PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Համը



Եկվոր
17.03.2009, 17:04
H E R B U S

( Հ Ա Մ Ը )
Նրան թվում էր, թե ինքը բոլորովին պատահաբար է ծնվել և իրեն ոչ ոք չէր սպասում աշխարհում: Գուցե լոկ կարկուտը պայմաններ ստեղծեց բողբոջի բացվելու համար և բոլորը մոռացել էին, որ իր բացվելը պետք չէ ոչ մեկին: Գուցե նրան ինչ-որ չափով էլ այդպիսի հոռետեսության էր դրդել իր տեղը` անմիջապես բնի վրա, հաստ ճյուղի բաժանման տեղից ներքև, այնինչ առաջին բանը, որ նա տեսավ, իր նմանների` բարակ ճյուղերի վրա ազատորեն ճոճվելու հնարավորությունն էր…
-- Ո՞վ եմ ես, ի՞նչ է իմ անունը, -- մտածեց նա, տագնապով նայելով իր մոտով ներքև սլացող կարկտահատիկներին, որոնք զայրույթով իրեն էին նայում, բայց անզոր էին շեղել իրենց ուղին` իրենց զայրույթը նրա գլխին թափելու համար:
Իրենից մի քիչ ցած կացնի հետք կար բնի վրա, կեղևը բացվել էր, ցուցադրելով չոր, անկենդան փայտը: Շեղակի դեպի իրեն սլացող կարկուտի մի հսկայական գունդ դիպավ իրենից վերև գտնվող հաստ ճյուղին և գլորվեց այդ բացվածքի մեջ:
-- Տես, թե ինչպես է թաքնվել ճյուղի տակ խորամանկը,-- փնթփնթաց նա քթի տակ,--գրողի տարած ծաղիկ… օֆ, հալվում եմ անզորությունից:
Նա շուրջը նայեց: Իրենից բացի ճյուղի տակ ուրիշ ոչ ոք չկար: Ուրեմն այդ ի՞ր մասին էր խոսում այդ նենգ սառցագունդը: Ծաղի՞կ… գրողի տարած Ծաղի՞կ… Ուրեմն ինքը Ծաղի՞կն է:
Նա դողաց հաճույքից: Ուրեմն ինքը այդքան մեծ ու կարևոր է, իսկ այդ մասին չգիտեր…
Նա հիշեց, որ երբ ինքը քնած էր երկարատև քնով, իր միջով անցնող ԿՅԱՆՔԻ ԹԵԼԸ բերում էր ՄԱՅՐ ԲՆԻ հանդարտ շշունջը.
-- Խորացեք, խորացեք արմատներ իմ, այս տարի իմ ծաղիկների բույրն ու պտուղների համը պետք է աշխարհին զարմացնի: Չէ՞ որ այս տարի ես հարյուր տարեկան եմ: Եվ նա, շոշափելով ԿՅԱՆՔԻ ԹԵԼԸ, որն անցնում էր իր միջով, հարցրեց.
--Ով ՄԱՅՐ ԲՈւՆ, որ այդպես հզոր ես ու այդպես հեռատես, որ կարող ես հրամայել քոá հեռավոր արմատներին և ստանալ նրանցից ԿՅԱՆՔԻ ԹԵԼԸ, որով մենք բոլորս ապրում ենք, դու, որի շշունջը ԿՅԱՆՔԻ ԹԵԼԻ միջով մեզ հասնելով, հուսադրում և աճեցնում է մեզ, դու, որ գիտես ամենքին հարց տալ և ամեն հարցի պատասխանել, ասա ինձ, ի՞նչ են ծաղիկն ու պտուղը, ի՞նչ են բույրն ու համը:
--Համբերիր, համբերիր, բողբոջ իմ, --նորից շշնջաց ՄԱՅՐ ԲՈւՆԸ ԿՅԱՆՔԻ ԹԵԼԻ միջով,-- կգա ժամանակը ¨ և դու ամեն բան կիմանաս: Իսկ ժամանակից շուտ իմանալով դու կարող ես սխալվել և թչացնել քո բույրն ու պտուղիդ համը:
Ուրեմն բույրը և պտուղը իմն են, իսկ համը` իմ պտուղինը: Իսկ ի՞նչ է ծաղիկը,--մտածեց նա և հենց այդ պահին էլ արթնացավ քնից և հետո, հենց նոր իմացավ կարկտահատիկից, որ ծաղիկը հենց ինքն է:
--Ախ, գրողի տարած ամպ, դու նորից պարտվեցիր արևին,--լսեց նա շատ մոտիկից և արթնացավ հիշողություններից: Այլևս մոտով կարկուտներ չեին սլանում, իսկ կեղևի բացվածքի կարկտահատիկը այնքան էր փոքրացել, որ հազիվ էր երևում: Ծաղիկը կռացավ և առաջ թեքվեց` ավելի լավ տեսնելու համար և հենց այդ պահին նրան դիպավ ԱՐԵՎԻ շողը: Նրա մարմնով հաճելի սարսուռ անցավ: Նա վերև նայեց և տեսավ հսկա սկավառակը, որի տակ ծառը թվում էր հսկայական ճերմակաբոց մի ջահ: Յուրաքանչյուր ճյուղի վրա կային հարյուրավոր գեղեցիկ, սպիտակաթերթ էակներ, որոնք ուրախ խայտում էին ԱՐԵՎԻ տակ: ԱՐԵՎ… Այդ նա էր հաղթել ամպին, որը հովանավորում է կարկուտներին: Ծաղիկը շատ շնորհակալ էր նրան, ցանկանում էր երկար նայել, սակայն զգաց, որ չի կարող: Եվ հետո, ԱՐԵՎՆ իր մեջ էր լ ց վ ուõ մ նույնիսկ առանց նայելու: Ծաղիկը նորից նայեց կեղևի բացվածքին, սակայն կարկտահատիկի տեղում միայն մի կաթիլ ջուր էր: Նա մի քիչ էլ առաջ թեքվեց և հանկարծ տեսավ իրեն` ճերմակաթերթ, գեղեցիկ, իրեն էր նայում կաթիլի միջից.
-- Ուրեմն նրանք բոլորն էլ ինձ նման ծաղիկներ են, -- մտածեց նա սկզբից մի պահ միայն տխրելով, իսկ հետո հրճվանքով շշնջաց.
-- Ուրեմն մենք բոլորս, այսքան բազմաքանակ` ծաղիկներ ենք:
-- Այո, Ծաղիկ իմ, -- ԿՅԱՆՔԻ ԹԵԼԻ միջով ժպտաց ՄԱՅՐ ԲՈւՆԸ, -- դուք բոլորդ էլ ծաղիկներ եք` իմ ծաղիկները: Ձեզանից շատերն ընկան կարկուտի ժամանակ, շատերը վիրավորվեցին, բայց դուք կաք դեռևս և անթիվ եք ու ոչ ոք այլևս չի կարող սպանել ձեզ:
-- Իսկ ինչու՞ է կարկուտը ոչնչացնում մեզ, ՄԱՅՐ ԲՈւՆ, -- հարցրեց Ծաղիկը, տխրելով իր ընկած եղբայրների և քույրերի համար, -- ի՞նչ է շահում նա մեզ ոչնչացնելով:
--Նա չար է, Ծաղիկ իմ, չար է այնքան, որքան բարի եք դուք, և նա պետք է ոչնչացնի, պետք է սպանի ամեն մի բարիք, որ կա աշխարհի վրա: Դա է նրա էությունը: Հենց դրա համար է նա կարկուտ:
--Ինչ լավ է, որ ես ծաղիկ եմ,--մտածեց Ծաղիկը,--ինչքան երջանիկ եմ ես, որ բարի եմ և ոչ թե չար:
Նա շուրջը նայեց: Բոլոր ծաղիկներն էլ անհոգ ու երջանիկ խաղում էին ԱՐԵՎԻ տակ: Զեփյուռը մեղմ շոյանքով թրթռացնում էր նրանց սպիտակ թերթիկները և Ծաղիկին թվում էր, թե նրանք ձեռքով են անում իրեն, կանչում` մասնակցելու իրենց խաղերին և ուրախանալու իրենց հետ:
Տխրեց Ծաղիկը, որ ինքը մենակ է և ոչ մի խաղընկեր չունի, այնինչ մյուսները բույլեր են կազմել և ուրախ խաղեր են խաղում:
Նա նայեց իր դիմաց, ցած կախված ճյուղին գտնվող երկու ծաղիկներին, որոնք թերթիկներով փարվել էին իրար և ճոճվում էին, իրենց զեփյուռին հանձնած: Ինչքան կցանկանար նա ունենալ այդպիսի մի ընկեր և թերթիկները հպելով նրա թերթիկներին… լռել…
Ծաղիկը կլանված զույգին էր նայում և երազում: Նա ձգտում էր դեպի իր նմանները, ցանկանում էր խաղալ նրանց հետ: Նա զգաց, որ իր ներսը ուռչում է հուզմունքից ու կարոտից, զգաց, որ կուտակվել է իր ներսում բարությունն ու նրա քաղցրությունից շշմում էր: Նա պետք է անպայման բարություն աներ ինչ-որ մեկին, այլապես այն կուտակվելով կպայթեցներ իրեն: Իսկ ինքը չէր ուզում պայթել, այնքան գեղեցիկ էր աշխարհը եվ այնքան ձգտումներ ուներ ինքը: Ծաղիկը ցանկացավ արտասվել, բայց ինչ-որ ձայն նրան վերադարձրեց իրականություն.
-- Թույլ կտա՞ք օգտվել ձեր նեկտարից, գեղեցկուհի, --ինչ-որ մեկը բզզալով թռչում էր իր առջև:
-- Ի՞նչ է նեկտարը, ո՞վ եք դուք, -- հարցրեց Ծաղիկը վախեցած:
-- Օ, երևում է դուք հենց նոր եք բացվել և ոչինչ չգիտեք:
-- Ո՞վ է ասում չգիտեմ: Ես շատ բան գիտեմ:
-- Ախ, այո, կներեք, ես ուզում էի ասել որոշ բաներ չգիտեք:
-- Ես Մեղուն եմ, իսկ նեկտարը ձեր մեջ կուտակված բարությունն է: Ես ոչինչ չունեմ բացի իմ աշխատասիրությունից, այնինչ դուք, ծաղիկներդ, բնատուր շատ արժանիքներ ունեք:
-- Իսկ քո ինչի՞ն է պետք նեկտարը, Մեղու, ի՞նչ պետք է անես դու այն:
-- Մենք` մեղուներս, ինչպես և դուք, բարի ենք և պարտավոր ենք բարություն անել: Մենք այդ նեկտարից դեղեր ենք պատրաստում, որոնցով բուժում են բազմաթիվ հիվանդություններ:
-- Իսկ դուք բոլո՞ր ծաղիկներից եք նեկտար վերցնում, Մեղու:
-- Միայն նրանցից, ում մոտ ավելցուկ կա, իսկ ոմանք ընդհանրապես չեն ունենում:
-- Ինչու՞:
-- Որովհետև հիվանդ են լինում:
-- Իսկ այն զույգ ծաղիկներից նեկտար վերցրի՞ր:
-- Այո: Նրանցից մեկը կարկուտի ժամանակ վիրավորվել է: Նա բացեց իր ունեցածն իմ առջև և խնդրեց, որ ես ամբողջը վերցնեմ. «Միևնույն է, ես շուտով կմեռնեմ, այն ինձ արդեն պետք չէ, իսկ ուրիշներին, գիտեմ, շատ է անհրաժեշտ»: Նրա ընկերը, որ արտասվում էր, նույնպես իր բաժինը տվեց ինձ…
Ծաղիկը արտասվել ուզեց: Թեև նա դեռ երբեք ընկեր չէր ունեցել, բայց զգում էր, թե ինչքան ծանր է ընկերոջ կորուստը:
-- Վերցրու իմ նեկտարից ինչքան քեզ պետք է, Մեղու, -- ասաց նա , -- և այսուհետև երբ էլ պետք լինի, մոտեցիր առանց ամաչելու:
-- Շնորհակալություն, գեղեցկուհի, -- ասաց Մեղուն և բեռնավորվելով, թռավ, Ծաղիկին թողնելով մենակ իր խոհերի հետ:



