PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Impression-ի, Dayana-ի և Երկնային-ի համատեղ պատմվածքը



Վարպետ
26.10.2008, 13:33
Impression-ը սկսում է, Dayana-ն` շարունակում, իսկ Երկնային-ը` ավարտում:

impression
26.10.2008, 13:36
Կար-չկար մի սև Կեռնեխ կար: Եղունգներից մինչև կտուցի ծայրը սև էր, բայց երազում էր շիկահեր դառնալ: Առավոտից իրիկուն քրքրվում էր էդ դարդից, ողջ աշխատավարձը ծախսում տարբեր մոդայիկ ամսագրերի վրա, բաց չէր թողնում ոչ մի հաղորդում, որը վարում էր շիկահեր հաղորդավարուհի, ու հոգոց հանելով ոլորում էր ձյութի պես սև վարսերը: Անտառում ում ասես չէր դիմել, անգամ էն ինքնագոհ Բվեճին, ով իրեն ինչ-որ հեռու ազգական էր գալիս, ու ողջ Կաղնուտում հայտնի էր որպես լավագույն վարսահարդար, բայց անգամ Բվեճն էր հրաժարվել Կեռնեխին շիկահեր դարձնել:
-Քեզ չի սազի,- չոր-չոր ասել էր Բվեճն ու շարունակել անտարբեր խուզել Սկյուռիկի պոչը:
Կեռնեխի մոտ արդեն խորունկ ընկճախտ էր սկսվել: Դա նկատել էր իր հարևանուհի Կաչաղակը, ով մի օր առավոտյան իր պատշգամբից սկսել էր զրուցել Կեռնեխի հետ:
- Հարևան ջան, ի՞նչ բանի ես,- հարցրել էր Կաչաղակը:
- Մանրում եմ սազերս,- մտացրիվ պատասխան էր տվել Կեռնեխը:
Կաչաղակը բան չէր հասկացել Կեռնեխի ասածից, բայց առանց ժամանակ կորցնելու` լուրը հասցրել էր բոլորին` Կեռնեխի մոտ դեպրեսիա է:
Իսկ Կեռնեխի դեպրեսիայի պատճառը Բադիկ Մանդարինիկն էր, որն ամեն օր լողում էր անտառի ճիշտ մեջտեղում գտնվող լճակում` արևի տակ փայլեցնելով իր գույնզգույն սիրուն փետուրները:

Dayana
26.10.2008, 15:46
Էդ գզգզած մազերով Բադիկը, իր Մանդարինիկ ազգանունը ձեռք էր բերել պապից, ու նրա պաու պապից, իրենց դեղնա-մանդարինագույն փետուրների համար: Իրենց մանդարինագույն ցեղն ուներ մի ավանդույթ, ոչ ոք իրավունք չուներ ամուսնանալ չմանդարինագույնի հետ:
Մինչ բոլորը բամբասում էին, իրար փոխանցում ` Բա իմացար, Կեռնեխիկը ընկճախտով հիվանդացել ... Ասում են դա շատ բարդ հիվանդություն է... Ասում են դրա տատն էլ է էդ անտեր հիվանդությամբ էն աշխարհ գնացել... Կեռնեխիկը գտել էր մանդարինագույն դառնալու գախտնիքը: Փորփրել էր տատից մնացած դեղաբուժության տետրը ու գտել մի զարհուրելի շիկանալու ռեցեպտ...

Երկնային
26.10.2008, 19:35
Ու Կեռնեխը սկսեց կարդալ.
«Շիկանալու բաղադրատոմս.
Այս բաղադրատոմսը գործում է միայն շիկանալ ցանկացողի ծննդյան տարեդարձի օրը: Մինչ այդ պետք է Բուսկինյան անտառից հավաքել 1կգ. մանդարին և պատրաստել տորթ…»

Երկու օրից իր ծննդյան տարեդարձն էր, ուրեմն քիչ ժամանակ ուներ, որ Բուսկինյան անտառից մանդարիններ հավաքեր. բարեբախտաբար անտառը շատ հեռու չէր… բայց այ բաղադրատոմսի շարունակությունը Կեռնեխին խորը մտածմունքների մեջ գցեց.
«… Մանդարինի կլեպներով թեյ պատրաստել և հյուրասիրել շիկահեր մեկին, իսկ հետո նույն բաժակից թեյ համտեսել…»

Ու՞մ պետք է թեյ հյուրասիրեր. միակ խելքին մոտ տարբերակը Բադիկ Մանդարինիկն էր, այն էլ նրանք այնքան լավ հարաբերությունների մեջ չէին, որ իրար հետ թեյեին…
Անցավ մեկ օր: Կեռնեխն արդեն հասցրել էր մանդարինները հավաքել ու տորթ պատրաստել: Եվ ահա երեկոյան նստել էր լճակի մոտ և մտածում, թե ինչպես խոսակցություն սկսի Մանդարինիկի հետ, երբ Բադիկն ինքը մոտեցավ: Կեռնեխը երբեք ուշադրություն չէր դարձրել, թե ինչ հոգատար հայացք ունի Մանդարինիկը.
- Ինչու՞ ես տխուր, Կեռնեխ,- Բադիկի աչքերում ժպիտ կար…
- Վաղը ծննդյանս տարեդարձն է, մանդարիններով տորթ եմ պատրաստել, բայց ոչ ոք չի ուզում հետս նշել… ես ընկերներ չունեմ,- դարդոտած պատասխանեց Կեռնեխը…

Բադիկը մտահոգվեց. նա շատ կցանկանար Կեռնեխի պատրաստատ տորթը համտեսել, բայց ինքը չէր կարող լճակից շատ հեռու գնալ, համ էլ մի քիչ ամաչում էր…
- Կցանկանա՞ս հետս թեյել, իրար հետ կնշենք… լճակի մոտ…
Այդպես էլ արեցին, լճակի ափին փիքնիքի սեղան գցեցին`մանդարիններով տորթով, ու թեյեցին, Կեռնեխն էլ հաջողացրեց Բադիկի բաժակից թեյ համտեսել.

Առավոտյան սկսեցին լուրեր տարածվել, որ Կեռնեխն անհետացել է… Ոչ ոք չգիտեր, թե ինչ է եղել, բայց դա այդքան էլ չէր մտահոգում Կեռնեխի համաանտառեցիներին. նրա մասին շատ շուտ մոռացան…
Անտառային կենդանիների զարմանքին սահման չկար. քանի օր է երկնքից տաք մանդարինագույն անձրև էր գալիս… այդպիսի բան նրանք երբեք չէին տեսել…

Եվս մի բան կար, որ մտահոգեց բոլորին. ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչպես պատահեց, որ լճակում ևս մեկ բադիկ հայտնվեց` մանդարինագույն փետուրներով ու երկար թարթիչներով եզրագծված կանաչամոխրագույն աչուկներով… Ու միայն Բադիկ Մանդարինիկը գիտեր, որ մանդարինագույն անձրևից Կեռնեխն իր պես բադիկ է դարձել: Այդ օրվանից նրանք անբաժան ընկերներ դարձան` կապված մանդարինագույն գաղտնիքով:

Շուտով անտառում սկսեցին լուրեր պտտվել, որ Մանդարինիկը պատրաստվում է ամուսնանալ… Բայց դա արդեն ուրիշ հեքիաթի սկիզբն է…

Ռուֆուս
31.03.2010, 11:07
Ոնց եմ սիրում սենց պատմվածքներ, բարի, սիրուն, հեփի էնդով :))

Ինչ ուզում եք ասեք, մեկ ա վերջում միշտ սերը հաղթում ա :))

Ariadna
31.03.2010, 13:05
Ոնց եմ սիրում սենց պատմվածքներ, բարի, սիրուն, հեփի էնդով :))

Ինչ ուզում եք ասեք, մեկ ա վերջում միշտ սերը հաղթում ա :))

Ապրես, Հայկ ջան, թեման ակտիվացրեցիր, ես էլ հաճույքով կարդացի :)

Chilly
31.03.2010, 13:55
Էն պատմվածքներից ա, որ կարդալուց հետո ուզում եմ ասել «Մամ, մի հատ էլ ջուրիկ տուր, որ քնեմ...» :)

Farfalla
31.03.2010, 14:13
Շատ լավն էր, մի շնչով կարդացի: Ոնց որ փոքր ժամանակվա պուպուշ հեքիաթներից լինի :)