PDA

Դիտել ողջ տարբերակը : Բաց նամակներ Հայ Մտավորականության



Մեղապարտ
16.04.2009, 12:28
Քննադատել - հոգեպէս տառապել է նշանակում

Գարեգին Նժդեհ

Գրքոյկը տպագրուել է Բէյրութում, 1929 թուականին:
Մեղքերն եմ ասում եւ ո՛չ մեղավորը:
Բուլղարական առած

Բ

Մի աշխատասէր եւ նիւթական ապագայի համար այնքան ձիրքերով օժտւած ժողովուրդ, որ նիւթական բարիքներ կուտել եւ ամբարել գիտէ տարւայ բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կը համարէ, եթէ մէկը ամրան միայն արեւի գեղեցկութեամբ հիանայ եւ չմտածէ ձմրան մասին - զարմանալիօրէն իդէալիստ է դէպի խաղաղութիւնը, աղօթում է նրա արեւին եւ բնաւ չի հաւատում, թէ պատերազմի ձմեռ կայ:
Սակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկութեան, որովհետեւ հակամարտութեան օրէնքն է կառավարում աշխարհը:
Այս ճշմարտութիւնը չէ ուզում հասկանալ մեր ժողովուրդը - դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրեւ մուրացկան ծանրանում է օտարների վրայ:
Մենք կ’ուզէինք, որ մեր ժողովուրդը եւս վերջապէս ըմբռնէր, թէ խաղաղութիւնը ոչ թէ յաւերժական չէ, այլ ժամանակաւոր զինադադար միայն:
Խաղաղութիւնը նոյնիսկ նորմալ վիճակ չէ, խաղաղութիւն չկայ մեր երկրագնդի վրայ, չի կարող լինել եւ մարդկային պատմութեան մէջ:
Պատերազմը ժողովուրդների կեանքում անխուսափելի պահ է - դա չի մղւում սոսկ գիտակցական հաշիւների համար, դա մէկն է մարդկային բարեշրջման (էւոլիւցիա) ամենաբուռն արտայայտութիւններից: Պատերազմը բնազդ է, - այդ է պատճառը որ մարդիկ պատերազմում են համարեայ ակամայից, դէմ գալով գիտակցութեան պահանջքներին, բարոյական օրէնքներին, եւ հետեւանքներին գիտակցաբար անդրադառնում հաշուեյարդարից, յաղթութիւնից կամ պարտութիւնից յետոյ:
Խաղաղութիւնը օրւայ մարդկութեան համար ոչ այլ ինչ է քան յոգնածութիւն:
Պարտւած է այն ժողովուրդը որը շուտ է յոգնում:
Պատերազմի է ձգտում նա որ կազդուրւած է:
Պատերազմը կազդուրւածի, առողջի ցանկութիւնն է, ինչպէս որ խաղաղութիւնը թոյլի բաղձանքն է, յոգնածի՝ երազը:
Անշուշտ, խաղաղութիւնը յոգնած ժողովուրդների համար բարիք կը լինէր, եթէ պատերազմից յաղթական դուրս եկածները խաղաղութիւնը չարաշահել չիմանային:
Խաղաղութեան չարաշահումն աւելի՛ է աղիտաւոր պարտւած ժողովուրդի համար քան նոյնիսկ պատերազմը:
Պատմութեան մէջ քիչ են կոտորածային ոչնչացումների դէպքերը, մինչ հսկայական ժողովուրդներ աննպաստ խաղաղութեան մէջ, առանց արիւնոտ հարւածների, անհետացել են դանդաղօրէն:
Դանդաղ ոչնչացումի մի խաղաղութիւն է մեզ համար, ինչ այսօր իշխում է Մերձաւոր Արեւելքում:
Թշնամին հսկում է ոչ միայն գերեզմանացած Թրքահայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի խաղաղութեան վրայ: Ամէն րոպէ նա կարող է խանգարել այդ խաղաղութիւնը եւ եթէ մինչեւ այժմ չփորձեց խանգարել - դա նշանակում է, թէ այդպէս աւելի է նպաստաւոր իր քաղաքական նպատակների համար:
Բացի այդ դժբախտ պարագան, կան հոգեբանական եւ այլ կարգի պատճառներ, որոնք մեզ աւելի յոռետես են դարձրել դէպի մեր ժողովուրդի ապագան:
Նախ չափազանց նեղ եւ աղքատ է ներկայ Հայաստանը:
Ինքնախաբէութիւն է յուսալ, թէ կովկասեան իւրայատուկ պայմաններում, օտար ազդեցութեան ներքոյ, շրջապատւած թշնամի ժողովուրդներով, հայութիւնը կուլտուրա-տնտեսապէս բարգաւաճի, քաղաքական ոյժ դառնայ՝ պետութիւն ստեղծէ:
Ներկայ Հայաստանը կազմում է հազիւ 1/12-ը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկիւն:
Այժմու իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփիւռս աշխարհի ցաք ու ցրիւ եղած հայրենազուրկ հայութեան՝ գաղութահայութեան, որի թափառիկ վիճակն աղիտաւոր է երկու տեսակէտից. նախ որ նա ենթակայ է ստոյգ կորստեան, օրինակ՝ Թուրքիայում կոտորածի, այլ վայրերում՝ խաղաղ բնաջնջումի, ձուլումի:
Հայրենի անկիւն եւ թափառական ժողովուրդ: Մի ճակատագիր, որ երկմտութեան եւ տատանումի է մատնել մեր ժողովուրդը, այսինքն՝ ազգային յոռետեսութեան: Իսկ վայ այն ժողովուրդին, որ վարակւած է այս հիւանդութեամբ. այդպիսին կանգնած է գերեզմանի ափին:
Չսարսափի՜նք, բայց եւ առանց սին պատրանքների եւ աւելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտութիւնը - մեր ապագան վտանգւած է:
Շարունակելի....

