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Կոնգրեսի հանրահավաքի մասին իրազեկելիս ընդհարում էր տեղի ունեցել քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչների միջեւ: Երիտասարդները, այդ թվում Տիգրան Առաքելյանը, վնասվածքներ էին ստացել, սակայն հետագայում նրանց մեղադրանք էր առաջադրվել Քր.Օր 316 հոդվածի 1-ին մասով' իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն:

Chuk
08.10.2009, 16:21
Նոր Murmushka-ն զանգեց, ասեց, որ Տիկոյին բաց են թողել: Մանրամասներ չգիտենք: Երեկոյան հավաքվում ենք Սարյանի արձանի մոտ, Տիկոյին ողջունելու :)

Chuk
08.10.2009, 16:23
Փոքր ինչ մանրամասն Ա1+-ից:


Տիգրանի խափանման միջոցը կփոխվի
16:46 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի կողմից խուլիգանություն կատարելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքը: Քննիչը զեկուցել է գործով ձեռք բերված ապացույցները, նախաքննությամբ պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը, ցոցում է տրվել քննիչին արագացնել անհրաժեշտ քննչական գործողությունների ձեռնարկումը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են եւ Տիգրան Առաքելյանի ազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչընդոտի քննության հետագա ընթացքին, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբուժի ախտորոշմամբ մեղադրյալի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա՝ ցուցում է տրվել փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, եւ ընտրել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը ծանր է: Նրա մոտ ախտորոշվել է ձախ աչքի տեսողական նյարդի սուբատրոֆիա: Տիգրանը անազատության մեջ է հուլիսի 5-ից: Դրանից մի քանի օր առաջ հուլիսի 1-ին Կոնգրեսի հանրահավաքի մասին իրազեկելիս ընդհարում էր տեղի ունեցել քաղաքացիական հագուստով ոստիկանների եւ Կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչների միջեւ:


Աղբյուր՝ Ա1+ (http://a1plus.am/am/politics/2009/10/8/tigran-arakelyan)

murmushka
08.10.2009, 20:47
վերջապես, իսկականից շատ շատ ուրախ եմ, ու վստահ, որ Տիգրանի հետ ամեն ինչ այսւոհետև լավ կլինի, մենք շարունակելու ենք պայքարել, որ նրա կրած զրկանքներն իզուր չլինեն


http://www.youtube.com/watch?v=diaHaxC4MEY

Hay_XY
09.10.2009, 18:44
վերջապես, իսկականից շատ շատ ուրախ եմ, ու վստահ, որ Տիգրանի հետ ամեն ինչ այսւոհետև լավ կլինի, մենք շարունակելու ենք պայքարել, որ նրա կրած զրկանքներն իզուր չլինեն

Համատեղ աշխատանքը միշտ էլ արդյունք է տվել: Ապրեն Տիգրանի բոլոր ընկերները: ))