PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. ivy-ի, տեսիլք-ի և Morpheus_NS-ի համատեղ պատմվածքը



Վարպետ
09.12.2008, 09:14
ivy-ն սկսում է, տեսիլք-ը` շարունակում, իսկ Morpheus_NS-ը` ավարտում:

ivy
09.12.2008, 12:21
Արդեն ասել էր ընկերոջը. «Գտել եմ»: Ու գրել էր իր բլոգում. «Աշխարհի ամենաերջանիկ տղամարդն եմ»:
Երկամսյա բուռն, վիրտուալ սիրավեպը մոտենում էր իր տրամաբանական շարունակությանը. հանդիպելու էին: Արդեն ամեն ինչ որոշված էր՝ հավերժ սեր, ընտանիք, երեխա: Մնում էր միայն տեսնել իրար ու արագ անցնել բոլոր ծրագրերի իրականացմանը: Սեդրակը առավոտվանից տեղը չէր գտնում: Իր կյանքի ամենամանրակրկիտ լոգանքից ու ամենաթանկանոց վարսավիրանոցից հետո քանդրտում էր խառնիխուռն զգեստապահարանը՝ փորձելով այդ նշանավոր առիթին հարմար հագուստ ընտրել: Սիրտն էլ տեղից դուրս էր թռչում, երբ պատկերացնում էր իր երազների դիցուհուն՝ չքնաղ Մարգարիտային: Նա սովորական կին չէր. տեղով մեկ կրակ էր, որ իր խորհրդավոր սեթևեթանքով Սեդրակին խելքահան էր արել: Կոնկրետ ոչինչ չգիտեր Մարգարիտայի մասին, անգամ նկարը չէր տեսել, բայց իրենց գիշերային խոսակցություններն ամեն տեսակ տվյալներից էլ ավելի իմաստալից ու վճռորոշ էին: Սեդրակը հաստատ գիտեր՝ Մարգարիտան իր միայնակ կյանքը լուսավորող ճառագայթն է լինելու: Պատանեկան երազները վաղուց էին մնացել անցյալում. արդեն հասուն, երեսունն անց տղամարդ էր, ով լավ կարող էր տարբերել իրական և միակ սերը սին ու աներևույթ ցնորքից: Եվ հիմա՝ հենց այդ օրը, իր անկեղծ սիրով լցված սիրտը վերջապես հանդիպելու էր այն միակին:
Պահարանի քանդրտոցը բարեհաջող ավարտելով ու նշանդրեքի գնացող տղուն վայել տեսք ընդունելով՝ Սեդրակը դուրս եկավ տնից: Չէր քայլում, պարում էր՝ երգող սրտին համահունչ: Ճանապարհին չմոռացավ գնել իրենց ժամադրության գլխավոր բաղադրիչը՝ սպիտակ վարդը, որով էլ Մարգարիտան պիտի ճանաչեր իրեն: Հասնելով պայմանավորված սրճարանը՝ մի պահ կանգնեց մուտքի մոտ, խորը շունչ քաշեց ու ներս մտավ: Շուտ էր եկել… Նստեց մի տեսանելի տեղում, վարդը դրեց սեղանին, պատվիրեց մտքին եկած առաջին բանը ու սկսեց սպասել՝ ուշադիր տնտղելով ներս եկող ամեն աղջկա: Ժամանակը հոսում էր, իսկ Մարգարիտան դեռ չկար…Սեդրակը զգում էր՝ ինչպես է մարմինը պատվում սառը քրտինքով: Փորձում էր կենտրոնանալ մատուցողի բերած դառը կապուչինոյի վրա ու մի պահ խելագար հայացքը հեռացնել սրճարանի մուտքից…
Նոր էր գլուխը կախել սառչող ու տհաճ հեղուկի վրա, երբ իր առջև լսեց մի ձայն.
- Սեդրա՞կ… Բարև, ես Մարգարիտան եմ:
Սեդրակը աչքերը բարձրացրեց ու տեսավ նրան… Հոնքերը լարվածությամբ վեր բարձրացան, բերանը բացվեց ապշահար անսպասելիությունից, իսկ ձեռքով այնպիսի նյարդային շարժում արեց, որ կապուչինոն շրջվեց՝ ավիրելով իր հոյակապ հագուկապը:

տեսիլք
11.12.2008, 22:55
-Հազար ներողություն, ինչ անհարմար բան ստացվեց,- վրա բերեց Մարգարիտան՝ մեղավոր ժպիտը դեմքին։ - Ախր որոշել էի, որ Միկիին տանը թողնեի, այն էլ վերջին պահին եկավ թռավ գրապանս և համառորեն դուրս չեկավ։ Ախր շատ չարաճճի մկնիկ է. մի վարկյան հանգիստ չունի, անդադար մարմնովս շրջագայում է, նույնիսկ գրպաններս է կրծոտել, որ իր համար ճամփա ստեղծի դեպի ծնկներս, որ այնտեղից էլ գլուխը դուրս հանի ու կողքերքը դիտարկի։ Իր երեսից ստիպված միշտ ծնկները պատառոտված տաբատներ եմ հագնում, որ իր ատամիկները քիչ հագուստիս վրա կիրառի։ Երևի թե քեզ վախեցրեց չէ՞, փոքրիկ սնդիկը,- աշխույժ շարունակեց Մարգարիտան և Միկիի գլխիկը, որն մինչ այդ գրպանից դուրս ցցված Սեդրակին էր ուսումնասիրում, զգուշորեն ներս խցկեց։
Սեդրակը դեռ շփոթված նայում էր Մարգարիտային և տեղը չէր բերում, թե իրականությունը ինչ խաղեր էր խաղում գլխին։ Մինչ նա կփորձեր հասկանալ տեղի ունեցածը, Մարգարիտան պայուսակից մի թաշկինակ հանեց և մեկնեց տուժածին, բայց Սեդրակը մերժեց՝ ես իմն ունեմ։
-Գրողը տանի, Միկիին մեզ այնպիսի դրության մեջ գցեց, որ մոռացա ներկայանալ։ Ես Մարգարիտայի ընկերուհին եմ, իմ անունն էլ ինչպես քիչ առաջ ասացի Մարգարիտա է. կարող ես Մարգոյով դիմել, բայց աշխատիր ընկեր Մարգոյին բանը չհասնի։ Սա իհարկե որպես կատակ։ Մարգարիտան վերջին պահին անհետաձգելի մի գործի մեջ խճճվեց ու ավելի ուշ կգա։ Չկարողացավ քեզ հեռախոսով տեղյակ պահել, այդ պատճառով էլ ինձ ուղարկեց, որ գամ քեզ տեղեկացնեմ։ Ի դեպ ես ու Մարգարիտան միասին ենք ապրում, բայց նա այնքան գաղտնապահն է, որ իմ մասին դժվար թե քեզ որևէ բան պատմած լիներ։ Հաստատ Միկիի մասին էլ չէ՞, ոչինչ չի պատմել,- և առանց թողնելու, որ Սեդրակը բերանը բացի, շարունակեց.- Միկին ճիշտ է, շատ չարաճճի է, բայց նաև սարսափելի խելացի է. մի անգամ դուրսն էինք մնացել, մեր հերոսիկը մեզ տան բալանիները հասցրեց, թե չէ գիշերը փողոցում էինք անցկացնելու։
Սեդրակը փորձում էր կապուչինոյի հետքերը թաշկինակով վերացնել, բայց ապարդյուն։ Նա բարկությունից ուզում էր բռնել և Միկիի վիզը մի լավ ոլորել, իսկ Մարգարիտային էլ դուռը ցույց տալ, բայց մի կերպ իրեն զսպում էր։ Մանկուց հատուկ ատելությամբ էր լցվել մկազգիների նկատմամբ և նրանց հետ երբեք չուներ։ Մինչ Սեդրակը մտքում անիծում էր իր բախտը և մի քանի քաղցր-մաղցր խոսքեր էր ուղղում Միկիի ու իր բոլոր նախապապերի և նախատատերի հասցեներին, սրճարանի դռների շեմին հանկարծ փայլատակեց Մարգարիտայի կայծկլտող կերպարանքը։

Morpheus_NS
29.12.2008, 16:43
Քիչ անց նրանք երեքով մտերմիկ զրուցում էին: Ավելի ճիշտ, երկու ընկերուհիներն էին զրուցում, իսկ Սեդրակը մեկ մեկին էր ժտպում ու գլխով ասածներին հավանություն տալիս, մեկ մյուսին: Մարգարիտան պատմեց, թե ինչպես եղավ, որ վերջին պահին գործեր առաջացան ու ինքը իր համար այդքան կարեւոր հանդիպումից ստիպված ուշացավ:
-Որ Մարգուլիկս չլիներ, դու հիմա կմտածեիր, թե ես քեզ խաբել եմ: Հա՛, ի դեպ, իրար չխառնելու համար ընկերները ինձ Մարգուշիկ են ասում, նրան՝ Մարգուլիկ:
-Մարգու՛շ, իսկ գիտե՞ս, թե էս անդաստիարակը Սեդրակին ոնց վախեցրեց. տե՛ս դեռ սուրճի հետքերը շալվարի վրայից չեն անցել,- Միկիի գլուխը շոյելով՝ ավելացրեց Մարգուլը:
Սեդրակի համբերության բաժակը լցվում էր: Մի՞թե Մարգուլը չի հասկանում, որ հիմա ինքը այստեղ ավելորդ է, որ վաղուց ժամանակն է, որ նա սիրահար զույգերին մենակ թողնի: Գոնե Մարգուշը մի բան ակնարկեր, ընկերուհուն հասկացներ, որ իրենց մենակ թողնի… Բայց Մարգուշի մտքով դա նույնիսկ չէր էլ անցնում: Ի՛նչ արած, ստիպված ինքը պիտի ակնարկի.
-Մարգու՛լ, բա էս ուշ ժամին ո՞նց ես տուն հասնելու,- որքան հնարավոր է մեղմ հարցրեց նա:
-Ի՞՜նչ, մի՞թե դու մեզ չես ճանապարհելու:
Սեդրակը չգիտեր՝ լացեր, թե ծիծաղեր. փաստորեն Մարգուլը պատրաստվում էր ամբողջ երեկոն իրենց հետ անցկացնել: Այնքա՜ն խոսքեր, ճառեր էր նախապատրաստել, որ պիտի ասեր, դեռ վերջում էլ հույս ուներ մի քաղցր համբույր ստանալ: Բայց հիմա ամաչում էր ընկերուհու մոտ ասել այն ամենը, ինչ մտածել էր, իսկ համբույրի մասին կարելի էր ընդհանրապես մոռանալ:
Տարօրինակ հանդիպում էր…
**********
Սենյակի լույսը վառվեց, բայց Սեդրակը դա չնկատեց. մտքերով էր տարված: Մեկը կամացուկ եկավ ու հետեւից փաթաթվեց նրան: Ինչ-որ բան վազեց Սեդրակի ուսերի վրայով ու գնաց հասավ մինչեւ ոտքերը:
-Ինչու՞ ես մթության մեջ նստել:
-Գիտե՞ս, այն օրը հիշեցի,- ասես չլսելով Մարգարիտայի հարցը պատասխանեց Սեդրակը:
-Այն օրը՞, թե՞ նրան,- հեգնանքով վրա բերեց Մարգարիտան:
Սեդրակը շոյեց ծնկներին անհանգիստ վազվզող սպիտակամորթի գլխիկը.
-Չգիտեմ, Մարգու՛լ, չգիտեմ:

cold skin
29.12.2008, 17:02
Այ, քեզ անսպասելի ավարտ… Վատ չէր ահավոր կլանված կարդում էի:Տեսիլքի պահը շատ դուրս եկավ Միկկի կերպարի բերումով… Ինձ թվումա, լավնա, Մորֆ-ը ինչպես միշտ անակնկալի ա բերում, բայց ivy-ի սկիզբը ահավոր տրամադրող էր: Էդ ամբողջ նկարագրությունները, Սեդրակի զգացածը: Հավես էր::ok
Մենակ թվումա, թե Սեդրակը դեռ "վիրտուալ" զգացմունք ունի Մարգուշի նկատմամբ…
Մտածում եմ կարելի՞ա շարունակել, թե՞ չէ…:think

Ուլուանա
29.12.2008, 18:25
Հետաքրքիր պատմություն էր։ :))
Սկիզբը շատ խոստումնալից էր, երկրորդ մասն անակնկալի բերեց, թեև էլի հետաքրքիր էր, բայց ահագին բարդացավ Մորֆեուսի գործը։ Խեղճ Մորֆեուսը, ինչքան նկատել եմ, համատեղ պատմվածքներում համարյա միշտ ստիպված է լինում ինչ–որ մեկի բարդացրած իրավիճակից մի կերպ դուրս գալ, բայց հիմնականում լավ էլ պատվով դուրս է գալիս։ :) Երկրորդ մասում հաշվի առնված չէր առաջին մասի վերջը, որտեղ Սեդրակն անակնկալի է գալիս ու ապշահար նայում է, այսինքն՝ ենթադրվում էր, որ ինչ–որ կոնկրետ բանից էր ապշել, օրինակ՝ Մարգարիտան այնքան էլ գեղեցիկ չէր, կամ, որ ավելի հավանական է, բոլորովին գեղեցիկ չէր :D, ի տարբերություն Սեդրակի պատկերացրածի, բայց դրա մասին ոչինչ չկար երկրորդ մասում։ Չեմ կարծում, թե ապշահարության հարուցիչը մկնիկն էր, իմ կարծիքով, դա չէր կարող առաջին հայացքից նման ռեակցիա առաջացնել։ Ինձ թվում է՝ ինչպես համատեղ պատմվածքներում, այնպես էլ «Փակ աչքերովում» նման «ծակերից» պետք է հնարավորինս խուսափել։ Նախկինում էլ են եղել, բայց հիմա եմ նշում։ Ինչևէ, պատմության բոլոր մասերն էլ հետաքրքրությամբ կարդացի, ավարտն էլ հետաքրքիր էր ու շատ բնական, քանի որ այդպես հաճախ են պատահում Մարգուլի պես ճարպիկներ, որոնք հեշտությամբ «կպցնում են» իրենց ընկերուհիների տղամարդկանց։ Ի դեպ, Մարգուլի հայտնվելը հենց սկզբից էլ շատ խոսուն էր ու չէր կարող անհետևանք անցնել, պատմությունն անպայման պիտի զգալիորեն ազդվեր դրանից, էդ պահը որսալը, կարծում եմ, շատ կարևոր էր, ինչը և արել է Մորֆեուսը։ :)

Morpheus_NS
29.12.2008, 18:29
Հետաքրքիր պատմություն էր։ :))
Երկրորդ մասում հաշվի առնված չէր առաջին մասի վերջը, որտեղ Սեդրակն անակնկալի է գալիս ու ապշահար նայում է, այսինքն՝ ենթադրվում էր, որ ինչ–որ կոնկրետ բանից էր ապշել, օրինակ՝ Մարգարիտան այնքան էլ գեղեցիկ չէր, կամ, որ ավելի հավանական է, բոլորովին գեղեցիկ չէր :D, ի տարբերություն Սեդրակի պատկերացրածի, բայց դրա մասին ոչինչ չկար երկրորդ մասում։ Չեմ կարծում, թե ապշահարության հարուցիչը մկնիկն էր, իմ կարծիքով, դա չէր կարող առաջին հայացքից նման ռեակցիա առաջացնել։ Ինձ թվում է՝ ինչպես համատեղ պատմվածքներում, այնպես էլ «Փակ աչքերովում» նման «ծակերից» պետք է հնարավորինս խուսափել։

Առաջին մասը կարդալուց հետո կարծում էի, որ Մարգարիտան տղա է լինելու:8

ivy
29.12.2008, 19:00
Առաջին մասը կարդալուց հետո կարծում էի, որ Մարգարիտան տղա է լինելու:8

Ես պատմվածքի սկիզբը գրելիս իմ պատկերացրած վերջաբանն էլ ունեի… Մարգարիտային տղամարդ չէի պատկերացրել, այլ մի տասներկու տարեկան դպրոցական աչոնիկ, որ մի կարգին զվարճանում էր՝ Սեդրակին մատի վրա ֆռռացնելով: Ու հանդիպմանը հենց էդ պստոն էլ էկել էր՝ Սեդրակին կաթվածահար անելու: Դեռ հետն էլ ամբողջ դասարանն էր բերել, որ մի լավ ուրախանային կատարվածով: Դե բոլորով դասից փախել ու եկել էին: Մինչև Սեդրակը ուշքի կգար, հետևներից գալիս է աշակերտների երիտասարդ դասղեկը, որ չարաճճիներին հավաքի, հետ տանի դպրոց: Ու խայտառակված Սեդրակի համար պամությունը երջանիկ ավարտ է ունենում, երբ նա տեսնելով սիրունիկ դասղեկին՝ ամեն ինչ մոռացած հարցնում է.
- Ներեցեք, դուք այսիքյու մտնո՞ւմ եք:
Դե էդ իմ պատկերացրած ավարտն էր: :)
Տեսիլքը իմ կարծիքով լրիվ խճճել էր պատմվածքը, ու ես համոզված էի, որ Մորֆը դրա տակիս դուրս չի գալու (դե ես հաստատ դուրս եկողը չէի), և անգամ հույս էլ չունեի, որ կգրի վերջաբանը: Եվ հիմա հաճելիորեն զարմացած եմ, որ ոչ միայն գրել է, այլև իմ կարծիքով հնարավորինս լավագույն հանգուցալուծումն է տվել:
Ապրես, Մորֆ: :)