PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործություններ երեխաների համար



ivy
01.11.2008, 00:18
Առաջարկում եմ այստեղ տեղադրել մեր գրած հեքիաթները, պատմվածքները, բանաստեղծությունները, որոնք նախատեսված են երեխաների համար։ :)
Առաջինն էլ ես լինեմ։ :oy



Ո՞վ է ապրում մահճակալի տակ

Ծերուկ անտառի կանաչ բացատում կար մի փոքրիկ տնակ, որտեղ ապրում էր մոխրագույն Գայլուկը։
Գայլուկի ծնողներն ունեին անչափ կարևոր աշխատանք՝ մաքրել ու գեղեցկացնել անտառը, խնամել նոր աճած ծառերը, հոգ տանել հնաբնակների մասին։ Ու ստիպված էին հաճախ հեռանալ տնից, գնալ մի նոր ծնված ծառիկը խնամելու կամ հին ծառերը փրկելու։ Երբ ծնողները հեռանում էին տնից, Գայլուկին էր այցելում նրա ծնողների լավագույն բարեկամը՝ Ճագար մորաքույրը, որին փոքրիկ գայլը շատ էր սիրում։
Մոխրագույն փոքրիկը ուներ մի գաղտիք, որի մասին ոչ ոք չգիտեր՝ ոչ նրա ծնողները, ոչ Ճագար մորաքույրը։ Գայլուկը համոզված էր, որ իր մահճակալի տակ մի հրեշ է ապրում, անունը՝ Բոբո։ Թեև այդ Բոբոյին Գայլուկը երբեք չէր տեսել, նա միշտ մտածում էր, որ այդ հրեշը թաքնված է իր անկողնու տակ և սպասում է գիշերվան, որ դուրս գա իր թաքստոցից...
Դրա մասին Գայլուկը ոչ ոքի չէր ասում, ու ամեն գիշեր, անկողնում պառկած, վախով փակում էր աչքերը՝ փորձելով չմտածել Բոբոյի մասին։ Այ այդպիսի գաղտնիք։
Օրերից մի օր, երբ Գայլուկի ծնողները գնացել էին անտառի մյուս ծայրը՝ բուժելու մի թույլ ու տկար ծառի, փոքրիկի մոտ եկավ Ճագար մորաքույրը։ Նրանք միասին մի մեծ թղթի վրա նկարեցին իրենց հրաշք անտառը, հետո մի գիրք կարդացին փղի ու նրա ընկեր մկան մասին, իսկ հետո էլ խաղացին Գայլուկի խաղալիք գնացքով, որը միշտ գոհունակությամբ փնչացնում էր. «Չուքու, չուքու, տո՜ւ, տո՜ւ... չուքու, չուքու, տո՜ւ, տո՜ւ»։ Գնացքը հավաքելուց հետո Ճագար մորաքույրը հանկարծ անհանսգտացած ասաց.
– Որտե՞ղ է իմ ակնոցը։
Գայլուկն ու մորաթույրը նայեցին շուրջը, փնտրեցին ամենուր, բայց ակնոցը չգտան։ Ճագար մորաքույրը հոգոց հանեց.
– Ինչ արած։ Կխնդրեմ վարպետ Չղջիկին, որ ինձ համար նոր ակնոց սարքի։ Իսկ հիմա, Գայլուկ, քնելու ժամանակն է։
Գայլուկը նայեց պատուհանից դուրս ու տեսնելով, որ արևը նույնպես քուն է մտնում՝ արագ լվացվեց, հանեց շորորը ու մտավ անկողին։ Ճագար մորաքույրը ծածկեց Գայլուկին փափուկ վերմակով ու դուրս եկավ նրա սենյակից՝ անջատելով լույսը։ Գայլուկը մնաց մթության մեջ։ Նա պինդ փակեց աչքերը, մտքում հաշվեց իրենց անտառի բոլոր ծառերը, բայց քնել չկարողացավ։ Բոլոր մտքերը Բոբոյի մասին էին։
Իսկ այդ ժամանակ գործից տուն էր վերադառնում Սևուկ անունով սարդը։ Սևուկը ջրային բույսերի որսորդ էր։ Նա ամեն օր նստում էր Գայլուկի տան կողքով հոսող փոքրիկ առվի մոտ ու իր ցանցերով ջրիմուռ որսում։ Հետո հավաքում էր իր թրջված ցանցերը ու գնում տուն, որը գտնվում էր Գայլուկի սենյակի պատի մեջ։ Այդ պատճառով տուն գնալու համար Սևուկն ամեն անգամ անցնում էր Գայլուկի սենյակի միջով։ Նա միշտ շատ կամաց էր քայլում, որ մոխրագույն փոքրիկը չարթնանա։
Այդ օրը սովորականի նման Սևուկն աշխատանքից տուն վերադառնաում՝ անցնելով փոքրիկի սենյակի միջով, ճիշտ այն ժամանակ, երբ Գայլուկը պինդ փակել էր աչքերը ու չէր կարողանում քնել։
«Երևի վառեմ լույսը ու գտնեմ Բոբոյին»,– մտածեց Գայլուկը վախենալով։
Ու մի քիչ քաջություն հավաքելով՝ վեր կացավ տեղից։ Վառեց լույսը և կամաց, շատ կամաց գլուխն իջեցրեց մահճակալի տակ։ Այնտեղ ամեն ինչ շատ վատ էր երևում, բայց Գայլուկը շատ պարզ տեսավ իր վրա չռած երկու սև աչքերը։ Դա Սևուկն էր, ով իր համար տուն էր գնում։ Բայց Գայլուկը կարծեց, թե Բոբոյին է գտել ու վախից վեր թռավ տեղից, մտավ անկողնու մեջ ու գլուխը ծածկեց վերմակով։
Սևուկը արագ դուրս եկավ մահճակալի տակից ու հասկանալով, որ վախեցրել է փոքրիկի գայլուկին՝ կամաց ասաց.
– Հեյ, Գորշուկ, ներիր, որ վախեցրի քեզ, ես ուղղակի տուն էի գնում աշխատանքից...
– Դու ո՞վ ես,– գլուխը մի քիչ հանելով վերմակի տակից՝ հարցրեց Գայլուկը։
– Ես Սևուկ սարդիկն եմ, ապրում եմ ձեր տան պատի մեջ։
Գայլուկը վեր կացավ տեղից, նստեց իր անկողնու վրա և ուշադրի նայեց սարդին։
– Ուրեմն դու իմ մահճակալի տա՞կ չես ապրում,– հարցրեց նա։
– Չէ...
– Ու դու Սևո՞ւկն ես։
– Հա...
– Իսկ ո՞ւր է հրեշը,– շփոթվեց Գայլուկը։
Սևուկը նույնպես շփոթվեց, հետո նայեց իր սև ու մազոտ ձեռքերին, երկար ու չափից շատ ոտքերին և տխուր պատասխանեց.
– Երևի հրեշը ես եմ...
Գայլուկն ասաց.
– Չէ, դու Սևուկ սարդիկն ես, որն ապրում է մեր տան պատ մեջ, իսկ ես փնտրում եմ Բոբո հրեշին, որն ապրում է իմ մահճակալի տակ։
– Դու նրան երբևէ տեսե՞լ ես,– հարցրեց Սևուկը։
– Չեմ տեսել...
– Իսկ որտեղի՞ց գիտես, թե քո մահճակալի տակ Բոբո անունով հրեշ է ապրում։
Գայլուկը մտածեց, մտածեց ու ասաց.
– Ուղղակի գիտեմ...
– Այդպես չի լինում։
Այս ասելով՝ Սևուկ սարդն ուսերը թոթվեց, հետո մի հարմար անկյուն գտավ ու փռեց իր ջրիմուռ որսալու թաց ցանցերը, որ չորանան։
– Այդ ի՞նչ ես անում,– հարցրեց Գայլուկը։
– Չորացնում եմ ցանցերս, ես ջրիմուռ որսացող եմ,– բացատրեց Սևուկը։
– Ախ այդ դու ես ամենուր փռում քո ցանցերը ու մոռանում հավաքել,– ասաց Գայլուկը,– այն էլ ուր պատահի՝ առաստաղի անկյունում, դռան կողքին, մահճակալիս մոտ... Իսկ մայրիկս ու Ճագարը մորաքույր դրանք հանում են ավելի ծայրով։
– Իմ ցանցերը...,–բացականչեց Սևուկը, հետո քորեց գլուխն ու ասաց,– մյուս անգամ չեմ մոռանա հավաքել...
Գայլուկն իջավ անկողնուց ու նստեց Սևուկի կողքին։
– Լսիր, Սևուկ, դու ամեն օր անցնում ես իմ մահճակալի տակով, դու Բոբոյին չե՞ս տեսել։
– Չեմ տեսել,– խոստովանեց սարդը,– բայց եթե ուզում ես՝ կարող ենք հիմա միասին նայել, թե ինչ կա քո մահճակալի տակ։
– Լավ...,–համաձայնեց Գայլուկն ու սիրտը նորից վախ ընկավ։
Սևուկը, որ շատ ուժեղ ու մարզված ձեռքեր ուներ, բռնեց մահճակալի ծայրից ու մի կողմ հրեց այն։ Լույսն ընկավ ուղիղ հատակի բացված հատվածի վրա։ Գայլուկը վախից փակեց աչքերը։ Հետո սկսեց նայել մատների արանքից, բայց ոչ մի Բոբո էլ չտեսավ։
Մահճակալի տակ փոշոտ էր, ու այնտեղ տարբեր առարկաներ կային՝ տիկնիկի կոշիկ, կանաչ մատիտ, «չուքու» ասող գնացքի ռելսեր...
– Գայլուկ, իմ կարծիքով իրեն հարգող ոչ մի հրեշ այստեղ չի կարող ապրել,– ժպտալով ասաց Սևուկը՝ մատը տնկելով այդ ամոբղջ խառնաշփոթի վրա։
– Բոբո՜,– համենայնդեպս մի անգամ ևս համոզվելու համար ձայն տվեց Գայլուկը։
– Դմբո՜,– նորից ժպտաց Սևուկը։
– Ուրեմն իմ մահճակալի տակ Բոբո չի՞ ապրում,– ուրախացավ գորշ գազանիկը։
– Չէ,– ասաց Սևուկը,– ու ես ամեն օր անցնում եմ քո մահճակալի տակով, եթե ինչ–որ մեկը հայտնվի, անպայման քեզ կհայտնեմ։
– Հա,– ավելի ուրախացավ Գայլուկը։
Սևուկը քշտեց թևքերը ու պատրաստվեց հետ քաշել մահճակալը։ Բայց հանկարծ Գայլուկը բացականչեց.
– Ճագարի մորաքրոջ ակնո՜ցը։
Կանաչ մատիտի և «չուքու» ասող գնացքի ռելսերի մոտ ընկած էր մորաքույր Ճագարի ակնոցը։ Գայլուկն անմիջապես վերցրեց ակնոցն ու դրեց մի կողմ։ Հետո մտածեց մի քիչ ու հանեց նաև մնացած առաևկաները՝ ամեն մեկը դնելով իր տեղը։ Տիկնիկը շատ զարմացավ ու աչուկները փայլեցրեց՝ հետ ստանալով իր կորած կոշիկը։
Սևուկը հետ հրեց մահճակալը։
– Շնորհակալություն, որ օգնեցիր ինձ, Սևուկ,– ասաց Գայլուկը։
– Խնդրեմ, Գայլուկ։ Դե ես տուն գնամ, քեզ էլ՝ բարի գիշեր։ Ու հիշիր՝ մահճակալի տակ ոչո ոք չկա, իսկ ես այնտեղի պահակն եմ։
Այս ասելով՝ սարդը աչքով արեց Գայլուկին ու գնաց տուն՝ այս անգամ չմոռանալով հավաքել իր արդեն չորացած ցանցերը։
Իսկ Գայլուկը վերցրեց գտնված ակնոցը, կամաց քայլերով մտավ կողքի սենյակը սենյակը ու դրեց այն Ճագար մորաքրոջ կողքին, որ հանգիստ քնած էր ու երազ էր տեսնում բուժված ծառի մասին։
Հետո Գայլուկը վերադարձավ իր սենյակը, անջատեց լույսը ու առանց վախենալու մտավ անկողին։ Էլ երբեք չի վախենա քնելուց առաջ. չէ՞ որ արդեն գիտի. մահճակալի տակ Բոբո չի ապրում։
Գայլուկը փակեց աչքերը և մտածեց. «Այ թե առավոտյան կուրախանա Ճագար մորաքույրը»։ Ու անուշ քնեց։

impression
01.11.2008, 13:10
Ինձ շատ դուր եկավ, մի քանի պատճառներով.
նախ՝ ինքս մանուկ ժամանակ տառապել եմ նման վախերից, երբ պետք է գնայի քնելու, աշխատում էի հնարավորինս հեռվից ցատկել անկողնուս, որ տակի բոբոն հանկարծ ոտքիցս չբռնի: Էս հեքիաթը որ ինձ համար կարդացած լինեին, վախերս կանցնեին հաստատ, մանավանդ որ իմ մահճակալի տակից էլ էին սարդեր դուրս գալիս մեկ-մեկ: Ես էլ միամիտ եմ, կհավատայի էլի:
Հետո՝ /մի քիչ ավելի մեծական/ շատ դուր եկավ ստերեոտիպային մտածելակերպի դեմ գրված լինելը, այ տեսեք՝ հերոսը Գայլուկն է, այն նույն սարսափազդու Գայլը, որ հոշոտում է հեքիաթների մյուս հերոսներին, օր ու արև չի տալիս նրանց, ահ ու սարսափ սփռում շուրջը: Հատուկենտ հեքիաթներ կան, որ Գայլին գոնե ոչ շատ բացասական են ներկայացրել: Հետո՝ Գայլուկին խնամում է Ճագար մորաքույրը, ու հեչ մտքով էլ չի անցնում, որ Գորշուկն իրեն մի օր հա՛մփ կանի, քանի որ մեր Գորշուկը լաաա՜վն ա:
Երրորդ՝ բոլորս էլ կարդացել ենք Այվիի մյուս հեքիաթները, որոնցում հումորն ու կոլորիտային արտահայտությունները անձրևի պես թափվում են գլխիդ: Բայց դրանք "հեքիաթներ են մեծերի համար", դա երեխային հազիվ թե հետաքրքիր լինի, իսկ այս մեկը, լինելով, որքան գիտեմ, նրա առաջին մանկական հեքիաթը, արտակարգ լավն ա, թե՛ իր քնքշությամբ, թե՛ մանկականությամբ:

impression
01.11.2008, 13:44
Մանկական մի ոտանավոր էլ ես ունեմ գրած, կարծեմ թե Ակումբում էլ թեմաներից մեկում պետք է լինի, բայց չեմ հիշում որտեղ, իսկ սա իսկը համապատասխան թեմա է. :)

Զարթուցիչում նստել է լուռ
Թզուկը ծեր, մի քիչ տխուր.
Առավոտ վաղ նա արթնացել,
Ուրախ-ուրախ զանգ էր տվել:

Ու հնչել էր զանգը զնգուն,
Քնից զարթնել էր սև կատուն,
Միայն տղան էր դեռ քնած,
Այսօր դասերից հետ մնաց:

Զուր փորձում էր թզուկը ծեր
Այս քնկոտին քնից հանել.
Չարչարվեց, բայց օգուտ չեղավ,
Տղան դպրոցից ուշացավ:

Խեղճ թզուկը էլ չգիտեր,
Թե այս ծույլին ոնց արթնացներ,
Ու նա ահա նստել է լուռ,
Մի քիչ հոգնած, մի քիչ տխուր:

ivy
04.11.2008, 18:29
Ոչ ոք չի՞ կարդում մանկական գործեր։ :(

StrangeLittleGirl
04.11.2008, 20:00
Ոչ ոք չի՞ կարդում մանկական գործեր։
Ռի՛փ, կարդացի: Շատ հավեսն էր, համով էր: Լիլի հետ համաձայն եմ գայլուկի ու ճագարի մասին: Համ էլ լեզուն շա՜տ պարզ էր: Սիրում եմ մինիմալ բառապաշարով լավ գործեր: :) Ի դեպ, սենց բաներ շատ գրի, որ տարիների ընթացքում կուտակվի, երեխաներիս դրանցով դաստիարակեմ (եթե, իհարկե, երեխաներ ունենամ :D)… Չնայած մեծերի հեքիաթները դեռ կան ու կան :D

Ֆոտոն
09.09.2011, 09:58
Օգտակար հեքիաթ է, շատ շնորհակալություն: :)

Երեխաները, վստահ եմ, մեծ հաճույքով կլսեն ու կսկսեն չվախենալ իրենց մտքերի Բոբոյից: Իսկապես մանուկների համար է գրված՝ ի տարբերություն շատ հեղինակների պսևդոմանկական հեքիաթների:
Շատ դուր եկավ հեքիաթը նաև այն բանով, որ հեքիաթում սպանության, բռնության ու թշնամության հետք չկար: Միայն խնամք, օգնություն, ճշտախոսություն... միայն օրինակելի բաներ:)

Էլի եմ ուզում, լա՜վն ա::love

Meme
09.09.2011, 15:36
էս մեկը գրել եմ մի երեխայի համար, որին շաատ եմ սիրում

Հասուլիկիս



Հրեշտակն ես աշխարհիս,
Առավոտն ես աչքերիս,
Սիրո կաթիլ ու կրակ,
Մենությանս աղաղակ,
Իրական հեքիաթն ես իմ,
Կյանքիս ուրախ մասնիկն իմ:

Մանանա
10.09.2011, 17:57
վույ, էս ինչ լավ թեմա եք բացել :) կարծում եմ Աննետ Նուարի հեքիաթին արդեն խանոթ եք, առանձին թեմայում :) նենց որ գցում եմ իմ հեքիաթներից մեկ ուրիշը :)

Օլին ու Քոլին

Հիմա կասեք, էլի սկսեց էս աղջիկը: Ախր ոնց չսկսեմ... Եթե ձեր աչքի մեջ էլ փղեր ապրեին , դուք չէիք սկսի??? Ըհը~, կարծես հետաքրքրեց, հըն? Լա~վ, լավ, կպատմեմ նրանց մասին:
Ուրեմն մի օր ես հայտնաբերեցի, որ իմ աչքերի մեջ ինչ-որ կենդանիներ կան: Ես շատ պատահական դա հայտնաբերեցի: Ուղղակի մի օր զգացի, որ աչքիս մեջ ինչ-որ բան է մտել ու ինչքան փորձեցի հանել, դուրս չեկավ, ավելի ճիշտ, ինձ թվաց, թե դուրս եկավ, որովհետև այլևս չէր ծակում: Սակայն այդպես չէր, որովհետև հաջորդ օրը կրկին սկսեց ծակել: Այ քեզ բա~ն, այն էլ մի աչքը չի, այլ երկուսը, ճիշտ է, հերթականությամբ` մի օր մեկը, հետո մյուսը: Ես էլ դրած տրորում էի աչքերս, որ դուրս գան:
Մեկ էլ մի օր էս ձախ աչքս սկսեց շատ ծակել: Տրորեցի, տրորեցի, չանցավ, էլի տրորեցի, էլի չանցավ: Ջղայնացա ու հայելի բերեցի, որ տեսնեմ` ինչ է ընկել աչքիս մեջ, որ դուրս չի գալիս: Այդպես ես ծանոթացա Օլիի հետ: Օլին միժանիքանի փիղ էր, միայն ձախ ժանիքն էր, դրա համար էլ երևի ձախ աչքումս էր: Հա, մի զարմացեք, Օլին իմ ձախ աչքում էր ապրում ու երբ տան մեջ (դե ձախ աչքիս մեջ էլի) ման էր գալիս, քայլում էր, ասենք, գնում էր զուգարան, նա իր ժանիքով ծակում էր աչքս: Չէ, նա դիտմամբ չէր անում, այլ այդպես ստացվում էր: Օլին այն փղերից էր, որ լուրջ են լինում, մի մե~ծ գրադարան ուներ աչքիս մեջ ու ամեն օր գրքեր էր կարդում, աշխատություններ էր գրում, մի խոսքով` պրոֆեսոր փիղ էր:

Իսկ հետո, երբ Օլին տեսավ, որ ես իրեն շատ լավ եմ վերաբերվում, բարի էմ և այլն, նա ծոնոթացրեց իր փոքր եղբոր` Քոլիի հետ: Նա նույնպես միժանիքանի փիղ էր և ապրում էր իմ աջ աչքում, որովհետև նրա մոտ էլ միայն աջ ժանիքը կար: Քոլին Օլիի նման չէր: Նա գրքեր չէր սիրում, այլ սիրում էր թղթից նավակներ պատրաստել ու արցունքերիս վրա քշել այդ նավակները: Քոլին շատ բարի էր ու մեծ սիրտ ուներ, հա~, այնքան մեծ, որ հազիվ էր տեղավորվել կրծքի մեջ:

Ես մի օր հարցրեցի Քոլիին, թե որտեղից են նրանք եկել և ինչու են հենց իմ աչքերի մեջ ապրում: Եվ Քոլին պատմեց, որ իրենց ցեղի փղերը, երբ մի տարին լրանում է, բնակվում են մարդկանց աչքերի մեջ: Այդպես ինքը և Օլին էլ պիտի ինչ-որ մեկի աչքերում տեղավորվեին: Իսկ քանի որ Օլին մեծ մարմին ուներ և ամեն մեկի աչքի մեջ չէր տեղավորվի, նրանք եկան իմ աչքերի մեջ, որովհետև ես կարճատես եմ, և իմ աչքերում լիքը տեղ կա (չգիտեմ դա ինչ կապ ուներ):
Ես այնքան ընկերացա ու սիրեցի նրանց, որ ամեն անգամ, երբ աչքս ծակում է, չեմ տրորում: Բա հո չեմ ճզմելու Օլիին կամ Քոլիին, այլ սպասում եմ, երբ նրանք կավարտեն իրենց գործերը և հանգիստ կնստեն: Իսկ եթե երկար են ծակում, ասենք, Քոլին որոշել է պարել այդ օրը, ես ուղղակի նրանց խնդրում եմ փոքր-ինչ արագացնել: Չէ որ ամեն դեպքում դրանք իմ աչքերն են, և ես իրավունք ունեմ նրանցին օգտվելու նույնքան, որքան և իրենք:
Բա~, զգույշ տրորեք ձեր աչքերը, գուցե դուք էլ ուրիշ փղերի եք տրորում:

Ֆոտոն
12.09.2011, 12:41
Ման ջան, հեքիաթդ լավն էր, բայց լիարժեք մանկական չէր: :)

Չտրորելը, մանավանդ կեղտոտ ձեռքերով, ճիշտ է, պետք է սովորեցնել, բայց այ փղերի պահը էնքանով լավ չէր, որ աչքերի մեջ լինում են այնպիսի լողացող բծեր, որ խանգարում են տեսողությանը: Դա հիվանդություն է ու բարդացող: Հանկարծ ու նման բան նկատելով՝ երեխան մտածի, որ նորմալ է, փղեր են ապրում ու ծնողներին ոչինչ չասի այդ մասին: Չգիտեմ, ինչքանով է այս նկատառումը կարևոր, որ հեքիաթիդ մեջ որոշ փոփոխություններ անես: :)
Բոլոր դեպքերում շնորհակալություն: :)

Arpine
12.09.2011, 14:19
Ո՞վ է ապրում մահճակալի տակ



Այվի հեքիաթդ ինձ շատ դուր եկավ: Նախ հենց գայլ–գայլուկ, որը ինքնըստինքյան դրական է դարձնում և ի տարբերություն այլ հեքիաթների, որտեղ, հիմնականում, գայլը ներկայացվում է դաժան ու վատ, էստեղ այդպես չի: Իսկ մահճակալի տակ գտնվող «բոբոն» կարծում եմ շատերիս է անհանգստացրել ու այս հեքիադդ բավականին օգտակար կարող է լինել: Ուր էր թե մեկը ինձ սա պատմեր:)): Նաև սարդը, նորից դրական: Մի անգամ էլ կարդամ իմ ֆոբիան էլ կթուլանա:)):

Lusinamara
27.11.2011, 23:13
Ձյունանուշիկը

Ձյունանուշի՜կ, հրա՛շք քույրիկ,
Ձմեռ պապի անո՜ւշ թոռնիկ,
Ես էլ իմ տատի՛ պուճուրն եմ,
Անմահական ոսկե ջուրն եմ:

Ե՛կ, խնդրում եմ, խաղանք սիրով,
Պապիկիդ տված նվերով,
Որ ես տատիս չասեմ նեղված՝
Ձյունանուշիկն ինչո՞ւ գնաց…

Լ.Ա. 27.11.11


Մի տատիկի խնդրանքով:love

Firegirl777
05.12.2011, 13:27
Մի հեքիաթ էլ իմ կողմից, որը գրել եմ մրցույթի վերջանալու հաջորդ օրը…


Զարթենիկի պատմությունը


Մի ժամացույց կար, որի անունը Զարթենիկ էր, ամեն առավոտ նա արթնացնում էր իր տիրոջը, որպեսզի չուշանա ու ժամանակին հասնի իր աշխատանքին, բայց շատ տխուր էր Զարթենիկը:
Այն ժամանակ, երբ նոր ծնվեց, հիշում էր իր շուրջը ժրաջան աշխատող բազմաթիվ մեխանիզմներ, բայց ինքը էլեկտրական զարթուցիչ էր, ու հիշում էր իր սրտի առաջին զարկը, մարտկոցը տեղադրելուց հետո, իսկ աչքերը կանաչ էին ու փայլում էին ցույց տալով ժամանակը, նա հետո իմացավ, որ նաև երգելու տաղանդ ուներ ու բազմաթիվ մեղեդիներ գիտեր:
Հետո նրան դրեցին մի մութ տուփի մեջ, ու նա երկար սպասում էր այն ժամին թե երբ է նորից լույսը տեսնելու, սիրտը չէր բաբախում, քանի որ մարտկոցը հանել էին ու նա տխուր ու լուռ սպասում էր ինչ-որ հրաշալի ու անկրկնելի իրադարձության: Վերջի վերջո տուփը բացվեց ու առաջինը ինչ տեսավ Զարթենիկը, դա մեծ, շատ մեծ ակնոցներն էին, ու մեծ, շատ մեծ աչքերը այդ ակնոցների ետևում: Նրանք երկար զննեցին Զարթենիկին, իսկ հետո մեկ ուրիշը որ նման չէր ակնոցավորին, վերցրեց ու մարտկոց տեղադրեց ու Զարթենիկը որ մինչ այդ վախեցել էր, նորից զգած սրտի բաբախյունը ու հանգստացավ: Բայց նրան նորից դրեցին տուփի մեջ ու տարան, նա անհամբեր սպասում էր, թե երբ են իրեն նորից հանելու այդ տուփից, նա այնքան էր հոգնել, որ ուզում էր ժամ առաջ ազատվել նրանից, բայց նա նույնիսկ չէր մտածում, որ կգա մի ժամանակ ու նա կկարոտի իր տուփը, որի ներսում այդքան տաքուկ ու հարմարավետ էր, որտեղ այնքան ապահով էր:
Վերջապես նրան նորից հանեցին տուփից, ու նա ուրախությունից կճչար եթե կարողանար, բայց միայն շարունակեց բաբախել ու ցույց տալ ժամանակը: Հիմա արդեն նա ավելի ուշադիր նայեց իր տիրոջը, ու նկատեց մեծ, շատ մեծ ակնոցների ետևում թաքնված այդ փոքրամարմին մարդուն, նա բարակ շուրթեր ուներ, գլուխը ծածկված էր գլխարկով, իսկ երբ հանեց այն, բացվեց նրա ճաղատը, միայն կողքերից երևում էին փոքրիկ մազափնջեր, որոնց մեջ փայլփլում էին սպիտակ մազերը: Մարմինն էլ փոքրիկ էր ու նիհար:
Նա մոտեցավ սեղանին որին դրել էր Զարթենիկի ու սկսեց ուշադիր զննել նրան, նայել բոլոր անկյուններն ու կոճակները, ու կարդալ Զարթենիկի տուփում դրված թուղթը: Իսկ Զարթենիկը լուռ սպասում էր, թե ինչ է լինելու հետո: Շուտով մարդը վերցրեց նրան, մի քանի կոճակներ սեղմեց ու տարավ մեկ այլ սենյակ: Այստեղ ավելի մութ էր, քան առաջինում ու մի փոքրիկ սեղանիկ կար, ուր էլ նրան դրեց տերը: Կաին մի քանի նկարներ պատերից կախված, մի մահճակալ, անկյունում համակարգիչն էր, իսկ անմիջապես Զարթենիկի կողքին մի մեծ գրապահարան էր լի գրքերով, մեծ ու փոքր, հաստ ու բարակ: Հետաքրքրությամբ նայեց Զարթենիկը գրապահարանին, ինչ իմանար, որ հետո այդ գրքերը դառնալու են իր ամենամտերիմ ընկերներն ու շատ հետաքրքիր պատմություններ են պատմելու նրան:
Իսկ հետո ամեն ինչ դարձավ սովորական, ամեն առավոտ նա արթնացնում էր տիրոջը, բայց նա շատ դժգոհ էր միշտ ու հաճախ երբ ուզում էր անջատել Զարթենիկին, ձեռքով դիպչում ու գցում էր հատակին: Զարթենիկը շատ էր նեղվում ու միայն երբ մենակ էր մնում սենյակում գրքերի ու համակարգիչների հետ, փոքր ինչ ցրվում էր, գրքերը միշտ նույն պատմություններն էին պատմում, միայն երբեմն նոր գրքեր էին ավելանում, իսկ համակարգիչը պատմում էր նորություններ աշխարհի մասին, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: Նրանից Զարթենիկը իմացավ որ աշխարհում իր նման շատ ժամացույցներ կան, բայց և կան այնպիսիք որ այնքան էլ նման չեն իրեն:
Ու մի օր էլ երբ նորից առավոտ սկսեց երգել ու իր երգով փորձում էր արթնացնել իր տիրոջը, տերը նորից դիպավ ու վայր գցեց Զարթենիկին: Զարթենիկը արդեն սովոր էր, բայց անգամ զգաց որ սիրտը ավելի ցավեց քան ուրիշ անգամ ու իր կանաչ աչուկներից մեկը հանգավ: Նա այլևես չէր կարողանում ժամանակը ցույց տալ, երբ տերը տեսավ դա շատ վշտացավ ու դրեց նրան իր տոփի մեջ, օօօօ, որքան էր նա կարոտել իր տուփը, կարծես իր վաղեմի բարեկամին տեսներ, ու նորից այնքան հարմարավետ ու ապահով էր այնտեղ: Բայց միևնույն ժամանակ Զարթենիկը շատ էր վախեցել, ուր է հիմա նրա տերը տանում նրան, նա լսել էր աղբանոցի մասին, որտեղ հայտնվում են անպետք իրերը, իսկ նա հիմա անպետք էր, քանի որ աչուկներից մեկը հանգել էր ու նա էլ ժամանակը ճիշտ ցույց չէր տալիս: Բայց ահա բացվեց տուփը ու Զարթենիկը հայտնվեց մի սենյակում, որը նա անվանեց ժամացույցների թագավորություն, այնտեղ ամենուրեք ժամացույցներ էին, և էլեկտրական ինչպիսին ինքն էր, և մեխանիկական, շատ-շատ ժամաացույցներ: Մի ծերուկ շատ զգուշությամբ վերցրեց Զարթենիկին իր հմուտ ձեռքերով: Զննեց ու կարծես միանգամից կարդաց Զարթենիկի ողջ կյանքի պատմությունը: Տերը ինչ-որ խոսեց բարի ծերուկի հետ ու հեռացավ, իսկ Զարթենիկը սպասում էր, թե ինչ է լինելու հետո: Շուրջը այնքան շատ ժամացույցներ կային որ Զարթենիկի աչքերը շաղվել էին, նա ուզում էր ծանոթանալ բոլորի հետ, լսել նրանց բոլորի պատմությունը, ընկերանալ նրանց հետ, բայց ինչ էր լինելու նրա հետ, նա դեռ չգիտեր: Ծերուկն վերցրեց նրա ու տարավ մի փոքրքիկ սենյակ ուր մի շատ լուսավոր լուսամփոփ կար ու մի մեծ խոշորացույց, նա զգուշությամբ բացեց Զարթենիկին ու նայեց ներս: Իսկ Զարթենիկը սպասում էր ու շատ էր վախենում: Շուտով Ծերուկը նորից հավաքեց Զարթենիկին ու տարավ բոլոր ժամացույցների մոտ:
Եկավ գիշերը… ու բոլոր ժամացույցները հավաքվեցին Զարթենիկի շուրջը, նրանք շատ էին սիրում հյուրերի, նրանցից ոմանք արդեն երկար ժամանակ այստեղ էին բնակվում, իսկ ոմանց էլ Զարթենիկի պես տերն էր բերել փչանալուց հետո: Նա շատ ուրախ էր, որ հայտնվել էր այդ ծերունու մոտ, հետո նա ծանոթացավ բոլոր ժամացույցներին: Կար մի կապույտ ժամացույց, փոքրիկ ու շատ գեղեցիկ, նա միշտ շտապում էր, ու միշտ կրկնում, <<Ես կուշանամ, պետք է շտապել, արագ, ավելի արագ>>, բայց թե ուր էր շտապում, այդպես էլ, ոչ ոք գլխի չէր ընկնում, մեկ ուրիշը սևուկ էր ու մեծ, նա հին մոդել էր ու սիրտն արդեն այնքան էլ լավ չէր աշխատում ու շուտ հոգնելով հաճախ քնում էր, իսկ մեկ այլը պատին էր կախված ու աչքերն այնընդհատ աջ ու ձախ էր անում: Զարթենիկի կողքին մի բարակ ու էրկար ժամացույց էր կախված, նա միշտ քիթը բարձր էր պահում, չէր նայում ոչ ոքին, իսկ անկյունում մի շատ-շատ հին ժամացույց կար, նրան մարտկոց պետք չէր, նրա սիրտը այլ կերպ էր աշխատում, միայն թե ծերունին ժամանակ առ ժամանակ լարում էր նրան կողքի բռնակը պտտելով: Նա շատ իմաստուն էր երևում, բայց միևնույն ժամանակ շատ լռակյաց էր, մնացած ժամացույցները բազմաթիվ պատմություններ էին պատմում նրա մասին, բայց ոչ ոք չգիտեր արդյոք ճիշտ են դրանք թե, ոչ, ու Զարթենիկը շատ էր ուզում իմանալ դրա մասին: Ու մի գիշեր նա որոշեց, ինչ էլ լինի հասնի ծեր ժամացույցի մոտ ու զրուցի նրա հետ: Նախ նա պետք է իջներ սեղանից աթոռակի վրա, որպեսզի ջարդուփշուր չլիներ գետնին ընկնելով իսկ հետո բարձրանար մեկ այլ սեղանի ու նորից իջնելով մեկ այլ աթոռակի վրա իջներ հատակին ու հասներ հսկա, ծեր ժամացույցին: Շատ դժվար էր Զարթենիկի համար, նամավանդ, որ նրա մի աչքը չէր տեսնում: Ու առաջին գիշերը նա միայն երկրորդ սեղանին հասավ: Առավոտյան ծերունին տեսավ Զարթենիկին ու սկզբից զարմացավ ու վերցրեց նրան ուզենալով դնել իրեն տեղը, բայց նայեց Զարթենիկի աչուկին ու կարծես հասկացավ նրա մտադրությունը ու դրեց ծեր ժամացույցի կողքին: Զարթենիկը երջանիկ էր, ու չգիտեր ինչպես շնորհակալություն հայտներ ծերունուն: Գիշերը նա վախվորած նայեց ծեր ժամացույցին բայց հետաքրքրությունը հաղթեց ու նա կմկմալով սկսեց:
- Ներեցեեեք… կարելի է… Ձեզ հետ… ծանոթանալ, - ասեց Զարթենիկը ու սպասեց պատասխանի:
Ծեր ժամացույցը, ծանրությամբ բացեց աչքերը ու լուռ փնտրեց խոսացողին: Զարթենիկը շողում էր իր կանաչ աչուկով ու հին ժամացույցը նայելով նրան պատասխանեց:
- Ես շատ ծեր եմ ու վատ եմ տեսնում, միայն մի կանաչ լույս է երևում, դա դու ես?
- Այո, -աշխույժ պատասխանեց Զարթենիկը, - Ճիշտ է մի ժամանակ իմ երկու աչքերն էլ վառ վռում են կանաչ լույսով, բայց իմ մի աչքը հանգել է, ու ես այդ պատճառով այստեղ եմ:
- Պարզ է, -պատասխանեց ծեր ժամացույցը ու լռեց: Զարթենիկը ուզում էր լսել ծեր ժամացույցի ողջ կյանքի պատմությունը ու մի փոքր անց նորից հարցրեց:
- Ներեցեք իսկ Դուք, ինչպես եք այստեղ հայտնվել: Ծեր ժամացույցը կարծես թե հասցրել էր նորից ննջել ու հանկարծակիի եկավ Զարթենիկի զվարթ ձայնից, իսկ հետո մեղմ ժպտաց ու ասեց.
- Ես այստեղ եմ ծնվել, Ինձ պատրաստել է Այս ծերունի ժամագործի պապի պապը, այն ժամանակ իմ նմանները շատ քիչ էին, կարելի է ասել, ես առաջիններից էր,- ու ծեր ժամացույցը սկսեց պատմել հին ու բարի ժամանակների մասին, երբ մարդիկ այդքան չէին շտապում, իսկ ժամացույցներին ավելի հարգալից էին վերաբերվում: Երբ ժամագործները ամիսներով չարչարվում էին ու ստեղծում իսկական գլուխգործոցներ: Զարթենիկին շատ հետաքրքիր էր այդ ամենը և նա իր միակ աչիկով լուսավորելով գիշերը լսում էր ծեր ժամացույցի անհավանական պատմությունները, թե ինչպես է տերը նրան փրկել հրդեհի ժամանակ, ինչպես են ուզել նրան գնել, բայց տերը չի վաճառել, թե ինչքան տարբեր ու տարբեր ժամացույցներ է տեսել իր կյանքի ընթացքում: Առավոտյան Զարթենիկը զարթնեց մի ծանոթ, բայց ոչ այնքան հաճելի ձայնից: Նրա տերն էր վերադարձել նրա ետևից, նա երկար խոսեց ծերունու հետ: Զարթենիկը շատ էր վախենում, նա իրեն շատ լավ էր զգում այստեղ, ու բացի այդ դեռ այնքան պատմություններ կաին, որ պետք է նրան պատմեր ծեր ժամացույցը: Ծերունին վերցրեց Զարթենիկին, բացեց ու սկսեց ինչ-որ բան բացատրել Զարթենիկի տիրոջը, իսկ հետո նորից փակեց ու դրեց ծեր ժամացույցի կողքին: Տերը հեռացավ, Զարթենիկը երջանիկ էր, որեմն նա մնալու էր այստեղ, այս հրաշք ժամացույցների թագավորությունում, նա բոլորին ինչ-որ դեր էր վերագրում այդ թագավորությունում, օրինակ այն գնդաձև ուռած թշերով ժամացույցը կարծես խոհարարը լիներ, իսկ իրեն ինչ-որ չափով նման էլեկտրական փոքրիկ ժամացույցները, կարծես զինվորներ լինեին, նրանք դռան կողքի պահարում էին կանգնած ու կարծես պաշտպանում էին թագավորությունը: Ծեր ժամացույցը ամեն գիշեր մի նոր ու հետաքրքիր պատմություն էր պատմում Զարթենիկին: Ու նա երջանիկ բնակվում էր այնտեղ: Բայց մի օր մի կին մտավ իրենց թագավորություն, ու զգուշությամբ հանելով Զարթենիկի նման մի ժամացույց ցույց տվեց այն ծերունուն, Զարթենիկը միանգամից հետաքրքրվեց, ու փորձում էր տեսնել նրան: Ծերունին վերցրեց Զարթենիկին ու նորեկի հետ տարավ նորից այն փոքրիկ սենյակը: Այստեղ Զարթենիկը սկսեց ուսումնասիրել նորեկին: Նա երևի նույն գործարանում էր ծնվել, որտեղ և Զարթենիկը, նրանք կարծես զույգ եղբայրներ լինեին: Ծերունին քանդեց նաև Զարթենիկին: Գիշերը Զարթենիկը փորձեց ծանոթանալ նորեկի հետ: Նա ճիշտ էր գուշակել, նրանք նույն գործարանում էին ծնվել, միայն թե նրա տերը շատ ուշադիր էր նրա հանդեպ, ու ծնվելիս նա արդեն արատ էր ունեցել ու փչացել, նրա աչքերը կապույտ էին, բայց չէին վառվռում, նրա սիրտը հանգչում էր: Զարթենիկը միանգամից սիրահարվեց նրան: Նրա անունը Կապտաչուկ էր: Իսկ հաջորդ առավոտյան երբ եկավ բարի ծերունին, ու սկսեց իր աշխատանքը, Զարթենիկը հասկացավ, որ այդ օրը ինչ-որ տարօրինակ իրադարձություն է լինելու, որքան էլ զգույշ լիներ ծերունին, բայց Զարթենիկը ցավ զգաց, նրա սիրտը ցավեց ու միակ կանաչ աչուկը հանգավ, բայց երբ նորից բացեց աչքերը հասկացավ, որ Կապտաչուկի աչքերով է նայում աշխարհին ու նրա սիրտը ուրախ բաբախեց ու Կապտաչուկի Աչքերն բոցավառվեցին ու նա ժպտաց: Կինը որը բերել էր կապտաչուկին հաջորդ առավոտյան վերցրեց նրան ու նույն հոգատարությամբ շաւոնակեց խնամել նրան, նույնսիկ չկասկածելով որ խնամում է ևս մի սիրտ որն այնքան երջանիկ էր իր այդ յուրօրինակ ճակատագրի համար: