PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Տիկին Դեպրեսիան



Ուլուանա
10.12.2008, 23:20
Տիկին Դեպրեսիայի մասին շատ եմ խոսել, բայց դեռ ոչ մի անգամ նրա նկարագիրը չեմ տվել։ Էսօր որոշեցի էդ «բացն» էլ լրացնել։ :D


Տիկին Դեպրեսիան

Տիկին Դեպրեսիան (մտերիմների համար՝ պարզապես Դեփրուշ) 50–ն անց չամուսնացած, հայավարի ասած՝ տանը մնացած կին է, պառաված օրիորդ։ Չգիտեմ՝ կույս է, թե ոչ, ու ինձ չի էլ հետաքրքրում, ճիշտն ասած։ Որպեսզի «տիկին» բառը մոլորության մեջ չգցի, միանգամից ասեմ, որ պարզապես իր այցեքարտի վրա է էդպես գրված, թե չէ նրա տիկինության մասին այլ վկայություններ մարդկությանը հայտնի չեն։

Դեփրուշն իր գլխին մշտապես կրում է գոնդոլ բիգուդիների մի հսկայական կույտ։ Չգիտեմ՝ երբ է հանում դրանք՝ հետևանքները վայելելու համար, կամ ընդհանրապես հանում է, թե չէ, բայց ես նրան միշտ էդ բիգուդիներով եմ տեսել։ Առանց դրանց որ տեսնեմ, կարող է իսկի չճանաչեմ էլ։ Էն «Հարսնացու Հյուսիսից» ֆիլմում որ ասում է. «Չճանաչեցի. գլխին բան կար», մեր Դեփրուշը դրա հակառակ դեպքն է. իրեն հենց գլխի «բանով» ես ճանաչում։

Բայց նույնիսկ էդ գլխի «բաները» լրիվ հեչ։ Իրականում Դեփրուշն անհամեմատ ավելի ճանաչելի «որակներ» ունի. նրան դեռ նախքան բիգուդիները տեսնելն ես ճանաչում... Հոտից... Ո՞նց նկարագրեմ էդ հոտը, որ պատկերացնեք... Ուրեմն փորձեք հիշել, ասենք, "Красная Москва" (կամ էդ կարգի մի ուրիշ բան) օծանելիքի «անկրկնելի» բույրը։ Իսկ եթե հանգամանքների բերումով բավականաչափ բարձր տարիքի չեք այդ հոտին ծանոթ լինելու համար, ապա փորձեք փորփրել ձեր տատիկի նվիրական սնդուկը։ Ամենայն հավանականությամբ նա այդ «բարիքից» գոնե մի օրինակ փայփայած–պահած կլինի իր ջահել օրերից։ Կամ երևի նույնիսկ փորփրելու անհրաժեշտություն չլինի, պարզապես "Красная Москва" անունը տվեք տատիկի ներկայությամբ, և կտեսնեք, թե ինչպես է նոստալգիան արտասովոր փայլ առաջացնում նրա վաղուց հանգած աչքերում, և նա ամենայն պատրաստակամությամբ կշտապի իր նվիրական թաքստոցից հանել օծանելիքի սրվակը և ձեզ հաղորդակից դարձնել այդ «չնաշխարհիկ» բույրին։ Պրոֆիլակտիկայի համար զգուշացնեմ, որ երբ նա ոգևորությամբ ձեր ռունգերին մոտեցնի սրվակը, ագահորեն վրա չտաք։ Էդ ձեր իմացած բույրերից չի. թունավորման, ինչպես նաև դրա հետևանքով տատիկի նվիրական զգացմունքները վիրավորելու վտանգը մեծ է։ Այնպես որ շատ զգուշությամբ ու նրբորեն քաշեք այդ հոտը, որպեսզի ո՛չ տատիկը, ո՛չ էլ, առավել ևս, ձեր ռունգերը չվիրավորվեն։

Լավ, ինչ–որ շատ խորացանք էդ բույրի մեջ։ Վերջիվերջո, թունավորվել կա, բան կա...

Հա, ուրեմն էդ հոտին գումարեք նաև Սովետի ժամանակներից մնացած զանազան կոսմետիկ պարագաների հոտերը՝ շրթներկի (էն որ քսելու դեպքում հնությունից շուրթերը մի տեսակ կպչում են իրար, ու բերանը բացել–փակելիս ռունգերը «շոյվում են» «անմահական» հնաբույրից), ստվերաներկի և, վերջապես, դեմքի քսուքի բույրերի փունջը, և դուք կստանաք Դեփրուշից փչող հոտը։

Դեփրուշը միշտ օգտագործում է մուգ մոռագույն (малиновый) շրթներկ ու կանաչ ստվերաներկ։ Դրանք, իր կարծիքով, միանգամայն ներդաշնակ կերպով համադրվում են միմյանց հետ։ Ու երևի չի սխալվում, որովհետև առանց դրանց իր կերպարի մեջ հաստատ մի բան թերի կլիներ։

Դեփրուշն ունի բարակ, սեղմված շուրթեր ու կախ՝ մի տեսակ բերանը մտած գոնդոլ քիթ (էդպիսի քթերին ընդունված ա նաև «կարտոլ» անվանել), որն, ի դեպ, հաջողությամբ ներդաշնակում ա նրա գոնդոլ բիգուդիների հետ, ով գիտի՝ դրա համար էլ գլխից չի հանում դրանք։

Ինքը ոչ չաղ է, ոչ նիհար, բայց մի տեսակ ծանրոտ ու տնգտնգալով է քայլում, թեև հիմնականում անձայն, ու երբեք չես նկատում, թե հատկապես երբ ներս մտավ, երբ դուրս եկավ... Էդ մենակ հոտից ես իմանում։ Բայց որ արդեն տնավորվում է, էլ չես զգում էդ հոտը։ Մենակ զգում ես, որ վատ ես, բայց դե հիմնականում էն աստիճանի չես վատանում, որ չդիմանաս... Մինչև որ գնում է մեկ ուրիշին հյուրընկալվելու։ Մեկ էլ զգում ես, որ օդը մաքրվել է ինչ–որ... Դու մի ասա՝ Դեփրուշը տնգտնգալեն գնացել է, չես նկատել։ Թարսի պես էլ բավական տնակյաց է. մի տեղ որ նստեց՝ նստեց։ Էլ տանկով չես հանի։

Դեփրուշը ներս մտնելուց քիչ անց իր երաժշտությունն է միացնում։ Չես էլ իմանում՝ որտեղից միացրեց էդ անտերը. մի անտանելի տաղտկաբեր ու կյանքը մեջիցդ քամող մեղեդի է։ Ու ամեն անգամ նույն մեղեդին, ու էդ նույնությունից սկսում ես ցնդել արդեն.. Հա՛ անջատիչ ես ման գալիս, որ անջատես, ուշքի գաս, բայց չկա. էդ նրա մեջից է գալիս ու մենակ նրա գնալով է անջատվում, ուրիշ ոչ մի կերպ։ Ինքը երբեք չի խոսում, կասկածներ կան նույնիսկ, որ համր է, բայց դե ո՞վ գիտի։ Կարող է՝ ուղղակի կարիք չունի արտահայտվելու, կամ ասելիք չունի։ Դե, մարդ կա՝ իր ասելիքն ուրիշ կերպ է արտահայտում՝ հոտերով, երաժշտությամբ, վերջապես, տեսքով։

Գալիս, բազմում է որևէ տեղ ու սկսում իր համար խելոք–խելոք գուլպա գործել։ Գուլպան էլ է միշտ նույնը, ամեն անգամ նայում ես ու մտածում. «Ա՛յ մարդ, լավ, ինչ սրան հիշում եմ՝ միշտ էս նույն գուլպան ա գործում, չպրծա՞վ։ Կամ, վերջապես, ու՞մ համար ա գործում»։ Ու էդ գուլպային նայելուց էլ ես արդեն տաղտկահարվում։ Մի խոսքով՝ ինքը միշտ նույնն է՝ ամեն ինչով՝ նույն հնամաշ չստիկները, նույն շորերը, նույն դիմահարդարանքը, նույն բիգուդիները, նույն գուլպան, նույն մեղեդին... Ոտքից գլուխ տաղտուկ... Ու զգում ես, թե ոնց ես օրեցօր ավելի ու ավելի խորը խրվում էդ տաղտկաճահճի մեջ...

Ու քանի որ ինքը, որպես կանոն, անկոչ հյուր է, քեզ իրավունք ես վերապահում առանց անհարմար զգալու, ասենք, մի բան վերցնել ու գլխին տալ, բայց ինքը, չնայած տեսքից էդքան իրական ու մարմնեղեն է, իրականում դա լոկ պատրանք է. վրան շպրտած ոչ մի իր նշանակետին չի հասնում, վրայով, միջով անցնում ու ընկնում է մի կողմ։ Ու դու դրանից ընդամենը ավելի ես ուժասպառ լինում, օգուտ չկա։ Իսկ թե երբ կգնա՝ ինքն է որոշում։ Կամ էլ հազվադեպ, շատ հազվադեպ՝ որոշ այլ հանգամանքներ։ Ասենք, եթե շատ ուժեղ հաճելի բույր տարածես սենյակով, կամ քո սիրած լավ երաժշտությունը միացնես շատ բարձր ու նման բաներ։ Բայց իր հոտն ու մեղեդին սովորաբար քեզ էնպես են ուժասպառ անում, որ էլ ի վիճակի չես լինում որևէ բան ձեռնարկելու ու հիմնականում ուղղակի սպասում ես, թե երբ է ինքն իր հոժար կամքով ռադը քաշելու, կամ էլ գուցե մեկ ուրիշն օգնի, եթե դրսից միանգամից գա ու համապատասխան միջոցներ ձեռնարկի, քանի դեռ հոտն ու մեղեդին իր վրա էլ չեն հասցրել ազդել։ Բայց դրսից եկողը սովորաբար չի տեսնում Դեփրուշին, քանի որ ինքը հենց քե՛զ է այցելել, հատուկ քե՛զ համար է էդտեղ, ոչ էլ հոտն է զգում կամ մեղեդին լսում։ Էդ ամեն ինչը մենակ քե՛զ համար է, ու եթե դու դեռ բավականաչափ ուժ ու էներգիա ունենաս ներս եկողին հասկացնելու, թե ինչն ինչոց է, հնարավոր է, որ քեզ կարողանա օգնել տիկինին վտարելու հարցում, բայց շատ դեպքերում ուղղակի չի հասկանա, թե որն է խնդիրը, որ օգնի։ Ու եթե հետդ երկար մնա, ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ անց ինքն էլ նույն վիճակի մեջ ընկնի։ Բայց դա արդեն հաստատ «ընկերովի մահը հարսանիք է» դեպքը չի, էնպես որ չարժե ուրախանալ ընկերակցության համար։ Դրանից ոչ մեկիդ վիճակն էլ չի լավանում։ Ոչ մի կաթիլ։ Մնում է միայն սպասել, թե երբ տիկինը կորոշի հեռանալ։ Իսկ ամենասարսափելին այն է, որ տիկինի այցելությունից որոշ ժամանակ անց քեզ համար արդեն լրիվ մեկ է դառնում՝ ինքը ներկա է, ներկա չի, հոտը գալիս է, չի գալիս, էն մեղեդին հնչում է, չի հնչում... Արդեն լրիվ անզգայացած ու բթացած ես լինում, էն աստիճանի միաձուլված էդ ընդհանուր մթնոլորտին, որ էլ չես զանազանում ու չես ուզում ոչ մի բան...

Տեսնես էս պահին ո՞ւմ մոտ է լռված... :think

Ծով
10.12.2008, 23:39
Ա՛ն, Վերջն էր:D:D:D:love...լուրջ , էս ի՜նչ լավն էր...համով-հոտով, օրիգինալ...ապրե՛ս հրաշքսսսս:love:love:love:hands

Sunny Stream
10.12.2008, 23:56
Դու մի ասա՝ Դեփրուշը տնգտնգալեն գնացել է, չես նկատել։ Թարսի պես էլ բավական տնակյաց է. մի տեղ որ նստեց՝ նստեց։ Էլ տանկով չես հանի։

Գալիս, բազմում է որևէ տեղ ու սկսում իր համար խելոք–խելոք գուլպա գործել։ Գուլպան էլ է միշտ նույնը, ամեն անգամ նայում ես ու մտածում. «Ա՛յ մարդ, լավ, ինչ սրան հիշում եմ՝ միշտ էս նույն գուլպան ա գործում, չպրծա՞վ։ Կամ, վերջապես, ու՞մ համար ա գործում»։

:D :hands :D

մի պահ վախեցա՝ կարող է միայն հումորի համար է գրում մեր խորը Ուլուանան, հետո ուրախացա, որ՝ չէ, հումրորը՝ հումոր, բայց լրի՜վ, ոտքից-գլուխ, ներսից-դուրս ներկայացրեցիր էդ... էդ... դրան էլի... հա, իդեպ, ձեռքով ա անում քեզ... գոնե քշելու մի եղանակ գրեիր :tomato

comet
11.12.2008, 11:36
Ուլու ջան, էս ինչքան պատկերավոր ես նկարագրել,:roll նույնիսկ սկսեցի զգալ հոտն ու տեսնել Դեփրուշ տոտային` իր բիգուդիներով, մալինովի շրթներկով, գործելու ճաղերը ձեռքին: :D:D Ապրես:kiss

Selene
11.12.2008, 12:29
Ան ջան, խոսքեր չկան:hands, աներես ու անկոչ հյուր Դեփրուշին շատ տիպիկ ես նկարագրել:[:D
Իսկ էս երկու հատվածը հավանեցի որպես ամենաիրականն իմ համար:oy
...եթե դու դեռ բավականաչափ ուժ ու էներգիա ունենաս ներս եկողին հասկացնելու, թե ինչն ինչոց է, հնարավոր է, որ քեզ կարողանա օգնել տիկինին վտարելու հարցում, բայց շատ դեպքերում ուղղակի չի հասկանա, թե որն է խնդիրը, որ օգնի։

Իսկ ամենասարսափելին այն է, որ տիկինի այցելությունից որոշ ժամանակ անց քեզ համար արդեն լրիվ մեկ է դառնում՝ ինքը ներկա է, ներկա չի, հոտը գալիս է, չի գալիս, էն մեղեդին հնչում է, չի հնչում... Արդեն լրիվ անզգայացած ու բթացած ես լինում, էն աստիճանի միաձուլված էդ ընդհանուր մթնոլորտին, որ էլ չես զանազանում ու չես ուզում ոչ մի բան...

Lion
11.12.2008, 13:26
Շատ լավն էր՝ օրիգինալ և հումորով:hands

տեսիլք
11.12.2008, 20:51
Ալուաննա, իսկ երբևէ փորձել ե՞ս Տիկին Դեպրեսիային Պարոն Պարապության հետ ծանոթացնել, կարծում եմ հիանալի զույգ կկազմեն, և մարդկությունը միանգամից կփրկվի երկու վնասատու երևույթներից: Շնորհակալություն զվարճալի ու համով ակնարկի ահամար, ախորժակով կարդացի:)

Ուլուանա
11.12.2008, 21:00
Ալուաննա, իսկ երբևէ փորձել ե՞ս Տիկին Դեպրեսիային Պարոն Պարապության հետ ծանոթացնել, կարծում եմ հիանալի զույգ կկազմեն, և մարդկությունը միանգամից կփրկվի երկու վնասատու երևույթներից: Շնորհակալություն զվարճալի ու համով ակնարկի ահամար, ախորժակով կարդացի:)
Հա, իհարկե, փորձել եմ։ :P Դրա մասին նույնիսկ օրագրումս կա գրված, :D միայն այն տարբերությամբ, որ պարոնի անունը ոչ թե Պարապություն է, այլ Ունայնություն։ Ուղղակի անունը փոխելն իմ իրավասությունների մեջ չէր մտնում, քանի որ ինքը կոնկրետ ինչ–որ մեկի պարոնն էր տվյալ դեպքում, նույնիսկ քննարկում էինք, թե ոնց հանդիպեցնենք իմ Դեփրուշին ու իր Ունայնությանը, որ երկուսս էլ պրծնենք, ու ոչ միայն երկուսս։ :D Բայց դե պարզվեց, որ պարոնը չափազանց իներտ է Դեփրուշի հետ ծանոթանալու և համապատասխան հարաբերություններ զարգացնելու համար, ու Դեփրուշից բեթար տնակյաց :(։ Իսկ մենք նախատեսել էինք, որ նրանց կամուսնացնենք և ամուսնության առթիվ ուղեգիր կնվիրենք դեպի Գրողի Ծոցը :hands, էն էլ էդ իներտ պարոնը տենց էլ տեղից չշարժվեց... :aggressive Դեփրուշն էլ մնաց տանը, իսկ թե կոնկրետ ում տանը՝ ամեն մեկն ինքը գիտի։ :))

տեսիլք
11.12.2008, 21:10
Հա, իհարկե, փորձել եմ։ :P Դրա մասին նույնիսկ օրագրումս կա գրված, :D միայն այն տարբերությամբ, որ պարոնի անունը ոչ թե Պարապություն է, այլ Ունայնություն։ Ուղղակի անունը փոխելն իմ իրավասությունների մեջ չէր մտնում, քանի որ ինքը կոնկրետ ինչ–որ մեկի պարոնն էր տվյալ դեպքում, նույնիսկ քննարկում էինք, թե ոնց հանդիպեցնենք իմ Դեփրուշին ու իր Ունայնությանը, որ երկուսս էլ պրծնենք, ու ոչ միայն երկուսս։ :D Բայց դե պարզվեց, որ պարոնը չափազանց իներտ է Դեփրուշի հետ ծանոթանալու և համապատասխան հարաբերություններ զարգացնելու համար, ու Դեփրուշից բեթար տնակյաց :(։ Իսկ մենք նախատեսել էինք, որ նրանց կամուսնացնենք և ամուսնության առթիվ ուղեգիր կնվիրենք դեպի Գրողի Ծոցը :hands, էն էլ էդ իներտ պարոնը տենց էլ տեղից չշարժվեց... :aggressive Դեփրուշն էլ մնաց տանը, իսկ թե կոնկրետ ում տանը՝ ամեն մեկն ինքը գիտի։ :))
Դե եթե տիկին Դեպրեսիային մի քիչ շնորքի բերես, գործը լավ էլ գլուխ կգա, ասենք օրինակ կարելի է սկսել բիգուձիները վերացնելուց և վերջապես բավ է նրան Դեփրուշով դիմել: Եվ նաև Պարոնի ականջին հարկ է լուր հասցնել, որ Տիկինը լավ էլ կույս է:;)

Ուլուանա
11.12.2008, 21:43
Դե եթե տիկին Դեպրեսիային մի քիչ շնորքի բերես, գործը լավ էլ գլուխ կգա, ասենք օրինակ կարելի է սկսել բիգուձիները վերացնելուց և վերջապես բավ է նրան Դեփրուշով դիմել:
Աչքիս դու ավելի շատ ես մտահոգված Տիկին Դեպրեսիայի ճակատագրով :)), միգուցե ինքդ էլ շնորհքի բերես ու պսակե՞ս։ ;) Գրեթե համոզված եմ, որ տիկինը քեզ էլ է գոնե պարբերաբար հյուրընկալվում։


Եվ նաև Պարոնի ականջին հարկ է լուր հասցնել, որ Տիկինը լավ էլ կույս է:;)
Ի՞նչ գիտես, ստուգողնե՞ր են եղել։ :D

Ռուֆուս
11.12.2008, 21:56
Ես մի բան չհասկացա... Եթե Դեպրուշը ամուսնացած չէր, ինչու՞ էր կոչվում Տիկին... :D

Լավն էր, Ան ջան, լիքը ծիծաղեցի :hands

Լուսաբեր
11.12.2008, 21:57
Հումորը տեղը,կարգին գործ էր,կարդացի,ծիծաղեցի,հետո էլ վախեցա...մտածեցի մեր տունա եկել...
Լավն էր ;)

Ուլուանա
11.12.2008, 22:13
Ես մի բան չհասկացա... Եթե Դեպրուշը ամուսնացած չէր, ինչու՞ էր կոչվում Տիկին... :D
Դե, ինքն իրեն տիկին ա զգում, համ էլ մի տեսակ տիկինային տեսք ունի :D (համենայնդեպս, ինձ համար բիգուդիները և նմանատիպ այլ աքսեսուարները որոշակիորեն ասոցիացվում են «տիկինության» հետ, որն, ի դեպ, կապ չունի ամուսնական կարգավիճակի հետ ;))։

ivy
11.12.2008, 22:38
Ան, էնքան լավ էիր նկարագրել էդ տիկնոջը, որ աչքիս առաջ հայտնվեց՝ իր հնացած շպարով, բիգուդիներով ու կարտոլ քթով, նույնիսկ օծանելիքի ծանր հոտն առա: :)) Տիպիկ Ուլուական, գունավոր, մանրակրկիտ ու դիպուկ նկարագրություն: :) Հումորային ոճն էլ շատ սրտովս էր: :)) Ապրես: :)
Մի երկու հոգու էլ տենց նկարագրի: ;)

Բայց Դեփրուշդ հաստատ ինձ մոտ չի լռվել. ինձ այցելողը գժանոցից փախած ու յուվենիլ շիզոֆրենիայի բոլոր նշաններն ունեցող, դեռահաս Դեպրուսիկն է: :))

CCoder
11.12.2008, 23:11
Լաաավն էր:hands, մի բոլ ծիծաղացել եմ։
Դեփրուշն էլ ծիծաղս լսեց զարմացավ, բայց բան չասեց, քթի տակ փնթփնթալով թողեց գնաց, հիմա չգիտեմ ուր է :D։

Մի հատ լավ ՀԱԿԱդեփրուշ գիտեմ, միացնում եմ Bobby McFerrin - Don't worry be happy, այդ երգը ինքը տանել չի կարողանում, չվերջացած թողում փախնում է։
Փորձեք կարող է ձեզ էլ օգնի :)։

impression
15.12.2008, 23:56
Ան ջան, կես ժամ ծիծաղում էի, ապրես, էնպես էլ հավեսով, տեղը տեղին նկարագրել ես, ոնց որ կինո նայեի: Ոչինչ չես մոռացել, կերպարն ամբողջական ա ու ընդգրկուն, ոնց հասկացա՝ լավ ծանոթ եք... :( Ինձ համար մի քիչ այլ ա դեպրեսիան, բայց չգիտեմ, երևի չարժե էստեղ գրել: Մի քանի սպեցիֆիկ բաներ կային, որ ուղղակի սպանում էին, փորձեմ գտնել

Դեփրուշն իր գլխին մշտապես կրում է գոնդոլ բիգուդիների մի հսկայական կույտ։ ..... Էն «Հարսնացու Հյուսիսից» ֆիլմում որ ասում է. «Չճանաչեցի. գլխին բան կար», մեր Դեփրուշը դրա հակառակ դեպքն է. իրեն հենց գլխի «բանով» ես ճանաչում։ :D

Հա, ուրեմն էդ հոտին գումարեք նաև Սովետի ժամանակներից մնացած զանազան կոսմետիկ պարագաների հոտերը՝ շրթներկի (էն որ քսելու դեպքում հնությունից շուրթերը մի տեսակ կպչում են իրար... կյանքում շրթներկ չեմ քսել, բայց զգացի :))

Դեփրուշն ունի բարակ, սեղմված շուրթեր ու կախ՝ մի տեսակ բերանը մտած գոնդոլ քիթ (էդպիսի քթերին ընդունված ա նաև «կարտոլ» անվանել) դու մի ասա՝ մեր գյուղում Դեփրուշները լիքն էին :lol

Մեկ էլ զգում ես, որ օդը մաքրվել է ինչ–որ... Դու մի ասա՝ Դեփրուշը տնգտնգալեն գնացել է, չես նկատել։ նենց կոլորիտային ա, մեռնում եմ :))

Գալիս, բազմում է որևէ տեղ ու սկսում իր համար խելոք–խելոք գուլպա գործել։ Գուլպան էլ է միշտ նույնը, ամեն անգամ նայում ես ու մտածում. «Ա՛յ մարդ, լավ, ինչ սրան հիշում եմ՝ միշտ էս նույն գուլպան ա գործում, չպրծա՞վ։

Ու էդ գուլպային նայելուց էլ ես արդեն տաղտկահարվում։ էս արտահայտությունը ինձ աթոռից գցեց :D