ԱՐԵՎԸ թեքվել էր հորիզոնի վրա և իրեն էր նայում մեկ ուրիշ ծառի վարդագույն ծաղիկների միջով: Այդ ծաղիկների միջև թռչում էին բազմաթիվ մեղուներ և նեկտար էին հավաքում:
Նրանք ուրիշ ծաղիկներ են, -- մտածեց Ծաղիկը, -- Նրանք վարդագույն են: Բայց ինչ նշանակություն ունի գույնը: Նրանք էլ ծաղիկներ են և ունեն իրենց խոհերը, խաղերն ու վշտերը: Նրանք էլ ունեն իրենց վիրավորներն ու մեռնողները…
-- Քնեցեք, քնեցեք, ծաղիկներ իմ, -- լսեց նա ՄԱՅՐ ԲՆԻ հորդորը, --հավաքեք ու փակեցեք ձեր թերթիկներն ու պատրաստվեք դիմավորելու գիշերը: Այն դեռևս սառն է ու վտանգավոր:
Քնելուց առաջ Ծաղիկը մի անգամ էլ նայեց զույգ ծաղիկներին: Նրանցից մեկը խնամքով ծալեց մյուսի թերթիկները և հարմար տեղավորվելով նրա կողքին, հավաքեց նաև իրենը և քուն մտան:
-- Բարի գիշեր, զույգ ծաղիկներ, -- շշնջաց Ծաղիկը և ինքը նույնպես փակեց աչքերը:
Այդ գիշեր, իր կյանքում առաջին գիշերը, Ծաղիկը երազ տեսավ: Գեղեցիկ, արևոտ օր էր և բոլոր ծաղիկներն էլ ուրախ խաղում էին իրենց ճյուղերին: Զույգ ծաղիկները բռնել էին արևի մի գողտրիկ շող և բարձր ու ինքնամոռաց քրքջալով այդ շողը նետում էին իրար աչքերի մեջ:
-- Պաշտպանվի՛ր, --գոչում էր վիրավոր ծաղիկն ու շողը նետում մյուսի դեմքին: Մյուսը անպայման բռնում էր շողը, ինչքան էլ այն շեշտակի նետված լիներ ու դիպուկ: Բռնում էր և մեղմ, զգուշորեն վերադարձնում այն, սպասելով նոր, ավելի ուժգին նետումների:
Մի պահ Ծաղիկը իրեն բռնեց այն բանում, որ իր ուշադրությունը ավելի շատ գրավում է ոչ թե վիրավորը, այլ մյուսը:
-- Գուցե ես պարզապես վախենում եմ վիրավորի դերը ստանձնել, -- մտածեց նա, -- և կամ էլ պատճառն այն է, որ այդպիսի նետումներ կատարելը խորթ է իմ հոգուն: Չէ՞ որ ես այդպիսի անզգույշ բաներ չէի անի: Չէ՞ որ ընկերը կարող է չբռնել շողը և դա կարող է շատ վտանգավոր լինել…
Ծաղիկը պատճառներ էր փնտրում ա յ դ բ ա ն ը բացատրելու համար և զգում էր, որ բացատրել չի կարող: Նա տեսնում էր, որ իր բերած յուրաքանչյուր պատճառաբանություն ինչ-որ թերություն ունի և մինչև վերջ չի բացատրում իր վարմունքը: Նա վախեցավ: Նա ցանկանում էր, որ իրենից բացի ուրիշ ոչ ոք չնկատեր իր մոտ ա յ դ բ ա ն ը:
-- Աստված իմ, -- մտածեց Ծաղիկը, -- ի՞նչ է արել ինձ վիրավորը: Չէ՞ որ նա լավն է ու բարի: Նա համոզված էր իր ընկերոջ ուժի և ճարպկության վրա և հենց այդ պատճառով էլ այդքան անզգույշ էր վարվում…
-- Մի հուզվիր, ծաղիկ իմ, դու ոչ մի մեղք չունես: Դու այժմ չես կարողանում բացատրել քո այդպես տրամադրվելու պատճառը, որովհետև դու դեռ նորելուկ ես եվ չգիտես շատ ու շատ բաներ: Դու դեռևս չգիտես, թե ինչ է զ գ ա ց մ ու ն ք ը: Կա այդպիսի բան: Քեզ մոտ այժմ առաջացել է զգացմունքներից ամենագեղեցիկը: Այն կոչվում է ս ե ր:

Եկվոր
17.03.2009, 17:08
-- Իսկ ի՞նչ է զգացմունքը, ով ՄԱՅՐ ԲՈւՆ , ի՞նչ է սերը:
-- Չգիտեմ, չգիտեմ, ծաղիկ իմ: Ես միայն գիտեմ, որ այն իշխում է բոլորիս վրա և մեզանից յուրաքանչյուրը, լինի չար թե բարի, մի օր անպայման ընկնում է նրա տիրապետության տակ և սկսում է սիրել: Դու այժմ սիրում էս վիրավորի ընկերոջը, ծաղիկ իմ:
-- Կարկուտները նույնպե՞ս սիրում են, ՄԱՅՐ ԲՈւՆ:
-- Այո, նույնիսկ կարկուտներն են սիրում և դրանից նրանց հայացքը այնպես մեղմ ու բարի է դառնում: Գիտե՞ս, ծաղիկ իմ, ես չեմ մեղադրում կարկուտներին իրենց չարության համար: Նրանք մեղավոր չեն այդ բանում: Նրանք պարզապես անպետք կլինեին, եթե չար չլինեին: Եվ երբ նրանք վիրավորում կամ սպանում են իմ ծաղիկներից որևէ մեկին, ես մեղադրում եմ ոչ թե նրանց, այլ ՄԻ ՈւՐԻՇԻՆ, որը ավելի հեռու է և անտեսանելի է մեզ…
-- Իսկ դու՞, ով ՄԱՅՐ ԲՈւՆ, դու նույնպե՞ս սիրում ես, --անսպասելիորեն ընդհատեց Ծաղիկը, շոշափելով ԿՅԱՆՔԻ ԹԵԼԸ:
-- Ե՞ս…ՄԱՅՐ ԲՆԻ ձայնը կարծես թե դողաց: Նա ոչ մի բառ չէր գտնում Ծաղիկին պատասխանելու համար, իսկ ԿՅԱՆՔԻ ԹԵԼԸ Ծաղիկին, չգիտես ինչու, հանկարծ ստիպեց հիշել Վարդագույն Ծաղիկներով Ծառին, որն այնքան գեղեցիկ էր մայր մտնող արևի տակ:
-- Դու սիրու՞մ ես նրան, ՄԱՅՐ ԲՈւՆ, -- հարցրեց Ծաղիկը փոքր ինչ մեղավոր տոնով:
-- Այո, ծաղիկ իմ, սիրում եմ նրան այնպես, ինչպես դեռ ոչ ոք չի սիրել…
-- Բայց չե՞ որ նա քեզ նման չէ:
-- Ինչ նշանակություն ունի գույնը, ծաղիկ իմ…
Խոսում էր Ծաղիկը ՄԱՅՐ ԲՆԻ հետ և նայում զույգ ծաղիկներին, որոնք անհոգ խաղում էին արևի շողի հետ: Հանկարծ նա նկատեց մի տարօրինակ կարկտահատիկ, որը ոչ թե վերևից էր ընկնում, այլ թռչում էր հորիզոնական: Նա այնքան բարի ու թափանցիկ հայացք ուներ: Նա, խփելով վիրավորին հենց այն պահին, երբ նա մյուսին էր նետում շողը, նրա հետ միասին ցած ընկավ: Ծաղիկը քարացավ անսպսելիությունից, մի ակնթարթ կարկամեց, հետո ցանկացավ ճչալ, բայց չկարողացավ: Մյուսը ձեռքից բաց թողեց բռնած շողը և անզոր կախեց թերթիկները, նայելով ընկնող ընկերուհու հետևից…


Վաղորդյան հաճելի զեփյուռն արթնացրեց Ծաղիկին: Նրա առաջին գործը եղավ դիմացի ճյուղին նայելը: Զույգն արդեն արթնացել էր և ընկերը մեղմ ու զգուշորեն ինչ-որ բաներ էր շշնջում ընկերուհուն, թերթիկներով շոյելով նրա դալկացած, առաձգականությունը կորցրած թերթիկները:

-- Նա չի ապրի, -- անցավ Ծաղիկի մտքով, -- նա երևի չկարողանա դիմավորել նույնիսկ այսօրվա երեկոն: Ինչպե՞ս են մեռնում ծաղիկները: Դա երևի մի սարսափելի բան կլինի…
Ի՞նչ կլինի նրա ընկերոջ վիճակը:
Ծաղիկն արդեն հաշտվել էր վիրավորի մեռնելու մտքի հետ և զգում էր, որ ինքը շատ կցանկանար գտնվել նրա ընկերոջ մոտ և սփոփել, մխիթարել նրան:
-- Վիրավորի ճակատագիրն արդեն պարզ է, --շշնջաց նա, -- բայց միթե՞ ողջերն իրավունք չունեն լիարժեք ապրելու:
Նա նայեց զույգ ծաղիկներին.
-- Աստված իմ, ինչպիսի թանձր հայացք ունեն նրանք: Ես այժմ գիտեմ, որ հենց դա է սիրո հայացքը: Նրանք սիրում են իրար:
Ծաղիկը հնարավորություն չուներ ինքն իրեն նայելու, այլապես իսկույն կնկատեր, որ ինքն էլ այդ նույն հայացքով է նայում Վիրավորի ընկերոջը: Նա շատ էր զգում իր մտքերը կիսող մեկի կարիքը: Լիներ մեկը, և ինքը զրուցեր նրա հետ երկա`ր- երկար: Զրուցեր սիրո մասին, ԱՐԵՎԻ, Վարդագույն Ծաղիկներով Ծառի մասին: Բայց նա մենակ էր, բոլորովին մենակ, դատապարտված երբեք ընկեր չունենալու:
«Ես ծնվել եմ թյուրիմացաբար և պետք է միայնակ կրեմ այդ թյուրիմացության զոհը լինելու դառնությունը: Ես տարբերվում եմ մնացածներից իմ ծնունդով, ուրեմն պետք է տարբերվեմ նաև դառնությունները դիմագրավելու իմ ընդունակությամբ: Փույթ չէ, թե ես էլ բոլորի նման ծաղիկ եմ և կարոտ եմ ընկերների և սիրո: Այդ կարոտը ինձ տրված է հենց իմ տոկունությունը փորձելու, շրջապատող աշխարհը ճիշտ գնահատելու համար: Ինչքան էլ ցանկանամ, ես չեմ կարող կիսվել ուրիշների հետ, նրանց մասնակից դարձնելու ներքին տվայտանքներիս…»
-- Դու մոլորված ես, ծաղիկ իմ, քո մեջ խոսում է սիրողը, որն իր մեջ ուժ է գտնում այդ սիրո հետ կապված ցանկացած տառապանք անտրտունջ տանելու: Սակայն դու պարտավոր ես մերձավորիդ հետ կիսել քո տառապանքները նույն չափով, ինչ չափով որ ուրախությունդ ես պարտավոր կիսել:
-- Ես դժբախտ եմ, ով ՄԱՅՐ ԲՈւՆ: Աշխարհի ամենադժբախտ ծաղիկն եմ ես…
-- Դու բախտավոր ծաղիկ ես, շատ բախտավոր, որովհետև սիրում ես: Մի ժամանակ այստեղ` ներքևում դրված նստարանին նստում էր մի զույգ` տղա և ազջիկ: Այդ տղան շատ խելացի էր: Այդպես էր ասում աղջիկը: Ես գաղտնի լսում էի նրանց զրույցները. այնքան քաղցր էին նրանք զրուցում. այնքան հաճելի էր զգալ, թե ինչպես է տղան գրկուն աղջկան: Մի անգամ տղան ասաց աղջկան.
«Գիտե՞ս, ես հազար անգամ սիրվելուց կհրաժարվեի մի անգամ իսկական սիրելու համար»:
Դա վերջին երեկոն էր, որ ես տեսա նրանց միասին: Այդ ժամանակ ես համաձայն չէի տղայի հետ` հարևան ծառը սիրում էր ինձ և ես ինձ շատ լավ էի զգում սիրվելով: Բայց տարիներն անցան և իմ դիմացի, զեփյուռից դողացող շիվն աճեց, մեծացավ և մի գարնան ծաղկեց խոշոր, վարդագույն ծաղիկներով: Ես այսօրվա նման հիշում եմ այդ գարունը: Քիչ էր մնում պոկվեի իմ արմատներից և գնայի նրա մոտ` հնարավոր սառնամանիքից նրան պաշտպանելու համար: Ես իմ ներսը նրանով լցված էի զգում: Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ հիշեցի տղայի խոսքերը և զգացի, որ համաձայն եմ նրա հետ…
Հիշիր, ծաղիկ իմ, հիշիր և հավատա` մեկ անգամ սիրելը հազար անգամ լավ է հազար անգամ սիրվելուց:
--Ուրեմն ես երջանիկ եմ նրանով, որ կարող եմ այսպես սիրե՞լ: Բայց չէ՞ որ ես ուզում եմ նրա մոտ գտնվել և կիսել նրա հետ վիշտս և ուրախությունս, բայց չեմ կարող: Մի՞թե երջանկությունը ձգտելու և չհասնելու մեջ է: Ինչու՞ Մեղուն, որ աշխատասիրությունից բացի ոչինչ չունի, այժմ կարող է հպվել նրան, իսկ ես` ոչ: Ախ, եթե կարողանայի պոկվել և հասնել մինչև այնտեղ, հպեի թերթիկներս նրա դեմքին և դրանից հետո թեկուզ ցած ընկնեի մահացած:
Գոնե Մեղուն մոտենար ինձ և պատմեր նրա մասին…
Կարծես ի ն չ - ո ր մ ե կ ը Մեղվին հասցրեց Ծաղիկի խոսքերը և նա, պոկվելով Մենավորից (այդ անվամբ էր կնքել Ծաղիկը Վիրավորի ընկերոջը` համոզված, որ Վիրավորը շուտով կմահանա և նա կմնա բոլորովին մենակ), թռավ իր մոտ:
-- Բարի լույս, գեղեցկուհի: Ինչպե՞ս անցկացրիր առաջին գիշերդ:
-- Բարև, Մեղու: Ես քեզ համար բավականին նեկտար եմ կուտակել այս գիշեր:
-- Շնորհակալություն, դու շատ բարի ու սքանչելի ծաղիկ ես:
Մեղուն, ինչպես և բոլոր մեղուները, աշխատանքի բերումով վարպետացել էր հաճոյախոսությունների մեջ: Նա իր գլուխը մտցրեց Ծաղիկի բաժակի մեջ նեկտար վերցնելու և հանկարծ Ծաղիկը զգաց, որ անծանոթ ու խենթացնող մի բան կատարվեց իր հետ: Նրա սիրտը սկսեց արագ տրոփել, նա նվաղեց ու ոչինչ չէր կարողանում անել: Միաժամանակ նրան թվում էր, թե ինքը մի ահավոր մեղք է գործում…
Մեղուն զգաց նրա հուզմունքն ու անհանգստությունը և հարցրեց փոքր ինչ մեղավոր տոնով.
-- Դու քեզ վա՞տ ես զգում:
-- Ոչ, ի՞նչ ես ասում, դա այնքան հաճելի էր ու այնքան անծանոթ: Դու չգիտե՞ս արդյոք, Մեղու, այն, ինչ ես ապրեցի, նույնպե՞ս զգացմունք է, ինչպես սերը:
-- Ես չգիտեմ, թե դու ինչի մասին ես խոսում, -- կմկմաց Մեղուն:
-- Ախ, այո, ես մոռացա: Ներիր ինձ, Մեղու:
-- Ոչինչ, ոչինչ, ես ուրախ եմ, որ դու քեզ լավ ես զգում, -- պատասխանեց Մեղուն ու թռավ` բեռնավորված ու զարմացած Ծաղիկի վրա:
-- Դու հուզվա՞ծ ես, ծաղիկ իմ, -- բազմանշանակ ժպտաց ՄԱՅՐ ԲՈւՆԸ ԿՅԱՆՔԻ ԹԵԼԻ միջով,-- և չգիտես ի՞նչ է կատարվում քեզ հետ: Հանգստացիր, ոչ մի արտակարգ բան չի կատարվել: Պարզապես Մեղուն մինչև քեզ այցելելը եղել էր Մենավորի մոտ: Այդ Մենավորի բույրն էր Մեղվի հետ եկել քեզ մոտ: Դու էլ ունես այդպիսի բույր, բայց ոչ ոք ինքն իր բույրը չի զգում: Զգացվում է միայն ուրիշների բույրը` լավ կամ վատ:
-- Մի՞թե վատ բույր է լինում, ՄԱՅՐ ԲՈւՆ, -- Հարցրեց Ծաղիկը, հիշողությամբ նորից վայելելով քիչ առաջվա բերկրանքը:
-- Իհարկե: Լինում են ծաղիկներ, որոնք շատ վատ բույր ունեն և նրանց հաճախ հենց այդպես էլ անվանում են` գարշահոտ ծաղիկներ: Երբ ծառը դեռևս երիտասարդ է լինում, նրա ծաղիկների մեջ լինում են այնպիսիները, որոնց դուր է գալիս այդպիսի ծաղիկների հոտը և նրանք այլասերում են ոչ միայն իրենց, այլև իրենց պտուղներին: Նրանց պտուղները վատ համ են ունենում: Սակայն տարիների հետ ծառը փորձվում է և չի բացում այդպիսի ծաղիկներ: Ես այժմ այդպիսի ոչ մի ծաղիկ չունեմ: Ես այս տարի հարյուր տարեկան եմ,--հպարտացավ նա:
-- ՄԱՅՐ ԲՈւՆ, ես օր-օրի ինձ ավելի ու ավելի մենակ եմ զգում և վախենում եմ: Շատ եմ վախենում: Ի՞նչ կլինի իմ վերջը: Ես ամեն ինչ, նույնիսկ կյանքս կտայի, միայն թե ինձ հնարավորություն տրվեր միայն մի ակնթարթ գտնվել Մենավորի մոտ: Ես զգում եմ , որ բացվել եմ հենց միայն նրա համարև առանց նրան իմ ապրելն անիմաստ է: Ես գերադասում եմ մեռնել, քան ապրել նրանից հեռու: Ի՞նչ անեմ, ով ՄԱՅՐ ԲՈւՆ, փրկիր ինձ, խորհուրդ տուր, չէ՞ որ դու ես ստեղծել ինձ և գիտեմ, չէիր ցանկանա, որ վշտանար քո ծաղիկը:
-- Մի հուզվիր, իմ հիմարիկ, մի՞թե դա իրոք այդպես չէ, մի՞թե ես չեմ հոգում իմ ծաղիկների բարեկեցության համար: Դու դեռ պետք է ապրես, պետք է պահպանես քեզ հանուն քո պտուղի: Հենց այսօրվանից քո մեջ արդեն ծնվել է քո Պտուղը` քո սիրո և Մենավորի բույրի ծնունդը: Դու վշտանալու կամ բողոքելու ոչ մի պատճառ չունես. քչէրին է հաջողվում պտղավորվել սիրած էակի բույրով և այդ քչէրը համարվում են երջանիկ: Դու այդ երջանիկներից մեկն ես:

Եկվոր
17.03.2009, 17:13
-- Բայց չէ՞ որ նա ուրիշին է սիրում` Վիրավորին: Մի՞թե Վիրավորն ավելի երջանիկ չէ, քան ես: Ինչու դու քո բոլոր ծաղիկներին հավասար չես բաժանել երջանկությունը, ՄԱՅՐ ԲՈւՆ, չէ՞ որ մենք բոլորս էլ քոնն ենք և դու պետք է հավասարապես ցանկանաս բոլորիս երջանկությունը:
--Դու ճիշտ ես և դա այդպես է` ես ոչ մեկիդ էլ չեմ առանձնացնում և բոլոր ծաղիկներս էլ անփոխարինելի են ինձ համար: Սակայն ճիշտ է նաև այն, որ ձեզանից ոմանք ավելի դժբախտ են, քան մյուսները: Վիրավորը, օրինակ, ավելի դժբախտ է համարում իրեն, որովհետև կարկուտը իրեն զրկել է պտղավորվելու հնարավորությունից: Նա կարծում էր, թե ինքը կմեռնի և ուրախ էր դրա համար, սակայն,երեկ իմացավ, որ դատապարտված է ապրելու և անպտուղ մնալու: Այո: Ծաղիկը, որին դու երջանիկ ես համարում, ինքն իրեն համարում է ավելի դժբախտ, քան որևէ այլ ծաղիկ աշխարհում:
-- Այո, ծաղիկ իմ, երջանկությունը հավասարապես չէ բաշխված ձեր միջև, բայց դրա մեղավորը ես չեմ: Այստեղ ևս մեղավոր է ՄԻ ՈւՐԻՇԸ, որը հեռու է մեզանից, անտեսանելի է մեզ:
Հպարտացիր, ծաղիկ իմ, հպարտացիր քո պտուղով: Նա պետք է լինի զարմանալիորեն հազվագյուտ, որովհետև իր մեջ ամփոփում է դրախտային բույր և աստվածային սեր:
Սակայն Ծաղիկը արդեն նրան չէր լսում: Նա սկսել էր խորհել Մենավորի մասին, իր սիրո մասին, հեռավոր ՄԻ ՈւՐԻՇԻ մասին, որը պատասխանատու է աշխարհի բոլոր լավ ու վատ բաների համար, բայց չի երևում, Վիրավորի մասին, որն այնքան երջանիկ ու այնքան դժբախտ էր:
-- Երջանկությունն ու դժբախտությունը սահմանված են մեզ համար շատ վաղուց, հենց սկզբից: Դրանք մեզ բոլորիս էլ հավասարապես հասանելի են, բայց մեզանից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում դրանք և մեկի երջանկությունը միշտ էլ մի ուրիշի համար դժբախտություն է:
Ես ուրախանում եմ, որ Մենավորի բույրը իմ սիրո հետ միանալով դառնալու է աշխարհի ամենալավ պտուղը: Սակայն դա Վիրավորի համար երջանկություն չէ, այլ ընդհակառակը…
Ես երջանիկ եմ , որովհետև ես մերժում եմ այն ամենը, ինչ դժբախտացնում է ինձ:
Ծաղիկը մտածում էր լարված և ինչ-որ հաճույք էր ստանում ինքնուրույն դատելուց: Նա մինչ այժմ ՄԱՅՐ ԲՆԻ խորհուրդներն էր լսել և ոչինչ ինքնուրույն չէր զգացել, իսկ այժմ զգում էր, որ ինքը կարող է ինքնուրույն, առանց որևէ մեկի միջամտության իմանալ շատ և շատ բաներ…
-- Մեղու, --գոչեց Ծաղիկը իր մոտ թռչող Մեղվին:
-- Լսում եմ, գեղեցկուհի: Այսօր ես առաջին անգամ քո դեմքին գոհունակության ժպիտ եմ տեսնում:
--Այո, ես այսօր առանձնապես ուրախ եմ: Գիտե՞ս, Մեղու, ես պտղավորվել եմ քո բերած բույրով: Մենավորի բույրը և իմ սերը հրաշալի պտուղ կդառնան: Ես խնդրում եմ, Մեղու, թռիր նրա մոտ և ասա նրան, որ մեր պտուղը, մեր զավակը կլինի ամենալավն ու ամենասքանչելին աշխարհում, որովհետև նրա բույրից լավն աշխարհում չկա, իսկ ես իրեն այնպես եմ սիրում, ինչպես ոչ ոք ոչ ոքի երբեք չի սիրել:
-- Ես հենց Մենավորի մոտից եմ գալիս, գեղեցկուհի: Նա արդեն գիտի այդ մասին: Նրան
ՄԱՅՐ ԲՈւՆՆ է պատմել և նա խնդրեց, որ ես քեզ բերեմ իր համբույրը` ի նշան իր սիրո:
Ծանոթ բույրը նորից Ծաղիկին ստիպեց դողալ հաճույքից: Նրա թերթերը շառագունեցին համբույրից: Նրա սիրտը հրճվում էր և նա գիտեր, որ միայն սիրուց են այդպես բաբախում ծաղիկների սրտերը: Ծաղիկը գիտեր, որ այդ համբույրը պատկանում է իրեն և իր էությունը կազմող պտուղին, որի ներկայությունն ինքն արդեն զգում էր իր ներսում: Պտուղը մեծանում էր պահ առ պահ և Ծաղիկը մի ակնթարթ մտածեց, որ նա մեծանալով` կպայթեցնի - կսպանի իրեն, սակայն հետո ժպտաց խանդաղատանքով.
--Ոչ, ես չեմ մեռնի: Ես կապրեմ իմ պտուղի մեջ և կպահպանեմ նրան: Չէ՞ որ նա դեռ շատ անփորձ է և կարոտ է հոգատարության: Ես կպատմեմ նրան Մենավորի մասին, կպատմեմ, որ այն բույրը, որից ծնվել է ինքը, սահմանված էր միայն իր համար ՄԻ ՈւՐԻՇԻ կողմից, որն անտեսանելի է մեզ: Կպատմեմ, որ այդ բույրն ինձ տվել է հենց Մենավորը…
Քամու ուժգին պոռթկունը կտրեց Ծաղիկի մտքերի ընթացքը: Այնքան անսպասելի էր այն, Ծաղիկն այնքան անհոգ էր կանգնած, որ քամին պոկեց տարավ նրա թերթիկներից մեկը: Ծաղիկը վշտով նայեց թերթիկի հետևից, սակայն քամու հաջորդ ալիքը ոռնալով հարձակվեց նրա վրա:
--Պետք է դիմադրել, իմ մահը նաև Պտուղի մահն է,-- կայծակեց նրա գլխում,-- պետք է պահպանել Պտուղին:
Նա կորացավ, թերթիկներով ծածկելով իրանն ու կուչ գալով: Նրան թվաց, թե իր ներսում ինչ-որ բան վախեցած զրնգաց և նա ավելի ամուր կառչեց բնին:
--Լավ է, որ ես բնի վրա եմ,--մտածեց նա,-- բարակ ճյուղի վրա դժվար կլիներ դիմանալ:
Քամին շառաչյունով իրար էր խփում ճյուղերը և Ծաղիկը լսում էր ԿՅԱՆՔԻ ԹԵԼԻ միջով, թե ինչպես է հառաչում ու պայքարում քամու դեմ ՄԱՅՐ ԲՈւՆԸ :
--Տոկացեք, արմատներ իմ, անիրավը այս տարի ևս հանգիստ չի տալիս մեզ: Միայն թե շուտ կտրվի:
Ծաղիկը հույս առավ: Թեև հուզված էր ՄԱՅՐ ԲՈւՆԸ, բայց դեռևս չէր կորցրել իր ձայնի հզոր հանդարտությունը: Ահա Ծաղիկը լսում է նրա շշունջը.
--Առաջին անգամն եմ այսպիսի ուժեղ քամու հանդիպում: Աստված իմ, կդիմանա՞ արդյոք Վարդագույնը…
Ծաղիկը նոր միայն հիշեց Մենավորին: Ախ, ինչքան անուշադիր է նա, ինչքան ապերախտ…և ինքը համոզված էր, որ սիրում է նրան: Իսկ ՄԱՅՐ ԲՈւՆԸ, որ իր սիրո մասին ավելի շատ լռում է, այս օրհասական պահին չէր մոռացել իր Վարդագույնին:
Ծաղիկը ցանկացավ ետ քաշել թերթիկները և նայել Մենավորին, բայց այդ պահին ինչ-որ ձայն նրան ստիպեց ցնցվել.
Չհամարձակվես, -- ներսի ինչ-որ տեղից մեկը զայրացած հրամայում էր չբացել թերթիկները: Ծաղիկը հասկացավ, որ հենց ինքն է իր Պտղի միջից հրամայում իրեն: Նա ավելի ամուր կծկվեց և զգում էր, որ չկա մի այնպիսի ուժ, որ իրեն պոկի բնից, որովհետև ինքն իր համար չէ, որ այդպես կառչում է բնից ու կյանքից, այլ իր Պտուղի, Մենավորի համար, ՄԱՅՐ ԲՆԻ , հեռավոր ԱՐՄԱՏՆԵՐԻ, այն ՄԻ ՈւՐԻՇԻ համար, որն սկսելով անեն ինչ, գիտեր նաև, որ լինելու է այսպիսի մի Ծաղիկ և այսպիսի մի քամի:
-Միայն իմ Պտուղի մեջ բոլորն էլ կլինեն` սկսած ինձանից և ավարտած ՄԻ ՈւՐԻՇՈՎ, որն անտեսանելի է բոլորիս, ուրեմն պետք է պահպանել նրան ամեն գնով:
Նա ընկավ մի լարված ընդարմության մեջ և անջատվեց արտաքին աշխարհից: Նա չէր լսում ոչ քամու ոռնոցը, ոչ ճյուղերի աղմուկը: Նա չ է ր հ ի շ ու մ Մ ե ն ա վ ո ր ի ն: Նա իր հետ էր` իր պտուղի մեջ և միայն ԿՅԱՆՔԻ ԹԵԼՆ էր զգում իր մեջ, որը և բերեց վերջապես:
ՄԱՅՐ ԲՆԻ հանդարտ շշունջը.
--Վերջացավ քամին, հանդարտվեց և անցավ վտանգը, հանդարտվեք և հանգստացեք նաև դուք, արմատներ, ճյուղեր ու ծաղիկներ իմ: Ծաղիկը հպարտորեն բարձրացրեց հայացքը: Նա դիմացել է քամուն: Նա հաղթել է նրան: Նա պաշտպանեց Պտուղին` իր և Մենավորի պտուղին:
Ծաղիկը նայեց Մենավորի կողմն ու քարացավ. ճյուղի վրա միայն Վիրավորն էր… Մենավորը չկար… նա չէր դիմացել քամուն: Ծաղիկի ներսից հեծկլտոց լսվեց…
Ինչպիսին էր ինքը տեսել Մենավորին առաջին անգամ, կարկուտից վիրավորված իր ընկերուհուն գուրգուրելիս: Ինչպես էր համոզված ինքն այն ժամանակ, որ Վիրավորը չի ապրի և երբեք չէր կարծում, որ կմեռնի Մենավոր:
--Եվ այնուամենայնիվ դու մեռար, իմ առաջին սիրո ծաղիկ, մեռար, չկաս ու այլևս չես լինի: Բայց ոչ, սխալվում եմ: Դու մեռար, բայց կաս: Կաս իմ Պտուղի, մեր Պտուղի ներսում, կաս իմ սրտում: Կաս ու կմնաս Վիրավորի հուշերում որպես քաջ ու սքանչելի ասպետ: Դու կոչված էիր մեր Պտուղի համար և կարողացար արժանի լինել քո կոչմանը: Եթե դու հիմա քո ճյուղին լինեիր, ապա կտեսնեիր, թե ինչքան երջանիկ եմ ես և ինչպես է իմ ներսը լցվել քեզանով: Ես չեմ վշտանում քեզ համար, սեր իմ, չեմ վշտանում, որովհետև դու միշտ էլ ինձ հետ ես: Ես նոր եմ հասկանում այն տղայի խոսքերը: Իրոք, եթե ես պարզապես սիրվելիս լինեի քո կողմից և ուրիշ ոչինչ, ապա ինձ ոչինչ չէր մնա անել մեռնելուց բացի, որովհետև ինձ սիրողն արդեն մեռած կլիներ… Շնորհակալություն, իմ սեր, որ սիրում եմ քեզ:
- Ապրես, ծաղիկ իմ, դու շատ ճիշտ ես դատում, -- հառաչեց ՄԱՅՐ ԲՈւՆԸ, -- դու արժանի ես Մենավորին ու ձեր պտուղին: Այդպիսի ծաղիկներն են միայն սքանչելի պտուղներ ունենում: Ես այժմ կարող եմ չանհանգստանալ քեզ համար, -- նա մի պահ լռեց, ապա շարունակեց...
-- Վերջին պահին Մենավորը կառչեց ԿՅԱՆՔԻ ԹԵԼԻՆ և ասաց.
-- Քամու հաջորդ ալիքն ինձ անպայման կպոկի ճյուղից, սակայնես ինձ երջանիկ եմ համարում, որ կապրեմ իմ պտուղի` Ծաղիկի Պտուղի մեջ: Ես կարող էի կառչած մնալ ճյուղին, բայց չէի կարող մի վերջին անգամ չնայել Ծաղիկին, չհամոզվել, որ նա իրոք կդիմանա քամուն: Ես համոզվեցի, նա կդիմանա: Երբ քամին վերջանա, ասա նրան, որ միայն իր սերն էր, որ ստիպեց ինձ ապրել ընկերուհուս վիրավորվելուց հետո: Կասես, որ ես մեռնում էի, սիրելով իրեն… ահա մոտենում է քամու հերթական ալիքը: Մնաս բարով, ՄԱՅՐ ԲՈւՆ, մնաս բարով, Ծաղիկ, մնաս բարով, սեր իմ…
ՄԱՅՐ ԲՈւՆՆ զգում էր, թե ինչպես են խոցում իր խոսքերը Ծաղիկի սիրտը, սակայն չէր կարող չկատարել մեռածի վերջին ցանկությունը: Ծաղիկն արտասվում էր: ՄԱՅՐ ԲՈւՆԸ նույնիսկ չփորձեց հանգստացնել նրան: Այդ արցունքը Ծաղիկի կուտակված կարոտն ու սպասումն էր: Այժմ նրան պետք չեն ոչ կարոտ, ոչ սպասում, նա պետք է ազատվի դրանցից:
Ծաղիկը տանջվում էր ափսոսանքից: Նա Մենավորի մահվանից հետո միայն լսեց նրա սիրո խոստովանությունը…
--Ես կպահպանեմ մեր պտուղը, սեր իմ, այն պետք է լինի քեզ արժանի, այն պետք է լինի ամենալավը:
Նա դադարեց արտասվել և հոգնած ու երջանիկ ննջեց: Նա զգում էր, որ այլևս ոչ մի պահանջ չունի աշխարհից…

… … … … …

Մի քանի օրից Պտուղը աճելով պայթեցրեց Ծաղիկին: Նա խանդաղատանքով նայեց Պտուղի սլացիկ իրանին, ապա հայացքը դարձրեց ԱՐԵՎԻՆ ու հետո` Վարդագույն Ծաղիկներով Ծառին: Վերջին պահին նա տեսավ Մենավորին և շշնջաց.
Մեր պտուղը սքանչելի է: Նա աշխարհի ամենասքանչելի պտուղն է:

Այդ պահին նա հասկացավ, թե ինչ է Հ Ա Մ Ը:

Chilly
19.03.2009, 11:42
Սկզբից թվաց, թե դժվարությամբ կկարդամ, բայց... չէ.... հիանալի էր... խորը, ասելիքով պատմվածք է.... շարադրված հիանալի... շնորհակալություն... :love ;)

Դեյզի
19.03.2009, 12:29
Կառանձնացնեի հատկապես այս պարզ ճշմարտությունները`


Հիշիր, ծաղիկ իմ, հիշիր և հավատա` մեկ անգամ սիրելը հազար անգամ լավ է հազար անգամ սիրվելուց:


Երջանկությունն ու դժբախտությունը սահմանված են մեզ համար շատ վաղուց, հենց սկզբից: Դրանք մեզ բոլորիս էլ հավասարապես հասանելի են, բայց մեզանից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում դրանք և մեկի երջանկությունը միշտ էլ մի ուրիշի համար դժբախտություն է:

Հ.Գ. Հետաքրքիր էր կերպարներիդ ընտրությունը մարդու կյանքի վերընշյալ ճշմարտությունները ներկայացնելու համար: Բայց քանի որ ռոմանտիկ չեմ, արձակը այդքան էլ չհավանեցի:

Morpheus_NS
19.03.2009, 20:00
Սկզբից թվաց, թե դժվարությամբ կկարդամ, բայց... չէ.... հիանալի էր... խորը, ասելիքով պատմվածք է.... շարադրված հիանալի... շնորհակալություն... :love ;)

Նույնությամբ կրկնում եմ Չիլիի խոսքերը: Ապրե՛ս:)

prptogh
10.06.2009, 09:06
Էս ինչքա՜ն լավն էր: Սկզբից շատ դժվար սկսեցի, ոնց որ դժվարությամբ դերի մեջ մտնեի, հետո այնպես կլանվեցի, որ ափսոսում էի, որ վերջը մոտենում է, մերսի:hands

comet
10.06.2009, 11:20
Եկվոր, ամենաանհարմար պահին կպար ամենացավոտ տեղին:(
Սիրուն է...


Ես երջանիկ եմ , որովհետև ես մերժում եմ այն ամենը, ինչ դժբախտացնում է ինձ:


«Գիտե՞ս, ես հազար անգամ սիրվելուց կհրաժարվեի մի անգամ իսկական սիրելու համար»:


«Ես ծնվել եմ թյուրիմացաբար և պետք է միայնակ կրեմ այդ թյուրիմացության զոհը լինելու դառնությունը: Ես տարբերվում եմ մնացածներից իմ ծնունդով, ուրեմն պետք է տարբերվեմ նաև դառնությունները դիմագրավելու իմ ընդունակությամբ: Փույթ չէ, թե ես էլ բոլորի նման ծաղիկ եմ և կարոտ եմ ընկերների և սիրո: Այդ կարոտը ինձ տրված է հենց իմ տոկունությունը փորձելու, շրջապատող աշխարհը ճիշտ գնահատելու համար: Ինչքան էլ ցանկանամ, ես չեմ կարող կիսվել ուրիշների հետ, նրանց մասնակից դարձնելու ներքին տվայտանքներիս…»

Եկվոր
12.06.2009, 11:37
Ես խղճում եմ ծաղիկներին…
Նրանք գիտեն այդ մասին և ամեն երեկո, զբոսայգու անկյունում, ծաղկավաճառից գաղտնի, գլխով են անում ինձ…
Երբ ինձ մոտ դրամ չի լինում գոնե մեկ ծաղիկ գնելու, ամաչում եմ ծաղիկներից: Իսկ նրանք դարձյալ գլխով են անում՝ կշտամբանքով:
Երբ գժտված ենք լինում, թողնում եմ ծաղիկներս մեր նստարանին և հեռանում, իսկ նրանք թախծոտ, կարոտով նայում են իմ հեռացող ստվերին և թառամում…
Ես համոզված եմ, որ նրանք ինձանից չեն նեղանում…
Ես խղճում եմ ծաղիկներին:
Եթե նրանք թռչուններ լինեին վանդակված, ես նրանց ազատ կարձակեի…

Եկվոր
22.06.2009, 17:08
Սա իմ առաաջին արձակ թոթովանքն է: Գրվել է շատ վաղուց, այն ժամանակներում, երբ դեռ տրամվայներ կային: Կարդացեք ու մեղմ վերաբերվեք


Աղջիկը մեխակները նետեց ռելսերին…
Երեք մեխակ՝ մեկը սպիտակ, երկուսը՝ արնագույն:
Երիտասարդի ներսում ինչ - որ բան ճմլվեց սրտի նման: Երևի սիրտն էր:
Աղջիկը ետ նայեց ու վարանոտ քայլերով հեռացավ: Քիչ հետո նա արագացրեց քայլերը, հետո սկսեց վազել: Նա զգում էր, որ եթե չվազի, չի կարողանա հեռանալ այդտեղից: Կոկորդում մի լարվածություն էր նստել, որ սպառնում էր հեկեկոց դառնալ, իսկ աղջիկն ամենից շատ հենց այդ հեկեկոցից էր սարսափում:
Նրան հետապնդում էր երիտասարդի հայացքը՝ լուրջ, հավատարիմ և վստահող, իսկ ականջներում դղրդում էր նրա հազիվ լսելի շշնջոցը.
-Ես քեզ սիրում եմ, Անահիտ: Ես չեմ ցանկանում այդ բառին որևէ մակդիր կպցնել: Ես քեզ սիրում եմ ոչ շատ, ոչ էլ խոր: Պարզապես սիրում եմ: Բայց իմ նպատակն այժմ այդ մասին քեզ հայտնելը չէ: Ես գիտեմ, որ սա մեր վերջին հանդիպումն է, բայց նույնիսկ դա՛ չի կարող ինձ ստիպել լռել: Ես պետք է հայտնեմ քեզ գոյություն ունեցող գաղտնիքներից ամենասարսափելին, միայն, խնդրում եմ, թույլ տուր ինձ համբուրել քեզ վերջին անգամ,- և նա գրկեց աղջկան:
Ինչպե՜ս էր դողում նա համբուրվելիս: Դեռ երբեք այդպես չէին համբուրվել…
- Ինչ էլ ասելու լինես, Ռուբեն, ինչքան էլ այն սարսափելի լինի, միևնույն է, ինձ չի ստիպի հեռանալ քեզնից թեկուզ հենց այն պատճառով, որ ես անկարող եմ այդ բանն անել:Ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես ոչ ոք երբեք չի սիրել…
Այդ ինքն ասաց, իսկ հետո…
-Միևնույն է, դու պարտավոր կլինես հեռանալ ինձնից: Միայն մի բան կցանկանայի՝ հավատայիր, որ ես քեզ սիրում եմ ո՛չ այնպես, ինչպես սիրում էի Կարինեին…Այո, զարմացած մի նայիր: Քո քրոջ երեխան իմ երեխան էր…
Կարինեն մահացել էր ծննդաբերության ժամանակ: Մահացել էր և իր հետ տարել իր ապօրինի երեխայի հոր անունը: Վերջին պահին նա հառաչել էր.
-Նա ոչ մի մեղք չունի: Ինձ պարզապես անհնար էր սիրել…
Աղջիկը դադարեց վազել: Կանգ առավ: Ոչ, նա չպետք է այդպես լքեր Ռուբենին: Ինչպե՜ս հառաչեց նա, երբ ինքը լուռ վեր կացավ հեռանալու:
Նա ետ դարձավ: Չէր շտապում: Գիտեր, որ Ռուբենը դեռ նստած է այգում, իրենց նստարանին: Ահա այգին փողոցի անկյունում: Մնում է կտրել անցնել փողոցը և մտնել այգի…
Աղջիկը տեսավ ռելսի մոտ ընկած, տրորված մեխակ, սպիտակ թերթերին՝ արյուն: Արնագույն մեխակները ճխլվել էին, իրենց հյութ-արյունը ցայտեցրել նրա թերթերին:
Նա կռացավ ու վերցրեց ծաղիկը՝ արյունոտ, ինչպես մորթված անմեղություն, ինչպես Կարինեն:
Նա մի պահ կանգնեց ռելսերի միջև, նայեց այգու ցանկապատին, որի ճաղերի արանքից երևում էր Ռուբենի ծխախոտի կրակը, նայեց իր ձեռքի մեխակին…
-Ափսո՜ս, - շշնջաց նա, ինքն էլ մի կարգին չիմանալով, թե ինչն է ափսոսում և ետ դարձավ:
Նա չեր վազում:
Անհետացել էր նրա կոկորդում կուտակված և անընդհատ պոռթկալ սպառնացող լարվածությունը:
Նա սարսափելի հոգնած էր:

Գալաթեա
23.06.2009, 01:15
Հերբուսը կարդացի, վերջապես :P

Ասել եմ, չեմ սիրում "խոսող բնության" մասին գրվածքներ, որովհետև կարծում եմ՝ դրանք պետք է անթերի լինեն, որ կարդացվեն։ Որ համոզեն։ Կեղծ չլինեն։

Ես երևի երկրորդ պարբերությունից արդեն մոռացել էի, որ "խոսող բնության" մասին եմ կարդում :)
Ավելի լավ էիր շունչ ու կենդանություն հաղորդել, քան շատերը կարող են անել՝ մարդկանց մասին գրելիս։

Ծաղկին վերջին անգամ նայելու Մենավորի անձնազոհությունը շատ հուզիչ էր..ու ընդհանրապես, տեսարաններ կային, որոնց գեղեցկությունը գրեթե անիրական էր :)


Զույգ ծաղիկները բռնել էին արևի մի գողտրիկ շող և բարձր ու ինքնամոռաց քրքջալով այդ շողը նետում էին իրար աչքերի մեջ:

Ապրես :)

prptogh
24.06.2009, 09:28
Սքանչելի նովել է…տխուր ու…ճիշտ::(


Երիտասարդի ներսում ինչ - որ բան ճմլվեց սրտի նման: Երևի սիրտն էր:


Իսկ սա սքանչելի տող…:love

Երկնային
30.06.2009, 02:13
Շատ սիրուն էր… պատկերերը, մտքերը, ամեն ինչ…
ապրես

Եկվոր
30.06.2009, 08:07
Շնորհակալ եմ, քո գործերը կարդալուց հետո մեծ ցանկություն ունեի քեզնից գովասանք ստանալ: Ստացա::hands

