PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Այդ դեպքում սկսի՛ր մորիցս...



Ծով
05.06.2009, 21:26
Այն քաղաքում, որտեղ ապրում եմ ես, արդեն մեկ ու կես տարի է իսկական խառնաշփոթ է, սպոնտան վիճակ, ավելի հայերեն՝ բարձիթողի։ Բայց շատերը դեռ ապրում են այն հույսով, որ վատից վատն էլ կա։
Շատերի հույսն իհարկե այն չէ, որ վատից վատը մեզ հետ պատահի, այլ այն, որ էսպես էլ մնա, լավ է։
Գիտեմ, որ անհեթեթություններ են, բայց հենց այդ բարձիթողությունը ստիպեց մեր քաղաքի պետին թողնել ծխելը քաղաքացիների կյանքում որևէ փոփոխություն մտցնելու համար (իսկ սա իհարկե հավաստի տեղեկություն չէ, բայց նման մի բան բստրած կլինեն՝ իբրև թե մտածում են ժողովրդի մասին)։
Ջուլիկն ամբողջ օրը հինումին մի բլուզ էր քանդում, թելը կծկում, որ տեսնի մի գուլպայի կհերիքի ու միշտ իր իսկ հաշվարկներով պակասություն էր անում, քանի որ բլուզը շատ մաշված էր, և թելն անընդհատ կտրտվում էր։
«Է՛հ, էսպես չեղավ, համա թե մեծացել ա էս լակոտը, ոտին մի գուլպա էլ չի գալիս»։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ «լակոտի» ոտքին մի գուլպա հաստատ որ գալիս է։
Իսկ այդ ժամանակ դեռ տաք գարուն էր ու բրդի գուլպայի կարիքը չկար, բայց Ջուլիկին թվում էր, թե ձմեռն այնքան ցուրտ է լինելու, որ «լակոտի» ոտքերը հաստատ ցրտահարվելու են։
Նորից կծիկները հաշվելով էր զբաղված ու տնեցիներից ոչ ոք տանը չէր, երբ դուռը թակեց (ես արդեն գիտեմ) ինչ-որ վաճառվող վաճառական՝ «ճակատին գրված հան...րային խորհուրդ»։
Ջուլիկը դանդաղ մոտեցավ դռանը, զարմացած նայեց «գլազոկից», դուռը նույնքան դանդաղ բացեց, ասես դիտավորյալ, որ ճռռա, նայեց ուղիղ ճակատին, բայց կարդալ չգիտեր։
— Գազից ե՞ ս եկել։
— Չէ, ես...։
— Լույսն ա՞...։
— Ոչ, ես...։
— Աաաաաա...ջուրն ա ուրմեն..։
— Տիկին ջան...։
— Գնա գործիդ է՜....փող չկա, կլինի կտանք...կամ էլ չենք տա։ Գնա վերևինիդ ասա հերիք մեզ գռփեն , թալանեն, կոտորվեց հա էս ժողովուրդը...։
— Չէ, ես փող չեմ ուզում։ Էս անգամ մենք ենք տալիս։
— Յա՜...էս Եվրատեսիլից ես...։
Դա իհարկե ոչ մի կապ չունի, բայց մեր տատիկը, այսինքն Ջուլիկը, որը մեծահասակ կին էր, Եվրոմիությունն ու Եվրատեսիլը, և առհասարակ Եվրոպայի մասին իր պատկերացումները մանել էր շատ մակերեսերոն և ավելի շուտ նրա մոտ չքանդված մի կծիկ էր գոյացել, բայց կարևորը այդ չէր, այլ այն, որ այս անգամ մեկը ոչ թե փող է կորզում, այլ առաջարկում է։
— Հիմա ասածդ ի՞նչ ա։
— Կարելի՞ է ներս...։
— Արի՛, արի տղա ջան, տեսնեմ ինչ ես ասում...։
— Ուրեմն, դուք տեղյա՞կ եք առջևում ինչ ընտրություններ են։
— Բա հա....հեռուստացույցն ասել ա...։
— Շատ լավ....դուք ու՞մ եք ըտրելու...։
— Պահ, շատ պետքս են, յանի սաղ նույնը չե՞ն...։
— Ուրեմն ես մի առաջարկ ունեմ։ Ես ձեզ առաջարկում եմ գումար, դուք դրա դիմաց ընտրում եք այն թեկնածուին, որի անունը ես կասեմ։
— էս կաշառում ե՞ս, ինձ ու՞մ տեղն ես դրել....ես ինչի նման ե՞մ մեր Վրեժի զոքանչին....։
— Չէ, տատի՛ ջան, ես Ձեզ չեմ կաշառում, ես ուղղակի գործարք եմ կնքում...։
— Գործարքը ո՞րն ա...։
— Մտածեք ինքներդ. կորած փող չի, լավության դիմաց լավություն եք անում։ Ես Ձեզ տալիս եմ հինգ հազար դրամը, դուք ընտրում եք իմ ասած թեկնածուին։ Ընտրության օրը նույնիսկ պատրաստ եմ ուղեկցել Ձեզ և այդ էլ որպես հարգանք Ձեր տարիքի նկատմամբ։

