PDA

Դիտել ողջ տարբերակը : Օրհան Փամուկ



Մելիք
24.12.2006, 17:26
Ժողովուրդ Օրհամ Փամուկի գրքերից ո՞վ ա կարդացել, իրո՞ք էդքան լավն ա, թե՞, ոնց որ պնդում են, Նոբելյան մրցանակը քաղաքական դրդապատճառներով են իրան տվել;

StrangeLittleGirl
24.12.2006, 17:58
Ես ինքս չեմ կարդացել, բայց կարդացողներից կարծիքներ եմ լսել: Գերմանուհի ընկերուհուս է շատ դուր եկել: Մայրս էլ ասում է, որ լավն է, բայց Մարկեսին չի հասնի, իսկ Նոբելյան մրցանակի հարաբերականորեն արժանի է:

Sartorius
27.12.2007, 02:30
Կարդացել եմ Փամուկի ««Սև գիրքը»» Կարծում եմ ժամանակակից գրականության կորիֆեյներից է: Անպայման կարդացեք՛ լայն մտահորիզոնի վարպետ է: www.lib.ru ի արտասահմանյան գրականության բաժնում կա ««Սև գիրքը»» Եթե կգտնեք նրա մյուս գրքերը, Էլ. գրակ կամ ոչ էլեկտրոնային, կխնդրեի ինձ ևս իմաց տաք

schuschanik
27.12.2007, 19:37
Կարդացել եմ«Սև գիրքը» և «Նոր կյանքը»: Հաջողված գործեր են, լի են միստիկայով: «Ֆաուստի » շունչ կա նրա գրելաոճում: բայց դե ճաշակի հարց է:

E-la Via
17.07.2009, 13:42
Կարդացել եմ " Ձյունը" և "Լռության տունը": Երկուսից էլ միմյանց հակասող զգացողություններ եմ ունեցել: Հետաքրքիր է իր արևելյան մարդկանց կերպարներով, ավելի լավ ես ծանոթանում թուրքական մշակույթին ու վարք ու բարքին: Նրա հերոսները հուսահատորեն երջանկություն են փնտրում, բայց չեն գտնում: Նաև կարդալուց շատ ուժեղ միայնակության զգացողությու ես ունենում: Բայց խորհութդ կտամ, որ կարդաք:

StrangeLittleGirl
23.05.2010, 17:46
Հիմա կարդում եմ «Ձյունը»: Շուտով կվերջացնեմ, բայց արդեն որոշակի կարծիք կազմել եմ: Էս թեման ակտիվացնում եմ, որ «Ձյունը» մի քիչ քննարկենք:

Ապե Ջան
23.05.2010, 19:06
Ո՞րտեղից կարող ենք ձեռք բերել նրա գրքերից էլեկտրոնային տարբերակով:

StrangeLittleGirl
23.05.2010, 20:25
Ո՞րտեղից կարող ենք ձեռք բերել նրա գրքերից էլեկտրոնային տարբերակով:
Չգիտեմ. ես գրքային տարբերակով եմ կարդում, այն էլ անգլերենը: Ի դեպ, հայերեն թարգմանությունն էլ կա, եթե հետաքրքիր է:

StrangeLittleGirl
01.06.2010, 22:52
Լավ չհասկացա՝ ինչու հանկարծ որոշեցի այս գիրքը կարդալ: Երևի ինչ-որ հատուկ նախընտրություն չունեի կամ էլ որոշել էի վերջապես ոչ իմ գրապահարանից օգտվել, իսկ նրա մասին կարծիքները խոստումնալից էին...

Սկսեցի ապրիլի կեսերին, վերջացրի այսօր կեսօրին: Հաշվի առնելով ներկայիս զբաղվածությունը (ավելի ճիշտ՝ չզբաղվածությունը)՝ դա բավական երկար ժամանակ է ընդամենը 400 էջանոց գրքի համար:

Հիմա բացատրեմ. կարդալս չէր գալիս, առաջ չէր գնում: Այնպես չէր, որ ինչ-որ հատվածներ արագ անցա, ինչ-որ տեղերում էլ դանդաղեցի: Սկզբից մինչև վերջին էջն ինձ ստիպել եմ, պարտադրել: Նույնիսկ ուզում էի կիսատ թողնել, բայց ափսոսացի:

Ի՞նչն էր պատճառը: Արդյոք գիրքը վա՞տն էր: Չէ, բացարձակապես: Պետք է խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ դուրս եկավ: Ուղղակի ինչ-որ անբացատրելի վանողություն կար: Գուցե իսլամական մշակու՞յթն էր պատճառը, որ էդքան օտար էր ինձ: Բայց չէ, տեղեր կային, որոնք էնքա˜ն նման էին մեր իրականությանը: Մեկ Կապույտի կարծիքն արևմուտքի մասին: Հայաստանից ոտք չդրած բազմաթիվ մարդիկ էլ մոտավորապես նույն բանն են մտածում: Հետո թերթերի մասը. նախապես տպվում էր այն, ինչը դեռ տեղի չէր ունեցել, բայց արդյունքում ճիշտ էր դուրս գալիս: Ընդհանրապես, մամուլի մասին էս նախադասությունը դուրս եկավ. «Եվ եթե քո ընթերցողը միայն ստեր է պահանջում, ո՞վ ես քո կյանքով, որ վաճառես թերթեր, որոնցում ճշմարտությունն է տպագրված»: Էնքա˜ն նման է հայկական թերթերին:

Սկզբում ինձ նյարդայնացրեց գրքի ժամանակային թռիչքները, բայց հետո հասկացա՝ դա է ստիպում, որ կարդաս: Մոտավորապես մեջտեղներում ասվում է վերջում ինչ է լինում՝ այդպիսով առաջին հայացքից կոտրելով հետաքրքրությունը, բայց իրականում ավելի կլանելով. ուզում ես իմանալ՝ ինչու այդպես եղավ:

Մեկ էլ սենտիմենտալ զեղումներն էին ներվերիս վրա ազդում: Մյուս կողմից էլ մտածում եմ, որ առանց դրանց վեպը շատ չոր ու քաղաքական կլիներ: Իսկ էսպես գոնե մի քիչ «քաղցրանում» է: Էդ զեղումներից մի փոքրիկ մեջբերում անեմ, որի հետ այնքան էլ համաձայն չեմ, բայց վատիկը չէր (կներեք, լեզուս չհերիքեց, որ էս մեկը թարգմանեմ). "Happiness is holding someone in your arms and knowing you're holding the whole world."

Ձյան խորհուրդն էր հավես. ամեն ինչ պտտվում էր նրա շուրջ: Ուղղակի չէի կարողանում մեջը մտնել, որովհետև մեզ մոտ ամառ էր գալիս: «Ձյան» դեպքում ինձ զգում էի ոչ թե անմիջական մասնակից, այլ որպես կողքից պատահաբար լսող:

Դուրս եկավ նաև այն, որ հայերի մասին չէր թմբկահարում, բայց տեղ-տեղ նրբորեն հասկացնում էր, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Իսկ ինչու՞ դուրս եկավ դա: Որովհետև կոնկրետ «Ձյան» համատեքստին չէր սազի Ցեղասպանության հարցը, բայց Փամուկն այս առումով վարպետություն էր ցուցաբերել՝ ժամանակ առ ժամանակ հիշատակելով, օրինակ, լքված հայկական տների մասին:

Եթե ամփոփեմ, պիտի ասեմ, որ իսկապես լավ գործ էր, բայց իմը չէր: Այդ էր պատճառը, որ երկար ժամանակ խլեց ինձնից. կկարդայի Սունդուկյանի այգում փռված կամ «Յամում» կամ Կարապի լճի մոտ, երբ կտեղեկանայի, որ գերզբաղված օրս վերածվել է գերպարապության, կամ Նորքում, երբ մենակ կլինեի, ու անելու բան չէր լինի, կամ երթուղայինում, երբ 50 րոպե պետք է ծախսեի ուռուցքաբանության ինստիտուտ հասնելու համար, կամ ընթերցասրահում՝ պետական պարապող ուսանողների կողքին, երբ սպասում էի ինչ-որ մեկին: Եվ հենց իմը չլիներն էր պատճառը, որ վերջին էջերը կարդացի ոչ թե գիշերվա ժամը հազարին՝ անկողնուս մեջ, քնի դեմ կռվելով, այլ 109 համարի երթուղայինի մեջ: 

Շինարար
02.06.2010, 00:45
Մոդերատորական. «Օրհամ Փամուկի գրքերից ո՞վ ա կարդացել» թեման վերանվանվել է «Օրհան Փամուկ»-ի:

ivy
21.05.2013, 23:27
Մի քանի ամիս առաջ կարդացի Փամուկի «Լուռ տունը»՝ անգլերեն թարգմանությամբ: Իր վաղ շրջանի գործերից է. 1983-ին է գրել:
Առաջին բանը, որ աչքի ընկավ, քաղաքական ենթատեսքտերն էին: Ընդհանրապես, շատ եմ լսել, որ Փամուկը միշտ քաղաքական աստառներով է գրում: Դա էլ իր ձեռագրի առանձնահատկությունն է, և գուցե հենց դրա շնորհիվ էլ Նոբեյլան մրցական ստացավ:
Անկախ դրանից՝ «Լուռ տան» սյուժեն ինքն իրենով ամենևին էլ քաղաքական չէր: Ընտանիքի պատմություն էր, որտեղ հետաքրքիր կերպով բացակայում էր միջին սերունդը: Ծեր տատն էր ու իր թոռները, որոնք եկել էին նրան այցելության:
Ընտիր էր շարադրված, ինչքանով որ կարող եմ դատել թարգմանությունից ելնելով: Շատ ռեալիստական է գրում ու մանրամասն, մեկ-մեկ նույնիսկ շատ չոր ռեալիստական: Ու հետն էլ էնպես է գրում, որ լրիվ եռաչափ մտապատկեր է առաջանում ամեն դրվագն ընթերցելիս: Լրիվ մեջն ես հայտնվում: Հոտերով, ձայներով, գույներով ամեն ինչ տեսնում ես:
Գրքի ամեն մի գլուխը գրված էր մի կերպարի անունից: Այսինքն՝ ամբողջ վեպը առաջին դեմքով էր գրված, բայց էդ առաջին դեմքն անընդհատ փոխվում էր. մեկ տատն էր, մեկ թոռները, մեկ տան թզուկ ծառան, որն էլ կարծես ընտանիքի անդամ լիներ:
Կերպարներն էլ՝ լիարժեք, ամբողջական: Կարդալիս հա մտածում էի՝ այ սա է պրոֆեսիոնալ գրողը:
Բայց անկախ ամեն ինչից՝ դժվար թե նորից կարդամ իր գործերից: Մի տեսակ իմը չդարձավ, չձգեց:
Ամեն դեպքում կարծում եմ, էն գրողներից է, որ իրենից գոնե մի գործ անպայման արժի կարդալ: "Must read" է Փամուկը:

StrangeLittleGirl
21.05.2013, 23:33
Ռիփ, էս գրածդ կարդալիս հայ-հայ ա to-read ցուցակիս մեջ էի ավելացնելու էս գործը, մինչև հասա վերջին պարբերությանը :))


Կարդալիս հա մտածում էի՝ այ սա է պրոֆեսիոնալ գրողը:
Բայց անկախ ամեն ինչից՝ դժվար թե նորից կարդամ իր գործերից: Մի տեսակ իմը չդարձավ, չձգեց:
Ամեն դեպքում կարծում եմ, էն գրողներից է, որ իրենից գոնե մի գործ անպայման պիտի կարդացվի:

Ու ստեղ հասկացա, որ մոտավորապես նույն տպավորությունը կստանամ, ինչ Ձյունից: Ու նենց լավ եմ հասկանում՝ ինչ նկատի ունես: