PDA

Դիտել ողջ տարբերակը : 20. Հարրի Փոթթեր



Chuk
01.07.2009, 01:47
20. Հարրի Փոթթեր

Այս զորամասում բոլորս նոր էինք ու բոլորս բարձրագույն կրթությամբ: Հա, ճիշտ գուշակեցիք, իհարկե ուսումնական զորամաս էր: Ու չնայած բոլորս էլ, կարելի է ասել, նույն տարիքային խմբին էինք պատկանում, բայց իրականում մեր մեջ կային ավելի տարիքովներ ու ավելի փոքրեր: Կային ամուսնացածներ, կար երեխա ունեցող և կար երբևէ սիրո բերկրանքը չզգացած մարդ, կամ էլ իր ողջ կյանքում անհույս ու անփոխադարձ սիրած մեկը: Չնայած բոլորս էլ տարբեր ԲՈՒՀ-երում էինք սովորել, բայց մեր մեջ կային կրթվածներ ու կային անկիրթներ, կային ընթերցասերներ ու կային երբևէ գիրք չբացածներ, կային ինտելեկտուալներ ու կային բթամիտներ, կային երաժշտասերներ ու կային ռաբիս լսողներ, կային ձրիակերներ ու կային աշխատասերներ: Ու չնայած համակարգչային ուսումնական զորամաս էր ու այստեղ բերում էին միայն համակարգչին լավ տիրապետողներին, բայց իրականում կային հրաշալի մասնագետներ, ասենք ծրագրավորողներ ու կային ընդամենը խաղը միացնելու ձևն իմացողներ: Ու երբ զորակոչը պրծավ ու վերջին զինծառայողը իր հետևից փակեց քաղաքակիրթ աշխարհի հոտի փոքրիկ բաժինն իր վրա կրող ծանր, երկաթե դարպասները, թվաց, թե ներկապնակը պարունակում է բոլոր հնարավոր գույները ու այս զորամասում ներկայացված են բացառապես բոլոր տիպերին պատկանող մարդիկ:

Եվ ինչքան խափուսիկ է այս աշխարհը ու ինչքան սահմանփակ մարդու, հատկապես զինվորի երևակայությունը, որ ենթադրել էր, թե ներկապնակն արդեն հագեցած է:

Հարրի Փոթթերը մեր զորամաս եկավ զորակոչի ավարտից մի քանի օր անց: Սա մեր զինվորներից միակ էր, որ զորամաս մտավ ոչ թե քաղաքացիական հագուստով, այլ արդեն իսկ զինվորական համազգեստով: Տպավորությունն այնպիսին էր, որ նրան հագցրել են ամենամեծ չափերի համազգեստ, բայց իրականում ամենափոքրն էր, ուղղակի Փոթթերն այնքան վտիտ, փոքրիկ-մոքրիկ էր, որ այդ համազգեստը նրա վրա փոթեր էր տալիս ու անճոռնի կերպով նստում:

Փոթթերի անունը կնքվեց զորամաս մտնելուց մի քանի րոպե հետո: Նա իսկապես նման էր Հարրիին, իսկ իր մականունը ընդունեց ժպտալով, կլոր ակնոցների տակից աչքերը ճպճպացնելով: Փոթթերն էլ մեր նման ժամանակին էր զորակոչվել, բայց նրան սկզբից այլ ուսումնական զորամաս էին տարել, հետո նոր բերել այստեղ, դրա համար էլ արդեն իսկ համազգեստով էր: Թե ինչու՞ էր այդպես ստացվել, այդպես էլ չիմացա, որովհետև ամեն մեկը մի բան էր պատմում: Մեկն ասում էր, որ փող է տվել, որ զորամասը փոխեն, մյուսը, որ ծանոթ-խնամի-բարեկամ է մեջ գցել, երրորդն ասում էր, որ ուղղակի տեսել են այստեղ ավելի շատ օգուտ կտա, քանի որ հրաշալի մասնագետ է, դրա համար են բերել, չորրորդն ասում էր, որ նախկին զորամասի հրամանատարն ասել է. «էս տղեն չի կարող զինվոր լինել, սրան իմ մոտից տարել»: Այս տարբերակն էլ էր խելքին մոտ, որովհետև արդարության դեպքում Փոթթերին չպետք է զորակոչեին, նա վտիտ էր, նրա տեսողությունը խայտառակ վատ էր, ուներ սրտի, կարծես թե ծանր, հիվանդություն: Բայց Փոթթերին ամեն դեպքում զորակոչել էին ու մինչ զինվորները յուրաքանչյուրն իր տարբերակն էր ասում, թե Փոթթերին ինչի էն մի զորամասից մյուսը բերել, Հարրին նստել էր երկրորդ հարկի իր մահճակալի վրա ու ոտքերը օդում ճոճելով կարդում էր չգիտես որտեղից գտած հաստափոր գիրքը, որը կարծես թե իրենից մեծ էր:

Զորամասերում բոլորը շատ սրամիտ են, անկախ իրենց հումորի զգացման առկայություն կամ դրա իսպառ բացակայությունից: Ու մինչ Փոթթերը իր գիրքն էր կարդում զինվորներից մեկը փայլեց իր սուր հումորով:

- Փոթթեր, - գոչեց սա, - դու Հարրի Փոթթերի կինոն տեսել ես:

- Գիրքն էլ եմ կարդացել, - աչքերն անմեղ ճպճպացնելով պատասխանեց Փոթթերը:

Հարց տվողը շփոթվեց, որովհետև ներկապնակի այն ներկերից էր, որ երբևէ գիրք չէր բացել, բայց իրեն չկորցրեց:

- Ավելի լավ, - ասաց, - ուրեմն կիմանաս որ Հարրի Փոթթերն ավելների հետ սեր ունի:

Ու ընդհանուր «հու-հու»-ների տակ ավելի տվեց Փոթթերի ձեռքը: Փոթթերը նորից անմեղ ճպճպացրեց աչքերը, հետո ժպտաց, ապա վերցրեց ավելը:

Առաջին իսկ օրվանից Փոթթերի շուրջն անասելի եռուզեռ սկսվեց: Փոթթերը, ում իսկական անունը չեմ հիշում, շատ կրթված մարդ էր, ամեն ինչից տեղյակ ու շատերը հավաքվում էին նրա շուրջը իրենց հետաքրքրող թեմաներով խոսելու, հարցեր տալու, ինչ-որ բաներ քննարկելու համար: Մյուսները հավաքվում էին Փոթթերի շուրջը նրան ծաղրելու ու սուր հումորներ անելու համար, իսկ Փոթթերը զարմանալի համբերությամբ ու անտարբերությամբ լսում էր այդ ամենը: Ու չնայած Փոթթերի շուրջը միշտ էր էդպիսի եռուզեռ, բայց այդ եռուզեռը իր գագաթնակետին հասավ Փոթթերի՝ զորամաս գալուց մոտ մեկ շաբաթ անց:

Բաղնիքում երեք լվացարան էր ու երեքն էլ զբաղված էին: Մեկի մոտ Փոթթերն էր լվացվում, իսկ մոտ տաս ուրիշ զինվորներ հերթ էին կանգնել: Փոթթերը շտապում էր, որ շուտ տեղը հաջորդին զիջի, ու այդ շտապելու ընթացքում օճառը նրա ձեռքից պլստում ու ընկնում է լվացարանի մեջ: Փոթթերն առանց երկար մտածելու անմիջապես վերցնում է օճառն ու շարունակում լվացվելը:

Եթե զորամասում հրդեհ լիներ, լուրն այդքան արագ չէր տարածվի, բայց կատարվել էր սարսափելին. զինվորներից մեկը լվացարանից օճառ էր վերցրել... ինչպիսի սարսափելի իրողություն... լուրը մեկ վայրկյան հետո տարածվեց ողջ զորամասում ու զինվորները խառնված հավաքվեցին իրար գլխի:

Դե բոլորն էլ նոր էին, բայց ամեն մեկն էլ այնքա՜ն շատ բան գիտեր զինվորական ծառայության մասին ու ամենագիտունը վճռեց.

- Խոհանոցում իրա համար ափսե ու բաժակ առանձնացրեք, էլ ընդհանուրի հետ չպետք է սեղան նստի:

Բոլորը խելոք դեմքերով գլխով արեցին՝ ի նշան համաձայնության... բա իհարկե, տղան մաքրասեր չի, լվացարանի մեջից օճառ է վերցրել, այն էլ ինչի՞... լվացվելու համար... խայտառակություն, նա այլևս մեր հետ՝ մաքրասերների բանակի հետ չպետք է սեղան նստի, նույն ափսե, բաժակից չպետք է օգտվի:

Բայց այնպես եղավ, որ Փոթթերը մեկ ուրիշին հեռավոր ծանոթ էր գալիս, ու սրան խնդրել էին Հարրին զորամասում լավ նայել: Սա առաջ եկավ, ու ասաց.

- Դե լավ, տղերք, եկեք այս անգամ ներենք, տղեն երևի չգիտեր, կբացատրենք:
- Ի՞նչ ներել, - ասաց առաջինը, - լվացարանից օճառ ա վերցրել: Դու պատկերացնու՞մ ես քո կողքը նստի: Չէ, պիտի բաժակ, ափսե առանձնացնենք...

Երևի ուզում էր անպայման փորձած լիներ պատժի այդ տեսակը, հեչ որ չէ ծառայությունից հետո թաղում պպզած պատմելու բան կունենար, թե ոնց է բանակում այդ սարսափելի փնթիին մեկուսացրել՝ ի շահ բոլորի:

Բայց երկրորդն էլ չզիջեց, զինվորները բաժանվեցին երկու մասի: Մի մասը ներելու կողմնակից էր, մի մասը պատժելու: Ի վերջո բարեգթությունը հաղթեց ու ընդհանուր որոշում կայացվեց Փոթթերին ներել: Հարրին կանչեցին.

- Փոթթեր, ճի՞շտ է, որ օճառն ընկել է լվացարանը, իսկ դու վերցրել ես, - հարցրեց դատարանը:
- Ահա, - պատասխանեց Փոթթերը:
- Փոթթեր, սա բանակ է, այստեղ այդպիսի բան անել չի կարելի, եթե լվացարանը ինչ-որ բան է ընկել, այն էլ չեն վերցնում, այդպես մնում է, հասկանու՞մ ես, - հարցրեց դատարանը:
- Ահա, - պատասխանեց Փոթթերը:
- Փոթթեր, եթե նորից ընկնի, կվերցնե՞ս, - հարցրեց դատարանը:
- Ահա, - պատասխանեց Փոթթերը:

Դատարանը եռաց: Զինվորները վրդովեցին: Այս տղան ծաղրու՞մ է, ի՞նչ է: Սկսեցին գոռալ, բղավել, գոչել: Ի վերջո առաջ եկավ նրա հովանավորը.

- Փոթթեր, էլ չանես:

- Ահա, - պատասխանեց Փոթթերը:

Հարցը համարվեց փակված, միջադեպը՝ մոռացված:

Անցավ մեկ ժամ, երեկո էր, զինվորները զբոսնում էին, երբ վախեցած դեմքով մեկը դուրս թռավ ու բղավեց.

- Ջրհեղե՜ղ, կարաու՜լ, կատարվել է սարսափելին:
- Ի՞նչ է եղել, - վախեցան զինվորները:
- Ես ու Փոթթերը բաղնիքում էինք, Փոթթերի ձեռքից օճառն ընկավ լվացարանը, իսկ ինքը վերցրեց ու շարունակեց լվացվելը:

Զորամասը փոթորկեց: Նորից հավաքվեց դատարանը՝ Փոթթերի համար մահվան դատավճիռ կայացնելու: Նորից նույն քննարկումները, նույն պատմությունները: Կանչեցին Փոթթերին:

- Փոթթեր, վերցրե՞լ ես:
- Ահա:
- Փոթթեր, զգուշացրել էինք, չէ՞:
- Մոռացել էի, ներեք:
- Էլ չե՞ս անի:
- Հըը:

Դատարանը բարի էր, դատարանը ներեց Փոթթերին:

Անցավ երեք օր: Միջադեպը մոռացված էր: Փոթթերը լվացվում էր: Բաղնիքում էին նորից մոտ մեկ տասնյակ զինվորներ: Փոթթերի ձեռքից օճառը նորից պլստաց, նորից ընկավ լվացարանը... Փոթթերը նորից վերցրեց:

Զորամասում այդ օրը համաշխարհային իրարջարդոցի ու իրար վրա գոռգռոցի էր: Փոթթերի օճառը դարձավ մի կաթիլ մեղրը: Բայց ի վերջո բոլորն էլ իրար ձեռք սեղմեցին, համաձայնվելով, որ Փոթթերին վերջին հնարավորություն են տալիս: Երկար բացատրեցին: Կտրուկ բացատրեցին: Սպառնացին: Հարցրին հասկացե՞լ է, թե՞ ոչ:

- Ահա, - պատասխանեց Փոթթերը:

Հաջորդ օրերին նման բան տեղի չունեցավ: Փոթթերին այլևս ոչ մեկը չտեսավ լվացարան օճառ գցելուց կամ գցած օճառը վերցնելուց: Այդ մասին չէին խոսում: Թվում էր, թե բոլորը մոռացել էին, իսկ գուցե չէին մոռացել, ուղղակի չէին խոսում: Իսկ ես հիշում էի, ու ժպիտս թաքցնելով ամեն օր նայում էի, թե Փոթթերն ինչպես է սպասում, որ բոլորը գնան, լվացվեն, պրծնեն, և նոր միայն ինքն էլ էր գնում լվացվելու, բոլորից հետո, բոլորից առանձին, մենակ: Մտքումս պատկերացնում էի, թե ինչպես է Փոթթերի ձեռքից օճառը պլստում, ընկնում լվացարանը, իսկ ինքը վախեցած չորս կողմն է նայում ու տեսնելով, որ ոչ մեկը չկա, հանգիստ շունչ քաշելով վերցնում օճառը:

Շատ օրեր անց պարզվեց, որ ճիշտ եմ: Պատահական էնպես եղավ, որ գնացի սառը ջրով երեսս լվանալու՝ թարմանալու համար, ճիշտ այն ժամանակ, երբ Փոթթերը լվացվում էր: Փոթթերը լարվեց: Զգացվում էր, որ նրան հուզում է իմ ներկայությունը: Որոշեցի արագ ցայել երեսս ու դուրս գալ, բայց չհասցրի: Փոթթերի ձեռքից օճառը պլստաց ու... լվացարանն ընկավ: Փոթթերի նախանձելի արագությամբ վերցրեց օճառն ու վախեցած իմ կողմը նայեց... երևի թե երբեք մտքիցս դուրս չի գա նրա սարսափած հայացքը, այդպես մենակ զոհն է նայում իր դահճին:

- Ի՞նչ օճառ է, - հարցրի, վայրկենական կողմնորոշվելով:
- Oriflame, - պատասխանեց վախվորած:
- Աաա, իմ սիրածն է: Լսի, իմը դարակումս եմ թողել, կտա՞ս ես էլ լվացվեմ, - հարցրի, ձեռքս մեկնելով:

Սկզբից տարակույս էր դեմքին: Օճառը մեկնեց: Վերցրի: Հետո երջանկություն էր աչքերում: Ժպտացինք իրար: Լվացվեցի ու օճառը վերադարձրի:

Այդ օրվանից մտերմացա Փոթթերի հետ: Պարզվեց, որ ընդհանուր շատ հետաքրքրություններ ունենք: Ու թերևս այդ մտերմությունը կվերածվեր ընկերության, եթե մի քանի օր անց Փոթթերը հանկարծակի չկորեր:

Լուր եկավ, որ Հոսպիտալ են տարել:

Եվս մեկ շաբաթ անց լուր հասավ, որ ազատել են ծառայությունից, քանի-որ սրտի շատ լուրջ խնդիր ունի: Էլ չտեսա Փոթթերին, ում այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու՞ էին բերել ծառայության:

Kita
01.07.2009, 02:40
Էս քո բանակային շարքի նոր շունչն էր հա:)
Հավեսով, ջերմ ու սահուն կարդացի` հաճախ ժպիտը դեմքիս:
Հատկապես Փոթերի ու բանակայինների երկխոսություններն ավելին էին ասում:
ՄԻ խոսքով կատարելագործվում ենք:)

