PDA

Դիտել ողջ տարբերակը : 20 Տարվա Մոռացված Օրագիր



Ռուֆուս
07.12.2008, 02:05
Չնայած ուղիղ քսան տարի է անցել, բայց այսօրվա պես հիշում եմ այդ օրը… Մեկ առ մեկ հիշում եմ դեմքերը, դեպքերը, վախը, տագնապը… Հիշում եմ խուճապը, սարսափը, անորոշությունը… Հիշում եմ դեկտեմբերի այն արևոտ չարաբաստիկ օրը, հուսահատված մարդկանց, մոխրագույն քաղաքը, և այդ քաղաքի գլխին պատուհաս դարձած “մենձ ժաժքը”....


…Հիշում եմ սովորական առավոտ էր, հայրս Երևանում էր, եղբայրներս դպրոցում, մայրս ու տատս նախաճաշում էին խոհանոցում, իսկ ես նստած էի հյուրասենյակում ու սովորում էի գրել մեծատառ Ա տառը: Հանկարծ վախի մի սարսափելի զգացում ապրեցի, զգացի, որ մի բան այն չի, սակայն չհասկացա, թե ինչ էր կատարվում… Անջատված նայում էի դիմացս և ուղեղս ոչինչ չէր ընկալում… Ուշքի եկա, երբ պահարանների պարունակությունը շուռ եկավ, հաջորդը որ հիշում եմ` մայրս էր, ով վազելով եկավ, գրկեց ինձ ու վազեց դեպի բակ… Խոհանոցով անցնելիս տեսա թե ինչպես էին բաժակներն ու ափսեները թափվում պահարաններից…. Ցնցումները չէի զգում, ամեն ինչ կարծես երազ լիներ, անիրական անհնարին մղձավանջ…

Բակում ես, տատիկս ու մայրս ամուր կառչել էինք սյունից, մեր ոտքերի տակ երկրագունդը այնքան ուժգին էր ցնցվում, որ եթե մի բանից բռնված չլինեինք, չէինք կարողանա պահպանել հավասարակշռությունը…. Հիշում եմ իմ կցկտուր ձայնը.
- Էս ինչ է?
- Հեչ, բալա ջան: Ժաժք է, մի վախեցի: Հմի կպրծնի, - հանգստացնում էր տատս…

Իմ ոտքերի տակ ասֆալտը ճաքեր էր տալիս, սարսափելի գռռոցը խլացնում էր ականջներս… Չգիտեմ ինչքան տևեց – մի ակնթարթ, թե մի հավերժություն: Թվում էր, թե այդ ամենը գիշերվա վատ երազ էր, թվում էր, թե ընդամենը հարկավոր էր աչքերը բացել, որպեսզի ամեն ինչ անցնի…. Սակայն ամեն ինչ իրականություն էր, ցավալի իրականություն….

Վերջացավ? Միթե? Շուռ եկանք և սկսեցինք ուսումնասիրել պատճառված վնասները…. Հիշում եմ տատիկիս բացականչյությունը` երբ տեսավ փուլ եկած պարիսպը.
- Պարիսպն է բլվել, վայ քոռանամ ես…
Մայրս վազեց փողոց, նայեց մեր դիմացի մայթի դատարկությանը, որտեղ քառասունհինգ վայրկյան առաջ հինգ հարկանի շենք կար կանգնած, և աղեկտուր ճչաց.
- Մամ ջան, ամբողջ քաղաքն է բլվել, քաղաքը…




Շարունակելի

Գալաթեա
07.12.2008, 02:32
Հայկ...ցավդ տանեմ..ես հիշում եմ..
Ու լաց եմ լինում..
Լուսավոր լինեն բոլոր զոհվածների հոգիները...

Ուլուանա
07.12.2008, 02:41
Ես էլ լացեցի...

Kuk
07.12.2008, 02:43
Հայկ, փշաքաղվեցի..

Rhayader
07.12.2008, 02:52
Lux aeterna.:(

Selene
07.12.2008, 11:41
Ես էլ լացեցի...

Ես էլ...:( :(

քաղաքացի
07.12.2008, 12:27
Հուզված եմ, սիրտս ծակեց:

Ցավակցում եմ բոլոր զոհերին:

Վարպետ
07.12.2008, 12:30
Աչքերս արցունքոտ են:
Poussera l'arbre de vie...

Yellow Raven
07.12.2008, 12:48
Ահավոր է... :(

impression
07.12.2008, 13:21
Pour toi Arménie

Charles Aznavour

Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l'hiver
Après l'enfer
Poussera l'arbre de vie
Pour toi Arménie
Tes saisons chanteront encore
Tes enfant bâtiront plus fort
Après l'horreur
Après la peur
Dieu soignera ton sol meurtri
Pour toi Arménie

Le monde s'est levé
Le monde est avec toi
Pour toi peuple oublié
Il a ouvert son cœur
Il a tendu ses bras

Et même si tu maudis ton sort
Dans tes yeux je veux voir
Arménie
Une lueur d'espoir

Une flamme, une envie
De prendre ton destin
Entre tes mains
A bras le corps

Arménie
Hayastan

Kita
07.12.2008, 14:48
Հուզվեցի:(
Հիշում եմ մամայիս ու տատիկիս պատմածները:(

Երկնային
07.12.2008, 16:58
փշաքաղվեցի…

Նարե
07.12.2008, 17:10
Կիսում եմ բոլորի ցավը

Ռուֆուս
08.12.2008, 02:18
...Մայրս կանգնել էր փողոցի մեջտեղը և չգիտեր ինչ աներ… Մնար տանը և սպասեր, թե երբ եղբայրներս կվերադառնային դպրոցից, թե գնար նրանց հետևից: Մոլորված հայացքով նայում էր շրջապատող ամայությանը և չէր կարողանում կողմնորոշվել:

Լռություն էր, չարագույժ լռություն, թվում էր թե շուրջդ ունայնություն է և ուրիշ ոչինչ: Ժամանակը դանդաղեցրել էր ընթացքը, մարդկային ուղեղի մեծ ճիգ էր պահանջվում կատարվածը գիտակցելու համար...

...Մայրս կանգնել էր փողոցի մեջտեղը և չգիտեր ինչ աներ... Այդ պահին նրան է մոտենում մեր հարևան Վերգուշը ` 50-ն անց, տունը մնացած միայնակ կին ու դիմում է մորս.
- Թամար ջան, ինչ էնեմ? Երևի զանգեմ, շեֆիս ըսեմ թե, էսօր հիվանդ եմ գորձի չեմ գա….
Մայրս ապշած նայում էր Վերգուշին: Եթե ամեն ինչ այդքան սարսափելի չլիներ, մայրս հաստատ կծիծաղեր…

Եղբայրներս վերադարձան… Դպրոցը լուրջ վնասներ չէր կրել... Ավագ եղբայրս դպրոցի առաջին հարկում է եղել, երկրաշարժի ժամանակ երեխաները կոտրել են ապակիները և պատուհանններից դուրս փախել: Իսկ միջնեկ եղբայրս մնացած աշակերտների պես անմիջապես դուրս չէր վազել դասարանից: Փոխարենը իրերը հանգիստ դասավորել էր պայուսակում, հագել էր վերարկուն, կապել շարֆը, դրել գլխարկն ու ձեռնոցները և կիսավեր շենքերի արանքով խելոք խելոք վերադարձել էր տուն…


շարունակելի

Մարկիզ
08.12.2008, 02:28
Իրոք, ահավոր էր…
Էսօր Ազնավուրի «Քեզ համար նոր գարուն կգա»- ն էի լսում ԱՐ-ով… Շատ հուզիչ է…
Ես էլ էի առաջին դասարան: Մեր մոտ՝ Տավուշում ցնցումներն այդքան ուժգին չէին, բայց այնուամենայնիվ ահագին վնասներ էր տվել: Մարդկային զոհեր մեր մոտ չեղան…Ֆիզկուլտուրայի ուսուցիչ ընկեր Նավասարդյանը ձմեռվա ցրտին մեզ հանել էր դաշտում մարզվելու: Ֆուտբոլ էինք խաղում: Երկրաշարժի ժամանակ մեր հին կիսախարխուլ դպրոցի դահլիճը գրեթե լիովին փլվել էր: Դպրոցը երկրաշարժից հետո քանդեցին…

Morpheus_NS
08.12.2008, 02:32
Աստված տա՝ նման դեպքեր էլ չլինեն...

comet
08.12.2008, 10:19
20 տարի է անցել, բայց ժողովուրդը սթրեսից դուրս գալ չի կարողանում...

Ռուֆուս
08.12.2008, 23:21
Առաջինը հայրս քաջություն ունեցավ տուն մտնելու: 1926թ-ի Գյումրիի երկրաշարժից երկու տարի հետո կառուցված հայրական տունը լավ էր դիմացել հարվածին: Կես մետր լայնություն ունեցող պատերը տեղ տեղ ճաքճքել էր, միջնորմներից մեկը մի փոքր ծռվել և վերջ: Կահույքը ամբողջովին շուռ էր եկել, ամենուրեք կոտրված ապակեղեն էր, թափթփված գրքեր, փոշի, թափված ծեփ… Բոլորը վախենում էին տաս րոպեից ավելի տան ներսում գտնվել… Ես վախեցա տուն մտնել… Միգուցե երկրորդ անգամ դուրս փախչել չհաջողվեր…

Առաջին գիշերը ես ու եղբայրներս հրաժարվեցինք տանը քնել: Փոխարենը քնեցինք հորս ավտոմեքենայում, տաք մուշտակներով փաթաթված, իրար կպած, կուչ եկած: Մեծահասակներից ոչ ոք չքնեց: Առավոտյան երբ աչքերս բացեցի, հասկացա, որ տանն եմ, պառկած եմ ծնողներիս անկողնում… Լավ է, էլ չեմ վախենում մեր հին տանից, էլ չեմ վախենում չորս պատերով շրջապատված լինել ու տանիքի տակ գտնվել…


շարունակելի

Ռուֆուս
10.12.2008, 21:54
Հաջորդ օրը Երևանից եկան մեծ հորաքրոջս երեք որդիները համակուրսեցիների հետ: Ցերեկները աշխատում էին փլատակների վրա, հանում դիակները և դեռևս կենդանի մնացածներին…

Իսկ գիշերները… Մոտ քսան ջահել տղաներ քնում էին հյուրասենյակի հատակին` քնապարկերով փաթաթված: Մայրս հանում էր ձմեռվա համար նախատեսված պահածոները` ջեմերը, մուրաբաները, կոմպոտները, և երեկոյան մեր տանը իսկական խնջույք էր տեղի ունենում: Հետո սկսում էին պատմել… Պատմում էին ձայներից… Ասում էին, շենքերի փլատակների տակից ողջ մնացած դժբախտների օգնության ճիչերն էին լսում: Արյունը սառում էի երակներումս…

Հանկարծ բոլորը անխտիր սկսում էին ծիծաղել… Ամեն անգամ փշաքաղվում եմ, երբ այդ ծիծաղն եմ հիշում, հիստերիկ, անասնական, ոչ մարդկային էր այդ ծիծաղը, դաղում էր հոգիդ, բթացնում ուղեղդ: Չէի կարողանում հասկանալ, թե ինչու էին ծիծաղում, բայց հիմա արդեն հասկանում եմ… Այդքան ավիրվածություն, դժբախտություն, մահ տեսնելուց հետո անհնարին էր չծիծաղել, այլապես կխելագարվեիր… Ես չէի ծիծաղում, ավելի լավ էր խելագարվեի: Կուչ էի եկել քնապարկիս մեջ և փորձելով չլսել մյուսների անզուսպ հռհռոցներն ու քրքջոցները փորձում էի քնել: Երազումս երկրաշարժ էր, առաստաղը թափվում էր գլխիս, փորձում էի դուրս վազել տնից, բայց արդեն ուշ էր… Ծուղակի մեջ էի, փրկություն չկար… Չէ, ոչինչ էլ չի պատահել, աշխատիր քնել, աշխատիր ուղեղդ անջատել ու քնել… Չի ստացվում… Երկրաշարժ է…


շարունակելի

Sunny Stream
10.12.2008, 22:56
...Հա՜յկ...


...կարդում եմ ու ես էլ... տեսնում... մեծ ժաժքը...

comet
11.12.2008, 12:12
Հաջորդ օրը Երևանից եկան մեծ հորաքրոջս երեք որդիները համակուրսեցիների հետ: Ցերեկները աշխատում էին փլատակների վրա, հանում դիակները և դեռևս կենդանի մնացածներին…

Իսկ գիշերները… Մոտ քսան ջահել տղաներ քնում էին հյուրասենյակի հատակին` քնապարկերով փաթաթված: Մայրս հանում էր ձմեռվա համար նախատեսված պահածոները` ջեմերը, մուրաբաները, կոմպոտները, և երեկոյան մեր տանը իսկական խնջույք էր տեղի ունենում: Հետո սկսում էին պատմել… Պատմում էին ձայներից… Ասում էին, շենքերի փլատակների տակից ողջ մնացած դժբախտների օգնության ճիչերն էին լսում: Արյունը սառում էի երակներումս…

Հանկարծ բոլորը անխտիր սկսում էին ծիծաղել… Ամեն անգամ փշաքաղվում եմ, երբ այդ ծիծաղն եմ հիշում, հիստերիկ, անասնական, ոչ մարդկային էր այդ ծիծաղը, դաղում էր հոգիդ, բթացնում ուղեղդ: Չէի կարողանում հասկանալ, թե ինչու էին ծիծաղում, բայց հիմա արդեն հասկանում եմ… Այդքան ավիրվածություն, դժբախտություն, մահ տեսնելուց հետո անհնարին էր չծիծաղել, այլապես կխելագարվեիր… Ես չէի ծիծաղում, ավելի լավ էր խելագարվեի: Կուչ էի եկել քնապարկիս մեջ և փորձելով չլսել մյուսների անզուսպ հռհռոցներն ու քրքջոցները փորձում էի քնել: Երազումս երկրաշարժ էր, առաստաղը թափվում էր գլխիս, փորձում էի դուրս վազել տնից, բայց արդեն ուշ էր… Ծուղակի մեջ էի, փրկություն չկար… Չէ, ոչինչ էլ չի պատահել, աշխատիր քնել, աշխատիր ուղեղդ անջատել ու քնել… Չի ստացվում… Երկրաշարժ է…


շարունակելի

Ամուր նյարդեր են պետք, որ էս ամենը կարդաս ու ապրումների մեջ չընկնես:(
Ու էդ ամենը հատկապես լավ կհասկանա նա, ով կաշվի վրա է զգացել էդ ցավը, վախը...

Ռուֆուս
12.12.2008, 22:20
Մեծահասակները իմ ներկայությամբ չէին խոսում, բայց ես գիտեի, հասկացել էի… Հասմիկը չկար, մահացել էր…

Հասմիկը հորաքրոջս աղջիկն էր, Հասմիկին շատ էի սիրում, թերևս ծնողներիցս էլ շատ: Հասմիկն էլ ինձ էր սիրում ու իր սերը արտահայտում կսմթոցների, համբույրների ու գրկախառնությունների տեսքով: Հիշում եմ, երբ Հասմիկը մեր տուն էր գալիս, ես թաքնվում էի տան ամենամութ անկյունում, ու անհամբեր սպասում, որ Հասմիկը ինձ գտնի: Սիրում էի Հասմիկին, սպասում մեր համատեղ խաղերին, որոնք միշտ վերջանում էին գրկախառնություններով, համբույրներով ու կսմթոցներով: Հիշում եմ, թե Հասմիկի գրկում ինչպես էի կոկորդովս մեկ ճչում, ծիծաղում...

Հասմիկը էլ չկար: Դեկտեմբերի 5-ին երկու օրով եկել էր Լենինական ծնողներին տեսնելու, դեկտեմբերի 7-ին ժամը 13:00-ի գնացքով պետք է վերադառնար Թբիլիսի: Բնակարանից դուրս փախչելու հնարավորություն չէր էլ ունեցել, հինգերորդ հարկից ու՞ր պետք է փախչեր... Մի քանի օր հետո գտան Հասմիկի դիակը խալաթի մեջ փաթաթված, լոգարանում էր: Հղիության ութերորդ ամիսն էր, որդու անունը որոշել էր Հայկ դնել, իմ անունից…

Հասմիկը հեռացավ իմ կյանքից, էլ չկար…


շարունակելի...

Երկնային
13.12.2008, 01:07
Հայկ… :((((

ivy
13.12.2008, 01:09
Սիրտս կտոր-կտոր է լինում՝ ամեն անգամ էս թեման մտնելիս...

Chuk
13.12.2008, 01:19
Հայկ, ապրես որ գրում ես:
Ոչինչ որ հիմա աչքերս լցված են: Ապրե՛ս:

Դեկադա
14.12.2008, 15:07
Բառեր չեմ գտնում արտահայտելու էն զգացմունքը, որ ուեմ հիմա:Էս երևի քիչ հանդիպող էն դեպքն է, որ միայն դառը հիշողությունները ու լացը մենակ կփրկի,............. չէ չի փրկի ու չի էլ ամոքի:Վերքը ոչ մի անգամ էլ չի սպիանում ու հիշողությունն էլ չի հնանում.............ավաղ: Լավ է, որ գրել ես:Ապրես:

Ռուֆուս
21.12.2008, 03:29
Ինձ, եղբայրներիս ու մորս էվակուացնում են Ռուսաստան: Երևանում ենք, մեր բարեկամի տանը: Երեկոյան պատրաստվում ենք քնել, ես ու մայրս պետք է քնեինք նույն մահճակալին` ես պատի տակ:
- Մամ ջան, արի դու պադի տագը քնի:
- Ինչի Հայկ ջան, ինչ է եղել?
- Որ հանգարձ երգրաշարժ լինի պադը քու վրա բլի, ոչ թե իմ:

Մանկան բերանից թռած խոսքը բոլորին ստիպեց ծիծաղել… Իսկ ես նրանց ծիծաղի պատճառը չէի հասկանում:

Մահճակալս մի քանի տարի շարունակ սենյակի ուղիղ մեջտեղն էր դրված` պատերից հեռու: Կարծում էի, որ այսպես երկրաշարժից փրկվելու ավելի մեծ շանսեր ունեի… :)


շարունակելի

Ռուֆուս
07.02.2009, 03:14
Անցել է վեց ամիս, նոր եմ տուն վերադարձել Մոսկվայից: Լենինականի վրա փոշու ամպ էր կախված, որը մի քանի տարի շարունակ չէր չքանում: Հիշում եմ, երբ բակ մտա ուշադրությունս անմիջապես գրավեց բակի հեռավոր անկյունում տեղադրված երկաթյա կարմիր կոնտեյները: Հիշում եմ հորս խոսքերը.
- Հորաքրոջդ դոմիգն է, մի տարի էստեղ է ապրելու, մինչև տուն ստանա:

Ուրախացա, որ հորաքույրս այդ անհրապույր ու անդուր դոմիգում ընդամենը մի տարի է ապրելու, իսկ հետո իր սեփական բնակարանն է ունենալու:

Անցել է 20 տարի, հորաքույրս դեռ շարունակում է ապրել դոմիգում: Երկրաշարժի ժամանակ ամուսնուն ու ավագ դստերն է կորցրել, իսկ կրտսեր դուստրը ԱՄՆ-ում է բնակվում, երեք երեխա ունի, ամենակրտսերին հորաքույրս չի էլ տեսել: Ամեն տարի պարտաճանաչորեն փորձում է ԱՄՆ մեկնել, սակայն ամեն տարի ԱՄՆ դեսպանատունը պարտաճանաչորեն մերժում է: Բնակարան ստանալու հույսը վաղուց է կորցրել, այս աշխարհում իրեն մենակ դոմիգն է մնացել` փտած, ժանգոտված ու արդեն հարազատ դարձած…


շարունակելի

Morpheus_NS
07.02.2009, 03:30
Հայկ ջան, ինչ ասեմ:
Մի խոսքով՝ ԱՊՐԵՍ

Ռուֆուս
07.02.2009, 03:56
Երբեմն փորձում եմ հետ նայել և վերհիշել իմ կյանքը նախքան երկրաշարժը: Անմիջապես աչքիս առաջ են գալիս դեմքեր, դեպքեր, ակնթարթներ, հուշեր: Սակայն այնպիսի տպավորություն է, որ դրանք իմը չեն, մեկ ուրիշի հիշողություններն են: Սակայն կա մի հուշ, որը գիտեմ, որ իմն է, որը անգին է իմ համար:

Հիշում եմ… Չորս տարեկան եմ, ձմեռ է, երեկո… Հիշում եմ, հայրս քաշում է սահնակս, հիշում եմ նրա համաչափ ու ծանր քայլվածքը… Դանդաղ ձյուն է մաղում, ծանր փաթիլները այտերիս հպվելով հալվում են ու մի ակնթարթ ջերմացնում… Լեզուս դուրս եմ հանում ու փորձում եմ ձյան փաթիլները որսալ, զգում եմ ձյան համը լեզվիս վրա…

Նայում եմ չորս կողմս, ուսումնասիրում… Ինչ-որ տարօրինակ քաղաք է, լուսավոր, գեղեցիկ, կենդանի… Ուսումնասիրում եմ սահնակիս կողքով անցնող մարդկանց… Ինչ-որ տարօրինակ մարդիկ են, ժպտերես, կենսուրախ, լավատես… Տարօրինակ է ամեն ինչ, մի ՞թե առաջ միշտ այսպես է եղել… Շարունակում եմ ուսումնասիրել…

Հասանք… Հիշում եմ հորս գրկից ձգվում եմ ու ամբողջ ուժով սեղմում դռան զանգը… Ինչ-որ մեկը բացում է դուռը, նա է… Նայում է ինձ ու ժպտում… Ես էլ եմ ժպտում…


Հասմիկն էր…




Վերջ

Ռուֆուս
12.07.2010, 14:55
Հ.Գ.

Հորաքրոջս վերջապես տուն տվեցին - մեկ սենյականոց բնակարան Գյումրիի ծայրամասային նորակառույց թաղամասերից մեկում: Մի քանի օր առաջ սերժիկն էր եկել, բացումն անելու, մի կին լացակումած ընկել էր սերժիկի ոտքերը, շնորհակալություն էր հայտնել իրեն բնակարանով ապահովելու համար: Ինչի՞ համար էր շնորհակալ, որ 22 տարի փտած ու ժանգոտված տնակու՞մ է ստիպված եղել բնակվել:

3 հորաքույրներիս վերցրեցի ու գնացինք բանալիները ստանալու: Բնակարանը շատ հարմարավետ էր, կոկիկ, մաքուր, լուսավոր: Հորաքույրս հոնգուր-հոնգուր լալիս էր, չգիտեի ուրախությա՞ն արցունքներ էին, թե՞ տխրության: Երևի թե երկուսը միասին:

Գնացի ջուր ճարելու, թաղամասում իրարանցում էր, մարդիկ իրենց կահույքն էին տեղափոխում նոր բնակարաններ: Կողքովս մի ընտանիք անցավ, մայրն ու տասը տարեկան որդին բազկաթոռն էին տանում, հաշմանդամ հայրը հետևներից սայլակով էր գնում: Ինձ շնորհավորեցին, որ տուն եմ ստացել (բայց շնորհավորելու բան չկար), ես էլ իրենց շնորհավորեցի: Բարություն կար, նոր, բարեկեցիկ կյանքի հավատ, լավատեսություն, կյանքի դժվարություններին դիմակայելու պատրաստակամություն, փորձությունները հաղթահարելու ուժ, ոնց որ հոլիվուդյան ֆիլմերից մի փոքրիկ տեսարան լիներ, էն որ մարդիկ աշխարհի վերջը մի կերպ կանխելուց հետո փլատակաների վրա մեծ հույսով ու հավատով նոր կյանք են սկսում, իսկական happy end էր:

Հ.Հ.Գ.
Վաղը հորաքրոջս փոքր դուստրն է վերադառնում ԱՄՆ-ից՝ ամուսնու ու երեք երեխաների հետ: Ռուզանին վերջին անգամ 1998թ-ին եմ տեսել, կարոտել եմ:

Claudia Mori
15.03.2011, 11:23
... Ապրես Ռուֆուս ջան, որ այդքան լավատես ես! Ես էլ արմատներով մասամբ Գյումրեցի եմ ու հպարտ եմ դրա համար!

Ռուֆուս
15.03.2011, 11:28
... Ապրես Ռուֆուս ջան, որ այդքան լավատես ես! Ես էլ արմատներով մասամբ Գյումրեցի եմ ու հպարտ եմ դրա համար!

Ճիշտն ասած չգիտեմ ինչի ա էս թեման տեղափոխվել օրագրեր, իսկ օրագրերում արգելվում ա մեկնաբանություններ թողնել: Բայց ամեն դեպքում շատ շնորհակալ եմ, Կարինե ջան, որ կարդացիր ամբողջը :)