Շատ չերկարացնեմ. գործարքը կնքվեց և կնքվեց բոլոր տնեցիներից թաքուն։
Մինչև ընտրության օրը տատիկը որոշեց էլ գուլպա չգործել՝ մտածելով, որ փողը ստանալուն պես կգնի նորմալ թելեր և մի քանի տեսակ գուլպա ու նույնիսկ «ժիլետ» կգործի թոռան համար։
Կնքված գործարքի մասին նա իհարկե ոչ ոքի չասեց, իսկ նույն երեկոյան տանը իսկական հայկական և շատ տարածված հիասթափություն էր տիրում։
— Պա՛պ, ինձ քննության չեն թողնի... վարձի համար...։
— Դե, տեսնեմ ինչ կարող եմ անել...։
— Ի՞նչ պիտի անես, յանի մի քիչ աշխատի էլի դրանց համար, լավ առիթ ա, էրեխու վարձը տու՛ր... էրեխուդ ապագայի մասին մտածի՛...։
— Ա՛յ կնիկ, չարչիություն մի՛ արա, բա ես հենց դրա համար եմ մտածում, ապագան չէն ծախում...։
— էդ առնել ա, ծախել չի...։
— Բայց ինչ-որ մեկը վաճառում ա, որ գնես...։
— էհ, էլ մի՛ փիլիսոփայի... սաղ էլ տենց են ապրում... էս դարի օրենքն ա... կոտորվեցիք։ Բա էս երկիր ա՞... էրեխեն ուզենա սովորի, վարձի պատճառով դուրս մնա։ Մատդ մատիդ դուր, ժաժ եկ, ոնցոր մերս ա ասում... ձենդ տալիս ես ոչ թե դրանց, այլ էրեխուդ վարձին... բա վատ ա՞...։
— Սոնա, ասում եմ սու՛ս մնա...մի կոպեկ էլ էդ անասուններից չվերցնես։ Առանց էդ էլ ամբողջ փողոցը աղբ ա. համար վեց, համար վեց... ինչ էլ ի թիվ ա... էս ի՞նչ ես խոսում... արա՛՛՛... բա որ էն տասից մեկը ես լինեի... արյունս էի՞ր ծախելու... ջուր եք դարձնում մի ջրի՞, թե ո՞ր վարձի համար...։
Իմ տանը էս խոսակցությունները չլինեն... մերս էլ լինի, կմորթեմ... դրան ցփողին ձեռք չմեկնե՛ք...
«մերս էլ լինի, կմորթեմ», — մտքում կրկնեց Ջուլիկը։ Հետո փորձեց հիշել։ Հա, հենց համար վեցն էր։ Գլուխը կախեց, մի քիչ էլ գործեց ու շուտ պառկեց քնելու։ Մի տեսակ մտատանջ էր լինում։ Քաղաքում տարածվեց տարօրինակ տենդը։ Մի կողմից երթեր, դրոշներ, ազատատենչ երիտասարդություն, իսկ ոմանք որպեսզի օբյեկտիվ լինենք անվանում են նրանց ռոմանտիկներ, մյուս կողմում սրճարաններում վխտացող ամբոխ։ Մի կողմում կռիվ, դավ, մյուսում՝ լրբերի գնային սակարկում, այսիքն ինչքան բարձր է գումարը ծախվելու, այնքան իջնում է նրանց գինը։ Ոմանք նույնիսկ ժանգոտ բանալիներ են բեմադրում ու ժանգոտում սեփական խիղճը, բայց ցավալին այն է, որ նրանց էլ ծափահարողներ կան։
Եւ ամեն մեկը մտածում է իր ուրույն ճշմարտության մասին։ Ամեն մեկը յուրովի է բացատրում իր վարքը։ Մեկը նույնիսկ նոյան տապան է սարքում, բայց ջրհեղեղի ամենաթեժ պահին։ Նույն ժամանակ բանտերում անմեղ մարդիկ դատապարտված են ազատազրկման, սակայն դա բոլորովին չի խանգարում ինչ-որ անտարբերների ծամել միևնույն կոշիկի, հեռախոսի յուղը վրեն մեքենայի ծառայությունը տանը անցկացնելու մասին թեման արդեն որ հազարերորդ անգամ։
Նույն ժամանակ դրսում ազգի տականքերը Ղազանչեցոցի զանգ են խլացնում, իսկ մինչ այդ հային լուր հասցնում, թե երկիրը ուր որ է բռնելու է բարգավաճման ուղի։
Ջուլիկի մտքից որդու խոսքերը դուրս չէին գալիս և, որ ավելի վատ է, նա զգում էր, որ այլևս չի տարբերվում իր Վրեժի զոքանչից, իսկ որ ամենավատն է, նա նույնիսկ չի էլ ենթադրում, որ դեռ կարող է հրաժարվել այսպես կոչված գործարքից, որովհետև միամիտ կնոջը թվում է, թե այդ դեպքում լուրը աշխարհ կբռնի և գործարքն իրականացնողն իրեն քաղաքում կհեղինակազրկի։
Ամեն առավոտ շները ոռնում էն։ Ուսման վարձը դեռ չի գտնվել։ Վրեժը առավոտից մինչ ուշ երեկո աշխատում է տարբեր տեղերում, իսկ Սոնան ինչ-որ անընդհատ փսփսում է հեռախոսով, դուրս է գալիս, երեկոյան հոգնած վերադառնում, վերադառնալուն պես շտապում ննջասենյակ, ինչ-որ բան է կոծկում, հետո ձևացնում, թե ամբողջ օրը լվացք, արդուկ, կամ մեկ այլ բան է արել։
Քաղաքում իշխում է տենդի վարակը։ Թերթերը սպառվում են կրպակներում։ Բոլորը վերջին խոստումներն են տալիս, իսկ մյուս բոլորը խնդրում չվաճառվել։ Ինչ-որ մեկի պատուհանից լսվում է Մեսչյանի «Եւ բոլորն են վաճառվում...»-ը ու վաճառվում են իհարկե ոչ բոլորը, բայց ես համաձայն եմ, որ իրականում գրեթե բոլորը այդ պոտենցյալն ունեն։
Ընտրություններին ու «լակոտի» /անունը չեմ հիշում/ դուրս մնալուն մնացել էր մի գարնանային օր։
Սոնան թաքստոցից հանեց թաքցրած փողը, տվեց որդուն ու թե.
— Հիմա գնում ես, վարձը տալիս ես, պարտք եմ վերցրել, պապան չգիտի, ինքը կճարի, կվերադարձնեմ։
— Մա՛, ումի՞ց։
— Կարևոր չի, դու վարձդ տու՛ր, դուրս չմնաս, թե չէ միանգամից բանակ են տանելու, Արմինեիդ էլ չես հասցնի հրաժեշտ տալ...։
Ջուլիկը դեռ մտատանջվում էր, բայց դե եղածը եղած էր։ Վրեժը ամբողջ գիշեր տուն չեկավ։
— Աչքիս էլի ընդդիմություն ա խաղում։ Ասեցի քո էդ պայքարը կոպեկի արժեք չունի, - մրթմրթում էր Սոնան։
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչպես են մարդիկ ամեն մի արժեք չափում կոպեկով։ Բայց նաև հասկանում եմ, որ արժեքները յուրաքնչյուրն իր ձևով է չափում։
Կեսօրին մոտ տատիկի ետևից եկավ մի սպիտակ գազել։ Նույն այն վաճառականը նրան առաջնորդեց դեպի մեքենան, իսկ մեքենայում հարևանները վերջապես իրար բացահայտեցին։
— Ջուլի՛կ, էս տղուդ գլուխն ե՞ս կորցրել...։
— Ինչ ա՞ որ...։
— Բա, տեսնում եմ, տեսնում, կամ էլ մի կողմից ընդդիմություն ա խաղում, մյուս կողմից մորը ուղարկում ա փողով ընտրելու։
— Գնա՛ գործիդ է, ի՞նչ ես խոսում, բերանդ մի՛ բաց, տղաս չգիտի, - այնպիսի տպավորություն է, թե տատիկը զգում է, որ այսպես թե այնպես որդու պատվի հետ է խաղում։
Խղճի ու մեղքի դաժան բախում։ Ջուլիկն ուզում է նետվել մեքենայից։ Ասա ա՛յ կնիկ, դժվար ա՞ էդքան հրաժարվելը դեռ չգործած մեղքից ու դրան հաջորդող համանուն զգացումից։
— Հիմա լսե՛ք, - վաճառականն է, - յուրաքնչյուրիդ հետ տեղամաս կմտնի մի ջահել տղա իբր թե Ձեր թոռն է, ինքը կօգնի ձեզ, ում որ պետք ա կընտրեք, տեղամսում էլ ձևացրե՛ք, որ լավ չեք տեսնում և այլն։
«Էս ինչ դասեր են», - մտածեց Ջուլիկը, բայց մեր մեջ ասած նրան մտածելն ավելորդ էր արդեն։
Ընտրությունը կատարված էր, ավելի շուտ հոգին արդեն ծախված էր, ինչպես էժանագին աճուրդի ժամանակ։
Նույն ժամանակ «լակոտի» ուսման վարձն արդեն վճարված էր։ Հարևանության մի մասը Սոնային համարում էր հերոս կին, մյուս մասը հետևից նետում, թե ամուսնու գլխով թռավ

Ծով
05.06.2009, 21:28
Ռադիոյով հաղորդում են ինչ-որ ծեծկրտուքների, գազելով բերված կաշառվածների, կրակոցների, սպառնալիքների, հաստավիզների ու եզերի մասին։ Ջուլիկը կյանքում առաջին անգամ ռադիոյով իր իսկ մասին է լսում։ Բայց ամենակարևորը թելը առել է, թոռը ձմռանը խնդիր չի ունենա ու ով էլ լինի քաղաքի «ջոջը» ոտքերը, հաստատ չեն մրսի։
Իսկ երբ «լակոտը» տուն էր գալիս, նրան փորձեցին վերաբերվել ինչպես իսկական լակոտի.
—Ապե՛ր, հանրապետականները վարձդ տվի՞ն, ընգե՛ր հիմա մենք քեզ վարձակալել ենք...
—Ի՞նչ հանրապետական, ի՞նչ բան...
—Ընգե՛ր, ձև մի՛ տուր՝ իբր չգիտես...հլը դու ասա՝ ում ես ընտրում...
—Ինձ եմ ընտրում, պրծա՞վ, գնա՛ դեմիցս...

—Ապե՛ր լավ, դու մնացիր, այ պայքարչիստ, հեղափոխական, դավայ մի հատ տասհազարնոց տամ, իրար հետ բարգավաճենք...
—Ես արդեն ընտրել եմ, ճամփես բաց...
—Մի հատ էլ ընտրի, ես ֆոկուս կանեմ...
—Ապե՛ր, ճամփա տու՛ր...
...
Սոնան անընդհատ ամուսնուն է զանգում։ Վերջինս գիշերը տուն չի եկել, ու Սոնան կարծես թե անհանգստանում է։
—Մա՛, դու հլը ասա՛, էդ փողը որտեղի՞ց էր, էդ անասուններից ես մուրացել...
—Ի՞նչ ես խոսում, հարցումներ եմ արել իրանց համար, արդար աշխատել եմ, վաստակել,...
—Վաստակել ես...այսինքն մտել ես տներ, կաշառք ես առաջարկել, խայտառակել ես ինձ իմ թաղում...
—Նախ ես մեր թաղում չեմ աշխատել, երկրորդ. ես աշխատել եմ ընդամենը ու դրա դիմաց վարձդ վաստակել, բա ի՞նչ էիր ուզում, հը՞ն...
—Ա՛յ Սոնա ջան, յանի ճիշտ բան ե՞ս արել, բա արժեր, ամուսնուդ պատիվը գետնովն ես տվել,- թե էս կնիկն ինչիմեջ ընկավ։
—Դու խոսալու իրավունք չունես, գիտես չգիտե՞մ, որ ձայնդ վաճառել ես հինգ հազար դրամով։ Որ տղադ իմանա էէէ....ես գոնե էրեխուս վարձի համար աշխատել եմ։
—Պահ, վաճառել եմ...էդ էլ ա էլի աշխատանք ա..բա ի՞նչ....ես էլ հո էլի էրեխուս գուլպայի համար եմ արել...
Եղածն արդեն եղած էր...ու որ ասում են լակոտ, էդքան էլ սխալ չեն ասում։ Ինչու՞ ,որովհետև մինչև վարձը տալը բոլորովին էլ կարևոր չէր, թե որտեղից է փողը, իսկ երբ այն արդեն տրված է, հանկարծ ջղերը սկսում են ձգվել։
...
Այս ընթացքում Վրեժը կռիվ է տալիս, որ ամեն ինչ անցնի խաղաղ, առանց կեղծիք, իսկ երբ հոգնած տուն է գալիս, բոլոր բանբասանքներին տիրապետող Վալոդը, ինչպես կրպակից բերված թարմ մի թերթ, իր իսկ խոսքերով բացում է Վրեժի աչքերը....
Տանն իսկական տուրուդմփոց է։ Կնոջը մեղադրի՞, մինչ այդ մորը սպանի՞, թե որդուն հիշեցնի, որ ինքը տղամարդ չի, և ի՞նչ անի մեկը, ով մի ամբողջ ժողովուրդ է ուզում փրկել այն դեպքում, երբ ընտանիքն արդեն կործանված է...
Իսկ, երբ մեծերը ասում են, որ հայրենիքը սկսում է ընտանիքից, պետք է որ նկատի ունենան հենց հայրենիքը...
Հաջորդ օրն առավոտյան ամեն ինչ սովորականի նման է թվում։ Ինչ-որ հին բանի կրկնություն է։ Ինչ-որ տեղ մեկը դեմոկրատիայի քարոզ է կարդում։ Ամեն սրճարան իրեն հատուկ հաճախորդին է ընդունում, ճանապարհում։ Քաղաքում տոն չէ։ Նորից ինչ-որ մեկը գողացել է այդ տոն կոչվածը։

Եվ արդեն մոտ մեկ և կես տարի է քաղաքը նույն ցավից է խեղդվում, իսկ այդ քաղաքի պետը լինելու համար նախ հարկավոր է բուժել այդ ցավը։

...
Երբ Ջուլիկը գործեց բոլոր գուլպաները, պարզվեց, որ դրանք դարձյալ փոքր են ստացվել, իսկ իրականում խնդիրը թելը չէր և այն այնքան էլ պակասություն չէր անում, պարզապես տատիկը չափի մեջ միշտ էլ սխալվում էր։
Սոնան ամուսնու աչքերին հազվադեպ էր նայում, իսկ «լակոտը» կարծես թե մեծանում էր։
Ջուլիկը մեկընդմիշտ զղջաց հինգ հազար դրամը վերցնելու համար, որովհետև նոր թելերն այնուամենայնիվ նպատակին չհասան։
...
Վրեժը փոքրիկ սեմինարներ էր անցկացնում դեռահասների համար դեմոկրատիայի մասին։ Մի անգամ ինչ-որ ռադիկալ տղա նետեց.
—Ժողովրդավարությանը հասնելու խաղաղ տարբերակը ընդամենը միֆ է, հարկավոր է ուժով հասնել դրան։ Իսկ մինչ այդ նախ պետք է մեկ առ մեկ սպանել հինգ հազար դրամանոց խղճավաճառներին։
—Այդ դեպքում սկսիր մորիցս...
...ու քաղաքը նորից հուսախաբ էր լինում և որոշել էր խորը քուն մտնել...բայց հեռվում նորից երևաց դրոշների ու թմբուկների երթը....
Հ.Գ. Այս օրերին շարունակվում են քաղբանտարկյալների դատավարությունները։ ՄԻնչև ինը տարի նույնիսկ հերոսներ են դատվում։ Ես չեմ գրում, ես ընդամենը խնդրում եմ........................................
Լույսը մի՛ հանգցրեք, երբ համոզված չեք, որ մթությունից չեք վախենում...
05.06.09

Djavaxhq
05.06.2009, 21:47
Որպես Գեղարվեստական գործ հրաշալի էր. իսկ քաղաքական առումով տվել ես քո իսկ ցավոտ հարցադրման պատասխանը`
<Այդ դեպքում սկսիր մորիցս...>

Chuk
05.06.2009, 21:49
Ծով, ապրես, լավ ես ներկայացրել :)

Djavaxhq, այո, կսկսենք բոլոր ծնողներից ու զավակներից: Բայց ոչ կոտորելով, այլ բուժելով: Հիվանդին չեն սպանում, հիվանդին բուժում են:

Ambrosine
05.06.2009, 21:51
Վրեժը փոքրիկ սեմինարներ էր անցկացնում դեռահասների համար դեմոկրատիայի մասին։ Մի անգամ ինչ-որ ռադիկալ տղա նետեց.
—Ժողովրդավարությանը հասնելու խաղաղ տարբերակը ընդամենը միֆ է, հարկավոր է ուժով հասնել դրան։ Իսկ մինչ այդ նախ պետք է մեկ առ մեկ սպանել հինգ հազար դրամանոց խղճավաճառներին։
—Այդ դեպքում սկսիր մորիցս...

Ծով ջան, շատ դիպուկ էր...
ցավոք մեր հարազատներն էլ երբեմն հիասթափեցնում

Djavaxhq
05.06.2009, 22:40
Djavaxhq[/B], այո, կսկսենք բոլոր ծնողներից ու զավակներից: Բայց ոչ կոտորելով, այլ բուժելով: Հիվանդին չեն սպանում, հիվանդին բուժում են:

Գիտես որ մարտի մեկին տաս հոգու սպանելով քանի հոգու «բուժեցին», ես դեմ եմ հային սպանելուն, բայց դրանց հայ անվանելն էլ է սխալ:

Chuk
05.06.2009, 22:44
Գիտես որ մարտի մեկին տաս հոգու սպանելով քանի հոգու «բուժեցին», ես դեմ եմ հային սպանելուն, բայց դրանց հայ անվանելն էլ է սխալ:

Ես չեմ ուզում այս ստեղծագործության թեման դարձնել մարտի 1-ի քննարկում, բայց քո միտքը բոլորովին չհասկացա: «Դու դեմ ես հային սպանելուն, բայց դրանց հայ անվանելն էլ է սխալ»: Զուտ շարահյուսորեն սա նշանակում ա, որ այդ 10 սպանվածներին հայ չես համարում: Իսկ եթե նկատի ունես, որ սպանողները հայ չեն (ես կասեի՝ մարդ կոչվելու իրավունք չունեն), ապա քո ամբողջ մտքի իմաստը չեմ հասկանում, էլ ինչ «բայց»: Իսկ մարտի 1-ի զոհերը բուժում չէին, դրանք ծանր վերք էին ու այդ վերք պատճառողներից է պետք բուժել հասարակությանը, որովհետև նաև նրանք են այդ հասարակության հիվանդ բացիլները:

Ուրվական
05.06.2009, 22:47
Գիտես որ մարտի մեկին տաս հոգու սպանելով քանի հոգու «բուժեցին», ես դեմ եմ հային սպանելուն, բայց դրանց հայ անվանելն էլ է սխալ:

Այսի՞նքն: Ու՞մ ա հայ անվանելը սխալ: Երևի միտքդ լավ չես ձևակերպել:

Djavaxhq
05.06.2009, 22:52
Ես չեմ ուզում այս ստեղծագործության թեման դարձնել մարտի 1-ի քննարկում, բայց քո միտքը բոլորովին չհասկացա: «Դու դեմ ես հային սպանելուն, բայց դրանց հայ անվանելն էլ է սխալ»: Զուտ շարահյուսորեն սա նշանակում ա, որ այդ 10 սպանվածներին հայ չես համարում: Իսկ եթե նկատի ունես, որ սպանողները հայ չեն (ես կասեի՝ մարդ կոչվելու իրավունք չունեն), ապա քո ամբողջ մտքի իմաստը չեմ հասկանում, էլ ինչ «բայց»: Իսկ մարտի 1-ի զոհերը բուժում չէին, դրանք ծանր վերք էին ու այդ վերք պատճառողներից է պետք բուժել հասարակությանը, որովհետև նաև նրանք են այդ հասարակության հիվանդ բացիլները:

Ես փորձեցի փոխաբերական իմաստով գրել, տեսնում ես, որ բուժումը չակերտների մեջ են, թեման ինքն է ստիպում ներվայնանալու, հեղինակը կարծում եմ չի բողոքի, իսկ քո ասած նույն իմ ասածն է ուղակի ավելի պարզ, ես ուզում եմ ասել, որ եթե դու չսպանես քեզ են սպանելու, իսկ դրանց բուժում չկա, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, մարտի մեկին եթե հարձակվեին իրենք չեին զոհվի, իսկ էդ բացիլները անբուժելի են դրանք փողի արյան, իշխանության համն առել են, միայն դրանց վերացնելն է փրկում,

Chuk
05.06.2009, 22:58
Ես փորձեցի փոխաբերական իմաստով գրել, տեսնում ես, որ բուժումը չակերտների մեջ են, թեման ինքն է ստիպում ներվայնանալու, հեղինակը կարծում եմ չի բողոքի, իսկ քո ասած նույն իմ ասածն է ուղակի ավելի պարզ, ես ուզում եմ ասել, որ եթե դու չսպանես քեզ են սպանելու, իսկ դրանց բուժում չկա, լավագույն պաշտպանությունը հարձակումն է, մարտի մեկին եթե հարձակվեին իրենք չեին զոհվի, իսկ էդ բացիլները անբուժելի են դրանք փողի արյան, իշխանության համն առել են, միայն դրանց վերացնելն է փրկում,
Էլի չեմ ուզում խորանալ քաղաքականության մեջ, ուղղակի ասեմ, որ ասածիդ մեջ հակասություն կա: Բացատրեմ.
- Պատմվածքում խոսքը գնում է կաշառառուների մասին, որը շատ խոր վերք է, բուժման ենթակա,
- Դու խոսում ես հանցավոր իշխանության մասին, որը նույնպես խորը վերք է ու որն իր նպատակների համար օգտագործում է նաև կաշառառուներին:

Սրանք իրարից տարբերվող խնդիրներ են: Արձանագրեմ այսքանը ու չարձագանքեմ բուժման քո առաջարկած տարբերակին:

Djavaxhq
05.06.2009, 23:03
Էլի չեմ ուզում խորանալ քաղաքականության մեջ, ուղղակի ասեմ, որ ասածիդ մեջ հակասություն կա: Բացատրեմ.
- Պատմվածքում խոսքը գնում է կաշառառուների մասին, որը շատ խոր վերք է, բուժման ենթակա,
- Դու խոսում ես հանցավոր իշխանության մասին, որը նույնպես խորը վերք է ու որն իր նպատակների համար օգտագործում է նաև կաշառառուներին:

Սրանք իրարից տարբերվող խնդիրներ են: Արձանագրեմ այսքանը ու չարձագանքեմ բուժման քո առաջարկած տարբերակին:

Ինչ ուզում ես ասա ստեղծագործությունը լավն է իսկ իմ համար կաշառակերն ավելի վտանգավոր է ու արժանի էս իշխանություններին,

Ariadna
05.06.2009, 23:12
Ինչ ուզում ես ասա ստեղծագործությունը լավն է իսկ իմ համար կաշառակերն ավելի վտանգավոր է ու արժանի էս իշխանություններին,

Djavaxhq, սկզբում գրառումդ կարդացի, բան չհասկացա, բայց ճիշտն ասած ամաչեցի գրեմ, որ չեմ հասկանում, մտածեցի՝ միգուցե ուշ է, հոգնած եմ, գլուխս լավ չի աշխատում: Հիմա տեսա որ Ուրվականն ու Չուկն էլ չեն հասկացել, ահագին մխիթարվեցի, ասեցի հիմա կարդամ բացատրությունը, երևի կհասկանամ: Էն էլ՝ այ քեզ դժբախտություն, էլի չհասկացա :D Կարող ա՞ ամեն դեպքում ուշ ա :8 Բայց ամեն դեպքում ասա էլի, հիմա դու դե՞մ ես հասարակությանը բուժելուն :)

Dayana
06.06.2009, 00:16
Ծով, քաղաքական անհանդուրժողականությունը մի քիչ շատ էր, ինչը դժվար հասկանալի էր դարձնում գործը, բայց ինչպես միշտ, քո գրածը ստիպեց ակումբ լոգ-ին լինել :)
Հ.Գ. Ապրես, որ նորից գրում ես :love

Dorian
06.06.2009, 01:01
Ծով, անգամ չէի հիշում նախորդ վերնագիրը, երբ հաջորդն ասեցի... «Դու ամեն ինչ գիտեիր՝ չէիր ասում...» ու «Եվ լռել, երբ ասելիք չկա»... Էստեղ տեսա... Ւրար կողք կողքի գրած ու հասկացա... Բայց դա բոլորովին այլ պատմություն է, ոչ մի կապ չունեցող քոնի հետ ու քաղաքականությունից հեռու: Գիտես, որ այս գրածներդ ինձ խորթ են ու վերնագրերը, որոնք, կարծում էի, պիտի պոեզիայի վերածեիր չտվեցին ինձ իմ հարցերի պատասխանները:
Մենակ մի բան ասեմ: Ես հանրապետական չեմ: Հանարապետական չեն իմ բարեկամներից ոչ ոք, ոչ էլ օլիգարխներ, բայց ես երբեք չեմ զգացել աշխարհի ծանրությունը ֆիզիկական գոյատևմանս վրա... Իսկ այն ծանրությունը, որ զգացել եմ, ոչ մի կուսակցություն, ոչ մի կառավարություն չի կարող թեթևացնել: Դա հոգեբանների ու իմ սեփական ջանքերի միջոցով կթեթևանա :love Խնդրում եմ ՉԸՆԴԴԻՄԱԽՈՍԵԼ այս գրառմանս քաղաքական ճառերով: Հա, իմ նմանների պատճառով դուք դժգոհ եք, պարոնայք, ու դժբախտ:
Ծով ջան, այնուամենայնիվ, առաքելությունս իրագործված եմ համարում, թեկուզ և կիսով չափ... Բայց և այնպես, սպասում եմ քեզանից պոեզիայի...

Երվանդ
06.06.2009, 02:04
Լավն էր:)

Ուլուանա
06.06.2009, 04:10
Ապրես, Ծով։ :) Շատ լավն էր, շատ իրական։
Լավ է, որ քեզ հաջողվել է առանց պատմվածքը քաղաքականությամբ հեղեղելու, հիմնականում զուտ կենցաղային դրվագների միջոցով ստեղծել իրավիճակի էսպիսի հստակ ու ամբողջական պատկեր։ :)

Վերնագիրն էլի չհավանեցի... Մեկ էլ տեղ–տեղ պատմվածքն ընդմիջող հեղինակային զեղումները, կարծում եմ, ավելորդ էին։ Եթե դրանք կարևոր ես համարում պատմվածքի համար (թեև ես ինքս դրանց դերը պատմվածքում չզգացի, ճիշտն ասած, գուցե անձամբ քեզ համար կարևոր էին, բայց պատմվածքի համար, կարծում եմ, ոչ), ապա կարելի էր գոնե բոլորը միասին փոքրիկ նախաբանի կամ վերջաբանի տեսքով ներկայացնել, իսկ էսպես դրանք մի տեսակ հետաքրքիր ֆիլմը պարբերաբար ընդմիջող նյարդայնացնող գովազդներ էին հիշեցնում։ :oy

Kuk
06.06.2009, 13:03
Ճիշտ ա էլի, Ծով, Դորիանի հետ կարայիր զրուցարանում էլ խոսայիր, անպայման պետքա պատմվածքում քեզ մեջ
գցեի՞ր:))
Լավն էր:)

Ծով
06.06.2009, 13:43
Դո՛ր, ես շատ լավ գիտեմ դու ինչ էիր ուզում… ու քո ուզածը դեռ կլինի…:):love
պարզապես ես չեմ, ապացուցեցի, ոնց ասում էի, մտքերս դեռ նույն ուղղությամբ են…պիտի սպասեմ մի քիչ:)չեմ կարողանում...
իսկ էս պատմվածը չի ծնվել որևէ մեկին մեղադրելու համար...այստեղ այն է, ինչ կա...ով ոնց կընկալի, դա իր գործն է...Կներե՛ք, բայց նույնիսկ չեմ ուզում պատասխանել մի քանի գրառումների...զուտ չքաղաքականցնելու համար...հոդված չի, պատմվածք ա, չնայած պարունակում ա քաղաքական տարրեր, բայց ես հիմքում մարդկային գործոնն եմ դրել ...
Դո՛րս, քեզ էլ շնորհակալ եմ...հավատացնում եմ...մինչև սա մեջիցս դուրս չցայտեր, պոեզիան ուղղակի փակուղու մեջ կմնար:):love:love:love, ինչը ես քեզ դեռ խոսատնում էմ:)
մեղս...
Շնորհակալություն բոլորից...
Մեկ էլ հիշենք...մենք ոչ կբուժենք, ոչ կսպանենք, ոչ եսիմինչ...դա մի կողմ..դա այլ թեմաներում...
ԽԱՉը ՏԵՐՆ Ա ԶՈՐԱՎոՐԱՑՆՈՒՄ...:)


Վերնագիրն էլի չհավանեցի... Մեկ էլ տեղ–տեղ պատմվածքն ընդմիջող հեղինակային զեղումները, կարծում եմ, ավելորդ էին։ Եթե դրանք կարևոր ես համարում պատմվածքի համար (թեև ես ինքս դրանց դերը պատմվածքում չզգացի, ճիշտն ասած, գուցե անձամբ քեզ համար կարևոր էին, բայց պատմվածքի համար, կարծում եմ, ոչ), ապա կարելի էր գոնե բոլորը միասին փոքրիկ նախաբանի կամ վերջաբանի տեսքով ներկայացնել, իսկ էսպես դրանք մի տեսակ հետաքրքիր ֆիլմը պարբերաբար ընդմիջող նյարդայնացնող գովազդներ էին հիշեցնում։
Անուկս, սա ամբողջովին ընդունում եմ ու համաձայն եմ…պապաս էլ, որ կարդաց էդ մասերից գլուխ չէր հանում:D
Դե էս վերնագրերն էլ Դորն էր ինձ ասել, որ ես noric mi ban porcei grel, քանի որ մոտս մուսայի կատարյալ կորուստ ա վերջերս:)

Հ.Գ. իրոք ես աշխատել եմ կենցաղի միջոցով մոտենալ քաղաքականությանը % ոչ հակառակը:)
մեեեեեեեեեեղս...դե դեռ կմբագրեմ Ա՛ն ջան...:)

Dorian
06.06.2009, 13:49
Դո՛ր, ես շատ լավ գիտեմ դու ինչ էիր ուզում… ու քո ուզածը դեռ կլինի…:):love
պարզապես ես չեմ, ապացուցեցի, ոնց ասում էի, մտքերս դեռ նույն ուղղությամբ են…պիտի սպասեմ մի քիչ:)չեմ կարողանում...
իսկ էս պատմվածը չի ծնվել որևէ մեկին մեղադրելու համար...այստեղ այն է, ինչ կա...ով ոնց կընկալի, դա իր գործն է...Կներե՛ք, բայց նույնիսկ չեմ ուզում պատասխանել մի քանի գրառումների...զուտ չքաղաքականցնելու համար...հոդված չի, պատմվածք ա, չնայած պարունակում ա քաղաքական տարրեր, բայց ես հիմքում մարդկային գործոնն եմ դրել ...
Դո՛րս, քեզ էլ շնորհակալ եմ...հավատացնում եմ...մինչև սա մեջիցս դուրս չցայտեր, պոեզիան ուղղակի փակուղու մեջ կմնար:):love:love:love, ինչը ես քեզ դեռ խոսատնում էմ:)


ԳՐԵԼՈՒ ԵՆՔ :love
ՑԽԿՎԵԼՈՒ ԵՆ :D

քաղաքացի
06.06.2009, 14:31
Կգա ժամանակը, երբ նորից ցերեկները կքնենք, իսկ գիշերներն արթուն կմնանք: Առանց վախենալու:

... :love

Ծով
07.06.2009, 02:22
Ա՛ն, քո նշած գովազդային ընդմիջումները հանեցի, բայց վերնագրի հարցում դժվարանում եմ...:think