Ուլուանա
01.07.2009, 03:05
Լավ էր։ :) Արդեն ասել եմ, որ քո բանակային հուշերը միշտ շատ լավ են ստացվում: Հատկապես հերոսների կերպարները շատ հաջող ես կերտում։ Կարդալիս մարդ միանգամից հայտնվում է զորամասում. վրդովվում տիրող անարդարությունից, անհեթեթ կարգերից ու համակրանքով լցվում որոշ մարդկանց նկատմամբ։ :) Էնքան, որ հերոսներիդ հետ անձամբ ծանոթանալու ցանկություն է առաջանում։ :)

Էլի գրի սրանցից։ :roll

Kuk
01.07.2009, 03:41
Արտ, ապրես, լավն էր: Չեմ ասում շատ լավն էր, որտև ավելի լավերն եմ կարդացել քո գրածներից:)


Զորամասերում բոլորը շատ սրամիտ են, անկախ իրենց հումորի զգացման առկայություն կամ դրա իսպառ բացակայությունից:
Էս մասը դուրս եկավ, որ առիթ լինի, կասեմ՝ ինչի;)

helium
01.07.2009, 08:58
Շատ լավն էր, մեծ հետաքրքրությամբ կարդացի :hands:hands Մի հարց, սա իրական դեպք էր, թե՞ ստեղծագործական։

Chuk
01.07.2009, 09:20
Շատ լավն էր, մեծ հետաքրքրությամբ կարդացի :hands:hands Մի հարց, սա իրական դեպք էր, թե՞ ստեղծագործական։
Շարքի բոլոր գործերն ունեն իրական հիմք՝ գեղարվեստական ձևավորմամբ :)

Բոլորին շնորհակալություն կարծիքների, գնահատականների համար:

comet
01.07.2009, 10:33
Հրաշալի հումոր ունես, ու ցանկացած հասարակ, նույնիսկ չերևացող ու մոռացության արժանի դեպքերի ու պատմությունների գեղարվեստորեն ներկայացնելու մեծ վարպետություն: :)

Արամ
01.07.2009, 10:40
Իմ կողմից`
Հումորը շատ լավն էր, չգիտեմ ետի Հարրի-ի հումորն էր թե քոնը բայց իմ դուրը շատ եկավ;
Երբ որ պապային տվեցի որ կարդա, կարդաց պրծավ և
Պապայի կողմից`
Փաստորեն Արտակը գրելու տաղանդ էլ ունի:

Chuk
01.07.2009, 11:22
Նորից շնորհակալություններ :)

Երբ որ պապային տվեցի որ կարդա, կարդաց պրծավ և
Պապայի կողմից`
Փաստորեն Արտակը գրելու տաղանդ էլ ունի:
Արամ ջան, պապային իմ կողմից ջերմ բարևներ ու շնորհակալություն փոխանցի: Հենց որ ազատվեմ, կգնամ իրանց տեսնելու :)

ministr
01.07.2009, 11:36
Լավա գրած , մի շնչով կարդացվեց:

Բայց որ տեսնեին քեզ էդ օճառով լվացվելուց.... պահոոո :)

Լեո
01.07.2009, 11:50
Շատ լավ էր շարադրված, մի շնչով ու կլանվածությամբ կարդացի :)


կտա՞ս ես էլ լվացվեմ

Փաստորեն դու ռիսկի ես ենթարկել կյանքդ հանուն զինվոր-ընկերոջ: Իսկական հերոսություն :D


Ու մի հարց եմ ուզում տալ քեզ, Չուկ: Իսկ դու ինչպե՞ս էիր վարվում, երբ քո ձեռքից էր օճառը ընկնում:

Chuk
01.07.2009, 11:56
Շնորհակալ եմ:

Ու մի հարց եմ ուզում տալ քեզ, Չուկ: Իսկ դու ինչպե՞ս էիր վարվում, երբ քո ձեռքից էր օճառը ընկնում:
Թեման նախատեսված չի քննարկելու համար, թե մեզնից ով նման իրավիճակում ինչպես է վարվել, եթե իհարկե նման իրավիճակ եղել է: Ամեն դեպքում հանգիստ կասեմ, որ երկու դեպքն էլ եղել է, որ վերցրել եմ ու որ չեմ վերցրել: Ամեն ինչ կախված է եղել մի շարք հանգամանքներից, օրինակ նույն լվացարանի մաքրության աստիճանից ու իմ զզվել, չզզվելու ֆակտորից: Իսկ ավելի շատ պատասխաններ կարող ես ստանալ իմ բանակային շարքի ստեղծագործություններից: Պաղատագին խնդրում եմ այս թեմաները չպարզունակացնել նման հարցերով:

Աշխեն
01.07.2009, 12:34
Ինձ էլ շատ դուր եկավ, շարադրանքը պարզ էր, բայց հետաքրքիր, դե էլ հումորը չասեմ:hands
Մենակ կներես իմ աղջկական անտեղյակության համար, չհասկացա օճառ գցելու մեղքի ողջ խորությունը:oy Ուղղակի բանակային ունդունված կարգ է, թե լվացարաններն էին այդ աստիճան կեղտոտ?:o

Chuk
01.07.2009, 12:57
Ինձ էլ շատ դուր եկավ, շարադրանքը պարզ էր, բայց հետաքրքիր, դե էլ հումորը չասեմ:hands
Մենակ կներես իմ աղջկական անտեղյակության համար, չհասկացա օճառ գցելու մեղքի ողջ խորությունը:oy Ուղղակի բանակային ունդունված կարգ է, թե լվացարաններն էին այդ աստիճան կեղտոտ?:o

Շնորհակալ եմ :)
Երկար չծավալվելու համար առաջարկում եմ կարդալ նաև այս գործը. 7. Սողոմոնյան իմաստնություն: (http://www.akumb.am/showthread.php?t=7781) Ի դեպ այստեղ նոր հատված ավելացրի, որը կպատասխանի նաև Լեոյի հարցին:

Chuk
03.07.2009, 14:00
Սա էլ Հարրի Փոթթերը, երդման օրը, զինվորների անունից ճառ արտասանելուց.
39291

Գալաթեա
03.07.2009, 14:15
Լավն էր Գարիկը :)
Բայց դե` քեզնից լավը չէր, Արտ :)
Սիրում եմ բանակային հուշերդ կարդալ: Սա լավերի շարքում էր:

ars83
03.07.2009, 16:07
Շատ լավն էր, հետաքրքրությամբ կարդացի, շնորհակալություն տեղադրելու համար:

Մի բան հարցնեմ. այդ ի՞նչ են լցնում այդ բանակային լվացարանների մեջ, որ այնտեղ ընկած օճառը չի կարելի վերցնել :o
Բացի դրանից, չէ՞ որ օճառը հենց կեղտ հանելու համար է:
Չեմ հասկանում :think

Dayana
03.07.2009, 16:32
Արտ, հավես էիր գրել: :) Բայց էն օճառը չվերցնելու իմաստը չհասկացա :8

Chuk
03.07.2009, 16:35
Շնորհակալ եմ, ժող :)

Արս, Դայ, նորից առաջարկում եմ կարդալ «7. Սողոմոնյան իմաստնություն (http://www.akumb.am/showthread.php?t=7781)» գործը, էստեղ էդ թեմայով որոշ բաներ գրել եմ ;)

Արամ
03.07.2009, 16:49
Արտ, հավես էիր գրել: :) Բայց էն օճառը չվերցնելու իմաստը չհասկացա :8
Դայ, բանակում տենցա ընդունված, ասենք ընդեի համարյա ամեն ինչը համարվումա կեխտոտ, ու ետ կեխտոտին որ ձեռք են տալիս, "ԼԱՎ ՏՂԱՆԵՐԻ" կարծիքով իրանք էլ են կեղտոտ դառնում…:)

ars83
03.07.2009, 17:15
Շնորհակալ եմ, ժող :)

Արս, Դայ, նորից առաջարկում եմ կարդալ «7. Սողոմոնյան իմաստնություն (http://www.akumb.am/showthread.php?t=7781)» գործը, էստեղ էդ թեմայով որոշ բաներ գրել եմ ;)

Կարդացի: Փաստորեն, կան օբյեկտիվ պատճառներ: Բայց երևի կարելի է զինվորներին հավաքել և բացատրել հասարակական զուգարանից/լվացարաններից օգտվելու կանոնները: Վերջապես, կարելի է կանոն սահմանել, որ քաղաքակիրթ կարգը խախտողները (կամ, թեկուզ, բոլորը) ենթարկվեն խոշոր դրամական տուգանման, այդ գումարը հատկացվի հավաքարարներին, որոնք ավելի հաճախ մաքրեն:

Chuk
03.07.2009, 17:20
Կարդացի: Փաստորեն, կան օբյեկտիվ պատճառներ: Բայց երևի կարելի է զինվորներին հավաքել և բացատրել հասարակական զուգարանից/լվացարաններից օգտվելու կանոնները: Վերջապես, կարելի է կանոն սահմանել, որ քաղաքակիրթ կարգը խախտողները (կամ, թեկուզ, բոլորը) ենթարկվեն խոշոր դրամական տուգանման, այդ գումարը հատկացվի հավաքարարներին, որոնք ավելի հաճախ մաքրեն:
Քննարկման լայն սպեկտր ունեցող թեմա ես առաջարկում, չեմ կարծում, որ տեղն այս թեման է:

ars83
03.07.2009, 17:24
Քննարկման լայն սպեկտր ունեցող թեմա ես առաջարկում, չեմ կարծում, որ տեղն այս թեման է:

Եղավ, ներողություն թեմայից շեղվելու համար, պարզապես չափից դուրս անսովոր և անըմբռնելի էր:

Ծով
13.07.2009, 15:41
Չու՛կ ջան, էս ինչ ա...պիտի թվերով կարդա?լ...մեկը մյուսի շարունակություն հո չի?...
մի խոսքով սա կարդացի ու ահավոր հավանեցի...լեզուն, համը հոտը...ուրիշ ա էլի....:):):):)շատ իրական, շատ լավն ա....սարկազմն էլ ա տեղը, աղն էլ...էն որ ասում էր էէէէ.....;) այ էդ պիտի լինի...բանակային բոլոր գրվածքները....վերջն են:):):):)

Chuk
13.07.2009, 15:44
Չու՛կ ջան, էս ինչ ա...պիտի թվերով կարդա?լ...մեկը մյուսի շարունակություն հո չի?...
մի խոսքով սա կարդացի ու ահավոր հավանեցի...լեզուն, համը հոտը...ուրիշ ա էլի....:):):):)շատ իրական, շատ լավն ա....սարկազմն էլ ա տեղը, աղն էլ...էն որ ասում էր էէէէ.....;) այ էդ պիտի լինի...բանակային բոլոր գրվածքները....վերջն են:):):):)
Դե չէ, համարակալումը էդքան կարևոր չի, որտև ճիշտ ա կրկնվող կերպարներ կան ու որոշ դեպքերում դեպքերի ընթացք ա հասկացվում հերթականությամբ կարդալուց, բայց իրականում ամեն մեկն առանձին գործ ա :)

Շնորհակալ եմ, Ծով ջան :)

Lion
13.07.2009, 16:06
Լավն էր, գրված էր մեծ հումորով - կարդալիս գրեթե բարձրաձայն ծիծաղում էի: Ուր է, թե նման լայնախոհություն մեր բանակում շատ լիներ...

Ֆոտոն
25.07.2009, 16:41
Շատ հաճելի է կարդացվում: Ընդհանրապես իմ գնահատականը տալիս եմ ըստ գրվածքի ծավալի ու բովանդակության, այսինքն՝ իմստալիության խտության: Ինչքան կարճ, էնքան լավ: Շնորհակալ եմ բարձր գնահատականիս արժանանալու համար:
Մեծ էներգիա կար: Հավեսս եկավ բանակում ծառայելու:;)

Շինարար
19.09.2009, 16:41
Երևի ստեղ տեղին չի գրելը, բայց պիտի պատմեմ: Մեզ մոտ էլ թեմա էր համարվում լվացարանում կամ բաղնիքում ընկած օճառը վերցնելը, բայց շատերը սովորաբար վերցնում էին, ասում էին մենք ենք, մերոնք ով պիտի իմանա, իսկ այդ մերոնքը համարյա ամբողջ գունդն էր:

armen9494
07.04.2011, 14:50
Ոոոոոոոնց, դու լվացարանի մեջ ընկած օճառով լվացվե՞լ ես:o
Իսկ եթե լուրջ` շաաաաաաաատ լավն էր:hands