Եկվոր
02.07.2009, 12:19
Պրոֆիլակտիկա

Եկվոր
28.01.2010, 23:21
- Կարելի՞ է;
- Խնդրեմ, ներս մտեք: Նստեք խնդրեմ:
Բժիշկը հանեց ակնոցները, գրասեղանի վրա գտնվող բազմաթիվ թղթերից մի քանիսը դրեց դարակում, մաքրեց ձեռքերը բուրավետ խոնավ անձեռոցիկով և նոր միայն դառնալով երիտասարդին, ասաց.
-Lսում եմ ձեզ:
Երիտասարդը, որ ակնհայտորեն կաշկանդված էր, հանկարծակիի եկած կմկմաց, ապա, հավաքելով իրեն, թոթովեց.
- Գիտե՞ք, բժիշկ, ես... մենք ահա արդեն վեց տարուց ավել է, ինչ ամուսնացել ենք, բայց... բայց...
- Բայց դեռևս երեխաներ չունեք, այո՞,- կարծես հարցրեց ու կարծես պատասխանեց բժիշկը:
- Այո:
Բժիշկն ու շ ա դ ի ր նայեց երիտասարդին: «Վիկտոր, հերիք է թափանցես...»,- ասում էր կինը, երբ ինքն այդպես նայում էր նրան: Երիտասարդը, հավանաբար նույն զգացողությամբ, շուրջը նայեց: Նույնիսկ կարծես ցանկություն ունեցավ բողոքող ինչ-որ բան ասել, բայց բժիշկը կանխեց նրան.
- Ես հիմա մի քիչ կպարծենամ,- ժպտալով ասաց նա,- և դուք կհամոզվեք, որ արժե ինձ հետ գործ ունենալ: Հա, ի դեպ, ո՞վ եք դուք և ինչո՞վ եք զբաղվում:
- Իմ անունը Անսա է: Անսա Վարդանյան: Ես մաթեմատիկոս եմ:
- Օ՜, դժվարին մասնագիտություն ունեք: Եվ գեղեցիկ էլ անուն ունեք: Բայց եթե ես ձեզ չտեսնեի, կկարծեի, թե այն կանացի անուն է...
Անսան տխուր նայեց բժշկին: Նրան հաճախ էր տանջում այն միտքը, որ ինքը լիարժեք տղամարդ չէ և բժշկի դիտողությունը ցավացրեց նրան...
...Ես բժշկական գիտությունների դոկտոր եմ, պրոֆեսոր,- շարունակեց բժիշկը: Ունեմ բազմաթիվ աշխատություններ բժշկագիտության տարբեր հարցերի վերաբերյալ: Իմ թեկնածուական թեզի վերնագիրն էր «Անպտուղ և անպտուղ համարվող ամուսնություններ: Անցումը մեկից մյուսին»: Այնտեղ ես մանրամասն վերլուծության եմ են...դուք ինչ-որ բա՞ն ես ուզում ասել ինձ:
- Այո, բժիշկ: Ես այդ բոլորի մասին տեղյակ եմ, կարդացել եմ Ձեր բոլոր աշխատություններն ու հենց այդ պատճառով էլ որոշել եմ դիմել Ձեզ: Ինձ քննել են Ձեր մի քանի անվանի կոլեգաներ և նրանցից ոչ մեկը հույս չի հայտնել, թե ես կարող եմ երեխա ունենալ: Դուք իմ վերջին հույսն եք: Դուք եք, որ պետք է պատասխանեք այն հարցին, թե իմաստ ունի՞ արդյոք այսուհետև ապրել...
Բժիշկն արագորեն կռացավ կարծես թե ինչ-որ բան կարճապահարանից հանելու համար: Անսան օգտվելով դրանից կայծակնային արագությամբ հանեց թաշկինակն ու վերացրեց արդեն աչքերից կաթալ սպառնացող արցունքները: Այդ արցունքները բժիշկը նկատել էր դեռ Անսայի կոկորդում և հենց այդ պատճառով էլ կռացավ, ժամանակ տալով Անսային «փրկել հեղինակությունը»:
- Դե, դե, դա արդեն ավելորդ է: Քո կյանքը դեռ առջևում է և դու դեռ բազմաթիվ առիթներ կունենաս նրանից դժգոհելու համար: Իսկ հիմա հուսալ ու ծիծաղել է պետք: Չէ՞ որ ես դեռ չեմ կտրել քո վերջին հույսը: Չէ՞ որ կարող է պատահել, որ մեղավորը քո կինը լինի,-բժիշկը դիտավորյալ «դու»-ի անցավ Անսայի կաշկանդվածությունը հանելու համար:
- Դա բացառվում է, բժիշկ, բոլոր ստուգումները նրա օգտին են խոսում: Նա բացարձակապես առողջ է: Այդպիսին է բոլոր բժիշկների կարծիքը:
- Բայց չէ՞ որ դու մինչև վերջ չես հավատացել քեզ ստուգող բժիշկներին: Նույն չափով կասկածիր նաև կնոջդ բժիշկներին: Որտե՞ղ է նա հիմա:
- Այստեղ է: Սպասում է դրսում:
- Խնդրում եմ ներս կանչիր:
Երբ երիտասարդ, հմայիչ կինը ներս մտավ, բժիշկը բարևելով նրան, երկուսի համար էլ ուղեգրեր գրեց, որոնց օգնությամբ նրանք պետք է անալիզներ հանձնեին լաբորատորիայում...

(շարունակելի)

Եկվոր
29.01.2010, 23:39
Անալիզները հաստատել էին Անսայի ասածները:
Արփին, Անսայի կինը, բացարձակապես առողջ էր, իսկ Անսայի համար մխիթարական քիչ բան կար:
Սակայն պրոֆեսոր Վիկտոր Մխիթարյանը հենց նրանով էր հռչակավոր, որ կարողանում էր օգտագործել իր ձեռքի տակ եղած ամենաչնչին հնարավորությունը հաղթանակի հասնելու համար: Կոլեգաները կատակով ասում էին, որ Վիկտորի համար "փաստարկ է նույնիսկ փաստարկների իսպառ բացակայությունը"...
- Եվ այսպես, Անսա, մեր գործը բավականին լուրջ է...
- Միթե ոչ մի հույս չկա, բժիշկ...
- Եթե ոչ մի հույս չլիներ, ես կասեի քո' գործն է լուրջ, իսկ ես ասացի մ ե ր գործն է լուրջ: Եթե դիմենք հավանականությունների տեսությանը (չէ՞ որ դու մաթեմատիկոս ես), քո հայրանալու հավանականությունը կազմում է մոտ երկու տասնորդական տոկոս: Մենք պետք է հազար "դեմ"-ին երկու "կողմ" հակադրելով հասնենք հաղթանակի: Գիտես չէ՞ ինչ է նշանակում իմ անունը: Մենք պետք է հաղթենք և այդ գործում ես շատ եմ զգալու քո օգնության կարիքը: Հա, ի դեպ, անուշիկս (Արփիին այդպիսի դիմելաձևը բժշկի մոտ առաջացել էր ինքնաբերաբար և ոչ առանց հիմքի: Արփին իրոք շատ անուշիկ կին էր), դու կարո՞ղ ես լաբորատորիայից բերել Անսայի պսիխոգրամմաները:
Երբ Արփին գնաց, Մխիթարյանը դարձավ Անսային.
- Դու կապեր ունե՞ս ուրիշ կանանց հետ:
- Ես սիրում եմ Արփիկիս...
- Այսինքն հիմա չես դավաճանում: Իսկ նախկինում, մինչև ամուսնանալը ունեցե՞լ ես այդպիսի կապեր:
- Ինչպիսի՞:
- Դե, կանայք, որոնց հետ կապված լինեիր սիրային կապով:
- Ես մինչև ամուսնանալս սիրել եմ մի աղջկա: Նրա անունն Անահիտ էր... Նա չսիրեց ինձ: Բայց ես նրան անգամ մոտիկ չեմ գնացել: Նա այնպես կտրուկ մերժեց իմ սերը, որ նույնիսկ հետագա սիրահետությունների համար ոչ մի շանս չմնաց: Այդպես էլ չմոտեցած` հեռացանք:
- Եվ դա՞ է քո ամբողջ "զինանոցը":
- Հիշողություններն ու կարոտը ինձ ստիպեցին կապվել մի աղջկա հետ, որը սովորել էր Անահիտենց դպրոցում: Նույնիսկ ճանաչում էր նրան:
Անսայի պատմելու ընթացքում Արփին ներս մտավ: Անսան մեջքով էր նստած դեպի դուռը և բժիշկը աչքերով նշան արեց նրան, սակայն Անսան ժպտալով ասաց.
- Ես և Արփին իրարից գաղտնիքներ չունենք: Մենք ազատ ենք` նայելու ցանկացած կողմ, բայց, գուցեև հենց այդ պատճառով, միայն իրար ենք նայում:
- Այդ պատճառո՞վ ինձ ուղարկեցիք լաբորատորիա,-ժպտաց Արփին,-եթե պետք է, ես կարող եմ էլի գնալ:
- Մնա, Արփիկ,- ասաց Անսան ու շարունակեց,-նրա անունը Դիանա էր: Ինձ թվում էր, թե Դիանան սիրում է ինձ: Ես ինձ լավ էի զգում նրա հետ: Ես պատրաստ էի ամբողջ կյանքս նվիրել նրան, սակայն պարզվեց, որ նա ինձ հետ կապվել էր ժամանակավորապես, նախապես իմանալով այդ:
Պրոֆեսոր Մխիթարյանի դեմքին խորհրդավոր ժպիտ երևաց: Նա ընդհատեց Անսային.
- Դու կարո՞ղ ես կարդալ անգլերեն:
- Այո:
- Դե, ուրեմն այսօրվա համար բավական է: Եկեք վաղը, կեսօրին:

(շարունակելի)

Արեւոտ լուսին
30.01.2010, 14:58
Ոչ թե լավն էր, այլ շաաաաաատ լավն էր: Կարծում եմ, որ արձակում ավելի լավ եք արտահայտում ներքին աշխարհը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ լավ գրվածքի համար

Գալաթեա
30.01.2010, 15:08
Ոչ թե լավն էր, այլ շաաաաաատ լավն էր: Կարծում եմ, որ արձակում ավելի լավ եք արտահայտում ներքին աշխարհը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ լավ գրվածքի համար

Համամիտ չեմ :)
Եկվորի գրածի պես գեղեցիկ պոեզիա ես դեռ Ակումբում չեմ կարդացել:
Իր արձակը նույնպես գրավիչ է, բայց չափածոն... :)

Եկ :love

Արեւոտ լուսին
30.01.2010, 16:29
Համամիտ եմ, որ պոեզիան հրաշալի է: Ուզում եմ ասել, որ արձակում ավելի ազատ ես... Արձակում չկան սահմաններ... Արձակը մի տեսակ երկնքի նման ա, ինչքան ուզես տարածք կգտնես...

xent qami
30.01.2010, 17:52
Վաղուց այսպես չէի հուզվել: Ամեն ինչ այնքան իրական էր:

Եկվոր
31.01.2010, 22:28
Հաջորդ օրը բժիշկը Անսային տվեց անգլերեն լեզվով մի ամսագիր, ցույց տալով նրա ցանկում ընդգծված մի հոդված «Սեքսոլոգիական անոմալիաներ և անպտղության երևույթի մի քանի դիտարկումներ» վերնագրով:
- Ես խնդրում եմ կարդաս, ուշադրություն չդարձնելով տերմիններին և խրթին ձևակերպումներին. դրանք մեզ` մասնագետներիս չարչարելու համար են: Եթե այս դեպքերից որևէ մեկի և քո դեպքի միջև նմանություն գտնես, կասես ինձ...

