PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերլուծություն



yerevakluram
29.04.2009, 17:20
Մոխրոտի՞կ, թե՞ «Հայկական երազանք»

Հայաստանում 1988 թվականից մինչ օրս չեն դադարում վեճերն ազգային գաղափարախոսության և քաղաքական կողմնորոշման հարցերի շուրջ: Կռվանները մեծ էվոլյուցիա են ապրել, վերարժևորվել, ծանրացել կամ դուրս են մղվել: Օրինակ, եթե առաջ ժողովրդավարությանը վերաբերում էին որպես պետության բնական և անքակտելի բնորոշչի, ապա այսօր այն դարձել է քաղաքական բանավեճի առարկա: Ազգային գաղափարախոսության մասին վեճերի արդյունքում, ինչպես նաև ժամանակի փորձություններով աստիճանաբար հաստատվում է այն պարզ մոտեցումը, որ Հայաստանի աշխարհաքաղաքական շահերի տիրույթում գործող ծրագրից և այդ ծրագրի իրականացման ճանապարհրներից բացի, ցանկացած այլ «ազգային գաղափարախոսություն» անշարժ, զարգացման անընդունակ, վտանգավոր դոգմա է: Հույս կա, որ մի շարք փորձանքներ հաղթահարելուց հետո, քաղաքական միտքն ի վերջո կխոսի նաև ազգային ծրագրերի և դրանք իրականացնելու քաղաքական կամքի մասին, որը բացակայում է, օրինակ, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին հասարակական քննարկումներում:
Ի՞նչ է առաջարկվում ի պատասխան մադրիդյան սկզբունքներին: Ըստ էության, ոչինչ: Ոչ մի թիզ հող կամ փոխզիջում, հանրաքվեն այսօ՞ր, թե՞ մի քանի տարի հետո: Այնինչ քննարկման նյութը պետք է լիներ, թե ինչպիսի՞ն կարող են լինել Հայաստանն ու Արցախը հարցի այս կամ այն կարգավորումից հետո, որո՞նք են մեր զարգացման անհրաժեշտ, բավարար պայմանները, ի՞նչ մարտահրավերներ կան և ի՞նչ խնդիրներ ունենք: Այս մեկնակետից ոչ մի ծրագիր, հայեցակարգ չի առաջարկվել: Եվ երբ վաղը միջազգային հանրության ճնշումների տակ մեզ ստիպեն դուրս գալ ազատագրված տարածքներից, դարձյալ թքելու ենք մարդկային արդարության ճակատին ու անիծենք հայի բախտը: Այսօր կարելի է հասարակական քննարկումների առարկան ուղղել դեպի ազգային իրական, ամբողջական հետաքրքրություններն ու գտնել հասարակության ցանկությունների և հավակնությունների ընդհանուր հայտարարը: Ազգային զարթոնքը սկսվելու է հենց այդ պահից:

-------------------------------------------------------------------------------------------------

Մութ սենյակ

Երբ առաջին գիշերն ընկավ, սատանան մոտեցավ խավարից վախեցած մարդուն ու ասաց. «Ուզո՞ւմ ես` քեզ Լույս Աշխարհ հասցնեմ: Պետք է նստեմ ուսերիդ, որ ճանապարհը տեսնեմ»: Այդպես ամբողջ գիշեր մարդն իր ուսերին տարավ սատանային մինչև լույսը բացվեց. և միայն կեսօրին, գնահատելով իր անցած ճանապարհը, հասկացավ, որ սատանան իրեն խաբել է:
Ի սկզբանե` ցանկացած կողմնորոշման այլընտրանքն առողջ ինքնաճանաչումն է: Այն հնարավորություն է տալիս գնահատել սեփական հնարավորությունների, հավակնությունների սահմանները, և որոշումներն ընդունել սեփական կոչման գիտակցման մեկնակետից: Թույլի, մերժվածի, ցեղասպանվածի բարդույթներով կառուցվում է մութ սենյակ, որտեղից դուրս գալն առանց օտարի օգնության` պատկերացնելի չէ: Եվ պահանջվում է թարմ, առողջ, կարծրատիպազուրկ մոտեցում ու հավատ` վառելու համար ներքին լույսդ ու դրանով ճանաչելու Քեզ ու Աշխարհը:
Հայաստանը պարբերաբար հայտնվել է տերությունների շահերի բախման արանքում: Այսպես եղել է այն դեպքերում, երբ կորցրել է հայաստանակենտրոն առանցքը, երբ ընկել է քաղաքական օտար ազդեցությունների տակ, երբ ձգտել է լինել «պապից ավելի կաթոլիկ», երբ դարձել է երկրային, նյութեղեն գայթակղությունների գերին: Իսկ երբ կարողացել է հստակ ու անկրկնելի սահմանել ու պաշտպանել սեփական հետաքրքրություններն ու շահերը, դիտվել է որպես դաշնակից կամ մրցակից: Այդպիսի պատմական լուսավոր օրինակները վստահություն են ներշնչում, որ նույնկերպ կարող ենք վարվել հիմա, թեկուզ և ոմանց կարծիքով դա հրաշքի պես մի բան է:
Քաղաքական մտքում այսօր հավասարակշռության, փոխլրացման քաղաքականությանն այլընտրանք չկա: Կարծես թե մի կարմիր խնձոր լինենք, որ պետք է բոլորի աչքին լավ երևանք: Իսկ եթե մի օր տերերը հաշտվեն ու որոշեն կիսել. խնձորին չեն հարցնելու, ինչպես օրինակ, 1921թ.-ին ռուս-թուրքական պայմանագրով որոշեցին ու կիսեցին Հայաստանն` առանց մեզ հարցնելու: Այդպես վարվեցին բոլորովին վերջերս վերևի հարևանի հետ: Սարկոզին ու Մեդվեդևն օգոստոսին կիսեցին Վրաստանն` առանց վրացիներին հարցնելու:

--------------------------------------------------------------------------------------------------------

Առաքինություն

Պլյուվիոզի 17-ին, Յակոբինյան տեռորից գունատված Կոնվենտում Մաքսիմիլիան Ռոբեսպիեռն անդրադարձավ պետական բարոյականության սկզբունքներին. «Ի՞նչ է առաքինությունը: Դա հայրենիքի և օրենքների նկատմամբ սերն է, հանրապետության ամրապնդման և հավասարության մասին հոգալը: Առաքինության նախապայմանը հասարակական բարօրության բարձր մակարդակն է. անբարոյական ամեն ինչ քաղաքականապես անպետք է»:
Գիլյոտինային սարսափներով հանդերձ` ֆրանսիական հեղափոխության արդյունքում ծնվեց նոր Եվրոպան: Մեկ այլ օրինակ. բարձրացնելով Անգլիայի թագավոր Կարլոս 1-ին Ստյուարտի հատված արնաշաղախ գլուխը` Օլիվեր Կրոմվելը բացականչեց. «Ստյուարտի արյունը կարմիր է: Այսօրվանից դուք հպատակներ չեք, դուք իրավահավասար քաղաքացիներ եք»: Նոր անգլիական ազգային շահը պարտադրեց գլխատել սիրելի թագավորին: Կրոմվելի երազանքն ի վերջո իրականացավ. անգլիացին դարձավ աշխարհակալ ազգ:
Հայ քաղաքական գործիչը չունի՞ պետական բարոյականություն: Առանց դրա հնարավոր չէ՞ քաղաքականություն մշակել: Կան անվիճարկելի մի քանի դրույթներ, որոնց ամբողջացմամբ կարելի է քաղաքական վեճերը բարձրացնել կենսական ազգային մակարդակի:
Հայաստանի ամենամեծ հարստությունը քաղաքացին է: Նրա կենսատարածքի, անվտանգության, ազատության, ինքնադրսևորման, բարեկեցության խնդիրներն իշխանության առաջնային խնդիրներն են: Քաղաքացու բարձրացրած պահանջներից առաջին երեքը վերաբերում են հենց ազատության, բարեկեցության, արդարության հաղթանակի հարցերին: Արդարությունը հարց ու պատասխանի, հանցանքի և պատժի հավասարակշռության մեջ է: Մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և մեծ հաշվով կարգուկանոնի հաստատման խնդիրները տեղավորվում են արդարության պահանջի մեջ: Հաջորդն ընդհանուր բարեկեցության պահանջն է: Մարդն ուզում է ոչ միայն լավ ապրել, այլ որ լավ ապրեն հարևաններն, ընկերները, մտերիմները, ազգականները` բոլորը: Ներթափանցող սոցիալ-տնտեսական ճգնաժամն այս մտահոգությունը դարձնում է համընդհանուր` միավորելով ավելի մեծ թվով տարբեր շերտերի մարդկանց:
Ճգնաժամն ուղղակի սահմանափակում է տնտեսական, աշխատանքային գործունեության հնարավորություններն ու ազատությունները, և ազատության պահանջն ուղղակի շաղկապվում է սոցիալ-տնտեսականին: Ղարաբաղի հարցն ամբողջությամբ տեղավորվում է ազատության պահանջի մեջ: Սա ո’չ հայ դատի, ո’չ կենսատարածքի, առավել ևս ո’չ էլ միջազգային նորմերի խնդիր է, այլ ազատության: Հանուն ազատության` մենք ազատագրել ենք Արցախը: Հանուն ազատության` գնում ենք կարգավորման բանակցությունների: Քաղաքացու ազատության համար պետք է ոչ մի թիզ հող չզիջենք, այլ գնանք փոխզիջման կամ նույնիսկ զոհաբերության: Թերևս, զոհաբերության քայլը ռիսկային է, սակայն ցնցող տպավորություն է թողնելու, ինչպես գիլյոտինը` անցյալին կառչած ֆրանսիական հասարակության վրա: Այն հասարակությունները, որոնք բավարար իմաստություն չունեն արագ և ճիշտ կողմնորոշվելու համար, նրանք չեն դիմանա նման մարտավարական քայլին:

------------------------------------------------------------------------------------------

Իդեալ

Մարտին Լյութեր Քինգի «Ես ունեմ երազանք» հանրահայտ ճառում ուրվագծվում է ամերիկյան հասարակության նրա իդեալը: Աբրահամ Լինկոլնի Հռչակագրի ընդունումից 100 տարի անց, սևամորթ քահանայի առաջնորդությամբ, քաղաքացիական իրավահավասարության համար պայքարը որակական նոր հարթակի վրա բարձրացրեց ամերիկյան հասարակությանը: Դրանից հետո ԱՄՆ-ը դարձավ գերտերություն:
19-րդ դարի կեսերին Ռուսական կայսրությունում կրթության և դաստիարակության հայեցակարգի հիմքում ռուսական իդեալը դրվեց: Դարավերջին Ռուսաստանը սպառնալիք էր դարձել բողոքական և կաթոլիկ աշխարհի համար: Պետության առաջընթացի և մեծ հաշվով գոյության համար անհրաժեշտ ազգային իդեալն, ըստ էության, հասարակության-պետության նախագիծն է: Այն կենսական էներգիա է հաղորդում իշխանությանն ու քաղաքացուն: Այն առաջնորդում է դեպի նվաճումներ` միաժամանակ ձևավորելով կայուն պաշտպանական համակարգ: Թերևս, Կարթագենը Հռոմից հզոր ու հարուստ էր, բայց թույլ իդեալ ուներ ու պարտվեց: Արտաշես Առաջինին հաջողվեց միավորել հայաբնակ տարածքները մեկ պետության կազմում, ոչ այնքան իր ռազմական տաղանդի, այլ առաջին հերթին անկրկնելի առողջ իդեալի շնորհիվ: Իշխան Մլեհի նախագծով ստեղծվեց Կիլիկիայի Թագավորությունը. տաճարական ասպետների կենսափիլիսոփայությունն առաջին անգամ դրվեց պետության նախագծի հիմքում: Նադիր Շահը լայն ինքնավարություն տվեց Եգանին, ստեղծվեց Խամսայի մելիքությունները, և հայերը մոռացան դրանից 20 տարի առաջ Իսրայել Օրիի կողմից բարձրացրած Հայաստանի Թագավորության վերականգնման հարցը. պարզ պատճառով` պետության ազգային նախագիծ չկար: 20-ամյա Հայաստանն ունի՞ ազգային իդեալ:
Մեծ տերությունների հետաքրքրությունները հասկանալուց և շահերը գնահատելուց զատ` կարևոր է զարգացնել սեփական հետաքրքրություններն ու շահերը, ուրվագծել ու գունավորել պատկերացումները կոչման, անելիքի, ճանապարհի մասին. դրանք ամբողջացնել մեկ տրամաբանության ներքո և շաղախել մեծ հավատով:
Ազգային իդեալը զարգացման մեծ լիցք է հաղորդում ոչ միայն պետությանն ու հասարակությանն, այլև հարևան ժողովուրդներին և երկրներին: Իսկ դրա բացակայության պայմաններում պետությունը որպես կանոն` կործանվում է, իսկ հասարակությունը դառնում է բարձրացող քաղաքակրթության կերակուր: Արևմտյան քաղաքակրթության ներկա հաղթարշավն այսօր զարգացնում է G20 գլոբալիզացիոն նոր հակաճգնաժամային նախագիծը, որն ութնյակից ծավալվելով, արդեն ընդգրկում է նաև տարբեր աշխարհամասերի մեծ տնտեսություն ունեցող մի շարք այլ երկրներին: Իդեալ չունեցողներ հասարակություններն այս իրավիճակում փոշիանալու են: Մնալու են միայն նրանք, որոնք կսահմանեն իրենց տեղը, դիրքը, իրավունքն ընդունված խաղի կանոնների համապատասխան, և կդառնան աշխարհի ներդաշնակ ու անկրկնելի մասը: Ճշգրիտ գնահատելով իրավիճակն ու ներուժը` հայ քաղաքական գործիչը պարտավոր է խոսել իրավիճակից դուրս գալու ելքերի մասին, այսինքն` Հայաստանի և Արցախի զարգացման մեծ նախագծի մասին, որը ներառելու է գլոբալացող աշխարհին ու Հայաստանի հասարակությանն առընչվող ակյունաքարային բոլոր հարցերի պատասխանները:
Խաչակրաց արշավանքների ժամանակ արաբները տաճարական ասպետներին գերի չէին վերցնում և չէին փոխանակում. սպանում էին, որովհետև նրանց ընկճել հնարավոր չէր: Նրանք լցված էին շատ մեծ հավատով` առ Աստված ու իրենց առաքելությունը: Նույնկերպ վարվում էին ստյուարտականները կրոմվելյան բողոքական երկաթակողերի նկատմամբ: 100-ամյա պատերազմում բեկում մտցրած Ժաննա դ’ Արկին դոֆին Կառլոսը սկզբում չէր վստահում, բայց երբ Օռլեանի կույսը հիշեցրեց, որ Ֆրանսիան պատկանում է Աստծուն, ոչ թե դոֆինին` վերջինս ընդառաջ գնաց: Միգուցե ազգային իդեալ ունենալու համար մեզ հավա՞տն է պակասում:

Նյութը տրամադրել է «Երևակ» ամսագիրը

Elmo
29.04.2009, 17:42
Մոդերատորական: առավելապես պատմությանը վերաբերվող հոդվածը այստեղ է տղափոխվել քաղաքականություն բաժնից: Հոդվածում առկա են քաղաքական վերլուծության կտորներ, բայց հիմնականում այն վերաբերվում է Հայաստանի և Եվրոպայի պատմությանը:

Չամիչ
29.04.2009, 20:41
Առավելապես քաղաքականությանը վերաբերվող հոդված է եվ քաղաքական վերլուծությանը զուգահեռ օգտագործված են դրվագներ պատմությունից:


Երբ առաջին գիշերն ընկավ, սատանան մոտեցավ խավարից վախեցած մարդուն ու ասաց. «Ուզո՞ւմ ես` քեզ Լույս Աշխարհ հասցնեմ: Պետք է նստեմ ուսերիդ, որ ճանապարհը տեսնեմ»: Այդպես ամբողջ գիշեր մարդն իր ուսերին տարավ սատանային մինչև լույսը բացվեց. և միայն կեսօրին, գնահատելով իր անցած ճանապարհը, հասկացավ, որ սատանան իրեն խաբել է:

ինչու՞՞ օրինակ այս հատվածի համար չտեղափոխել կրոն բաժին, չէ որ սատանայի մասին հիշատակումներ կան միայն կրոնին վերաբերվող գրքերում::B:B

Elmo
29.04.2009, 21:33
Առավելապես քաղաքականությանը վերաբերվող հոդված է եվ քաղաքական վերլուծությանը զուգահեռ օգտագործված են դրվագներ պատմությունից:

Հոդվածը ոչ այլ ինչ է, քան պատմություն դառած փաստերի "կիսահոգեբանական" վելուծություն, անհատի մտորրումներ, կամ հետադարձ հայածք անցյալի վրա և զուգահեռներ ներկայի հետ: Քաղաքականություն բաժնում ոչ մի ֆորմատի տակ չի մտնում: Չէի ասի, թե 100 տոկոսանոց համապատասխանում է պատմություն բաժնին, բայց ամենահմապատասխան տեղն այստեղ է: Այս հոդվածը քաղաքականություն բաժնում քննարկման նյութ չունի:

Elmo
30.04.2009, 13:02
Քաղաքականություն բաժինը լուրջ ու կոնկրետ քննարկումների համար է: Ցույց տվեք նման կոնտեքստով բացաց որևե թեմա, որտեղ լուրջ քննարկումներ են եղել: Ջհուդամասոններ, միջազգային դավադրություններ, ազգային մենթալիտետ, փառահեղ անցյալ, սատանաներ ու աստվածներ, կրոնական արմատներ, պատմական փաստեր, ազգի "հերոսներ", գաղափարախեսություններ, հոգեբանական վերլուծություններ, լղոզված, ոչ կոնկրետ, անուղակի ասելիքով համատեքս և այլն պարունակող հոդվածը տեղ չունի քաղաքականություն բաժնում:

yerevakluram
01.05.2009, 13:47
Ափսոս ժամանակ չկա բացատրելու, խնդրեմ նորից կարդացեք: Անպայման չէ ողղակի գրել ինչ որ մի բան որ հասկացվի դա:
համենայն դեպս հարգում ենք Ձեր կարծիքը:

yerevakluram
04.05.2009, 13:38
Հեյ, ո՞վ կա…


Մարդուն դժվար է ինչ-որ բան հասկանալ, եթե չհասկանալու համար նա աշխատավարձ է ստանում: Ինչպես և դժվար է սեղմել բռունցքը, երբ դրա մեջ ողորմություն են դրել: Չկա այնպիսի ավանակ, որը սեփական արտացոլումը տեսնելով` իր մեջ չնկատի ձիու որոշ հատկանիշներ: Ինչո՞ւ, երբ բանաստեղծը պարտեզ է գովերգում, մոլախոտներն իրենց լավ են զգում: Մոլորություներն անհաղթահարելի են. չափից շատ մարդիկ են դրանցից օգուտ քաղում:
Ինչպիսի՞ն է մեր հասարակությունը: Ովքե՞ր են նրա հերոսները: Ունե՞նք ինքներս մեր մասին օբյեկտիվ վերաբերմունք: Ի՞նչն ենք համարում գերխնդիր, կարողանու՞մ ենք առաջնայինը երկրորդականից, պատճառը հետևանքից տարբերել, ո՞ւմ ենք մեղադրում մեր խնդիրներում, ո՞րն է առկա իրողությունում մեղքի մեր բաժինը...
Ակամա հիշում եմ նախկին իշխանությունների մտքերը` գաղափարախոսության կեղծ կատեգորիա լինելու մասին: Մինչդեռ, եթե իհարկե այդ թեզի առաջքաշումը համոզմունքի և ոչ թե դիտավորության ծնունդ է, նման միտք կարող է արտահայտել միայն նա, ով հեռու է «հասարակություն» հասկացողությունից: Իրականում, գաղափարախոսական վակուում գոյություն չունի: Հասարակությունը գաղափարապես, եթե չի ուղղորդվում վերևից, ուղղորդվում է ներքևից, եթե ոչ բանականությամբ, ապա` բնազդներով: Եվ սա ամենևին հասարակության ազատության հետ կապ չունի: Բարձիթողի վիճակում թողնված հասարակությունը չի կարող քաղաքացիական լինել, առավել ևս, երբ նրանում սովորական է դարձել արտոնյալ շերտերի գոյությունը: Նման հասարակությունը չի կարող իրեն իր երկրին տեր զգալ, չի կարող պայքարել ավելի վեհ բանի համար, քան իր սպառողական պահանջներն են:
Խնդիր կա արժևորելու պետության դերը մի հասարակությունում, որը սեփական պետություն գրեթե տասը դար չի ունեցել, ընդ որում, արժևորելու ոչ միայն խոսքով, այլ հենց պետության, իբրև երաշխավոր ուժի` գոյությամբ, մի հասարակությունում, որում ժողովրդավարական ավանդույթներ չեն եղել, որտեղ ընտանիքամիտվածություն հանդիսացող ազգային հոգեբանական գիծը, կապիտալի սկզբնական կուտակման և պետական մեխանիզմների անկատարության պայմաններում, շատ հեշտ մոդիֆիկացվել է կլանային հովանավորչության: Այս իրավիճակում ամենահեշտը իշխանությունների ուղղակի քննադատությամբ զբաղվելն է: Մինչդեռ նրանք մեր մասն են, մեր ծնունդը, գործում են մեր հարմարվողականության ու հանդուրժողականության պայմաններում, սնվում այն քծնող ժպիտով, որը նայում է իրենց աչքերին, կաշառքով, որով, իբրև պարգև, ստանում ենք այն, ինչ մեզ է պատկանում, կամ իրենց օրենքից վեր է դարձնում:
Ամեն ինչ սկսվում է մեզանից, մեր պասիվությունից, մեր չգոյությունից: Նա, ով որոշել է որդ դառնալ, իրավունք չունի բողոքել, որ իրեն տրորել են:
Ասում են` քաղաքը կործանում են նրանք, ովքեր գյուղից դուրս են գալիս, բայց քաղաք չեն հասնում: Բայց ո՞ւր է քաղաքացին, ո՞ւր է քաղաքի տերը, ո՞ւր են այն կարող ուժերը, որոնք այդպես էլ չեն երևում: Որտե՞ղ են մտավորականները:
Մեր ազգը իրական մտավորականի կարիք ունի: Մտավորականի, որը կունենա քաջություն լինելու ջահակիր, մտավորականի, որի ոգին չի մարի կոնֆորմիզմի կամ շքանշանների փայլի ներքո, մտավորականի, որն իր «կեղծ» զբաղվածությամբ չի թոթափի հասարակության տիրոջ առաքելությունը, մտավորականի, որը կլինի իրական հոգևոր առաջնորդ, մտավորականի, որի հանճարեղ ստեղծագործությունները ոչ թե պատմության մեջ կարժևորվեն, այլ մեր օրերում, մտավորականի, որի առաքելությունը զուտ պանթեոնում հողարկավորվելը չի լինի:
Բողոքում ենք անմիաբանությունից, ասում ենք մեռել է 1988 թ.-ի ոգին, մինչդեռ մոռանում ենք, որ կիսատ քայլերով գաղափարներ են արժեզրկվում, որ գնում են նրա հետևից, ով առաջնորդում է, ով ոչ թե իր վարչական կամ ֆինանսական լծակներն օգտագործելով մարդկանց իր շուրջն է հավաքում, այլ ինքնամերժմամբ և իր սրտի կրակով կարողանում է լուսավորել և լուսավորվել:
Առաջնորդներ, կեղծ ու շինծու առաջնորդներ, հորինված ու փքված հեղինակություններ: Մարդիկ, որ անընդհատ փորձում են իրենց ծախել, բայց այդպես էլ ոչ ոք չի առնում, կամ էլ` առնում են ու «քցում»: Քննադատում ենք իշխանություններին, բայց ո՞րն է երաշխիքը, որ հներին նորերը չեն փոխարինի ու չեն նստի հենց հների աթոռների վրա: Այն աթոռների, որ իրեն է հարմարեցնում նստողին: Իսկ միգուցե հարկավոր է ոչ թե նոր իշխանություն, այլ ուժեղ ընդդիմությո՞ւն, որը չի թողնի, որ աթոռներին այդքան հարմարվեն: Ասենք, ի՞նչ ուժեղ ընդդիմության մասին կարելի է խոսել մի հասարակությունում, որտեղ ժողովուրդը հաճախ ավելի պրագմատիկ է, քան իրենց այդպիսին ցույց տվողները: Եթե, իհարկե, բեմականացման մեջ իրենք ընդամենը ուրիշի խաղի մասը չեն:
Իսկ շղթան նորից մեզ վերադարձնում է հասարակական գիտակցությանը և քաղաքական կամքին: Արդյո՞ք մեր հասարակությունը ունի նորովի ապրելու ներքին պահանջ: Արդյո՞ք մենք մեր ցանկություններում որոշակիացված ենք: Արդյո՞ք օտար քամիները մեր հասարակությանը ուղղակի չեն հեռացրել իրենից և կորցրել բնազդների ու դրանց դրսևորումների մեջ:
Հետևաբար, եկեք համոզվենք, որ բարեփոխումները սկսվում են մարդկային ուղեղներից, հեղափոխություններով ընդամենը վարչակարգեր են փոխվում, որոնք Ժողովրդի հետ անում են այն, ինչ ինքը թույլ է տալիս:
Իսկ սթա՞փ է ժողովուրդը և չի՞ ապրում այն իրականությամբ, որն իրական չէ, իրականությամբ, որ հորինվել է նրա իղձերի ու երազների վրա, իրականությամբ, որով ընդամենը իրեն զբաղեցնում են ու շեղում իրականից, իրականությամբ, որում ժամանակի շունչը միայն ապրանքային տեսք ունի, իրականությամբ, որ մատուցվում է նրանց կողմից, ովքեր կորցնելու բան ունեն, միգուցե նրանց հանձնարարությամբ, ովքեր ստանալու բան ունեն...
«Ուր ճանաչողության ծառն է կանգնած` դրախտը միշտ այնտեղ է»,- այսպես են խոսում ամենածեր ու ամենաջահել օձերը:

Նյութը տրամադրել է «Երևակ» ամսագիրը