PDA

Դիտել ողջ տարբերակը : Համապետական հանրահավաք մայիսի 1-ին



Chuk
29.04.2009, 18:05
Ստորև ներկայացնում եմ Հայ Ազգային Կոնգրեսի կոչը.



ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ


ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ, ԺԱՄԸ 15-ԻՆ, ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

Օրակարգում.

Խորացող քաղաքական ու տնտեսական ճգնաժամ, անհիմն թանկացումներ,
Արտաքին քաղաքական ձախողումներ, Ցեղասպանության ուրացում, Ղարաբաղյան խնդիր,
Երևանի քաղաքապետի ընտրություններ:


Սիրելի Հայրենակից,
Մենք հաղթելու ենք քաղաքապետական ընտրություններում և դրանով հասնելու ենք հանցավոր ռեժիմի վերջնական պարտությանն ամբողջ երկրում,
Մենք հասնելու ենք մեր պատանդ ընկերների՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը,
Մեն վերջ ենք տալու մեր քաղաքացիների նկատմամբ մոլեգնող հարկային տեռորին և տնտեսական պատերազմին,
Մենք ավարտելու ենք այն գործը, որի համար կյանք են տվել մեր ընկերները:


ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Հանրահավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն (արտոնված է). Քաղաքապետարանի որոշում N14

Chuk
30.04.2009, 20:00
Ինչպես ցույց են տալիս վերջին օրերի իրադարձությունները, վարչախումբն այս անգամ ևս անհանգստացած է հանրահավաքից: Դա են ցույց տալիս մասնավորապես վերջին օրերին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածող երիտասարդների վրա հարձակումները, նրանց ձեռքից թռուցիկները խլելու փորձերը, սադրանքները, կռիվների հրահրումը: Այս ամենն անողները կրում են քաղաքացիական հագուստ, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ նրանք կամ ոստիկանության աշխատակիցներ են կամ էլ այս ամենը հովանավորվում է վերջիններիս կողմից: Երեկվա միջադեպից հետո շարժման ակտիվիստ երկու երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չեն եղել: Չնայած ոստիկանությունը սկզբից հերքում էր իր մասնակցությունը կամ ներկայությունը, այսօր տարածել է հաղորդագրություն, որ իբր շարժման երիտասարդներն են կռիվ հրահրել, խբել քարերով, չեն ենթարկվել ոստիկաններին: Այն, որ այս ամենը իրականությանը չի համապատասխանում, պարզ է յուրաքանչյուրին, բայց մյուս կողմից սա ըստ էության ապացուցում է, որ այդ հրոսախմբերը գործում են հենց ոստիկանության հրահրմամբ:

Կարծիքնե՞ր: Մանրամասնե՞ր:

ministr
30.04.2009, 20:58
Դեռ զարմանում եք? Զարմանալի է...

Chuk
30.04.2009, 21:01
Դեռ զարմանում եք? Զարմանալի է...
Իսկ ո՞վ ասաց, որ զարմանում ենք: Ոչ: Ընդամենը պայքարում ենք էդ ամեն ինչի դեմ, ոչ թե սահմանափակվում զարմանալ կամ չզարմանալով:

Մարկիզ
30.04.2009, 21:03
Դեռ զարմանում եք? Զարմանալի է...
Ո՞վ է զարմանում և ինչու՞… Կամ ի՞նչ էր նշանակում այս գրառումդ: Ես չհասկացա: Տեսնես որևիցե մեկը բացի քեզնից հասկացա՞վ…

Որքանո՞վ կապ ուներ այն հարնրահավաքի թեմայի հետ:

Rammer
30.04.2009, 21:05
Ինչպես ցույց են տալիս վերջին օրերի իրադարձությունները, վարչախումբն այս անգամ ևս անհանգստացած է հանրահավաքից: Դա են ցույց տալիս մասնավորապես վերջին օրերին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ տարածող երիտասարդների վրա հարձակումները, նրանց ձեռքից թռուցիկները խլելու փորձերը, սադրանքները, կռիվների հրահրումը: Այս ամենն անողները կրում են քաղաքացիական հագուստ, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ նրանք կամ ոստիկանության աշխատակիցներ են կամ էլ այս ամենը հովանավորվում է վերջիններիս կողմից: Երեկվա միջադեպից հետո շարժման ակտիվիստ երկու երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չեն եղել: Չնայած ոստիկանությունը սկզբից հերքում էր իր մասնակցությունը կամ ներկայությունը, այսօր տարածել է հաղորդագրություն, որ իբր շարժման երիտասարդներն են կռիվ հրահրել, խբել քարերով, չեն ենթարկվել ոստիկաններին: Այն, որ այս ամենը իրականությանը չի համապատասխանում, պարզ է յուրաքանչյուրին, բայց մյուս կողմից սա ըստ էության ապացուցում է, որ այդ հրոսախմբերը գործում են հենց ոստիկանության հրահրմամբ:

Կարծիքնե՞ր: Մանրամասնե՞ր:
Առողջություն, ուժ ու եռանդ մեր համախոհ եղբայրներին ու թող շուտ ապաքինվեն, որովհետև հենց վաղը պետք է վայել ենք իրենց աշխատանքի պտուղները…Այդ երիտասրդների, ՀԱԿ-ի, համազգային շարժման շնորհիվ վաղը կրկին մի քանի ժամով Երևանում Ժողովրդավարություն ա լինելու…Ջանննննննն…Միտինգների իմ ամենասիրած`չալաղաջ կտորը երթն ա: Էտ երթը ոնց որ ՌՈՔ լինի: Քաղաքով ազատ քայլում ենք ու ամեն բջիջովս զգում եմ, որ սա մեր քաղաքն ա ոչ թե էս ոստիկանի շորերով 6-անոցների կամ բերետի վաստակների…Երթի ժամանակ էտ “ոստիական” կոչեցյալները, որ ընդամենը մի քանի ժամ առաջ հյուսիսայիում խոշտանգում, վիրավորում ու ահաբեկում էին ընդիմադրիներին մի վարկյանում վերածվում են հոգատար, մարդասեր իրավապահնների. ”Մորաքույր ջան…մայրիկ ջան…աղջիկ ջան տղա ջան…խնդրում եմ այստեղով քայլիր, այս կողմի մի գնա վտանգավոր է…” ու աջ ձախ կարգավորում են մեքենաների շարժը. “Արա չեք տեսնում մարդիկ երթ են անում մի քիչ սպասեք էլի, մի խանգարեք…”
Գիտեմ, հաստատ գիտեմ, կգա ժամանակ որ ամենօր է սենց լիենլու….

ministr
30.04.2009, 21:05
Իսկ ո՞վ ասաց, որ զարմանում ենք: Ոչ: Ընդամենը պայքարում ենք էդ ամեն ինչի դեմ, ոչ թե սահմանափակվում զարմանալ կամ չզարմանալով:

Էդ երիտասարդները գոնե մոտները ձայնագրիչ պահեն թռուցիկ բաժանելուց, որ հարկ եղած դեպքում փաստ ունենան թե ով է առաջինը եկել ու կպել...

Մարկիզ
30.04.2009, 21:07
Էդ երիտասարդները գոնե մոտները ձայնագրիչ պահեն թռուցիկ բաժանելուց, որ հարկ եղած դեպքում փաստ ունենան թե ով է առաջինը եկել ու կպել...
Հա՜… Իսկ դա կփրկի՞…:think

ministr
30.04.2009, 21:18
Գոնե փաստ կլինի ձեռքներին, որ գլխներին չկարողանան սարքեն

Chuk
30.04.2009, 21:22
Գոնե փաստ կլինի ձեռքներին, որ գլխներին չկարողանան սարքեն
Հայաստանում գլխին սարքելուց փաստերը չեն օգնում: ՀԱմոզվելու համար առաջարկում եմ մտնել օրինակ 7-ի գործին վերաբերվող թեման, ուսումնասիրել մյուս քաղբանտարկյալների դատավարությունները, գործերը:

Իսկ երիտասարդները շատ ավելի լավ գիտեն իրենց իրավունքները պաշտպանել, քան դու կարող ես պատկերացնել ;)

ministr
30.04.2009, 21:41
Պուճուր ադմին ջան դե քեզ անհայտ ա թե ես ինչ ու ինչքան կարող եմ պատկերացնել, բայց ողջունելի ա որ կարող են իրենց իրավունքները պաշտպանել, չնայած որ ցավոք մեր մոտ օրենքը չի որ առաջնային է:

Chuk
30.04.2009, 21:44
Պուճուր ադմին ջան դե քեզ անհայտ ա թե ես ինչ ու ինչքան կարող եմ պատկերացնել, բայց ողջունելի ա որ կարող են իրենց իրավունքները պաշտպանել, չնայած որ ցավոք մեր մոտ օրենքը չի որ առաջնային է:

Բա տեսնում ես, մեծ նախարար ջան, իսկ դու ասում ես նկարեն, ձայնագրեն: Ի դեպ արված ա: Էսօրվա ՀԺ-ի համարում, ի դեպ, կարելի է տեսնել փոքրիկ ֆոտոսեսսիա, կատարված հենց այդ երիտասարդների կողմից ;)

ArmBoy
01.05.2009, 01:45
Էդ երիտասարդները գոնե մոտները ձայնագրիչ պահեն թռուցիկ բաժանելուց, որ հարկ եղած դեպքում փաստ ունենան թե ով է առաջինը եկել ու կպել...


Մի հատ տարբերակ առաջարկեմ, բայց հումորի տեղ չընդունեք:

Եթե երիտասարդներին ուղեկցեն շարժման առաջնորդները կամ տարիքով ավելի մեծերը, ապա դժվար թե նման հրոսակախմբերի կհանդիպեին: Նկատի ունեմ, մի անգամ, ասենք, Զուրաբյանը առաջնորդի երիտասարդներին, մյուս անգամ՝ Դեմիրճյանը... ու տենց:

Պյլուս, մեկ-երկու լրագրողներ:

Chuk
01.05.2009, 01:48
Մի հատ տարբերակ առաջարկեմ, բայց հումորի տեղ չընդունեք:

Եթե երիտասարդներին ուղեկցեն շարժման առաջնորդները կամ տարիքով ավելի մեծերը, ապա դժվար թե նման հրոսակախմբերի կհանդիպեին: Նկատի ունեմ, մի անգամ, ասենք, Զուրաբյանը առաջնորդի երիտասարդներին, մյուս անգամ՝ Դեմիրճյանը... ու տենց:

Պյլուս, մեկ-երկու լրագրողներ:

Արմբոյ ջան, մտի յութուբի ա1+-ի վիդեոները քրքրի, ու կտեսնես, թե ինչպես են մեր պանծալի ոստիկանները նույն Զուրաբյանի, լրագրողների ներկայությամբ խփում, հարվածում երիտասարդ աղջիկներին, թերթիր արխիվը ու տես, թե ինչպես է կրիմինալը Աբովյանում ծեծուջարդ սարքում, երբ այնտեղ էր հսկա քանակությամբ քաղաքական վերնախավ, իսկ ոստիկանները հանգիստ նայում էին իսկ հանցագործներն էդպես էլ չպատժվեցին, նոր այդպիսի առաջարկ արա ;)

Միաժամանակ թռուցիկներ բաժանելով են զբաղվում երիտասարդների տարբեր խմբեր, իսկ շարժման ղեկավարները շատ հաճախ լինում են նրանց կողքին:

Artgeo
01.05.2009, 14:16
Չեմ դադարում զարմանալ հայկական հեռուստատեսությունների վրա: Նոր Շանթի Հորիզոնն էի նայում, խոսեցին ինչից ասես, Սիկտիվկարի տռուսիկով դահուկավազներից սկսած Մոսկվայի շատրվաններով վերջացրած ու ոչ մի խոսք Երևանում, քթների տակը կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

Ambrosine
01.05.2009, 14:27
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՓԱԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Այս լուսանկարները արվել են Աշտարակի կենտրոնում, ուր շուրջ տաս-տանսերկու ոստիկաններ կանգնեցնում էին բոլոր մեքենաները եւ պահանջում վարորդներին բացել բեռնախցիկները: Իմ այն հարցին թե ինչու են կանգնացնում բոլոր ավտոմեքենաները հնչեց պատասխան, որ այսօրվանից մեկնարկել է 'Վահան' ոստիկանական գործողությունը` զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: Այսինքն այս կարգախոսի ներքո ոստիկանները լցվել են հիմնական մայրուղիներ եւ, փաստորեն, արգելափակում են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը:

Երեւանի հետ կապող միջքաղաքային տրանսպորտը Աշտարակում չէր աշխատում:

Վլադիմիր Կարապետյան

12:19:34 - 01/05/2009
http://lragir.am/src/index.php?id=lrahos||country&pid=26330

հիմա արխային <<Վահան>>-ը օգտագործում են

Norton
01.05.2009, 14:45
Ճանապարհները նորից փակ են



http://s47.radikal.ru/i118/0905/76/0e55455564a2.jpg (http://www.radikal.ru)http://s61.radikal.ru/i174/0905/a6/6614b7e2dcc1.jpg (http://www.radikal.ru)

Հայաստանի մարզերից Երեւան եկող ավտոբուսներն ու երթուղային տաքսիներն այսօր չեն աշխատում: Ոչ այն պատճառով, որ աշխատանքային օր չէ, այլ որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը հերթական հանրահավաքն է անելու:

«Առավոտից սպասում եմ գազելի, մեկ ժամ կանգառում կանգնելուց հետո շարժվեցի ավտոբուսների սկզբնամաս, սակայն այնտեղ էլ որեւէ երթուղի չհայտնաբերեցի: Մի քանի հավաքված մարդիկ կային, ասացին, որ հանրահավաքային արձակուրդում են»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Աբովյան քաղաքի բնակիչ Կարենը: Բյուրեղավանի բնակչուհի Նարինեն էլ փաստեց, որ արդեն երեկվանից իմացել է, որ որեւէ երթուղի չի աշխատելու. «Երեկ քաղաքում խոսակցությունը արդեն պտտվում էր, որ տրանսպորտ չի լինելու, քանի որ հանրահավաք կա: Իսկ այսօր էլ փորձի համար եկա կանգառ ու երեկվա լսածներս ապացուցվեց: Տրանսպորտ չգտնելով`շատերը զայրացած հեռացան»:Տրանսպորտ չի գալիս նաեւ հեռավոր Ալավերդուց:

Իսկ ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանն էլ «Ա1+»-ին ասաց, որ Աշտարակ, Աբովյան, Հրազդան, Արտաշատ եւ այլ վայրերից Երեւան եկող ճանապարհներին ոստիկանական մեքենաներ են կանգնած, որոնք յուրաքանչյուր անցնող մեքենաները ստուգում են, ինչը պատճառաբանում են` «վահան» օպերացիայով: Հիշեցնենք, որ «Վահան» օպերացիայի նպատակը զենք-զինամթերքի եւ թմրամիջոցների հայտնաբերումն է, ինչ իրականացվում է ոստիկանապետի հրամանով:

Ինչո՞ւ են ճանապարհները կրկին փակված` Ա1+-ի հարցին ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանն ասաց, որ որեւէ ճանապարհ փակ չէ:

«Շատ լավ հասկանում եմ, հերթական շահարկումներից մեկն է` ճանապարհները փակեցին, ժողովրդին թույլ չեն տալիս գալ: Հանրահավաքը արտոնված է, ՀԱԿ-ը կարող է անցկացնել իրենց միտինգը, ոչ մի խոչընդոտ չկա բացարձակապես»,-«Ա1+»-ին ասաց Սայաթ Շիրինյանը:
Նկատենք, որ «Ա1+»-ի լրագրողին չի հաջողվել Բյուրեղավանից Երեւան գալ` տրանսպորտի բացակայության պատճառով: Այս փաստը Ծիրինյանին ներկայացնելուց հետո, վերջինս զայրացած ձայնով պատասխանեց. «Որտեղի՞ց չեն գալիս: Ո՞վ ասաց չեն գալիս: Գալիս են բոլոր տեղերից:
Ամեն անգամ նույն պատմությունը կրկնվում է: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ճանապարհները որեւէ տեղ փակված չեն, բոլոր ճանապարհներն ազատ են, մարդիկ ազատ կարող են տեղաշարժվել»:

Ի դեպ, «Ռոսիա» կինոթատրոնի ետնամասում գտնվող ավտոկայարանում, որտեղ հավաքվում են որոշ մարզերից եկող ավտոբուսներ, այսօր կրկին մարդաշատ էր: Մինչդեռ վերջիններս փաստեցին, որ Երեւան են գալիս դատարկ մեքենաներով:

Ավելին, վարորդներից մեկը «Ա1+»-ին պատմեց, թե ինչպես Վանաձորից Երեւան գալու ճանապարհին իրեն հետ են ուղարկել, ստիպված սեփական «Օպել» մակնիշի մեքենայով է եկել Երեւան, այն էլ Ալագյազում կանգնեցրել են, ասել են` 2000 դրամ տուր, թույլ տանք Երեւան գնաս:
Ի դեպ, ավտոկայանում «Ա1+»-ի օպերատորին արգելում են նկարահանել: Տեղի հսկիչներից մեկը նույնիսկ պահանջել է, որ օպերատորը ջնջի իր նկարած կադրերը, քանի որ դա իրենց սեփական տարածքն է:
www.a1plus.am

Ambrosine
01.05.2009, 17:21
ԵՐԹԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

Քիչ առաջ Երեւանում սկսել է Հայ Ազգային կոնգրեսի երթը, որը հաջորդել է կոնգրեսի հանրահավաքին: Չնայած երթը քաղաքապետարանը չէր ընդունել ի գիտություն, այդուհանդերձ այն կայանում է: Հանրահավաքի մեկնարկից առաջ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները մոտեցել են ընդդիմության առաջնորդներին եւ նրանց ներկայությամբ ասել են, թե երթը կթույլատրեն, եթե քաղաքացիները չխանգարեն երթեւեկությանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ոստիկաններին ասել է, թե ՀԱԿ ակտիվիստները քաղաքում, ընդդիմության երթի ճանապարհին արձանագրել են մի քանի հոգանոց երկու խումբ, որոնք կասկածվում են սադրիչ լինելու համար: Այսինքն ՀԱԿ-ը կասկածում է, որ նրանք սադրանք են պատրաստում ընդդիմության երթի ժամանակ: Ոստիկանները սակայն չեն լսել Լեւոն Զուրաբյանի խոսքը եւ հեռացել են: Դա Լեւոն Զուրաբյանին հիմք է տվել երթի մեկնարկից առաջ հայտարարել, որ ոստիկանությունը փաստացի հրաժարվել է գործակցել ՀԱԿ հետ, որպեսզի կանխվեն հնարավոր սադրանքները: Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընդդիմությունը դա գնահատում է պատասխանատվությունից խուսափելու քայլ եւ հայտարարում, որ եթե երթի ժամանակ տեղի ունենան սադրանքներ, ապա դրա պատասխանատուն իշխանությունն է, քանի որ ընդդիմության երթի մասնակից քաղաքացիները օրինավոր եւ պարկեշտ քաղաքացիներ են:

Լեւոն Զուրաբյանն այդուհանդերձ հույս է հայտնել, որ ոստիկանությունը ընդդիմությանը կօգնի հստակ եւ առանց միջադեպի անցկացնել երթը:

Ի դեպ, երթի մեկնարկին քաղաքացիները, անցնելով Մաշտոցի պողոտայով, տների պատշգամբներից մեկում տեսել են իրենց ժպտացող, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին: Սակայն ցուցարարները սկսել են հեգնել: Տիգրան Թորոսյանը դրանից հետո հեռացել է պատշգամբից, բայց թերեւս ոչ շատ հեռու: Այսինքն չի միացել երթի մասնակիցներին:
17:54:15 - 01/05/2009

http://lragir.am/src/index.php?id=country&pid=26336

Ambrosine
01.05.2009, 17:24
... նկարներ մայիսի 1-ի հանրահավաքից՝
http://lragir.am/photogal_img/1241183420.JPG

http://lragir.am/photogal_img/1241183447.JPG

http://lragir.am/photogal_img/1241183469.JPG

Ambrosine
01.05.2009, 17:27
....

http://lragir.am/photogal_img/1241183434.JPG

http://lragir.am/photogal_img/1241183499.JPG

H.A.Y.K.O. մենք գիտենք, որ դու էլ պապիի հետ նկար ունես:))
http://lragir.am/photogal_img/1241183509.JPG

Ambrosine
01.05.2009, 17:30
....

http://lragir.am/photogal_img/1241183520.JPG


:love
http://lragir.am/photogal_img/1241183986.JPG

Ambrosine
01.05.2009, 17:37
ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՆԳՐՎԱՆ

Լեւոն Տեր‑Պետրոսյանի ելույթը 2009 թ. մայիսի 1‑ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժողովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առթիվ, որի այժմեականությունը մանավանդ կարեւորվում է Հայաստանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1‑ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կարճատեւ մի ժամանակամիջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձություններով, որոնցից ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

1. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում.

2. Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում.

3. Հայ–թուրքական երկխոսության խորացում.

4. Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։

Ստորեւ ես կփորձեմ, որքան հնարավոր է սեղմ կերպով, մեկնաբանել Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը նշված խնդիրներից յուրաքանչյուրի վերաբերյալ։

Սոցիալ-տնտեսական իրավիճակ

Ինչպես կանխատեսել էինք մարտի 1‑ի հանրահավաքում, երկրի տնտեսությանն սպառնում էին լուրջ փորձություններ, գլխավորաբար կապված դրամի արժեզրկման սպասվող վտանգի հետ։ Իմ ելույթում ես մասնավորապես նշել էի. «Շատ շուտով կառավարությունն ստիպված է լինելու հրաժարվել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման քաղաքականությունից։ Ընդ որում, դրամն արժեզրկվելու է ոչ թե սահուն կերպով, ինչպես տեղի ունեցավ ռուսական ռուբլու պարագայում, այլ պարզապես գահավիժելու է»։ Գահավիժումն իրականացավ հանրահավաքից երկու օր անց, մարտի 3‑ին՝ բացահայտելով կառավարության եւ Կենտրոնական բանկի վերջին շրջանում վարած քաղաքականության ողջ սնանկությունը, եթե չասենք՝ հանցավորությունը։ Իշխանությունները մինչ այդ հասարակությանը հավատացնում էին, թե իբր դրամի փոխարժեքը ոչ թե արհեստական, այլ լողացող է, ինչը բացարձակ սուտ դուրս եկավ, որովհետեւ լողացող փոխարժեքը մեկ օրում 30 %‑ով անկում չէր ապրի։ Պարզվեց նաեւ, որ անցյալ տարվա վերջին եւ այս տարվա առաջին ամիսներին Կենտրոնական բանկի պահուստներից դուրս գրված շուրջ 800 միլիոն դոլարը ծառայել է ոչ այնքան դրամի փոխարժեքի պահպանման, որքան բոլորովին այլ նպատակի։ Այդ գումարը, ինչպես նաեւ փոխանակման միջոցով բնակչությունից հայթայթված արտարժույթի պատկառելի քանակը նստել են բանկիրների, պետական պաշտոնյաների եւ օլիգարխների հաշիվներին, ինչն այլ բան, քան ազգային հարստության բացահայտ կողոպուտ, չի կարելի համարել։

Իշխանություններն այժմ գոհունակությամբ նշում են, որ մարտի 3‑ի գահավիժումից հետո դրամի փոխարժեքը կայունացել է։ Բայց, չգիտես ինչու, նրանք մոռացության են մատնում այն փաստը, որ դրամի արժեզրկման եւ նրա պատճառած գնաճի հետեւանքով բնակչության կենսամակարդակում շուրջ 30 %‑ի անկում է արձանագրվել։ Կառավարության երկաթյա տրամաբանությամբ՝ կայունացումը նույնիսկ կատարյալ կարելի է համարել, նկատի ունենալով այն նշանակալի իրողությունները, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արդեն իսկ գրանցվել է 6,1 %‑ի տնտեսական անկում, իսկ հարկային մուտքերը կազմել են բյուջեով նախատեսված եկամուտների ընդամենը 40%‑ը։ Եւս մի այսպիսի կայունացում, եւ ժողովուրդը կհայտնվի լիակատար աղքատության գրկում։ Թեեւ դրամի փոխարժեքն այժմ արդեն իսկապես լողացող է, բայց, չգիտես ինչու, այն լողում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի հարաճուն ու տեւական անկում։ Դա նշանակում է, որ առայժմ եւ մոտակա ապագայում տնտեսական կայունացման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Չպետք է մոռանալ, որ չափազանց ծանր դրության մեջ են հայտնվել բանկերը՝ դրամային վարկերի պարագայում դրամի արժեզրկման հետեւանքով կրած վնասների, իսկ դոլարային վարկերի պարագայում՝ դրանց մարման խնդրում առաջացած անհաղթահարելի դժվարությունների պատճառով։ Այս երեւույթն անխուսափելիորեն հանգեցնելու է մի շարք բանկերի սնանկացման եւ, որպես դրա հետեւանք, դրամի փոխարժեքի մի նոր կտրուկ անկման։

Դրամի արժեզրկման եւ գնաճի պատճառով Հայաստանի տնտեսությունը բախվել է նաեւ մի այլ բացասական երեւույթի՝ առեւտրի ծավալների էական կրճատման եւ դրա հետեւանքով հարկային մուտքերի կտրուկ նվազման հետ։ Բյուջեի մասին օրենքը վերածվել է թղթի կտորի, որովհետեւ կառավարությունն, ըստ էության, գործում է ոչ թե այդ օրենքի, այլ տարրական հաշվապահության հիման վրա, այսինքն՝ օրական որքան ստանում, այնքան էլ ծախսում է, հազիվ կարողանալով հոգալ պետական ապարատի կենսագործունեության եւ աշխատավարձերի վճարման կարիքները։ Մուտքերի աղետալի նվազումը կառավարությանն ստիպում է խստացնել վարչարարությունը եւ խրախուսել մաքսային ու հարկային ծառայությունների կամայականությունները, այդ նպատակով որպես գործիք օգտագործելով նաեւ դատական մարմինները։ Հարկային բեռն, այսպիսով, ինչպես անցյալում, շարունակում է ծանրանալ, առանց այդ էլ սնանկության եզրին հասած, մանր ու միջին ձեռնարկատերերի ուսերին։ Սերժ Սարգսյանն ինքն էլ իր վերջին ասուլիսում ակամա խոստովանեց, որ խոշոր բիզնեսը հարկային դաշտից դուրս է մնում։ Եթե այդ խոստովանությունն անկեղծ լիներ, ապա կարող էր վիճակը շտկելու հույս ներշնչել։ Բայց քանի դեռ նախագահի աթոռն զբաղեցնում է Սարգսյանը, խոշոր բիզնեսը շարունակելու է այդպես էլ դուրս մնալ հարկային դաշտից, որովհետեւ նա է նրա գլխավորած ավազակապետական համակարգի ամենահուսալի հենարանը եւ սեփական բարգավաճման հիմնական աղբյուրը։

Մարտի 1‑ի հանրահավաքից հետո զգալիորեն սրվել են նաեւ սոցիալական դժգոհության արտահայտությունները, մասնավորապես տաքսու վարորդների, մանրածախ առեւտրի շուկաների եւ տոնավաճառների աշխատողների շարքերում, որոնց շուտով կարող են միանալ գործազուրկներն ու բյուջետային ոլորտի աշխատողները։ Դրանք առայժմ կրում են տարերային ու չկազմակերպված բնույթ, սակայն բավարար լուծումներ չգտնելու պարագայում սպառնում են վերածվել լուրջ ցնցումների։ Իշխանությունները թեթեւամտորեն փորձում են սոցիալական բողոքի ակցիաները ճզմել ահաբեկումների ու ոստիկանական գործողությունների միջոցով, ինչը չափազանց վտանգավոր եւ հակաարդյունավետ մտահղացում է։ Այնինչ նրանք պարտավոր էին անել ճիշտ հակառակը, այսինքն՝ ոչ թե բնում խեղդել իրավացի դժգոհությունները, հուսալով, որ դրանք չեն ծավալվի, այլ ջանքեր գործադրել մանր ու միջին ձեռնարկատերերին եւ վարձու աշխատողներին հուզող խնդիրները լուծելու ուղղությամբ։ Պետությունն իրավունք չունի ձեռքերը լվանալ գործատերերի եւ աշխատավորների, վարձատուների եւ վարձակալների հարաբերություններից։ Նրա պարտքն է ակտիվորեն միջամտել եւ կարգավորել այդ հարաբերությունները։ Կարող են առարկել, թե օրենքները բավարար են այդ հարաբերությունները կարգավորելու համար։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հակասություններն առաջանում են հենց օրենքների խախտման, պաշտոնեական կամայականությունների եւ համատարած կոռուպցիայի պատճառով։ Եթե պետությունը չստանձնի այդ հակասությունների լուծման պարտավորությունը, վաղը դա արդեն անելու են արհեստակցական միությունները, որոնք պետության կրավորականության հետեւանքով անպայման ձեւավորվելու եւ հզորանալու են, քանի որ աշխատավորների իրավունքների պաշտպանության այլ միջոց գոյություն չունի։ Նկատի ունենալով խնդրի կարեւորությունը եւ անկանխատեսելի սոցիալական ցնցումներից խուսափելու անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է խորհրդատվական եւ իրավաբանական աջակցություն ցուցաբերել անկախ արհեստակցական միությունների կազմակերպման հարցում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Կոնգրեսի գլխավոր նպատակը Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծումն է, իսկ արհեստակցական միությունները քաղաքացիական հասարակության ամենակարեւոր բաղկացուցիչ մասերից մեկն են։

...

Ambrosine
01.05.2009, 17:39
...

Յոթի գործի անփառունակ վախճանը

Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ս.թ. ապրիլի 2‑ին հարցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, սակայն ավելորդ չեմ համարում ներկա ընդարձակ լսարանի առջեւ եւս մեկ անգամ վերհանել այդ նշանակալի իրադարձության կարեւորությունը։ Այսպես կոչված յոթի (իրականում՝ տասնմեկի) գործի էությունն ըմբռնելու համար նախ հարկ է պարզել, թե ինչ նպատակով էր հարուցված այդ գործը։ Տարակույս չի կարող լինել, որ նպատակը պարզից էլ պարզ էր, այն է՝ ողջ աշխարհին ապացուցել ընդդիմության կողմից իշխանության բռնի յուրացման փաստը եւ դրանով արդարացնել իշխանությունների պատասխան գործողությունները, որոնք են՝ խաղաղ ցույցի սառնասիրտ գնդակոծումը, 10 քաղաքացիների սպանությունը եւ արտակարգ դրության հաստատումը։ Ըստ այդմ, դատական մարմինների առջեւ խնդիր էր դրված յոթի գործը շուտափույթ կերպով հասցնել ավարտի եւ կայացնել պահանջված դատավճիռը՝ ի հաստատումն մարտի 1‑ի իրադարձությունների պաշտոնական վարկածի։ Սակայն համաժողովրդական համառ պայքարի, քաղբանտարկյալների կորովի պահվածքի, փաստաբանների գրագետ մարտավարության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների միջամտության շնորհիվ այդ խնդիրը տապալվեց։ Դեմքը փրկելու համար իշխանություններն ստիպված եղան լուրջ փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում, դրանց հիման վրա վերաձեւակերպել ներկայացված մեղադրանքները եւ յոթի գործը մասնատել առանձին գործերի։

Այս քայլով, մասնավորապես քրեական օրենսգրքի 300 հոդվածով առաջադրված մեղադրանքի վերացմամբ, իշխանությունները փաստորեն խոստովանեցին, որ յոթի գործը սկզբից եւեթ շինծու է եղել, եւ որ ընդդիմության կողմից իշխանության յուրացում կամ նույնիսկ յուրացման փորձ տեղի չի ունեցել։ Իսկ սպանությունների գործի անջատմամբ իշխանությունները խոստովանեցին նաեւ, որ այդ սպանությունները որեւէ կապ չեն ունեցել ցուցարարների գործողությունների հետ։ Այսպիսով, մարտի 1‑ի իրադարձությունների պաշտոնական վարկածը վերջնականապես ջուրն ընկավ, եւ հրապարակում մնաց միայն իշխանությունների իրագործած սահմռկեցուցիչ ոճրագործությունը, որը վաղ թե ուշ բացահայտվելու է ամենայն մանրամասնությամբ։

Այդ դեպքում, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչով էին հիմնավորված մարտի 1‑ին իշխանությունների, մեղմ ասած, ոչ համարժեք, իսկ իրականում բարբարոսական գործողությունները։ Թերեւս ընդդիմության կողմից զանգվածային անկարգությունների կազմակերպմա՞մբ, ինչում վերաձեւակերպված մեղադրանքով ամբաստանվում են նույն յոթ անձնավորությունները։ Չխոսած այն մասին, որ ինքնին իրավագիտական անգրագիտություն կամ անհեթեթություն է միեւնույն զանգվածային անկարգությունների առանձին կազմակերպիչներ ճանաչել յոթ անձնավորության, կասկածից վեր է, որ մասնատված գործերը եւս արժանանալու են մայր գործի բախտին, քանի որ ընդդիմության ոչ մի ներկայացուցչի այդպես էլ մինչ այժմ անձամբ բռնություն գործելու, մեքենա հրկիզելու կամ խանութ թալանելու կոնկրետ մեղադրանք չի ներկայացվել։ Եթե այնուամենայնիվ դատարանին հաջողվի, անգամ օրենքի կոպտագույն խախտումներով, դատավճիռներ կայացնել, միեւնույն է, դրանք հօդս են ցնդելու եւրոպական դատարանում։

Իսկ թե իրականում ովքեր են եղել զանգվածային անկարգությունների կազմակերպիչները, մեքենաներ հրկիզողներն ու խանութներ թալանողները, այդ մասին սահմանափակ լսարանի առջեւ ես խոսել եմ 2008 թ. դեկտեմբերի 21‑ին, Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համաժողովում, մասնավորապես նշելով հետեւյալը. «Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1‑ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի։ Այդ ավազակախմբերը կազմավորվել, հանդերձվել եւ նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ չորս հայտնի օլիգարխների կողմից։ ... Բոլոր այդ տվյալները Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաեւ տրամադրել Եւրոխորհրդի Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգին եւ Հայաստանում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների»։ Նշված տեղեկությունների հավաստիությունը հաստատվում է նրանով, որ իշխանությունները կտրականապես արգելել են Փաստահավաք խմբին ստուգումներ կատարել Պաշտպանության նախարարության պահեստներից մեկում, որտեղից հիշյալ ավազակախմբերը ստացել են իրենց հանդերձանքը։ Հարգելով Փաստահավաք խմբի գործունեության գաղտնիությունը, մենք առայժմ զերծ ենք մնում այդ ավազակախմբերի պարագլուխների անունները հրապարակելուց։ Այդ մարդիկ այսօր էլ բարձրագույն պետական պաշտոններ եւ ազդեցիկ տնտեսական դիրքեր են զբաղեցնում Հայաստանում։ Չպետք է կասկածել, որ գալու է պահը, երբ մենք այդ անունները դարձնելու ենք հանրության սեփականությունը, եւ բոլորը համոզվելու են, թե քրեական ինչպիսի զազրելի տարրերի ձեռքում է գտնվում Հայաստանի ու նրա ժողովրդի բախտը։

...

Ambrosine
01.05.2009, 17:40
...

Հայ–թուրքական հարաբերություններ

Հայ–թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննախադեպ տեղաշարժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետեւ այն շոշափում է Հայոց պետականության զարգացման ամենակենսական խնդիրներից մեկը։ Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում։

Իսկ այժմ տեսնենք, թե ինչում է արտահայտվում հիշյալ տեղաշարժը։ Ակնհայտ է, որ հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփումների արդյունքում ստեղծվել է մի աշխատանքային փաստաթուղթ, որն ընդգրկում է հետեւյալ կետերը.

- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում.

- Պետական սահմանների փոխադարձ ճանաչում.

- Հայ–թուրքական սահմանի բացում.

- Հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում։

Հետագայում այդ փաստաթուղթը կոչվեց «ճանապարհային քարտեզ», եւ բացահայտվեցին մի քանի այլ մանրամասներ։ Ինչեւէ, թվում է, թե մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հաստատման մի լուրջ մտադրության հետ, մանավանդ նկատի ունենալով, որ Թուրքիան, կարծես-թե, հրաժարվել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորելու իր նախկին ապակառուցողական դիրքորոշումից։ Սակայն առկա են երկու հանգամանքներ, որոնք մթագնում են այս տպավորությունը։ Հայկական կողմի համար ակնհայտորեն որոշակի դժվարություն պիտի հարուցեր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը, եւ վերջիվերջո նրան հաջողվել է այն վերանվանել միջկառավարական հանձնաժողով։ Բայց դա ընդամենը միայն խնդիրը քողարկելուն եւ հայ ժողովրդին հանդարտեցնելուն միտված մեղմասացություն (եւֆիմիզմ) է, քանի որ միջկառավարական հանձնաժողովում եւս ենթադրվում է ստեղծել պատմաբանների ստորաբաժանում, ինչից հարցի էությունն ամենեւին չի փոխվում։ Իսկ թուրքական կողմը չի կարող հաշվի չնստել ադրբեջանական հասարակության եւ սեփական ընդդիմության ճնշման հետ, ուստի ստիպված կրկին վերադառնալու է իր նախկին դիրքորոշմանը։ Այսինքն, հակառակ լավատեսական կանխատեսումներին եւ հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ–թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։

Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչն էր, ապա, բարձրացված այդ ամբողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լինելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամադրվածությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպատակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատակին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբոլային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1 ։ 0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։

Թուրքիայի ղեկավարները նախագահ Օբամայի առջեւ դրին հայ եւ թուրք դիվանագետների աշխատանքի արդյունքում ծնված վերոհիշյալ փաստաթուղթը եւ, ինչպես սպասելի էր, նրան հեշտությամբ համոզեցին, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում լրջագույն գործընթաց է մեկնարկել։ Օբաման, թեեւ գովելի ազնվությամբ, հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության գնահատման հարցում չի փոխել նախընտրական շրջանում արտահայտած իր տեսակետը, սակայն պետական այրին վայել կեցվածքով բացատրեց, որ մտադիր չէ խանգարել այդ դրական գործընթացին, հասկացնել տալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առայժմ հանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգից։

Կարելի՞ է, արդյոք, Թուրքիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրել երկերեսանիության մեջ։ Ամենեւին ոչ։ Թուրքիան, նախանձելի դիվանագիտական հնարամտություն դրսեւորելով, այս հանգրվանում փայլուն կերպով լուծեց իր հետապնդած առաջնահերթ խնդիրը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վարվեց այնպես, ինչպես նման իրավիճակում կվարվեր ցանկացած պատասխանատու առաջնորդ։ Եթե, այնուամենայնիվ, մեղադրանքի թիրախ փնտրելու անհրաժեշտություն կա, ապա այդ թիրախը կարող են լինել միայն Հայաստանի վերջին տասնմեկ տարվա իշխանությունները՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի, Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի, որոնք բառացիորեն պղծեցին Ցեղասպանության սուրբ գաղափարը, այն վերածելով քաղաքական աճուրդի ու սակարկության առարկայի։ Եւ դա ոչ թե պետական կամ ազգային վեհ նպատակների, այլ բացառապես Սփյուռքին հաճոյանալու եւ ներքաղաքական դիվիդենտներ ստանալու մանրախնդիր նկատառումով։

Այս կապակցությամբ հետաքրքիր է հետեւել նրանց վարած միանգամայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային.

- Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազգային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։

- Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանական հիմք, հոխորտանքով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։

- Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վերջո համոզվեցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերադարձան իրենց կողմից ժամանակին դավաճանական հայտարարված՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքին, ակամա բացահայտելով Հայաստանի թուլությունը եւ Թուրքիային հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։

- Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտանգավոր ծայրահեղության գիրկը՝ հայ–թուրքական սահմանի բացման դիմաց անխոհեմաբար համաձայնելով ընդառաջել Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից տարիներ առաջ արված համարյա մոռացված առաջարկին։

Ոչ մի այլ բան, քան քաղաքական խարխափումների, անհեռատես քայլերի եւ անպատասխանատու ձեռնարկների այս խայտառակ շարքն է, ահա, որ հանգեցրեց նախագահ Օբամայի Թուրքիա կատարած այցի բերած արդյունքին։ Իհարկե, չի կարելի պնդել, որ եթե չլիներ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեկնարկած վերոհիշյալ գործընթացը, Օբաման ապրիլի 24‑ի իր ուղերձում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հանգամանքով, անպայման կարտասաներ ցեղասպանություն բառը կամ ամերիկյան կոնգրեսը կճանաչեր Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսի իրավիճակներ շատ են եղել, բայց երբեք այդ բանը տեղի չի ունեցել։ Բայց ներկա իրավիճակն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ այս անգամ արդեն հարցի մերժման ֆորմալ պատրվակը Թուրքիայի հետ ամեն գնով, այդ թվում Ցեղասպանության ուրացման գնով, մերձենալու Սերժ Սարգսյանի ձախորդ նախաձեռնությունն է։ Այսպիսով, առանց դույզն իսկ չափազանցության, հարկադրված ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը։ Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, որը կարժանանա Նոբելյան մրցանակի։

Ես մեղմ եմ արտահայտվում. վստահաբար, Սարգսյանի վարքը շատ ավելի անխնա գնահատականների է արժանանալու Հայաստանի եւ մանավանդ Սփյուռքի արմատական շրջանակներում։ Արդարությունը պահանջում է, սակայն, կատարվածում մեղադրանքի որոշ բաժին հասցեագրել նաեւ Սփյուռքի ազգային ջոջերին, ովքեր ոչ միայն երբեւէ Հայաստանի իշխանություններին չզգուշացրին Ցեղասպանության ճանաչման հարցը պետականորեն բարձրացնելու ձեռնարկի անխոհեմության ու վնասակարության մասին, այլեւ ընդհակառակը, ոգեւորությամբ խրախուսեցին վերջիններիս ջանքերն ու թմբկահարեցին նրանց «սխրանքները»՝ արդյունքում ստանալով այն, ինչ ստացան։ Ավելի քան քառասուն տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակով Սփյուռքի ներդրած հսկայական ջանքերն ու դրամական միջոցներն, այսպիսով, մեկ օրում ջուրը թափվեցին։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է շտկել վիճակը եւ դարմանել պատճառված վնասը։

Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ–ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Դրական պետք է համարել նաեւ դեպքերի բերումով նախագահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ինչը նրա ղեկավարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու անկողմնակալ կերպով ներգրավվել ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Բարաք Օբաման իդեալիստ է՝ բառիս ամենադրական իմաստով։ Իսկ հայտնի է, որ թեեւ աշխարհը սովորաբար կառավարում են պրագմատիկներն ու ցինիկները, բայց քաղաքակրթությունն առաջ են մղում ժամանակ առ ժամանակ հայտնվող իդեալիստները։ Ընդ որում, իդեալիստ ասելով, ես ամենեւին նկատի չունեմ իդեոլոգներին, այլ բարոյականության, ազնվության եւ արդարության հարցերում կայուն սկզբունքներ ունեցող հազվագյուտ պետական անձանց։

...

Ambrosine
01.05.2009, 17:42
...

Երեւանի քաղաքապետի ընտրությունները

Երբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ իմ գլխավորությամբ մասնակցելու է Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, իշխանական ճամբարից հնչած առաջին արձագանքն այն եղավ, որ Կոնգրեսը քաղաքականացնում է այդ ընտրությունները, այսինքն՝ գործում է զարհուրելի մի հանցանք, որի նմանը տեսնված չէ համաշխարհային պատմության մեջ։ Ցանկացած հարցի քաղաքականացումն այդպես արձագանքողների համար, կարծես թե, հավասարազոր է ժանտախտի, որից գլխակորույս պետք է փախչել։ Նախ՝ դրանով իշխանական կոալիցիայի մաս կազմող խորհրդարանական կուսակցություններն իրենց դնում են ծիծաղելի դրության մեջ, մոռանալով, որ հենց իրենք են իսկզբանե ծայրահեղորեն քաղաքականացրել քաղաքապետի ընտրությունները, որդեգրելով հարյուր տոկոսանոց համամասնական սկզբունքը։ Եւ երկրորդ՝ նման արձագանքով նրանք անզգուշորեն մատնում են իրենց քրեական էությունը, որովհետեւ քաղաքականացման այլընտրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեականացումը։

Ժամանակն է վերջապես գիտակցել, որ պետության մեջ ոչ քաղաքական հարց գոյություն չունի, որովհետեւ պետության կենսակերպը հենց քաղաքականությունն է։ Եթե այդպես չլիներ, ապա ինչ իմաստ կունենային, ասենք, տնտեսական քաղաքականություն, սոցիալական քաղաքականություն, ագրարային քաղաքականություն, կրթական քաղաքականություն, մշակութային քաղաքականություն, առողջապահական քաղաքականություն եւ բազմաթիվ այլ նմանատիպ հասկացությունները։ Պետություն եւ քաղաքականություն բառերն անգամ ծագումնաբանությամբ նույնական են, եթե նկատի ունենանք, որ քաղաքականություն (պոլիտիկա) բառն առաջացել է հունական պոլիս (քաղաք‑պետություն) բառից։ Այս բանն, ի դեպ, գիտակցվել է անգամ միջնադարում, ինչի վկայությունն է այն, որ XIII դ. հայ մատենագիր Հովհաննես Երզնկացին պետություն հասկացությունն արտահայտելու համար գործածում է քաղաք բառը։

Պաշտոնական քարոզչամեքենան ընտրությունների քաղաքականացման մեջ Կոնգրեսին մեղադրելուց բացի, փորձում է մեզ անհարմար դրության մեջ դնել նաեւ մի այլ ծիծաղելի հնարքով՝ քաղաքապետին, իր պատկերացմամբ, օժտելով միայն աղբահավաքի նվաստ դերով։ Նախ՝ ո՞վ է ասել, որ աղբահանությունն ինքնին կարեւոր գործ չէ։ Եւ երկրորդ՝ եթե քաղաքապետի միակ պարտականությունը աղբահանությունն է, ապա ինչո՞վ բացատրել, որ Երեւանի մասին 60 մեծադիր էջից բաղկացած օրենքում այդ խնդրին ընդամենը մեկ տող է հատկացվել, մինչդեռ ողջ մնացյալը վերաբերում է քաղաքականությանը։ Եթե տրված բացատրություններից հետո էլ կարծիքներ կհնչեն, թե Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքականացնում է քաղաքապետի ընտրությունները, ապա դրա համար պետք է միայն շնորհակալություն հայտնել Կոնգրեսին, քանի որ քաղաքականացնելով, նա ձգտում է կանխել ընտրությունների քրեականացումը։

Այսօր ես ամենեւին մտադիր չեմ զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Դա մենք կանենք մեր հաջորդ հանրահավաքներում։ Սակայն առաջիկա ընտրությունների կապակցությամբ չեմ կարող ձեր ուշադրությունը չհրավիրել մի վերջին կարեւոր հարցի վրա։ Ի՞նչ տեղի կունենար, եթե Հայ Ազգային Կոնգրեսը որոշեր չմասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Անկասկած, ոչ այլ բան, քան այն, ինչ տեղի ունեցավ 2007 թ. խորհրդարանական ընտրություններում։ Դրանք կանցնեին արտաքուստ նույնքան ազատ ու արդար պայմաններում, իշխանական թեկնածուն համոզիչ հաղթանակ կտաներ, իսկ միջազգային դիտորդներն այդ ընտրությունները կգնահատեին որպես ժողովրդավարության խորացման ուղղությամբ կատարված նշանակալի քայլ։ Սերժ Սարգսյանն, այդ ընտրությունները դրոշ դարձնելով, հետին թվով ինչ‑որ առումով կլեգիտիմացներ 2008 թ. նախագահական կեղծված ընտրությունները եւ հսկայական վարկ ձեռք կբերեր միջազգային հանրության աչքում։

Եթե Սարգսյանն իսկապես մտածում է իր եւ պետության վարկի մասին, ապա նա այսօր էլ ունի տվյալ նպատակին հասնելու հնարավորությունը։ Թող անցկացնի օրինական ընտրություններ, որոնք, վստահաբար, կարժանանան ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ մեր հասարակության գնահատանքին։ Նա պետք է վերջիվերջո գիտակցի, որ օրինական ընտրությունների արդյունքում ոչ միայն իշխանության, այլեւ նույնիսկ ընդդիմության հաղթանակը ուժեղացնում է պետությունը եւ նրան զերծ պահում արտաքին ճնշումներից։ Այլապես նա երբեւէ պետական այր կոչվելու իրավունք չի ձեռքբերի։ Իսկ եթե Սարգսյանը, նեղմտություն դրսեւորելով, փորձի կրկնել այն, ինչ կատարեց նախագահական ընտրությունների ժամանակ, չխորշելով ոչ միայն բացահայտ կեղծիքներից, այլեւ ֆիզիկական բռնություններից, ապա պետությանը կհասցնի հերթական ծանր հարվածը, որից այս անգամ արդեն այն կարող է այլեւս ուշքի չգալ։ Քաղաքապետի ընտրությունների օրինականության ապահովումը Սերժ Սարգսյանի համար Հայաստանի հասարակության եւ միջազգային հանրության առջեւ որոշ հեղինակություն ձեռքբերելու վերջին շանսն է։ Այդ շանսը չօգտագործել, հերթական անգամ, նա կարող է միայն Հայաստանի պետական շահը զոհաբերելու գնով։

Եւ այսպես, վաղվանից մենք մտնում ենք ընտրապայքարի մի նոր փուլ, որը մի էական հատկանիշով, այն է՝ ընդդիմության միասնականությամբ, տարբերվում է նախագահական ընտրապայքարից, ինչը մեծապես կնվազեցնի ընտրությունների արդյունքները կեղծելու իշխանությունների հնարավորությունը։ Մենք չափազանց ափսոսում ենք, որ չհաջողվեց ընտրություններին մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառանգություն կուսակցության ընդհանուր ցուցակով։ Սակայն գնահատում ենք նաեւ՝ ընդդիմության քվեները չփշրելու նկատառումով ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ Ժառանգության կայացրած որոշումը։ Միաժամանակ համոզված ենք, որ Ժառանգությունն, այնուամենայնիվ, կանի ամեն ինչ՝ առաջիկա ընտրություններում ընդդիմությանը սատարելու համար։

Մեր հաջորդ, արդեն նախընտրական հանրահավաքը տեղի կունենա մայիսի 15‑ին։ Մենք հանրահավաքներ եւ ընտրողների հետ հանդիպումներ ենք նախատեսել նաեւ Երեւանի թաղային համայնքներում։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր շտաբներում գործելու են հատուկ բաժիններ, ուր դուք կարող եք ներկայացնել քաղաքի խնդիրների վերաբերյալ ձեր գրավոր առաջարկները, որոնք բարեխղճությամբ քննության կենթարկվեն եւ հաշվի կառնվեն մեր հետագա գործունեության մեջ։ Իսկ այժմ՝ բարի երթ, որի ուղին եւ անցկացման կարգը, ինչպես միշտ, ձեզ կներկայացնի Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

17:23:15 - 01/05/2009
ԼՏՊ ելույթը մայիսի 1-ի ՀԱԿ-ի հանրահավաքում (http://lragir.am/src/index.php?id=politics&pid=26335)

murmushka
01.05.2009, 19:24
սիրում եմ ժողովրդիս, որի հետ այսօր թևանցուկ զբոսնեցի քաղաքի փողոցներով:hands Հաղթելու ենք;)

Egern.net
01.05.2009, 20:49
Լավն էր, հանրահավաքն էլ, երթն էլ: Մարդիկ մարտի 1-ի համեմատ բավականին նոսր էին Մատենադարանի դիմաց, բայց երթը էլի ուժեղ էր. ասում էին, որ շատերը Պոլիտեխնիկի բակում էին հավաքվել (ստվերում):

ԼՏՊի ելույթն էլ լավն էր: Դուրս եկավ, որ հայ-թուրքական հարաբերությունների պրոբլեմները նշելուց անընդհատ շեշտում էր Վարդան Օսկանյանի անունը :) Մեկ էլ շատ դուրս եկավ էն Նոբելյան մրցանակի միտքը!!! Շաաատ տեղին էր...

Ոստիկաններն էլ համը չհանեցին, լավ էր :) մտածում էի, որ միգուցե փորձեն խոչընդել մտնել Հյուսիսային պողոտա, բայց լավ էր...

Chuk
02.05.2009, 15:45
Մայիսի 1, հանրահավաք:

Սկզբից անսպասելի, սպասածիցս քիչ մարդ: Հասկանալի պատճառներ, բայց ամեն դեպքում մի քիչ տխրեցնող: Բայց հետո մարդիկ սկսեցին ավելանալ, չնայած երեկ տոնական օր է, մարդիկ ըստ ավանդույթի այս օրը լինում են քեֆերի, ընտանիքի կամ ընկերների հետ, չնայած ճամփեքը փակ էին, էս անգամ մլիցեքը զինված էին փակել: Բայց եկան: Բոլոր կողմերից մարդկանց հոսքը չդադարեց անգամ երթը սկսվելուց հետո, ու հզոր բազմությունը շարժման կոչերը հնչեցնելով մի հուժկու երթ անցկացրեց:

Լավ, տպավորություններս թերևս կտոր-կտոր կներկայացնեմ:
Երեկ իմ համար հանրահավաքում ամենաուրախալին երիտասարդական շունչն ու ավյունն էր, երիտասարդների պայծառ ու փայլող, հաղթական դեմքերն ու առույգությունը: Սա էն դեպքում, որ վերջին օրերին ոստիկանությունը նորից ջանք ու եռանդ չէր խնայել երիտասարդների մեջ վախ սերմանելու համար, եղել էին ծեծուջարդեր, ոման գլխին փորձել էին գործեր կարել, մեր երիտասարդներից մի քանիսը տեղափոխվել էին հիվանդանոց:

Բայց չէ, ոչ մեկը չի վհատվել: Մի մարդու նման, հաղթական նրանք Մատենադարանի մոտ էին ու հետո երթ: Նայեք Աստղի դրած նկարները՝ սրանք մեր երկրի իրական տերերն են, այն մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց երկրի լավ ապագայի համար պայքարել, այն դարձնել հաղթող ու իրավական պետություն: Ուրեմն ամեն ինչ դեռ առջևում է: Ուրեմն հաղթանակն անխուսափելի է:

Էստեղ տեղին է հիշել «Հատուկ Գունդ» երիտասարդական նախաձեռնությանը, ով երեկ տոնում էր իր կազմավորման մի տարին: Ավազակապետական վարչախումբը հույս ուներ, որ մարտի 1-ի սպանդով կվախեցնի ժողովրդին ու կկոտրի համաժողովրդական շարժումը: 20 օր արտակարգ դրություն, որի ժամանակ փակվել էին բոլոր ազատ լրատվամիջոցները, այդ թվում կայքերը: Ու հենց այդ ժամանակ ինտերնետային հաղորդակցության համադասարանցիներ կայքում իրար են գտնում բազում համախոհ երիտասարդներ, որոնք որոշ ժամանակ քննարկումներից հետո որոշում են միավորվել, խումբ ստեղծել ու միասին միանալ համաժողովրդական շարժմանը: Սա կատարյալ պարտություն էր ավազակապետության համար, որովհետև երբ կա այսպիսի հզոր երիտասարդական ուժ, ինքը վաղ թե ուշ դատապարտված է պարտության, որտև էս երիտասարդները մինչև վերջ գնալու էին: Հետագայում Հատուկ Գունդը շարժման մյուս երիտասարդական նախաձեռնությունների, այդ թվում Հիմայի ու ԼՏՊ-ի հետ միասին դառավ պատուհաս իշխանությունների համար, որովհետև շարժման մյուս ակտիվիստների հետ միասին վառ էր պահում շարժման ճրագը, բազում ակցիաներ էր անում, իշխանություններին բառիս բուն իմաստով հավասարացնում էր հողին: Իշխանությունները փորձեցին նրանց վախեցնել, չստացվեց, սկսեցին զրպարտել, մասնավորապես իշխանածառա լրատվամիջոցներով, չստացվեց ու Հատուկ Գունդը գնալով հզորացավ, դառավ ավելի կուռ, միասնական կառույց ու երեկ հանրահավաքին ու երթին էլի միասին ու կուռ էին, իրենց ծնունդն էին տոնում ուրախ ու զվարթ, դհոլների խրոխտ նվագով ազդարարում էին իրենց գոյությունը, ինչու ոչ, դրանով խուճապի մատնում իշխանիկներին ու հպարտ ու հզոր գոչում էին շարժման կոչերը: Հաճելի էր նայելը ու ակամա հպարտանում էի, որ իրենցից մեկն եմ: Էնպես որ հենց էս, մայիսի 1-ի հանրահավաքի թեմայում ուզում եմ ասել՝ շնորհավոր գունդ, քանի կաս, մեր հաղթանական անխուսափելի է (Աստղի դրած նկարներում շատ են երևում գնդեցիներն ու նրանց նոր լոգոն, որը դեռ շատ է երևալու Հայաստանի Հանրապետությունում ու ամեն մի նոր անարդարության ժամանակ իր տեսքով ու ներկայությամբ հիշեցնի գնդի գոյությունն ու վճռականությունը):

Հանրահավաքի մասին այլ տպավորությունները հաջորդիվ :)

Kuk
03.05.2009, 10:35
Մարդիկ խաղաղ երթ են անում, թե ասա խի՞ եք էս մենթերին էսքան բերում լցնում: Էս հլը վերջը չի, սրանց հետևից էլի էին գալիս, ուղղակի հնարավոր չէր խցկել մի նկարի մեջ:
Որակը իջացրել եմ, որ 48 kb-ից քիչ լինի:

Ambrosine
06.05.2009, 01:58
Աստղի դրած նկարներում շատ են երևում գնդեցիներն ու նրանց նոր լոգոն, որը դեռ շատ է երևալու Հայաստանի Հանրապետությունում ու ամեն մի նոր անարդարության ժամանակ իր տեսքով ու ներկայությամբ հիշեցնի գնդի գոյությունն ու վճռականությունը
հիշեցի, թե որտեղ եմ տեսել այդ լոգոն՝ դեռ նոր պատրաստ ժամանակ ոնց-որ;)