PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ոտաբոբիկը…



Ծով
17.11.2006, 16:26
Ես կոշիկներ ունեմ՝ այն էլ մի քանի տեսակ, բայց երբեք չեմ մտածել, թե ինչ կանեի, եթե չունենայի, եթե ոտքերս մոռանային մի պահ , թե ինչ է կոշիկը, եթե նույնիսկ մրսելիս չերազեի կոշիկների մասին…
Երբ դրանք փոքր-ինչ «մաշվում են», ես դեն եմ նետում ու նորերը գնում ու չեմ մտածում՝ տեսնես ու՞մ են պետք իմ չմաշված հները…
………
—Ու՞ր ենք գնում,մայրի՛կ
—Հոգնե՞լ ես
—Ըհըն…
—Ուրեմն ե՛կ հանգստանանք…
—Մայրի՛կ
—Ասա՛, փոքրի՛կս
—Հանե՞մ կոշիկներս
—Ինչու՞
—Որովհետև գետինը լավ չեմ զգում…տե՛ս, ոտքերս ծռել են, հանե՞մ
—Չէ, հիմա չեմ կարող քեզ համար նորը գնել, պիտի սպասես, լա՞վ, մի քիչ էլ, մինչև կմաշվեն դրանք։
—Ծակերը տեսնու՞մ ես, իսկ գույնը կարո՞ղ ես ասել։Ոտքերս ցավում են, թու՛յլ տուր հանեմ, հննն…
Գոհարը մտածեց, որ այնտեղ նրան կոշիկներ կտան, քիչ է մնացել, թող որ հանի, տաք է գետինը։
—Հանի՛ր, բացի այդ,բնմոռացել էի, ախր ամռանը կոշիկներ չեն հագնում…
—Ես անցած ամառ չե՞մ հագել
—Անցած ամառ էլ մոռացել էի,ների՛ր…
—Ուրեմն հաջորդ ամառ ես քեզ կհիշեցնեմ,մայրի՛կ,որ չմոռանաս։Ա՜խ,ինչ տաք է գետինը,ես էս ծռվանների ինչն եմ ասել,ոտքերիս ձևը փոխել են,հն, մա՛, նայի՛ր, փոխե՞լ են,էս մեկը մի քիչ ներս չէ՞…
—Քեզ թվաց,այդպես չէ,սպասիր իմն էլ հանեմ,չէ՞ որ ամռանը կոշիկներ չեն հագնում, բայց երբ գնանք, հիշեցրու՛ որ վերցնենք մեզ հետ, ինչ իմանաս կարող է պետք գան…կարող է անձրև գա…
—Չի գա,մայրի՛կ,բացի այդ,որ գա ինչ,դրանք միայն ցավեցնում են, անձրևից չեն պաշտպանում…դրանք մեզ պետք չեն,մենք դրանք այս մուտքի մոտ կթողնենք։
—Հա…այս դատարկությունն ամենաշքեղ կոշիկն է,որ երբևէ հագել եմ,սիրում եմ այս կոշիկները,տաք են…
—տաք են…ինչու՞ ենք մենք միշտ գնում, չեմ հասկանում, ես մեր տունը դեռ հիշում եմ…
Ինչու՞ էլ չկա…հիշում եմ՝ դատարկ էր, երբ հեռացանք, հետո ճամփորդ դարցանք։ Հիմա ճանաչում եմ բոլոր շենքերի մուտքերը, ասում էիր քանի տաք է պիտի տունս գտնենք, ու՞ր է տունս ,մայրի՛կ և ու՞ր է քո տունը , ինչու՞ այն տունն էլ մերը չէ, և այն, որ պիտի ունենանք, ինչու՞ նույնը չէ…
—Մի քանի տներ կան կյանքում
—Հիմա որն է մեր տունը
—Կյանքը
—Հաջորդը մա՞հն է
—Չէ…
—Հաջորդը մի մեծ սպիտակ շենք է, ուր ապրում է մի մեծ ընտանիք
—Մեզ սպասու՞մ են այնտեղ
—Սպասում են…քե՛զ…
Գոհարը տխուր աչքերը հառեց երկնքին ու սկսեց աղոթել, փոքրիկ տղան հետևեց մորը…
Երկնքից ինչ-որ աստղեր ժպտացին։ Տղան գտավ իր հայրիկի աստղը ու ձեռքով արեց.չիմացա արդյո՞ք պատասխան ողջույնը ստացավ…երևի թե ստացավ, որովհետև աչքերում աստղափայլ ժպիտ գոյացավ…
—Լսի՛ր, տղա՛ս, շատ տարբեր են մարդիկ, դու բոլորին էլ կհանդիպես.նրանց հոգուդ մոտ չթողնես, որ հավատքիդ չդիպչեն, կսիրես,բայց սիրտդ չզիճես, որ սերդ մաս-մաս չանեն…
Ուժեղ եղի՛ր, տղա՛ս ու միշտ հիշի՛ր, որ քեզ հետ եմ…
—Այնպես ես խոսում, ասես այդ շենքում քեզ համար տեղ չկա
—Չկա, փոքրի՛կս։ Լսի՛ր, քեզ արդեն ասե՞լ եմ, որ կարոտելուց մեծանում են…
—Չէ, այդ ինչպե՞ս
—Կհասկանաս, երբ կարոտես
—Ուրեմն շատ կարոտեմ,որ շու՞տ մեծանամ
—Մի՛ շտապիր մեծանալ, որ շատ չկարոտես, լա՞վ…
—Լավ
Երկու օր էր, ինչ Գոհարն իր որդու հետ քայլում էր անծայր թվացող ճանապարհով։Կեսգիշերին միշտ հասնում էին մի որևէ շենքի, գիշերում էին մուտքում, իսկ առավոտյան նորից շարունակում ճանապարհը։
Մեկ-մեկ կանգ էին առնում, երբ փոքրիկը հոգնում էր, և կամ երբ ուտում էին ճանապարհի համար նախատեսված աղքատիկ պաշարը, և կամ, երբ Գոհարի սիրտը զգացնել էր տալիս ծանր հիվանդությունը սաստիկ կծկումներով, բայց այդ ժամանակ էր միայն, որ նա չէր իմանում, թե ինչ ասել որդուն։
—Մայրի՛կ, ու՞ր ես գնալու, երբ ինձ սպիտակ շենքում թողնես
—Գնալու եմ հայրիկիդ մոտ
—Կդիմանամ …չէ՞ որ պիտի ձեզ կարոտեմ,որ մեծանամ։
—Ե՞րբ կհասնենք
—Քիչ է մնում
—Վախենում եմ
—Ուժեղ եղի՛ր, հո աղջիկ չե՞ս
—Ես ուժեղ եմ, շատ ուժեղ եմ…
—Այնտեղ գիտե՞ս ինչքա՜ն շատ քեզ պես մարդուկներ կան
—Տարօրինակ տուն է այդ սպիտակ շենքը
Գոհարի սրտի կծկումներն ավելի սաստկացան,երբ հեռվում երևաց սպիտակ շենքը…
Փոքրիկի աչքերը փայլեցին. էլ չէր համբերում, թե երբ պիտի տեսնի իր տունը և այն ընտանիքին,որ սպասում է իրեն։
Երբ նրանք հասան դարպասներին, մի ժպտերես մարդ մոտեցավ և բարեհամբույր բարևեց։
—Ներս եկե՛ք, տիկի՛ն,—ասաց նա։
—Ինձ համար դժվար է, ես այստեղ կբաժանվեմ, դուք նրան կտանե՞ք, խնդրում եմ, նրան այնտեղ սպասում են։
—Բարի գալուստ, մեր նո՛ր բնակիչ
—Դու՞ իմ ընտանիքից ես, հա՞
—Տղա՛ս, արդեն պիտի գնաս, ե՛կ համբուրեմ
—Մայրի՜կ…
—Լաց չլինե՛ս…հիշում ես չէ՞…
—Բա դու ինչու՞ ես լաց լինում
—Փոքրի՛կս, ես քեզ շատ եմ սիրում և միշտ քեզ կպաշտպանեմ
—Ես էլ քեզ եմ շատ սիրում, մայրի՛կ, բայց գուցե այստեղ քեզ համար էլ տեղ լինի…
Գոհարը երկար ժամանակ բաց չէր թողնում որդուն, բայց շուտով ստիպված եղավ, երբ սիրտն այնպես ցավոտ կծկվեց,որ պատրաստ էր ամբողջ ուժով ճչալ…
—Մա՛, երբ քեզ ձեռքով անեմ, նշան տուր, լա՞վ…
Բաժանվեցին…
Նոր տանը գրեթե բոլորն իրեն ժպտացին, ասես ուզում էին ասել՝ «Բարի գալուստ»։ Մի կին ՝ սպիտակ գոգնոցով, նույնիսկ համբուրեց նրան ջերմորեն։ Մեկը սակայն խոժոռված դեմքով նայեց նրա ոտքերին ու փնթփնթաց
—Ոտաբոբի՛կ, արի՛ ինձ հետ։
Նա, տղայի ձեռքից բռնած, տարավ մի սենյակ, որտեղ մի քանի պահարան կար դրված։Մեկում զանազան կոշիկներ էին։ Սկզբում չափեց ոտքերը և հետո միայն մի կոշիկ ընտրեց պահարանից։
Նա շատ բարկացավ, երբ տղան մերժեց հագնել դրանք։ Հետզհետե զայրութը սաստկացավ. նա փորձեց ուժ գործադրել ,փոքրիկը փախավ սենյակից։
Ոչ ոք չհասկացավ նրա այս կամակորությունը, իսկ տղան անդադար գոռում էր.
—Ամռանը կոշիկներ չեն հագնում. իմ մայրիկն այդպես է ասել։
—Հիմա՛ր կին,—բացականչեց դայակներից մեկը։
Փոքրիկը կատաղեց ու սկսեց լաց լինել…
Նա սաստիկ վիրավորված իրեն զգաց…
Մի քանիսին, ոչ թե նրա մերկ ոտքերն էին հուզում, այլ պատել էր կամակորությանը հաղթելու ցանկությունը։ Շուտով նույնիսկ որոշեցին, որ հավանաբար հիվանդ երեխա է…
Գիշերը նրան առանձնացրին մի փոքրիկ սենյակում, որ իբրև հեռու լինի մյուս փոքրիկներից ,մինչև առավոտյան բժշկի մոտ տանեն։
………
Որդուց բաժանվելուց հետո, Գոհարը չգիտեր՝ ուր գնալ։Հանկարծ նրա անտարբեր ու դանդաղ քայլերը թուլացան իսկ հետո էլ քայլեր չեղան. տաք գետինը սաստիկ սառնություն զգաց…
………
Փոքրիկ տղան քնել չէր կարողանում։
Հանկարծ ինչ-որ շշուկներ լսվեցին, մեկ էլ դուռը բացվեց ու 4 իր նման մարդուկներ (երկու աղջիկ,երկու տղա) շարվեցին սենյակաում…
—Դու քնած չես, չէ՞,—հարցրեց մի աղջիկ
—Չէ
—Դե, ե՛կ մեզ հետ, մենք քեզ հավատում ենք, ե՛կ, Չենք թողնի,որ քեզ հիվանդանոց տանեն, բժիշկներից չե՞ս վախենում։
—Ես հիվանդ չեմ…
Փոքրիկները ոտնաթաթերի վրա անցան երկար միջանցքով, որ եզերված էր միանման դռներ ունեցող սենյակներով։ Նրանք զգույշ հանեցին թաքստոցից բանալին ու բացեցին դուռը։ Հետո ետևի բակով իջան այգի ու սկսեցին փայտ հավաքել, ինչպես ծրագրել էին։
Շուտով խմբի ավագը, որ ինը տարեկան էր,կրակ վառեց, ու բոլորը շրջապատեցին այն։
—Հիմա ի՞նչ պիտի անենք,—հարցրեց զարմացած նորեկը, որ ամենափոքրիկն էր։
—Հիմա պիտի հրաժարվենք մեր կոշիկներից ։
—Եվ ծանոթանանք…
—Սկսեցի՛նք
………

—Ես հայրիկ չունեմ, բայց ունեմ մայրիկ, որն ինձ շատ հազվադեպ է այցելում։ Նա ինձ երբեք չի ասել, որ ամռանը կոշիկներ չեն հագնում, երևի որովհետև մենք գրեթե չենք տեսնում իրար,—և աղջիկը նետեց կոշիկները կրակի մեջ։
—Ես ո՛չ հայրիկ ունեմ, ո՛չ մայրիկ.չեմ հիշում երբևէ ունեցե՞լ եմ արդյոք…
և այս կոշիկներն էլ ինձ միշտ էլ դուր չեն եկել ,—հաջորդն էլ նույնն արեց…
—Ես հայրիկ ունեմ, բայց նա ինձ մոտ չի գալիս, իսկ մայրիկիս կորցրել եմ ծնվելիս։ Երևի նա էլ կզգուշացներ, որ ամռանը կոշիկներ չեն հագնում,—կրակը կուլ տվեց երրորդ զույգ կոշիկը։
—Ես էլ մայրիկ ու հայրիկ չունեի, բայց դայակն ասաց, որ այս շաբաթ ինձ պիտի տանեն. հավանել են, ուրեմն շուտով մի գուցե ծնողներ ունենամ։ Ինձ կարմիր կոշիկներն ավելի դուր եկան, բայց նրանք ինձ վարդագույնը տվեցին,—և չորրորդն էլ միացավ նախորդներին։
—Իսկ ես հայրիկ էլ ունեմ,մայրիկ էլ։ Հայրիկը վաղուց է երկնքում ապրում, մայրիկն էլ այսօր նրա մոտ գնաց, հավանաբար արդեն հասել է…նրանք միշտ ինձ հետ են աստղերի տեսքով և հազարի մեջ ես տարբերում եմ նրանց։
Հանկարծ լսվեցին ծանր ոտնաձայններ,որ հուշում էին, որ եկողը մեծահասակ է։ Այն նույնն կինն էր, որ համբուրել եր նորեկին։
Նա նայեց փոքրիկներին ու մեղմ ժպտաց…
—Չարաճճիներ, վախեցրիք ինձ—շշնջաց անզուսպ բարությամբ։
Ի զարմանս փոքրիկների, նա հանեց իր կոշիկները և նույնպես նետեց կրակի մեջ՝ասելով.
—Չէ որ ես էլ ձեզնից մեկն եմ եղել…ի՞նչ պատասխան ենք տալու…
Սկսեցին ծիծաղել…
………
Մի աղքատ կին՝ հնամաշ շորերով, ինչ-որ շենքի մուտքի մոտ կոշիկներ գտավ…
—Այս մեկն ահա իմ հագով է…իսկ սրանք տեսնես Աշոտիկիս ոտքերին կգան…
Նա ուրախ ժպտաց…

Ուլուանա
18.11.2006, 13:25
Ընդհանուր առմամբ հետաքրքիր էր, ինձ դուր եկավ։ :) Միայն թե սկզբնական խոսակցությունը՝ փոքրիկի ու իր մոր, մի տեսակ անհարթ էր։ Ինձ թվում է՝ մշակման կարիք ունի։ ;)