PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոչ վատ նամակների մասին տեղեկացման վերաբերյալ



Chuk
26.04.2009, 20:30
ԿՈՉ

Սիրելի ակումբցիներ, ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ ստացված նամակների վերին մասում կա տեղեկացման պատկերակ http://www.akumb.am/images/dargarun/buttons/report.gif (տես նաև կցորդում): Դրա վրա կտտացնելու դեպքում բացվում է մի պատուհան, որտեղ կարող եք գրել տեղեկացման պատճառը, սեղմել «Ուղարկել արձագանք» կոճակը, ինչից հետո նամակի պատճենը՝ ձեր նշած պատճառի հետ միասին կստանան ղեկավարության ներկայացուցիչները: Բացված պատուհանում գրված է. «Նշում. Սա նախատեսված է միայն ՍՊԱՄ-ի, գովազդային հաղորդագրություններ և պրոբլեմատիկ (անհանգստություն պատճառող, ագրեսիվ, կոպիտ, կռվի կամ վեճի տարրեր ունեցող) գրառումների մասին տեղեկացնելու համար:»

Բոլորիդ խնդրում եմ այսուհետ անպայման օգտվել տեղեկացման այդ հնարավորությունից հետևյալ դեպքերում.

1. Գովազդային հաղորդագրություններ
Ակումբի ղեկավարությունը ստացել է բազում առաջարկներ բոլոր ակումբցիներին նամակի միջոցով այս կամ այն իրադարձության, միջոցառման, կամ ապրանքի մասին տեղեկացնելու համար: Այդ թվում դրա դիմաց մեզ նաև առաջարկվել է վճարել: Ակումբի ղեկավարությունն առանց լրացուցիչ քննարկումների մեջ մտնելու, առանց փորձելու պարզել առաջարկվող վճարի գումարը կամ այլ մանրամասներ միանգամից մերժել է այդ առաջարկը, համարելով, որ ակումբցիներին պետք չէ դրանով անհարմարություն պատճառել, վատնել նրանց ժամանակը: Չնայած սրան տարբեր ժամանակներ անձինք կամ ծրագրային ռոբոտներ գրանցվել են ակումբում և բազում ակումբցիների ուղարկել գովազդային բնույթի նամակներ: Այսպիսի նամակները կոչվում են SPAM ու մենք չենք ցանկանում, որպեսզի ակումբի համակարգն օգտագործվի այդ նպատակներով: Խնդրում ենք նման նամակ(ներ) ստանալու դեպքում անպայման տեղեկացման համակարգով մեզ տեղեկացնել դրանց մասին, որպեսզի կարողանանք համապատասխան քայլեր կատարել, դրա դեմն առնել:

2. Քարոզչական հաղորդագրություններ
Ակումբի ղեկավարության ներկայացուցիչներն ունեն կրոնական ու քաղաքական հայացքներ և տեսականորեն կարող են այս նամակագրական համակարգը օգտագործել իրենց հայացքների քարոզչական նպատակների համար: Չնայած սրան ակումբի ղեկավարությունը հարգելով ակումբցիներից յուրաքանչյուրին, հաշվի նստելով նրա հայացքների հետ, ինչպես նաև չցանկանալով նրան անհարմարություն կամ տհաճություն պատճառել, երբևէ իրեն բարոյական իրավունք չի վերապահել զբաղվել այդպիսի քարոզչությամբ: Նույնը մենք իրավունք ունենք պահանջել նաև ակումբի մյուս անդամներից, առավել ևս գրանցված ու գրառում չունեցող անդամներից: Եկեք միասին չթույլատրենք, որ մեր ու ձեր ջանքերով ստեղծված ակումբը այլոց համար դառնա քարոզչության աղբյուր, քարոզչություն իրականացնելու տեղ: Նման նամակներ ստանալու դեպքում խնդրում ենք անպայման դրանց մասին տեղեկացնել մեզ:

3. Վիրավորական գրառումներ, հայհոյախոսություն
Կա մարդկանց մի տիպ, ովքեր ինտերնետում իրենց զգում են կիբերտարածային անվտանգության գոտում, ենթադրում, որ իրենց ամեն ինչ կարելի է: Նրանք մտածում եմ, որ մեր ու ձեր ջանքերով ստեղծած ակումբը իրենց տալիս է գործողությունների ազատություն: Իրականում նրանք ազատությունը շփոթում են սանձարձակության հետ, իսկ ցանկացած սանձարձակություն մենք չենք թույլատրելու: Լինելով շահագրգռված, որ ակումբի յուրաքանչյուր մասնակից իրեն ակումբում զգա հարմար ու իսկապես ազատ, մենք չենք կարող հանդուրժել այդ ազատության սահմանների անցումը: Հրաշալի հասկանալով հանդերձ, որ խիստ վիրավորական, կոնֆլիկտային և/կամ հայհոյախոսություններով հագեցած նամակներ ստացողների մեծամասնությունը համարում են, որ իրենց անձնական հարցը ինքնուրույն կարող են լուծել, ուզում եմ ձեզ ընդամենը հիշեցնել, որ հաճախ նման նամակների հեղինակները իրենց կիբերտարածային անվտանգության գոտում ենթադրելով կարող են նման կերպ անհանգստություն, տհաճություն պատճառեն բազում ակումբցիների, այլ ոչ միայն ձեզ ու նման դեպքերում, մանավանդ եթե տվյալ անուղեղները անցնում են չհիմնավորված, մերկապարանոց հահոյախոսությունների տարափ տեղալուն, չնայած հենց իրենք իրենց այդ քայլով հաստատում են, որ հանդիսանում են անբարոյականի անօրինական վիժվածքներ, ահա այդ դեպքերում հաճախ պարզապես անհրաժեշտ է ղեկավարության միջամտությունը, տվյալ անձանց ակումբից հեռացնելը: Եկեք միասին թույլ չտանք նմանների խաթարել ակումբի հաշտ մթնոլորտը, մտցնել լարվածություն, դարձնել տհաճ ակումբ մտնելը: Այս կետում խոսելիս ես չեմ խոսում երկու անհատների մեջ երբեմն ծագող բնական վիճաբանությունների կամ բանավեճերի մասին, այլ խոսում եմ այսպես կոչված «ծայրահեղ» դեպքերի մասին:

4. Ծանոթությունների հաստատում
Ակումբն իր ստեղծման օրվանից ստեղծվել է որպես քննարկումների համակարգ, որի հիմնական նպատակն է նպաստել ինտերնետում հայերենի տարածմանը, ինտերնետից օգտվողներին հնարավորություն տալ հայատառ շփվելու: Ու չնայած նրան, որ ակումբցիներից շատերը հետո դուրս են եկել վիրտուալի տարածքներից, իրենց ծանոթությունը ամրապնդել են այսպես կոչված ռեալ կյանքում, մտերմացել են կամ ընկերացել, ահա չնայած այդ ամենին ակումբը երբևէ չի եղել ու չի լինի ծանոթությունների կենտրոն: Վերջերս ստացել եմ ազդակներ, որ որոշ երիտասարդներ հաշվի առնելով ակումբի մասնակիցների քանակը, գրանցվում են ակումբում հատուկ, այսպես ասած, «աղջիկ կպցնելու» համար: Այսպիսի մարդիկ գրանցվում են, չեն կատարում գրառումներ կամ անում են սիմվոլիկ քանակով գրառումներ, ու սկսում են «խոսացնել» ակումբում գրանցված աղջիկներին, որպես կանոն տհաճություն պատճառելով վերջինիս, խոսակցությունը կտրելու պահանջին պատասխանելով «յազվությամբ», շարունակելով նրանց անհարմարություն պատճառել: Ակումբի ղեկավարության համար գերխնդիր է ուժերը ներածին չափ այնպես անել, որ ակումբի մասնակիցներն ակումբում տհաճություն չզգան, այտեղ մտնելը չդառնա անցանկալի երևույթ: Հետևաբար հատկապես աղջիկներին խնդրում եմ հատկապես զրո գրառում ունեցող մասնակիցներից նման բովանդակությամբ նամակներ ստանալու դեպքում դրանց մասին տեղեկացնել ակումբի ղեկավարությանը, որպեսզի մենք համապատասխան քայլեր ձեռնարկենք:



Ես հրաշալի գիտեմ, թե շատերն ինչ վերաբերմունք ունեն տեղեկացման համակարգի նկատմամբ: Նրանք դա ասոցացնում են «գործ տալ» անվանումը ստացած երևույթի հետ: Այստեղ ես ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ մենք բոլորս ունենք գերխնդիր մեր ու ձեր ջանքերով ստեղծված ակումբ համակարգը պահել համերաշխ ու ջերմ մթնոլորտում, ուզում եմ հիշեցնել, որ ակումբի ղեկավարները ոչ մի շահ չունեն ակումբի գործունեությունից ու ինչ անում են, անում են ընդհանուր շահի համար ու նրանց, այսինքն մեր համար առնվազն վիրավորական է նման պատկերացումները: Ուզում եմ կոչ անել, օգնել մեզ՝ ակումբի ղեկավարներիս, ակումբը պահել ջերմ ու համերաշխ մթնոլորտում, որտեղ տհաճություն ու անհարմարություն պատճառող երևույթները, այդ թվում վերում նշածս տիպի նամակները հասցվում են նվազագույն մակարդակի: Կոչս արդիական է, քանի որ կան ազդակներ, որ վերը նշած բոլոր երևույթները վերջին շրջանում ինտենսիվացել են, սկսել են ստանալ համատարած բնույթ: Ես հուսով եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը պատրաստ կլինի ըմբռնումով մոտենալ կոչիս ու օգնել մեզ:

Շնորհակալություն: