PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբուժարան…



Ծով
16.10.2008, 00:15
Հոգեբուժարան…

/…ինչու լռել…/


...
Սառան նստած էր Լյուսիի դիակի կողքին ու անթարթ նայում էր նրան։ Թվում էր, թե ահռելի մի բան կանգնել է կոկորդին ու երբեք այլևս կուլ չի գնա։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչու Լյուսին մեռավ, ավելի շուտ ինքնասպան եղավ ի վերջո այնքան սեանսերից հետո , որ անցկացրել էր ինքը, այնքան հոգեբանական զրույցներից, ջանքերից հետո, երբ Լյուսին արդեն համարյա թե համոզված էր, որ կարող է նորից ապրել։ Այն էլ այն օրը, երբ սովորականից ավելի ուրախ էր թվացել, անհոգ և նույնիսկ փոքր-ինչ երջանիկ…
Դա իհարկե զարմացրել էր Սառային, և ինքը թերահավատորեն էր վերաբերել այդ երևույթին, սակայն ուշադրություն չէր դարձրել սաստիկ հոգնած լինելու պատճառով։
Լյուսը հաճախ էր խոսել այն մասին, որ ինքը վաղուց արդեն մեռած պիտի լիներ, եթե աստվածավախությունը չհետաձգեր իր այդքան սպասված բաղձանքը…
Նա վախենում էր մեղք գործելուց, չնայած ոչ մի կերպ չէր ընկալում, թե ինչու ստիպված ապրելը հավասարաչափ մեղք չէ, ինչպես ստիպված մեռնելը։ Նրա այս խոսքերը միշտ հեգնանական ժպիտ էին առաջացնում Սառայի շուրթերին։ Սառան սա համարում էր մի տարածված սենտիմենտալություն, որը հատուկ է մահվան դուռը ինքնակամ գնացողներին։ Նա նույնիսկ մի քանի հատոր ատենախոսություն ուներ ինքնասպանության շեմին կանգնած մահկանացուների ապրումների մասին և դրանք այնքան իրական էր նկարագրում ասես մի քանի անգամ զգացել էր։
Լյուսին Սառայի մանկության ընկերուհին էր։ ՄԻնչ նրա մահը, էլի մի քանի անգամ պատահել էր, որ որոշ սեանսերից հետո հաճախորդներն այլևս չէին երևացել, իսկ հետո պարզվել էր, որ նրանք այլևս չկային երևալու համար։ Սառան այդ մահերը մի կերպ տանում էր։ Նա դրանք համարում էր կորսված ճակատագրեր և միշտ հակված էր մտածելու, որ իր մեղքի բաժինը, առավելևս պրոֆեսիոնալիզմն արդեն էական դեր չի խաղում։ Չնայած սրան, նա միշտ էլ հույս ուներ, որ հնարավոր է մարդկանց ետ պահել այդ չարաբաստիկ-հանցավոր քայլից։ Սկզբում նա ընդամենը հոգեբան էր, հետո կոլեգաները նրան արդեն, կատակով իհարկե, անվանում էին ինքնասպանաբան, քանի որ պատահում էր այնսպես, որ մեկ երկու տեսակցությունից հետո հաճախորդները որպես կանոն մահվան թեման էին բացում և նույնիսկ համոզում Սառային, որ դա լավագույն ելքն է կյանքից։ Դա իհարկե միակն է, ոչ թե լավագույնը։ Համենայնդեպս ես կյանքից դուրս գալու այլ ճանապարհ չգիտեմ, չնայած սա բացարձակ ճշմարտություն լինելուց էլ շատ հեռու է։
Սարսափելին այն էր, որ նրանց մեջ հանդիպում էին բավականին հետաքրքիր անհատներ, ովքեր , եթե այդպիսի մի օրենք սահմանվեր, ապա մեռնելու իրավունք չունեին, ինչպես Սառան էր ասում, նրանք կարող էին ապրեցնել, ուրեմն ստիպված էին ապրել։ Մտերիմ ընկերոջ կորուստը ծանր հարված էր Սառայի համար։ Նա մինչ այդ երբեք դեռ հիմնովին չեր զգացել, թե ընդհանրապես ինչ է նշանակում հարազատի կորուստը, թեպետ ծնողներին կորցրել էր շատ վաղ հասակում, բայց այնուամենայնիվ ստացվել էր այնպես, որ անմասն էր մնացել համենայնդեպս կորստյան տառապալից զգացումներից...
Նրա կյանքը ասես կանոնակարգված լիներ։ Տատիկը, որը խնամել էր նրան և որը շարունակում էր մնալ ամենասիրելի, թանկ ու հարզատ մարդը աշխարոհում,Սառայի կյանքին հաղորդել էր տարօրինակ մեխանիզմ...ասես ապրելու մեխանիզմ։ Դեռ մանկությունից արթնանալուն պես նա միշտ էլ գիտեր իր անելիքը։ նրա մոտ ամեն ինչ տեղի էր ունենում ճիշտ ժամանակին։ Նա նույնիսկ խաղի համար հատուկ ժամ ուներ, էլ չեմ խոսում լվացվելու, ուտելու ) մնացած բոլոր մանր-մունր առօրեական եղած-չեղած անելիքների մասին։ Նա երբեք ժամանակ չեր կորցնում և նույնիսկ գրեթե հստակ գիտեր, թե որ նպատակը երբ է հասնելու իր նպատակին…
Մի խոսքով ապրելու նրա մեխանիզմը մեզ կարող է նույնիսկ շատ ձանձրալի թվալ, բայց հավատացնում եմ, որ այդպես նրա մոտ բավականին հեշտ էր ստացվում ապրելը։

ԻՆչի՞ց շեղվեցինք…
Լավ։ Սառան երկար նայում էր Լյուսիի մեռած, սպիտակ դեմքին ու արտասվում։ Հետո նա նույնիսկ դադարեց, բայց էլի շարունակում էր երկար նայել…
Նրա համար անհասկանալի էր այդ հրեշտակային գեղեցկությամբ աղջկա մահը այն էլ այն դեպքում, երբ ախր ամեն ինչ կարծես թե հարթվել էր…
Սենյակում մերթընդմերթ ինչ- որ մարդիկ էին գալիս, գնում։ Սովորաբար ինքնասպանությունը մի տեսակ մթագնում է մարդկանց՝ կորստի մասին պատկերացումները...Ասես նրանց պարտադրված ցավ են ատճառում, ուստի այնքան էլ զարմանլի չէր, որ չափից դուրս, կասեր գրեթե մեզանից յուրաքանչյուրը, հավատացյալ մարդը՝ Լյուսիի հայրը, ով, սակայն, մեր մեջ ասած, պարզապես շատ սովարական մի քրիստոնյա էր, ով ամեն կիրակի եկեղեցի էր գնում և ով յուրատեսակ խնամքով էր վերաբերում իր հավատքին առ Աստված։ Համենայնդեպս նա իր քրիստոնեական ներողամտությունը մի տեսակ կորցրել էր, և նրան ոչ մի կերպ չեին կարողանում համոզել վերջին անգամ հրաժեշտ տալ դստերը։
—Նա մեղք է գործել,-ասում էր,-ես նրան չեմ կարող համբուրել, իսկ տեսնել նրա փոքրիկ անկենդան աչքերը և իմ ափերի մեջ մեծացած ձեռքերը, ես չհամբուրել չեմ կարող…
Այդ որտեղից էր վերցրել, սակայն, որ ինքն էլ այդ մեղքին հանցակից պիտի լիներ, ես չգիտեմ, համենայնդեպս հայրը դստերը ներել չէր կարողանում և թվում էր՝ ոչ այնքան ինքնասպանության, որքան դրա պատճառը չիմանալու համար…Եվ ավելի շատ, որ քահանա կանչելու իրավունք չունեին…

Սառային թողած վերջին նամակում Լյուսին գրել էր. « Գիտե՞ս ինչ, կարծում եմ՝ աստվածաշնչում այնուամենայնիվ սխալներ կան…Եվ ես թույլ չէի. մեռնելու համար մեծ կամք է պետք։ Ամեն մարդ չի կարող մեռնել։ Ամեն մարդ դրան ընդունակ չէ։ Դա ևս ուժ է պահանջում։ Իսկ Ձեզ ինչու՞ չի թվում, թե գուցե սա գերբնական մի հրաման չէր ինձ… հենց այնտեղից՝ վերևից։ Չկարծես, թե արդարանում եմ և քեզ էլ մեղավոր չհամարես։ Ես ուզում եմ ասել, որ քո աշխատանքն էլ անարդյունք է։ Ինչպես ասում են, մարդու մտքին տեղ լինի...Ինչ ուզում ես կարծիր։ Դա այլևս կարևոր չէ։ Ի դեպ, հուսով եմ, որ դրախտ, դժոխք, երկնային կյանք և այլն, դրանք եթե անգամ ճիշտ են, կամ կան, գոյություն ունեն, համենայնդեպս մի մեծ լավություն արած կլիներ ինձ Տերը, եթե ինձ համար ոչ մի տեղ այլևս տեղ չլիներ։ Եթե կարող ես, ասա՛, որ սխալ էր....դա ավելի հեշտ է հիմա, երբ չկամ…բայց եթե ինչ-որ տեղից ես լսեմ այն, ինչ դու ասում, ես իսկապես ինձ դժբախտ կզգամ...ստացվում է, որ անիմաստ էր մահս այնպես, ինչպես կյանքս։ Կուզենայի հեռու լինել ձեզանից։ Եթե իմանայիք, թե որքան էի ատում Ձեզ մեռնելու պահին, այլապես ես կապրեի գոնե Ձեզ համար։ Տեսնու՞մ ես, ես դեռ չեմ մեռել, բայց արդեն գրում եմ կարծես հանդերձյալ կյանքից։ Մարդն այնուամենայնիվ միշտ ձգտում է գոյություն ունենալ…հուսով եմ ես մարդ չեմ… պահպանի՛ր քեզ… »։
Նա այդ նամակը նախորդ օրը թողել էր Սառայի գրասեղանին, բայց քանի որ նրանք այնտեղից միասին էին հեռացել, Սառան դա հաստատ հաջորդ օրն էր կարդալու։
Սառայի մտքով նույնիսկ անցնում էր, թե սկզբունքային, չափազանց սկզբունքային Լյուսին կարող էր վերջին պահին զղջալ և այդ քայլին չդիմել, բայց գուցե չէր ուզել խախտել նամակում առկա որոշումը։ Անհեթեթություն է իհարկե, բայց խիստ մարդամոտ կամ ինչպես կուզես…

Ծով
16.10.2008, 00:16

Կյանքը նորից սկսեց գլորվել իր սովորական մեխանիզմին հավատարիմ։
Սառան շարունակում էր աշխատել, առնչվել արդեն սովորական դարձած հաճախորդների խնդիրներին, արդեն անգիր արած խորհուրդներ տալ, տեստեր անցկացնել, դեղեր նշանակել, նվերներ մատուցել, ուրախացնել, էլ չգիտեմ ինչեր...
Համենայնդեպս նա այլևս չէր ապրում իր աշխատանքը, այնպես, ինչպես, ասես նա մի հատուկ սարք լինէր, որով ուղիղ կապ են հաստատում հոգու հետ։ Նրան բարկացնում էր հատկապես այն, որ հաճախորդները ավելի հաճախ իրեն վերաբերվում էին որպես գուշակի և անընդհատ հարցնում էին, թե ինչ է իրենց սպասվում։ Նա սկսել էր թերանալ մասնագիտական ռազմավարության մեջ, սկսել էր մոռանալ այն մոտեցումը որ ուներ հատկապես իրեն ճնշող աուրայի տեր մարդկանց նկատմամբ։ Կարճ ասած՝ նա սկսել էր նյարդայնանալ։ Գաղտնիքի պես մի բան էլ, ի դեպ շատ կարևոր է, որ սա իսկապես գաղտնի մնա, այսպես, պատահում էր, որ նա նույնիսկ մտածում էր որևէ հաճախորդի ինքնասպանության հավանականության մասին և դրանից չէր էլ ազդվում խորապես, ասես միայն այն բանի համար, որ այդ հաճախորդին այլևս չտեսնի…
Այնուամենայնիվ նա չէր կարողանում հրաժարվել հաճախորդներից, բայց զգում էր, որ ուժերը խճճվել են մարդկային տարատեսակ նյարդերում։Կարծես նա մի ահռելի լաբիրինթում է, որտեղից դուրս գալու ոչ մի ելք չկա…
ՄԻ կողմից էլ նա շատ էր ուզում հրաժարվել իր՝ արդեն անտանելի դարձած աշխատանքից, բայց դեռևս չէր պատկերացնում, թե ուրիշ ինչ միջոցով է փող վաստակելու…
Լյուսիի մահը նրան շատ էր փոխել։ Նա սկսել էր ծերանալ…

Ի վերջո Սառան ստիպված եղավ թողնել աշխատանքը։ Նրան երբեմն թվում էր, թե ինքը ուր որ է խենթանալու է։ Պատահում էր նույնիսկ, որ արդեն կորցնում էր հավասարակշռությունը, ռազմավարական փամփուշտները, հոգեբանի դերը ասես փոխանցում էր իր այսպես կոչված հիվանդներին, ովքեր իրենց հերթին ծանրաբեռնում էին խորհուրդներով և ընդհանրապես Սառայի խնդիրը նրանք տեսնում էին միայանկության մեջ…Իրականում Սառան չէր էլ մտածում անձնական կյանք ունենալու մասին, չնայած շատ երկրպագուներ ուներ և ինքն էլ անտարբեր չէր նրանցից մեկի՝ իր կոլոգայի նկատմամբ, ում հետ երբեմն-երբեմն հանդիպում էր և ով նույնիսկ հինգ տարի փոքր էր իրենից և խենթի նման սիրահարված…
Նրա համար կյանքի այդ փուլին անցնելը մի տեսակ խորթ էր թվում, և հետո, չնայած նա երեսուներեք տարեկան էր, այնուամենայնիվ համոզված էր, որ դեռ ժամանակը չէ։
Ի վերջո նա որոշեց փակել իր « Դու արժանի ես…» հոգեբանական կլինիկան, կամ այսպես կորչված գրասենյակը առանց որևէ մեկին զգուշացնելու… Բայց հենց այդ որոշուման հետո կատարվեց ամենասարսափելին.նա անընդհատ վերջին նամակներ էր ստանում…հաճախորդներից…իբրև թե նրանք բոլորը պատրասվում էին ինքնասպան լինել։ Սառան պարզ գիտեր, որ դա ինչ-որ մեկի լարած ծուղակն էր կամ խաղը, բայց դրանք օր օրի ավելի էին նյարդայնացնում իրեն։
Մի օր էլ հաճախորդնեից ամենաերիտասարդը՝ Բերտան, նրան խնդրեց այցելել իրեն իբրև թե դա պետք է, որ լինի նրանց վերջին հանդիպումը, որովհետև ինքը անբուժելի հիվանդ է։ Պայմանավորված ժամից հինգ րոպե ուշացած Սառան գնաց ծանոթ հասցեով, որտեղ մի քանի անգամ եղել էր ինքը, երբ Բերտան վատառողջ էր եղել և տեսակցություն էր խնդրել։ Դա մի փոքրիկ, խղճուկ տուն էր, որն աղջիկը վարձել էր հատուկ նպատակներով։ Նա տասնյոթ տարեկան էր, բայց արդեն հմուտ էր իր կեղտոտ գործում և չնայած այս արտահայտությանը, նա մաքուր մարդ էր իսկապես։ Համենայնդեպս այդպես թվացել էր…Նա մի տեսակ շատ բարի էր և դժբախտ։ Նա գիտեր, որ իր կյանքն ամբողջովին կորսված իրականություն է, որ ետ դառնալ ոչ մի կերպ չէր հաջողվի, իսկ շարունակելն արդեն անտանելի էր։ Նրա համար միակը աշխարհում, որի հետ կարող էր զրուցել, որի գրկում նույնիսկ արտասվում էր ու երբեմն անուշ քնում, Սառան էր։ Նա երբեմն նույնիսկ Սառային մայրիկ էր ասում և այնպիսի կարոտով, որ Սառային թվում էր, թե իսկապես Բերտան իր դուստրն է…
Բայց այնուամենայնիվ Բերտայի նման շատ շատ հաճախորդներ էր ունեցել Սառան, և նա իրականում չափազանց սովորական մի երևույթ էր նրա համար…Այն էլ երբ աղջիկն այնքան էր պատմել իր դառը կյանքից, որ Սառան այլևս սիրտ չէր անում սեանսերի համար գումար վերցնելու…
«ՄԻ խոսքով պայմանավորված ժամից հինգ րոպե ուշ Սառան թակեց Բերտայի տան դուռը...մի քնաի անգամ, բայց ոչ ոք չէր բացում…Նա ձեռքը տարավ դեպի բռնակը, դուռը բաց էր։ Ներսից ծխախոտի հոտ էր փչում։ Ամեն ինչ տակնուվրա էր արված։ Հնչում էր ծանոթ երաժշտություն, որ հաճախ լսել էին սեանսերի ժամանակ։ Դա «Լուսնի սոնատ»-ն էր։ Սառան շունչը պահած քայլերը ուղեց դեպի Բերտայի ննջասենյակը։ Նա ձայն չէր էլ տալիս, ասես վախենում էր պատասխան չլսելուց։ Հանկարծ նա վախից գլուխը կախեց։ Դանդաղ բացեց ծանոթ դուռը։ Հատակին ընկած փայտե աթոռը ինչ-որ ճնշող լռություն էր կորզուոմ։ Դեռ տաք մարմինը Բերտայի կախվել էր մի մեծ, ոսկեգույն տիկնիկի նման։ Արևի վերջին շողերը ընկել էին նրա դեմքին, իսկ պարանին կապված մի թերթիկ անտարբեր օրորվում էր քամուց։ Թերթիկի վրա մի երկտող էր. « Դու արժանի ես»։»։
Սառան մի քանի րոպե անշարժ կանգնած էր։ Նրան թվում էր, թե այդ ամենը մի դաժան երազ է,թե ինչ որ մեկը նորից խաղում էր… և մի քանի վայրկյանում նույնիսկ պարզ էր, թե ով էր իրեն նամակներ ուղարկում…

Ես ինքս էլ չեմ սիրում հիասթափեցնել իմ ընթերոցողներին , բայց իրականում այս ամենը Սառայի երևակայության արդյունքն էր, այսպես ասած նրամ տքով անցածը, մինչ Բերտայի տանը հասնելը։ Դուռն իհարկե դարձյալ բաց էր, տունը միշտ էլ թափթփված, իսկ Բերտան պառկած էր բազմոցին և «Լուսնի սոնատ»-ն էր լսում…
—Վերջապես,- ճչաց նա և քիչ մնաց դուրս թռչեր անկողնուց, սակայն Սառան ավելի շուտ հասավ։
—Ինչպե՞ս ես, փոքրի՛կս
—Վատ, Սառա՛, միևնույն ժամանակ ավելի լավ հնարավոր չէ պատկերացնել…ես մեռնում եմ…-Բերտան սկսեց կչկչալ։
—Դու իհարկե հոգուս հետ ես չէ՞ խաղում, արջուկ,-այդպես էր Սառան երբեմն դիմում շիկահեր փոքրամարմին գեղեցիկ աղջկան։
—Ոչ։Գիտե՞ս Սառա, ես շատ խնդիրներ եմ այս ընթացքում ինքնուրույն լուծել։
Նախ պարզելուց հետո որ հիվանդ եմ, ես կարողացա ազատվել այդ անասունների զանգվածից, որոնց շատ դժվար էր համոզելը, մինչև որ իրենք չհասկացան, որ օր օրի ավելի գունատ եմ դառնում։ Սկզբում հյութերով, մրգերով, նվերներով, մի հարյուր տարվա համար նախատեսված օծանելիքներով, որոնք ի դեպ ես բաժանեցի հարևաններիս, որ գոնե երբեմն ինձ ժպտան, մի խոսքով ես իսկապես մեռնում եմ…արատավոր սիրտ ունեմ…ինչպիսին եմ և ես…
—Այդպես մի ասա՛…
—Այո Սառա, բայց ես չեմ զղջում։ Իմ դեպքում բոլորովին այլ տարբերակ չկար։ Գիտե՞ս ես հենց այդպես էի մորս կյանքը երկարացնում։ Ես նրա դեղերն էի վաստակում, իսկ նա՝ այդ երախատամոռը, ի վերջո պարզելով, թե ինչպես եմ հայթայթում իր այդքան թանկարժեք դեղերը, ամոթից ինքնասպան եղավ։ Ինչ հիմարություն էր չէ…անշնորհակալ մարդ…
-Բերտա՛...
-Այո Սառա, թող խոսեմ,դու հո գիտես՝ ես վտանագավոր չեմ։ Ես ընդամենը շուն եմ, իսկ շները ավելի անվտանգ են, քան մարդիկ։ Լսի՛ր, Նա, միայն նա ինձ չի կարողանում մոռանալ։ Նա կարծես թե ինձ իսկապես սիրում է, պատրաստ է ջնջել մտքից ինչ-որ եղել եմ։ Գիտես,ես ավելի երջանիկ չեմ եղել, քան հիմա՝ մեռնելիս…

—Բերտա՛…
—Սառա՛, դու ազատ ես։ Ես գիտեմ, որ թողել ես աշխատանքդ։ Դու իսկապես ազատ ես։Դու շատ լավ գիտես , որ ես երեխա չեմ։ Թո՛ղ խոսեմ…ինձ խորհուրդներ մի՛ տուր…ես ընդամենը պիտի խոսեմ Սառա՛ մայրիկ կամ քույրիկ , ինչպես կուզես։ Կարծում եմ՝ ես նրան արժանի չեմ։ Ես նրան նույնպես հեռացրել եմ ինձնից։ Այսպես ավելի լավ է. Միայնակ, մահճում, մեռնելիս…Օ՜՜՜հ տեր Աստված, և ոչ ոքի ցավ չի պատճառի իմ մահը։ Այս գլխիս անեծքներ թափող կանայք դա կհամարեն Աստծո պատիժ…իսկ մահը որ օրվա պատիժն է…է՜Հ… մի՞թե լավ չէ…լավ չէ՞ ոչ ոք չունենալը։ Իմ գերեզմանը կմնա առանց ծաղիկ, բայց դա ավելի լավ է.ծաղիկներս գողացող չի լինի…
—Բերտա՛, որևէ բան անել հնարավոր չէ՞…
—Երդվում եմ, որ ոչ։ Դա թանկ հաճույք է…
—Իսկ…
—Ոչ, ես ուզում եմ մեռնել…ինչպես որ է…ամեն ինչ ճիշտ է…ես իսկապես շնորհակալ եմ, որ գնում եմ դա կյանքը չսիրելուց չէ…ես պարզապես չկարողացա ապրել…ԵՍ չկարողացա երջանիկ լինել…
—Բերտա՛, ե՛կ ես քեզ իմ տուն տանեմ։ Տատիկս էլ քեզ շատ կսիրի…միայն թե ոչ մի խոսք այն մասին, թե ինչով ես զբաղվել։ Կամ ավելի լավ է ես կզգուշացնեմ, որ նա քեզ հարցեր չտա իբրև թե չես սիրում խոսել անցյալից։ Մենք կխնամենք քեզ…դե՛, կգաս…
—Բայց դա քեզ ինչի՞ համար է պետք, դու այնուամենայնիվ ինչ-որ բան կկորցնես…
—ԳԻտե՞ս, երբեմն դատարկությունը նույնիսկ կորուստներն են լցնում։ Ես սա իհարկ ե այլ տեսանկյունից եմ ասում։ Բերտա՛, միևնույն է, ես կարծում եմ մեզ հետ քեզ համար ավելի հեշտ կլինի,ք ան այս գարշելի տանը, գարշելի հիշողությունների կողքին…
—Եթե դու իսկապես ուզում ես…
—Իհարկե…
—Հենց այսօր էլ կգամ…իսկ այս խոզանոցը՞…
—Դե մի քիչ կարգի կբերենք և կհանձնենք տունը։

Ծով
16.10.2008, 00:17

Սառայի խնամքի շնորհիվ Բերտան քիչ ավելի լավ էր իրեն զգում։ Համենայնդեպս դեղերը ժամանակին ընդունելը լավ ազդեցություն էր թողնում։ Բացի այդ, նա մի տեսակ ավելի խաղաղ էր դարձել և ուրախ էր, որ նախքին կյանքն այլևս հեռու մի բան էր թվում։
Նա ժամանակը գլորում էր գրքեր կարդալով կամ էլ երաժշտության ներքո նկարում էր։ Սառան նկատել եր, որ Բերտայի մեջ ինչ-որ նոր հետաքրքրություններ էին օր օրի հայտնվում… ասես նա նոր-նոր էր սկսում ապրել…ասես նա ծնվել էր նորից…
Սառան երջանիկ էր, որ իր մասնագիտական պարտականությունները տեղափոխվել էին ասես մայրական հարթության վրա։ Հասկացել էր, որ քնքշանքն ու հոգատարությունը իրականում լավագույն դեղերն էին միայնակ մարդկանց համար…

Այդ օրը Բերտան իրեն ավելի լավ էր զգում, քան երբևէ։ Քեզ համար կարծում եմ անականկալները բոլորվին տեղի չեն։ Դա դեռ չի նշանակում, որ նա չէր կարող մեռնել հենց այդ օրը, և ես չեմ էլ թաքցնում, որ նա հենց այդ օրն էլ մեռավ…
ՄԻնչ այդ…
Խաղաղ երեկո էր։ Օրն ինքն էլ մի տեսակ բժժած էր կեսօրի աղմուկին հաջորդած հանգստությանից։ Բերտան անընդհատ խորհրդավոր ժպտում էր, և ինքն էլ չէր հասկանում, թե այդ ինչ էր թաքնված իր ժպիտի ներքո։ Մի պահ նա հիշեցրել Լյուսիին, որը ճիշտ Բերտայի նման տարօրինակ կերպով լուսավոր էր հենց իր մահվան օրը։Այնուամենայնիվ Սառան համոզված էր արդեն, որ Բերտան դադարել էր մտածել մահվան մասին, չնայած նրա դեպքում դա մի քիչ անհնար է թվում…
—Ես ուզում եմ նրան հրաժեշտ տալ, կարո՞ղ եմ
Սառան իհարկե գիտեր, որ խոսքն այն երիտասարդի մասին էր, որն իբրև թե սիրահարված էր նրան։
—Իհարկե, դու ուզու՞մ ես նրա մոտ գնալ…
—Այո, ես գիտեմ, թե նա որտեղ է ապրում, ինձ դժվար չի լինի նրան գտնելը, դու կգա՞ս ինձ հետ…
Սա Սառային վստահություն ներշնչեց և իհարկե նա մերժել չէր կարող…



— Ինձ սպասի՛ր սանդուղքի մոտ, ես ընդամենը մի քանի րոպեից կվերադառնամ… Խնդրում եմ Սառա, եթե ուշանամ, հիշի՛ր երրոդ հարկ, աջ դուռ, ես ամեն ինչ կանեմ, որ այն բաց մնա…
—Բերտա՛, դու ինձ անհանգստացնում ես…
—Սա զգուշավորություն է, ուրիշ ոչինչ…
—Գուցե չգնաս…
-Չէ, ես նրան սիրում եմ… ես իսկապես սիրել կարողանում եմ… ես պարզապես միշտ էլ գիտակցել եմ, որ իրավունք չունեի…դե գնամ…
Մարկը, այդպես էր տղայի անունը, պարզ երևում էր, որ այնքան էլ ուրախ չէր տեսնել Բերտային, բայց, քաղաքավարությունից դրդված, նա այնուամենայնիվ նրան ներս հրավիրեց։ Բացի այդ նա տանը մենակ չէր։
Բերտան նստել էր իրեն առաջարկված աթոռին և չգիտեր ինչ ասել։ Նրա մտքով նույնիսկ անցավ « Երանի հենց այս պահին սիրտս ճաքեր», և այդ մտքից մի հիստերի ծիծաղ սկսվեց…
—Կարո՞ղ եմ իմանալ ինչու ես եկել։ Այնքան էլ հարմար ժամ չէ քեզ վայելելու համար։ Հետո դու մի տեսակ շատ տկար ես ու թույլ…իմ սրտով չես, եթե անգամ անվճար տրվես…
Իսկ բերտան նրանից երբեք էլ փող չէր վերցրել, որովհետև սիրում էր…
Բերտան ապշահար նայում էր Մարկին ու չէր կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում։ Նրան այնքան անծանոթ էին թվում այսդ խոսքերը ասես նա նույնիսկ մոռացած լիներ թե ով էր ինքը մի քանի ամիս առաջ…
—Ես վաղուց է արդեն դրանով չեմ զբաղվում, ես փոխվել եմ…
Մարկը սկսեց այլանդակ ձևով ծիծաղել։ Եվ մի տեսակ արհեստական։ Նա իսկապես տարօրինակ կարոտած հայացքով էր նայում աղջկան, ասես ուզւոմ էր գրկել, բայց չէր համարձակվում, իսկ ամենացավալին այն է, որ Բերտան դա զգում էր։
—Ես ընդամենը ուզում էի հրաժեշտ տալ…
— Ու՞մ
—Քեզ
—Ասացի, որ հիմա հարմար չէ և իմ սրտով չես…
Բերտան հազիվ կարողացավ կանգնել, բայց մի տեսակ իրեն զսպել չկարողացավ և արցունքերի միջից հազիվհազ մի «մնաս բարով» շպրտեց ու փախավ …

Արևը մայր էր մտնում, ինչպես Բերտայի փոքրիկ կյանքը։ Նա անընդհատ արտասվում էր, իսկ Սառան՝ «հոգու վարպետը», առաջին անգամ ոչինչ չէր կարողանում ասել։ Նա մի տեսակ անզոր էր իրեն զգում։ Նա չէր էլ կարողանում սրբել Բերտայի արցունքները։ Նա ավելի հեշտ կարող էր արտասվել նրա հետ…

—Սառա՛, իմ մարմինը մեղավոր է, իսկ հոգիս՝ ոչ, այնպես չէ՞
—Այո, փոքրիկս, դու մի՛ մտածիր այդ մասին…
—Ես շնացել եմ, շնացել, հասկանու՞մ ես…
—Բերտա՛, գիտե՞ս, թե այս կյանքում, որքան շատ են այդ շները…ոչ մարմնով, այլ հոգով…դա ավելի վտանգավոր է…
—Մարդն ամենաշատը մեղանչում է իր երազներում, այնպես չէ՞…
—Գուցե…
—Իսկ ես ապաշխարոմ եմ դրանցում…
—Բերտա՛, փոքրի՛կս, պետք չէ մտածել մեղքերի մասին…դրանք մարդկային են, ավելի մարդկային քան որևէ բան…
—Եթե իմ հոգին մեղավոր լիներ, այն չէր կարողանա սիրել…
—Իհարկե…
—Իսկ ես հոգով եմ սիրել։ Ես նրան իսկապես սիրում եմ։ Ես իսկապես չգտեմ, թե ինչու։ Նա այսօր իրեն նման չէր։ Վաղը կարող էր ուրիշ լինել։ Վաղն իհարկե մենք արդեն չենք հասցնի, բայց կարևորը մենք չենք էլ ուշանա…մենք պարզապես չենք հասցնի…
Սառան լռում էր։ Նա իսկապես ոչինչ չէր կարողանում ասել։ Աղջիկն ասես մենախոսում էր, և Սառային, ավաղ, նույնպես դա ինչ-որ վերջին զրույց էր թվում…
—Սառա՛, դու ինչու՞ ինձ օգնեցիր…միայն թե ասա ինչ մտածում ես…
—Ես կարող էի քո տեղում լինել…
—Դու չէիր կարող…
—Դա միանգամայն հնարավոր կարող էր լինել…
—Այնուամենայնիվ…
— Ես քեզ իսկապես շատ եմ սիրում։ Դու ասես իմ դստրիկը լինես։ Քո մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա։ Դու ավելի մաքուր ես, քան որևէ մեկը…
— Մաքուր…այդ ի՞նչ բառ է…Սառա՛, ինձ կօգնե՞ս…վերջին խնդրանքս…
— Ինչ ուզես, միայն թե այն վերջինը չէ։ Այդպես մի ասա…մեզ համար ինչ-որ բան չի կարող վերջինը լինել…ես վախենում եմ այդ բառից…
— Սառա՛, դու բուժել ես ինձ, դու իսկապես իմ հոգին բուժել ես։ Այն օրը, երբ եկար ինձ մոտ, ես հաստատ որոշել էի ինքնասպան լինել։ Ուզում էի քեզ հրաժեշտ տալ, բայց դու ինձ փրկեցիր։Իմ հոգին իսկապես չարացած էր կյանքի մարդկանց, ամենի և նույնիսկ իմ դեմ։ Դու փախցրեցիր ինձ ոչ թե իմ տնից, իմ մենակությունից, այլ մահից… ոչ իմ… դա շատ կարևոր է, հասկանու՞մ ես…
Սառան այնպես էր լսում կարծես վաղուց արդեն գիտեր այդ։ Նա շարունակում էր լռել…
—Այսօր ես Լուսնի սոնատը չեմ լսի…այսօր ես եմ լուսինը, իսկ սա՝ իմ սոնատը…
Ես այն չեմ ուզում լսել… որովհետև ես այն երբեք չէի ցանկանա լսել վերջին անգամ…
Տեսնու՞մ ես ինչ լիալուսին է…
—Այո,—Սառան դա չէր էլ նկատել… իսկ իրականում լիսալուսին չէր… պարզապես Բերտան այդպես էր ուզում…
—Ես նույնպես տեսնում եմ, չնայած լուսինը կիսատ է, բայց ես լիալուսին եմ սիրում և ուրեմն ես այն տեսնում եմ հիմա, այդպես եմ ուզում…
—Իհարկե…
—Սառա, ես ուզում եմ նստել պատուհանի գոգին և նայել լուսնին, կարելի՞ է…
—Այնտեղ այնքան էլ հարմար չէ…
—Ես իսկապես ուզում եմ…
—Լավ…
—Մի բան էլ…
—Ինչ որ ուզես,փոքրի՛կս…
—Եթե օրերից մի օր նա փնտրի ինձ, իսկ նա դա կանի, որովհետև ես պատավոր եմ հուսալ, որ դա հնարավոր է, քանի որ սիրում եմ…
—Իսկ ես ի՞նչ պիտի անեմ այդ դեպքում…
—Սառա՛, ես իսկապես չգիտեմ…ես չգիտեմ , թե ինչ էի ուզում ասել…
—Հըմ,—Սառան ժպտաց։
Երբեմն Բերտան իսկապես հասուն կնոջ նման էր խոսում, իսկ այժմ սակայն նա դեռահաս մի աղջնակ էր թվում…

Լուսինը կիսատ մի լույս էր գցել Բերտայի գունատ դեմքին, և նրանց այդ հանդիպումը Սառային իսկական լիալուսին էր հիշեցնում…
Իսկ երբ եկավ դալուկ առավոտը և ամեն ինչ առժամանակ լռեց…
Աշխարհը սկսում էր թվալ մի ահռելի հեգեբուժարան, ուր բոլոր մարդիկ անդադար բուժում են իրենց հոգիները՝ հանուն երկնային խաղաղության…

15.10.08

StrangeLittleGirl
17.10.2008, 23:10
Ծո՛վ, կարդացի, ապրես :) Բայց դու ավելի լավ կարող ես :P
Մենակ թե շատ ես շտապել, չես մշակել: Մեկ էլ մի քիչ սենտիմենտալ էր: Դե գիտես, ես տենցն եմ :D Ընդհանուր գաղափարը շատ դուրս եկավ, բայց ավելի ուրախ կլինեի, եթե Սառան մինչև վերջ մնար իր սառը կերպարի մեջ :D

Վերջում էլ ստորագրությունդ կարդացի, ջղայնացա:

Kuk
18.10.2008, 01:21
Ալիզ ջան, ընդհանուր լավն էր, բայց հատվածներ կային, որ շա՛տ լավն էին, ապրես:

Ծով
18.10.2008, 11:21
Նախ շնորհակալ եմ:)
Բյու՛ր, էդ Սառային ես ուզում էի խփել...սկզբում դետեկտիվ էր լինելու:D, հաճախորդները պիտի Սառայի վերջը տային:D:D:D, էն էլ հասկացա, որ էտի մեռնող պտուղը չի...
Իրականում, մշակելը որն ա. սովորության համաձայն բազմակետերն եմ մի կերպ մաքրել ու տեղադրել եմ:hands

StrangeLittleGirl
18.10.2008, 11:46
Ծո՛վ ջան, մի քիչ լեզվական անհարթություններ կան, մեկ էլ թռած տառեր: Մշակել ասելով էդ նկատի ունեի :D
Իսկ Սառային խփել պետք չէր: Լավ կլիներ՝ սառը-սառը տարբեր մահեր տեսներ, հետո էլ տատիի մահը տեսներ, գժվեր, տանեին հոգեբուժարան :D

Ծով
18.10.2008, 12:07
Ծո՛վ ջան, մի քիչ լեզվական անհարթություններ կան, մեկ էլ թռած տառեր: Մշակել ասելով էդ նկատի ունեի :D
Իսկ Սառային խփել պետք չէր: Լավ կլիներ՝ սառը-սառը տարբեր մահեր տեսներ, հետո էլ տատիի մահը տեսներ, գժվեր, տանեին հոգեբուժարան :D
:D:D:D
Լավ դե Սառան դեռ կա, տատին էլ դեռ միտք չունի մեռնելու, մեկ էլ տեսար մի բան անենք հաջորդ սերիայում:D

StrangeLittleGirl
18.10.2008, 12:17
Արդեն ասել ես :P Դե կսպասեմ :D