PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարսի պայմանագիր



Artgeo
25.04.2009, 08:58
Կարսի պայմանագիրը


Հայկական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Վրացական ՍՍՀ-ի մի կողմից և մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ Կարսում կնքված բարեկամության պայմանագիրը

Սույն պայմանագիրը ցայտուն օրինակն է նրա, թե ինչի կարող է հասցնել անհեռատես դիվանագիտության, ուռա-հայրենասիրության և հայտնի կենտրոնում թխված համաշխարհային գաղափարներին մոլեռանդ նվիրվածության զուգակցումը: Իսկ թե կողմերից որը և ինչքանով է խախտում Կարսի պայմանագիրը, թող որոշի ուշադիր ընթերցողը:


Թարգմանություն ռուսերենից
13 հոկտեմբերի, 1921թ.

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մեկ կողմից և Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարությունը մյուս կողմից, բաժանելով ազգերի եղբայրության սկզբունքները և ճանաչելով բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, առաջնորդվելով նրանց միջև մշտական բարեկամական փոխհարաբերություններ և փոխադարձ շահերի վրա հիմնված անխախտ, անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ որոշեցին սկսել բանակցություններ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության մասնակցությամբ…

Հոդված 1.
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը և Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական հանրապետությունների կառավարություններն անվավեր և ուժը կորցրած են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տարածքի մեջ մտնող տարածքում առաջներում իրենց սուվերեն իրավունքները իրականացնող կառավարությունների միջև, և որոնք վերաբերում են վերոհիշյալ տարածքներին, անվավեր և ուժը կորցրած են համարվում նաև երրորդ տերությունների կողմից կնքված և Անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող պայմանագրերը:
Համարվում է որոշված, որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. Մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին:

Հոդված 2.
Պայմանավորվող կողմերը համաձայնում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել: Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ՍՍՀ-ների կառավարությունները համաձայնում են չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ Թուրքիայի ազգային կառավարության կողմից, որը ներկայումս ներկայացված է նրա Ազգային Մեծ Ժողովով (Սույն պայմանագրում Թուրքիա հասկացության տակ հասկացվում են այն տարածքները, որոնք մտցված են 1920 (1336թ.) հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է դեպուտատների օսմանյան պալատը և հաղորդել մամուլին ու բոլոր պետություններին):
Իր կողմից Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի Կառավարությունը համաձայնում է չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին և ճանաչված չէ այդ հանրապետությունների համապատասխան կառավարությունների կողմից, որոնք ներկայումս ներկայացված են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սովետական կառավարություններով:

Հոդված 3.
Հայաստանի, Ադրբեջանի և Վրասատանի Սովետական Սոցիալիստական հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որևէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը և համարվում են վերացված:

Հոդված 5.
Թուրքիայի կառավարությունը և Հայաստանի ու Ադրբեջանի Սովետական կառավարությունները համաձայնում են,որ Նախիջևանի մարզը սույն պայմանագրի 3-րդ հավելվածում նշված սահմաններով ձևավորում է ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո:

Հոդված 10.
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլ չտալ իրենց տարածքներում ստեղծել կամ գտնվել կազմակերպություններ կամ խմբեր, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, հավասարապես նաև այն խմբերի ներկայությունը, որոնց նպատակն է պայքարել պայմանավորվող մյուս կողմի դեմ:
Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Ազգային Մեծ Ժողովի կառավարության զինվորական և քաղացիական անմիջական կառավարման ներքո:

Հոդված 11.
Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների վրա, որոնք գտնվում են մյուս կողմի տարածքում, կտարածվեն հյուրընկալող երկրի օրենքներից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները, բացառությամբ ազգային պաշտպանության պարտականություններից, որոնցից նրանք կազատվեն: Պայմանավորվող կողմերի քաղաքացիների ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին և իրավունակությանը վերաբերող հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից: Դրանք կորոշվեն հատուկ համաձայնագրով:

Հոդված 12.
Պայմանավորվող կողմերը յուրաքանչյուրի տարածքում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կկիրառեն առավելագույն բարենպաստման ռեժիմը: …

Հոդված 13.
Մինչև 1918 թվականը Ռուսաստանի մի մասը կազմող և այժմ Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տարածքների յուրաքանչյուր բնակիչ, եթե ցանկանա, ունի թուրքական քաղաքացիությունից դուրս գալու, Թուրքիայից ազատ հեռանալու և սեփական իրերը, գույքը կամ դրանց արժեքը իր հետ վերցնելու իրավունք: …………..

Հոդված 15.
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցագործությունների և հանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից:

Հոդված 17.
Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջև հաղորդակցությունների անընդհատությունն ապահովելու նպատակով պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն և հնարավորինս արագ զարգանան երկաթուղային, հեռագրական և հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաև այն նպատակով, որպեսզի առանց որևէ կասեցումի ապահովվեն մարդկանց և ապրանքների ազատ փոխադրումները, սակայն համարվում է, որ ճանապարհորդների և ապրանքների փոխադրման, մուտքի և ճանապարհման վերաբերմամբ լիովին կգործադրվեն պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրում այդ մասին սահմանված կանոնները:

Հոդված 18.
Առևտրական հարաբերություններ հաստատելու և բոլոր տնտեսական, ֆինանսական ու պայմանավորվող երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորելու նպատակով սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Թիֆլիսում կստեղծվի շահագրգռված երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:

Հոդված 19.
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված 3 ամսվա ընթացքում կնքել հյուպատոսական կոնվենցիաներ:

Հոդված 20.
Սույն պայմանագիրը, որ կնքված է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև, ենթակա է վավերացման: Վավերագրերի փոխանակումը տեղի կունենա Երևանում հնարավոր մոտ ապագայում: Սույն պայմանագիրն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից, բացառությամբ 6,14,15,16,18 և19 հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն անմիջապես պայմանագրի ստորագրումից հետո:
Ի վավերացումն շարադրյալի՝ հիշատակված լիազոր անձինք ստորագրեցին սույն պայմանագիրը և հաստատեցին իրենց կնիքներով:
Սույն պայմանագիրը կազմված է հինգ օրինակից, Կարսում 1921 (1337) թվականի հոկտեմբերի 13-ին:

Ա.ՄՌԱՎՅԱՆ ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ
Պ.ՄԱԿԻՆՑՅԱՆ ՎԵԼԻ
Բ.ՇԱԽԹԱԽԹԻՆՍԿԻ ՄՈԻԽԹԱՐ
Շ.ԷԼԻԱՎԱ ՄԵՄԴՈՒՀ ՇԵՎՔԵԹ
Ա.ՍՎԱՆԻՁԵ
ԳԱՆԵՑԿԻ

http://www.mskh.am/divanagitutjun/images/kars.gif

http://www.mskh.am/divanagitutjun/arm/karsipajman.html

© Դ.Մինասյան ([email protected])