PDA

Դիտել ողջ տարբերակը : Բաց փշալարդ, վերցրու ինձ քո մեջ. «նորանկախ» հայաստանցու հայացքը փշալարի միջով



Artgeo
16.11.2006, 18:09
Հայաստանի անկախացումից հետո մեր երկրից շատերն են հեռացել։ Ոմանք ծանր կյանքից ստիպված ու հարկադրված, ոմանք բարձր աշխատավարձի ու լավ կյանքի գայթակղությամբ, ոմանք էլ պարզապես աքսորվել են Հայաստանի սահմաններից դուրս։ Գնացածներից շատերն էին ազգային վեհ գաղափարների կրողներ և նրանցից շատերին մենք բոլորս մինչ այժմ սիրում ու հարգում ենք։ Սակայն, չգիտեմ... Ես ավելի շատ հարգում եմ այն մարդկանց, որոնք անկախ ամեն ինչից մնում են իրենց հայրենիքում։ Եվ դրանց թվում անկասկած Վահան Իշխանյանն է, որի ստեղծագործություններից շատերն եմ կարդացել, սակայն այս վերջինը... Այս տողերը գրում եմ մի տխուր ստեղծագործության տպավորության տակ գտնվելով, որը www.armenianow.com կայքում էր տեղադրվել։ Կարդալուց հետո կասկած չկար, որ այն պիտի դնեմ ֆորումում։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ, հաստատ չեք փոշմանի։

Artgeo
16.11.2006, 18:11
Բաց փշալարդ, վերցրու ինձ քո մեջ. «նորանկախ» հայաստանցու հայացքը փշալարի միջով

Երբ ուսուցիչը հերթական ձանձրալի դասն էր բացատրում, ես ու ընկերս` Աշոտը, դասարանի վերջին նստարանին նստած, ծրագրում էինք կտրել-անցնել Հայաստանի սահմանը փակող փշալարը: Փախուստի ծրագիրը, որ այդպես էլ չիրականացավ, հիշողությանս մեջ ամենաթարմ մնացածներից է: Ծրագրում էինք կատարել մի հանցանք, որ կոչվում էր «ապօրինաբար արտասահման մեկնել», և որի համար քրեական օրենսգիրքը սահմանել էր մեկից երեք տարվա ազատազրկում: Վախն ավելի ուժեղ դուրս եկավ, քան մեր երազանքը: Փշալարը մեզ համար հաղթահարելի էր միայն հարևանների այգիներում, որտեղ փշալարի վրայով շորերը պատռելով գողանում էինք մրգեր:

Իսկ հազարավոր կիլոմետրեր ձգվող գլխավոր փշալարի մյուս կողմում անհասանելի հրաշալի աշխարհն էր, որտեղից գալիս էին գույնզգույն ծամոններ, որակյալ էլեկտրոնային սարքեր, պոռնոամսագրեր, համեղ շոկոլադներ, նորաձև շորեր: Ամեն անգամ, երբ փշալարի այն կողմից մեկը գալիս էր մեր տուն, ես սպասում էի, թե երբ է գնալու, որ տեսնեմ նրա բերած հրաշալիքները:

Ուսանողական տարիներին մեր հետաքրքրությունների սահմանն ընդլայնվեց, ու փշալարի մյուս կողմից մենք սպասում էինք նաև մեզ համար արգելված գրականություն: Լինում էր, որ անորակ պատճենահանված կամ մեքենագրված հակասովետական գրականությունը հայտնվում էր մեր տանը, բայց լինում էր, որ փշալարերը աչալուրջ հսկող կագեբեի հայացքից չէին վրիպում ճամպրուկների խորքերում թաքնված գրքերը: Այդպես`1985 թվականին Սիրիայից գրականություն բերելու համար ձերբակալվեց բանասիրականի ուսանող Րաֆֆի Մելքոնը, դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի մեջ և արտաքսվեց փշալարից այն կողմ:

Մենք մեր սովետական տաղտկալի առօրյայի մեջ աշխարհի բույրը ստանալու հույս չունեինք, մինչև մեզ համար անսպասելի սկսեց փլուզվել հսկան` Սովետը, որ անփլուզելի էր թվում: Մենք նայում էինք, թե ինչպես է փլչում Բեռլինի պատը, ու աչքներիս տեսածին չէինք հավատում: Մի՞թե փլչում էին պատերն այն բանտի, որտեղ մենք ծնվել ու ապրում էինք ոչ մեր կամքով: Բայց մեզ այլ ճակատագիր էր վիճակված, մենք պիտի դեռ երկար տանենք սովետական ժառանգության ծանրությունը:

Անկախանալուց անմիջապես հետո Հայաստանը հայտնվեց պատերազմի մեջ` փորձելով ճշտել Սովետի ներսում գծված սահմանները, որոնք հայաբնակ Ղարաբաղը մտցրել էին Ադրբեջանի մեջ:

Արագ փոփոխվող իրադարձությունների ոլորապտույտում ես անմիջապես չհասկացա, որ անկախությունը փշալարերից մեզ չի ազատագրել: Սովետի փլուզումից 15 տարի անց Թուրքիայի սահմանի փշալարը մնացել է նույնքան անանցանելի, որքան Սովետի ժամանակ, և դրանք հսկում են նույն սովետական համազգեստով ռուս զինվորները` ինչպես նախկինում: Մի կողմից Թուրքիան մեզ պատժում է իր փոքր եղբոր հետ պատերազմի մեջ մտնելո՞ւ, թե՞ պետական մակարդակով ցեղասպանության խնդիրը միջազգային ասպարեզում բարձրացնելու համար, մյուս կողմից` Հայաստանի իշխանությունները, հանուն թուրքերի ու ադրբեջանցիների հետ թշնամության, անկախությունը զիջել են Ռուսաստանի բանակին ու Թուրքիայի հետ հարաբերությունները չեն փորձում կարգավորել ու մեզ վարժեցրել են փշալարերի մեջ ապրելուն: Այդպես` արտգործնախարար Օսկանյանը հայտարարեց, որ մենք հարյուր տարի էլ շրջափակված կարող ենք ապրել, թեև ես վստահ եմ, որ այդ «մենքի» մեջ ինքը, իր ընտանիքն ու մյուս իշխանավորները չեն մտնում:

Իրանի հետ սահմանը թեև անցանելի է, բայց այնտեղ էլ նույն սովետական համազգեստով ռուս սահմանապահները խնամքով պահպանում են փշալարերը, որոնք այդպես էլ չեն վերածվում Բեռլինի պատի բեկորների պես հուշարձանի:

Միայն ադրբեջանական գրավյալ տարածքներում է պատերազմի քաոսն ավերել Իրանի սահմանի փշալարերը: Մի քանի տարի առաջ Զանգելանում, որ հայերը Կովսական են վերանվանել, բախտ եմ ունեցել գետնին տապալված փշալարերի վրայով անցնել ու Արաքսի ափին մի կտոր հաց ուտել:

Պատերա՞զմն էր պատճառը, ժողովրդավարական պետություն կառուցելու անփորձությո՞ւնը, էթիկայի պակա՞սը, թե՞ ազգային իղձն էր փխրուն, որ երկիրը նետվեց աղքատության ու անարդարության մեջ, և արդյունքում նոր փշալարեր սկսեցին գծագրվել:

Աշխարհը մուտք գործեց Հայաստան, սակայն Հայաստանը մուտք չգործեց աշխարհ, ու նրա ճանապարհը արգելափակվեց: Երևանում իմ աչքն առաջինը ծակեցին գերմանական դեսպանատան փշալարերը, որ ասոցիացվեցին սովետական կինոների հիշողությունից մնացած նացիստական համակենտրոնացման ճամբարների հետ: Բայց սա ուղղակի հիշողության խաբկանք էր: Ամերիկյան դեսպանատունն իր փշալարերը քաշեց, իսկ Բաղրամյան պողոտայի շենքի դիմաց բետոնե պատնեշներ բարձրացրեց: Հետո դեսպանատունը տեղափոխվեց նորակառույց շենք, որի փշալարերը երևում են մեքենայի լուսամուտից, հեռու հետիոտնի աչքից: Ու սկսում ես զգալ, որ նոր փշալարերը շրջափակում են ոչ թե դեսպանատների տարածքները, այլ կրկին Հայաստանը, այսինքն` քեզ:

Փշալարերով գծվեցին նաև սահմաններն իշխանության ու նրա հպատակների միջև: 2004 թ. ապրիլի 12-ին, երբ ցուցարարները քայլում էին դեպի նախագահական պալատ` նրա հրաժարականը պահանջելու, Բաղրամյան փողոցը նրանց առջև փակվեց փշալարի գալարներով, իսկ գիշերը փշալարը բացվեց, որ այն կողմից պատժիչ ջոկատները հարձակվեն ու ջարդուփշուր անեն անզեն մարդկանց: Անկախ Հայաստանում սովետական սահմանը հատելու հանցանքին փոխարինեց իշխանության սահմանը հատելու հանցանքը, և բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին` իշխանությունը տապալելու կոչեր անելու մեղադրանքով:

«Փշալարին մնաց» թևավոր խոսքը, երևի, միայն հայերին է հասկանալի, որ նշանակում է «խորտակված անուրջներ»:

Ի տարբերություն սովետական փշալարի, որ մետաղալարի անկանոն հյուսվածք էր, իշխանության ու դեսպանատների քաշածները արդիական են` մետաղալարի վրա սիմետրիկ ցցված փշերով:

Artgeo
16.11.2006, 18:11
Այսուհանդերձ, փշալարերը Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներին են վերաբերում: Իշխանություն ունեցողների ու փողատերերի առաջ բաց են բոլոր երկրների դռները, նրանք երբեք մուտքի վիզա ունենալու խնդիր չունեն: Երկու փշալարերն էլ նախատեսված են խոցելու միայն Հայաստանի անպաշտպան քաղաքացիներին, որոնք նոր ու հին փշալարերը եթե ճեղքում են, ապա հաճախ այլևս բացված անցքից հետ չմտնելու նպատակով, քանի որ այդ անցքը միշտ կարող է փակվել: Ուսանողական ընկերս անկախության առաջին տարիներին իրեն նետեց Եվրոպա` աշխարհի բույրը առնելու, երևի հենց սկզբից ջոկելով, որ փշալարերը մնալու են իրենց տեղում: Թափառումներից հետո մի քանի տարի անց եկավ այն օրերին, երբ փողոցներում զինվորականները շուրջկալներ էին անում ու տղամարդկանց որսում, ուղարկում ճակատ: Նա սարսափած հետ փախավ ու միայն անցյալ տարի կրկին եկավ Հայաստան` արդեն հանգիստ, գրպանում ԱՄՆ քաղաքացու անձնագիրը, որ ձեռք էր բերել ամուսնանալով: Նոր քաղաքացիությամբ աշխարհով ազատորեն շրջելու և Հայաստանում պաշտպանված լինելու կարգավիճակով հավասարվեց այն մարդկանց, ովքեր փողոցներից ուզում էին բռնել նրան ու ճակատ ուղարկել: Այսպես առաջանում են նոր անջրպետներ` մի կողմից իշխանություն ունեցողների ու արևմտյան քաղաքացիների, որոնց առաջ բաց են սահմանները, մյուս կողմից` շարքային հայաստանցիների միջև:

Տեղացիներիս համար արտասահման մեկնելու թույլտվությունը մի նվաստացուցիչ ու տաղտկալի պրոցես է, որ համառորեն պիտի հաղթահարես` վերջում մերժում ստանալու մեծ հավանականությամբ: Ազգականս սեպտեմբերին Ֆրանսիա մեկնելու համար դեսպանատան պահանջած փաստաթղթերի տրցակը մի շաբաթ հավաքում ու պատրաստում էր` սեփականության վկայականից, ամուսնու և երեխաների անձերը հաստատող փաստաթղթերից, ամուսնության վկայականից` ֆրանսերեն թարգմանված ու նոտարով հաստատված, մինչև աշխատավարձի տվյալներ: Բայց նրա բախտը բերել էր. նույն դեսպանատունը ընկերներիցս պահանջել էր այդ բոլոր փաստաթղթերի հետ նաև բանկային հաշիվներ, իսկ նրանք չունեին: Ինչ արած, ստիպված պարտքով փող էին վերցրել, բանկում հաշիվ բացել, թուղթ հանել, որ գումար ունեն, հետո փողը հետ հանել ու վերադարձրել պարտատիրոջը, բանկի թուղթն էլ` դեսպանատուն: Նրանք երևի «մեղավոր են», որ իշխանություն չունեն, կաշառքներ չեն վերցրել ու չեն հարստացել, որ իրենց առջև բացվեին Եվրամիության դռները:

Բայց նրանք դեռ կոնֆերանսների ու հանդիպումների մասնակցելու հրավերներ ունեին, որ մուտքի վիզա ստանալու հավանականությունը մեծացնում է: Իսկ ովքեր չունե՞ն: Մի գրախանութում գրքեր էի նայում, մեկ էլ ներս մտավ ֆրանսիական դեսպանատան աշխատակիցն ու վաճառողուհուն ժպտալով հանձնեց Ֆրանսիական օրերի կատալոգ: Հենց դուրս եկավ, վաճառողուհին հետևից ասեց. «Սենց կգաք, բուկլետներ կբերեք, Հայաստա~ն, Ֆրանսիա~, բարեկամությո~ւն, բայց սաղ ընկերուհիներիս մերժեցիք»: «Ո՞նց, սաղի՞ն»,- հարցրի,- «Հա, սաղին, մենակ մեկը փողով գործը դզեց, իրեք հազար դոլարով վիզան դրին, մյուսները, դե, տենց փողեր չունեին»:

Ես պատճառ չունեի նրան չհավատալու, չէ՞ որ վերջերս ամերիկյան դեսպանատան մի պաշտոնյայի դեմ գործ բացվեց, որ կաշառքով մուտքի վիզաներ է դասավորել: Երբ փշալարեր են քաշում դեմդ, միշտ դրանից ազատվելու համար քեզնից փող վերցնող կճարվի:

Ինձ երեք անգամ հաջողվել է ճեղքել նախկին սովետական սահմանը: Ես էլ մի «էլիտայի» մեջ եմ հայտնվել, որ կոչվում է լրագրողություն, և որը հնարավորություն է ընձեռում հայտնվել արտասահման տանող ինչ-որ զարգացման ծրագրի մեջ ու փշալարը հաղթահարել առանց ծակծկվելու: Մեր նախկին եղբայրական սոցիալիստական հանրապետություններ Չեխիա ու Լեհաստան մեկնելիս պրոբլեմներ չառաջացան, ինչ-որ թուղթ լրացրի, անձնագիրս տվի ու վիզան մեջը մի երկու օրից ստացա: 2000 թվին մի ծրագրով մեկնեցի նաև ԱՄՆ: Լավ էր, որ ԱՄՆ զարգացման կառավարական ծրագրով էինք մեկնում, քանի որ դեսպանատան բոլոր փաստաթղթային հարցերը լուծեց հրավիրող կողմը: Բայց մեզ անցկացրին պոլիկլինիկայի բոլոր բաժիններով, որ առողջներին միայն ընտրեն: Մի աղջկա չտարան, քանի որ լեղապարկում քար ուներ: Իմ երիկամների ավազն այնքան չէր, որ թույլ չտային Ամերիկա մտնել: Լրացրեցի մի թերթիկ, որտեղ նշում էի մաշկիս, մազերիս ու, կարծեմ, աչքերիս գույնը և առաջին անգամ արձանագրեցի, որ սպիտակամորթ եմ: ԱՄՆ-ում երրորդ շաբաթվա վերջին արդեն սպասում էի, թե երբ պիտի վերադառնամ, թեև ոչ մեկին չէի կարոտել:

Կուզեի՞ մշտապես ազատվել փշալարերից: Վերջերս արտասահմանից վերադարձած մի ծանոթ հարցրեց` չե՞ս ուզում դու էլ ցվրվես, ասի` չէ: Ինչո՞ւ: Ուզեցի ճշգրիտ պատասխան գտնել: «Հարմարվել եմ»,- ասում եմ: Փշալարը դարձավ մեր դատապարտվածության խորհրդանիշը, որն այնքան վաղուց է փաթաթված ինձ, որ տարիների ընթացքում մխրճվել է մեջս, ու այլևս չեմ զգում այն: Տասը տարի առաջ դեռ գուցե հնարավոր էր ազատվել այդ կապանքից: Հիմա հասկացա, որ ուշ է, հիմա վախենում եմ հանել, որ փշերը դուրս պրծնելուց հանկարծ չցավեցնեն: Ինչպես Կոբո Աբեի` փոսում ազատազրկված հերոսն անընդհատ փորձում է դուրս պրծնել, բայց չի հաջողվում, իսկ տարիներ անց, երբ աստիճան են իջեցնում, նա բարձրանում է, փոսի շուրջը պտտվում ու էլի իջնում:

Աշոտի ու իմ երազանքն այդպես էլ մնաց փշալարին, Աշոտը գնաց Մոսկվա, բայց այդպես էլ փշալարի այն կողմը չտեսած` մի քանի տարի առաջ մահացավ: Թաղումից հետո մանկության ընկերներով գնացինք խմելու: Տղերքից մեկի քույրն Ամերիկայում է, ինքն էլ ասաց, որ պատրաստվում է գնալ. «ՙՎահան ջան, ի՞նչ անեմ, տղերքս մեծանում են, հո չե՞մ կարա թողնեմ գնան էս անտեր բանակ»: Բոլորս գլխով արինք, մյուսների մտքով էլ անցավ փշալարի մյուս կողմում ապրել: Բայց չենք գնա, ուշ է նոր կյանք սկսելու համար, արդեն քառասունն անց ենք: Մի քեֆի ժամանակ մի քաղաքական գործիչ գովում էր ազգը, ասում, որ քաջ ենք, ասում էր, որ երկրից գնացողներն էլ ուժեղ ու քաջ մարդիկ են, քանի որ խիզախություն ունեն ամեն ինչ թողնել ու նոր կյանք սկսել: Դե, ես էլ ավելացնեմ, որ երևի մյուս քաջերն էլ իշխանության մեջ մտածներն են: Իսկ մենք վախկոտների ու թույլերի մեջ մնացինք: Հայրենիքն այնքան ինձ չի պատկանում, որ սիրեմ, և այնքան խիզախություն չունեմ, որ լքեմ:

Վահան Իշխանյան
«ԱրմենիաՆաու» (http://armenianow.com/?action=viewArticle&AID=1833&IID=1106&lng=arm)

Ուլուանա
16.11.2006, 18:59
Տխուր էր... :(

Վերջին խոսքերը բավականին հետաքրքիր են ու լուրջ խորհելու տեղիք են տալիս... :think

Հայրենիքն այնքան ինձ չի պատկանում, որ սիրեմ, և այնքան խիզախություն չունեմ, որ լքեմ:
Բայց մի՞թե մարդ սիրում է միայն այն, ինչ իրեն է պատկանում...

Riddle
16.11.2006, 21:44
Իմ ուշադրությունն էլ ամենաշատը վերջին նախադասությունը գրավեց: Երևի սիրելու համար պիտի գոնե մի քիչ դրա իրավունքն ունենաս…