PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Արցունքի համը

Chuk
11.06.2009, 04:14
Արցունքի համը

- Ես չեմ թողնի, որ Միհրանը քեզ հետապնդի, - լռության մեջ շշուկով երդվեց տղան, - մենք միշտ իրար հետ ենք լինելու:
Աղջկա աչքերի արցունքներ հոսեցին շուրթերին, ու նա զգաց աղի, բայց հաճելի համը: Ուրախության արցունք էր: Նրանք գրկեցին իրար ու երկար ժամանակ այդպես նստած էին մութ պուրակում, որտեղ ոչ մի ուրիշ շունչ չկար, մինչև որ տղան սթափվեց.
- Ուշ է, ծնողներդ հիմա քեզ են սպասում: Գնանք:
Նրանք չէին ուզում բաժանվել, բայց գնացին: Գնացին իրար ձեռք բռնած, խավարի մեջ:
Շենքի բակում աղմուկ էր: Քայլերն արագացրին: Ոստիկանության ու շտապ օգնության մեքենաներ էին կանգնած, ու բակում ամբոխ էր հավաքված:
Աղջկա ոտքերը թուլացան. ինչ-որ վատ կանխազգացում ուներ: Տղան բռնեց նրան ու միասին մոտեցան շենքին:

* * *

- Զառ, ուզում եմ հետդ անկեղծ լինել, - տղայի ձայնը դողում էր, - ծնողներս դեմ են որ քո հետ հանդիպեմ: Նրանք ուզում են, որ ես ապահով մարդու հետ լինեմ: Ծնողներիդ մահից հետո նրանք... կներես ինձ... ես չեմ կարող իրենց դեմ գնալ:
Աղջկա արցունքներից տհաճ համ էր գալիս: Այս նույն համը նա զգացել էր ծնողների թաղման ժամանակ...

* * *

Հարսանիքը Միհրանենց տանն էր: Աղջկա հորեղբայրը մնաց կես ժամ ու գնաց, մինչև գնալը Զառայի ականջին շշնջալով. «Պստիկս, ես չէի կարող քեզ պահել: Միհրանը երևի քեզ լավ կնայի: Դու էլ գիտես, ինքը քեզ շատ ա սիրում: Քանի տարի հետևիցդ ա եկել»:
Զառան արցունքները զսպեց ու հորեղբորը չվշտացնելու համար չպատմեց, որ ծնողները միշտ դեմ էին Միհրանին ու որ ինքն էլ չի սիրում: Բայց հասկանում էր նաև հորեղբորը: Կողոպտիչները տարել էին ծնողների կուտակած ողջ գումարը, որը նրանք տարիներ շարունակ հավաքել էին սեփական բնակարան գնելու համար. չէին ուզում էլ վարձով ապրել: Տարել էին մոր ոսկեղենը: Անգամ դիակների վրայից, նրանց սպանելուց հետո հանել ու տարել էին հոր և մոր ամուսնական մատանիները, մոր գեղեցիկ շղթան, ականջօղերը: Զառան մնացել էր առանց որևէ բանի. չուներ տուն, գումար չուներ, որ ավարտեր վճարովի ուսումը, չուներ ոչինչ: Միայն մի հորեղբայր ուներ, որն աղքատ էր ու իրեն չէր կարող պահել:
Հորեղբայրը գնաց, իսկ Միհրանը դեռ խմում էր իր ընկերների հետ: Ընկերներ, որոնք անգամ այս հարսանիքի օրով չէին սափրվել: Զառան տհաճությամբ նայում էր նրանց դաջվածքներին ու նրանց խոսակցություններից սրտխառնուք էր զգում: Անշարժ ու վախեցած նստել էր ամուսնու կողքին, որի հետ կյանքում մի քանի բառ էր փոխանակել ու հետևում էր, թե սա ինչպես է հարբում:
Գիշերը երկուսին ընկերները գնացին, մեկ սենյականոց, քանդված պատերով ու հնացած կահույքով տանը թողնելով հարբածությունից օրորվող Միհրանին ու նրա կողքը դեռ անշարժ նստած Զառային:
- Սեղանը հավաքի՛ր, - զկռտալով հրամայեց ամուսինն ու փռվեց մահճակալին: Մի քանի վայրկյան անց սենյակում տարածվեց նրա խռմփոցը:
Զառան վեր կացավ ու լուռ հավաքեց սեղանը: Հետո նստեց աթոռին, կուչ եկավ: Քունը չէր տանում: Ասենք մեկ է չգիտեր, որտեղ պառկի: Ամուսնու՞ կողքին: Այլ մահճակալ կամ բազմոց չկար:
Գիշերը չքնեց, բայց երևի առավոտվա կողմ աչքը կպել էր, երբ զգաց որ ձեռքից քաշում են: Աչքերը բացեց: Ամուսինն էր, հարբածությունից դեռ մշուշված աչքերով կանգնած էր գլխավերևում:
- Արի՛, - նորից հրամայեց, - մենք արդեն ամուսնացած ենք:
Մեկ րոպեից անշուք սենյակում տարածվեց հին մահճակալի անդուր ճռճռոցը:

* * *

Զառան ցերեկները մենակ էր: Տնից դուրս չէր գալիս, ամուսինը չէր թողնում: Ամուսին ասելը սխալ է, որովհետև Միհրանն ասել էր, որ ԶԱԳՍ-ում ավելի ուշ կգրանցվեն, հիմա դրա ժամանակը չի: Իսկ երեկոները գալիս էր Միհրանը, սովորաբար արդեն խմած, բայց միևնույն է էժանագին արաղի շիշը ձեռքին, ընկերների հետ ու նստում էր բլոտ խաղալու: Ընկերներին ճանապարհելուց հետո համենայն դեպս ծեծում էր Զառային. «որ հանկարծ չմտածես ինձնից գնալ», հետո սենյակում մահճակալի ճռճռոցի ձայնն էր գալիս: Հետո Միհրանը խռմփացնում էր, իսկ Զառան լաց էր լինում:
Արդեն երեք ամիս էր անցել: Զառան հղի էր: Միհրանն այդ օրը տուն եկավ վուլգար հագնված մի կնոջ հետ:
- Վերջ, գնա՛ իմ տնից, - կարճ հրամայեց կնոջը:
- Միհրան, ու՞ր գնամ, - վախեցավ Զառան, - ես քո երեխային եմ սպասում:
- Ռադ եղիր էս տնից ասում եմ: Ի՞նչ իմ երեխա: Ու՞մ ես ձեռ առնում: Եսիմ ումից ա էդ: Դու ստեղ գործ չունես: Ինքն ա իմ կնիկը:
- Միհրան...
Աղջկա խոսքը ընդհատվեց Միհրանի հարվածից. ոտքով փորին:
- Ռադ եղի՛ր, - նորից հրամայեց Միհրանը:

* * *
Հորեղբայրը Զառային ընդունեց: Բայց խնդրեց սպանել պտուղը: Հրաժարվեց: Խոստացավ, որ երեխայի ծնունդից հետո կաշխատի ու կպահի իրենց: Հորեղբայրը հոգոց հանելով համաձայնվեց:

* * *
- Թույլ կտաք, ձեզ օգնեմ, - արևափայլ ժպիտը դեմքին հարցրեց տասնիննամյա պատանին:
- Չէ, շնորհակալություն, ծանր չի, ինքս կտանեմ, - ժպտաց աղջիկը:
- Ամեն դեպքում ուզում եմ օգնել, տեսնում եմ, որ ծանր է, - պնդեց տղան՝ աղջկա ձեռքից խլելով պայուսակը: - Որտե՞ղ եք ապրում:
- Հենց այստեղ, այս շենքում:
Բարձրացան վերև: Աղջիկը հանեց բանալին ու բացեց դուռը:
- Շնորհակալ եմ, - դիմեց տղային: - Եթե կուզես, մտիր ներս, սրճենք:
- Սիրով, - ուրախացավ տղան:
Սենյակում վեցամյա շեկլիկ երեխան նստած խաղում էր:
- Ձեր եղբա՞յրն է, - հարցրեց աղջկան:
- Չէ, որդիս, - պատասխանեց տղային, - ի դեպ ծանոթանանք, անունս Զառա է:
- Արման:
Զառան գնաց սուրճ դնելու, իսկ Արմանը մոտեցավ մանչուկին: Երբ Զառան սրճի բաժակները ձեռքին վերադարձավ, Արմանն ուրախ խաղում էր երեխայի հետ:

* * *
Հաջորդ օրը երբ Զառան դուրս եկավ խանութ գնալու, Արմանին տեսավ. իրեն էր սպասում: Սկսեցին հանդիպել: Զառան տանն էր աշխատում, դերձակություն էր անում ու շատ պատվերներ ուներ, կարողանում էր պահել իրեն ու տղային: Արմանը ապագա ծրագրավորող էր. սովորում էր:

* * *
- Դու հո չե՞ս գժվել, - բղավում էր Արմանի ընկերը, - ոնց թե սիրահարվել ես քեզնից մեծ աղջկա, որն երեխա ունի ու ուզում ես հետն ամուսնանաս: Խելքդ գլուխդ հավաքիր:
- Եթե հետն ամուսնանաս, հաշվի որ մեր աչքից ընկել ես, - ասաց մյուս ընկերը:
- Հետը ուզում ես քնել, քնիր, բայց հանկարծ մտքովդ չանցնի ամուսնանաս, - շարունակեց երրորդը:
Արմանն ընկերներից հեռացավ ընկճված:
Քայլերն ուղղեց Զառայի տան կողմը, բայց տեղ չհասավ: Կեսից շրջվեց ու գնաց տուն: Նստեց մահճակալին ու գլուխն առնելով ձեռքերի մեջ սկսեց լալ:
- Տղաս, ի՞նչ է եղել, - մայրն էր:
Արմանն ամեն ինչ պատմեց, հուսով, որ մայրը կհասկանա: Մայրը լսում էր՝ տղայի գլուխը շոյելով:
Երեկոյան տանը պատերազմ էր: Մեծ եղբայրն ու հայրը գոռում էին Արմանի վրա ու անթույլատրելի համարում նրա՝ Զառայի հետ կյանքը: Արմանը փորձում էր բացատրել, որ սիրում է, որ Զառան էլ իրեն է սիրում, որ երեխան էլ է իր հետ կապվել, որ լավ ընտանիք կստացվի: Հուսով նայում էր մորը, կարծելով, թե կպաշտպանի իրեն, իսկ մայրը ճիշտ է լռում էր, բայց հասկացվում էր, որ հոր տեսակետն է պաշտպանում:
- Այլևս այդ աղջկա հետ չհանդիպես, - հրահանգեց հայրը:
- Հա, տղաս, մի հանդիպի, ու կմոռանաս: Դա ընդամենը կիրք է, - հաստատեց մայրը:
Արմանը լուռ էր: Պիտի աներ այն, ինչ ասում էին ծնողները, բայց մոռանալ չէր կարողանում:
Ծնողները տեսնում էին Արմանի տանջանքը ու ոչինչ անել չէին կարողանում: Ի վերջո հայրը գտավ հնարքը:
Արմանը քննությունները փայլուն տվեց: Ուսումը պետք է շարունակեր Ամերիկայում, մի հայտնի համալսարանում. «Այնտեղ կմոռանա այդ աղջկան», - ուրախ մորը ասում էր հայրը, ով ամեն ինչ արել էր, որ որդին ընդունվի:
Զառայի համար լուրն անսպասելի էր: Զառան վաղուց չէր զգացել դառն արցունքի համը: Լալիս էր նաև Արմանը. մեկ ամսից պետք է գնար...

* * *
- Հայրիկ, դուք էլ օդանավակայան մի եկեք, - ուրախ ժպիտը դեմքին ասաց Արմանը, - ես մենակ կգնամ, ընկերներիս հետ եմ, կարիք չկա: Այնտեղից կզանգեմ:
- Լա՛վ, տղաս, - համաձայնեց հայրը՝ ուրախ, որ տղայի դեմքին նորից ժպիտ է:
Արմանը ճամպրուկները դրեց տաքսու մեջ, համբուրեց ծնողներին, եղբորը ու հրաժեշտ տալով գնաց:
- Տես, որ ասում էի կմոռանա, - ուրախ ձայնով արտասվող կնոջը դիմեց հայրը:

* * *

Օդանավակայանում ճամպրուկները ձեռքին, որդու ձեռքը բռնած կանգնած էր քսանհինգամյա գեղեցիկ աղջիկն ու անհամբեր նայում էր ժամացույցին: Տասնիննամյա պատանին նրանց հեռվից տեսնելով ժպտաց, գրպանից հանեց ամուսնական մատանին, դրեց մատին ու մոտեցավ, համբուրեց սկզբից փոքրիկին, հետո կնոջը ու հարցրեց.
- Գնացի՞նք:
Կինը չպատասխանեց. նրա շուրթերին արցունքի հաճելի համն էր:

Chilly
11.06.2009, 08:00
Լավն էր, ապրես...
Մի քիչ հոլիվուդոտ հեփիէնդային բան զգացի, գուցե էդպես է, գուցե սխալ եմ զգացել...ամեն դեպքում դա արժեքը չի գցում... եսիմ... ամեն դեպքում մոտս նորից կարդալու ցանկություն կա... ուրեմն լավն է...

Dayana
11.06.2009, 09:23
Հեչ էլ հոլիվուդոտ չէր :P

Բայց մի տեսակ հավատս չի գալիս, որ Հայ հասարակությունում կգտնվեն սենց քաջ 19-ամյա տղաներ :)

Լեո
11.06.2009, 09:55
Պատմությունը շատ գեղեցիկ էր: Ուղղակի իմ համեստ կարծիքով դեպքերը չափազանց արագ էին զարգանում, այսինքն` շատ էր սեղմ գրված: Կարելի էր մի քիչ ավելի բացված գրել, որպեսզի կարդալուց հույզերի (ընթերցողի հույզերի) փոփոխությունը ավելի աստիճանական լիներ:

Իսկ որպես նովել, շատ լավն էր, հենց էդպիսին էլ պիտի լիներ :)

comet
11.06.2009, 10:39
Հուզիչ պատմություն է ու շատ սիրուն է գրված: Կարդալուց տխրեցի, բայց happy end-ը ստացվել էր, ուրախացրեց, ապրես:)

cold skin
11.06.2009, 11:21
Պատմությունը շատ գեղեցիկ էր: Ուղղակի իմ համեստ կարծիքով դեպքերը չափազանց արագ էին զարգանում, այսինքն` շատ էր սեղմ գրված: Կարելի էր մի քիչ ավելի բացված գրել, որպեսզի կարդալուց հույզերի (ընթերցողի հույզերի) փոփոխությունը ավելի աստիճանական լիներ:

Իսկ որպես նովել, շատ լավն էր, հենց էդպիսին էլ պիտի լիներ :)

Ինձ թվում է, որ ստեղծագործությունը հենց այսպես էլ լավ է… Սեղմությունը, մի տեսակ հաճելի էր, դեպքերի արագ զարգացումը հուզող…Երբ կարդում էի անընդհատ մտքում կրկնում էի՝ հետո՞, իսկ հետո-ն չէր ուշանում...
Լավն էր...

Chuk
11.06.2009, 12:51
Շնորհակալություն բոլորիդ :)
Բայց ասեմ, որ սիրով կլսեմ նաև խիստ քննադատություն, մասնավորապես կապված գրելաոճի հետ :oy

Kuk
11.06.2009, 13:17
Լավն էր, Արտ: Գրելաոճդ ինձ հիմնականում դուր ա գալիս:
Բայց Զառան ինձ դուր չեկավ. չեմ սիրում առանց սիրելու, սոված չմնալու համար ամուսնացողներին:

Հ.Գ. Էն ճռճռ ու խռմփի պահով կհիշացնես անեկդոտ պատմեմ, բայց ռեալում:))

Լուսաբեր
11.06.2009, 13:21
Տխրեցի կարդալուց, արցունք էլ հայտնվեց/ հաճելի համով :oy
Շատ բան չասեմ, մենակ, որ
Արտակ ջան, լավն էր, ապրես :good

Երկնային
11.06.2009, 14:30
Իսկ իմ հավատը գալիս ա, որ մեր hայ հասարակությունում սենց բան կարող ա լինի :P
Հաճելի պատմվածք էր, ապրես :)

Գալաթեա
11.06.2009, 14:50
Իմ սիրած գրելաոճով էր գրած: Կարճ կադրեր, որ ասես հատվածաբար ներկայացնում են մի ամբողջ կյանքի պատմություն:
Ոնց որ մի ֆիլմ նայես, անենակարևոր մասերը, որ շատ վաղուց արդեն տեսել ես, անգիր գիտես:

Ինչ վերաբերում ա հենց պատմությանը, Արմանը մի քիչ շատ էր արքայազնոտ...Դայանայի հետ համամիտ եմ..
Միհրանն ավելի համոզիչ կերպար էր..անգամ արաղի զզվելի հոտը առա մի պահ:

Չեմ սիրում հեփի էնդեր :)
Չուկ, պաչ ;)

Փոքրիկ
11.06.2009, 15:06
:oyփշաքաղվեցի մի պահ...
:loveշատ սիրուն էր, իրոք, ոնց որ մի ֆիլմ դիտեի:oy

Cassiopeia
11.06.2009, 16:56
Հրաշքներ լինում են... սերը դրանցից մեկն է:
Ապրե'ս, լավն էր

impression
11.06.2009, 22:37
անիրական էր ու շատ էիր... պլպլացրել, Չուկ ջան :)
կամ ուղղակի հեփի էնդ չեմ սիրում

Kuk
11.06.2009, 22:48
Ժող, անտեղյակիս ինչ որ մեկը կլուսավորի՞ արդյոք. հեփի էնդը դա միջազգային տերմի՞ն է:

impression
11.06.2009, 22:56
Ժող, անտեղյակիս ինչ որ մեկը կլուսավորի՞ արդյոք. հեփի էնդը դա միջազգային տերմի՞ն է:

չէ, ուղղակի հայերեն "երջանիկ վերջաբան" մի քիչ չի հնչում, բայց դե կարելի է դրան էլ սովորել ;)

Chuk
11.06.2009, 23:12
Ժող, նորից շնորհակալություն բոլոր կարծիքների համար :)
Բայց շատ ուրախ կլինեմ, եթե որևէ մեկն ապացուցի, որ իսկապես հեփի էնդ էր: Ես ինքս շատ եմ ուզում, ներքուստ, որ հեփի էնդ լինի: Բայց այ չգիտես ինչու վստահ չեմ, որ եղել ա :oy

Kuk
11.06.2009, 23:43

Իհարկե ուրախ չէր վերջաբանը: Ո՞վ է ասել, որ լինել սիրած էակի կողքին կնշանակի լինել երջանիկ: Իսկ ո՞վ էր ծնել, սնել, դաստիարակել այդ տղային: Այդ անձիք չէի՞ն նրա մեջ մարդկային այդ հատկությունները ձևավորել, այդ մարդկանց կարծիքը չէ՞ր, որ անտեսվեց, այդ մարդկանց կամքին չէ՞ր, որ դեմ գնաց: Չեմ սիրում էս պրիմիտիվ սեր կոչվածը՝ նրանք երկուսով են, ուրեմն կյանքը վարդագույն է: Այդ տղան հնարավոր է, որ կորցրեց ընկերներ, կորցրեց հարազատներ: Հիմա ոմանք կասեն՝ սերն ամեն ինչից վեր է, փոքր ինչ նվազ պրիմիտիվ մտածողները կասեն, թե այդ մարդիկ իր երջանկության մասին չէին մտածում, այլ մտածում էին հասրակության կարծիքի մասին: Թքա՛ծ, ինչի մասին ուզում են, թող մտածեն, դա չի հարցը. այդ մարդը կորցրեց իրեն հարազատ անձանց, և սա կարելի է ուրա՞խ համարել:

Երկնային
12.06.2009, 00:09
Ժող, նորից շնորհակալություն բոլոր կարծիքների համար :)
Բայց շատ ուրախ կլինեմ, եթե որևէ մեկն ապացուցի, որ իսկապես հեփի էնդ էր: Ես ինքս շատ եմ ուզում, ներքուստ, որ հեփի էնդ լինի: Բայց այ չգիտես ինչու վստահ չեմ, որ եղել ա :oy

համոզեցիր :)) ապացուցում եմ, որ ոչ հեփփի էնդ էր, ոչ էլ տրագիկ վերջաբան :P

չլացեցի, ոնց որ սովորաբար «հեփփի էնդ»-ի ժամանակ աչքերս լցվում են, ոչ էլ նենց, ոնց որ խեղդվում ես անարդարության զգացումից, կամ էլ ինչ-որ բան փոխելու ցանկությունից…:oy
ավելին ասեմ՝ ընդհանրապես չլացեցի :))
հետևություն՝ իրական էր, ռեալիստական պատմվածք էր, ժպիտ առաջացրեց :)

Ռուֆուս
12.06.2009, 00:26
Անկեղծ ասած սյուժեն ինձ բոլորովին դուր չեկավ, մի փոքր արհեստական էր ամեն ինչը ու ոչ համոզիչ: Արտակ ջան, դու շատ ավելի լավ ստեղծագործություններ ունես, սա նրանց թվին չի պատկանում:

Փոխարենը քո գրելաոճն եմ շատ հավանում, պատմվածքի մեջ բավականին գեղեցիկ պահեր կային: :)

Chuk
12.06.2009, 00:31

Նկատի ունես մահճակալի ճռճռոցի պահե՞րը :D
Եթե կատակը դեն խոսեմ, ապա ես ինքս այս ստեղծագործության գրելաոճը համարում եմ թույլ (թե ընդհանուր չափանիշներով, թե իմ մյուս գործերի հետ համեմատած):

Իսկ ինչ վերաբերվում է համոզիչին... մեկի համար կարող է համոզիչ լինել, մյուսի համար ոչ, անկախ ամեն ինչից ինձ համար էական չի, ընթերցողը ռեալ այսպիսի իրավիճակ կպատկերացնի, այլ այն, որ տեսնի տողերում ասվածը:

Փոքր-ինչ խոսեմ հեփի էնդի մասին: Կուկի ու Երկնայինի գրածները լրիվ ընդունում եմ: Բայց միայն դա չի: Խնդիրն այն է, որ ես ինքս չեմ տեսնում պատմվածքի հանգուցալուծումը ու չգիտեմ, Արմանը համարձակություն ձեռք կբերի Զառայի հետ այդպես փախնելու, թե ոչ: Ես դա թողել եմ ընթերցողին: Պատմվածքի վերջին հատվածում խոսում եմ ոչ թե Զառայի ու Արմանի, այլ մի տղայի ու մի կնոջ մասին: Դրանք Զառան ու Արմա՞նն են, թե՞ ոչ, ես էլ չգիտեմ... բայց կուզեի, որ իրենք լինեն:

Գալաթեա
12.06.2009, 00:32
Անկեղծ ասած սյուժեն ինձ բոլորովին դուր չեկավ, մի փոքր արհեստական էր ամեն ինչը ու ոչ համոզիչ: Արտակ ջան, դու շատ ավելի լավ ստեղծագործություններ ունես, սա նրանց թվին չի պատկանում:

Փոխարենը քո գրելաոճն եմ շատ հավանում, պատմվածքի մեջ բավականին գեղեցիկ պահեր կային: :)

Չէ..սյուժեն արհեստական չէր, Հայկ, կյանքում դրանից բեշ-բեթար բաներ էլ են լինում...դա չի խնդիրը..

Խնդիրն էն ա, որ Չուկը փորձել էր կյանքի էդ կեղտոտ, զզվելի, բայց հաճախ հանդիպող դեպքերը կոնպենսացնել թվացյալ հեփի էնդով...իսկապես որ թվացյալ, քանի որ Չուկը անուններ չի տվել վերջում...ես անձամբ դա չէի նկատել :)

Ուլուանա
12.06.2009, 04:07
Շնորհակալություն բոլորիդ :)
Բայց ասեմ, որ սիրով կլսեմ նաև խիստ քննադատություն, մասնավորապես կապված գրելաոճի հետ :oy
Քննադատեմ. :)) Չնայած գիտես, որ առանց քո խնդրելու էլ ասելու էի։ Շարադրանքդ, իմ կարծիքով, մի տեսակ պարզունակ էր, թեկուզ նույն ոճի մեջ, կարծում եմ, կարելի էր ավելի հաջող գրել։ :oy Էդ կադրերի տեսքով գրելաոճն ինձ էլ է դուր գալիս, բայց սա կարծես քո առաջին փորձն էր էդ ոճում, ու երևի դրա համար դեռ մի քիչ «հում» է ստացվել։ Որոշ նկարագրություններ բավական հաջող էին, հիմնականում Միհրանի հետ կապված տհաճ պահերը համոզիչ էին ու պատկերավոր։ Բայդ, օրինակ, Զառայի կերպարը բավականաչափ բացահայտված չէր. մի տեսակ ուրվականոտ էր ստացվել...
Համաձայն չեմ, որ սյուժեն անիրական էր, կամ համոզիչ չէր։ Լավ էլ իրական էր, իսկ հեփփի էնդի առումով կռուտիտներ մի արա :P. հետո՞ ինչ, որ վերջին տեսարանը նկարագրելիս անուններ չես տվել. պարզ էր, որ իրենք էին, ուրիշ ո՞վ պիտի լիներ։ :))

չէ, ուղղակի հայերեն "երջանիկ վերջաբան" մի քիչ չի հնչում, բայց դե կարելի է դրան էլ սովորել ;)
Հայերեն կարծեմ «երջանիկ ավարտ» են ասում, ու ոնց որ թե լավ է հնչում։

Chuk
12.06.2009, 04:08
Շնորհակալություն բոլոր կարծիքների, մեկնաբանությունների, շնորհակալությունների ու վարկանիշների համար: Ինձ համար դրանք բոլորը կարևոր են: Բայց ձեր թույլտվությամբ ես էլ կգրեմ կարծիք:

1. Ինչ կգրեի, եթե կարդայի այս ստեղծագործությունը ոչ թե իբրև հեղինակ, այլ իբրև ընթերցող.
Ակնհայտ է, որ հեղինակը գրելիս շտապել է: Սյուժետային գիծը համոզիչ չի, «մատից ծծածի» տպավորություն է ստեղծում: Նկարագրությունները թույլ են, քիչ թե շատ հաջողվել է միայն Միհրանի կենցաղի ու նրա բնույթի նկարագրությունը: Իրադարձությունների զարգացումը թռիչքային է, ստեղծագործությունը իր բնույթով ենթադրել է տալիս, որ գլխավոր հերոսուհին՝ Զառան, դրական կերպար է, բայց ստեղծագործության մեջ չկա այնպիսի նկարագրություն, որը նրան ներկայացնի լավ կողմերից, լավագույն դեպքում այդ էֆեկտին հասնում է խղճահարության միջոցով: Առաջին տղայից բաժանման, վերջին տղայի հետ ծանոթանալու դրվագները համոզիչ չեն: Համոզիչ չի ավարտը: Հեղինակի «հնարքը», որով փորձել է վերջում ընթերցողին մտորելու տեղ տա, թե արդյոք Զառան ու Արմանն էին օդանավակայանում ու նրանց կյանքը համատեղ կլինի, թե տղան ստիպված եղավ մենակ գնալ, կարելի է վստահաբար ասել, որ չի հաջողվել. ընթերցողի մոտ այդպիսի հարց չի առաջանում: Ստեղծագործությունը ընդհանուր առմամբ թույլ է, բայց իր ոճի մեջ՝ նորմալ:

2. Որպես հեղինակ ի՞նչ ասելիք ունեմ.
Անկախ նրանից, ստեղծագործությունն ինչ հույզեր է առաջացնում ընթերցողի մոտ, դուր է գալիս, թե ոչ, կարելի է ասել, որ այս ստեղծագործությունն իմ համար՝ որպես հեղինակ, ձախողում էր: Թե ինչու՞, այդ մասին դեռ երկար պիտի մտածեմ ու հետևություններ անեմ: Իսկ պատճառը մեկն էր, անընդհատ թևածող միտքը, որ «համոզիչ չի»: Եթե համոզիչ չի, ուրեմն ես ձախողվել եմ, որովհետև իրական պատմության վրա հյուսված, թեկուզ ձևափոխություններով ու սրացումներով պատմությունը եթե համոզիչ չի, ուրեմն ես եմ անհամոզիչ շարադրել: Ուրեմն ես չեմ կարողացել գեղարվեստական ձևով ներկայացնել մի պատմություն, թեկուզ և փոխված վերջաբանով:

Ինչևէ, նորից շնորհակալություն բոլոր կարծիքների, գնահատականների համար :)

Ծով
13.07.2009, 14:30
ուշ ուշ եմ գալիս....հաստատ ուշացած...լավ էլ քննարկումներ են գնացել:D:)
Չու՛կ ջան, ասել էի, հենց կարդամ, բոլորը կկարդամ:D, հիմա նստած նորություններն եմ կարդում գոնե ինձ համար /ակումբի էլի/...
Ճիշտն ասած իմ սրտում տեղավորվել են մինչև օրս քո հեղինակած շատ պատմվածքներ, որոնք իսկապես շատ խորը իմաստ ունեն և անիրականի ու իրականի ներդաշնակություն են ներբողում...էս մեկը դժվար էի կարդում..տե՛ս, չնայած պարզությանը...ես բարդ գործերն ավելի հեշտ եմ կարդում...ու մի տեսակ էնպիսի տպավորթյուն էր, որ իմիջայլոց էր գրված:)
ինձ չհամոզեց ամեն դեպքում...ոչ մի տեղ հոգով Զառայի հետ չեղա...:Dչգիտեմ ինչի...
հեփի էնդ ա, թե ոչ....Կուկը կորոշի...հեհե:D այ Կուկ, ախր եթե մարդուն հարազատները էնքան հարազատ չեն իրան, որ թողնեն երջանիկ լինի, էլ ինչի նետվել իրանց համար կամուրջից հենց իրանց գիրկը...
ամեն դեպքում, Չու՛կ, սերը լավ բան ա ու շարունակիր սերեր ցանել պատվածքներում, բայց էն էն էն հզորների կողքին, էս մեկը չտպավորվող կինոշ էր:):love ուծյու.../մոդան անցել ա, դրա համար ես սիրում եմ արդեն էս բառը:D/
անցա առաջ...կարդալը էլի:D

Ծով
13.07.2009, 14:33
Շնորհակալություն բոլոր կարծիքների, մեկնաբանությունների, շնորհակալությունների ու վարկանիշների համար: Ինձ համար դրանք բոլորը կարևոր են: Բայց ձեր թույլտվությամբ ես էլ կգրեմ կարծիք:

1. Ինչ կգրեի, եթե կարդայի այս ստեղծագործությունը ոչ թե իբրև հեղինակ, այլ իբրև ընթերցող.
Ակնհայտ է, որ հեղինակը գրելիս շտապել է: Սյուժետային գիծը համոզիչ չի, «մատից ծծածի» տպավորություն է ստեղծում: Նկարագրությունները թույլ են, քիչ թե շատ հաջողվել է միայն Միհրանի կենցաղի ու նրա բնույթի նկարագրությունը: Իրադարձությունների զարգացումը թռիչքային է, ստեղծագործությունը իր բնույթով ենթադրել է տալիս, որ գլխավոր հերոսուհին՝ Զառան, դրական կերպար է, բայց ստեղծագործության մեջ չկա այնպիսի նկարագրություն, որը նրան ներկայացնի լավ կողմերից, լավագույն դեպքում այդ էֆեկտին հասնում է խղճահարության միջոցով: Առաջին տղայից բաժանման, վերջին տղայի հետ ծանոթանալու դրվագները համոզիչ չեն: Համոզիչ չի ավարտը: Հեղինակի «հնարքը», որով փորձել է վերջում ընթերցողին մտորելու տեղ տա, թե արդյոք Զառան ու Արմանն էին օդանավակայանում ու նրանց կյանքը համատեղ կլինի, թե տղան ստիպված եղավ մենակ գնալ, կարելի է վստահաբար ասել, որ չի հաջողվել. ընթերցողի մոտ այդպիսի հարց չի առաջանում: Ստեղծագործությունը ընդհանուր առմամբ թույլ է, բայց իր ոճի մեջ՝ նորմալ:

2. Որպես հեղինակ ի՞նչ ասելիք ունեմ.
Անկախ նրանից, ստեղծագործությունն ինչ հույզեր է առաջացնում ընթերցողի մոտ, դուր է գալիս, թե ոչ, կարելի է ասել, որ այս ստեղծագործությունն իմ համար՝ որպես հեղինակ, ձախողում էր: Թե ինչու՞, այդ մասին դեռ երկար պիտի մտածեմ ու հետևություններ անեմ: Իսկ պատճառը մեկն էր, անընդհատ թևածող միտքը, որ «համոզիչ չի»: Եթե համոզիչ չի, ուրեմն ես ձախողվել եմ, որովհետև իրական պատմության վրա հյուսված, թեկուզ ձևափոխություններով ու սրացումներով պատմությունը եթե համոզիչ չի, ուրեմն ես եմ անհամոզիչ շարադրել: Ուրեմն ես չեմ կարողացել գեղարվեստական ձևով ներկայացնել մի պատմություն, թեկուզ և փոխված վերջաբանով:

Ինչևէ, նորից շնորհակալություն բոլոր կարծիքների, գնահատականների համար :)
վայ, ջան, էս վերլուծություններդ վերջն են...
այ եթե բոլոր ստեղծագործող մարդիկ քեզ պես լինեին...
մերսի....գրի...շաաաաաատ:)

Chuk
13.07.2009, 14:36
Շնորհակալ եմ, Ծով ջա՛ն :)

հ.գ. Գնա բանակային գործերս կարդա :angry :oy

Kuk
13.07.2009, 15:03
ինձ չհամոզեց ամեն դեպքում...ոչ մի տեղ հոգով Զառայի հետ չեղա...:Dչգիտեմ ինչի...
հեփի էնդ ա, թե ոչ....Կուկը կորոշի...հեհե:D այ Կուկ, ախր եթե մարդուն հարազատները էնքան հարազատ չեն իրան, որ թողնեն երջանիկ լինի, էլ ինչի նետվել իրանց համար կամուրջից հենց իրանց գիրկը...

Ծով, որ մեկն իրա երեխուց հրաժարվում ա, ոչ ոք չի նայում՝ սիրում էր երեխուն, թե ոչ, բայց ասում են՝ տխուր ա, որ թողեց: Մտի ուզծդ ծննդատունը, տես ինչքան շատ ա նման դեպքերը, ու տես, որ ես ճիշտ եմ ասում: այսինքն, եթե ծնողն ու զավակը բաժանվում են, դա ինքնին արդեն տխուր ա: Նենց որ ստեղ /էդ եսիմ որտեղից մոդա ընգած/ հեպի էնդ /կոչվածը/ բացակայում ա:

E-la Via
13.07.2009, 15:45
Բարև Chuk: Գրածդ լավն էր, հետաքրքիր: Կարևորը իրականության զգացողություն ունեցա: Չնայած որ հավատ չի գալիս, որ 19 ամյա երիտասարդը իրականում այդպիսի հասուն ու համարձակա քայլ կանի, երբ ավելի մեծերը երջաիկ լինելու համարձակություն չեն ունենում: Կցանկանայի շատ լինեին հասուն մտածելակերպի մարդիկ, բայց մեծ մասամբ մարդիկ մեծանում են, բայց չեն հասունանում: Ինձ համար կապ չունի, թե դու մտածում ես, որ գրածդ չի ստացվել, որ շտապել ես: Ինձ համար ավելի կարևոր է, սրտից դուրս եկածը և, որ կարդացածս ինձ ստիպի մտածել, հետևություններ անել: Կարևորը լավ մտածված բառերի շարադրանքը չէ, այլ թեման, միտքը:
Շնորհակալ եմ :

Ծով
13.07.2009, 15:46
լիարժեք հեփի էնդ կյանքում չի լինու :(
հատկապես, որ վերանձնական հայացքով եմ նայում...:)
ինչևէ.…
...Լօլ...լավ, հեփի, թե տխուր....էնդը վերջում ա....:D

Chuk
13.07.2009, 15:53
Way, շնորհակալ եմ :)
Ուրախ եմ, որ հավանել ես, անկախ նրանից, թե ես ստեղծագործության մասին ինչ կարծիք ունեմ :)

Lion
13.07.2009, 15:56
Ինձ դուր եկավ այս պատմվածքը, թեև համաձայն եմ, որ այն «սեղմ էր գրված»: Ինձ դուր եկավ, բավականին հուզեց: Իսկ եթե պատմվածքը դրական հույզեր է առաջացնում թեկուզ և մեկ մարդու մոտ, ապա այն չի կարող վատը լինել՝ անկախ «զուտ գրական ոճի» թերություններից:

Բայց մտքովս մի բան անցավ - ես այդպես էլ չհասկացա, թե պատմվածքի հերոսներից որն էր ավելի ԱՆԱՍՈՒՆ - Միհրանը, թե աղջկան հենց պատմվածքի սկզբում լքող տղան...:think

ars83
13.07.2009, 16:07
Ինձ դուր եկավ: Սահուն էր կարդացվում: Առանց երկար-բարակ ծաղկացրած կամ մելամաղձոտ շեղումների:

E-la Via
13.07.2009, 16:59
Իհարկե ուրախ չէր վերջաբանը: Ո՞վ է ասել, որ լինել սիրած էակի կողքին կնշանակի լինել երջանիկ: Իսկ ո՞վ էր ծնել, սնել, դաստիարակել այդ տղային: Այդ անձիք չէի՞ն նրա մեջ մարդկային այդ հատկությունները ձևավորել, այդ մարդկանց կարծիքը չէ՞ր, որ անտեսվեց, այդ մարդկանց կամքին չէ՞ր, որ դեմ գնաց: Չեմ սիրում էս պրիմիտիվ սեր կոչվածը՝ նրանք երկուսով են, ուրեմն կյանքը վարդագույն է: Այդ տղան հնարավոր է, որ կորցրեց ընկերներ, կորցրեց հարազատներ: Հիմա ոմանք կասեն՝ սերն ամեն ինչից վեր է, փոքր ինչ նվազ պրիմիտիվ մտածողները կասեն, թե այդ մարդիկ իր երջանկության մասին չէին մտածում, այլ մտածում էին հասրակության կարծիքի մասին: Թքա՛ծ, ինչի մասին ուզում են, թող մտածեն, դա չի հարցը. այդ մարդը կորցրեց իրեն հարազատ անձանց, և սա կարելի է ուրա՞խ համարել:

Բարև Kuk: Ես համաձայն չեմ Ձեզ հետ: Իմ կարծիքով տղային այլ ընտրություն չթողեցին: Ո՞վ է ասել, որ տղայի համար հեշտ էր այդպիսի որոշում կայացնելը: Կարծում եմ ամենադժվարը հենց նրա համար էր: Դուք ասում եք, թե ծնողներն են նրան կյանք տվել դաստիարակել, մարդ դարձրել, և դրա համար մենք նրանց պարտական ենք: ՄԻ կողմից համաձայն եմ և այդ ամենի դիմանց մեր շնորհակալությունը մեր սերն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր ծնողների սեփականությունն ենք և պետք է որպես ստրուկ հնազանդենք նրանց: Մենք պետք է մեր կյանքի պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա, և եթե տվյալ դեպքում տղան ասում է, որ ինքը պատրաստ է ընտանիք կազմել, հայր դառնալ ուրիշի երեխային, լավ ամուսին լինել, ապա ծնողը պետք է միայն ուրախ լինի կամ գոնե ըմբռնումով մոտենալ: Իսկ եթե կտրականապես դեմ են, ապա պետք է ընտրություն կատարել , որը այս դեպքում կատարվեց : Իսկ ինչ վերաբերվում է ընկերներին, ապա այս դեպքում ինչպես և ծնողների դեպքում, եթե նրանք իսկապես սիրեին իրենց ընկերոջը, ապա հարգանքով կմոտենային նրա ընտրությանը, նրա սիրուն:
Ինչ վերաբերվում է պրիմիտիվ սիրուն, կասեմ նախ սիրի՛ր: Իսկապես սիրող մարդը երբեք սերը չի անվանի պրիմիտիվ:

Ֆոտոն
22.07.2009, 16:04
Իսկ ինչ վերաբերվում է համոզիչին... մեկի համար կարող է համոզիչ լինել, մյուսի համար ոչ, անկախ ամեն ինչից ինձ համար էական չի, ընթերցողը ռեալ այսպիսի իրավիճակ կպատկերացնի, այլ այն, որ տեսնի տողերում ասվածը:

Փոքր-ինչ խոսեմ հեփի էնդի մասին: Կուկի ու Երկնայինի գրածները լրիվ ընդունում եմ: Բայց միայն դա չի: Խնդիրն այն է, որ ես ինքս չեմ տեսնում պատմվածքի հանգուցալուծումը ու չգիտեմ, Արմանը համարձակություն ձեռք կբերի Զառայի հետ այդպես փախնելու, թե ոչ: Ես դա թողել եմ ընթերցողին: Պատմվածքի վերջին հատվածում խոսում եմ ոչ թե Զառայի ու Արմանի, այլ մի տղայի ու մի կնոջ մասին: Դրանք Զառան ու Արմա՞նն են, թե՞ ոչ, ես էլ չգիտեմ... բայց կուզեի, որ իրենք լինեն:

Ինձ դուր եկավ, երջանիկ ավարտ սիրում եմ, քանի որ հավատում եմ, որ այդպես էլ պետք է լինի: Համաձայն եմ, որ Արմանը Զառայի հետ չէր փախնի, դա զգացվում էր Արմանի վրա իր շրջապատի ազդեցությունից ու Արմանի՝ դեպի իր շրջապատը վերաբերմունքից:
Իմ պատկերացմամբ վերջում մի այլ տղայի ու մի կնոջ մասին էր: Ու հենց այդպիսի ավարտով էլ ինձ դուր եկավ: Մյուս գործերիդ հետ դեռ չեմ կարող համեմատել, լավատեղյակ չեմ:

Chuk
22.07.2009, 16:12
Ֆոտոն, շնորհակալ եմ, մյուս ստեղծագործություններս կարող ես գտնել հենց այս բաժնում, ինչպես նաև բանակային գործերս՝ «Չուկչստան (http://www.akumb.am/forumdisplay.php?f=85)» բաժնում:

Kuk
22.07.2009, 18:54
Բարև Kuk: Ես համաձայն չեմ Ձեզ հետ: Իմ կարծիքով տղային այլ ընտրություն չթողեցին: Ո՞վ է ասել, որ տղայի համար հեշտ էր այդպիսի որոշում կայացնելը: Կարծում եմ ամենադժվարը հենց նրա համար էր: Դուք ասում եք, թե ծնողներն են նրան կյանք տվել դաստիարակել, մարդ դարձրել, և դրա համար մենք նրանց պարտական ենք: ՄԻ կողմից համաձայն եմ և այդ ամենի դիմանց մեր շնորհակալությունը մեր սերն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր ծնողների սեփականությունն ենք և պետք է որպես ստրուկ հնազանդենք նրանց: Մենք պետք է մեր կյանքի պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա, և եթե տվյալ դեպքում տղան ասում է, որ ինքը պատրաստ է ընտանիք կազմել, հայր դառնալ ուրիշի երեխային, լավ ամուսին լինել, ապա ծնողը պետք է միայն ուրախ լինի կամ գոնե ըմբռնումով մոտենալ: Իսկ եթե կտրականապես դեմ են, ապա պետք է ընտրություն կատարել , որը այս դեպքում կատարվեց : Իսկ ինչ վերաբերվում է ընկերներին, ապա այս դեպքում ինչպես և ծնողների դեպքում, եթե նրանք իսկապես սիրեին իրենց ընկերոջը, ապա հարգանքով կմոտենային նրա ընտրությանը, նրա սիրուն:
Ինչ վերաբերվում է պրիմիտիվ սիրուն, կասեմ նախ սիրի՛ր: Իսկապես սիրող մարդը երբեք սերը չի անվանի պրիմիտիվ:

Բարև, way: Իսկ ես ինչ որ տեղ ասե՞լ եմ՝ սերը պրիմիտիվ է: Ես ասել եմ՝ «Չեմ սիրում էս պրիմիտիվ սեր կոչվածը՝ նրանք երկուսով են, ուրեմն կյանքը վարդագույն է»: Ահա այս դեպքում, ասել եմ ու պնդում եմ, որ սերը պրիմիտիվ է, եթե այն կապված է միայն զույգերի՝ միասին լինելու փաստի հետ: Մարդուն միշտ պետք են հարազատներ, ընկերներ, առանց նրանց մարդը միայնակ է: Հիմա մեկ այլ բան. ես չեմ ասել, թե տղան ճիշտ է վարվել կամ սխալ, չեմ ասել, թե ծնողները կամ ընկերները ճիշտ են վարվել կամ սխալ, ես ասել եմ, որ ավարտը տխուր էր, քանի որ նա բաժանվեց հարազատներից, ընկերներից. թե դա ում մեղքով եղավ, դա այլ հարց է, բայց որ բաժանվեցին, ուրեմն տխուր է:

Մանոն
22.07.2009, 21:03
Չուկ ջան քո մյուս գործերից հետո, իհարկե այս մեկը փոքր-ինչ թույլ էր, այդ մասին շատ ասվեց, չեմ կրկնվի: Ես գիտեմ մի բան, որ ստեղծագործող մարդը միշտ էլ պրպտումների մեջ է: Ինձ ոճն օրինակ դուր եկավ, լակոնիկ խոսք՝ սահուն, առանց ծանրաբեռնված համեմատությունների: համոզված եմ, որ եթե չշտապեիր, հաստատ ավելի լավ կստացվեր: Կարևորը՝ գեղարվեստորեն առաջ ես քաշել մի արդի թեմա. այն է ինչպես է մեր հասարակությունը վերաբերվում մայնակ մայրերին: Դա մտածելու թեմա է, ու քո արածը քիչ բան չէ:

Manya
22.07.2009, 21:41
Շատ լավն էր: Ես կարդալուց իմ արցունքի համը զգացի: Հուզիչ էր, ուրեմն լավն էր միտեսակ
տխուր ու ուրախ պատմություն: