Դիտել ողջ տարբերակը : Մեկ այլ Ղարաբաղ...
Այս բաժնում հատվածներ կտեղադրեմ իմ ավագ ընկեր Վլադիմիր Հարությունյանի «Մեկ այլ Ղարաբաղ» ժողովածուից, որը նոր է պատրաստվում լույս տեսնել։ Հիմնականում Ղարաբաղյան շարժման, պատերազմի հենց առաջին օրերից հեղինակի հիշողություններն են։ Շատ հաճույքով եմ կարդացել, հեղինակին խնդրեցի, որ թույլ տա, տեղադրեմ ակումբում, հաճույքով չմերժեց :)
ՀԱՐՍ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ
Այն օրերին՝ 92-ի փետրվարին, որևիցե տեղ գնալու, ուղևորվելու մասին խոսել կարելի էր միայն խիստ պայմանականորեն: Ոչ միայն ամբողջ շարժվող մեխանիզացիան, այլ նաև տեղի ավանդական-պապենական՝ երկարականջ փոխադրամիջոցը նույնպես տրամադրված էին բանակի կարիքների համար: Տեղից տեղ գնալը հնարավոր էր միայն զինվորական փոխադրականներով, այն էլ, ինքնին հասկանալի է, ոչ բոլորին: Մի խոսքով, պատերազմող երկիր, պատերազմական իրավիճակ: Ինչ վերաբերում էր «իմ» երթուղուն, ապա դեպի Հադրութի ենթաշրջան տանող Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա խճուղին, ինչպես և Ստեփանակերտից դուրս եկող բոլոր հայտնի ճանապարհները, գտնվում էր ուղղակի նշանառության տակ Շուշիի կողմից և, ըստ էության, ամուր «կողպած» էր: Հարցը միայն, և այնքան, գնդակոծվելու վտանգը չէր: Այդ առումով բախտդ կարող էր և բերել: Առավել վտանգավորն այն էր, որ շատ հեշտ կարող էիր գերի ընկնել: Եվ այս իրավիճակում, հաջորդ օրվա կեսերին, նախկին մարզխորհրդի ամուր շենքի մոտ, ուր օրվա լույս ժամերին Շուշիից տեղացող ականներից պատսպարվում էր տանից դուրս եկած բնակչության հատվածը, ինձ հայտնաբերեց Վաղոն և հայտնեց, որ երեկոյան հինգի կողմ, քաղաքի «ներքևից», դեպի Հադրութ է գնալու մի «Ուրալ»: «Դե տանկիցը հոմ լյավ ա, էլի» - մխիթարեց նա ինձ` հրաժեշտ տալով: Կար նաև մեկ այլ մխիթարանք. Մալիբեյլին ու Խոջալուն վերցնելուց հետո, Դաշուշենից մի շրջանցող՝ անվտանգ համարվող ճանապարհանման հատված էին բուլդոզերով հարթել- բացել, որը մի տեղ գնում և միանում էր Կարմիր Շուկա տանող հիմնական Ճանապարհին:
… Ասում են կենդանիները յուրովի և չափազանց սուր են զգում գալիք վտանգը, այդ սպառնալի պահերին դառնում են սովորականից շատ ավելի բանական և, բացի իրենցից, որքան որ կարող են օգնում են նաև մարդկանց` հեռու մնալ վերահաս վտանգից: Կարող եմ պնդել, որ ամենավճռական ու բախտորոշ պահերին տեխնիկան նույնպես դսևորում է նման հատկություններ: Այն գիշերվա մեջ ես հավատացի և համոզվեցի, որ անանցանելի փետրվարյան ցեխի միջով լողացող-սողացող մեր այն «Ուրալ»-ը, որ ստիպված ու դատապարտված էր սոլյարկայի փոխարեն վառել սպիրտով ու օղով բացած արդեն մեկ անգամ օգտագործած յուղ, իրոք որ օժտված էր որոշակի բանականությամբ եվ, նույնիսկ՝ խղճով ու պարտքի զգացողությամբ: Նա գիտեր, զգում և հասկանում էր, որ այդ վտանգավոր, անվերահսկելի ճանապարհահատվածը, որը խիստ դժվարանցանելի է նույնիսկ թրթուրավոր տեխնիկայի համար, ինքը պարտավոր է անցնել առանց կանգ առնելու, հնարավորինս արագ: Ինքը՝ ասես մտաստեղության եզրին կանգնած, բայց բոլորիս համար անբացատրելի մտերիմ ու հարազատ դարձած եռասռնի այդ մեքենան, կարծես գիտակցում էր, որ այս պահին իրենից ու միայն իրենից է կախված բոլոր այն մարդկանց կյանքն ու ճակատագիրը, որոնք ամբողջովին վստահվել են իրեն: Իսկ ամենակարևորը՝ իրենից է կախված այն հարսնացուի բախտն ու հետագան, որին ինքը պարտավորվել էր տանել հասցնել իր փեսացուին…
Արդեն մթնել էր, երբ տարբեր ու երկար հետուառաջներից ու ձգձգումներից հետո վերջապես ոնց որ թե շարժվեցինք: Մութ, ցուրտ: Հազիվ էինք կողք-կողքի հարմարվել-տեղավորվել, երբ վարորդն հայտարարեց, թե՝ մի տեղ էլ կա մտնելու՝ հարս պետք է վերցնենք իր օժիտով: Պարզվեց, որ հրամանատարներից մեկը պսակվել է, բայց տվյալ պահին նա դիրքերում է և անձամբ հարսի հետևից գալ չի կարող: Այնպես որ, հարսին ողջ և առողջ պետք է հասցնել իր փեսացուին:
«Ռոճիկն էլ ճիշտ ժամանակին բերեցինք»,- մտովի այդ հանդիսությանը նաև ինձ
մասնակից դարձրեցի ես,– «փեսացուին, երևի, այս առիթով կրկնապատիկ
վճարեն»:
Մոտեցանք հարսի տանը: Մեքենայի լուսարձակները մթության միջից առանձնացնում են «դավաթվորներին»՝ մեզ դիմավորում են տասնյակի չափ կանայք և երկու ծերունի: Դուրս բերին աչքալույսը՝մի շիշ թթի օղի և մի մեծ ափսե զանազան չրեղեն՝ բերաններս քաղցրացնելու համար: Մինչև մենք «բարի բախտ» ու «մի բարձի ծերանալ» ենք մաղթում ջահելներին, հարսի հարազատները սկսում են բարձել օժիտը: Ինչ-որ խալիներ, խուրջիններ ու կապոցներ, պարաններով կապկպած հնաոճ պայուսակներ ու ճամպրուկներ և նույնիսկ՝ մեկ հատ 50-կանների ոճով սև ռեդիկյուլ` հարսի թևատակին: Իսկ օժիտ կոչվող այդ ինչք ու բարիքի վերևում էլ նստացրին հարսին՝ նրբագեղ, սպիտակ «լոդոչկա տուֆլիներով» ու պսակազգեստով՝ վրան գցած մի հնամաշ վերարկու: Դե հասկանալի է, որ նոր կոշիկ ու զգեստ մի կերպ ճարել են, բայց այդ ժամանակ որտեղի՞ց ճարեին նոր վերարկու: Հարսին ուղեկցում էին մի քանի բարեկամ-ընկերուհիներ՝ հարսնաքույրեր, հարսի նման՝ դրսի ցեխի և, առհասարակ, «դրսի» ամբողջ իրադրության հետ բացարձակապես «չբռնող» սպիտակ կոշիկներով:
Անցանք մեր ամրացված դիրքերից մի քանիսը և դուրս եկանք թփուտապատ մի տափարակ, ուր նոր-նոր սկսել էր դիրքավորվել հարյուրմիլիմետրանոցների մեր մարտկոցը: Հրետանավորները զգուշացնում և խորհուրդ են տալիս առաջ չգնալ, սպասել գոնե, մինչև որ լուսանա: «Սա մեր վերջին դիրքն է»- բացատրում են նրանք: Առջևում, մի տաս-տասներկու կիլոմետր, ոչ ոքի կողմից իրական վերահսկողություն չկա և ամեն բան կարող է պատահել: Նախ՝ գիշերը լուսնկա է, տեսանելիությունը գերազանց, իսկ այդ հատվածը հասանելի է թշնամու հրետանու համար: Իսկ հենց երեկ այդ մասում թուրքերը դարանամուտ էին եղել և մի քանի հոգու գերի վերցրել:
Երևի պատահական չէ, որ իրենց բնավորության մի խիստ որոշակի գծի համար ղարաբաղցիների բնավորությունը հաճախակի արժանանում է ոչ այնքան հաճելի, բայց նույնպես մի խիստ որոշակի համեմատության՝ ակնարկելով հայտնի անշառ, բայց համառ էակ: Այս դեպքում էլ լսեցին զինվորների ասածը, գլուխները թափ տվին, ափսոսացին, բայց երբ հարցը եկավ արդեն գնալ, թե սպասել մինչև առավոտ, բոլորը միաբերան սկսեցին գոռալ, թե ի՜նչ սպասել, ի՜նչ մնալ, գնում ենք և վերջ: Իսկ զենք՝ գոնե մի քոսոտ «օբռեզ», ոչ մեկի մոտ չկա: Դե ինչ, գնում ենք, ուրեմն՝ գնում ենք: Ասել, որ սկսում է պատել վախը, ահն ու սարսափը՝ նշանակում է ոչինչ չասել: Աստված չբերի, բա որ հանկարծ թուրքերի վրա՞ դուրս գանք: Սովորական վախից, եթե այդպիսինն իհարկե կա, բազմապատիկ ահավորը դա մարմնովդ մեկ տարածվող ու մինչև վերջին բջիջդ թափանցող՝ այս իրավիճակում հստակ գիտակցված սեփական անզորության կպչուն ու ծանրաթանձր այն սոսկալի զգացողությունն է: Նայում եմ հարսին: Անհանգստության, կամ հուզմունքի գեթ նշու՜յլ անգամ չկա: Վստահ, ապահով նստած է աղջիկը՝ իր հարս-անձի անձեռնմխելիության ու անվտանգության բացարձակ համոզվածությամբ. ոչ մի վտանգ իր կողքով անցնել նույնիսկ չի կարող: Նրա այդ հանգստությունը հետզհետե կարծես փոխանցվում է նաև մեզ: Համենայնդեպս, ինձ որ՝ հաստատ: Համ էլ հրետանավորները ի վերջո որոշեցին հետներս մի «ավտոմատչիկ» ուղարկել: Արդեն հույս է:
Մի երկար ու ուղղաբերձ վերելքից առաջ վարորդի կարգադրությամբ բոլորս իջնում ենք՝ վերելքը ոտքով անցնելու համար: Մի կողմից մեքենայի բեռը կթեթևանար, մյուս կողմից, եթե հանկարծ ծուղակ էլ սարքած լինեն, մի բան է լավ խիտ լցոնած մի ամբողջ մեքենա նվեր, այլ բան է՝ մեկ-մեկ, ցաքուցրիվ: Իջնում է նաև հարսը՝ ասես դշխուհին ոսկեզօծ կառքից: Լիալուսին այս գիշերվա մեջ նրա հարսանեկան զգեստն ասես ավելի շքեղ ու տպավորիչ է թվում: Բոլորը գնում են կռացած, մի տեսակ վախվորած ու լարված: Իսկ մեր հարսը, ցավդ տանեմ, գեղահասակ, վեհ ու հպարտ կեցվածքով, գնում է համաչափ ու հանդարտ՝ իր քույրերով օղակված: Նույնիսկ փեշերն է պահել և զգուշորեն շրջանցում է փուշ ու մացառները, որ զգեստը հանկարծ չվնասվի: «Ավտոմատչիկը» պարբերաբար հիշեցնում է, որ մնանք իր ձախ կողմում, աջ չանցնենք: Մոտենում եմ նրան, ասում, թե՝ գնանք ավելի մոտ, եթե ինչ-որ բան պատահի, առաջին հերթին կարողանանք նրան պաշտպանել: Զինվորը ժպտաց, գլխով արեց, և ամբողջ այդ վերելքի ընթացքում մենք չհեռացանք հարսի կողքից՝ ուղեկցելով նրան որպես «հաստիքային» թիկնապահներ: Ինքն, իհարկե, նույնիսկ չնկատեց էլ այդ «շքախումբը», ինչպես և իրականում վայել է իսկական հարս-դիցուհուն:
