PDA

Դիտել ողջ տարբերակը : 19 հարց ու պատասխան, կապված Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ մասնակցության հետ



Chuk
25.05.2009, 22:45
19 ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ


Երևանի քաղաքային իշխանության ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուների ցուցակը որոշեց գլխավորել Լևոն Տեր-Պետրոսյանն ու դրանով իսկ հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին: Այս փաստը և մայրաքաղաքի ընտրություններն ընդհանրապես, բազմաթիվ հարցադրումներ են առաջացրել, որոնց պարզաբանումները կարևոր են ընտրողին կողմնորոշվելու համար: Ստորև ներկայացնում ենք հասարակության մեջ շրջող այդօրինակ հարցերն ու դրանց պատասխանները:




1. Հայ Ազգային Կոնգրեսը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցելով Երևանի քաղաքապետական ընտրություններին՝ դրանով իսկ չի՞ ճանաչում Սերժ Սարգսյանին, նրա իշխանության օրինականությունը, լեգիտիմությունը:

Ամեն մի ապօրինի իշխանություն շատ կուզենար, որ ընդդիմությունը «խռովեր», չմասնակցեր որևէ ընտրության: Այդպես նա կարող էր իշխել հավերժ: Լավ կլիներ, եթե քաղաքական պայքարը Հայաստանում էլ մղվեր օրինական իշխանության դեմ, ինչպես քաղաքակիրթ երկրկներում է: Այսօր Հայաստանում ապօրինի իշխանություն է: Իսկ այն վերացնելու, օրինական իշխանություն հաստատելու միակ ձևը ընտրություններն են: Այնպես որ դա ոչ մի կապ չունի տվյալ իշխանության օրինականությունը ճանաչել-չճանաչելու խնդրի հետ: Այդպիսի խոսակցություններ տարածողները հույս ունեն, թե ոմանք միամտաբար կհավատան նման պարզունակ մեկնաբանության ու դրանով կհիասթափեցնեն, կթուլացնեն ընդդիմության ընտրազանգվածը: Քաղաքական պայքարը մղվում է փաստացի գոյություն ունեցող, իրողություն հանդիսացող իշխանության դեմ՝ լինի դա օրինական, թե անօրինական: Իսկ Հայաստանում տիրող վարչախումբը, ուզենք թե չուզենք, փաստացի իրողություն է: Ընդ որում, նա ամենաշատը վախենում է հենց օրինական պայքարից: Իսկ ոչ լեգիտիմությունը նրա ամենախոցելի, ամենաթույլ տեղն է՝ «Աքիլլեսյան գարշապարը», ինչից նա, ահա նման խոսակցություններ տարածելով, փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել:




2. Ոմանք ասում են՝ «որքանո՞վ էր սազական», որ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ հիմնադիր նախագահի բարձր պատվանունով, միջազգայնորեն ճանաչված քաղաքական ու պետական գործիչ, որոշեց գլխավորել Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակը և հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին:

Այս հարցադրումը նույնպես իշխանության խոհանոցում է հորինվել՝ մարդկանց հիասթափացնելու համար: 2007 թ. աշնանը, երբ խոսվում էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է մասնակցել 2008թ. նախագահական ընտրությանը, ճիշշտ այդպիսի մի հարցադրում արեց Ռ. Քոչարյանը. «Առաջին նախագահը պետք է իր դիրքում մնա, եթե նա առաջադրի իր թեկնածությունը, կիջնի այդ դիրքից ու կդառնա շարքային ընդդիմադիր»: Ճիշտ է՝ աշխարհում շատ չեն լինում դեպքեր, երբ երկրի պաշտոնաթող նախագահը երկրորդ անգամ է հավակնում նույն պաշտոնին: Հսկայական վաստակի ու նախանձելի համարումի տեր լինելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, իրոք, կարող էր չանել այդ քայլը և որպես միջազգային ճանաչում ունեցող գիտնական՝ շարունակեր զբաղվել սիրած գործով՝ գիտությամբ: Ինքն էլ է մի քանի անգամ այդ մասին ասել: Նա երևի հենց այդպես էլ կվարվեր, եթե Հայաստանում լիներ թեկուզ թույլ ու վատ, բայց նորմալ քաղաքական իշխանություն: Իր որոշման իմաստն ու անհրաժեշտությունը Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ մեկուկես ժամանոց ելույթով մանրամասն ներկայացրեց 2007թ. հոկտեմբերի 26-ի հանրահավաքում: Եվ դա հետևյալն էր. Հայաստանում հաստատվել է Ավազակապետական համակարգ, որը թալանում, կեղեքում է սեփական ժողովրդին, պետությունը տանում է կործանման, ուստի ինքը չի կարող հանգիստ նայել այդ ամենին: Նույն բացատրությունները, ըստ էության, ուժի մեջ են նաև այս դեպքում, քանի որ Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունը կարող է այս վարչախմբից ազատվելու միջոց հանդիսանալ: Նա բազմիցս է ապացուցել, որ այդ պարագայում ինքն անձնական ամբիցիաներ չունի: Նա իր համար «ոչ սազական» չի համարում երթի առջևից քայլել փողոցներով 6-7 կիլոմետր: Նա իր համար «ոչ սազական» չհամարեց 2008-ի փետրվարին 9 օր շարունակ, 12-16 աստիճան սառնամանիքի պայմաններում բոլորի հետ գիշեր-ցերեկ անցկացնել Ազատության հրապարակում, խարույկների կողքին: Ճիշտ այդպես էլ, եթե նա համարում է, որ մայրաքաղաքի ընտրություններում հաղթելու միջոցով հնարավոր է լուծել Հայաստանում ավազակապետությունը վերացնելու ու երկիրը զարգացման նորմալ ճանապարհի բերելու խնդիրը, ապա, բնականաբար, չպետք է խուսափեր այդ քայլից:

Այսինքն՝ ինչպես 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա, Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրին նայում է ոչ թե իր անձնական բարձ կարգավիճակից, ամբիցիաներից ու սեփական անձի համարությունից ելնելով, այլ որպես իրական պետական քաղաքական գործիչ, երկրի ու ժողովրդի շահերից, խնդիրներից, նրանց դեմ ծառացած մարտահրավերներից ելնելով, պետական գործիչ, որը ոչ մի կերպ չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է իր երկիրը գլորվում դեպի կործանում:





3. Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարեց, թե հաղթանակի դեպքում ընդդիմությունը պարզապես կդառնա իշխանության մի մաս ու դրանից ոչինչ չի փոխվի: Հնարավոր չէ՞, որ Հայ Ազգային Կոնգրեսը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակի դեպքում բավարարվեն դրանով ու իրոք դառնան այս իշխանության մի մասը:

Սերժ Սարգսյանն իրավացի կլիներ, եթե խոսքը վերաբերեր այսօր Հայաստանում գործող այն ուժերին, որոնք իշխանության մաս լինելով՝ նման դեպքերում փորձում են «ժամանակավորապես» ընդդիմություն խաղալ, բայց հենց որ ամեն ինչ ավարտվում է, իսկույն հավի ճտերի նման հավաքվում են թխսկանի՝ իշխանության թեւերի տակ: Արդեն քանի անգամ այդպես են վարվել ու հիմա էլ այդպես կվարվեն «Բարգավաճը», Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը»: Ս. Սարգսյանը իրավացի կլիներ նաեւ, եթե խոսքը վերաբերեր այն «հաստիքային» կամ կեղծ ընդդիմադիր ուժերին, որոնք, թեեւ պաշտոնապես իշխանության մաս չեն կազմում, բայց ընտրությունների ժամանակ թատերական ներկայացում խաղալով, իբր «կատաղի պայքարում են» իշխանության դեմ, մոլորեցնում ընտրազանգվածի մի մասին, ձայներ փախցնում: Դրանով նրանք նպաստում վարչախմբի «հաղթանակին», ապա ստանում իրենց վճարը ու մի կողմ քաշվում: Օրինակ՝ Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, ուրիշ ավելի մանրերը: Բայց, երբ խոսքը վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա գլխավորած Շարժմանը՝ «Հայ Ազգային Կոնգրեսին», Սերժ Սարգսյանի ասածը մանկամտություն է: Անցած մեկուկես տարին՝ հարյուրավոր մարդկանց բանտարկություններով, հազարավոր մարդկանց հալածանքներով, վերջապես՝ թափված արյունով ցույց տվեց, որ հենց սա է իրական ընդդիմությունը: Ցավալի է, որ իրեն երկրի նախագահ համարող այս մարդը այնքան անճարակ է, որ հույսը դրել է այն բանի վրա, որ գուցե կգտնվեն անտեղյակ մարդիկ, որոք կհավատան իր պատմած անհեթեթ այս հեքիաթին: Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է այս իշխանության մաս կազմել եւ իր համար հանգիստ քաղաքապետ աշխատել՝ դրանով իսկ ջնջելով, ջուրը լցնելով իր ավելի քան 20 տարվա վիթխարի քաղաքական կապիտալը, ներսում ու դրսում ունեցած բարձր հեղինակությունն ու համարումը, հիասթափեցնել Հայաստանի բնակչության շուրջ 80% կազմող իր կողմնակիցներին, իր դաշնակից ուժերին եւ այլն:

Chuk
25.05.2009, 23:26
4. Խոսակցություններ են տարածվում նաեւ, թե հաղթանակի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը պարզապես դուրս կգա՝ քաղաքապետ դարձնելով Կոնգրեսի մի այլ ներկայացուցչի:

Հայ ազգային կոնգրեսը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ու քաղաքապետի ընտրությունը դիտում են որպես, ըստ էության, նախագահական ընտրության յուրատեսակ երկրորդ փուլ, այսինքն՝ որպես ամբողջական իշխանափոխության, այս վարչախմբից Հայաստանը ազատելու միջոց, եւ այդ մասին հայտարարում են հրապարակավ: Եթե խնդիրը Երերեւանի քաղաքապետի պաշտոնը լիներ, ապա նման հայտարարություն չէր արվի: Չէ՞ որ այդ հայտարարությամբ նույնպիսի մարտահրավեր է նետվում վարչախմբին եւ դրդում նրան մոբիլիզացնել ու լարել իր բոլոր ուժերը: Եթե խնդիրը միայն Երեւանի քաղաքապետի պաշտոնը լիներ, թերեւս, իշխանությունն ինքն էլ հաճույքով կհամաձայներ դրա հետ, միայն թե դրանով դադարեր շարժումը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը կաշխատի քաղաքապետ ու շատ խնդիրներ կլուծի. բայց նրա աշխատանքի շատ կարճ ընթացքում տեղի կունա ամբողջական իշխանափոխություն՝ խաղաղ, օրինական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների տեսքով: Երեւանի քաղաքապետ ուրիշ մեկը կդառնա միայն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը կդառնա Հանրապետության Նախագահ:




5. Իսկ ինչպե՞ս պետք է Երեւանում տարած հաղթանակը տարածվի ամբողջ երկրի վրա, տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն:

Թվարկենք ընդամենը երեք հանգամանք.
Առաջին. Խնդիրը նախ եւ առաջ հետեւյալ յուրահատկության մեջ է: Երեւանը Հայաստանի կեսն է, իսկ քաղաքական կշռի, ազդեցության առումով՝ կեսից շատ ավելին: Հայ Ազգային Կոնգրեսի հաղթանակով Երեւանում կգոյանա Հայաստանի միակ օրինական, լեգիտիմ իշխանությունը: Երեւանի լեգիտիմ իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմքով հզոր հակակշիռ կլինի գործող վարչախմբին, ինչն արմատապես կփոխի քաղաքական իրավիճակը: Ավազակապետության կոռուպցիոն համակարգը մի ամբողջական մեխանիզմ է, որի մեջ Երեւանի քաղաքային իշխանությունները կարեւոր օղակ են: Այդ օղակը միանգամից կվերանա, եւ կոռուպցիոն համակարգի աշատանքը կխաթարվի, այն կսկսի դրա արագ քայքայվել: Իսկ դա ներկայիս ավազակապետության հիմքն է:

Երկրորդ. Իշխանական պաշտոնեությունը ամենեւին միատարր չէ: Ոչ միայն միջին ու ստորին, այլ նաեւ բարձր օղակներում կան շատ մարդիկ, որոնք, վիրավորված մարդկային արժանապատվությամբ, միայն արտաքուստ է որ համակերպվում են այս իրավիճակին, ոմանք՝ աշխատանքը կորցնելու վախից, ոմանք՝ հետապնդումների ենթարկվելու, ոմանք այլ նկատառումներով: Քաղաքական իրավիճակի նման փոփոխությունից եւ ամենափոքր երաշխիքներ տեսնելուց հետո նրանք բացահայտ կանգնելու են Շարժման կողքին: Դրան զուգահեռ, կամ դրանից անմիջապես հետո արագ կողմնորոշվելու է նաեւ պաշտոնեության մի այլ մեծ զանգված, որը նման դեպքերում շատ արագ որսում է «քամու ուղղությունը»: Նույնը վերաբերում է բիզնեսի բնագավառին:

Երրորդ. Արդեն շուրջ մեկուկես տարի է, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած միասնական ընդդիմությունը ամենածանրակշիռ քաղաքական ուժն է Հայաստանում: Իշխանական ոչ մի լծակ չունենալով հանդերձ՝ նա է թելադրում Հայաստանի հիմնական քաղաքական օրակարգը: Հենց դա է պատճառը, որ Հայաստան այցելած բոլոր օտարերկրյա պետությունների կամ միջազգային կառույցների ներկայացուցիչները պարտադիր հանդիպում են ոչ միայն իշխանությունների, այլ նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Նրանք լավ են հասկանում, որ Հայաստանում, ըստ էության, գոյություն ունի երկու իշխանություն. իրավական՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որը հենված է կրիմինալի եւ օլիգարխիայի վրա եւ ոչ մի վստահություն չունի հասարկության մեջ, եւ, դրա կողքին՝ փաստական ու բարոյական իշխանություն, որին, ի դեմս Լեւոն ՏերՊետրոսյանի, վստահում է գործնականում ողջ բնակչությունը:

Այսինքն՝ մայրաքաղաքում հաղթանակը երկրի քաղաքական օրակարգի առաջին ու հրատապ խնդիր է դարձնելու արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հարցը: Դրա հետ համակերպվելու է միջազգային հանրությունը: Դրա հետ համակերպվելու է նաեւ վարչախումբը՝ այլ ելք չունենալով ու իր համար ավելի վատթար վերջաբանից խուսափելու համար:





6. Հնարավոր չէ՞, որ այս դեպքում էլ, ինչպես անցած նախագահական ընտրությունների ժամանակ, արձանագրվի միայն հերթական «բարոյական հաղթանակը»:

Ճիշտ չէ խոսել «բարոյական հաղթանակի» մասին նաեւ նախորդ նախագահական ընտրությունները նկատի ունենալով: «Բարոյական հաղթանակներն առարկայական, տեսանելի արդյունքներ չեն ունենում: 2008թ նախագահական ընտրությունների արդյունքները ավելի քան առարկայական են հենց առաջին օրից սկսած:

Հիշենք 2008թ. փետրվարի 21-29-ի շուրջօրյա հանրահավաքները: Հայտարարվել էր, թե հաղթել է Սերժ Սարգսյանը: Սպասելի էր, որ դրանից հետո մարդկանց հոսք կլիներ դեպի «հաղթողի»՝ Սերժ Սարգսյանի ճամբար, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները աստիճանաբար կնվազեին, հանրահավաքները կմաշվեին: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Հանրահավաքներում մարդկանց քանակը ոչ թե նվազեց, այլ աճեց: Իշխանական եւ կեղծ ընդդիմադիր կուսակցությունների տասնյակ ու հարյուրավոր անդամներ հարթակում պատռում կամ դեն էին նետում իրենց անդամատոմսերը: Հենց այդ օրերին տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին՝ քաջ գիտակցելով, որ այդ պատճառով ոչ միայն աշխատանքից ու պաշտոնից են զրկվելու, այլ գուցե նաեւ ազատությունից: Մի քանի տասնյակ պաշտոնյաներ էլ հերթագրվել էին, որպեսզի նույնը անեն հաջորդ օրերին: Փետրվարի 26-ին «հաղթող» Սերժ Սարգսյանը փորձեց իր կողմնակիցների ավելի մեծ հանրահավաք անել Հանրապետության հրապարակում եւ ուժով ողջ Հայաստանից այստեղ հավաքեց երկու հարյուր հազար մարդ: Կես ժամ անց, ճեղքելով իրենց շրջապատած ոստիկանական շարքերի ցանկապատը, նրանք բոլորը գետի նման հոսեցին դեպի Ազատության հրապարակ եւ միացան Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Այդպես իրական հաղթողի մոտ են գնում: Եթե չլիներ մարտի 1-ի ջարդն ու սպանդը, մի քանի օրվա ընթացքում վարչախումբը հալվելու, սպառվելու էր, իսկ Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարելու ընտրությունների կեղծված արդյունքները:

Նախագահական ընտրություններում տարած փաստական հաղթանակի առարկայական արդյունքներից էր, որ Հայաստանում վերջնականապես ջարդվեց վախի մթնոլորտը, ձեւավորվեց մի հասարակություն, որի մեծագույն մասը չի հանդուրժում բռնապետությունը, իրավազրկությունը, ապօրինությունները, մարդկային արժանապատվության ոտնահարումները: Կարելի է խոսել ավելի շոշափվող արդյունքների մասին, ընդհուպ մինչեւ ապրանքների գները: Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների, կոմունալ եւ այլ վճարների գների բարձրացումը էականորեն զսպվեցին հենց Շարժման այդ հաղթանակի ու դրանից հետո առ այսօր գոյատեւելու ու հզորանալու շնորհիվ:




7. Ոմանք մի տեսակ հեգնանքով են խոսում պայքարի «օրինական ճանապարհի» մասին, համարում են, օրինակ, որ 2008թ. փետրվարի 26-ին, երբ մոտ 400.000 մարդ էր հավաքվել, կարելի էր վճռական գործողություններով միանգամից լուծել իշխանության հարցը:

Ուրիշ որեւէ մեկը նման իրավիճակներում գուցեեւ չդիմանար գայթակղությանը, եթե իր առջեւ դրած խնդիրը միմիայն իշխանության հասնելը լիներ: Լեւոն Տեր-Պետրոսյանին որեւէ մեկը չի կարող մեղադրել վճռականության պակասի մեջ (խոսքը չի վերաբերում նրանց, ովքեր խեղաթյուրում են պատմությունը): Սակայն, որպես հմուտ ու փորձված պետական-քաղաքական գործիչ, վճռականությունը նրա համար հաջողության հասնելու ու դրված խնդիրը լուծելու անհրաժեշտ 10 նախապայմաններից միայն մեկն է: Եթե այլ հանգամանքներ հաշվի չառնես եւ առաջնորդվես միայն վճռականությամբ, ապա այն կարող է արկածախնդրություն դառնել եւ ջարդել փչացնել ամեն ինչ: Հենց այս սկզբունքով առաջնորդվելով է, որ նրա իշխանության դժվարին տարիներին հնարավոր եղավ լուծել անլուծելի թվացող ներքին եւ արտաքին բազմաթիվ խնդիրներ, ընդհուպ՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրումը: Այդ նույն շրջանում, օրինակ, Էլչիբեյը Ադրբեջանում եւ Գամսախուրդիան՝ Վրաստանում առաջնորդվեցին մերկ վճռականությամբ, առանց այլ հանգամանքներ հաշվի առնելու եւ անդառնալի կորուստներ բերեցին իրենց երկրներին ու ժողովուրդներին, իրենք էլ դուրս թռան քաղաքական ու պատմական ասպարեզից: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիմա էլ, որպես մեծ տրամաչափի պետեկան-քաղաքական գործիչ, իր առջեւ ոչ թե պարզ իշխանության հասնելու հարց է դրել, այլ շատ ավելի մեծ ու լայն խնդիր: Եւ դրա համար բացի «վճռականությունից», նաեւ այլ նախապայմանների ստեղծում եւ առկայություն է պետք: Նրա դրած խնդիրը ավազակապետության կազմաքանդումը, սահմանադրական կարգի եւ ժողովրդի իշխանության վերականգնումն է, միայն ընտրությունների միջոցով իշխանափոխության օրինական ու անցնցում ավանդույթի ստեղծումը: Հակառակ դեպքում՝ ամեն 3-4 տարին մեկ ընտրությունները կվերածվեն իշխանական շենքերի գրոհի, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի: Դա կործանման տանող ճանապարհ է:

Նրանք, ովքեր ընտրությունների ժամանակ որպես վստահված անձ վճռականորեն կանգնեցին ընտրակեղծիքների դեմ, ովքեր ձերբակալվեցին, հալածվեցին, ունեզրկվեցին եւ շարունակում են առաջին շարքերում մնալ, նրանք երբեք վճռականության պակասից չեն խոսում: Վճռականությունից խոսում են հիմնականում նրանք, ովքեր պատկերացվող այդ գործողություններում իրենց տեսնում են միայն կողքից նայողի, հեռուստացույցի առջեւ դիտողի դերում: Երեւանի ընտրությունները վճռականության դրսեւորման ամենալավ ասպարեզն է. յուրաքանչյուր ընտրող վճռականորեն գնա ընտրության, յուրաքանչյուր տեղամասում կանգնած լինի 2-3 վճռական մարդ, տեղամասի մոտակայքում մինչեւ վերջ կանգնած լինեն 30-40 վճռական մարդիկ, հաղթանակը կլինի 100 տոկոսանոց:

Chuk
25.05.2009, 23:36
8. Եթե Երեւանի ընտրություններում պարտվելով այդքան իրական է ամբողջ իշխանությունը կորցնելու վտանգ, ինչո՞ւ վարչախումբը չգնաց միասնական ցուցակով ու միասնական թեկնածուով, ավելի հզոր ճակատով:

Նորմալ քաղաքական միջավայրում ու նորմալ իշխանությունը հենց այդպես էլ պետք է վարվեր: Այդ մասին նույնիսկ հայտնի առակ կա՝ առանձին ճիպոտների ու ցախավելի պատմությունը: Դրա համար էլ ասում ենք, որ այս վարչախումբը ոչ մի կերպ չի ենթարկվում քաղաքական տրամաբանության: Խնդիրը հետեւյալն է: Բացի զանազան ընտրախախտումներից, ընտրակաշառքից եւ այլն, նա մի շատ կարեւոր գործիք ունի, խաբեության միջոց՝ իրեն չընդունող մարդկանց զգալի մի մասին մոլորեցնելու, նրանց ձայները փոշիացնելու, փախցնելու համար: Դա հայտնի կեղծ ընդդիմությունն է: Այդ գործիքը, սակայն, վերջին նախագահական ընտրություններում ամբողջությամբ բացահայտվեց, խայտառակ ձեւով ջարդուփշուր եղավ ու աղբանոց նետվեց. Արտաշես Գեղամյան, Վազգեն Մանուկյան, Արթուր Բաղդասարյան, դաշնակներ: Ավելի աննշանների մասին չխոսենք: Բայց վարչախումբը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել խաբեության իր այդ գործիքի կորստի հետ: Դրա համար էլ իշխանական կոալիցիա կազմող ուժերը որոշեցին առանձին-առանձին հանդես գալ, այնպիսի տպավորություն ստեղծել, թե միմյանց հետ հակասություններ ունեն, մրցակցում են, թե «ինչ որ չափով» իրենք էլ ընդդիմություն են Հանրապետական կուսակցությանը ու նրա թեկնածուին: Թող ոչ մեկը չկասկածի, որ ինչքան էլ ձայներ հավաքեն «Բարգավաճը», Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը» եւ մյուսները, միեւնույն է՝ ինչպես միշտ, վերջում միավորվելու են եւ քաղաքապետ են դարձնելու այն մարդուն, որին հանձնարարել եւ արդեն իսկ քաղաքապետ է նշանակել Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից կամ նրա գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսից, ում էլ որ ձայն տա ընտրողը, վերջում ստացվելու է, որ նա իր ձայնը տվել է իշխանական թեկնածու Գագիկ Բեգլարյանի օգտին, ապօրինի այս վարչախմբի օգտին:




9. Հայ ազգային կոնգրեսը բաղկացած է շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերից, որոնց մի մասը միմյանց հակադիր գաղափարախոսություններ ունեն: Դա չի՞ նշանակում, որ այն ցանկացած պահի կարող է քանդվել ներքին հակասություններից:

Մինչ այսօր դրա ամենափոքր նշույլն անգամ չի նկատվել: Եւ դա երկու հիմնական պատճառով.
Առաջին. Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական ուժերը համախմբվել են մեկ խնդրի՝ ավազակապետական ռեժիմի կազմաքանդման եւ երկրում սահմանադրական կարգի վերականգնման հստակ ձեւակերպված առաջնահերթ խնդրի շուրջ: Առանց այս խնդրի լուծման, անիմաստ է մտածել երկրի զարգացման ուղիների նրբերանգների մասին, որտեղ կարող են տարակարծություններ առաջանալ: Դա նույնն է, ինչ վիճես եղբայրներիդ հետ, թե ինչ գույնով պետք է ներկել տան պատերը կամ ինչպիսի կահույք տեղադրել, երբ այդ տունը գրավված է, այնտեղ տեր ու տնօրինություն են անում օտարները, ավազակները: Տունն օտարներից ազատելու խնդիրը առաջնահերթ է եւ կարող է միավորել բոլոր եղբայրներին, որից հետո կգա այդ տունը նորոգելու, կահավորելու հարցերի ժամանկը: Այստեղ «օտար» բառը ամենեւին չափազանցություն չէ. Հանցավոր այս վարչախումբը երկրի ու նրա ժողովրդի նկատմամբ իրեն պահում է ճիշտ եւ ճիշտ օտար նվաճողի նման, եւ նրա ազգային պատկանելությունը չի կարող մեղմացուցիչ հանգամանք լինել:

Երկրորդ. Հայ Ազգային Կոնգրեսը նույն համաժողովրդական շարժումն է, իսկ դա շատ ավելին է, քան երկու տասնյակ կուսակցությունների դաշինք: Հենց դա է պատճառը, որ Կոնգրեսը կատարում է նաեւ անհատական անդամագրում այն մարդկանց, ովքեր նույն խնդիրը համարում են առաջնահերթ նպատակ, սակայն որեւէ կուսակցության անդամագրված չեն: Կոնգրեսի ոչ կուսակցական անհատ անդամների հսկայական մի բանակ է գոյացել, ավելի քան 30.000: Դա մի տեսակ ցեմենտում է Կոնգրեսի մեջ մտնող քաղաքական ուժերին եւ բազմապատկում նրանցից յուրաքանչյուրի ուժը: Այս մասշտաբի համաժողովրդական շարժումները չեն քայքայվում եւ ասպարեզից չեն հեռանում, քանի դեռ չեն լուծել իրենց առջեւ դրած հիմնական խնդիրը:




10. Բայց իշխանությունն էլ շատ լավ հասկանում է երեւի, որ Երեւանում պարտվելը կնշանակաի ստույգ իշխանափոխություն ամբողջ երկրում: Հնարավոր չէ՞, որ նա երկրորդ անգամ դիմի նույնպիսի բռնությունների:

Կան պարզ հաշվարկներ, որ նրանք էլ կարող են անել: Ընտրախտումները եւ մարտի 1-ի ոճրագործությունը այս իշխանությունը դեռ չի կարողացել մարսել: Ռ. Քոչարյանի գործը տասնյակ հազարավոր ստորագրություններով նախապատրաստվում է Հաագայի միջազգային քրեական դատարան հանձնելու համար: Ընդդիմության դեմ պետական հեղաշրջման, իշխանության յուրացման հիմնական մեղադրանքը անցած մեկ տարվա ընթացքում փլուզվեց ամբողջությամբ, եւ դա տեսնում է ամբողջ աշխարհը: Միջազգային հանրությունը տասնյակ փաստաթղթերով հետեւողականորեն շարունակում է պահանջել, որ բոլոր ձերբակալվածներին ազատ արձակվեն: Այսինքն՝ նախագահական ընտրությունների ապօրինությունները եւ մարտիմեկյան ոճրագործությունը սուր ոսկորի նման դեռ վարչախմբի կոկորդում է: Նման երկրորդ ոսկորը մահացու կլինի նրա համար:



11. Եթե բավականաչափ ճկուն լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ քաղաքական ուժերի նկատմաբ ավելի հանդուրժող, ավելի հեշտ չէ՞ր լինի պայքարը եւ հաղթանակը:

Երեւի շատերը մոռացել են, ուստի հիշեցնենք: Դեռ 2007թ. աշնանը, առաջին հրապարակային ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է օգնել ցանկացած ընդդիմադիր գործչի, որի շուրջ համախմբում տեղի կունենա: Հիշենք նաեւ նրա մի քանի քայլերը, որոնք զարմացնում, իսկական ցնցում էին առաջացնում ողջ հասարակական-քաղաքական կյանքում: Ո՞վ էր սպասում, որ նա իր նախաձեռնությամբ կարող է հանդիպում, քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնել Դաշնակցության ղեկավարների հետ, մի կուսակցության, որի հիմնական թիրախը 1988թվականից ի վեր ինքն է եղել: Կամ՝ նույնը Վազգեն Մանուկյանի հետ, որը 1990թ. օգոստոսի 4-ից անզիջում պայքար էր մղում իր դեմ՝ առանց միջոցների մեջ խտրություն դնելու: Կամ՝ Արտաշես Գեղամյանի հետ: Հանուն երկրի առջեւ ծառացած մարտահրավերի հաղթահարման, շատ լավ գիտակցելով դրա ոչ միայն կարեւորությունը, այլեւ դժվարությունը, նա իսպառ մի կողմ դրեց իրեն հասցված ամբողջ վիրավորանքն ու ամբիցիաները: Այնպես որ, ամեն մի քաղաքական ուժ ու քաղաքական գործիչ, որն իրոք նույն խնդիրներով էր մտահովգած, կարող էր պատվավոր տեղ զբաղեցնել այս պայքարում: Իսկ թե ով ինդչ ճանապարհ գերադասեց, այսօր պարզ է բոլորին:



12. Գուցե նույն կերպ չվարվեց իշխանության հետ: Մի՞թե հնարավոր չէր երկխոսության միջոցով ինչ-ինչ հարցեր կարգավորել: Այնպիսի տպավորություն է, թե Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, մի տեսակ, հայտարարվեցին օրենքից դուրս, իսկ վերջիններս էլ սկսեցին գործել դատապարտվածի կատաղությամբ:

Այդ մեղադրանքը եւս իրականությանը չի համապատասխանում: Դեռ առաջին հանրահավաքային ելույթում, մանրամասն ներկայացնելով հանդերձ «Ավազակապետության անատոմիան եւ մեխանիկան», Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հրապարակավ այսպիսի գնահատական տվեց, որ երկխոսության կոչ էր ըստ էության. «1999 թվականից հետո նրանց (այսինքն՝ Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի) դրսեւորած վարքագիծն ամենեւին չի կարող ջնջել կամ ստվերել նրանց ու նաեւ Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի անուրանալի դերը, ինչպես Արցախի ազատագրման, այնպես էլ Հայոց պետականության վերականգնման եւ ամրապնդման գործում.... Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվությունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ ու ներողամիտ հայ ժողովրդի կողմից»: Դրանից հետո էլ նա մի քանի անգամ հրապարակայնորեն երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանին նաեւ նախագահական ընտրություններից հետո: Այդ կոչերը միշտ մնացել են անպատասխան:

Chuk
25.05.2009, 23:45
13. Կա՞ն արդյոք հակասություններ իշխանական կոալիցաիայի մեջ: Հաճախ ենք լսում «Բարգավաճ Հայաստանի» եւ Հանրապետականի մրցակցության ու հակադրման մասին, Դաշնակցությունն էլ, ահա հայտարերեց կոալիցիայից դուրս գալու մասին: Նույնիսկ «Օրինաց երկիրն» է ակտիվացել, որ թվում է, թե իր խայտառակ քայլից հետո պետք է գոնե ձայնը կտրած մնար:

Եթե դատելու լինենք միայն արտաքուստ երեւացող դրսեւորումներով, ապա պետք է մտածել, թե Հանրապետական կուսակցության ներսում արդեն ներկուսակցական պատերազմ է. վերջերս նրանց նախընտրական ցուցակի ավագանու մի թեկնածու սպանեց մյուսին: Այնքանով, որքանով նրանք միմյանցից փախցնելու, վերաբաժանելու բան ունեն, այդքանով կարող են հակասություններ ու մրցակցություն դրսեւորվել: Բայց եթե գործը հասնում է իրենց ունեցած իշխանությունը վտանգելուն, նրանք, իհարկե, միասնական են դառնում ընդդիմության դեմ: «Բարգավաճը», որի իրական տերը Ռ. Քոչարյանն է, ընդամենը մի խնդիր ունի. ապացուցել իր ուժը եւ դրանով Քոչարյանի համար ավելացնել վարչապետ դառնալու հնարավորությունը: Այնպես որ, ով ձայն տա «Բարգավաճին», նա իրականում ձայն է տալու հօգուտ Ռ. Քոչարյանին ու նրա վարչապետ դառնալուն: Հանրապետականը, որի տերը Սերժ Սարգսյանն է, պայքարում է ցույց տալու համար, որ ինքը այդ «օգնության» կարիքը չունի: Ինչ վերաբերում է Դաշնակցությունը, ապա նա, ինչպես միշտ «կողմ ըլլալով դեմ է» կամ «դեմ ըլլալով կողմ», եւ այդպես ընտրողների ինչ-որ մաս մոլորեցնելով, կարողանում է իշխանության եւ բիզնեսի մեջ պահպանել իր «փայը»: Վերջին տաս տարվա փորձով նա այդ բանը շատ լավ գիտի: Դա շատ լավ գիտեն նաեւ նրա կոալիցիոն գործընկերները, եւ «ըմբռնումով են ընդունում» Դաշնակցության բեմադրած «ազգային» թեմայով ամեն մի թատերական ներկայացում: Դաշնակցությունը, դարձյալ սեփական փորձից շատ լավ գիտի նաեւ, որ իր այդպիսի խաղերը չէին անցնում Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում: Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին», ապա նա վերջին նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանի կատարած դավաճանական ու արգահատելի քայլից հետո ոչ թե դարձավ կլոր զրո, այլ շատ ավելի ցածր: Դժվար է պատկերացնել իրեն հարգող որեւէ մեկին, որ, հիշելով այդ ամենը, կարող է ձայն տալ այս կուսակցությանը:




14. Նախագահական ընտրություններից հետո մինչեւ այսօր արդյոք ավելի չե՞ն ամրապնդվել եւ ուժեղացել իշխանության դիրքերը:

Ընդհակառակը, թուլացել են: Դա կարելի է տեսնել նրա ներքին ու արտաքին քաղաքականության հետեւյալ արդյունքներում :
1. 2008թ. մարտի 1-ին նա կրակեց խաղաղ ցուցարարների վրա՝ սպանելով 10 մարդու եւ վիրավորելով շատերին: Հազարավոր մարդկանց նկատմամբ հալածանքներ ծավալեց՝ շատերին ապօրինաբար զրկելով աշխատանքից ու նվազագույն կենսամիջոցներից՝ վաստակեց լրացուցիչ ատելություն: Քաղաքական բանտարկյալների նկատմամբ հարյուրավոր զավեշտական դատավարություններով վարչախումբը խայտառակել է պետության իրավապահ ու դատական համակարգը եւ ապացուցել իր արհամարհանքը օրենքի եւ օրինականութայն նկատմամբ: Ամեն օր խախտվել են հարյուրավոր մարդկանց տարրական իրավունքները: Երբ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի պայմաններում ապրանքների աննախադեպ էժանացում է, Հայաստանում շարունակում են բարձրանալ գները: Խորանում է մարդկանց աղքատացումը, մյուս կողմից՝ շարունակում են ավելի հարստանալ վարչախմբի տնտեսական հիմք հանդիսացող օլիգարխները եւ պաշտոնյաները: Այսպիսով՝ վարչախումբը ձախողվել է ներքին քաղաքականության բնագավառում եւ խորացրել հասարակության սոցիալական բեւեռացումը, իր դեմ է տրամադրել նորանոր սոցիալական խմբերի:

2. Եթե Ռ.Քոչարյանը միակ հայ պաշտոնյան ու միակ հայ մարդն էր, որ հրապարակավ հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի, ապա նրա հաջորդ Ս. Սարգսյանը մի քայլ առաջ է գնացել՝ համաձայնելով 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման ու գնահատման համար հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին: Դրանով նա դարձավ առաջին հայ պաշտոնյան ու առաջին հայ մարդը, որ փաստորեն կասկածի տակ դրեց, ուրացավ Հայոց ցեղասպանությունը: Ինչպես ժամանակին Ռ. Քոչարյանը, այնպես էլ հիմա Ս. Սարգսյանը այդ բանն արեցին արտաքին ուժերի պահանջով՝ ամրացնելու համար իրենց ոչ լեգիտիմ իշխանությունը: Ծանր կորուստ ունենք Լեռնային Ղարաբաղի հարցում. Լեռնային Ղարաբաղի՝ միանգամայն անկախ եւ ինքնուրույն 20-ամյա միջազգային խնդիրը նա դարձրեց խնդիրների մի ընդհանուր փաթեթի մաս՝ կապվելով այն հայ - թուրքական նույն այդ «պատմաբանների հանձնաժողովի» եւ պետական սահմանի բացման հետ: Այժմ այդ երեք հարցերը կարող են լուծվել միայն միաժամանակ՝ փաթեթով: Դրանով իսկ, ի վնաս հայկական կողմի, Թուրքիան դարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ կարեւոր դերակատար: 15 տարուց ավելի Ադրբեջանը եւ Թուրքիան անհաջող պայքարում էին այդ նպատակին հասնելու համար, այսօր նրանց ուզածը սկուտեղի վրա որպես նվեր մատուցեց Սերժ Սարգսյանը: Թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ Ղարաբաղի համար, ակնհայտ է: Այսինքն՝ վարչախումբը տանուլ է տվել, ծանր կորուստներ ունեցել արտաքին քաղաքական ասպարեզում, կորուստներ, որոնք ոչ միայն Հայաստանին են վերաբերում, այլ ամբողջ հայությանը:

3. Դրան հակառակ՝ մեծացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական կշիռը: Չնայած գործադրած ահռելի ջանքերին, վարչախմբին չհաջողվեց ճնշել կամ նվազեցնել իր դեմ ծառացած համաժողովրդական շարժումը: Նրա կողմնակիցների բանակը համալրեցին արդեն իսկ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրութույունների ընթացքում կատարված վայրագությունների ականատես ու դրանք չհանդուրժող հազարավոր քաղաքացիներով: Շարժմանը միացան կեղծ ընդիմադիր ուժերի կողմից մոլորված ու նրանցից ծանր հիասթափություն ապրած հսկայական զանգվածներ: Չնայած աննախադեպ բռնաճնշումներին, միասնական ընդդիմությունը ոչ միայն չքայքայվեց, այլեւ համախմբվեց «Հայ ազգային կոնգրես» դաշինքում, որին բացի շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերից, անհատապես անդամագրվեցին մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ: Այսօր Հայաստանում, առավել եւս նրա մայրաքաղաք Երեւանում ընդդիմությունը՝ ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, ունի ձայների գերակշիռ մեծամասնությունը, ընդհուպ 75-80%-ը: Հայաստանի անկախության շրջանում առաջին անգամ ընդդիմությունը հանդես է գալիս որպես մեկ միասնական ուժ, իսկ իշխանությունը բաժանված է մի քանի մասերի:



15. Այս 10-11 տարվա ընթացքում ծավալված ապօրինությունների մթնոլորտում ոչ միայն մանր ու միջին բնզնեսի ներկայացուցիչներ, այլ նաեւ տասնյակ հազարավոր սովորական քաղաքացիներ՝ երբեմն ստիպված, օրվա ապրուստը հայթայթելու համար, ինչ-որ գործարքների են գնացել իշխանության մարմիների կամ պաշտոնյաների հետ: Այսօր իշխանությունները նրանց ներշնչում են, որ ընդդիմության հաղթանակի դեպքում նրանք կկորցնեն իրենց ձեռքբերածը կամ պատասխանատվության կենթարկվեն:

Այո, դրանով նրանք նաեւ փորձել են ինչքան հնարավոր է շատերին «կապել» իրենց հետ: Կոնգրեսը իշխանության չի գալիս Հայաստանը համատարած դատավարությունների ու պատիժների թատերաբեմ դարձնելու համար: Կան բազմաթիվ իրավական ճանապարհներ այդօրինակ խնդիրները հօգուտ քաղաքցու լուծելու համար, եթե, իհարկե, դրանից անմիջապես չի տուժել մեկ այլ քաղաքացի: Իսկ, դրանից դուրս, դատավարությունների եւ արդարություն վերականգնելու համար այնքան շատ են պարտակված ու չբացահայտված ծանր հանցագործությունները, այդ թվում նաեւ խոշոր օլիգարխների ու պաշտոնյաների ահռելի չափերի հասնող կողոպուտը, որ իրավապահ մարմինների համար անսպառ գործ կա: Բայց նաեւ այս վերջին դեպքերում պատասխանատվությունը պետք լինի օրինական եւ իրավական, դատական կարգով ապացուցված:




16. Նկատի ունալով Լեռնային Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրում ձախողումները, կարելի՞ է ասել, որ ինչպես իր ժամանակ Ռ. Քոչարյանը, այնպես էլ նրա հետեւորդ Ս. Սարգսյանը հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծել են այնպիսի կարեւոր հարցեր, որ դժվար կարողանային անել անգամ այդ երկրների հանճարեղ գործակալները:

Ճիշտ է: Բայց հազիվ թե նրանք գործակալներ են: Թեկուզ այն պարզ պատճառով, որ իրենց մտավոր ունակություններով շատ հեռու են հանճարեղ լինելուց: Դրա բացատրությունը շատ պարզ է. այն, ինչ կարող է իր երկրի (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի, Թուրքիայի) համար անել նրանց հանճարեղ գործակալը, նույնը կարող է անել հակառակորդ երկրի (տվյալ դեպքում՝ Հայաստանի) որեւէ սրբություն չճանաչող դավաճանը:




17. Արդյո՞ք պատասխանատվությունը պետք է դնել միայն այս երկու անձի կամ միայն Հանրապետական կուսակցության վրա:

Բացարձակապես ոչ: Դրա համար հավասարապես պատասխանատու են վերջին 10 տարում կոալիցիոն կառավարությունների մաս կազմած բոլոր քաղաքական ուժերը. «Բարգավաճ Հայաստանը, Դաշնակցությունը, «Օրինաց երկիրը»: Դրա համար պատասխանատու են այն, այն կուսակցությունները եւ գործիչները, որոնք, իբր, պայքարել են վարչախմբի դեմ, սակայն իրականում վարչախմբի կողմից վարձված են եղել ընտրություններում ժողովրդին մոլորեցնելու, իրական ընդդիմության ձայները խլելու համար: Դրա համար պատասխանատու են իրենց «հայրենասեր» կեմ «ազգային» համարող այն մտավորականները, որոնք ժամանակին վայնասուն էին բարձրացնում նույն Ղարաբաղի, Թուրքիայի հետ հարաբերությունների ու Ցեղասպանության թեմայով, իսկ այսօր երբ դրանցից մեկն ակնհայտ ծախվել, ուրացվել է, իսկ մյուսը նույն ճանապարհին է, լլկվել, ձենները կտրել են՝ կա°մ իրենց ստացած շքանշանների խաթեր, կա°մ իրենց նետված ուտելիքն ու ձեռքբերած բիզնեսը չկորցնելու մտահոգությամբ:




18. Այս ընթացքում շատ խոսվեց Հանրապետական կուսակցության կողմից դպրոցներում եւ այլ հիմնարկներում հավաքած «100%-անոց ցուցակների, անձնագրերի պատճենների հավաքելու, «Բարգավաճի» կողմից ընտրակաշառք բաժանելու, լրացուցիչ անձնագրերի եւ բազմաթիվ այլ ընտրախախտումների մասին: Նրանց այդ ծավալի աշխատանքը չի նշանակում, որ ընտրությունների ելքը կանխորոշված է հօգուտ իշխանության:

Դրա մեծագույն մասը պարզ բլեֆ է: Այս կուսակցությունները չեն կարող իրենց ակտիվին լծել նորմալ քարոզչական աշխատանքի: Նախ՝ որովհետեւ ասելու բան չունեն, երկրորդ՝ որովհետեւ քարզչության համար ունակ մարդիկ չունեն: Մարդկանց ցուցակներ կազմելով, ստորագրություններ ու անձնագրեր հավաքելով, աժիոտաժ ստեղծելով, նրանք նախ ուզում են իրենց թիմին «գործ» տալ եւ մոբիլիզացիոն վիճակ ստեղծել, որ այդ թիմը չհուսալքվի, անգործության չմատնվի ու չքայքայվի: Երկրոդ՝ հույս ունեն, որ այդ ամենը հոգեբանական նշանակություն կունենա «ցուցակագրված» ընտրողների վրա եւ նրանց մի մասը, «շառից հեռու», կքվեարկեն իրենց օգտին: Իրականում ինչպիսի ցուցակներում էլ ընդգրկված լինի ընտրողը, որտեղ էլ ստորագրած լինի, անձնագրի քանի պատճեն էլ տված լինի, որքան ընտրակաշառք էլ ստացած լինի, միեւնույն է՝ քվեարկության պահին նրա ձայնը անհնար է վերահսկել, ու նա, առանց որեւէ մտավախության կարող է քվեարկել իր խղճի թելադրանքով:




19. Ինչպե՞ս պետք է պահեք ձայները:

Վերջին նախագահական ընտրություններում իշխանությունը հստակ խնդիր էր դրել այնպես կեղծել ընտրությունները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնվի 4-րդ, ամենաշատը 3-րդ տեղում: Նա արեց գործնականում ամեն ինչ, բայց չկարողացավ հասնել իր նպատակին. Երեւանում ստիպված եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար պաշտոնապես արձանագրել 30% ձայն: Այսինքն կեղծիքներն ու ապօրինություններն էլ ինչ-որ սահմանից այն կողմ չեն կարող անցնել: Հիմա Լեւն Տեր-Պետրոսյանը եւ նրա ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսը շատ ավելի ձայն ունի եւ կրկնակի հզոր է այն թիմը՝ շուրջ 3000 հոգի, որոնք որպես հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ ներկա են լինելու տեղամասերում: Եթե դրան գումարվի ընտրողների ակտիվությունը, ապա հաղթանակի արձանագրման խնդիրը կարելի է լուծված համարել նույնիսկ նույն ծավալի ընտրակեղծիքներից հետո: Հասարակության մեջ սերմանվող ամեն մի կասկած, հուսալքություն եւ անտարբերություն աշխատում է վարչախմբի օգտին:



Աշոտ Սարգսյան
ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