PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ճակատագիրը: Եթե...



Գալաթեա
04.07.2009, 17:42
Երթուղայինի կիսաչոր նստարանին նստած, գլուխը հետ գցած՝ հեռախոսի միջի երաշժտությունն էր լսում ականջակալներով: Աչքերը փակ էին:
Էլի հոգնած էր արթնացել:
Մի պահ աչքերը բացեց` նայելու, թե ուր է հասել: Դեռ ճանապարհի կեսին էր:
Հաջորդ երգը սկսելիս կողքին շարժում զգաց: Նայեց` փոքր աղջիկ էր նստել: Սպիտակի չափ շեկ մազերով: Ծովագույն աչիկներով: Ժպտաց փոքրիկ արևին ու էլի փակեց աչքերը:
Կանացի սուր, աղիողորմ ճիչը ստիպեց վեր թռնելով նորից բացել աչքերը:
Տեսածը հիստերիկ ու սառը քրտինքով պատված երազ թվաց:
Վարորդը թուլացած ընկել էր ղեկին ու ցնցվում էր: Մեքենան դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց կողմը և աջուձախ նետվելով՝ առաջ էր սլանում: Առանց վայրկյան անգամ ձգելու վեր թռավ տեղից՝պայուսակն ու հեռախոսը գցելով, գրկեց երեխային ու ուժով մտցրեց նստարանի տակ` խնդրելով չշարժվել, հետո ցատկեց դեպի վարորդն ու մի ձեռքը ղեկին գցելով` մյուսը գցեց ձեռնարգելակին: Մեքենան սարսափելի ճռռոցով, դեմուդեմ առաջ սլացող բեռնատարից խուսափելով` մոտեցավ ձախ մայթին:

---Եթե---

Մայթի մոտ. արգելակը քաշելու պահին չգիտես որտեղից հայտնված հսկայական ամենագնացը աննորմալ արագությամբ ու ասես կույր վարորդով եկավ ուղիղ երթուղայինի վրա: Վերջին պահին ուղիղ իր դիմաց հասցրեց տեսնել միայն ամենագնացի հաստավիզ վարորդի ոչինչ չարտահայտող հայացքը:

***

Ռմբակոծությունից անիջապես հետո ցավից տնքացողի տեսքով փողոցում մեռելային լռություն տիրեց: Քիչ անց այն ընդհատվեց շտապօգնության մեքենաների վայնասունով:

***

Առաստաղը կեղտոտ էր: Ու ինչ-որ շողքեր էին վրայով վազում ժամանակ առ ժամանակ: Փորձեց գլուխը թեքել: Անտանելի ցավը շամփրեց ուղեղն ու ստիպեց այլևս ոչ մի շարժում չանել:
Գլխավերևում հայտնվեց սպիտակ խալաթով մեկը:
- Լիոնա, - ձայնը փափուկ էր` չնայած խիստ տեսքին, - լսում ես ինձ?
- Ուհու:
- Բոլորը վախենում էին, որ էլ գիտակցության չես գա: Գալու դեպքում էլ` չես հիշի ոչինչ: Իսկ ես գիտեի, որ դու ուժեղ ես: Կկարողանաս:
Աղջիկը լռեց:
- Կարողանալու՞ եմ քայլել:
Բժիշկը հայացքը փախցրեց:
- Քեզնից շատ բան է կախված: պետք է ուժեղ լինես ու հավատաս:
- Երկուսն իրար հե՞տ, բժիշկ:
- Լիոնա …
- Կողքս երեխա կար նստած..շեկ մազերով..
- Նրան ոչինչ չի եղել, անգամ քերծվածք չունի: Միակն է, որ ոչ մի վնասվածք չի ստացել: Պահապան հրեշտակ է ունեցել երևի:
Լիոնան փակեց աչքերն ու փորձեց հիշել` ինչ երգ էր լսում վերջին պահին, երբ կնոջ ճիչը խլացրեց ամեն ինչ:
Այդ երգը մաքրել է պետք հեռախոսից:

Պալատում մենակ չէր: Դա հաջորդ օրը հասկացավ: Երկտեղանոց էր:
Մյուս մահճակալին պառկած էր ոտքը կոտրած մի տղա: Նրան այցելած ընկերների խոսակցությունները լսելով` տեղյակ էր ողջ պատմությանը: Շինհրապարակում գործ անելիս երեք մետր բարձրությունից ընկել էր ներքև: Ասում էին` լավ է պրծել:
Մի օր նրա ընկերներից մեկը մոտեցավ իրեն ու բարեհամբույր ժպտալով հարցրեց.
- Պաղպաղակ կուտեք?
- Ինքը քաղցր չի սիրում, - լսեց քիչ հեռվից:
Խորը, հաճելի տեմբրով ձայն էր:
Լիոնան ցավից շուրթերը արյունելու չափ սեղմելով` իրեն ստիպեց նայել ձայնի ուղղությամբ:
Երկրորդ մահճակալին պառկած տղան էր:
Մոխրագույն աչքերը Լիոնային էին նայում անբացատրելի արտահայտությամբ: Տղայի ընկերները լռեցին ու զարմացած նայեցին միմյանց:
- Արամ,- կիսաձայն ասաց նրանցից մեկը, - ո՞վ է քեզ ասել..
- Ոչ ոք, - Արամը ժպտում էր:

Երեկո էր: Այցելության ժամն արդեն ավարտված էր: Խտացող խավարում լսվում էր նրանց կիսաձայն զրույցը:
- Լիոնա, երեկ որ քնած էիր ցերեկը, մի կին եկավ իր փոքրիկ աղջկա հետ: Չուզեցին քեզ արթնացնել: Կինն ասաց, որ դու այդ երեխային փրկել ես: Ավտովթարի ժամանակ:
- Չի բացառվում, - Լիոնայի սիրտը ճմլվեց վթարի հիշողություննից:
- Դու լավ ես լինելու, Լիոնա:
- Ի՞նչ գիտես, Արամ:
- Չգիտեմ: Պարզապես ես այդպես եմ ուզում: Դու այլ տարբերակ չունես:
Աղջիկը լուռ ժպտաց մթությանը:
Դուռը ծեծելուց հետո պալատ մտավ բուժքույրը` գիշերային սրսկումներն անելու համար:

***

Ամառային այգու գունավոր նստարաններից մեկին նստած էին երկու աղջիկ և ոգևորված քննարկում էին այդ օրվա իրենց հանձնած քննության մանրամասները:
Նրանցից մեկի հայացքը սևեռվեց դիմացի նստարանին:
- Լուս, նայի ինչ սիրուն զույգ ա:
Աղջիկն ու տղան առանց իրարից հայացքը կտրելու զրուցում էին: Խոսելու ընթացքում տղան ձեռքը բարձրացրեց և անասելի քնքշությամբ շոյեց աղջկա դեմքը:
- Նար, նայի…երկուսն էլ ձեռնափայտով են, - տխուր ասաց Լուսինեն, - ինչ լավն են բայց..չէ՞..
Նարինեն նայեց զույգին ու ժպտալով լուռ համաձայնեց ընկերուհու հետ:

---Եթե---

Արգելակը քաշեց`մեքենան փոքր-ինչ մայթի վրա բարձրացնելով: Երթուղայինը աղմկոտ մեխվեց մայթին:
Շուռ եկավ դեպի ուղևորները:
- Մեկդ մոտեցեք վարորդին օգնենք, - մի կերպ կարողացավ արտաբերել:
Երթուղայինում լսվում էր երեխայի լացի ձայնը ու վարորդին մեքենայից իջեցնող մարդկանց իրարանցումի աղկմուկը:

***

Ճանապարհային ոստիկանությունն ու բժիշկներն արդեն գնացել էին:
Ծառին հենված կանգնել էր:
- Աղջիկս,- իր հետևում նստած կինն էր, - տղաս եկել է մեքենայով, արի քեզ տուն տանենք, հա՞:
- Շնորհակալ եմ,- ծառից պոկվելով ասաց Լիոնան:
Ստացվեց ոտքի վրա մնալ;
- Ես դեռ աշխատանքի պետք է գնամ:
- Բալիկ ջան, - այս մեկը տղամարդ էր, - ի՞նչ աշխատանք..մեր բոլորի կյանքը փրկեցիր..գոնե տուն գնա..
Լիոնան կապը ոչ մի կերպ չհասկացավ ու բարեհամբույր ժպտաց:
- Ես լավ եմ, մի մտածեք:

***

Քաղաքն արթնանում էր: Լիոնան քայլում էր ու վայելում յուրաքանչյուր իր շունչը: Քայլում էր ու ժպտում: Զանգեց գրասենյակ ու զգուշացրեց, որ մեկ ժամ ուշանալու է:
- Ինչու՞, - քարտուղարուհու ձայնը դժգոհ էր: Ինչպես միշտ:
- “Ավարիայի տակ” եմ ընկել, - ժպտալով ասաց ու անջատեց հեռախոսը:
Իր սիրած փողոցներից մեկով քայլելիս` հայտնվեց նոր կառուցվող շենքի շինարարության խլացուցիչ աղմուկի մեջ:
Նայեց շենքին` փորձելով հասկանալ, թե ինչի համար է կառուցվում: Հերթական խանութն է լինելու թե՞ ռեստորանը…
Երկաթե բարձր կոնստրուկցիայի վրա կանգնած երիտասարդը փորձեց օդում բռնել գործընկերոջ նետած ինչ-որ անհասկանալի գործիք, և հաշվարկներում, ըստ երևույթին, սխալվելով, կորցրեց մարմնի հավասարակշռությունն ու ընկավ:
Լիոնային թվաց, թե ֆիլմի դանդաղեցրած կադր է նայում: Սարսափից լայն բացված աչքերով մոտեցավ ընկածին ու դողացող մատներով հավաքեց շտապօգնության համարը:
Ընկածին վազելով մոտեցան մնացած բանվորները:
- Արամ..Արամ ձեն հանի..խոսա..

Լիոնան ինքն էլ չհասկացավ`ինչպես հայտնվեց շտապօգնության մեքենայում, Արամի ձեռքը բռնած: “Ով եք” հարցին ներկայացել էր ու պատասխանել էր` ընկերուհին:

Տղան կյանքի համար վտանգավոր վնասվածք չէր ստացել: Ինչ-որ հրաշքով ոտքն էր միայն կոտրել: Բժիշկներն ասացին, որ նա շուտով գիտակցության կգա:
Լիոնան դուրս եկավ հիվանդանոցից և մտքերին տրված սկսեց քայլել: Փողոցն անցնելիս մտածում էր, որ այդ օրը չափազանց շատ էր լեցուն իրադարձություններով:
Ուշքի եկավ մեքենայի շչակի խլացնող, սուր ձայնից…

***

Արամն ուշքի եկավ հաջորդ օրը:
Մայրը նստած էր կողքին: Տղայի կոտրած ոտքի հետ կապված ողջ ասելիքն ասելուց հետո փսփսոցով սկսեց պատմել պալատի մյուս մահճակալին պառկած աղջկա մասին, որը նախորդ օրը հենց հիվանդանոցի դիմաց “ավարիայի տակ” էր ընկել:
- Անունը Լիոնա է, - Արամը չհարցրեց: Ասաց:
- Ի՞նչ գիտես, բալա, -մայրն ապշած էր:
Արամը նայեց մորն ու ժպտաց:
- Չգիտեմ, մամ:

***

Ամառ էր:

Chuk
04.07.2009, 17:56
Լիլ, սիրուն ա, շատ: Ու չնայած իրականում լուսավոր ա, բայց մի տեսակ թախծոտ ա: Փոքրիկ աղջկա՝ արևի փրկությունն արդեն, երկու դեպքում էլ, մի ամբողջ լուսավոր մթնոլորտ ա ստեղծում, իսկ Արամն ու Լիոնան, երջանիկ են լինելու, գիտեմ: Որտեղի՞ց: Չգիտեմ որտեղից :)

Dayana
04.07.2009, 21:58
Չզարմացա, որ 4 ժամվա ընթացքում, բացի Չուկի ոչ ոք կարծիք չգրեց: Լիլ, սիրուն ա, ինչպես քո գրած բոլոր գործերը, բայց էս մեկը խոսելու տեղ չի թողել: Ուզում եմ ինչ-որ բան ասել, որ նկարագրեմ թե ինչ զգացի` չի ստացվում: Քեզ հետո, ականջիդ կասեմ, որ Լեոնային ում եմ նմանացրել, իսկ էստեղ կասեմ` նախանձեցի էդ աղջկան: :)

Ջուզեպե Բալզամո
04.07.2009, 22:14
Գալ, լավ էր: Աներեվույթին հպվել էլ կարող ես ուրեմն, լավ էր …

Հայկօ
04.07.2009, 23:27
Գալ, ախր լավն ես, էլի, հո զոռով չի :): Ապրես :): Եթե ես գրեի սենց բան, երկու եթե-ների դեպքում էլ աղջիկը կմահանար՝ անկախ դեպքերի ընթացքից: Իսկ քո գրածում Լեոնան Արամին ա գտնում... :):

Միքայէլ
05.07.2009, 00:15
Վատ չէ, ինձ միշտ էլ դուր են եկել միևնույն դեպքի տարբեր վարիացիաների նկարագրությունը: Լինի դա ֆիլմ, թե պատմվածք: Միայն մի դիտողություն.
չեմ հասկանում, թե ինչու՞ և ի՞նչ հանգամանքներում է երկրորդ "եթե"-ից դուրս մնացել հսկայական ամենագնացը: Որքան էլ տհաճ լինի ամենագնացի հաստավիզ վարորդի ոչինչ չարտահայտող հայացքը, միևնույնն է, այն միշտ էլ լինելու է ճակատագրի բոլոր մնացած կեռմաններում, եթե եղել է առնվազն մեկում:

Lion
05.07.2009, 00:47
Հիանալի պատմվածք էր, Գալաթեա ջան, օրգինալ և գեղեցիկ սյուժեով: Ինձ դուր եկավ - ապրես:)

Գալաթեա
05.07.2009, 00:56
Վատ չէ, ինձ միշտ էլ դուր են եկել միևնույն դեպքի տարբեր վարիացիաների նկարագրությունը: Լինի դա ֆիլմ, թե պատմվածք: Միայն մի դիտողություն.
չեմ հասկանում, թե ինչու՞ և ի՞նչ հանգամանքներում է երկրորդ "եթե"-ից դուրս մնացել հսկայական ամենագնացը: Որքան էլ տհաճ լինի ամենագնացի հաստավիզ վարորդի ոչինչ չարտահայտող հայացքը, միևնույնն է, այն միշտ էլ լինելու է ճակատագրի բոլոր մնացած կեռմաններում, եթե եղել է առնվազն մեկում:

Միքայէլ, ճիշտ ես։
Կարող էի գրել, որ ասենք ամենագնացը երթուղայինի կողքով սլանում է երկրորդ "եթե"-ում..
Պարզապես չեմ սիրում իմ պատմվածքների սյուժեն ծամել-ծամծմել..ես միշտ ընթերցողին մտածելու տեղ եմ տալիս..այն իհարկե երկրորդում էլ կար, բայց այքնան դեր չէր խաղում, որ ես ներառեի սյուժեում։

Համենայն դեպս, շնորհակալ եմ դիտողության համար :)

Kuk
05.07.2009, 01:21
Լիլ ջան, ապրես, հատվածներ կային, որ աչքիս դեմն էին գալիս կարդալու ընթացքում:
Հիմա մի հատվածի անդրադառնամ.



- Կարողանալու՞ եմ քայլել:
........
- Կողքս երեխա կար նստած..շեկ մազերով..


Այ էս երկու հարցերը որ հակառակ հերթականությամբ լիներ, կարողա ինձ մոտ բարի հեքիաթի տպավորություն թողներ, բայց ստեղ ռեալ ա. երևում ա, որ Լիոնան մարդ ա ու ունի մարդու համար մի կարևոր, ես կասեի՝ անխուսափելի հատկանիշ, էդ էգոիզմն ա: Միշտ ասել եմ ու վստահ եմ, որ չկա նորմալ մարդ, որ էգոիստ չլինի: Տես՝ նախ՝ մտածում ա սեփական ոտքի մասին, հետո նոր՝ շիկահեր փոքրիկի կյանքի մասին: Առավել ևս, եթե խնդիրը հիշողության հերթականության մեջ է, ապա դա միայն ապացուցում ա ասածս, որ մարդն անկախ իր կամքից առաջինը հիշում ա իր ոտքի մասին, հետո նոր՝ կողքինի կյանքի: Իսկ էն, որ Իլոնան սկզբում տեղավորում է երեխային, հետո նոր կանգնեցնում մեքենան, դա բարի կամքի դրսևորումն ա, որը տվյալ պահին հաղթում է էգոիզմին:
Հ.Գ. Եթե նույնիսկ սխալվում եմ, միևնույնն ա, շատ դուր եկավ, դուրս չգար, երևի թեման փակեի՝ առանց մեկնաբանության:)

ars83
05.07.2009, 13:06
:oy Իսկ ինձ դուր չեկավ: Չգիտեմ ինչու: Մեջս ոչինչ չարձագանքեց: Մի տեսակ արհեստական էր: Երևի, համեմատելը ճիշտ չէ, բայց «Կարոտի...» հետ եմ համեմատում ու այս մեկը շատ է զիջում. «կարոտը...» մեկ-մեկ վախենում ես կարդալ, այնքան հոգի, անկեղծություն, կրակ ու նրբություն կա մեջը, գիտես, որ կպնելու է, անտարբեր չի թողնելու:

(Չ)Զգացածս եմ գրել...

Ֆոտոն
30.10.2009, 15:11
Ինձ դուր եկավ իր ոչ հողեղենությամբ, լուսավոր տխրությամբ: :)
Զգացողությունները նկարագրել չի լինում մի տեսակ: :(

Sambitbaba
10.12.2012, 10:42
Լիլ ջան, ապրես, հատվածներ կային, որ աչքիս դեմն էին գալիս կարդալու ընթացքում:

Լրիվ համաձայն եմ Կուկի հետ, Գալ ջան. ոնց որ միանգամից տեսաժապավենի վրա գրած լինես: Այնքան որ տեսանելի է գրածդ…

Շատ լավն էր. սիրունիկ, հանգիստ, զգացմունքային և մի տեսակ աննկատելի հուզող:

Հետո, ես այդ "Եթե"-ն եմ շատ սիրում: Հետաքրքիր է, ծանո՞թ ես գրական "իսկ ի՞նչ, եթե.." ոճին, թե՞ պատահաբար է քեզ մոտ ստացվել: Ինչևէ, շատ լավն էր, և շնորհակալություն հաճելի ընթերցանության համար:

Հ.Գ. Զարմանալի է, որ այսքան քիչ մարդ է կարդացել: Ուրախ կլինեմ, եթե պատճառ հանդիսացա, որպեսզի ժողովուդն իր սխալն ուղղի:

Գալաթեա
10.12.2012, 15:33
Լրիվ համաձայն եմ Կուկի հետ, Գալ ջան. ոնց որ միանգամից տեսաժապավենի վրա գրած լինես: Այնքան որ տեսանելի է գրածդ…

Շատ լավն էր. սիրունիկ, հանգիստ, զգացմունքային և մի տեսակ աննկատելի հուզող:

Հետո, ես այդ "Եթե"-ն եմ շատ սիրում: Հետաքրքիր է, ծանո՞թ ես գրական "իսկ ի՞նչ, եթե.." ոճին, թե՞ պատահաբար է քեզ մոտ ստացվել: Ինչևէ, շատ լավն էր, և շնորհակալություն հաճելի ընթերցանության համար:

Հ.Գ. Զարմանալի է, որ այսքան քիչ մարդ է կարդացել: Ուրախ կլինեմ, եթե պատճառ հանդիսացա, որպեսզի ժողովուդն իր սխալն ուղղի:

Նենց հետաքրքիր ա, էս վերջերս մոտս հա ցանկություն էր առաջանում էս գործս բացել-կարդալ, բայց ինչ-որ բան հետ էր պահում:
Ու հենց դու մեջտեղ բերեցիր, կարդացրիր :)
Ընդամենը երեք տարի ա բաժանում ինձ էս պատմվածքիցս, բայց ես հիմա սա սենց չէի գրի:
Կամ ավելի ճիշտ՝ ընդհանրապես չէի գրի: Ցինիզմս չէր թողնի:

Շնորհակալ եմ, ջան :)

Sambitbaba
10.12.2012, 17:56
Նենց հետաքրքիր ա, էս վերջերս մոտս հա ցանկություն էր առաջանում էս գործս բացել-կարդալ, բայց ինչ-որ բան հետ էր պահում:
Ու հենց դու մեջտեղ բերեցիր, կարդացրիր :)
Ընդամենը երեք տարի ա բաժանում ինձ էս պատմվածքիցս, բայց ես հիմա սա սենց չէի գրի:
Կամ ավելի ճիշտ՝ ընդհանրապես չէի գրի: Ցինիզմս չէր թողնի:

Շնորհակալ եմ, ջան :)

Ոչինչ առանց պատճառի չի լինում, Գալ ջան:

Միգուցէ սա նշան է, որ էսպիսի սիրուն գործեր էլի՞ գրես…