Ավարտելով կարդալը, Անսան հուզված դիմեց պրոֆեսորին.
- Բժիշկ, այսպիսի մի բան կատարվել է նաև ի'նձ հետ:
- Պատմիր, պատմիր, Անսա, դա շատ կարևոր է:
- Դիանայի հետ մենակ էինք պուրակում: Այդ երեկո ես շատ ագրեսիվ էի; Ցերեկով իմ համակուրսեցի Քաջոյին էի հանդիպել և նա, իբր իմիջիայլոց, ասաց, որ այդ օրը Անահիտը տղա է ունեցել...
Մութ էր արդեն, իսկ ես չէի շտապում Դիանային տուն տանել: Եղավ մի պահ, որ ես արդեն կորցրի ինքնատիրապետումս և ցանկացա ... դե, հասկանում եք...
- Նա մերժե՞ց:
- Այո:
-Եվ դրանից հետո քեզ հետ կատարվեցին այն բաները, որ նկարագրում է Ստենլի՞ն:
- Ի՞նչ Ստենլի...
- Այս հոդվածի հեղինակը:
- Ախ, հա, բժիշկ: Ես հոդվածի հեղինակին ուշադրությու դարձրի միայն այնքանով, որ դա Դուք չեք, իսկ իր ազգանունը չհիշեցի: Այո, կարելի է ասել, որ ինձ հետ կատարվել են այդ բոլոր բաները:
- Եվ ինչքա՞ն տևեցին դրանք:
- Ստույգ չեմ հիշում: Մոտավորապես մեկուկես ամիս:
- Դա լավ է: Առաջին արգելքը մեր ճանապարհին մենք արդեն հաղթահարել ենք, Անսա: Իմ պրակտիկայում արդեն եղել են 18 այդպիսի դեպքեր: Դու իմ 19-րդ այդպիսի հիվանդն ես: 18-ից 15-ի բալիկներն արդեն ինձ «քեռի պրոֆեսոր» են կոչում, իսկ մեկինը շուտով կծնվի...
Անսան չէր տեսնում և չէր լսում բժշկին: Նրա աչքերը լցված էին արցունքով և նա չէր թաքցնում այդ: Նրա կուրծքն ուռչում էր բերկրանքից: Նա ուզում էր քրքջալ... ուզում էր երգել...«Ահա կգնամ Արփիի մոտ,- մտածում էր նա,-կբարձրացնեմ նրան ձեռքերիս վրա ու կշշնջամ` Արփիկս, մենք երեխա ենք ունենալու»:
Մտածում էր Անսան և մի ակնթարթի ընթացքում նա պատկերացրեց իրեն իր երեխայի հետ խաղալիս, օդ թռցնելիս, դպրոց ուղեկցելիս...երազում էր և չէր էլ նկատում, որ բժիշկը շարունակում է խոսել:
-Դու չե՞ս լսում ինձ:
-Ներեցեք, բժիշկ, չէի լսում
-Այսպես ուրեմն, Անսա, դու ուրախանում ես, դու երջանիկ ես զգում քեզ, սակայն կա դեռևս մի արգելք, որը դու մենակ պետք է հաղթահարես, համենայն դեպս` առանց իմ օգնության:
Ես ասացի, որ մենք հաղթահարել ենք մեր ճանապարհի առաջին արգելքը, իսկ դու չես էլ հարցնում, թե քանի արգելք է լինելու: Ասացի, որ 18-ից 16-ն արդեն բուժվել են: Իսկ ի՞նչ եղավ այն երկուսի հետ...
-Ի՞նչ եղավ նրանց հետ, բժիշկ,- մեռելային ձայնով հարցրեց Անսան:
-Քեզ հետ, Անսա, կատարվել Է ժամանակակից սեքսոլոգներին քաջ հայտնի մի երևույթ: Կրքերի բուռն զարգացման գագաթնակետին արտաքին որևէ ազդակի կողմից կտրուկ արգելակումը հանգեցնում է, այսպես կոչված, սեռական կաթվածի: Այն ինքնին ընդհանուր առողջության համար առանձնակի վտանգ չի ներկայացնում, սակայն որոշ դեպքերում, ինչպիսին նաև քո դեպքն է, նրա ազդեցության տակ են ընկնում նաև բազմացման օրգանները...
Ըստ վիճակագրության, այդ կաթվածը կարող է տևել 20-200 օր: Վտանգավոր են չորս ամսից ավել տևածները: Դրանից պակաս տևածները տեսականորեն բուժելի են, սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպք ունի իր առանձնահատկությունները:
-Իսկ ի՞նչ առանձնահատկություն ունի ի'մ դեպքը, բժիշկ:
-Առայժմ ես քո դեպքի մասին համարյա ոչինչ չգիտեմ; Մեզ դեռևս մեծ հետազոտություն է սպասում, որից հետո ես կորոշեմ բուժման, այսպես կոչված, տակտիկան ու ստրատեգիան...
-Ի՞նչ եղավ այն երկուսի հետ, բժիշկ,-կրկին հարցրեց Անսան:
-Նրանցից մեկի կաթվածը տևել էր հինգուկես ամիս և նրա շագանակագեղձում անդառնալի փոփոխություններ էին կատարվել, մենք անզոր էինք նրան օգնել, իսկ երկրորդը... նրա մասին քեզ կպատմեմ վաղը:


(շարունակելի)

Դեկադա
01.02.2010, 08:45
Չնայած չի կարելի շտապեցնել գրել շարունակությունը, որովհետև շտապելուց մտքերը խեղաթյուրվում են, բայց նենց եմ ուզում ռուսների պոսլե զավտրան չդառնա....;)

.... հետաքրքիր ա կարդացվում, մնացածը վերջում...:)

Եկվոր
03.02.2010, 20:00
-Ինչքան հասկացել եմ, Անսա, դու կարդացել ես իմ աշխատությունները: Դժվար չէ՞ին հասկացվում:
-Ճիշտն ասած, բժիշկ, որոշ բաներ, որ ես համարել եմ այնքան էլ իմ պրոբլեմին չառնչվող, ես բաց եմ թողել:
-Ուրեմն դու հավանաբար չես կարդացել իմ "Hypnosis to past" հոդվածը: Այն իրականում ընդհանուր բնույթի է, բայց տվյալ դեպքում վերաբերվում է մեր պրոբլեմին: Բուժման այս մեթոդի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ, քանի որ հիվանդությունն առաջացել է զուտ հոգեբանական ճանապարհով` մենք կարող ենք նույն ճանապարհով էլ վերականգնել վիճակը: Դրան հասնելուն խանգարում է այն, որ բավականին ժամանակ է անցել և նախնական պայմանները ենթարկվել են փոփոխությունների: Ահա այստեղ մեզ օգնության է գալիս հիպնոսը: Մենք պետք է հիպնոսի օգնությամբ վերականգնենք քո ենթագիտակցության այն օրվա վիճակը, երբ տեղի է ունեցել քո և Դիանայի չհաջողված ակտը: Դա կլինի մի յուրօրինակ " Back up "… համակարգիչների անցած վիճակը վերականգնելու համար, ինչքան ես գիտեմ, երբեմն դիմում են դրան: Եվ Դիանան պետք է մասնակցի այդ բուժմանը...
-Բժիշկ...
-Այո, Անսա, հասկանում եմ, դժվար է, մանավանդ քո և Արփիի հարաբերությունների պայմաններում: Մենք պետք է քո և Դիանայի հիշողություններից մաքրենք քո հիշատակած դեպքին հաջորդած ամեն ինչ և այդ վիճակում դուք, մնալով հիպնոսի ազդեցության տակ, պետք է կատարեք և ավարտին հասցնեք ձեր կիսատ թողած գործը:
-Բժիշկ, Դիանան ամուսնացած կին է: Նա չորսամյա դուստր ունի և ինչքան գիտեմ, նա և ամուսինը սիրում են իրար...
-Այո, դա կարևոր փաստարկ է, Անսա: Կարող են լինել նաև ուրիշ արգելքներ, օրինակ, հակակրանք, վախ: Նա կարող է, կներես, նույնիսկ զզվել քեզանից: Չկա մի այնպիսի օրենք, որն ստիպի նրան ընդառաջել քեզ, բացի, թերևս, մի քանի չգրված օրենքներից: Սակայն, ինչպես գիտես, ոչ մի չգրված օրենք դեռևս չի գրվել: Իսկ ի՞նչ ես կարծում, ինչպես կվերաբերվի դրան Արփին:
-Երբ մենք դեռ չեինք պարզել, թե մեզանից ով է հիվանդ, Արփին ասում էր. "Անս, եթե պարզվի, որ ես չեմ կարող երեխա ունենալ, կուզեի դու ուրիշ կնոջից մեզ համար երեխա ունենաս, մե'ր երեխան":
-Ուրեմն մնում է Դիանայի, և, ինչու ոչ, նաև նրա ամուսնու գործոնները: Տա աստված, որ նրանք խելամիտ ու բարի մարդիկ լինեն: Մանավանդ, եթե այդ սեանսը տեղի ունենա, դուք ոչինչ չեք հիշելու, ոչ դու, ոչ Դիանան...Մի խոսքով, փորձիր, Անսա, դա քո միակ եյքն է: Հաջողություն եմ ցանկանում քեզ:
-Բժիշկ, բայց Դուք երեկ խոստացել էիք պատմել այն մասին, թե ինչու այն դժբախտ մարդը չի կարողացել երեխա ունենալ:
-Նրան պարզապես մերժեց այն կինը, Անսա: Այդ կինը երջանիկ էր իր ամուսնու և երկու երեխաների հետ և նույնիսկ չեր ցանկացել լսել իր նախկին ընկերոջ պրոբլեմի մասին: Այնպես, որ իզուր չէ քեզ հաջողություն ցանկանալս:
-Շնորհակալ եմ, բժիշկ, ես շնորհակալ եմ անկախ նրանից, թե կհամաձայնվի՞ արդյոք Դիանան...
-Եթե ինձ "քեռի պրոֆեսոր" ասողների թիվը մեկով ավելանա, դա կլինի քո հայտնած ամենամեծ շնորհակալությունը: Ցտեսություն: Սպասում եմ դրական լուրի:
-Ցտեսություն,բժիշկ:
...................................

-Ալլո:
-Բարև, Դիանա...
-Բարև ձեզ, ո՞վ է:
-Անսան...
Տուու, տուու, տուու, տուու, տուու...

խխունջ«»
04.02.2010, 19:05
Եկվոր,բանաստեղծություններդ չքնաղ են,իսկ այս պատմվածքից միջակ «սերիալի» սցենարի հոտ է գալիս:

Եկվոր
05.02.2010, 11:10
Եկվոր,բանաստեղծություններդ չքնաղ են,իսկ այս պատմվածքից միջակ «սերիալի» սցենարի հոտ է գալիս:

խխունջ«» ջան, հենց այդպես էլ կա… Մուսաներիս արձակուրդի շրջանն էր, ես էլ որոշեցի «գրդոն» անել… Չստացվեց:)

խխունջ«»
05.02.2010, 19:31
Ապրե'ս անկեղծությանդ համար:Ավելի բարձրացար աչքումս:Թո'ղ այդ«գրդոնը» «գրդոնչիկներին»:Զբաղվիր նրանով,ինչ որ ուրիշներից առավել լավ ես անում...

Mark Pauler
12.02.2010, 16:56
Շատ բարի պատվածք ա!!! :ok

Mark Pauler
12.02.2010, 17:11
:ok
Շատ բարի պատմվածք է!!!