Պանդուխտ
16.04.2009, 15:31
Ողջո՜յն,
Ահա, թէ ի'նչպէս կարելի է գրել հայերէն.-հայօրէն, հայաբոյր եւ «զառամախտաբոյր»:
Նժդեհի մտքերը չեմ քննարկում...
Նրա մի քանի մարգարէացումները վերստին մէջբերեմ:


Թշնամին հսկում է ոչ միայն գերեզմանացած Թրքահայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի խաղաղութեան վրայ: Ամէն րոպէ նա կարող է խանգարել այդ խաղաղութիւնը եւ եթէ մինչեւ այժմ չփորձեց խանգարել - դա նշանակում է, թէ այդպէս աւելի է նպաստաւոր իր քաղաքական նպատակների համար:
Այսօր այսպէս է. օրեցօր աւելանում է Թուրքիայի դերը:

Նախ չափազանց նեղ եւ աղքատ է ներկայ Հայաստանը:
Ինքնախաբէութիւն է յուսալ, թէ կովկասեան իւրայատուկ պայմաններում, օտար ազդեցութեան ներքոյ, շրջապատւած թշնամի ժողովուրդներով, հայութիւնը կուլտուրա-տնտեսապէս բարգաւաճի, քաղաքական ոյժ դառնայ՝ պետութիւն ստեղծէ:
Փաստօրէն Հայաստանը «բարգաւաճում» է արտասահմանից կատարուած փոխանցումների շնորհիւ: Արցախի ազատագրումն ու միացումը ՀՀ-ին. ճիշտ քայլ էր, ուղղուած՝ դէպի ապագայի հզօր Հայաստանն:

Չսարսափինք

Ինչպէս մի օր գրել եմ.- հայրենիքներ կերտւում են դարերի ընթացքում, սակայն կորցնում՝ ակնթարթում:


Քննադատել - հոգեպէս տառապել է նշանակում
Այո՛, երբ քննադատողը սրտցաւ է, ո'չ չարախօս:

Անցորդ
29.05.2009, 14:56
Հարգելի Մեղապարտ, ես փնտրում եմ "Բաց նամակներ Հայ Մտավորականության" շարքի ամբողջական հրատարակությունը, դա երբևէ հրապարակվել է? Եթե տիրապետում եք էլեկտրոնային տարբերակին նույնպես շատ շնորհակալ կլինեմ եթե ինձ հետ կիսեք այդ գոհարները կամ խորհուդ տաք որտեղից կարող եմ գտնել այն :)

Կախավ շնորհակալություն

Մեղապարտ
06.06.2009, 22:16
Հարգելի Մեղապարտ, ես փնտրում եմ "Բաց նամակներ Հայ Մտավորականության" շարքի ամբողջական հրատարակությունը, դա երբևէ հրապարակվել է? Եթե տիրապետում եք էլեկտրոնային տարբերակին նույնպես շատ շնորհակալ կլինեմ եթե ինձ հետ կիսեք այդ գոհարները կամ խորհուդ տաք որտեղից կարող եմ գտնել այն :)

Կախավ շնորհակալություն

Կարող ես օգտվել այս կայքից http://www.iranahayer.com/