Իսկ ներքևում… Ներքևում ոռնում, տնքում, հռնդում ու հոգետանջ էր լինում անհավանական մեր այն «Ուրալը», բայց համառորեն, ուժերի գերլարումով սողեսող հաղթահարում էր տանջահար այն վերելքը: Նա՝ այդ «Ուրալը», շտապում էր, շատ էր շտապում: Որպեսզի հասցնի, անպայման տանի հասցնի հարսին ճակատագրի իր հանգրվանը:
…Այն գյուղում, ուր լուսադեմին դիմավորեցին «մեր հարսին», հետագայում եղա բազմիցս: Բայց ոչ մի անգամ չկարողացա ինձ ստիպել, որ հարցնեմ, թե ինչպե՞ս եղավ «մեր հարսի» հետագան: Շատ էի վախենում: Բա որ հանկարծ իմանամ, որ այրի է դարձել…
Բանակի ռոճիկը
Խոջալուն վերցնելուց հետո, մինչև մեր ՅԱԿ-40- ի «ՍՏՐԵԼԱ»-յով խփվելը, վերականգնվեց և որոշ ժամանակ դեռ գործեց, ճիշտ է, պատերազմի ժամանակին բնորոշ խիստ անկանոն ձևով, Երևան-Ստեփանակերտ օդային կապը: Եվ ահա 92-ի
փետրվարին, Մանվել Սարգսյանի հետ, որն այդ ժամանակ ԼՂՀ ներկայացուցիչն էր Հայաստանի Հանրապետությունում, թռնում ենք Ստեփանակերտ: Տանում ենք մի տաս-տասներկու արկղ փող: Այդ արկղերում Ղարաբաղի նոր-նոր կազմավորվող բանակի առաջին աշխատավարձն է, որ պաշտոնապես պետք է իր զինվորներին վճարվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կոչվող պետության կողմից: Ինքնաթիռի օդ բարձրանալուց ընդամենը մի քանի րոպե անց քիչ էր մնում, որ մենք՝ մեր միլիոնների հետ միասին, հայտնվեինք դրախտի դռների մոտ: Հարցը նրանում էր, որ մեր այդ ՅԱԿ-40-ում բոլոր նստարանները հանված էին, այն դարձրել էին բեռնատար և այդ պահին ինը երկուհարյուրլիտրանոց տակառներով վառելանյութ էր տանում Ղարաբաղ: Թե ի՜նչ օձի լեզու թափելով, ի՜նչ փաստարկներ բերելով, երկու ղարաբաղցի կարողացան այդ առավոտյան «կեռ բերել» Վազգեն Սարգսյանին, գութ գցել նրա սիրտը, երևի թե գիտեն միայն իրենք և վերևն՝ Աստված: Բայց փաստն այն է, որ ի վերջո նրանք հայտնվեցին ինքնաթիռում: Եվ, մի թեթև «շունչ առնելուց հետո», հավանաբար ուրախությունից…որոշեցին ծխել: Մենք միանգամից կարծես լավ չհասկացանք էլ, թե ինչ է իրականում նշանակում, ինչով է հղի նրանց ծխախոտ կպցնելը: Երևի թե բոլորիս բախտից էր, որ այդ պահին խցիկից դուրս եկավ օդաչուներից մեկը, որպեսզի ստուգի տակառների դիրքը, նրանց շեղվել-չշեղվելը: Տեսնելով «հավեսով ղուլաբ զարկողին»՝ խեղճ օդաչուն բաց արեց բերանը…և կորցրեց խոսելու ունակությունը. պարզապես ծխողի ճակատին ուղղեց ատրճանակը: Վերջինս էլ, չգիտես արթնացած բանականությունից, թե, պարզապես, վախից` ծխախոտն ամբողջովին… կուլ տվեց: Թռիչքն անցավ բարեհաջող, բայց վայրէջքի ժամանակ տակառներից մեկը տեղից պոկվեց, շրջվեց կողքի և, թույլ խցանված լինելու պատճառով, սոլյարկայով առատորեն ոռոգեց փողերով լի արկղերից մեկը: Օդանավակայանից փողը դեպի քաղաք բերեցինք՝ հավանաբար կոլխոզում ծերացած մի ինքնաթափով: Վարորդը շատ էր շտապում և մեր թանկարժեք բեռը նա պարզապես աղբակույտի նման շուռ տվեց Գերագույն Խորհրդի շենքի դիմացն ու գնաց: Բարեբախտաբար, դրսում էր ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի վարորդը՝ Վաղոն: Նրա հսկողությանը հանձնեցինք մեր միլիոնները, իսկ մենք բարձրացանք Նախագահի մոտ: Մկրտչյանը սկզբից ոնց որ թե որոշեց բանակային կապիտալը պահեստավորել հենց ԳԽ իր առանձնասենյակում, բայց հետո, հիշելով, որ հրետակոծության ժամանակ արդեն մի քանի անգամ արկերը ուղիղ նշանառությամբ դիպել էին խորհրդարանի շենքին, որոշեց փողերը տանել իրենց տուն՝ ուր ավերածության ռիսկը, ոնց որ թե ավելի քիչ էր: Վաղոյի «ՆԻՎԱ»-ով տարանք, սկսեցինք բեռնաթափել: Սոլյարկայով լավ, «տնական» թրջված չարաբաստիկ այն արկղը ճիշտ ու ճիշտ բաժին հասավ Ա.Մկրտչյանի այդ ժամանակվա տեղակալ, խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Պետրոսյանին: Խեղճ մարդը արկղը թափ տվեց, որ ավելի հարմար կարողանա բռնել: Բայց արկղի թրջված-լղկած տակը բացվեց և շենքի դիմաց հավաքված բնակիչների աչքի առաջ արկղից` փետրվարյան ցեխի մեջ սկսեցին սահել տարբեր արժողությամբ դրամակապոցներ: Ավելի անհեթեթ ու հիմար իրավիճակ, որ ստեղծվեց մեզ համար, դժվար է պատկերացնել: Ամենօրյա հրետակոծումներ, ավերածություն, մահ, մարդիկ մի կերպ պատսպարվում են նկուղներում, իսկ էստեղ՝ արկղերով փող են տանում Նախագահի տուն:
- Պա՜հ, էս ինչքան փող ա, էս ու՞ր են տանում էսքանը, - բացականչեց հավաքվածներից մեկը: Գեորգի Պետրոսյանը՝ սփրտնած, իրեն կորցրած ու մի տեսակ մեղավոր կեցվածքով, չգիտես, փողը թափելու համար, թե այդ փողերի հետ առհասարակ առնչություն ունենալու համար, կանգնած այդ անիծյալ փողակույտի գլխին, կարկամելով ու կծկտուր փորձում է բացատրել հավաքվածներին, որ սա մեր հարազատ բանակի համար է, նրա առաջին աշխատավարձն է: Դե ղարաբաղցիներին էլ, գիտեք, նման մի առիթ է պետք:
- Հա՜, հա՜: Բանակի ռոճի՜կն ա: Դե վըր բանակի ռոճիկն ա, բանակին էլ տարեք
տվե՛ցեք, էլ ստի խի՞ եք բերում:
- Ի հարկե, ի՜նչ բանակ, ի՜նչ ռոճիկ,- միջամտեցի ես, որպես ավելի ազատ անձ,- էս
փողերը՝ մի ամբողջ «սամալյոտ» փող, ձեր նախագահին ենք բերել: Այ սրանք էլ,
որ վրաները սոլյարկա է լցված, հատուկ վառարանում կրակ վառելու համար են:
Իրավիճակը ոնց որ թե դարձավ անորոշ-չեզոք, և ես շտապեցի վերջնականապես «սանձել» այն:
- Տնաշեննե՛ր,- մտերմիկ տնավարի դիմեցի հավաքվածներին,- փոխանակ
օգնեք հավաքել, կանգնել եսիմ ինչե՜ր եք խոսում:
Թե կատակը ճիշտ ժամանակին էր ու ճիշտ էլ ընկալվեց, թե «հայաստանցիների» ներկայությունն ու անհոգ պահվածքը դեր խաղացին, բայց մթնոլորտը իրոք որ լիցքաթափվեց, խաղաղվեց: Ոմանք սկսեցին մեզ օգնել ցեխի միջից փողերը հանել՝ նոր մոտեցողներին, արդեն գոհունակությամբ և ոչ առանց հպարտության բացատրելով, որ ահա, տեսեք, Հայաստանից արդեն առաջին ռոճիկն են բերել մեր բանակի համար:
Վերջապես փողերը տեղավորեցինք: Գեորգի Պետրոսյանը՝ քրտնած, բայց ակնհայտորեն ոչ ծանրություն բարձրացնելու պատճառով,«ոտաց վրա» մի մեծ թեյի բաժակ օղի «քցեց» և, մի քիչ թուլանալուց հետո, շատ լուրջ ու մի քանի անգամ, իր գոհունակությունը սկսեց հայտնել՝ իմ կողմից «ժամանակին ու ճիշտ կողմնորոշվելու կապակցությամբ»:
Բայց չարաբաստիկ այդ փողերը համառորեն չէին ուզում բաց թողնել խորհրդարանի փոխխոսնակին և դարձան նրա գլխին Աբու-Հասանի մաշիկների նման մի պատուհաս: Մի երկու օր հետո Ա.Մկրտչյանը տեսնում է նրան ու «Ֆշշացնում», թե՝ էդ ախմախ փողերը ինչու՞ բերեցիք ու թողեցիք մեր տանը: Ով մտնում, նայում է ու սկսում հիմար-հիմար հարցեր տալ: Տեղակալը, թե՝ դու ասեցիր, բա ու՞ր տանեմ: Սա էլ թե` ուր ուզում ես, բայց մեր տանից տար։ Դե ի՜նչ արած: Շատ զգույշ, ծածուկ, այս անգամ առանց գետնին թափելու, Գ.Պետրոսյանը այդ փողերը տանում է իրենց տուն և գերապահովության համար վրաները պահակ կարգում սեփական աներոջը՝ ձեռքին հնադարյան որսորդական մի հրացան: Մի քանի օր անց փողերը, վերջապես, բաժանվում են: Փոխխոսնակը ազատագրվում է դրանց հետապնդող կապանքներից, իսկ աներն էլ՝ սեփական փեսայի բռնակալությունից…
Նվիրվում է անցած պատերազմի
բուժանձնակազմի կանանց
հատվածին
Դոկտոր Լիան
Գորիսից արդեն դուրս էինք գալիս, երբ ճամփեզրին մեր «ՈւԱԶ»-ին ընդառաջ եկան երկու զինվորականª երիտասարդ մի մարտիկ՝ ինքնաձիգն ուսին, և սպայական համազգեստով մի կին: Կինը, որպես ավագ, ինքը սկսեց բանակցել և բացատրեց, որ իրենց և իրենց հետ էլ այս արկղերը հնարավորինս շտապ պետք է հասցնել մինչև Ստեփանակերտ:
«Եթե նույնիսկ մի քիչ շեղվեք, կամ ուշանաք, մենք կկապվենք ձեր հրամանատարության հետ», - հանգստացրեց նա մեզ՝ նկատելով մեր որոշ չափով տատանվելը:
Կինմարդը պատերազմում, այն էլ գործող բանակում, այնքան էլ հաճախակի մի երևույթ չէ և ցանկացած իրավիճակում ուշադրություն է գրավում: Եվ երբ նրանք նստեցին-տեղավորվեցին, ես, ի¯նչ մեղքս թաքցնեմ, սկսեցի ընդհատումներով, որքան որ թույլ էր տալիս ճանապարհը, զննել-տնտղել կին սպային՝ իմ գլխավերևի վարորդական հայելու մեջ: Իսկ ուշադրություն չդարձնել նրան, տեսնելու առաջին իսկ պահից, պարզապես անհնար էր: Իր կազմվածքին համապատասխան վերաձևած ու հարմարեցված զինվորական համազգեստըª«կամուֆլյաժը», ասես ավելի էր ընդգծում նրա բարեգեղ իրանը, իսկ բանակային գխարկին վայել հմտորեն ու ճաշակով ընտրված պարզ, ուղիղ սանրվածքը նրա ամբողջ կերպարին հաղորդում էր լրացուցիչ մի հմայք ասես, թե գրավչություն: Այդ ամենի հետ մեկտեղ նրա ամբողջ էության մեջ կար նաև մեկ այլ ձգող ու գրավիչª թերևս ավելի կարևոր մի բան: Նրա աչքերի հանդարտ հայացքից, զուսպ, բարեհամբույր ժպիտից և, առհասարակ, ամբողջ նրա պահվածք-կեցվացքից ճառագում էր յուրատեսակ ազնվաբարո մի դաշտ: Զգացվում էր, որ այդ ազնվականությունը ոչ շինծու է, ոչ էլ ձեռքբերովի, այլ բնածին ու ցեղական: Եվ այդ ամենը քեզ ստիպում էր չկենտրոնանալ նրա տարիների, կամ էլ արտաքինի այս կամ այն գծերի վրա, այլ պարզապես նայել ու ընկալել նրան որպես գեղեցիկ և շատ հաճելի մի կինª նույնիսկ զինվորական համազգեստով: Նա այն անձանցից էր, որոնց նկատմամբ, անկախ իրավիճակից և տիրող մթնոլորտից, միշտ էլ հարգալից վերաբերմունք դրսևորելու մի թելադրանք ես զգում: Իմ հետի հինգ մարտիկները, որ մինչ այդ անընդմեջ հռհռում, հրմշտվում ու գզուզ էին անում, լրջացան, լռեցին և ամեն ինչ արեցին, որպեսզի մեր հյուրերը հնարավորինս հարմարավետ տեղավորվեն մեքենայում: Իսկ ես, որ մինչ այդ փորձում էի տղաներին զսպել կամ գոնե հանդարտեցնել՝ ավելի բարձր գոռալով կամ էլ ոչ տպագիր բառապաշարը գործածության մեջ դնելով, հանկարծ զգացի, որ այդ կնոջ ներկայությունը ստիպեց ինձ հիշել իմ հեռավոր համալսարանական կրթության մասին, մանկավարժ լինելու մասին և շտապել-գնալ դեպի այլ բառաշտեմարան: Եվ մարդու վրա ասես իջներ ամաչելու և տխրելու խառը մի զգացողություն: Մի կողմից, ամաչում ես ինքդ քեզանից, որ ներքուստ պատրաստվում էիր ճանապարհային մի ֆլիրտի, բայց հասկացար դրա ամբողջ անհեթեթությունն ու տափակությունը տվյալ պարագայում, մյուս կողմից, տխրում ես, որ քանդվել ու փշրվել է հազար ու մի բան և կիրթ ու ազնվաբարո, բարետես մի կին այսօր հայտնվել է ահա պատերազմի այս ճամփեքին:
Այդ մտքերից մի տեսակ նվաղած՝ ես դադարեցի նայել հայելուն: Հետո էլ ինձ սկսեց թվալ, թե հենց առաջին պահին այդ կին սպայի դեմքը ինձ հիշեցրեց մեր ծանոթներից մեկին: Բայց ես որոշեցի, որ հաստատ սխալվել եմ և ամենաշատը այստեղ աշխատել է, հավանաբար,«երկվորյակների ֆենոմենը», որ իբր ամեն մարդ այս աշխարհում պարտադիր ունի իր նմանակը: Քանզի բացարձակապես բացառում էի նույնիսկ չնչին, նույնիսկ ամենաաննշան հավանականությունը, որ դա կարող է լինել հենց այն անձնավորությունը, ում որ ես նրան նմանեցրի: Ինչպես միշտ լինում է նման դեպքերում, մի որոշ ժամանակ տիրեց լռություն, մինչև որ նստածները ընտելանան միմյանց: Հետո նա առաջինը խոսեց զինվորների հետ: Եվ նրանքª պատերազմի երեք տարիների ընթացքում կոպտացած ու կոշտացած այդ երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ տղամարդիկ, ոնց որ թե շփոթվեցին ու մի տեսակ թուլացան նրա բարյացկամ ու բարեհոգիª զինվորական համազգեստին ու կոպիտ կոշիկներին խիստ անհամապատասխան բարեմիտ ու տնական խոսակցությունից, մտերմիկ հարց ու փորձից: Այդ հաճելի կրծքային ձայնը, ռուսական առոգանությամբ, բայց խիստ գրագետ նրա հայերենը նորից ինձ ծանոթ թվացին ու կրկին հիշեցրին մեկին: Ես մի քանի անգամ էլ նայեցի հայելու մեջ և արդեն ճանաչեցի նրան: Եվ… բառացիորեն ապշահար եղա: Նույնիսկ մեքենան կտրուկ ու անհարմար արգելակեցի, որպեսզի մեկ անգամ ևս համոզվեմ, արդեն վերջնականապես, որ իրոք չեմ սխալվել: Քանզի այստեղ, այդ համազգեստով ես կարող էի պատկերացնել ում ասես, բայց ոչ հենց այդ տիկնոջը: Իսկ սխալ իրոք որ չկար: Բժշկական ծառայության մայորի ուսադիրներով այդ կինը հենց ինքն էրª մեր գործընկերոջ, երկրաբան Իշխանի կինըª բժիշկ-համաճարակաբան Լիա Բագրատի Ստեփանյանը: Լիա Բագրատովնան, կամ դոկտոր Լիան, ինչպես դիմում էին նրան բոլորը:
… Ղարաբաղյան Շարժումը Լիա Բագրատովնան մերժեց հենց սկզբից և կտրականապեսª նրա բոլոր դրսևորումներով: Մերժեց ամբողջովին և սկզբունքորեն՝ չընդունելով այն ո՛չ սրտով, ո՛չ բանականությամբ: Լինելով ՀԽՍՀ խոշոր նոմենկլատուրային աշխատողի դուստր, նա, ընտանիքից զատ, արդեն իսկ ուսանողական տարիներից սկսած ձևավորվել և կոփվել էր որպես գաղափարապես կայուն կոմունիստ, որը ազգայինի որևիցե դրսևորում համարում էր եթե ոչ հանցանք, ապա, առնվազն՝ հետամնացության ու գռեհկության հետևանք: Մենք նույնիսկ կատակում էինք, թե Յարոսլավ Հաշեկի կերտած պորուչիկ Լուկաշի նման, որի պատկերացմամբ չեխ ժողովուրդը դա հակակայսերական մի գաղտնի կազմակերպություն էր, այդպես էլ Լիա Բագրատովնայի պատկերացմամբª հայ ժողովուրդ կոչվածը դա հակասովետական ուղղվածությամբ մի գաղտնի կազմակերպություն է: Համոզված ինտերնացիոնալիստ. նա մտքի մի թելով, ուղեղի մի բջիջով անգամ հնարավոր չէր համարում, որ բոլշևիկյան կուսակցությունը, պատմության ինչ-որ մի հատվածում, կարող է հանկարծ մի ինչ-որ անարդարություն իրականացրած լինի որևիցե մի ազգի նկատմամբ: Առավել ևսª հայ ազգի: Նրա խորին համոզմամբ՝ հենց բոլշևիկներն են, որ փրկել են այս ազգին լրիվ և վերջնական բնաջնջումից, և այսօր ինչ-որ բանից դժգոհելը, մեղմ ասած,«անշնորհակալ խոզություն է»: Զրույցների, բանավեճերի ժամանակ ուրիշների կողմից բերված ամենահավաստի և անհերքելի փաստարկներին նույնիսկ նա ուներ միշտ երկաթյա տրամաբանությամբ հիմնավորված իր հակափաստարկը.«Ուրեմն դա են հենց այդ պահին պահանջել Խորհրդային Պետության շահերը: Իսկ դրանք անհամեմատ ավելի կարևոր են և գերակա, քան ցանկացած առանձին վերցրած մեկ ազգի շահը»: Խորհրդային մտավորականների ընտանիքում մեծացած միակ երեխան, խիստ նրբախնամ դաստիարակված, Ռուսաստանյան հյուսիսային մայրաքաղաքի ազնվակիրթ իր շարժուձևով, և դեռևս շատ երիտասարդ տարիներիցª արդեն Լիա Բագրատովնան, 88-ի Շարժման մասնակիցներին դիտում էր որպես անմիտ խառնակիչներից ու խռովարարներից բաղկացած մի խառնամբոխ: Որոնք, լավագույն դեպքում, պարզապեսª «չեն իմանում, թե ի¯նչ են անում»: Իսկ Սումգաիթի ջարդերից հետո նա ուղղակիորեն հայտարարեց, որ այդ ամենի մեղավորները հենց Շարժման մասնակիցներն են, որոնք, հենց իրենց սադրիչ գործողություններով, ադրբեջանցիներին հրահրեցին ու դրդեցին հակահայկական կոտորածների և դրանց բոլորին պետք է դատելª որպես սեփական ժողովրդի թշնամիների:
- Մի ցեղասպանությունը ձեզ համար, երևում է, քիչ էր, - չնայած իր աշխարհակիրթ դաստիարակությանը, պոռթկում էր նա: Հիմա՞ ինչ նոր արհավիրք եք պատրաստվում բերել էս խեղճ ժողովրդի գլխին:
Ըստ էության, այդ ժամանակվանից էլ մեր շփումները նրա հետ դադարեցին:
Լիա Բագրատովնայի ամուսինը՝ մեր գործընկեր Իշխանը, ընթացող իրադարձությունների նկատմամբ ուներ տրամագծորեն հակառակ կարծիք ու գնահատական: Իշխանն այն խորհրդային մտավորականներից չէր, որ աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնում էին տարբեր հանրագիտարաններ քրքրելով, որպեսզի «Օգոնյոկի» խաչբառում պարտադիր լրացնեն լարազգի ձկանը, կամ էլ թունազգի սնկանը վերաբերող բոլոր տողերն ու սյուները, իսկ «կվարտալի» վերջում էլ լացակումած բողոքեն, թե՝ «տեսաք չէ՞, շեֆն էս անգամ ինձ պրեմիա չի գրել»: Իշխանն ապրում էր շատ լիարժեք կյանքովª ասես հոգով ու մարմնով ընկղմված-սուզված լիներ հրաշք այն ավազանի մեջ, որի անունն է կյանք, և բառացիորեն լողում էր այն ամենի մեջ, ինչը կարող է մարդուն պարգևել այդ կյանք կոչվածը, երբ գիտակցում ես նրա իրական արժեքը: Հիմա էլ, ահա, Համազգային այս վերելքը. ազգի չփակված վերքի, բաց նյարդի կայծակնային արձագանքը պատմության կողմից ընձեռած հնարավորության հանդեպ: Իշխանի մոտեցումը չափազանց և խիստ պրագմատիկ էր. անհրաժեշտ է անել ամեն ինչ, չխնայել ոչ մի բան, որպեսզի Ղարաբաղյան Շարժումը պսակվի հաջողությամբ, որպեսզի ունենանք շոշոփելի ու տեսանելի իրական արդյունք: Սակայն որևիցե կոնֆլիկտային իրավիճակ նման բազմակարծության պատճառով այդ ընտանիքում չէր գոյանում: Երկուսն էլ, լինելով չափազանց բարեկիրթ, հարգում էին դիմացինի իրավունքըª դեպքերի նկատմամբ ունենալ այլ, սեփականից տարբերվող տեսակետ: Պետք է ասել, որ այդ ընտանիքը բավականին յուրահատուկ մի միություն էր այն օրերի համար: Երկուսի համար էլ դա երկրորդ և համեմատաբար ուշացած ամուսնությունն էր: Լիան սովորել էր Լենինգրադում, պաշտպանել այնտեղ թեկնածուական թեզը և հետո ամուսնացել իր համակուրսեցիª պրոֆեսորի զավակ, ազգությամբ հրեա մի բժշկի հետ:
Դեռ Սովետների օրոք, ինչ-որ ճանապարհով, Լիայի առաջին ամուսինը կարողացել էր Իսրայել գնալու թույլտվություն ձեռք գցել և մեկնել իր ավետյաց երկիր: Լիան, որպես գաղափարի մարդ, բնականաբար չէր կիսել ամուսնու նման վերաբերմունքը իրեն պահած և դաստիարակած Խորհրդային հայրենիքի հանդեպ և խզել էր նրա հետ հարաբերությունները դեռևս նրա Իսրայել մեկնելուց առաջ: Ի դեպ, Իշխանը ավելի քան համոզված էր, որ Մովսեսի սույն հետնորդը՝ «գաղափարական» այդ անհամատեղելիությունը մտածված և նպատակային է սադրել, որպեսզի ազատվի կնոջ տեսքով իր վզից կախված ավելորդ բեռից և դյուրին դարձնի իր նախահայրերի երկիր գնալը: Լիան էլ, բավական ծանր հոգեվիճակում, տեղափոխվում-վերադառնում է Հայաստան:
Իշխանը, Մոսկվայում երկու տարով վերապատրաստման գործուղման մեջ եղած ժամանակ, ամուսնացել էր այնտեղ հենց մոսկվաբնակ սիրունիկ մի ռուսի հետª Երկրի Ֆիզիկայի Ինստիտուտից, ուր ընթանում էր իր գիտական կատարելագործումը: Ապրում էին սիրով, ունեցել էին մի դուստր: Գործուղումը հաջողվել էր երկարացնել ևս երկու տարով, բայց երբ ժամկետը լրացել էր, «հարսնացուն Հյուսիսից» կտրականապես հրաժարվել էր գալ Հայաստան, իսկ Իշխանն էլ չէր ցանկացել իր կյանքը հավերժ կապել Ռուսաստանի մայրաքաղաքի հետ: Եվ ահա, Երևանում, այդ երկու՝ ոչ այնքան երիտասարդ, արդեն լիովին կայացած ու կյանքի դառնությունն էլ ճաշակած մարդիկ, հանդիպել էին միմյանց և ստեղծել մի նոր ընտանիք: Եվ եթե նման ընտանիքներում ամեն մեկի ինքնուրույնությունն ու հաստատակամությունը, պատահում է, որ բերում են ընտանեկան անախորժությունների և, տեղ-տեղ նույնիսկ բախումներիª կողմերի անզիջում դիրքորոշման պատճառով, ապա Լիայի և Իշխանի փոխհարաբերություններում դրսևորվում էին լրիվ այլ երանգներ: Իրենց հասունությունը երկուսի կողմից էլ առաջին հերթին դրսևորվում էր նրանով, թե նրանցից ո՞վ առաջինը և հնարավորինս առավել չափով կզիջի մյուսին: Նրանք այդպես էլ ապրում էին, ասես մեկը մյուսի հանդեպ պարտավորություն վերցրած և նույնիսկ ուխտ արածª իր կեսին ոչ մի պարագայում չպատճառել որևիցե տհաճություն: Հնարավոր չէր հասկանալ, թե արդյո՞ք այս երկուª իրարից լրիվ անկախ և իրարից շատ հեռու ձևավորված ու կայացած անձինք շատ ուժեղ սիրում են միմյանց, թե՞, որպես դաստիարակված և նրբահոգի կերպարներ, որոնք արդեն մի անգամ ապրել են անձնական դրամա, այժմ գնահատում ու փայփայում են միմյանցª հանուն իրենց ներկայիս երջանկության, ի դեմս նոր ընտանիքի, որտեղ մեծանում էր իրենց որդինª Բագրատը: Իսկ միգուցե, դա հենց ընտանեկան հարաբերություններում անհասանելի այն կատարելության դրսևորումն էր, որին որ մարդիկ անվանում են՝ փոխադարձ ամուսնական սեր…
Մենք բարևեցինք միմյանցª այս անգամ արդեն «իսկական» ողջույնով: Լիան, իրեն հավատարիմ, քաղաքավարի կերպով առաջինը ներողություն հայցեց ինձ չճանաչելու համար և նրբանկատորեն ավելացրեց, թե՝ իր աչքին համազգեստով մարդիկ, չինացիների նման, բոլորը միմյանց նման են: Մենք երկուսս էլ զգում էինք, որ քաղաքավարության պահանջներով թելադրված ձևական «նախաբանը» բացարձակապես անտեղի է, որ իրականում երկուսս էլ անհամբեր սպասում ենք լսել միմյանց, և նույնիսկ օդն, ասես, հագեցված-լցված է միմյանց ուղղվելիք հազարավոր հարցերով: Եվ Լիան հանդարտորեն սկսեց պատմել.
- Իշխանը Ղարաբաղ եկավ դեռ 91-ի աշնանը: Այստեղ ինքը սակրավոր-պայթեցնող էր, ականահատ, նաև տեղանքագիրª դե դու պետք է հիշես, թե տեղանքը զգալու ու կարդալու ինչ յուրահատուկ ունակություն նա ուներ:
Անցյալին վերագրված այդ «ուներ»-ը մի տեսակ ականջ ծակեց, իսկ Լիան շարունակեց.
- Հաճախակի նաև հետախուզության է գնացած եղել:
- Ո՞նց թե «գնացած եղել», – ընդհատելով նրան՝ չհամբերեցի արդեն ես:
Նա լռեց մեկ-երկու րոպե, հետո հավաքեց իրեն.
- Հա, Իշխանը զոհվեց: Այստեղ՝ Ղարաբաղում: Մարտակերտի մոտ: Եռաբլուրում է թաղված: Մի օր երեկոյան եկավ և շատ սովորականª ասես Արտաշատ ընկերոջ մոտ հյուր էր գնում, հայտարարեց, որ առավոտյան ուղղաթիռով մեկնում են Ղարաբաղ:
Լիան պատմում էր, իսկ ես, ասես այդ ամենին ներկա գտնված, պատկերացնում էի, թե ինչպես, ներքուստ հակառակվելով ու դիմադրելով, իր ամուսնուն, իր երեխայի հորը և, վերջապես, աստծո կողմից իրենց պարգևած այն ուշացած երջանկությունը կորցնելու սոսկումն ու սարսափը սրտում, նա ճանապարհ է գցել Իշխանին: Եվ աչքի առաջ եկավ մի դրվագ Տարկովսկու «Ստալկեր»-ից, որտեղ Ալիսա Ֆրեյնդլիխը, ոռնալով, գլորվելով ու գալարվելով հատակին, չի ցանկանում իր ամուսնուն թողնել, որ նա կրկին մեկնի այն անիծյալ «զոնան»:
«Ահա այս կինն էլ լիովին իրավունք ուներ չթողնելու իր ամուսնուն Ղարաբաղ մեկնելու», - մտածեցի ես, «առավել ևս, որ ոչ զորակոչ էր, ոչ էլ զորահավաք: Համ էլ հիսունն անց գիտությունների թեկնածուին ի¯նչ զորակոչ, ի¯նչ զորահավաք: Ինքը զուտ իր կամքով, իր ներքին մղումով է որոշել մեկնել»:
- Ես նույնիսկ փորձ էլ չարեցի նրան հետ պահել, կամ էլ ինչ-որ կերպ ընդդիմանալ,- իրականությանը վերադարձրեց ինձ Լիայի ձայնը:
- Որովհետև քաջ գիտակցում էի, որ այդ ամենն անօգուտ է: Նա միևնույնն է գնալու էր, եթե գնալու որոշումն իր համար նա արդեն կայացրել էր: Եվ որքանով է իրատեսական և որքանով ճիշտ, առհասարակ, փորձել տարհամոզել մի մարդու, որն իր համար, ներքուստ, արդեն կայացրել է անձնական բնույթի նման մի որոշում: Չե՞ որ կայացնելուց առաջ նա ամեն ինչ կշռադատել է, հաշվարկել իր քայլի բոլոր հնարավոր հետևանքները, պարզորոշ գիտակցելով, թե ինչի է գնում և հանուն ինչի է գնում: Հետո մի քանի անգամ նա տուն եկավ: Իր մասին կտրականապես ոչինչ չէր պատմում, միայն փնթփնթում էր, թե երբևիցե չէր կարող պատկերացնել, որ պատերազմում հնարավոր են նման խառնաշփոթ ու անկանոնություն:
Իսկ 92-ի փետրվարին Կարմիր Խաչի գծով ինձ գործուղեցին Ղարաբաղ՝ այստեղի համաճարակային իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն
պատրաստելու համար: Ես կարող էի նաև հրաժարվել, բայց որոշեցի անպայման գալ: Նախ չափազանց գայթակղիչ էր Իշխանին անակնկալ մատուցելը և հետո, ճիշտն ասած, ուզում էի անձամբ տեսնել և հասկանալ այս ամբողջի իմաստն ու էությունը: Ուղղաթիռով մեզ բերեցին Քոլատակ, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ: Այստեղ տեղավորեցին մի մասնավոր տան մեջ, որն անվտանգ գոտում էր՝ Շուշիից հրետակոծման ժամանակ արկերը այդտեղ չէին ընկնում: Մի երկու օր հետո ինձ այցելեց Իշխանը և, ոնց որ Ղարաբաղ մեկնելու ժամանակ, չափազանց «տնական» տոնով, ասես ինձ ուշ ժամի հանկարծ տեսել էր տանից հեռու մի խանութում, հրահանգեց գործերն ավարտել և շտապ տուն գնալ: Կարմիր Խաչի առաջադրանքը ես կատարեցի շատ արագ՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Հանձնեցի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տվեցի վերջին «արժեքավոր» խորհուրդները և պատրաստվեցի առավոտյան մեկնել Քոլատակ: Այնտեղից էլ՝ արդեն Երևան: Հետաքրքիր բան: Քանի դեռ զբաղված էի առաջադրանքով, Երևան վերադառնալը թվում էր ինքնըստինքյան որոշված և ոչ մի կասկածի տեղիք չտվող, ակնհայտ մի բան: Բայց Իշխանի դիրքեր վերադառնալուց հետո, որքան մոտենում
էր մեկնելու իմ օրը, այնքան ավելի ու ավելի էի գալիս այն եզրակացության, որ հետ չեմ գնալու, որ այստեղից ինձ հետ վերադառնալ այլևս չի կարող ստիպել ոչ ոք. նույնիսկ Իշխանը, նույիսկ որդիս: Եվ հարցը զուտ նրանում էլ չէ, որ չէի ցանկանում Իշխանին թողնել ու գնալ, որ ուզում էի հնարավորինս մոտ ու հաղորդակից լինել նրան: Այդ ամենը, ինչ խոսք, կար: Բայց դրա հետ մեկտեղ կար նաև մեկ այլ, երևի թե անբացատրելի արգելակող մի գործոն: Ինչպես զուտ բնազդով չէի կարող ամուսնուս թողնել ու գնալ, այնպես էլ՝ զուտ բնազդով, ոնց որ չկարողանայի այս ամենը թողնել ու գնալ: Ես նույնիսկ ոչ թե հասկացա, այլ պարզապես և ավելի շատ երևի թե զգացի, որ հիմա, այս օրերին, այստեղից գնալ չի կարելի, անթուլատրելի է: Հաջորդ առավոտ ես Քոլատակ չգնացի, այլ գնացի բանակի շտաբ և ծառայության անցա զինվորական հոսպիտալում: Արդեն երկու տարի է: Հիմա էլ, ահա, մեր Արմենի հետ դեղորայք ու վիրակապման պիտույքներ ենք տանում: Մեր մեքենան ուշանում էր, լավ է դուք պատահեցիք: Էլ չեմ ասում, թե որքան ուրախ եմ քեզ ողջ տեսնել:
- Ձեր տղան ո՞նց է, ինչո՞վ է զբաղվում, դպրոցն արդեն ավարտել է, չէ՞:
- Համալսարանում է, արևելագիտության բաժնում: Պարսկերեն է սովորում: Իշխանի քրոջ մոտ է: Եկող տարի արդեն կավարտի: Մի քանի անգամ էստեղ եկել է: Նույնիսկ մի անգամ հոսպիտալում օրապահ կանգնեց: Ասում է ավարտելուց հետո անպայման գալու եմ այդտեղ ծառայեմ: Ես էլ չգիտեմ, թե ինչ ասեմ,- միտքն անավարտ ու կախյալ թողնելով և, ասես դրա ավարտը մեկ ուրիշից ակնկալելով, հոգնած ու անորոշ ժպտաց նա:
Իշխանի և Լիայի որդուն այն պատերազմում մարտի դաշտ իջնել էլ բաժին չընկավ: Դրսում 94 - ի ապրիլն էրª այն պատերազմի վերջին տարվա վերջին ամիսը:
Ապրիլ, 2008 թ.
Արիադնա, վաղուց արդեն ժամանակն է շարունակությունը դնելու;):)
Արիադնա, վաղուց արդեն ժամանակն է շարունակությունը դնելու;):)
Խոստանում եմ վաղը դնել, աշխատանքային կոմպիս մեջ են էդ ֆայլերը :)
Խոստանում եմ վաղը դնել, աշխատանքային կոմպիս մեջ են էդ ֆայլերը :)
Վաղն աշխատանքային չի;) Բայց կսպասենք:)
Վաղն աշխատանքային չի;) Բայց կսպասենք:)
Վաաայ, լրիվ մոռացել էի :D Տեսնես կգնայի՞:)
ԳՅՈՒԼԻՍՏԱՆ – ՇԱՀՈՒՄՅԱՆ,
ԿԱՄ ԶԻՆԱՎՈՐ - ԴԱՅՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԻՇԵՐՎԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
94-ի ապրիլյան անձրևոտ գիշեր է: Վերադառնում ենք Ղարաբաղից: Վերադառնում ենք Հադրութի գնդի առաջին հրամանատար, հետո՝ գնդի հետախուզական ծառայության սպա Էրիկ Աբրահամյանի թաղումից: Տոհմական, ինչպես ասում են՝ «պորտից պորտ» մտավորական, խոստումնալից շնորհաշատ վոկալիստ, նա կիսատ թողեց իր ուսումը կոնսերվատորիայում և, այդպես էլ չհասցնելով դուրս գալ մեծ բեմ, ճակատագրով վիճակված ու նախատեսված իր գլխավոր բեմերգը կատարեց լրիվ այլ թատերաբեմում, ուր ծավալված ողբերգության մեջ այևս չկա սահմանազատում դերակատարների և հանդիսատեսի միջև և, որի մեջ ներգրավվածների մահն իրական է և ոչ բեմական: Դաժան այդ ներկայացման մեջ, որի բոլոր գործողություններն ու արարները՝ նախերգանքից մինչև վերջնամաս, գրվում են երկաթով, հասանելիք իր դերերգն Էրիկը կատարեց ամբողջովին և մինչև վերջ: Ինչպես և իր ամբողջ ընտանիքն ու գերդաստանը՝ բոլոր մտերիմներով ու հարազատներավ:
Ինչպես հաճախ է լինում նման դեպքերում՝ շվարած ու շշմած, միանգամից դեռևս ընդունակ էլ չես լինում գիտակցել, ըմբռնել ու իր ամբողջ խորությամբ ընկալել կատարվածը: Ոնց որ ցուրտը՝ սկզբից ընդամենը միայն մաշկովդ ես զգում, իսկ ցրտահարման իրական հետևանքները «դուրս են տալիս» հետո: Ու կծկտուր խոսակցություններով, ոնց որ բնազդով ձգտես հնարավորինս արգելակել, քեզանից հեռու պահել ներսումդ աստիճանաբար աճող-ծավալվող տագնապալի ու ճնշող անդուր մի դատարկություն: Իսկ խոսակցությունը՝ նստածներիս և, առհասարակ, հայերիս համար, ավելի քան ծանոթ է, ծամծմված ու պարզունակ: Կկարողանա՞նք արդյոք գոնե այս անգամ հաղթանակը պահել մեր ձեռքում և վերջապես կարողանալ օգտագործել պատմության կողմից մեզ ընձեռած հնարավորությունը։ Կհաջողվի՞ մեզ վերջապես կոտրել, խախտել դարերի ընթացքում ձևավորված տխուր ավանդույթը և այս անգամ իրոք պահպանել՝ Էրիկի նման պայծառ տղաների կորստյան գնով ձեռք բերած մեր Անկախությունն ու Պետականությունը: Եվ, առհասարակ, այն գենը, որը «պատասխանատու» է մարդ արարածի մոտ «պետականության զգացողության» համար, մեր՝ հայերիս ներսում, «հայկական գենոմ» հավաքածուի մեջ ներկա՞ է, կա՞ արդյոք, թե՞ ոչ: Թե՞ դարերի ընթացքում հիմնովին արմատախիլ է եղել՝ մեր իսկ ձեռքով, և իր տեղը վերջնականապես զիջել՝ չգիտես էլ, թե պատմության հատկապես որ պահին մեր մեջ թափանցած զզվելի ու ողորմելի «պրագմատիկ» ներկայացվող մի կեցության փիլիսոփայության դրսևորմանը առ այն, թե՝ «որտեղ՝ հաց, էնտեղ՝ կա՛ց» կամ էլ՝ արդեն բացահայտ պաթոլոգիկ, թե՝ «ուտելը ծնողից թանկ է»: Չէ՞ որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայրենիք, Բնորրան հասկացությունները մեզանում դա մի բան է, իսկ Երկիր (ճշտենք՝ հենց իրական Երկիր և ո՛չ թե փսլնքոտ - կենացային ու ցուցադրական «Էրգիր») ու Պետություն հասկացությունները՝ լրիվ այլ: Ի՞նչն է պատճառը, որ իրականում նույնական հանդիսացող այդ հասկացությունները, մեզանում՝ հայերիս մոտ և հայերիս կողմից, ոչ միայն չեն համընկնում ու նույնանում, այլ իրականում իրարից բավականին հեռու են: Եվ չեն էլ նկատվում քայլեր՝ ուղղված այդ նույնացմանն ու համընկեցմանը: Ինչպե՞ս եղավ, որ ժամանակին հանդիսանալով բավականին հզոր ու ազդեցիկ տարածաշրջանային տերություն, ընդամենը մեկ հարյուրամյակի ընթացքում մենք բերեցինք հասցրինք մեր պետականությունը փառահեղ վախճանի և այլևս երբևե չկարողացանք վերականգնել այն իր նախկին պատմական սահմաններում: Այստեղ-այնտեղ գոյացող ռախիտիկ հայկական քվազիպետություններն էլ ունենում էին ռախիտիկին էլ բնորոշ կյանքի տևողություն ու վախճան: Այդ ո՞նց պատահեց, որ ունենալով թիկունքում մի շարք մայիսյան հաղթանակներ, նույն օրերին մեր օրվան երևելիները Բաթումում ստորագրում էին խայտառակ մի թուղթ առ այն, որ լույս աշխարհ է գալիս մի նոր անկախ Հայաստան պետություն, իմա՝ Երևան քաղաքն իր արվարձաններով: Իսկ երբ տերությունները ողորմացին և մեզ վերադարձրին որոշ տարածքներ, մենք շատ արագ հայտարարեցինք «ազատ, անկախ և միացեալ» Հայաստանի հռչակման մասին, իսկ ընդամենը ամիսներ անց, նույն արագությամբ էլ զիջեցինք այն: Գործնականորեն՝ առանց նույնիսկ որևիցե բարոյական դիմադրության: Եվ այսօր, պապենական հողերը ճոխ-ճոխ բաժանած, ստիպված արյուն ենք թափում նրա մի կտորի համար ու հետն էլ տքնում ենք սրան-նրան, իսկ առաջին հերթին և առավելապես՝ նախ ինքներս մեզ ապացուցել, որ մեր հողերը՝ դա մեր հողերն են: Եվ ներկայիս՝ հերթական անգամ ձեռք բերված պետականությանը շատերս վերաբերվում ենք պայմանականորեն ու վերապահումով, իսկ անզուսպ կարոտն ու սերը՝ առ պատմական հայրենիք, դրսևորում ենք քյաբաբնոցներն ու խորովածանոցները նվիրական այն անուններով անվանակոչելով: Բացակայում է, թերևս, միայն «ՄԵԾ ԵՂԵՌՆ» անվամբ համապատսխան «օբյեկտը»՝ համապատասխան բաժակաճառերով:
Իսկ միգուցե այդ նույն հողից, որն ի վերջո, հենց ինքն է հանդիսանում թե՛ Պետության, թե՛ Հայրենիքի նյութական, տեսանելի մարմնավորումն ու արտահայտումը, մենք, տարածքների դարեդար կորուստների անվերջանալի այդ շարանում, ստեղծել ենք պարզապես մի ֆետի՞շ: Ստեղծել ենք միրաժատիպ մի ֆետիշ հողի հասկացությունից՝ անվերադարձ կորցնելով և թաղելով այդ նույն հողի՝ իմա՝ Պետականության և իրական Հայրենիքի զգացողությունը: Եվ ի՞նչ հակափաստարկ, օրինակ, կարելի էր բերել ադրբեջանցի մի պաշտոնյաի կողմից վերջերս հայերին ուղղած այն հարցին, թե՝ «Ձեր, հայերիդ, ինչներին է պետք հողը: Դուք մոլախոտի նման տարածվել եք աշխարհով մեկ և մյուս ազգերի ու պետությունների մարմնին կպած գոյատևում եք: Դրսում ավելի շատ եք, քան Հայաստանում: Էսքանդ էլ ելեք գնացեք, թողեք էստեղի ժողովուրդները հանգիստ՝ իրար հասկանալով ապրեն»: Ուրիշի կարծիքը քո մասին լսելը միշտ էլ հետաքրքիր է և օգտակար՝ անկախ նրանից, հաճելի է այն մեր լսողության համար, թե՝ ոչ: Առավել ևս նման դեպքերում, երբ ասվածը ոչ թե կարծիք է, այլ ձևավորված համոզմունք:
Իսկ ո՞ր օրը, ո՞ր պահին հայ հավաքական մտքի ո՞ր սլացիկ թռիչքով ծնվեց «խելացի գառը երկու մոր ծիծ է ծծում» գերիմաստուն հիմնադրույթը, որն առաջարկվում է որպես դեղատոմս՝ մարդկանց և պետությունների հետ մեր հարաբերությունները կառուցելու համար: Նախ, գառի հանդեպ «խելացի» ածականն օգտագործելը ավելի քան պայմանական է, քանզի հանրահայտ փաստ է, որ ոչխարը իր տեսակում նույնիսկ չորքոտանիների մեջ ամենահիմար էակն է: Էլ ինչ մնաց մանկահասակ տարիքում: Երկրորդը, իսկ ինչու՞ է բացառվում, որ այդ երկու կերակրող մայրերը մի լավ օր կբացահայտեն խարդախությունը և այդ «խելացի» գառը պարզապես կընկնի քացու տակ: Սովորաբար հենց այդպես էլ լինում է: Եվ երրորդը, եւ ամենակարեւորը. դեպքերի նույնիսկ ամենաբարենպաստ ընթացքի դեպքում, այդ շատ խելացի գառը, լավագույն դեպքում վերաճելու է ամենաշատը մի ոչխարի, որը բացի մորթվելուց, կամ գայլի երախում հայտնվելուց, այս աշխարհում ուրիշ ոչ մի ֆունկցիա այլեւս չունի: Դա էլ մեր դիվանագիտական իմաստությունը:
Եվ ինչքան էլ մենք չուզենանք և խուսափենք, ոչ միայն օտարին, այլ նաեւ ինքներս մեզ խոստովանել, բայց, մեւնույնն է, փաստը մնում է փաստ: Մեր ազգային հոգեկերտվածքի ձևավորման ու կայացման գործընթացը մեր պատմության մի ինչ-որ հատվածում եկել ու կանգ է առել այն հանգրվանում, որ Պետությունն ու Պետականությունը մեզ համար ավելորդ բեռ են և անիմաստ է ջանքեր թափել դրանք ստեղծելու, կայացնելու և, հատկապես, պաշտպանելու համար: Մարդուն, ազգին հատուկ՝ սեփական Պետություն ունենալու, նրա մեջ ապրելու և զարգանալու միանգամայն բնական մղումն ու անհրաժեշտությունը մեզանում փոխարինվել է գոյատևման միջոցով այս աշխարհի երեսին մի ինչ-որ կերպ մնալու ձգտումով: Եվ կարծես թե այսօր ավելի քան բարենպաստ է պահը այդ ամենը փշրելու, այդ ամենից վերջապես ձերբազատվելու համար…
Իգոր Մուրադյանը, որը լուռ լսում էր, նույնպես «խոսք վերցրեց» և մեզ պատմեց իրական մի պատմություն, որն ավելի շատ կարող էր ընկալվել որպես ժողովրդական մի զրույց:
Ծեր հրեայի հայտնությունները
Բաքվի իր բազմաթիվ-բազմաքանակ հորաքույր-մորաքույրներից մեկը քաղաքում շատ հայտնի ձևարար էր: Աշխատում էր Բաքվի այն ժամանակվա «էլիտար-նոմենկլատուրային», կարելի է ասել՝ գրեթե փակ համարվող կարի սրահում: Եվ ահա մի օր, «վերևից»՝ ոչ ավել, ոչ պակաս, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմից իջեցվում է հրատապ հատուկ մի պատվեր: Ադրբեջանի խոշոր մի համույթ՝ երգի, թե պարի, թե նույնիսկ՝ երգի-պարի անսամբլը, պետք է մեկներ արտասահմանյան հյուրախաղերի և անհրաժեշտ էր նրանց համար ձևել-կարել ազգային կոչվող տարազներ: Ինչպես և ընդունված էր Խորհրդների երկրում նման դեպքերի համար՝ ժամանակը չափազանց քիչ, որոշումն էլ՝ բեկման ոչ ենթակա: Սրահի տնօրենը դիմում է մեր մորաքույրին՝ «փրկեա՛ զմեզ» Մեր մորաքույրը՝ նման գործի համար անհավատալի անհավանական ժամկետներում ավարտում է պատվերը, ինչի շնորհիվ սրահի տնօրենը ոչ միայն «փրկվում է», այլ նույնիսկ արժանանում է Ադրբեջանական ԽՍՀ շնորհակալանքին: Եվ ուրախությունից, ինչպես նաև իր գոհունակությունն ու շնորհակալանքն արտահայտելու համար, սրահի տնօրենը՝ տարիքն առած բազմափորձ մի հրեա, մեր մորաքույրի պատվին կազմակերպում է մի ճոխ բանկետ: Մորաքույրը իր հետ է տանում նաև իր զարմիկին:
- Նվաստիս,- ավելի ճշգրտեց Իգորը:
Եվ զարմիկի հիշողության մեջ շատ ամուր կերպով տպավորվել-դրոշմվել էր այն կենացը, որն արտասանել էր սրահի հրեա տնօրենը՝ վարպետ մորաքույրի պատվին: Անձամբ մորաքույրի հասցեին անկեղծ ու ի սրտե գովասանքներ շռայլելուց ու նրան անհատապես մեծարելուց հետո, բազմափորձ հրեան իրեն չի զսպում և անդրադառնում է նաև հայերին ու հայկական թեմային «առհասարակ», ավելի լայն ու ընդհանուր գծերով:
- Դուք, հայերդ, ամեն ինչ ունեք: Ամեն ինչ: Ե՛վ գիտնական, և՛ երաժիշտ, և՛ զորավար, և՛ արհեստավոր, և՛ հերոս և նույնիսկ ականավոր հանցագործներ: Բայց չունեք ամենակարևորը: Դուք, հայերդ, չունեք Ձեր Թագավորությունը: Ձեր՝ Հայկական Թագավորությունը:
- Եվ գիտե՞ք,- եզրափակեց Իգորը: - Այդ օրվանից էլ ես փնտրում եմ այն՝ այդ Թագավորությունը: Իսկ եղե՞լ է նա երբևիցե:
Իսկ անձրևը անըդմեջ ու անդադար գալիս ու գալիս է: Եվ թվում է, թե արդեն անձրև էլ չէ, այլ պարզապես հալոցքի ջրերի սառն ու պղտոր շիթեր են հորդում մեզ վրա: Ու մեր մեքենան էլ՝ չգիտես գնու՞մ է, թե՝ լողում, ճեղքելով - երկատելով այդ թանձր արճիճե խավարը: Հետո տիրեց անորոշ մի լռություն՝ ամեն մեկն ասես տարված էր իր մտքերով: Եվ այդ անվերջանալի ականակույր գիշերվա մեջ ինձ հանկարծ միանգամայն պարզորոշ թվաց, որ Հայկական Թագավորությունում ես մի անգամ եղել եմ, պարզ, ակներևաբար տեսել այն:
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆԸ
Դա 1985-ի ամռանն էր, մեր ոչ մեծ «կամավորական» արշավախմբի երրորդ անգամ Ղարաբաղ գալու օրերին: Հատուկ նշում եմ՝ երրորդ անգամ, որպեսզի շեշտեմ, որ արդեն խամ ու անփորձ չէինք, երկրամասի ու այնտեղի հայության մասին որոշակի պատկերացում արդեն ունեինք: Մարդակերտում անցկացրած նախորդ երկու ամառվա ընթացքում ոնց որ թե մենք պարզել էինք մեզ համար, թե ո՞րն է նմանությունը, և ո՞րն է տարբերությունը մեր ու ղարաբաղցիների միջև: Ամենի հետ մեկտեղ, ի տարբերություն մեզ, հայաստանցիներիս, ղարաբաղցիների մոտ առկա էր և հստակորեն առանձնանում ու ընդգծվում էր նրանց պահվածքի, կերպի ու էության մեջ նստած մի գիծ, որը մեզ մոտ , ասենք այսպես՝ այդքան էլ մակերեսի վրա չէր: Եվ նրանց հետ շփվելիս առանձնակի այդ գիծը ներսումդ անբացատրելի մի հուզում-խռովում էր առաջ բերում, տակնուվրա անում, արթնացնում ինչ-որ հեռու-հեռավոր մոռացված մի բան: Մի բան, որ առնչվում է անհատի բնազդային, ենթագիտակցական-իռացիոնալ ծալքերին: Եվ շատ շուտ պարզ դարձավ, թե հատկապես ինչու՞մն է կայանում այդ հիմնական տարբերությունը: Չնայած կրկնակի՝ երկշերտ ճնշմանը (իսկ միգուցե հենց դրա՞ հետևանքով), ղարաբաղցիների մոտ , ղարաբաղցիների մեջ պետականության զգացողությունը ավելի ամուր էր նստած և ավելի արտահայտված էր, քան մեզ՝ հայաստանցիներիս մոտ: Մի կողմից, և գուցե, դրա պատճառն այն էր, որ մենք, բնակվելով ՀԽՍՀ-ում, հանդիսանալով ԽՍՀՄ այդ հանրապետության տիտղոսակիր ազգը, հողի կորստյան իրական վտանգի տեսլական ՀԽՍՀ առումով չունեինք, ուստիև չունեինք նաև նման բանին ընդդիմանալու կարիքն ու անհրաժեշտությունը: Իսկ Ղարաբաղի և, առհասարակ, մեր արևելյան կողմերի գլխին եկածը այնտեղի հայությունը իրենց կաշվի վրա էր զգացել և, չնայած զանազան վարչա-տարածքային վերաձևումների և հայ տարրի արտահոսքի շարունակական ընթացքին, հնարավորինս ընդդիմանում էր այդ ամենին: Բայց կար նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր մի հանգամանք. ղարաբաղցիները հանդիսանում էին հայության այն հատվածը, որն ամենից երկար էր պահպանել իր պետականությունը, վերջինն էր կորցրել այն: Եվ իրենց վաղնջական իրավունքների զգացողությունը՝ նախնիներից իրենց հասած Հողի հանդեպ, ամենևին էլ մեռած չէր: Եվ արթուն այդ զգացողությունը նրանց բնազդաբար մղում էր հակառակվել, ընդդիմանալ այդ Հողը իրենցից խլելու, այդ Հողից իրենց քշելու մշտական ձեռնարկումներին:
Շահումյանում այդ ամենը նկատվում էր ավելի ակնհայտ ձևով, դուրս էր եկած մակերես և նշմարվում էր ամեն քայլափոխին: Ամեն ինչից հասկացվում էր ու զգացվում, որ ադրբեջանցիները Շահումյանի հայության համար հեղինակություն չեն, որ ադրբեջանցիների իշխանությունը նրանց գլխին արհեստական ձևով է ներմուծած ու կարգած և կա ու գոյատևում է՝ զուտ խորհրդային հզոր պետական-պատժիչ մեքենայի առկայության շնորհիվ: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ադրբեջանցիները այն ազգը չէին, որ կարողանային զենքի ուժով նվաճել ու հպատակեցնել և, առավել ևս, ոգու ուժով գերազանցել և ընկճել տեղի հայությանը: Ամեն ինչ միանգամայն այլ է: Եթե նույնիսկ չանդրադառնանք XVIII-XIX դարերի իրադարձություններին, այլ վերհիշենք ոչ հեռու անցյալի՝ 20-րդ դարի 18-20-ականների դեպքերը, ապա կարելի է արձանագրել, որ այդ ժամանակ Հյուսիսային Արցախը ի վիճակի եղավ սեփական ուժերով կազմակերպել իր պաշտպանությունը, ինչի շնորհիվ էլ կարողացավ զերծ մնալ մեծաքանակ կորուստներից: Իսկ Խորհրդային Միության կազմավորման ժամանակ էլ զուտ թղթի վրա գրված տարբեր կամային որոշումների հիման վրա իրականացվեցին տարածքային վերաբաշխումները՝ տարածաշրջանը բնակեցնող ազգերի միջև: Այնպես որ, հենց նման որոշումներից մեկի շնորհիվ էր, որ Շահումյանի՝ Գյուլիստանի հայությունը, իր տարածքներով հայտնվել էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում, իմա՝ ադրբեջանցիների լծի տակ, այլ ոչ թե նվաճվել ու հպատակեցվել էր ադրբեջանցիների կողմից: Եվ պատահական չէր, որ Ադրբեջանի ղեկավարության բոլոր փորձերն ու ջանքերը՝ ամեն գնով տարրալուծել, ձուլել-անհետացնել Հյոսիսային Արցախի այդ հատվածը ադրբեջանացված հարևան այլ շրջանների մեջ, այդպես էլ որևիցե շոշափելի արդյունք չէին տալիս: Զուտ ձևական-պաշտոնական փոխհարաբերություններից, զուտ արտաքին-մակերեսային «ֆակտուրայից» ենթադրվում ու զգացվում էր, որ իրոք՝ կա, գործում և հաշվի է առնվում խորհրդային պաշտոնական իշխանությունը: Բայց միաժամանակ զգացվում էր նաև, որ այդ ամենի հետ մեկտեղ, իրենց խորքային՝ ազգային ու մարդկային էությամբ, կենցաղի կացութաձևով և, առհասարակ, «առօրյա կյանք» ասվածի ամբողջ կեցությամբ, այս մարդիկ իրականում իրենց համարում են մեկ այլ՝ գուցեև մեզ համար անտեսանելի, բայց իրենց համար ավելի ընդունելի, ավելի հարազատ մի իշխանության հպատակ: Թեև ոչ պաշտոնական, բայց՝ «սեփական» իշխանության հպատակ: Դա դեռևս չմոռացված, պահպանված ու մարդկանց մեջ դեռևս նստած՝ մելիքության ոգու իշխանությունն էր: Իսկ ովքե՞ր էին այստեղ այդ ոգու կրողները, նրա կենդանի մարմնավորումը: Գյուլիստանի՝ Մելիք-Բեգլարյանների ուղղակի հետնորդներ, ոչ մեծ թվով, բայց շրջանում բնակվողների մեջ դեռ մնացել էին: Սակայն խորհրդային վարչակարգը իր ճզմիչ մեքենայով, հավանաբար, այնպես էր արածավերել, նրանց միջից անհետ ջնջել իշխանական գիծը, որ շահումյանցիները նրանց վերաբերվում էին ոչ ավել, քան անձանց, որոնք ընդամենը կրում են Մելիք- Բեգլարյանների ազգանունը: Համենայնդեպս, նրանց մեջ՝ մելիքության ավանդույթների կրող ու շարունակող, շահումյանցիները չէին տեսնում: Ապա ու՞մ մեջ:
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԵԼԻՔԸ
Գյուլիստանում մենք իջևանել էինք անտառապահ Ղուլյան Կոլյաի տանը, որը մեզ համար հյուրընկալ տանտեր լինելուց զատ, նաև ուղեկցող էր, պատմաբան-հնագետ և էքսկուրսավար: Երկրորդ թե երրորդ օրն էր: Մենք նոր էինք վերադարձել դեպի Շեյթան-Ղալա կոչվող տեղանքը կատարած երկարատև հոգնեցնող արշավից և պատրաստվում էինք ընթրելու: Կոլյան, մի երկու բաժակ հոնի օղի գցելուց հետո, խաղուն խորամանկությամբ մեզ նայելով, խորհրդավոր տեսքով հայտնեց. «Գիտե՞ք, Ձեր մասին Զինավոր-դային էր հետաքրքրվում»: Ու շարունակեց՝ մի տեսակ ներքին գոհունակությամբ ու որոշ հպարտությամբ. «ինձ մոտ մարդ էր ուղարկել, հարց ու փորձ էր անում, թե դուք ի՞նչ նպատակով եք եկել, ինչո՞վ եք այստեղ զբաղվում: Դե ես էլ բացատրեցի, որ Ղարաբաղի պատմական հուշարձաններն եք ուսումնասիրում»:
Իսկ մեր հարցուփորձից հետո, թե ո՞վ է այդ անձնավորությունը՝ Զինավոր-դային և ինչու՞ է հետաքրքրվում մեզանով և մեր գործունեությամբ, Կոլյան գրեթե մինչև լույս պատմում էր Գյուլիստանի մելիքներից սերվող Մեղրյանների մեծ գերդաստանի և նրա առաջնորդի՝ Զինավորի մասին:
Չնայած այն հանգամանքին, որ, հենց իր՝ Կոլյայի խոստովանությամբ, ինքն այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէր այդ ընտանիքի հետ, բայց, որպես լայնախոհ, ողջամիտ ու պարկեշտ անձնավորություն, նա մի կողմ դրեց այդ ամենը և անաչառ ու համակողմանիորեն մեզ ներկայացրեց ավագ Մեղրյանի և նրա գլխավորած գերդաստանի տեղն ու դերը այս շրջանում: Պարզվեց, որ Մեղրյաններին շահումյանցիները դիմում են թե՛ որպես առաջին, թե՛ որպես ամենավերջին աստիճանի ատյանի: Դիմում են բոլոր հարցերով՝ հարևանական ու ընտանեկան վեճերից սկսած և բռնավորին օգնելով՝ վերջացրած: Մեղրյանները լայն կապեր ունեն ոչ միայն հարևան շրջաններում, այլ նաև Կիրովաբադում, Բաքվում: Իր իսկ կողմից շրջագծված բավականին լայնածավալ տիրույթում պրակտիկորեն չկա, գոյություն չունի այնպիսի մի հարց, որ չկարողանա լուծել Զինավոր-դային: Եվ տեղական իշխանությունները լրջորեն հաշվի են նստում այդ ընտանիքի հետ: Բնականաբար՝ ի դեմս այն գլխավորողի: Շահումյանի շրջկոմի ցանկացած նորանշանակ ղեկավար իր գործունեությունը նոր աշխատավայրում սկսում է Մեղրյանների տուն կատարած՝ ըստ «ավանդույթի» պարտադիր դարձած այցից, այն է՝ Մեղրյանների տանը հաց կիսելու միջոցով, Զինավոր-դայուն «հավատարմագրերի» հանձման յուրատեսակ արարողությունից: Եղել էր մեկը՝ Ռուդոլֆ Միրզոևը, Բաքվից ուղարկված, որ որոշել էր կոտրել ավանդույթը, ցուցաբերել ինքնուրույնություն և հարաբերակցվել ժողովրդի հետ, շրջանցելով Մեղրյանների ապարանքը: Այդպիսով իսկ փորձելով ցույց տալ, թե ով է շրջանում իրական տեր-տիրակալը: Բայց, ինչպես նման դեպքերում ասում են, ինչ-որ մի բան «թարս բուսնեց»: Շահումյանցիները ոչ միայն հասկացրին այդ ընկերոջը, որ առանց Զինավոր-դայուն ներկայանալու իր «լեգիտիմությունը»՝ որպես առաջին քարտուղարի, խիստ կասկածի տակ է, այլ հենց մոտակա ձմռանը շրջանում կազմակերպեցին անասունի զանգվածային անկում՝ դրանով իսկ արդեն գործնականորեն հասկացնելով Միրզոևին, որ որպես ղեկավար ինքն՝ «ինքնակոչ» է: Դե ի՞նչ պետք է աներ: Եկավ ու չոքեց Զինավորի առջև՝ հայցելով նրա ներողամտությունն ու աջակցությունը: Նա էլ դարձի եկածի հետ վարվեց իշխանավայել մեծահոգությամբ: Բանակցեց Մուղանի դաշտում ձմեռացումը անցկացնող թուրքերի հետ, և գարնանը Շահումյանի «կոլխոզ-սովխոզներում» անհրաժեշտ գլխաքանակը վերականգնված էր: Դեռ մի բան էլ ավել:
- Այսինքն, պաշտոնական իշխանությունն իր հերթին, բայց Շահումյանում իրական իշխանությունը դա Մեղրյաննե՞րն են՝ խորհրդային մելիքները,- ծիծաղելով հարցրեցինք մենք Կոլյային:
- Հենց այդպես էլ կա,- լրջորեն պատասխանեց անտառապահը: Իր պատասխանի լրջությամբ հասկացնելով մեզ, որ եթե մեր հարցի մեջ հանկարծ հայտնվել էլ էին հեգնանքի կամ կատակի տարրեր, ապա տվյալ դեպքում դրանք ամենևին տեղին չեն:
- Եթե հարցրել է, նա հենց այնպես ձեզ բաց չի թողնի,- եզրափակեց իր ասելիքը Կոլյան:
Ղուլյանի գիշերային այդ զրույցից հետո մենք բացատրություն գտանք նաև մեկ այլ, զուտ տեղական՝ «շահումյանական» յուրահատկության մի դրսևորման: Միանգամայն պարզ դարցավ, թե ի՞նչն է իրական պատճառը, որ, թեև շրջանի վարչական կենտրոնը դա Շահումյանովսկ ավանն է, սական տեղի բնակչությունը իր համար իրական իշխանանիստ կենտրոն, ինչպես և մելիքների ժամանակ, այժմ էլ համարում էր հենց, և միայն, Գյուլիստան գյուղը:
Իսկ առավոտյան, երբ մենք լվացվում էինք, եկավ այն նույն մարդը, մի տաս րոպե զրուցեց Կոլյայի հետ և գնաց: Իսկ Կոլյան մեզ հայտնեց, որ մենք այսօր ոչ մի տեղ չենք գնալու և չպետք է նաև ճաշենք: Քանի որ ժամը 2-ին Զինավոր - դային «իր մոտ սպասում է Հայաստանից եկած գիտնականներին»: Եվ նորից, ինչ որ մի անսովոր բան կար այս ամենի մեջ: Նախ այն, որ ակնհայտ էր, որ հրավերը քննարկելը, կամ էլ «էթիկայից» ելնելով գոնե ձևական, գոնը մեկ անգամ մերժելը, տվյալ դեպքում բացարձակ անիմաստ էր և անհեթեթ: Այդ մարդուն ուղարկելուց, նրա գալուց, պահվածքից, խոսք ու զրույցից մի ինչ-որ՝ ոչ թե հնաոճ, արխայիկ, առավել ևս՝ հետամնաց-գավառական, այլ կասեի՝ հնամենի, պատմական մի հոտ էր փչում: Եվ հենց միջնադարի: Զգացողությունը նման էր նրան, որն ունենում է քաղաքաբնակը, երբ քաղաքային խնամված-խուզած պուրակներից հետո հայտնվում է հանկարծ կուսական թավախիտ անտառում: Մենք մի տեսակ սովորել, ընտելացել և հաշտվել ենք, որ նման՝ «հարմարադերաց» անձինք սովորական մի ստորաքարշ, հացկատակ պնակալեզներ են: Ոչ: Այս եկած մարդը ամենևին այդ որակի չէր: Նա սովորական մի ինչ-որ ճորտ – ստրուկ չէր: Նա պարզապես իշխանական տանը ենթակա, հպատակ անձ էր, որ ճշտապահորեն ու ջանադրաբար կատարում էր ճանաչված ու ընդունված տիրակալի հանձնարարականները:
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ Ո՞ՆՑ Ա
…Եվ ահա հուլիսյան շոգ կեսօրին Գյուլիստանում մենք ուղեվորվում ենք դեպի Մեղրյանների առանձնատունը: Դարպասների մոտ մեզ դիմավորում է այն նույն մարդը և ընդարձակ, ծառաշատ ստվերոտ բակով ուղեկցում դեպի ներս: Տանտերը դիմավորում ու ընդունում է մեզ շատ սովորական ու պարզ. «Բարո՛վ եք եկել: Նստե՛ցեք»։ Ինչ-որ առանձնակի մի շքեղություն, աչքի զարնող շպար մի ճոխություն՝ նման բաներ չկան: Ոշագրավ է թերևս տարբեր չափսերի բարձերի քանակը լայն թաղթի վրա, որտեղ էլ բազմել է տանտերը: Բայց զուտ նրանից, թե ինչպես են կանայք վազվզելով սեղան գցում, ով ինչով է զբաղված, ով որտեղ է նստում, տան բազմամարդությունից, խնամված այգուց, և նույնիսկ հաճելի էն հովությունից՝ ակնհայտ երևում է, որ սա սովորական մի մեծ ընտանիքի պատկանող սովորական մի մեծ առանձնատուն չէ: Սա տիրական տուն է, դաստակերտ՝ իր հին, կայացած ու կայուն, ավանդական հոգեկերտվածքով ու կենսակարգով:
Տան տերը՝ առանց սևեռվելու և պարտադրանքի, հյուրասիրում է մեզ և սահուն ու թեթև, մտերմիկ ու տնավարի վարում իր զրույցը: Ինչի՞ շուրջն է ընթանում զրույցը: Առաջին հերթին նրան հետաքրքրում է, թե. «Հայաստանում ի՞նչ կա, Դեմիրճյանը ո՞նց ա, գործերը լա՞վ են»: Ե՛վ այդ, և՛ մյուս՝ նմանատիպ հարցադրումներում իսպառ բացակայում են հայրենիքից բռնի կտրված, խոցված ու նվաստացրած ազգային գիտակցությամբ անձին բնորոշ երանգները: Ոչ: Պարզապես տեղի ավատատեր իշխանը հետաքրքրվում է, թե ո՞նց է այնտեղ իր հարևանը: Նա, բնական է, խրախուսում է Ղարաբաղի հուշարձանների ուսումնասիրության ուղղությամբ տարվող մեր աշխատանքները: Բայց, կրկին, հետաքրքիր ու նոր մի երանգ: Եթե, օրինակ, Մարդակերտում համարում էին, որ նման նախաձեռնությունները շատ կարևոր են ու օգտակար տեղի բնակչության համար՝ սեփական պատմությունն ու անցյալը ավելի լավ իմանալու առումով, ապա ավագ Մեղրյանից մենք լսեցինք այլ կարծիք:
- Մենք այստեղ ապրում ենք մեր հողի վրա և շատ լավ գիտենք այն: Դուք կարևոր բան եք անում: Որովհետև հայաստանցիներին է անհրաժեշտ առաջին հերթին ավելի շատ բան իմանալ հայկական հողի այս կտորի մասին: Շատ շուտ մեր էս հողի անունը Վարդուտ է եղել: Հետո պարսիկները էդ բառը վերցրել ու ինքն իրենով թարգմանել, դարձրել են Գյուլիստան: Մենք էլ դրան, Գյուլիստանին ենք սովորել…
Նա պատմում է, թե ինչպես ադրբեջանցիները բերել իրենց յուրդ ու վրաններն էին խփել Գյուլիստանից ոչ հեռու և ինչպես իր հրահանգով նրանց բավականին խիստ ձևով վռնդեցին այնտեղից: Արդեն քանի՜ տարի, էլ չեն երևում: Ափսոսանքով նշեց, որ շրջանի «ներքևի մասում» ադրբեջանցիներին, համենայնդեպս, հաջողվել է որոշ տեղերում հիմնավորվել: Ու ինչքան ծավալվում էր մեր զրույցը, այնքան ավելի ու ավելի էր շատ ցայտուն ձևով դրսևորվում նաև ուշագրավ մեկ այլ բան. ի տարբերություն մեզ՝ Վանի, Կարսի, Էրզրումի և կորցրած մեր այլ վայրերից գաղթածների հետնորդներիս, այս մարդու մոտ չկար, չէր նշմարվում Հայրենիքի ու Հողի կորստյան բարդույթը: Ոչ, նա պահել-պահպանել էր նախնիների կողմից իրեն ժառանգած Հողը, իսկ այժմ էլ դրա տերն էր: Տեր, որը զգում ու գիտակցում է իր պատասխանատվությունն ու պարտականությունները այդ հողի, նրա հետագա ճակատագրի հանդեպ: Անկախ նրանից, թե ի՞նչ և ու՞մ իշխանությունն է դրսում: Իրենց մոտից քոչվոր-վրանավորներին արտաքսելուց նա անդրադարձ է կատարում դեպի 18-20 թվականները և պատմում, թե ինչի շնորհիվ այդ օրերի թուրքական արշավանքի ժամանակ կանխվել է գանձակահայության կոտորածը: Պարզվում է, տեղի բեկերը հասկացրել են եկածներին, որ «…այսօր դուք այստեղ եք , իսկ վաղը՝ ո՞վ գիտի: Եթե դուք հիմա իրականացնեք հայերի ջարդեր, ապա ձեզանից հետո Գետաշենի, Ոսկանապատի, Վերիշենի հայերը նույնը մեզ հետ կանեն»: Եվ ափսոսանքով ավելացրեց.
- Իսկ 15 թվին, այնտեղ չկարողացան կարգին դիմադրություն կազմակերպել: Դրա համար էլ այդքան կորուստ ունեցանք:
Մենք շփվում ու հարաբերվում էինք մեզ համար մինչ այդ լրիվ անհայտ և անծանոթ հայի տեսակի հետ: Առաջին անգամն էր, որ մենք շփվում էինք ոչ թե Հողը կորցրած և կարոտախտով այն գովերգող «դասական» մի հայի հետ, այլ իր Հողի հնատոհմ՝ ի բնե տիրոջ հետ: Մենք գտնվում էինք, մենք կենում էինք, թեկուզ և փոքրիկ, բայց…Թագավորությունում: Հայկական Թագավորությունում:
ԱՆՏԱՌՈՒՄ ԳԻՇԵՐՆԵՐԸ ՍԱՌՆ ԵՆ
…Երբ վրա հասավ 88-ը, ոչ մեկի մոտ էլ կասկած չկար, որ Շահումյանը նույնպես ոտքի է կանգնելո: 88-ի ամռանը շրջանը արդեն չէր ենթարկվում Ադրբեջանական ԽՍՀ կենտրոնական իշխանություններին: Կասկածից վեր էր նաև, թե ո՞վ է կազմակերպելու և գլխավորելու շահումյանցիների պայքարը: Բնականաբար՝ Մեղրյանները: Իսկ նրանց մեջ ճակատագրի ընտրությունը կանգ առավ Շահենի վրա: Նրա դերն ու մասնակցությունը այդ ազատագրական պայքարում՝ առանձին և շատ ծավալուն քննարկման կարիք ունի: Նշենք միայն, որ նա, երբ դեմ առ դեմ էր թուրքերի հետ, ջարդում էր նրանց ու կորզում հաղթանակներ՝ Գյուլիստանի մելիքների լավագույն ավանդույթներին հավատարիմ: Բայց այս անգամ էլ, Հյուսիսային Արցախի օրինակով, ռուսները մեզ դաս տվեցին, որպեսզի հանկարծ չմոռանանք երկդարյա դառը ճշմարտությունը առ այն, որ հայաթափված, հային բնավեր դարցրած տարածքը ունի մի բանաձևում. «Այստեղով ռուսն է անցել»: Սկզբից եղավ Գետաշենը՝ «Կոլցո» օպերացիայով: Ոչ շատ երկար ժամանակ անց, երբ ռուսները կողքի քաշվեցին, Շահումյանի մեր զինվորական միավորումները կրկին սկսեցին հաջողություններ արձանագրել: Ճանապարհը դեպի Գետաշեն բաց էր: Հիշում եմ, նույնիսկ առաջարկվում էր, որ հանուն արդարության, ճիշտ կլինի, որ Գետաշենը հետ վերցնի հենց «Արաբո» ջոկատը: Բայց, շատ շուտով, 92-ի ամռանը կրկին խաղի մեջ մտան ռուսական տանկերն ու հրետանին և կանխվեց ոչ միայն Գետաշենի հետ վերցնելը, այլ գերիվարվեց ու ճզմվեց նաև Գյուլիստան –Շահումյանը: Տարածաշրջանից վերջնական հեռանալուց առաջ Խորհրդային Բանակի Կիրովաբադյան դիվիզիան կատարեց իր վերջին առաքելությունը: Այս անգամ էլ «Գոռի» օպերացիայի իրականացման միջոցով հայերից խլեց և թուրքերին նվիրեց Շահումյանը: Տեղի հայության նկատմամբ գոնե մի մարտում հաղթանակ չտարած, մշտապես գլխովին ջախջախված ու խայտառակ փախուստի դիմած ադրբեջանցիները՝ բառացիորեն ռուսների ուսերին նստած մտան Գյուլիստան: Եվ, ինչպես ավանդաբար ընդունված է իրենց մոտ, առաջին հերթին պայթեցրին ու ոչնչացրին տեղի եկեղեցին և Գյուլիստանի մելիքների գերեզմանները:
Այդ աղետի իրական արմատներն ու պատճառների բացահայտումը մեր հնարավորություններից վեր է: Նման բանի մենք չենք էլ հավակնում: Դրա համար կա Պետություն՝ իր քաղաքական ղեկավարությամբ: Բայց այդ իրողության հետ առընչվող ամոթալի և անվայել մի փաստի առնչությամբ խոսելն անհրաժեշտ է՝ արժանավոր մարդկանց հանդեպ հերհյուրանքներ ու ստահոդ լուրեր տարածելու փորձերը կանխելու համար: Բանն այն է, որ երբ հանձնվեց Շահումյանը՝ 92-ի ամառվա մեր կորուստներից ամենամեծը և ցօրս անվերադարձը, Հայաստանի իշխանությունները, չկարողանալով կատարվածի համար բացատրություն տալ սեփական ժողովրդին, մի կեղտոտ ու զզվելի քարոզչական կամպանիա հրահրեց Մեղրյանների դեմ: իբր թե, ամենի մեղավորը… նրանք են: Բայց Մեղրյանները դիմագրավեցին նաև այդ հարվածին և շարունակեցին «իրենց» պատերազմը՝ իրենց հողի համար: Հիշում եմ, այդ օրերին հանդիպեցի Շահենին և մի ինչ-որ ակնարկ արեցի, որպեսզի այդ բամբասանքները հանկարծ լուրջ չընդունի:
- Թքաա՜ծ,- ծիծաղելով ասած նա: Գործներիս նայենք: Եկել եմ համալրում եմ տանում: Թե կարող ես, տաք համազգեստ ճարի տղաներիս համար: Անտառում գիշերները սառն են:
Վերջին անգամ Մեղրյաններին հանդիպել եմ Երևանում, Շահենի թաղման ժամանակ: Զինավոր-դային՝ ինչպես և վայել է ազգին անվեհեր հայդուկապետ տված հորը, իրեն պահում էր ամուր և արժանապատիվ: Երբ արդեն Եռաբլուրից հետ էինք գալիս, չդիմացավ՝ թուլացավ:
-Շահենս զինվոր էր, ֆիդայի էր: Նրա տեղն ստեղ ա, իր ընկերների կողքին: Բայց ես հույսս չեմ կորցնում, որ ինձ թաղեն Գյուլիստանում:
Սակայն Շահենի զոհվելու հետ բոլորիս համար ավարտվեց նաև կռիվը Գյուլիստանի համար…
Հունիս, 1997թ.