E-la Via
16.10.2010, 21:39
Կարդացի "Համը" :love:
Եկվոր, այդ ինչպե՞ս ես կարողանում մեզ, որ նստած ենք համակարգչի առաջ, տեղափոխել մի աշխարհ, որտեղից ետ գալ չենք ցանկանում: Ամեն անգամ քո ստեղծագործությունները կարդալիս՝համը մնում է բերանումս, և սիրուց,գեղեցկությունից, աննկարագրելի գույներից ու բույրերից բաղկացած այդ աշխարհից ևս մի բաժին ստանալու կարիք ունենում:
Կարծում եմ՝ մի պատմվածքով շատ դժվար է տալ կյանքի դրսևորման փուլերի ամբողջական նկարագիր, բայց քո մոտ այն ստացվեց: Չգիտես ինչի կարծում եմ,որ աս պատմվածքի մասին կկարողանայի երկար խոսել, քննարկել, վերլուծել այն գեղեցիկ ու ճշմարտացի մտքերը, որոնք ամփոփված են դրանում, բայց չեմ անի, քանի որ իմ բառերը կհասարականացնեն Եկվորի մտքերը:
Եկվոր, դու այնքան տվեցիր ու լցրեցիր: Շնորհակալ եմ :):
Երանի թե մենք բոլորս կարողանայինք ապրել մի այնպիսի լիարժեք կյանք, որը թույլ կտար զգալ համը՝ Կյանքի անկրկնելի համը:

Եկվոր
16.10.2010, 23:00
Կարդացի "Համը" :love:
Եկվոր, այդ ինչպե՞ս ես կարողանում մեզ, որ նստած ենք համակարգչի առաջ, տեղափոխել մի աշխարհ, որտեղից ետ գալ չենք ցանկանում: Ամեն անգամ քո ստեղծագործությունները կարդալիս՝համը մնում է բերանումս, և սիրուց,գեղեցկությունից, աննկարագրելի գույներից ու բույրերից բաղկացած այդ աշխարհից ևս մի բաժին ստանալու կարիք ունենում:
Կարծում եմ՝ մի պատմվածքով շատ դժվար է տալ կյանքի դրսևորման փուլերի ամբողջական նկարագիր, բայց քո մոտ այն ստացվեց:

Ապրես, Աննա ջան, մի քիչ …տխրեցրիր:think Ասեմ, որ սա իմ, եթե չասեմ ամենալավ, ապա ամենասիրած գործն է:
Չգիտես ինչի կարծում եմ,որ աս պատմվածքի մասին կկարողանայի երկար խոսել, քննարկել, վերլուծել այն գեղեցիկ ու ճշմարտացի մտքերը, որոնք ամփոփված են դրանում, բայց չեմ անի, քանի որ իմ բառերը կհասարականացնեն Եկվորի մտքերը:
Ես չգիտեմ, դու բոլո՞ր տողատակերը կարդացիր, թե ոչ, այդ պատճառով դեմ չէի լինի քննարկմանը




Երանի թե մենք բոլորս կարողանայինք ապրել մի այնպիսի լիարժեք կյանք, որը թույլ կտար զգալ համը՝ Կյանքի անկրկնելի համը:

Ճիշտ է…այս պատմվածքը հենց այդ մասին է:love
Շնորհակալ եմ:)

Եկվոր
27.03.2011, 03:49
Ծերուկ Օվկիանոսը խենթացել էր…
Չէր հիշում արդեն, թե քանի՜-քանի հազարամյակ էր նա կոծել ափերն իր ալիքներով, բազմադեմ ու անկրկնելի ափերը, որ անընդհատ փոխվում էին իր ալիքների հարվածների տակ և ամեն ալիքից հետո նոր տեսք էին ստանում՝ ժայռեր, անձավներ, խութեր…անձավներ, խութեր, ժայռեր…
Շատ երկար ժամանակ նա չեր նկատում իր և այդ ափերի միջև բարալիկ, դեղնավուն գիծը. նա ժամանակ չուներ նկատելու այդ գիծը, նա զբաղված էր իր գլխավոր ու միակ գործով՝ կործանել իր ազատությունը կաշկանդող, իրեն բանտող ժայռերը, անձավներն ու խութերը… Ծերուկն այդ գիծը նկատեց միայն այն ժամանակ, երբ այն արդեն գիծ չէր, այլ բավականին լայն մի շերտ՝ դեղին, ոսկյա ավազի մի զգալի շերտ: Նկատեց այն ժամանակ, երբ զգաց, որ չի կարողանում իր ալիքները հասցնել խութերին, անձավներին, ժայռերին…
Կարաղած Օվկիանոսը հարձակվեց ավազի վրա, փորձեց հեռացնել նրան իր և իր…հարազատ թշնամու՝ ափերի արանքից, մտածում էր մեկ-երկու հարվածով լվալ, կլանել նրան, բայց շուտով հասկացավ, որ ավազի հետ կռիվ չի ստացվում, այլ ինչ-որ խաղ՝ իր հարձակման հետ ավազը նահանջում էր, իր նահանջի հետ հարձակվում: Երբեք, ոչ մի անգամ ավազը ժայռի ու խութի նման չկանգնեց իր ալիքներին հանդիման: Մոռացավ ծերուկն իր կռիվը: Նա հիմա չէր կռվում, կռիվ-կռիվ էր խաղում, մինչև որ մի օր…
Հանդարտ, արևոտ օր էր: Քամին, որ միշտ օգնում էր իրեն, չգիտես ուր էր գնացել և Օվկիանոսը արևի ճառագայթներից ընդարմացած նիրհում էր ու հանկարծ…օ, արարիչ ժամանակ, նրա խորքերից մի հզոր, անկասելի գվվոց խախտեց նրա նիրհը…ԻՆՔԸ ՍԻՐՈՒ՜Մ Է ԱՎԱԶԻՆ… Սրսփաց Օվկիանոսն ու Արևից թարգմանած միլիարդավոր կայծերն ուղղեց ավազին: Տե՜ր աստված, այդ ինչպիսի՜ իգություն էր բուրում ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազը: Ցանկացավ պառկել Օվկիանոսը ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազի վրա, բայց երբեք չկարողացավ հասնել այդ վայելքին՝ ավազը նրան միայն թաց ու սառն էր հասնում… ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազն զգալ, նրա իգությունը շնչել լիառունգ նա կարող էր միայն հեռվից: Եվ ահա խենթացել է ծերուկ Օվկիանոսը, որոշել է գոլորշիանալ ամբողջովին և հետո նոր պառկել ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազի վրա ու վայելել նրա իգությունը՝ չթրջելով նրան: Իսկ մարդիկ, ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազի իգությունը չզգացող մարդիկ ասում են.
-Գլոբալ տաքացում է:

Եկվոր
05.01.2013, 00:49
Այսպես չի՛ կարելի...
Ժորիկը ժպտաց:
Նա հիշեց ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՍՏԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ օրը: Ինքն այդ ժամանակ դեռ չգիտեր, որ դրանից հետո ստանալու է ( նա նորից ժպտաց. առաջներում կասեր՝ ձեռք է բերելու) այս տարօրինակ ու... անպետք հատկությունները: Ի՜նչ ափսոսանքով ինքը նայեց իր ձեռքերի անհետացմանը: Մինչ այդ, իհարկե, ոտքերն էին անհետացել, բայց Ժորիկին դա առանձնապես ցավ չէր պատճառել, որովհետև ինքն արդեն շուտվանից չէր օգտվում դրանցից՝ այն պահից, երբ վերջին անգամ նստեց ու որոշեց այլևս վեր չկենալ տեղից: Երկար դեգերումներից հետո նա վերջապես ընկել էր այդտեղ, որտեղ ամեն ինչը՝ սնունդ թե այլ որևէ բան, միանգամից ներծծվում էին նրա մեջ և նա շարժվելու կարիք չուներ ընդհանրապես: Բայց ձեռքերը՜...Ժորիկը շատ էր վարժվել դրանց ու չնայած որ դրանք էլ կամաց-կամաց անպետք էին դառնում, նա սիրում էր երբեմն նրանցով շոյել անհետացած ելուստների գտնվելու տեղերը: Ձեռքերի անհետացումից հետո նա վերջապես հասկացավ, որ յուրաքանչյուր անհետացած ելուստ իր բոլոր հնարավորությունները փոխանցում է մարմնին, որն արդեն համարյա կատարյալ գնդի ձև էր ստացել, համարյա, որովհետև վերջին ելուստը դեռևս աղճատում էր մարմնի գնդաձևությունը: Գլուխն արդեն վաղուց անհետացել էր՝ տեսնելու, լսելու, համի և մնացած բոլոր հատկությունները փոխանցելով մարմնին: Նա համոզված էր, որ վերջին ելուստն էլ կանհետանա և ինքը վերջապես կստանա կատարյալ գնդի ձև, բայց չգիտես ինչու ափսոսում էր: Ինչպե՜ս կցանկանար ինքը, որ ձեռքերը դեռևս անհետացած չլինեին և ինքը մի քիչ շոյեր իր վերջին ելուստն անհետանալուց առաջ, բայց ավա՜ղ, դա անհնար էր: Մարմինն արդեն ստացել էր կատարյալ գնդի ձև և ոչ մի անհարթություն, ոչ մի բիծ չէր աղճատում նրա տեսքը:
-Ահա այն, կատարյալ մարմինը ,-մռլտաց Ժորիկը և անմիջապես էլ իմացավ իր նոր հատկության մասին. հիմա ինքը կարող է ամեն ինչ ցանկանալ և իրագործել իր յուրաքանչյուր ցանկությունը: Այ քեզ վերջին ելուստ:
Հիմա ինքը կարող է արարել:
Դրա համար նա միայն պետք է լրջորեն ասի՝ «Այսպես չի կարելի» ու ցանկանա փոխել այն, ինչ ուզում է...
Երկար ժամանակ Ժորիկը չէր համարձակվում որևէ բան փոխել, հետո, երբ արդեն բավականին ձանձրացավ, որոշեց փորձել, սակայն ամեն անգամ, երբ ասումէր «Այսպես չի կարելի», հիշում էր ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՍՏԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ օրն ու ժպտում: Իսկ «Այսպես չի կարելի» պետք էր ասել լրջորեն,առանց ժպտալու...
Այդ չարաբաստիկ օրը Ժորիկը անընդհատ մտածումէր, որ ինքը սխալվել է, կարծելով, որ իր մարմինը կատարյալ ու համասեռ է, նա համոզված էր, որ այդպես է միայն արտաքինով, իսկ ներսում դեռ առաջվա նման եռում ու բլթբլթում է ամեն ինչ: Ժորիկը որոշել էր ներքին ելուստները նույնպես վերացնել: Այդ օրվա վերջում Ժորիկը վերջապես ներսով ու դրսով կատարյալ էր լինելու...Արածին հանդիսավորություն տալու համար Ժորիկը հարմար դիրք ընդունեց, մի փոքր փքվեց ու...
-Այսպես չի կա...ԲՂԿ...ԴՂՐԴ ...ԲԲԽԿ.............
Ժորիկը գխտաց: Նրա ներսից ահռելի արագությամբ դուրս թռան բազմաթիվ մեծ ու փոքր կտորտանք, այդ գխտոցը խանգարեց կատարյալ դառնալու նրա փորձը, Ժորիկը նայեց թռչող բեկորների ետևից և մրմնջաց.
-Վա՜խ իմ միկրոֆլորան, վա՜խ իմ միկրոֆաունան, ախր ինչպես կարող են նրանք ապրել առանց ինձ, ինձնից դուրս...մի՞թե դա հնարավոր է: Պետք է հետևել նրանց պատմությանը: Բայց ի՞նչ պատմություն առանց ժամանակի...
Ժորիկը գտավ իր ներսում շուտվանից մոռացված մի մալանչ ժամանակ, ձգեց թել դարձրեց այն, մի ծայրը պահեց իր մոտ, անվանելով անցյալ, որովհետև արդեն գխտոցի մասին մտածել էր՝ անցած լինի, մյուս ծայրը շպրտեց թռած բեկորների ուղղությամբ նրանցից շատ առաջ ու անվանեց ապագա, որովհետև մտածեց՝ բեկորը նախ պետք է թռնի, ԱՊԱ՝ ԳԱ, իսկ թելի այն մասը, որի մոտ հիմա գտնվում են գխտոցի բեկորները, Ժորիկն անվանեց ներկա, որովհետև նրա մոտերքում շատ բեկորՆԵՐ ԿԱն: Դրանից հետո Ժորիկը հանեց մի մալանչ սեր, որ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՍՏԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ օրվանից չգիտես որտեղ էր խցկել, և, որպեսզի ժամանակի թելը չկտրվի, քաշեց ժամանակի թելի հետ: Եվ սիրո այն մասը, որ անցյալին էր բաժին ընկել, Ժորիկն անվանեց ՀԱՎԱՏ, և սիրո այն մասը, որ բաժին էր ընկել ապագային, Ժորիկն անվանեց ՀՈՒՅՍ, և քանի որ գխտոցի բեկորները դեռ շարժվում էին ու որոշակի տեղ չգտավ անվանակոչելու համար, Ժորիկն այդ մասի անունը թողեց ՍԵՐ: